Իշխան Սաղաթելյան

ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր։

Ծնվել է 1982 թվականի մայիսի 6-ին, Սևանի շրջանի Գեղամավան գյուղում  (Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ): ՀՀ ԳԱԱ-ի պատմության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2006-2007 թվականներին և 2016 թվականից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ։ 2009-2012թթ. աշխատել է ՀՀ Ազգային Ժողովում որպես ԱԺ պատգամավորի օգնական։ 2016 թվականի դեկտեմբերից ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական։

2018 թվականի հունիսի 1-ից մինչև նույն թվականի հոկտեմբերի 3-ը՝ Գեղարքունիքի մարզպետ։

Ակնհայտ է, որ գաղտնի կապեր և բանակցություններ կան Հայաստանի և Թուրքիայի միջև․ Իշխան Սաղաթելյան |hetq.am|

Ակնհայտ է, որ գաղտնի կապեր և բանակցություններ կան Հայաստանի և Թուրքիայի միջև․ Իշխան Սաղաթելյան |hetq.am|

hetq.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն համոզված է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտնի բանակցություններ է վարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հիշեցնենք, որ վերջինս հայտարարել է, թե Փաշինյանից դրական ազդակներ է ստանում: «Ինձ համար ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունները չեն սպասարկում հայ ժողովրդի և Հայաստանի շահը, Հայաստանին այս պահին սպասվում է թուրքացման գործընթաց: Մենք լրջագույն մտահոգություն ունենք տեղի ունեցող հարցերի առնչությամբ: Դատապարտելի է Փաշինյանի և Էրդողանի սիրախաղը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սաղաթելյանը: Սաղաթելյանի խոսքով` երկիրը վտանգի մեջ է, ադրբեջանցիները ՀՀ-ում ոստիկանական անցակետ են դրել, և այս ֆոնին Փաշինյանը գաղտնի բանակցություններ է վարում Թուրքիայի նախագահի հետ: «Ակնհայտ է, որ գաղտնի կապեր և բանակցություններ կան Հայաստանի և Թուրքիայի միջև, և դա չի բխում Հայաստանի շահերից»,- ասաց նա: Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց Թուրքիայի նախապայմանները, որոնց առկայության պարագայում պատրաստ է վերականգնել Հայաստանի հետ հարաբերությունները` նշելով, որ երեք նախապայմանին ավելացել է նաև չորրորդը` միջանցք Սյունիքով: Մյուս նախապայմաններն են` Արցախից հրաժարում, Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում և Թուրքիայի տարածքային ամբողջականության ընդունում: Ըստ Սաղաթելյանի` խորհրդարանական ընդդիմությունը չի կարող այս առաջնահերթություններն անտեսել և մասնակցել արտահերթ նիստին, որի օրակարգում համայնքերի միավորումն է: Սաղաթելյանը հայտարարեց` գործընթացն ապօրինի է և ունի քաղաքական նպատակ` ազատվել ոչ ցանկալի համայնքների ղեկավարներից: Նա նաև հավելեց` սկսում են փողոցային պայքար, քանի որ կարծում են են՝ միայն խորհրդարանական գործիքակազմը չի կարող երկրի առաջ ծառացած մարտահրավերները լուծել: Հոկտեմբերի սկզբից «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելելու են Հանրապետության տարբեր համայնքներ` հանդիպելու բնակչության հետ:
13:16 - 24 սեպտեմբերի, 2021
Համայնքների խոշորացմանը դեմ չենք, դեմ ենք այս կազմակերպմամբ համայնքերի խոշորացմանը․ Իշխան Սաղաթելյան |armenpress.am|

Համայնքների խոշորացմանը դեմ չենք, դեմ ենք այս կազմակերպմամբ համայնքերի խոշորացմանը․ Իշխան Սաղաթելյան |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ դեմ չեն համայնքների խոշորացմանը, սակայն Ազգային ժողովում ընդգրկված նախագիծը հակասահմանադրական է ու ապօրինի՝ համայնքների կարծիքները չի լսվել, համայնքների շահը հաշվի չի առնվել։ Սաղաթելյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։ «Համայնքների խոշորացմանը դեմ չենք, դեմ ենք այս վիճակով, այս կազմակերպմամբ համայնքերի խոշորացմանը։ Որևէ սկզբունք չի կիրառվել։ Ամբողջը քաղաքական պրոցես է համայնքների ղեկավարներից ազատվելու, իրենց շահը առաջ տանելու համար։ Համայնքների բնակչության շահը ամբողջությամբ անտեսված է։ Համայնքների բաժանումը իրականացրել են՝ ըստ իրենց թեկնածուների։ Տարածքներ կան, որտեղ իրականացրել են Խորհրդային միության շրջանների վերականգնումը, տարածքներ կան՝ երկու քաղաքներ են միացրել։ Օրինակ, Ապարանում համայնքին գյուղ են միացրել համայնքապետից ազատվելու համար։ Նույնը Գեղամասար համայնքում, որը 18 բնակավայրից բաղկացած համայնք է, քաղաքական նպատակով միացնում են Վարդենիսին։ Էջմիածին քաղաքին մեկ գյուղ են միացրել ու խոշորացում են իրականացնում։ Սկզբունք չկա, համայնքի շահ չկա, կա քաղաքական նպատակ»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ Ազգային ժողովի այս նիստին մասնակցելու պատճառ և հիմնավորում չեն տեսնում։ Սաղաթելյանը խոսքով՝ համայնքներում կան մեծ դժգոհություններ, սակայն ղեկավարները, ավագանիներն, այս իշխանության գործողությունները հաշվի առնելով՝  համարձակություններ չունեն և պայքարի դուրս չեն գալիս։ «Առնվազն 300 համայնքների ղեկավարների նկատմամբ հարուցված են քրեական գործեր»,- հավելեց Սաղաթելյանը։ Ըստ փոխխոսնակի՝ նիստին չմասնակցելու երկրորդ հիմանվորումն այն է, որ հարցը առաջնահերթ չէ՝ հաշվի առնելով երկրի սահմանին տիրող իրավիճակը և Ադրբեջանի ապօրինի գործողությունները։
13:02 - 24 սեպտեմբերի, 2021
ԱԺ պատգամավորները ստացել են պարգևավճար․ հայտարարում ենք, որ այդ պարգևավճարներից չենք օգտվելու․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ պատգամավորները ստացել են պարգևավճար․ հայտարարում ենք, որ այդ պարգևավճարներից չենք օգտվելու․ Իշխան Սաղաթելյան

Ուզում ենք արձանագրել, որ անվտանգության ճգնաժամը հաղթահարված չէ և ունենում է նորանոր դրսևորումներ։ Շաբաթվա կարևոր և գլխավոր թեման Գորիս- Կապան ստրատեգիական և ռազմավարական ճանապարհում Ադրբեջանի կողմից ոստիականական անցակետի տեղադրումն է։ Հիշում եք, որ հենց նստաշրջանը սկսելուց անմիջապես հետո մենք հայտարարեցինք՝ պահանջում ենք, որ ԱԱԾ տնօրենը և պաշտպանության նախարարը գան Ազգային ժողով, տեղի ունենա փակ նիստ և այդ թեմայով քննարկում։ Այս պահին արձանագրենք, որ շաբաթն ավարտվում է, և չնայած կար համաձայնություն իշխող խմբակցության, ԱԺ նախագահության կողմից, բայց այդ հանդիպումը դեռ տեղի չի ունեցել։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։  Վերջինիս խոսքով իշխանությունները ի վիճակի չեն սպասարկել հայ ժողովրդի և ՀՀ շահերը և ստեղծված իրավիճակում հարցի լուծման փոխարեն հայտարարում են, որ այդ տարածքները ադրբեջանական են, ինչը, ըստ «Հայաստան» խմբակցության, պետական դավաճանության դասական օրինակ է։ «Երկրորդ հայտարարությունը, որ ուզում եմ անել, այն է, որ քիչ առաջ առանց մեր իմացության, տեղեկացանք, որ ԱԺ պատգամավորները, այդ թվում ընդդիմադիր պատգամավորները ստացել են պարգևավճար։ Շատ մանրամասներ չգիտենք, որովհետև րոպեներ առաջ է տեղի ունեցել։ Ենթադրում ենք, որ դա Անկախության տոնին է նվիրված։ Սա անընդունելի է, «Հայաստան» դաշինքի անունից հայտարարում ենք, որ այդ պարգևավճարներից չենք օգտվելու, դա անընդունելի և դատապարտելի է, երբ երկրում կան սոցիալական ծանր խնդիրներ, կան 10․000-ից ավելի վիրավորներ, հաշմանդամներ և այս իրավիճակում շարունակում են պետական պաշտոնյաները այդ թվում ԱԺ պատգամավորները ստանալ պարգևավճար»,- հավելեց Սաղաթելյանը։ Պատգամավորն ընդգծեց, որ իրենք, հավատարիմ մնալով իրենց նախընտրական ծրագրին և նախընթաց ժամանկահատվածում արված հայտարարություններին, այդ գումարից չեն օգտվելու։ Գումարը կա՛մ կվերադարձնեն պետական բյուջե, կա՛մ Հայաստանի սահմանամերձ մարզերում այդ գումարով կիրականացնեն որևէ ծրագիր։ Պատգամավորը տեղեկացրեց, որ խմբակցությունը պատրաստվում է պարգևատրման գործող ինստիտուտի հետ կապված բողոք ներկայացնել Սահմանադրական դատարան, քանի որ գտնում են, որ առանց չափորոշիչների պարգևատրումներ իրականացնելը ապօրինի գործընթաց է։
12:11 - 17 սեպտեմբերի, 2021
Մեզ համար զարմանալի է միջազգային հանրության պասիվ կեցվածքը Ադրբեջանի գործողությունների նկատմամբ․ Իշխան Սաղաթելյանը՝ Հայաստանում Չինաստանի դեսպանին

Մեզ համար զարմանալի է միջազգային հանրության պասիվ կեցվածքը Ադրբեջանի գործողությունների նկատմամբ․ Իշխան Սաղաթելյանը՝ Հայաստանում Չինաստանի դեսպանին

Օգոստոսի 19-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ:  Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Իշխան Սաղաթելյանը նշել է, որ Հայաստանը Չինաստանին համարում է բարեկամ երկիր. «Վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի եւ Չինաստանի միջեւ կնքվել են 40-ից ավելի համաձայնագրեր, մեկ տասնյակից ավելի հուշագրեր, որոնք լավ հնարավորություն են երկու երկրների համագործակցության համար»:  Դեսպան Ֆան Յոնգը, շնորհավորելով Սաղաթելյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ, նշել է, որ Հայաստանն ու Չինաստանը 30 տարվա դիվանագիտական կապեր ունեն ու համոզմունք հայտնեց, որ այդ կապերը դեռ շատ երկար կշարունակվեն: «Ավելի քան 1000 տարվա պատմություն կա մեր երկու երկրների համագործակցության միջեւ, որոնց վկայությունն են հնագիտական պեղումները»,- ասել է դեսպանը:  Հանդիպման ընթացքում կարեւորվել է տարածաշրջանում անվտանգության ու կայունության հարցը: «Մեր երկրում ամենամեծ խնդիրն անվտանգության հարցն է, թշնամին երկու ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Մեզ համար զարմանալի է միջազգային հանրության պասիվ կեցվածքը Ադրբեջանի գործողությունների նկատմամբ»,- շեշտել է ԱԺ փոխխոսնակը:  Դեսպանը նշել է, որ Չինաստանի դիրքորոշումը հարցի առնչությամբ նույնն է. խնդիրները պետք է լուծել խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների ու երկխոսությունների միջոցով. «Մենք աջակցում ենք տարածքային ամբողջականության պահպանմանը: Առանց տարածաշրջանային կայունության՝ անվտանգության ու խաղաղության զարգացումն այս տարածաշրջանում վտանգված կլինի»:  Խորհրդարանի փոխնախագահի խոսքով՝ Հայաստանը գնահատում է Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը խնդրի վերաբերյալ. «Տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը չպետք է լինեն Հայաստանի տարածքային ամբողջականության հաշվին: Անշուշտ, մենք կողմնակից ենք կայունության, խաղաղության եւ հարցերը բանակցությամբ լուծելուն: Դժբախտաբար հակառակ կողմն այլ պատկերացում ունի»:  Զրուցակիցները նաեւ անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին եւ դրա հետագա ընդլայնմանը վերաբերող հարցերին:
17:35 - 19 օգոստոսի, 2021
Ներկայացնելու եմ ժողովրդի ձայնը խորհրդարանում. Իշխան Սաղաթելյան |armenpress.am|

Ներկայացնելու եմ ժողովրդի ձայնը խորհրդարանում. Իշխան Սաղաթելյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նորընտիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է, որ խորհրդարանում հնչեցնելու է ժողովրդի ձայնը: Սաղաթելյանն այս մասին ասաց իր ընտրությունից հետո: Նա նախ շնորհակալություն հայտնեց «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկած շուրջ 270 հազար քաղաքացիներին: «Դուք մեզ տվել եք մանդատ, մենք պարտավոր ենք ԱԺ-ում լիարժեք ներկայացնել ձեզ: Շնորհակալ եմ նաև ՀՀ այն քաղաքացիներին, որոնք մասնակցել են ընտրություններին, բայց մեզ չեն քվեարկել, մենք ներկայացնելու ենք նաև նրանց շահերը»,- ասաց նա: Սաղաթելյանը շեշտեց՝ ԱԺ պատգամավորն առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով՝ հավելելով, որ իր խիղճն իրեն թելադրում է մտահոգ լինել երկրում ստեղծված իրավիճակով, չհամակերպվել այն վիճակին, որը գոյություն ունի: «Եվ իմ համոզմունքն է, որ երկիրն ունի բազմաթիվ խնդիրներ ու մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարվեն: Ես պատրաստ եմ լուրջ աշխատանքի և ներկայացնելու եմ ժողովրդի ձայնը խորհրդարանում»,- ասաց նա:
11:57 - 06 օգոստոսի, 2021
Ընդդիմությունը երրորդ անգամ ևս ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը |armenpress.am|

Ընդդիմությունը երրորդ անգամ ևս ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը երրորդ անգամ ևս ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը, ընդդիմադիր մյուս խմբակցությունը՝ «Պատիվ ունեմ»-ը պաշտպանեց թեկնածուին: Այն բանից հետո, երբ Իշխան Սաղաթելյանը երկրորդ անգամ չընտրվեց ԱԺ նախագահի պաշտոնում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը առաջարկեց առկախել այդ հարցը, անցնել հաջորդ հարցի քննարկմանը՝ հավելելով, որ օրենքն այդ հնարավորությունը տալիս է: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ կանոնակարգ օրենքը չի նախատեսում, թե քանի անգամ չընտրելուց հետո կարելի է անցնել հաջորդ հարցի քննարկմանը: Նա հավելեց՝ վճռականորեն տրամադրված են, որ այդ հարցը լուծեն, նոր անցնեն հաջորդ հարցին: ԱԺ նախագահ Սիմոնյանն էլ արձագանքեց՝ վճռականությունը կա, սակայն իր առաջարկը բխում է ԱԺ-ի գործունեության բնականոն ընթացքն ապահովելուց: Նա հայտնեց, որ մինչև այդ առաջարկն անելը, զրուցել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և Արմեն Ռուստամյանի հետ: Սիմոնյանը հավելեց, որ խորհրդարանական ճգնաժամի լուծումը տեսնում է հաջորդ հարցի քննարկմանն անցնելու ճանապարհով:   «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն ասաց, որ եթե 2 անգամ քվեարկություն արած չլինեին, կարող էին Սիմոնյանի առաջարկով առաջ շարժվել, բայց, քանի որ 2 անգամ արել են քվեարկություն, արհեստական է ստացվում, որ հետաձգեն հարցի լուծումը: «Համաձայն եմ, որ կարելի է առավոտյան կամ 2 օր հետո դրան անդրադառնալ: Հասկանում եմ, մենք էլ, դուք էլ հասկանում ենք, որ այդ տեղը վերապահված է ընդդիմությանը: Եթե ուզում ենք գործը առաջ գնա, ԱԺ-ն ձևավորվի մարմիններով, իսկապես քարը փեշից թափեք, քվեարկեք, դուք ունեք այդ ձայների քանակը, մերը սահմանափակ է, դուք ձեր ձայների քանակն ավելացրեք, կոչ արեք, որ նման ձևով չտապալեն քվեարկությունը»,-ասաց Արմեն Ռուստամյանն ու հավելեց, որ ոչ ոքի չի մեղադրում: Սիմոնյանն ասաց, որ իր առաջարկը եղել է իրենց համաձայնության պարագայում և խոսքը տրամադրեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին՝ թեկնածու առաջադրելու համար: Սեյրան Օհանյանը ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թափուր պաշտոնի համար կրկին առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտնեց, որ պաշտպանում է «Հայաստան» խմբակցության թեկնածուին և այս անգամ էլ քվեարկելու է Սաղաթելյանի թեկնածության օգտին: Ի վերջո, որոշվեց քննարկել Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցը:
15:51 - 05 օգոստոսի, 2021
Իշխան Սաղաթելյանը երկրորդ անգամ ևս չընտրվեց ԱԺ փոխնախագահ |armenpress.am|

Իշխան Սաղաթելյանը երկրորդ անգամ ևս չընտրվեց ԱԺ փոխնախագահ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ անգամ ևս Իշխան Սաղաթելյանին չընտրեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում: Փակ գաղտնի քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 5 քվեաթերթիկ,  կողմ էր քվեարկել 49 պատգամավոր, դեմ՝ 49: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը մեկ անգամ քվեարկությամբ չէր ընտրվել, չէր բավարարել մեկ ձայն: Իշխանական «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել էր, որ կապահովեն անհրաժեշտ նվազագույն  ձայները, որ Սաղաթելյանն ընտրվի: «Հայաստան» խմբակցությունից մեկ պատգամավոր հանրապետությունում չէր և, հետևաբար չէր մասնակցել քվեարկությանը: ՔՊ-ից վստահեցրին, որ իրենք քվեարկելիս հաշվի են առել նաև բացակա պատգամավորի հանգամանքը՝ ավելացրել են քվեարկողների թիվը, որ ապահովեն Սաղաթելյանի ընտրությունը: «Հայաստան» խմբակցությունն էլ իշխանությանը հիշեցրեց իրենց երկու կալանավորված գործընկերների մասին, որոնք կալանավորված լինելու բերումով զրկվել են քվեարկությանը մասնակցելու իրավունքից:  Ընդդիմությունը երկրորդ անգամ կրկին առաջադրել էր Սաղաթելյանի թեկնածությունը:
14:44 - 05 օգոստոսի, 2021
Ատելության խոսքը ՀՀ քաղաքական դաշտ ներմուծել է Նիկոլ Փաշինյանը. ինքն էր մուրճը վերցրել և վազվզում փողոցներով. Իշխան Սաղաթելյանը՝ համագործակցության վերաբերյալ Փաշինյանի առաջարկի մասին |tert.am|

Ատելության խոսքը ՀՀ քաղաքական դաշտ ներմուծել է Նիկոլ Փաշինյանը. ինքն էր մուրճը վերցրել և վազվզում փողոցներով. Իշխան Սաղաթելյանը՝ համագործակցության վերաբերյալ Փաշինյանի առաջարկի մասին |tert.am|

tert.am: Մենք մինչ ընտրություններն էլ ասում էինք, որ այս իշխանության վերարտադրվելու դեպքում ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվելու, այլ այն նոր դրսևորումներ է ունենալու, որովհետև ճգնաժամի բուն պատճառը, ըստ էության, հեռացված չէ, երկրում շարունակվում է անվտանգային և քաղաքական ճգնաժամը: Այս մասին այսօր ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան դաշինքի» անդամ Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով Փաշինյանի՝ ՍԴ որոշման անդրադարձի մասին:«Թշնամին այսօր Հայաստանի ինքնիշխան տարածքում է, հազարից ավելի զինվոր ունի և մեր երկրի անվտանգությունը լրջագույն հարցականի տակ է, հետևաբար, եթե փողոցում այս օրերին մարդիկ չկան, ապա սա չի նշանակում, որ ճգնաժամը հաղթահարված է»,- ասել է Սաղաթելյանը:Խոսելով Փաշինյանի այն հայտարարության մասին, թե հետընտրական իրավիճակում պատրաստ են համագործակցության՝ զերծ ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից՝ Սաղաթելյանը նշել է, որ նախ պետք է հստակ արձանագրել, որ ատելության խոսքը ՀՀ քաղաքական դաշտ ներմուծել է Նիկոլ Փաշինյանը:«Նա և նրա ամբողջ իշխանությունը կառուցված է ամբողջովին ստի և կեղծիքի վրա, ինքն էր հասարակությանը բաժանում «սևերի և սպիտակների», ինքն էր մուրճը վերցրել և վազվզում փողոցներով, ինքն էր ասում՝ թաթիկներդ կկտրեմ, կփռեմ ասֆալտին, ծնոտդ կջարդեմ և այլն: Այսինքն՝ ատելության խոսքը ՀՀ-ում տարածել է թիվ 1 պաշտոնյան»,– շեշտել է նա:Իշխան Սաղաթելյանը նշել է, որ Փաշինյանն այս հայտարարությունց առաջ պետք է հետևություններ աներ նաև հենց իր պահվածքից և եթե արել էր, ապա պետք է երկու կարևոր քայլեր աներ: Ըստ Սաղաթելյանի՝ առաջինն այն է, որ առաջին հերթին պետք է ազատվեին այն բոլոր քաղբանտարկյալները, որոնք հիմա կան:«Մյուսն այն է, որ նա դեռ շարունակում է իր «ֆեյքերով», յութուբյան էջերով ատելության խոսք տարածել, մեր մասին վարկաբեկիչ ֆիլմեր, տեսանյութեր հրապարակել:  Քանի դու դեռ այս երկու գործողությունները չես արել, դու պարզապես իրավունք չունես խոսել կառուցողական հարաբերությունների, ատելության խոսքի վերացման մասին: Հետևաբար, այս ամենը հերթական շոուն և ինչ-որ շրջանակների ականջներին հաճո խոսքեր ասել է, բայց գործնական դաշտում, վստահ եմ՝ որևէ փոփոխություն չի լինելու, որովհետև, որ պահից սկսած՝ նա կհրաժարվի ատելության խոսք տարածելուց ու իր հիմնական գործելաոճից, նա խնդիրներ է ունենալու, որովհետև իր իշխանությունը հիմնված է հենց դրա վրա»,- ասել է դաշինքի անդամը: Խոսելով մանդատները վերցնելու և հետագա գործունեության մասին՝ Իշխան Սաղաթելյանը հիշեցրել է՝ ասել են, որ լինելու են նոր որակի ընդդիմության և օգտվելու են ԱԺ-ի ընձեռած ողջ գործիքակազմից, որպեսզի նոր ուժ ու տան իրենց սկսած պայքարին:«Օգտվելու ենք բոլոր հնարավորություններից՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու, լսումներ կազմակերպելու, հարցապնդումներ իրականացնելու, օրենսդրական փոփոխություններ առաջարկելու: Այս իմաստով ինչ հնարավոր է, անելու ենք, բայց սա չի նշանակում, որ մենք թողնելու ենք փողոցը, որովհետև մենք ստանդարտ և դասական վիճակում չենք, մենք կորցրել ենք Արցախի 75 տոկոսը, ունեցել ենք մարդկային հսկայական կորուստներ և այս իշխանության օրոք մենք չենք բացառում պետականության կորուստը, հետևաբար, մեր քայլերն ու գործողությունները ևս ոչ ստանդարտ են լինելու, դասական իմաստով չենք գնալու նստելու ԱԺ-ում հարց տանք, պատասխան ստանանք, ելույթ ունենանք ու դրանով սահմանափակվի մեր ընդդիմադիր գործունեությունը»,-ընդգծել է նա:
20:33 - 22 հուլիսի, 2021
Փողոցային պայքարը շարունակվելու է, առաջիկայում կարևորելու ենք անհնազանդության ակցիաները. Իշխան Սաղաթելյան |tert.am|

Փողոցային պայքարը շարունակվելու է, առաջիկայում կարևորելու ենք անհնազանդության ակցիաները. Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Եթե Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունենար, ապա 270 000 քաղաքացիներին, որոնք մեզ են քվեարկել, հատ-հատ կձերբակալեր: Այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի ասուլիսի ժամանակ ասաց դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը: «Մենք մանդատների վերցնելը դիտարկում ենք հետևյալ տեսանկյունից, որ արդյո՞ք այդ մանդատների վերցնելը մեր պայքարի նոր խթան է հանդիսանալու, և արդյո՞ք նպաստելու է մեր պայքարի ընդլայնմանը, այդ տրամաբանությամբ ենք մենք որոշում կայացնելու»,- նշեց նա: Դաշինքի անդամը նաև ընդգծեց, որ մանդատներն օգտագործելու են այս հայրենադավ իշխանությանը հեռացնելու համար: «Մենք խորհրդարան անցնելով՝ չենք դառնալու խորհրդարանական ընդդիմություն, և փողոցային պայքարը շարունակվելու է այս իշխանության դեմ, և մենք մեծապես կարևորելու ենք առաջիկայում մեր ժողովրդի ինքնակազմակերպած անհնազանդության ակցիաները»,- ընդգծեց դաշինքի անդամը:
17:27 - 13 հուլիսի, 2021
Պատերազմի ընթացքում Սյունիքի ինքնապաշտպանությունը կազմակերպած համայնքապետներին այսօր փորձում են կալանավորել, սա կապված է ՀՀ-ին սպասվող ցավոտ լուծումների հետ. Իշխան Սաղաթելյան |tert.am|

Պատերազմի ընթացքում Սյունիքի ինքնապաշտպանությունը կազմակերպած համայնքապետներին այսօր փորձում են կալանավորել, սա կապված է ՀՀ-ին սպասվող ցավոտ լուծումների հետ. Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Հետընտրական իրավիճակը Հայաստանում հետևյալն է՝ երկրի դատախազը, քննիչը, ոստիկանը ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը քաղաքական հետապնդումներ են իրականացնում: Այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:«Նա որոշումներ է կայացնում և ուժային կառույցներին, իրավապահ մարմիններին մնում է իրենց երևակայության արդյունքում հորինել կեղծ մեղադրանքներ և հստակ հետապնդումներ իրականացնել, տվյալ դեպքում Սյունիքի համայնքի ղեկավարների նկատմամբ և առհասարակ մեր դաշինքի համախոհների, անդամների նկատմամբ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը: Նա նաև նշեց, որ շատ հստակ ձևով Հայաստանում շարունակվում է երկրի դիմադրողականությունը կոտրելու և ջարդելու քաղաքականությունը և բոլոր ուժերն ու անհատները, որոնք մեր ազգային դիմադրողականության պահպանողն են, այդ մարդկանց փորձում են մեկուսացնել: «Պատահական չէ, որ այս ամենը տեղի է ունենում Սյունիքում, ինչու չէ նաև Տավուշում, որտեղ բանակից հեռանում են լավագույն զինվորականները: Պատերազմի ընթացքում Սյունիքի ինքնապաշտպանությունը կազմակերպած համայնքի ղեկավարներին փորձում են ձերբակալել և կալանավորել և սա հստակ քաղաքականություն է, իսկ համայնքապետերի ապօրինի ձերբակալումները կապում ենք առաջիկայում ՀՀ-ին սպասվող ցավոտ լուծումների հետ»,- նշեց նա:
17:06 - 13 հուլիսի, 2021
Իշխան Սաղաթելյանը բացառում է, որ խորհրդարանում «Հայաստան» դաշինքից լինեն միայն ՀՅԴ ներկայացուցիչները |armenpress.am|

Իշխան Սաղաթելյանը բացառում է, որ խորհրդարանում «Հայաստան» դաշինքից լինեն միայն ՀՅԴ ներկայացուցիչները |armenpress.am|

armenpress.am: Հայ հեղափոխական դաշնակցությունը բացառում է այնպիսի տարբերակ, որ «Հայաստան» դաշինքից խորհրդարանում կլինեն միայն ՀՅԴ ներկայացուցիչները. որոշում կայացնելու է դաշինքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է միայն ՀՅԴ ներկայացուցիչները մտնեն խորհրդարան: «Բացառվում է, որ միայն ՀՅԴ-ն մտնի: Այդ որոշումը կկայացնի «Հայաստան» դաշինքը և որոշումը կլինի ամբողջական: Երբեք չի կարող գործընկերներից մեկն առանձին դիրքորոշում ունենալ: Որոշումն ընդունվելու է համատեղ: Վերջնական որոշումը կընդունենք ՍԴ-ի եզրակացությունից հետո»,-ասաց Սաղաթելյանը: Նրա վստահեցմամբ՝ այդ որոշումը բխելու է իրենց պայքարի հաջողության տրամաբանությունից: Եթե դաշինքը գա այն եզրակացության, որ այդ մանդատները վերցնելով իրենց պայքարին նոր ուժ են տալու, օգտվելու են նաև խորհրդարանական ընդդիմության գործիքակազմից և հնարավորություններից, ուրեմն կգնան այդ տարբերակով, կվերցնեն մանդատները և պայքարը կշարունակեն: «Հայաստան» դաշինքը խորհրդարան չմտնելու քննարկումներ ունեցել է հատկապես սկզբնական օրերին: «Հիմա հակված ենք մյուս տարբերակին: Բայց վերջնական դիրքորոշումը կհայտնենք ՍԴ-ի որոշումից հետո»,-ասաց Սաղաթելյանը: Արծվիկ Մինասյանն էլ, խոսելով ՍԴ ներկայացված դիմումի մասին՝ նշեց՝ ակնկալվում է, որ ՍԴ-ն անվավեր կճանաչի ԿԸՀ-ի որոշումն ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ և կկայացնի 3 հնարավոր որոշումների մեկը: «Որոշում կարող է կայացնել առաջինը՝ մանդատների բաշխման կարգը փոխելու մասին, երկրորդ՝ նոր ընտրություններ նշանակելու մասին և երրորդ՝ ընտրությունների 2-րդ փուլ նշանակելու մասին: Այս բոլոր որոշումների հիմնական միտքն ու տրամաբանությունը հենված է այն հիմնարար և լրջագույն ապացուցողական բազայի վրա՝ ըստ որի հունիսի 20-ի ընտրություններում տեղի են ունեցել այնպիսի մասշտաբային խախտումներ, որոնք չեն կարող արտացոլել իրական պատկերը հասարակության մոտ՝ քաղաքական ուժերին տրված վստահության քվեների մասով»,-ասաց Մինասյանը: Նա հավելեց՝ ակնկալում են, որ ՍԴ-ն կկարողանա իր մեջ ուժ գտնել, գնահատել ապացույցները, ներկայացված փաստերը և կայացնել այդ որոշումներից որևէ մեկը: Դաշինքը հուսով է նաև, որ հունիսի 9-ին՝ առաջին նիստին ՍԴ-ն կներգրավի նաև մի շարք պետական մարմինների, որոնք ի պաշտոնե պարտավոր էին կանխարգելել իրավախախտումները: «Կներկայացվի նաև բավականին լուրջ տեղեկատվություն՝ կրկնաքվեարկությունների, նյութական ռեսուրսները մասսայական օգտագործելով, ըստ էության, պետական մակարդակով ընտրակաշառք բաժանելու միջոցով ընտրության արդյունքները խեղաթյուրելուն ուղղված քայլերի մասին»,-ասաց նա ու հավելեց՝ վստահ են, որ դրանք  ոչ միայն ներպետական դատական համակարգում, նաև միջազգային իրավական համակարգում պատշաճ  գնահատման ենթակա փաստեր են:
14:06 - 06 հուլիսի, 2021
Իշխան Սաղաթելյանը վերընտրվել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ

Իշխան Սաղաթելյանը վերընտրվել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ

Երեւանում Հուլիսի 2-4 տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն Ժողով: Ինչպես հայտնեցին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, ժողովը քննել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի 2019-2021 թվականների գործունեությունը, կատարել գնահատումներ։ Ժողովի ընթացքում մանրակրկիտ քննարկվել է երկրում ստեղծված քաղաքական, անվտանգային, սոցիա-տնտեսական, բարոյա-հոգեբանական վիճակը։ Հաստատվել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպության առաջիկա երկու տարիների գործունեության սկզբունքներն առաջնահերթությունները, ու անելիքները։ Քննարկումների արդյունքում, կայացվել են որոշումներ եւ ընդունվել ՀՅԴ Հայաստանի Գերագույն Ժողովի հայտարարություն, որը կհրապարկվի առաջիկա ժամերին։ Ժողովի ավարտին ընտրվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին հետեւյալ կազմով՝ Իշխան Սաղաթելյան, Սիմոն Սիմոնյան, Լիլիթ Գալստյան, Արծվիկ Մինասյան, Միքայել Մանուկյան, Տարոն Տոնոյան, Աշոտ Սիմոնյան, Հակոբ Մաթիլյան, Իգոր Սարգսյան, Արգիշտի Գեւորգյան, Սուրեն Մանուկյան, Բագրատ Եսայան, Պետրոս Մեղրյան։ Գերագույն Մարմնի անդրանիկ նիստում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ է վերընտրվել Իշխան Սաղաթելյանը։ Ժողովի աշխատանքների եւ առաջիկա անելիքների մասին հուլիսի 6-ին, ժամը 12։00 ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոնում Գերագույն մարմնի ներկայացուցիչները հանդես կգան մամուլի ասուլիսով։
13:49 - 05 հուլիսի, 2021