Փաստերի ստուգում

Գեւորգ Կոստանյանը ծանո՞թ է եղել ՍԴ-ի՝ դեռեւս պաշտոնապես չհրապարակված որոշման բովանդակությանը

Գեւորգ Կոստանյանը ծանո՞թ է եղել ՍԴ-ի՝ դեռեւս պաշտոնապես չհրապարակված որոշման բովանդակությանը

Սահմանադրական դատարանն օրեր առաջ որոշել էր կարճել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Գեւորգ Կոստանյանի դիմումի հիման վրա քննվող գործի վարույթը։ Այս մասին հայտնել էր ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը՝ նշելով, որ որոշումը Սահմանադրական դատարանի կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում։ Այն երկու օր առաջ արդեն հրապարակվել է։ Կոստանյանը, մասնավորապես, վիճարկել էր խափանման միջոց կիրառելու, որպես մեղադրյալ ներգրավելու հիմքերին եւ կարգին, մեղադրյալի հետախուզմանը եւ Վերաքննիչ դատարանի լիազորություններին վերաբերող հոդվածները, մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասը, 202-րդ հոդվածի 1-ին մասը, 259-րդ հոդվածի 2-րդ մասը, 394-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը, 75-րդ հոդվածի 3-րդ մասը։ 168.am կայքն որոշման հրապարակման օրը դրա վերաբերյալ մեկնաբանություն էր խնդրել Կոստանյանից, որի խոսքով, ըստ լրատվամիջոցի, Սահմանադրական դատարանն ըստ էության արձանագրել է, որ Կոստանյանի բարձրացրած հարցերը ոչ թե ՍԴ-ն պետք է քննի, այլ Վճռաբեկ դատարանը: Ստորեւ ներկայացնում ենք ՍԴ-ի որոշման պատճառաբանությունը, որից հետո կանդրադառնանք Կոստանյանի՝ 168-ին տված մեկնաբանությանը։ Այսպես, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ դիմումի եւ կից փաստաթղթերի ուսումնասիրությունն ու վերլուծությունը ցույց են տալիս, որ այս գործի վարույթը ենթակա է կարճման «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համապատասխան հոդվածների համաձայն։ ՍԴ-ի որոշման պատճառաբանության համաձայն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 202-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը վիճարկող Դիմողի հիմնավորումները կապված են վերջինիս նկատմամբ նշված դրույթի ենթադրյալ սխալ կիրառության հետ:  ՍԴ-ն, ուսումնասիրելով Դիմումը, եկել է եզրահանգման, որ Դիմողը, ձեւականորեն վիճարկելով ՀՀ ՔԴՕ 135-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանությունը, իրականում փորձ է անում բարձրացնել իր նկատմամբկայացված դատական ակտերի իրավաչափության հարց: Ինչ վերաբերում է Դիմողի կողմից վիճարկվող ՀՀ ՔԴՕ 259-րդ հոդվածի 2-րդ մասի ենթադրյալ հակասահմանադրականությանը, ապա ՍԴ-ն փաստում է, որ այս մասով ընդհանրապես բացակայում են բավարար հիմնավորումներն առ այն, թե որն է Դիմողի կողմից վիճարկվող հոդվածի անհամապատասխանությունը Սահմանադրությանը, ինչպես նաեւ՝ թե ինչ անմիջական պատճառահետեւանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի եւ իր հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման միջեւ:  ՍԴ-ի համոզմամբ՝ դիմումի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դիմողը, նույն կերպ ձեւականորեն բարձրացնելով ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանն անհամապատասխանության հարց, ըստ էության բարձրացնում է քննիչի կողմից որպես մեղադրյալ ներգրավվելու որոշմամբ՝ Գ. Կոստանյանին մեղսագրվող արարքին ենթադրյալ սխալ քրեաիրավական գնահատական տալու հարց: Սահմանադրական դատարանը փաստում է, որ կոնկրետ դեպքում հենց վերաքննիչ դատարանն ինքն է գնահատել քննիչի՝ դիմողին մեղսագրվող արարքին տրված որակման «սխալ» լինելը։  Սահմանադրական դատարանը հարկ է համարել փաստել, որ վերաքննիչ դատարանն իր դատական ակտով կալանքի իրավաչափության դատական ստուգումն իրականացնելիս Դիմողին վերագրվող ենթադրյալ արարքին չի տվել այնպիսի ենթադրյալ «սխալ» քրեաիրավվական գնահատական, որի պարագայում հնարավոր լիներ գնահատել դրույթի սահմանադրականությունը: ՍԴ-ն արձանագրել է, որ այս մասով «վերջնական դատական ակտով» ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառված չլինելու պարագայում Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: ՍԴ որոշման համաձայն՝ Դիմողը, ձեւականորեն վիճարկելով ՀՀ ՔՕ 75-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը, այդպիսով բարձրացնում է կոնկրետ գործով տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:  Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ եւ հետագա մի շարք այլ որոշումներով վերահաստատված իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «... բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձեւականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց ..., ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման՝ որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Դիմումի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին հիմք է տալիս եզրահանգելու, որ Դիմողը բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, եւ ի՞նչ անմիջական պատճառահետեւանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթների եւ իր հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման միջեւ։  Դիմողի՝ Սահմանադրական դատարանին ուղղված խնդրանքին՝ բացահայտելու ՔՕ 308-րդ հոդվածի իմաստով «պաշտոնատար անձի» բովանդակությունը եւ պատասխանելու՝ թե արդյոք ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը 2012-2017թթ. «...քրեաիրավական իմաստով հանդիսացել է պաշտոնատար անձ, թե ոչ», Սահմանադրական դատարանը գտնում է, որ «պաշտոնատար անձ» եզրույթի բովանդակությունը ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 3-րդ մասում ինքնին բացահայտված է, ավելին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներով ավելի է հստակեցրել դրա բովանդակությունը, իսկ թե կոնկրետ դեպքում անձը հանդիսացել է «պաշտոնատար անձ», թե ոչ, դա ոչ թե Սահմանադրական դատարանի գնահատման առարկա է, այլ գնահատման է ենթակա քրեական վարույթի շրջանակներում կոնկրետ գործով դատարանի կողմից` գործի փաստական հանգամանքների համադրման արդյունքում: Ի վերջո, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենքի, դրա որեւէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման եւ միատեսակ կիրառության ապահովման իրավազորությունը սահմանադրորեն վերապահված է եռաստիճան դատական համակարգին, եւ դիմողի կողմից բարձրացված՝ վերը նշված հարցը լուծելի է օրենքի միատեսակ կիրառման համապատասխան նախադեպի ձեւավորմամբ։ Ելնելով վերոգրյալից Սահմանադրական դատարանը որոշել է Կոստանյանի դիմումի հիման վրա գործի վարույթը կարճել։ Այժմ, վերադառնալով Կոստանյանի՝ լրատվական կայքին տված մեկնաբանությանը, փաստերի համադրությամբ կարող ենք եզրակացնել, որ վերջինս նախքան որոշման պատճառաբանության պաշտոնական հրապարակումը՝ արդեն որոշակիորեն ծանոթ է եղել դրան, եւ սա այն դեպքում, երբ ՍԴ-ի խորհրդակցական սենյակում կայացված որոշման պատճառաբանության պաշտոնական հրապարակումից առաջ, բացի խորհրդակցական սենյակում եղած դատավորներից, որոշման բովանդակությանը որեւէ այլ անձ ծանոթ լինել չի կարող։ Մինչեւ որոշման պատճառաբանական մասի հրապարակումը՝ հարցի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանից՝ հետաքրքրվելով՝ ՍԴ-ի՝ Կոստանյանի գործի կարճման որոշման պատճառն իսկապե՞ս այն է, որ գործի քննությունը պետք է իրականացվի ոչ թե Սահմանադրական դատարանում, այլ Վճռաբեկ դատարանո՞ւմ, եւ եթե այո, ապա Կոստանյանն ինչպե՞ս կարող էր ծանոթ լինել դեռեւս չհրապարակված որոշման բովդանդակությունը։ Թովմասյանի մեկնաբանության համաձայն՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված են գործի վարույթը կարճելու մի շարք հիմքեր, սակայն ինքն այդ պահի դրությամբ չգիտեր՝ որ հիմքով կամ հիմքերով է կարճվել գործը, քանի որ նախքան ՍԴ-ի՝ խորհրդակցական սենյակում կայացվող որեւիցե որոշման պաշտոնական հրապարակումը՝ որոշման բովանդակության մասին տեղյակ են միայն խորհրդակցական սենյակում գտնվող դատավորները․ «Իսկ թե ինչու է Գեւորգ Կոստանյանը հայտարարել այն, ինչ Դուք մեջբերեցիք, ճիշտ կլինի, որ հենց ինքը պատասխանի»,- եզրափակել էր մեր զրուցակիցը։ Փաստորեն, չնայած Գեւորգ Կոստանյանը, որը չէր կարող մասնակցել գործի քննությանը եւ ներկա լինել որոշման կայացմանը, ըստ էության ծանոթ է եղել որոշման՝ դեռեւս պաշտոնապես չհրապարակված բովանդակությանը, ինչն ակնհայտ է դառնում արդեն հրապարակված պատճառաբանությունը կարդալիս, որտեղ նշված է, որ վիճարկվող հարցերը եղել են ոչ թե ՍԴ-ի, այլ եռաստիճան դատական համակարգի քննարկման տիրույթում։ Նշենք, որ Կոստանյանից ու նրա պաշտպանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Հայարփի Բաղդասարյան
14:58 - 23 ապրիլի, 2021
Սերժ Սարգսյանի կողմից պետական գաղտնիքի ենթադրյալ բացահայտման առնչությամբ նյութերի նախապատրաստման արդյունքում որոշվել է մերժել քրգործի հարուցումը

Սերժ Սարգսյանի կողմից պետական գաղտնիքի ենթադրյալ բացահայտման առնչությամբ նյութերի նախապատրաստման արդյունքում որոշվել է մերժել քրգործի հարուցումը

Սերժ Սարգսյանի կողմից պետական գաղտնիքի ենթադրյալ բացահայտման առնչությամբ նյութերի նախապատրաստումն ավարտվել է․ որոշվել է մերժել քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին Infocom-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի կողմից ենթադրյալ գաղտնի տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ դիմում է ուղարկել ՀՀ Ռազմական ոստիկանություն՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու ու ընթացքը լուծելու։ Ապրիլի 8-ից Դատախազության դիմումի հիման վրա նյութեր էին նախապատրաստվում։ Այս տարվա փետրվարի 16-ին Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց էր տվել «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը, որտեղ, ի թիվս այլնի, խոսել էր նաեւ իր կառավարման օրոք ռազմական ոլորոտում պլանավորվող կամ իրականացվող աշխատանքների մասին։ Նա հայտարարել էր, որ իրենք հաստատել էին 2018-2024 թվականների համար երկու փաստաթուղթ՝ զինված ուժերի զարգացման պլան՝ ինչ պետք անել, ինչ փոփոխություն պետք է մտցնել զինված ուժերում  եւ որ զինատեսակները պետք է զարգացնել։ Վերջինիս հայտարարության համաձայն՝ նախատեսված էր մինչեւ 2024 թիվը ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք, ընդ որում՝ 2018-2020 թվականների համար նախատեսված էր ձեռք բերել 1000-ից ավելի ԱԹՍ՝ ե՛ւ հարվածային, ե՛ւ հետախուզական: Սակայն, նրա համոզմամբ, կառավարող նոր ուժը եկել ու փոխել է ամբողջ պլանը։ Այս հայտարարությունների իսկության վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը մերժեց մեզ տեղեկություն տրամադրել՝ հիմնավորելով, որ հայցվող տեղեկությունները պարունակում են պետական գաղտնիք։ Ուստի ՀՀ գլխավոր դատախազությունից ճշտեցինք՝ Սարգսյանի համանման հայտարարությունները համարվո՞ւմ են պետգաղտնիքի բացահայատում։ Պարզվեց՝ Դատախազության դիմումի հիման վրա ՌՈ-ում նյութեր են նախապատրաստվում, սակայն արդյունքում, ինչպես նշեցինք, որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել։ Այսինքն՝ ըստ Ռազմական ոստիկանության՝ Սարգսյանի հայտարարությունները պետական գաղտնիքի տարրեր չեն պարունակում։ Փաստորեն՝ ՊՆ-ն ու ՌՈ-ն պետական գաղտնիքի վերաբերյալ տարբեր պատկերացումներ ունեն։ Հայարփի Բաղդասարյան
12:35 - 22 ապրիլի, 2021
Հրանտ Բագրատյանը սխալվում է․ դասղեկության համար վճարները չեն կրճատվելու

Հրանտ Բագրատյանը սխալվում է․ դասղեկության համար վճարները չեն կրճատվելու

Ապրիլի 6-ին՝ «Հայրենիքի փրկության շարժման»՝ Սևանի հանրահավաքի ժամանակ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, թե ուսուցիչների՝ դասղեկության համար նախատեսված գումարը կրճատվել է։ «Ստուգողականի համար փող էր հասնում, դասղեկության համար փող էր հասնում, էդ բոլոր փողերը հանում ա, արդյունքում ուսուցիչներին ավեի շատ աշխատավարձ չի տվել»,- մասնավորապես, ասել է նա։ Ինչի՞ մասին է խոսում Հրանտ Բագրատյանը։  Ուսուցիչների վարձատրության բանաձևը սահմանվում է կառավարության համապատասխան որոշմամբ։ Այս պահին գործում է N 1262-Ն որոշումը։ Ուսուցիչների աշխատավարձի չափը որոշող բանաձևն առաջիկայում նախատեսվում է փոփոխությունների ենթարկել։ Անցած տարի փոփոխություններ կատարվեցին «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում։ Փոփոխություններով նախապես առաջարկվում էր սահմանել դասարանի ղեկավար հասկացությունը և այդ պարտականությունների կատարման համար նախատեսել հավելավճար, որի տրամադրման կարգը կսահմաներ ՀՀ կառավարությունը։ Կառավարությունը, սակայն, առաջարկեց «Հանրակրթության մասին» օրենքով չսահմանել դասարանի ղեկավար հասկացությունը։ Չնայած, ըստ կառավարության, առաջարկվող փոփոխությունը կարող էր դրական ազդեցություն ունենալ հանրակրթության ոլորտի վրա, սակայն գործադիրը գտնում էր, որ կա լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն։ «Փաստացի, ուսումնական հաստատությունները պետական բյուջեից ֆինանսավորում ստանում են՝ կախված սովորողների թվից, հետևաբար՝ որքան քիչ են սովորողները, այնքան քիչ է ֆինանսավորումը։ Ուստի ուսումնական հաստատության որևէ աշխատակցի համար հավելավճարի սահմանումը  լրացուցիչ ֆինանսական բեռ կդառնա նշյալ ուսումնական  հաստատությունների համար»,- ասված էր կառավարության առաջարկում։ Բացի այդ՝ կառավարությունը նշում էր, որ ֆինանսական միջոցների առկայության դեպքում ուսումնական հաստատության տնօրենը խորհրդի հավանությամբ կարող է սահմանել հավելավճարներ, և առաջարկում էր այդ հարցը կանոնակարգել կառավարության N 1262-Ն որոշման շրջնակում։ Այս որոշման մեջ ներառված բանաձևով, հիշեցնենք, հաշվարկվում են ուսումնական հաստատություններին տրվող ֆինանսները։ Փաստորեն, այս պահին դպրոցների տնօրենների հայեցողությանն է թողնված՝ ուսուցիչներին դասղեկության համար լրավճար տրամադրվո՞ւմ է, թե՞ ոչ։ «Հանրակրթական ուսումնական հաստատության աշխատողներին  լրավճարներ հատկացնելու հարցը քննարկվում է դպրոցի խորհրդի կողմից՝ ելնելով հաստատության բյուջետային միջոցների հնարավորություններից:  ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին դասղեկության, գրավոր աշխատանքները ստուգելու համար լրավճարներ կամ այլ վճարներ և այդ վճարների մեծությունը սահմանող իրավական որևէ կարգավորումներ չկան»,- մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Եթե նախկինում ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը պետական բյուջեից կատարվում էր՝ ըստ իրականացվող հանրակրթական ծրագրերի՝ կախված սովորողների թվից, ապա 2020-ի ամռանը կատարված փոփոխություններով սահմանվեց, որ ֆինանսավորումը կատարվում է՝ ըստ հանրակրթական ծրագրերի՝ հաշվի չառնելով աշակերտների թիվը։  Կառավարությունը, հիշեցնենք, ավելի վաղ առաջարկել էր «Հանրակրթության մասին» օրենքով չսահմանել դասարանի ղեկավար հասկացությունը, քանի որ հանրակրթական ուսումնական հաստատությունները մինչ այս ֆինանսավորվում էին՝ ըստ աշակերտների թվի։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցած տարվա ամռանը տեղեկացրեց, որ հանրային քննարկման է դրվել նոր նախագիծ՝ համաձայն որի՝ ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն ապահովվելու է ընդհանուր բանաձևով։ Նախագծում ներկայացված նոր բանաձևում ներառված է նաև դասղեկության համար նախատեսվող լրավճարը։ ԿԳՄՍՆ-ից, մեր գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ սահմանվող նոր բանաձևում դասղեկության համար լրավճարը պարտադիր է դառնալու պետական ուսումնական կրթական բոլոր հաստատությունների համար: «Նախագծով նախատեսվում  է դասղեկության համար, մեթոդ միավորման ղեկավարին տրվող և բարձրլեռնային բնակավայրերի շարքում դասվող բնակավայրերում տեղակայված պետական ուսումնական հաստատությունների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարներ: Որոշման նախագիծը գտնվում է լրամշակման փուլում»,- տեղեկացրել են նախարարությունից։ Փաստորեն, Հրանտ Բագրատյանի այն պնդումը, թե դասղեկության համար ուսուցիչներին տրող վճարները հանվում են, չի համապատասխանում իրականությանը։ Այս պահին գործող կարգավորումների համաձայն՝ դասղեկության համար լրավճար տալու հարցը թողնված է դպրոցի հայեցողությանը, իսկ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձերի հաշվարկման բանաձևում պարտադիր ներառել նաև դասղեկության համար տրվող վճարը։ Աննա Սահակյան  
15:00 - 19 ապրիլի, 2021
Ովքե՞ր են Լոռու մարզում հանք շահագործել ցանկացող «Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատերերը

Ովքե՞ր են Լոռու մարզում հանք շահագործել ցանկացող «Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատերերը

Երեկ հայտնի դարձավ, որ «Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» անունով մի կազմակերպություն ցանկանում է Լոռու մարզում հանքերևակում ուսումնասիրելու հնարավորություն ստանալ՝ ոսկու հանք բացելու նպատակով։ Մարզի այն գյուղերի բնակիչները, որոնց տարածքում ընկերությունը ցանկանում է հանք բացել, համայնքապետարանների կայքերից են տեղեկացել այդ մասին։ Այդ գյուղերի բնակիչները, ինչպես նաև բնապահպանները մտահոգություններ ունեն այս անհայտ ծագմամբ ընկերության գործունեության առնչությամբ։ ՀՀ իրավաբանական անձնանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ  «Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» ՍՊԸ-ն Հայաստանում գրանցվել է 2018-ին, ընկերության հասցեն Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում է։ ՍՊԸ-ի 100% բաժնեմասերի սեփականատեր է չեխական «Mineral Ventures Invest» ընկերությունը։ «Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենը Յիրժի Վոյտեխովսկին է (Jiří Vojtěchovský)։ Չեխիայի Հանրապետության առևտրային ռեգիստրի կայքից տեղեկանում ենք, որ «Mineral Ventures Invest» ընկերությունը ևս հիմնվել է 2018-ին։ Ընկերության գործադիր տնօրեններն են Մարտինա Կորժինկովան (Martina Kořínková) և Դավիդ Մարաշեկը (David Marášek)։ Ընկերության հետ փոխկապակցված անձ է Յիրժի Վոյտեխովսկին («Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն): Համաձայն Չեխիայի Հանրապետության առևրային ռեգիստրի տվյալների` Յիրժի Վոյտեխովսկին գործունեություն է ծավալել չեխական տարբեր կազմակերպություններում։ Օրինակ, 2017 թվականից նա Չեխ-ղրղզական առևտրի պալատի (Česko-kyrgyzská obchodní komora) նախագահն է։ Չեխ-ղրղզական առևտրի պալատի փոխնախագահը Միխայել Սմելիկն է (Michael Smelík)։ Առևտրի պալատը հիմնվել է 2017-ին։ Միխայել Սմելիկը «Liglass Trading» ընկերության գործադիր տնօրենն է։ Այս չեխական ընկերությունը հիմնադրվել է 2003-ին։ «Liglass Trading»-ի կայքից տեղեկանում ենք, որ 2013-ից ընկերության թիմին է միացել Յիրժի Վոյտեխովսկին՝ որպես գործընկեր ու Ասիաեվրոպական շուկայի տնօրեն։ Խոսելով Վոյտեխովսկուն ընկերությունում ներգրավելու պատճառների մասին՝ նշվում է, որ նա աշխատել է «ESI Eastern Investment» ընկերությունում, որտեղ նրա աշխատանքը կենտրոնացած է եղել Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ տարածքում (այդ թվում՝ Հայաստանում) ծրագրերի իրականացման վրա։ «Liglass Trading» ընկերության շուրջ Ղրղզստանում աղմուկ էր բարձրացել 2017-ին։ Պատճառն այն էր, որ այս ներդրումային ընկերությունը ցանկանում էր Ղրղզստանում հիդրոէլեկտրակայաններ կառուցել, սակայն այդ գործընթացն ի վերջո ձախողվեց։ Փորձենք կարճ ներկայացնել եղելությունը․ Ղրղզստանի կառավարությանը «Liglass Trading»-ի գործունեության համար երաշխավորել է Չեխիայի նախագահի կանցլեր Վրատիսլավ Մինարժը (Vratislav Minarj)։ Չնայած Ղրզղզստանում մտահոգություններ են հնչել այն առիթով, որ Մինարժը զբաղվել է «Liglass Trading»-ի լոբբինգով, կանցլերը նշել է՝ քանի որ «Liglass Trading»-ը չեխական է, ինքը ստուգել է ընկերության տվյալները Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարությունում, այնուհետև նամակ գրել Ղրղզստանի նախագահին։ Արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացուցիչն էլ չեխական լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան հայտնել է, որ նախարարությունը «Liglass Trading»-ի համար Միրանժին երաշխավորություն չի ներկայացրել։ «Liglass Trading»-ի գործադիր տնօրեն Միխայել Սմելիկն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ ինքն անձամբ չի ճանաչում Վրատիսլավ Մինարժին, և այն, որ Մինարժը երաշխավորել է «Liglass Trading»-ի համար, նշանակություն չունի, ընկերությունը Ղրղզստանում մասնակցել է բաց մրցույթի և հաղթել։  «Liglass Trading»-ը պարտավորվել է վճարել Ղրղզստանի կառավարության պարտքը «Русгидро» ընկերությանը: «Русгидро»-ի հետ Ղրղզստանը 2012-ին պայմանագիր է կնքել այդ երկրում հէկեր կառուցելու համար, սակայն հետագայում Ղրղզստանի կառավարությունը միակողմանի լուծել է պայմանագիրը։ Հէկերի կառուցման համար «Liglass Trading»-ի հետ պայմանագիրը կնքվել է 2017-ին, սակայն «Liglass Trading»-ն այդպես էլ չի կարողացել վճարել ռուսական «Русгидро» ընկերության պարտքը։ Ղրղզստանի կառավարությունը միակողմանի լուծել է պայմանագիրը «Liglass Trading»-ի հետ, վերջինս էլ իր հերթին մեղադրանքներ է հնչեցրել երկրի կառավարության հասցեին։ Դժվար է այս փոխադարձ մեղադրանքների մեջ հասկանալ, թե ով է եղել մեղավորը, սակայն փաստացի «Liglass Trading»-ին չի հաջողվել Ղրղզստանի կառավարության պարտքը մարել և հէկերի կառուցումն իրականացնել։ Ե՛վ «Liglass Trading»-ի կայքում, և՛ չեխական առևտրային ռեգիստրի կայքում ընկերության գործունեության վերաբերյալ վերջին թարմացումները եղել են 2017-ին։ Հենց նույն Յիրժի Վոյտեխովսկին, որը «Liglass Trading» ընկերությունում և Չեխ-ղրղզական առևտրի պալատում եղել է Միխայել Սմելիկի գործընկերը, ՀՀ Լոռու մարզում հանք բացելու մտադրություն ունեցող «Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։ «Mineral Ventures Invest»-ի կայքից տեղեկանում ենք, որ ընկերությունը մտադիր է Արևելյան Եվրոպայում և Արևմտյան Ասիայում հանքարդյունաբերական գործունեություն ծավալել, մասնավորապես՝ թանկարժեք և գունավոր մետաղներ փնտրել։ «Mineral Ventures Invest»-ի գործադիր տնօրեններից Դավիդ Մարաշեկը եղել է 2015-ին հիմնադրված «Zlato as» ընկերության տնօրենների խորհրդի անդամ։ «Zlato as»-ը հիմա համագործակցում է «Mineral Ventures Invest»-ի հետ: «Zlato as»-ի կայքից տեղեկանում ենք, որ ընկերությունը զբաղվում է ոսկու առևտրով։ Մինչև այս տարվա փետրվարը Յիրժի Վոյտեխովսկին եղել է «Mineral Ventures Invest»-ի կանոնադրական մարմնի անդամ և գործադիր տնօրեն, սակայն փետրվարից նա այլևս չի զբաղեցնում այդ պաշտոնները։ Այս պահին նա, ինչպես արդեն նշել ենք, «Mineral Ventures Invest»-ի դուստր կազմակերպության՝  «Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։ Վոյտեխովսկին նաև շարունակում է զբաղեցնել Չեխ-ղրղզական առևտրի պալատի նախագահի պաշտոնը։ «Լուսաջուր Վենչրզ Ինվեստ»-ը կշահագործի՞ Լոռում ոսկու հանք, թե՞ ոչ՝ դեռ հայտնի չէ։ Համաձայն «Հայկական բնապահպանական ճակատ»-ի հրապարակած վերջին տեղեկությունների՝ Լոռու մարզի Մարգահովիտ, Վահագնաձոր, Վահագնի գյուղերում, որոնց տարածքում ընկերությունը մտադիր է հանք շահագործել, բնակիչներն այսօր բողոքի ակցիաներ են իրականացրել, և չեն կայացել հանքի շահագործման թեմայով նախատեսված հանրային լսումները։ Աննա Սահակյան  
22:20 - 16 ապրիլի, 2021
ՊՆ-ն տեղեկություն չունի՝ Տավուշում 102-րդ ռազմաբազայի զորավարժություններին քանի ռուս զինծառայող է մասնակցել

ՊՆ-ն տեղեկություն չունի՝ Տավուշում 102-րդ ռազմաբազայի զորավարժություններին քանի ռուս զինծառայող է մասնակցել

2021 թվականի մարտի 7-ին սոցիալական հարթակներում եւ տարբեր ԶԼՄ-ներում լուրեր տարածվեցին, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերում մոտ 500 ռուս խաղաղապահներ չափագրումներ են իրականացնում։  Այս առնչությամբ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, թե «ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում` նախկին Բարխուդարլիի մերձակայքում»: Նույն օրը ՊՆ-ն հերքեց շրջանառվող տեղեկությունները՝ նշելով, թե լուրը բացարձակ մտացածին է եւ չի համապատասխանում իրականությանը, սակայն հավելյալ մանրամասներ չհայտնեց։ Մեր հարցերին ի պատասխան՝ նախարարության տեղեկատվության բաժնից խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։ Հարցման հինգերորդ օրը ՊՆ-ն տեղեկություն տրամադրելու համար երեսուն օր պահանջեց։ Ապրիլի 2-ին պատասխանեցին, որ ՀՀ պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների համար ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախագահությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Խմբում ընդգրկված են ներկայացուցիչներ ԶՈՒ գլխավոր շտաբից։ Աշխատանքները կատարվում են Սյունիքի մարզում։ Տավուշի մարզում աշխատանքներ չեն կատարվում։  Մեր հարցին, թե արդյոք սույն թվականի մարտի 5-ից իրենց ծառայության շրջանակներում ռուս զինվորականներ այցելե՞լ են Տավուշի մարզ, եթե այո, ապա քանի՞ ծառայող, նախարարությունից պատասխանել են, թե ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կողմից անցկացվելիք զորավարժությունների շրջանակներում ռուս զինծառայողները այցելել են Տավուշի մարզ, իսկ քանակի վերաբերյալ ՊՆ-ն տեղեկություններ չունի։  «Համաձայն 102-րդ ռազմաբազայի 2021 թվականի մարտական պատրաստության պլանի՝ նախատեսված է եղել զորավարժություն, որի շրջանակներում անցկացվել են տեղզննման (ուսումանկան) աշխատանքներ նշված ուղղություններով»,- ասված է պատասխանում։  Infocom.am-ի մյուս հարցերին, թե արդյոք ռուս խաղաղապահներ կամ սահմանապահներ պե՞տք է տեղակայվեն Տավուշի մարզի հայ-ադրբեջանական դիրքերում, եթե այո, ապա ո՞ր հատվածներում է նախատեսվում նրանց տեղակայումը, եթե տեղակայում նախատեսվում է, ապա իրավական ի՞նչ ակտերի հիմքով, նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից ի պատասխան նշել են, որ ռուս խաղաղապահների կամ սահմանապահների՝ Տավուշի մարզի հայ- ադրբեջանական սահմանում տեղակայման վերաբերյալ հարց չի քննարկվել։  Այսպիսով, ՊՆ-ն, արձագանքելով ռուս խաղաղապահների՝ Տավուշում ինչ-որ գործողությունների վերաբերյալ տարածվող լուրերին, նախ միայն հերքեց դրանք՝ ասելով, թե լուրը բացարձակ մտացածին է եւ չի համապատասխանում իրականությանը, եւ որեւէ այլ մեկնաբանություն չտվեց։ Միայն գրավոր հարցումից հետո գերատեսչությունից պատասխանեցին, որ ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կողմից անցկացվելիք զորավարժությունների շրջանակներում ռուս զինծառայողները այցելել են Տավուշի մարզ։ Իսկ թե քանի զինծառայող է մասնակցել այդ զորավարժություններին, ՊՆ-ն, փաստորեն, տեղեկություն չունի։ Ի դեպ, նախարարությունը, հավատարիմ մնալով իր գործելաոճին, տեղեկություն տրամադրելու համար դարձյալ երեսնօրյա ժամկետ պահանջեց․ նշենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ 30-օրյա ժամկետում պատասխանում են միայն այն դեպքում, երբ գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք։ Ասպրամ Փարսադանյան
11:46 - 15 ապրիլի, 2021
ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանի կնոջ քեռորդին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարն է

ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանի կնոջ քեռորդին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարն է

Տեւական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում, այդ թվում՝ որոշ լրատվական կայքերում, որ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր բարեկամին պաշտոնի է նշանակել։ Խոսքը 2018-19թթ․ դեռեւս մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի տեղակալի օգնական, «Կոտայք» ՋՕԸ նախկին տնօրեն Պավել Ցուգունյանի մասին է, որն այժմ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարն է։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Ցուգունյանը նախկին մարզպետ-ներկա նախարարի կնոջ ազգականն է։ Infocom-ը դեռեւս պատերազմից առաջ էր հավաքագրել այն տեղեկությունները, որոնք փաստացի ցույց են տալիս, որ Ցուգունյանն իրապես բարեկամական կապ ունի Պետրոսյանի հետ, սակայն, պայմանավորված ռազմական դրությամբ ու հետպատերազմական իրավիճակով՝ հրապարակումը որոշ ժամանակով հետաձգեցինք։  Այսպես, մեր ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ Ցուգունյանը Ռոմանոս Պետրոսյանի կնոջ՝ Արմինե Պետրոսյանի քեռորդին է։ Թեեւ այս փաստը հնարավոր է եղել թաքցնել, սակայն սոցիալական ցանցերն ու պետական կառույցների պաշտոնական կայքերը հնարավորություն են տալիս գտնել պաշտոնյաների եւ այլ մարդկանց ազգակցական կապերը։ Արմինե Պետրոսյանի եւ Պավել Ցուգունյանի ազգակցական կապը Դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին մամուլում հրապարակում էր եղել այն մասին, որ Կոտայք ՋՕԸ-ում միջադեպ էր տեղի ունեցել, ըստ հրապարակման՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր թեկնածուին էր ցանկացել նշանակել ՋՕԸ պետի պաշտոնակատար, սակայն գյուղացիները դիմադրել էին, ծեծկռտուք էր սկսվել։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ՋՕԸ-ի նոր պետը՝ Գուրգեն Օսիպյանը, Ռոմանոս Պետրոսյանի ազգակիցն է, իսկ այդ պաշտոնում նրա նշանակմանը օգնել է Պետրոսյանի մեկ այլ բարեկամ՝ Պավել Ցուգունյանը։ Ռոմանոս Պետրոսյանն այս հրապարակման վերաբերյալ հերքման պահանջով էր հանդես եկել՝ հատ-հատ հերքելով դրանում տեղ գտած տեղեկությունները, սակայն Պավել Ցուգունյանի ու իր կապի մասին ոչինչ չէր գրել։ Իսկ Ցուգունյանի ու Պետրոսյանի կապն, ինչպես արդեն նշեցինք, անցնում է վերջինիս կնոջ բարեկամական օղակով։ Հայտարարատու պաշտոնատար անձնանց հայտարարագրերի ռեեստերից եւ Ֆեյսբուք սոցիալական ցանցից տեղեկանում ենք, որ Ռոմանոս Պետրոսյանի կինը Արմինե Ռոբերտի Պետրոսյանն է։ Արմինե Պետրոսյանի ու Պավել Ցուգունյանի կապը թեեւ առաջին հայացքից անհնար է նկատել, սակայն սոցցանցերը իրենց գործն անում են։ Արմինե Պետրոսյանն, օրինակ, կա Պավել Ցուգունյանի ֆեյսբուքյան ընկերների ցանկում, նա նաեւ հավանել է վերջինիս լուսանկրաներից մեկը, օրինակ։ Լուսանկարը հավանել է նաեւ Արմինե եւ Ռոմանոս Պետրոսյանների որդի Վանիկ Պետրոսյանը։ ՀՀ ընտրողների ռեգիստրից տեղեկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում Պավել Ցուգունյան անունով միայն մեկ քաղաքացի կա, որի հայրը, ըստ նույն տվյալների, Վլադիմիր Ցուգունյանն է: Վլադիմիր Ցուգունյանի ֆեյսբուքյան ընկերների ցանկում են Ռոմանոս Պետրոսյանը, նրա կինը, նրանց որդին, եւ, իհարկե, Պավել Ցուգունյանը։ Եթե Պետրոսյանի՝ Վլադիմիր Ցուգունյանի ընկերներում լինելու հանգամանքը կարող է պայմանավորված լինել նախարարի՝ հանրային դեմք լինելու փաստով, ապա տիկնոջ եւ որդու պարագայում որոշակի կասկած կարող է առաջանալ։ Հայտարարագրերի ռեեստրից տեղեկանում ենք, որ Արմինե Պետրոսյանը ծնվել է 1985 թվականի մայիսի 10-ին։ ՀՀ ընտրողների ռեգիստրում Արմինե Պետրոսյան անուն-ազգանունով այս թվականին ծնված միայն մեկ քաղաքացի կա։ Ըստ այս համակարգի՝ նրա հետ համատեղ գրանցված այլ անձինք չեն բնակվում․ տիկին Պետրոսյանը գրանցված է Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի փողոցի 6/2 236 հասցեում՝ միայնակ: Այն, որ նախարարի կինը ներկայանում է ամուսնու ազգանվամբ, դժվարացնում է Արմինե Պետրոսյանի ընտանիքի անդամների մասին տեղեկություն գտնելը։ Սակայն, ինչպես նշեցինք, նրա հայրանունը Ռոբերտ է։ Տիկին Պետրոսյանի եւ նրա որդու ֆեյսբուքյան ընկերների ցանկում կա Հայկ Ռոբերտի Հակոբյան անունով օգտատեր։ Վերջինիս քույրը՝ Անի Հակոբյանը, ֆեյսբուքում դարձյալ ընկեր է Վլադիմիր Ցուգունյանի եւ Ռոմանոս Պետրոսյանի որդու հետ։ Անի Հակոբյանը ֆեյսբուքում ընկեր է նաեւ Արմինե եւ Ռոմանոս Պետրոսյանների հետ։ Բացի դրանից՝ Հայկ Ռոբերտի Հակոբյանի ֆեյսբուքյան էջում ամիսներ առաջ կային լուսանկարներ, որտեղ Հակոբյան քույր եւ եղբայրն ու Արմինե Պետրոսյանը միասին էին։ Այժմ, սակայն, Հայկ Պետրոսյանի էջից այդ նկարները կամ հեռացված են կամ միայն ընկերների համար են հասանելի։ Այդ նկարներից մեկում, որը ֆեյսբուք ներբեռնել էր Հայկ Ռոբերտի Հակոբյանը, պատկերված են Արմինե Պետրոսյանը, Անի Հակոբյանը եւ հենց ինքը` Հայկ Հակոբյանը: Սակայն եթե Հայկ Հակոբյանի էջի նկարն այս պահին անհասանելի է, ապա Անի Հակոբյանի էջում կա մեկ այլ լուսանկար՝ Արմինե Պետրոսյանի եւ Հայկ Հակոբյանի մասնակցությամբ, որը վերնագրված է «ընտանիք»։ Վերոնշյալից արդեն իսկ կարելի է փաստել, որ Արմինե Պետրոսյանը փոխել է իր ազգանունը եւ գոնե սոցցանցերում փորձել է հնարավորինս ստվերում պահել իր կապը՝ հարազատների հետ։ Սակայն փաստերի համադրությամբ ակնհայտ է, որ Արմինե Պետրոսյանի հայրը Ռոբերտ Հակոբյանն է։ Ընտրողների ռեգիստրում փնտրելով Հայկ Ռոբերտի Հակոբյանին՝ հնարավոր եղավ պարզել, որ նրանց ընտանիքի գրանցման հասցեն Կոտայքի մարզի Աբովյան քաղաքն է: Նույն հասցեում Հայկ Հակոբյանի հետ համատեղ գրանցված է 3 քաղաքացի` Անի Ռոբերտի Հակոբյանը, Ռոբերտ Հայկազի Հակոբյանը եւ Սոնյա Ազատի Հակոբյանը։ Արդեն պարզ է, որ Արմինե Պետրոսյանի հայրը Ռոբերտ Հայկազի Հակոբյանն է, իսկ Անի եւ Հայկ Հակոբյանները նրա քույր եւ եղբայրն են, իսկ ահա Սոնյա Ազատի Հակոբյանը Արմինե Պետրոսյանի մայրն է: Ի՞նչ է հայտնի Պավել Ցուգունյանի մասին Պավել Ցուգունյանը բնակվում է Աբովյան քաղաքում: Ինչպես արդեն նշել էինք՝ նրա հայրը Վլադիմիր Ցուգունյանն է: Ընտրողների ռեգիստրի միջոցով տեղեկանում ենք, որ Վլադիմիր Ցուգունյանի հոր անունը նույնպես Ազատ է, ինչպես Հակոբյան Սոնյայի հոր անունը: Հետեւաբար Հակոբյան Սոնյան եւ Ցուգունյան Վլադիմիրը քույր եւ եղբայր են: Ստացվում է, որ Վլադիմիր Ազատի Ցուգունյանը Ռոմանոս Պետրոսյանի կնոջ` Արմինե Պետրոսյանի մորեղբայրն է՝ քեռին, հետեւաբար Պավել Ցուգունյանը Արմինե Պետրոսյանի մորեղբոր որդին է: Ինչպես է Պավել Ցուգունյանը դարձել Հայանտառ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար «Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի» պաշտոնական կայքէջում տեղադրված կենսագրականից տեղեկանում ենք, որ Պավել Ցուգունյանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել 2020 թվականի սեպտեմբերի 16-ին։  Սրանից հետո՝ արդեն 2021 թվականի փետրվարի 17-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարվել է մրցույթ, որը պետք է կայանար 2021 թվականի ապրիլի 6-ին։ Սակայն մարտի 3-ին մրցույթի գործընթացը դադարեցվել է։ Հայտարարության մեջ նշված է, որ նախատեսված մրցույթի գործընթացը դադարեցվել է՝ հիմք ընդունելով «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է՝ «Հոդված 16. Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակելը եւ ազատելը․ 1. Գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն:»։ Մրցույթի դադարեցման վերաբերյալ «Հրապարակ» լրատվականին տված մեկնաբանությունում Պավել Ցուգունյանը նշել էր, որ կառավարությունը մրցույթի նոր կարգ է հաստատել, որով էլ պետք է անցկացվի մրցույթը։ Ցուգունյանի մեկնաբանությամբ՝ քանի որ այդ նոր կարգն ուժի մեջ չի մտել, մրցույթը դադարեցվել է։ Հետաքրքրական է, որ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի պաշտոնակատարի՝ պաշտոնից ազատման եւ տնօրեն նշանակելու մասին փաստաթուղթը հրապարակված է ՊՈԱԿ-ի ֆեյսբուքի էջում, իսկ ահա Պավել Ցուգունյանին տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին որեւէ փաստաթուղթ չկար։ Անտառային կոմիտեից Infocom-ը տեղեկացավ, որ Ցուգունյանին նշանակելու փաստաթուղթը հրապարակված չէ տեխնիկական պատճառներով, իսկ հաջորդ օրը՝ ապրիլի 9-ին արդեն տեղադրված կլինի կայքում։ Այսօր արդեն Ցուգունյանի նշանակման որոշումը հրապարակված է՝ հետին ամսաթվով։ Այսպիսով, չնայած Ռոմանոս Պետրոսյանն ու Պավել Ցուգունյանը անարձագանք են թողել կամ հերքել են շրջանառվող տեղեկությունները, որ իրենք բարեկամական կապ ունեն, այդուհանդերձ պաշտոնական եւ ոչ պաշտոնական բաց աղբյուրներից ստացած փաստերն այլ բան են խոսում։ Պավել Ցուգունյանը, որը կարճ ժամանակ առաջ Կոտայքի նախկին մարզպետ, այժմ ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանի տեղակալի օգնականն էր, հիմա՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը, Ռոմանոս Պետրոսյանի կնոջ քեռորդին է։ Ընդ որում՝ ե՛ւ Ցուգունյանը, ե՛ւ Պետրոսյանն ու իր կինը այս փաստը փորձել են ծածուկ պահել հանրությունից։ Նարեկ Մարտիրոսյան, Հայարփի Բաղդասարյան
22:08 - 14 ապրիլի, 2021
Սերժ Սարգսյանի կողմից ենթադրյալ գաղտնի տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ Ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Սերժ Սարգսյանի կողմից ենթադրյալ գաղտնի տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ Ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

ՀՀ գլխավոր դատախազությունը «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի կողմից ենթադրյալ գաղտնի տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ դիմում է ուղարկել ՀՀ Ռազմական ոստիկանություն՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով (Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը, Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները) սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու ու ընթացքը լուծելու։ Այս մասին Infocom-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Գլխավոր դատախազությունից։ Իսկ ահա Ռազմական ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ ապրիլի 8-ից Դատախազության դիմումի հիման վրա նյութեր են նախապատրաստվում․ նյութերի նախապատրաստման ժամկետը տասը օր է, որից հետո որոշում է կայացվում կամ քրեական գործ հարուցելու կամ քրգործի հարուցումը մերժելու մասին։ Այս տարվա փետրվարի 16-ին Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց էր տվել «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը, որտեղ, ի թիվս այլնի, խոսել էր նաեւ իր կառավարման օրոք ռազմական ոլորոտում պլանավորվող կամ իրականացվող աշխատանքների մասին։ Նա հայտարարել էր, որ իրենք հաստատել էին 2018-2024 թվականների համար երկու փաստաթուղթ՝ զինված ուժերի զարգացման պլան՝ ինչ պետք անել, ինչ փոփոխություն պետք է մտցնել զինված ուժերում  եւ որ զինատեսակները պետք է զարգացնել։ Ըստ նրա՝ այս փաստաթղթի հիման վրա կազմվել էր ռազմական տեխնիկայի  եւ սպառազինության ձեռքբերման պլան, որի համար նախատեսված էր 1 մլրդ 300 մլն դոլար,  իսկ այդ միջոցների աղբյուրները, Սարգսյանի վստահեցմամբ, հստակորեն կային։ Վերջինիս հայտարարության համաձայն՝ նախատեսված էր մինչեւ 2024 թիվը ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք, ընդ որում՝ 2018-2020 թվականների համար նախատեսված էր ձեռք բերել 1000-ից ավելի ԱԹՍ՝ ե՛ւ հարվածային, ե՛ւ հետախուզական: Սակայն, նրա համոզմամբ, կառավարող նոր ուժը եկել ու փոխել է ամբողջ պլանը։ Հարցազրույցի հաջորդ օրը՝ փետրվարի 17-ին, Infocom-ը գրավոր հարցմամբ դիմեց ՀՀ պաշտպանության նախարարություն՝ ի թիվս այլնի ճշտելու՝ արդյոք որեւէ փաստաթղթով նախատեսված եղե՞լ է 2018-2020 թթ․ ձեռք բերել 1000-ից ավելի հարվածային եւ հետախուզական ԱԹՍ եւ «Տոր» զենիթահրթիռային համալիրներ։ Հարցման մեջ խնդրել էինք հստակեցնել՝ եթե հայցվող տեղեկությունները պարունակում են որեւէ մակարդակի պետական կամ ծառայողական գաղտնիք, ապա Սերժ Սարգսյանի նույնաբովանդակ հայտարարությունը համարվու՞մ է գաղտնիքի բացահայտում, թե՞ ոչ։  Մարտի 31-ին Պաշտպանության նախարարությունը մերժեց տեղեկության տրամադրումը՝ նշելով, որ հայցված տեղեկությունները պարունակում են պետական գաղտնիք։ ՊՆ-ն, մասնավորապես, հղում արեց հետեւյալ իրավական ակտերին․ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ (մերժվում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, ․․․ գաղտնիք), «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետ եւ 12-րդ հոդված (ռազմարդյունաբերական համալիրի ծրագրերի, դրանց բովանդակության և կատարման արդյունքների, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց արտավարատեխնիկական բնութագրերի ու մարտական կիրառության հնարավորությունների մասին տեղեկությունները դասվում են պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին), ՀՀ կառավարության 13.03.1998 N173 որոշմամբ հաստատված ցանկի 6-րդ կետ (պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ), ՀՀ պաշտպանության նախարարի 09.07.2015թ․ N 9-ՆԳ հրամանով գործողության դրված «ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի» 25-րդ, 26-րդ, 27-րդ, 30-րդ կետերի պահանջներ։ Ինչ վերաբերում է մեր հարցին՝ եթե այդ տեղեկությունները համարվում են պետական գաղտնիք, ապա գաղտնիքին հասանելիություն ունեցած անձի՝ Սերժ Սարգսյանի կողմից դրանց մասին հայտարարելը չի՞ համարվում պետական գաղտնիքի բացահայտում, Պաշտպանության նախարարությունից բանավոր առաջարկեցին դիմել Ազգային անվտանգության ծառայություն։ Նույն օրը՝ մարտի 31-ին, ՊՆ-ի խորհրդով հարցում ուղարկեցինք ՀՀ ԱԱԾ՝ հայտնելով, որ ՊՆ-ից ստացած պատասխանի համաձայն՝ ԱԹՍ-ներ, զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու վերաբերյալ տեղեկությունները համարվում են պետական եւ ծառայողական գաղտնիք։ Նշել էինք, որ այս տեղեկությունների  մասին Սերժ Սարգսյանը խոսել է «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, ըստ այդմ՝ Սարգսյանի՝ նույնաբովանդակ հրապարակային հայտարարությունները համարվո՞ւմ են պետական եւ ծառայողական գաղտնիքի բացահայտում, եւ եթե այո, ապա պետական եւ ծառայողական գաղտնիքի հրապարակման հատկանիշներով քրեական գործ հարուցելու համար նյութեր նախապատրաստվե՞լ են։ Ապրիլի 6-ին ԱԱԾ-ից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Կառավարության 1998 թվականի մարտի 13-ի N173 որոշման համաձայն՝ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի երկարաժամկետ կանխատեսումների ուղղությունները կամ զարգացման ծրագրերը բացահայտող տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու լիազորությունները վերապահված են ՀՀ պաշտպանության նախարարությանը։ ԱԱԾ-ն էլ իր հերթին առաջարկել է հայցվող տեղեկությունը ստանալու համար դիմել ՀՀ ՊՆ։ Իսկ ՊՆ-ից, ինչպես նշեցինք վերեւում, առաջարկել էին դիմել ԱԱԾ։ ԱԱԾ ուղարկած հարցումը մարտի 31-ին ուղարկել էինք նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից էլ ապրիլի 9-ին հայտնել են, որ հրապարակումն ուղարկվել է Ռազմական ոստիկանություն՝ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու ու ընթացքը լուծելու։  Այսպիսով, ՊՆ-ն եւ ԱԱԾ-ն չեն կողմնորոշվում, թե իրենցից որն է իրավասու պարզաբանել՝ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրած, գերագույն գլխավոր հրամանատար հանդիսացած անձի կողմից հրապարակվե՞լ են ենթադրյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, թե՞ ոչ։ Իսկ ՀՀ գլխավոր դատախազությունը Սերժ Սարգսյանի՝ ենթադրյալ գաղտնիք պարունակող տեղեկություններով փետրվարին հրապարակված հարցազրույցը միայն ապրիլին է ուղարկել Ռազմական ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու։ Հայարփի Բաղդասարյան
15:10 - 12 ապրիլի, 2021
Ալեն Սիմոնյանը սխալվում է. վարչապետի եւ փոխվարչապետի խոսնակները հաստատել են գերիների վերադարձի լուրը

Ալեն Սիմոնյանը սխալվում է. վարչապետի եւ փոխվարչապետի խոսնակները հաստատել են գերիների վերադարձի լուրը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր «Ազատություն ռադիոկայանի» եթերում հայտարարել է, թե գերիների վերադարձի վերաբերյալ պայմանավորվածություններ չեն եղել, այլ միայն հույսեր, եւ, նրա խոսքով՝ բարձրաստիճան որեւէ պաշտոնյա նման հայտարարություն չի արել։  «Պայմանավորվածություններ չեն եղել, մենք ուղղակի հույս ենք ունեցել, ինչպես ամեն օր, որ այդ թռիչքը իր հետ լավ լուր կբերի, այս ամենը տեղեկատվական այս իրավիճակում բավականին մեծ արձագանք ու դժգոհություն է առաջացրել, որը ընդունելի է, բայց բարձրաստիճան որեւէ պաշտոնյա նման հայտարարություն չի արել, այնուամենայնիվ ես համարում եմ, որ նման ապատեղեկատվության համար պետք է ներողություն խնդրենք մեր համաքաղաքացիներից եւ ծնողներից»,- մասնավորապես ասել է Ալեն Սիմոնյանը: Սակայն, իրականում, գերիների վերադարձի վերաբերյալ լուրերը երեկ երեկոյան սկսեցին շրջանառվել լրատվամիջոցներում ու սոցցանցերում, հետո ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել էր այդ տեղեկությունը։ Գեւորգյանից հետո մամուլում հայտնվեց նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանի հայտարարությունը, ըստ որի՝ գերիներին բերող օդանավը վայրէջք է կատարելու էրեբունի օդանավակայանում։  Գերիների խումբ, սակայն, Հայաստան չվերադարձավ, ինչը բողոքի ալիք բարձրացրեց քաղաքացիների ու հատկապես գերեվարվածների հարազատների շրջանում։ Երբ պարզ դարձավ, որ գերիներ չեն վերադարձվել, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը պարզաբանում տարածեց, որում ասված էր, որ գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։ Փոխվարչապետի գրասենյակը, փաստորեն, ոչ թե հերքեց այն լուրերը, որ գերիների խումբ պետք է վերադառնար Հայաստան, այլ միայն նշեց, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվել է: Սրան հետեւեց Civilnet-ի հարցումը փոխվարչապետի գրասենյակին: Լրատվամիջոցի ստացած պատասխանի համաձայն՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը գերիների վերաբերյալ որեւէ պաշտոնական հայտարարություն չի արել, եւ որեւէ լրատվամիջոց առանձին կարգով այդ մասին կանխավ չի տեղեկացվել: Ի դեպ՝ այժմ «Սպուտնիկ» լրատվականը, որին Ավինյանի խոսնակը մեկնաբանություն էր տվել, փոխել է լուրի տեքստը, սակայն դեռեւս չփոխված տարբերակը, որտեղ Նժդեհ Հովսեփյանը հաստատել է լուրը, ինտերնետ արխիվում պահպանվել է։ Իսկ լուրն, ըստ ամենայնի, փոխվել է այն բանից հետո, երբ Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը «Հրապարակի» լրագրողի հարցին ի պատասխան ասել էր, որ գերիների վերադարձ չէր էլ նախատեսվում, եւ որ այդ լուրը հաստատողները կեղծ պրովոկացիա են արել՝ թյուրիմացության մեջ գցելով բնակչությանը։  Մուրադովի հայտարարությունից հետո էլ լրագրողների հետ զրույցում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ինքաթիռում եղել է նաեւ Մուրադովը, իսկ դա նշանակում է, որ եղել են պայմանավորվածություններ, որոնք խախտվել ենք: Թե այսքանից հետո Ալեն Սիմոնյանն ինչպես է հերքում, որ պաշտոնական աղբյուրները չեն հաստատել գերիների վերադարձի վերաբերյալ լուրերը, անհասկանալի է, քանի որ, վարչապետի եւ փոխվարչապետի խոսնակները, փաստորեն, առնվազն երկու լրատվամիջոցի հաստատել են տեղեկությունները։ Բացի դրանից՝ Ավինյանի գրասենյակն ավելի ուշ ցավով հայտնել էր, որ գերիների վերադարձը հետաձգվում է, այլ ոչ թե չի էլ նախատեսվել։ Իսկ պետական կառույցների կամ պաշտոնյաների մամուլի խոսնակների գործառույթն, ի թիվս այլնի, նաեւ կառույցի կամ պաշտոնյանի մեկնաբանությունները լրատվամիջոցներին հաղորդելն է։ Հայարփի Բաղդասարյան
21:38 - 09 ապրիլի, 2021
Իրավապահ համակարգի իներցիան․ ՄԻՊ-ի՝ 7 տարի շարունակ անտեսվող զեկույցը

Իրավապահ համակարգի իներցիան․ ՄԻՊ-ի՝ 7 տարի շարունակ անտեսվող զեկույցը

Ավելի քան յոթ տարի առաջ՝ 2013 թվականին, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակեց արդար դատաքննության վերաբերյալ 77 էջանի մի զեկույց, որում կասկածի տակ էր դրվում Վճռաբեկ դատարանի արդար ու վստահելի լինելը, ներկայացվում էին դատական համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմները, շրջանառվող գումարի չափերը եւ «զոնալ դատավորների» ինստիտուտը։ Փաստաթղթում ասված էր, որ դատական ակտերի լայնածավալ անօրինական եւ հանցավոր համաձայնեցում է կատարվել Վճռաբեկ դատարանի եւ ստորադաս դատավորների միջեւ։ Ըստ Օմբուդսմենի Զեկույցի՝ իրենց բազմաթիվ հարցումները վկայում են, որ Վճռաբեկ դատարանում ձեւավորված է դատավորներին ճնշելու, նրանց ենթարկեցնելու մի հանցավոր, բայց շատ գործուն համակարգ, այսպես կոչված, Վճռաբեկի «զոնալ դատավորների» ինստիտուտ: Ըստ այդ համակարգի՝ Վճռաբեկ դատարանի առանձին դատավորներ ունեն իրենց կցված եւ իրենց վերահսկողությանը ենթակա դատավորներ, որոնք իրենց հետ պետք է համաձայնեցնեն համապատասխան դատական գործերը: Ստորադաս դատարանի դատավորն իր գործի մասին Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորին» տեղեկացնում է անձնական հանդիպումների, հեռախոսազանգերի կամ ոչ պաշտոնական «տեղեկանքներ»-ի ներկայացման միջոցով:  Օմբուդսմենի զեկույցում նշված է, որ բազմաթիվ փաստաբաններ իրենց հայտնել են, որ Վճռաբեկ դատարանում հաճախ տեսնում են դատավորներին՝ դատական գործերի հատորներով՝ համապատասխան «Վճռաբեկի զոնալ դատավորի» հետ հանդիպմանը սպասելիս: Մի շարք դեպքերում առաջին ատյանի դատարանի դատական ակտերը գրվում են Վճռաբեկ դատարանում եւ փոխանցվում դատավորին:  Դատավորներից մեկը պաշտպանին գաղտնի տեղեկացրել է, որ Վճռաբեկ դատարանի դատավորի կողմից իրեն տրվել է կրիչի վրա ձայնագրված տվյալ գործով կայացվելիք դատական ակտի տեքստը եւ հրահանգվել այն ներկայացնել որպես իր սեփական որոշում: Ըստ զեկույցի՝ դատական գործի համաձայնեցումը Վճռաբեկ դատարանի հետ հաճախ կատարվում է ոչ միայն վերջնական դատական ակտի կայացման փուլում, այլեւ դատական գործի քննության ողջ ընթացքում: Փաստաբանները նկատել են, որ հենց դատական նիստի ընթացքում դատավորը որոշակի պահին ընդմիջում է հայտարարում եւ, ամենայն հավանականությամբ, կապ է հաստատում Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորի» հետ եւ քննարկում գործի մանրամասները: Դատավորը պաշտպանին գաղտնի տեղեկացրել է, որ ստացված ցուցումների համաձայն՝ դատական նիստի ընթացքում ինքը հարկադրված էր պարբերաբար ընդմիջումներ հայտարարել՝ Վճռաբեկ դատարանի դատավորին գործի ընթացքի մասին զեկուցելու համար։  Ինչ վերաբերում է կոռուպցիոն սխեմաներին՝ ՄԻՊ-ի անցկացրած հարցումների արդյունքում պարզվել էին դատական համակարգում առկա 4 կոռուպցիոն մեխանիզմներ, շրջանառվող գումարի չափերը եւ տրման ձեւերը: Զեկույցում առկա տվյալների համաձայն՝ կաշառքի սակագները տատանվում են հետեւյալ միջակայքերում. 1․ առաջին ատյանում 500-10.000 ԱՄՆ դոլար, 2․ վերաքննիչ դատարանում 2.000-15.000 ԱՄՆ դոլար, 3․ Վճռաբեկ դատարանում 10.000-50.000 ԱՄՆ դոլար: («Զոնալ դատավորների», կոռուպցիոն մեխանիզմների եւ մնացյալի մասին առավել մանրամասն՝ Զեկույցում)։ 2013 թվականին գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Գեւորգ Կոստանյանը (այժմ Մարտի 1-ի գործով մեղադրյալ), այս Զեկույցին արձագանքեց Կարեն Անդրեասյանին ուղղված պաշտոնական նամակով՝ նշելով՝ «․․․անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացվի Զեկույցում արված եզրահանգումների հիմքում դրված առնվազն մեկ փաստ, որը կարող է քրեական գործի հարուցման համար բավարար հիմք հանդիսանալ»: Դատախազի պնդմամբ՝ առանց նման մեկ փաստի, զուտ ուսումնասիրությունների հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազությունը հնարավորություն չի ունենա պատշաճ ընթացք տալ բարձրացված մտահոգիչ հարցերին, որոնք, առերեւույթ, պարունակում են հանցագործության հատկանիշներ:  Այս տարիների ընթացքում Զեկույցում առկա տեղեկությունների վերաբերյալ այդպես էլ քրեական գործ չի հարուցվել, չնայած Զեկույցը մշակող աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախկին տեղակալ Գենյա Պետրոսյանի համոզմամբ՝ դրանում առկա են եղել առանձին տվյալներ, մասնավորապես «զոնալ դատավորների» վերաբերյալ, որոնք ինքնին բավարար հիմք կարող էին հանդիսանալ քրեական գործի հարուցման համար։  Այդուհանդերձ, ՀՀ գլխավոր դատախազությունն ու ՀՀ քրեական ոստիկանությունն այն կարծիքին են, որ Զեկույցում քրեական գործ հարուցելու հիմքեր չկան, թեեւ հենց Դատախազությունն է արձանագրել, որ Զեկույցը պարունակում է առերեւույթ հանցագործության հատկանիշներ։  Infocom-ը գրեթե մեկ տարի է՝ պաշտոնական գրագրության մեջ է Հայաստանի իրավապահ մարմինների հետ՝ հասկանալու՝ ծավալուն այդ փաստաթուղթն ինչ մակարդակով է ուսումնասիրվել, ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվել, եւ իսկապե՞ս այն չի պարունակում հանցագործության մասին հաղորդում, որպեսզի արժանանա իրավական գնահատականի։ Այսպես, 2020 թվականի մայիսի 11-ին գրավոր հարցմամբ դիմեցինք Դատախազություն, եւ մայիսի 19-ին ստացանք պատասխան, որ Զեկույցում առկա տեղեկությունների վերաբերյալ նյութեր չեն նախապատրաստվել, քրեական գործ չի հարուցվել։  Հունիսին հանդես եկանք հրապարակմամբ՝ դատաիրավական բարեփոխումների ու վեթինգի անհրաժեշտության վերաբերյալ քննարկումների շրջանում ներկայացնելով Զեկույցից ուշագրավ հատվածներ, ապա նոյեմբերին դարձյալ հարցում արեցինք Դատախազություն՝ ճշտելու՝ արդյոք լրատվամիջոցի հրապարակումը որեւէ ուսումնասիրության հիմք եղե՞լ է, թե՞ ոչ։ Ստացանք նույնաբովանդակ պատասխան՝ նյութեր չեն նախապատրաստվել, քրեական գործ չի հարուցվել։ Այս տարվա հունվարի 13-ին եւս մեկ հարցում արեցինք՝ այս անգամ խնդրելով պատասխանել՝ եթե դեռեւս չի հարուցվել քրեական գործ, ապա ինչո՞ւ։ Դատախազությունից պատասխանեցին, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով համապատասխան վարույթ չի նախաձեռնվել՝ նկատի ունենալով, որ բացակայել են ՀՀ ՔԴՕ 176-րդ հոդվածով սահմանված առիթները, որոնք են՝  1) հանցագործությունների մասին ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին. 2) հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները. 3) հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի եւ հետեւանքների հայտնաբերումը` իրենց լիազորություններն իրականացնելիս: Հունվարի 27-ին Դատախազություն ուղարկեցինք լրատվամիջոցի երկու հրապարակում [1,2]` խնդրելով պատասխանել՝ արդյոք դրանք չե՞ն հանդիսանում հանցագործության մասին լրատվամիջոցների հաղորդումներ։ Օրեր անց Դատախազությունից պատասխանեցին, որ նշված հրապարակումների ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանցում ՀՀ ՄԻՊ զեկույցից տեղ գտած հրապարակումները վերացական տեղեկություններ են բովանդակում դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների կողմից ենթադրյալ հանցագործություններ կատարելու վերաբերյալ։ Ըստ Դատախազության՝ դրանցում պարունակվող տեղեկությունները ՄԻՊ նախկին պաշտպանի գնահատականներն են դատական իշխանության ղեկավար աշխատողների կողմից թույլ տրված ենթադրյալ ապօրինությունների վերաբերյալ, այսինքն՝ այդ հրապարակումներում տեղ չեն գտել այնպիսի հանգամանքներ, որոնք կբովանդակեն կոնկրետ հանցագործության մասին փաստական տվյալներ, ինչն անհրաժեշտ պայման է, որպեսզի ֆիզիակական կամ իրավաբանական անձի կողմից ներկայացված հաղորդումը քննարկվի ՀՀ ՔԴՕ նախատեսված ընթացակարգերով։ Այդուհանդերձ, Դատախազությունը հայտնեց՝ նկատի ունենալով, որ այդ հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները ենթակա են ստուգման օպերատիվ ճանապարհով, ուստի հիշյալ հրապարակումները փետրվարի 3-ին ուղարկվել են ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ հանձնարերելով համապատասխան միջոցառումներով ստուգել դրանցում տեղ գտած հանգամանքները։ Դատախազության հանձնարարականի վերաբերյալ փետրվարի 19-ին դիմեցինք Քրեական ոստիկանություն՝ ճշտելու՝ վերոբերյալ հրապարակումների ուսումնասիրության հիման վրա արդյոք նյութեր նախապատրաստվե՞լ են, քրեական գործ հարուցվե՞լ է, եթե այո, ապա ո՞ր հոդվածով եւ նախաքննական ո՞ր մարմին է այն ուղարկվել, իսկ եթե քրեական գործ չի հարուցվել, ապա ի՞նչ հիմքով է մերժվել քրգործի հարուցումը։ Փետրվարի 26-ին Քրեական ոստիկանությունը հարցման պատասխանի համար պահանջեց 30 օր եւ մարտի 24-ին ի վերջո պատասխանեց, որ Դատախազության գրության շրջանակներում իրանակացվել են ստուգողական աշխատանքներ, սակայն, հաշվի առնելով, որ ձեռնարկված միջոցառումներով դատավորների կողմից կաշառք ստանալու եւ չարաշահումներ կատարելու վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել, ուստի ուսումնասիրության նյութերը թողնվել են անհետեւանք՝ «ՀՀ ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու եւ դրանց ընթացք տալու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 23.11.2017թ․ 1495-Ն որոշման հավելվածի 68-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա։ Իսկ որոշման նշյալ կետում ասված է․  «Պատահարի վերաբերյալ հաղորդման ստուգման արդյունքներով ոստիկանության իրավասու ստորաբաժանման պետը (իրավասու այլ պաշտոնատար անձը) կամ տարածքային մարմնի պետը (պատասխանատուն), ոստիկանության ծառայողի զեկուցագրի վրա մակագրություն կատարելու ձեւով, ընդունում է որոշում 1) ստուգում իրականացրած ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա նյութերը թողնել անհետեւանք, եթե ստուգմամբ հնարավոր է փաստել հանցագործության կամ վարչական իրավախախտման հատկանիշների բացակայությունը»։  Այսինքն՝ ոստիկանությունը կարծում է, որ հացագործության կամ վարչական իրավախախտման հատկանիշները հիշյալ հրապարակումներում եւ դրանցում հիշատակված Զեկույցում բացակայում են։ Զեկույցը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Գենյա Պետրոսյանն, ինչպես նշեցինք վերեւում, Infocom-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, հրապարակված Զեկույցում կան տվյալներ, որոնք կարող են լինել քրգործի հիմք․ «Հաշվի առնելով, որ Պաշտպանի կողմից երաշխավորվել է համապատասխան հարցազրույցների ընթացքում ստացված տեղեկատվության աղբյուրների գաղտնիությունը, ինչպես նաեւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի պահանջները, զեկույցում ներառված տվյալներից բացի այլ տեղեկություններ ներկայացվել չէին կարող: Սակայն Զեկույցում առկա են եղել առանձին տվյալներ, որոնք ինքնին բավարար հիմք կարող էին հանդիսանալ քրեական գործի հարուցման համար»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով՝ Զեկույցը հրապարակված է եղել զանգվածային լրատվամիջոցներում: Նրա համոզմամբ՝ այդ խնդիրները պետք է դիտարկել առավել համակարգային բարեփոխումների տեսանկյունից: Պետրոսյանի խոսքով՝ Զեկույցում բարձրացվել էր, օրինակ, ՀՀ արդարադատության խորհրդի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջոցով դատավորներին ճնշելու համատեքստում երկակի ստանդարտների կիրառման խնդիրը, ներկայացվել էին բազմաթիվ փաստեր, որոնք ակնառու էին դարձնում այս հետեւությունը, Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից կարգապահական վարույթի հարուցման մերժումը չպատճառաբանելու պրակտիկան, Վճռաբեկ դատարանի կողմից բողոքների վարույթ ընդունման հարցում հայեցողության կամայական իրականացման, երկակի ստանդարտների կիրառման խնդիրներ եւ այլն․ «Զեկույցը ենթադրել է նաեւ համակարգային բարեփոխումների իրականացման անհրաժեշտություն՝ բարձրացված բոլոր խնդիրներին լուծում տալու նպատակով եւ ենթադրել է համապատասխան գործընթացում ներգրավված պետական մարմինների լայն շրջանակ»,- ասաց Գենյա Պետրոսյանը: Թե ինչու իրավապահներն այս ողջ ընթացքում քայլեր չեն ձեռնարկում Զեկույցի առնչությամբ, ըստ մեր զրուցակցի՝ անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելը պայմանավորված է եղել քաղաքական կամքի բացակայությամբ․ «2018թ.-ի հեղափոխությունից ի վեր, թեեւ դատաիրավական բարեփոխումների ուղղությամբ ձեռնարկվել են մի շարք քայլեր, սակայն հաճախ դրանք կրում են հատվածային բնույթ եւ ակնհայտորեն բավարար չեն դատական համակարգի առաջ ծառացած համակարգային խնդիրները լուծելու համար»,- ասաց ՄԻՊ նախկին տեղակալն ու հավելեց՝ դատական համակարգին առնչվող մի շարք խնդիրներ, որոնք բարձրացված են եղել Զեկույցում, մինչ օրս մնում են նույնչափ արդիական եւ ենթադրում են հստակ լուծումներ: Այսպիսով, հարկ է նշել, որ Հայաստանի իրավապահ մարմինները մեկ անգամ չէ, որ առերեւույթ հանցագործության հատկանիշների առկայության պարագայում հարուցում են քրեական գործ, կամ առնվազն քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերի բավարար լինելը ստուգելու անհրաժեշտությամբ պայմանավորված նյութեր են նախապատրաստում, ուստի թե այս պարագայում քրգործի հարուցումն ինչու է մերժվում, այն էլ այն դեպքում, որ Զեկույցում հստակ նշված են ենթադրյալ հանցագործության օրինակներ, անհասկանալի է։ ՄԻՊ Զեկույցի առնչությամբ նախկին գլխավոր դատախազն ընդամենը հանդես է եկել հրապարակային նամակով՝ նախկին Օմբուդսմենին ասելով, որ անհրաժեշտ է ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացնել Զեկույցում արված եզրահանգումների հիմքում դրված առնվազն մեկ փաստ, որը կարող է քրեական գործի հարուցման համար բավարար հիմք հանդիսանալ։ Եւ սա այն պարագայում, երբ Զեկույցի նախաբանում նշված է, որ Պաշտպանի կողմից երաշխավորվել է հարցազրույցների ընթացքում ստացված տեղեկատվության աղբյուրների գաղտնիությունը: Իսկ այժմ, երբ Գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնում է Արթուր Դավթյանը, կառույցը մեկնաբանում է, որ քրեական գործ չի հարուցվել, քանզի բացակայել են ՀՀ ՔԴՕ 176-րդ հոդվածով սահմանված առիթները, որոնց թվում նաեւ լրատվամիջոցի՝ հանցագործության մասին հաղորդում պարունակող հրապարակումն է։ Եւ երբ մենք լրատվամիջոցների հրապարակումներ ենք ուղարկում Դատախազություն, կառույցը դրանք ուղարկում է Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ հանձնարերելով համապատասխան միջոցառումներով ստուգել դրանցում տեղ գտած հանգամանքները։ Ոստիկանությունը, միեւնույն է, քրեական գործ հարուցելու հիմք չի տեսնում։ Փաստորեն, իրավապահ կառույցները ՀՀ կարեւորագույն ինստիտուներից մեկի՝ ՄԻՊ-ի՝ ծանրակշիռ հայտարարություններ պարունակող Զեկույցն ուղղակիորեն թողնում են անհետեւանք, իսկ ահա այլ դեպքերով իրավական գործընթաց են սկսում։ Թե ինչ չափանիշներով են առաջնորդվում՝ հստակ չէ։ Ընդ որում՝ ՔԴՕ 176-րդ հոդվածը, որին հարցման պատասխաններից մեկում հղվել էր Դատախազությունը, եւս երկակի մեկնաբանությունների տեղիք է տալիս․ պարզ չէ՝ իրավապահ համակարգը մամուլի ինչպիսի հրապարակումն է հանցագործության մասին հաղորդում դիտարկում։ Բացի դրանից՝ եթե Դատախազությունը մեր բազմաթիվ հարցումներից հետո համարում է, որ լրատվամիջոցների երկու հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները ենթակա են ստուգման օպերատիվ ճանապարհով, եւ դրանք ուղարկում է քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ հանձնարերելով համապատասխան միջոցառումներով ստուգել դրանցում տեղ գտած հանգամանքները, ապա անհասկանալի է, թե մինչ այդ հիշյալ նյութերն ինչու չեն հայտնվել այս գերատեսչության դիտակետում ու միայն երկու տարի անց են ուղարկվում օպերատիվ ճանապարհով ստուգման։ Ի դեպ, նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ դատական համակարգում ապօրինությունների թեման շատ զգայուն է, ուստի պետք է այնպիսի մարմին, որ մարդիկ հանգիստ խղճով կարողանան վստահել եւ իրենց տեղեկությունները հայտնել։  Հայարփի Բաղդասարյան
18:33 - 02 ապրիլի, 2021
Ի՞նչ է պետք իմանալ «AstraZeneca» պատվաստանյութի մասին

Ի՞նչ է պետք իմանալ «AstraZeneca» պատվաստանյութի մասին

Մարտի 28-ին հայտնի դարձավ, որ Հայաստան է հասել «AstraZeneca» ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը։ Պատվաստանյութը ՀՀ է հասել «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակներում, որի նպատակը COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մշակումը և արտադրությունն արագացնելն ու աշխարհի յուրաքանչյուր երկրի համար դրանց հասանելիությունն ապահովելն է։   «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի առաջացրած կողմնակի հետևանքների մասին միջազգային և հայաստանյան մամուլում տարբեր հրապարակումներ կան հետևյալ բովանդակությամբ․ «Գիտնականները հաստատել են AstraZeneca-ի պատվաստանյութի վտանգավոր կողմնակի էֆեկտը» «AstraZeneka կորոնավիրուսի դեմ պատվաստանյութից տարբեր երկրներում մարդիկ են մահանում, երկիր կա՝ տասնյակից ավել մարդ» Նույնաբովանդակ հրապարակումների կարելի է հանդիպել հայաստանյան տարբեր լրատվամիջոցներում (1,2)։ Infocom-ը ներկայացնում է, թե որն է «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի վերաբերյալ այսպիսի տեղեկությունների տարածման պատճառը, և ինչ կարծիք ունեն միջազգային կազմակերպությունները և տարբեր երկրների կառավարությունները պատվաստանյութի մասին։ Այսպիսով, «AstraZeneca»-ն միջազգային գիտական, կենսաբժշկական ընկերություն է, որի մշակած «AstraZeneca» պատվաստանյութը (երեկ այն անվանափոխվել է՝ դառնալով «Vaxzevria») օգտագործման թույլտվություն ստացավ այս տարվա հունվարին։ Արդեն փետրվարին հայտնի դարձավ, որ ԵՄ երկրները սկսում են պատվաստել իրենց քաղաքացիներին «AstraZeneca» ընկերության պատվաստանյութով։ Պատվաստանյութի կիրառումը թույլատրվել է կլինիկական  փորձարկումներ անցնելուց հետո, որոնց արդյունքում հայտնի է դարձել՝ դրա կիրառումն արդյունավետ է 18 տարեկանից բարձր մարդկանց համար։ Փորձարկումներին մասնակցած մարդկանց մեծամասնությունը եղել է 18-55 տարեկան։ Դեղերի եվրոպական գործակալության (European Medicines Agency) փորձագետները գտնում են, որ պատվաստանյութը կարող է կիրառվել նաև ավելի մեծ տարիքի մարդկանց համար։ Պատվաստանյութը երեխաների համար կիրառել դեռևս թույլատրված չէ։ Փորձարկումների ժամանակ պատվաստանյութի առաջացրած կողմնակի հետևանքներից են ցավը, հոգնածությունը, վատ ինքնազգացողությունը և այլն։  «AstraZeneca»-ի շուրջ հիմնական աղմուկը սկսվեց մարտի 16-ին, երբ եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան դադարեցրին պատվաստանյութի կիրառումը։ Պատճառը լուրերն էին, որ պատվաստված որոշ մարդկանց մոտ առաջացել են արյան մակարդելիության խնդիրներ։ Դրան հետևեց Դեղերի եվրոպական գործակալության արձագանքը։ Արտահերթ հանդիպումից հետո գործակալությունը հայտարարեց․ Կորոնավիրուսի դեմ պայքարում պատվաստանյութից ստացված օգուտները գերազանցում են կողմնակի հետևանքների ռիսկերին։ Պատվաստանյութը չի կապվում այն ընդունած մարդկանց մոտ արյան մակարդելիության խանգարումների դեպքերի աճի համընդհանուր ռիսկի հետ։ Պատվաստանյութը կարող է կապված լինել արյան՝ թրոմբոցիտոպենիայով պայմանավորված ցածր մակարդելիության քիչ դեպքերի հետ՝ ներառյալ անոթներում թրոմբների առաջացման դեպքերը։ Գործակալությունը նշեց, որ այս դեպքերը հանդիպել են պատվաստվաստանյութն ընդունած մարդկանց շատ քիչ մասի մոտ, և բացի այդ՝ արյան մակարդելիության խնդիրներ կարող են առաջանալ նաև կորոնավիրուսի պատճառով։  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ևս հայտարարություն տարածեց՝ ասելով, որ ուսումնասիրում է կողմնակի հետևանքների մասին ստացված ահազանգերը, և կոչ արեց չդադարեցնել պատվաստման գործընթացը։ ՀՀ առողջապահության նախարարությունն էլ հայտնեց, որ ԱՀԿ-ի հետ քննարկել է վերջին շրջանում պատվաստանյութի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները և ստացել պարզաբանումներ: Գերմանիան, Ֆրանսիան և եվրոպական այլ երկրներ  Դեղերի եվրոպական գործակալության հայտարարությունից հետո որոշեցին վերսկսել պատվաստանյութի կիրառումը։ Կանադան, սակայն, մարտի 30-ին հայտարարեց, որ դադարեցնում է 55 տարեկանից ցածր տարիք ունեցող մարդկանց պատվաստումները։ «Կա լուրջ անորոշություն այն բանի վերաբերյալ, թե ինչ օգուտ է տալիս պատվաստանյութը 55 տարեկանից ցածր տարիք ունեցող չափահաս մարկանց՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերը»,- նշել է Կանադայի Իմունականխարգելման ազգային խորհրդատվական կոմիտեի (National Advisory Committee on Immunization) փոխնախագահ Շելլի Դիքսը։ Հայկական լրատվամիջոցներում տարածվող լուրերից մեկում խոսվում էր նաև «AstraZeneca»-ի պատվաստանյութից «մահվան տասնյակից ավելի դեպքերի մասին»։  Միակ հայտնի դեպքը, երբ «AstraZeneca»-ի պատվաստանյութի ընդունումից հետո մահ է գրանցվել, եղել է Վրաստանում։ Մարտի 18-ին հայտնի դարձավ, որ Մեգի Բարկաձե անունով վրացի բուժքրոջ մոտ պատվաստվելուց հետո անաֆիլակտիկ շոկ է առաջացել, և նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Վրաստանի առողջապահության նախարարն այս դեպքից հետո հայտարարեց, որ Վրաստանը կշարունակի պատվաստանյութի կիրառումը, սակայն միայն բազմապրոֆիլակտիկ հիվանդանոցներում։ «AstraZeneca»-ն քննադատվել է նաև իր պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ հայտարարությունների համար։ Այսպես, կազմակերպությունը մարտի 22-ին հայտարարեց, որ պատվաստանյութը սիմպտոմատիկ կորոնավիրուսի դեմ 79% արդյունավետություն ունի։ ԱՄՆ  Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտը մարտի 23-ին մեղադրեց «AstraZeneca»-ին, որ կազմակերպությունը հրապարակել է հնացած տվյալներ, որոնք կարող էին պատվաստանյութի արդյունավետության աստիճանի մասին սխալ պատկերացում կազմելու պատճառ դառնալ։ Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտը կոչ արեց «AstraZeneca»-ին ստուգել տվյալները՝ ստանալու համար արդյունավետության վերաբերյալ առավել ճշգրիտ թվեր։ Մարտի 25-ին կազմակերպությունը թարմացրեց տվյալները՝ հայտնելով, որ սիմպտոմատիկ կորոնավիրուսի դեմ իր պատաստանյութն ունի 76% արդյունավետություն։ Տարաձայնություններ կան նաև այն հարցի շուրջ, թե որքանով է «AstraZeneca»-ի պատվաստանյութն արդյունավետ բարձր տարիքային խմբերի համար։ Դեռևս այս տարվա հունվարին Գերմանիայի Ռոբերտ Կոխի ինստիտուտի Պատվաստումների մշտական ​​հանձնաժողովը (Standing Committee on Vaccination at Germany's Robert Koch Institute)  հայտարարեց, որ պատվաստանյութը չի կարելի կիրառել 65 տարեկանից բարձր մարդկանց համար, քանի որ այս տարիքային խմբի համար պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ բավարար տվյալներ չկան։ «AstraZeneca»-ն հերքեց այն լուրերը, որ իր պատվաստանյութը բարձր տարիքային խմբերի համար ունի ցածր արդյունավետություն։ Չնայած  Դեղերի եվրոպական գործակալության հայտարարությունից հետո Գերմանիան որոշել էր վերսկսել «AstraZeneca»-ի պատվաստանյութի կիրառումը, այսօր հայտնի դարձավ, որ երկիրը կկրճատի 60 տարեկանից բարձր մարդկանց պատվաստումները։ Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը հայտարարել է, որ կառավարությունը չի կարող անտեսել հաղորդումները, համաձայն որոնց՝ Գերմանիայում «AstraZeneca»-ի պատվաստանյութը ստացած որոշ մարդկանց մոտ թրոմբոզ է հայտնաբերվել։ Իսկ ավելի ուշ գերմանական երկու քաղաքներ դադարեցրին 60 տարեկանից ցածր մարդկանց պատվաստումները արյան մակարդելիության խնդիների մասին հաղորդումների պատճառով։ Դեղերի եվրոպական գործակալության անվտանգության կոմիտեն այսօր հանդիպում է ունեցել, որտեղ քննարկվել է «AstraZeneca»-ի պատվաստանյութը ստացած մարդկանց մոտ արյան մակարդելիության խնդիրների առաջացման հարցը։ Ըստ գործակալության՝ չնայած պատվաստանյութի հետ կապն ապացուցված չէ, բայց այսպիսի կապը հնարավոր է, և ուսումնասիրությունները շարունակվում են: ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ պատվաստանյութի՝ Հայաստան բերված խմբաքանակը նախատեսված է ռիսկի խմբերի շրջանում, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցների՝ կամավորության սկզբունքով պատվաստման համար: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ այսօր ասել է, որ Հայաստան հասած առաջին խմբաքանակը նախատեսված է 12 հազար մարդու համար։ Ամփոփելով «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի մասին պաշտոնական աղբյուրներում հրապարակված տվյալները՝ պետք է նշել, որ չափազանցված են այն պնդումները, թե գիտնականներն ապացուցել են, որ պատվաստանյութը վտանգավոր կողմնակի հետևանքներ ունի, կամ տարբեր երկրներում պատվաստված մարդիկ են մահանում։ Պատվաստանյութի առաջացրած կողմնակի հետևանքների, ինչպես նաև տարիքային բարձր խմբերում արդյունավետության մասին մտահոգություններ կան, բայց այդ տվյալները դեռևս ուսումնասիրության փուլում են։ Աննա Սահակյան
19:19 - 31 մարտի, 2021
«Про100 Гейм»․ ՌԴ-ում գրանցված կազմակերպությունը Հայաստանում կասկածելի գործունեություն է ծավալում

«Про100 Гейм»․ ՌԴ-ում գրանցված կազմակերպությունը Հայաստանում կասկածելի գործունեություն է ծավալում

Աշխատանքի կասկածելի առաջարկի հետքերով Ֆեյսբուքյան տարբեր խմբերում, որտեղ մարդիկ աշխատանք են փնտրում կամ առաջարկում, կարելի է հանդիպել տարբեր օգտատերերի աշխատանքի հայտարարությունների, որոնք ունեն հետևյալ բովանդակությունը․ Միակ պրոյեկտը, որտեղ ժամանակդ անիմաստ չես վատնում։ 1 ամսում վստահ կարող ես աշխատել 200 դոլարից սկսած մինչև 1000 դոլար։ Վաճառքի հետ չունի ոչ մի կապ («Օրիֆլեյմ», «Ֆաբերլիկ» չէ)։  Բոթ չէ։ Դուք ունեք հնարավորություն գումար աշխատել հենց առաջին իսկ օրից։ Կանխիկացումը՝ միանգամից, «Visa» և «Master» քարտերով։ Գրեն ռեալ գումար աշխատել ցանկացողները։ Հայտարարության բովանդակությունը կասկածելի է թվում, քանի որ բացակայում են աշխատանքի նկարագրությունը, աշխատանքի ընդունվելու համար պահանջվող հմտությունները, աշխատանք առաջարկող կազմակերպության անվանումը։ Կասկածելի է նաև այն, որ, ըստ հայտարարության, առաջարկվող աշխատանքին անցնելով, հնարավոր է գումար վաստակել հենց առաջին օրվանից, իսկ ամսական վճարը կարող է կազմել 200-ից 1000 դոլար։ Infocom-ի լրագրողն այս աշխատանքն առաջարկող «Onlayn Asxatank» ֆեյսբուքյան օգտատիրոջը մի ամիս առաջ ներկայանում է որպես աշխատանք փնտրող՝ խնդրելով մանրամասնել պայմանները։ «Onlayn Asxatank» օգտատերը հարցնում է՝ ծանո՞թ եք ցանցային բիզնեսին։ Infocom-ի լրագրողն ասում է, որ ծանոթ չէ, և խնդրում բացատրել։ Պարզվում է, որ առաջարկվող աշխատանքը «Про100 Гейм» անունով ընկերությունում է, իսկ աշխատանքի նկարագրության փոխարեն «Onlayn Asxatank» օգտատերն ասում է հետևյալը․ ««Про100 Гейм» ֆիրման ստեղծվել է 2020 թվականին, այն ռուսական է։ Ֆիրման մեկանգամյա ներդրումային է, համագործակցում է «Visa», «Master» քարտերի հետ, չկա շոշափելի պրոդուկտ, ներդրված գումարների դիմաց ֆիրման տրամադրում է մեզ բիզնես ծառայություն անվճար»։ Այս ոչինչ չասող պատասխանից հետո Infocom-ի լրագրողը խնդրում է կոնկրետ ներկայացնել, թե աշխատանքի ընդունվելու պարագայում, բացի գումար ներդնելուց, որն է լինելու իր գործը։ Օգտատերը նրան ուղարկում է տեսանյութ, որտեղ ներկայացվում է «Про100 Гейм»-ի մարքեթինգ պլանը։ Իսկ մարքեթինգ պլանի էությունը հետևյալն է․ գրանցվելով կազակերպությունում՝ մարդը պետք է վճարի նվազագույնը 12,5 դոլար, որից 2,5 դոլարը գանձվում է գրանցման համար, իսկ 10 դոլարը «բիզնեսի համար արվող ներդրումն է»։ Դրանից հետո մարդու խնդիրն է գտնել ևս երկու հոգու, որոնք պատրաստ կլինեն նույնքան գումար ներդնել։ Իր հրավիրած անձանցից յուրաքանչյուրի ներդրումից մարդը ստանում է 5% եկամուտ (ընդհանուր՝ 1 դոլար)։ Իսկ երբ այդ մարդիկ ևս գտնում են երկուական մարդկանց, որոնք կվճարեն յուրաքանչյուրը 12,5 դոլար (որից 2,5 դոլարը գրանցման համար գանձվող գումարն է), առաջին մարդը ստանում է նրանցից յուրաքանչյուրի ներդրած գումարի 95%-ը (բոլորը միասին՝ 38 դոլար)։ Այս շղթայում յուրքանչյուր մարդ կոչվում է «մատրից», և երկրորդ փուլում, երբ հրավիրվածների ընդհանուր թիվը հասնում է 7-ի, շղթան փակվում է։ Արդյունքում մարդը ստանում է 39 դոլար, որը սակայն, չի կարող ամբողջությամբ կանխիկացնել, քանի որ 10 դոլարը պետք է նոր ցիկլ սկսելու համար։ Այսպիսով, մարդը ներդնում է 12,5 դոլար, իսկ արդյունքում վաստակում 29 դոլար (ներառյալ Ռուսաստանից փոխանցման համար գանձվող գումարը)։ Կան նաև ավելի թանկ փաթեթներ, ամենամեծ ներդրումն արժե 2560 դոլար։ Ակնհայտ է, որ աշխատանքի առաջարկի խոստումներն ու իրական պատկերն իրար այնքան էլ նման չեն։ Փորձենք սա հասկանալ ամենաքիչ ներդրում պահանջող փաթեթի օրինակով․ ներդրված գումարի դիմաց եկամուտն այնքան էլ մեծ չէ․ ներդնելով 12․5 դոլար՝ մարդը, բացի իր նեդրած գումարի վերադարձից, հավելյալ ստանում է 16․5 դոլար, գումար կանխիկացնելու համար պետք է հրավիրել մարդկանց, որոնք էլ իրենց հերթին կհրավիրեն այլ մարդկանց, ինչը ժամանակատար է, և դժվար թե հնարավոր լինի գումար կանխիկացնել աշխատանքի անցնելու հենց առաջին օրվանից։ Բացի այդ՝ կա մի նրբություն, որի մասին այս աշխատանքն առաջարկողները սկզբում չեն նշում․ գումար կարելի է կանխիկացնել միայն այն դեպքում, երբ հաշվի վրա ավելի քան 10 դոլար է, այսինքն՝ մարդը պիտի իր «բիզնես» հրավիրած լինի մի քանի հոգու։ Infocom-ի լրագրողը «Onlayn Asxatanq» օգտատիրոջից հետաքրքրվում է, թե արդյոք կազմակերպությունն ունի գրասենյակ։ Օգտատերը պատասխանում է, որ աշխատանքն առցանց է, պետք է միայն գրանցվել կազմակերպության կայքում։ Քանի որ և՛ աշխատանքի նկարագրությունը, և՛ կազմակերպությունը կասկածելի են, մեր լրագրողն «աշխատանքի է անցնում» այնտեղ, ներդնում 12,5 դոլար, գրանցվում «Про100 Гейм»-ի կայքում և ծանոթանում այդ, այսպես կոչված, ցանցային բիզնեսին, ներսից։ Infocom-ի լրագրողը կայքում գրանցվելուց և ներդում կատարելուց հետո հայտնվում է «Про100 Гейм»-ի աշխատակիցների տելեգրամյան խմբերում, որտեղ նրանք քննարկում են իրենց աշխատանքը, սովորաբար ոգևորում միմյանց և խրախուսում շատ մարդկանց հրավիրել, պատմում այն մասին, թե որքան գումար են կանխիկացրել։ Պարզվում է, որ տելեգրամյան այդ խմբերի մասնակիցներից գլխավորը Մերի Դանիելյանն է, որի թիմում, ըստ Infocom-ի լրագողին «Про100 Гейм» հրավիրած մասնակցի, կա 1000 մարդ։ Երբ մասնակիցները դժվարանում են մարդկանց հրավիրել, Մերի Դանիելյանից են հարցնում, թե ինչպես այս կամ այն բանը բացատրել, ապացուցել, որ կազմակերպությունն օրինական է։ Մերի Դանիելյանն է նաև հեղինակը յութուբյան հայերեն մի քանի տեսանյութերի, որոնցում բացատրվում է «Про100 Гейм»-ի մարքեթինգային պլանը։ Infocom-ի լրագրողը մասնակցում է կազմակերպության հայաստանյան անդամների վեբինարին «Zoom» հարթակում։ Վեբինարի ընթացքում ավագ մասնակիցները (նրանք, ովքեր արդեն շատ մարդկանց են հրավիրել, ինչպես նաև բացել են տելեգրամյան խմբերը, որոնցում ամեն օր նոր մասնակիցներ են ավելանում) նորեկներին բացատրում են աշխատանքի, մարդկանց գրավելու նրբությունները, պատասխանում նրանց հարցերին։ Պարզվում է, որ այն դեպքերում, երբ նոր եկած մասնակիցը չի կարողանում մարդկանց հրավիրել, ավելի վաղ ներգրավված մասնակիցների հետ եռակողմ քննարկում է կազմակերպվում, որի ժամանակ նորեկը լսում է, թե ինչպես է հին մասնակիցը համոզում մարդկանց գրանցվել և ներդրում անել։   «Про100 Гейм». ովքե՞ր են սեփականատերերը Infocom-ի լրագրողը «Про100 Гейм»-ի անդամների տելեգրամյան խմբերում հայտնվելու հենց առաջին օրն այնտեղ տեսնում է կազմակերպության գրանցման փաստաթղթեր, որոնք ուղարկել են խմբի անդամները՝ նորեկներին ցույց տալու համար, որ կազմակերպության գործունեությունն օրինական է։ Պարզվում է, որ այդ փաստաթղթերն իրական են։ «Про100 Гейм» կազմակերպության հիմնադիրը Նիկոլայ Ժարիչևն է։ Կազմակերպությունը հիմնադրվել է ՌԴ-ում  2020-ի մայիսին 10․000 ռուբլի կանոնադրական կապիտալով և պաշտոնապես գրանցված է Ռուսաստանի Դաշնության իրավաբանական անձանց միասնական պետական ​ ռեգիստրում, գրանցման հասցեն Սանկտ Պետերբուրգ քաղաքն է։ Կազմակերպության տեխնիկական տնօրենը Եվգենի Պրոնյագինն է։ Ժարիչևի և Պրոնյագինի անունները կապվում են ռուսական ևս մի ընկերության հետ, որը կառուցվածքով շատ նման է «Про100 Гейм»-ին։ Այսպես, ՌԴ-ում 2019-ի հունիսին կրկին 10․000 ռուբլի կանոնադրական կապիտալով բացվում է «Инстагейм» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը և գլխավոր տնօրենը Եվգենի Դրաննիկովն է։ Ընկերության համասեփականատերեր են Եվգենի Պրոնյագինը և Նիկոլայ Ժարիչևը։ Ընկերության գրանցման հասցեն կրկին Սանկտ Պետերբուրգն է։ «Инстагейм»-ի կայքում գրանցվելիս, ըստ հիմնադիրների, մարդիկ կարող են «Ինստագրամ»-ի իրենց էջերը զարգացնելու համար նախատեսված առցանց վիդեոդասընթացներ ստանալ։ Կայքում գրանցված մարդիկ «Ինստագրամ»-ում դառնում են միմյանց հետևորդներ, հավանում միմյանց հրապարակումները, մեկնաբանություններ թողնում, ինչի արդյունքում էջերն ակտիվանում են, հետևորդների թիվն ավելանում է։ Բայց այս ամենն ունենալու համար պետք է բաժանորդավճար տալ։ Իսկ եթե մարդը հրավիրում է այլ անձանց, և նրանք իրենց հերթին գնում են մեկ ամսվա կամ ավելի մեծ ժամանակահատվածի համար նախատեսված փաթեթներ, հրավիրողը  նրանց վճարներից ստանում է եկամուտներ։ Մի խոսքով, շեշտը դրված է «Ինստագրամ»-ի վրա, բայց գումար աշխատելու սխեման շատ մոտ է «Про100 Гейм»-ին․ մարդը գնում է ինտերնետ ծառայության փաթեթ, հրավիրում այլ մարդկանց, որոնք նույնպես գնում են այդ փաթեթը, և նրանց վճարներից գոյացած գումարից որոշակի տոկոսներ է ստանում։ Հետարքիրն այն է, որ չնայած «Инстагейм»-ի կայքում նշված է, որ այն օրինական գրանցում ունի, «Инстагейм» ՍՊԸ-ն պաշտոնապես լուծարվել է 2020-ի սեպտեմբերի 30-ին։  «Инстагейм»-ի հիմնադիր Դրաննիկովին է պատկանում ևս մի ընկերություն՝ «Интернет решения»-ն։ Ըստ ռուսական պետռեգիստրի տվյալների՝ այս ընկերությունը հիմնադրվել է 2016-ի մարտին և այս պահին գործում է։ Ընկերությունը գրանցված է Սանկտ Պետերբորգում, ինչպես «Инстагейм»-ը և «Про100 Гейм»-ը։ «Интернет решения»-ի համասեփականատեր է նաև Եվգենի Պրոնյագինը։ «Инстагейм»-ի  կայքի «Գաղտնիության քաղաքականություն» բաժնում նշված է, որ կայքի ադմինիստրատորը «Инстагейм» ՍՊԸ-ն է, և բաժնում գրված է այդ ՍՊԸ-ի հասցեն, իսկ «Օգտագործման կանոններ» բաժնում կայքի ադմինիստրատորի նկարագրության մեջ նշված է «Интернет решения» ՍՊԸ-ի գրանցման հասցեն։ «Инстагейм»-ը փաստացի չի գործում, բայց կայքի հիմնադիրները, փաստորեն, այն ներկայացնում են որպես գործող, օրինական գրանցում ունեցող կազմակերպություն։  Դրաննիկովի ընկերությունների հետ կապված են ևս մի քանի գործող և արդեն լուծարված ընկերություններ։ Այդ ընկերություններում սեփականատերեր են կա՛մ Դրաննիկովը, կա՛մ «Инстагейм» և «Интернет решения»-ի համասեփականատեր, «Про100 Гейм»-ի անդամ Եվգենի Պրոնյագինը։ Այս ընկերություններին միավորում է այն, որ գրանցված են (կամ եղել են) Սանկտ Պետերբուրգ քաղաքում, և նրանց գործունեությունը ծավալվում է ինտերնետ հարթակներում։ «Про100 Гейм»-ի անդամների պնդումները, թե կազմակերպությունն ունի օրինական գրանցում, փաստորեն, ճիշտ են։ Բայց չնայած այն փաստին, որ ընկերությունը պաշտոնապես գրանցվել է 2020-ի մայիսի 6-ին, Հայաստանում կան մարդիկ, որոնց ֆեյսբուքյան էջերում նշված է, որ «Про100 Гейм»-ում աշխատանքի են անցել, օինակ, դեռևս 2020-ի ապրիլին։ Բացի այդ՝ ընկերության յութուբյան ալիքում մարքեթինգային պլանը բացատրող տեսանյութեր սկսել են հրապարակվել դեռևս 2020-ի փետրվարից։ Փաստորեն, կազմակերպությունում սկսել են անդամներ ներգրավվել դեռ այն ժամանակ, երբ այն պաշտոնապես գրանցված չի եղել։ Համաձայն ռուսական «За честный бизнес» կայքի, որի նպատակն է  ՌԴ-ում գործող կազմակերպությունների տվյալները հասանելի դարձնել հանրությանը, «Про100 Гейм» կազմակերպության վարկանիշը ցածր է։ Կազմակերպությունները մշտադիրտարկելիս պորտալն օգտվում է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի, Դաշնային հարկային ծառայության, արբիտրաժային դատարանների և այլ տվյալներից:   Ի՞նչ միջոցներով է գործում «Про100 Гейм»-ը Infocom-ի լրագրողը փետրվարի 8-ին մասնակցում է «Про100 Гейм»-ի հիմնադիր Նիկոլայ Ժարիչևի հետ «Zoom» հարթակում անցկացված հանդիպմանը, որի ընթացքում Ժարիչևը խոսում է այն մասին, թե ինչ միջոցներով է գոյատևում իրենց կազմակերպությունը։ Ըստ Ժարիչևի՝ «ինքն էլ է խաղի մեջ», այսինքն՝ ներդումներ է անում, մարդկանց հրավիրում և նրանց ներդրումներից գումար վաստակում։ Բացի այդ՝ կազմակերպությունը յուրաքանչյուր մասնակցի գրանցումից 2,5 դոլար եկամուտ է ստանում։ Ժարիչևի խոսքով՝ հենց այդ միջոցներն էլ ապահովում են «Про100 Гейм»-ի գործունեությունը։ Ներկայացնում ենք խոսակցության տեսագրությունը (կարող եք դիտել տեսանյութի 03:41- 04:00 և 06:18- 07։08 րոպեները)։ Ժարիչևը հանդիպման ժամանակ նաև ասում է, որ գրանցման համար 2,5 դոլար վճարելուց հետո մասնակիցներն ուրիշ որևէ վճար չեն անում, իսկ արվող սկզբնական ներդումը (10 դոլար կամ ավելի՝ կախած փաթեթից) մեկանգամյա է։ Բայց իրականում, եթե ուշադիր նայենք կազմակերպության մարքեթինգային պլանը, կհասկանանք, որ ներդրված ողջ գումարը չէ, որ բաշխվում է մասնակիցների միջև, և կազմակերպությանն անցնող գումարն անհամեմատ ավելի մեծ է։  Ներկայացնենք սա ամենաէժան փաթեթի օրինակով։ Այսպես, երբ որևէ մեկը, ներդնելով 10 դոլար, հրավիրում է երկու հոգու, նրանք էլ հրավիրում են յուրաքանչյուրը երկու հոգու, և հրավիրվածների թիվը հասնում է 7-ի, ցիկլը փակվում է։ Բայց առաջին մարդը չի կարող կանխիկացնել իր «վաստակած» ողջ գումարը, քանի որ 10 դոլարը պահվում է հաջորդ ցիկլը սկսելու համար։  Կարող եք մտածել, թե մասնակցի եկամտից պահվող 10 դոլարն անցնում է իրեն հրավիրած մարդուն, բայց դա այդպես չէ, քանի որ մասնակիցն ամենասկզբում արդեն ներդրել է 10 դոլար, որից իրեն հրավիրողը եկամուտ է ստացել։ Հետևաբար, ամենահավանական տարբերակն այն է, որ նոր փաթեթի համար պահվող 10 դոլարն անցնում է կազմակերպությանը։  Իսկ երբ այդ 10 դոլարով, կազմակերպության անդամների լեզվով ասած, «բացվում է նոր մատրիցա», և մասնակիցը հրավիրում է ևս 6 հոգու՝ փակելով ցիկլը, նա իր վաստակած 39 դոլարից կարող է կանխիկացնել միայն 9 դոլար, քանի որ նրա եկամուտն ավտոմատ ուղղվում է մեկ 10 դոլարանաոց և մեկ 20 դոլարանոց փաթեթներ գնելուն, որոնցով կսկսվեն նոր փուլեր։ Ակնհայտ է, որ այդ ամբողջ ընթացքում իր վաստակած գումարի ուղիղ կեսը մարդը չի կարողանում կանխիկացնել, այլ ավտոմատ կերպով գնում է նոր փաթեթներ։ ժարիչևի պնդումը, թե սա մեկանգամյա ներդրում է, սուտ է, որովհետև մասնակիցներն իրենց վաստակած գումարներից կազմակերպությունում շարունակ ներդրումներ են անում։ Հանդիպման ժամանակ «Про100 Гейм»-ի հիմնադիր Ժարիչևն անդրադառնում է նաև հարցին, թե արդյոք հնարավոր է վերադարձնել ներդրված գումարը, եթե մասնակիցը չի կարողանում նոր մարդկանց հրավիրել և գումար աշխատել։ Ժարիչևը բերում է առցանց գիրք գնելու օրինակը․ եթե որևէ մեկը գումար է վճարել և առցանց գիրք գնել, հետո այն նրան դուր չի եկել, չի նշանակում, թե առցանց գիրք վաճառող կազմակերպությունը պետք է վերադարձնի նրա գումարը։  Ըստ Ժարիչևի, գրանցվելով իր կազմակերպությունում և ներդրում անելով, մարդիկ հասանելիություն են ունենում կազմակերպության դասընթացներին, կրթվում, ինչպես նաև, նոր մարդկանց հրավիրելով, գումար աշխատելու հնարավորություն ստանում։ Հենց դրա համար է, որ կազմակերպությունը չի վերադարձնում մարդկանց ներդրումները, եթե նրանք չեն կարողանում գումար աշխատել (կարող եք դիտել տեսանյութի 16։58-18։19 րոպեները)։ Ժարիչևի այս բացատրությունը կարող էր արդարացված լինել, եթե այդ դասընթացներն իրոք ունենային այն արժեքը, որքան դրանց համար վճարում են մարդիկ։ Երբ Infocom-ի լրագրողը գրանցվում է կայքում և իր վճարած գումարին համարժեք դասընթացների հասանելություն ունենում, ընդամենը մի քանի տեսանյութ դիտելուց հետո հասկանում է, որ այդ դասընթացներն ուղղակի միջոց են՝ ավելի շատ մարդկանց հրավիրելու համար։ Այդ տեսանյութերում բացատրվում է, թե ինչպես կարելի է սոցցանցերի (հիմնականում՝ «Ինստագրամ»-ի) էջերը գրավիչ դարձնել, հրապարակումները ճիշտ անել, նկարները մշակել, սոցցանցերում գովազդ տեղադրել և այլն։ Այսինքն, այս ամենը կնպաստի, որ մարդը կարողանա շատ հետևորդներ ունենալ և իր հրապարակումներն ու «բիզնես առաջարկներն» այնպես ներկայացնել, որ հնարավորինս շատ մարդկանց հրավիրի կազմակերպություն։ Փաստորեն, գրանցվելով «Про100 Гейм»-ում, մարդիկ գումար են վճարում այնպիսի դասընթացների համար, որոնք նրանց կօգնեն նոր մարդկանց հրավիրել կազմակերպություն։ Բացի այդ՝ չկա որևէ երաշխիք, որ ներդրում անելուց հետո հնարավոր է գումարը ետ բերել և հավելյալ գումար վաստակել։ «Про100 Гейм»-ի անդամների տելեգրամյան խմբերից մեկում Infocom-ի լրագրողը նկատում է մի անդամի, որը ներդրում է արել և չի կարողանում գումար վաստակել։ Այդ անդամի հետ անձնական նամակագրության ընթացքում վերջինս պատմում է մեր լրագրողին, որ 6800 դրամ է վճարել և երբ մարդկանց է հրավիրել, հրաժարվել են կազմակերպությունում գրանցվել ներդրումների պատճառով։  «Ինձ ոսկե սարեր խոստացան, որ մենակ չես լինի, մեր հրավերն էլ է քեզ օգնելու, բայց ես դա չտեսա»,- գրում է տուժած մասնակիցը։   «Про100 Гейм»-ում կարող են ներգրավվել նաև անչափահասները Infocom-ի լրագրողը «Про100 Гейм»-ի տելեգրամյան խմբերից մեկում նկատում է, որ մասնակիցները խոսում են կազմակերպությունում ներգրավված երեխայի մասին։ Կազմակերպության մասնակիցները խմբի անդամներին ասում են, որ 12 տարեկան երեխան  «մուտք է գործել մեծ բիզնես, գումարներ է վաստակում», և նրանք պետք է այդ երեխայից օրինակ վերցնեն։ Խմբում է նաև երեխայի մայրը, որն ասում է, թե ինքն է թույլ տվել նրան գրանցվել կազմակերպությունում։ «Про100 Гейм»-ի անդամներից մեկն էլ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է խմբի նամակագրությունը՝ պատմելով  «մեծ բիզնես մուտք գործած 12-ամյա երեխայի մասին»։   Օրինակա՞ն է «Про100 Гейм»-ի գործունեությունը Կազմակերպության հայաստանյան անդամների վեբինարի ընթացքում Infocom-ի լրագրողն ասում է, որ փորձել է մարդկանց հրավիրել, բայց նրանք չեն վստահել կազմակերպությանը և չեն ցանկացել ներդրում անել։ Ծավալվում է քննարկում, որի ընթացքում կազմակերպության անդամները սկսում են հերքել պնդումները, թե «Про100 Гейм»-ը կարող է ֆինանսական բուրգ լինել։ «Պիրամիդան՝ քո մուտքից ես էլ փող կաշխատեի, Զվարթն էլ ու տենց մինչև վերև։ Ինչքան ուզում ես, դու աշխատի, մենք քեզնից շատ էինք աշխատելու․․․ Եթե կա մի կամպանիա, որ քեզ առաջարկում են, ու քո մուտք լինելուց համարյա սաղ փող են աշխատում, իմացի՝ էդ ֆինանսական բուրգ ա»,- ասում է անդամներից մեկը։  Ներկայացնում ենք քննարկման ձայնագրությունից մի հատված։ Այս բացատրություն տվողն, ի դեպ, աշխատում է «Onyxum» ընկերությունում: Նա պնդում է, որ ինչպես «Onyxum»-ի, այնպես էլ  «Про100 Гейм»-ի գործունեությունն օրինական է, և այս կազմակերպությունները ֆինանսական բուրգ համարել չի կարելի։  «Onyxum»-ի գործունեության մասին, հիշեցնենք, գրել էր «Հետք»-ը։ «Հետք»-ին տված հարցազրույցում «Onyxum»-ի լիդերներից մեկը՝ Վահե Հովհաննիսյանն, ասել էր, թե «Onyxum»-ոչ մի կապ չունի «Վոդա» անունով կազմակերպության հետ, որի գործունեությունն Իրանում դադարեցվել էր ֆինանսական բուրգ լինելու պատճառաբանությամբ։ «Про100 Гейм»-ի անդամների վեբինարի ընթացքում, սակայն, «Onyxum»-ի աշխատակիցը պնդում է հակառակը․ «Ինձ «Onyxum»-ը առաջարկել են 6 տարի առաջ, էդ վախտ կոչվում էր «Վոդա», ինձ հազար հոգի ասել ա՝ շպրտոցի ա։ Ես էդ հազար հոգուն լսեցի, չգնացի, անցավ մի քանի տարի, նոր գնացի»։  Կարող եք լսել քննարկման ձայնագրությունից մի հատված։  ՀՀ քրեական օրենսգրքի 189․1 հոդվածով սահմանվում է, թե ինչ է ֆինանսական բուրգը․ «ֆինանսական բուրգը գույքի ներգրավմանն ուղղված գործունեություն է (բացառությամբ հատուկ թույլտվության (լիցենզիայի) հիման վրա իրականացվող լիցենզավորման ենթակա գործունեության), որով գույք ներդրող կամ ֆինանսական բուրգում առաջարկվող գույքի կամ ծառայության դիմաց վճարում կատարող անձանց առաջարկվող նյութական օգուտը պայմանավորվում է բացառապես նոր ներդրողների ներգրավումից ստացված գույքի հաշվին` առանց նշված գույքը իրական ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու մտադրության»: Ֆինանսական բուրգը կամ դրա մի մասը ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով։ Ֆինանսական բուրգ ստեղծելու համար մարդիկ կարող են դատապարտվել ազատազրկման, եթե բուրգում ներգրավվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով գումար կամ գույք, անձանց, կազմակերպություններին կամ պետությանը պատճառել է խոշոր չափի վնաս, օգտագործվել է պաշտոնեական դիրքը, ինչպես նաև բուրգը ստեղծել է կազմակերպված խումբը։ Ինչպես տեսնում ենք, «Про100 Гейм»-ի ծավալած գործունեությունը մոտ է ՀՀ օրենսդրությամբ Ֆինանսական բուրգի սահմանմամբ նկարագրված գործողություններին, քանի որ վերը նշված սխեմայից պարզ է դառնում, որ կազմակերպությունում գրանցվողների ֆինանսական եկամուտները գոյանում են բացառապես նոր մասնակիցների վճարներից, այսինքն՝ նրանք չեն անում որևէ աշխատանք, որի դիմաց կազմակերպությունը վճարում է նրանց։ «Про100 Гейм»-ի հիմնադիրները կարող են հակափաստարկ բերել, որ իրենց կազմակերպությունում ներդրում անողները վճարված գումարի դիմաց կրթական ծառայություններ են ստանում, այդ պատճառով էլ «Про100 Гейм»-ը ֆինանսական բուրգ չէ, բայց վերևում արդեն նշեցինք, որ այդ կրթական ծառայությունների նպատակը նոր մարդկանց ներգրավելուն նպաստելն է։ Քանի որ «Про100 Гейм»-ը ռուսական գրանցում ունի և Հայաստանում գրանցված չէ, հասկանանք, թե ֆինանսական բուրգ ստեղծելու և դրանում մարդկանց ներգրավելու մասով ինչ կարգավորումներ ունի ռուսաստանյան օրենսդրությունը։ Այսպես, ՌԴ Վարչական իրավախտումների օրենսգրքով սահմանվում է․ «Անձի կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջոցներ կամ այլ գույք ներգրավելու գործողությունների կազմակերպումը կամ իրականացումը, որի ընթացքում եկամտի վճարումը կամ այլ արտոնությունների տրամադրումը այն անձանց, որոնց դրամական միջոցներն ավելի վաղ ներգրավվել են, իրականացվում են այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից ներգրավված միջոցների հաշվին, պատժվում են 5 հազարից 1 միլիոն ռուբլի տուգանքով,  եթե այդ գործողությունները չեն պարունակում քրեական հանցագործություն»։ «Про100 Гейм»-ում ներգրավված են մարդիկ  ոչ միայն Ռուսաստանից և Հայաստանից։ Կազմակերպության կայքում նշված է, որ այն ունի 100 հազար անդամ 13 երկրից։ Ժարիչևի հետ առցանց հանդիպման ժամանակ էլ մասնակիցների մեջ կային մարդիկ Ուկրաինայից, Ղազախստանից, Թուրքիայից և այլ երկրներից։  Քանի որ «Про100 Гейм»-ը գործում է առցանց հարթակում, գրանցված չէ այն երկրներում, որտեղ կազմակերպության անդամներ կան։ Բայց այն փաստը, որ կազմակերպության գործունեությունը շատ մոտ է ֆինանսական բուրգի, կասկածելի է դարձնում նրա գործունեությունը ոչ միայն ՌԴ-ում, այլև Հայաստանում և այլ երկրներում։ Աննա Սահակյան, Նարեկ Մարտիրոսյան  
20:58 - 26 մարտի, 2021
Ինչպես է Ալիևի մտերիմ գործարարը ձեռք բերել տարածաշրջան ինտերնետ մատակարարող ընկերության բաժնետոմսերը

Ինչպես է Ալիևի մտերիմ գործարարը ձեռք բերել տարածաշրջան ինտերնետ մատակարարող ընկերության բաժնետոմսերը

Երեկ հայտնի դարձավ, որ Վրաստանի՝ ինտերնետ ծառայություններ մատուցող խոշորագույն ըներության՝ «Caucasus Online»-ի 100% բաժնետեր է դարձել միջազգային NEQSOL ընկերությունը, որի սեփականատերն ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովն է։ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում մտահոգություն հայտնեց, որ վրացական ընկերության միջոցով Հայաստան հասնող ինտերնետ տրաֆիկի զգալի մասը փաստացի կլինի ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Infocom-ը ներկայացնում է, թե ինչ նշանակություն ունի «Caucasus Online»-ը մեր տարածաշրջանի համար, և ինչպես է NEQSOL-ը դարձել ընկերության 100% բաժնետոմսերի սեփականատեր։ «Caucasus Online» ընկերությունը ձևավորվել է 2006 թվականին։ 2008-ից «Caucasus Online»-ը Սև Ծովի հատակով անցնող 1200 կմ երկարությամբ օպտիկամանրաթելային մալուխի միանձնյա սեփականատերն է։ Մալուխի միջոցով ինտերնետը Եվրոպայից հասցվում է Հարավային Կովկաս և Կասպից տարածաշրջան։ 2010-ից ընկերությունը մուտք է գործել Հարավային Կովկաս՝ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, ինչպես նաև Իրան և Իրաք։ Մինչև 2019 թվականը «Caucasus Online»-ի 100% բաժնետոմսերը պատկանում էին գործարար Խվիչա Մակացարիային: 2019-ին գործարարն իր բաժնետոմսերի 49%-ը վաճառեց NEQSOL ընկերությանը։ NEQSOL-ը Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Թուրքիայում, Ադրբեջանում, Վրաստանում և այլ երկրներում գործունեություն ծավալող ընկերություն է, որի սեփականատերն ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովն է։ Հասանովի անունը կապվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այսպես, «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի» (OCCRP)` 2016-ին հրապարակված հետաքննություններից մեկը պատմում էր Ալիևի ընտանիքի և հարազատների անուններով գրանցված կազմակերպությունների անօրինական գործունեության մասին։ Այդ կազմակերպություններից մեկն էլ գրանցված էր հենց այն նույն Նասիբ Հասանովի անունով, որին պատկանող ընկերությունը 2019-ին ձեռք բերեց «Caucasus Online»-ի բաժնետոսմերի 49%-ը։ Վրաստանի հաղորդակցության ազգային հանձնաժողովը (Georgian National Communication Commission), որը Վրաստանի հեռարձակման և էլեկտրոնային հաղորդակցությունների ոլորտը վերահսկող մարմինն է, պահանջեց, որ «Caucasus Online»-ի բաժնետոմսերը վերադարձվեն նախկին սեփականատիրոջը։ Հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ գործարքն անօրինական է, քանի որ հանձնաժողովն այն նախապես հավանության չի արժանացրել։ Երբ բաժնետոմսերը չվերադարձվեցին, Հաղորդակցության ազգային հանձնաժողովը տուգանեց «Caucasus Online» ընկերությանը։ 2020-ի ամռանը Վրաստանում օրենսդրական փոփոխություններ կատարվեցին, որոնց համաձայն՝ Հաղորդակցության ազգային հանձնաժողովը հնարավորություն ստացավ հեռահաղորդակցական ընկերություններում նշանակելու «հատուկ մենեջերներ»։ Օրենսդրական այս փոփոխությունները Վրաստանում սուր քննադատության արժանացան, Վենետիկի հանձնաժողովը ևս դրական չարձագանքեց, սակայն հետագայում պարզ դարձավ, որ հանձնաժողովին այսպիսի լիազորություն տալու հիմնական պատճառն, ըստ երևույթին, «Caucasus Online» ըներկության բաժնետոմսերի մի մասի վաճառքն էր NEQSOL-ին։ Այսպիսով, Հաղորդակցության ազգային հանձնաժողովը 2020-ի աշնանը Մարիամ Սուլաբերիձեին մեկ տարով որպես հատուկ մենեջեր նշանակեց «Caucasus Online»-ում։ Իսկ հատուկ մենեջերն ունի լայն լիազորություններ, այդ թվում՝ ընկերության տնօրենին ազատել-նշանակելու, ընկերության պայմանագրերն ու գործարքները դատական կարգով չեղարկելու լիազորություններ։ ««Caucasus Online»-ը ավելի քան մեկ տարի գործում է իր բաժնետոմսերի ապօրինի օտարման պայմաններում, ինչը սպառնում է վնասել Վրաստանում ինտերնետ ծառայությունների շուկայի մրցակցային միջավայրը, ինչպես նաև ազդել ինտերնետ ծառայությունների գնի վրա։ Կարևոր է նաև, որ այս անօրինական գործարքը կարող է բացասական ազդեցություն ունենալ Վրաստանում տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց ստեղծելու համատեքստում»,- ասված էր հանձնաժողովի տարածած հաղորդագրությունում։ «Caucasus Online»-ի նախկին սեփականատեր Մամիա Սանադիրաձեն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ եթե NEQSOL-ը վերահսկողություն ունենա Եվրոպայից Ասիա ինտերնետ փոխադրող մալուխի՝ Վրաստանին պատկանող հատվածի վրա, ամենայն հավանականությամբ կփորձի սևծովյան մալուխը միացնել անմիջապես Բաքվին, ինչից հետո Վրաստանին ինտերնետ կմատակարարվի Բաքվից։ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը 2020-ի օգոստոսի 26-ի ասուլիսի ընթացքում, պատասխանելով լրագրողներից մեկի՝ «Caucasus Online»-ի բաժնետոսմերի օտարման վերաբերյալ հարցին, նշել էր․ «Որոշակի շեշտադրումներ կան Հայաստանի ինֆորմացիոն անվտանգության հետ կապված, որոշակի մտահոգություններ կան ինտերնետի հասանելիության հետ կապված։ Ես չէի ցանկանա, որ մենք չափազանցություններ կիրառենք այս մասով։ Մեր վրացի գործընկերները պրոցեսի մեջ են, ես չէի ցանկանա նույնիսկ դա մեկնաբանել, որովհետև դա իրենց երկրում կոմերցիոն գործարքի և կարգավորվող գործարքի ընթացք է, որին մենք ուշադիր հետևում ենք»։  NEQSOL-ը «Caucasus Online»-ում հատուկ մենեջերի նշանակումից հետո հայտարարեց, որ բաժնետոմսերի ձեռքբերման գործընթացը համապատասխանում է Վրաստանի օրենսդրությանը և դիմեց Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (International Centre for Settlement of Investment Disputes)՝ հարցը լուծելու համար։ Իսկ արդեն երեկ հայտնի դարձավ, որ Խվիչա Մակացարիան համաձայնել է իր մնացած 51% բաժնետումսերն էլ վաճառել NEQSOL ընկերությանը։ Այսպիսով, տարծաշրջանի՝ ինտերնետ ծառայություններ մատուցող խոշորագույն ընկերություններից մեկը, որի միջոցով ինտերնետ է հասցվում նաև Հայաստան, այս պահին 100%-ով պատկանում է ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովին։ Լուսանկարը՝ jamestown.org-ի Աննա Սահակյան
20:45 - 25 մարտի, 2021
Արարատ Միրզոյանը սխալվում է․ պատգամավորները պարգեւավճար են ստացել նաեւ 2020 թվականի սեպտեմբերին

Արարատ Միրզոյանը սխալվում է․ պատգամավորները պարգեւավճար են ստացել նաեւ 2020 թվականի սեպտեմբերին

Երեկ՝ մարտի 23-ին, Աժ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն խոսեց «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ստացած պարգեւավճարների մասին։ Նա, մասնավորապես, նշեց․ «45 մլն դրամ պարգեւավճար է ստացել պարոն Ծառուկյանը եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Մի անգամ տեսե՞լ եք, որ այդ մարդիկ դրա համար խոսեն։ Ընդհակառակը՝ դեմ են խոսել։ Մի 20 մլն էլ պարոն Մարուքյանն է ստացել եւ իր խմբակցությունը, բայց որեւէ մեկս չենք ասել, որ դա լրացուցիչ գործիքակազմ է»։ Գաբրիելյանին հակադարձեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ ասելով․ «Չգիտես՝ ինչու, պարոն Գաբրիելյանը չհնչեցրեց, որ մեկ տարի շարունակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորներն իրենց պարգեւավճարները անցյալ տարի գարնանը փոխանցում էին պանդեմիայի ֆոնդին, դե պարզ է, որ պատերազմը սկսեց՝ պատերազմի ֆոնդին»։ Աբովյանի այս ելույթից հետո դահլիճում վերջինիս ու Սիսակ Գաբրիելյանի միջեւ բանավեճ սկսվեց, որն էլ ընդհատեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ իր հերթին խոսելով ծավալված թեմայի մասին։ Միրզոյանն ասաց, թե Ազգային ժողովի պատգամավորները վերջին անգամ պարգեւավճար ստացել են 2020 թվականի փետրվար ամսի համար, եւ որ դրանից հետո Ազգային ժողովի որեւէ պատգամավոր պարգեւավճար չի ստացել։  Նախ նշենք, որ պատգամավորները պարգեւավճար ստանում են Ազգային ժողովի նախագահի կարգադրության համաձայն, որն էլ բաց տվյալ է, եւ յուրաքանչյուր ոք կարող է ստուգել ԱԺ նախագահի կարգադրությունները՝ մուտք գործելով Ազգային ժողովի կայքի «ԱԺ նախագահի որոշումներ, կարգադրություններ» բաժին։ Այսպիսով՝ կայքից տեղեկացանք, որ նախագահի կարգադրությամբ 2020 թվականի ընթացքում Ազգային ժողովի պատգամավորները պարգեւատրվել են 4 անգամ՝ փետրվարի 4-ի, մարտի 3-ի, մարտի 25-ի եւ սեպտեմբերի 18-ի կագրադրությունների համաձայն։ Փետրվարի 4-ին Ազգային ժողովի պատգամավորները պարգեւատրվել են պաշտոնային դրույքաչափի 30 %-ի չափով, որն, ըստ ամենայնի, տրամադրվել է հունվար ամսվա համար։  Հաջորդ կարգադրությունը, ինչի մասին խոսեց Արարատ Միրզոյանը, եղել է մարտի 3-ին, որի համաձայն՝ պատգամավորները դարձյալ պարգեւատրվել են իրենց պաշտոնային դրույքաչափի 30 %-ի չափով։ Այս դեպքում կարող ենք ենթադրել, որ սա տրամադրվել է փետրվար ամսվա համար՝ ինչպես նշեց Միրզոյանը, սակայն սա վերջինը չէր։  Նույն ամսվա ընթացքում՝ մարտի 25-ին, Միրզոյանի կարգադրությամբ ԱԺ պատգամավորները պարգեւատրվել են միանվագ դրամական աջակցությամբ՝ իրենց պաշտոնային դրույքաչափի 30%-ի չափով։ Սակայն հարկ է նշել, որ հենց այս նույն կարգադրության համաձայն՝ նշված պարգեւատրումներից պատգամավորների համաձայնությամբ փոխանցվել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված գանձապետական ֆոնդին։ Եւ բացի նախորդ երեք պարգեւատրումների կարգադրություններից՝ կա եւս մեկը, որի մասին ԱԺ նախագահը մոռացել է։ Սեպտեմբերի 18-ին Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ Ազգային ժողովի պատգամավորները դարձյալ պարգեւատրվել են, բայց եթե նախորդ երեք պարգեւատրումները եղել են պաշտոնային դրույքաչափի 30%-ի չափով, ապա այս անգամ պաշտոնային դրույքաչափի 75%-ի չափով։ Այսպիսով՝ Արարատ Միրզոյանի հնչեցրած միտքը, թե պատգամավորները վերջին անգամ պարգեւավճար են ստացել 2020 թվականի փետրվարի համար, իրականությանը չի համապատասխանում, քանի որ հենց իր կարգադրությամբ նրանք պարգեւավճար են ստացել նաեւ 2020 թվականի սեպտեմբերին։ Նարեկ Մարտիրոսյան
12:17 - 24 մարտի, 2021
Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերվել է անցյալ տարվա նոյեմբերին

Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերվել է անցյալ տարվա նոյեմբերին

Երեկ համացանցում հայտնվեցին եւ ակտիվ քննարկման առարկա դարձան լուսանկարներ, ըստ որոնց՝ ադրբեջանցիները ոչնչացրել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին։  Լուսանկարը տարածեցին նաեւ մի շարք լրատվական կայքեր։ Սրան զուգահեռ՝ մեկնաբանություններում հանդիպում է նաեւ մի լուսանկար, որը նույնպես նոր է արված, եւ որտեղ, սակայն, Կանաչ ժամը կանգուն է։ Infocom-ը որոշեց ուսումնասիրել տարածվող լուսանկարները եւ պարզեց, որ իրականում Կանաչ ժամ եկեղեցին վնասելու մասին լուրերն ու լուսանկարը ճիշտ են, սակայն դեպքն այդքան էլ նոր չեն։  Նախ անդրադառնանք երկու լուսանկարների տարբերությանը, որոնցից մեկում Կանաչ ժամը կանգուն է, իսկ մյուսում՝ ոչ, ընդ որում՝ արբանյակային երկու լուսանկարներն էլ նոր են արվել։ Արբանյակային պատկերները տեսնելու համար գոյություն ունեն մի քանի գործիքներ, որոնցից հիմնականը եւ մեծամասնությանը ծանոթ գործիքները Google Earth-ը եւ Google Maps-ն են։ Ընդ որում՝ երկու գործիքները, բացի զուտ վեբ պորտալում հասանելի լինելուց, ունեն նաեւ հավելվածներ, որոնք հնարավոր է ներբեռնել համակարգչի կամ սմարթֆոնների մեջ։ Հենց այստեղից է գալիս երկու նկարների տարբերությունը։ Նկարը, որտեղ Կանաչ ժամ եկեղեցին, կամ դրա մի մասը փլուզված է, սքրինշոթ է արված համակարգչում ներբեռնված Google Earth հավելվածի արբանյակային քարտեզից, որը թարմացված է 2021 թվականի փետրվարի 15-ի տվյալներով, իսկ մյուս նկարը, որտեղ Կանաչ ժամը կանգուն է, վերցված է վեբ պորտալում գործող Google Maps արբանյակային քարտեզից, որի տվյալներն ավելի հին են։ Տվյալների տարբեր ժամանակներն արտացոլելու փաստն ապացուցվում է նաեւ նրանով, որ մի դեպքում հարակից տարածքները կանաչապատ են, իսկ մյուս դեպքում՝ ոչ (տե՛ս նկարում)։ Արբանյակային լուսանկարներից ձախն արված է համակարգիչ ներբեռնած Google Earth հավելվածով, աջը՝ վեբ պորտալում գործող Google Earth արբանյակային ծրագրով։ Սրանից ակնհայտ է դառնում տարբերությունը։ Այսպիսով՝ կարող ենք պնդել, որ հավելվածի լուսանկարներն ավելի թարմ են՝ ի տարբերություն վեբ տարբերակի։ Ե՞րբ է ավերվել Կանաչ ժամ եկեղեցին Ինչպես արդեն նշեցինք՝ մեր ուսումնասիրությունը նույնպես հաստատեց, որ Կանաչ ժամ եկեղեցու մի մասն ավերվել է, սակայն դա եղել է դեռեւս անցյալ տարվա նոյեմբերին։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում Կանաչ ժամ եկեղեցու գմբեթը եւ զանգակատունը վնասված լինելու վերաբերյալ լուսանկար հրապարակվել է դեռեւս 2020 թվականի նոյեմբերի 18-ին, երբ Շուշին այլեւս հայկական վերահսկողության տակ չէր։ Սա այդ ժամանակ նույնպես ակտիվ տարածում ունեցավ լրատվական կայքերում [1,2]։ Այդ ժամանակ սոցցանցերի ադրբեջանական հարթակում շրջանառվում էր նաեւ մի տեսանյութ, որը նույնպես Կանաչ ժամ եկեղեցու տարածքից էր։ Նշյալ տեսանյութը ուսումնասիրել եւ տեղորոշել էր Fip.am-ը եւ փաստերով ներկայացրել, որ տեսանյութը նկարված է հենց Կանաչ ժամ եկեղեցու մոտ, ինչպես նաեւ նույնականացրել էր փլուզված եկեղեցին։  Հարցին անդրադարձել էր նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Նոյեմբերի 19-ին ֆեյսբուքյան իրենց էջում դատապարտել էին եկեղեցու հանդեպ ադրբեջանցիների իրականացրած վանդալիզմը։ Այսպիսով՝ տարածվող արբանյակային լուսանկարները համապատասխանում են իրականությանը, ադրբեջանցիներն իրոք վանդալիստական գործողություններ են իրականացրել եւ ավերել Կանաչ ժամ եկեղեցու մի մասը, սակայն սա, ըստ ամենայնի, եղել է 2020 թվականի նոյեմբերի 18-ին, երբ Շուշին արդեն ադրբեջանական հսկողության տակ էր։ Նարեկ Մարտիրոսյան
13:48 - 18 մարտի, 2021
Տարածվող տեսանյութում ներկայացված առանձնատներից մի քանիսը հաստատապես Արցախում են

Տարածվող տեսանյութում ներկայացված առանձնատներից մի քանիսը հաստատապես Արցախում են

Երեկ amnew.site հասցեով անհայտ ծագման կայքը մի հրապարակում էր արել, որում տեղադրված էր Ստեփանակերտում կառուցված շքեղ առանձնատների տեսանյութ։ Այս հրապարակումը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ կից գրելով․ «Արցախում էլ այն նույն մղձավանջն են արել, ինչ Հայաստանում։ Աշխատավարձով սա ո՞նց եք «կառուցել»։ Ասեք, մենք էլ ունենանք, կառուցենք։ Անչափ կուզենայի իմանալ, թե ում դղյակներն են տեսանյութում։ Իսկ բանակն ինչո՞ւ այսպես շլացնող չէր»։ Այս գրառմանն արձագանքել է տելեգրամյան Mediaport ալիքը՝ Սաֆարյանի տարածածը որակելով կեղծ տեղեկություն։ Ալիքը, մասնավորապես, գրել էր․ «Իշխանությունը շարունակում է կեղծ լուրերով խաբել ժողովրդին։ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ստյոպա Սաֆարյանը իր էջում արցախցիներին վարկաբեկող կեղծիք է տարածել՝ պնդելով, թե իր հրապարակած տունը իբր պատկանում է «արցախցի թալաչիներին»»: Տելեգրամյան ալիքը պարզել էր, որ հրապարակման գլխավոր նկարի տունը Լոս Անջելեսում է։ Նկատենք, որ հրապարակման գլխավոր նկարը տեսանյութից չէր, եւ այն իսկապես ո՛չ Հայաստանում է, ո՛չ Արցախում, բացի այդ՝ առկա է մի շարք կայքերում։ Mediaport ալիքը, սակայն, անտեսել էր մի կարեւոր փաստ․ Սաֆարյանը գրառմանը կից, ինչպես վերեւում նշեցինք, հարցրել էր, թե ում դղյակներն են տեսանյութում։  Սաֆարյանն այսօր նույն թեմայի վերաբերյալ դարձյալ գրառում արեց՝ նշելով, որ իրեն նույնպես պարզ էր, որ գլխավոր նկարի առանձնատունը վերցված էր համացանցից, սակայն տեսանյութն արված է Արցախում։ Infocom-ն ուսումնասիրեց տեսանյութը՝ պարզելու, թե որտեղ է նկարահանվել այն իրականում եւ դրանում ներկայացված առանձնատներն իսկապե՞ս Արցախում են։  Քննարկվող տեսանյութը Յութուբ հարթակ է ներբերռնել Armenian Stream ալիքը, որն էլ սոցիալական ցանցում տարածել է Arthur Osipyan օգտատերը։ Տեսանյութում ներկայացված 7 առանձնատները, ինչպես պնդում է դրա հեղինակը, կառուցված են Ստեփանակերտում։ Մեր ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ տեսանյութի 24-րդ վայրկյանում երեւացող շինությունը Ստեփանակերտի «Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի» հարեւանությամբ է՝ Նելսոն Ստեփանյան 9 հասցեում։ Շինության մոտ կառուցված բարձրահարկ շենքը նույնպես երեւում է տեսանյութում, դրա մոտ երեւում է նաեւ կարմիր տանիքով շենքի կտուրից մի հատված, որի միջոցով էլ հնարավոր եղավ տեղորոշել շինության հասցեն։ Տեսանյութի 1-ին րոպեում երեւացող առանձնատունը Հայկավանում է՝ կոորդինատային այս հասցեում։ Այն «Կոբրա» բլրի ստորոտին է, որի վրա կառուցված է հուշահամալիր։  Եթե համեմատենք տեսանյութի առանձնատունը վերոբերյալ նկարի հետ, ապա կտեսնենք, որ դա հենց նույն առանձնատունն է՝ լողավազանով եւ հարակից շինություններով։  Տեսանյութի 00։30-րդ վայրկյանում երեւացող առանձնատունը նույնպես Արցախում է․ նկարը հնարավոր եղավ տեղորոշել վերին աջ անկյունում երեւացող այն հուշահամալիրի միջոցով, որի մասին արդեն նշեցինք վերեւում։  Տեսանյութի 01։24-րդ րոպեում երեւացող առանձնատունն էլ Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» (հայտնի Տատիկ-պապիկ) արձանի հարեւանությամբ է՝ կոորդինատային այս հասցեում։ Համոզվելու համար կարող ենք համեմատել առանձնատան տարածքի լողավազանը եւ հարեւան շինությունները։ Այսպիսով՝ ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ չնայած այն հրապարակման գլխավոր նկարի առանձնատունը կապ չուներ Արցախի կամ Հայաստանի հետ, այնուամենայնիվ տեսանյութը նկարահանված է Արցախում եւ նշված շինությունները հենց այնտեղ են։ Նարեկ Մարտիրոսյան
21:51 - 11 մարտի, 2021
Սիրիացիներն «Իսկանդերի» չպայթած հրթիռ չեն նկարել․ տարածվող տեսանյութում «Տոչկա-Ու» համալիրի հրթիռ է

Սիրիացիներն «Իսկանդերի» չպայթած հրթիռ չեն նկարել․ տարածվող տեսանյութում «Տոչկա-Ու» համալիրի հրթիռ է

Սոցիալական ցանցերում եւ որոշ սունկ լրատվականներում տարածվում է մի հրթիռային համալիրի հրթիռի տեսանյութ՝ մեկնաբանությամբ, թե Փաշինյանը ճիշտ էր՝ գտնվել է «Իսկանդերի» չպայթած հրթիռը՝ ինչպես ասում են սիրիայի արաբներն ու քրդերը։ Տեսանյութի սկզբնաղբյուրը սլովակյան Armádny magazín կայքն է, որտեղ տեղադրված տեսանյութում եւ հոդվածում ոչ թե ռուսական «Իսկանդեր» համալիրի հրթիռ է ներկայացված, այլ դարձյալ ռուսական Точка-У տակտիկական հրթիռային համալիրի հրթիռը։ Նախ նշենք, որ սկզբնաղբյուր կայքի՝ օրերս հրապարկված հոդվածի վերնագրում գրված է «Sýrii došla trpezlivosť – balistickými raketami Točka-U zbombardovala protureckých militantov», որը թարգմանաբար նշանակում է «Սիրիան համբերություն չունեցավ. նա «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներով ռմբակոծեց հակաթուրքական զինյալներին»։ Այսինքն՝ սլովակյան մասնագիտացված կայքի վերնագրում արդեն իսկ գրված է, որ Սիրիան է հրթիռակոծել, եւ հրթիռակոծել է ոչ թե «Իսկանդերով», այլ «Տոչկա-Ու»-ով։ Նյութում «Իսկանդերի» մասին որեւէ խոսք չկա։ Սակայն եթե կարծենք, թե տեսանյութն առանց մեկնաբանության է հայտնվել հայաստանյան մեդիատիրույթում, ապա դրանում երեւացող հրթիռի վրա նշված է կոդ, որով հնարավոր է պարզել՝ այն որ համալիրինն է։ Այս պարագայում տեսանյութում երեւացող հրթիռի վրա դաջված է 9M79M: Google որոնողական համակարգով հնարավոր է պարզել, որ այս կոդն ունեցող մասերը «Տոչկա-Ու» տակտիկական հրթիռային համալիրինն են, մասնավորապես, դրանց հիմնական տարրը՝ 9M79M (9M79-1) պինդ շարժիչով բալիստիկ հրթիռը։ «Տոչկա-Ու»-ի բնութագրին ու մարտական օգտագործման մանրամասներին կարող են ծանոթանալ MilitaryArms.ru կայքում։ Բացի այս՝ հոդվածում նշված է, որ տեղացիների փոխանցմամբ՝ խոշոր պայթյունները եղել են սիրիական Ալ-Բաբ եւ Ջարաբլուս բնակավայրերի մոտակայքում, այսինքն՝ Հայաստանից ու Ադրբեջանից կիլոմետրերով հեռու։   Այսպիսով, հայաստանյան մեդիատիրույթում տարածվող լուրը, թե սիրիացիները տեսանյութ են տարածել, որտեղ Հայաստանի կիրառած Իսկանդերի հրթիռն է, իրականությանը չի համապատասխանում․ տեսանյութում «Տոչկա-Ու» համալիրի հրթիռ է, իսկ նյութը Հայաստանի հետ կապ չունի։
13:24 - 08 մարտի, 2021