Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է։

Եղել է Գեղարքունիքի մարզպետը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։ «Հայկական աշխարհագրական ընկերություն» գիտական-հասարակական կազմակերպության անդամ։ Ծնվել է 1983թ․ հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում։ 2000-2006 թթ․ սովորել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում՝ ստանալով բակալվրի, այնուհետև՝ բնօգտագործում և բնապահպանություն մագիստրոսի աստիճան։

2004-2010թթ. եղել է ուսուցիչ «Մակսեդան» օտար լեզուների վարժարանում։ 2007-2010 թթ․ դասավանդել է Երևանի Հյուսիսային համալսարանում, այնուհետև՝ 2006-2018թթ․՝ Արտաքին տնտեսական կապերի համալսարանում։ 2014-2015թթ. «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ում աշխատել է որպես վաճառքի պատասխանատու։ 2018թ. մայիս- հոկտեմբեր եղել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ։ Նույն թվականի հոկտեմբերի 10-ին նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ։

Գնել Սանոսյանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների համակարգող տրանսպորտային խորհրդակցության նիստին

Գնել Սանոսյանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների համակարգող տրանսպորտային խորհրդակցության նիստին

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր առցանց ձևաչափով մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների համակարգող տրանսպորտային խորհրդակցության 41-րդ նիստին։ ԱՊՀ ՀՏԽ-ն գումարվում է տարին մեկ անգամ՝ Մոսկվայում նոյեմբերին անցկացվող «Տրանսպորտային շաբաթ» միջոցառման շրջանակներում։   Բացման խոսքով հանդես է եկել ԱՊՀ ՀՏԽ-ի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը։ Նախարար Սանոսյանը ողջունել է խորհրդակցության մասնակիցներին և ափսոսանք հայտնել, որ համավարակի պատճառով արդեն երկրորդ տարին է ստիպված են նիստերն անցկացնել առցանց ձևաչափով։ Նախարարը հույս է հայտնել, որ արդեն հաջորդ տարի հնարավոր կլինի 42-րդ խորհրդակցությունն անցկացնել անմիջական մթնոլորտում։  Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների համակարգող տրանսպորտային խորհրդակցությունն ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերի 30-ի «Տրանսպորտի ոլորտում հարաբերությունների սկզբունքների և պայմանների մասին» համաձայնագրի հիման վրա և հանդիսանում է ԱՊՀ անդամ պետությունների տարածքում ծովային, ավտոմոբիլային և ներքին ջրային տրանսպորտի, ինչպես նաև ընդհանուր տրանսպորտային հարցերը կարգավորող միջպետական մարմին։ ԱՊՀ ՀՏԽ-ի անդամներն են հանդիսանում ԱՊՀ մասնակից պետությունների Տրանսպորտային ոլորտը կարգավորող գերատեսչությունների ղեկավարները։
22:22 - 22 դեկտեմբերի, 2021
Գնել Սանոսյանը մասնակցել է ԱՄՆ տնտեսական քարտուղարության կազմակերպած «Կանաչ էներգիայի Հարավային Կովկասի ֆորում»-ին

Գնել Սանոսյանը մասնակցել է ԱՄՆ տնտեսական քարտուղարության կազմակերպած «Կանաչ էներգիայի Հարավային Կովկասի ֆորում»-ին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ Գնել Սանոսյանը երեկ առցանց ձևաչափով մասնակցել է ԱՄՆ տնտեսական քարտուղարության կողմից կազմակերպված «Կանաչ էներգիայի Հարավային Կովկասի ֆորում»-ին։ Իր ելույթում նախարարը շնորհակալությունն է հայտնել ԱՄՆ կառավարությանը, ԱՄՆ տնտեսական քարտուղարությանը, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությանը, և հատկապես դեսպան տիկին Լին Թրեյսիին՝ գործադրած ջանքերի և Հայաստանի պետական պաշտոնյաների և ԱՄՆ մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև երկխոսություն կազմակերպելու համար։ Նախարարի խոսքով՝ «Կանաչ էներգիայի Հարավային Կովկասի ֆորում»-ի կազմակերպումը ևս մեկ անգամ փաստում է 2 երկրների միջև առկա և շարունակաբար ընդլայնվող համագործակցության մասին: «ԱՄՆ կառավարությունը մեծ ներդրում ունի Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման աշխատանքներում, որոնք շարունակվում են վերաթողարկումից առ այսօր: ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից աջակցություն է ցուցաբերվում էներգետիկ ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի բարեփոխումներին և տեխնիկական խնդիրների լուծմանը, շուկայի ազատականացմանը, վերականգնվող էներգետիկայի զարգացմանը»,- ասել է նախարարը: Սանոսյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության կողմից էներգետիկայի բնագավառին առնչվող բոլոր որոշումների կայացման, հարևան երկրների հետ հարաբերությունների կառուցման, ավելի գլոբալ էներգետիկ շուկաներին ինտեգրման և հիմնական գործընկերների հետ հարաբերությունների զարգացման հիմքում ընկած է 2021թ. հունվարի 14-ին ընդունված ՀՀ էներգետիկայի բնագավառի մինչև 2040 թվականի զարգացման ռազմավարական ծրագրում ներկայացված էներգետիկայի բնագավառի զարգացման տեսլականը` ըստ որի էներգետիկան պետք է լինի հուսալի և անվտանգ, կայուն զարգացող/մաքուր և էներգախնայող, կանխատեսելի և թափանցիկ, տարածաշրջանային նշանակության, հասանելի և արդարացի բոլորի համար, բավարար չափով մատչելի խոցելի խավի, ինչպես նաև գրավիչ ներդրողների համար՝ թվայնացված և ինովացիոն: Իր ելույթում նախարարը նշել է, որ «Կանաչ էներգիայի Հարավային Կովկասի ֆորում»-ը կենսական հնարավորություն է քննարկելու կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի փոփոխության մարտահրավերները, քննարկելու լավագույն փորձը, կանաչ տեխնոլոգիաների նորարարական լուծումները, կիսելու գիտելիքները: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լի Թրեյսին կարևորել է նախարարի մասնակցությունը ֆորումին և ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում էներգիայի դիվերսիֆիկացիայի, այլընտրանքային էներգիայի աղբյուրների հայտնաբերման համար։
23:25 - 07 դեկտեմբերի, 2021
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը «Երևան ՋԷԿ» ընկերության տնօրենի հետ քննարկել է ընթացիկ հարցեր

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը «Երևան ՋԷԿ» ընկերության տնօրենի հետ քննարկել է ընթացիկ հարցեր

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նոյեմբերի 29-ին այցելել է «Երևան ՋԷԿ» ՓԲԸ։ Նախարարը նախ խորհրդակցություն է անցկացրել «Երևան ՋԷԿ»-ի աշխատակազմի հետ, քննարկել ընթացիկ հարցեր, ծանոթացել խնդիրներին, ապա «Երևան ՋԷԿ»-ի տնօրեն Արսեն Գրիգորյանի և ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ՋԷԿ-ի տարածքում։ «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրամադրված արտադրության լիցենզիայի շրջանակներում արտադրում է էլեկտրական և ջերմային էներգիա և շուկայի կանոնների համաձայն մեծածախ շուկայում այն վաճառում ու արտահանում է: ՀՇԳՑ էներգաբլոկը կառուցվել է 2010 թվականին համապատասխան տեխնիկատնտեսական հիմնավորմամբ: Կառուցված է ժամանակակից տեխնոլոգիայով և գործող էլեկտրակայանների համեմատ ունի էլեկտրական և ջերմային էներգիաների բացթողնման վրա վառելիքի տեսակարար ծախսերի ցածր մեծություն, բարձր օգտակար գործողության գործակից, միավոր արտադրանքի համար շրջապատող միջավայր արտանետումների ցածր ցուցանիշներ: ՀՇԳՑ էներգաբլոկում որպես վառելիք օգտագործվում է բնական գազ: ՀՇԳՑ էլեկտրակայանի դրվածքային ընդհանուր հզորությունը 233,6 ՄՎտ է: Համալրված աշխատողների թվաքանակը՝ 186 մարդ:
19:47 - 29 նոյեմբերի, 2021
Գնել Սանոսյանը մարզպետարանի աշխատակազմին, համայնքապետներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին

Գնել Սանոսյանը մարզպետարանի աշխատակազմին, համայնքապետներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ Գնել Սանոսյանն այսօր Արմավիրի մարզում մարզպետարանի աշխատակազմին, համայնքապետերին, մարզպետարանի ենթակա կառույցների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին։ Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանին 3 տարվա արդյունավետ աշխատանքի համար և հաջողություն մաղթել նրան արդեն փոխվարչապետի պաշտոնում։ Նախարարը նշել է, որ Համբարձումյանը մարզում աշխատանքի շատ բարձր նշաձող է սահմանվել և համոզմունք է հայտնել, որ այն կշարունակի նաև նորանշանակ մարզպետը։ Գնել Սանոսյանը շնորհավորել է Հովհաննիսյանին կարևոր և պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ՝ նշելով, որ նա նոր մարդ չէ պետական կառավարման համակարգում, ունի աշխատանքային մեծ փորձ և վստահություն է հայտնել, որ նրա հմտությունների և աշխատակազմի հետ համատեղ աշխատանքի արդյունքում մարզում նոր հաջողություններ կգրանցվեն։ Փոխվարչապետ, Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ներկաներին համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ մեծ պատիվ է եղել Արմավիրի մարզը ղեկավարելը, և գրանցած արդյունքը թիմային աշխատանքի հետևանք է։ Մաթևոսյանը վստահություն է հայտնել, որ նորանշանակ մարզպետն ունի անհրաժեշտ աշխատանքային հմտություններն ու հնարավորությունները՝ սկսված աշխատանքը շարունակելու և նոր, կարևոր նախագծեր իրագործելու համար։ Արմավիրի նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ մարզպետի պաշտոնն իրեն վստահելու համար և հավաստիացրել, որ ներդնելու է ողջ ներուժը, օգտագործելու է բոլոր հնարավորությունները՝ պետական կառավարման տարածքային քաղաքականությունն առավել արդյունավետ իրականացնելու համար։
17:59 - 29 նոյեմբերի, 2021
ՀՀ–ում 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայան կկառուցվի

ՀՀ–ում 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայան կկառուցվի

Նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված Մասդար ընկերության միջև ստորագրվեց կառավարության աջակցության համաձայնագիր՝ 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ։ Կառավարության աջակցության համաձայնագիրը ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Մասդարի գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամել Ալ Ռամահին։ Կառավարության աջակցության համաձայնագրի ստորագրմամբ կողմերը պարտավորություններ են ստանձնել ծրագրի իրականացման առնչությամբ, ինչի կապակցությամբ ներդրողի կողմից պայմանագրի շրջանակներում ներկայացվել են երաշխիքներ: Համաձայնագրով սահմանվել են ծրագրի իրականացման ամբողջական պայմանները և կառուցվածքը: Մասդար ընկերությունը, որը ծրագրի իրականացման համար մրցույթի հաղթողն էր ճանաչվել այս տարվա հուլիսին, ներկայացրել է 0,0290 ԱՄՆ դոլար սակագին մեկ կիլովատ/ժամի (կՎտժ) համար: Ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը կազմելու է 174 մլն ԱՄՆ դոլար։ Ծրագրի շրջանակներում կառուցվելիք արևային կայանը կլինի խոշորագույնը Հայաստանում։ Այսօր տեղի ունեցած ստորագրման արարողությանը ներկա էին նաեւ Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Ահլամ Ալ Սալամին, ՀՀ-ում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Համաշխարհային Բանկի գրասենյակների ներկայացուցիչներ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն իր խոսքում ընդգծել է, որ վերականգնվող էներգիայի ծավալի աստիճանական ավելացումը մեր էներգետիկ համակարգում ՀՀ կառավարության կարեւոր թիրախներից մեկն է։ «Մասդարի հետ այս համագործակցությունը ոչ միայն այդ, այլեւ Հայաստանի ներդրումային պոտենցիալի ընդլայնման ուղղությամբ կարեւոր քայլ է։ Այդ տեսանկյունից նշանակալի է Մասդար ընկերության կողմից Հայաստանում արդյունաբերական մասշտաբի 200 ՄՎտ հզորությամբ Այգ -1 արևային կայանի կառուցումը: Ակնկալում ենք, որ այս փաստաթղթի ստորագրմամբ համատեղ երկարատ աշխատանքի սկիզբ կդրվի և նոր ծրագրեր կիրականացվեն»,-ասել է նախարարը։ Մասդարի գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամել Ալ Ռամահին ասել է. «Այս համաձայնագիրը կարևոր իրադարձություն է Հայաստանի մաքուր էներգիայի ստեղծման ճանապարհին, և այս նախագծի զարգացումը կաջակցի երկրի կայուն տնտեսական զարգացմանը: Հայաստանն ունի մաքուր էներգիայի ռեսուրսների հսկայական ներուժ, և մենք անհամբեր սպասում ենք ԱՆԻՖ-ի հետ այս ոլորտում հետագա հնարավորությունների շուրջ աշխատելու ուղղությամբ։ Մենք պատրաստ ենք ներդնել այն փորձը, որը մենք ձեռք ենք բերել որպես վերականգնվող էներգիայի նախագծերի համաշխարհային առաջատար՝ աջակցելով Հայաստանի էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացմանը»: ԱՆԻՖ-ի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը նշել է, որ Մասդարը Հայաստանի էներգամատակարգի աստիճանական դեկարբոնիզացիայի ճանապարհին կարեւոր գործընկեր է: ««ԱՅԳ-1»-ը հավակնոտ քայլ է այս նպատակի իրագործման ուղղությամբ, և Մասդարի փորձն ու կարողությունները ոլորտում՝ ծրագրի հաջողության գրավականն են: «ԱՅԳ 1»-ը դառնալու է առավել տեսանելի ներդրումային ծրագրերից մեկը, որից շահելու են պետությունը, քաղաքացիները եւ ներդրողը՝ միաժամանակ ներդնելով ոլորտում կայունության ամենաբարձր չափանիշները»,-ասել է նա: Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Ահլամ Ալ Սալամին իր հերթին նշել է, որ այս համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև կայուն համագործակցության ամրապնդմանը։ Դեսպանը հույս է հայտնել, որ այս խոշորագույն ծրագրի բարեհաջող իրականացումը նորանոր հնարավորություններ կբացի ԱՄԷ-ից Հայաստան նոր ներդրումների համար։ Հիշեցնենք, որ «Այգ-1» ծրագրի իրականացման համար ստեղծված համատեղ ըկերության բաժնետոմսերի 85 տոկոսը պատկանում է Մասդար ընկերությանը, 15 տոկոսը՝ ԱՆԻՖ-ին։
14:37 - 26 նոյեմբերի, 2021
Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում

Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Այցի նպատակն է դիտարկել հընթացս կատարվող ճանապարհաշինական և այլ աշխատանքներ։ Նախարարը երեկ երեկոյան մարզպետարանում հանդիպում է ունեցել մարզպետի, ուժային և իրավապահ համակարգի ներկայացուցիչների, ինչպես նաև Սյունիքի ճանապահները սպասարկողների ու շինարարների հետ։   Տեղում քննարկվել են մի շարք հարցեր՝ ինչպես ներկայում ընթացող ճանապարհաշինական աշխատանքների, այնպես էլ ձմռանն ընդառաջ ճանապարհների սպասարկման վերաբերյալ։   Այսօր արդեն նախարարը, մարզպետի ուղեկցությամբ, դիտարկել է մի շարք ճանապարհներ, այս պահին իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը։    
18:51 - 20 նոյեմբերի, 2021
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց Սյունիքում այլընտրանքային ճանապարհների վիճակը

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց Սյունիքում այլընտրանքային ճանապարհների վիճակը

Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց՝ ինչ իրավիճակ է Սյունիքում այլընտրանքային ճանապարհների աշխատանքների մասով։ Նախարարը ներկայացրեց, որ Սյունիքի այն ճանապարհները, որոնց մասին պարբերաբախ խոսվում է, փաստացի յոթն են։ Դրանցից Տաթեւ-Աղվանին համարում են ավարտված․ «Տաթեւ-Աղվանին բավական ժամանակ է՝ երթեւեկելի է, նշել ենք, որ նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում, հիմա երկու շերտն է տեղադրված, գարնանը երրորդը կտեղադրվի։ Մյուս վեց հատվածներում հիմա ընթացիկ աշխատանքներ կան։ Այդ վեցից մեկը Քաշունի-Բարձրավան ճանապարհն է, որը 9,5 կմ է, դրա մի մասը՝ մոտ 3,5-4 կմ արդեն ամբողջովին հողային ծածկույթի աշխատանքներն իրականացվել են, մյուս հատվածներում շարունակվում են բարեկարգման աշխատանքներ։ Մյուս ճանապարհը Տանձավեր-Շուռնուխ ճանապարհն է, որը 13 կմ է, դրա մի մասն ամբողջովին նոր է կառուցվում, որոշակի դժվարություններ կան, անտառի հատված կա, որտեղով ճանապարհն անցնում է, այնտեղ նույնպես աշխատանքները շարունակվում են»,- ասաց նախարարը՝ նշելով, որ Շուռնուխ գյուղն առնվազն երկու ճանապարհ ունի․ մեկը Խոտ-Որոտան-Շուռնուխն է, որը, Սանոսյանի պնդմամբ, գործում է, նորմալ երթեւեկելի է, մյուսը Շուռնուխ-Բարձրավան եւ նշած՝ կառուցվող ճանապարհը, որը, նախարարի խոսքով, անցանելի է բոլոր տեսակի մեքենաների համար․ «Որոտան-Խոտ ճանապարհի 10 կմ-ից 5-ն ամբողջովին պատրաստ է, այսինքն՝ հիմքը պատրաստ է, ոչ թե ասֆալտապատ, մյուս 5 կմ-ի վրա իրականացվում են բարեկարգման աշխատանքներ։ Մյուս հատվածն ունենք Կապան-Ճակատեն եւ Կապան-Գեղանուշ-Ճակատեն հատվածը։ Օրեր առաջ սկսվել էին Գեղանուշ-Ճակատեն հատվածի հողային աշխատանքները, երեկվանից սկսել ենք խճապատման աշխատանքները, մի քանի օրվա ընթացքում կավարտենք, ճանապարհն ավելի հեշտ ու անցանելի կլինի։ Դրան զուգահեռ կկառուցենք Կապան-Ճակատեն նոր ճանապարհը, որը կձգվի այսօր գործող ճանապարհին գրեթե զուգահեռ եւ ավելի հեշտ ու մատչելի կլինի անցնելու համար։ Շարունակվում է Տաթեւ-Լծեն 19,9 կմ ճանապարհների աշխատանքները, այս պահին մոտ 6,5 կմ աշխատանք է իրականացվել, երկու ընկերություն տարբեր կողմերից աշխատում են, նախագծման աշխատանքներն ավարտվել են, ինչն ավելի է հեշտացնում աշխատանքի արագ կազմակերպումը»,- ներկայացրեց նախարարը։ Փաշինյանը ճշտեց՝ մենք արձանագրո՞ւմ ենք, որ չկա բնակավայր, որն ընդհանրապես կտրված լինի կամ շրջափակման մեջ լինի։ Սանոսյանը հաստատեց, որ չկա․ «Այո, չկա, եւ Որոտանը, եւ Շուռնուխը, եւ Բարձրավանը, բոլորը ճանապարհներ ունեն։ Մեր գլխավոր դժվարությունը Ճակատենից հարավ ընկած գյուղերի հետ է կապված, որն առաջիկա օրերին, երբ Գեղանուշ-Ճակատեն հատվածը կխճապատենք, ավելի մատչելի կդառնա»։ Փաշինյանն ասաց, որ այդ գյուղերը նաեւ դեպի Մեղրի տանող ասֆալտապատ ճանապարհ ունեն, այսինքն՝ կենսապահովման խնդիր չկա, ուղղակի խոսքը ենթակառուցվածքի հարմարության մասին է։ Նախարարը վստահեցրեց, որ համայնքների հետ աշխատում են, կարիքների գնահատում են անում։
11:45 - 18 նոյեմբերի, 2021
Սյունիքում բազմաթիվ ճանապարհներ ենք կառուցում և շարունակելու ենք կառուցել. Սանոսյան |armenpress.am|

Սյունիքում բազմաթիվ ճանապարհներ ենք կառուցում և շարունակելու ենք կառուցել. Սանոսյան |armenpress.am|

armenpress.am: Պետությունը Սյունիքում հիմա կառուցում և շարունակելու է կառուցել բազմաթիվ ճանապարհներ՝ այդ թվում կարևոր ռազմավարական նշանակության ճանապարհներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: «Մենք Սյունիքում բազմաթիվ ճանապարհներ ենք կառուցում հիմա և շարունակելու ենք կառուցել՝ սկսած կարևոր ռազմավարական ճանապարհներից, սկսած Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան և այլ հատվածներից մինչև դաշտամիջյան ճանապարհներ»,-ասաց Սանոսյանը: Պետությունը միայն հաջորդ տարի 500 կմ դաշտամիջյան ճանապարհ է պլանավորում նախագծել կամ դրա մի մասը կառուցել: Կան միջհամայնքային ճանապարհներ, հանրապետական նշանակության ճանապարհներ: «Բազմաթիվ ծրագրեր կան, որոնց մի մասը նախատեսված չէր, մի մասը նախատեսված էր, մի մասի հետ կապված հընթացս խնդիրներ են առաջանում, պլանավորում ենք անել: Պրոցես է, անում ենք»,-ասաց նախարարը: «Հիմա Որոտան, Բարձրավան, Շուռնուխ բոլոր այդ համայնքների ուղղությամբ շինարարներն աշխատում են, ճանապարհները հնարավորինս բարեկարգվում են: Խոսքը այլ ճանապարհների մասին է: Նշված բոլոր համայնքները հիմա էլ կապ ունեն, տրանսպորտ կա, շարժ կա»,-ասաց նախարարը:
14:08 - 12 նոյեմբերի, 2021
Կոտայքում և Արմավիրում կներդրվի նոր տրանսպորտային համակարգ, կլինեն նոր ավտոբուսներ․ Գնել Սանոսյան |armenpress.am|

Կոտայքում և Արմավիրում կներդրվի նոր տրանսպորտային համակարգ, կլինեն նոր ավտոբուսներ․ Գնել Սանոսյան |armenpress.am|

armenpress.am: Կոտայքի և Արմավիրի մարզերում կներդրվի նոր տրանսպորտային համակարգ, մարզերում արդեն տրանսպորտային ընկերությունների մրցույթն ավարտվել է։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Վերջապես կարողացանք երկու մարզերում տրանսպորտային ցանցի մրցույթներ հայտարարել։ Երկու մարզում է հաջողվել իրականացնել՝ Կոտայքի մարզում մրցույթն ավարտվել է հոկտեմբերին և Արմավիրի մարզում նոյեմբերի 9-ին։ Առաջին մրցույթին մասնակիցներ չկային, ստիպված ենք եղել բաժանել ենք 2 լոտի, արդեն մասնակիցներ կան, գործընթացն էլ առաջ կգնա»,- նշեց Սանոսյանը։ Նախարարը ասաց, որ երկու մարզերն էլ կհամալրվեն նոր ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով, կլինեն տարբեր երթուղիներ, որոնք կսպասարկեն բոլոր համայնքները։  «Հանրապետությունում առնվազն 200 բնակավայրերում ընդհանրապես որևէ հասարակական տրանսպորտային միջոց չկա, էլ չեմ խոսում այն մասին, որ ունենք բնակավայրեր, որտեղ տրանսպորտ կա, բայց կանոնավոր չէ կամ եղած գրաֆիկը մեր բնակիչներին չի բավարարում։ Մեր նպատակը այն է, որ կարողանանք Հանրապետության բոլոր բնակավայրերը որակյալ սպասարկել»,- եզրափակեց Սանոսյանը;
18:01 - 10 նոյեմբերի, 2021
Սյունիքի այլընտրանքային ճանապարհն ամբողջությամբ պատրաստ է․ Գնել Սանոսյան |armenpress.am|

Սյունիքի այլընտրանքային ճանապարհն ամբողջությամբ պատրաստ է․ Գնել Սանոսյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի Տաթև- Աղավնո հատվածի ասֆալտապատումն արդեն ավարտվել է, և փաստացի այլընտրանքային ճանապարհն ամբողջությամբ պատրաստ է։ Այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ խոսելով ճանապարհաշինության ոլորտում ընթացքի աշխատանքների մասին։ Նա նշեց, որ Սյունիքի մարզի Տաթև-Լծեն ավտոճանապարհը, ինչպես նաև մի շարք համայնքներում՝ Շուռնուխ, Որոտան, Բարձրավան, ճանապարհներ են կառուցվում։ «Այս պահին կարևոր ենք համարում նաև Սիսիան-Քաջարան հատվածի հետ կապված աշխատանքները. կառավարության որոշում նախապատրաստեցինք, համաձայն որի այդ ճանապարհի կառուցումը դիտվեց որպես առաջնահերթություն։ Հիմա ընթացիկ աշխատանքներ են արվում, որպեսզի մրցութային փուլը անցնենք և 2022 թվականին սկսվի շինարարությունը»,- ասաց Սանոսյանը։ Նախարարն ընդգծեց, որ ճանապարհաշինության բնագավառում ընթացիկ աշխատանքներ են հիմնականում եղել, դրանք շարունակվում են։
16:20 - 10 նոյեմբերի, 2021
Սահմանամերձ համայնքներին պետական աջակցության համար բյուջեից կհատկացվի 1 մլրդ 155 մլն դրամ |armenpress.am|

Սահմանամերձ համայնքներին պետական աջակցության համար բյուջեից կհատկացվի 1 մլրդ 155 մլն դրամ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախատեսվում է 2022-ին պետբյուջեից սահմանամերձ համայնքների պետական աջակցության համար հատկացնել 1 մլրդ 155 մլն դրամ: Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը: «2022 թվականի պետական բյուջեից նախատեսված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 335 մլրդ 257 մլն դրամ, որից միայն 209 մլրդ 594 մլնը կապիտալ բնույթի ծախսեր են, 125 մլրդ 663 մլնը՝ ընթացիկ բնույթի ծախսեր»,-ասաց Սանոսյանը: Տարածքային կառավարման մասով նախատեսվում է իրականացնել 8 խոշոր ծրագիր, որոնց մեջ ներառված է 131 մլրդ 40 մլն դրամ: Անդրադառնալով սահմանամերձ համայնքներին պետական աջակցության միջոցառմանը՝ նա ասաց. «Այստեղ ներառված է 1 մլրդ 155 մլն դրամ: Նախատեսված է ՀՀ 5 մարզերի թվով 23 համայնքների 81 բնակավայրերի բնակիչներին աջակցություն ցուցաբերել՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի և այլ արտոնությունների մասով»,-ասաց նախարարը: Ենթակառուցվածքների զարգացման նպատակով մարզերին սուբվենցիաների տրամադրման համար նախատեսված է շուրջ 18 մլրդ դրամ հատկացնել:
16:25 - 05 նոյեմբերի, 2021
Գնել Սանոսյանը Մեծամոր համայնքում ներկայացրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահրամ Խաչատրյանին

Գնել Սանոսյանը Մեծամոր համայնքում ներկայացրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահրամ Խաչատրյանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում ներկայացրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահրամ Խաչատրյանին։ Նախարարը շնորհավորել է Խաչատրյանին և բեղմնավոր աշխատանք է մաղթել։   Նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել նախկին համայնքապետ Ռոբերտ Գրիգորյանին արդյունավետ աշխատանքի, քաղաքում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ ներդրած ջանքերի համար։   Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ևս շնորհակալություն է հայտնել Գրիգորյանին կատարած աշխատանքի, մարզպետարանի հետ սերտ համագործակցության շնորհիվ համայնքում տարատեսակ, այդ թվում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար։   Մարզպետը նշել է, որ Վահրամ Խաչատրյանը քաջատեղյակ է համայնքի խնդիրներին և հաջողությամբ կիրականացնի իր գործառույթները։ Վահրամ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել կառավարությանը վստահության համար։ Նա նշել է, որ արդեն հասցրել է ծանոթանալ քաղաքի առաջնային խնդիրներին և նախանշել դրանց լուծումները։   Դեկտեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրություններով Մեծամորը ևս խոշորացվում է։ Մեծամոր քաղաքային համայնքին կմիանա ևս 30 համայնք և կձևավորվի նոր վարչական միավոր։
22:27 - 04 նոյեմբերի, 2021
Մինչև 1920-ականների բոլոր քարտեզներում Ալ լճերը նշված են որպես ՀՀ տարածք. Գնել Սանոսյան |armenpress.am|

Մինչև 1920-ականների բոլոր քարտեզներում Ալ լճերը նշված են որպես ՀՀ տարածք. Գնել Սանոսյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը դեռ չի կարող ասել, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների հստակեցման համար որ քարտեզները հիմք կընդունվեն, սակայն օրինակ մինչև 1920-ականների բոլոր քարտեզներում Ալ լճեը նշված են՝ որպես Հայաստանի տարածք, այսպիսով` այդ քարտեզներով առաջնորդվելու դեպքում այդ հատվածում փոփոխությունը կլինի հօգուտ հայկական կողմի: Նախարարն այս հարցին անդրադարձավ ԱԺ-ում՝ լրագրողների հարցերին ի պատասխան: «Տարբեր քննարկումներ կան, տարբեր քարտեզներ կան: Թե որ քարտեզները հիմք կընդունվեն, կարևոր է այն, թե այդ քարտեզներն ինչ իրավական կարգավիճակ ունեն: Այսինքն, եթե այդ քարտեզները նույնիսկ խորհրդային տարիների են, պետք է իրավաբանորեն  հստակեցված և բոլոր կողմից ընդունված լինեն, որ դա հիմք հանդիսանա»,-ասաց Սանոսյանը: Անդրադառնալով օրինակ 20-ականների քարտեզներին՝ նա ասաց, որ դրանով բավականին փոփոխություններ կարող են լինել: Թե հօգուտ ո՞ր կողմի են լինելու այդ փոփոխությունները՝ նա ասաց. «Ալ լճերի մասով՝ հօգուտ մեզ, որովհետև, ինչքան ես գիտեմ, մինչև 20-ականների վերջ բոլոր քարտեզներում Ալ լճերը նշված են որպես ՀՀ տարածք: Այդ քարտեզներում որոշակի գիծ կա, որից այս կողմ են մնում այդ լճերը»: Ալ լճերը հիմա հայկական կողմի վերահսկողության տակ չեն: Այնուամանայնիվ, նախարարը կրկին նշեց, որ հայտնի չէ, թե որ քարտեզները հիմք կընդունվեն: Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
15:32 - 02 նոյեմբերի, 2021
Մենք պետք է որպես ժողովուրդ հստակեցնենք մեր երկրի սահմանները․ Գնել Սանոսյան |hetq.am|

Մենք պետք է որպես ժողովուրդ հստակեցնենք մեր երկրի սահմանները․ Գնել Սանոսյան |hetq.am|

hetq.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը այն կարծիքին է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանագծումն ու սահմանազատումն անհրաժեշտություն է: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը: «Անկախ նրանից` այդ պրոցեսում կլինեն ցավոտ հատվածներ թե ինչ, բայց որ հստակեցման կարիք կա, կարծում եմ` համաձայն եք: Մենք պետք է որպես ժողովուրդ հստակեցնենք մեր երկրի սահմանները, դա լավ է թե վատ, այլ հարց է, բայց պետք է լինի հստակ, ու մեր առջև նպատակ դնենք այդ սահմաններում հզորանալ»,-ասաց նա: Նախարարն օրեր առաջ է Սյունիք գնացել, նախ Տաթև-Աղվանիով, ապա վերադարձել Գորիս-Կապան միջպետական ճանապարհով: Ասում է հիմնանորոգված Տաթև-Աղվանի ճանապարհը պետք է դիտարկեր, դրա համար է այդպես գնացել: Իսկ Գորիս-Կապան ճանապարհով վերադառնալիս  որևէ ռեալ վտանգ չի նկատել: Ասում է` չի էլ ֆիքսել, որ ոստիկանները կամ սահմանապահներն ուղեկցել են մեքենաներին: Դիտարկմանը, թե ստացվում է կառավարությունն այդ միջպետական ճանապարհին այլընտրանքային ճանապարհ է կառուցել և այդ կերպ հրաժարվում է Մ2 -ից, նախարարը չհամաձայնեց: «Մենք այդ ճանապարհից ձեռք չենք քաշելու, այն մեր ճանապարհն է` բացառությամբ երկու հատվածի, որոնք վիճարկվում են»,-ասաց նա: Նախարարը հիշեցրեց նաև, որ կառավարությունը կառուցել է այլընտրանքային այլ ճանապարհներ ևս, որոնցով հնարավոր է մեկնել Շուռնուխ, Որոտան: Ըստ Սանոսյանի` մտադրություն կա վիճարկվող ոլորաններին շրջանցող ճանապարհներ ևս կառուցել: Տաթև-Լծեն ճանապարհն էլ հիմնականում կառուցվում է նրա համար, որ բեռնատարները ոլորաններով չերթևեկեն, բացի այդ` ավելի քիչ հեռավորությամբ Սիսիան մեկնեն: Սանոսյանը այդպես էլ չհստակեցրեց, թե սահմանագծումն ու սահմանազատումը խորհրդային որ թվականների քարտեզներով են իրականացվելու, սակայն ընդգծեց` պետք է իրավական հստակ կարգավիճակ ունենա և ընդունելի լինի բոլոր կողմերի համար: «Խաղաղ ապրելու ու զարգանալու համար կարևոր դերակատարում ունի սահմանների հստակեցումը, որ անընդհատ սահմանային վեճեր չունենանք, ինչ-որ մեկի մեքենային չհարվածեն: Այդ երևույթից (նկատի ունի սահմանագծում, սահմանազատում. հեղ.)պետք չէ վախենալ, խուսափել, նույնիսկ եթե մեկ-երկու տեղով էլ ցավոտ բան լինի, ավելի լավ է ցավոտ խնդիրը ֆիքսել, նկատի ունենալ, որ սա է մեր սահմանը, քան անընդհատ ինչ-որ միջադեպեր ունենալ»,-ասաց Սանոսյանը: Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
14:57 - 02 նոյեմբերի, 2021