ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել Ուկրաինային գրեթե 40 միլիարդ դոլարի չափով օգնությանը

 |armenpress.am|

ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել Ուկրաինային գրեթե 40 միլիարդ դոլարի չափով օգնությանը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի Սենատը մայիսի 19-ին հավանություն է տվել Ուկրաինային ու նրա դաշնակիցներին գրեթե 40 միլիարդ դոլար գումարի հատկացմանը որպես ֆինանսական օգնություն: Bloomberg-ի հաղորդագրության համաձայն, քվեարկությունը դեռ ընթանում է, սակայն բավարար չափով սենատորներ արդեն արտահայտվել են օգնության փաթեթի հաստատման օգտին: Այժմ փաստաթուղթն ստորագրման համար կուղարկեն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին: Մայիսի 17-ին սենատորների մեծամասնությունը կողմ էր արտահայտվել Ուկրաինային 39,8 միլիարդ դոլարի չափով օգնության փաթեթի քվեարկությանը: Ավելի վաղ հաղորդվել է, որ օրինագծի արագ ընդունմանը խոչընդոտել է ԱՄՆ-ի Քենտուկիի նահանգից հանրապետական սենատոր Ռենդ Փոլը: «Եթե Ուկրաինային նման նվեր տրամադրվի, այդ երկրին մեր օգնության ընդհանուր ծավալը համեմատվում է Ռուսաստանի ռազմական բյուջեի հետ, այդ փողերը մեր ոտքերի տակ թափված չեն, մենք պետք է դրանք պարտք վերցնենք Չինաստանից, որպեսզի հետո ուղարկենք Ուկրաինային»,-մայիսին ավելի վաղ հայտարարել է սենատոր Փոլը, որի ելույթը հեռարձակել է С-SPAN հեռուստաալիքը: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն օրինագծին հավանություն է տվել անցած երեքշաբթի օրը՝ մայիսի 17-ին: Քվեարկության արդյունքների համաձայն, կողմ է արտահայտվել 368 կոնգրեսական, դեմ՝ 57-ը: Բոլոր օրենսդիրները, որոնք դեմ էին քվարկել օրինագծին, պատկանում են Հանրապետական կուսակցությանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
11:24 - 20 մայիսի, 2022
Բլինքեն. Ռուսաստանը դադարեցնի մարտերը՝ պատերազմը կավարտվի, Ուկրաինան՝ Ուկրաինա այլևս չի լինի
 |azatutyun.am|

Բլինքեն. Ռուսաստանը դադարեցնի մարտերը՝ պատերազմը կավարտվի, Ուկրաինան՝ Ուկրաինա այլևս չի լինի |azatutyun.am|

azatutyun.am: Եթե Ուկրաինան դադարեցնի դիմադրությունը, Ուկրաինա այլևս չի լինի, ասում է Վաշինգտոնը և հայտարարում Ուկրաինային նոր, աննախադեպ մեծ օգնության մասին։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ Ուկրաինան կարող է անհետանալ, եթե դադարի ընդդիմանալ Ռուսաստանին։ «Եթե Ռուսաստանը վաղը դադարեցնի մարտերը, պատերազմը կավարտվի։ Եթե Ուկրաինան դադարեցնի պայքարը, Ուկրաինա այլևս չի լինի», - ասել է նա։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը ուկրաինական պատերազմի պատճառով առաջացած պարենային ճգնաժամին էր նվիրված։ ՄԱԿ-ը ահազանգում է՝ Ուկրաինայում ճգնաժամը կարող է սովի մատնել 47 միլիոն մարդու։ Միացյալ Նահանգները դրանում ռուսական կողմին է մեղադրում՝ պնդելով, թե Մոսկվան պարենային ճգնաժամն օգտագործում է որպես սպառնալիք իր նպատակներին հասնելու համար։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը շեշտել է, որ պարենային ճգնաժամից խուսափելու համար անհրաժեշտ է Ուկրաինայի տարածքից ցորենի արտահանման միջանցքներ ստեղծել։ Ճգնաժամը, այո, առաջացել է ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, սակայն դրանում է մեղավոր է միայն Ռուսաստանը, պնդում է Վաշինգտոնը՝ միաժամանակ ավելացնելով ռազմական օգնությունը Կիևին։ Երեկ ամերիկացի սենատորները կողմ են քվեարկել Ուկրաինային 40 միլիարդ դոլար լրացուցիչ օգնություն հատկացնելու օրինագծին։ Նախագահ Ջոզեֆ Բայդենը շեշտել է. Կոնգրեսը, հավանություն տալով նման օգնությանը, «աշխարհին հստակ ազդանշան է ուղարկել»՝ ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ միասին «պաշտպանում է ժողովրդավարությունն ու ազատությունը»։ Բայդենի գրավոր հայտարարությունում նշված է նաև, որ ԱՄՆ-ն արդեն պատմական օգնություն է ցուցաբերել Ուկրաինային անվտանգության ոլորտում և մտադիր է արագացնել լրացուցիչ զենքի և սարքավորումների մատակարարումը: Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ օգնությունը կներառի մարտի դաշտում արդեն արդյունավետ օգտագործվող հրետանի և այլ սարքավորումներ:
09:40 - 20 մայիսի, 2022
Հայ դատի հանձնախումբը Բայդենին կոչ է անում հետ կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպանին |civilnet.am|

Հայ դատի հանձնախումբը Բայդենին կոչ է անում հետ կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպանին |civilnet.am|

civilnet.am: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է անում հետ կանչել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին։ Հանձնախումբը նշում է, որ դիվանագիտական պաշտոնում ավելի քան երեք տարի գտնվելու ընթացքում Լին Թրեյսին «վատ ցուցանիշներ է գրանցել, որոնց թվում են՝ ԱՄՆ-ի կողմից արցախցի փախստականներին շոշափելի օգնության բացակայությունը, հայաստանյան քաղաքական ուժերի նկատմամբ ֆավորիտիզմը, Հայաստանի անվտանգության և տարածաշրջանային դիրքերի հետագա բարդացումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ապօրինի ձերբակալությանը, դաժան վերաբերմունքին և սպանությանը ողջամտորեն արձագանքելու անկարողությունը»։ «Հայ դատը ցանկանում է, որ Հայաստանում ԱՄՆ յուրաքանչյուր դեսպան հաջողի»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը: Նրա խոսքով՝ Լին Թրեյսին լռել է ոչ միայն 44-օրյա պատերազմի ընթացքում, այլև դրանից հետո, մասնավորապես, տեղահանված արցախահայերի խնդիրների և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ոտնձգությունների հարցերում։ «ԱՄՆ-ի դիվանագիտական ծառայության աշխատակիցները, ինչպիսիք են դեսպան Թրեյսին, սովորաբար ծառայում են մոտավորապես երեք տարի: Քանի որ նրա Հայաստանում գտնվելն արդեն գերազանցել է այդ ժամանակահատվածը, կոչ ենք անում Բայդենի վարչակազմին ամուր հիմքի վրա վերականգնել հայ-ամերիկյան հարաբերությունները՝ նշանակելով նոր դեսպան Երևանում: ANCA-ն ակնկալում է սերտ համագործակցություն ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի հետ՝ ապահովելու համար ԱՄՆ-ի արժեքներին հավատարիմ, արհեստավարժ թեկնածուի հաստատումը»,- ասված է Հանձնախմբի հայտարարությունում։
12:10 - 19 մայիսի, 2022
ԱՄՆ-ը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումը իր ապագան որոշելու հարցում. դեսպան Թրեյսիի հարցազրույցը |armenpress.am|

ԱՄՆ-ը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումը իր ապագան որոշելու հարցում. դեսպան Թրեյսիի հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները համոզված է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական եւ բարեկեցիկ ապագայի համար առանցքային է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերի բանակցային, համապարփակ եւ կայուն կարգավորումը: Այդ մասին Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ հարցազրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին: «Անշուշտ, Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռեւս մնում է չլուծված», - վերահաստատել է ԱՄՆ դեսպանը՝ ընդգծելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Դեսպանի խոսքով՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն առանցքային գործոն է, սակայն համապարփակ խաղաղության հասնելու համար միակ միջազգայնորեն ճանաչված սկզբունքը չէ: Այդ իմաստով Վաշինգտոնում համոզված են, որ տեւական հակամարտության հիմքում գտնվող խնդիրները պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով ու համապարփակ լուծմամբ՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման եւ ուժի չկիրառման միջազգայնորեն ճանաչված սկզբունքները: Դեսպան Թրեյսին շեշտում է, որ Միացյալ Նահանգները խրախուսում է խաղաղ բանակցությունների շարունակումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ պատրաստ է ներգրավվել երկկողմ ձեւաչափով եւ համախոհ երկրների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: - Տիկին դեսպան, շնորհակալ եմ հարցազրույցի մեր հրավերն ընդունելու համար: Առաջին անգամն է, որ պատիվ ունեմ Ձեզ հետ անձամբ հանդիպելու: Այնպես որ, շնորհակալ եմ այս հրաշալի հնարավորության համար: - Ես էլ շնորհակալություն եմ հայտնում «Արմենպրես»-ին այս հնարավորության համար եւ սիրով կպատասխանեմ Ձեր հարցերին: - 2019 թ. հունվարին, երբ տեղեկություն ստացանք Հայաստանում Միացյալ Նահանգների նոր դեսպանի, այսինքն՝ Ձեր նշանակման մասին, տիկին Թրեյսի, ուսումնասիրելով Ձեր կենսագրությունը՝ իմ հոդվածում նկարագրեցի Ձեզ որպես խիզախ կին, «հերոսուհի դիվանագետ», որը դիվանագիտական ծառայություն է անցել Քաբուլում, Աֆղանստան, հետո՝ Փեշավարում, Պակիստան: Գիտեմ, որ այդ ընթացքում թիրախավորվել եք «Ալ Կաիդա» եւ «Թալիբան» ծայրահեղական խմբավորումների կողմից, նույնիսկ ահաբեկչական հարձակման եք ենթարկվել 2008 թ. օգոստոսին Փեշավարում, որտեղ ԱՄՆ հյուպատոսության գլխավոր դիվանագիտական պաշտոնյան էիք, սակայն չեք լքել Ձեր դիրքերը, որոշում եք ընդունել մնալ եւ ավարտին հասցնել Ձեր առաքելությունը՝ ի հեճուկս բոլոր սպառնալիքների, ինչի համար մեկ տարի անց՝ 2009 թվականին, արժանացել եք ԱՄՆ պետքարտուղարի կողմից շնորհվող հերոսության մեդալի: Ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանում՝ ունենալով այսպիսի հարուստ մասնագիտական փորձ, ինչպե՞ս է անցնում դիվանագիտական առաքելությունը մեր տարածաշրջանում՝ Աֆղանստանի եւ Պակիստանի հետ համեմատ եւ ինչպե՞ս կնկարագրեք դիվանագիտական առաքելության այս վերջին երեք տարիները Երեւանում: - Մինչ Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակվելն իմ դիվանագիտական կարիերայի ընթացքում, անշուշտ, առիթ եմ ունեցել աշխատելու մարտահրավերներով լեցուն, բայց եւ ուշագրավ մի շարք վայրերում: Ամեն մի երկիր ունի իրեն բնորոշ դժվարություններն ու հնարավորությունները, սակայն տարբեր պայմաններում ձեռք բերած դիվանագիտական փորձից նաեւ արժեքավոր դասեր եմ քաղել: Ինչպես նկատեցիք՝ վերջին երկու տարին դժվարին ժամանակաշրջան էին Հայաստանի համար. հայ ժողովուրդը ՔՈՎԻԴ-19-ի համավարակից զատ, որը խաթարեց աշխատանքային առօրյան ու կենցաղը ողջ աշխարհում, 2020 թ. վերջին բախվեց նաեւ Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ մարտական գործողությունների վերսկսմանը, որն ավարտվեց փխրուն հրադադարով: Սա ակնհայտորեն անդրադարձավ նաեւ իմ աշխատանքի վրա՝ որպես Հայաստանում ԱՄՆ դեսպանի, սակայն այն նաեւ վերստին ընդգծեց դիվանագիտության կարեւորությունը եւ մասնավորապես՝ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրությունը: Չնայած այս մարտահրավերներին՝ ինձ համար պատիվ է ծառայել այստեղ որպես ԱՄՆ դեսպան, աշխատել մեր երկու երկրների ժողովուրդների համար կարեւոր հարցերի շուրջ եւ աշխատանքին զուգընթաց ծանոթանալ բազմաթիվ հոյակապ մարդկանց: - Այս տարի Հայաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը: ԱՄՆ-ը աշխարհի առաջին երկրներից էր, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը 1991 թ. դեկտեմբերի 25-ին, երբ նախագահ Ջորջ Բուշ Ավագը ամերիկյան ազգին հասցեագրված ուղերձով հայտարարեց Խորհրդային Միության կազմալուծման մասին: Բայց պատմությունն ասում է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները շատ ավելի խորը արմատներ ունեն: Ուրեմն, ինչպե՞ս կբնութագրեք Հայաստան-Միացյալ Նահանգներ միջպետական հարաբերությունները եւ ավելի լայն իմաստով հայ-ամերիկյան կապերը այս նշանավոր տարեդարձի կապակցությամբ: - Ինչպես նկատեցիք՝ Հայաստանն ու Միացյալ Նահանգները նշում են մեր երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին, սակայն մեր ժողովուրդների փոխգործակցությունը շատ ավելի վաղ է սկիզբ առել: Հայաստանի հետ մեր փոխգործակցության ասպարեզում մենք 1991 թվականից կամ Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր մեծ առաջընթաց ենք ունեցել՝ ի հեճուկս առկա մարտահրավերներին: Միացյալ Նահանգները շատ բարձր է գնահատում Հայաստանի հետ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա խարսխված մեր փոխգործակցությունը եւ շարունակում է հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա դրական շարժընթաց նախանշել: Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանի ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների օրակարգին եւ լինել Հայաստանի գործընկերն այդ նպատակներին հասնելու ճանապարհին: Մեր աջակցությունը ներառում է տարբեր ոլորտներ՝ ներառյալ ժողովրդավարական հաստատությունների ամրապնդումը, կոռուպցիայի դեմ պայքարը, իրավապահ բարեփոխումները, ներառական տնտեսական աճի խթանումը, միջազգային անվտանգության ապահովումը եւ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումն ու մարդասիրական օգնության ցուցաբերումը: - Եվ ո՞ւր ենք մենք հասել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման առումով դիվանագիտական կապերի հաստատման 30-ամյակին, ի՞նչ հեռանկարներ եք տեսնում հետագա տասնամյակների համար: - Մենք հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին եւ մեկ անգամ եւս վերահաստատեց 2021 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ:  - Մարտի 23-ին տեղի ունեցավ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության երկրորդ վիրտուալ նիստը, որի ընթացքում, ինչպես Միացյալ Նահանգների դեսպանությունն է հաղորդել, երկու կողմի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են երկու երկրների ընթացիկ համագործակցությունը պաշտպանական եւ անվտանգային տիրույթում եւ դիտարկել փոխգործակցության ընդլայնման ուղիները՝ միտված ընդհանուր մարտահրավերների արձագանքմանը: Հաշվի առնելով Հայաստանի հետպատերազմական մարտահրավերները պաշտպանության եւ անվտանգության ոլորտում՝ շատ ուշագրավ է, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ նման քննարկումներ են լինում բարձր մակարդակով: Կարո՞ղ են արդյոք նման քննարկումները նոր հեռանկարներ բացել հայ-ամերիկյան փոխգործակցության ընդլայնման համար: - Հայ-ամերիկյան հարաբերությունների առանցքում ժողովրդավարությունն ու իրավունքի գերակայություն են, սակայն մեր դրական փոխգործակցության օրակարգն այդքանով չի սահմանափակվում: Կայուն եւ ներառական տնտեսական աճի խթանում, առեւտրի եւ ներդրումների ավելացում, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ապահովում, էներգետիկ անվտանգություն, բնական պաշարների պատասխանատու կառավարում, ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքար, ներդրումներ մարդկային ռեսուրսում՝ կրթության եւ աշխատուժի կատարելագործման միջոցով. ահա հայ-ամերիկյան փոխգործակցության լայն ու ընդգրկուն տիրույթը, որի ամրապնդման ուղղությամբ մենք շարունակում ենք ջանքեր գործադրել: Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը, որտեղ ամփոփվում են մեր փոխգործակցության բոլոր կողմերը, ընդգծում է մեր երկու երկրների փոխգործակցության արժեքն ու կարեւորությունը: - Իսկ առհասարակ ո՞րն է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հիմնական նպատակը, դեպի ո՞ւր են դրանք տանում, այլ խոսքերով՝ նախաձեռնված քննարկումներն ունենալո՞ւ են որեւէ ենթադրյալ արդյունք: - Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը մենք չենք դիտարկում սոսկ որպես կոնկրետ արդյունքներ ապահովելու մեխանիզմ, այն նաեւ բարձր մակարդակում մեր երկու կառավարությունների միջեւ երկխոսության հարթակ է, որի միջոցով ընդգծում ենք երկկողմ հարաբերությունների ամրապնդման մեր հանձնառությունը: Այս երկխոսության շրջանակում մենք կարող ենք քննարկել մեր փոխգործակցության բազմաթիվ բաղադրիչներ՝ ինչպիսիք են, օրինակ, տնտեսական բարեկեցության ձեւավորումը, արդարադատության բարեփոխումների առաջընթացը, ժողովրդավարական կայացման ու մարդու իրավունքների խթանումը եւ պաշտպանական ու անվտանգային համագործակցության ամրապնդումը: - Հիշում եմ, որ դեռեւս 2018 թ. Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախումբը նամակով կոչ էր արել ԱՄՆ Պետական դեպարտամենտին ռազմավարական մակարդակի բարձրացնել հայ-ամերիկյան հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր շահերի, ընդհանուր արժեքների եւ երկու ազգերի ամուր բարեկամության վրա: Ռազմավարական երկխոսությունը միտված է այդ «ռազմավարական թարմացմա՞նը» երկկողմ հարաբերություններում:  - Մենք արժեւորում ենք մեր գործակցությունը Հայաստանի հետ, որի հիմքում մեր ընդհանուր արժեքներն են, իսկ ակունքներում՝ մեր ժողովուրդների երկարամյա կապերը: Ռազմավարական երկխոսությունը ընդգծում է Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների ուղղությամբ համատեղ աշխատելու մեր հանձնառությունը: - Մարտի 28-ին տեղեկություն եկավ Վաշինգտոնից այն մասին, որ նախագահ Բայդենի վարչակազմը 2023 թ. պետբյուջեի նախագծով առաջարկել է ավելի քան 24 մլն դոլարի արտաքին օգնություն հատկացնել Հայաստանին, ինչը 21 միլիոն դոլարով քիչ է 2022 թ. ֆիսկալ տարվա բյուջեով ՀՀ-ին հատկացված ֆինանսական օժանդակությունից: Արցախին օգնություն հատկացնելու մասին որեւէ հիշատակում չկա: Սակայն առցանց մամուլում եւ սոցիալական մեդիայում հակասական տեղեկություններ եւ մեկնաբանություններ են հրապարակվում այս հարցի վերաբերյալ, որոշ հեղինակներ էլ ասում են, որ դա ճշգրիտ թիվը չէ: Ուստի կխնդրեի պարզաբանել՝ ո՞րն է առաջարկվող ֆինանսական օգնության ճշգրիտ թիվը եւ եթե վարչակազմը որոշել է կրճատել այդ օգնությունը, ապա ո՞րն է պատճառը: Հնարավո՞ր է, որ Կոնգրեսում սպասվող քննարկումների եւ ընթացակարգերի արդյունքում այդ գումարը ավելանա: - Ուրախ եմ, որ այս հարցին անդրադարձաք, քանի որ դրա հետ կապված որոշ թյուընկալումներ կան: ԱՄՆ բյուջետային գործընթացը բավականին խրթին է եւ ենթադրում է բյուջետային տարբեր առաջարկների ներկայացում, որին հաջորդում են քննարկումները, ապա Կոնգրեսն ընդունում է վերջնական որոշում: 2023 ֆինանսաբյուջետային տարվա թիվը դեռեւս հաստատված չէ, ուստի մենք չենք կարող համեմատել 2022 ֆինանսաբյուջետային տարվա հետ: Սակայն միանշանակ կարող եմ փաստել, որ մեր հանձնառությունը՝ շարունակելու Հայաստանի հետ մեր փոխգործակցությունն ընդհանուր ժողովրդավարական արժեքներն առաջ մղելու ուղղությամբ, մնում է անփոփոխ: - 2019 թվականին ԱՄՆ կառավարությունը որոշում էր ընդունել դադարեցնելու Արցախում ականազերծման ծրագրի ֆինանսավորումը, սակայն 2022 թ. պետբյուջեով Հայաստանին հատկացված փաթեթը ներառում էր նաեւ հավելյալ 2 մլն դոլարի աջակցություն 2020 թ. Հայաստանի Հանրապետության եւ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայից հետո ականազերծում իրականացնելու համար: Կա՞ արդյոք որևէ հնարավորություն կամ հավանականություն, որ Արցախի ականազերծման ծրագիրը կվերականգնվի: - ԱՄՆ կառավարությունն իր գործընկեր «Հալո-Թրասթ» կազմակերպության միջոցով աջակցել է Լեռնային Ղարաբաղի ականազերծման աշխատանքներին: Այդ ծրագիրն ավարտվեց 2020 թվականին, երբ «Հալո-Թրասթի» զեկույցները մատնանշեցին, որ ընդգրկված տարածքների շատ բարձր տոկոսն ականազերծվել է: Մենք շարունակում ենք դիտարկել, թե ինչպես կարող ենք օգնել վերջին հակամարտությունից տուժածներին: - Ի դեպ, քանի որ Դուք ծնվել եւ մեծացել եք Օհայոյի Բարբերթոն քաղաքում, Ձեր կենսագրության այս հատվածն ինձ մոտ շատ լավ հիշողություններ առաջացրեց, քանի որ Օհայոն ամերիկյան առաջին նահանգն է, ուր այցելել եմ 2016 թվականին՝ Պետդեպարտամենտի ծրագրով ԱՄՆ նախագահի ընտրությունների եզրափակիչ փուլը լուսաբանելու համար: Դա իմ լավագույն եւ ամենահիշարժան ճամփորդություններից մեկն էր, քանի որ այն շատ օգնեց ե՛ւ իմ լեզվական գիտելիքների բարելավմանը, ե՛ւ մասնագիտական որակների բարձրացմանը, ե՛ւ առհասարակ աշխարհայացքի ընդլայնմանը: Նման ծրագրերի շնորհիվ օտարերկրյա մասնակիցները հնարավորություն են ստանում ծանոթանալու աշխարհի ամենահզոր տնտեսությանը, աշխարհի ամենահայտնի եւ ամենաօրինակելի ժողովրդավարական մոդելներից մեկին՝ ամերիկյան ժողովրդավարությանը եւ գործնականում տեսնելու՝ ինչպես է այն աշխատում, այդ թվում՝ ինչպես են անցկացնվում ընտրությունները աշխարհի ամենադեմոկրատական երկրներից մեկում: Այդ գիտելիքները նա կարող է իր հետ բերել իր երկիր եւ որեւէ օգուտ տալ իր պետությանն ու հասարակությանը: Ու քանի որ, ինչպես ենթադրում եմ, նմանատիպ ծրագրերը ԱՄՆ արտաքին հարաբերությունների, այդ թվում ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների մի զգալի հատվածն են զբաղեցնում, հետաքրքիր է, թե ի՞նչ նոր ծրագրեր է ԱՄՆ դեսպանատունը նախատեսում առաջարկել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը, մեդիադաշտին եւ քաղաքական դասի ներկայացուցիչներին մոտ ապագայում: - Շնորհակալ եմ հարցի համար: Ձեր փորձը ևս ընդգծում է, թե ինչու ենք մենք կարևորում մարդկանց միջեւ երկուստեք շփումների ու կապի ամրապնդումը: Միմյանց անձնապես ճանաչելը օգնում է հասնել փոխըմբռնման ավելի բարձր մակարդակի, որն իր արտացոլումն է գտնում ավելի լայն համայնքային շրջանակներում ու ամբողջական պետությունների մակարդակով:  Դեսպանությունը տարբեր միջոցներով նպաստում է մարդկանց միջեւ կապերի ձեւավորմանը, մասնավորապես՝ իրականացվում են անգլերենի ուսուցման ծրագրեր, Հայաստանում ԲՏՃՄ (բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի) կրթության կատարելագործման եւ մշակութային պահպանության նախաձեռնություններ, ինչպես նաեւ փոխանակման ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս ՀՀ քաղաքացիներին այցելել Միացյալ Նահանգներ եւ շփվել համապատասխան ամերիկյան շրջանակների հետ: Մեր բազմաթիվ ծրագրերից թերևս կառանձնացնեմ Երեւանի պետական համալսարանի եւ Արիզոնայի համալսարանի համագործակցության արդյունքում ձեւավորված ամերիկագիտության նոր մագիստրոսական ծրագիրը, որի առաջին ընդունելությունը տեղի ունեցավ անցյալ տարվա աշնանը: - Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ՝ վերահաստատո՞ւմ եք արդյոք 2020 թ. տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո Ձեր կողմից բազմիցս արտահայտված այն դիրքորոշումը, որ Միացյալ Նահանգները լուծված չի համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, եւ որ հիմնախնդիրը պետք է համապարփակ լուծում ստանա: Ճի՞շտ եմ արդյոք հասկանում Վաշինգտոնի դիրքորոշումը, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցված հայտնի սկզբունքների հիման վրա: - Անշուշտ, Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռեւս մնում է չլուծված: Մենք շարունակում ենք կարծել, որ տեւական լարվածության հիմքում գտնվող եւ 2020 թ. ռազմական գործողություններին հանգեցրած խնդիրները պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով ու համապարփակ լուծմամբ՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման եւ ուժի չկիրառման միջազգայնորեն ճանաչված սկզբունքները: Մենք խրախուսում ենք շարունակել խաղաղության բանակցությունները եւ պատրաստ ենք ներգրավվել երկկողմ ձեւաչափով եւ համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե «Մինսկի խմբի համանախագահները չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հարցով, քանի որ Ադրբեջանը արդեն լուծել է այդ խնդիրը նրանց փոխարեն»: Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս հնչեցրել է այս միտքը, ընդ որում՝ շատ ագրեսիվ ու քամահրական տոնով՝ ինչպես արձանագրված է պաշտոնական հայտարարություններում եւ մամուլի հրապարակումներում: Ուրեմն ինչպե՞ս կարելի է վերականգնել Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունների գործընթացը՝ նկատի ունենալով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը Մինսկի խմբի գործունեության առնչությամբ: Ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Միացյալ Նահանգներն այդ ուղղությամբ: - Թույլ տվեք ընդգծել, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել խաղաղ, ժողովրդավար եւ բարեկեցիկ ապագայի կերտմանը Հարավային Կովկասում: Սա նաեւ ներառում է ուղիղ կապի գործող մեխանիզմների օգտագործումը՝ գտնելու համապարփակ լուծումներ բոլոր չկարգավորված խնդիրներին եւ նորմալացնելու հարաբերությունները՝ խաղաղության համապարփակ համաձայնագրի ստորագրմամբ: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի այս ջանքերին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում՝ տեւական եւ համապարփակ խաղաղության հարցում այդ երկրներին օգնելու նպատակով: - Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում՝ ներառյալ 2020 թ. նոյեմբերի 9-ի զինադադարի կոպտագույն խախտումները, ռազմական ներխուժումը Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ, Արցախում հումանիտար ճգնաժամի հրահրումը տարբեր միջոցներով՝ ինչպիսիք են գազի մատակարարման պարբերական խաթարումները, ադրբեջանական զինուժի փորձերը սահմանային հենակետերից բարձրախոսներով հնչեցվող հայտարարություններով խաղաղ բնակչությանը ահաբեկելու, բարոյահոգեբանական ճնշում գործադրելու փորձերը՝ ինչպես եղավ, օրինակ, Ասկերանի Խրամորթ գյուղում, ինչպես նաեւ Արցախի հայկական մշակութային ժառանգության շարունակական ու հետեւողական ոչնչացմանն ուղղված գործողությունները, որոնց մասին բազմաթիվ տեղական ու միջազգային զեկույցներ են եղել՝ ներառյալ Եվրոպական խորհրդարանի մարտի 10-ի բանաձեւը Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին: Համաձա՞յն եք այն գնահատականի հետ, որ Ադրբեջանը էթնիկ զտումների հստակ քաղաքականություն է վարում Լեռնային Ղարաբաղում: Ինչպե՞ս կարող է առհասարակ քննարկվել Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, երբ այնտեղ ապրող մարդկանց կյանքը իրական վտանգի տակ է: - Ինչպես արդեն նշել ենք՝ մտահոգության տեղիք են տալիս այնպիսի գործողությունները, ինչպիսիք են վերջին շրջանում գրանցված գազամատակարարման խաթարումները եւ ադրբեջանական զորքերի տեղաշարժերը շփման գծի հատվածում: Ապրիլի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցում պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդգծեց տարածաշրջանում իրավիճակի հետագա սրումից խուսափելու կարեւորությունը: Իրավիճակն ապաէսկալացնելու համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ուղիղ հաղորդակցության միջոցներ կիրառեն: - Ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Միացյալ Նահանգները Արցախի բնիկ ժողովրդի կենսական եւ հիմնարար իրավունքները պաշտպանելու համար: Ի վերջո, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են, այդպես չէ՞: - Ինչպես ավելի վաղ ասացի՝ մենք շարունակում ենք կարծել, որ տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական եւ բարեկեցիկ ապագայի համար առանցքային է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերի բանակցային, համապարփակ եւ կայուն կարգավորումը: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքն առանցքային գործոն է, սակայն այս նպատակին հասնելու համար միակ միջազգայնորեն ճանաչված սկզբունքը չէ, իսկ հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում:   Շարունակությունը՝ armenpress.am-ում:
11:39 - 19 մայիսի, 2022
Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մայիսի 18-ին Նյու Յորքում հանդիպել են ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզմի շրջանակներում՝ վերահաստատելու իրենց ամուր համագործակցությունը որպես գործընկերներ և ՆԱՏՕ-ի դաշնակիցներ։ Այս մասին նշված է երկու երկրների կառավարությունների համատեղ հայտարարության մեջ: «Միացյալ Նահանգները և Թուրքիան հավատարիմ են սերտ համագործակցությանը ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու համար: Պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Չավուշօղլուն մտադիր են խորացնել երկկողմ համագործակցությունը կառուցողական և բաց երկխոսության միջոցով, ինչպես նախատեսված է ԱՄՆ-ի Թուրքիայի «Ռազմավարական մեխանիզմով»։ Նրանք քննարկել են ուղիները և կոնկրետ քայլերը` ընդլայնելու իրենց համագործակցությունը պաշտպանության, ահաբեկչության, էներգետիկայի և պարենային անվտանգության, կլիմայի փոփոխության դեմ պայքարի և առևտրային կապերի խթանման ուղղությամբ՝ միաժամանակ պայմանավորվելով ակտիվացնել խորհրդակցությունները մի շարք տարածաշրջանային հարցերի շուրջ: Նրանք նաև վերահաստատել են իրենց աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Ռուսաստանի անընդունելի պատերազմի դեմ»,- նշված է հաղորդագրության մեջ: Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում նշել է, որ, ի թիվս վերոնշյալ թեմաների, քննարկվել են նաև իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
10:38 - 19 մայիսի, 2022
Ինչո՞ւ է Թուրքիան դեմ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին․ Al Jazeera

Ինչո՞ւ է Թուրքիան դեմ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին․ Al Jazeera

Շվեդիան ու Ֆինլանդիան հայտարարել են ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկության մասին և այսօր դաշինքին են հանձնել անդամակցության հայտերը։ Ռուսաստանը, որը մինչ այդ Ֆինլանդիային զգուշացնում էր նման քայլ չանել, մայիսի 16-ին, ի դեմ Պուտինի, հայտարարել է, որ այս երկրների անդամակցության հետ կապված խնդիր չունի, իսկ իր արձագանքը կախված է եվրատլանտյան դաշինքի ենթակառուցվածքի ընդլայնումից։ Սակայն Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է դարձել 1952 թ-ին, դեմ է արտահայտվել այս քայլին՝ նշելով, որ դրական մոտեցում չունի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ նշել է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» անդամներն «այսօր ակտիվորեն գործում են սկանդինավյան այդ երկրներում և Նիդերլանդներում»։ Իսկ այսօր նա հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները հաշվի կառնեն Թուրքիայի ազգային անվտանգության պահանջներն ու կաջակցեն տվյալ հարցում։ Al Jazeera պարբերականը գրում է այն մասին, թե ինչու է Թուրքիան դեմ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․   «Ի՞նչ խնդիր ունի Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության առնչությամբ Մայիսի 16-ին Էրդողանը սկանդինավյան երկու երկրներին մեղադրել է «ահաբեկչությանն» աջակցելու համար։ «Այս երկրներից ոչ մեկն ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ հստակ վերաբերմունք չունի», - ասել էր Էրդողանը՝ նկատի ունենալով Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ), որն Անկարան ահաբեկչական է անվանում։ Նույն օրը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն քննադատել էր Ֆինլանդիային և Շվեդիային այն բանի համար, որ նրանք չեն արտահանձնել Թուրքիայում հետախուզման մեջ գտնվող կասկածյալներին՝ չնայած Անկարայի խնդրանքներին։ Նշված անձինք մեղադրվում են ՔԱԿ կամ Գյուլենի շարժման հետ կապերի համար, որին Թուրքիան մեղադրում է 2016 թ-ի հեղաշրջման փորձի համար, որի ժամանակ հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Ի պատասխան՝ Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հաավիստոն հայտարարել էր, որ, թեև զարմացած է Թուրքիայի դիրքորոշումից, չի ուզում «սակարկության մեջ մտնել» Անկարայի հետ։ Իր հայտարարություններում Էրդողանն անդրադարձել էր նաև Ստոկհոլմին՝ Թուրքիայի դեմ զենքի հետ կապված պատժամիջոցների առնչությամբ։ Շվեդիան 2019 թ-ից «սառեցրել» էր զենքի վաճառքը Թուրքիային նրա հարևան Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու պատճառով։   Ի՞նչ կապ ունի Վաշինգտոնը Ստամբուլի մշակույթի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Մենսուր Աքգյունի խոսքով՝ Անկարան ձգտում է նաև օգտագործել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտը՝ որպես դրա ամենամեծ կողմնակից ԱՄՆ հետ իր խնդիրների լուծման լծակ։ «Անկարան ԱՄՆ պատժամիջոցների տակ է F-35 կործանիչների հարցով և դժգոհ է դրանից», - ասում է Աքգյունը։ Թուրքիայի խողմից Ս-400 ռուսական պաշտպանական համակարգերի գնումն առանցքային հարցերից մեկն է, որոնք վերջին տարիներին սրել են Թուրքիայի և ԱՄՆ հարաբերությունները։ 2019 թ-ի հուլիսին ԱՄՆ-ն Անկարային դուրս էր թողել F-35 կործանիչների ստեղծման իր առանցքային ծրագրից այն բանից մի քանի օր անց, երբ Թուրքիան ստացել է ռուսական Ս-400 համակարգերի առաջին խմբաքանակը։ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները հայտարարում են, որ դաշինքի անդամի կողմից ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգերի օգտագործումը վտանգավոր է հենց ՆԱՏՕ-ի պաշպանական համակարգերի համար, սակայն Թուրքիան հայտարարում է, որ որոշել է գնել այդ համակարգերն այն բանից հետո, երբ ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն կասեցրել է ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի վաճառքը, որոնք լայնորեն կիրառում են ՆԱՏՕ-ի անդամ երկրները։ Թուրքիան դատապարտել է նաև Սիրիայում քրդական զինված խմբավորումներին Վաշինգտոնի ցուցաբերած աջակցությունը։ Միացյալ նահանգները ՔԱԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է համարում, սակայն ռազմական և քաղաքական աջակցություն է ցուցաբերել Սիրիայում դրա ճյուղավորմանը՝ քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին (YPG), հատկապես՝ 2010 թ-ին ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ամենաթեժ պահին։   Եղե՞լ են արդյոք նախկինում նմանատիպ քննարկումներ ՆԱՏՕ-ում ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ կապված դիվանագիտական փակուղիներ նախկինում էլ են եղել։ Օրինակ՝ Հունաստանը տարիներով արգելափակում էր դաշինքին Մակեդոնիայի անդամակցությունը՝ որպես երկրի անվանման դեմ բողոք, որն, ըստ հույների, հունական ժառանգությունը գողանալու փորձ էր։ Հունաստանն ու Մակեդոնիան համաձայնագիր են ստորագրել 2019 թ-ին, որի համաձայն՝ վերջինս փոխել է անվանումը՝ դառնալով Հյուսիսային Մակեդոնիա, հետո նոր Աթենքը չեղարկել է իր առարկությունները ՆԱՏՕ-ին Սկոպիեի անդամակցության վերաբերյալ։   Ի՞նչ է լինելու Թուրքիան պատմականորեն միշտ կողմ է եղել ՆԱՏՕ-ի ընդլայնմանն, այդ պատճառով էլ պրոֆեսոր Աքգյունը կարծում է, որ, ի վերջո, փոխզիջումային տարբերակ է գտնվելու։ «Թուրքիան կարող է չստանալ այն, ինչ ուզում է, բայց նրա դաշնակիցներն, ըստ ամենայնի, նրան բավարարող որևէ բան կառաջարկեն։ Անկարան իր ազգային շահերին համապատասխան բանակցություններ կվարի, ինչպես դաշինքի մյուս անդամները», - ասում է նա։   Նորա Վանյան
08:45 - 19 մայիսի, 2022
Հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին՝ կառուցելու այն ճանապարհը, որն ընտրեց 2018-ին և վերահաստատեց 2021-ի ընտրությունների ժամանակ․ ԱՄՆ դեսպան
 |armenpress.am|

Հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին՝ կառուցելու այն ճանապարհը, որն ընտրեց 2018-ին և վերահաստատեց 2021-ի ընտրությունների ժամանակ․ ԱՄՆ դեսպան |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները շատ բարձր է գնահատում Հայաստանի հետ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա խարսխված փոխգործակցությունը եւ շարունակում է հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա դրական շարժընթաց նախանշել: Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Լին Մ. Թրեյսին հարցազրույց է տվել «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը՝ խոսելով Հայաստանում իր դիվանագիտական առաքելության, նախկին ու ներկա փորձի, երկրից ստացած իր անձնական տպավորությունների, հայ-ամերիկյան հարաբերությունների ողջ օրակարգին առնչվող կարևորագույն հարցերի, տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների մասին: ԱՄՆ դեսպանը մանրամասնորեն անդրադարձել է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների վերջին 30 տարվա ընդհանուր դինամիկային, դրանց հեռանկարներին եւ կարևոր տեղեկություններ է հաղորդել երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացման մասին: Դեսպան Թրեյսիի խոսքով՝ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանի ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների օրակարգին եւ լինել Հայաստանի գործընկերն այդ նպատակներին հասնելու ճանապարհին: «Մենք հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին եւ մեկ անգամ եւս վերահաստատեց 2021 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ», - ասել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը:
15:25 - 18 մայիսի, 2022
ԱՄՆ-ն վստահ է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու կոնսենսուսի հարցում՝ չնայած Թուրքիայի պահանջներին |factor.am|

ԱՄՆ-ն վստահ է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու կոնսենսուսի հարցում՝ չնայած Թուրքիայի պահանջներին |factor.am|

factor.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ վստահ է ՆԱՏՕ-ի ներսում կոնսենսուսի ձեռքբերման հարցում՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հետ կապված, գրում է «Ահվալ» գործակալությունը։ Բլինքենը նշել է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ խոսել է Անկարայի մտահոգությունների մասին։ «Ես չեմ ցանկանում բնութագրել զրույցը, որ ունեցանք ԱԳ նախարարի հետ և ՆԱՏՕ-ի նիստի շրջանակում, սակայն կարող եմ ասել հետևյալը․ ես գրեթե բոլոր կողմերից լսել եմ ուժեղ աջակցություն դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու հարցում»,- ասել Բլինքենը  Բեռլինում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած հայտարարությունում՝ հավելելով․ «Եթե դա այն է, ինչ նրանք որոշեն անել, ես համոզված եմ, որ կհասնենք կոնսենսուսի»։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ևս ասել է, որ հավատում է՝ ընդհանուր լեզու և կոնսենսուս կգտնվի անդամակցության հարցի շուրջ:
15:33 - 16 մայիսի, 2022
ԱՄՆ-ն և Թայվանը կստեղծեն տվյալների փոխանակման համակարգ, որը փակ կլինի Ռուսաստանի և Չինաստանի համար |shantnews.am|

ԱՄՆ-ն և Թայվանը կստեղծեն տվյալների փոխանակման համակարգ, որը փակ կլինի Ռուսաստանի և Չինաստանի համար |shantnews.am|

shantnews.am: Միացյալ Նահանգները և Թայվանը կստեղծեն տվյալների փոխանակման հավաքական համակարգ, ներառյալ անձնական տվյալները, որը փակ կլինի Ռուսաստանի և Չինաստանի համար: Այս մասին հայտնում է Nikkei-ն։ Ճապոնական հրատարակության համաձայն՝ համակարգի ստեղծմանը կմասնակցեն նաև Ճապոնիան, Կանադան, Հարավային Կորեան, Ֆիլիպինները և Սինգապուրը։ Այն նախատեսված է փոխարինելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) ֆորումի համապատասխան կառույցներին, որոնցում ընդգրկված են Ռուսաստանը և Չինաստանը։ Ենթադրվում է, որ ապագայում համակարգին մասնակցելու համար կհրավիրվեն նաև APEC անդամ չհանդիսացող երկրներ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան և Բրազիլիան։ Նոր համակարգի շրջանակներում նախատեսվում է ստեղծել տվյալների մեծ զանգվածների փոխանցման կառուցվածք, այդ թվում՝ տնտեսական, որը մասշտաբով համեմատելի կլինի Եվրամիության (ԵՄ) համապատասխան մեխանիզմների հետ։ Բացի դրանից՝ Nikkei-ն ասել է, որ համակարգը կօգտագործվի էլեկտրոնային առևտրի ցանցերի ընդլայնման և անօդաչու մեքենաների համար տարածաշրջանային կառավարման կառույցների ներդրման համար:
13:53 - 16 մայիսի, 2022