Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ օրենսդրական ու ենթաօրենսդրական իրավական ակտերի հիման վրա, ինչպես նաև իր կանոնադրությամբ:

Կազմակերպությունը ստեղծվել է Կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 81-Ն որոշմամբ՝ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» (պետական գրանցման համարը՝ 222.210.952674), «Անտառային մոնիթորինգի կենտրոն» (պետական գրանցման համարը՝ 273.210.04175) և «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» (պետականգրանցման համարը՝ 286.210.04768) պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման արդյունքում և հանդիսանում է դրանց իրավահաջորդը: Կազմակերպության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Կառավարության։

Մայիսի 21-ին և 22-ին կանխատեսվում են անոմալ շոգեր

Մայիսի 21-ին և 22-ին կանխատեսվում են անոմալ շոգեր

Հայաստանում մայիսի 21-ին սպասվում է օդերևութաբանական պատմական երևույթ։ Արաբական անապատներից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանն մայիսի 19-ից սկսած մինչև մայիսի 21-ը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 5-7 աստիճանով, մայիսի 21-ին հասնելով ռեկորդային ցուցանիշների։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը: Նշվում, է, որ, մանավորապես, Արարատյան դաշտի և Երևանի հատվածում մայիսին երբևիցե դիտված առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 1999թ. և 2020թ. մայիսի երրորդ տասնօրյակում՝ +35,1․․․+35,3 աստիճան, սակայն ըստ կանխատեսումների տվյալ գոտիներում մայիսի 21-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +36․․․+37 աստիճան։ Նշված օրերին հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով։ Ջերմաստիճանը կսկսի նվազել մայիսի 23-ից, որը կուղեկցվի նաև ամպրոպային բնույթի կարճատև անձրևներով։
13:51 - 19 մայիսի, 2021
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները խրախուսվել են շնորհակալագրերով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները խրախուսվել են շնորհակալագրերով

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կողմից Ջրի և օդերևութաբանության համաշխարհային օրերի կապակցությամբ, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ներքոհիշյալ աշխատակիցները՝ օրինակելի և բարեխիղճ աշխատանքի համար խրախուսվել են շնորհակալագրերով.  Ռուզաննա Սարգսյան - Հիդրոլոգիայի ծառայության հիդրոգրաֆիայի, հիդրոմորֆոլոգիայի և հիդրոմետրիայի բաժնի գլխավոր մասնագետ  Արմեն Բարխոյան - Հիդրոլոգիայի ծառայության Սևան-Հրազդան գետավազանի հիդրոլոգիական կայանի գ. Մարմարիկ - դ. Աղավնաձոր հիդրոդիտակետի դիտող  Անահիտ Ասատրյան - Օդերևութաբանության ծառայության հելիոերկրաֆիզիկայի և ռադիոլոգիայի բաժնի գլխավոր մասնագետ  Արման Լևոնյան - Օդերևութաբանության ծառայության Եղվարդի օդերևութաբանական կայանի պետ  Լաուրա Գրիգորյան - Հեռահաղորդակցության և հիդրոօդերևութաբանական տվյալների կառավարման ծառայության տվյալների կառավարման բաժնի առաջատար մասնագետ  Ելենա Խալաթյան - Կլիմայի ծառայության կլիմայի ուսումնասիրության և մոնիթորինգի բաժնի պետ-ծառայության պետի տեղակալ  Ռաֆայել Կոստանյան - Կենտրոնական լաբորատորիայի տեխնոլոգիական ծառայության պետ  Արմինե Հակոբյան - Ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայության հիդրոերկրաբանական հետազոտությունների բաժնի պետ։
21:57 - 23 մարտի, 2021
Երեկոյան ժամերից ցիկլոնային դաշտը դուրս կգա Հայաստանի տարածքից, և տեղումները կդադարեն

Երեկոյան ժամերից ցիկլոնային դաշտը դուրս կգա Հայաստանի տարածքից, և տեղումները կդադարեն

Ինչպես և կանխատեսվել էր, մարտի 11-12-ին, հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ: Բացառություն են կազմել Արարատյան դաշտի ցածրադիր հատվածները, որտեղ տեղումները եղել են ձնախառն անձրևի և թաց ձյան տեսքով։ Ամենաառատ տեղումները գրանցվել են Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում, որտեղ առանձին հատվածներում 24 ժամում դիտվել է ամսական նորմի չափ տեղում։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ «Ձյան ծածկի առավելագույն ավելացումը 24 ժամում գրանցվել է Սիսիանի և Գորիսի հատվածներում՝ 30-35սմ, Ջերմուկում՝ 35սմ, Որոտանի լեռնանցքում՝ 30սմ։ Սիսիանի և Կապանի հատվածում ձյան տեղումներն ուղեկցվել են ուժեղ ամպրոպներով, որը հազվադեպ երևույթ է։ Այսօր ցերեկը ցիկլոնի ակտիվ ազդեցությունը կպահպանվի մինչև կեսօր: Շրջանների զգալի մասում կշարունակվեն ձյան տեղումները, Վայոց Ձորում և Սյունիքում ձյունը կլինի ինտենսիվ։ Երեկոյան ժամերից ցիկլոնային դաշտը դուրս կգա Հայաստանի տարածքից և տեղումները կդադարեն»,- նշված է հաղորդագրության մեջ։
10:29 - 12 մարտի, 2021