Արտակ Բեգլարյան

Արտակ Արտյոմի Բեգլարյանը (հուլիսի 5, 1988Ստեփանակերտ) 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

2012-2013 թթ․ եղել է ԱՀ վարչապետի օգնականը։ 2014-2017 թթ․ դասավանդում էր Արցախի պետական համալսարանում։ 2013 -2017 թթ․ ԱՀ վարչապետի մամուլի քարտուղարն էր: 2017 թ․ նոյեմբերի 1-ից նշանակվել է Արցախի պետական նախարարի խորհրդական: 2018 թ․ փետրվարի 1-ից նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար: 2018 թ․ հոկտեմբերի 31-ին ընտրվել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան։ 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

Արցախի պետնախարարը ներկայացրել է իր հիմնական անելիքները նոր կարգավիճակում

Արցախի պետնախարարը ներկայացրել է իր հիմնական անելիքները նոր կարգավիճակում

ԱՀ նորանշանակ պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով իր հիմնական անելիքները նոր կարգավիճակում։ «Ինչպես արդեն հրապարակվել է, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով նշանակվել եմ պետական նախարար՝ ազատվելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Նոր կարգավիճակում համակարգելու եմ չորս նախարարների գործունեություն՝ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար, առողջապահության նախարար, արդարադատության նախարար, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։ Բացի դրանից, պետական նախարարի կառավարման ոլորտում է գտնվում բնապահպանության կոմիտեն: Շնորհակալ եմ Հանրապետության նախագահին՝ ցուցաբերված վստահության համար, վստահություն, որը թույլ կտա ինձ էլ ավելի արդյունավետորեն ծառայեցնել իմ ներուժը Հայրենիքին ու ժողովրդին: Նախ, կուզեի անդրադառնալ Նախագահի աշխատակազմի ղեկավարի կարգավիճակում իմ հնգամսյա աշխատանքին: Այդ պաշտոնը ստանձնելով հետպատերազմյան ծանր շրջանում՝ այս ողջ ընթացքում հնարավորինս կատարել եմ իմ լիազորությունների պատշաճ իրականացման ուղղությամբ: Իհարկե, իմ աշխատանքի գնահատականը ես չպետք է հնչեցնեմ, սակայն ինձ համար ամենակարևորն այն է, որ այդ դժվար պայմաններում ու կարևորագույն դիրքում պահել եմ իմ սկզբունքները և ծառայել եմ պետությանը անմնացորդ ու անշահախնդիր կերպով: Ի լրումն Հանրապետության նախագահին վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ ապահովմանն ուղղված ամենօրյա աշխատանքների՝ ես, նախագահ Հարությունյանի հանձնարարությամբ ու գործուն աջակցությամբ, նաև ձգտել եմ մի շարք ինստիտուցիոնալ բարեփոխումներ կատարել և՛ Նախագահի աշխատակազմում, և՛ պետական կառավարման համակարգում: Թեև իմ ծրագրերի մի զգալի մասը չեմ կարողացել հասցնել որոշակի կիրառական հանգրվանի գլխավորապես կարճ ժամկետի ու իմ ծանրաբեռնվածության պատճառով, սակայն կուզեի հակիրճ թվարկել հիմնական ծրագրերն ու ընթացիկ արդյունքները. 1. Հետադարձ կապի համակարգ. Նախագահի աշխատակազմի և քաղաքացիների միջև հետադարձ կապի պրոֆեսիոնալ մեխանիզմների ներդրման նպատակով հիմնել ենք ընդունելությունների ու զանգերի բաժինը՝ ներդնելով զանգի կենտրոնի էլեկտրոնային համակարգ և կազմակերպելով աշխատակիցների վերապատրաստումներ: Այդ ինստիտուցիոնալ բարեփոխման միջոցով նպատակ ունենք ոչ միայն մատչելի ու արհեստավարժ կերպով իրազեկել քաղաքացիներին պետական ծրագրերի մասին և հնարավորության դեպքում լուծել իրենց անհատական խնդիրները, այլ նաև վերհանել համակարգային խնդիրները և հասցնել որոշում կայացնողներին ու կատարողներին՝ կանխելով բազմաթիվ նոր անհատական խնդիրների առաջացումը: Կարող եմ ասել, որ այդ բարեփոխումն ընդհանուր առմամբ հաջողվել է, և պետք է այդ մոտեցումը միասնական կերպով կիրառել ողջ պետական կառավարման համակարգում: 2. Արտաքին աջակցության համակարգում. Հատկապես հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված առ այսօր խնդիր կա արդյունավետ կերպով համակարգելու մարդասիրական աջակցության ծրագրերն ու կապերն արտաքին (հայկական ու միջազգային) գործընկերների հետ: Զգալի նախապատրաստական աշխատանք ենք կատարել ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրման ուղղությամբ, սակայն, ցավոք, չենք հասցրել լիովին ավարտել բարեփոխումը, քանի որ դա ենթադրում է մեծածավալ ջանքերի ու ռեսուրսների ներգրավում: Այդ մասով շուտով շոշափելի ու տեսանելի արդյունքներ կլինեն, որոնք թույլ կտան և՛ ավելի արդյունավետորեն օգտագործել առկա արտաքին ռեսուրսները, և՛ ներգրավել նոր ռեսուրսներ սփյուռքյան ու միջազգային կազմակերպություններից: 3. Պետական տեղեկատվական քաղաքականության համակարգում. Նախագահի աշխատակազմը, որպես տեղեկատվական քաղաքականության համակարգման մարմին, խնդիր ունի նշանակալի բարեփոխումներ իրականացնելու այդ ոլորտում: Այս ժամանակահատվածում հասցրել ենք որոշակի բարելավումներ կատարել նշված ուղղությամբ, սակայն արդյունքները դեռևս գոհացուցիչ չեն՝ մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված: Այնուամենայնիվ, բավարար դրական նախապայմաններ են ձևավորվել այդ ոլորտում ևս հիմնարար բարեփոխման համար, որը ժամանակատար ու ռեսուրսատար աշխատանք է: 4. Պետական կառավարման համակարգի ընթացակարգերի ու ծառայությունների թվայնացում. Որոշակի աշխատանքներ ենք կատարել այս ուղղությամբ: Մասնավորապես, մի քանի մարմիններում ներդրել ենք էլեկտրոնային փաստաթղթաշարժի «Մալբրի» համակարգ, ինչպես նաև նախապատրաստել ենք թվայնացմամբ զբաղվող պետական լիազոր մարմնի ստեծման բոլոր փաստաթղթերը, և առաջիկա օրերին պաշտոնապես կհիմնվի այդ մարմինը, որն արդեն պրոֆեսիոնալ ու կանոնավոր կերպով կզբաղվի թվայնացման ծրագրերով: Արդյունքում, համոզված եմ, զգալիորեն կաճի պետական բազմաթիվ գործառույթների կատարման արդյունավետությունը և կբարելավվի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը: 5. Մարդկային ռեսուրսների կառավարման համակարգ. Սա կհամարեի ամենահիմնարար ուղղությունը, քանի որ բազմաթիվ խնդիրներ վերջին հաշվով պայմանավորված են հենց մարդկային ռեսուրսներով ու դրանց կառավարմամբ: Քանի որ ամենաբարդ ոլորտն է, հասցրել ենք միայն նախապատրաստական աշխատանքներ կատարել Նախագահի աշխատակազմում օրինակելի բարեփոխումներ իրականացնելու համար: Այնուամենայնիվ, դեռևս խնդիր կա խորությամբ գնահատելու առկա իրավիճակը և համապարփակ բարեփոխումներ պլանավորելու այս բնագավառում: Բացի նշված ծրագրերից, իհարկե, կանոնավոր կապ եմ պահել տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ և իմ լիազորությունների ու կարողությունների սահմաններում աջակցել ոլորտային ծրագրերի իրականացմանը: Այդ ողջ աշխատանքներում կարևորագույն դերակատարություն ուներ նախագահ Հարությունյանի վստահությունն ու աջակցությունը, ինչպես նաև նախագահի աշխատակազմի աշխատակիցների բարեխիղճ աշխատանքը: Ուստի, մեծապես երախտապարտ եմ նրանց և բոլոր գործընկերներիս ու աջակիցներիս՝ այս դժվարին ժամանակաշրջանում համատեղ կատարված բոլոր աշխատանքների համար, և գրանցված հաջողությունները համարում եմ բոլորինս: Նաև կուզեի ներողություն հայցել բոլոր այն քաղաքացիներից ու գործընկերներից, ում սպասումները չեմ կարողացել արդարացնել. հավաստիացնում եմ, որ սրտանց աշխատել եմ ուժերիս ներածին չափով, և իմ բացթողումներն ու սխալներն ամենևին դիտավորյալ բնույթ չեն կրել: Իսկ ահա սխալներն ու բացթողումները համարում եմ առաջնահերթորեն իմը՝ որպես մարմնի ղեկավար: *** Այժմ հակիրճ ներկայացնեմ իմ հիմնական անելիքները նոր կարգավիճակում: Արդեն նշել եմ իմ համակարգման ներքո գտնվող չորս նախարարությունները, որոնցից յուրաքանչյուրն ընդգրկում է ծավալուն համակարգեր ու հիմնախնդիրներ: Ուստի, հսկայական աշխատանք կա կատարելու այդ նախարարությունների թիմերի հետ միասին, և դրանք կբաժանեի երկու հիմնական մասի՝ ըստ ժամանակային չափանիշի. 1. Պատերազմի հետևանքներով պայմանավորված խնդիրների լուծում. Գաղտնիք չէ, որ հետպատերազմյան բազմաթիվ հիմնախնդիրներ առնչվում են նշված հինգ մարմինների գործառույթներին, և Հանրապետության նախագահի հանձնարարությամբ առաջնահերթ ուշադրության տակ եմ պահելու այդ հիմնախնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները, ներառյալ՝ բնակարանային, սոցիալական, առողջապահական, կրթական, բնապահպանական և մի շարք այլ հարցեր: 2. Երկարաժամկետ բարեփոխումների իրականացում. Բոլոր ոլորտներն էլ ակնհայտորեն հիմնարար ու ինստիտուցիոնալ բարեփոխումների կարիք ունեն, և ես նախատեսում եմ ընթացիկ ու օպերատիվ խնդիրների լուծմանը զուգահեռ աշխատանքներ մեկնարկել առկա իրավիճակի պրոֆեսիոնալ գնահատման ու խնդիրների ախտորոշման ուղղությամբ: Դրանց արդյունքների հիման վրա պլանավորելու և իրականացնելու ենք համապատասխան բարեփոխումներ՝ ներգրավելով բոլոր կարող ուժերին՝ թե՛ Արցախից, թե՛ ՀՀ-ից ու Սփյուռքից: Այդ բարեփոխումների նպատակն է լինելու ապահովել այնպիսի պայմաններ, որ, անկախ անձերից ու իրավիճակից, պետական ինստիտուտները լուծեն ու կանխարգելեն խնդիրներ, ավելորդ դժվարություններ չստեղծեն քաղաքացիների համար, խթանեն քաղաքացիների ու պետության բազմակողմանի ու կայուն զարգացումը և այլն: Յուրաքանչյուր ոլորտում կոնկրետ անելիքների մասին ժամանակի ընթացքում հրապարակայնորեն կխոսեմ, նաև կքննարկենք հանրության տարբեր շրջանակների հետ ու համատեղ ջանքերով առաջ կգնանք: Այդ ճանապարհին ես առաջնորդվելու եմ մի շարք սկզբունքներով, մասնավորապես՝ սկզբունքայնությամբ, թափանցիկությամբ ու հանրային երկխոսությամբ, ջանասիրությամբ, պահանջկոտությամբ, արդարամտությամբ, համագործակցայնությամբ, նախաձեռնողականությամբ, համակարգայնությամբ և այլն: Մի խոսքով, ասելիքը բավականին շատ է, սակայն մանրամասներին այլ առիթներով կանդրադառնամ պարբերաբար: Վերջում կուզեի շնորհակալություն հայտնել նախորդ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին իր արհեստավարժ ու բարեխիղճ աշխատանքի համար և նշել, որ իրենից հետո պաշտոնավարելը պատվաբեր ու դժվարին գործ է: Ուրախ եմ, որ պարոն Մարտիրոսյանը որոշել է ապրել և գործել Արցախում՝ ի սպաս Հայրենիքի զարգացման: Ես աներկբայորեն պատրաստ եմ ցանկացած ծանրության ու պատասխանատվության, եթե դա դույզն ինչ օգտակար կլինի իմ Հայրենիքին ու ժողովրդին: Ի ԳՈ՛ՐԾ…»,- գրել է նա։
09:07 - 03 հունիսի, 2021
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախի նոր պետական նախարարին

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախի նոր պետական նախարարին

Նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին այցելել է Արցախի Հանրապետության պետնախարարի աշխատակազմ և կառավարության անդամներին ու պետնախարարի աշխատակազմի աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ պետական նախարար Արտակ Բեգլարյանին: Իր խոսքում երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գրիգորի Մարտիրոսյանին, ով աշխատանքից ազատվելուց հետո շարունակելու է իր գործունեությունն Արցախում՝ ֆինանսատնտեսական ոլորտում:  Արայիկ Հարությունյանը կարևորել է հատկապես պատերազմական և հետպատերազմյան ճգնաժամային կառավաման գործում Գրիգորի Մարտիրոսյանի դերը՝ համոզմունք հայտնելով, որ նա այսուհետ ևս կաջակցի վերականգնման ու սոցիալական աշխատանքներին զուգահեռ նախատեսվող տնտեսական և զարգացման ծրագրերի իրականացմանը: Ներկայացնելով նոր պետական նախարարին՝  Արայիկ Հարությունյանը նշել է, որ նա համակարգելու է աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի, առողջապահության, արդարադատության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարների գործունեությունը, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված օրենսդրական բարեփոխումների ընթացքը:  
15:35 - 02 հունիսի, 2021
Արտակ Բեգլարյանը բարերար Ալեք Բաղդասարյանի հետ քննարկել է սոցիալական ու կրթական մի շարք նախագծեր

Արտակ Բեգլարյանը բարերար Ալեք Բաղդասարյանի հետ քննարկել է սոցիալական ու կրթական մի շարք նախագծեր

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը մայիսի 12-ին ընդունել է բարերար, Հայ կրթական հիմնարկության հոգաբարձուների խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Արտակ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել բարերարին Արցախի զարգացման գործում նրա ակտիվ ու հետևողական մասնակցության համար՝ համոզմունք հայտնելով, որ այն կկրի շարունակական բնույթ նաև հետպատերազմյան ժամանակահատվածում։ Քննարկվել են Արցախի կրթության և սոցիալական աշխատանքի ոլորտներում նախատեսվող մի շարք նախագծեր և Հայ կրթական հիմնարկության աջակցության հնարավորությունները: Քննարկված նախագծերը վերաբերել են, մասնավորապես, սոցիալական աշխատողների պատրաստմանը և համապատասխան ծառայությունների ներդրմանը, երկարօրյա հանրակրթության համակարգի անցնող որոշ դպրոցների վերանորոգմանը, տեխնոլոգիական կրթության խթանմանը և մի շարք այլ ուղղությունների: Երկուստեք ընդգծվել է քննարկված նախագծերի կարևորությունը հասարակության հետպատերազմյան սոցիալ-հոգեբանական վերականգնման, սոցիալական և կրթական համակարգերի բարեփոխման գործում:
15:30 - 12 մայիսի, 2021
Համոզված եմ՝ շուտով արդյունքները տեսանելի կլինեն արցախցիների համար. Արտակ Բեգլարյան

Համոզված եմ՝ շուտով արդյունքները տեսանելի կլինեն արցախցիների համար. Արտակ Բեգլարյան

ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև. «Դիլիջանի միջազգային դպրոցում կարևոր ու օգտակար համաժողով էր կազմակերպվել՝ «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից և ԱՀ կառավարության աջակցությամբ:   Ես ներկայացրեցի 44-օրյա պատերազմի մարդասիրական հետևանքներն ու վնասները, կառավարության կողմից իրականացվող ու նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև արտաքին աջակցության հիմնական սկզբունքները:   Միջոցառման ընթացքում կազմակերպվել են չորս աշխատարաններ, որտեղ ԱՀ կառավարության անդամները, տասնյակ գործընկեր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու աշխարհի տարբեր երկրներից ոլորտային առաջատար մասնագետներ քննարկել են Արցախի առողջապահության, կրթության, մշակույթի, տնտեսական ու սոցիալական ոլորտներում առկա խնդիրները, միջնաժամկետ ու երկարաժամկետ կարիքները, ինչպես նաև նախանշել են դրանց լուծմանն ուղղված հետագա ծրագրերի ուղղություններն՝ ըստ առաջնահերթությունների ու կարողությունների:   Համաժողովին մասնակցող վեց նախարարներն առանձին ելույթներ են ունեցել ոլորտային աշխատարաններում՝ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների ու փորձագետների հետ քննարկելով Արցախի վերականգնմանն ու զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի հնարավորությունները:   Շնորհակալություն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը և բոլոր մասնակից կազմակերպություններին ու անձանց՝ արժեքավոր քննարկումների համար: Համոզված եմ, որ շուտով արդյունքները տեսանելի կլինեն արցախցիների համար»: 
22:30 - 04 մայիսի, 2021
Արտակ Բեգլարյանը ներկայացրել է պատերազմի հետևանքով Արցախի  կրած սոցիալ- տնտեսական վնասները

 |armenpress.am|

Արտակ Բեգլարյանը ներկայացրել է պատերազմի հետևանքով Արցախի կրած սոցիալ- տնտեսական վնասները |armenpress.am|

armenpress.am: Անցած տարվա սպետեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերջում  շուրջ 110 հազար մարդ է տեղահանվել Արցախից, իսկ հետպատերազմյան շրջանում ՝ 39 հազար մարդ։ Այս մասին տեղեկացրեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության  «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով  համաժողովի ընթացքում ներկայացնելով պատերազմի հետևանքով Արցախի կրած վնասները։ «Հիմա 39 հազար անձ ոչ միայն տեղահանված է, այլ նաև անօթևան է ու բազմաթիվ կարիքներ ունի՝ կրթական, հոգեկան, առողջական և այլն։ Բացի տեղահանվածներից, ունենք զոհված անձանց ընտանիքներ ու վիրավորներ, անհայտ կորածներ, գերիներ, որոնք բոլորը տարբեր կարիքներ ունեն՝ և՛ սոցիալական բնույթի, և՛ առողջական»,- ասաց Բեգլարյանը՝ հավելելով, որ այդ ամենը պետության և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության  հոգածության ներքո է։ Նրա խոսքով՝ վնասների ու կարիքների գնահատման լրացուցիչ ուսումնասիրություններ իրականացվում են Արցախի կառավարության և տարբեր մասնագիտական խմբերի կողմից, որոնք ավելի պրոֆեսիոնալ կերպով զեկույցներով ամփոփելու և ներկայացնելու են դրանք։ Անդրադառնալով տարածքային ու ենթակառուցվածքային վնասներին՝ ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը մանրամասնեց, որ Արցախի 228 համայնքներից 120-ն ընկել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ «Այս համայնքները նշանակում են  նաև ենթակառուցվածքներ, տնտեսական հնարավորություններ։ Մեր վերահսկողության տակ մնացած համայնքներում բազմաթիվ ենթակառուցվածքային վնասներ են եղել՝ ոչնչացվել են բնակելի տներ, տնտեսական նշանակության ենթակառուցվածքներ, էլեկտրամատակարարման, գազամատակարարման կապի և ճանապարհային ենթակառուցվածքներ և այլն։ Սրանք լրացուցիչ հումանիտար խնդիրներ են առաջացրել և առայսօր առաջացնում են»,- ասաց Բեգլարյանը։ Խոսելով պատերազմի հետևանքով կրած տնտեսական վնասների մասին՝ նա նշեց, որ Արցախի ՀՆԱ-ն 2019 թվականին կազմել է ավելի քան 342 միլիարդ դրամ, 2020-ին՝ կորոնավիրուսային համավարակի և պատերազմի հետևանքով ՀՆԱ-ն նվազել է 22,4 տոկոսով՝ կազմելով  270 մլրդ 900 միլիոն դրամ, իսկ 2021 թվականի համար կանխատեսվում է 224 մլրդ 5 մլն դրամ, որը շուրջ 35 տոկոսով ցածր է 2019 թվականի ցուցանիշից։ «Սա ինքնին արդեն բավականին մեծ հետևանք է և  առաջացնում է մարդասիրական, սոցիալական և այդպիսի բազմաթիվ խնդիրներ»,- նշեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարը՝ հավելելով, որ Արցախի և Հայաստանի կառավարությունների , ինչպես նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ու այլ գործընկերների  կողմից տարբեր ջանքեր գործադրվում են դրանց լուծման համար։
17:58 - 02 մայիսի, 2021
Կարմիր շուկա համայնքում մեկնարկել են ավելի քան 100 բնակարանանոց նոր թաղամասի շինարարական աշխատանքները

Կարմիր շուկա համայնքում մեկնարկել են ավելի քան 100 բնակարանանոց նոր թաղամասի շինարարական աշխատանքները

Արցախի Կարմիր շուկա համայնքում մեկնարկել են ավելի քան 100 բնակարանանոց նոր թաղամասի շինարարական աշխատանքները։ «Երկու օր առաջ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ու գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի հետ միասին այցելել ենք Թաղավարդ ու Կարմիր շուկա համայնքներ: Ծանոթացել ենք գյուղերի անվտանգային պայմաններին, տեղահանվածների հիմնախնդիրներին և զրույցներ ենք ունեցել մի խումբ բնակիչների հետ: Շփումների արդյունքում մեզ համար ավելի հստակ են դարձել առկա հիմնախնդիրներն ու բնակիչների մտահոգությունները, ես նրանց եմ փոխանցել տարբեր հարցերի շուրջ գործադիր իշխանության մոտեցումներն ու առաջիկա ծրագրերը: Ուրախալի էր արձանագրել, որ առկա մտահոգությունների ու մարտահրավերների պայմաններում գրեթե ոչ մի դատարկ տուն չկար, և տեղի բնակիչները շարունակում են կյանքը պլանավորել հայրենի գյուղերում»,- ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը: Բեգլարյանը նշել է՝ ամենակարևոր նորությունն այն էր, որ Կարմիր շուկա համայնքում արդեն մեկնարկել են տեղահանվածների համար կառուցվող՝ ավելի քան 100 բնակարանանոց նոր թաղամասի շինարարական աշխատանքները: Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ բետոնային հիմքերի կառուցմանը զուգահեռ արագորեն տեղադրվելու են արագ հավաքովի տներ, և, հույս հայտնել, որ կարճ ժամկետում թաղամասը պատրաստ կլինի բնակեցվելու համար:
21:50 - 29 ապրիլի, 2021
Մեր իրացված ինքնորոշման իրավունքը պետք է ամբողջությամբ և միջազգային մակարդակով ճանաչվի․ Ստեփանակերտի պատասխանը՝ Ալիևին |tert.am|

Մեր իրացված ինքնորոշման իրավունքը պետք է ամբողջությամբ և միջազգային մակարդակով ճանաչվի․ Ստեփանակերտի պատասխանը՝ Ալիևին |tert.am|

tert.am: Արցախի Հանրապետությունը չի կարող լինել Ադրբեջանի մաս։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ փետրվարի 26-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում արած այն հայտարարությանը, թե Արցախի կարգավիճակի հարցը պետք է դուրս գա քաղաքական օրակարգից։ «Արցախի Հանրապետությունը չի կարող լինել Ադրբեջանի մաս, չի կարող լինել որևէ ինտեգրում, և մեր ժողովուրդը չի կարող ապրել մեր սեփական երկրում որպես «Ադրբեջանի քաղաքացի»: Մեր իրացված ինքնորոշման իրավունքը պետք է ամբողջությամբ և միջազգային մակարդակով ճանաչվի»,- գրել է Արտակ Բեգլարյանը։ ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը հակազդել է նաև Ալիևի՝ գերիների մասին այն պնդումներին, թե իբր Ադրբեջանում գտնվում են միայն ահաբեկիչները, և պաշտոնական Բաքուն վերադարձրել է բոլոր գերիներին և զոհվածների մարմինները: «Ալիևը ստում է, քանի որ Ադրբեջանը պահում է ոչ միայն հետպատերազմյան շրջանում գերեվարվածներին, այլ նաև՝ պատերազմական ժամանակաշրջանում գերեվարված քաղաքացիական անձանց (ներառյալ կանայք և տարեցներ) և բազմաթիվ ռազմագերիների՝ անհերքելի ապացույցներով: Ինչ վերաբերում է հետպատերազմյան ժամանակաշրջանում Խծաբերդում գերեվարված 62 անձանց, ապա նրանք ոչ մի մարտում չեն ներգրավվել»,- գրել է Բեգլարյանը: Ըստ պաշտոնիայի՝ Ադրբեջանը խոշտանգելով բանտում սպանել է որոշ գերիների՝ հավանաբար նկատի ունենալով Ալիևի կողմից ներկայացված Միշա Մելքումյանի և այլ դեպքերը: «Հայատյացության մակարդակը Ալիևի խոսքում շարունակական է, ինչը խաղաղ տրամադրությունների նշան չէ: Հայերի նկատմամբ քսենոֆոբիան Ադրբեջանի հասարակության մեջ ունի խորը, տարածված և ագրեսիվ դրսևորումներ, որոնք հստակ խրախուսվում են իշխանությունների և հենց նախագահի կողմից»,- ընդգծել է Արտակ Բեգլարյանը։ «Եթե Ալիևն ասում է, թե իբր ոչ մի ապացույց չի հայտնաբերվել Ադրբեջանի կողմից վարձկանների ներգրավման վերաբերյալ, ապա ի՞նչ կասեք կալանավորված վարձկանների, նրանց վկայությունների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իրանի և այլ երկրների կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցված հայտարարությունների մասին: Նա կարծես ասում է աշխարհին. «Մենք արեցինք, բայց դուք չկարողացաք ապացուցել»»,- եզրահանգում է Բեգլարյանը:
14:38 - 27 փետրվարի, 2021
ԱՀ կառավարության որոշմամբ աճուրդի դրված ծառայողական 9 մեքենաների մեկնարկային գնի հանրագումարը մոտ 150 մլն դրամ է. Բեգլարյան

ԱՀ կառավարության որոշմամբ աճուրդի դրված ծառայողական 9 մեքենաների մեկնարկային գնի հանրագումարը մոտ 150 մլն դրամ է. Բեգլարյան

Օրեր առաջ ԱՀ կառավարության որոշմամբ բաց աճուրդի է դրվել բարձր դասի ծառայողական 9 մեքենա, որից 5-ը՝ TOYOTA LC 150, իսկ 4-ը՝ TOYOTA LAND CRUISER 200 մակնիշի: Այդ մեքենաները պատկանում էին ԱՀ նախագահի ու Ազգային ժողովի աշխատակազմերին, գլխավոր դատախազությանը, ներքին գործերի նախարարությանը և մի քանի այլ գերատեսչությունների: Անկախ գնահատողի կողմից արձանագրված շուկայական արժեքները կիրառվելու են որպես աճուրդի մեկնարկային գին, որոնց հանրագումարը կազմել է մոտ 150 միլիոն դրամ: Բոլոր ցանկացողները կարող են սահմանված կարգով մասնակցել աճուրդին, որի համար պետք է դիմել պետական լիազոր մարմին՝ նյութում նշված կոնտակտային տվյալներով: Նախատեսվում է երկրորդ փուլով հիմնարար կերպով բարեփոխել ծառայողական մեքենաների համակարգը` տեղեկացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:
09:17 - 22 փետրվարի, 2021
Արցախի նախագահի աշխատակազմը քննարկում է կազմակերպել հումանիտար հարցերով սփյուռքյան կառույցների հետ

Արցախի նախագահի աշխատակազմը քննարկում է կազմակերպել հումանիտար հարցերով սփյուռքյան կառույցների հետ

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը փետրվարի 15-ին Երևանում կազմակերպել է հանդիպում–քննարկում սփյուռքյան կազմակերպությունների հետ՝ հետպատերազմյան Արցախի առջև ծագած մարտահրավերների և դրանց լուծման գործընթացների վերաբերյալ, որի բանախոսներն էին ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը և աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը մասնակցում էին Հայրենիքում գործունեություն ծավալող սփյուռքյան կառույցների մի խումբ ներկայացուցիչներ: Արտակ Բեգլարյանը ներկայացրել է Արցախում առկա հումանիտար իրավիճակը, կարիքներն ու ծրագրերը: «Հումանիտար կարիքներից առաջինը բնակարանայինն է, և արդեն բնակարանաշինության մի քանի խոշոր նախագծեր են մեկնարկել: Այնուհետև սոցիալական-կենցաղային կարիքներն են, որոնց մի մասն արդեն բավարարվել է: Վերականգնողական կարիքները ներառում են և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական վերականգնումը, որոնց բավարարման ուղղությամբ ծավալուն գործ կա անելու: Հարկ է հատուկ ուշադրություն դարձնել նաև ընտանիքների զարգացման կարիքներին՝ իրագործելով երկարաժամկետ զարգացման ծրագրեր: Վերջին կարևոր ուղղությունը ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումն է, որտեղ նշանակալի դեր պետք է ունենա համահայկական մասնագիտական ներուժի արդյունավետ իրացումը՝ Արցախում երկարաժամկետ ինստիտուցիոնալ զարգացում ապահովելու համար»,- նշել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը: Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ ԱՀ նախագահի աշխատակազմի կողմից աշխատանքներ են տարվում մարդասիրական ծրագրերի համակարգման ինստիտուցիոնալ արդյունավետ մեխանիզմների ներդրման ուղղությամբ, և ակնկալվում է բոլոր փորձառու կազմակերպությունների մասնակցությունն այդ բարեփոխման մեջ: Մանե Թանդիլյանը ներկայացրել է սոցիալական առկա կարիքները, կատարված աշխատանքները և ԱՀ ու ՀՀ պետական ծրագրերն այդ ուղղությամբ: Նա ընդգծել է, որ իր ղեկավարած նախարարության կողմից արդեն մեկնարկել է կարիքների գնահատման լայնածավալ ծրագիր, որի արդյունքները հիմք կդառնան պետական ու բարեգործական ծրագրերի հասցեականության ու արդյունավետության բարձրացման համար: Սա նման ձևաչափով առաջին համատեղ քննարկումն էր, որը տվեց իր գործնական արդյունքները տարբեր պայմանավորվածությունների տեսքով: Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես եկան նաև ԱՀ նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանը և ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ինչպես նաև տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում մասնակիցների միջև:
12:29 - 16 փետրվարի, 2021
Արցախում այս պահին բնակվում է 105-110 հազար արցախցի. Արտակ Բեգլարյան |armenpress.am|

Արցախում այս պահին բնակվում է 105-110 հազար արցախցի. Արտակ Բեգլարյան |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի հաշվարկներով` Արցախում այս պահին բնակվում է 105-110 հազար արցախցի, շուրջ 35-40 հազարն էլ դեռևս գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին փետրվարի 15-ին հրավիրված քննարկման ընթացքում ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը: «Մեր հաշվարկներով` այս պահին Արցախում է բնակվում 105-110 հազար արցախցի, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում է գտնվում շուրջ 35-40 հազար արցախցի, որոնց ճնշող մեծամասնությունը տեղահանված անձինք են: Նրանց մի մասը` գուցե 10 հազարից ոչ ավելին, անօթևան չմնացած անձինք են, որոնք իրենց անհատական որոշումն են կայացրել, որ չեն վերադառնում տուն»,- ասաց Բեգլարյանը: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով անօթևան մնացած և Արցախում պետական աջակցությամբ տարբեր կացարաններում տեղավորված անձինք մոտ 10 հազար են: «Արցախի Հանրապետությունում տեղավորված անձինք մոտ 10 հազարն են, որոնք տեղավորված են պետական կենտրոնացված կազմակերպման շինություններում` հյուրանոցներ, հյուրատներ, վարձակալությամբ են բնակվում պետական աջակցությամբ: Նաև տեղավորվել են տարբեր գյուղերի ազատ բնակարանային ֆոնդերում, դրան զուգահեռ աշխատանքներ են տարվում բնակարանային ֆոնդերը մեծացնելու ուղղությամբ»,- նշեց Արտակ Բեգլարյանը: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարն ընգծեց, որ պետության համար առաջնայինն արցախցիների վերադարձը խրախուսելն է:
14:40 - 15 փետրվարի, 2021
Կասկածներ կան, որ Ադրբեջանը մեր զոհերի մի մասին հուղարկավորել է․ Արտակ Բեգլարյան |hetq.am|

Կասկածներ կան, որ Ադրբեջանը մեր զոհերի մի մասին հուղարկավորել է․ Արտակ Բեգլարյան |hetq.am|

hetq.am: Արցախը միանշանակ ունենալու է պաշտպանական ինստիտուտ։ Այլ հարց է՝ կկոչվի բանակ, պաշտպանական ուժեր կամ պաշտպանական զորքեր, բայց ֆունկցիոնալ առումով Արցախն ունենալու է բանակ։ Այս մասին ասաց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ բանակն է ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը ռուս խաղաղապահների անվտանգության երաշխիքներին զուգահեռ։ «Իհարկե, Ադրբեջանը շատ կուզեր, որ Արցախում ոչ մի զինված մարդ չլիներ, կարծում եմ՝ շատ կուզեր նաև, որ ռուս խաղաղապահ էլ չլիներ։ Ադրբեջանի ցանկությունն այս առումով որևէ նշանակություն չունի»,-հայտարարեց Արտակ Բեգլարյանը։ Անհետ կորածների և գերիների հարցերը հետպատերազմական Հայաստանում և Արցախում ամենացավոտն են։ Զոհերի աճյունները հայտնաբերելուց հետո էլ երկար ժամանակ է պահանջվում նույնականացման համար։ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի համար ակնհայտ է, որ նույնականացման ոլորտում մեծ խնդիրներ են եղել։ Մարմինների հավաքագրման, դիահերձարան տեղափոխելու, դիահերձարանից մեկ այլ դիահերձարան տեղափոխելու ժամանակ տվյալների փոխանցումը ձգձգումով է եղել, բայց ամենամեծ խնդիրը եղել և մնում է ԴՆԹ հետազոտությունների անցկացումն ու տվյալների վերլուծությունը։ Շարունակությունը՝ hetq.am-ում
17:36 - 11 փետրվարի, 2021
Արցախի պետական ծառայողների համար Առաջնորդության դպրոցը կազմակերպում է կրթական ծրագիր. Արտակ Բեգլարյան

Արցախի պետական ծառայողների համար Առաջնորդության դպրոցը կազմակերպում է կրթական ծրագիր. Արտակ Բեգլարյան

ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի և կառավարության հետ համատեղ՝ Առաջնորդության դպրոցը կազմակերպում է կրթական ծրագիր՝ Արցախի պետական ծառայողների համար նպաստելու Արցախի հզորացման արագացման նպատակով անհրաժեշտ գիտելիքների, փորձառությունների ու կապերի զարգացմանը:«Նախատեսվում են կրթական և գործնական խմբային այցեր, հանդիպումներ ու այլ միջոցառումներ Արցախի Հանրապետության պետական ծառայողների համար: Որտեղ. Արցախից դեպի Երևան: Երբ. սահող գրաֆիկով, մոտ մեկ շաբաթ տևողությամբ (ավելի կոնկրետ տվյալները տրամադրվում են դիմորդներին և մասնակիցներին): Մասնակցությունն անվճար է: Ուստի, մեկնաբանությամբ տրված հղումով պետք է ծանոթանալ հայտարարությանը և առցանց դիմել, որից հետո մրցույթով կընտրվեն մի խումբ պետական ծառայողներ և կկազմակերպվի ծրագիրը: Նախատեսում ենք սա դարձնել շարունակական ծրագիր»,- գրել է Բելգարյանը:
22:12 - 10 փետրվարի, 2021
Ռուս խաղաղապահները Արցախի օդանավակայանը պատրաստում են գործարկման․ Ստեփանակերտ-Մոսկվա թռիչը տեխնիկական հարց է |hetq.am|

Ռուս խաղաղապահները Արցախի օդանավակայանը պատրաստում են գործարկման․ Ստեփանակերտ-Մոսկվա թռիչը տեխնիկական հարց է |hetq.am|

hetq.am: Արցախում ռուս խաղաղապահները մեծ թափով շինարարական աշխատանքներ են իրականացնում, այդ թվում՝ Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքներում։ Խաղաղապահները Արցախի տարածքում ավաններ են կառուցում։ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը  հայտնեց, որ մեծ ծավալի շինարարություն արդեն ավարտին են հասցրել։ Օդանավակայանի և դրան հարող տարածքներում բնակվելու համար ավաններ են կառուցում, իսկ օդանավակայանը պատրաստում են գործարկման։ Օդանավակայանից պլանավորված է ռազմականից բացի իրականացնել նաև քաղաքացիական թռիչքներ, հումանիտար նպատակներով օգտագործել։ Հարցին՝ տեխնիկական վերազինումը հասկանալի է, բայց քաղաքական որոշում էլ է պետք վերագործարկման համար, Արտակ Բեգլարյանը պատասխանեց․ «Որքան հասկանում եմ որոշակի քաղաքական հարցեր կան, որոնք եռակողմ պայմանավորվածության քննարկումների շրջանակներում են։ Բայց դրական միտումը ու հիմքը կա, և իմ հույսը այն է, որ առաջիկայում հարցն ամբողջապես կլուծվի»։
15:30 - 10 փետրվարի, 2021
Նոյեմբերից առ այսօր խոշոր ֆինանսական ռեսուրս չի ներգրավվել Արցախի բնակարանաշինության ծրագրերում. Արտակ Բեգլարյան |hetq.am|

Նոյեմբերից առ այսօր խոշոր ֆինանսական ռեսուրս չի ներգրավվել Արցախի բնակարանաշինության ծրագրերում. Արտակ Բեգլարյան |hetq.am|

hetq.am: Պատերազմից հետո Արցախ վերադարձողների, տեղահանվածների, նրանց սոցիալական խնդիրների, իրականացվող հումանիտար ծրագրերի, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության աջակցության և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի հետ։ Նոյեմբերի 10-ից հետո Արցախ է վերադարձել 100 հազարից ավելի քաղաքացի, մոտ 40 հազար արցախցի գտնվում է հիմնականում Հայաստանում։ Նրանց մեծամասնությունը տեղահանվածներ են։  Արտակ Բեգլարյանը նկատում է, որ անվտանգության առումով նոյեմբերի կեսից հետո որոշակիացում կա, բայց Արցախի կարգավիճակի անորոշ ապագայով պայմանավորված՝ մարդիկ դեռ երաշխիքների խնդիր են տեսնում։  Առաջիկայում հազարավոր տներ կառուցելու ծրագրերը կմեկնարկեն, կվերակառուցվեն նաև եղած կիսավեր տները, որոնք երկար ժամանակ չեն բնակեցվել։ Քաղաքներում բնակված և տեղահանված անձանց մեծ մասը ցանկանում է վերաբնակեցվել Ստեփանակերտում, բայց Արցախի իշխանությունները խրախուսում են շրջաններում մարդկանց վերաբնակեցումը։ Արտակ Բեգլարյանը կարծում է, որ պատերազմից երեք ամիս անց Արցախը պետք է մեծ շինհրապարակի վերածված լիներ, սակայն չեղավ։ «Գլխավոր խնդիրը ֆինանսական ռեսուրսների պակասն է կամ գրեթե բացակայությունը, քանի որ նոյեմբերից առ այսօր խոշոր ֆինանսական ռեսուրս չի ներգրավվել բնակարանաշինության ծրագրերում, որը պետք է առաջին հերթին լիներ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքած գումարներով»,- նշեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարը։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ Hetq.am-ում։
19:50 - 08 փետրվարի, 2021