ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմված է յոթ անդամից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ներառյալ հանձնաժողովի նախագահ: ԿԸՀ նախագահ՝ Տիգրան Մուկուչյան։ ԿԸՀ նախագահի տեղակալ՝ Լաուրա Գալստյան։ ԿԸՀ քարտուղար՝ Արմեն Սմբատյան։ ԿԸՀ անդամներ՝ Գեորգի Մարտիրոսյան, Սիլվա Մարկոսյան, Նունե Հովհաննիսյան, Սեյրան Շահսուվարյան։

ՏԻՄ ընտրություններ 23 համայնքներում․ 46 թեկնածու, 1 կուսակցական առաջադրում

ՏԻՄ ընտրություններ 23 համայնքներում․ 46 թեկնածու, 1 կուսակցական առաջադրում

Հունիսի 9-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ ՀՀ 9 մարզերի 23 համայնքներում, որոնցից 3-ում կընտրեն և՛ համայնքի ղեկավար, և՛ ավագանի, 12-ում՝ միայն համայնքի ղեկավար, 8-ում՝ ավագանի։ 15 համայնքներում գրանցվել է համայնքի ղեկավարի 46 թեկնածու, որոնցից 41-ն անկուսակցական են, 3-ը՝ ՔՊ անդամ, 1-ը՝ ԲՀԿ անդամ և 1-ը՝ ՀՅԴ անդամ։ Ինքնաառաջադրվել են 45 թեկնածուներ և միայն մեկը՝ Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու, ՔՊ անդամ Գրիգոր Գուլյանն է առաջադրվել կուսակցության կողմից։ Ինքնաառաջադրվել են նաև 2 ՔՊ-ական թեկնածուներ՝ Քարաձոր և Շենավան համայնքներում։ ԲՀԿ-ական Արսեն Կարապետյանը և ՀՅԴ-ական Վահագն Ալավերդյանն առաջադրվել են համապատասխանաբար Գետարգել և Ազատամուտ համայնքներում։ Առաջինը համայնքի գործող ղեկավարն է, երկրորդը՝ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը։ Համայնքի գործող ղեկավարներն ինքնաառաջադրվել են նաև 6 այլ համայքներում, իսկ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարները՝ 4 համայնքներում։Համայնքի ղեկավարի ամենաշատ թեկնածուները գրանցվել են Աբովյան և Գեղհովիտ համայնքներում՝ յուրաքանչյուրում 6 թեկնածու, Նորակերտ և Քարաձոր համայնքներում՝ 4 թեկնածու։ Ակնհայտ միջկուսակցական պայքար չի ծավալվի համայնքներից և ոչ մեկում, քանի որ կուսակցական թեկնածուների հետ պայքարի մեջ են մտել միայն անկուսակցականներ։ Լարված մրցակցություն է սպասվում Աբովյան համայնքում, որտեղ պայքար է ծավալվում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրված Գրիգոր Գուլյանի և գործող համայնքի ղեկավար, Գագիկ Ծառուկյանի աջակցությունը վայելող Վահագն Գևորգյանի միջև։ 11 համայնքներում գրանցվել է ավագանու անդամի 100 թեկնածու, որոնցից 3-ը ՔՊ անդամ են, 3-ը՝ ԲՀԿ անդամ, 1-ը՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամ։ Թեկնածուներից 98-ն ինքնաառաջադրվել են, իսկ 2-ն առաջադրվել են Հանուն սոցիալական արդարության կուսակցության կողմից։
15:01 - 27 մայիսի, 2019
2012-ից հետո ՀՀ-ում ընտրությունների արդյունքները չեն կեղծվել․ Տիգրան Մուկուչյան |panarmenian.net|

2012-ից հետո ՀՀ-ում ընտրությունների արդյունքները չեն կեղծվել․ Տիգրան Մուկուչյան |panarmenian.net|

Հայաստանում ցանկացած տեսակի ընտրությունների կազմակերպման ընթացքում երբևէ դրանց արդյունքները նախապես հայտնի չեն լինում: Այդ մասին Ազգային ժողովում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2018 թվականի գործունեության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին։ «Ընտրությունների արդյունքները նյութականացվում են ընտրողների քվեների միջոցով՝ քվեարկությունից հետո», - ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ 2012-ից այս կողմ այնպես չի եղել, որ քվեատուփից հանվեն քվեաթերթիկներ ու արտացոլեն այլ պատկեր ու այլ կերպ արձանագրվեն արձանագրություններում, հայտնում է Aysor.am-ը:Սարգիս Խանդանյանը ԿԸՀ նախագահին հարցն ուղղելիս հայտարարել է, որ Հայաստանում 2018-ի դեկտեմբերի 9-ի ընտրություններից առաջ, նախորդ բոլոր ընտրություններն ուղեկցվել են կեղծիքներով ու Սահմանադրության լուրջ խախտումներով։  «Դուք 2011-ից զբաղեցրել եք ԿԸՀ նախագահի պաշտոնը և զբաղվել եք ընտրությունների կազմակերպման գործընթացով։ Ինձ հետաքրքրում է՝ տեխնիկապես ավելի բարդ է կազմակերպել ընտրություններ, որոնց արդյուքնները նախապես հայտնի են և ուղեկցվում են խախտումներով, թե ավելի բարդ էր կազմակերպել վերջին ընտրությունները, որի արդյունքները չվիճարկվեցին», - հարցը հնչեցրել է Խանդանյանը։ Մուկուչյանը նկատել է, որ ընտրական գործընթացի կազմակերպման հարցում բոլոր մարմինները՝ ընտրական, տարածքային, տեղամասային հանձնաժողովներն ու այլ պետական մարմիններ, աշխատում են միասին համակարգված։ ԿԸՀ նախագահի խոսքով՝ 2012-ից սկսած բոլոր համապետական ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փորձել է հետամուտ լինել պահպանել Ընտրական օրենսգրքի պահանջները։ Այդուհանդերձ, պատգամավորը հստակեցրել է հարցը. «Դուք իսկապե՞ս պնդում եք, որ մինչև 2017-ը տեղի ունեցած բոլոր ընտրությունները արտահայտել են ՀՀ քաղաքացիների կամքը ընտրությունների միջոցով»։ «Ամբողջ խնդիրը հետևյալն է՝ երբ քվեատուփերից դուրս են գալիս քվեաթերթիկները ու իրականացվում է քվեարկության արդյունքների ամփոփում, ըստ էության, արձանագրության թվերը հենց այդ քվեաթերթիկներով տված քվեներն են, որոնք գտնվում էին քվեատուփերում։ Այդ գործընթացը եղել է թափանցիկ, այդ ամբողջ պրոցեսին հետևել են թե վստահված անձինք, թե դիտորդներ, թե լրատվամիջոցներ։ Այսինքն՝ գոնե 2012 թվից այս կողմ այնպես չի եղել, որ քվեատուփից հանվեն քվեաթերթիկներ ու արտացոլեն այլ պատկեր ու այլ կերպ արձանագրվեն արձանագրություններում։ Մինչ այդ, հնարավո՞ր է, որ ընտրողի կամքի վրա ներգործության դեպքեր տեղի ունեցած լինեն, իհարկե, հնարավոր են»,- հավելել է Տիգրան Մուկուչյանը։ panarmenian.net
13:13 - 05 մարտի, 2019