Ինֆոքոմ

2019-ին սպառազինության ծախսերի գերակշիռ մասն ուղղվել է «ՍՈՒ-30»-ների ձեռքբերմանը

2019-ին սպառազինության ծախսերի գերակշիռ մասն ուղղվել է «ՍՈՒ-30»-ների ձեռքբերմանը

Մի քանի օր առաջ Արարատի մարզի Մասիս գյուղում՝ բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հղում անելով Ստոկհոլմի՝ Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտի հրապարակած տվյալներին (Stockholm International Peace Research Institute), նշեց, որ միայն 2019-ին Հայաստանը ներկրել է 248 մլն դոլարի սպառազինություն, կամ 10 տարվա կտրվածքով ներկրվածի 62․3%-ը․ «Երկու տարին տասը տարվա 20%-ն է, բայց էդ 20% ժամանակահատվածի ընթացքում մենք ներկրել ենք վերջին տասը տարում՝ մինչև 2020 թիվը, Հայաստան ներկրված սպառազինության 62%-ը»։  Ստոկհոլմի՝ Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտի հրապարակած տվյալներից (տվյալները կարող եք ներբեռնել այստեղից) տեղեկանում ենք, որ Փաշինյանը ճիշտ է․ 2019-ին Հայաստանն, իսկապես, 248 մլն դոլարի սպառազինություն է ներկրել։ 2011-ից 2020 թթ․ Հայաստանն, ընդհանուր առմամբ, ներկրել է 398 մլն դոլարի սպառազինություն։ Ինստիտուտը սպառազինության ներկրումների ծախսերը ներկայացնելիս նաև նշել է, թե սպառազինության յուրաքանչյուր տեսակի համար որքան գումար է ծախսվել։ Այսպիսով՝ 2011-2020 թթ․ ընթացքում Հայաստանը հրթիռներ ներկրելու համար ծախսել է 146 մլն դոլար։ 2018-ին և 2020-ին Հայաստանը հրթիռներ չի ներկրել, իսկ 2019-ին դրանց ներկրման համար ծախսել է 17 մլն դոլար։ Հրթիռների ներկրման համար ամենամեծ գումարը Հայաստանը ծախսել է 2016-ին (100 մլն դոլար)։ Հիշեցնենք, որ 2016-ին՝ Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ, առաջին անգամ ցուցադրվեցին Հայաստանի ձեռք բերած «Իսկանդեր-Է» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերը։ Հրետանի ներկրելու համար Հայաստանը 2011-2020 թթ․ ընթացքում ծախսել է 11 մլն դոլար, 2018-ից 2020 թթ․ ընթացքում հրետանի ներկրելու համար ծախսեր չեն եղել։ Զրահամեքենաներ ներկրելու համար 2011-2020 թթ․ Հայաստանը ծախսել է 6 մլն դոլար, 2018-2020 թթ․ զրահամեքենաներ ձեռք բերելու համար ծախսեր չեն եղել։ Հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու համար 2011-2020 թթ․ ընթացքում Հայաստանը ծախսել է 41 մլն դոլար․ այս ողջ գումարը ծախսվել է 2019-ի ընթացքում։  Ինքնաթիռներ ձեռք բերելու համար 2011-2020 թթ․ ընթացքում Հայաստանը ծախսել է 194 մլն դոլար, որից 190 մլն դոլարը ծախսվել է 2019-ին։ Հիշեցնենք, որ 2019-ին Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել 4 միավոր «ՍՈՒ-30» կործանիչ։ Փաստորեն, 2019 թ․ ռազմական ներկրումների համար ծախսված 248 մլն դոլարից 190 մլն դոլարով (2019-ին ծախսված գումարի 76․61%) ձեռք են բերվել «ՍՈՒ-30» կործանիչներ։ 2020-ի պատերազմից հետո ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանն ասուլիս տվեց, որի ընթացքում անդրադարձավ նաև «ՍՈՒ-30»-ներին՝ նշելով, որ դրանք  չեն կրակել պատերազմի ընթացքում։ Հակոբյանը մեղադրեց իշխանությանը, որ զենք է ձեռք բերել՝ չկարդալով ՌԴ կառավարության որոշումը, թե որ զինամթերքն իրեն չեն վաճառելու․ «Այն զինամթերքը, որ ձեռք է բերվել, ՌԴ կառավարության որոշմամբ, այդ զինամթերքի՝ երկրորդ երկրին վաճառելն արգելվում է, դրա համար այդ «ՍՈՒ-30»-ները Հայաստանում են առանց զինամթերքի»։ Անդրադառնալով «ՍՈՒ-30»-ներն առանց հրթիռների ձեռք բերելու և վերջին պատերազմի ժամանակ չկիրառվելու հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է․ «Մեզ ասում են` ինչի եք ինքնաթիռ գնել։ Այո, մենք ինքնաթիռ ենք գնել, որոնք մայիսին են բերվել, և այո, չենք հասցրել հրթիռները մինչև պատերազմը ձեռք բերել։ Բա ինքնաթիռները դուք ձեռք բերեիք, որ մենք էլ հասցնեինք հրթիռները ձեռք բերել։ 26 տարվա պետությունը ինչու՞ չուներ կործանիչ ավիացիա»։ Փաշինյանի խոսքով՝ կոնկրետ ռազմական իրավիճակում «ՍՈՒ-30»-ների օգտագործման կամ չօգտագործման վերաբերյալ որոշումները կայացվել են՝ հաշվի առնելով, թե եղած սպառազինությունը որքանով է հնարավորություն տալիս, որ դրանք կատարեն իրենց առաջ դրված մարտական խնդիրները․ «Ցավոք, պատերազմի ընթացքում մենք չէինք հասցրել ձեռք բերել անհրաժեշտ աքսեսուարները, հրթիռները, որ հնարավորություն կտային «ՍՈՒ-30 ԷսԷՄ» գերժամանակակից զենքը կիրառել իր նշանակությամբ ու հզորությամբ»։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը որպես իր կառավարման ժամանակահատվածի դրական արդյունք է ներկայացնում սպառազինության ներկրման ծախսերի ավելացումը, սակայն այդ ծախսերի մեծ մասով ձեռք են բերվել առանց հրթիռների «ՍՈՒ-30»-ներ, որոնք պատերազմի ժամանակ չեն կիրառվել։ Ստոկհոլմի՝ Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտը  տվյալներ ունի Հաայաստանի՝ սպառազինության ներկրման ծախսերի վերաբերյալ՝ սկսած 1993-ից։ 1993-2020 թթ․ ընթացքում Հայաստանը սպառազինություն ներկրելու համար ծախսել է, ընդհանուր առմամբ, 916 մլն դոլար, որից 300 մլն դոլարը՝ 1993-ից 1997 թթ․, 121 մլն դոլարը՝ 1998-2007 թթ․, 247 մլն դոլարը՝ 2008-2017 թթ․, 248 մլն դոլարը՝ 2018-2020 թթ․։ Աննա Սահակյան
18:15 - 10 հունիսի, 2021
Ես միշտ կողմ եմ համերաշխության կոալիցիաներին․ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նախկին նախագահների հետ հնարավոր համագործակցության մասին

Ես միշտ կողմ եմ համերաշխության կոալիցիաներին․ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նախկին նախագահների հետ հնարավոր համագործակցության մասին

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ ցուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցին։  «Իմ առաջարկը մերժվել է (երեք նախագահների դաշինք կազմելու վերաբերյալ, խմբ․), և այլևս դրան վերադառնալ հնարավոր չէ։ Ուրիշ բան, եթե խորհրդարանում այնպիսի վիճակ ստեղծվի, մենք էլ անցնենք, Նիկոլն էլ, Ռոբերտն էլ, ուրիշները, և որևէ մեկը մեծամասնություն չունենա, ստիպված պետք է գնանք կոալիցիաներ ձևավորելուն։ Մենք կնայենք, կտեսնենք։  Ես միշտ կողմ եմ համերաշխության կոալիցիաներին, թեև դրանք Հայաստանի համար նոր պրոբլմներ ստեղծելու մի երևույթ է կոալիցիա կոչեցյալը, որը կարող է վեց ամիսը մեկ փոխվել, և կընկնենք այն երկրների շարքը, որոնք տարին մեկ երկու երեք կառավարություն են փոխում։ Վատ վարիանտ է, բայց եթե ուրիշ ելք չկա, իհարկե պետք է փորձենք։ Կփորձենք սխալ որոշումներ չկայացնել»։ Դիտարկմանը, որ և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Սերժ Սարգսյանին, և Նիկոլ Փաշինյանին ինքն է բերել քաղաքականությունը, առաջին նախագահն ասաց․ “Ես ոչ իրենց ծնողն եմ, ոչ էլ իրենց ծնողական ժողովի նախագահն եմ, իրենք իրենց ուժերով դարձել են այդպիսի դեմքեր, ես չեմ ծնել ոչ մեկին»։ Անդրադառնալով մեղադրանքներին, ըստ որոնց իր՝ նախագահ լինելու շրջանում է Ղարաբաղը դուրս բերվել բանակցություններից, Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց․  «Ղարաբաղյան կարգավորման պրոցեսի միակ ատյանը Մինսկի խմբի համանախագահությունն է, ուրիշ ոչինչ, իսկ Ղարաբաղը այդ ատյանում ճանաչված էր որպես լիիրավ հակամարտող կողմ։ Կողքի բանակցությունները, որոնք միշտ էին ընթանում,  եթե չընթանային, ոչմիբան չէր ստացվի։ Ասում են՝ իբր Ժիրայր Լիպարիտյանը մի տարի բանակցել է Գուրզադեի հետ։ Այո, խոսել են, դա բանակցություն չի, բանակցությունը այն է, երբ այդ օրգանը, որտեղ դու բանակցում ես, որոշումներ է կայացնում։ Որոշումներ կայացնում էր միայն  ՄԽ համանախագահությունը, իսկ դրանից դուրս հազար ու մի կոնսուլտացիաներ կարող էին լինել՝ շոշափելու համար Ադրբեջանի մտադրությունները, տրամադրությունները և այլն։ Փոխանակ դա քաջալերեին, գովեին, միջազգային հանրությունը գովում էր, բայց Ռոբերտ Քոչարյանը հետին թվով, (այն ժամանակ ինքն էլ չէր բողոքում բացարձակապես, չկա այդպիսի բան, չեք գտնի),  հիմա մի պատրվակ է գտել, որ իբր Ղարաբաղին հակամարտության կողմից հեrացրել են Լևոն Տեր Պետրոսյանը և Ժիրայր Լիպարիտյանը»։
15:09 - 10 հունիսի, 2021
Պետությունը պետք է հնարավորություն տա սփյուռքի հայրենակիցների կողմից ընտրված պատգամավորներ ունենալ ԱԺ-ում․ Արթուր Վարդանյան

Պետությունը պետք է հնարավորություն տա սփյուռքի հայրենակիցների կողմից ընտրված պատգամավորներ ունենալ ԱԺ-ում․ Արթուր Վարդանյան

Մեր միտքը, մեր գաղափարն այնպիսին է, որ Հայաստանն ու Արցախը՝ որպես հայրենիք, պատկանում են համայն հայությանը։ Եթե մենք ունենք բազմամիլիոնանոց սփյուռք, մտածում ենք, որ այդ սփյուռքը պետք է իր ներգրավվածությունն ունենա մեր երկրի պետականաշինության մեջ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց «Համահայկական ազգային պետականություն կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Արթուր Վարդանյանը։ «Հենց հիմքում դա է դրված․ բոլորս պետք է մեր լուման կարողանանք ներդնել, այդ հնարավորությունն ունենանք և մասնակից դառնանք մեր պետականաշինության և մյուս ոլորտներում»,- ասաց նա։ Վարդանյանի խոսքով՝ պետությունը պետք է փոխի օրենքների ամբողջ փաթեթը, ինչը վերաբերում է սփյուռքին, և հնարավորություն տա մեր սփյուռքի հայրենակիցների կողմից ընտրված պատգամավորներ ունենալ ԱԺ-ում։  «Իհարկե, իրավական նորմեր պետք է լինեն, որ այդ մարդիկ լինեն ՀՀ քաղաքացի և այլն, բայց հնարավորություն տալ ընտրել իրենց իսկ ներկայացուցչին, ովքեր կարող են գործ անել ՀՀ-ում և ԱԺ-ում՝ ներկայացնելով հենց սփյուռքին։ Իմ կարծիքով՝ դա բավականին մեծ վստահության քվե կլինի նրանց համար»,- նշում է Վարդանյանը։ Անդրադառնալով՝ պատերազմին և դրա չկրկնվելու անհրաժեշտության թեմային՝ Արթուր Վարդանյանն ասաց․ «Մեր բանակը պետք է լինի մեր պետության գրավականը և երաշխիքը մեր անվտանգության։ Հզորացնել բանակը և բանակի հետ համատեղ հզորացնել մեր դիվանագիտությունը։ Պետք է ստեղծենք այնպիսի արտաքին քաղաքականություն, որը պետք է լինի անփոփոխ՝ անկախ նրանից, թե ով է գալիս իշխանության։ Եվ պետք է ունենանք Պաշտպանության նախարարություն, որտեղ ՊՆ-ն պետք է իր գործով զբաղվի՝ անկախ նրանից, թե ով է գալիս իշխանության»։
11:18 - 10 հունիսի, 2021
Պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները․ մաս առաջին [«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն]

Պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները․ մաս առաջին [«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն]

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների գրանցվելուց հետո վերջիններս ներկայացրել են հայտարարագրեր, որում ներառված են ինչպես կուսակցության, այնպես էլ կուսակցությունում ներգրավված պատգամավորի թեկնածուների գույքի, եկամտի և շահերի հայտարարագրերը։ Արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել է նախընտրական քարոզչությունը և շարունակվելու է մինչև հունիսի 18-ը։ Հունիսիս 20-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրն է։  Infocom-ն ուսումնասիրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածուների ներկայացրած հայտարարագրերը, որոնցում ընդգրկված են գործարարներ և բավականին շատ դրամական միջոցներ ունեցող անձինք։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված են 157 պատգամավորի թեկնածուներ, որում ներառված չեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Կուսակցության վարչապետի թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը, հայտարարագրի ներկայացման պահին չի ունեցել և չի հայտարարագրել դրամական միջոցներ։ Վարչապետի թեկնածուն չի հայտարարագրել նաև շարժական և անշարժ գույք։ Վերջինս միայն ներկայացրել է աշխատավարձից ստացված եկամուտը։ Կուսակցության ամենահարուստ, ամենաշատ դրամական միջոցներ հայտարարագրած թեկնածուն Գուրգերն Արսենյանն է։ Վերջինս հայտարարագրել է 26 մլն 520 հազար ՀՀ դրամ, 11 մլն 702 հազար 131 ԱՄՆ դոլար և 140 հազար 200 եվրո գումար։ Եթե ամբողջը վերածենք ՀՀ դրամի, ապա պատգամավորի թեկնածուն հայտարարագրել է 6 մլրդ 164 մլն 567 հազար ՀՀ դրամ։ Արսենյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ վերջինս ունի 18 անշարժ գույք, այդ թվում 4 շենք, 3 շինություն և 11 հողամաս։ Արսենյանն ունի 4 մեքենա՝ «Ռենջ Ռովեր L405», «Մերսեդես Բենց S63», «Նիսսան X-Trail 2.5l» և «Բենտլի Bentayga 4.0T»։ Պատգամավորի թեկնածու Գուրգեն Արսենյանը հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող 22 թանկարժեք գույք, այդ թվում 51 մլն 300 հազար դրամ և 82 մլն դրամ արժողությամբ 2 ժամացույց, 32 մլն 55 հազար դրամ արժողությամբ 1 ոսկյա ձուլակտոր և  532 մլն 900 հազար դրամ արժողությամբ 19 նկար։ Արսենյանը 8 ընկերությունների՝ «Արսօյլ» ՓԲԸ (100%), «Յունիքորն ֆլորա» ՓԲԸ (100%), «Յունիքորն փրինթ» ՓԲԸ (100%), «Յունիքորն քոնսթաքշըն» ՓԲԸ (100%), «Յունիքորն գրուպ» ՓԲԸ (100%), «Յունիքորն սերվիս» ՓԲԸ (100%), «Վկրեդիտ 24» ՍՊԸ (13%), և «Էլդորադո-Արմեն» ՍՊԸ (51%) բաժնետեր է։ Հայտարարագրած դրամական միջոցներով երկրորդ տեղում է Խաչատուր Սուքիասյանը։ Վերջինս հայտարարագրել է 4 մլրդ 851 մլն 752 հազար ՀՀ դրամ, 2 մլն 5 հազար 651 ԱՄՆ դոլար և 185 հազար եվրո գումար։ Սուքիասյանի հայտարարագրած դրամական միջոցները ՀՀ դրամի վերածած կազմում է շուրջ 6 մլրդ 4 մլն 853 հազար ՀՀ դրամ։ Սուքիսայանը հայտարարագրել է 37 անշարժ գույք, այդ թվում 22 շինություն և 15 հողամաս։ Սուքիասյանը հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող 29 թանկարժեք գույք, այդ թվում 4 նկար «Գրիգորի Խանջյան», 2 նկար «Մարտիրոս Սարյան», 3 նկար «Մինաս», 1 նկար «Կոջոյան», 5 նկար «Գարզու», 1 նկար «Ա․ Ֆյոդորով», 2 նկար «ԱվեԱրթուր», 2 նկար «Վարդան», 2 նկար «Գուռուզ», 5 ձեռագործ հնաոճ խալի, 1 հնաոճ կահույք և 1 հնաոճ տնային ժամացույց։ Նշված թանկարժեք գույքերի արժեքները նշված չեն։ Խաչատուր Սուքիասյանը «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում ունի 12․02% հասարակ և 5,75% արտոնյալ բաժնետոմս, «Սիլ Ինշուրանս» ՓԲԸ-ում և «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ում 25% բաժնետոմս, «Նարեկ» ՍՊԸ-ում, «Սիլ Կոնցեռն» ՍՊԸ-ում և «Առաջ» ՍՊԸ-ում 25% բաժնեմաս, «Երևանի «Զովք» գործարան» ՀՁ ԲԲԸ-ում 16% բաժնետոմս, «Բջնի գրուպ» ՍՊԸ-ում 20% բաժնեմաս, «Ինլոբբի» ՍՊԸ-ում 90% բաժնեմաս, «Գլոբալ մայնինգ» ՍՊԸ-ում 100% բաժնեմաս և «Երևանի «Պոլիպլաստ» գործարան» ՀՁ ԲԲԸ-ում 45․17% բաժնետոմս։ Ընդհանուր առմամբ Խաչատուր Սուքիասյանը բաժնեմասեր և բաժնետոմսեր ունի 11 ընկերությունում։ Կուսակցության նախընտրական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Տիգրան Պետրոսյանը հայտարարագրել է 78 մլն 450 հազար ՀՀ դրամ և 70 հազար ԱՄՆ դոլար գումար որպես հայտարարագրման պահին առկա դրամական միջոց։ Ընդհանուր առմամբ Տիգրան Պետրոսյանի հայտարարագրած գումարը ՀՀ դրամով կազմում է 114 մլն 640 հազար ՀՀ դրամ։ Պատգամավորի թեկնածուն հայտարարագրել է 2 մեքենա և 4 անշարժ գույք, այդ թվում 2 բնակարան և 2 հողամաս։ Ըստ հայտարարագրած դրամական միջոցների՝ հաջորդը Ռոբերտ Աֆանդյանն է։ Վերջինս հայտարարագրել է 20 մլն ՀՀ դրամ և 70 հազար ԱՄՆ դոլար գումար։ Ռոբերտ Աֆանդյանի դրամական միջոցները ՀՀ դրամով կազմում են 56 մլն 190 հազար։ Աֆանդյանը հայտարարագրել է 4 անշարժ գույք, այդ թվում 3 բնակարան և 1 տարածք։ Պատգամավորի թեկնածուն ունի 3 ավտոմեքենա՝ «Մերսեդես E-350», «Մերսեդես ML» և «Օպել Աստռա G»։ Աֆանդյանը հայտարարագրել է 2 ոսկե շղթա 8 մլն դրամ արժողությամբ։ Նշված 4 պատգամավորի թեկնածուներն ամենաշատ դրամական միջոց հայտարարագրածներն էին։ Ինչպես նաև նրանցից երկուսը բացի հայտարարագրած դրամական միջոցներից, ունեն նաև մեծաքանակ թանկարժեք գույք, անշարժ և շարժական գույք, ինչպես նաև մի շարք ընկերությունների բաժնետեր են։ Սակայն կան պատգամավորի թեկնածուներ, որոնց դրամական միջոցները շատ չեն զիջում ներկայացվածներից։  Պատգամավորի թեկնածուներից ոմանց մոտ 2018 թվականի խոհրդարանական ընտրություններից հետո դրամական միջոցները շեշտակի ավելացել են։ Օրինակ՝ պատգամավորի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը 2018 թվականի ընտրություններից առաջ որպես դրամական միջոց հայտարարագրել է 400 հազար ՀՀ դրամ, այս ընտրություններից առաջ դրամական միջոցները 16 մլն 350 հազար են։ Ռոմանոս Պետրոսյանը 2018 թվականի ընտրություններից առաջ որպես դրամական միջոց հայտարարագրել էր 450 հազար ՀՀ դրամ, այժմ հայտարարագրել է 11 մլն 768 հազար ՀՀ դրամ։ Սուրեն Պապիկյանը 2018 թվականի ընտրություններից առաջ հայտարարագրել էր 2 մլն 500 հազար ՀՀ դրամ և 1000 ԱՄՆ դոլար, որը դրամի վերածած կազմում է շուրջ 3 մլն 17 հազար։ Այս ընտրություններից առաջ հայտարարագրել է 14 մլն ՀՀ դրամ, 13 հազար ԱՄՆ դոլար և 4500 եվրո դրամական միջոց։ Վերջինները դրամի վերածած կազմում են 23 մլն 547 հազար դրամ, ինչը նախորդ հայտարարագրածից ավելի է շուրջ 20 մլն 530 հազարով։ Ընդհանուր առմամբ, եթե դիտարկենք հայտարարագիր ներկայացրած բոլոր պատգամավորի թեկնածուների միայն դրամական միջոցները, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում տեղ գտած անձանց դրամական միջոցները միասին կազմում են 5 մլրդ 558 մլն 492 հազար ՀՀ դրամ, 14 մլն 304 հազար 488 ԱՄՆ դոլար, 417 հազար 192 եվրո, 270․000 ռուբլի, 45 լարի և 0,5 բիթքոին։ Եթե վերածենք ՀՀ դրամի, ապա ընդհանուր առմամբ կուսակցության թեկնածուների դրամական միջոցները կազմում են 14 մլրդ 805 մլն 635 հազար ՀՀ դրամ և 0,5 բիթքոին։ Նշենք, որ սրանք միայն դրամական միջոցներն են, որոնցում ներառված չեն անշարժ և շարժական գույքը, ինչպես նաև թանկարժեք գույքը։ Վերևում ներկայացված 4 թեկնածուների եկամուտը միասին կազմում է 12 մլրդ 340 մլն 250 հազար, որը կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդհանուր դրամական միջոցների 83․3%-ն է։ Նարեկ Մարտիրոսյան
18:05 - 09 հունիսի, 2021
Այս իշխանությունը գերիների հարցը մատնել է անտարբերության․ Դավիթ Հարությունյան

Այս իշխանությունը գերիների հարցը մատնել է անտարբերության․ Դավիթ Հարությունյան

Ցավով պետք է նշեմ, որ այս իշխանությանը  գերիների խնդիրը ընդհանրապես չի մտահոգում, երբեք չի մտահոգել ։  Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ նոյեմբերյան հայտարարություն մեջ բոլոր հարցերին անդրադարձ է կատարված շատ հստակ ժամանակացույցով, իսկ գերիների հերցին ընդհանարպես անդրադարձած է շատ ընդհանուր տերմինաբանությամբ։ Այսինքն երբ խոսքը վերաբերում էր հողերը վերադարձնելուն, ապա այս իշխանությունը շատ հստակ վերցնում է պարտավորություններ և նշում է ժամկետներ, երբ խոսքը գնում է գերների վերադարձին՝ որևէ ժամկետ չեք գտնի։ Այս մասին այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի ասուլիս ընթացքում ասաց Դավիթ Հարությունյանը։ Վերջինս հավելեց․ «Այս ձեռագիրը մենք տեսնում ենք հետագա ողջ գործունեության ընթացքում՝ հունվարյան հայտարարության մեջ որևէ խոսք չեք տեսնի գերիների մասին, սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին նախագծի մասին որևէ խոսք չեք գտնի գերիների մասին։ Այս իշխանությունը գերիների հարցը մատնել է անտարբերության»։ Անդրադառնալով ԱԳ նախարար Արա Այվազյանի հրաժարականին և հրաժեշտի խոսքի բովանդակությանը, Հարությունյանը նշեց, որ իր կարծիքով այդ հայտարարության մեջ դետալները քիչ էին, սակայն Այվազյանը հստակ ներկայացրել է իրավիճակը։  «Եկեք ուշադրություն դարձնենք, թե ինչ հիմնական բանակներ կան, կամ ինչ հիմնական ուժեր կան յուրաքանչյուր երկրում, որը պայքարում է անվտանգության համար՝ դա Զինված ուժերն են և հետո դիվանագիտական կորպուսը։ Երեք տարի շարունակ ամեն ինչ արվեց, որպեսզի ջախջախվի մեր Զինված ուժերը, որպեսզի կազմալուծվեն և հետագայում արվեցին քայլեր, որ ջախջախվի մեր դիվանագիտական կորպուսը, այսինքն այսօր այդ մարտադաշտում մենք նույնպես զինվոր չունենք, ինչպես սահմանին»,- ավեալցրեց Հարությունյանը։ Լրագրողի այն հարցին, թե ինչպես Հարությունյանը կմեկնաբանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարությունը՝ նախկինում զինվորներին մատակարարավող սննդի մասին, Հարությունյանը պատասխանեց, թե չի կարող պատասխանել զառանցանքների։  «Չեմ կարող պատասխանել մի մարդու, ում կարծիքով Զինված ուժերի հիմնական սկզբունքը ելակն է, ամենևին իմ ասածը չի նշանակում, թե մեր զինվորները եղել են սոված, նման բան չի եղել։ Ուղղակի այդ մարդը երբևէ չծառայելով չի պատկերացնում ինչ է Զինված ուժերը, իհարկե այդտեղ ռեստորանային սննունդ չի մատակարարվում, այն ինչ ինքն ասում է զառանցանք է։ Մեկ այլ զառանցանք  է այն, որ իրեն հաջողվել է  վերջին ժամանակաշրջանում ապահովել ավելի շատ թե՛ զենք, թե՛ ռազմամթերք, և վերազինել բանակը, որովհետև իրականում նա արել է հակառակը։ Նա մսխել է պաշտպանության բյուջեի միջոցները անիմաստ ձևով դրանով իսկ քայքայելով մեր Զինված ուժերը ։ Իհարկե, դա միակ ուղղությունը չի եղել, այլ ուղղություններով նույնպես քայլեր են արվեն Զինված ուժերը քայքայելու համար»,- եզրափակեց Հարությունյանը։
13:24 - 09 հունիսի, 2021
Ժողովրդի անվտանգությունը ապահովելու մի տարբերակ կա․ դա Ռուսաստանն է․ Գագիկ Ծառուկյան

Ժողովրդի անվտանգությունը ապահովելու մի տարբերակ կա․ դա Ռուսաստանն է․ Գագիկ Ծառուկյան

Ես գնում եմ մենակ, իմ թիմի հետ։ Իմ ծրագրերը իրականացնելու համար հարկավոր է, որ կարողանամ ունենալ մեծ ձայներ, որ իմ ասածները անմիջապես կյանքի կոչեմ, մի բան էլ ավել անեմ։ Գավառում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավի ընթացքում ասաց կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ «Ես ուզում եմ իմ հնարավորությունը, ծանոթությունը, կապերը, փորձը օգտագործելով իմ երկիրը զարգանա, իմ երկիրը հզորանա, ժողովրդի վիճակը բարեկեցիկ լինի, գնացողները հետ վերադառնան, մենք կարող ենք անել դա»։ Ծառուկյանը նաև անվտանգությանը վերաբերող հարցերին անդրադարձավ։ «Ժողովրդի անվտանգությունը ապահովելու մի տարբերակ կա, դա Ռուսաստանն է՝ դարավոր մեր գործընկերը, բարեկամը, հարազատը, որ միշտ ցույց է տվել, որ մեզ հետ է ցանկացած հարցով, որ մեր կողքին է եղել։ Այսօր պետք է այդ բարեկամական հարաբերությունը ոչ թե միայն խոսքով, այլ պետք է իրոք մարդկային, բարեկամական իրականացնենք, ամրապնդենք և այսօր սահմանների վրա պետք է կանգնած լինի հայ և ռուս զինվորը: Իրենք ուս ուսի տված, ուս ուսի կանգնած, որ մարդիկ ապահով լինեն, զինվորն էլ ապահով լինի, և մենք էլ ապահով լինենք»։ Ծառուկյանը նաև ասաց, որ գումար պետք է ներդնեն փակ գործարանները բացելու համար։ «Մենք պետք է հասնենք զարգացման, աշխատանքի, ներդրման։ Առանց գումարի չի լինելու։ Չի կարող լինի։ Գումար պետք է դնենք տարեկան 2 միլիարդ, միլիարդ ու կես, որ փակ գործարանները բացենք, գյուղատնտեսական հողերը մշակենք՝ ինչ-որ կարելի է մշակել, ինչ- որ կարելի է արտադրել։ Լիարժեք դրա սպառումը աշխարհով մեկ կա, որ կարողանան սպառեն, բյուջեի գումարը ավելանա, դրա հիման վրա կարա բարձրանա թոշակը, աշխատավարձը, որ լիարժեք դա պետք է մենք անենք»։ Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ անհրաժեշտ է բացել գյուղատնտեսության նախարարությունը։ «Գյուղնախարարը չի կարող 5 հատ նախարարություն լինի միասնական մի հատ ղեկավար։ Ամեն մի նախարար մի ոլորտի համար պետք է պատասխան տա»։
17:42 - 08 հունիսի, 2021
Հակված ենք լրացուցիչ անվտանգության երաշխքիներ ներգրավել՝ դիմելով համաշխարհային հանրությանը․ Արամ Սարգսյան

Հակված ենք լրացուցիչ անվտանգության երաշխքիներ ներգրավել՝ դիմելով համաշխարհային հանրությանը․ Արամ Սարգսյան

Մեր նախընտրական կարգախոսն է անվտանգություն և աշխատատեղ։ Մենք համարում ենք, որ այդ երկու բաղադրիչները իրար հետ փոխկապկացված են։ Այս մասին Էջմիածնում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը «Առանց ուժեղ տնտեսության չկա ուժեղ բանակ, չկա ուժեղ գիտություն, չկա ուժեղ առողջապահություն, չկա ուժեղ սոցիալական ապահովություն, և որպես խնդրի լուծման տարբերակ առաջարկում ենք հույսներս դնել մեր ունեցած մարդկային և բնական ռեսուրսների վրա, շահագործել մեր ունեցած հանքային բոլոր ռեսուրսները, կառավարել մեր ունեցած ջրային ռեսուրսները, դրանից եկած փողը տանել բանակ, տանել գիտություն և կրթություն, սպառազինել մեր բանակին այնպես, որ կարողանա առաջիկա մի քանի տարի հետո արդեն իսկ շատ լուրջ հակահարված տալ թշնամուն, որ թշնամին մեր սահմանները խախտելուց առաջ փորձի մտածել»։ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի ռազմավարական գործընկերը իր պահվածքով չի բավարարում այն չափանիշները, որպեսզի կարողանա օժանդակել ՀՀ-ի սահմանները պահելուն։ «Ավելին՝ օժանդակում է հակառակորդին, և մենք հակված ենք լրացուցիչ անվտանգության երաշխքիներ ներգրավել՝ դիմելով համաշխարհային հանրությանը, դիմելով ՄԱԿ-ին, դիմելով Մինսկի խմբի եռանախագահող երկներին՝ այս խնդրում իրենց մասնակցությունն ունենալու, որովհետև մենք համոզված ենք, որ եռակողմ համաձայնագիրը բխում է Ադրբեջանի շահերից, որ եռակողմը իրականում քառակողմ է և դրանում մասնակցում է Թուրքիան, որ փաստաթուղթը ստորագրելուց հետո անցել է վեց ամիս և վիճակը ոչ միայն չի կայունացել, այլ օր օրի համար ավելի վատ հանգամանքներ են ի հայտ գալիս, և այս տեմպը շարունակվելու դեպքում եթե որևէ փոփոխություններ չլինեն, մենք անընդհատ կորցնելու ենք, դրա համար արտաքին քաղաքական նոր խաղացողների ներգրավում է պետք»։
16:02 - 08 հունիսի, 2021
Արդարադատության նախարարությունը պետական գրանցում է տվել հիմնադիր համագումարի ժամանակ 300 անդամ չապահոված կուսակցությունների

Արդարադատության նախարարությունը պետական գրանցում է տվել հիմնադիր համագումարի ժամանակ 300 անդամ չապահոված կուսակցությունների

2020-ի դեկտեմբերին փոփոխություններ և լրացումներ կատարվեցին «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում։ Ի թիվս այլնի, փոփոխություններ եղան նաև նոր կուսակցությունների պետական գրանցման գործընթացում։ Եթե նախկինում հիմնադիր համագումարի ժամանակ կուսակցության ստեղծմանը պետք է կողմ քվեարկեր 100 հիմնադիր անդամ, ապա այժմ այդ թիվը պետք է լինի 300։ Սա նշանակում է, որ կուսակցությունն իր ստեղծման պահին պետք է ունենա առնվազն 300 հիմնադիր անդամ։ Օրենքն ուժի մեջ մտավ 2021-ի հունվարի 20-ին, ինչը նշանակում է, որ հունվարի 20-ից հետո հիմնադիր համագումար անցկացրած բոլոր կուսակցությունները պետք է ունենան առնվազն 300 հիմնադիր անդամ, որոնք համագումարի ժամանակ կողմ են քվեարկել կուսակցության գրանցմանը։ «Կուսակցությունների մասին» օրենքով նաև սահմանվում է, որ պետական գրանցման նպատակով կուսակցությունը պետական լիազոր մարմին պետք է ներկայացնի հիմնադիր համագումարում կուսակցության ստեղծման մասին որոշմանը կողմ քվեարկած հիմնադիրների անունները, ազգանունները, անձնագրերի պատճենները, ստորագրությունները (հոդված 9)։ Infocom-ը ներկա է եղել կուսակցությունների՝ ապրիլի 22-ից հետո անցկացված հիմնադիր համագումարների մեծ մասին՝ հասկանալու համար, թե արդյո՞ք բոլոր կուսակցություններն են ապահովել 300 հիմնադիր անդամներ, և եթե այդ թիվը չի ապահովվել, արդարադատության նախարարությունը գրանցե՞լ է այդ կուսակցությունները, թե՞ ոչ։   2021-ին գրանցված կուսակցություններ, որոնց հիմնադրմանը կողմ չի քվեարկել 300 հիմնադիր անդամ Infocom-ը ներկա է եղել «Միասնական Հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարին։ Հիմնադիր անդամների թիվը չէր գերազանցում 80-ը։ Կուսակցությունը, սակայն, մայիսի 25-ին պետական գրանցում է ստացել։ «Միասնական Հայրենիք»-ի նախագահը Մհեր Տերտերյանն է։ «Շանթ դաշինք»-ի հիմնադիր համագումարի ժամանակ սրահում չկար 300 աթոռ, և զբաղված էին ոչ բոլոր աթոռները, հետևաբար՝ 300 հիմնադիր անդամ չէր կարող ապահովված լինել։ Կուսակցությունը պետական գրանցում է ստացել մայիսի 24-ին, նախագահը Շահեն Հարությունյանն է։ Infocom-ը ներկա չի եղել պետական գրանցում ստացած «Ազգ-բանակ-հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարին, սակայն հրապարակված տեսանյութերում երևում է՝ սրահում ներկա չէ 300 մարդ, այսինքն՝ հիմնադիր համագումարի ժամանակ կուսակցության ստեղծմանը կողմ չի քվեարկել 300 հիմնադիր անդամ, ինչպես պահանջում է օրենքը։  Կուսակցության նախագահը Ռուբեն Գևորգյանն է։ «Արդար Հայաստան» կուսացկությունը երկու ամիս առաջ անցկացրել էր հիմնադիր համագումար, բայց արդարադատության նախարարությունը վերադարձրել էր դիմումը։ Համացանցում եղող տեսանյութերից չենք կարող միանշանակ ասել՝ հիմնադիր համագումարին 300 անդամ եղե՞լ է, թե՞ ոչ։ Դիմումի վերադարձից հետո տեղի է ունեցել «Արդար Հայաստան»-ի նոր հիմնադիր համագումարը։ Այս համագումարի ժամանակ, որին մենք ներկա էինք, սրահում աթոռների թիվն առավելագույնը 250 էր, համագումարը մեկնարկելու պահին ոչ բոլոր աթոռներն էին զբաղված, այսինքն՝ 300 հիմնադիր անդամ չէր կարող ապահովվել, ինչը երևում է նաև կուսակցության տարածած հոլովակում։ Մայիսի 21-ին «Արդար Հայաստան» կուսակցությունը պետական գրանցում է ստացել։ Կուսակցության նախագահը Նորայր Նորիկյանն է։   Կուսակցություններ, որոնց հիմնադրմանը կողմ է քվեարկել առնվազն 300 հիմնադիր անդամ «Ինքնիշխան Հայաստան»-ի հիմնադիր համագումարին սրահում աթոռների թիվը 300-ից ավելի էր, գրեթե բոլոր աթոռները զբաղված էին, նաև կանգնած հիմնադիր անդամներ կային։ Հետևաբար, կուսակցությունը կարողացել է ապահովել առնվազն 300 հիմնադիր անդամ, ինչը երևում է նաև «Ինքնիշխան Հայաստան»-ի տարածած հոլովակում։ Կուսակցությունը պետական գրանցում է ստացել մայիսի 20-ին, նախագահը Դավիթ Սանասարյանն է։ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ էլ կար ավելի քան 300 հիմնադիր անդամ, ինչը երևում է նաև այլ տեսանյութերում։ Սրահում աթոռները 300-ից ավելի էին, կային նաև կանգնած հիմնադիր անդամներ։ Կուսակցությունը պետական գրանցում է ստացել մայիսի 19-ին, նախագահը Արա Զոհրաբյանն է։   Կուսակցություններ, որոնց հիմնադիր անդամների թիվն արձանագրել Infocom-ին չի հաջողվել Մինչև ապրիլի 29-ը արդարադատության նախարարությունը վերադարձրել է «Ձայն» կուսակցության պետական գրանցման դիմումը։ Կուսակցության երկրորդ հիմնադիր համագումարին Infocom-ը ներկա էր․ այդ ժամանակ փակ գաղտնի քվեարկությամբ հիմնադիր անդամները վերահաստատում էին հիմնադիր համագումարի ժամանակ ընդունած որոշումները, բայց քանի որ բոլոր հիմնադիր անդամները միաժամանակ չէին քվեարկում, իսկ առաջին համագումարից տեսանյութեր չկան, չենք կարող ասել, թե քանի հիմնադիր անդամ ունի կուսակցությունը։ «Ձայն»-ը մայիսի 25-ին պետական գրանցում է ստացել։ Պետական գրանցում ստացած «Վերելք», «Կայունություն», «Ազգ-բանակ-հայրենիք», «Իրավական պետություն», «Համահայկական ազգային պետականություն», «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական, «Ազատական» կուսակցությունների հիմնադիր համագումարներին Infocom-ը ներկա չի եղել։ «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական, «Ազատական» և «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունների հիմնադիր համագումարներից լուսանկարներ, տեսագրություններ համացանցում չկան, «Վերելք» և «Կայունություն» կուսակցությունների հիմնադիր համագումարների լուսանկարներից և «Իրավական պետություն» կուսակցության հիմնադիր համագումարի տեսանյութից էլ հնարավոր չէ հասկանալ՝ հիմնադիր անդամների թիվը 300-ի հասե՞լ է, թե՞ ոչ։ Infocom-ը փորձել է ներկա լինել ևս 4 կուսակցության հիմնադիր համագումարի, բայց այդ համագումարները կա՛մ հետաձգվել են, կա՛մ չեն կայացել։   2021-ին գրանցված կուսակցություններ, որոնց հիմնադիր համագումարը կայացել է մինչև օրենքի փոփոխությունները Այս տարի գրանցում ստացած «Արդարություն և հայրենիք», «Քրիստոնեա-ժողովրդավարական», «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք», «Իմ Հայաստան» կուսացությունների հիմնադիր համագումարները տեղի են ունեցել կա՛մ 2020-ին, կա՛մ մինչև 2021-ի հունվարի 20-ը, այսինքն՝ մինչև «Կուսակցությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելը։ Ամփոփելով նշենք, որ պետական գրանցում է ստացել «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելուց հետո հիմնադիր համագումար անցկացրած 12 կուսակցություն։ Այդ կուսակցություններից 5-ի հիմնադիր համագումարներին Infocom-ը ներկա է եղել և արձանագրել է, որ միայն 2-ի դեպքում է հիմնադիր անդամների թիվը եղել առնվազն 300, իսկ «Արդար Հայաստան»-ը, «Միասնական Հայրենիք»-ը և «Շանթ Դաշինք»-ը չեն ապահովել այդ թիվը։ «Ազգ-բանակ-հայրենիք» կուսակցության դեպքում էլ տարածված տեսանյութից է երևում, որ հիմնադիր անդամների թիվը չի հասել 300-ի։ Այսինքն՝ «Կուսակցությունների մասին» օրենքում կատարված փոփոխություններից հետո արդարադատության նախարարությունը պետական գրանցում է տվել առնվազն 4 կուսակցության, որոնք հիմնադիր համագումարներն անցկացրել են օրենքի առերևույթ խախտմամբ՝ չապահովելով 300 հիմնադիր անդամ։  Այդ չորս կուսակցություններից «Արդար Հայաստան»-ը և «Միասնական Հայրենիք»-ը մասնակցելու են սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին, իսկ «Շանթ Դաշինք»-ը և «Ազգ-բանակ-հայրենիք»-ը ընտրություններին մասնակցող կուսակցությունների ցանկում չկան։ Նոր ստեղծված կուսակցություններից ընտրություններին կմասնակցեն նաև «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական, «Վերելք», «Ազատական», «Ինքնիշխան Հայաստան», «Զարթոնք» ագային քրիստոնեական, «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունները։ Արդարատադության նախարարություն հարցում էինք ուղարկել՝ հասկանալու համար, թե արդյոք ԱՆ-ն տեղեկություններ ունի օրենքի փոփոխություններից հետո հիմնադիր համագումար անցկացրած կուսակցությունների հիմնադիր անդամների թվի վերաբերյալ, և ինչ մեխանիզմներով է ստուգում՝ կուսակցությունների ստեղծմանը 300 հիմնադիր անդամ կողմ քվեարկե՞լ է, թե՞ ոչ։ Նախարարությունից մեզ պատասխանել են, որ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի համաձայն` պետական գրանցման նպատակով կուսակցությունը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն է ներկայացնում կուսակցության հիմնադիր համագումարում կուսակցության ստեղծման մասին որոշմանը կողմ քվեարկած հիմնադիրների անունները, ազգանունները, անձնագրերի պատճենները, ստորագրությունները։ « «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին»  օրենքի 5-րդ հոդվածի համաձայն`  1. Պետական գրանցման կամ պետական հաշվառման համար դիմած անձի կողմից ներկայացված տեղեկատվությունը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի, գործակալությունը համարում է արժանահավատ:2. Գործակալությունը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, գործակալություն ներկայացվող տեղեկությունների ճշտության ստուգում չի իրականացնում և պատասխանատվություն չի կրում դրա հետևանքով առաջացած հնարավոր որևէ վնասի համար: Սույն մասով նախատեսված պատասխանատվության սահմանափակումը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ գործակալության աշխատակիցը գիտեր կամ ակնհայտորեն պարտավոր էր իմանալ փաստաթղթերի կեղծ լինելու մասին:3. Անձանց կողմից գործակալություն ներկայացված տեղեկատվությունը կարող է համարվել անարժանահավատ, եթե կա դա փաստող ապացույց կամ այլ անձանց ներկայացրած տեղեկատվություն:4. Դիմող անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում սխալ տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև իր տրամադրած սխալ տեղեկատվության հետևանքով առաջացած վնասի համար»,- ասված է ԱՆ պատասխանում:  Արդարադատության նախարարության պատասխանից կարող ենք ենթադրել, որ նախարարությունը հիմնվել է կուսակցությունների՝ հիմնադիր անդամների մասին ներկայացրած տվյալների վրա և չունի մեխանիզմներ, որոնցով հնարավոր կլինի ստուգել՝ կուսակցության ստեղծման մասին որոշմանը հիմնադիր համագումարի ժամանակ կողմ քվերակե՞լ է առնվազն 300 հիմնադիր անդամ, թե՞ ոչ։ Նարեկ Մարտիրոսյան, Աննա Սահակյան  
19:12 - 07 հունիսի, 2021
Վերջին երեք տասնյակ տարիների դառը փորձից չենք ուզում դասեր քաղել․ Լևոն Տեր-Պետրոսյան

Վերջին երեք տասնյակ տարիների դառը փորձից չենք ուզում դասեր քաղել․ Լևոն Տեր-Պետրոսյան

Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ծրագիրը ներկայացնելիս կուսակցության ցուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյնանն անդրադարձավ միջազգային հարաբերություններին։ Նրա խոսքով՝ մեր ազգի մեծամասնությունը, բոլոր  քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը դեռևս չեն հասկացել այն ճշմարտությունը, որ Ղարաբաղի հարցում Հայաստանը դաշնակից չունի․ «Հիմա դեռ կրկնում են՝ դե ոչինչ, եթե Ռուսաստանը չէ գործակիցը, ԱՄՆ-ն կլինի, Իրանը կլինի։ Սա նշանակում է, որ ոչ թե հին պատմության, այլ մեր օրերի, վերջին երեք տասնյակ տարիների դառը փորձից չենք ուզում դասեր քաղել, բացարձակապես։ Մենք մի անգամ սխալվել ենք 100 տարի առաջ, անցել է 70 տարվա այդ սովետական շրջանը, Ղարաբաղյան շարժումը 90-ական թվականներին լրջագույն դասեր էր քաղել պատմությունից, և մենք ստեղծեցինք պետություն, տարանք հաղթանակներ»։ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով՝ եթե մի սերնդի ընթացքում կրկնենք նույն սխալը, ընկնենք նույն անդունդը, կդառնանք աշխարհի համար խղճահարության արժանի ազգ․ «Կընկնենք Սոմալիի, Եմենի օրը, ուզո՞ւ մ ենք այդ երկրների շարքին դասվել»։ Տեր-Պետրոսյանն իր կուսակիցներին կոչ արեց վարել հանգիստ սառնասիրտ քարոզչություն․ «Երբեք բանակռվի մեջ չմտնեք ընդդիմախոսների հետ։ Ինչ կուզի՝ անեն, թող իրենց ցույց տան։ Ձեր փաստարկները այնքան հզոր են, որ բացարձականապես կարիք չունեք նման բանակռվի մեջ մտնելու»։
17:59 - 07 հունիսի, 2021
Ի՞նչ երկիր են կառուցելու Քոչարյանը կամ Փաշինյանը, նրանց կառուցածը արդեն տեսել ենք․ Լևոն Տեր-Պետրոսյան

Ի՞նչ երկիր են կառուցելու Քոչարյանը կամ Փաշինյանը, նրանց կառուցածը արդեն տեսել ենք․ Լևոն Տեր-Պետրոսյան

Սրանք սովորական ընտրություններ չեն։ Շատ պայթյունավտանգ իրավիճակ է Հայաստանում և առայժմ, իմ կանխազգացմամբ այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենախայտառակ, ամենավտանագավոր ընտրությունները։ Այս մասին ՀԱԿ նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը։ «Տեսնում եք՝ կա երկու բևեռ, որոնք հավակնում են ամեն գնով հասնել իշխանության, պատրաստ են ամեն ինչի։ Երկու կողմն էլ տիրապետում է հսկայական ֆինանսական, վարչական, քրեական ռեսուրսների։ Երկու կողմն էլ չեն խղճելու, դիմելու են ցանկացած քայլի՝ իրենց նպատակին հասնելու համար։ Ավելի վտանգավոր զարգացումների մասին չեմ ուզում խոսել, թե դա ինչի կբերի։ Այսինքն՝ ստեղծվում է մի վիճակ, որ այսպիսի դաժան պարտությունից հետո, երբ սովորական նորմալ ազգերը սթափության պահ են ապրում, հասկանալու պահի լրջությունը, հակառակը նրանք այդ պահը օգտագործում են երկրի վիճակը ավելի խոր փոսը նետելու համար»,- ասաց Տեր-Պետրոսյանը։ Վերջինս նշեց, ոչնչի առջև չեն կանգնելու, և կոչ արեց որևէ մեկի ազնիվ խոսքին չհավատալ, ո՛չ Քոչարյանի, ոչ Փաշինյանի։ «Մենք տեսել ենք, թե նրանց ազնիվ խոսքը ինչ է արժեցել մեր ժողովրդի համար։ Հիմա չգիտեմ Աստվածաշնչի վրա կերդվեն, թե Ղուրանի մեկ է։ Եթե որևէ մեկը հավատում է նրանց որևէ մեկի խոսքին, կներեք, ես արդեն կարող եմ կասկածել այդ մարդու խելքի կամ մակարդակի վրա»,- հավելեց նա։ Տեր-Պետրոսյանի խոսքով՝ կար մի հրաշալի միջոց այս վիճակից դուրս գալու, շատ հանդարտ, հանգիստ կատարելու իշխանափոխություն և ձևավորելու մի նորմալ, հրաշալի ճգնաժամային կառավարություն․ «Կար նման միջոց։ Եթե Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ընդունեին իմ առաջարկը՝ հանդես գալ դաշինքով, բայց մեկ պայմանով, որ մեզնից ոչ ոք՝ ոչ Քոչարյանը, ոչ Սարգսյանը, ոչ ես չենք հավակնելու պետական որևէ պաշտոն զբաղեցնելուն։ Միանգամից ամեն ինչ լուծվում էր։ Փաշինյան երևույթը կվերանար Հայաստանից, նախկին նախագահները հետ կքաշվեին, կձևավորվել մի հրաշալի, տեխնոկրատներից կազմված կառավարություն։ Մեր ժողովուրդը հոգնել է քաղաքականությունից, քաղաքական դեմքեր չի ուզում։ Հիմա այդպես պրոֆեսիոնալներ պետք է լինեին, ովքեր հանգիստ, 1-2 տարում կարող էին երկրի վիճակը շտկել, բայց Քոչարյանը և Սերժը մերժեցին այս առաջարկը»։ Հրաշալի լուծում էր, այդ խոսակցությունները, թե նախկինում իրար մորթել եք, հոշոտել եք, ինչ անբարոյական մարդիկ եք, որ հավաքվում, դաշինք եք կազմում։ Լավ, անբարոյական ենք, բայց մեր փրկության ձևը սա էր։ Հիմա սա չեղավ, ի՞նչ է լինելու, ճակատամարտ, դեռ չեմ ասում քաղաքացիական պատերազմ։ Առայժմ իրենց ռեսուրսների ճակատամարտն է, իրենց համակիրների, դրանով էլ չեն բավարարվելու, ընտրությունների ժամանակ երկու կողմից էլ հազարավոր խախտումներ են լինելու, հազարավոր խախտումների դեպքում միջադեպեր են լիենլու տեղամասերում և դա կարող է անկառավերլի դառնալ»։ Տեր-Պետրոսյանը նաև անդրադարձավ երկու ուժերի բերած ծրագրերին։ «Ոչ մի ծրագիր չկա, գոյություն չունի, այդ թղթերին, լավաշներին, իրենց մասնագետների պատրաստած փաստաթղթերին ինչ ասեմ, բացառձականապես հավատ չի կարելի ընծայել։ Հիշեք Ռոբերտ Քոչարյանը կամ Նիկոլ Փաշինյանը ինչ խոստումներ են տվել և որն են մինչև վերջ կատարել, այդպիսի բան չկա , գոյություն չունի։ Նրանք ասել են մի բան, արել են լռիվ այլ բան»։ Վարչապետի թեկնածուն ասաց, որ ընդամենը վրեժխնդրության հարց են լուծում․ «Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ չի թաքցնում, ասում է՝ ես գալու եմ և մեկ-մեկ բոլորին պատժելու եմ։ Նույնիսկ այն, որ իր շտաբներից մի երկուսի վրա հարձակում էր եղել, ասաց՝ իմացեք, բոլորիդ նկարել են, հենց վարչապետ դառնամ, պատժելու եմ։ Նա ուրիշ բան չգիտի, իր բնավորությամբ գիտե՞ք Ռոբերտ Քոչարյանն ինչպիսին է։ Եթե մանկապարտեզում մի երեխա պատահաբար իր ոտքը տրորել է այդ երեխայից ինքը հետագայում հաստատ հաշիվ է պահանջել, պատժել է նրան։ Առյուծի պատմությունը․ լավ, Նիկոլը սրբապատկեր էր սարքել այդ նկարը, պտտվում էր, ցույց էր տալիս։ Քոչարյանն էլ սկսեց կես ժամ պատմել, թե ինչ լավ բան է արել, գնացել առյուծներին խփել, իր նման հարուստ միլիարդատերների հետ հարցեր են լուծել, ինչ-որ գործարքներ են կնքել։ Ասում է, որ դա ընդունված է, շատ ճիշտ է ասում, բայց դուք հիշում եք մոտ 10 տարի առաջ Իսպանիայի թագավորը գահընկեց արվեց, որովհետև Աֆրիկայում փիղ էր սպանել»։ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նաև այն դրվագին, թե ինչու ինքն ու Քոչարյանը մերժեցին Փաշինյանի՝ բանավեճի հրավերը․ «Քոչարյանը իր ոճով կամ իր էությամբ շատ հոյակապ պատասխան տվեց, ասեց՝ ես Փաշինյանին ոչ թե բանավեճի այլ մենամարտի եմ հրավիրում, ի դեպ՝ ցանկացած զինատեսակով, այսինքն պարսատիկից, մինչև ատոմային ռումբ։ Ես մերժեցի Փաշինյանին, ուղղակի խղճահարությունից ելնելով, խղճացի, որովհետև այդ բանավեճը կարող էր Նիկոլի համար ինքնասպանություն լինել, դա ես չեմ ասում, այլ ինքը 2009 թվականին։ Ասել է՝ առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի, ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»։ Տեր-Պետրոսյանը ասաց, որ իր համար մի ապշեցուցիչ բան էր, որ Քոչարյանը արդեն քանի անգամ խոսում է արժանապատիվ խաղաղությունից․ «Ես իմ խոսքերը ձրի տալիս եմ բոլորին, բայց երբ ես արժանապատիվ խաղաղությունն առաջին անգամ արտասանեցի անմիջական արձագանքն այն է, որ Լևոնը հողերը տալիս ա, վերջ։ Հիմա խոսում է արժանապատիվ խաղաղության մասին կապիտուլյացիայից հետո, սա լավատգույն դեպքում կլինի ոչ թե արժանապատիվ խաղաղություն, այլ արժանապատիվ կապիտուլյացիա։ Ի՞նչ երկիր են կառուցելու Քոչարյանը կամ Փաշինյանը, նրանց կառուցածը արդեն տեսել ենք։ Նրանք ունեն շատ համակիրներ, որովհետև այդ բոլոր համակիրները մեկը քոչարյանով է մարդ դարձել, հարստացել, պաշտոն ստացել, մյուս մասն էլ Փաշինյանով։ Սա արհամարհելի գործոն չէ, նրանք հանուն իրենց անձնական նպատակների կգնան ամեն ինչի։ Իհարկե նաև ճամբարափոխ են լինում»։
17:40 - 07 հունիսի, 2021
Ընտրության ամբողջ տրամաբանությունը ոչ թե ընդդիմություն մասին է, այլ իշխանության․ Ռոբերտ Քոչարյան

Ընտրության ամբողջ տրամաբանությունը ոչ թե ընդդիմություն մասին է, այլ իշխանության․ Ռոբերտ Քոչարյան

1998 թվականից այդ քաղաքական գնահատականի թեման ինձ ուղղակի հետապնդում է։ Ես այն ժամանակ որոշել եմ գիծ քաշենք, հետ չնայենք, առաջ շարժվենք, քանի որ նաև տնտեսությունը շատ վատ վիճակում էր և համարում էի, որ պետք է համերաշխության, կանխատեսելիության մթնոլորտ ստեղծել, հետ չգնանք, զբաղվենք ապագայով։ Այս մասին Մեղրիում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ «Ինչ-որ տեղ հաջողության իհարկե հասել ենք, ինձ հաջողվեց որոշակի դինամիզմ հաղորդել երկրի զարգացմանը, բայց դա ստեղծեց այլ խնդիրներ։ Դու մի հարց լուծում ես, բայց մի նոր հարց է առաջանում, պետք  է ուղղակի բալանսը գտնեն։ Ես այդ փորձը ունեմ, ես գիտեմ, որ հունիսի 20-ից հետո պետք է լինելու գնահատականներ տալ։ Անցյալի պռոբլեմը այն է, որ հենց գնում ես անցյալ վտանգ կա, որ կմնաս այնտեղ։ Այս իշխանությունը այդպես արեց և մինչև այսօր իրենց քարոզարշավում խոսում են ոչ թե այս 3 տարիների իրենց արածի կամ չարածի մասին, ինչի մասին ասեք խոսում են»,- նշեց նա։ Քոչարյանի խոսքով՝ ընտրության ամբողջ տրամաբանությունը ոչ թե ընդդիմություն մասին է, այլ իշխանության։ «80 տոկոսը պետք է լինի իշխանության մասին՝ ինչ խոստումներ են տվել ինչ կարգախոսներով են եկել և ինչ են արել փաստերով։ Օրինակ ասեն՝ գործազրկությունը, աղքատությունը եղել են այսքան տոկոս, մենք սարքել ենք այսքան։ Ես ասում եմ, որ ես դարձել եմ նախագահ ծայրահեղ աղքատությունը եղել է 21 տոկոս, երբ ես պաշտոնաթող եմ եղել՝ 3․1 տոկոս է եղել։ Իմ նախագահության ժամանակ միջին աշխատավարձը աճել է 5 անգամ։ Եթե մենք հետադարձ հայացքով գնահատական չենք տալիս ես ընդունում եմ, որ անպատժելիության  բան է առաջանում։ Դա էլ իր հետևանքները ունի, ես դրա մասին չէր մտածում,  ես մտածում էի առաջ գնանք, երկրի բյուջեն ընդամենը 300 միլիոն դոլլար էր, կենսաթոշակի 2500 դրամ էր։ Ես մտածում էի, եթե հետ գնամ զբաղվեմ այդ ամենով, պետք է շարունակեմ 2500 դրամ թոշակ տալ, ասացի ավելի լավ է այս էջը փակել ու առաջ գնալ»,- եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը։
16:19 - 07 հունիսի, 2021
«Կոկա-կոլա» ընկերության անունից մրցանակ խոստացող էջը կեղծ է

«Կոկա-կոլա» ընկերության անունից մրցանակ խոստացող էջը կեղծ է

Վերջին օրերին համացանցում տարածվում է մի հղում, որն, իբր, «Կոկա-կոլա» ընկերության պաշտոնական կայքինն է։ Եթե հավատանք տարածվող հղմանը, «Կոկա-կոլա» ընկերությունն իր 20-ամյակի առթիվ մրցույթ է հայտարարել, և մրցույթում հաղթելու դեպքում պարգևը 100 000 դրամ է։  Նախ, «Կոկա-կոլա» ընկերության պաշտոնական կայքը սա է՝ coca-colacompany.com, և պաշտոնական կայքի տեսքն ակնհայտորեն տարբերվում է տարածվող կայքի տեսքից։ Բացի այդ՝ «Կոկա-կոլա» ընկերությունը հիմնադրվել է 19-րդ դարում, և դժվար թե 2021-ին նշեր 20-ամյակը։ Տարածվող տեքստը գրված է ոչ ճիշտ հայերենով, ինչից կարող ենք ենթադրել, որ նախադասությունները թարգմանված են «Google translate» գործիքով, որն այլ լեզուներից հայերեն թարգմանությունները միշտ չէ, որ ճիշտ է կատարում։ Հղումը կասկածելի է այն պատճառով, որ միևնույն էջը տարածվում է տարբեր հասցեներով՝ mg9ro1.imagenestecnologicas.com, 324ew9.tsade.net, 3h3amyn.imagenestecnologicas.com, tzwromi.tsade.net։ Տարածվող բոլոր հասցեները գործող չեն, ապաակտիվ են, իսկ archive.org-ում այս հասցեներում պահպանված որևէ հղում չկա, այսինքն՝ չենք կարող իմանալ, թե այդ կայքերում նախկինում ինչ հրապարակումներ են եղել։ Տարածվող հղումներով բացվող էջի ներքևի հատվածում տեղադրված են մեկնաբանություններ, որոնք թողած ֆեյսբուքյան օգտատերերի մեծ մասն ասում է, թե շահել է 100 000 դրամ մրցանակը, սակայն մեկնաբանություններ թողած օգտատերերից ոչ մեկն իրականում գոյություն չունի, ինչը նշանակում է, որ մեկնաբանությունների հատվածը կեղծ է։ Հղումով անցելուց և մի քանի հարցերի պատասխանելուց հետո մարդիկ տեղեկանում են, որ շահել են 100 000 դրամ և հաջողությամբ ավարտելու համար պետք է հղումն ուղարկեն իրենց 10 ընկերների, ինչպես նաև մուտքագրեն էլեկտրոնային փոստի հասցեները։ Ըստ domainbigdata.com-ի տվյալների՝ imagenestecnologicas.com-ը ստեղծվել է 2014-ի մայիսի 6-ին։ Դոմեյնը գրանցած Յեսսի Օրթիզը (Yessi Ortiz)  գրանցել է նաև yessiortiz.com և aventurasdelmundo.com կայքերը։ Այս կայքերից առաջինը չի գործում, երկրորդ մուտք գործել փորձելիս էլ «Google»-ը զգուշացնում է, որ կայքը պաշտպանված չէ, և վտանգ կա, որ մուտք գործողների տվյալները կարող են գողանալ։ Իսկ tsade.net դոմեյնը ստեղծվել է 2009-ին։ Դոմեյնի հիմնադիրների մասին տեղեկություններ չկան։ Հաշվի առնելով, որ կասկածելի դոմեյններում գրանցված չգործող կայքերի հղումները ներկայացվում են որպես «Կոկա-կոլա» ընկերության պաշտոնական կայք, այնտեղ տեղադրվում են գոյություն չունեցող օգտատերերի մեկնաբանություններ՝ հավատացնելով, թե այդ օգտատերերը «Կոկա-կոլայի» մրցանակ են շահել, իսկ մրցանակը տալու համար մարդկանցից պահանջվում է էլեկտրոնային հասցեների տվյալներ մուտքագրել, կարող ենք ենթադրել, որ հղումը տարածվում է մարդկանց անձնական տվյալները գողանալու համար, հետևաբար՝ վտանգավոր է այս հղմամբ անցնելը և որևէ տվյալ այնտեղ մուտքագրելը։ Աննա Սահակյան
14:00 - 07 հունիսի, 2021
Քննարկում չի եղել պաշտոններ զբաղեցնելու մասին․ Խաչատուր Սուքիասյանը՝ ընտրություններից հետո փոխվարչապետ դառնալու մասին

Քննարկում չի եղել պաշտոններ զբաղեցնելու մասին․ Խաչատուր Սուքիասյանը՝ ընտրություններից հետո փոխվարչապետ դառնալու մասին

Ոչ մի քննարկում չի եղել պաշտոններ զբաղեցնելու մասին, ուղղակի քննարկում է եղել գնալ ԱԺ։ Այս մասին Փարաքարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց կուսացկության պատգամավոր թեկնածու Խաչատուր Սուքիասյանը։ «Աշխարհում պետական կառավարման համակարգում կա 2 անընդունելի վիճակ․ առաջինը կոռուպցիան է, որ պետք է զրոյական վիճակում լինի, երկրորդը պաշտոնյայի անարդյունավետ լինելն է։ Իսկ ՀՀ-ում կան կիրթ, բանիմաց, փորձ ունեցող, բարի, ազնիվ մարդիկ, որոնք կարող են այս կամ այն օղակում ի նպաստ ՀՀ-ի աշխատել»,- նշեց նա։ Լրագրողի հարցին, թե արդյո՞ք դա Տիգրան Ավինյանին է վերաբերում, Սուքիասյանն ասաց, որ դա վերաբերում է իրեն, Ձեզ, բոլորին։ Դիտարկմանը, թե ինչ կասի ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, «ՔՊ» նախընտրական ցուցակում չհայտնված Տիգրան Ավինյանի հետ, պատգամավորի թեկնածուն ասաց․ «Ես չեմ ճանաչում պարոն Ավինյանին, չգիտեմ՝ ինչ հակասության մասին է խոսքը, իր հետ չեմ շփվել»։
12:21 - 07 հունիսի, 2021
Բախումները հնարավոր է կանխել, եթե ԼՀԿ-ն՝ որպես այլընտրանքային ուժ, հավաքի 40 տոկոս չկողմնորոշված ընտրողների ձայների մեծամասնությունը․ Էդմոն Մարուքյան

Բախումները հնարավոր է կանխել, եթե ԼՀԿ-ն՝ որպես այլընտրանքային ուժ, հավաքի 40 տոկոս չկողմնորոշված ընտրողների ձայների մեծամասնությունը․ Էդմոն Մարուքյան

Լուսավոր Հայաստանը քարոզարշավը սկսում է Երևանում և Սյունիքի Մեղրի- Ագարակ քաղաքներում, այնտեղ է մեր քարոզչական թիմը  Գևորգ Գորգիսյանի, Տարոն Սիմոնյանի, Անի Սամսոնյանի գլխավորությամբ իրականացնում են քարոզարշավը։ Մենք այստեղ ենք մյուս խմբով, առավոտյան ժամը 8-ից հետո երիտասարդական կայարանից սկսել ենք բուկլետներ բաժանել, հիմա շարունակում ենք մեր քայլարշավը Երևան քաղաքի կենտրոնով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։  Վերջինս հայտնեց, որ իրենց հիմնական ուղերձը երկրի ներքաղաքական կյանքում հաշտություն, խաղաղություն, համերաշխություն, համախմբում, միասնականություն և վերջում  ազգային համաձայնություն կառավարություն ձևավորելն է։ «Կանգ չենք առնելու, ամեն ինչ անելու ենք, որ ազգային համաձայնությունը, միասնականությունը հաղթի, որովհետ, եթե միասնականությունը չհաղթի մեզ կհաղթի թշնամին։ Հետքրքիր հարց եք տալիս, երբ ասում եք ի՞նչ համերաշխության մասին է խոսքը, երբ մի կողմը ասում է այսպես, մյուսը այնպես, ագրեսիվ են։ Այ դրա համար մեր օրակարգը սա է, եթե ագրեսիվ չլինեին, եղբայրաբար իրար վերաբերվեին մեր օրակարգը այլ կլիներ։ Եթե այդպես լիներ թուրքերը հիմա մեր սահմանները հատած, մեր երկրում չէին լինի, շուրջ 1000 զորք ՀՀ տարածքում է, արդեն մեկ ամիս է այստեղ են։ Պատճառը գիտեք որն է, որ երկրի ներսում համերաշխություն, հանդարտություն, միասնականություն չկա, որ թշնամու դեմ կռվենք։ Լուսավոր Հայաստանի համար մենք բոլորս հայկական խրամատի մեջ ենք։ Հիմա հայկական խրամատի մեջ իրար հետ կռվել, իրար հետ վիճել և ներքին խնդիրներով չկարողանալ համախմբվել թշնամու դեմ դա պետականակործան մոտեցում է»,- հավելեց Էդմոն Մարուքյանը նշելով, որ հունիսի 21-ը իրենց համար այն գիծն է, որից հետո միասնականությունը պետք է վերականգնվի։ Մարուքյանը շեշտեց, որ  լարվածությունը այն մակարդակի է և այնքան է սրվելու այդ երկու բևեռների կողմից, որ մարդկանց, սովորական քաղաքացիներին իրենց հետևորդերին իրենք տանելու են բախումների, քաղաքացիական պատերազմի։ Լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչպես կարելի է կանխել բախումները, Մարուքյանն ասաց․ «Դա հնարավոր է կանխել, եթե ԼՀԿ-ն՝ որպես այլընտրանքային ուժ, հավաքի այն 40 տոկոս չկողմնորոշված ընտրողների ձայների մեծամասնությունը և պարտադրի այս կողմերին համերաշխություն և հաշտություն, այլապես, եթե կողմերից մեկը հաջողություն ունեցավ օրակարգը հետևյալն է լինելու՝ ոչնչացնել մյուսի կողմին։ Դա հնարավոր է կանխել, եթե «Լուսավոր Հայաստանը» որպես այլընտրանքային ուժ, հավաքի այն 40 տոկոս չկողմնորոշված ընտրողների ձայների մեծամասնությունը և պարտադրի այս կողմերին համերաշխություն և հաշտություն, այլապես , եթե կողմերից մեկը հաջողություն ունեցավ օրակարգը հետևյալն է լինելու՝ ոչնչացնել մյուսի կողմին։ Հետևաբար մյուս կողմն էլ իր ռեսուրսներն է ներդնելու և ժողովրդին հանելու են իրար դեմ, մինչդեռ այդ լիդերները պարիսպներով տներում են ապրում, թիկնապահներով են շրջում, իրենց մազը չի ծռվելու։ Ժողովուրդն է իրար հետ կռվելու փողոցում, ժողովուրդն է բաժան- բաժան լինելու։ Ժողովրդին ատելություն են սերմանում, ասում են դու էս մեկի աջակիցն ես, դու էն մեկի։ Մենք նման ճոխություն մեզ թույլ տալու իրավունք չունենք, սա է մեր մոտեցումը և հետևաբար այս գզվրտոցին կա այլընտրանք և հիմա այդ այլընտրանքը Լուսավոր Հայաստանն է»։ Այն հարցին, թե ինչպե՞ս է «Լուսավոր Հայաստանը»  պատրաստվում լուծել անվտանգային խնդիրները։ Մարուքյանը պատասխխանեց, որ կուսակցության նախընտրական ծրագիրն արդեն հրապարակված է, սակայն սա ծրագրային քարոզարշավ չէ՝ ՀՆԱ, հարկեր խոսակցություն չէ, առողջապահական ռեֆորմների մասին խոսակցություն չէ։ Այս պահին առկա վիճակը այնպիսին է, որ եթե մենք երկրի ներսում չմիասնականանանք, իրար բախվենք թշնամին գրավելու է մեր երկրից հատվածներ, և այդ անվտանգությունը վերականգնելու առաջին քայլը ներքին համերաշխութուն վերականգնելն է։ «Անվտանգության հիմքում մեր միասնականությունն է, եթե մենք ներսում կռվենք, թշնամու զորքերը առաջ են շարժվելու։ Իմացեք, հետևաբար հետո չասեք, որ չգիտեինք, չէինք պատկերացնում, չասեք ուր են բրիտանացիները, ռուսները, ֆրանսիացիները, կանադացիները, սկանդինավցիներ և այլն։ Եկեք մենք մեր տնային աշխատանքները ևուրիշներին չմեղադրենք։ Այսօր լուսավոր Հայաստանը միակ ուժն է, որ քարոզում է այդ համերաշխությունը, չունի ատելություն իր սրտում որևէ մեկի նկատմամբ, և ունի կամուրջներն  կապելու, բոլորին համախմբելու առումով»,- եզրափակեց Մարուքյանը։
12:17 - 07 հունիսի, 2021
Այն ինչ տեղի է ունենում մեր սահմաններում, դա մեր ռազմավարական գործընկերոջ պահվածքից է բխում․ Արամ Սարգսյան

Այն ինչ տեղի է ունենում մեր սահմաններում, դա մեր ռազմավարական գործընկերոջ պահվածքից է բխում․ Արամ Սարգսյան

Եթե մենք հետևություններ չանենք տեղի ունեցածից, մեզանից անընդհատ տանելու են, շատ բանական է և սրանից ավելի վատ վիճակներ կան։ Օրինակ Սիրիան ավելի վատ վիճակում է քան մենք, ու ես չեմ կարող ասել, թե մեզ մոտ նման բան չի կարող լինել։ Ես հավատում եմ մեր ժողովրդի հավաքական իմաստնությանը, գտնում եմ, որ մենք բոլոր հնարավորություններն ունենք այս վիճակ հաղթահարելու։ Այս մասին Ալիք Մեդիայի «Զրույց Թաթուլ Հակոբյանի հետ» հաղորդման ընթացքում ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։  «Մենք պետք է հասկանանք, որ նաև պարտությունն է կարելի պատվով ու արժանապատվությամբ տանել, մենք ինքներս մեզ չխարազանենք։ Ճիշտ հետևություններ անենք կարող ենք դուրս գալ այս վիճակից։ Ես նաև տեսնում եմ, որ  3-4 տարվա ընթացքում մենք կարող ենք այնքան ուժեղանալ, որ մեր հետ կապված խնդիրներում խոսենք որոշակի պայմաններով։ Մենք պարտադրված ենք դա անել, Արցախի հարցը պահել օրակարգում և լուծել այդ հարցը»,- հավելեց Սարգսյանը։ Վերջինս խոսելով անվտանգային համակարգի մասին, նշեց, որ անվտանգություն ասվածն իր համար ունի երկու ատրիբուտ, առաջինը բանակն է, մյուսը՝ Արտաքին գործերի նախարարությունը։ Սարգսյանը հավելեց, որ փոքր երկրները, ովքեր ունեն 80-90 միլիոնանոց հզորությամբ հարևաններ, իրենց պաշտպանության համար ունենում են օրինակ գերժամանակակից սպառազինություն՝  միջուկային զենք, այնպես ինչպես Իսրայելը։ Սարգսյանն ավելացրեց․ «Իսրայելին այդ զենքը տվել է ԱՄՆ-ն, իսկ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը մեզ այդ զենքը չի տալիս։ Մենք դա չունենք, որ Թուրքիային զսպենք, որ ինքը մեր տարածքների վրա աչք չունենա։ Ավելին մեր ռազմավարական գործընկերը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանին մենակ բռնացրեց, ու պարտադրեց եռակողմ հայտարարության փաստաթղթում 9-րդ կետ գրել, որով միջանցք է ուզում, որ կապ հաստատի Ադրբեջանի հետ ու սա ակնհայտ փաստ է։ Արտաքին քաղաքական դաշտում բազմաթիվ ուղղություններից մեզ փորձում են ձեռք մեկնել և մենք պարտավոր ենք այդ մեկնած ձեռքից օգտվել, որովհետև այն ինչ տեղի է ունենում մեր սահմաններում, դա մեր ռազմավարական գործընկերոջ պահվածքից է բխում։ Երբ մենք ասում ենք՝ չենք կարողանում մեր սահմանը պահել, դա մեր կողմից  ստորագրված ՀԱՊԿ փաստաթղթից է։ Դուք պատկերացնում եք զինվորը կանգնած է սահմանին, իր թշնամի երկրի զինվորը գալիս է, ինքն ինքնաձիգով է, բայց չի կրակում, գալիս են ձեռնամարտի են բռնկվում։ Պատճառն այն է, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը մեզ ասում են՝ հենց կրակեցիք, մենք ձեզ մենակ ենք թողնելու, չպետք է կրակեք։ Ադրբեջանն էլ գիտի, որ չենք կրակելու, իրեն էլ ասում են քո համար առաջ գնա, չեն կրակելու։ Հակառակ դեպքում, ինչպես կարող են կիլոմետրերով առաջ գալ ու չկրակեն, եթե այդ մարդիկ վախկոտ են, ապա ինչու են գնում և բռունցքներով պաշտպանում մեր սահմանը, իրենք խիզախ տղերք են»։ Խոսելով Մեղրիի միջանցքի մասին, Արամ Սարգսյանը նշեց, որ Հայաստանի վարչապետին պարտադրել են՝ եռակողմ հայտարարության մեջ ավելացնել 9-րդ կետը, քանի որ Ղարաբաղյան պատերազմը որևէ կապ չունի Մեղրիի միջանցքի հետ։  «Ու ապրեն ՀՀ իշխանությունները, որ գոնե միջանցք չեն գրել, այլ գրել են տարանցիկ ճանապարհներ։ Վարչապետը միջանցքի տարբերակին չի համաձայնել, որովհետև իմ կարծիքով հասկացել  է, թե հոկտեբերի 27-ը ինչումն էր։ Հիմա մենք ամեն ինչ պետք է անենք, որ այդ միջանցքը չկայանա:   Մենք շատ լավ հասկանում ենք, որ երբ Նիկոլ Փաշինյանն ասաց չի լինելու միջանցք,  Սյունիքում խնդիր առաջացավ նաև նախկին սովետական սահմաններով դելիմիտացիայի և դեմարկացիայի»,- հավելեց Սրագյանն, ընդգծելով, որ տարանցիկ ճանապարհների հարցը պետք է քննարկվի առանձին հարթության մեջ և պետք  է քննարկվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարի կարծիքով, եթե այդ տարանցիկ ճանապարհներին կանգնեն  ՄԱԿ խաղաղարարներ, ադրբեջանցիններն էլ  անցնեն այդտեղով, այդ դեպքում անվտանգությունը  ապահովված կլինի։      
13:43 - 05 հունիսի, 2021