Իտալիա

Իտալիան (պաշտոնապես Իտալիայի Հանրապետություն) ունիտար խորհրդարանական հանրապետություն է Եվրոպայում: Տարածքը 301.338 կմ քառակուսի է։ 61 միլիոն բնակչությամբ չորրորդ ամենախոշոր բնակչություն ունեցող երկիրն է Եվրոպական միությունում:

Իտալիան գտնվում է Հարավային Եվրոպայում` զբաղեցնելով Ապենինյան թերակղզու ողջ տարածքը: Հյուսիսում սահմանակից է Ֆրանսիային, Շվեյցարիային, Ավստրիային եւ Սլովենիային: Հյուսիսում իտալական սահմանն ավարտվում է Ալպերի մոտ՝ ներառելով Պադանի եւ Վենետիկի հարթավայրերը: Իտալիայի կազմի մեջ են մտնում Ապենինյան ողջ թերակղզին, ինչպես նաեւ միջերկրածովյան Սիցիլիա, Սարդինիա եւ հարակից մանր կղզիները: Սան Մարինոն եւ Վատիկանը, որոնք ինքնիշխան պետություններ, Իտալիայի կազմում գտնվող անկլավներ են: Իսկ Կամպիոնե դ’Իտալիան իտալական էքսկլավ է, որը գտնվում է Շվեյցարիայում:

Իտալիան, սկսած 1946-ի հունիսի 2-ից ունիտար խորհրդարանական պետություն է, երբ 1946-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում միապետությունը լուծարվել է: Երկրի գլուխը նախագահն է: Ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնում է Սերջիո Մատարելլան: Երկրի նախագահը ընտրվում է խորհրդարանի կողմից՝ 7 տարի ժամկետով:  Իտալիան ունի խորհրդարանական կառավարություն, որը հիմնված է համամասնական ներկայացուցչության ընտրական համակարգի վրա: Խորհրդարանը երկպալատ է: Ստորին պալատը Իտալիայի պատգամավորների պալատն է, իսկ վերին պալատը՝ Սենատը, որը տեղակայված է Պալացցո Մադամա նստավայրում: Երկու պալատներն էլ ունեն միեւնույն իրավասությունները: 

Իտալիայի բնակչության մեծ մասը կաթոլիկներ են, չնայած, որ 1985 թվականից երկիրը չունի պետական կրոն:
Թուրքիան հետ է կանչել ԵՄ-ում, Իտալիայում ու Գերմանիայում իր դեսպաններին |1lurer.am|

Թուրքիան հետ է կանչել ԵՄ-ում, Իտալիայում ու Գերմանիայում իր դեսպաններին |1lurer.am|

1lurer.am: Թուրքիան հետ է կանչել ԵՄ-ում, Իտալիայում և Գերմանիայում իր դեսպաններին՝ բողոքելով Լիբիա զենքի փոխադրման կասկածանքով թուրքական բեռնանավում խուզարկություն իրականացնելու Գերմանիայի փորձի կապակցությամբ: Այս մասին հայտնել են Թուրքիայի արտգործնախարարությունից՝ փոխանցում է Al Arabiya-ն: «Այս գործողության շրջանակում գերմանական «Համբուրգ» ռազմանավը մանրամասնորեն հարցաքննել է թուրքական դրոշով M / V Roseline A առևտրային նավը, որը Ամբարլի նավահանգստից դեպի Միսրատա ներկ, այլ նյութեր ու մարդասիրական օգնություն էր տեղափոխում»,- ասված է նախարարության հայտարարության մեջ: Թուրքական կողմն ափսոսանք է հայտնել, որ իրենց նավը ստիպված է եղել շեղվել երթուղուց, իսկ անձնակազմին հարցաքննել են «հանցագործների նման»: Անկարան հայտնել է, որ խիստ դատապարտում է նման բռնի գործողությունը:
12:35 - 24 նոյեմբերի, 2020
Կանխել հայկական հուշարձանների ոչնչացումը. իտալացի գիտնականները նամակ են հղել իրենց իշխանություններին |armenpress.am|

Կանխել հայկական հուշարձանների ոչնչացումը. իտալացի գիտնականները նամակ են հղել իրենց իշխանություններին |armenpress.am|

armenpress.am: Իտալիայի առաջատար համալսարանների գիտնականները և աշխարհի այլ համալսարանների՝ ազգությամբ իտալացի գիտնականները Լեռնային Ղարաբաղի քաղաքական, հումանիտար և մշակութային իրավիճակի վերաբերյալ բաց նամակ են հղել Իտալիայի իշխանություններին։ Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ նրանք կոչ են արել Իտալիայի իշխանություններին համերաշխ համագործակցել միջազգային հանրության հետ` հասնելու համար քաղաքական լուծման, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի տարածքում հայերի ապրելու իրավունքը լիակատար անվտանգության և նրանց ինքնորոշման հարգանքի հիման վրա: Կոչ է արվում Իտալիայի կառավարությանը միջամտել, որպեսզի կանխվի հակամարտության ընթացքում նվաճված տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացումը, ինչպես տեղի է ունեցել Նախիջևանում:
17:06 - 20 նոյեմբերի, 2020
Կրթությունն այսօր վտանգված է տարածաշրջանային պատերազմների, ահաբեկչության և բռնությունների հետևանքով. ԿԳՄՍ նախարար

Կրթությունն այսօր վտանգված է տարածաշրջանային պատերազմների, ահաբեկչության և բռնությունների հետևանքով. ԿԳՄՍ նախարար

Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարական առցանց համաժողովը, որը հյուրընկալել էր Բոլոնիայի գործընթացի Իտալիայի քարտուղարությունը։Կոնֆերանսի ընթացքում ընդունվել են Հռոմի նախարարական կոմյունիկեն, ակադեմիական ազատությունների մասին հայտարարությունը, ինչպես նաև ազգային իշխանություններին ուղղված խորհրդատվական առաջարկություններ դասավանդման և ուսումնառության բարելավումների վերաբերյալ։ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, իր ելույթում ընդգծելով Հայաստանի հավատարմությունը Բոլոնիայի հռչակագրի հիմնարար սկզբունքներին և արժեքներին, շեշտել է, որ ի թիվս բազմաթիվ մարտահրավերների՝ կրթությունն այսօր վտանգված է նաև տարածաշրջանային պատերազմների, ծայրահեղականության, ահաբեկչության և բռնությունների հետևանքով, և Բոլոնիայի գործընթացը իր իսկ հիմնարար արժեքների դիրքերից պետք է արձագանքի այդ վտանգներին։Հայաստանի պատվիրակության կազմում են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանի ճարտարապետաշինարարական ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, Ակադեմիական փոխճանաչման ազգային տեղեկատվական կենտրոնի տնօրեն Գայանե Հարությունյանը և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանող Նենսի Մկրտչյանը։49 երկրների պատվիրակությունները քննարկել են բարձրագույն կրթության ընդհանուր տարածքի հեռանկարային զարգացման խնդիրները մինչև 2030 թվականը։ Մասնակիցները շեշտադրել են ակադեմիական հիմնարար արժեքների, դասավանդման, ուսումնառության և նորարարության, բարձրագույն կրթության սոցիալական չափելիության հարցերը։
23:44 - 19 նոյեմբերի, 2020
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ-ում Իտալիայի դեսպանի պաշտոնավարումը, որի ընթացքում երկկողմ հարաբերությունների արդյունավետ զարգացում է արձանագրվել: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարել 2019թ. Իտալիա կատարած պաշտոնական այցը և շնորհակալություն հայտնել դեսպանին՝ հայ-իտալական օրակարգի առաջմղման գործում անձնական ներդրման համար: Հայաստանում Իտալիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ հնչեցրած գնահատականի համար և նշել, որ ներդրել է առավելագույն ջանքերը հայ-իտալական փոխգործակցության մակարդակն առավել բարձրացնելու համար: Զրուցակիցներն արձանագրել են, որ Հայաստանն ու Իտալիան համագործակցության մեծ ներուժ ունեն, և երկուստեք կարևորվում են շարունակական քայլերը դրա լիարժեք իրացման ուղղությամբ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմի շուրջ: Վինչենցո դել Մոնակոն ցավակցություն է հայտնել պատերազմական գործողությունների հետևանքով զինծառայողների ու խաղաղ բնակչության շրջանում զոհվածների կապակցությամբ և նշելով, որ ցավով է հեռանում Հայաստանից այս բարդ ժամանակահատվածում՝ վերահաստատել զորակցությունն ու բարեկամությունը: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ հայ ժողովուրդը միասնական ու վճռական է այս դժվարին իրավիճակը հաղթահարելու հարցում և միջազգային առաջադեմ գործընկերների աջակցությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը:Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել Վինչենցո դել Մոնակոյին հետագա գործունեության մեջ:
18:29 - 06 նոյեմբերի, 2020
Իտալիայի հայ համայնքը քայլեր է ձեռնարկում Արցախի անկախության ճանաչման համար
 |hetq.am|

Իտալիայի հայ համայնքը քայլեր է ձեռնարկում Արցախի անկախության ճանաչման համար |hetq.am|

hetq.am: Իտալիայի Կալաբրիա համայնքը միացել է եվրոպական խոշոր քաղաքներում վերջին օրերին իրականացվող բողոքի ակցիաներին: Իտալիայում ապրող հիմնականում հայ համայնքի ներկայացուցիչները Վենետիկ, Վերոնա, Հռոմ և այլ քաղաքներում տեղի իշխանություններից պահանջում են միջամտել եւ վերջ դնել թուրք-ադրբեջանական ագրեսիային, որն ուղղված է Արցախի դեմ: Կալաբրիայի հայ համայնքի ղեկավար, «Իտալիայի հայ տաղանդների միության» ներկայացուցիչ Թեհմինե Արշակյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Իտալիայի հայ համայնքն, ի տարբերություն Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների համայնքների, փոքր է: Բացի այդ, համայնքներն իրարից հեռու են և դժվարությամբ են կարողանում մեկ տեղում համախմբվել: Այս օրերին փորձում են ստեղծել «եղբայրական կամուրջ» այլ համայնքների միջև, որպեսզի կարողանան ավելի ներկայանալի զանգվածային միջոցառումներ իրականացնել: Սոցիալական ցանցերում ուղիղ եթերներով, նամակագրությունով կամ այլ եղանակներով փորձում են տեղեկություններ փոխանակել՝ ընդհանուր պահանջով հանդես գալու համար: Ըստ Թեհմինե Արշակյանի՝ Ռեջիո Կալաբրիայում ապրում է 30 հայ: Հայ համայնքը ստեղծվել է 2015թ-ին: Չնայած փոքր թվին, կարողանում են համագործակցել տեղի քաղաքական ուժերի հետ: Արշակյանն ասում է, որ Կալաբրիայում հայերին լավ են ճանաչում, քանի որ վաղուց են այնտեղ բնակություն հաստատել: Այդ մասին կան բազմաթիվ ապացույցներ, հնավայրեր և այլն: Նույնիսկ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում, երբ Կալաբրիայի հայերը դիմել են ոստիկանություն, համայնքային իշխանություններին, մերժում չեն ստացել խաղաղ բողոքի ակցիա իրականացնելու հարցում: Ավելին, ակցիայի ողջ ընթացքում ոստիկանության ներկայացուցիչները եղել են տեղում, որպեսզի միջադեպեր չգրանցվեն: Կարդալ ավելին՝ hetq.am-ում։
17:35 - 25 հոկտեմբերի, 2020
ԼՂ-ն կարող էր լինել ազգերի միջև համակեցության օրինակ, բայց թուրքական ու ադրբեջանական նացիոնալիզմը ցանկանում է խոչընդոտել դա․ Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Ջուլիո Չենտեմերո

ԼՂ-ն կարող էր լինել ազգերի միջև համակեցության օրինակ, բայց թուրքական ու ադրբեջանական նացիոնալիզմը ցանկանում է խոչընդոտել դա․ Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Ջուլիո Չենտեմերո

Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Միջխորհրդարանական Միությունում Իտալիա-Հայաստան հարաբերությունների բաժնի ղեկավար Ջուլիո Չենտեմերոն ելույթ է ունեցել ի աջակցություն Արցախի ժողովրդի։ Ելույթի տեքսը հրապարակել է Իտալիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը․«Բարև՛, Հայաստա՛ն (հայերենով):Կխոսեմ շատ հակիրճ, քանի որ գործընկերներս արդեն ամեն ինչ ասացին: Միակ բանը, որ կցանկանայի ընդգծել, այն է, որ երբ խոսում են աշխարհաքաղաքականության մասին, չեն խոսում միայն սահմանների, դրոշների կամ օրենքների մասին, այլ խոսում են մարդկանց մասին: Եվ հիմա կան մարդիկ, ովքեր ռումբերի տակ մեռնում են պատերազմասեր երկու խենթի պատճառով:Պետք է միանշանակ գտնել մի լուծում, որն անցնի ճանաչմամբ, որն անցնի չգիտեմ թե որ միջազգային օրենքով, բայց ԼՂ-ը, Արցախի ժողովուրդը, մի վայր, որ կարող էր լինել ազգերի միջև համակեցության մի օրինակ, բայց թուրքական նացիոնալիզմը և ադրբեջանական նացիոնալիզմը, որն իրականում միևնույն երեսի մաս է կազմում, ցանկանում է խոչընդոտել դա, ցանկանում է ոչնչացնել այդ ամենը, ցանկանում է ոչնչացնել այդ կետը, որը տարբեր է, որը վավերացված չէ, մի ինքնություն, որը փորձվել է ջնջել երիտթուրքերի կողմից երեկ, ինչպես այսօր Էրդողանի կողմից:Մաղթում եմ, որ լուծում գտնվի, որ միջազգային հանրությունը հարգել տա զինադադարը, և որ մյուս տարի բոլորս եղբայրաբար գնանք արձակուրդ խաղաղ ԼՂ, ինչպիսին որ խաղաղ է տարիներ շարունակ ՀՀ-ն, և մաղթենք, որ ոչ մի պատերազմ չպայթի:Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ հայ ժողովուրդը, որ հազարամյակներ շարունակ ապրում է Իտալիայում և որի վկայություններն ունենք Նեապոլում, Միլանում և ամենուր: Շնորհակալությու՛ն»: 
15:49 - 17 հոկտեմբերի, 2020
Իտալիան պետք է լինի տուժվածների կողքին, որոնք այս պահին ակնհայտորեն Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերն են․ Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ

Իտալիան պետք է լինի տուժվածների կողքին, որոնք այս պահին ակնհայտորեն Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերն են․ Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ

Իտալիայի Պատգամավորների պալատի «Italia Viva» կուսակցության անդամ Ջենարո Միլիորեն մասնակցել է հայ համայնքի՝ Իտալիայի Պառլամենտի առջև կազմակերպված ցույցին և հադես եկել ելույթով, որի ժամանակ, ասել է․«Նախ և առաջ շնորհակալ եմ Իտալիայի հայ համայնքից այս ցույցը Պառլամենտի առջև կազմակերպելու համար: Ինչպես արդեն ասվեց ինձ նախորդող զեկույցում, Իտալիան պետք է Իտալիայի դերում լինի և պետք է ի վիճակի լինի միջամտելու դիվանագիտական հարթակում և ի վիճակի լինի սանձելու Էրդողանի իմպերիալիստական ընդլայնումը:Իտալիան պետք է հստակ արտահայտվի, որպեսզի դադարեցվի այն կոտորածը, որ տեղի է ունենում ԼՂ-ում: Մեր կուսակցությունը, ինչպես և մեր կառավարության մեծամասնությունը կջանա, որպեսզի խաղաղ լուծում լինի, և որ զինադադարը չլինի պարզապես շեղում հիմնական նպատակից` այն է Ղարաբաղի քաղաքացիական բնակչության և նրանց սուվերենության և անկախության պաշտպանությունը:Համարում ենք, որ այս պահին մեծ խնդիր կա Թուրքիայի հետ ունեցած հարաբերություններում: Թուրքիային բազմիցս դատապարտել ենք: Գիտակցում ենք, որ անհրաժեշտ է շարունակել նաև բանակցային ուժեղ գործընթացով, բայց Իտալիան պետք է լինի տուժվածների կողքին, որոնք այս պահին ակնհայտորեն Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերն են: Մենք այս առումով կլինենք հետևողական, կհասցնենք այս հայցը խորհրդարան, սկսած բանաձևից, որը կլինի վաղը` ի պատրաստություն Եվրոպական խորհրդի: Այս առումով հարկավոր է գտնել քաղաքական ուժերի ընդարձակ մերձություն` մեծամասնության և ընդդիմության միջև, և կարծում եմ, որ ձեր առաջ քաշած թեման, որով ես զբաղվում եմ և զբաղվել եմ տարիներե ի վեր, այն է` ջիհադիստ զորագնդերի ներկայությունը, որոնք օգտագործվում են պատերազմական տարածքներում կանոնավոր բանակում, ինչպես այս պարագայում, ընդհանուր խնդիր է, որը հարկավոր է առճակատել ԵՄ-ի և ՄԱԿ-ի մակարդակով:Մենք, որպես «Italia Viva», մենք որպես մեծամասնություն, պետք է սատարենք այն բոլոր ուղիները, որոնք կհանգեցնեն խաղաղության: Եվ քանի որ անտարբեր չենք լինի, կլինենք ձեր կողքին, ինչպես այսօր»: 
23:48 - 16 հոկտեմբերի, 2020
Միլան քաղաքն ընդունեց Արցախի անկախությունը․ Գայանե Աբրահամյան

Միլան քաղաքն ընդունեց Արցախի անկախությունը․ Գայանե Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Միլան քաղաքն ընդունեց Արցախի անկախությունը։ Երեկ երեկոյան հրատապ միջնորդությամբ Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Արցախի անկախությունը եւ, ինչպես նշված է միջնորդության մեջ, հանձնարարեց Միլանի Քաղաքապետին և քաղաքի գործադիր իշխանություններին.«խնդրել Իտալիայի ազգային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես քաղաքակրթության ակտ, որը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության իրագործմանը, այլ վերջ դնել լռությանը, որը վաղուց դառնում է հանցագործության մեղսակցություն»։ Շնորհակալ ենք այս ողջ գործընթացը նախաձեռնած քաղաքային խորհրդի անդամներին, հատկապես` Մաթեո Ֆորտեին, կոչ եմ անում նրա էջում հայտնել Ձեր երախտագիտությունը, այս հղումով`https://www.facebook.com/matteoforte.mi/  
09:23 - 16 հոկտեմբերի, 2020
Իտալիայում ՀՀ դեսպանն իտալական հասարակությունից և պատգամավորներից բազմաթիվ աջակցող նամակներ է ստացել |armenpress.am|

Իտալիայում ՀՀ դեսպանն իտալական հասարակությունից և պատգամավորներից բազմաթիվ աջակցող նամակներ է ստացել |armenpress.am|

armenpress.am: Իտալիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանն Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների օրերին բազմաթիվ աջակցության խոսքեր, զանգեր և նամակներ է ստացել Իտալիայի խորհրդարանականներից և իտալական հասարակությունից: Այս մասին դեսպանն ասել է հարցազրույցում: - Տիկին Համբարձումյան, ինչպե՞ս եք գնահատում Իտալիայի կառավարության դիրքորոշումը հայ ժողովրդի համար այս դժվարին պահին: - Իտալական կողմը Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի առաջին իսկ պահից մտահոգություն է հայտնել շփման գծի երկայնքով բախումների կապակցությամբ և կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունները։ Մոսկովյան հանդիպումից հետո իտալական կողմը ողջունեց մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին հայտարարությունը և բարձր գնահատեց հակամարտության լուծման համար առարկայական բանակցությունները՝ խթանելու կողմերի՝ միաժամանակ ստանձնած հանձնառությունը: Միաժամանակ, իտալական կողմը հաստատեց զենքով հակամարտությունը լուծելու անհնարինությունը և կոչ արեց կողմերին շուտափույթ վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Ցավում եմ, որ ադրբեջանական կողմը, չնայած Իտալիայի կառավարության կողմից արված հստակ կոչերին, այդպես էլ ականջալուր չեղավ և ոչ մի րոպե չկանգնեցրեց կրակը։ Շարունակությունը՝ armenpress.am-ում
16:31 - 14 հոկտեմբերի, 2020
Իտալահայերը խաղաղ ցույց են իրականացրել Արցախի անկախությունը ճանաչելու կոչով |armenpress.am|

Իտալահայերը խաղաղ ցույց են իրականացրել Արցախի անկախությունը ճանաչելու կոչով |armenpress.am|

armenpress.am: Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչները Հռոմի Մոնտե Չիտորիո հրապարակում անցկացրել են խաղաղ ցույց` Իտալիայի կառավարությանը կոչ անելով ճանաչել Արցախի անկախությունն ու սաստել Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիան: Ցույցին մասնակցել են ոչ միայն հայեր, այլ նաև իտալացիներ: «Այսօր մենք հավաքվել ենք մեր խոսքն ուղղելու Իտալիայի կառավարությանը, որպեսզի սաստի Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան: Խնդրում ենք ճանաչել Արցախի անկախությունը, քանզի դա միակ տարբերակն է ապահովելու Արցախի բնակչության խաղաղ կյանքը: Այսօր մեզ հետ կան նաև իտալացիներ, մեզ հետ պայքարում են, որպեսզի իրենց կառավարությունը ձայն բարձրացնի, քանզի լռել, նշանակում է մասնակցել: Եթե հարկ լինի, անշուշտ, բոլորս էլ պատրաստ ենք մեր եղբայրների կողքին լինել և պայքարել մեր ու Արցախի բնակչության ապահովության համար»,- նշել է Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչ Եվա Գաբրիելյանը: Ցույցին մասնակցել են նաև իտալացի պատգամավորներ: Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Օրսինի Անդրեան իր լիակատար աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին, իսկ պատգամավոր Ջեննարո Միլյորեն հայտարարել է, որ դատապարտում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ռեժիմի գործողությունները:
18:33 - 13 հոկտեմբերի, 2020