Ինֆոքոմ

Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են միջուկային գործարքը

Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են միջուկային գործարքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը քննարկել են Իրանի միջուկային գործարքի շուրջ «վերջնական պայմանավորվածության» գալու հարցերը, հայտնում է «Կոմերսանտը»։ «Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ընթացքում նշվել է դիվանագիտական ջանքերի շարունակման անհրաժեշտությունը՝ վերջնական պայմանավորվածության գալու նպատակով, որը թույլ կտար ապահովել Գործողությունների համատեղ համապարփակ պլանի և ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2015 թ-ի հուլիսի 20-ի՝ այդ պլանը հաստատած 2231 բանաձևի պահպանումն ու լիակատար իրականացումը», - ասված է Կրեմլի հաղորդագրությունում։ Գործողությունների համատեղ համապարփակ պլանը փաստաթուղթ է, որը ստորագրվել է 2015 թ-ին Իրանի և վեց միջնորդների (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ՌԴ և Գերանիան) միջև։ Իրանը «սառեցրել է» միջուկային ծրագիրը՝ պատժամիջոցների չեղարկման դիմաց։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 2018 թ-ին հայտարարել է միջուկային գործարքից դուրս գալու մասին, Իրանը 2019 թ-ին դադարել է կատարել պլանի մի շարք կետերը։ Երկու երկրների նախագահների զրույցի ընթացքում «բարձր գնահատական է տրվել ռուս-իրանական հարաբերությունների առկա մակարդակին»։ Կողմերը մտադիր են ամրապնդել երկկողմ հարաբերությունները՝ ներառյալ առևտրատնտեսական նախագծերի իրականացումը։   Նորա Վանյան
18:27 - 08 հունիսի, 2022
Բեռլինում անցորդներին վրաերթի ենթարկած վարորդը Հայաստանի և Գերմանիայի քաղաքացի է․ BBC

Բեռլինում անցորդներին վրաերթի ենթարկած վարորդը Հայաստանի և Գերմանիայի քաղաքացի է․ BBC

Բեռլինում անցորդներին վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է դեպքի վայրում, BBC-ի փոխանցմամբ, ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Թիլո Կաբլիցը։ Միջադեպը տեղի էր ունեցել Բեռլինի Շարլոտենբուրգ մարդաշատ թաղամասում։  Ավտոմեքենան մխրճվել էր ամբոխի մեջ։ Մեկ զոհ կա, տասնյակ վիրավորներ։ Տեղի ոստիկանությունը հայտնել է նաև, որ մեքենայի վարորդը 29-ամյա տղամարդ է, որը և Գերմանիայի, և Հայաստանի քաղաքացի է։ Ըստ հաղորդագրությունների՝ Renault Clio արծաթագույն մեքենան փողոցի երթևեկելի մասից դուրս էր եկել և հայտնվել մայթին, այնուհետև մխրճվել մոտակա խանութի տարածք։ Բեռլինի ոստիկանության տվյալներով՝ դեպքի վայրում շուրջ 130 փրկարար է աշխատում։ Բեռլինի քաղաքապետ Ֆրանցիսկա Գիֆայը Թվիթերում գրել է, որ «խորապես ցնցված է միջադեպի պատճառով» և հայտնել, որ օրվա ընթացքում պատկերացում կկազմի իրավիճակի մասին։ Նորա Վանյան
17:31 - 08 հունիսի, 2022
Շվեյցարիայում սկսվել է Զեպ Բլատերի և Միշել Պլատինիի դատավարությունը

Շվեյցարիայում սկսվել է Զեպ Բլատերի և Միշել Պլատինիի դատավարությունը

Շվեյցարիայում սկսվել է ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերի և ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիի գործով դատավարությունը։ Նախկին պաշտոնյաները մեղադրվում են կոռուպցիոն բնույթի վճարումներ իրականացնելու համար, գրում է Reuters-ը։ Նրանք մասնավորապես մեղադրվում են 2011 թ-ին 2 մլն շվեյցարական ֆրանկի ($2.08 միլիոն) ապօրինի վճարում կատարելու համար։ Բլատերն ու Պլատինին հերքում են մեղադրանքը՝ ասելով, թե Պլատինիին այդ գումարը վճարվել է 1998-2002 թթ-ին նրա խորհրդատվական ծառայությունների դիմաց՝ բանավոր պայմանավորվածության հիման վրա։ Շվեյցարիաի Բելինցոնա քաղաքի դաշնային քրեական դատարանում գործի լսումները շարունակվելու են մինչև հունիսի 22-ը։ Վճիռը կայացվելու է հուլիսի 8-ին։ Եթե այն մեղադրական լինի, Պլատինիին և Բլատերին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում։ «Ես ինձ վստահ եմ զգում, արևը շողում է․․․ լավ տրամադրություն ունեմ։ Ես հակաօրինական ոչինչ չեմ արել», - ասել է Զեպ Բլատերը լրագրողներին։ Միշել Պլատինին վստահություն է հայտնել, որ «արդարությունը կվերականգնվի»։   Նորա Վանյան
16:41 - 08 հունիսի, 2022
Ռուսաստանը չի օգտվի առիթից, եթե Ուկրաինան ականազերծի իր նավահանգիստները․ Լավրով

Ռուսաստանը չի օգտվի առիթից, եթե Ուկրաինան ականազերծի իր նավահանգիստները․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսին հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է երաշխիքներ տալ, որ չի օգտվի ուկրաինական նավահանգիստների ականազերծումից կամ հացահատիկով բեռնված նավերի ելքի թույլտվությունից՝ «հատուկ ռազմական գործողության» նպատակներին հասնելու համար, հայտնում է «Ինտերֆաքսը»։ «Այս մասին նախագահ Պուտինն արդեն խոսել է, նա հրապարակավ ասել է, որ մենք երաշխավորում ենք նմանատիպ երթուղիների անվտանգությունը և երաշխավորում ենք, որ երբ և եթե Ուկրաինան ականազերծում կատարի և թույլ տա նավերի ելքը, մենք չենք օգտվի այդ գործողությունից՝ ի շահ իրականացվող հատուկ ռազմական գործողության», - ասել է Լավրովը։ «Ռուսաստանի նախագահի այդ երաշխիքները մենք պատրաստ ենք այս կամ այն ձևով ձևակերպել», - հավելել է նա։ Ռուսաստանի արտգործնախարարը չի բացառել նաև Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների անմիջական հանդիպումը, եթե դրան նախորդի պատվիրակությունների բանակցությունների վերսկսումը։ «Սկզբից անհրաժեշտ է, որ բանակցային թիմերը վերսկսեն աշխատանքը։ Գնդակն Ուկրաինայի դաշտում է արդեն գրեթե երկու ամիս՝ ապրիլի կեսերից, երբ նրանք դրանից առաջ փոփոխեցին սեփական մոտեցումները, որոնք ներկայացվել էին Ստամբուլում», - ասել է Լավրովը։ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն ասել է, որ իր երկիրը պատրաստ է «հնարավոր և առավելագույն ջանքերը կիրառել, որպեսզի բանակցային գործընթացը սկսվի»։ Նորա Վանյան
15:57 - 08 հունիսի, 2022
Եվրամիությունում բոլոր գաջեթներն ունենալու են լիցքավորման միանման բնիկներ, Apple-ը դժվարությունների է բախվելու․ Reuters

Եվրամիությունում բոլոր գաջեթներն ունենալու են լիցքավորման միանման բնիկներ, Apple-ը դժվարությունների է բախվելու․ Reuters

Եվրամիության երկրներն այսօր պայմանավորվածության են եկել, որ մինչև 2024 թ-ը Եվրոպայում վաճառվող բջջային հեռախոսները, պլանշետները և տեսախցիկները լիցքավորիչի միանման բնիկ են ունենալու։ Այս որոշումն աննախադեպ է։ Apple ընկերությունը ստիպված է լինելու փոխել iPhone-ի լիցքավորման բնիկը, գրում է Reuters-ը, որի հոդվածը կրճատումներով ներկայացնում ենք ընթերցողին․ «Քաղաքական այս միջամտությունը, որն, ըստ Եվրահանձնաժողովի, կհեշտացնի սպառողների կյանքն ու կխնայի նրանց գումարները, տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ընկերությունները չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ։ Բրյուսելն արդեն ավելի քան տասը տարի պնդում է, որ բջջային հեռախոսներն ունենան լիցքավորման միանման բնիկներ, քանի որ iPhone և Android-ի հիմքով սարքեր օգտագործողները բողոքում էին, որ դրանք լիցքավորելու համար ստիպված են տարբեր լիցքավորիչներից օգտվել։ iPhone-ը լիցքավորվում է Lightning լարի միջոցով, իսկ Android համակարգով աշխատող սարքերը՝ USB-C տիպի լիցքավորիչով։ «Մինչև 2024 թ-ի աշուն USB Type-C բնիկները ԵՄ տարածքում համընդհանուր են լինելու բոլոր բջջային հեռախոսների, պլանշետների և տեսախցիկների համար», - ասված է Եվրախորհրդարանի հայտարարությունում։ ԵՄ ներքին շուկայի հարցերով հանձնակատար Տիերի Բրետոնը հայտարարել է, որ այս որոշման արդյունքում սպառողները կտնտեսեն շուրջ 250 մլն եվրո (267 մլն դոլար)։ «Սա նաև կօգնի, որ նոր տեխնոլոգիաներ հայտնվեն, օրինակ՝ անլար լիցքավորիչներ, և թույլ չի տա, որ նորարարությունները շուկայի ֆրագմենտավորման և սպառողների համար անհարմարության աղբյուր դառնան», - ասել է նա։ Apple-ը, որը զգուշացրել էր, որ այս առաջարկը վնաս կհասցնի նորարարություններին և էլեկտրոնային թափոնների կույտեր կառաջացնի, դեռ չի պատասխանել մեկնաբանություն տալու հարցմանը։ «Մենք հպարտ ենք, որ նոութբուքերն, էլեկտրոնային ռիդերները, ականջակալները, ստեղնաշարերը, համակարգչային մկնիկները նույնպես ներառված են [այս որոշման մեջ]», - ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ալեքս Ագիուս Սալիբան, որը գլխավորում էր դեբատները խորհրդարանում։ Նոութբուքերը նույնպես պետք է հարմարեցվեն ԵՄ պահանջներին այս որոշման ուժի մեջ մտնելուց հետո 40 ամսվա ընթացքում»։   Նորա Վանյան  
20:29 - 07 հունիսի, 2022
Շվեդիայի խորհրդարանում չի հաջողվել անվստահություն հայտնել արդարադատության նախարարին

Շվեդիայի խորհրդարանում չի հաջողվել անվստահություն հայտնել արդարադատության նախարարին

Շվեդիայի կառավարությունը կարողացել է խուսափել խորհրդարանի կողմից անվտսահություն հայտնելուց, գրում է Reuters-ը։ Շնորհիվ այն բանի, որ խորհրդարանի անկախ, իրանաքրդական ծագման պատգամավոր Ամինե Կակաբավեն ձեռնպահ է մնացել քվեարկությունից, խորհրդարանը չի կարողացել անվստահություն հայտնել երկրի արդարադատության նախարար Մորգան Յոհանսոնին։ Քվեարկություն նախաձեռնելու պատճառը հանցավորության աճն էր։ Առանց Կակաբավեի քվեի՝ նախարարին անվստահություն հայտնելուն կողմ է արտահայատվել խորհրդարանի 174 պատգամավոր, սակայն որոշման կայացման համար անհրաժեշտ էր 175 ձայն։ Ավելի վաղ երկրի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հայտարարել էր, որ իր կառավարությունը հրաժարական կտա, եթե խորհրդարանը նախարարին անվստահություն հայտնի։   Նորա Վանյան
19:03 - 07 հունիսի, 2022
ՀՀ քաղաքացիների 67%-ը կարծում է, որ Խորհրդային Միության փլուզումը Հայաստանի համար բացասական էր․ սոցհարցում

ՀՀ քաղաքացիների 67%-ը կարծում է, որ Խորհրդային Միության փլուզումը Հայաստանի համար բացասական էր․ սոցհարցում

Հայաստանի քաղաքացիների 67%-ը կարծում է, որ Խորհրդային Միության փլուզումը Հայաստանի համար բացասական էր, 22%-ի դիտարկմամբ՝ դրական էր։   Այս մասին են վկայում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի իրականացրած «Կովկասյան բարոմետր 2021-2022»  սոցհարցման տվյալները։ Քաղաքացիների 56%-ը ասել է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո ապրում է ավելի վատ, 22%-ը՝ ավելի լավ, իսկ 21%-ի դիտարկմամբ՝ ինքն ապրում է նույն կերպ։Հարցվածների 80%-ը Խորհրդային Միության փլուզում դրական է համարում Հայաստանի անկախանալու համատեքստում։ 3%-ը կարծում է, որ մշակույթը հնարավորություն ունի զարգանալու, 3%-ի  կարծիքով՝ ԽՍՀՄ փլուզումը Հայաստանի համար դրական է մարդու իրավունքների պաշտպանվածության տեսանկյունից։ Խորհրդային Միության փլուզումը հարցվածների 52%-ի համար բացասական է մարդկանց սոցիալական կյանքի վատթարացման համատեքստում, 16%-ի համար՝ աշխատատեղերի սակավացման առումով։ 10%-ը Հայաստանի համար բացասական է համարում ԽՍՀՄ փլուզումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի մեկնարկման տեսանկյունից, իսկ 5%-ը կարծում է, որ հարուստների և աղքատների միջև տարբերությունը խորացել է։
17:19 - 07 հունիսի, 2022
Բերդյանսկի և Մարիուպոլի նավահանգիստները պատրաստ են հացահատիկի արտահանմանը․ ՌԴ ՊՆ

Բերդյանսկի և Մարիուպոլի նավահանգիստները պատրաստ են հացահատիկի արտահանմանը․ ՌԴ ՊՆ

Ուկրաինական Մարիուպոլի և Բերդյանսկի նավահանգիստներն աշխատում են սովորական ռեժիմով և պատրաստ են հացահատիկի արտահանմանը, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Սկսել է աշխատել Բերդյանսկի նավահանգիստը։ Գերագույն գլխավոր հրամանատարի հրահանգով՝ հացահատիկը կարող է բեռնվել այդ նավահանգիստներում [Բերդյանսկի և Մարիուպոլի – խմբ․]», - ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ Մարիուպոլի նավահանգստի ականազերծումն ավարտված է, այն գործում է սովորական ռեժիմով և ընդունել է առաջին բեռնանավերը։ «Ականզերծման  աշխատանքները շարունակվում են։ Ընդհանուր առմամբ, ստուգվել է շուրջ 3 հազար հեկտար, ականազերծվել է գրեթե 15 հազար պայթյունավտանգ առարկա։ Ականներից ամբողջությամբ մաքրվել է «Ազովստալ» գործարանի տարածքն, այդ թվում՝ դրա ստորգետնյա կառույցները», - ասել է Շոյգուն։ Նորա Վանյան
16:50 - 07 հունիսի, 2022
Շոյգուն հայտարարել է Ղրիմի հետ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման մասին

Շոյգուն հայտարարել է Ղրիմի հետ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ղրիմի հետ ավտոմոբիլային հաղորդակցությունն այժմ կարող է իրականացվել Դոնբասի տարածքով և ռուսական վերահսկողության տակ անցած ուկրաինական մյուս տարածքներով։ Նախարարի խոսքով՝ ռազական գործողությունների արդյունքում ռուսական զորքերը զբաղեցրել են Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների զգալի մասն, այդ թվում՝ Կրասնի Լիման և Սվյատոգորսկ քաղաքները, հայտնում է «Կոմերսանտը»։ «Բաց է ավտոմոբիլային հաղորդակցությունը Ռուսաստանի տարածքից ցամաքային հատվածով դեպի Ղրիմ։ Վերականգնված է Ղրիմի թերակղզու ջրամատակարարումը Հյուսիս-ղրիմյան ջրագծով», - ասել է Շոյգուն ՌԴ ՊՆ խորհրդակցության ընթացքում։ Դոնի Ռոստով-Ղրիմ մայրուղին անցնում է Մարիուպոլով, ինչպես նաև Բերդյանկսով և Մելիտոպոլով։ «Ռուսաստանի պաշտպանության նախարարության և «Ռուսական երկաթուղիներ» բաժնետիրական ընկերության համատեղ ջանքերով երկաթուղային վեց կետերում պայմաններ են ստեղծել Ռուսաստանի և Դոնբասի, Ուկրաինայի և Ղրիմի միջև լիարժեք տեղաշարժի համար։ Գործարկվել են բեռնափոխադրումները դեպի Մարիուպոլ, Բերդյանսկ և Խերսոն», - ասել է նախարարը։ Վերականգնված երկաթուղային հատվածների ընդհանուր երկարությունը կազմել է 1,2 հազ․ կմ։ Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ուկրաինայի Լուգանսկի շրջանի Սևերոդոնեցկի քաղաքի բնակելի թաղամասերն «ամբողջությամբ ազատագրված են», գրում է Meduza-ն։ «Ամբողջությամբ ազատագրվել են Սևերոդոնեցկ քաղաքի բնակելի թաղամասերը։ Շարունակվում է վերահսկողության սահմանումը դրա արդյունաբերական գոտու և մոտակա բնակավայրերի նկատմամբ», - նշել է նա։ Նորա Վանյան
16:22 - 07 հունիսի, 2022
ՀՀ քաղաքացիների 66 %-ը կարծում է, որ 44-օրյա պատերազմը պատերազմը անխուսափելի էր․ սոցհարցում

ՀՀ քաղաքացիների 66 %-ը կարծում է, որ 44-օրյա պատերազմը պատերազմը անխուսափելի էր․ սոցհարցում

Հայաստանի քաղաքացիների 66%-ը կարծում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմը անխուսափելի էր, 34%-ի կարծիքով այն անխուսափելի չէր։  Այս մասին են վկայում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի իրականացրած «Կովկասյան բարոմետր 2021-2022»  սոցհարցման տվյալները։  Հարցման մասնակցած քաղաքացիների 27%-ը  ռիսկ է տեսնում, որ առաջիկա 1-4 տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիա կլինի, 12%-ը նման հեռանկար է տեսնում 5-10 տարվա ընթացքում, իսկ 19%-ի դիտարկմամբ՝ Ղարաբաղյան կոնֆլիկտը երբեք էլ չի ավարտվել։ Լեռնային Ղարաբաղի տարածքների հետ կապված ո՞րը պետք է լինի Հայաստանի նպատակը։ Հարցվածների 42%-ը կարծում է, որ նպատակը պետք է լինի վերականգնել Լեռնային Ղարաբաղի տիրապետության տակ գտնվող այն բոլոր տարածքները, որոնք առկա էին 44-օրյա պատերազմից առաջ։ 32%-ը կարծում է, որ նպատակը պետք է լինի վերականգնել այն բոլոր տարածքները, որոնք կազմում էին նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, իսկ 26%-ի դիտարկմամբ՝ անհրաժեշտ է պահպանել ԼՂ-ի ներկայիս ստատուս քվոն։  Մասնակիցների 52%-ն էլ ընդհանրապես համաձայն չէ Հայաստանի և Արդբեջանի միջև տրանսպորտային ուղիների բացմանը։  Մինչդեռ 6%-ը լիովին համաձայն է այս գործընթացին։ 16%-ը ոչ համաձայն է, ոչ էլ համաձայն չէ  տրանսպորտային ուղիների բացմանը, 14%-ը որոշ չափով համաձայն չի, 12%-ը որոշ չափով համաձայն է։
16:19 - 07 հունիսի, 2022
ՀՀ քաղաքացիների 76%-ի սպասելիքները 2018-ի հեղափոխությունից ընդհանրապես չեն արդարացել կամ քիչ են արդարացել

ՀՀ քաղաքացիների 76%-ի սպասելիքները 2018-ի հեղափոխությունից ընդհանրապես չեն արդարացել կամ քիչ են արդարացել

Գլխավոր լուսանկարը՝ «Հետք»-ի, «Թավշյա հեղափոխություն»2018 թ․-ի Թավշյա հեղափոխությունից Հայաաստանի քաղաքացիների մեծամասնությունը դրական սպասելիքներ է ունեցել։ Այս մասին են վկայում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի իրականացրած «Կովկասյան բարոմետր 2021-2022»  սոցհարցման տվյալները։  Սոցհարցմանը մասնակցած քաղաքացիների 82%-ը պատասխանել է, որ դրական սպասելիքներ է ունեցել հեղափոխությունից, 11%-ը պատասխանել է, որ ոչ մի սպասում չի ունեցել, 7%-ն էլ պատասխանել է, որ բացասական սպասումներ է ունեցել։  Հարցին, թե որքանով են արդարացել քաղաքացիների սպասելիքները, 2021 թ․-ին հարցվածների 76%-ը պատասխանել է, որ ընդհանրապես չեն արդարացել կամ քիչ են արդարացել, իսկ 44%-ի համար լիովին կամ մասամբ արդարացել են։ Մինչդեռ 2019 թ․-ին հարցվածների 76%-ը ասել է, որ իրենց սպասելիքները հեղափոխությունից լիովին կամ մասամբ արդարացվել են:  Հարցին, թե որքանով է Հայաստանը ժողովրդավարական, հարցվածների 46%-ը պատասխանել է, որ ժողովրդվարական է, բայց մեծ խնդիրներով, 22%-ը պատասխանել է, որ բնավ ժողովրդավարական չէ, 22%-ը պատասխանել է, որ ժողովրդավարական է, բայց աննշան խնդիրներով, իսկ 10%-ը պատասխանել է, որ լիովին ժողովրդավարական է։  
15:33 - 07 հունիսի, 2022
Դատախազը միջնորդեց «Ռեստարտ»-ի անդամներին դատապարտել 4 տարվա ազատազրկման՝ պատիժը պայմանականորեն չկիրառելով

Դատախազը միջնորդեց «Ռեստարտ»-ի անդամներին դատապարտել 4 տարվա ազատազրկման՝ պատիժը պայմանականորեն չկիրառելով

#Կարճասած «Ռեստարտ» նախաձեռնության անդամների գործով դատաքննությունն այսօր ավարտվեց, դատարանը սկսեց դատական վիճաբանությունների փուլը: Դատախազ Սեւակ Պողոսյանը միջնորդեց բոլոր 6 ամբաստանյալներին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում, դատապարտել 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան: Գործով տուժող Նարեկ Մալյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը միացավ դատախազի հիմնավորումներին՝ բացառությամբ պատիժը պայմանականորեն չկիրառելուն։ #Ավելիմանրամասն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր ավարտվեց «Ռեստարտ» նախաձեռնության անդամների գործով դատաքննությունը, դատարանն անցավ վիճաբանությունների փուլին, որի ժամանակ մեղադրող դատախազ Սեւակ Պողոսյանը հանդես եկավ մեղադրական ճառով։ Հիշեցնենք՝ գործով ամբաստանյալի կարգավիճակում են «Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանը, Գարիկ Միսկարյանը, Յուրի Ավագյանը, Դավիթ Սիմոնյանը, Հրաչյա Խլղաթյանը եւ Արամայիս Պետրոսյանը։ Նրանց եւ Նարեկ Մալյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել դեռ 2019 թ․ մարտի 4-ին։  Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամների կողմից ենթարկվել է հարձակման: Միջադեպից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում դեպքին անդրադարձել էին նաեւ «Ռեստարտ»-ի անդամները՝ պատմելով, որ ի պատասխան Մալյանի՝ իրենց հասցեին հնչեցրած վիրավորանքների՝ փորձել են նրան գցել աղբամանը, ապա տարածել են նաեւ միջադեպի վերաբերյալ տեսագրությունը։ Նույն օրը դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանությունը): Օրեր անց երիտասարդներին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առեւանգման փորձը): Հարուցված քրեական գործի շրջանակում Նարեկ Մալյանը ճանաչվել էր տուժող: Լուսանկարում՝ ամբաստանյալները, պաշտպան Կարեն Մեժլումյանը Նախքան դատական վիճաբանությունների փուլին անցնելը ամբաստանյալների պաշտպան Կարեն Մեժլումյանն այսօր դատարանին ներկայացրեց համացանցից ներբեռնված մի տեսանյութ եւ միջնորդեց այն կցել գործի նյութերին։ Տեսանյութում երեւում էր, թե ինչպես են մի քաղաքացու, գետնին քարշ տալով, բերում եւ նետում աղբարկղը։  Պաշտպանը զուգահեռներ անցկացրեց երկու դեպքերի միջեւ՝ ցույց տալու համար, որ իր պաշտպանյալների արարքը որակվել է առեւանգման հոդվածով, իսկ այդ դեպքի առթիվ նյութերի նախապատրաստումն անգամ առեւանգման հոդվածի շրջանակներում չի արվել։ Մեժլումյանի հարցմանն ի պատասխան՝ Դատախազությունից հայտնել են, որ հետաքննության մարմնում նյութեր են նախապատրաստվել, մասնավորապես, ծեծի, ֆիզիական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու, դիտավորությամբ առողջությանը միջին կամ ծանր վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները անցնելու հոդվածներով եւ արդյունքում, որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Մեժլումյանը հիշեցրեց՝ երբ Նարեկ Մալյանի եւ Դավիթ Պետրոսյանի առերեսման ժամանակ Պետրոսյանն ասաց, որ իրենք Մալյանին աղբամանը նետելու նպատակ են ունեցել միայն, քննիչը կարծիք հայտնեց, թե նման դիրքորոշումը պատասխանատվությունից խուսափելու միտում է հետապնդում, այնինչ իրենց դիրքորոշումն է հենց այն, որ եթե անձին տանում էին՝ աղբամանը նետելու, ուրեմն՝ այդտեղ առեւանգում չէր կարող լինել։ Դատավոր Դավիթ Հարությունյանը հետաքրքրվեց՝ քրեական գործի հարուցումը մերժելու այդ որոշումը դատական ստուգման ենթարկվե՞լ է, ինչին Մեժլումյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ դատախազի կողմից է դրա օրինականությունը ստուգվել։ Ավելի ուշ տեսանյութի մասին դիրքորոշում հայտնեց նաեւ այս գործով դատախազ Սեւակ Պողոսյանը՝ նշելով, որ այն վերաբերելի չէ եւ համադրելի չէ իրենց գործի հանգամանքներին։ Դատավոր Դավիթ Հարությունյանը որոշեց տեսանյութը կցել գործին, իսկ դրա թույլատրելիության կամ վերաբերելիության կամ ընդհանրապես, որպես «այլ փաստաթուղթ» ապացույց օգտագործելու հարցը քննարկել վերջնական դատական ակտ կայացնելիս՝ մյուս ապացույցների հետ համադրելու արդյունքում։ Լուսանկարում՝ պաշտպան Կարեն Մեժլումյանը, դատավոր Դավիթ Հարությունյանը Այնուհետեւ դատախազ Սեւակ Պողոսյանը ներկայացրեց իր մեղադրական ճառը։ Նա նախ հիշեցրեց, որ 6 ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, Նարեկ Մալյանին բացահայտ առեւանգելու շուրջ նախնական համաձայնության գալով, հանցավոր դիտավորությունն իրականացնելու նպատակով 2019 թվականի մարտի 4-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, սպասել են Մալյանին վերջինիս բնակության վայրի մոտակայքում, որտեղ, հանդիպելով նրան, մոտեցել են եւ նրա կամքին հակառակ բռնություն գործադրելու միջոցով, ճնշելով վերջինիս  դիմադրությունը, փորձել են բացահայտ առեւանգել նրան, սակայն հանցավոր դիտավորությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ վնասազերծվել են տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից: Ըստ դատախազի՝  առաջադրված մեղադրանքներում ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչել, սակայն ընդունել են իրենց կողմից տուժողի նկատմամբ կատարած գործողությունները․ «Ամբաստանյալները, թեեւ դատարանում հերքել են Նարեկ Մալյանին նախնական համաձայնությամբ, խմբի կազմում առեւանգելու հանգամանքը, սակայն նշել են, որ իրենց գործողություններն այդ օրը պայմանավորված են եղել նրանով, որ մինչ այդ Նարեկ Մալյանը սոցիալական էջերում կատարված հրապարակային ելույթներով եւ գրառումներով իրենց բազմիցս վիրավորանքներ է հասցրել: Այսինքն՝ ամբաստանյալները, ըստ էության, ընդունել են տուժողին կամքին հակառակ, խմբով, բռնություն գործադրելով բացահայտ տեղափոխելու հանգամանքը, սակայն պնդել են, որ իրենց նպատակը եղել է ոչ թե առեւանգելը, այլ մոտակայքում գտնվող աղբամաններից մեկը գցելը, եւ եթե ոստիկանները չմիջամտեին, իրենք կատարելու էին դա ու ներկայանալու էին ոստիկանություն, քանի որ կարծում են, որ այդ կերպ իրենց իրավունքներն են պաշտպանում»,- նշեց դատախազը։ Նրա խոսքով՝ ամբաստանյալների մեղավորությունը հաստատվել է ինչպես տուժող Նարեկ Մալյանի, այնպես էլ վկաների ցուցմունքներով: Տուժողը, ըստ դատախազի, նախաքննության ժամանակ տված ցուցմունքով մանրամասն պատմել է, թե ինչպես է դեպքի օրը հարձակման ենթարկվել, իսկ դատարանում եւս հաստատել է, որ ամբաստանյալների գործողությունները նախապես մանրամասն պլանավորված են եղել, ինչի մասին է վկայել այդ անձանց գործողությունների հստակությունը․ «Տուժողը նաեւ ավելացրել է, որ ֆիզիկական ցավ զգալուց բացի իրեն այդ վիճակը նաեւ հոգեկան տառապանք է պատճառել, քանի որ ինքը հանրային գործունեությամբ է զբաղվում եւ իր բնակության հասցեի մոտ՝ այդ մարդաշատ վայրում իր կամքին հակառակ, անելանելիութան վիճակում իրեն տեղափոխելը եւ հետագայում ամբաստանյալների խմբի կողմից տեսագրության հրապարակումը այլ կերպ ընկալվել չէր կարող ու կրում էր իրեն նվաստացնելու նպատակ»,- նշեց Պողոսյանը։ Վերջինս պնդեց, որ ամբաստանյալների մեղավորությունը հաստատվել է նաեւ դեպքի վայրի զննության արձանագրություններով, հարակից տարածքների տեսախցիկների՝ ապացույց ճանաչված տեսագրությունները պարունակող սկավառակներով, ամբաստանյալներին դեպքի վայրից բերման ենթարկելու մասին կազմված արձանագրություններով։ Լուսանկարում՝ դատախազ Սեւակ Պողոսյանը, փաստաբան Տիգրան Աթանեսյանը Խոսելով ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքից՝ Սեւակ Պողոսյանն ասաց․ «Առեւանգման օբյեկտիվ կողմը կարող է դրսեւորվել՝ տուժողին իր կամքին հակառակ բնական միկրոսոցիալական միջավայրից կտրելով, այլ վայր տեղափոխելով եւ այնտեղ պահելով: Այսինքն՝ հիշյալ արարքը կարող է ավարտված համարվել վերը նշված եղանակով անձին միկրոսոցիալական միջավայրից դուրս հանելու պահից, եթե հաստատվի վերջինիս այլ վայր տեղափոխելու եւ պահելու նպատակը: Ինչ վերաբերում է նշված արարքի հանցափորձին, ապա այն կարող է դրսեւորվել տուժողնի վերը նկարագրված եղանակով միկրոսոցիալական միջավայրից դուրս բերելու ընթացքում հանցավորի կամքից անկախ հանգամանքներում արարքի խափանման արդյունքում», -նշեց նա՝ հավելելով, որ հենց այդ հանցափորձն էլ տվյալ դեպքում տեղի է ունեցել․ «Տուժողը գտնվել է իր բնակության վայրի շքամուտքում եւ նրան միկրոսոցիալական միջավայրից կտրելուն ուղղված գործողությունները, թեեւ տեղի են ունեցել նույն փողոցում կատարված բռնարարքի միջոցով, այսինքն՝ նրան մեքենայով չեն տեղափոխել կամ շատ մեծ տարածություն չեն տեղափոխել,  սակայն ակնհայտ է, որ անգամ Ամիրյան փողոցի նշված հասցեից դեպի Սարյան փողոցը ընկած շուրջ 20 մետր հեռավորության վրա գտնվող աղբամանները տեղափոխելու եւ այնտեղ գցելու պարագայում էլ անձը փաստացի կկտրվեր իր միկրոսոցիալական միջավայրից, հետեւաբար՝ առկա կլիներ ավարտված առեւանգում, որը կատարված կլիներ վրեժի շարժառիթով»։ Սեւակ Պողոսյանը հարկ համարեց արձանագրել նաեւ, որ դատաքննությամբ պաշտպանական կողմի միջնորդությամբ հետազոտված ձայնագրություններով հաստատվել է տուժողի կողմից մինչ դեպքը ամբաստանյալներին բազմիցս հայհոյելու հանգամանքը, ինչը հաստատել է նաեւ հենց տուժողը։ Նա նշեց նաեւ, որ ներկայացվել են ամբաստանյալների անձը դրականորեն բնութագրող տեղեկանքներ եւ այլ փաստաթղթեր, այդ թվում՝ ուսման վայրերից․ «Ուշադրության են արժանի պատերազմին մասնակցելու վերաբերյալ փաստական տվյալները, որոնք եւս գործին կցված են»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ ամբաստանյալների պատասխանա­տվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ դատախազը միջնորդեց բոլոր ամբաստանյալներին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված հանցագործությունը կատարելու համար եւ դատապարտել ազատազրկման՝ 4 տարի ժամկետով:   Միաժամանակ դատախազը միջնորդեց ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժները ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառել՝ 3 տարի ժամկետով փորձաշրջան սահմանելով եւ վերջիններիս վրա բնակության վայրերը չփոխելու պարտականություն դնելով։ Տուժող Նարեկ Մալյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը միացավ դատախազի դատողություններին՝ չհամաձայնելով միայն պատիժը պայմանականորեն չկիրառելու դիրքորոշմանը եւ պնդելով, որ նրանք ազատազրկումը պիտի իրականում կրեն։ Հակառակ դեպքում, ըստ փաստաբանի, սոցիալական արդարությունը չի կարող վերականգնվել․ «Խոսքն ակցիայի մասին չէ, այլ ինքնադատաստանի, որը ամբաստանյալները ցանկացել են եւ  մասնակի հաջողել, իսկ ինքնադատաստանի վտանգը այն է, որ այն չի ունենում ավարտ, նման բռնարարքը կարող է ունենալ իր պատասխանը, այդ պատասխանը՝ իրենը, եւ դա կլինի անվերջ»,- ասաց Աթանեսյանը՝ նշելով, որ դատարանն այժմ ունի հնարավորություն այդ ամենին վերջ տալու եւ թույլ չտալու, որ արդարության պակասի զգացումից տեղի ունենան այլ հանցանքներ կամ ամբաստանյալների նշած, այսպես կոչված, «ակցիաները», լայն տարածում ստանան։ Աթանեսյանը միաժամանակ ընդգծեց, որ թեեւ այն ժամանակ ծանր վիրավորանքը դեռ քրեականացված չէր, սակայն ամբաստանյալներն իրավական դաշտում, մասնավորապես, քաղաքացիական կարգով, ունեին իրենց պաշտպաննելու արդյունավետ միջոցներ․ «Ի վերջո վիրավորանքին կարող էին պատասխանել վիրավորանքով միգուցե»,- ասաց նա՝ հավելելով, որ այս դեպքում հասարակական վտանգավորությունը նրանում է, որ բարձր արժեքներ ձեւականորեն քարոզող ՀԿ-ն դիմում է հանցագործության, այն էլ՝ կազմակերպված, հասարակական վայրում, տուժողի բնակության վայրում, որտեղ կարող էին ականտաես լինել թե՛ նրա հարեւանները, թե՛ ընտանիքի անդամները, այդ թվում՝ անչափահաս երեխան։ Մեղադրող եւ տուժող կողմի ելույթներից հետո պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց՝ պաշտպանական ճառ պատրաստելու համար, ինչով պայմանավորված` նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 17-ին։   Միլենա Խաչիկյան
23:45 - 06 հունիսի, 2022