ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է 2-րդ զորամիավորման նորանշանակ հրամանատարին

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է 2-րդ զորամիավորման նորանշանակ հրամանատարին

Օգոստոսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը երկրորդ զորամիավորման ղեկավար կազմին և ենթակա ստորաբաժանումներին է ներկայացրել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել զորամիավորման նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար, ընդգծելով, որ 44-օրյա պատերազմի ընթացքում զորամիավորման ենթակա ստորաբաժանումները նախանշված ուղղություններում պատվով են կատարել առաջադրված մարտական խնդիրները:Արշակ Կարապետյանը հաջողություն է մաղթել գնդապետ Վահրամ Գրիգորյանին, համոզմունք հայտնելով, որ զորամիավորումը, նորանշանակ հրամանատարի գլխավորությամբ, այսուհետ ևս հստակ կկատարի իր առջև դրված բոլոր, նախևառաջ՝ սահմանների լիարժեք պաշտպանության խնդիրները։
22:57 - 12 օգոստոսի, 2021
ՊՆ-ն լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն ունի՝ հասկանալու՝ ՀՀ ինքնիշխան տարածքի որ հատվածներում քանի ադրբեջանցի կա

ՊՆ-ն լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն ունի՝ հասկանալու՝ ՀՀ ինքնիշխան տարածքի որ հատվածներում քանի ադրբեջանցի կա

Լուսանկարը՝ ՄԻՊ ֆեյսբուքյան էջից, Գեղարքունիքի մարզ Այս տարվա մայիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակ է։ Այդ օրն Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներթափանցել ու հաստատվել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքի եւ Սյունիքի սահմաններից ներս։ Մինչ օրս պաշտոնյաներն ու պատասխանատու անձինք տարբեր տվյալներ են ներկայացրել այն մասին, թե ադրբեջանցի քանի զինծառայող կա ՀՀ տարածքում, եւ թե որ հատվածներում են նրանք տեղակայված։ Հանրային վրդովմունքն ու լարվածությունը փոքր ինչ թոթափելու համար որոշ պաշտոնյաներ, այդ թվում՝ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ժամանակ առաջ նաեւ մեկնել էին Սյունիքի մարզ՝ լուսանկարներ հրապարակելով Սեւ լճի տարածքից, որի շրջակայքում, ըստ տարբեր տեղեկությունների, տեղակայված են հակառակորդի զինծառայողները։  Մայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր նախ 250, ապա որոշ ժամանակ անց՝ մոտ 600 զինծառայողների մասին։ Հունիսի 22-ին արդեն ՀՀ ՊՆ ԳՇ պետ Արտակ Դավթյանը տեղեկություն էր հայտնել, որ ՀՀ տարածքում այդ պահի դրությամբ շուրջ 1000 ադրբեջանցի զինծառայող կա։ Դրանից հետո այլ թվերի մասին չի խոսվել։ Պարբերաբար հաղորդագրություններ են տարածվել ադրբեջանական զինծառայողների սադրիչ գործողությունների, փոխհրաձգությունների, կրակահերթերի մասին, որոնք արձակվել են Գեղարքունիքի եւ Սյունիքի սահմանային բնակավայրերի ուղղությամբ, սակայն չի նշվել, թե հակառակորդի՝ հատկապես որ հատվածներում տեղակայված ուժերն են խախտել հրադադարի պայմանավորվածությունը։ Վերջինն, ի դեպ, ձեռք է բերվել ռուսական կողմի միջնորդությամբ, իսկ այս ընթացքում ռուս սահմանապահների հենակետեր են տեղակայվել Սյունիքի մարզի՝ հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում։ Իսկ հուլիսի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել էր, որ մարզում ռուս սահմանապահների տեղակայումն օրերի հարց է, սակայն այս պահի դրությամբ նրանց տեղակայման մասին պաշտոնական տեղեկություն չկա։ Պաշտոնական ստույգ տեղեկություն չկա նաեւ հակառակորդի զինծառայողների գտնվելու կոնկրետ վայրերի եւ նրանց թվի մասին։ Ուստի հուլիսի 22-ից մինչ օրս գրավոր հարցումներ ենք ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տեղեկություն տրամադրել այն մասին, թե կոնկրետ օրվա դրությամբ (հուլիսի 22 - օգոստոսի 11) ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանցի քանի՞ զինծառայող կա, ապա թե մասնավորապես ո՞ր տարածքներում է տեղակայված ադրբեջանական զորքը, ամեն հատվածում մոտ քանի՞ զինծառայող կա, մինչեւ ո՞ր հատվածներ են խորացել ադրբեջանցի զինծառայողները, կոնկրետ օրվա դրությամբ որքա՞ն է կազմում ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման առավելագույն խորությունը՝ կիլոմետրով եւ ըստ տարածքների։  Պաշտպանության նախարարությունից, սակայն, մինչ օրս տեղեկություն չենք ստացել։ Ավելին, մի շարք օրերի ուղարկված հարցումներին պատասխանելու համար օրենքով սահմանված ժամկետն անցել է, սակայն որեւէ պատասխան չի եղել։ Անցած 20 օրվա համար ուղարկած մեր հարցումներից երեքին նախարարությունից եկել է պատասխան նամակ, ըստ որի՝ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա, ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում, այսինքն՝ 30 օրվա ընթացքում։  «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ 30-օրյա ժամկետում պատասխանում են միայն այն դեպքում, երբ գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք։ Թե ինչ լրացուցիչ աշխատանք պետք է կատարեն նախարարության աշխատակիցները, որպեսզի պատասխանեն, թե, օրինակ, 2021 թվականի օգոստոսի 10-ի դրությամբ հակառակորդի զինծառայողները ՀՀ որ մարզի որ տարածքում են, անհասկանալի է։  Խնդրահարույց է նաեւ հանգամանքը, որ ՊՆ-ն լրացուցիչ ժամանակ է խնդրել ոչ թե բոլոր օրերին ուղարկված նույնաբովանդակ հարցումներին պատասխանելու համար, այլ միայն օգոստոսի 2-ի, 5-ի եւ եւս մեկ օրվա գրություններին պատասխանելու համար։ ՊՆ-ից, սակայն, չեն նշել, թե որն է այդ երրորդ օրը, որի համար եւս լրացուցիչ ուսումնասիության կարիք կա։ Ի դեպ՝ պատասխան նամակով խնդրել էինք հստակեցնել՝ որ օրվա հարցման մասին է խոսքը, սակայն արձագանք այդպես էլ չենք ստացել։ Ընդ որում, հարկ է նշել, որ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին պարբերական զանգերի միջոցով փորձում ենք հասկանալ, թե, ի վերջո, երբ կստանանք գրավոր հարցումների պատասխանները, սակայն մշտապես ստանում ենք անհստակ պատասխան՝ «կփոխանցենք համապատասխան մարմիններին», «զբաղվածության պատճառով պատասխաններն ուշանում են», «ձեր գրությունն ուղարկվել է ՊՆ քարտուղարություն» բովանդակություններով, կամ զանգերն ուղղակի մնում են անպատասխան։ Պաշտպանության նախարարության այս գործելաոճից եզրակացնել կարելի է, որ համապատասխան մարմինները կա՛մ չեն տիրապետում հակառակորդի զինծառայողների տեղակայման վայրերի ու նրանց թվի մասին տեղեկությանը, դրա համար հավելյալ ուսումնասիրության ժամանակ են խնդրում, կամ անհասկանալի պատճառով փորձում են հնարավորինս հետաձգել տեղեկության տրամադրումը։ Հայարփի Բաղդասարյան
21:46 - 11 օգոստոսի, 2021
ՊՆ–ն ներկայացրել է, թե որոնք են հայ-ռուսական բանակցությունների հիմնական օրակարգային հարցերը

ՊՆ–ն ներկայացրել է, թե որոնք են հայ-ռուսական բանակցությունների հիմնական օրակարգային հարցերը

Օգոստոսի 11-ին պաշտպանության նախարարների մակարդակով Մոսկվայում կայացած հայ-ռուսական բանակցությունների ընթացքում, բացի պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող օրակարգային հարցերից, հայկական կողմից բարձրացված և առանցքային կարևորություն ներկայացնող խնդիրներն են եղել հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունն ու դրա հանգուցալուծման ուղիները, սահմանային միջադեպերի կանխումը, Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումների անթույլատրելիությունը և, այդ համատեքստում, այնպիսի միջադեպերի բացառումը, ինչպիսին էր, օրինակ, այսօր, օգոստոսի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի ՊԲ մարտական դիրքերի վրա հարվածային անօդաչու թռչող սարքի կիրառումը, և հայ ռազմագերիների վերադարձի խնդրի արագ հանգուցալուծումը։ Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
18:28 - 11 օգոստոսի, 2021
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր առանձնազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, որին հաջորդել է հանդիպումն ընդլայնված՝ պատվիրակությունների կազմով։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, կարծիքներ փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման խնդիրների շուրջ։  Շնորհավորելով ՀՀ պաշտպանության նախարարին պաշտոնավարումն ստանձնելու կապակցությամբ, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն բարձր է գնահատել այն աշխատանքը, որը, վերջին շրջանում, երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև տարվում է երկկողմ համագործակցության զարգացման և տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ։  ՌԴ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է առավելագույն ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում խաղաղության ամրապնդման և Հայաստանի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։  Օգտվելով առիթից, ՌԴ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել, որ չնայած առկա խնդիրներին, Հայաստանը շարունակում է մասնակցել Սիրիայի Հանրապետությունում իրականացվող հումանիտար առաքելությանը։ Շնորհակալություն հայտնելով գործընկերոջը ջերմ ընդունելության համար, ՀՀ պաշտպանության նախարարը, վերջինիս խնդրանքով, ներկայացրել է Հայաստանի Հանրապետության սահմանների շուրջ ստեղծված օպերատիվ իրավիճակը՝ կարևորելով իրադրության խաղաղ հանգուցալուծման գործում Ռուսաստանի Դաշնության կողմից գործադրվող միջնորդական ջանքերը։ Արշակ Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և այդ ուղղությամբ բանակցությունների շարունակությանը, միևնույն ժամանակ` չի հանդուրժելու իր սահմանային շրջանների օկուպացումը և ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։ Օգտվելով առիթից, ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրականացվող խաղաղապահ առաքելության համար, նշելով, որ ռուս խաղաղապահների ջանքերով խաղաղ կյանքը Լեռնային Ղարաբաղում վերականգնվել է, և ապահովվում է անխափան կապը Հայաստանի Հանրապետության հետ։  Պաշտպանության նախարարը շեշտել է խաղաղապահների պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմից ժամանակ առ ժամանակ իրականացվող սադրանքների և հրադադարի ռեժիմի խախտումների անթույլատրելիությունը, և որպես օրինակ նշել այսօր արձանագրված՝ հարվածային անօդաչուի կիրառումը։  Արշակ Կարապետյանն անդրադարձել է նաև պաշտպանության ոլորտում իրականացվող ինտենսիվ բարեփոխումներին և շնորհակալություն հայտնել իր գործընկերոջը` այս ուղղությամբ տրամադրվող համակողմանի աջակցության համար։ Նախարարն ընդգծել է, որ այսօր հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակ տեղափոխվելու փուլում։  Երկու երկրների պաշտպանության նախարարները մի շարք կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխգործակցության առաջիկա ծրագրերի շուրջ։
17:24 - 11 օգոստոսի, 2021
Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին զինված ուժերի արդիականացման հարցում |armenpress.am|

Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին զինված ուժերի արդիականացման հարցում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը պատրաստ է աջակցել Հայաստանին զինված ուժերի արդիականացման հարցում: Վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ընթացքում: «Կարևոր նշանակություն ենք տալիս մեր փոխգործակցության զարգացմանը ռազմական ոլորտում ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Ընդ որում՝ պատրաստ ենք շարունակել աջակցությունը Հայաստանի զինված ուժերում բարեփոխումների ծրագրերի իրականացմանը»,- ասել է Շոյգուն: Նա ընդգծել է, որ Հայաստանի տարածքում է գտնվում 102-րդ ռուսական ռազմաբազան, որը լավ հագեցած է և հանդիսանում է անվտանգության երաշխավոր: «Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցy և առանցքային գործընկերն է Անդրկովկասում խաղաղության ապահովման գործում, և մենք չափազանց հետաքրքրված ենք այդ տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ»,- նշել է ՌԴ պաշտպանության նախարարը: Շոյգուն շնորհավորել է Արշակ Կարապետյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակվելու առիթով՝ ընդգծելով, որ այդ նշանակումը տեղի է ունեցել ոչ հեշտ ժամանակներում, երբ երկրի պաշտպանության ոլորտում բարեփոխումների իրականացման բարդ առաջադրանքներ կան:
15:28 - 11 օգոստոսի, 2021
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Երասխի հատվածում տեղակայված մարտական հենակետ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Երասխի հատվածում տեղակայված մարտական հենակետ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի և մի շարք սպաների ուղեկցությամբ, օգոստոսի 10-ին այցելել է հանրապետության հարավ-արևմտյան սահմանագոտի։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, մասնավորապես, եղել է Երասխի հատվածում տեղակայված մարտական հենակետում, ծանոթացել սահմանային իրավիճակին։ Ստանիսլավ Զասին ներկայացվել են ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացված՝ նախորդ մի քանի շաբաթների հրադադարի խախտումների դեպքերը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հետևել է հենակետում իրականացվող մարտական հերթապահությանը, զրուցել զինծառայողների հետ,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ստանիսլավ Զասն այցի ընթացքում պատասխանել է նաև լրագրողների հարցերին՝ ներկայացնելով ՀԱՊԿ դիրքորոշումը ստեղծված իրավիճակի և լարվածությունը թուլացնելուն միտված միջոցառումների վերաբերյալ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանային իրադրության խաղաղ, քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն և անհրաժեշտ է հետևողականորեն շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ այնուհետև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է նաև զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհել Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների շիրիմներին։
19:40 - 10 օգոստոսի, 2021
Խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ․ Արշակ Կարապետյանը՝  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ․ Արշակ Կարապետյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։Ողջունելով հյուրին՝ պաշտպանության նախարարը, մասնավորապես, նշել է. «Մենք Ձեր այցին սպասում էինք դեռ մայիս ամսին: Հայաստանի համար այդ պահին բավական լարված ժամանակահատված էր, բայց, ցավոք սրտի, Ձեր այցը տեղի չունեցավ: Այսօր մեր սահմաններին ձևավորվել է կայուն ծանր իրավիճակ: Մայիս ամսին ադրբեջանական զինված ուժերը, երկու ուղղությամբ, ներխուժեցին հայկական տարածք: Դա մեզ անչափ անհանգստացնում է: Մենք խաղաղության կողմնակից ենք: Մենք, որևէ պարագայում, չենք ուզում իրադրության լարում մեր սահմաններին: Միևնույն ժամանակ, մենք պատրաստ չենք համակերպվել գործողությունների հետ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի պետական սահմանի խախտմանը: Մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեր տարածքները: Մենք, իհարկե, ձգտում ենք խաղաղ ճանապարհով լուծել այս խնդիրը՝ ի ցույց դնելով մեր խաղաղասիրությունը: Միևնույն ժամանակ, մեր համբերությունը նույնպես անսպառ չէ, և մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ»:ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ափսոսանք է հայտնել, որ ՀԱՊԿ-ում առկա որոշումների կայացման և ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները չեն համապատասխանում օպերատիվ իրադրության զարգացման ներկայիս պահանջներին:ՀՀ պաշտպանության նախարարը Գլխավոր քարտուղարին տեղեկացրել է նաև ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության հայեցակարգային մոտեցումների մասին՝ շեշտելով, որ հայկական կողմի առաջնահերթություններից են լինելու կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացումն ու կատարելագործումը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները:Ստանիսլավ Զասը շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ պետական բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:Այնուհետև, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 15-ին Դուշանբեում ծրագրվում են ՀԱՊԿ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստերը, իսկ սեպտեմբերի 16-ին՝ Հավաքական անվտանգության խորհրդի վեհաժողովի անցկացումը, որի ընթացքում ՀԱՊԿ նախագահությունը կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը:
19:56 - 09 օգոստոսի, 2021
Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Մոսկվայում բանակցությունների մասին ՊՆ-ի տարածած հաղորդագրությանը |armenpress.am|

Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Մոսկվայում բանակցությունների մասին ՊՆ-ի տարածած հաղորդագրությանը |armenpress.am|

armenpress.am: Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր զարգացումների կանխումը: Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանը: Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, ով, հղում անելով հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության հուլիսի 28-ի հայտարարությանը, որում խոսք էր գնում Մոսկվայում նախատեսվող բանակցությունների մասին, հարցրեց, թե ի՞նչ մակարդակներով հանդիպում է նախատեսված եղել և ի՞նչ էր դրված բանակցությունների սեղանին, որի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել Պաշտպանության նախարարությունը: «Այս պահի դրությամբ ո՞ւր են հասել, մեր և ՌԴ զինված ուժերի միջև ի՞նչ պայմանավորվածություններ են հաստատվել, ես կդժվարանամ ասել։ Բայց դա ի վնաս Հայաստանի Հանրապետության երբեք չի կարող լինել։ Ամեն ինչ կախված է այդ զարգացումների մեջ մենք մեր կորցրած հնարավորություններն ինչքան արագ կարող են վերականգնել՝ զինված ուժերի մասով»,- ասաց Քոչարյանը: Պատգամավորը հավելեց, որ Ռուսաստանում քննարկվում են Հայաստանի սահմանների հետ կապված խնդիրներ, որին, պարզ է, մասնակցում է նաև հակառակորդ կողմից որևէ զինվորական պաշտոնյա։ «Ոչ ոք Ազգային ժողովի հետևում որևէ բանակցային գործընթաց չի կարող տանել, վերջին հաշվով այդ ամենը քննարկվելու է նաև Ազգային ժողովում, եթե դրա կարիքը լինի»,- նշեց նա:
16:16 - 09 օգոստոսի, 2021