ԱՊՀ

Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) ձևավորվել է 1991թ. դեկտեմբերի 8-ին՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների կողմից, ովքեր ստորագրեցին Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիր:

1991թ-ի դեկտեմբերի 21-ին 11 ինքնիշխան պետություններ ստորագրեցին վերոնշյալ համաձայնագրին կից արձանագրություն, համաձայն որի, մասնակից պետությունները, իրավահավասար հիմունքներով ձևավորում են ԱՊՀ-ն:

1993թ. ԱՊՀ-ին անդամակցեց Վրաստանը, որն էլ ԱՊՀ կազմից դուրս եկավ 2009թ. օգոստոսի 18-ին:

1993թ. հունվարի 22-ին հաստատվել է ԱՊՀ Կանոնադրությունը, որով ամրագրված են ԱՊՀ հետևյալ նպատակները.

  • համագործակցություն քաղաքական, տնտեսական, բնապահպանության, հումանիտար, մշակութային և այլ ոլորտներում,
  • մասնակից պետությունների տնտեսական և սոցիալական համակողմանի և համաչափ զարգացում ԱՊՀ շրջանակներում,
  • մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովում՝ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին և նորմերին համապատասխան,
  • համագործակցություն միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ, ինչպես նաև սպառազինությունների և ռազմական ծախսերի կրճատման, համընդհանուր և լիակատար զինաթափման հասնելու համար արդյունավետ միջոցների ձեռնարկում,
  • համագործակցության մասնակից պետությունների միջև առկա վեճերի և հակամարտությունների խաղաղ կարգավորում,
  • աջակցություն մասնակից պետությունների քաղաքացիներին՝ ԱՊՀ տարածքում ազատ տեղաշարժի ու շփումների հարցում, և այլն։

ԱՊՀ Կանոնադրությունը չեն ստորագրել Ուկրաինան և Թուրքմենստանը, ինչով պայմանավորված, վերջիններս դե-յուրե չեն հանդիսանում ԱՊՀ անդամ պետություններ և կարող են դասվել ԱՊՀ հիմնադիր կամ մասնակից պետությունների շարքին:

ԱՊՀ շրջանակներում համագործակցությունն իրականացվում է կանոնադրական մարմինների միջոցով, որոնք են պետությունների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների խորհուրդները, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդները, սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը, տնտեսական դատարանն ու տնտեսական խորհուրդը, միջխորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհուրդը։

Տնտեսական և սոցիալական զարգացման, հումանիտար ոլորտում փոխգործակցության, հանցագործությունների և ահաբեկչության դեմ պայքարում և մի շարք այլ ոլորտներում ԱՊՀ մասնակից պետությունների միջև համագործակցության խթանման նպատակով ԱՊՀ շրջանակներում ստեղծվել է ճյուղային համագործակցության շուրջ 70 մարմին:

2008 թվականին հաստատվել է ԱՊՀ մասնակից պետությունների Ազգային համակարգողների մասին Կանոնակարգը:

Համագործակցության մշտական գործադիր, վարչական և համակարգող մարմինն է ԱՊՀ Գործադիր կոմիտեն: Վերջինիս կենտրոնակայանը գտնվում է Մինսկում, մեկ մասնաճյուղ տեղակայված է Մոսկվայում:

Նախագահությունը ԱՊՀ բարձրագույն մարմիններում իրականացվում է ռոտացիոն սկզբունքով՝ ըստ ռուսական այբուբենի հերթականության: Յուրաքանչյուր պետություն ԱՊՀ նախագահությունը ստանձնում և իրականացնում է իր ներկայացուցչի միջոցով՝ մեկ տարուց ոչ ավել ժամկետով, եթե չի ընդունվում այլ որոշում:

ԱՊՀ բարձրագույն մարմիններում նախորդող և հաջորդող նախագահները հանդիսանում են Համանախագահներ:

2018թ. սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որին մասնակցել է նաև ՀՀ Վարչապետ Ն.Փաշինյանը, ընդունվել է 1948թ. դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակի կապակցությամբ հայտարարությունը:

2019թ-ի հունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը ռոտացիոն կարգով փոխանցվել է Թուրքմենստանին: 

Սանկտ Պետերբուրգում այսօր տեղի կունենա ԱՊՀ պետությունների ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի նիստը |azatutyun.am|

Սանկտ Պետերբուրգում այսօր տեղի կունենա ԱՊՀ պետությունների ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի նիստը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ (Անկախ Պետությունների Համագործակցության) անդամ պետությունների Զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի նիստը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Դրան կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ռազմական պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության պատվիրակություններ: Զինված ուժերի պատվիրակությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն աշխարհում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ և կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ռազմական համագործակցության մի շարք հարցեր:
10:45 - 09 հունիսի, 2021
ԱՊՀ դիտորդական խմբում ընդգրկված կլինի շուրջ 70 դիտորդ |armenpress.am|

ԱՊՀ դիտորդական խմբում ընդգրկված կլինի շուրջ 70 դիտորդ |armenpress.am|

armenpress.am: Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեի դիտորդական առաքելություն իրականացնող խումբը սկսել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ կապված իր մոնիթորինգային աշխատանքը: Հունիսի 1-ին այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության խմբի անդամ, ԱՊՀ գործադիր կոմիտեի բաժնի պետ Եվգենի Կոզյակը: «Հենց նոր հանդիպում ունեցանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, և այսօրվանից մեր խումբը սկսել է արտահերթ ընտրությունների անցկացման հետ կապված իր դիտորդական աշխատանքը: Տեղեկացնեմ, որ ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարն է Իլհոմ Նեմատովը, ով ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ-գործադիր քարտուղարն է: Նա կժամանի Հայաստան հունիսի 16-ին, իսկ մինչ այդ մենք որպես երկարաժամկետ դիտորդներ մոնիթորինգ կիրականացնենք ընտրությունների կազմակերպման հետ կապված»,- ասաց Կոզյակը: Նա նշեց, որ ընդհանուր ԱՊՀ դիտորդական առաքելության խմբում ընդգրկված կլինի 70 դիտորդ: «Մենք կիրականացնենք մոնիթորինգ ընտրությունների օրը ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև տարբեր մարզերում: Եվ ընտրությունների ավարտից հետո հաջորդ օրը կհրավիրենք մամուլի ասուլիս, որտեղ դիտորդական առաքելության ղեկավարը և անդամները կներկայացնեն իրենց եզրակացությունները»,- հավելեց Կոզյակը: Հարցին՝ ինչպես են գնահատում արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպչական աշխատանքները, Կոզյակը պատասխանեց, որ սեղմ ժամկետներում շատ մեծ և ծանրաբեռնված աշխատանք է տարվել: «Դուք գիտեք, թե քանի քաղաքական ուժ է մասնակցում ընտրություններին՝ դա շատ է, ուստի ծանրաբեռված աշխատանք է տարվում կազմակերպողների համար»,- եզրափակեց Կոզյակը:
17:04 - 01 հունիսի, 2021
ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Բիշքեկում |armenpress.am|

ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Բիշքեկում |armenpress.am|

armenpress.am: Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Բիշքեկում: Այդ մասին հայտնել Է ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը՝ այսօր հանդես գալով Մինսկում անցկացվող ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում: Այդ մասին հաղորդել Է ԲԵԼՏԱ գործակալությունը: «Ղրղզական կողմի առաջարկությամբ կողմերը որոշում են ընդունել ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստն անցկացնել Բիշքեկում, 2021 թվականի նոյեմբերի 12-ին»,-ասել Է Սերգեյ Լեբեդեւը: Նա նաեւ տեղեկացրել Է, որ նեղ կազմով նիստում տեղի Է ունեցել հանգամանալից եւ բովանդակալից կարծիքների փոխանակում Անկախ պետությունների համագործակցության երկրների տնտեսական փոխգործակցության հրատապ հարցերի շուրջ: Նիստի մասնակիցները լայն ձեւաչափով կքննարկեն վարակիչ հիվանդությունների տարածմանը հակազդելու միջոցները, համագործակցության հարցերը ԱՊՀ-ի երկրների տարածքների սանիտարական պահպանման բնագավառում եւ Համագործակցության պետությունների բնակչության զբաղվածությանն աջակցելու ոլորտում:
15:38 - 28 մայիսի, 2021
Մհեր Գրիգորյանը ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին

Մհեր Գրիգորյանը ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին

 ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը մասնակցել է Մինսկում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից, Մհեր Գրիգորյանը նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նիստի մասնակիցների ուշադրությունը կենտրոնացրել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների վրա՝ նշելով, որ այն ինչ կատարվում է հայ-ադրբեջանական սահմանին, իր մեջ կրում է ակնհայտ սպառնալիքներ ամբողջ տարածաշրջանի և ի վերջո բոլորի համար:Փոխվարչապետի պաշտոնակատարը նաև ընդգծել է, որ միայն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ ու առանց վերապահումների դուրսբերումը, ինչպես նաև գերեվարված հայ զինծառայողների վերադարձը կարող է պայմաններ ստեղծել առաջացող հարցերը քաղաքական-դիվանագիտական գործիքակազմի շրջանակներում դիտարկելու համար:
14:39 - 28 մայիսի, 2021
ԱԺ-ն վավերացրեց թմրամիջոցների վերաբերյալ ԱՊՀ համաձայնագրում փոփոխություն կատարելու արձանագրությունը |armenpress.am|

ԱԺ-ն վավերացրեց թմրամիջոցների վերաբերյալ ԱՊՀ համաձայնագրում փոփոխություն կատարելու արձանագրությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը վավերացրեց «Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը: Այն խորհրդարանի նիստում ներկայացրել էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Կատարվող փոփոխությունները նպատակ ունեն կատարելագործելու թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի եւ դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում ԱՊՀ պետությունների միջև համագործակցությունը: Համաձայնագրում լրացվում են օգտագործվող հասկացությունների սահմանումները, նախատեսվում են ԱՊՀ մասնակից պետությունների միջև թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի, դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում համագործակցության առավել մանրամասն կարգավորումներ, պետությունների միջև տեղեկատվության փոխանակման կատարելագործմանն ուղղված դրույթներ: Փոփոխությունների արդյունքում նախատեսվում են իրավական հիմքեր` օպերատիվ հետախուզական եւ այլ միջոցառումների անցկացման նպատակով համատեղ օպերատիվ քննչական խմբեր ստեղծելու և օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակն ընդլայնելու վերաբերյալ: Արձանագրությունն արդեն ուժի մեջ է մտել Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի և Տաջիկստանի համար:
10:59 - 06 մայիսի, 2021
Պուտինի հետ Դոնբասում հանդիպելու Զելենսկու առաջարկը Մոսկվան համարել է խորամանկ հնարք |1lurer.am|

Պուտինի հետ Դոնբասում հանդիպելու Զելենսկու առաջարկը Մոսկվան համարել է խորամանկ հնարք |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Դոնբասում հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու առաջարկը փիար հնարք է և խորամանկություն, ինչը նշանակում է, որ Զելենսկին ցանկանում է իրեն և Ռուսաստանի ղեկավարին դնել նույն մակարդակի վրա: Այս մասին РИА Новости-ին ասել է Պետդումայի ԱՊՀ-ի կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Ավելի վաղ Զելենսկին Ռուսաստանի նախագահին առաջարկել էր «հանդիպել ուկրաինական Դոնբասի ցանկացած վայրում, որտեղ պատերազմ է ընթանում»: Զատուլինը Ուկրաինայի նախագահին առաջարկել է առաջին հերթին հանդիպել հակամարտության մյուս կողմի՝ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարների հետ՝ չբացառելով Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման հնարավորությունը: Արևմուտքը վերջերս անհանգստություն է հայտնել Ուկրաինայի արևելյան սահմանին և Ղրիմում ռուսական զորքերի տեղաշարժի կապակցությամբ: Ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը զորքերը տեղափոխում է իր տարածքում և իր հայեցողությամբ: Նրա խոսքով՝ դա չպետք է անհանգստացնի որևէ մեկին, քանի որ այն ոչ մեկին չի սպառնում:
15:35 - 21 ապրիլի, 2021
ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Երևանում ապրիլի 15-ին կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի և ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինի մասնակցությամբ: Այս մասին հայտնեցին ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:  Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանը և ՀԱՊԿ ձևաչափում համագործակցությանը վերաբերող արդիական թեմաների լայն շրջանակ, անդրադարձ է  կատարվել ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների որոշ ասպեկտների: Կողմերն ընդգծել են համակարգված մոտեցումների մշակման շարունակականության կարևորությունը՝ նշյալ բազմակողմ միավորումների կանոնադրական և պայմանագրային նպատակների արդյունավետ իրագործման համատեքստում: Խորհրդակցությունների արդյունքները պատվիրակությունների ղեկավարները ներկայացրել են ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հաջորդիվ կայացած հանդիպմանը:
16:28 - 15 ապրիլի, 2021
Ադրբեջանը պարտավոր է հայրենիք վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց․ Վալենտինա Մատվիենկոն ասել է Արարատ Միրզոյանին

Ադրբեջանը պարտավոր է հայրենիք վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց․ Վալենտինա Մատվիենկոն ասել է Արարատ Միրզոյանին

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:    Ողջունելով Արարատ Միրզոյանին՝ Վալենտինա Մատվիենկոն կարեւորել է երկկողմ հանդիպումների վերականգնումը՝ չնայած նոր կորոնավիրուսային համավարակին: ԴԽ խոսնակը գոհունակություն է հայտնել երկու խորհրդարանների միջեւ առկա երկխոսության վերաբերյալ եւ վստահություն է հայտնել, որ տարբեր ձեւաչափերով փոխգործակցությունը համավարակի հաղթահարմանը զուգահեռ էլ ավելի կակտիվանա: Վալենտինա Մատվիենկոն կարեւորել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումը եւ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների ներկայությունը, ինչը կրակի դադարեցման ռեժիմի ապահովման կարեւորագույն գրավական է: Նա վերահաստատել է ռուսական կողմի տեսակետը, որ ադրբեջանական կողմը պարտավոր է հայրենիք վերադարձնել բոլոր ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց: Անդրադարձ կատարելով ԱՊՀ ՄԽՎ գործունեությանը՝ Մատվիենկոն բարձր է գնահատել կազմակերպությունում հայ պատգամավորների աշխատանքի արդյունավետությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արարատ Միրզոյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական բնույթ կրող հարաբերությունները շարունակում են կայուն զարգացում ապրել տարբեր ոլորտներում:Նա իր ռուս գործընկերոջը ներկայացրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո արցախյան հակամարտության շուրջ առկա իրավիճակը՝ բարձրացնելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց անհապաղ հայրենիք վերադարձնելու հարցի կարեւորությունը: ԱԺ նախագահը հավելել է, որ ադրբեջանական կողմի նման քայլերն անբարենպաստ մթնոլորտ են ստեղծում տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքների համար: Կողմերը քննարկման ընթացքում համաձայնություն են ձեռք բերել Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության իրականացման վերաբերյալ:Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը Վալենտինա Մատվիենկոյին շնորհել է Ազգային ժողովի ոսկե մեդալ՝ երկու երկրների միջխորհրդարանական կապերի ամրապնդման եւ Մարալ Նաջարյանին ադրբեջանական գերությունից ազատման գործում ունեցած կարեւորագույն ներդրման համար:
16:01 - 15 ապրիլի, 2021
Արա Այվազյանը շեշտել է Ադրբեջանի պատանդառության տակ գտնվող հայ գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը

Արա Այվազյանը շեշտել է Ադրբեջանի պատանդառության տակ գտնվող հայ գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը

Մոսկվայում ապրիլի 2-ին տեղի ունեցավ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:  Նիստի քննարկման առանցքում են եղել ԱՊՀ շրջանակներում մասնակից պետությունների միջև փոխգործակցության ամրապնդմանը, կառույցի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին և մի շարք ոլորտային ծրագրերին առնչվող հարցեր:    Խորհրդի նիստի շրջանակներում նեղ կազմով գումարված հանդիպման ընթացքում մասնակից պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են տարածաշրջանային արդի հարցերին, ինչպես նաև հավանություն են տվել Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 80-ամյակի կապակցությամբ Համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդներին և համաշխարհային հանրությանն ուղղված՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հայտարարության մասին որոշման նախագծին:   Իր խոսքում անդրադառնալով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի խորհրդին՝ նախարար Այվազյանը նշել է, որ «այն նաև հստակ կոչ է՝ կառուցելու խաղաղություն՝ առանց պատերազմների, հակամարտությունների և բռնության»: Տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի համատեքստում նախարար Այվազյանը նիստի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ թուրք-ադրբեջանական 44-օրյա ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրության վրա: Այս համատեքստում հանգամանալից ներկայացվել են Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների ընթացքում իրականացված բազմաթիվ պատերազմական հանցագործությունները՝ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորումը, ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքը՝ ընդգծելով, որ այդ գործողություններն ուղղված էին Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը իր պատմական հայրենիքում:  Նախարար Այվազյանն անդրադարձել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման ընթացքին՝ շեշտելով Ադրբեջանի պատանդառության տակ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խորհրդի նիստին բարձրացրել է նաև հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի աղաղակող փաստերի հարցը: Այս համատեքստում նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից հերթական մշակութային ցեղասպանության անթույլատրելիությունը՝ նշելով, որ հայկական եկեղեցիների ավերակների վրա հաշտության և խաղաղության հաստատումն անհնար է:  Ամփոփելով իր խոսքը՝ Արա Այվազյանը նշել է, որ տարածաշրջանում հարատև և կայուն խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով՝ հիմնված միջազգային իրավունքի, ժողովուրդների ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքների վրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության  ձևաչափի շրջանակներում: Նիստի շրջանակներում ԱԳ նախարարները ստորագրել են և հավանություն տվել տարբեր ուղղություններով ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթերին, այդ թվում՝ Արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև բազմամակարդակ խորհրդակցությունների ծրագրի կատարման մասին արձանագրային որոշումը, 2021-2030թթ. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության զարգացման ռազմավարության իրականացման՝ 2021-2023թթ. միջոցառումների ծրագիրը, 2021-2030թթ. Զբոսաշրջության ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության, զարգացման ռազմավարության իրականացման՝ 2021-2023թթ. միջոցառումների ծրագիրը: Խորհրդի նիստի շրջանակներում մասնակիցները ներկա են գտնվել Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսին:
17:29 - 02 ապրիլի, 2021
Լավրովն ամփոփել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի աշխատանքները |armenpress.am|

Լավրովն ամփոփել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի աշխատանքները |armenpress.am|

armenpress.am: ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը լավ հնարավորություն էր գնահատելու նախորդ 30 տարիների ընթացքում կատարված աշխատանքն ու նախանշելու հետագա աշխատանքի հստակ ուղղությունները: Այս մասին ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հիշեցնելով, որ այս տարի կառույցը տոնում է իր 30-րդ տարեդարձը: Նա հայտնել է, որ արտաքին քաղաքականության տեսանկյունից կարևոր էր ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գերատեսչությունների միջև համագործակցության ակտիվացման ծրագրի կատարման ընթացքի ուսումնասիրումը: Լավրովը հիշեցրել է, որ այս եռամյա ծրագիրն ընդունվել  էր նախորդ տարի՝ Թուրքմենստանի նախաձեռնությամբ: «Պայմանավորվել ենք շարունակել համատեղ հայտարարությունների ընդունման պրակտիկան՝ միջազգային կազմակերպություններում տարածելու նպատակով: Դրա թարմ օրինակը մարտի 18-ին ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների կողմից միջազգային իրավունքի ամրապնդման մասին               հայտարարության ընդունումն էր, որը մենք շատ ակտուալ ենք համարում մի իրավիճակում, երբ որոշ արևմտյան երկրներ փորձում են միջազգային իրավունքը փոխարինել կանոնների վրա հիմնված ինչ-որ կարգերով»,- նշել է ՌԴ արտգործնախարարը: Նա հայտարարել է, որ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում պայմանավորվածության են եկել կոորդինացնել քայլերը տարբեր բազմակողմ հարթակներում՝  այդ թվում և ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլն: Լավրովը տեղեկացրել է նաև, որ ապրիլի 2-ի նիստում հաստատել են հանցավոր եկամուտների լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, զանգվածային ոչնչացման զենքի տարածման հակազդման համաձայնագրի նախագիծը: «Ընդունել ենք նաև մի շարք որոշումներ ռազմական, հումանիտար ոլորտներում, այդ թվում և համագործակցություն երիտասարդական փոխանակումների, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում»,- հայտնել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
16:06 - 02 ապրիլի, 2021