ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Կառավարությունն առաջարկում է վերանայել դատարան դիմելու համար պետական տուրքերի գործող դրույքաչափերը. ԱԺ ՄԻ պաշտպանության հանձնաժողովը կողմ էր |1lurer.am|

Կառավարությունն առաջարկում է վերանայել դատարան դիմելու համար պետական տուրքերի գործող դրույքաչափերը. ԱԺ ՄԻ պաշտպանության հանձնաժողովը կողմ էր |1lurer.am|

1lurer.am: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Պետական տուրքի մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը:   Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ Հայաստանի դատական համակարգում գործող պետական տուրքերը 1999 թվականից չեն փոփոխվել, սակայն այս տարիներին սոցիալ-տնտեսական ցուցանիշները միջինում աճել են 4.1 անգամ, մասնավորապես, ըստ նրա, փոխվել են ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով, նվազագույն աշխատավարձի, կենսապահովման զամբյուղի չափերը և այլն:   Փոխնախարարի խոսքով՝ դիտարկելով պետության կողմից դատարանների վրա ծախսված գումարը և հավաքագրվող պետական տուրքերը՝ 4-5 անգամ տարբերություն է նկատվում: Նա տեղեկացրեց, որ 2018-ին փաստացի ծախսերը կազմել են 9 մլրդ դրամ, եկամուտները՝ 1 մլրդ դրամ, 2019-ին փաստացի ծախսերը կազմել են 12 մլրդ դրամ, եկամուտները՝ մոտ 2 մլրդ դրամ, նույն ցուցանիշներն են նաև 2020-ին: Դանիելյանն ասաց, որ միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մի շարք երկրներում պետական տուրքերն ավելի բարձր են, քան Հայաստանում:  Նախարարի տեղակալը ներկայացրեց նախագծով առաջարկվող փոփոխությունները, թե պետական տուրքի ինչ նոր դրույքաչափեր են սահմանվում դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:  «Առաջին ատյանի դատարան դրամական պահանջերով 2 տոկոսի հայցագինը դարձվել է 3 տոկոս, սահմանվել է առավելագույն չափ՝ 25 մլն դրամ: Գործող օրենքով այդ սահմանափակումը չի եղել: Սահմանվել է նաև 15 մլն դրամ Վերաքննիչ դատանում՝ որպես պետական տուրքի առավելագույն չափ, Վճռաբեկ դատարանում՝ 10 մլն դրամ: Փոփոխությունը կատարվել է՝ համեմատելով նվազագույն սպառողական զամբյուղի հետ:  Սահմանվել է նաև դատարաններ դիմելու համար պետական տուրքի նվազագույն չափ՝ 6000 դրամ:    Արբիտրաժի վճռի կատարողական թերթի համար արտոնություն է սահմանվել՝ այսուհետ գումար չի գանձնվելու, մինչդեռ գործող օրենքով գանձվում էր որոշակի գումար:  Պետական տուրքից ազատվում են նաև հավաքի անցկացման վերաբերյալ համայնքի ղեկավարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու, շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ դիմումների դեպքում: Պետական տուրքի վերադարձման լրացուցիչ դեպքեր են նախատեսվել, երբ, օրինակ, Վերաքննիչ դատարանը մերժում է հայցը և այլն»,- նշեց նա:   Վահե Դանիելյանը վստահեցրեց, որ սահմանված նոր դրույքաչափերը քաղաքացիներին չեն զրկում դատարանի մատչելիությունից, հակառակը՝ կբացառվեն չարաշահումների դեպքերը: «Պետական տուրքը դատարանների ծախսերի ապահովումն ու անհիմն հայցերից պաշտպանվածությունն է: Հետևաբար պետական տուրքի բարձրացումն ի վնաս քաղաքացու չէ: Երբ պետական տուրքը չհիմնավորված ցածր է, քաղաքացիներն ավելի չպաշտպանված են, քանի որ իրենց դեմ կարող են չհիմնավորված հայցերով դատարան դիմել: Նոր դրույքաչափերի սահմանումը կթոթափի նաև դատարանների ծանրաբեռնվածությունը և ողջամիտ ժամկետ կսահմանվի այն քաղաքացիների հայցապահանջների համար, որոնք արդարացիորեն դիմել դատարան իրենց իրավունքների վերականգնման համար»,- ընդգծեց փոխնախարարը:  Այս նախագծի համար ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը գլխադասային չէ, ուստի նրա կարծիքը միայն խորհրդատվական է, նախագծի ճակատագիրը կորոշի ԱԺ պետա-իրավական հանձնաժողովը չորեքշաբթի կայանալիք նիստում:
15:21 - 22 փետրվարի, 2021
Կառավարությունը ոչ մի կերպ չի հերքում համացանցում հայտնված զիջողական հուշագրի իրական լինելը |hetq.am|

Կառավարությունը ոչ մի կերպ չի հերքում համացանցում հայտնված զիջողական հուշագրի իրական լինելը |hetq.am|

hetq.am: Կառավարությունը խուսափում է հստակ պատասխան տալ՝ համացանցում հայտնված հուշագիրը Գորիս-Դավիթ Բեկ եւ Կապան-Ճակատեն ճանապարհների վերահսկողության մասին իրակա՞ն է, թե՞ կեղծ: Հարցն այն է, որ գործադիր իշխանությունը չի հերքում դրա իրական լինելը: Չնայած փաստաթղթում չի երեւում ստորագրություն, փաստ է, որ դրանում ամրագրված բոլոր կետերն իրականություն են դարձել: «Հուշագիր Գորիս-Դավիթ Բեկ եւ Կապան-Ճակատեն ավտոճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղաշարժի կազմակերպման մասին». այսպես է կոչվում այն փաստաթուղթը, որը մեծ աղմուկ հանեց վերջերս: Ըստ էության, հենց սա է այն փաստաթուղթը, որով ամրագրվել է պատերազմական գործողությունների ավարտից հետո հայկական ուժերի դուրսբերումը վերջիններիս վերահսկողության տակ մնացած Ղուբաթլուի եւ Զանգելանի շրջանների մի մասից: Դրանում ամրագրվել է նաեւ Սյունիքի որոշ ճանապարհների վերահսկողության կարգը: Հասկանալու համար իրադարձությունների ընթացքը ճիշտ կլինի դիմել ժամանակագրության օգնությանը:Տարածքների հանձնումը. բանավոր պայմանավորվածությունից բացի՝ դրույթ է եղել թղթի վրա Անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին ԱԺ-ում «Լուսավոր Հայաստանից» Գուրգեն Բաղդասարյանը հետաքրքրվեց, թե նոյեմբերյան եռակողմ հայտարարությունից բացի՝ կա արդյոք հավելված, ինչին Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. «Որեւէ հավելված, այլ փաստաթուղթ եւ այլն, էդպիսի բան գոյություն չունի»: Սրանից 4 օր անց՝ դեկտեմբերի 13-ին, անվտանգության խորհրդի նիստում Փաշինյանը հայտարարեց. «...Հաջորդ խնդիրը, որի շուրջ առաջիկայում մեզ պետք է որոշումներ կայացնել, կապված է Ղուբաթլու եւ Զանգելան շրջանների իրավիճակի հետ: Այդ շրջանների վերաբերյալ, իհարկե, համատեղ հայտարարության մեջ որեւէ հիշատակում չկա, որովհետեւ հայտարարության ստորագրման պահին այդ տարածքերը, ցավոք, մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, այսինքն՝ ընդամենը փոքր հատվածներն են մնացել: Այդ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում»: Դեկտեմբերի 17-ին Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանն ահազանգեց, որ նույն օրն առավոտյան ՊՆ-ից հրահանգել են մինչեւ ամսի 18-ի ժամը 17-ը թողնել Կապան քաղաքի ու հարակից 13 գյուղերի (Դավիթ Բեկ, Կաղնուտ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայրի, Սյունիք, Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ) անվտանգությունն ապահովող դիրքերը, որոնք, ըստ խորհրդային սահմանների, գտնվում էին Զանգելանի տարածքում:     Վերոնշյալ հուշագրում, որի իսկությունը իշխանությունը չի հերքում, առաջին իսկ կետով սահմանվել է. «Հայկական կողմը 2020 թ. դեկտեմբերի 18-ին Ադրբեջանի Հանրապետության Զանգելանի եւ Ղուբաթլուի շրջաններից հանում է իր զինված խմբավորումները»: Այսինքն՝ կարող ենք ասել, որ փաստաթուղթը կազմվել է մինչեւ դեկտեմբերի 18-ը, եւ դրանում նշվածն իրականություն է դարձել: Վերջին տարածքները հանձնելուց հետո՝ դեկտեմբերի 25-ին, ԱԺ-ում Կապանի համայնքապետ Փարսյանը պատգամավորներին պատմել է. «Պաշտպանության նախարարի հետ հանդիպել ենք (դեկտեմբերի 17-ին - «Հետք»), ես էդ հարցը հնչեցրել եմ՝ ո՞նց եղավ մեր դիրքերից հետ գնացինք, նախարարն ինձ պատասխանեց, որ համաձայնությունն ի սկզբանե է եղել: Եթե եղել է, ինչի՞ մենք տեղյակ չենք եղել, ինչի՞ ենք էդքան ամրացել դիրքերում, նոյեմբերի 9-ից հետո երկրորդ, երրորդ բնագիծ ենք կազմել»: Դեկտեմբերի 27-ին վերջին պաշտպանական բնագծերը թշնամուն հանձնելու վերաբերյալ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը ասել է. «Քանի որ Ղուբաթլուի եւ Զանգելանի հատվածները 90 տոկոսով եղել են արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ թեմային մենք կանդրադառնանք։ Որովհետեւ այդտեղ կային խնդիրներ, որոնք պետք էր հավելյալ ճշգրտել, այդ թվում՝ ճանապարհների գործունեության հետ կապված»: Փաշինյանը, սակայն, հարցազրույցում չի նշել, որ նոյեմբերին ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը հետագայում ամրագրվել է թղթի վրա: Տարածված հուշագիրն ու պաշտպանության նախարարի հարցազրույցը համընկնում են Դեկտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, թե Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ հատվածը որոշ տեղերում անցնում է վիճարկելի տարածքով: Ըստ ՊՆ-ի՝ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթեւեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։ Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից: Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ: ՊՆ-ի այս հայտարարությունը համընկնում է հուշագրում սահմանվածին:     Ըստ այդմ՝ Գորիս-Դավիթ Բեկ եւ Կապան-Ճակատեն ավտոճանապարհների կոնկրետ հատվածներով (կոորդինատները նշված են - «Հետք») մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղափոխումը կազմակերպելու նպատակով ճանապարհներից հեռավորության վրա (հեռավորությունը չի հստակեցվում - «Հետք») վիզուալ եւ տեխնիկական դիտարկում են կատարում ՀՀ-ի կողմից ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ ԱՀ-ի կողմից՝ պետական սահմանապահ ծառայությունը, որոնք տեղակայում են սահմանապահ վերակարգեր: Ահա եւս 3 կետ նշված հուշագրից: Հայկական եւ ադրբեջանական կողմերը երաշխավորում են նշված ճանապարհներով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղափոխումը, իսկ ճանապարհների եւ սահմանապահ վերակարգերի միջակայքում՝ կողմերի այլ զինված խմբավորումների բացակայությունը, իրենց տարածքներում՝ տեղի բնակչության եւ սահմանային ենթակառուցվածքների անվտանգությունը: ՌԴ ԱԴԾ սահմանապահ մարմիններն ապահովում են ճանապարհներով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղափոխման վերահսկողությունը, իրականացնում են ակտուալ ինֆորմացիայի փոխանակում եւ ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանելու համար կողմերին իրազեկում են անհրաժեշտ պահանջների մասին: Ադրբեջանական կողմը երաշխավորում է Հայաստանի քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղափոխությունը Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհով եւ իրականացնում է ճանապարհի տվյալ հատվածից (կոորդինատները նշված են) օգտվելու իր իրավունքը նախնական իրազեկումից հետո:     Հուշագրի գործողության ժամկետը 5 տարի է, որը հետագայում ավտոմատ կերպով երկարաձգվելու է եւս 5 տարով, եթե դրա ավարտից 6 ամիս առաջ կողմերից մեկը չհայտնի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին: Այսինքն՝ գործում է նույն մոտեցումը, ինչ 2020 թ. նոյեմբերի եռակողմ հայտարարության պարագայում: Դեկտեմբերի 20-ին «Զինուժ մեդիային» տված հարցազրույցում Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը գրեթե ամբողջությամբ կրկնել է այն, ինչ նշված է հուշագրում. «Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհի 21 կմ-ը իրենց հսկողության տակ են վերցնում ռուսական սահմանապահ զորքերը: Իրենք վերահսկում են ճանապարհը, մեր սահմանապահ զորքերը կանգնում են մեր տարածքում եւ վիզուալ վերահսկում են այդ ճանապարհը՝ ապահովելով երկրորդ շերտի անվտանգությունը: Մեր սահմանապահ զորքերի հետեւում կանգնած է մեր բանակը: Եվ ձեռք է բերված պայմանավորվածություն, որ մեր սահմանապահ զորքերի ու ճանապարհի միջեւ որեւէ զորք չի լինելու: Նույնը վերաբերում է Ադրբեջանին: Վիզուալ հսկողություն կատարում են ադրբեջանական սահմանապահ զորքերը, հետեւում՝ իրենց զորքը: Այնտեղ նույնպես սահմանապահ զորքերի եւ ճանապարհի արանքում չպետք է լինի որեւէ զինված ստորաբաժանում: Ռուսաստանը մեր եւ ադրբեջանցի սահմանապահների հետ միասին որոշում է, թե ինչ հեռավորության վրա կանգնի իրենց դիտակետը կամ որեւէ այլ միջոց, որն ապահովում է ճանապարհի վերահսկողությունը: Ռուսաստանն ունի անցակետ Գորիսի հատվածում եւ Դավիթ Բեկում: Հիմա գնում է այդ գործընթացը, երբ սահմանապահ զորքերը որոշում են իրենց դիրքերը, ինչ գծով են կանգնելու, եւ դա արվում է ռուս սահմանապահների կոորդինացման ներքո: Նույն ձեւով ապահովվում է Կապան-Ճակատեն ճանապարհի անվտանգությունը»: Նույն օրը՝ դեկտեմբերի 20-ին, ԱԱԾ-ն հայտարարեց, որ Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում հայ եւ ադրբեջանցի սահմանապահների կողմից, ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, իրականացվում են սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ: Հատկանշական է, որ ԱԱԾ-ն Կապան-Ճակատեն հատվածը չի հիշատակել: Իսկ սահմանային իրավիճակի մասին իր պարբերական հաղորդագրություններում ՊՆ-ն իբրեւ ԱԱԾ-ի վերահսկողության գոտի է նշում միայն Որոտան-Դավիթ Բեկ հատվածը:   Կոորդինատները. 21, թե՞ 31 կիլոմետր Եթե հուշագրում առկա կոորդինատներն անցկացնում ենք «Google»-ի քարտեզի վրա, որով սահմանների սիրողական ճշգրտում է արվել պատերազմական գործողություններից հետո, ստացվում է մի պատկեր, որի մասին արդեն գրվել է: Ըստ այդ կոորդինատների՝ հայ, ռուս եւ ադրբեջանցի սահմանապահների վերահսկողության տակ է անցնում Հայաստանի Մ-2 մայրուղու Գորիս-Էյվազլի (Ադրբեջան) սահմանագծից գրեթե մինչեւ Կարմրաքար ընկած հատվածը, որի երկարությունը 31 կմ է, ոչ թե 21:     Ինչպես արդեն գրել ենք, 21 կմ է ստացվում Որոտանի կիրճից՝ ժողովրդի շրջանում հայտնի «թասի» ոլորաններից վերեւ ընկած տարածքից (ոլորանների վերջնամասից) մոտավորապես մինչեւ Կարմրաքար ընկած հատվածը: Այսինքն՝ այդ դեպքում հաշվի չեն առնվում Գորիս-Էյվազլի սահմանագծից մինչեւ Որոտան ձգվող 3,6 կմ-ը, որը սիրողական ճշգրտումներից հետո անցել է Ադրբեջանին, ինչպես նաեւ Որոտանի «թասի» ոլորանները, որոնք գրեթե ամբողջությամբ ՀՀ սուվերեն տարածքում են: Այդուհանդերձ, փաստ է, որ Գորիս-Կապան ճանապարհին ռուս սահմանապահները վերահսկողություն են իրականացնում Գորիս-Էյվազլի սահմանագծից մինչեւ Կարմրաքարի կանգառ (Մ-2 մայրուղուց դեպի Դավիթ Բեկ տանող ճանապարհի մոտ): Այս երկու կետերում ռուսները դիտակետեր ունեն (մենք անցել ենք այդ ճանապարհով ու ֆիքսել ենք ռուսների դիտակետերը): Ըստ այդմ՝ նրանց վերահսկողության տակ գտնվող մայրուղին փաստացի 35 կմ է:   Կապան-Ճակատեն վերահսկվող հատվածի երկարությունն էլ, ըստ հուշագրում առկա կոորդինատների, 12,2 կմ է, չնայած պետք է նշել, որ կոորդինատները ներկայացված են ոչ թե սահմանային կետերի, այլ բնակավայրերի կենտրոնների միջեւ:      Ինչի՞ց է խուսափում կառավարությունը, եթե թղթին գրվածն արդեն իրականություն է Փետրվարի 10-ին ԱԺ-ում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խոսեց Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մասին, ինչը նոր հարցեր առաջացրեց, սակայն «Հետքի» հարցմանն ի պատասխան՝ փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ նա, ըստ էության, կրկնել է դեկտեմբերի 19-ին ՊՆ-ի հայտարարությունը վիճարկելի տարածքներով անցնող ճանապարհի մասին: Ավինյանի հայտարարության հաջորդ օրը՝ ամսի 11-ին, ՊՆ-ն հիշեցրեց, որ ինքը ճանապարհի վերահսկողության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին հայտարարել է դեռ դեկտեմբերի 19-ին: Այդուհանդերձ, այս անգամ գերատեսչությունը նշեց, որ պայմանավորվածությունը եղել է Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարների միջեւ, ինչը, սակայն, քիչ հավանական է, քանի որ շոշափվում են նաեւ Ադրբեջանի շահերը, հետեւաբար երկկողմանի պայմանավորվածություն չէր կարող լինել: Նախարարությունը, կարծես, փորձում է մեղմել կառավարության հանդեպ ձեւավորված անվստահության մթնոլորտը, քանի որ ցանկացած պայմանավորվածություն ադրբեջանցիների հետ անհանգստությամբ, զայրույթով եւ դժգոհությամբ է ընդունվում: Շարունակությունը՝ hetq.am-ում
10:38 - 21 փետրվարի, 2021
Ընդլայնվել է Արցախի պատերազմի ընթացքում վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառման շահառուների շրջանակը․ ՊՆ

Ընդլայնվել է Արցախի պատերազմի ընթացքում վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառման շահառուների շրջանակը․ ՊՆ

ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N2073-Լ որոշման փոփոխությամբ (ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի N208-Լ որոշում) ընդլայնվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառման շահառուների շրջանակը: Աջակցության միջոցառման շահառու են հանդիսանում նաև ռազմական գործողությունների ընթացքում ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողները: Աջակցության միջոցառումից օգտվելու համար անհրաժեշտ է պահանջվող ներքոնշյալ փաստաթղթերն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով. 1. սոցիալական քարտի համարը (ՀԾՀ), 2. նույնականացման քարտի (երկկողմանի) կամ անձնագրի պատճենը, 3. հիվանդության էպիկրիզի պատճենը, 4. 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության ճանաչման բժշկասոցիալական փորձաքննության որոշման պատճենը, 5. հեռախոսահամարը, 6. բնակության հասցեն: Հարցերի համար դիմել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով կամ զանգահարել ՀՀ պաշտպանության նախարարության թեժ գիծի 1-28 հեռախոսահամարով:
11:20 - 19 փետրվարի, 2021
Կներդրվի պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի մոնիթորինգի համակարգ |armenpress.am|

Կներդրվի պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի մոնիթորինգի համակարգ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հաստատեց Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկումներ անցկացնելու և գույքի օգտագործման բարելավման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու կարգը: Ըստ հիմնավորման, պետական գույքի կառավարման և դրա օգտագործման արդյունավետության բարձրացման հիմնական ուղղությունները բացահայտելու համար անհրաժեշտություն է առաջանում պետական մարմիններին ամրացված պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի վերաբերյալ մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնել։ «Վերջինս չափազանց կարևոր գործիքակազմ է պետական գույքի հետագա կառավարման ժամանակ հիմնավորված որոշումներ ընդունելու համար։ Դրա հետ կապված անհրաժեշտ է հնարավոր սեղմ ժամկետում ստեղծել նաև անշարժ գույքի մոնիթորինգի համակարգ, որը մինչ օրս գոյություն չունի և որի պատճառով չի կատարվել անշարժ գույքի օգտագործման արդյունավետության գնահատում։ Նոր գործիքակազմը հնարավորություն կտա պարզել անշարժ գույքի վիճակը, բացահայտել տեղ գտած բացթողումները, թերությունները, օգտագործողի կողմից կատարված խախտումների բացահայտումը։ Ըստ այդմ, առաջարկվում է ստեղծել մոնիթորինգի համակարգ: Արդյունքում, հնարավոր կլինի պարզել, մասնավորապես, պետական գույքի բոլոր տարրերի վերաբերյալ նախորդ ժամանակահատվածի համեմատությամբ տեղի ունեցած փոփոխությունների դինամիկան, այդ փոփոխությունների դրական կամ բացասական միտումները, չօգտագործվող կամ ոչ արդյունավետ օգտագործող պետական գույքի մակերեսները և բնութագրիչները, մասնավոր անձանց օգտագործման հանձնված պետական գույքի օգտագործման վիճակը և օգտագործումից ստացված արդյունքների դինամիկան և միտումը»,- ասված է հիմնավորման մեջ:
18:01 - 18 փետրվարի, 2021
Մարտական գործողություններին մասնակցած պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար երաշխիքներ են սահմանվել |1lurer.am|

Մարտական գործողություններին մասնակցած պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար երաշխիքներ են սահմանվել |1lurer.am|

1lurer.am: Գործադիրն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Օրինագծով առաջարկվում է ռազմական դրություն հետևանքով՝ որպես կամավորական պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու մեկնած պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար սահմանել մի շարք երաշխիքներ: Մասնավորապես, կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա Արցախի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնողի հիմնական աշխատավարձը պահպանել, զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայության, ինչպես նաև Արցախի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածները հաշվի առնել կիսամյակային հաշվետվությունների կամ կատարողականի հիման վրա պարգևատրման իրավունք տվող աշխատաժամանակում: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հայրենիքի առջև իրենց պարտքը կատարող պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար որպես երաշխիք սահմանել աշխատավարձի պահպանման վճարման և նրանց կատարողականի հետ կապված պարգևատրման իրավունքի պահպանման դրույթներ:
17:06 - 18 փետրվարի, 2021
Վերականգնում ենք ազատությունից զրկված անձանց տեսակցությունների հնարավորությունը. Բադասյան

Վերականգնում ենք ազատությունից զրկված անձանց տեսակցությունների հնարավորությունը. Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ հիշեցնելով, որ օրեր առաջ խոստացել էր, որ կվերացնեն ազատությունից զրկված անձանց հետ տեսակցությունների ընդհանուր արգելքը։   «Կառավարության այսօրվա համապատասխան որոշմամբ այն արդեն իրականություն է․ վերականգնում ենք ազատությունից զրկված անձանց և՛ կարճատև, և՛ երկարատև տեսակցությունների հնարավորությունը։   Ազատությունից զրկված անձինք այսուհետ կրկին հնարավորություն կունենան օգտվելու արտաքին աշխարհի հետ կապի իրավունքից, ինչը կնպաստի ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդմանը և վերասոցիալականացմանը:   Հիշեցնեմ, որ տեսակցությունները սահմանափակվել էին համավարակի ռիսկով պայմանավորված։ Հուրախություն բոլորիս, համալիր միջոցառումների իրականացման և դրանց նկատմամբ հետևողական աշխատանքի արդյունքում, ՔԿՀ-ներում վարակվածության նվազ ցուցանիշ ունենք (ՔԿՀ-ներում պահվող անձանցից ընդամենը 39-ի (1.98 %) մոտ է հաստատվել վարակի առկայությունը, բոլորն ապաքինվել են)։   Տեղեկացնեմ նաև, որ իրականացնելու ենք մոնիթորինգ՝ գործնականում նախաձեռնության հետևանքները մշտապես գնահատելու նպատակով»,- գրել է Բադասյանը:
12:48 - 18 փետրվարի, 2021
Վարչապետի «ճանապարհային քարտեզի» շրջանակում արցախահայության աջակցությանն ուղղվել է 61 մլրդ դրամ

 |armenpress.am|

Վարչապետի «ճանապարհային քարտեզի» շրջանակում արցախահայության աջակցությանն ուղղվել է 61 մլրդ դրամ |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 18-ին հրապարակված «Ճանապարհային քարտեզ»-ի մի քանի կետերի շրջանակում արցախահայությանը սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ կառավարությունն արդեն հաստատել է 61 մլրդ դրամի ծրագրեր: Այդ մասին կառավարության նիստում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Փոխվարչապետը հարցին անդրադարձավ՝ Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու կարգը հաստատելու մասին նախագծի քննարկման շրջանակում: Այն ներկայացրած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրեց, որ հաստատվել է 20 միջոցառում, որոնց մի մասն ամբողջությամբ կատարված է, մի մասն ընթացքի մեջ է: «Այդ բոլոր միջոցառումների համար փոխանցվել է 21,1 միլիարդ դրամ, առկա ծրագրերի շրջանակում մինչև 3 միլիարդ դրամի լրացուցիչ բյուջե ունենք», - ասաց նախարարը: Նրա խոսքով՝ այս պահին կառավարության կողմից հաստատված որոշումների շրջանակում արցախահայությանը տրամադրված աջակցության ընդհանուր բյուջեն հասնում է մոտ 55 միլիարդ դրամի: Այս համատեքստում փոխվարչապետ Գրիգորյանն էլ նկատեց, որ ևս 6 մլրդ դրամ սոցաջակցություն կառավարությունը հատկացրել է նախորդ տարվա դեկտեմբերին և ընդհանուր հատկացումները հասնում են 61 մլրդ դրամի:  
12:44 - 18 փետրվարի, 2021
Վարչապետը հանձնարարեց առավել արդյունավետ դարձնել անհետ կորած և գերեվարված քաղաքացիների ընտանիքներին աջակցության տրամադրումը
 |1lurer.am|

Վարչապետը հանձնարարեց առավել արդյունավետ դարձնել անհետ կորած և գերեվարված քաղաքացիների ընտանիքներին աջակցության տրամադրումը |1lurer.am|

1lurer.am: Վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզի շրջանակում արդեն 18 աջակցության միջոցառում է ընդունվել: Այդ մասին Կառավարության նիստին հայտնեց Նիկոլ Փաշինյանը:  «Պետք է արձանագրել, որ այդ 18 աջակցության միջոցառումների իրականացման տեմպերի մեջ որոշակի խնդիրներ ունենք, մասնավորապես, վիրավորված զինծառայողների աջակցության ծրագիրը, կարծես, անհրաժեշտ տեմպով առաջ չի գնում: Ուզում եմ հիշեցնել նաև, որ անհետ կորած և գերեվարված մեր հայրենակիցների ընտանիքներին ուղղված աջակցության ծրագիրը, ըստ էության, ինչքան շփումներից հասկանում եմ, դեռևս չի ամբողջացել, այսինքն՝ կան շահառուներ, որոնց գումարը դեռևս չի հասել: Պետք է արդեն ավելի ինտենսիվ զբաղվել, որ այս խնդիրը լուծվի»,- ասաց վարչապետը: Փաշինյանն ընդգծեց, որ կարգերի մեջ պետք է փոփոխություններ մտցնել, որպեսզի այդ աջակցությունն ավելի արդյունավետ տեղ հասնի: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ միջոցառումները բարելավելու դեպքում շահառուն ավելի ճիշտ կնույնականացվի:  
12:33 - 18 փետրվարի, 2021
Նախատեսվում է Հայաստանից արտահանել 2020-ի համեմատ 2 անգամ ավելի կոնյակի սպիրտ  

 |armenpress.am|

Նախատեսվում է Հայաստանից արտահանել 2020-ի համեմատ 2 անգամ ավելի կոնյակի սպիրտ |armenpress.am|

armenpress.am: Այս տարի Հայաստանից նախատեսվում է արտահանել 9 մլն լիտր կոնյակի սպիրտ։ Այդ մասին կառավարության նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ավելացնելով, որ գործադիրն այս տարվա համար 900 մլն դրամ կհատկացնի կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցման համար, որը 9 մլն լիտր կոնյակի սպիրտի արտահանման խթանմանն ուղղված ծրագիր է։ Նախարարը տեղեկացրեց, որ նախորդ տարի երկրից արտահանվել է մոտ 4․4 մլն լիտր կոնյակի սպիրտ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ սա կարևոր որոշում էր, որը կայացվել է ճգնաժամային տարում։ «Այս գործընթացում նաև շատ կարևոր է, որ խաղողի մթերումների և խաղողի այգիների իրական պատկերը մենք սկսենք ստանալ Հայաստանում, որպեսզի նաև հստակ լինեն այն ծավալները, որոնք մթերվում են։ Այս գործիքով նաև մեկ այլ բան ենք ասում տնտեսավարողներին, որ այնուամենայնիվ այս գործընթացը պետք է լինի մաքսիմալ թափանցիկ, և խաղողի իրական ծավալների հետ կապված մեր բոլոր մտահոգությունները պետք է փարատված լինեն»,- ասաց փոխվարչապետը։ Վահան Քերոբյանը հավելեց, որ խնդիրն իսկապես լուրջ է։ «Մի շարք մեծ խնդիրներ են առաջացել մթերումը վերահսկելու կամ հետևելու մթերման գործընթացին։ Եվ, կարծում եմ, որ մենք արդեն պետք է թվային մեթոդների կիրառմամբ լուծենք այդ հարցը, որպեսզի շատ աշխատուժ չներգրավենք խաղողի մթերման գործընթացը մոնիթորինգ անելու հարցում»,- նշեց նա։
12:20 - 18 փետրվարի, 2021
Մարդկանց խոստացել ենք, ֆինանսավորումը տվել ենք, մինչև հիմա արված չի. վարչապետ
 |1lurer.am|

Մարդկանց խոստացել ենք, ֆինանսավորումը տվել ենք, մինչև հիմա արված չի. վարչապետ |1lurer.am|

1lurer.am: Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչ փուլում են Ներքին Կարմիրաղբյուրի պուրակի կառուցման աշխատանքները, մասնավորապես՝ անշարժ գույքի ձեռքբերման ու օտարման հարցերը լուծվա՞ծ են, թե՞ ոչ: «Ներքին Կարմիրաղբյուրում որոշակի խնդիրներ առաջացան գույքի գրանցման հետ, և մինչ օրս հնարավոր չի եղել այդ գույքերը գրանցել համայնքի հաշվեկշռում, որ կարողանանք աշխատանքները սկսել: Սեփականատերերի հետ կապված դատական պրոցեսներ են, ժառանգության ճանաչման խնդիրներ կան»,- նշեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը: Ի վերջո, լուծվելո՞ւ է այդ հարցը, թե՞ չէ՝ հարցրեց վարչապետը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահն էլ պարզաբանեց, թե հարցն իրենց իրավասության շրջանակում չէ: Մարզն ու համայնքը պետք է լուծեին այդ հարցերը:  «Բայց գնացել ենք, մարդկանց խոստացել ենք, ֆինանսավորումը տվել ենք, նախագիծը հաստատել ենք, տեղում նայել ենք, համաձայնությունը ձեռք ենք բերել, պարզվում է՝ մինչև հիմա արված չի: Օգոստոս-սեպտեմբերն է եղել, գնացել նայել ենք, ասել ենք, խոսել ենք մարդկանց հետ, պարզվում է մինչև հիմա գրանցման հարց կա՞»,- նշեց վարչապետ Փաշինյանը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ կպարզի ու կզեկուցի, թե ինչ խնդիր է առաջացել:  
12:03 - 18 փետրվարի, 2021
Շուռնուխում նոր բնակելի թաղամաս կկառուցվի |hetq.am|

Շուռնուխում նոր բնակելի թաղամաս կկառուցվի |hetq.am|

hetq.am: Սյունիքի մարզի սահմանամերձ Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամաս կկառուցվի։ Այդ նպատակով 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից Քաղաքաշինության կոմիտեին  2021 թվականին կհատկացվի  470 մլն 200 հազ․ դրամ։ Որոշումն ընդունվեց կառավարության փետրվարի 18-ի նիստում։ Պատերազմական գործողությունների հետևանքով Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ 2021 թվականի հունվարի 29-ին Կապանում կայացած միջգերատեսչական աշխատանքային խմբի խորհրդակցության արդյունքում որոշվել է Շուռնուխ և Որոտան գյուղերում անշարժ գույք կորցրած բնակիչներին ցուցաբերել աջակցություն:    
11:53 - 18 փետրվարի, 2021
Տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում. Նիկոլ Փաշինյան

 |armenpress.am|

Տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Փետրվարի առաջին 15 օրերի տվյալներով` հանրապետությունում ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին: Իսկ ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31,4 մլրդ դրամով: Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա փետրվարի առաջին օրերին դեռևս COVID-ի ազդեցությունները չկային, որովհետեւ ՀՀ-ում դեռ կորոնավիրուսի դեպք չէինք արձանագրել: Իսկ 2020-ի փետրվարը շատ լուրջ աճ է արձանագրել 2019-ի փետրվարի նկատմամբ»,- ասաց վարչապետը: Նրա խոսքով, էականորեն աճել են նաև արտահանման ու ներմուծման ծավալները փետրվարի առաջին 15 օրում: «Այստեղից հետևությունն այն է, որ տնտեսությունը  կարծես թե մտնում է վերականգնման փուլ, ու իհարկե, սա շատ կարևոր նորություն է»,- ընդգծեց նա: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հստակեցրեց, որ ապրանքաշրջանառության 31,4 մլրդ դրամի աճը վերաբերում է հիմնականում երեք ոլորտի՝ մանրածախ սպառման ոլորտ, արտադրություն ու ծառայությունների մատուցում, իսկ 604 հազարով ավելի գործարքները վերաբերում են այդ ոլորտներին: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նշեց, որ պետք է ուշադիր լինել սպառման աճին, որովհետև, օրինակ, բազմաթիվ հարսանիքներ հետաձգված են եղել, ու հիմա «կուտակված պարտքերն են մարվում»: «Պետք է շարունակենք աջակցությունը, որը հատկացնում ենք տնտեսությանը, մինչև համոզված լինենք, որ կայուն վիճակում ենք գտնվում»,- ասաց նա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ կառավարությունը շարունակում է բիզնեսին աջակցության բոլոր ծրագրերը:  
11:38 - 18 փետրվարի, 2021
Կառավարությունը կատարում է նախորդ տարվա պարտավորությունները. մի շարք ոլորտներում փոխհատուցումներ կիրականացվեն
 |1lurer.am|

Կառավարությունը կատարում է նախորդ տարվա պարտավորությունները. մի շարք ոլորտներում փոխհատուցումներ կիրականացվեն |1lurer.am|

1lurer.am: Կառավարության նիստում հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, գնման գործընթաց կազմակերպելու հարցը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ այս որոշմամբ մոտ 954 միլիոն դրամ ուղղում են նախկինում կայացրած մի շարք որոշումներով ստանձնած պարտավորությունների կատարմանը: Դրանից 99 միլիոն դրամն ուղղվելու է անցյալ տարի աշնանացան ցորենի սուբսիդավորման ծրագրով ծագած պարտավորությունների մի մասի կատարմանը:  «32.5 միլիոն դրամը հատկացվելու է տուրիստական ոլորտում ընդգրկված տրանսպորտային ընկերությունների 25-րդ միջոցառումն ապահովելու համար: 165 միլիոն դրամ պետք է հատկացվի կոնյակի, սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցմանը 2020 թվականին առաջացած պարտավորությունների կատարմանը: Այստեղ մենք արդեն փոխհատուցել ենք 274 միլիոն դրամ և ևս 165 միլիոն փոխհատուցելու ենք անցած տարվա պարտավորությունները՝ մոտ 4.4 միլիոն լիտր կոնյակի արտահանման խթանմանն ուղղված ծրագրով: 114 միլիոն դրամ կուղղվի պատերազմական գործողությունների ընթացքում քաղաքացիների և զինծառայողների հետ կապված խնդիրների բավարարմանը և 543 միլիոն դրամ էլ կուղղվի կորոնավիրուսով հիվանդ մարդկանց բուժումը, խնամքը և սնունդը ապահովելուն: Սա դեկտեմբերի, հունվարի և փետրվարի պարտավորությունների կատարման ապահովման համար է»,- ասաց Քերոբյանը:
11:37 - 18 փետրվարի, 2021
Վարչապետը կարևորել է քաղաքական կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ աշխատանքը

Վարչապետը կարևորել է քաղաքական կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ աշխատանքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քննարկվել են նիստի օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը զեկուցել է Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2020թթ. միջոցառումների ծրագրով՝ 2020թ. կատարման ենթակա միջոցառումների իրականացման ընթացքի, մշտադիտարկման և գնահատման արդյունքների վերաբերյալ: Դրանց համաձայն՝ 2020թ. նախատեսված միջոցառումների գրեթե կեսն ամբողջությամբ իրականացվել է, 13 միջոցառում կատարվել է ավելի մեծ ծավալով, քան նախատեսված է եղել, չկատարված միջոցառում չկա, որոշներն իրականացվել են մասնակիորեն: Վերջին հանգամանքը, նախարարի խոսքով, պայմանավորված է եղել համավարակի ու պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակով և այդ պայմաններում պետական կառավարման համակարգի գործունեության առաջնահերթություններով: Վարչապետը կարևորել է հակակոռուպցիոն միջոցառումների հասցեականությունը և հետաքրքրվել դրանց գործնական արդյունավետությամբ: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, կարևորել է քաղաքական կոռուպցիայի դրսևորումների կանխարգելման ուղղությամբ հետևողական աշխատանքը: Այս համատեքստում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը նշել է, որ Հանձնաժողովը շարունակական ուսումնասիրություններ է իրականացնում պետական պաշտոն զբաղեցնող և միաժամանակ բիզնես գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ,  և որոշ պաշտոնյաների մասով ստուգումների արդյունքները, եզրակացություններն ուղարկվել են իրավապահ մարմիններին: Կան հարուցված քրեական գործեր, որոնք գտնվում են նախաքննության փուլում: Անդրադառնալով Հանձնաժողովի գործունեության ընթացիկ հաշվետվությանը՝ Հ. Հարությունյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է պետական պաշտոններում նշանակման ենթակա 47 անձի, այդ թվում՝ դատախազի թեկնածուների, դատավորների հավակնորդի թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների բարեվարքության ստուգում, որից 26-ը՝ դրական, 16-ը՝ դրական վերապահումով, 4-ը՝ բացասական, 1-ի առնչությամբ եզրակացություն չի ներկայացվել: Շարունակվել է գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգի կատարելագործման աշխատանքը. 2019թ. համեմատ 3 անգամ աճել է հայտարարատու անձանց թիվը, իրականացվել է գրեթե 640 հայտարարագրի վերլուծություն, որից 210-ը՝ ԲԴԽ անդամների, ՍԴ անդամ/դատավորների, նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերը: Վերլուծության արդյունքներով Հանձնաժողովը հարուցել է 4 վարույթ՝ վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ և համապատասխան եզրակացություն ներկայացրել: Հայտարարվել է նոր էլեկտրոնային համակարգի համար մրցույթ, որը ծառայելու է որպես թվային գործիք կոռուպցիայի դեմ պայքարում: Միջազգային փորձագետների աջակցությամբ մշակվել է պետական կառավարման համակարգում կոռուպցիոն ռիսկերի համապարփակ գնահատման մեթոդաբանություն: Գնահատման համար որպես առավել ռիսկային են ընտրվել հետևյալ ոլորտները՝ պաշտոնի նշանակում, առաջխաղացում, կատարողականի գնահատում, պետական բյուջեի կառավարում և պետական գնումներ: Գործընթացն առաջիկայում կմեկնարկի:   Օրակարգի հարցերի շրջանակում Արդարադատության նախարարը ներկայացրել է Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանների ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթների և դրանց գործունեության ապահովման նպատակով իրականացվող քայլերը: Այս կառույցներն զբաղվելու են կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ: Ռ. Բադասյանը նշել է, որ այս օրենսդրական փաթեթներն Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել են, սպասվում է երկրորդ ընթերցումը: Զուգահեռ այժմ քննարկվում են այս մարմինների տեղակայման, շենքային պայմանների ապահովման, կադրային համալրման, ներքին բարեվարքության ապահովման, գործունեության շրջանակի վերջնական հստակեցման, շահագրգիռ այլ մարմինների հետ համատեղ աշխատանքի արդյունավետ կազմակերպման, տեխնիկական հագեցվածության հարցերը: Հակակոռուպցիոն դատարանների օրենսդրական փաթեթով նախատեսվում է, որ մասնագիտացված և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանների 5 դատավորները քննելու են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա հարուցված քաղաքացիական գործերը։ Վարչապետը հետաքրքրվել է, թե զուգահեռ ինչ աշխատանք է տարվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուղղությամբ: Նշվել է, որ այս առումով 4 գործ գտնվում է ավարտական փուլում, ԲԴԽ-ի կողմից սկսվել է դատավորների մասնագիտացման գործընթացը, ովքեր էլ պետք է զբաղվեն այդ գործերի քննությամբ: Այս համատեքստում նիստում կարծիք է հնչել, որ Հակակոռուպցիոն դատարանների ստեղծման գործընթացի արագացումը կբարձրացնի արդարադատության ոլորտի բարեփոխումների արդյունավետությունը: Արծարծվել է նաև դատավորների վարձատրության հարցը: Վարչապետը նշել է, որ Հակակոռուպցիոն դատարանների դատավորների համարժեք վարձատրությունը լոկոմոտիվի դեր կունենա և կնպաստի որակյալ աշխատանքին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև հակակոռուպցիոն մարմինների անձնակազմի ներքին բարեվարքության ստուգման մեխանիզմների պատադիր ներդրումը՝ դա համարելով նոր չափանիշներով ստեղծվող համակարգի գործունեության առաջնահերթություն:  Հակակոռուպցիոն խորհրդի նիստում ներկայացվել է նաև իրական շահառուների համատարած բացահայտմանն ուղղված օրենսդրական փաթեթը: Ռ. Բադասյանը նշել է, որ նախատեսվում է գործող 2՝ իրական շահառուների և սեփականատերերի ինստիտուտների միասնականացմամբ ներդնել իրական սեփականատերերի բացահայտման գործուն մեխանիզմ: Այն տարածվելու է բոլոր իրավաբանական անձանց վրա և միտված է իրական սեփականատերերի բացահայտելիության բարձրացմանը՝ էլեկտրոնային համակարգի ներդրման և տեղեկատվական համապարփակ բազայի ստեղծման միջոցով: Տեղեկատվությունը լինելու է հրապարակային: Ակնկալվում է, որ հակակոռուպցիոն համակարգի մարմինների լիակատար ձևավորմանը զուգահեռ գործընթացի արդյունավետությունը կբարձրանա:
17:08 - 16 փետրվարի, 2021