Ինֆոքոմ

Զելենսկին Խարկովի շրջան է այցելել և ծանոթացել օպերատիվ իրավիճակին

Զելենսկին Խարկովի շրջան է այցելել և ծանոթացել օպերատիվ իրավիճակին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Խարկովի շրջան կատարած իր աշխատանքային այցի շրջանակում այցելել է ուկրաինացի զինվորականների դիրքեր, գրում է ՈւՆԻԱՆ-ը։ Երկրի ղեկավարը ծաոթացել է ուկրաինական ստորաբաժանումների պատասխանատվության գոտում առկա օպերատիվ իրավիճակին, ինչպես նաև զինծառայողներին պետական պարգևներ է շնորհել։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզնից յուրաքանչյուրին՝ ծառայության համար։ Դուք ամեն օր ձեր կյանքը վտագում եք մեզ բոլորիս և մեր պետության համար։ Շնորհակալություն Ուկրաինայի անկախությունը պաշտպանելու համար», - ասել է նա։ Ինչպես գրում է Reuters-ը, ռուսական ներխուժումից ի վեր՝ սա Զելենսկու առաջին պաշտոնական այցն է Կիևի շրջանից դուրս։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ ներկա պահին շրջանի 31%-ը «ժամանակավորապես օկուպացված է» Ռուսաստանի կողմից, 5%-ն ազատագրվել է։   Նորա Վանյան
18:16 - 29 մայիսի, 2022
«Ահաբեկչությունը սատարող» երկրներին թույլ չենք տալու անդամակցել ՆԱՏՕ-ին․ Էրդողան

«Ահաբեկչությունը սատարող» երկրներին թույլ չենք տալու անդամակցել ՆԱՏՕ-ին․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախորդ շաբաթ ֆիննական և շվեդական պատվիրակությունների հետ բանակցությունները «սպասված մակարդակով» չեն անցել, և Անկարան չի կարող «այո» ասել «ահաբեկչությունը սատարող» երկրների անդամակցությանը ՆԱՏՕ-ին, գրում է Reuters-ը։ «Քանի դեռ Թայիփ Էրդողանն է Թուրքիայի Հանրապետության ղեկավարը, մենք միանշանակ չենք կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին այն երկրների անդամակցությանը, որոնք սատարում են ահաբեկչությունը», - ասել է նա։ Թուրքիան ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտերի առնչությամբ առարկություններ ունի այն հիմքով, թե այդ երկրներն օգնում են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապ ունեցող անձանց։ Նա այս երկրներից պահանջում է նաև չեղարկել 2019 թ-ին Անկարային զենքի մատակարարման էմբարգոն։ Շվեդիան ու Ֆինլանդիան հայտարարել են, որ դատապարտում են ահաբեկչությունը։ Էրդողանը նշել է նաև, որ Թուրքիան ցանկանում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի, սակայն իրավիճակն օրեցօր ավելի է վատթարանում։ «Երկուշաբթի հեռախոսազրույց եմ ունենալու Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Մենք շարունակելու ենք կողմերին կոչ անել օգտագործելու երկխոսության և դիվանագիտության խողովակները», - ասել է նա։   Նորա Վանյան  
17:45 - 29 մայիսի, 2022
«Տրտմության եռանկյունին» ֆիլմը՝ Կաննի կինոփառատոնի հաղթող

«Տրտմության եռանկյունին» ֆիլմը՝ Կաննի կինոփառատոնի հաղթող

Շվեդ ռեժիսոր Ռուբեն Օստլունդի «Տրտմության եռանկյունին» («Triangle of Sadness») ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին՝ «լավագույն ֆիլմ» անվանակարգում, գրում է Reuters-ը։ Ֆիլմը պատմում է երկու մոդելների մասին, որոնք շքեղ դասի ճամփորդության են մեկնում, այնուհետև հայտնվում անմարդաբնակ կղզում՝ մաքրուհու և միլիարդատեր հյուրերի հետ միասին։ Միայն մաքրուհին ունի ողջ մնալու հմտություններ, և սոցիալական դերերը գլխիվայր շուռ են գալիս։ «Երբ մենք սկսեցինք ֆիլմի նկարահանումները, կարծում եմ՝ մի նպատակ ունեինք․ իրոք, ամեն կերպ փորձել հանդիսատեսի համար կլանող ֆիլմ ստանալ և այնպիսի բովանդակություն առաջարկել, որը ստիպում է մտածել», - ասել է ֆիլմի ռեժիսոր Օստլունդը։ Գրան-պրի մրցանակը շահել է միանգամից երկու ֆիլմ՝ բելգիացի ռեժիսոր Լուկաս Դոնտի «Մտերմություն» («Close») ֆիլմն ու ֆրանսիացի ռեժիսոր Կլեր Դենիի «Աստղերը՝ միջօրեին» («Stars at Noon») ֆիլմը։ Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակի է արժանացել Պակ Չան Ուկը՝ «Հեռանալու որոշում» («Decision to Leave») ֆիլմի համար։ Լավագույն դերասան է ճանաչվել հարավկորեացի դերասան Սոն Կան Հոն («Բրոքեր»/«Broker»), լավագույն դերասանուհի՝ իրանցի Զար Ամիր-Էբրահիմին («Սուրբ սարդ»/ «Holy Spider»)։   Լուսանկարում՝ շվեդ ռեժիսոր Ռուբեն Օստլունդը Նորա Վանյան  
16:31 - 29 մայիսի, 2022
Ռուսաստանը շարունակելու է գազի անխափան մատակարարումը Սերբիային․ Պուտինն ու Վուչիչը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանը շարունակելու է գազի անխափան մատակարարումը Սերբիային․ Պուտինն ու Վուչիչը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Սերբիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Վուչիչը հեռախոսազրույց են ունեցել, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, հայտարարել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Առարկայական քննարկումներ են եղել երկկողմանի հարաբերությունների արդիական օրակարգի հարցերի շուրջ՝ ներառյալ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը։ Պայմանավորվածություն է ձերք բերվել, մասնավորապես, այն մասին, որ Ռուսաստանը շարունակելու է բնական գազի անխափան մատակարարումները Սերբիային», - նշված է հաղորդագրությունում։ Բացի այդ, կողմերը «կարծիքներով են փոխանակվել մի շարք միջազգային թեմաների՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի և Կոսովոյի շուրջ իրադարձությունների զարգացման շուրջ»։   Նորա Վանյան
15:23 - 29 մայիսի, 2022
Սա ջրբաժան է, ով ուզում է`ունենանք պետություն, ինքն այս փաստաթղթին դեմ չի կարող լինել. Սաղաթելյանը՝  ԱԺ արտահերթ նիստին իրենց նախաձեռնության մասին

Սա ջրբաժան է, ով ուզում է`ունենանք պետություն, ինքն այս փաստաթղթին դեմ չի կարող լինել. Սաղաթելյանը՝ ԱԺ արտահերթ նիստին իրենց նախաձեռնության մասին

Այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ առաջիկա երկուշաբթի օրվանից մինչեւ ուրբաթ հասցեական գնալու են դռնեդուռ, որ բոլորը դիրքորոշում հայտնեն՝ կողմ են արդյոք այն հայտարարությանը, որ իրենք պատրաստվում են ուրբաթ օրն ընդունել ԱԺ արտահերթ նիստին։  «Սա ջրբաժան է, ով ուզում է` ունենանք պետություն, ինքն այս փաստաթղթին դեմ չի կարող լինել, սրանք նվազագույն պահանջներն են հայ մնալու, պետություն ունենալու: Երկուշաբթի օրվանից համախմբելու ենք  ուժերը եւ գնալու ենք դռնեդուռ, վիճակը օրհասական է․ ով փաստաթղթին դեմ է, դեմ է ժողովրդին, որովհետեւ այլ հնարավորություն, այլ ելք, այլ ճանապարհ չկա: Երկուշաբթի օրվանից ժամը 11:00-ից բոլորիդ հրավիրում ենք հրապարակ, մի քանի հասցեներով գնում ենք, հերթով բոլորը պետք է պատասխան տան, մենք պետք է հասկանանք` ով է ժողովրդին կողմ, ով է դեմ»,-ասաց նա: Սաղաթելյանի խոսքով՝ բոլորը՝ սկսած իշխող խմբակցության պատգամավորներից ու կառավարության անդամներից, պետք է պատասխանեն այդ հարցին։ Հիշեցնենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԱԺ արտահերթ նիստ են նախաձեռնել, որը տեղի կունենա հունիսի 3-ին՝ ժամը 16:00-ին։ 
23:13 - 28 մայիսի, 2022
Ստեփանակերտում երթ և հանրահավաք իրականացվեց

Ստեփանակերտում երթ և հանրահավաք իրականացվեց

Այսօր «Դիմադրություն» շարժումը հանրահավաք էր իրականացնում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ ՍիվիլՆեթը շրջել է Ստեփանակերտում և զրուցել երթին եւ հանրահավաքին մասնակցող պատգամավորների, ինչպես նաև քաղաքացիների հետ։ Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Վահրամ Բալայանը նշում է, որ Ստեփանակերտում ժողովուրդը դուրս է եկել իր մտահոգությունները հայտնելու․ «Արցախը չի կարող անտարբեր մնալ, եւ այսօր ինչպես Հանրապետության տարբեր բնակավայրերում, այնպես էլ քաղաքամայր Ստեփանակերտում ժողովուրդը դուրս է եկել իր մտահոգությունները ներկայացնելու, միաժամանակ նաեւ իր աջակցությունը հայտնելու Ֆրանսիայի հրապարակի մեր հայրենակիցներին։ Ընդհանուր առմամբ, մենք միշտ ձեռնպահ ենք մնացել ու փորձել ենք ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին ընդհանրապես չմասնակցել, բայց սա այլ հարց է․ խոսքը վերաբերում է Արցախի ճակատագրին, Արցախում ապրող հայ մարդկանց։ Սա, ըստ էության, ոչ թե ներքաղաքական հարցերի լուծման հարթակ է, այլ մեր ապագայի վերաբերյալ հարցերի պատասխանը տալու»։  ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն էլ ասում է․ «Ժողովուրդը ոտքի է կանգնել եւ փորձում է ցույց տալ, որ ինչ-որ անձ չի կարող մի ամբողջ ժողովրդի ճակատագիր վճռել։ Ժողովուրդը ոտքի է կանգնել՝ ասելու, որ մենք ենք տերը մեր երկրի, ու ոչ մեկն իրավունք չունի ո՜չ մեր թիկունքում, ո՜չ մեր անունից այլ հարթակներում հանդես գալու՝ բացառությամբ մեր ինքնորոշման իրավունքը առաջ տանելուց։ Երթին մասնակցող քաղաքացիներից մեկն էլ նշում է՝ իրենց կյանքը Ադրբեջանի կազմում չեն պատկերացնում։ «Այս 94 տարին բավական էր, որ աշխարհին ապացուցենք, որ Ադրբեջանի կազմում ապրել, գոյատեւել հնարավոր չէ։ Արցախը լոկ տարածք է Ադրբեջանի համար, իսկ արցախահայությունը նրա համար ոչինչ է։ Դրա համար մենք չպետք է երկնչենք, եւ պայքարի ենք դուրս եկել, մենք երբեք մեր կյանքը Ադրբեջանի կազմում չենք պատկերացնում»։ 
22:05 - 28 մայիսի, 2022
Ռուսաստանի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ «հատուկ գործողության» վրա «հսկայական ռեսուրսներ» են ծախսվում

Ռուսաստանի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ «հատուկ գործողության» վրա «հսկայական ռեսուրսներ» են ծախսվում

Ռուսաստանը տնտեսության աջակցությանն, ընդանուր առմամբ, 8 տրլն ռուբլի է ուղղել, ասել է երկրի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։ «Հատուկ ռազմական գործողության» իրականացումը, նրա խոսքով, «հսկայական ֆինանսական ռեսուրսներ» է պահանջում։ Սակայն հստակ գումարի չափը չի նշել, հայտնում է «Կոմերսանտը»։ «Կենսաթոշակային ապահովման համար այս տարի հսկայական միջոցներ՝ 600 միլիարդ է անհրաժեշտ, հաջորդ տարի՝ 1 տրիլիոն, հետագայում՝ նույնպիսի ծավալներ։ Հատուկ գործողության իրականացման համար գումար, հսկայական ռեսուրսներ նույնպես պետք են։ Տնտեսության աջակցության համար քաղաքացիներին նույնպես փող է պետք, տնտեսությանն ուղղված, այսպես կոչված, բյուջետային խթանի ընդհանուր ծավալը 8 տրլն ռուբլի է։ Հսկայական գումարներ են։ Այս ռեսուրսները մեզ պետք են՝ տնտեսությանը, մեր քաղաքացիներին աջակցելու համար», - ասել է նախարարը։  Նա հավելել է, որ, քանի դեռ փակ է ներկրումը, ՌԴ կառավարությունն, առաջին հերթին, սատարելու է արտահանողներին։   Նորա Վանյան
18:17 - 27 մայիսի, 2022
Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել Խորվաթիայի դեսպանատան հինգ աշխատակիցների

Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել Խորվաթիայի դեսպանատան հինգ աշխատակիցների

Ռուսաստանը Խորվաթիայի դեսպանատան հինգ աշխատակիցների պերսոնա նոն գրատա է հայտարարել։ Այս մասին, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այսօր հայտնել է ՌԴ արտգործնախարարությունը։ «Ի պատասխան ավելի վաղ ռուսական դիվանագիտական ներկայացուցչության կազմի թվաքանակի կրճատմանն ուղղված Զագրեբի ոչ բարեկամական քայլերին՝ [ՌԴ-ում Խորաթիայի դեսպան] Տոմիսլավ Ցարին բողոքի նոտա է փոխանցվել՝ Մոսկվայում Խորվաթիայի դեսպանատան հինգ աշխատակիցներին պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին», - ասված է գերատեսչության հաղորդագրությունում։ Ապրիլի 11-ին Խորվաթիայի արտգործնախարարությունը հայտնել էր Զագրեբում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների ընդհանուր թվի կրճատման որոշման մասին։ Այս առնչությամբ ռուսական դիվանագիտական ներկայացուցչության 24 աշխատակիցները ստիպված էին եղել լքել Խորվաթիայի տարածքը։ Նորա Վանյան
16:06 - 27 մայիսի, 2022
Ովքեր են ռուսական գազի դիմաց ռուբլով վճարում, ովքեր՝ ոչ․ Politico

Ովքեր են ռուսական գազի դիմաց ռուբլով վճարում, ովքեր՝ ոչ․ Politico

Եվրամիության մի շարք ընկերություններ Մոսկվայի կողմից ճնշման են ենթարկվում ռուսական գազի դիմաց ռուսական ռուբլով վճարելու առնչությամբ այն դեպքում, երբ Եվրահանձնաժողովի ուղեցույցը շփոթմունք է առաջացնում, գրում է Politico-ն, որի հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Վերջին ամիսներին ԵՄ էներգետիկ ընկերությունները փորձում են հասկանալ Բրյուսելի մշուշոտ, երբեմն էլ հակասական հայտարարություններն այն մասին, թե արդյոք ռուսական գազի դիմաց ռուբլով վճարումը ԵՄ պատժամիջոցների խախտում է։ Այս պահի դրությամբ ռուսական գազի մատակարարումները դադարեցվել են ԵՄ երեք երկրների համար այն պատճառով, որ նրանց էներգետիկ ընկերությունները հրաժարվել են կատարել Ռուսաստանի՝ մարտի 31-ին ընդունած որոշումը․ ըստ այդ որոշման՝ «ոչ բարեկամ երկրները» գազի դիմաց վճարումները պետք է իրականացնեն ռուսական «Գազպրոմբանկում» բացված երկու հաշիվներով, որոնցից մեկը պետք է լինի եվրոյով կամ դոլարով, մյուսը՝ ռուբլով, որպեսզի արտարժույթի փոխանակում իրականացվի։ Սակայն ավելի ու ավելի շատ էներգետիկ ընկերություններ են կամավոր կերպով վճարումներն իրականացնում ռուսական բանկի հաշիվների միջոցով։ Նրանք պնդում են, որ վճարումները չեն խախտում ԵՄ պատժամիջոցները։ ԵՄ երկրներին ուղարկված նախնական ուղեցույցում Եվրահանձնաժողովը զգուշացրել է, որ գազի դիմաց ռուբլով վճարումը «կհանգեցնի ԵՄ պատժամիջոցների խախտման»։ Սակայն ապրիլին հրապարակված ուղեցույցում նշվել է, որ ԵՄ պատժամիջոցները «չեն արգելում հաշիվներ բացել «Գազպրոմբանկում»»։ Իսկ ապրիլի վերջին թարմացված ուղեցույցում ոչ մի պարզաբանում չկա, թե արդյոք ռուբլով հաշիվները խախտում են ԵՄ պատժամիջոցները։ Մայիսի կեսերին ԵՄ դիվանագետների հետ հանդիպմանը Եվրահանձնաժողովի տնօրենության էներգետիկ հարցերով գլխավոր տնօրեն Դիտե Յուլ-Յորգենսենը ներկաներին ասել է, որ Եվրահանձնաժողովն ընկերություններին խորհուրդ է տալիս ռուբլով հաշիվներ չբացել, սակայն նա չի ասել, թե դա պատժամիջոցների խախտում է: Այդ մասին հայտնել են քննարկմանը լավատեղյակ երեք անձինք։ Ռուսական կառավարությունը հայտարարել է, որ արդեն այս շաբաթ հրապարակելու է օտարերկրյա ընկերությունների լիարժեք ցանկը, որոնք ռուբլով հաշիվներ են բացել «Գազպրոմբանկում»։ Իսկ մինչ այդ ներկայացնենք այն, ինչ հայտնի է այս պահի դրությամբ։   Ընկերություններ, որոնք մերժել են կատարել ռուսական պահանջը Լեհաստան, PGNiG: Ընկերությունը հրաժարվել է ռուբլով վճարումներ կատարել ապրիլի 12-ին։ Գազի մատակարարումները դադարեցվել են ապրիլի 27-ին։ Բուլղարիա, «Բուլղարգազ»։  Հրաժարվել է ռուբլով վճարել. մատակարարումները դադարեցվել են ապրիլի 27-ին։ Ֆինլանդիա, «Gasum»։ Ֆինլանդիայի կառավարությունը նույնպես մերժել է Ռուսաստանի պահանջը. մատակարարումները դադարեցվել են մայիսի 21-ին։   Ընկերություն, որը դեռ չի կողմնորոշվել Նիդերլանդներ, «GasTerra»։ Մասամբ պետական ընկերությունը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել «Գազպրոմի» հետ իր պայմանագրից, սակայն նշել է, որ պատժամիջոցների հարցում անհստակությունը «շատ է նյարդայնացնում»։ Մայիսի 24-ին «GasTerra»-ն Politico-ին ասել է, որ իրավիճակը դեռ պարզ չէ։ «Նիդերլանդները դիմել է Եվրահանձնաժողովին՝ խնդրելով հստակեցնել ուղեցույցը ռուբլով հաշիվների մասով»,- ասել է Նիդերլանդների էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը։   Ընկերություններ, որոնք շարունակում են վճարումները ռուսական «Գազպրոմբանկի» միջոցով Այս ընկերությունները շարունակում են ռուսական գազի դիմաց վճարել և ստանալ այն, սակայն «Գազպրոմի» հետ իրենց համաձայնագրի մանրամասները, օրինակ, թե արդյոք ռուբլով հաշիվներ են բացել, կարող են չհրապարակել։ Հունգարիա, MVM: «Մենք վճարում ենք եվրոյով, «Գազպրոմբանկը» եվրոն փոխանակում է, և այդ գումարը վճարվում է «Գազպրոմ էքսպորտին»,- ապրիլին 11-ին ասուլիսի ժամանակ ասել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։ Գերմանիա, VNG: «Մենք կվճարենք գումարը, որը նախկինի պես արտահայտված կլինի եվրոյով, այն կփոխանցվի «Գազպրոմբանկի» հաշվին, […] որպեսզի մեր կողմից ապահովվի ժամանակին վճարումը մեր մատակարարին... Մենք նաև կարծում ենք, որ գումարը ռուբլով փոխանակելը դժվարություն չի առաջացնի․․․ հաշվի բացումը հարթ է ընթացել»,- ասել է ընկերությունը մայիսի 9-ին։ Գերմանիա, RWE։ «Մենք պատրաստ ենք եվրոյով վճարել և համապատասխան հաշիվ ենք բացել»,- ասել է ընկերությունը մայիսի 16-ին։ Գերմանիա, «Uniper»: ««Uniper»-ը հաշիվ է բացել «Գազպրոմբանկում» և կարգավորումներ իրականացրել՝ պայմանագրով նախատեսված եվրոյով վճարումներն այդ հաշվին փոխանցելու համար՝ վճարային նոր մեխանիզմի համաձայն»,- ասել է ընկերությունը մայիսի 18-ին։ Ֆրանսիա, «Engie»: ««Engie»-ն «Գազպրոմի» հետ բանակցություններ է վարում՝ ռուսական գազի մատակարարման դիմաց վճարման սխեմայի փոփոխման վերաբերյալ Ռուսաստանի պահանջի մասով։ Ընկերությունն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել՝ պատրաստ լինելու կատարել իր վճարային պարտավորությունները,- ասել է ընկերությունը մայիսի 17-ին։ Իտալիա, «Eni»: ««Eni»-ն «Գազպրոմբանկում» երկու հաշիվների բացման ընթացքի մեջ է (մեկը՝ եվրոյով, մյուսը՝ ռուբլով)»,- հայտնել է ընկերությունը մայիսի 17-ին։ Ավստրիա, OMV: «Ներկա պահին մենք սկսել ենք պատժամիջոցներին համապատասխանող վճարման գործընթաց, որն ապահովում է գազի մատակարարման դիմաց ժամանակին կատարվող վճարումները»,- նշել է ընկերությունը մայիսի 20-ին։ Չեխիա, ČEZ: «Մենք եվրոյով վճարում ենք կատարել՝ Եվրահանձնաժողովի հանձնարարականին համապատասխան։ Մանրամասներ չենք հաղորդելու»,- ասել է ընկերությունը մայիսի 20-ին։ Սլովակիա, SPP: «Սլովակիան ապրիլյան վճարումներն իրականացրել է եվրոյով՝ գործող պայմանագրի համաձայն․․․ ԵՄ այն մոտեցման հիման վրա, որ նման վճարումը պատժամիջոցների խախտում կամ շրջանցում չէ»,- հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարարությունը մայիսի 20-ին։ Սլովենիա, Geoplin: ««Geoplin»-ն իր ռուս գործընկերոջ հետ պայմանավորվել է վճարման ընթացակարգի մասին, որը համապատասխանում է պայմանագրին, ինչպես նաև ԵՄ ինստիտուտների միջոցներին և հանձնարարականներին»,- ընդգծել է ընկերությունը մայիսի 20-ին»։   Նորա Վանյան
12:16 - 27 մայիսի, 2022
Թուրքիան բանակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ հացահատիկի արտահանման միջանցքի շուրջ․ Reuters

Թուրքիան բանակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ հացահատիկի արտահանման միջանցքի շուրջ․ Reuters

Թուրքիան բանակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ Բոսֆորի նեղուցով հացահատիկն Ուկրաինայից արտահանելու համար միջանցք բացելու շուրջ։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով բարձրաստիճան թուրք պաշտոնյայի խոսքերին։ Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներն արգելափակվել են փետրվարին Ռուսաստանի ներխուժումից հետո, և ավելի քան 20 մլն տոննա հացահատիկը մնացել է պահեստներում։ Ռուսաստանին և Ուկրաինային բաժին է ընկնում ցորենի համաշխարհային մատակարարումների գրեթե մեկ երրորդը, իսկ Ուկրաինայից արտահանման անհնարինությունը նպաստում է համաշխարհային պարենային ճգնաժամի առաջացմանը։ «Թուրքիան բանակցում է և Ռուսաստանի, և Ուկրաինայի հետ՝ հացահատիկի արտահանման հարցով», - ասել է պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ, քանի որ բանակցությունները գաղտնի են։ Նա նշել է նաև, որ բանակցությունները շարունակվում են։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմից չեն պատասխանել մեկնաբանություն տալու հարցմանը։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն երեկ հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է պարեն տեղափոխող նավերի համար միջանցք բացել՝ արևմտյան որոշ պատժամիջոցների չեղարկման պայմանով։ Թուրքիան Սև ծովով սահմանակից է Ուկրաինային և Ռուսաստանին և լավ հարաբերություններ ունի այս երկու երկրների հետ, թեև դատապարտել է ռուսական ներխուժումը։ Այս հարցին լավատեղյակ ևս երկու անձինք են հաստատել շրջանառվող լուրերը, որ Թուրքիան օգնում է, որ հացահատիկն արտահանվի Ուկրաինայից։ «Թուրքիան պատրաստ է իր նպաստն ունենալ Օդեսայից Սև ծովով այդ արտահանման մշտադիտարկման հարցում, քանի որ Թուրքիան ավանդաբար ուժեղ դիրքեր ունի Սև ծովում և պատրաստ է օգնել», - երեկ ասել է բարձրաստիճան եվրոպացի մի դիվանագետ, որը ցանկացել է անանուն մնալ։   Նորա Վանյան
18:06 - 26 մայիսի, 2022
Մոսկվան Կիևից սպասում է իր պահանջների ընդունում․ Պեսկով

Մոսկվան Կիևից սպասում է իր պահանջների ընդունում․ Պեսկով

Ուկրաինան պետք է գիտակցի դե ֆակտո իրավիճակը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այդպես է նա պատասխանել լրագրողների այն հարցին, թե ինչպես է գնահատում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի խոսքերն այն մասին, որ Ուկրաինան պետք է Ռուսաստանին զիջումներ անի, գրում է «Կոմերսանտը»։ «Մոսկվան Կիևից սպասում է Մոսկվայի պահանջների ընդունում և դե ֆակտո՝ առկա իրավիճակի գիտակցում», - ասել է Պեսկովը։ Նա, սակայն հավելել է․ «Դա տարածքային զիջումը չէ։ Կիևը պետք է ընդունի դե ֆակտո իրավիճակն ու պարզապես սթափ գնահատի այն»։ Ավելի վաղ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը կոչ էր արել դադարեցնելու Ուկրաինայում ռուսական զորքերին «ջախջախիչ պարտության մատնելու» փորձերը։ Նրա խոսքով՝ Արևմուտքը պետք է Ուկրաինայի վրա ազդի՝ խաղաղ բանակցությունների վերսկսման համար։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացասաբար է արձագանքել Քիսինջերի հայտարարությանը՝ նշելով, որ նա կոչ է անում «Ուկրաինայից մի կտոր հանձնել Ռուսաստանին»։ Նա ասել է, որ այդ դիրքորոշումը հիշեցնում է Երկրորդ աշխարհամարտի նախաշեմին ստեղծված իրավիճակը։ Նորա Վանյան
15:45 - 26 մայիսի, 2022
Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է Հայաստանի հետ համաձայնագիրը՝ նավթամթերքի մատակարարման մասին

Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է Հայաստանի հետ համաձայնագիրը՝ նավթամթերքի մատակարարման մասին

Ղազախստանի խորհրդարանի Սենատը (վերին պալատ) վավերացրել է Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագիրը՝ ՀՀ-ին նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հայաստանի հետ համաձայնագիրը ստորագրվել է 2020 թ-ի հուլիսին Նուր-Սուլթանում։ Դրանով սահմանվում են երկու երկրների կառավարությունների միջև առևտրատնտեսական համագործակցության պայմանները՝ Հայաստանին այն ապրանքների մատակարարման անռչությամբ, որոնք դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի 27-րդ խմբում՝ բացառությամբ նավթի, էլեկտրաէներգիայի, բնական գազի և ածխի։ «Համաձայնագրով նախատեսվում է․ արտահանման մաքսատուրքերի չգանձում այն ապրանքների համար, որոնք Ղազախստանից Հայաստան են արտահանվում ներքին սպառման համար այն ծավալներով, որոնք նախատեսված են ինդիկատիվ բալանսներով; սահմանված ապրանքների մատակարարման արգելք, որոնք ցանկով հաստատված չեն, ինչպես նաև նախատեսված չեն ինդիկատիվ բալանսներով», - ասված է Ղազախստանի Սենատի տնտեսական քաղաքականության, նորարարական զարգացման և ձեռնարկատիրության հարցերով կոմիտեի եզրակացությունում։ Ընդ որում, սահմանված ապրանքները, որոնք Ղազախստանից Հայաստան են արտահանվում, չեն կարող արտահանվել երրորդ երկրներ և ԵԱՏՄ երկրներ։ Այս պարտավորության խախտման փաստերի հայտնաբերման դեպքում ղազախական կողմն իրեն իրավունք է վերապահում արգելելու կամ կասեցնելու նշված ապրանքների՝ առանց մաքսատուրքի մատակարարումները։ Սենատում համաձայնագրի վավերացումից հետո այն կներկայացվի Ղազախստանի նախագահի ստորագրմանը։ Նորա Վանյան
15:17 - 26 մայիսի, 2022