ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Առողջապահական ծառայությունները կհարկվեն. ի՞նչ ռիսկեր ու հետևանքներ ունի ԱԱՀ-ով հարկումը |hetq.am|

Առողջապահական ծառայությունները կհարկվեն. ի՞նչ ռիսկեր ու հետևանքներ ունի ԱԱՀ-ով հարկումը |hetq.am|

hetq.am: Կառավարության՝ 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 1455-Լ որոշման հավելվածի համաձայն՝ հարկային քաղաքականության ճեղքը կրճատելու և պետբյուջեի մուտքերը շատացնելու նպատակով չեղարկվելու են ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ)՝ մինչև հիմա գործող արտոնությունները։ Մասնավորապես, չեղարկվելու են առողջապահական ծառայություններին վերաբերող հարկային արտոնությունները։ Որոշման հավելվածում որպես հիմնավորում նշվում է, որ առողջապահական ծառայությունների ԱԱՀ-ով հարկումը հնարավորություն կտա ընդլայնել պետպատվերով բուժօգնություն ստացողների թիվը, սակայն որևէ թվային հաշվարկ կամ վերլուծություն ներկայացված չէ։ Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը, Հանրային առողջապահության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը և Առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանն այսօր քննարկել են, թե ինչ ռիսկեր ու բացթողումներ ունի այդ որոշումը, ինչպես նաև՝ ինչ հետևանքներ կարող է ունենալ ԱԱՀ արտոնության վերացումն առողջապահության ոլորտում։ «Առողջապահական ծառայություններն ԱԱՀ-ով հարկելու պարագայում կարող է ընդլայնվել պետական պատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն ստացող անձանց շրջանակը կամ պետական պատվերի շրջանակներում մատուցվող բժշկական ծառայությունների շրջանակը»,-այսպես է վարչապետի N 1455-Լ որոշման մեջ հիմնավորվում առողջապահական ծառայություններն ԱԱՀ-ով հարկումը, սակայն նույն փաստաթղթում բացակայում են որոշակի թվեր, վերլուծություններ, որով հնարավոր լինի հաշվարկել և ասել՝ արդյոք Կառավարությունը կարող է այդ որոշմամաբ ինչ-որ հարցերի կոնկրետ լուծումներ տալ։ Առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանի խոսքով՝ պետք է ուսումնասիրել նաև մեդալի մյուս կողմը, որտեղ մարդկային կյանքներն ու առողջությունն են, որոնց անտեսումն ավելի աղետալի կարող է լինել և ոչ համադրելի ակնկալվող եկամուտների հետ։ «Վարչապետի այդ որոշումը ես դիտարկում եմ, այսպես ասած, որպես ցանկությունների ինչ-որ փաստաթուղթ, որովհետև կան շատ անորոշություններ։ Նախ, այստեղ չի նշվում, թե ԱԱՀ-ի ի՞նչ տոկոսաչափ պետք է կիրառվի, այսինքն, եթե պետք է կիրառվի ստանդարտ, մեզ ծանոթ 20%-ը, հետևաբար այստեղ մենք գործ կունենանք լրիվ այլ իրավիճակի հետ, այն է՝ բժշկական ծառայությունների գների թանկացման և այլնի հետ։ Եթե կիրառվի ԱԱՀ առավել նվազ տոկոսաչափ, ապա այս դեպքում այդ ծառայությունների ծախսերը և գները լրիվ այլ չափեր կունենան։ Գնահատման համար որոշակի թվային տվյալներն ու ակնկալիքները նշված չեն»,-ասում է Ս. Խարազյանը։ Որոշման մեջ բժշկական ծառայությունների նկատմամբ ԱԱՀ մտցնելու հիմնավորումներում, որպես դրական արդյունք, նշվում է, որ այդ ծառայություններից օգտվող սոցիալապես անապահով մարդկանց թիվն ու այդ ծառայությունների ծավալը կավելանան, սակայն Խարազյանի խոսքով, երբ 2000-2001թթ. դեղերի նկատմամբ կիրառվեց ԱԱՀ, «ոչ մի լումա» պետբյուջեից չհատկացվեց առողջապահական ծրագրերի իրականացմանը։ Որպես մեկ այլ հիմնավորում՝ նշվում է, որ առողջապահական ապրանքներից և ծառայություններից ավելի շատ օգտվում են հարուստները, որոնք, սակայն չեն վճարում այդ հարկերը, մինչդեռ այդ հարկային արտոնությունը սահմանված էր բնակչության սոցիալապես անահապահով խավի համար։ «Սա միանշանակ հակասում է մեր ընդհանուր առողջապահության համակարգում իրականացված հետազոտթույունների արդյունքներին, որովհետև առողջապահական ծառայություններից հիմանականում բնակչության մեծ մասը չի օգտվում, քանի որ դրանք թանկ են, ֆինասապես մատչելի չեն»,-ասում է Սամվել Խարազյանը՝ հավելելով, որ Հայաստանում իրականացված հետազոտությունների արդյունքները վկայում են, որ հարցվածների 17-18%-ը ֆինանսապես ի վիճակի չէ օգտվել այդ ծառայություններից, իսկ մոտավորապես 50%-ը զբաղվում է ինքնաբուժությամբ։ Ըստ այդմ, ճիշտ չէ հղում անել սոցիալապես անապահով խմբերին, քանի որ այդ խմբերից միայն 40%-ն է օգտվում բժշկական «թանկարժեք» համարվող ծառայություններից։ Բացի այդ, Ս. Խարազյանի խոսքով, այս փաստաթղթում Ֆինանսների նախարարությունը որևէ վերլուծություն չունի որոշման ռիսկերի, ֆինասնական ցուցանիշների և մարդկանց եկամուտների և ծախսերի վրա դրա ազդեցության մասին։ Հանրային առողջապահության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը ևս վկայում է, որ Հայաստանի բնակչության 71%-ը չի կարող իրեն թույլ տալ 45 հազար և ավելի ՀՀ դրամի անսպասելի ծախս։ Մեծ է նաև այն մարդկանց թիվը, որոնք չեն կարողնաում դիմել բուժհաստատություն, որովհետև գումար չունեն, ու Դ. Մելիք-Նուբարյանի կարծիքով՝ նման չուսումնասիրած որոշման ընդունումն անուղղակիորեն ազդելու է մարդկանց կյանքի և առողջության վրա։ «Մենք այսօր ունենք մատչելիության խնդիր, 20%-ով գնի բարձրացումը, ակնհայտ է, որ բերելու է մարդկանց մոտ խնդիրների ավելացմանը, որն էլ ուղղակիորեն անդրադառնալու է մահացության, հաշմանդամության, հիվանդացության ցուցանիշների վրա»։ Ըստ նրա՝ պետք է հաշվի առնել նաև, թե դա ինչպես կանդրադառնա տնտեսության վրա, քանի որ հանրային առողջապահության մեջ տնտեսական աճն ու առողջությունն իրար հետ փոխակապակցված են։ Սրա բացատրությունն այն է, որ հիվանդ մարդը չի կարող ստեղծել տնտեսական աճ կամ, ասենք, չի կարող այն արդյունավետությամբ աշխատել, ինչ առողջը, և այդ հավելյալ եկամուտն ստանալը երկրի վրա կարող է անդրադառնալ երկարատև բացասական հետևանքներով։ Բուժծառայությունների հարկման ընտրովի մոտեցումը, ըստ Դավիթ Մելիք-Նուբարյանի, ևս չի կարող համարվել արդյունավետ, ասենք օրինակ, ազատել սրտային վիրահատություններն ԱԱՀ-ից, բայց քթի, շուրթերի վիրահատության ժամանակ՝ հարկել։ «Եթե մենք դիտարկենք ամբողջ առողջապահության համակարգը, ապա քթի պլաստիկ վիրահատությունները ընդհանուր ծառայությունների ծավալի մեջ 5 % են կազմում. բժշկական ծառայությունների մեծ մասը մարդու առողջությունը վերականգնող ծառայություններ են»,-ասում է Դ. Մելիք-Նուբարյանը՝ նշելով, որ տարբերակված հարկումը նաև տեխնիկապես դժվար իրականացվող գործառույթ է։ Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանն ընդգծում է՝ որոշման մեջ ձևակերպված խնդիրն ու առաջկվող լուծումներն իրար չեն համապատասխանում. «Երկրի համար մեկ պաշտոնյան փաստաթուղթ է հաստատել, որտեղ նշել է հարկային քաղաքականության ճեղքի մասին, ապա ես ենթադրում եմ, որ այդ ճեղքը բավական մեծ է և լուրջ լուծումներ է պահանջում»,-ասում է Ա. Քյուրումյանը, սակայն դարձյալ ընդգծում, որ թվային  ու հիմնավոր տվյալներ չեն ներկայացվում։ Փորձագետը չի ընդունում որոշման այն հիմնավորումը, թե առողջապահական ծառայությունների հարկումն էականերոն կավելացնի պետպատվերի ֆիզիկական ծավալը. «Սրանով ավելի մեծ հարված է հասցվելու համեմատաբար ցածր եկամուտ ունեցող և աղքատ խավերին, հիմա առանց այն էլ չեն օգտվում ծառայությունների զգալի մասից, հետագայում ավելի քիչ են օգտվելու, ինչն իհարկե, վտանգելու է նրանց առողջությունը»։ Շարունակությունը՝ hetq.am-ում
10:23 - 21 հունվարի, 2021
Գործադիրը քննարկում է պատերազմի հետևանքով կորուստ ունեցած տնտեսվարողներին աջակցելու հնարավորությունը |armenpress.am|

Գործադիրը քննարկում է պատերազմի հետևանքով կորուստ ունեցած տնտեսվարողներին աջակցելու հնարավորությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունում քննարկման փուլում են այն ծրագրերը, որոնք առաջարկվելու են պատերազմի հետևանքով կորուստներ ունեցած տնտեսվարողներին: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ  հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Ստեփան Ստեփանյանի հարցին: «Քննարկման փուլում են այն ծրագրերը, որոնք առաջարկվելու են կորուստներ ունեցած տնտեսվարողներին: Ե՛վ սոցիալական, և՛ տնտեսավարողներին աջակցության ծրագրերը զուգահեռաբար տարբեր փուլեր են անցնում»,- ասաց Տիգրան Ավինյանը: Փոխվարչապետը հիշեցրեց, որ հաջորդ շաբաթվա ընթացքում կառավարություն կքննարկի հետպատերազմյան և հետկորոնավիրուսային ևս մեկ հակաճգնաժամային ծրագիր:  
19:04 - 20 հունվարի, 2021
ՀՀ-ում կա 444 800 հա վարելահող, որից օգտագործվում է 222 հազարը, չկա որևէ իրավական ակտ, որ սահմանի՝ որոնք են չօգտագործվող հողերը․ կառավարությունը լուծում է առաջարկում |tert.am|

ՀՀ-ում կա 444 800 հա վարելահող, որից օգտագործվում է 222 հազարը, չկա որևէ իրավական ակտ, որ սահմանի՝ որոնք են չօգտագործվող հողերը․ կառավարությունը լուծում է առաջարկում |tert.am|

tert.am: ԱԺ-ն քննարկեց «Հողային օրենսգրքում» լրացում կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկույցով հանդես եկավ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանում առկա է 444 800 հա վարելահող, որից օգտագործվում է 222 հազարը, հետևաբար մնացածն արդեն չօգտագործվող են, և չկա որևէ իրավական ակտ, որ սահմանի, թե որոնք են չօգտագործվող հողատարածքները, այս փոփոխությունը գալիս է լուծելու այս խնդիրը: Նա նշեց, որ նախագծով առաջարկվում է ՀՀ 2001 թվականի մայիսի 2-ի Հողային օրենսգրքի 102 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում լրացնել՝ «Գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը սահմանում է կառավարությունը» բովանդակությամբ նոր պարբերություն: «Փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ ներկայումս ՀՀ գրեթե բոլոր մարզերում առկա են գյուղատնտեսական նշանակության հողերի չմշակման, ոչ նպատակային և անարդյունավետ օգտագործման բազմաթիվ դեպքեր, սակայն ոչ մի իրավական ակտով սահմանված չեն գյուղատնտեսական նշանակության հողերը, որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը։ Իր հերթին խոչընդոտ է չօգտագործվող հողերը շրջանառության մեջ ներգրավելու համար արդյունավետ քաղաքականության մշակումը»,- ասաց նա:
13:11 - 20 հունվարի, 2021
ՀՀ կառավարության մոտեցումն ընդունելի չէ, պետք է հրապարակվի Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը․ ՄԻՊ

ՀՀ կառավարության մոտեցումն ընդունելի չէ, պետք է հրապարակվի Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ընդունելի չէ ՀՀ կառավարության մոտեցումը, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ թվական տվյալներ չեն հրապարակվում, քանի որ հարցն ունի «գերզգայուն բնույթ»: ՄԻՊ հայտարարությունում ասվում է․  «Իրավունքի գերակայությունը ենթադրում է հանրային նշանակության ցանկացած տվյալի հրապարակման կանխավարկած. որևէ տվյալի հրապարակում մերժելիս պետությունը պետք է ցույց տա՝ ի՞նչ իրավաչափ շահ է դրանով հետապնդում: Պետության մերժման որոշումը պետք է լինի պատճառաբանված:Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների վերաբերյալ թվական տվյալներ չհրապարակելը ՀՀ կառավարությունը երեկվա պաշտոնական արձագանքով պատճառաբանել է ընդամենը նշումով այն մասին, որ հարցն ունի «գերզգայուն բնույթ»: Սա ընդունելի մոտեցում չէ:Իրականում, Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների թվի հրապարակմամբ առնվազն՝ 1) հնարավորություն կառաջանա զգալիորեն մեծացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի նկատմամբ գերիների ազատ արձակման ու վերադարձի հարցով, 2) առաջ կգան Ադրբեջանի նկատմամբ լրացուցիչ պարտավորություններ դնելու հիմքեր, 3) կբարձրանա Ադրբեջանում պահվող գերիների պաշտպանության աստիճանը, 4) հրապարակայնորեն կընդգծվի պետության հարգանքը գերիների ու նրանց ընտանիքների իրավունքների նկատմամբ, 5) հրապարակայնորեն կընդգծվի պետության պատասխանատու վերաբերմունքը հանրային կարևորության այս հարցի նկատմամբ,6) վերջապես, պետության այդ քայլով կբացառվի կամ էականորեն կնվազեցվի հանրությանը կեղծ տեղեկություններով մոլորեցնելու ու հետևաբար՝ շահարկում իրականացնելու որևէ կողմի փորձ:Հետևաբար, ՀՀ պետական իրավասու մարմինը պետք է հրապարակի հայկական կողմի գերիների այն թիվը, որոնք իր տրամադրության ներքո առկա տվյալների համաձայն կամ իր համոզմամբ՝ ներկայում պահվում են Ադրբեջանում գերության մեջ»:
22:38 - 19 հունվարի, 2021
Դեռևս բժշկասոցիալական փորձաքննություն չանցած և հաշմանդամության խումբ չունեցող զինծառայողները կօգտվեն պետական աջակցությունից

Դեռևս բժշկասոցիալական փորձաքննություն չանցած և հաշմանդամության խումբ չունեցող զինծառայողները կօգտվեն պետական աջակցությունից

Դեռևս բժշկասոցիալական փորձաքննություն չանցած և հաշմանդամության խումբ չունեցող զինծառայողները կօգտվեն պետական աջակցությունից: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։ Ինչպես հայտնեցին ՀՀ կառավարությունից, յուրաքանչյուր զինծառայող կստանա ամսական 200,000 դրամ, որը կգումարվի «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի կողմից վճարվող 100,000 դրամին։ Աջակցության միջոցառման հնարավոր շահառուները ՀՀ պաշտպանության նախարարության ստորաբաժանումներ այցելելու կարիք չունեն: Նրանց տվյալների հավաքագրումն իրականացնում է ՊՆ-ն ՝ Առողջապահության նախարարության միջոցով, վիրավոր զինծառայողների բժշկական օգնությանը և սպասարկմանը ներգրավված բժշկական կազմակերպություն­ներից»: Ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել այստեղ։
21:42 - 19 հունվարի, 2021
Վարչապետը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկկողմ կապերի զարգացման օրակարգը

Վարչապետը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկկողմ կապերի զարգացման օրակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին, ով այդ երկրի առաջին ռեզիդենտ դեսպանն է ՀՀ-ում: Ողջունելով դիվանագետին՝ վարչապետը նշել է.  «Երևանում Նիդերլանդների դեսպանության բացումը և ռեզիդենտ դեսպանի նշանակումը մեր երկրների միջև համագործակցության զարգացման նոր հնարավորություններ է բացում: Սա կնպաստի ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ ձևաչափով կապերի ընդլայնմանը՝ նաև Եվրոպական միության շրջանակում», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը բարձր է գնահատել մեր տարածաշրջանի նկատմամբ Նիդերլանդների կառուցողական և անկողմնակալ դիրքորոշումը, ինչպես նաև Նիդերլանդների աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին: Անդրադառնալով արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայկական կողմի համար կարևորագույն առաջնահերթություն է ռազմագերիների վերադարձը, որի ուղղությամբ ինտենսիվ աշխատանքը շարունակվում է: Վարչապետը ջերմ ողջույններ է խնդրել փոխանցել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյութեին և ափսոսանք հայտնել, որ իր՝ նախորդ տարի ծրագրված այցը հետաձգվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով: Իր հերթին Նիկոլաս Սխերմերսը պատիվ է համարել Հայաստանում դիվանագիտական առաքելությունը և վստահեցրել, որ կներդնի առավելագույն ջանքերը հայ-նիդերլանդական կապերը սերտացնելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ Հայաստանում Նիդերլանդների դեսպանության բացման նպատակը տարածաշրջանում հավասարակշված դիվանագիտական ներկայության ապահովումն է, և դա հնարավորություն կտա տարբեր նախաձեռնություններով աջակցել Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական զարգացմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը: Կարևորելով բարձր մակարդակի երկկողմ փոխայցերը՝ դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի կազմակերպել վարչապետ Փաշինյանի այցը Նիդերլանդների Թագավորություն, որը հետաձգվել էր կորոնավիրուսային իրավիճակի պատճառով: Ն. Սխերմերսը ցավակցություն է հայտնել վարչապետին Արցախում պատերազմական գործողությունների հետևանքով զինվորական և քաղաքացիական անձանց զոհվելու կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև տնտեսական կապերի զարգացման հարցեր: Երկուստեք հեռանկարային է համարվել տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, հումանիտար ոլորտներում համագործակցությունը: Վարչապետը նշել է, որ կառավարության տեսլականը գիտելիքի և տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ունենալն է, և առաջարկել դեսպանին՝ նիդերլանդական ընկերությունների ուշադրությունը հրավիրել այս ուղղություններով ներդրումների հեռանկարին: Նիկոլ Փաշինյանը նաև խոսել է տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող հնարավորությունների մասին: Ն. Սխերմերսը պատրաստակամություն է հայտնել՝ նիդերլանդական ըկերություններին տեղեկացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունների մասին և ակտիվ աշխատել փոխգործակցության խթանման ուղղությամբ: Նա նաև բարձր է գնահատել հոլանդահայ համայնքի դերակատարումը երկրի հանրային կյանքի տարբեր ոլորտներում:
18:11 - 19 հունվարի, 2021
Պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի, որը պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից. Փաշինյան

Պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի, որը պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմին է ներկայացրել աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արսեն Թորոսյանին:   Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Էդուարդ Աղաջանյանին վարչապետի աշխատակազմում կատարած աշխատանքի համար և նշել, որ նա պաշտոնը ստանձնել է բարդ իրավիճակում: «Նրա գործունեության ժամանակաշրջանն ընդհանուր առմամբ շատ բարդ է եղել և նա պատվով է կատարել իր աշխատանքը: Եվ ոչ մի գաղտնիք չկա, պարոն Աղաջանյանն իմ քաղաքական մերձավորն է և շարունակում է լինել այդպիսին: Համոզված եմ, որ մեր համատեղ ճանապարհը դեռ կշարունակենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը հաջողություն է մաղթել Արսեն Թորոսյանին նոր կարգավիճակում և ձևակերպել խնդիրը, որը դրված է նրա առաջ: «Ընդհանրապես մենք բոլորս և պետական կառավարման համակարգը՝ որպես երկրի իրավիճակի պատասխանատու, շատ ծանր ժամանակներ ենք ապրել: Պատերազմական շրջանը բոլորիս համար չափազանց բարդ և ծանր մի շրջան էր: Եվ հիմա էլ հետպատերազմյան շրջանն ունի իր բազմաթիվ բարդություններն ու մարտահրավերները, որոնց պետք է արդյունավետ կառավարել: Պետք է չթաքցնել, որ այո՛, պատերազմի հետևանքներով հանրության նման՝ պետական կառավարման համակարգն էլ ինչ-որ առումով շոկի մեջ է հայտնվել, իհարկե, չեմ կարող ասել, որ հիմա նույն իրավիճակն է, ինչ, օրինակ, նոյեմբերին, բայց, ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի, և այդ ռեսթարթը միանշանակ պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից: Այդ ռեսթարթն է այն հիմնական խնդիրը, որ դրվում է պարոն Թորոսյանի առաջ: Եվ, բնականաբար, ոչ միայն պարոն Թորոսյանի առաջ, բոլորիս առաջ: Բայց այդ ազդակներն առաջին հերթին պետք է հղվեն վարչապետի աշխատակազմից»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենք այս ընթացքում ամենատարբեր իրավիճակներում են եղել, և ըստ էության, գիտեն պետական կառավարման համակարգի բոլոր առավելություններն ու թերությունները. «Որտեղ է, որ կարողանում ենք որակյալ աշխատանք անել և ինչու, որտեղ է, որ մենք չենք կարողանում որակյալ աշխատանք անել և ինչու: Եվ մենք պետք է առավել ևս այս իրավիճակում պետական կառավարման նոր նշաձող դնենք, որն ըստ էության հանրությանը մատուցվող ծառայություն է, և այդ ծառայության որակը պետք է բերենք բոլորովին նոր մակարդակի»,- ասել է վարչապետը: Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը շնորհակալություն է հայտնեել վարչապետին՝ վերջին երկուսուկես տարիների ընթացքում պատասխանատու պաշտոնը վստահելու համար: «Միանշանակ է, որ շատ բարդ և ծանր օրեր ենք ապրել իրար հետ: Բայց կարելի է արձանագրել, որ այդ բարդ օրերը միանշանակորեն պատվով հաղթահարել ենք: Ուզում եմ նաև առանձնահատուկ շնորհակալություն հայտնել վարչապետի աշխատակազմի անձնակազմին՝ բոլորին, յուրաքանչյուրին անհատապես վերջին երկուսուկես տարիների ընթացքում արդյունավետ աշխատանքի համար: Նաև շնորհակալություն հայտնել փոխվարչապետների գրասենյակներին ևս: Վստահ եմ, որ այդ արդյունավետությունը որևէ կերպ չի նվազի նոր ղեկավարության օրոք, և պարոն Թորոսյանին մաղթում եմ հաջողություն»,- ասել է Էդուարդ Աղաջանյանը:   Իր հերթին Արսեն Թորոսյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին պատասխանատու աշխատանքը կամ ծառայությունը վստահելու համար: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Աղաջանյանին կատարած աշխատանքի համար և վստահեցնել, որ մենք կպահենք այդ բարձր նշաձողը, և պարոն վարչապետ, Ձեր մատնանշած խնդրի լուծմանը զուգընթաց, կփորձենք այն ավելի բարելավել: Ուզում եմ վստահեցնել աշխատակազմին, որ աշխատանքն ինձ հետ բոլորի համար կլինի հարմարավետ: Չեմ կարծում, որ կարիք կլինի վերլուծական ժամանակաշրջանի, անմիջապես կանցնենք պարտականությունների կատարմանն ամբողջ ծավալով: Վստահ եմ, որ Ձեր մատնանշած ուղղությամբ էական քայլեր կկատարենք: Նույնը, ինչպես Դուք նշեցիք, ակնկալում եմ բոլորից»,- նշել է վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավարը Վարչապետ Փաշինյանը կարևորել է այն փաստը, որ Արսեն Թորոսյանի ու աշխատակազմի միջև ծանոթացման և անցումային ժամանակաշրջան չի լինելու: «Մենք նման ճոխություն թույլ տալու հնարավորություն չունենք: Որպես նախարար, Դուք շատ սերտ համագործակցել եք աշխատակազմի հետ և այդ աշխատանքը երկուստեք նորություն չի լինելու: Կրկին հաջողություն եմ մաղթում Ձեզ»,- եզրափակել է վարչապետը:     
13:45 - 19 հունվարի, 2021
2021 թվականը պետք է դառնա մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի. վարչապետ

2021 թվականը պետք է դառնա մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է 2022 թ. մակրոտնտեսական շրջանակը: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Բացման խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «2020 թվականը, այդ թվում տնտեսական իմաստով, չափազանց պրոբլեմատիկ տարի էր ոչ միայն պատերազմի բերումով, այլև նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով: Պետք է հստակ արձանագրենք, որ 2021 թվականը լինելու է մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի: Պետք է ձևակերպենք այն անելիքները, որոնք հնարավորություն կտան հաղթահարել դժվարությունները և իսկապես վերականգնել այն տնտեսական ամբիցիաները, որ ունեցել ենք 2020 թվականի հայտնի իրադարձությունների հետևանքով: Մենք ունենք բազմաթիվ տնտեսական մարտահրավերներ, բայց ունենք նաև բազմաթիվ հնարավորություններ: Իհարկե,  նախևառաջ պետք է կենտրոնանանք հումանիտար խնդիրների լուծման վրա, և մյուս կողմից, արձանագրենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարությունը և դրա հնարավոր իրագործումը կարող է բոլորովին նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել Հայաստանի Հանրապետության համար: Մենք տրամադրված ենք այդ հնարավորությունները լիարժեք օգտագործել՝ կրկնում եմ, մեր տնտեսական ամբիցիաները ոչ միայն վերականգնելու, այլև ավելի բարձր նշաձողեր հաստատելու համար»: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2022թ. մակրոտնտեսական շրջանակի և տնտեսական զարգացումների վերաբերյալ ընդհանուր կանխատեսումները: Նա նշել է, որ կորոնավիրուսի համավարակի և Արցախում պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված՝ նպատակահարմար է ավելի վաղ սկսել բյուջետային գործընթացի շուրջ քննարկումները: Խորհրդակցությանը քննարկվել են, մասնավորապես, 2022թ. պետբյուջեի նախագծի, 2022-2024թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակմանը, տնտեսական քաղաքականությանը, տնտեսական աճի կանխատեսումներին, հարկաբյուջետային շրջանակին, ընթացիկ ու կապիտալ ծախսերին վերաբերող մի շարք հարցեր: Վարչապետը նշել է, որ 2021թ. իրականացվող ծրագրերի որակն ազդեցություն է ունենալու 2022թ. մակրոտնտեսական շրջանակի վրա, և պետք է հետևողական լինել ծրագրերի բարձր կատարողական ապահովելու հարցում:
16:12 - 15 հունվարի, 2021
Հայաստանի և Բելառուսի միջև կկնքվեն ռեադմիսիայի մասին համաձայնագրեր |1lurer.am|

Հայաստանի և Բելառուսի միջև կկնքվեն ռեադմիսիայի մասին համաձայնագրեր |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Բելառուսի միջև հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրի կնքման նախագծին, որը չզեկուցվողների թվում էր: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի և դրա իրականացման կարգի մասին կիրարկման արձանագրության կնքումը հնարավորություն կտա՝ համատեղ և համակարգված քայլեր իրականացնել կողմերի տարածքներում անօրինական կարգավիճակում գտնվող ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հայտնաբերման և վերադարձի կազմակերպման հարցերում.  կողմերի տարածքներում առանց թույլտվության գտնվող անձանց վերադարձի առնչությամբ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության համապատասխան մարմինների միջև գոյություն ունեցող համագործակցությանը տալ իրավաբանական ձևակերպում` համաձայնագրով սահմանելով, իսկ կիրակման արձանագրությամբ կոնկրետացնելով կողմերի իրավասու մարմինները, սահմանի հատման կետերը, փաստաթղթերի ցանկը, հետընդունման դիմումի ներկայացման կարգը, ձևը, ժամկետները և այլն: 
13:17 - 14 հունվարի, 2021
Նոր կարգավիճակում հայտնվող դատավորների անաչառությունը և անկաշառությունը չպետք է կասկածի տակ դրվեն. վարչապետ |1lurer.am|

Նոր կարգավիճակում հայտնվող դատավորների անաչառությունը և անկաշառությունը չպետք է կասկածի տակ դրվեն. վարչապետ |1lurer.am|

1lurer.am: «Պետք է երաշխավորված լինենք, որ նոր կարգավիճակում հայտնվող դատավորների անաչառությունը և անկաշառությունը որևէ կերպ կասկածի տակ չդրվեն»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության նիստում «ՀՀ դատական օրենսգրքում» և կից օրենքների փոփոխությունների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ: «Կայացվեց որոշումը՝ բոլորն ի գիտություն ընդունեն այն, ոչ թե սկսեն քննարկել, թե ի՛նչ պատճառահետևանքային, այդ թվում՝ քաղաքական կապ կա այդ որոշումների հետ: Մենք հետևողական պետք է լինենք, այդ թվում՝ բարեվարքության ստուգման արդյունքների ազդեցություններ ապահովելու համար»,- ասաց վարչապետը: Հիշեցնենք՝ օրինագծերի փաթեթով առաջարկվում է ներդնել մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտ, նաև կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացում է իրականացվում: «Սա աշխարհում լայնորեն կիրառվող պրակտիկա է, ժամանակակից աշխարհում միտում է, որ նման մասնագիտացված բաժանումներ տեղի ունենան: Ըստ էության, դատավորների ընտրության և նշանակման նոր պրոցեդուրա է անցնելու, որտեղ ամենակարևորը բարեվարքության ստուգումն է»,- հայտարարեց վարչապետը: Փաշինյանը նշեց, որ բարեվարքության ստուգման արդյունքները խորհրդատվական բնույթ ունեն, ու դրանք չեն դառնում հրապարակային: «Կարո՞ղ է լինել դեպք, որ բարեվարքության հետ կապված խնդրահարույց եզրակացություն լինի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, բայց ԲԴԽ-ի կողմից դատավորի նշանակման հարցի վրա կարող է ազդեցություն չունենալ, որովհետև այն չի հրապարակվում»,- հարցրեց վարչապետը: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարզաբանեց՝ խորհրդատվական բնույթ կրող փաստաթղթերը պարտադիր չեն, ինչը բխում է նաև սահմանադրական կարգավորումներից: «Տեսականորեն կարող է խորհրդատվական եզրակացությունը որևէ նշանակություն չունենալ, բայց կարծում եմ՝ դա քիչ հավանական է, որովհետև եթե խորհրդատվական եզրակացության մեջ այնպիսի կոնկրետ փաստերի մասին է խոսքը գնում, որ վկայում է բարեվարքության մասով խնդիրների մասին, խնդրահարույց կլինի, եթե ԲԴԽ-ն եզրակացությունը հաշվի չառնի»,- ասաց նա:
12:21 - 14 հունվարի, 2021
Ոչ թե կարիք ունեցող վիրավոր քաղաքացին է գնալու, գա նախարարություն, այլ նախարարությունն ինքն է գնալու կարիքները գնահատելու. Նիկոլ Փաշինյան |tert.am|

Ոչ թե կարիք ունեցող վիրավոր քաղաքացին է գնալու, գա նախարարություն, այլ նախարարությունն ինքն է գնալու կարիքները գնահատելու. Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Այսօր կառավարությունը որոշում կայացրեց փոփոխություններ անել բժշկասոցիալական կարգում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ նախագիծը վերաբերում է վիրավոր զինվորներին կամ քաղաքացիական անձանց աջակցող միջոցներ տրամադրելուն: Նա նշեց, որ գործող կարգով, մասնավորապես, աջակցող սարքեր՝ սայլակ, քայլակ ստանալու համար հաշմանդամության խումբ պետք է ունենար քաղաքացին, իսկ բուժումը ավարտելուց հետո է տեղի ունենում կարգի տրամադրումը, հիմա փոփոխությամբ հնարավորություն է տրվում առանց այդ խմբի տրամադրման գործընթացը ավարտելու տալ այդ սարքերը: Նիկոլ Փաշինյանն ավելացրեց. «Փոփոխությամբ նաև ոչ թե կարիք ունեցող քաղաքացին է գնում,  գալիս կառավարություն կամ նախարարություն, նախարարությունն ինքնն է գնում, կարիքները գնահատում, ժամանակին այս թեմայով քննարկում ենք ունեցել»,-ասաց նա:  
12:05 - 14 հունվարի, 2021
Ներդրվում է դատավորների երկու ենթամասնագիտացում. Կառավարությունը հավանություն տվեց օրենսդրական փոփոխությունների նախագծերին |1lurer.am|

Ներդրվում է դատավորների երկու ենթամասնագիտացում. Կառավարությունը հավանություն տվեց օրենսդրական փոփոխությունների նախագծերին |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը, որը ճանաչվեց անհետաձգելի: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ նախագծով ներդրվում է երկու ենթամասնագիտացում՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտը և կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացումը: Դատական իշխանության վիճակագրական տվյալները ցույց են տվել, որ քրեական մասնագիտացման դատավորները քննում են նաև այնպիսի գործեր, որոնք վերաբերում են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությանը, կալանքի միջնորդություններ, խուզարկության թույլտվության միջնորդություններ: «Մենք կարծում ենք, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացումը անհրաժեշտություն է նմանատիպ միջնորդությունների քննության արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից: Նաև հակակոռուպցիոն ռազմավարությունից բխում է, որ պետք է ներդրվեր մասնագիտացում կոռուպցիոն հանցագործությունների քննության մասով՝ դրանց քննության արդյունավետությունն ու որակը բարձրացնելու նպատակով»,- նշեց Բադասյանը: Նախարարը ներկայացրեց նաև վիճակագրական տվյալներ. 2019-ի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը դատարաններում քննվել են 275 կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված քրեական գործեր, իսկ դատախազությունը շուրջ 2228 քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ իրականացրել է հսկողություն: «Վիճակագրությունը թույլ է տալիս ենթադրել, որ կոռուպցիոն հանցագործությունների քննության ծավալը դատական համակարգում 30 տոկոս աճի միտում ունի»,- ասաց նախարարը: Բադասյանի խոսքով՝ նախագծերի փաթեթն անհետաձգելի է, քանի որ դատավորների թվաքանակը չի բավարարում, իսկ դատավորների ավելացումը կբերի քրեական գործերի քննության ժամկետների կրճատմանը: Իսկ երկրորդը՝ նոր ընթացակարգով դատավորների ընտրությունը, բարեվարքության ստուգումը և այս ոլորտում մասնագիտացման ներդրումը կնպաստեն նրան, որ դատական ակտերն ավելի օբյեկտիվ լինեն, և հասարակության վստահությունն ավելի բարձր լինի:
11:48 - 14 հունվարի, 2021