ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
«Հյուսիս-Հարավ» ծրագրին վերաբերող քրգործի նախաքննությամբ «անապրանք» գործարքների, հարկերի վճարումից խուսափելու և այլ հանցավոր դրսևորումներ են բացահայտվել

«Հյուսիս-Հարավ» ծրագրին վերաբերող քրգործի նախաքննությամբ «անապրանք» գործարքների, հարկերի վճարումից խուսափելու և այլ հանցավոր դրսևորումներ են բացահայտվել

Շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցավոր արարքներ, չարաշահումներ կատարելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Կազմավորված քննչական խմբի կողմից բազմադրվագ և մեծածավալ քրեական գործով ակտիվորեն կատարվում են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ՝ հանցագործությունների բոլոր դրսևորումներն ու դրվագները, հանցագործություն կատարած բոլոր անձանց բացահայտելու և վերջիններիս արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով: Նախաքննությամբ արդեն իսկ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել են ծրագրում ընդգրկված բազմաթիվ ընկերությունների միջև տեղի ունեցած տարատեսակ ձևական, «անապրանք» գործարքների կնքման, փաստաթղթերի կեղծման, հափշտակությունների, հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու բազմաթիվ դրվագներ: Մասնավորապես՝ ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» հատվածի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհների շինանրարական աշխատանքների ընթացքում ակնհայտ չհիմնավորված խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ երկու ընկերությունների միջև 2016թ. հունիսին կնքվել է 2 պայմանագիր, որոնց հիման վրա 2016-2018թթ. նրանցից մեկի անվամբ դուրս են գրվել հարկային հաշիվներ շուրջ 1.2մլրդ ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) ընդհանուր արժեքով:Նախաքննության ընթացքում պարզվել է, որ պայմանագրերը կնքվել են հարկային պարտավորությունները նվազեցնելու նպատակով, որի համար կազմվել են անապրանք գործարքներ, իրականացվել է կեղծ ձեռնարկատիրություն: Նշված պայմանագրերի շրջանակներում հարկային հաշիվներով որևէ տեսակի խորհրդատվական ծառայություններ չեն մատուցվել, այսինքն, ըստ էության, կայացել են «անապրանք» գործարքներ:Պարզվել և հիմնավորվել է նաև, որ կեղծ փաստաթղթերով որպես խորհրդատվություն տրամադրած ընկերության աշխատակիցների կողմից 2016-2017թթ. ընկած ժամանակահատվածում ընկերության բանկային հաշվից կանխիկացվել է շուրջ 600մլն ՀՀ դրամ, որը փոխանցվել է ընկերությունը փաստացի ղեկավարող անձին, իսկ նշված գումարներն ընկերության դրամարկղում ձևակերպվել են որպես այլ անձի՝ ընկերության հիմնադրին տրված շահաբաժիններ:Ներգրավված ընկերությունների նվազեցված հարկային պարտավորությունների և պետությանը պատճառած վնասի հաշվարկման նպատակով նշանակվել են մասնագիտական հարկային ստուգումներ, որոնցից 2-ով ստացված ակտերով արձանագրվել են 1մլրդ 10մլն ՀՀ դրամի չվճարված հարկեր, պետությանը պատճառված վնաս (ներառյալ տույժերը, տուգանքները): Մյուս ստուգումները դեռևս գտնվում են ընթացքի մեջ:Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2019թ. ապրիլի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների հատկանիշներով հարուցվել և «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի վերաբերյալ քրեական գործին է միացվել ևս մեկ քրեական գործ՝ ծրագրում ներգրավված մեկ այլ ՍՊԸ տնօրենի կողմից ընկերության հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու նպատակով մի շարք ընկերություններից, առանց վերջիններիս կողմից ապրանքների փաստացի մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման, կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու, դրանք օրենքով սահմանված կարգով ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացվող փաստաթղթերում ներառելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ:Բացի վերոնշյալը, դատախազի հանձնարարությամբ քննիչի կայացրած որոշումներով ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրում ներգրավված ընկերությունների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված երեք քրեական գործեր ևս միացվել են ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչությունում քննվող մայր գործին:Այս դրվագներով կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ առանց ծառայությունների փաստացի մատուցման, տրամադրվել են մոտ 195մլն ՀՀ դրամի կեղծ հաշվապահական փաստաթղթեր, ինչի արդյունքում խուսափել են պետական բյուջե վճարել առանձնապես խոշոր չափերի հարկեր՝ միաժամանակ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:Կատարված այդ հնարավոր «անապրանք» գործարքների հանգամանքները, դրանց արդյունքում պետությանը պատճառված վնասի կոնկրետ չափը պարզելու նպատակով 2 ընկերությունում կատարված նախնական հաշվարկների համաձայն, նրանց մոտ կարող են առաջանալ պետության նկատմամբ հարկերի գծով ընդհանուր մոտ 600մլն ՀՀ դրամի պարտավորություններ (ներառյալ տույժերը և տուգանքները): Այս առումով վերջնական հաշվարկ ստանալու և պետությանը պատճառված վնասի չափը որոշելու համար նշանակվել է դատահաշվապահական փորձաքննություն:Նախաքննությունը շարունակվում է:
08:18 - 27 մայիսի, 2019
ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Ռոբերտ Քոչարյանի գործով ներկայացրած վերաքննիչ բողոքի վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Ռոբերտ Քոչարյանի գործով ներկայացրած վերաքննիչ բողոքի վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Ռոբերտ Քոչարյանի գործով ներկայացրած վերաքննիչ բողոքի վերաբերյալ։  Պարզաբանման մեջ նշված է. «ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ինչպես 2018թ. մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ անջատված և դատարան ուղարկված քրեական գործով մեղադրյալ Ռ. Քոչարյանի նկատմամբ կալանավորում խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոփոխելու մասին դատարանի կայացրած 18.05.2019թ. որոշման, այնպես էլ դատարանի կողմից նույն քրեական գործով Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին 2019թ. մայիսի 20-ի որոշման դեմ: Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը և այն հանգամանքը, որ խնդրո առարկայի վերաբերյալ մամուլում շարունակում են տեղ գտնել տարատեսակ և որոշ դեպքերում անհիմն, թյուրընկալումներ հարուցող մեկնաբանություններ՝ հարկ ենք համարում տեղեկացնել հետևյալի մասին: Վերաքննիչ բողոքները ներկայացվել են օրենսդրությամբ նախատեսված հիմքերով և ընթացակարգերի լիարժեք պահպանմամբ: Մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի իմաստով ինչպես խափանման միջոցների, այնպես էլ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշումները հանդիսանում են գործն ըստ էության չլուծող դատական ակտեր: Նույն օրենսգրքի 376.1 հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու, գործով վարույթը կասեցնելու որոշումները վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են: Նշված քրեական գործով վարույթը կասեցնելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը ներկայացվել է նաև հիմնվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի վրա, համաձայն որի դատավարության մասնակիցների միջնորդությունները սահմանադրական դատարան դիմելու հիմքով գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան՝ կայացման պահից տասնօրյա ժամկետում: Բողոքում հիմնավորվել է, որ Վիճարկվող դատական ակտը կայացվել է դատարանի կողմից ՀՀ սահմանադրական դատարան դիմելու նյութաիրավական պայմանների բացակայությամբ և այդ կայացմամբ Դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում: Մասնավորապես՝  1.Դատարանը, գրեթե ամբողջությամբ հիմնվելով պաշտպանության կողմի ներկայացրած փաստարկների և իրավական հիմնավորումների վրա, եկել է եզրահանգման, թե իբրև առկա է կասկած ՀՀ քրեական օրենսգրքի ներկայիս խմբագրությամբ 300.1 հոդվածի և 2008թ. դրությամբ գործած 300-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահամանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության վերաբերյալ: Ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի՝ դատարանները Սահմանադրական դատարան կարող են դիմել իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով: Դատարանը վիճարկվող դատական ակտից առաջ իր իսկ կայացրած՝ 2019 թվականի մայիսի 18-ի թիվ ԵԴ/0253/01/19 որոշման պատճառաբանական մասում փաստել է, որ առնվազն ենթադրաբար առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով վերագրված արարքում Ռ.Քոչարյանի առնչությունը հիմնավորող փաստական տվյալներ: Փաստորեն, դատարանը իր նախորդ որոշմամբ արդեն իսկ եկել էր եզրահանգման, որ գործով ձեռք բերված փաստական տվյալներով առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարմանը Ռ.Քոչարյանի առնչությունը: Գործով ձեռք բերված փաստական տվյալներով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարմանը Ռ.Քոչարյանի առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության մասին հետևության գալով՝ դատարանն այդ կերպ արդեն իսկ հիմնավոր կասկածի գնահատման տիրույթում կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: Հետևաբար անտեսելով այն հանգամանքը, որ իր կողմից հիմնավոր կասկածի գնահատման տիրույթում արդեն իսկ 2019 թվականի մայիսի 18-ին իր կողմից կայացված որոշմամբ կիրառվել է ՀՀ քրեական օերնսգրքի 300.1 հոդվածի առաջին մասը, դատարանը, հակասելով իրեն, վիճարկվող որոշմամբ բարձրացրել է այդ նույն ակտի, որպես կիրառման ենթակա իրավական ակտի, դրույթի սահմանադրականության հարցի շուրջ կասկածներ: Ավելի պարզ ասած՝ իր իսկ կողմից կիրառված՝ անձի համար արդեն իսկ իրավական հետևանքներ առաջացրած իրավական ակտը գնահատել է որպես «կիրառման ենթակա» և այդ հիմքով համարել վիճարկելի: Ընդ որում, այս հարցը պաշտպանության կողմից բարձրացվել է նաև մեղադրյալի խափանման միջոցի քննության նախորդ փուլերում և դատական երեք ատյանների կողմից ստացել իրավական գնահատական: 2. Դատարանը Սահմանադրական դատարան է դիմել 2008թ. դրությամբ գործած ՀՀ Սահմանադրության 56.1 և 57-րդ հոդվածների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար՝այն դեպքում երբ այդ կապակցությամբ առկա է ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխան մեկնաբանությունը և դրա հիման վրա կայացված որոշումը: Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը փաստացի անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի սահմանադրականության հարցի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանը 2019թ. հունվարի 25-ին կայացրած աշխատակարգային որոշմամբ մերժել է գործի քննությունը և այդ որոշմամբ արձանագրել, որ Վճռաբեկ դատարանն ունի Սահմանադրությունը մեկնաբանելու և կիրառելու լիազորություն: Այդ որոշմամբ հիմնավորվել է, որ Սահմանադրությունը մեկնաբանելու և կիրառելու լիազորություն Սահմանադրությամբ վերապահված է յուրաքանչյուր դատարանի, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանին: Նկատի ունենալով, որ ՀՀ նախագահի գործառութային անձեռնմխելության ինստիտուտի մեկնաբանումն արդեն իսկ տրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վերը վկայակոչված որոշմամբ՝ վերջինիս այդ լիազորությունն այլևս չի կարող վիճարկվել ՀՀ սահմանադրական դատարանի՝ վերը նշված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո:  3. Ընդհանուր իրավասության դատարանը սահմանադրական դատարանի առջև բարձրացրել է նաև սահմանադրական նորմերի՝ 2005թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 56.1 և 57-րդ հոդվածներով նախատեսված դրույթների մեկնաբանության հարց, ինչի իրավունքը չուներ: ՀՀ սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի իրավակարգավորման իմաստով Դատարանը Սահմանադրական դատարանից սահմանադրական նորմի մեկնաբանություն կարող է ստանալ բացառապես այն դեպքում, երբ գտնում է, որ իր կողմից կիրառման ենթակա իրավական ակտի որևէ նորմ հակասում է սահմանադրական տվյալ նորմին: Այնինչ նշված նորմերին որևէ իրավական ակտի որևէ դրույթի համապատասխանության հարց դատարանը չի բարձրացրել: Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին 2019թ. մայիսի 20-ի որոշման դեմ բողոքով ՀՀ դատախազությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին խնդրել է նշված որոշումն ամբողջությամբ բեկանել և կայացնել նոր դատական ակտ՝ հաստատելով գործի վարույթի կասցեման՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածով նախատեսված Սահմանադրական դատարան դիմելու հիմքի բացակայությունը: Ընդ որում՝ հարկ է ընդգծել, որ Դատարանը չի պահպանել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածով սահմանված պահանջն առ այն, որ Սահմանադրական դատարան դիմելուց առաջ դատարանները պետք է որոշում կայացնեն գործի վարույթը կասեցնելու մասին, որից հետո միայն, առանձին, եռօրյա ժամկետում համապատասխան դատարանի որոշմամբ դիմում ներկայացնեն Սահմանադրական դատարան: Թույլ տալով ընթացակարգային խախտում՝ տվյալ դեպքում Դատարանը կայացրել է մեկ միասնական որոշում: Նշված հանգամանքների հաշվառմամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից հիշյալ վերաքննիչ բողոքի պատճենն ուղարկվել է նաև ՀՀ սահմանադրական դատարան՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին 2019թ. մայիսի 20-ի որոշմամբ ներկայացված դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու պահանջով»:
18:20 - 23 մայիսի, 2019
ՀՀ զինդատախազությունն արձանագրել է ՀՀ ՊՆ-ի կողմից 557.6 մլն դրամի ոչ նպատակային նյութական միջոցների ձեռքբերման դեպք |armenpress.am|

ՀՀ զինդատախազությունն արձանագրել է ՀՀ ՊՆ-ի կողմից 557.6 մլն դրամի ոչ նպատակային նյութական միջոցների ձեռքբերման դեպք |armenpress.am|

armenpress.am: ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում ուսումնասիրվում են նախորդ տարիներին ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար նյութական միջոցների գնման համապատասխանությունը օրենսդրության պահանջներին՝ այդ թվում նաև ձեռբերված միջոցների անհրաժեշտության և կիրառելության տեսանկյունից: «Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձանց զեկուցագրերն այն մասին, որ ձեռք բերվող նյութական միջոցները խիստ անհրաժեշտ են բանակի կարիքների համար, 2010թ. դեկտեմբերի 16-ին կնքված 2 պայմանագրերերով գնել է 557․587․600 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով ռազմաբժշկական նշանակության նյութական միջոցներ։ Մինչդեռ պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ ձեռք բերված այդ նյութական միջոցները նախ և առաջ ունեն բարձր արժեք, նախատեսված չեն ՀՀ կլիմայական պայմանների համար, չունեն ռազմաբժշկական նշանակություն և հետևաբար չեն կարող իրենց կիրառությունն ունենալ ՀՀ զինված ուժերում, քանի որ դրանց օգտագործումը պահանջում է մեծ թվով մարդկային և տեխնիկական ռեսուրսներ։ Այդ մասին է վկայում նաև հանգամանքը, որ ըստ ուսումնասիրության արդյունքների՝ ձեռք բերվելուց հետո նշված ապրանքատեսակները երբևէ չեն ծառայել իրենց նպատակային նշանակությանը, տարիների ընթացքում կրել են որոշակի վնասներ, իսկ 8 տարի անց որոշում է կայացվել դրանք վերագնահատելու և ապակոմպլեկտավորելու մասին: Դրա արդյունքում, որպես կուտակված մաշվածություն, ընդհանուր գույքի սկզբնական արժեքը նվազեցվել է 103․075․700 ՀՀ դրամով, իսկ ընդհնուր գույքի կազմի մեջ մտնող առանձին բաղադրիչներ բաշխվել են ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների։ Վերոգրյալի հիմնավորմամաբ կասկածի տակ է դրվել ՀՀ ՊՆ կարիքների համար նմանատիպ նյութական միջոցների գնման անհրաժեշտությունը, պետական ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը և հիմնավորվածությունը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 557․587․600 ՀՀ դրամի վնաս։ Նկատի ունենալով, որ վերը շարադրված փաստական հանգամանքներն առերևույթ կարող են պարունակել ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնեական լիազորություններով օժտված պաշտոնատար անձանց կողմից շահադիտական կամ անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու, իշխանազանցության կամ պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաև պետական միջոցները վատնելու մասին վկայող տվյալներ՝ ուսումնասիրության փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ մեղավոր անձանց շրջանակը պարզելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու նպատակով նյութեր նախապատրաստելու, հետագա ընթացքը լուծելու համար:
17:51 - 21 մայիսի, 2019
Չեն իրականացնվել բուժկանխարգելիչ հետազոտություններ. դատախազութունը ստուգումներ է կատարել «Գորիս» ՔԿՀ-ում |armtimes.com|

Չեն իրականացնվել բուժկանխարգելիչ հետազոտություններ. դատախազութունը ստուգումներ է կատարել «Գորիս» ՔԿՀ-ում |armtimes.com|

armtimes.com։ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության և Սյունիքի մարզի դատախազության կողմից ստուգվել է ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակը, ինչպես նաև կալանավորված անձանց կամ դատապարտյալների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի և խրախուսանքների վերաբերյալ կայացված որոշումների օրինականությունը և համաչափությունը:Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազության մամուլի ծառայություցնի, ստուգման ընթացքում արձանագրվել են մի քանի խախտումներ: Մասնավորապես ԿՀ-ում պահվող անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման ոլորտում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ չեն իրականացնվել ՔԿՀ-ում պահվող անձանց տարեկան առնվազն մեկ անգամ բուժկանխարգելիչ հետազոտություններ: Արձանագրվել է, որ չնայած շենքային անբարենպաստ պայմաններին՝ ՔԿՀ-ի խցերի սանիտարահիգիենիկ վիճակն ընդհանուր առմամբ բավարար է: Պատժախցերը և կարանտինային խուցը ապահովված չեն եղել բնականոն կենցաղավարման համար անհրաժեշտ որոշ պարագաներով ու գույքով: Կացարաններում, պատժախցերի պատերին արձանագրվել են քրեական ենթամշակույթի չգրված կանոնները բնորոշող փորագրված կամ նկարված նշաններ, մեկ խցում առկա են եղել արգելված առարկաներ:Առանձին խնդիրներ կապված են եղել պահվող անձանց կողմից հեռախոսակապից օգտվելու, կալանավորված անձանց և փակ կամ կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների զբոսանքի կազմակերպման ընթացակարգերի պահպանման հետ:Ավելին՝ armtimes.com
12:57 - 21 մայիսի, 2019
Շուրջ 868 մլն դրամի վնաս. բացահայտումներ «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում. հարուցվել է քրգործ

Շուրջ 868 մլն դրամի վնաս. բացահայտումներ «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում. հարուցվել է քրգործ

ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված փաստաթղթերի, տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել է պետական բաժնեմասով «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության կողմից մի քանի ենթակայաններում և մասնաշենքերում վերակառուցման և այլ աշխատանքներ իրականացնելու գործըթնացների օրինականությունը:Այդ նպատակով համապատասխան փաստաթղթեր են պահանջվել և ստացվել ՀՀ հաշվեքննիչ պալատից, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ից և ՀՀ քաղաքաշինության կոմիտեից: Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն 2017թ. հունիսի 29-ին հայտարարել է բաց մրցույթ` արտադրական մասնաշենքի վերակառուցում ճաշարանի ու վարչական մասի և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման համար:«Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ գնահատող հանձնաժողովի կողմից 2017թ. օգոստոսի 9-ին նշված մրցույթի գնման ընթացակարգի 1-ին տեղը զբաղեցրած մասնակից է ճանաչվել А ՓԲԸ-ն՝ 353 մլն. 934 հազ. դրամ (ներառյալ ԱԱՀ) առաջարկով:Նույն մրցույթին շուրջ 119 մլն. դրամով պակաս գնային առաջարկ ներկայացրած մեկ այլ ընկերության հայտը գնահատվել է անբավարար և մերժվել է` քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման լիցենզիաները չներկայացնելու պատճառաբանությամբ:Պարզվել է, որ մրցույթի հրավերին A ընկերության կողմից հայտով ներկայացվել է մեկ այլ, գրեթե նույնանուն ընկերության քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման լիցենզիաները, որոնք դեռևս 2014թ. դադարեցվել են, իսկ А ընկերությանը նման լիցենզիա տրամադրվել է միայն 2017թ. սեպտեմբերի 5-ին, այսինքն մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո: Մրցույթի հրավերին А ընկերության կողմից հայտով ներկայացվել է նաև այդ գրեթե նույնանուն ՓԲԸ-ի նախկինում կնքված պայմանագրերը՝ որպես մասնագիտական փորձառության հիմնավորում:Այսինքն, «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ ծառայողները, իրենց կարգադրիչ կամ այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, հիմք ընդունելով A ընկերության կողմից ներկայացված մեկ այլ ընկերությանը պատկանող ակնհայտ կեղծ փաստաթղթերը, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները, մրցույթում 353 մլն. 934 հազ. դրամ գումարով հաղթող են ճանաչել A ընկերությանը` մերժելով 119 մլն. դրամով պակաս առաջարկը և այդպիսով առաջացնելով ծանր հետևանքներ:Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ «Ասիական զարգացման բանկի աջակցությամբ թվով 2 ենթակայանների վերակառուցման ծրագրերի իրականացման նպատակով չինական մի ընկերության հետ 2016թ. մայիսի 6-ին կնքվել է պայմանագիր՝ 14 մլն. 805 հազ. ԱՄՆ դոլար արժեքով:ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված տեղեկատվության և փաստաթղթերի համաձայն` չինական ընկերության ծրագրի ղեկավարի կողմից 2019թ. փետրվարի 25-ին գրություն է ուղարկվել «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ տնօրենին, որում նշվել է, որ ծրագրի նախնական փուլում նախագծային ինստիտուտի, շինարարական աշխատանքներ և սարքավորումների տեղադրում իրականացնող ենթակապալառուների ընտրությունը իրականացվել է «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ նախկին տնօրենների ճնշումների ներքո, չի եղել անկախ ընտրություն, նշված ենթակապալառու ընկերությունները չեն ունեցել բավարար ներուժ նշված աշխատանքներն իրականացնելու համար:Գրությամբ նաև հայտնվել է, որ ենթակապալառուն ամեն անգամ իրականացվածից ավել ծավալներ է ներկայացրել վճարման: Մասնավորապես մեկ ենթակայանի վերակառուցման համար շինարարական ծախսերը գրեթե եռապատկվել են՝ գերազանցելով շուրջ 1 մլն. 200 հազ. ԱՄՆ դոլարը (շուրջ 576 մլն. դրամ), իսկ մյուս ենթակայանով շուրջ 608 հազ. ԱՄՆ դոլարը (շուրջ 291 մլն. 840 հազ. դրամ):Այպիսով ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված տեղեկատվությունը և փաստաթղթերը տվյալներ են պարունակում «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելու, ընկերությանը շուրջ 867 մլն. 840 հազ. դրամի վնաս պատճառելու և ծանր հետևանքներ առաջացնելու վերաբերյալ:ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված տեղեկատվության և փաստաթղթերի համաձայն` «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի և ՍՊԸ-ի միջև 2017թ. հունիսի 26-ին բանակցային ընթացակարգով կնքվել է կապալային աշխատանքների կատարման պայմանագիր, որով ՍՊԸ-ն պարտավորվել է 129 միլիոն դրամ պայմանագրային արժեքով իրականացնել 110 ԿՎ օդային գծի տեղափոխման աշխատանքներ, որը հետագայում փոփոխվել է՝ դառնալով 130,5 մլն. դրամ:Թեև պայմանագրային աշխատանքների կատարման համար 2018թ. հունվարին 130,5 մլն. դրամը փոխանցվել է ՍՊԸ-ին, սակայն պարզվել է, որ 2017 և 2018 թվականների տեղափոխման ենթակա օդային նշված գծերի անջատում (հոսանքազրկում) տեղի չի ունեցել: Իսկ առանց հոսանքազրկման նշված աշխատանքները չեն կարող կատարվել:Ուսումնասիրությամբ պարզված վերոնշյալ փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը:
13:43 - 20 մայիսի, 2019
Դատախազության պարզաբանումը՝ Հայկ Ալումյանի հայտարարության վերաբերյալ

Դատախազության պարզաբանումը՝ Հայկ Ալումյանի հայտարարության վերաբերյալ

Այսօր Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը պարզաբանում է տարածել Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի հայտարարության վերաբերյալ․ «Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այսօր փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ կայացված դատական ակտը ենթակա չէ բողոքարկման, քանի որ օրենքը չի նախատեսում այս փուլում կայացված որոշումների բողոքարկում: Ելնելով վերոգրյալից՝ պարոն Ալումյանը նշել է, որ բողոքարկելու դեպքում դա կլինի «դատախազության հերթական ոչ օրինական քայլն այս գործով»: Տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` «Քրեական գործը դատարանի կողմից քննելիս մեղադրողը լիազորված է` (...) բողոքարկել դատարանի դատավճիռները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` դատարանի այլ որոշումներ.»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն (…) մեղադրողը կամ վերադաս դատախազը (…)։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածը սահմանում է. «Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են՝ (...)4) առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու, (…)մասին որոշումները. (...)»։ ՀՀ վճռաբեկ դատարանը Նարեկ Հարությունյանի վերաբերյալ գործով որոշմամբ սահմանել է, որ «[Մ]եղադրողը քրեական գործի դատական քննության փուլում լիազորված է բողոքարկել դատարանի դատավճիռները, իսկ դատարանի այլ որոշումները` այն դեպքում, երբ դրանց բողոքարկման հնարավորությունը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։ (...)Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրողը` որպես վերաքննիչ բողոքարկման անսահմանափակ իրավունքով օժտված սուբյեկտ, ներառված է գործն ըստ էության չլուծող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 3-6-րդ կետերով նախատեսված որոշումները բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակում։ Այլ խոսքով` մեղադրողն իրավասու է վերաքննիչ դատարան բողոքարկել նաև առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ որոշումները, քանի որ այդ հնարավորությունը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ և 376.1-րդ հոդվածներով։ Վճռաբեկ դատարանի վերոնշյալ մեկնաբանությունը բխում է նաև դատախազի` մեղադրանքի պաշտպանության սահմանադրական իրավունքի բովանդակությունից, ինչպես նաև համահունչ է դատախազի կարգավիճակի վերաբերյալ միջազգային փաստաթղթերով ամրագրված չափանիշներին։ Այսպես` Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2000 թվականի հոկտեմբերի 6-ի «Քրեական արդարադատության համակարգում դատախազության դերի վերաբերյալ» թիվ Rec(2000)19 հանձնարարականի 1-ին հոդվածի համաձայն` դատախազները պետական իշխանությամբ օժտված մարմինների ներկայացուցիչներ են, ովքեր հասարակության անունից և հանուն հանրային շահի ապահովում են օրենքի կիրառումը բոլոր այն դեպքերում, երբ օրենքի խախտումը հանգեցնում է քրեական սանկցիաների` հաշվի առնելով ինչպես անձի իրավունքները, այնպես էլ քրեական արդարադատության համակարգի պատշաճ արդյունավետությունը։ Հանձնարարականի 2-րդ հոդվածի 3-րդ կետը նախատեսում է, որ քրեական արդարադատության բոլոր համակարգերում դատախազները կարող են բողոքարկել բոլոր կամ որոշ դատական որոշումներ։ Նշված հանձնարարականի բացատրական նամակում տրված 2-րդ հոդվածի մեկնաբանության համաձայն` դատական որոշումները բողոքարկելու դատախազի իրավունքը սերտորեն փոխկապված է դատախազության ընդհանուր գործառույթի հետ, քանի որ այն օրենքի կիրառումն ապահովելու և միևնույն ժամանակ արդարադատության համակարգն ավելի արդյունավետ դարձնելուն օժանդակող միջոցներից մեկն է։ (...)» (տե՛ս Նարեկ Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԱՆԴ/0081/01/14 որոշման 14-15-րդ կետերը)։ Ուշադրություն ենք հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ դատարանն իր այսօրվա որոշման եզրափակիչ մասում ևս հստակ նշել է, որ դատական ակտը կարող է բողոքարկվել հրապարակման պահից 10-օրյա ժամկետում: Ելնելով վերոգրյալից՝ ակնհայտ է դառնում, որ իրականությանը չի համապատասխանում դատավարության ներկայիս փուլում կայացված դատական ակտերը բողոքարկման ոչ ենթակա լինելու վերաբերյալ պնդումը, իսկ տվյալ դեպքում դատարանի վերոնշյալ որոշումը դատախազության կողմից բողոքարկելու հնարավորության մասին հայտարարությունը լիովին իրավաչափ է: Ուստի կրկին անգամ դիմում ենք պաշտպանության կողմին՝ ձեռնպահ մնալ ավելորդ որակումներից և Դատախազության գործողությունների իրավաչափության վերաբերյալ թյուրընկալումներ առաջացնելու փորձերից»:  
16:14 - 18 մայիսի, 2019
Ժուռնալիստների միությունը դատապարտում է գլխավոր դատախազության հայտարարությունը

Ժուռնալիստների միությունը դատապարտում է գլխավոր դատախազության հայտարարությունը

Այսօր Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայատարարություն է տարածել, որտեղ դատապարտում է գլխավոր դատախազության կատարած հայտարարություններից մեկը։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ Մայիսի 17-ին ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների մայիսի 17-ի ասուլիսում ներկայացրած դիրքորոշումներին՝ հայտարարություն է տարածել, որում անդրադարձ է կատարվել նաև մամուլի աշխատանքներին։ «...Սակայն հանրային կարծիքի խեղաթյուրման միջոցով իբր պաշտպանություն կազմակերպելու այս ուղեգծի շարունակման պարագայում մեղադրանքի կողմը ստիպված է լինելու անհրաժեշտության դեպքում ձեռնարկել առանձին լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի կեղծ կամ իրական օգտատերերի օժանդակությամբ գեներացվող այս կեղծիքի տարածման ու մանիպուլյացման փորձերը թույլ չտալուն և հանրությանն օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելուն ուղղված միջոցներ՝ մնալով օրենքի տառի պահպանմանը հավատարիմ»,- նշված է ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի կողմից տարածված հաղորդագրության մեջ:Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ՀՀ Գլխավոր դատախազության սույն հայտարարությունը՝ այն որակելով՝ որպես ուղղակի ճնշում մամուլի, խոսքի ազատության վրա, և կոչ է անում զերծ մնալ նման գործունեությունից և հայտարարություններից։Ի գիտություն ՀՀ Գլխավոր դատախազության՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի Հոդված 4-ը հստակ սահմանում է Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները, ըստ որի՝«Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են ազատորեն` իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա: Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:Հարկ ենք համարում նաև հիշեցնել, որ լրագրողների և Դատախազության հաղորդակցության ընթացքում՝ լրագրողների իրավունքների հիմնական երաշխիքները և դրանց կարևորությունն ընդգծվում է մի շարք միջազգային փաստաթղթերում։ Այսպես՝Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Եվրոպական դատախազների խորհրդատվական խորհրդի 9 (2014) կարծիքով՝ Հռոմի կանոնադրությամբ, նշվում է, որ դատախազների և մեդիայի հետ շփումներում պետք է հաշվի առնվեն տեղեկատվություն ստանալու և մամուլի ազատության իրավունքը։Խորհրդի 8(2013) կարծիքի համաձայն՝Դատախազությունը հատկապես զգուշավորություն պետք է դրսևորի խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի նկատմամբ։«Մամուլի ազատությունը պետք է երաշխավորված լինի իրավական գործընթացների ժամանակ։ ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածի ներքո ՄԻԵԴ նախադեպային պրակտիկայի համաձայն՝ մամուլը պարտականություն ունի փոխանցել հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկություններ և գաղափարներ, որն ընդգրկում է հանրության իրավունքը՝ ստանալ դրանք՝ դրանով հնարավորություն ընձեռելով մամուլին իրականացնել հանրային հսկիչի դերը։Այս գործընթացում մեդիան պետք է ավելի պաշտպանված լինի, եթե իր ներդրումն ունի այնպիսի հարցերի քննարկմանը, որոնք հանրային հետաքրքրություն են ներկայացնում։Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի դատական իշխանության և դատախազական մարմինների հաղորդակցության ուղեցույցի (2018) համաձայն՝ լրագրողները պետք է դիտարկվեն՝ որպես գործընկերներ, ոչ թե թշնամիներ։2019 թվականի մայիսի 17-ին ՀՀ Գլխավոր դատախազության տարածած հայտարարությունը փորձ է՝ ճնշում գործադրել մամուլի ազատության վրա և հասարակության աչքերում լրատվամիջոցներին ներկայացնել՝ որպես հասարակական կարծիքը խեղող թշնամիներ։ Սա ուղղակի խոչընդոտ է մամուլի ազատ գործունեության համար։ Այդ պատճառով Հայաստանի ժուռնալիստների միությունը Հայաստանում լրագրողների առջև ծառացած խնդիրների հարցը բարձրացնելու է խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ խոսքի ազատության հարցերով ներկայացուցչի առջև։Թվում է, թե զուտ իրավական գործընթացների գլխավոր դերակատարները պետք է կողմերը լինեն, իսկ ԶԼՄ-ները՝ զուտ այդ կողմերի տեսակետների, կարծիքների, հայտարարությունների ու միմյանց հակադարձումների` հասարակության լայն շրջանակներին հասանելիություն ապահովողները։ Սակայն, չգիտես ինչո՞ւ, ՀՀ Գլխավոր դատախազությունը, իր բուն անելիքը թողած, փորձում է նաև սահմանափակել լրատվամիջոցների ազատությունը, գրաքննության ենթարկել հրապարակումները։ՀՀ Գլխավոր դատախազությունը, ըստ էության, շեղվել է Սահմանադրական իր առաքելությունից ու գործառույթների կատարումից և ներքաշվում է քաղաքական գործընթացների մեջ՝ այդ ընթացքում դառնալով քաղաքական գործընթացների կողմ։
11:31 - 18 մայիսի, 2019
ՀՀ դատախազությունն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած դիրքորոշումներին

ՀՀ դատախազությունն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած դիրքորոշումներին

ՀՀ դատախազությունն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների մայիսի 17-ի ասուլիսում ներկայացրած դիրքորոշումներին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։ «Այսօր հրավիրած ասուլիսում քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, անդրադառնալով նախորդ օրերին տեղի ունեցած՝ Ռ. Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության ընթացքում դատախազների ներկայացրած դիրքորոշումներին, ըստ էության շարունակելով պաշտպանական կողմի որդեգրած մարտավարությունը, դատավարական գործընթացից դուրս փորձել են տարատեսակ մանիպուլյատիվ հնարքներով, իրողությունների աղճատման և խեղաթյուրման դրսևորումներով խաղալ հանրային տրամադրությունների հետ՝ այդ կերպ, թերևս, փորձելով լղոզել 3 օր շարունակ դատարանում իրենց դիրքորոշումները ներկայացնելու պայմաններում սեփական փաստարկները հիմնավորել չկարողանալու իրողությունը:Մասնավորապես, անհիմն որակումներ են հնչել դատախազության հասցեին, անհեթեթ մեկնաբանություններ են տրվել դատական նիստերին ՀՀ գլխավոր դատախազի մասնակցությանը, համատեքստից կտրվել և յուրովի, խիստ սուբյեկտիվ մեկնաբանությունների են արժանացվել ՀՀ գլխավոր դատախազի, դատաքննությանը մասնակցող մյուս դատախազների արտահայտած մտքերը, դատավարությունից դուրս, դեռևս ապացույցները համակցության մեջ չհետազոտված լինելու պայմաններում հրապարակել են տեսանյութերի ֆրագմենտալ կտորներ: Այս կերպ, ըստ էության, օրինական հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանություն իրականացնելու իրավունքը պաշտպանների կողմից վերածվել է ապատեղեկատվություն տարածելու, կեղծիքի և մանիպուլյացիների միջոցով հանրությանը մոլորության մեջ գցելու պլանավորված գործըթնացի: Ստիպված ենք փաստել, որ նման ընդհանրական գործելակերպը չի կարելի որակել այլ կերպ, քան գործընթացը իրավական շրջանակներից դուրս բերելու և հուզականության տիրույթ տեղափոխելու անընդունելի վարքագիծ, որը, բացի դատաքննության գործընթացը արժեզրկելուց, հղի է նաև հանրային տրամադրություններ բորբոքելու խիստ վտանգավոր հետևանքներով: Դրանք ոչ այլ ինչ են, քան դատարանի նկատմամբ հոգեբանական, տեղեկատվական ուղղորդված ճնշումներ գործադրելու ձևեր:Ստիպված ենք կրկնել և հիշեցնել նախօրեին դատական նիստերի դահլիճում դատավարության բոլոր մասնակիցներին ուղղված ՀՀ գլխավոր դատախազի կոչը դատական քննության ողջ ընթացքում կոռեկտություն դրսևորելու, գործընթացը բացառապես իրավական հունի մեջ պահելու անհրաժեշտության վերաբերյալ:Ճնշումների նման մեխանիզմներին, դատախազությանը իրավական գործընթացի տրամաբանությունից դուրս որևէ դիսկուրսի մասնակից դարձնելու սքողված նպատակներին չենք տրվելու, իսկ մեղադրողները շարունակելու են օրենքի և իրավունքի դաշտում իրենց պարտականությունների անշեղ իրականացումը:Սակայն հանրային կարծիքի խեղաթյուրման միջոցով իբր պաշտպանություն կազմակերպելու այս ուղեգծի շարունակման պարագայում մեղադրանքի կողմը ստիպված է լինելու անհրաժեշտության դեպքում ձեռնարկել առանձին լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի կեղծ կամ իրական օգտատերերի օժանդակությամբ գեներացվող այս կեղծիքի տարածման ու մանիպուլացման փորձերը թույլ չտալուն և հանրությանն օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելուն ուղղված միջոցներ՝ մնալով օրենքի տառի պահպանմանը հավատարիմ»,- նշված է հաղորդագրության մեջ:
16:33 - 17 մայիսի, 2019
ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների ներկայացուցիչներ փոխանակել են «սև» ակտիվների վերադարձի ոլորտի փորձը

ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների ներկայացուցիչներ փոխանակել են «սև» ակտիվների վերադարձի ոլորտի փորձը

Մայիսի 16-ին Երևանում ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Հանձնման և քրեական գործերով իրավական օգնության ցուցաբերման բնագավառում համագործակցության գործնական հիմնահարցերը, Հանցագործությունների արդյունքում ստացված ակտիվների հայտնաբերման, առգրավման, բռնագրավման և արտերկրից վերադարձման ուղղությամբ Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների աշխատանքային փորձի փոխանակում» թեմայով սեմինարը:  Հիշյալ սեմինարը ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների կողմից 2017թ. ստորագրված 2018-2020թթ.-ի ծրագրով նախատեսված երրորդ միջոցառումն է:  Սեմինարի ընթացքում ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների ներկայացուցիչներն անդրադարձ են կատարել հանձնման (էքստրադիցիայի) և քրեական գործերով իրավական օգնության ոլորտում համագործակցության առկա մի շարք հիմնահարցերին, քննարկել դրանց լուծման առավել արդյունավետ մոտեցումները և ժամանակակից հասարակության ներկայիս մարտահրավերները:  Միջոցառման մասնակիցները, ներկայացնելով տվյալ ոլորտում ունեցած փորձը, ևս մեկ անգամ ընդգծել են, որ քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությունը և այդ բնագավառում արդյունավետության զարգացումը մշտապես մնում է երկու երկրների գլխավոր դատախազությունների ուշադրության կենտրոնում:  ՌԴ գլխավոր դատախազության պատվիրակությանը ընդունել է նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը: Նա կարևորել է ՌԴ գլխավոր դատախազության հետ տարիների ընթացքում ձևավորված արդյունավետ համագործակցությունը և անդրադառնալով երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության ծրագրին՝ նշել է, որ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների կողմից 2017թ. ստորագրված 2018-2020թթ.-ի ծրագիրը 2007 թվականից ի վեր կնքված 5-րդ ծրագիրն է: Նախորդ ծրագրերը հաջողությամբ իրականացվել են և նպաստել դատախազների միջև փորձի փոխանակմանն ու երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության ամրապնդմանը:  Երկու երկրների դատախազությունների ներկայացուցիչներն ընդգծել են նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը, նշել, որ դրանք կնպաստեն նշված ոլորտում հիմնախնդիրների լուծմանը և համակարգերի առավել սերտ համագործակցությանը:
16:55 - 16 մայիսի, 2019
Գլխավոր դատախազության պատասխանը բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի դիմումին

Գլխավոր դատախազության պատասխանը բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի դիմումին

2019 թվականի մայիսի 7-ին ՀՀ Գլխավոր դատախազությունում ստացվել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և Արցախի Հանրապետության երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանի դիմումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու մասին: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումը հրապարակվել է բազմաթիվ լրատվամիջոցներով՝ հանրային լայն հետաքրքրության տեղիք տալով, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը:ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի համաձայն՝ խափանման միջոցը կարող է փոփոխվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախաքննությունը մեղադրական եզրակացության կազմմամբ ավարտված քրեական գործը՝ ըստ մեղադրանքի նաև Ռոբերտ Քոչարյանի, 2019 թվականի ապրիլի 29-ին ըստ էության քննելու համար ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Քանի որ տվյալ քրեական գործը ներկայումս գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետևաբար Նախագահների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից:
13:09 - 07 մայիսի, 2019
12 մլրդ դրամ շուկայական արժեքով ՀԷԿ-ը օտարվել է մոտ 4 անգամ ցածր գնով

12 մլրդ դրամ շուկայական արժեքով ՀԷԿ-ը օտարվել է մոտ 4 անգամ ցածր գնով

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից մեծածավալ, համակողմանի ուսումնասիրության է ենթարկվել «ՁորաՀԷԿ» ՓԲԸ գույքի օտարման գործընթացը, ինչի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունից պահանջվել և ստացվել են անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն: Ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչություն՝ դրանում առկա առանձին տեղեկություններ ստուգման առարկա դարձնելու և ՀՀ քրեական դատավարության կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ: Ուսումնասիրության և դրա հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ կառավարության 2001թ. մայիսի համապատասխան որոշմամբ ՀՀ էներգետիկայի նախարարության «Հայէներգո» ՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացված տեղամասի գույքի ներդրմամբ 2 մլրդ. 1 մլն. 840 հազ. դրամ կանոնադրական կապիտալով ստեղծված «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները 2002թ. հունվարին ՀՀ կառավարության որոշմամբ վերապահվել են ՀՀ պաշտպանության նախարարությանը: Ստացված տվյալների համաձայն «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ն գործել է շահույթով՝ 2006-2010թթ. առաքելով շուրջ 251 միլիոն կվտ/ժ էլեկտրաէներգիա, որից ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցվել է 1 մլրդ. 252 մլն դրամ շահութաբաժին՝ զուտ շահույթից։ Առանց շահույթի աշխատող ընկերությունը՝ շուկայական արժեքից ավելի ցածր արժեքով վաճառելու առերևույթ հիմնավորումներ ստեղծելու դիտավորությամբ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009թ. փետրվարի 27-ին կայացված որոշմամբ վերանայվել է «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի կողմից թողարկված էլեկտրաէներգիայի միավորի սակագինը և առանց ԱԱՀ-ի 13.92 դրամի փոխարեն 2009թ. ապրիլի 1-ից սահմանվել ակնհայտ էժան՝ 2.745 դրամ սակագին: Դա այն դեպքում, երբ էլեկտրաէներգիայի միավորի ինքնարժեքը այդ պահին կազմել է 4.383 դրամ: Այդ կերպ փաստացի շուրջ մեկ տարի ընկերությունը զրկվել է շահույթ ստանալու հնարավորությունից։ Հետագայում, «ՁորաՀԷԿ» ՓԲ ընկերության բաժնետոմսերն օտարելուց անմիջապես հետո, 2011թ. հունվարի 20-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագինը սահմանվել է արդեն 10.5 դրամ առանց ԱԱՀ-ի, իսկ 2012թ. հունվարից՝ 19.551 դրամ: Այնուհետև՝ խախտելով ՀՀ կառավարության 1998թ. մարտի 27-ի որոշումներով սահմանված՝ անկախ գնահատողի կողմից անշարժ գույքը գնահատելու պահանջները՝ պետական մարմնի՝ նյութերի ընթացքով չպարզված պաշտոնատար անձանց կողմից, առանց գույքը գնահատելու, կազմվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել որոշման նախագիծ: Դրա հիման վրա կառավարությունը 2010թ. դեկտեմբերի 16-ին ընդունած որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը թույլատրել է 3 մլրդ. 600 մլն. դրամ արժեքով օտարել «ՁորաՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ ընդհամենը երկու ամիս գործող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը: Մինչդեռ ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ն նշված գործարքից հետո’ 2011-2018թթ., առաքել է շուրջ 700 միլիոն կվտ/ժ էլեկտրաէներգիա, որից հասույթը ընդհանուր առմամբ կազմել է շուրջ 14 միլիարդ դրամ: Իսկ «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի և «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի կողմից 2003-2018թթ. առաքված էլեկտրաէներգիայի քանակները յուրաքանչյուր տարի համադրելի են և զգալի փոփոխությունների չեն ենթարկվել։ Ըստ այդմ, ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի շուկայական արժեքը 2010թ. դեկտեմբերի դրությամբ կկազմեր շուրջ 8 միլիարդ, իսկ 2018թ. դեկտեմբերի դրությամբ’ շուրջ 12 միլիարդ դրամ: Այսպիսով, ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետական սեփականություն հանդիսացող՝ 2010թ. դրությամբ շուրջ 8 միլիարդ, իսկ 2018 թվականի դրությամբ շուրջ 12 միլիարդ դրամ արժեքով, բարձր եկամատաբերությամբ «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ գույքն օտարվել է ընդամենը 3 մլրդ. 600 մլն. դրամ արժեքով, ինչով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա է ՀՀ գործադիր մարմինների մի շարք ղեկավար աշխատողների և պաշտոնատար անձանց կողմից շահադիտական, անձնական և խմբային շահից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայողական շահերին հակառակ օգտագործելով և պարտականությունները չկատարելով պետության օրինական շահերին էական վնաս պատճառելով ծանր հետևանքներ առաջացնելու հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
09:04 - 07 մայիսի, 2019
«Արփա-Սևան» թիվ 2 թունելի գործով պետությանը մոտ 2.5 մլրդ դրամ վնաս է հասցվել. Գլխավոր դատախազություն

«Արփա-Սևան» թիվ 2 թունելի գործով պետությանը մոտ 2.5 մլրդ դրամ վնաս է հասցվել. Գլխավոր դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա կատարված մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի և մի բաց բաժնետիրական ընկերության միջև 13.08.2010թ. կնքված պայմանագրով ընկերությունը պարտավորվել է իրականացնել 11 մլրդ. 798 մլն. 546 հազ. դրամի «Արփա-Սևան» թիվ 2 թունելի հիմնանորոգման աշխատանքներ:  Պայմանագրով սահմանված իրավունքներն ու պարտականությունները պատվիրատուի անունից իրականացրել է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն:  ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի և բաց բաժնետիրական ընկերության միջև 14.02.2017թ. կնքված պայմանագրով ընկերությունը պարտավորվել է իրականացնել «Արփա-Սևան» թիվ 2 թունելում առանձին վթարային հատվածների ընդհանուր 4 մլրդ. 998 մլն. 360 հազ. դրամի հիմնանորոգման աշխատանքներ:  Նշված պայմանագրի ծավալաթերթ նախահաշվում և կատարողական ակտերում նշվել են հիմնանորոգման աշխատանքները իրականացնելու համար նախատեսված սպասարկման, մասնավորապես՝ թունելում օդափոխության, լուսավորության, ջրահեռացման, մարտկոցային էլեկտրաքարշերի լիցքավորման աշխատանքներ, որոնք իրականացվել են էլեկտրական սարքավորումներով, ընդունվել և վճարվել են պատվիրատուի կողմից:  ՈՒսումնասիրություններով պարզվել է, որ բազմաթիվ դեպքերում` մասնավորապես 2010-2018թվականների բազմաթիվ կատարողական ակտերի գրառումներն իրականությանը չեն համապատասխանում, քանի որ դրանցում նշված հզորությամբ էլեկտրական սարքավորումները չէին կարող ծախսել զգալիորեն, իսկ որոշ դեպքերում գրեթե կրկնակի պակաս էլեկտրաէներգիա, քան սահմանված է տվյալ հզորությամբ սարքերի՝ նշված ժամանակահատվածում աշխատանքի համար:  Նշված հանգամանքները վկայում են, որ պայմանագրի ծավալաթերթ նախահաշվով նախատեսված` օդափոխության շուրջ 591մլն. 933հազ. դրամի, ինչպես նաև մեկ այլ պայմանագրի ծավալաթերթ նախահաշվով նախատեսված` շուրջ 225 մլն. 324 հազ. դրամի սպասարկման, դրանց հետ կապված հիմնանորոգման մյուս աշխատանքները և դրանց համար կատարված վճարումները առերևույթ հիմնավոր չեն և կատարվել են իրականությանը չհամապատասխանող փաստաթղթերի հիման վրա:  Բացի այդ, պարզվել է նաև, որ ՀՀ կառավարության 20.04.2006թ. որոշմամբ հաստատված՝ Որոտան-Արփա-Սևան թունելի պահպանման վերաբերյալ ծրագրով Եղեգիսի շինարարական բազայում 2006-2008թթ. իրականացվել են շուրջ 390 մլն. դրամի շինարարական աշխատանքներ: Մասնավորապես` պետական բյուջեի միջոցներով կառուցվել են երկհարկանի վարչա-կենցաղային շենք, էլ. ենթակայանի շենք, լիցքավորման շենք, ճնշակայանի շենք, արհեստանոցի շենք, ցեմենտ-բետոնի շաղախման հանգույց և հիդրոհանգույցի 2 շենքեր: Մինչդեռ հողատարածքը, որի վրա վերջիններս կառուցվել են, Վարդահովիտ համայնքի ղեկավարի 22.08.2005թ. որոշմամբ կազմակերպված մրցույթի արդյունքում 25 տարի ժամկետով գյուղատնտեսական նպատակներով վարձակալության է հանձնվել համայնքի բնակիչ Ա.Ս.-ին: Իսկ նույն համայնքի ղեկավարի 14.03.2006թ. որոշմամբ ուղղակի վաճառքով` 1 հա-ն 67.000 դրամով վաճառվել է վերջինիս: Իր հերթին Ա.Ս.-ն 08.11.2010թ. նշված հողատարածքը 4 մլն. դրամով վաճառել է ԲԲԸ-ին:  Պարզվել է նաև, որ ՀՀ կադաստրի պետական կոմիտեի Եղեգնաձորի տարածքային ստորաբաժանման կողմից Ա.Ս.-ին 02.11.2010թ. տրվել է միասնական տեղեկանք և կազմվել է նշված հողատարածքի ուրվագիծը` տեղազննում կատարելու նշումով, որոնցում կառուցված Եղեգիսի շինարարական բազայի շենք-շինությունների վերաբերյալ որևէ գրառում չկա:  Այսինքն` ՀՀ կադաստրի պետական կոմիտեի Եղեգնաձորի տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձանց կողմից իրականությանը չհամապատասխանող կեղծ փաստաթղթեր են կազմվել և հանձնվել քաղաքացուն՝ վերջինիս պատկանող գույքը ԲԲԸ-ին օտարելու համար:  Բացի այդ, ՀՀ վերահսկիչ պալատի կողմից դեռևս 2012թ.-ին արձանագրվել է Եղեգիսի կիրճում պետական ֆինանսավորմամբ կառուցված շենք շինությունների և արտադրամասերի պատվիրատուին չհանձնելու, փաստացի գրանցում չկատարելու փաստ: Սակայն, անգամ դրանից հետո ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի համապատասխան պաշտոնատար անձինք միջոցներ չեն ձեռնարկել պետության խախտված իրավունքները վերականգնելու, պետական միջոցներով կատարված շինարարական աշխատանքների արդյունքում կառուցված շինությունները գույքագրելու, գրանցելու և տնօրինելու ուղղությամբ: Արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ. շուրջ 390 մլն. դրամի գույքը տարիներ շարունակ գտնվում է այլ տնտեսվարող սուբյեկտի անվամբ գրանցված հողատարածքի վրա և օգտագործվում է այլ անձանց կողմից:  ՈՒսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակության, 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պետության իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառելու և ծանր հետևանքներ առաջացնելու, 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու հետևանքով ծանր հետևանքներ առաջացնելու, 314-րդ հոդվածով նախատեսված` պաշտոնեական կեղծիքի և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու կամ օգտագործելու հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:  Բացի այդ, ՀՀ հաշվեքննիչ պալատից 01.04.2019թ. ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել ՀՀ ջրային պետական կոմիտեում իրականացված հաշվեքննությունների արդյունքները: Համաձայն դրանց` մասնավորապես արձանագրվել է ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի և բաց բաժնետիրական ընկերության միջև 14.02.2017թ. կնքված պայմանագրի Արփա-Սևան թիվ 2 թունելում առանձին վթարային հատվածների հիմնանորոգման աշխատանքների գնման պայմանագրով աշխատանքների նախագծում մեքենա-մեխանիզմի շահագործման ծախսերի հաշվարկման, միաձույլ բետոնի պատրաստման և հատակների մասով նախահաշվի չհիմնավորված ընդհանուր շուրջ 1 մլրդ. 660 մլն. 845 հազ. դրամ ծախսերի մասին:  Քրեական գործի քննության ընթացքում պարզման ենթակա հանգամանքների թվում կներառվեն նաև ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից իրականացված վերահսկողության արդյունքներով արձանագրված վերը նշված հանգամանքները:
15:00 - 06 մայիսի, 2019
Ընտանեկան բռնության դեպքերով դատախազների կողմից հանրային մեղադրանքի կարգով 34 քրեական գործ է հարուցվել

Ընտանեկան բռնության դեպքերով դատախազների կողմից հանրային մեղադրանքի կարգով 34 քրեական գործ է հարուցվել

ՀՀ դատախազությունում ամփոփվել են 2018թ. ընթացքում ընտանեկան բռնության դեմ քրեաիրավական պայքարի հիմնական արդյունքները: Իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018 թվականի ընթացքում ընտանիքում բռնության 397 դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Դրանց գերակշիռ մասը՝ 233-ը, հարուցվել են ծեծի ենթարկելու, 54-ը՝ դիտավորությամբ կամ անզգուշությամբ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հասցնելու, 50-ը՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, 14-ը՝ տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, անառակաբարո գործողությունների, 11-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 7-ը՝ ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, 5-ը՝ սպանության, մնացածը՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցագործությունների հատկանիշներով:  Հարուցված 65 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ, 11-ը՝ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու միջնորդությամբ ուղարկվել է դատարան, իսկ 224-ով քրեական գործով վարույթը կարճվել է, որոնցից 63-ը՝ արդարացնող հիմքով, 161-ը՝ ոչ արդարացնող, այդ թվում` 126-ը՝ հաշտության հիմքով: 9 քրեական գործով վարույթը կասեցվել է հանցանք կատարած անձը հայտնի չլինելու հիմքով, իսկ 76-ը փոխանցվել է հաջորդ տարի:  Հիշեցնենք, որ 2018թ. հունվարի 31-ից ուժի մեջ է մտել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունը, որով դատախազին բացառիկ իրավասություն է վերապահվել հանրային մեղադրանքի կարգով, այսինքն՝ առանց տուժողի բողոքի առկայության, քրեական վարույթ հարուցել ընտանեկան բռնության բոլոր այն դեպքերում, երբ դատախազի գնահատմամբ տուժողը իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը: Քրեադատավարական նոր իրավակարգավորման պայմաններում ենթադրյալ բռնարարն այլևս չի կարող վստահ լինել, որ տուժողի հետ հաշտության մեխանիզմի կիրառմամբ ամեն անգամ կկարողանա խուսափել քրեական հետապնդումից, իսկ հանցանքն ապացուցվելու դեպքում նաև քրեական պատասխանատվությունից, ինչը ընտանիքում բռնությունները շարունակելու հնարավորություններ էր ստեղծում:   Դատախազական վերոնշյալ գործառույթի կատարումը պատշաճ ապահովելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազների համար 2018թ. մշակվել է ուղեցույց: Համաձայն վերջինիս՝ ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքով պարտադիր կերպով ստուգվում է բռնության ենթարկվածի՝ անօգնական վիճակում գտնվելու կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու հանգամանքը: Բացի այդ՝ ստուգվում են նաև բռնության ենթարկվածի ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական կախվածության հնարավոր դրսևորումները: Անօգնական է դիտարկվում այնպիսի վիճակը, երբ ենթադրյալ բռնության ենթարկվածը զրկված է իր իրավաչափ շահերն ինքնուրույնաբար պաշտպանելու հնարավորությունից:   Նախատեսվել է, որ նշված հանգամանքների առկայությունը ստուգելու նպատակով վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից պարտադիր կազմակերպվում է ենթադրյալ բռնությունից տուժած անձի ընդունելություն՝ անձամբ հավաստիանալու անձի՝ անօգնական վիճակում գտնվելու կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու իրողության մասին: Եվ այն դեպքում, երբ պարզվում է, որ ընտանիքում բռնության ենթարկված անձի կյանքին կամ առողջությանը սպառնացող իրական և անմիջական վտանգ կա, վերջինիս վիճակը, համաձայն ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականի՝ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվեցիայի 2-րդ հոդվածով նախատեսված՝ կյանքի իրավունքի երաշխավորման՝ պետության պոզիտիվ պարտականության համատեքստում, գնահատվում է որպես անօգնական:   Նման դեպքում, ըստ մշակված և գործադրվող ուղեցույցի, դատախազի՝ հանրային կարգով քրեական գործ հարուցելու լիազորությունը համարվում է պարտադիր, այլ ոչ թե հայեցողական:   ՀՀ գլխավոր դատախազի հիշյալ հանձնարարականից հետո՝ 2018 թվականի ընթացքում մասնավոր մեղադրանքի 34 դեպքով, անկախ տուժողի կողմից բողոք ներկայացնելու հանգամանքից, երբ պարզվել է, որ անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարողացել պաշտպանել իր իրավաչափ շահերը, դատախազների կողմից հարուցվել են 34 քրեական գործեր:
16:31 - 30 ապրիլի, 2019
Ծաղկաձորի ճոպանուղու շահագործման ընթացքում հարկերը չվճարելու հետևանքով պետությանն ավելի քան 476 մլն դրամի վնաս է պատճառվել

Ծաղկաձորի ճոպանուղու շահագործման ընթացքում հարկերը չվճարելու հետևանքով պետությանն ավելի քան 476 մլն դրամի վնաս է պատճառվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Ծաղկաձորի Ճոպանուղու (Ճոպանուղի) վերակառուցման նպատակով ՀՀ կառավարության 22.04.2004թ. թիվ 679-Ա որոշմամբ «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ի ակտիվների կազմից առանձնացվել են Ճոպանուղու առաջին, երկրորդ և երրորդ կայանները, և հանձնվել ՀՀ ԿԱ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին, որն էլ իր հերթին նշված գույքը նվիրաբերության պայմանագրով պետության անունից նվիրաբերել է «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությանը (ՀԱՕԿ)՝ վերջինիս կամ նրա հիմնադրած առևտրային կազմակերպության կողմից մինչև 2005թ. դեկտեմբերի 31-ը Ճոպանուղին վերակառուցելու և շահագործելու պայմանով: Շինարարությունից հետո 2005թ. մարտի 1-ին կնքված պայմանագրով ՀԱՕԿ-ը Ճոպանուղին հավատարմագրային կառավարման է հանձնել սահմանփակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ 2005-2008թթ., իսկ 2008թ. դեկտեմբերի 15-ին կնքված պայմանագրով՝ 2009թ.-ից մինչ օրս՝ մեկ այլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության: Ճոպանուղին շահագործող ընկերությունների կողմից 2005-2017թթ. հարկային մարմիններին ներկայացված տվյալների համաձայն՝ Ճոպանուղու տարեկան շրջանառությունը կազմել է 3-60 մլն. դրամ կամ նշված տարեթվերին ընդհանուր շուրջ 496 մլն ՀՀ դրամ: Մինչդեռ միայն 2018թ. Ճոպանուղու շրջանառությունը կազմել է 537 մլն ՀՀ դրամ կամ շուրջ 40 մլն ՀՀ դրամով ավել, քան անցած 12 տարիները միասին վերցրած: Վճարված հարկերը 2005-2017թթ. կազմել են տարեկան 1-20 մլն ՀՀ դրամ կամ նշված տարեթվերին ընդհանուր շուրջ 148 մլն ՀՀ դրամ: Մինչդեռ միայն 2018թ. վճարվել է շուրջ 240 մլն ՀՀ դրամ հարկ, այսինքն՝ շուրջ 90 մլն ՀՀ դրամով ավել, քան անցած 12 տարիները միասին վերցրած:  Պարզվել է նաև, որ 2005-2018թթ. շահագործման ընթացքում Ճոպանուղու օգտագործած տարեկան էլեկտրաէներգիայի քանակները համադրելի են, իսկ շեղումը չի գերազանցում 25 տոկոսը:    Օրինակ, երբ 2018թ. Ճոպանուղու տարեկան շրջանառությունը կազմել է 537 մլն ՀՀ դրամ, իսկ վճարված հարկը՝ շուրջ 240 մլն ՀՀ դրամ, ծախսվել է 615.430 կվտ/ժ էլ.էներգիա, այսինքն ավելի քիչ, քան 2008թ., երբ շրջանառությունը կազմել է 56 մլն ՀՀ դրամ, վճարված հարկը՝ շուրջ 17 մլն ՀՀ դրամ, իսկ ծախսած էլ.էներգիան՝ 657.574 կվտ/ժ: Ընդ որում պարզվել է նաև, որ Ճոպանուղին շահագործվել է բացառապես ուղևորների առկայության դեպքում: ՈՒսումնասիրությունների շրջանակներում ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունից ստացված տեղեկատվության և պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկի համաձայն՝ Ճոպանուղին շահագործող ընկերության կողմից 2008-2016թթ. հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկներով պակաս են ցույց տրվել և իրավահարաբերության ձևավորման պահին գործած «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մաս «ա» կետով սահմանված կարգով չեն հաշվարկվել ծառայությունների մատուցումից իրացումից հասույթները՝ շուրջ 1 մլրդ. 985 մլն. 273 հազ. ՀՀ դրամի չափով, հարկվող օբյեկտները (շահույթները) պակաս են ցույց տրվել շուրջ 397 մլն. 054 հազ. ՀՀ դրամի չափով, որից պակաս հաշվարկված շահութահարկի գումարը կազմում է 79 մլն.410 հազ. ՀՀ դրամ: Իրավահարաբերության ձևավորման պահին գործած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 23-րդ հոդվածներով սահմանված կարգով չեն հաշվարկվել նաև բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները, որոնք 2008-2016թթ. համար կազմում են 397 մլն. 054 հազ. ՀՀ դրամ: Հարկերը չվճարելու արդյունքում պետությանը պատճառվել է ընդհանուր շուրջ 476 մլն. 465 հազ. ՀՀ դրամի վնաս, որից 397 մլն. 054 հազ. ՀՀ դրամը՝ ԱԱՀ-ի գծով, իսկ 79 մլն. 410 հազ. ՀՀ դրամը՝ շահութահարկի գծով: Բացի այդ, ՀԱՕԿ-ի և Ճոպանուղին շահագործող ընկերության միջև 15.12.2008թ. կնքված Ճոպանուղու հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն՝ ՀԱՕԿ-ի զուտ շահույթը կազմում է Ճոպանուղու օգտագործման արդյունքում ստացված զուտ շահույթի 50 տոկոսը, իսկ շահույթի մյուս 50 տոկոսը անցնում է շահագործող կազմակերպությանը: Եթե հաշվի առնենք, որ ընկերության կողմից հարկվող օբյեկտները (շահույթները) պակաս են ցույց տրվել շուրջ 397 մլն. 054 հազ. ՀՀ դրամի չափով, հետևաբար նշված գումարի 50 տոկոսի՝ առնվազն 198 մլն. 527 հազ ՀՀ դրամի չափով էլ ընկերության պատասխանատու անձանց կողմից պակաս շահույթ է փոխանցվել ՀԱՕԿ-ին՝ վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնասներ: ՈՒսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու, ինչպես նաև՝ 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությանը:
07:49 - 29 ապրիլի, 2019
Հեմոդիալիզի պարագաների գնումների գործընթացները Վանաձորի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների կողմից կազմակերպվել են չարաշահումներով. դատախազություն

Հեմոդիալիզի պարագաների գնումների գործընթացները Վանաձորի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների կողմից կազմակերպվել են չարաշահումներով. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրության արդյունքում քրեական գործեր են հարուցվել երկու բժշկական կենտրոնների ծառայողների կողմից հեմոդիալիզի պարագաների գնումների գործընթացները առևտրային կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունների չարաշահմամբ կազմակերպելու դեպքերի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։  Ավելի վաղ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերի վերաբերյալ իրականացված մշտադիտարկման և վերլուծության արդյունքների վերաբերյալ տեղեկանքն ուղակվել էր ՀՀ գլխավոր դատախազություն: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նշված տեղեկանքի և համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունը 2015-2018թթ. և «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունը 2015-2018թթ. և 2019թ. սկզբում դիալիզի պարագաներ ձեռք են բերել «Ա» ՍՊ ընկերությունից՝ ընդհանուր 1 613 331 000 ՀՀ դրամ արժեքով: Այդ պարագաների մաքսային արժեքը կազմել է 722 670 000 ՀՀ դրամ կամ բժշկական կենտրոններին ապրանքները մատակարարվել են մաքսային արժեքից շուրջ 2.2 անգամ թանկ գնով:  Ապրանքների ձեռքբերման նպատակով բժշկական կենտրոնների կողմից կազմակերպվել է գնման 8 ընթացակարգ՝ 92 չափաբաժնով, և բոլոր չափաբաժիններով հաղթող է հանդիսացել «Ա» ՍՊ ընկերությունը:  Երկու բժշկական կենտրոնում հիշյալ ընթացակարգերը եղել են ոչ մրցակցային, կազմակերպվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի պահանջների խախտումներով:  Մասնավորապես՝ ապրանքների տեխնիկական բնութագրերն իրենցից ներկայացրել են «F...» ընկերության կոնկրետ մոդելների տեխնիկական բնութագրեր, որոնց չէին կարող համապատասխանել այլ արտադրողների պարագաները: Այսինքն՝ գնման ընթացակարգին կարող էր մասնակցել միայն նշված ընկերության ներկայացուցիչը հանդիսացող կազմակերպությունը:  «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից 2019թ. հունվարի 31-ին հրապարակված՝ բժշկական պարագաների գնման ընթացակարգի հրավերում առանձին չափաբաժիններում նշվել է «F...» ընկերության արտադրության կոնկրետ մոդել, իսկ տեխնիկական բնութագիրն իրենից ներկայացրել է տվյալ մոդելի տեխնիկական բնութագրի պատճենը, որին համապատասխանող այլ մոդելի հեմոդիալիզատոր շուկայում առկա չէ:  Հայտերի բացման արդյունքում պարզվել է, որ միայն «Ա» ՍՊԸ-ն է մասնակցել կոնկրետ մոդելի դիալիզատորի գնման ընթացակարգին՝ միավորի համար առաջարկելով 7000 ՀՀ դրամ: Մինչդեռ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կարիքների համար, փոփոխված տեխնիկական բնութագրերով գրեթե միաժամանակ անցկացված մրցակցային գնման ընթացակարգում նույն դիալիզատորի համար գնային առաջարկ է ներկայացրել 4 ընկերություն, այդ թվում՝ «Ա» ՍՊԸ-ն՝ միավորի համար 300 դրամ պակաս՝ 6700 ՀՀ դրամ առաջարկով:  «Վանաձորի բժշկական կենտրոնի» կողմից 2019թ. հունվարի 31-ին հրապարակված մեկ այլ գնման ընթացակարգի պարագայում բոլոր չափաբաժիններով միակ մասնակից է հանդիսացել «Ա» ՍՊԸ-ն, որը միևնույն ապրանքի համար նույն ամսին 8.827.000 դրամով ավելի ցածր գնային առաջարկ է ներկայացրել մրցակցային հանդիսացած ընթացակարգում:  Իսկ երկու չափաբաժիններով «Ա» ՍՊԸ-ի գնային առաջարկը կազմել է 44.470.000 ՀՀ դրամ, այն դեպքում, երբ միևնույն ապրանքները «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունը ձեռք է բերել 34.131.600 ՀՀ դրամով, այսինքն10.338.400 ՀՀ դրամով պակաս: Այսպիսով ուսումնասիրությամբ պարզվել է, որ երկու բժշկական կենտրոնների իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ իրենց կարգադրիչ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ օգտագործելու՝ դիալիզի պարագաներ ձեռք բերելու նպատակով ոչ մրցակցային գնումների ընթացակարգեր կազմակերպելու, ապրանքների տեխնիկական բնութագրերը օրենսդրության պահանջների խախտումներով կազմելու արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ: Գնումների գործընթացները չեն հանդիսացել տնտեսող, արդյունավետ և օգտավետ, խաթարվել է շուկայական մեխանիզմներով գնագոյացման ապահովման սկզբունքը, ոչ մրցակցային և խտրական հիմունքներով գնումների գործընթացների կազմակերպման արդյունքում 2015թ.-ից ի վեր կազմակերպված գնման ընթացակարգերի բոլոր չափաբաժիններով հաղթող է հանդիսացել մեկ ընկերություն և ոլորտի այլ ընկերությունների կողմից արտադրված ապրանքներ չեն կարողացել հավակնել նշված ընթացակարգերին մասնակցելուն:  Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել են առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
15:52 - 26 ապրիլի, 2019