Ինֆոքոմ

Մեծ Բրիտանիայում նշում են թագուհու պաշտոնավարման «պլատինե» հոբելյանը

Մեծ Բրիտանիայում նշում են թագուհու պաշտոնավարման «պլատինե» հոբելյանը

Միլիոնավոր մարդիկ Մեծ Բրիտանիայում և ողջ աշխարհում այս ժամերին փողոց են դուրս գալիս՝ նշելու բրիտանական միապետության պատմության մեջ առաջին «պլատինե» հոբելյանը՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու պաշտոնավարման 70-ամյակը, գրում է BBC Russian-ը։ Տասնյակ մարդիկ գիշերել են վրաններում՝ Լոնդոնի Մելլ փողոցում, որը տանում է դեպի թագավորական պալատ, որպեսզի առաջինը լինեն իրադարձությունների էպիկենտրոնում։ «Ինձ շարունակում է ոգևորել իմ նկատմամբ դրսևորվող բարյացակամությունը, և հույս ունեմ, որ մոտակա օրերին մենք բոլորս կարող ենք ըստ արժանվույն գնահատել վերջին 70 տարիների ձեռքբերումները՝ միաժամանակ վստահությամբ և ոգևորությամբ հայացքն ուղղելով դեպի ապագան», - նախօրեին հայտարարել է թագուհին «պլատինե» հոբելյանի կապակցությամբ ժողովրդին հասցեագրված իր ուղերձում։ Տոնի առթիվ ողջ երկրի տարածքում երկար հանգստյան օրեր են հայտարարվել՝ սկսած հինգշաբթի օրվանից մինչև շաբաթվա վերջ, այդ ընթացքում տոնական միջոցառումներ կիրականացվեն։ Առաջին միջոցառումը դրոշի ավանդական դուրսբերումն է։ Ընդհանուր առմամբ, արարողությանը մասնակցում է շուրջ մեկ ու կես հազար զինվոր և սպա, ինչպես նաև 350 ձի։ Այնուհետև կկայանա ավիացիոն շոնու, որին կմասնակցի Թագավորական ռազմաօդային ուժերի շուրջ 70 ինքնաթիռ։ Հինգշաբթի երեկոյան երկրի ողջ տարածքում կվառվի մոտ 3 հազար ջահ։ Ուրբաթ օրը Լոնդոնի Սուրբ Պողոսի մայր տաճարում կկայանա ավանդական գոհունակության պատարագը։ Շաբաթ օրը Էփսոմում տեղի կունենա ավանդական ձիարշավը, նույն օրը երեկոյան Բուքինգհեմյան պալատի դիմաց կանցկացվի հոբելյանական համերգ։ Կիրակի ողջ երկրի տարածքում փողոցային տոնակատարություններ կանցկացվեն, արդեն պատվիրվել է 85 հազար տոնական հոբելյանական ընթրիք։ Տոնակատարությունները կավարտվեն Հոբելյանական շոուով, որը կանցկացվի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի փողոցներում՝ 6 հազար կատարողների և մոտ 200 հայտնիների մասնակցությամբ։   Նորա Վանյան
17:01 - 02 հունիսի, 2022
Անգելա Մերկելը պատերազմն Ուկրաինայում «բարբարոսական» է անվանել

Անգելա Մերկելը պատերազմն Ուկրաինայում «բարբարոսական» է անվանել

Փետրվարի 24-ին Ռուսաստանի լայնամասշտաբ հարձակումն Ուկրաինայի վրա «խորը բեկումնային պահ է» Եվրոպայի պատմության մեջ՝ Երկրորդ աշխարհամարտից ի վեր։ Այսպիսի գնահատական է տվել Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հունիսի 1-ի երեկոյան վերջին վեց ամսվա մեջ իր առաջին հանրային ելույթի ընթացքում, գրում է DW-ն։ «Ես համերաշխություն եմ հայտնում Ուկրաինային, որը Ռուսաստանի կողմից ենթարկվել է հարձակման և ներխուժման, և սատարում եմ ինքնապաշտպանության նրա իրավունքը», - ասել է Մերկելը։ Նա ընդգծել է, որ աջակցում է Գերմանիայի կառավարության, ինչպես նաև Եվրամիության, ԱՄՆ, ՆԱՏՕ-ի, «Մեծ յոթնյակի» և ՄԱԿ-ի բոլոր ջանքերին, «որոնք ուղղված են Ռուսաստանի կողմից այս բարբարոսական ագրեսիվ պատերազմի դադարեցմանը»։ Թե որքան հեռուն կգնան կատարվածի հետևանքները, ոչ ոք այս փուլում չի կարող կանխատեսել, նշել է նախկին կանցլերը։ Սակայն արդեն հիմա կարելի է ասել, որ դրանք զգալի են լինելու, առաջին հերթին, ուկրաինացիների համար։ «Մենք երբեք չպետք է աշխարհն ու ազատությունն ընկալենք, որպես ենթադրվող մի բան», - ասել է Մերկելը՝ հավելելով, որ ներկայիս իրավիճակում Եվրամիության միասնականությանը կենտրոնական տեղ է հատկացվում։ Նորա Վանյան
15:46 - 02 հունիսի, 2022
Ռուսաստանը չի պատրաստվում նավթ վաճառել՝ ի վնաս իրեն․ Պեսկովը մեկնաբանել է Բայդենի հայտարարությունը

Ռուսաստանը չի պատրաստվում նավթ վաճառել՝ ի վնաս իրեն․ Պեսկովը մեկնաբանել է Բայդենի հայտարարությունը

Ռուսաստանը նավթ չի վաճառելու՝ ի վնաս իրեն, եթե ինչ-որ տեղ պահանջարկը նվազում է, մի ուրիշ վայրում այն աճում է, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողները նրան խնդրել էին մեկնաբանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը, որը հնարավոր էր համարել, որ Եվրոպան կարող է շարունակել Ռուսաստանից գազ գնել, բայց ավելի ցածր գնով։ Լրագրողները Պեսկովից հետաքրքրվել էին նաև, թե արդյոք Կրեմլը նավթահումքի գների կրիտիկական նվազման ռիսկեր է տեսնում՝ արտաքին ճնշման պատճառով։ «Դա տնտեսության հարց է, բանն այն է, որ լոգիստիկ խնդիրները շարունվում են, ինչը բերում է համաշխարհային էներգետիկ շուկայի ապակայունացման։ Այդ պատճառով էլ, ամեն դեպքում, ամեն ինչ կարգավորում է շուկան՝ չնայած նույնիսկ այն արհեստական դժվարություններին, որոնք առաջացնում են պատժամիջոցները», - ասել է Պեսկովը։ «Սակայն, բնականաբար, Ռուսաստանը ոչինչ չի վաճառելու՝ ի վնաս իրեն։ Ամեն դեպքում, երբ ինչ-որ տեղ պահանջարկը կրճատվում է, մեկ այլ տեղ ավելանում է, տեղի է ունենում հոսքերի վերաուղղում, առավել բարենպաստ պայմանների որոնում», - հավելել է նա Նորա Վանյան
15:22 - 02 հունիսի, 2022
Էլեկտրաէներգետիկ շուկան ազատականացվում է աստիճանաբար․ մատակարար 2 ընկերություններ ակտիվ գործունեություն են ծավալում

Էլեկտրաէներգետիկ շուկան ազատականացվում է աստիճանաբար․ մատակարար 2 ընկերություններ ակտիվ գործունեություն են ծավալում

2022 թ․-ի փետրվարի 1-ից Հայաստանն անցում է կատարել  էլեկտրաէներգետիկական շուկայի նոր՝ ազատականացված մոդելի․ եթե նախկինում էլեկտրաէներգետիկ համակարգը գործում էր մեկ գնորդի սկզբունքով, այսինքն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ) հոսանք արտադրող կայաններից գնում էր հոսանքը ու վաճառում, ապա ազատականացված շուկայի դեպքում  կա այլընտրանք․ էլեկտրաէներգիա վաճառելու հնարավորություն են ստանում նաև մատակարար կազմակերպությունները։    «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանն ասում է՝ շուկան ազատականացնելով հրաժարվում են նաև միջինացված սակագնից․ «Նախորդ տասնամյակների ընթացքում էլեկտրաէներգիայի առք ու վաճառքը հետևյալ կերպ էր իրականացվում․ կենտրոնացված կառավարում էր և գոյություն ուներ մեկ գնորդ, մեկ վաճառող սկզբունքը։ Այս ամենին գումարած կար միջինացված սակագին հասկացությունը։ Միջինացված սակագին տերմինը, առանց մասնագիտական տերմինների, այն է, որ տարբեր սպառողներ և տարբեր արտադրողներ ընդհանուր սակագնի վրա տարբեր ազդեցություններ են ունենում, և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ), հատուկ մեթոդաբանությամբ տարին մեկ անգամ միջինացնելով, ստանում էր միջինացված սակագին։ Բոլոր արտադրողների և բոլոր սպառողների համար գործում էր այդ սակագինը, իսկ շուկան ազատականացնելով մենք հրաժարվում ենք միջինացված սակագին հասկացությունից»։ Նրա խոսքով՝ ռեֆորմը արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն կտա  ավելի էժան էլեկտրաէներգիա ձեռք բերելու և հետևաբար ավելի էժան գնով արտադրանք տալու․ «2023 թ․-ի փետրվարի 1-ից խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները, որոնք միացված են հաղորդողի կամ բաշխողի ցանցին ու տարեկան 1 միլիոն կիլովատտ ժամից ավելի էլեկտրաէներգիա են սպառում, պետք է մտնեն շուկա, այլապես ստիպված կլինեն գնել շուկայում գոյություն ունեցող ամենաթանկ էլեկտրաէներգիան։ Այդպիսիք մոտ 20-ն են»։   Ըստ Մեսրոպյանի՝ ազատականացման մյուս ամենակարևոր բաղադրիչն այն է, որ Հայաստանը գնում է մեկ գնորդ, մեկ վաճառող մոդելի վերացման, հետևաբար՝  մենաշնորհի վերացման։ Էլեկտրաէներգիայի ազատականացման երեքշաբաթյա դասընթացներ են կազմակերպվել այն խոշոր սպառողների համար, որոնք 2023 թ․-ին մտնելու են շուկա։ Դասընթացներին մասնակցում են ներկայացուցիչներ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, «Նաիրիտ»-ից և այլ ընկերություններից։  Նրա խոսքով՝ ՀԾԿՀ-ն լիցենզիա է տրամադրել մի քանի մատակարար ընկերությունների, իսկ դրանցից  «Էներեքս» և «Էներջի Սփլայ» ընկերությունները շուկայում առավել ակտիվ են։ Մեսրոպյանի խոսքով՝ նախնական արդյունքները գոհացնող են։ Շուկայի ազատականացման շնորհիվ սպառողները Էլեկտրաէներգիան կարող են օնլայն գնել՝ հատուկ առցանց հարթակի միջոցով։  Նա ընդգծում է, որ շուկան աստիճանաբար են ազատականացնում՝ ավելորդ ռիսկերից խուսափելու համար։   Լուսանկարում՝ Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի «Հաղթանակ» ենթակայանը   Նանե Ավետիսյան  
18:53 - 01 հունիսի, 2022
Գնաճը եվրոգոտում նոր ռեկորդ է սահմանել․ ինչո՞վ է դա պայմանավորված․ Reuters

Գնաճը եվրոգոտում նոր ռեկորդ է սահմանել․ ինչո՞վ է դա պայմանավորված․ Reuters

Գնաճը եվրոգոտում նոր ռեկորդ է սահմանել մայիսին։ Եվրոգոտու 19 երկրներում գնաճը ապրիլին 7,4% տոկոս է եղել, իսկ մայիսին հասել է 8,1%-ի՝ գերազանցելով 7,7% կանխատեսումները, գրում է Reuters-ը, որի հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Սա նշանակում է, որ դա արդեն կապված չէ պարզապես էներգակիրների գների աճի հետ։ «Գնաճի խնդիրը եվրոգոտում վատթարանում է։ Գների մասին այսօրվա տվյալները կրկին ավելացնում են Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) վրա ճնշումը, որպեսզի այն դադարեցնի իր չափազանց մեղմ դրամավարկային քաղաքականությունը», - ասում է «Կոմերցբանկի» տնտեսագետ Քրիստոֆ Վայլը: Եվրոգոտու երկրների պետական պարտատոմսերի եկամտաբերությունն աճել է, քանի որ այս տվյալներն ուժեղացրել են այն ակնկալիքները, որ Եվրոպական կենտրոնական բանկը կարող է արագացնել իր քաղաքականության խստացումը։ Վերջին մեկ տարում գների կտրուկ աճ է գրանցվել ողջ Եվրոպայի տարածքում, սկզբից՝ համավարակից հետո մատակարարման շղթաների հետ կապված խնդիրների, հետո արդեն՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման պատճառով։ Գների արագ աճի այս ժամանակաշրջանն, ըստ էության, փոխարինելու է գալիս գնաճի գերցածր ցուցանիշները, որոնք գրանցվում էին նախորդ տասնամյակում։ Թեև գնաճն այս պահին քառակի գերազանցում է ԵԿԲ համար ցանկալի 2%-ը, բանկը պետք է ավելի շատ մտահոգվի բազային գների արագ աճով, քանի որ դա ցույց է տալիս, որ այն, ինչ կարճատև աճ էր թվում, այժմ սկսում է կայուն բնույթ կրել։ Հույս ունենալով զսպել արժեզրկումը, ԵԿԲ նախագահ Քրիստին Լագարդն ու գլխավոր տնտեսագետ Ֆիլիպ Լեյնն արդեն նախանշել են 25 բազիսային կետով ավանդային տոկոսադրույքի բարձրացումը․ այժմ այն կազմում է մինուս 0.5%։ Սակայն որոշ տնտեսագետներ կասկածում են, որ դա բավարար կլինի, հատկապես, որ բազային արժեզրկումը նվազման միտումներ չի գրանցում: Բանն այն է, որ, հենց էներգակիրների բարձր գները սկսում են անդրադառնալ տնտեսության վրա, արժեզրկումը սկսում է կայուն բնույթ կրել՝ ի վերջո ամրապնդվելով «գին-աշխատավարձ» պարույրի միջոցով։ Ահա թե ինչու են Ավստրիայի, Նիդերլանդների և Լատվիայի կենտրոնական բանկերն ասում, որ հուլիսին 50 բազիսաին կետով տոկոսադրույքի բարձրացումը պետք է բանակցությունների սեղանին լինի։ ԵԿԲ հաջորդ նիստը կայանալու է հունիսի 9-ին»: Նորա Վանյան
17:45 - 01 հունիսի, 2022
Ֆինլանդիան ու Շվեդիան կշարունակեն ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ բանակցությունները Թուրքիայի հետ

Ֆինլանդիան ու Շվեդիան կշարունակեն ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ բանակցությունները Թուրքիայի հետ

Ֆինլանդիան ու Շվեդիան հայտարարել են, որ շարունակելու են երկխոսությունը Թուրքիայի հետ՝ ՆԱՏՕ-ին սկանդինավյան այս երկրների անդամակցության շուրջ Անկարայի առարկությունների վերաբերյալ, գրում է Reuters-ը։ Երկու երկրներն էլ մայիսին ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ են ներկայացրել, սակայն բախվել են Թուրքիայի դիմադրությանը, որը նրանց մեղադրում է քուրդ զինյալների համար ապաստան լինելու համար և պահանջում, որպեսզի նրանք չեղարկեն Թուրքիային զենքի մատակարարման արգելքը։ «Շվեդիայի հետ միասին մենք կպատրաստվենք այն հարցերին, որոնք ունի Թուրքիան», - լրագրողներին ասել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հաավիստոն։ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար անհրաժեշտ է դաշինքի բոլոր 30 անդամ երկրների համաձայնությունը։ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնն էլ հայտարարել է, որ մոտ ապագայում Թուրքիայի ներկայացուցիչների հետ կառուցողական հանդիպումներ է ակնկալում։ Նորա Վանյան
17:21 - 01 հունիսի, 2022
Զենքի մատակարարումն Ուկրաինային ավելացնում է Ռուսաստանի և ԱՄՆ բախման ռիսկերը․ ՌԴ ԱԳՆ

Զենքի մատակարարումն Ուկրաինային ավելացնում է Ռուսաստանի և ԱՄՆ բախման ռիսկերը․ ՌԴ ԱԳՆ

Զենքի ցանկացած մատակարարում Ուկրաինային, ինչպես էլ Վաշինգտոնը դրանք հիմնավորի, ավելացնում են Ռուսաստանի և  ԱՄՆ ուղիղ բախման ռիսկերը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Սպառազինության ցանկացած մատակարարում, որը շարունակվում է, և աճելու միտում ունի, ավելացնում է նման զարգացման ռիսկերը», - ասել է Ռյաբկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կավելանա ՌԴ և ԱՄՆ ուղիղ բախման ռիսկը՝ հաշվի առնելով Ուկրաինային HIMARS  հրթիռային համակարգեր տրամադրելու Վաշինգտոնի որոշումը։ Ռյաբկովը նշել է, որ ԱՄՆ-ն տարիներ շարունակ «չի փորձել որևէ բան անել՝ ուկրաինական հակամարտության լուծումը գտնելու համար»։ Իսկ այժմ Վաշինգտոնն ուզում է «ամեն ինչ անել՝ Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու համար»։ Ավելի վաղ Ստիպակ  տունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն այսօր կներկայացնի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթը, որը ներառելու է HIMARS հրթիռային համակարգեր։ Միաժամանակ նշվել էր, որ Կիևին ԱՄՆ մատակարարած հրթիռային համալիրները չեն կարող թիրախներ խոցել Ուկրաինայի տարածքից դուրս։ Նորա Վանյան
16:57 - 01 հունիսի, 2022
Օլաֆ Շոլցը հայտարարել է Ուկրաինային սպառազինության նոր համակարգերի տրամադրման մտադրության մասին

Օլաֆ Շոլցը հայտարարել է Ուկրաինային սպառազինության նոր համակարգերի տրամադրման մտադրության մասին

Գերմանիան մտադիր է մոտակա շաբաթների ընթացքում Ուկրաինային սպառազինության նոր համակարգեր մատակարարել, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր երկրի խորհրդարանում տեղի ունեցած քննարկումների ժամանակ։ Նրա խոսքով՝ Կիևը կստանա Iris-T փոքր հեռահարության «օդ-օդ» դասի հրթիռներ՝ հակաօդային պաշտպանության ամենաժամանակակից համակարգը, որն ունի Գերմանիան, գրում է DW-ն։ Այդպիսի մի համալիրն Ուկրաինային թույլ կտա «ռուսական օդային գրոհներից պաշտպանել մի ամբողջ խոշոր քաղաք», հստակեցրել է Շոլցը։ Բացի այդ, Կիևին կտրամադրվի գերժամանակակից ռադիոլոկացիոն կայան՝ հակառակորդի հրետանու կոորդինատների տեղորոշման համար։ IRIS-T SLM համակարգերը 40 կմ հեռահարություն ունեն։ Սակայն, գերմանական որոշ լրատվամիջոցների տվյալներով՝ Ուկրաինայում դրանք կարող են ամբողջությամբ շահագործման մեջ մտցվել այս տարվա նոյեմբերից ոչ շուտ։Նորա Վանյան
15:33 - 01 հունիսի, 2022
Դանիայում հանրաքվե է՝ ԵՄ պաշտպանական քաղաքականությանը մասնակցելու մասին

Դանիայում հանրաքվե է՝ ԵՄ պաշտպանական քաղաքականությանը մասնակցելու մասին

Դանիայում այսօր՝ հունիսի 1-ին, հանրաքվե է անցկացվում ԵՄ պաշտպանական հարցերով համագործակցության ծրագրին երկրի մասնակցության մասին։ Դանիայի շուրջ 4,3 մլն քաղաքացի որոշում է այն բացառություններից հրաժարվելու հարցը, որոնք երկրին թույլ են տալիս չմասնակցել ԵՄ Պաշտպանության և անվտանգության ընդհանուր քաղաքականությանը (CSDP), հայտնում է DW-ն։ Այս բացառությունների չեղարկմանը կողմ է արտահայտվել 14 քաղաքական կուսակցություններից 11-ն, այդ թվում՝ իշխող սոցիալ-դեմոկրատները։ Քվեարկության նախնական արդյունքները հայտնի կդառնան ուշ երեկոյան։ Հանրաքվե անցկացնելու որոշման մասին մարտի սկզբին՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից 10 օր անց, հայտարարել էր երկրի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենն այն բանից հետո, երբ հինգ առաջատար քաղաքական կուսակցություններ պայմանավորվել էին երկրի անվտանգության քաղաքականության փոփոխման մասին։ Դանիան ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն ԵՄ միակ պետությունն է, որը չի մասնակցում Պաշտպանության և անվտանգության ընդհանուր քաղաքականությանը։ Դանիայի համար ԵՄ բացառությունը գործում է 1993 թ-ից, այն ընդունվել է, երբ դանիացիները հանրաքվեին մերժել են ԵՄ հիմնադրման մասին Մաաստրիխտի պայմանագիրը։ Այս բացառությունը նշանակում է, որ Կոպենհագենը մասնակցում է ԵՄ քաղաքացիական առաքելություններին, բայց՝ ոչ ռազմական։ Բացի այդ, թագավորությունը չի մասնակցում սպառազինության համատեղ մշակմանը, ռազմական սարքավորումների ձեռքբերմանն ու անվտանգության հարցերի քննարկմանը։ Նորա Վանյան
15:16 - 01 հունիսի, 2022
ՀԱԷԿ-ը կգործի մինչև 2036 թ․-ը, իսկ մինչ այդ կկառուցվի նոր էներգաբլոկ․ Մովսես Վարդանյան

ՀԱԷԿ-ը կգործի մինչև 2036 թ․-ը, իսկ մինչ այդ կկառուցվի նոր էներգաբլոկ․ Մովսես Վարդանյան

Հայաստանի ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) ապրիլի 16-ից ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքներ են սկսել, որոնց կատարումից հետո՝ հունիսի 27-ին ատոմակայանը կմիանա էլեկտրաէներգետիկ ցանցին։  Ատոմակայանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը հիշեցնում է՝ դեռ 2015 թ․-ին ռուսական Ռոսատոմ պետական կորպորացիան 300 միլիոն դրամի վարկ էր տրամադրել ատոմակայանին, որից 190 միլիոն ծախսել են՝ ապահովելով գործող էներգաբլոկի նախագծային ժամկետի երկարացումը։ Վարդանյանի խոսքով՝ գործող երկրորդ էներգաբլոկը կշահագործվի մինչև 2036 թ․-ը։ Նախատեսվում է, որ նույն տարում պատրաստ կլինի նոր էներգաբլոկը․ «Ստեղծվել է հայ-ռուսական հանձնաժողով, այս պահին նախնական որոշում ենք, թե ինչ հզորությամբ է աշխատելու, տեխնիկատնտեսական հաշվարկի համար հիմա ստրուկտուրա ենք հաստատում, հիմնավորումները կատարել ենք։ Պետք է հասկանալ սպառումը, հասկանալ, թե ընդհանրապես ինչ կարժենա բլոկը ու դիմել կառավարությանը»,-ասում է Մովսես Վարդանյանը։  Անդրադառնալով ատոմակայանում իրականացվող աշխատանքներին՝ Վարդանյանն ասում է՝ այս պահին նոր ենթակայանի կառուցում է իրականացվում, որը, ըստ նրա,  էներգետիկ համակարգի կարևոր օղակներից մեկը կլինի։ Աշտարակահովացուցիչների մրցույթը հայկական ընկերություն է շահել, առաջիկայում նախատեսում են նոր դիզել-գեներատորային կայանի մրցույթ հայտարարել․ «Ռուսական 300 մլն կրեդիտից մենք օգտագործել ենք 190 միլիոնը։ Երբ ռուսական կրեդիտի ժամանակահատվածն ավարտվեց, մեր կառավարությունը մեզ հատկացրեց միջոցներ։ Հիմա մեր կառավարության ֆինանսների հաշվին շարունակում ենք աշխատանքը»։  Էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու նպատակով ռեակտորի իրանի մետաղի ֆունկցիաներն են վերականգնվել, կայանի կապիտալ վերանորոգման շրջանակում այն թրծվել էր, սակայն դրանից հետո ստուգվում էր ամրությունը։  Ատոմակայանի մանրակերտը Վարդանյանը նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ԱՄՆ այցի վերաբերյալ հարցին անդրադարձավ, որի ընթացքում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև քաղաքացիական միջուկային ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ փոըմբռնման հուշագիր էր ստորագրվել․ «Մենք՝ որպես շահագործող կազմակերպություն սկսած 1995-96 թ․-ից մեծ համագործակցության ծրագրեր ունենք և՛ Միացյալ Նահանգների հետ, և՛ Եվրոպական Միության հետ, և՛ Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության հետ, և իհարկե Ռուսկորպորացիայի հետ։ Այդպիսի մեմորանդում ունենք շատ երկրների հետ, այս պահին մենք Ամերիկայի հետ ունենք այդպիսի համագործակցության ծրագրեր և տարեկան որոշակի գումարներով մեզ փորձում են օժանդակել»։  Ատոմակայանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալը 1000-1200 մեգավատանոց էներգաբլոկները նախընտրելի է համարում՝ նշելով՝ Հայաստանը պիտի առաջ նայի․ «Հիմա շուկայում կա և՛ եվրոպական, և՛ ամերիկյան, և՛ ռուսական արտադրության ստանդարտ բլոկները՝ 1000-1200 մեգավատանոց, մեր սեյսմիկ զոնային համապատասխան։ Դրանք շատ լավ բլոկներ են, օպերատորը և հանձնաժողովը այդ հզորությունը համակարգի համար մի քիչ շատ են համարում, բայց դրանք 100 տարվա բլոկներ են և ես հուսով եմ, որ Հայաստանը պետք է առաջ նայի, այդ թվում՝ մինչև 100 տարի»,- ասում է Վարդանյանը՝ նշելով, որ Հայաստանին շրջապատող էլետրաէներգիայի դեֆիցիտ ունեցող երկրներ կան, որոնց հետ կարելի է անցնել առևտրի, ինչպես օրինակ Իրանը, Սիրիան, Իրաքը։   Նանե Ավետիսյան
12:52 - 01 հունիսի, 2022
Թուրքիան դեմ է պատժամիջոցներին, սակայն թույլ չի տա իր միջոցով շրջանցել դրանք․ Չավուշօղլու

Թուրքիան դեմ է պատժամիջոցներին, սակայն թույլ չի տա իր միջոցով շրջանցել դրանք․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն «Անադոլու» լրատվական գործակալության լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ուկրաինա ներխուժման պատճառով Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներին։ Նա նշել է, որ պատժամիջոցների ազդեցությունը կրում են ոչ միայն այն երկրները, որոնք մտցնում են այդ սահմանափակումները, կամ նրանք, ում դեմ դրանք կիրառվում են, այլև շատ այլ երկրներ։ «Թուրքիան տեղակայված է մի տարածաշրջանում, որտեղ շարունակվում է պատերազմը։ Հակամարտության [գոտուց] մեզ միայն ծովն է բաժանում։ Մեր երկիրը կրում է պատժամիջոցների հետևանքները, չնայած որ չի սատարել դրանք։ Ռուսաստանը պատասխան սահմանափակումներ է կիառում, սահմանփակում է արտահանումը։ Դա վերաբերում է, օրինակ, պարարտանյութերի, արևածաղկի ձեթի և հացահատիկի արտահանմանը», - նշել է նա։ Չավուշօղլուն ընդգծել է, որ իր երկրի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ հստակ է․ «Մենք սկզբունքորեն դեմ ենք ցանկացած տիպի պատժամիջոցներին։ Թուրքիան հայտարարում է, որ կսատարի միայն այն սահմանափակումները, որոնք կիրառվում են ՄԱԿ մակարդակով։ […] Մենք չենք սատարել [ՌԴ դեմ] պատժամիջոցները, սակայն դա չի նշանակում, թե Անկարան թույլ կտա սահմանափակումները շրջանցել Թուրքիայի միջոցով»։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը, Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է, որ Անկարան այդ երկրներից ակնկալում է «ահաբեկչական խմբավորումների հետ ցանկացած կապի դադարեցում»։ «Մեզ հստակ գրավոր երաշխիքներ են պետք։ […] Սկանդինավյան երկրները մեզ հայտնում են ազգային օրենսդրության վերանայման անհրաժեշտության մասին։ Մենք պատրաստ ենք սպասել այնքան, որքան պետք է, մինչև որ բավարարվեն Թուրքիայի ազգային անվտանգությանն առնչվող պահանջները», - ասել է նա։ Նորա Վանյան
17:40 - 31 մայիսի, 2022
Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրին վերընտրվել է 7-րդ անգամ

Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրին վերընտրվել է 7-րդ անգամ

Լիբանանի նորընտիր խորհրդարանն այսօր կայացած իր առաջին նիստի ժամանակ չնչին առավելությամբ յոթերորդ անգամ խոսնակի պաշտոնում վերընտրել է շիա մուսուլման Նաբիհ Բըրիին, հայտնում է Reuters-ը։ 84-ամյա Բըրին ստացել է խորհրդարանի 128 անդամներից 65-ի քվեն։ Լիբանանում գործող քաղաքական համակարգի համաձայն՝ խորհրդարանի նախագահն ընտրվում է շիա մուսուլմանների համայնքից։ Բըրին շիական «Ամալ» շարժման առաջնորդն է, նա խորհրդարանի խոսնակի պաշտոնը զբաղեցնում է 1992 թ-ից և «Հզբոլլահի» մտերիմ դաշնակիցներից է։ Շիական «Հզբոլլահ» շարժումն ու նրա դաշնակիցներն այս խորհրդարանում այլևս մեծամասնություն չեն կազմում, ինչպես 2028 թ-ի ընտրություններից հետո էր։ Խորհրդարանական ընտրությունները Լիբանանում կայացել են այս տարվա մայիսի 15-ին և առաջինն էին Լիբանանի տնտեսական ճգնաժամի մեկնարկից և 2020 թ-ին Բեյյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո։ Նորա Վանյան
17:07 - 31 մայիսի, 2022