Արցախի ԱԳՆ

Արցախի  գործադիր իշխանության մարմին, որը իրականացնում է օտար երկրների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների պետական կառավարումը։

Գրենոբլ-Ալպ Մետրոպոլի խորհուրդը կոչ է անում Ֆրանսիային ճանաչել Արցախի Հանրապետությունը

Գրենոբլ-Ալպ Մետրոպոլի խորհուրդը կոչ է անում Ֆրանսիային ճանաչել Արցախի Հանրապետությունը

Նոյեմբերի 20-ին Ֆրանսիայի Գրենոբլ-Ալպ Մետրոպոլի խորհուրդը բանաձև է ընդունել, որում կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Արտաքի գործերի նախարարությունը։ Բանաձևում, մասնավորապես, նշված է. Այն ընթացքում, երբ ողջ աշխարհում աննախադեպ առողջապահական, տնտեսական և սոցիալական ճգնաժամ է, սեպտեմբերի 27-ից մենք ականատեսը եղանք Արցախի զինծառայողների և խաղաղ բնակչության դեմ արգելված զենքերի, մասնավորապես՝ կասետային զինատեսակների, անօդաչու թռչող սարքերի և ֆոսֆորային ռումբերի կիրառմամբ ադրբեջանա-թուրքական դաշինքի վարած 43-օրյա պատերազմին, որը կանգ առավ 2020 թ. նոյեմբերի 10-ի համաձայնագրով: Ցավոք, միայն հրադադարի այս համաձայնագրով չի լուծվում Լեռնային Ղարաբաղի հայության հարցը: Հայաստանի, հայազգի ֆրանսիացիների հետ Մետրոպոլի բարեկամությունը երկար տարիների պատմություն ունի (հումանիտար օգնություն, համագործակցություն, մշակութային միություններին աջակցություն): Բացի այդ, մեր կառույցը միշտ կրել է օգնության հասնելու և մարդու իրավունքների պաշտպանության արժեքները: Ադրբեջանի նոր տարածքային նկրտումներից Արցախին մնացած տարածքները մեկընդմիշտ պաշտպանելու, ինչպես նաև մեր շրջանում ու ամբողջ Ֆրանսիայում դրսևորվող զորակցության ոգուն արձագանքելու համար Մետրոպոլի խորհուրդը հայցում է կառավարությանը, որպեսզի Ֆրանսիան ճանաչի Արցախի Հանրապետությունը՝ որպես վերջինիս բնակչության անվտանգության և տարածաշրջանային և գլոբալ կայունության երաշխավոր։
20:15 - 25 նոյեմբերի, 2020
Մասիս Մայիլյանը ԿԽՄԿ առաքելության բարձրաստիճան ներկայացուցչի հետ քննարկել է պատանդների վերաբերյալ մի շարք հարցեր

Մասիս Մայիլյանը ԿԽՄԿ առաքելության բարձրաստիճան ներկայացուցչի հետ քննարկել է պատանդների վերաբերյալ մի շարք հարցեր

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նոյեմբերի 24-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությանը՝ ԿԽՄԿ առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացրել է Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում։ Հանդիպմանը քննարկվել է Արցախի Հանրապետության դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում զոհված հայ զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման, ռազմագերիների, ինչպես նաև պատանդների ազատ արձակման վերաբերյալ մի շարք հարցեր։ Այս համատեքստում կարևորել եմ վերոնշյալ ուղղություններով աշխատանքների հնարավորինս արագ իրականացումը։ Հանդիպման ավարտին Պասկալ Հունդը տեղեկացրել է ԿԽՄԿ Արցախի գրասենյակի կողմից հանրապետության պետական կառույցների հետ համագործակցությամբ քաղաքացիական բնակչությանը տրամադրվող մարդասիրական աջակցության մասին՝ նրանց հրատապ կարիքները հոգալու նպատակով։
23:26 - 24 նոյեմբերի, 2020
Բաքվի հայտարարությունները վերահաստատում են Արցախի միջազգային ճանաչման անհրաժեշտությունը. Մասիս Մայիլյան

Բաքվի հայտարարությունները վերահաստատում են Արցախի միջազգային ճանաչման անհրաժեշտությունը. Մասիս Մայիլյան

Արցախի Հանրապետության կարգավիճակի շուրջ վերջին հրապարակային քննարկումները, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների սադրիչ հայտարարությունները վերահաստատում են Արցախի անկախության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը` որպես Թուրքիայի և նրա վեհահսկողության ներքո գտնվող միջազգային ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից մեր հանրապետության դեմ զինված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակից ելքի առավել օպտիմալ և արդյունավետ ճանապարհ: Այս մասին մեկնաբանությամբ հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցին։  ԱՀ ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցված կտրուկ հրաժարումը Արցախի կարգավիճակի հարցի քննարկումից վերացնում է այլ պետությունների կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը խանգարող ցանկացած խոչընդոտ. անկախության, որը մեր ժողովրդի կողմից իր ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման արդյունքն է: «Եթե նախկինում պետությունները ձեռնպահ էին մնում ճանաչել Արցախի անկախությունը`  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին խանգարելու մտավախությամբ պայմանավորված, ապա Արցախի դեմ զինված ագրեսիայից, նրա տարածքների մի զգալի մասի օկուպացիայից և կարգավիճակի հարցը քննարկելու Բաքվի հրապարակային հրաժարումից հետո այդ մտավախությունները կորցրին իրենց արդիականությունը: Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը և միջազգային իրավասուբյեկտայնության ձեռքբերումը կարևորագույն պայմաններ կստեղծեն հանրապետության տարածքային ամբողջականությունը քաղաքական և դիվանագիտական միջոցներով վերականգնելու համար: Միջազգային հանրությունն իրավունք չունի համակերպվել այն իրավիճակի հետ, որը  երկու ամբողջատիրական և ցեղասպան պետությունների, ինչպես նաև միջազգային ահաբեկիչների դաշինքի զինված ագրեսիայի արդյունքն է, որոնց գործողությունները չեն տեղավորվում քաղաքակիրթ աշխարհի իրավական և բարոյական նորմերի շրջանակներում»,- նշել է Մասիս Մայիլյանը:
18:29 - 20 նոյեմբերի, 2020
Մարսելի քաղաքային խորհուրդը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը. Մասիս Մայիլյան

Մարսելի քաղաքային խորհուրդը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը. Մասիս Մայիլյան

Նոյեմբերի 19-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձեւ, որում, մասնավորապես, իր մտահոգությունը հայտնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ, կոչով դիմել է Ֆրանսիայի կառավարությանը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը: «Նոյեմբերի 19-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձեւ, որում, մասնավորապես, իր մտահոգությունը հայտնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ, կոչով դիմել է Ֆրանսիայի կառավարությանը միջազգային հանրության հետ մեկտեղ ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը՝ տարածաշջանում վերջնական տեւական խաղաղություն հաստատելու եւ Արցախի բնակչության պաշտպանությունն ապահովելու նպատակով»,- նշել է Մայիլյանը:
09:33 - 20 նոյեմբերի, 2020
Ողջունում ենք Նիդերլանդների համարձակ քայլը, հուսով ենք՝ այն նախադեպ կդառնա. Արցախի ԱԳՆ

Ողջունում ենք Նիդերլանդների համարձակ քայլը, հուսով ենք՝ այն նախադեպ կդառնա. Արցախի ԱԳՆ

Ողջունում ենք ս.թ. նոյեմբերի 17-ին Նիդերլանդների խորհրդարանի կողմից բանաձևերի ընդունումը, որոնցում խորհրդարանը դիմում է երկրի կառավարությանը՝ ԵՄ մակարդակում հետամուտ լինել անհատական պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նախագահի, փոխնախագահի, Թուրքիայի նախագահի և այլոց դեմ, ովքեր պատասխանատու են Արցախում իրականացված պատերազմական հանցագործությունների և բռնարարքների համար։ Խորհրդարանը նաև կոչ է անում դադարեցնել ԵՄ անդամ երկրների կողմից Թուրքիային զենքի մատակարարումը՝ Արցախի դեմ ագրեսիայում նրա մեղսակցության պատճառով։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն։  Բարձր ենք գնահատում Նիդերլանդների օրենսդիրների այս համարձակ քայլը, որը վկայում է մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների և արդարության գաղափարներին հավատարմության, ինչպես նաև մարդկության դեմ հանցագործությունների անթույլատրելիության և դրանց կանխարգելման ու դատապարտման շուրջ նրանց վճռական դիրքորոշման մասին։ Հուսով ենք, որ Նիդերլանդների խորհրդարանի այս քայլը նախադեպ կհանդիսանա նաև այլ երկրներում նմանատիպ որոշումների ընդունման համար։ Հարկ է նշել, որ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով՝ որտեղ կոչ է արել միջազգային հանրությանը որպես Ադրբեջանին զսպելու և պատասխանատվության ենթարկելու միջոց այդ երկրի բարձրագույն ղեկավարության դեմ կիրառել անհատական բնույթի պատժամիջոցներ: 
19:18 - 18 նոյեմբերի, 2020
Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի շնորհակալական ուղերձը դիվանագիտական ծառայության աշխատակիցներին․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի շնորհակալական ուղերձը դիվանագիտական ծառայության աշխատակիցներին․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի շնորհակալական ուղերձը դիվանագիտական ծառայության աշխատակիցներին։   «Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության սիրելի աշխատակիցներ, Մեր Հայրենիքը ծանրագույն փորձության շրջան է ապրում՝ հերոսական պայքար մղելով ոչ միայն արցախահայության կյանքի իրավունքի, այլև, առանց չափազանցության՝ ողջ հայ ժողովրդի արժանապատիվ ապագայի համար: Այդ պայքարը լի է Արցախի պաշտպանության բանակի, կամավորականների և աշխարհազորայինների անօրինակ հերոսության, ինքնազոհության և Հայրենիքին անվերապահ նվիրվածության բազմաթիվ դրվագներով: Խորին երախտագիտություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր զենքը ձեռքին պաշտպանել են մեր ազատությունը, ինչպես նաև գլուխ եմ խոնարհում նահատակված հայ մարտիկների լուսավոր հիշատակի առջև: Այս անհավասար պայքարում իրենց կյանքը զոհածների հիշատակը ընդմիշտ կպահենք մեր սրտերում: Միևնույն ժամանակ, չեմ կարող չնշել տարբեր ոլորտներում իրենց մասնագիտական պարտքը կատարած մարդկանց աշխատանքը: Մասնավորապես՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ՝ Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի, արտերկրում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների աշխատակիցներ, ինչպես նաև կամավորներ՝ այս դաժան պայմաններում անմնացորդ նվիրվելու մեր աշխատանքներին՝ ուղղված միջազգային հանրությանը մեր արդար պայքարի մասին իրազեկելուն, հակահայկական քարոզչությանը դիմակայելուն, Արցախի ժողովրդին միջազգային հանրության աջակցությունը մոբիլիզացնելուն: Մեր աշխատակիցները պայքարել են ոչ միայն դիվանագիտական ճակատում, այլ նաև՝ ռազմի դաշտում: Ի մեծ ափսոսանք մեր, առաջնագծում զոհվել է Սփյուռքի բաժնի պետ Երվանդ Հաջիյանը, ով թշնամու ագրեսիայի հենց առաջին օրերից որպես կամավորական մասնակցել է պատերազմին: Արցախի համար այդ ծանր պահին իրեն ամբողջությամբ Հայրենիքին ծառայելուն է նվիրել Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Արսեն Պարսամյանը, և նրա սիրտը չդիմացավ: Օրհնյալ լինի նրանց հիշատակը: Մարտերի ընթացքում ծանր վիրավորում է ստացել պետական արարողակարգի ծառայության աշխատակից Սամվել Սարյանը. նրան մաղթում ենք շուտափույթ ապաքինում և վերադարձ դիվանագիտական ծառայության շարքեր։ Մեր ժողովրդի դեմ ռազմական ագրեսիայի օրերին Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը պատրաստել և տարածել է տասնյակ հայտարարություններ ու մեկնաբանություններ, որոնցում հանգամանորեն ներկայացված էին Արցախի Հանրապետության դիրքորոշումը զինված ագրեսիայի վերաբերյալ և ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները: Հայտարարությունների մեծ մասը՝ որպես պաշտոնական փաստաթղթեր տարածվել են այնպիսի միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Եվրոպայի խորհուրդը և այլն: Արցախի տեղեկատվական շտաբի հետ համատեղ մեր աշխատակիցների կողմից հսկայական աշխատանք է իրականացվել՝ տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու նպատակով Արցախ ժամանած օտարերկրյա լրագրողներին աջակցելու ուղղությամբ: Օտարերկրյա և հայկական ԶԼՄ-ներին հարյուրավոր հարցազրույցներ են տրվել: Բացի իր հիմնական գործառույթներից Արտաքին գործերի նախարարությունն աջակցում էր նաև այլ կառույցների, մասնավորապես՝ օգնում էր հանրապետության Ազգային ժողովին պահպանել միջազգային կապերը, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ զեկույցները տարածելու միջազգային կազմակերպություններում, Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովին և այլ պետական ինստիտուտների: Ողջ աշխարհի հայկական կառույցների և Սփյուռքի առանձին ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա մեր բարի և հավատարիմ բարեկամների աջակցությամբ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությանը հաջողվել է հասնել մի քանի տասնյակ երկրների օրենսդիր մարմինների և քաղաքների քաղաքային խորհուրդների կողմից Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիան դատապարտող, Արցախի Հանրապետության անկախությանը և նրա բնակիչների անկապտելի իրավունքներին սատարող բանաձևերի ընդունմանը: Եվս մեկ անգամ ուզում եմ անկեղծ երախտագիտությունս հայտնել մեր արհեստավարժ թիմին, որը պատերազմի ծանրագույն պայմաններում բառացիորեն շուրջօրյա ռեժիմով կատարել է իր քաղաքացիական և ծառայողական պարտքը՝ անելով հնարավորն ու անհնարինը, որպեսզի Արցախի ձայնը լսելի լինի միջազգային ասպարեզում: Անկասկած, մեր աշխատանքում անգնահատելի օգնություն են ցուցաբերել Հայաստանի Հանրապետության մեր գործընկերները, հայկական Սփյուռքը, ինչպես նաև Արցախի օտարերկրացի բարեկամները: Համոզված եմ, որ նոր և բարդ պայմաններում Արցախի դիվանագիտական ծառայությունը կշարունակի գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ միջազգային ասպարեզում մեր ժողովրդի կենսական շահերը պաշտպանելու և առաջ մղելու, Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման և միջազգային ճանաչման համար պայքարելու նպատակով»:
15:17 - 13 նոյեմբերի, 2020
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Էնգլվուդ Քլիֆս քաղաքի քաղաքապետը Արցախի Հանրապետության ինքնորոշման և անկախության իրավունքը ճանաչող հռչակագիր է տարածել

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Էնգլվուդ Քլիֆս քաղաքի քաղաքապետը Արցախի Հանրապետության ինքնորոշման և անկախության իրավունքը ճանաչող հռչակագիր է տարածել

Արցախի ԱԳՆ-ն տարածել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Էնգլվուդ Քլիֆս քաղաքի քաղաքապետ Մարիո Կրանյակի հռչակագիրը․ «Լինելով ժողովրդավարության, օրենքի գերակայության և բոլոր մարդկանց ազատ ու խաղաղ ապրելու իրավունքի հաստատուն ջատագով,Արցախի Հանրապետությունը՝ լինելով հպարտ ժողովրդավարություն և հազարամյակներով հայոց հայրենիքի բաղկացուցիչ մասը,Նկատի ունենալով այն, որ Արցախի Հանրապետությունը, օրինականորեն հռչակելով իր անկախությունը և տարիներ շարունակ դիմագրավելով ագրեսիային, անընդհատ անց է կացնում միջազգային դիտորդների կողմից ազատ ու արդար որակվող խորհրդարանական և նախագահական ընտրություններ,Հաշվի առնելով այն, որ, ցավոք, ներկայումս Արցախի Հանրապետության ողջ տարածքում քաղաքացիական անձինք Ադրբեջանի կողմից, արտաքին ապօրինի աջակցությամբ և միջամտությամբ, ենթարկվում են ծանր հրետանային, հրթիռային, օդային, անօդաչու և ցամաքային հարվածներիՔանի որ, Արցախի Հանրապետությունը, լինելով Արցախի և Ադրբեջանի միջև խոշոր ռազմական գործողությունները դադարեցրած 1994 թ.-ի հրադադարի երեք կողմերից մեկը, շարունակում է հավատարիմ մնալ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի միջոցով բանակցային, ոչ բռնի կարգավորմանըՀետևաբար, ես՝ Նյու Ջերսի նահանգի Էնգլվուդ Քլիֆսի քաղաքապետ Մարիո Կրանյակս, սույնով հայտարարում եմ, որ1. Աջակցում եմ վերոնշյալ հակամարտության խաղաղ և արդարացի լուծմանը2. Դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքում խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող հարձակումները3. Դատապարտում եմ օտարերկրացիների ներգրավվածությունը զինյալներ հավաքագրելու և Արցախի Հանրապետություն տեղափոխելու գործում4. Ճանաչում եմ Արցախի Հանրապետության ինքնորոշման և անկախության իրավունքը, և, ամենայն հարգանքով, հորդորում եմ ԱՄՆ Նախագահին և Կոնգրեսին անել նույնը:Քաղաքապետ Մարիո Կրանյակ»։
15:16 - 09 նոյեմբերի, 2020
Բասկերի Երկրի Գիպուսկոա նահանգի Ալկիսիա քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի սատարումն Արցախի

Բասկերի Երկրի Գիպուսկոա նահանգի Ալկիսիա քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի սատարումն Արցախի

Բասկերի Երկրի Գիպուսկոա նահանգի Ալկիսիա քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի սատարումն Արցախի։Բանաձևում, մասնավորապես, նշված էՍեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի բանակը հարձակվել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վրա: Այս հարձակման ընթացքում, ռազմական օբյեկտների հետ մեկտեղ, հրթիռակոծվել ու ռմբակոծվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները (բնակարաններ, դպրոցներ, հիվանդանոցներ և այլն), հատկապես՝ մայրաքաղաք Ստեփանակերտում:Այդ ժամանակվանից ի վեր` քաղաքացիական և զինվորական բազմաթիվ զոհերից և նյութական լուրջ վնասներից հետո, երկու կողմերն էլ համաձայնվել են հրադադար հաստատել, սակայն այն ամբողջապես չի հարգվում:Հաշվի առնելով վերոնշյալը՝ Ալկիսայի քաղաքային խորհուրդը.◾️ Իր համերաշխությունն է հայտնում Արցախի ժողովրդին և իր ցավակցությունն է հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին:◾️ Կոչ է անում միջազգային հանրությանը և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին քայլեր ձեռնարկել՝ զինադադարը կայուն և ամուր դարձնելու ուղղությամբ:◾️ Վերահաստատում է, որ Արցախի բարդ պատմական հարցի միակ կենսունակ և կայուն լուծումը պետք է բխի ազնիվ երկխոսության և կառուցողական բանակցությունների, և այն պետք է հիմնված լինի Արցախի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության կամարտահայտության վրա:◾️ Ալկիսայի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել միջազգային համագործակցության շրջանակներում ամենամյա հատկացվող միջոցներից մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման համար:
13:11 - 09 նոյեմբերի, 2020
ԱՀ-ի դեմ ռազմական ագրեսիան Արցախի քաղաքացիական բնակչության բնաջնջման պլանի բաղկացուցիչ մասն է, որն Ադրբեջանը փորձում է իրագործել վերջին 30 տարիների ընթացքում․ ԱՀ ԱԳՆ

ԱՀ-ի դեմ ռազմական ագրեսիան Արցախի քաղաքացիական բնակչության բնաջնջման պլանի բաղկացուցիչ մասն է, որն Ադրբեջանը փորձում է իրագործել վերջին 30 տարիների ընթացքում․ ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի շարունակվող պատերազմական հանցագործությունների վերաբերյալ,որը ներկայացնում ենք ստորև։ «Չնայած հոկտեմբերի 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված լրացուցիչ պայմանավորվածություններին առ այն, որ կողմերը կանխամտածված կերպով չեն գնդակոծի քաղաքացիական օբյեկտները, ադրբեջանական զինված ուժերը շարունակում են հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի Հանրապետության բնակավայրերին: Նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը և նոյեմբերի 6-ին՝ ողջ օրվա ընթացքում, հատկապես ինտենսիվ գնդակոծման են ենթարկվել, մասնավորապես, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը և հանրապետության մշակութային կենտրոն Շուշին: Ադրբեջանի կողմից մայրաքաղաքի ուղղությամբ արձակված հրթիռներից մեկն ընկել է բնակելի տան վրա, ինչի արդյունքում զոհվել է երեք խաղաղ բնակիչ: Արցախի Հանրապետության վրա զինված հարձակման առաջին իսկ օրվանից՝ սեպտեմբերի 27-ից, ադրբեջանական կողմը գնդակոծության է ենթարկում Արցախի Հանրապետության բնակավայրերը՝ օգտագործելով «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Արցախի Հանրապետության բնակավայրերի դեմ նմանատիպ սպառազինության կիրառումը վկայում է ադրբեջանական կողմի գործողությունների կանխամտածված լինելու մասին՝ միտված Արցախի Հանրապետության քաղաքացիական անձանց շրջանում չափից շատ կորուստներ պատճառելուն և քաղաքացիական օբյեկտներին առավելագույն վնաս հասցնելուն, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է և պատերազմական հանցագործություն: Չնայած Մինսկի խմբի համանախագահ երկրների հրադադար հաստատելու բազմաթիվ փորձերին՝ Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների շարունակումը, որոնք ուղեկցվում են բոլոր հնարավոր պատերազմական հանցագործություններով, վկայում է Բաքվի իշխանությունների՝ Արցախն իր քաղաքացիական բնակչությունից զրկելու մտադրության մասին: Այդ ֆոնին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կոլեկտիվ և անհատական պատժամիջոցներն ամենագործուն միջոցն են՝ ստիպելու պաշտոնական Բաքվին կատարել իր ստանձնած պարտավորությունները և պատասխանատվության ենթարկել իրագործված հանցագործությունների համար: Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիան Արցախի քաղաքացիական բնակչության բնաջնջման պլանի բաղկացուցիչ մասն է, որն Ադրբեջանը փորձում է իրագործել վերջին 30 տարիների ընթացքում: Կանխամտածված բռնարարքները, Արցախի խաղաղ բնակչության և զինծառայողների դեմ պատերազմական հանցագործություններն իրականացվել են և՛ 1991-1994 թթ. և՛ 2016 թ. ապրիլին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի ընթացքում: Հարաբերական խաղաղ շրջանում Ադրբեջանն օգտագործում է իր ողջ քաղաքական զինանոցը՝ նպատակ ունենալով խոչընդոտել Արցախի ժողովրդի կողմից իր հիմնարար իրավունքների իրացումը: Ժողովուրդների իրավունքների լայնամասշտաբ ու կանոնավոր խախտումների և նրանց բնաջնջման սպառնալիքի պայմաններում միջազգային հանրությունը ստեղծել և զարգացրել է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման պրակտիկա՝ այդ ժողովուրդների՝ հանուն փրկության անկախության իրավունքի միջազգային ճանաչման միջոցով: Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը հենց այդպիսի և արդիական քայլ է, որով միջազգային հանրությունը վերջ կդնի Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը»:
00:50 - 07 նոյեմբերի, 2020
Ահաբեկչությանը հակազդելը ողջ միջազգային հանրության ընդհանուր պայքարն ու պատասխանատվությունն է․ ԱՀ ԱԳՆ

Ահաբեկչությանը հակազդելը ողջ միջազգային հանրության ընդհանուր պայքարն ու պատասխանատվությունն է․ ԱՀ ԱԳՆ

Վճռականորեն դատապարտում ենք վերջերս իրականացված ահաբեկչական ակտերը, մասնավորապես, Ֆրանսիայում և Ավստրիայում, որոնց արդյունքում անմեղ մարդիկ են տուժել: Ցավակցում եմ բռնության այդ հրեշավոր ակտերի զոհերի հարազատներին և համերաշխություն հայտնում Ֆրանսիայի և Ավստրիայի ժողովուրդներին: Ահաբեկչական մեթոդներն իրենց բոլոր ձևերով և դրսևորումներով սպառնում են ողջ միջազգային հանրությանը և ոչ մի արդարացում չունեն: Արցախի Հանրապետությունը, որը վաղուց է բախվել ադրբեջանական պետական ահաբեկչությանը, ներկայումս արդեն ավելի քան մեկ ամիս գտնվում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում, որը Թուրքիան և Ադրբեջանն օգտագործում են որպես իրենց աշխարհաքաղաքական հավակնությունների և ռազմական խնդիրների իրականացման գործիք: Այսօր Արցախի Հանրապետությունը, կանգնած լինելով գոյաբանական սպառնալիքի առջև, պաշտպանում է ոչ միայն իր ազատության և արժանապատիվ կյանքի իրավունքը, այլև քաղաքակիրթ աշխարհի ընդհանուր արժեքները: Ահաբեկչությանը հակազդելը ողջ միջազգային հանրության ընդհանուր պայքարն ու պատասխանատվությունն է: Անհնար է վերջնական հաղթանակ տանել այդ համաշխարհային չարիքի հանդեպ, եթե այդ հաղթանակը չլինի միասնական և անբաժանելի բոլորի համար: Հենց այդ պատճառով է Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը 2020 թ. հոկտեմբերի 6-ին քաղաքակիրթ աշխարհին կոչ արել ակտիվ մասնակցություն ունենալ ահաբեկչության դեմ պայքարում և ստեղծել գործուն ու արդյունավետ միջազգային հակահաբեկչական դաշինք: Վստահ եմ, որ անհրաժեշտ է գործուն քայլեր իրականացնել՝ ուղղված ահաբեկչության բոլոր ձևերի կանխարգելմանը, խափանմանը և ոչնչացմանը, ներառյալ՝ այն ձևերը, որոնցում ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում են պետությունները: Այդ ուղղությամբ միջազգային համագործակցությունը պետք է դառնա միջազգային խաղաղության և անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումների համակարգի կարևորագույն տարրերից մեկը:
22:01 - 03 նոյեմբերի, 2020
Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի աջակցություն  հայ ժողովրդին․ ԱՀ ԱԳՆ

Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի աջակցություն հայ ժողովրդին․ ԱՀ ԱԳՆ

Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի աջակցություն և ի համերաշխություն հայ ժողովրդին։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն։   Ալեքսանդրուպոլիսի քաղաքապետն ու քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության վրա։   Բանաձևում մասնավորապես նշված է՝   «Մեր ցավն ու անհանգստությունն ենք հայտնում մեր հայ եղբայրներին: Հայ ժողովրդի հետ մեզ կապում են ամուր և երկարամյա պատմական կապեր` քեմալիստական վարչակազմի կողմից հույների, հայերի և ասորիների նկատմամբ իրագործված ցեղասպանությունները:   Կոչ ենք անում միջազգային հանրությանը (Մինսկի խմբի միջնորդներին, ԵՄ-ին, ՄԱԿ-ին) հանդես գալ նախաձեռնությամբ` անհապաղ դադարեցնելու կրակն ու կանխելու հայ ժողովրդի դեմ իրականացվող հանցագործությունները, ինչպես նաև պահանջում ենք անհապաղ գտնել փոխադարձ հարգանքի և հաշտեցման համատեղ ուղի՝ ողջ տարածաշրջանում բարգավաճման, զարգացման և խաղաղ գոյակցության համար՝ հարգելով բոլոր ժողովուրդների մարդու իրավունքները՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա։   Ի վկայություն հայ ժողովրդի հետ համերաշխությանը՝ քաղաքային խորհուրդը որոշում է՝ Հաջորդ 5 ամիսների ընթացքում, յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթ բարձրացնել հայկական դրոշը քաղաքի քաղաքապետարանի վրա` Հունաստանի և ԵՄ դրոշի կողքին»:
18:28 - 03 նոյեմբերի, 2020
Մասիս Մայիլյանը «Մեկ ազատ աշխարհ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ղեկավարին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը

Մասիս Մայիլյանը «Մեկ ազատ աշխարհ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ղեկավարին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը

Նոյեմբերի 2-ին հանդիպել եմ «Մեկ ազատ աշխարհ» (“One Free World”) միջազգային իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մաջեդ Էլ Շաֆիի և Իսլանդիայի խորհրդարանի անդամ, Կենտրոնական կուսակցության անդամ Բիրգիր Թորարինսոնի հետ: Այս մասին գրառում է կատարել Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը: «Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացրել եմ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ Արցախի դեմ ագրեսիան շարունակվում է սեպտեմբերի 27-ից Թուրքիայի և նրա կողմից Մերձավոր Արևելքից հակամարտության գոտի տեղափոխված միջազգային ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ: Ընդգծել եմ, որ ներկայիս զինված հարձակումը վերջին 30 տարիների ընթացքում Արցախի Հանրապետության դեմ թվով երրորդ ագրեսիայի ակտն է, որը Արցախի խաղաղ բնակչության բնաջնջմանն ուղղված Ադրբեջանի պետական քաղաքականության մի մասն է կազմում: Ընդգծել եմ նաև, որ Ադրբեջանի զինված ուժերը դիմում են պատերազմի վարման արգելված մեթոդների և միջոցների. նրանք դիտավորյալ սպանում են ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական բնակիչներին, կիրառում են արգելված զինատեսակներ, այդ թվում՝ կասետային և ֆոսֆորային զինամթերք, և կանխամտածված հարձակում են գործում Արցախի խաղաղ բնակիչների և քաղաքացիական օբյեկտների վրա: Իմ խոսքում նաև նշել եմ, որ 1991-1994թթ. և 2016թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինված ուժերը նույնպես դիմել են պատերազմի վարման նման մեթոդների: Ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների անպատժելիությունը հանգեցրել է դրանց ծավալների և դաժանության աստիճանի աճին, քանի որ ադրբեջանական կողմի մոտ այն համոզմունքն է առաջացրել, որ նրան հետագայում ևս կհաջողվի խուսափել իրագործված բռնության ակտերի համար պատասխանատվությունից: Կարևոր եմ համարել շեշտել, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի կոլեկտիվ և անհատական իրավունքների համակարգված և լայնամասշտաբ խախտումները և ռազմական հանցագործությունները ոչ այլ ինչ են, քան Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրագործված մարդկության դեմ հանցագործություն: Այս կապակցությամբ, ընդգծել եմ, որ ստեղծված իրավիճակից ամենաօպտիմալ և արդյունավետ ելքը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է, ինչը՝ Ադրբեջանի և նրա ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կոլեկտիվ և անհատական պատժամիջոցների հետ զուգորդմամբ, կցուցադրի միջազգային հանրության վճռականությունը՝ թույլ չտալու մարդկության դեմ հանցագործությունների իրագործումը»,-նշել է նա:
21:11 - 02 նոյեմբերի, 2020
Դատապարտում ենք միջազգային իրավունքով արգելված պատերազմի վարման մեթոդների շարունակական կիրառումը Ադրբեջանի կողմից․ ԱՀ ԱԳՆ

Դատապարտում ենք միջազգային իրավունքով արգելված պատերազմի վարման մեթոդների շարունակական կիրառումը Ադրբեջանի կողմից․ ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Խստագույնս և վճռականորեն դատապարտում ենք 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիայի ընթացքում միջազգային իրավունքով արգելված՝ պատերազմի վարման մեթոդների և միջոցների շարունակական կիրառումը Ադրբեջանի կողմից: Մասնավորապես՝ Ադրբեջանի զինված ուժերը կասետային արկերից բացի սկսել են նաև ֆոսֆոր պարունակող հրկիզող զինամթերք օգտագործել Արցախի Հանրապետության բնակավայրերի մերձակայքում գտնվող անտառապատ տեղանքներում, որտեղ հարակից գյուղերի խաղաղ բնակչության մի մասը ժամանակավորապես պատսպարվում է ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություններից: Պաշտոնական Բաքուն, հակառակ իր հայտարարություններին, թե իբր Ադրբեջանի զինված ուժերի թիրախը միայն ռազմական օբյեկտներն են, իրականում դիմում է Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ահաբեկման մարտավարությանը: Նախևառաջ՝ այս համատեքստում անհրաժեշտ է դիտարկել Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարի պահպանման հետևողական մերժումը, քանի որ ռազմական գործողությունները չդադարեցնելը Բաքվի իշխանություններին թույլ է տալիս շարունակել Արցախի խաղաղ բնակչության ահաբեկումը: Հենց այդ նպատակներով է, որ ադրբեջանական կողմը դիմում է արգելված զենքի օգտագործմանը, խաղաղ բնակիչների և քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ բժշկական հաստատությունների վրա կանխամտածված հարձակումների իրագործմանը՝ իր առջև որպես հիմնական խնդիր դնելով Արցախի ողջ բնակչության բնաջնջումն ու բռնի տեղահանումը: Նման պայմաններում, որպես ամբողջ ժողովրդի կոլեկտիվ և անհատական ​​իրավունքների զանգվածային ոտնահարումները կանխելու և նրան ֆիզիկական ոչնչացումից պաշտպանելու արդյունավետ միջոց՝ միջազգային հանրությունը ձևավորել է այդ ժողովուրդների՝ հանուն փրկության անջատվելու և որպես անկախ պետություն միջազգային հարաբերությունների մեջ մտնելու իրավունքը ճանաչելու պրակտիկա: 30 տարի առաջ Արցախի ժողովուրդն ընտրել է անկախության ուղին՝ որպես հայ բնակչության բնաջնջման Ադրբեջանի նպատակաուղղված քաղաքականությունից պաշտպանվելու միջոց: Համոզված ենք, որ Բաքվի իշխանությունների կողմից իրենց հանցավոր ծրագիրն ավարտին հասցնելու շարունակական փորձերի պայմաններում Արցախի Հանրապետության փաստացի անկախության միջազգային ճանաչումը համաշխարհային հանրության արդիական և հասունացած միջոց է` իրականացնելու մարդկության դեմ հանցագործությունները կանխելու համընդհանուր ընդունված պարտավորությունները»։
23:27 - 01 նոյեմբերի, 2020
Արցախի դեմ Բաքվի ագրեսիան լուրջ սպառնալիք է Եվրոպայի համար. Բելգիայի պատգամավորը՝ ԱՀ ԱԳ նախարարին

Արցախի դեմ Բաքվի ագրեսիան լուրջ սպառնալիք է Եվրոպայի համար. Բելգիայի պատգամավորը՝ ԱՀ ԱԳ նախարարին

Հոկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանին: ԱԳՆ ղեկավարը ողջունել է բելգիացի խորհրդարանականին և բարձր գնահատել նրա համարձակ քայլը՝ ծանր պահին Արցախի ու նրա ժողովրդի կողքին գտնվելու և Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու համար։Մասիս Մայիլյանը կարևորել է Ժորժ Դալմանի երկարամյա գործունեությունը՝ ուղղված Բելգիայի խորհրդարանում Արցախի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, նրա շահերի պաշտպանությանն ու առաջմղմանը։ Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել բելգիացի խորհրդարանականին, մասնավորապես՝ Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ռազմական ագրեսիան և դրան ուղեկցող պատերազմական հանցագործությունները դատապարտող, ինչպես նաև Արցախի ժողովրդին մարդասիրական աջակցության անհրաժեշտությունն ընդգծող բանաձևը հեղինակելու համար։Իր խոսքում, Ժորժ Դալմանը նշել է, որ հերթական՝ երրորդ անգամ Արցախ այցելության նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին, կիսել այն դժվարությունները, որոնք Արցախի ժողովուրդը ստիպված է հաղթահարել և հետագայում՝ եվրոպական տարբեր հարթակներում ներկայացնել Արցախի վերաբերյալ ճշգրիտ պատկերը։ Նա ընդգծել է, որ Արցախի դեմ ռազմական ագրեսիան և մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումները լուրջ սպառնալիք են ոչ միայն Արցախի, այլև ողջ Եվրոպայի անվտանգության համար։ Ժորժ Դալմանի խնդրանքով Մասիս Մայիլյանը հանգամանալից ներկայացրել է սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի հանգամանքներն ու հետևանքները։ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է բնակավայրերի, քաղաքացիական ենթակառուցվածքների և հիվանդանոցների վրա կանխամտածված հարձակումների արդյունքում Արցախում ստեղծված մարդասիրական ծանր վիճակը, ինչի հետևանքով հանրապետության բնակչության շուրջ 60 տոկոսը ստիպված են եղել լքել իրենց մշտական բնակության վայրերը։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանը կարևորել է մասնագիտացված միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներգրավման անհրաժեշտությունը՝ ճգնաժամը հաղթահարելու համար։ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը գործնական քայլեր ձեռնարկի՝ կասեցնելու Արցախի դեմ ագրեսիան, նվազեցնելու հակամարտության գոտում լարվածությունը և պայմաններ ստեղծելու՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Այս համատեքստում, որպես առավել արդյունավետ միջոց, Մասիս Մայիլյանը շեշտել է Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը, ինչը հստակ ազդանշան կդառնա Ադրբեջանին՝ Արցախը զավթելու նպատակով ուժի կիրառման և մարդկության դեմ հանցագործությունների և այլ միջազգային հակաիրավական արարքների իրագործման անթույլատրելիության մասին։ Ժորժ Դալմանը շնորհակալություն հայտնեց իրադրությունը հանգամանալից ներկայացնելու համար՝ վստահեցնելով, որ կշարունակի իր հետևողական ջանքերը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին ճշգրիտ տեղեկատվությունը Եվրոպայում ներկայացնելու, ինչը հիմք կստեղծի գործնական քայլեր ձեռնարկել՝ նպաստելու Արցախում բռնության դադարեցմանն ու ստեղծված մարդասիրական դժվարին իրավիճակի լուծմանը և տարածաշրջանում կայունության հաստատմանը։
23:20 - 30 հոկտեմբերի, 2020
ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Ստեփանակերտի բժշկական հաստատություններին կանխամտածված հարվածների վերաբերյալ

ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Ստեփանակերտի բժշկական հաստատություններին կանխամտածված հարվածների վերաբերյալ

ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը՝ Ստեփանակերտի բժշկական հաստատություններին կանխամտածված հարվածների վերաբերյալ, որտեղ, մասնավորապես` ընդգծվում է, որ՝ «Քաղաքացիական օբյեկտների, մասնավորապես՝ Մարտունիի, Մարտակերտի և Ստեփանակերտի բժշկական հաստատությունների, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վրա կանխամտածված հարձակումները, ինչպես նաև հայ գերիների ցուցադրական դաժան սպանությունները Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ ուղղված լայնամասշտաբ և կանոնավոր հանցագործությունների շարքի դրվագներ են: Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրագործվող բռնության ակտերը որևէ արդարացում չունեն և պետք է արժանանան միջազգային խիստ դատապարտման՝ ապագայում դրանց կրկնությունը կանխարգելելու նպատակով: Ստեփանակերտի բժշկական համալիրի կանխամտածված հրետակոծումը, ըստ էության, դարձավ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության լկտի պատասխանը Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների խաղաղարար ջանքերին՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցմանը և լարվածության նվազեցմանը: Կրկին ընդգծում ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, ինչպես նաև Ադրբեջանի և նրա ռազմաքաղաքական ղեկավարության դեմ խիստ պատժամիջոցների կիրառումը Ադրբեջանի կողմից իրականացվող մարդկության դեմ ուղղված հանցագործություններին վերջ դնելու օպտիմալ և արդյունավետ ոչ ռազմական միջոցներն են»։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն։
17:36 - 29 հոկտեմբերի, 2020