ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Ըստ դատախազի՝ Քոչարյանի կողմից Մարտի 1-ի գործով ապօրինի ներգործության փաստեր չկան, բայց չեն բացառվում |hetq.am|

Ըստ դատախազի՝ Քոչարյանի կողմից Մարտի 1-ի գործով ապօրինի ներգործության փաստեր չկան, բայց չեն բացառվում |hetq.am|

hetq.am: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը համոզված է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի, և դա ինքնանպատակ չէ: Դատախազը շեշտեց Քոչարյանի՝ նախկինում բարձր պաշտոն զբաղեցնելու հանգամանքը՝ նշելով, որ Եվրոպական դատարանի բազմաթիվ ակտերով արձանագրված է, որ բարձր պաշտոն զբաղեցնելու պայմաններում ապօրինի ներգործության ռիսկը մեծ է:Հարցին՝ արդյոք առկա են տվյալներ, որ ազատության մեջ մնալով՝ Քոչարյանը խոչընդոտել է գործի քննությանը, Դավթյանը պատասխանեց, որ կոնկրետ փաստ չունեն, որ ֆիքսվել է ապօրինի ներգործություն.«Մենք չենք խոսում եղած փաստի մասին: Ե՛ւ քրեադատավարական օրենքը, և՛ մեր նախադեպային իրավունքը, և՛ եվրոպական նախադեպային իրավունքը ապագային միտված իրավիճակների ռիսկերի մասին է խոսում: Ասում է՝ կա հավանականություն, որ կխոչընդոտի, կթաքնվի: Հասկանում ե՞ք, այսինքն, գործող փաստի մասին չի խոսում»,- նշեց Արթուր Դավթյանը:
12:21 - 12 հունիսի, 2019
Գլխավոր դատախազությունն իր հաշվեկշռից կրճատել է 29 ծառայողական ավտոմեքենա |armenpress.am|

Գլխավոր դատախազությունն իր հաշվեկշռից կրճատել է 29 ծառայողական ավտոմեքենա |armenpress.am|

ՀՀ գլխավոր դատախազությունը նախորդ տարի իր հաշվեկշռից կրճատել է 29 ծառայողական ավտոմեքենա: 2018-ին դատախազության պահպանման ծախսերի համար պետբյուջեից նախատեսվել է 3 մլրդ 944 մլն 756 հազար դրամ, որից ծախսվել է 3 մլրդ 469 մլն 470 հազար դրամը: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նախորդ տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացնելիս ասաց ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար Հմայակ Նավասարդյանը: «Դատախազությունը 2018-ի պետական բյուջեից ֆինանսավորվել է մի շարք գործառույթների գծով: Դատախազության պահպանում ծրագրով 2018-ին նախատեսվել է 3 մլրդ 944 մլն 756 հազար դրամ, որից 3 մլրդ 469 մլն 470 հազար դրամը` շուրջ 88 տոկոսը նախատեսվել է աշխատավարձերի վճարման համար: Կարևորելով պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման, պետական միջոցների նպատակային ծախսմանը որդեգրված քաղաքականությունը, դեռ 2018-ի հունիսին դատախազությունը հանդես եկավ նախաձեռնությամբ, նախապատրաստեց կառավարություն որոշում, որով դատախազության հաշվեկշռից կրճատվեց 25 ծառայողական ավտոմեքենա: Ընդհանուր առմամբ 2018-ին դատախազությունում կրճատման են ենթարկվել 29 ծառայողական ավտոմեքենաներ»,-ներկայացրեց Նավասարդյանը:Մի շարք հոդվածներով, ինչպիսին են էներգետիկ ծառայությունները, կապի ծառայություները, ապահովագրական ծախսերը և այլն, ապրանքների և ծառայությունների նախատեսվածից ցածր գներով ձեռք բերելու արդյունքում առաջացել է շուրջ 74 մլն դրամի տնտեսում: Դա կառավարության համաձայնությամբ ուղղվել է թվով 44 աշխատակիցների, այդ թվում 24 դատախազների վերջնահաշվարկի գումարների և կոմունալ ծառայությունների վճարմանը:Դատախազության պահուստային ֆոնդ ծրագրով 2018-ին նախատեսվել է 85 մլն 622 հազար դրամ, փաստացի ծախսը կազմել է 85 մլն 590 հազար դրամ` կատարողականը` 99.97 տոկոս: Դրանից շուրջ 80 մլն դրամն օգտագործվել է աշխատակիցներին խրախուսում, պարգևատրման համար: Լրացուցիչ կրթության ուսուցման գծով պետական պատվեր ծրագրով նախատեսվել է 17 մլն 66 հազար դրամ, որը ծախսվել է 100 տոկոսով:
14:07 - 10 հունիսի, 2019
ՀՀ դատախազությունը ստուգումներ է իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. կրկին խախտումներ են հայտնաբերվել

ՀՀ դատախազությունը ստուգումներ է իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. կրկին խախտումներ են հայտնաբերվել

Կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի պարզման նպատակով նախընթաց ամիսներին ՀՀ դատախազությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում: Դրանց ընթացքում արձանագրվել էին խախտումներ և տրվել էին դրանք օպերատիվորեն վերացնելու հանձնարարություններ, որոնց ամփոփ արդյունքները կներկայացվեն առաջիկայում, տեղեկացնում է Դատախազության մամուլի ծառայությունը: Սակայն նպատակ ունենալով պարզել արձանագրված խախտումները վերացված լինելու, ինչպես նաև համապատասխան իրավական ակտերով նախատեսված՝ կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների ապահովման պահանջների պատշաճ իրականացման հանգամանքները՝ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությունն անակնկալ ստուգումներ է նախաձեռնել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Դրանց ընթացքում պարզվել է, որ ՀՀ դատախազության ներկայացուցիչների կողմից նախորդ անգամ արձանագրված խախտումների և բացթողումների զգալի մասը վերացված է: Մասնավորապես չեն արձանագրվել պահվող անձանց խցերում քնելատեղերն առանց համապատասխան թույլտվության վարագուրապատելու, կերակրադռնակները ներսի կողմից կպչուն ժապավենով փակելու, այդպիսով ՔԿՀ ծառայողներին խցերում իրավիճակի, տեղաշարժերի դիտարկումն անհնարին դարձնելու երևույթներ։ Բացի այդ, լուծվել է նաև ՔԿՀ բնակելի խցերում անձանց գերբնակեցվածության խնդիրը: Չնայած ստուգման պահին առանձին խցերում եղել են նախատեսվածից ավելի թվով պահվող անձինք, սակայն պայմանավորված ՔԿՀ-ում սկսված վերանորոգման աշխատանքներով, այն կրել է ժամանակավոր բնույթ: Վերանորոգման միջոցով մասամբ լուծվում է նաև նախորդ ստուգմամբ արձանագրված՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սանիտարահիգիենիկ ոչ բարվոք վիճակը որոշակիորեն բարելավելու խնդիրը: Չնայած այս արդյունքներին՝ կրկնակի ստուգման ընթացքում արձանագրվել են այլ բնույթի թերություններ ու խախտումներ: Մասնավորապես՝ ստուգմամբ պարզվել է, որ կալանավորվածներին պահելու վայրի խցերում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ վերահսկողություն չի իրականացվում: Չի իրականացվում նաև պահվող անձանց տարեկան առնվազն մեկ անգամ բուժկանխարգելիչ հետազոտությունների ենթարկելու գործընթացը: ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի համապատասխան որոշմամբ պատժախուց փոխադրված կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ իրականացվում է ամենօրյա բժշկական հսկողություն և անհրաժեշտության դեպքում իրականացվում է մասնագիտական հետազոտություն: Մինչդեռ՝ ստուգմամբ պարզվել է, որ որոշակի ժամանակային կտրվածքներով ՔԿՀ-ի ԲՍԲ մասնագետների կողմից պատժախցերում անձանց այցելություններ չեն կատարվել: Ակնհայտ է, մինչդեռ, որ սահմանված այս պարտավորությունների կատարումն ուղղակի բխում է ՔԿՀ-ում պահվող անձանց առողջության պահպանման իրավունքից: ՔԿՀ-ում պահվող որոշ անձանց անձնական գործերի ուսումնասիրությամբ ի հայտ է բերվել, որ չնայած դրանցում առկա են առանձին դաժանությամբ կամ բռնությամբ կատարված հանցագործության մասին տեղեկություններ, սակայն նրանք հաշվառված չեն որպես ագրեսիվության, կոնֆլիկտայնության բացասական հակում ունեցող դատապարտյալներ: Մինչդեռ վերջինս անհրաժեշտ է նրանց հետ սոցիալական, հոգեբանական և իրավական համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար: Խախտումներ են արձանագրվել նաև դատապարտյալին ՔԿՀ տեխնիկատնտեսական սպասարկման մասի աշխատանքներում ներգրավվելու պահանջների, դատապարտյալների համար հաղորդակցության միջոցների, մասնավորապես փոստարկղերից և հեռախոսազանգից օգտվելու համապատասխան պայմանների և ընթացակարգերի պահպանման, պատժախցերում և կարանտինային բաժանմունքի խցերում կենցաղավարման համար նախատեսված անհրաժեշտ գույքով լիարժեք ապահովվածության, բաց և կիսաբաց ուղղիչ հիմնարկները կարանտինային բաժանմունքով ապահովելու հետ կապված: Արձանագրված խախտումներրը քննարկվել են ՔԿՀ-ի վարչակազմի հետ, որը պարտավորվել է սեղմ ժամկետներում վերացնել դրանք և արդյունքների մասին հայտնել ՀՀ դատախազությանը: Նմանատիպ այցելությունները քրեակատարողական հիմնարկներ, որոնք ուղղված են նաև կալանավորված անձանց, դատապարտյալների իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների ապահովման նկատմամբ դատախազական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը, շարունակվելու են՝ կրելով պարբերական և անակնկալ բնույթ: ՀՀ դատախազությունը հետևողականություն է ցուցաբերելու ՔԿՀ-ներում իր կողմից արձանագրված խնդիրների վերացման հարցում՝ ըստ արդյունքների ձեռնարկելով կոնկրետ իրավիճակից բխող դատախազական ներգործության համարժեք գործիքներ:
13:40 - 06 հունիսի, 2019
Մեղադրական դատավճիռ է կայացվել Ձյունաշող համայնքի ղեկավարի նկատմամբ

Մեղադրական դատավճիռ է կայացվել Ձյունաշող համայնքի ղեկավարի նկատմամբ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեղադրական դատավճռով ավարտվել է մատչելի գներով աշնանացան ցորենի սերմերի հատկացման պետական աջակցության ծրագրերի իրագործման ընթացքում Լոռու մարզի Ձյունաշող համայնքի ղեկավարի կողմից յուրացման եղանակով առաձնապես խոշոր չափերի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:  Մասնավորապես՝ դատաքննությամբ հիմնավորվել է, որ 2015թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի և Լոռու մարզպետարանի միջև կնքված փոխառության պայմանագրով մարզպետարանին է հանձնվել աշնանացան ցորենի սերմացու: Լոռու մարզի Ձյունաշող համայնքի ղեկավար Գ. Գ.-ն, նպատակ ունենալով յուրացման եղանակով հափշտակել համայնքի հողօգտագործողներին հատկացվելիք առանձնապես խոշոր չափերի աշնանացան ցորենի սերմացուն, 2015 թ. մարզպետարան է ներկայացրել 30.000 կգ աշնանացան ցորենի սերմացուի պահանջ: Անձամբ ստանալով համայնքի շահառուների համար նախատեսված 4.800.000 ՀՀ դրամ արժողությամբ 30.000 կգ աշնանացան ցորենի սերմացուն՝ նա պարտավորվել է մինչև 2016 թ. հոկտեմբերի 10-ը հետ վերադարձնել սերմացուի դիմաց գոյացած պարտքը: Սակայն հետագայում ստացած առանձնապես խոշոր չափերի՝ 4.368.000 ՀՀ դրամ արժողությամբ 27.300 կգ սերմացուն հողօգտագործողներին չի հատկացրել, այլ օգտագործել է սեփական կարիքները հոգալու և իր կողմից օգտագործվող հողերը մշակելու նպատակով: Այսինքն օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի աշնանացան ցորենի սերմացուն:  Այնուհետև, համայնքի ղեկավարը, գոյացած պարտավորությունը անձամբ չկատարելու շահադիտական դրդումներից ելնելով, 2015թ. համայնքապետարանի աշխատակցուհու միջոցով կազմել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ ցանկեր, որում կեղծ տեղեկություններ է ներառել համայնքի հողօգտագործողների կողմից աշնանացան ցորենի սերմացու ստանալու վերաբերյալ: Ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթի արժանահավատությունը հաստատելու նպատակով խնդրել է կնոջը նմանեցնելու եղանակով կեղծել ցանկերում ներառված շահառուների ստորագրությունները, որից հետո բովանդակությամբ կեղծ այդ փաստաթղթերը ներկայացրել է Լոռու մարզպետարան: Դրանց հիման վրա ՀՀ կառավարության որոշմամբ պարտքը ներելու միջոցով դադարեցվել են Լոռու մարզի Ձյունաշող համայնքի 4.800.000 ՀՀ դրամի պարտավորությունները:  Նկարագրված արարքները կատարելու համար Գ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։  Նախաքննության ընթացքում, ինչպես նաև դատաքննության ժամանակ Գ. Գ.-ն ամբողջությանբ հատուցել է պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի վնասը։  2019թ. մայիսի 30-ին կայացված դատավճռով Գ. Գ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված արարքներ կատարելու մեջ և վերջնարդյունքում դատապարտվել 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ 2 տարի ժամկետով զրկվելով տեղական ինքնակառավարման մարմիններում կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Գ. Գ.-ի նկատմամբ նշանակված հիմնական պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանվել է փորձաշրջան 2 տարի ժամկետով:  Գ. Գ.-ի նկատմամբ կիրառվել է համաներում, և նա ազատվել է հիմնական պատժի կրումից: Սակայն որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելու լրացուցիչ պատիժը մնացել է:
16:50 - 05 հունիսի, 2019
Երևանի մի քանի բենզալցակայաններում հայտնաբերված թերաչափման փաստերով քրեական գործեր են հարուցվել. դատախազություն

Երևանի մի քանի բենզալցակայաններում հայտնաբերված թերաչափման փաստերով քրեական գործեր են հարուցվել. դատախազություն

Երևանի դատախազությունն ուսումնասիրել է 2017-18 թվականնների ընթացքում Երևանում նավթամթերքի մանրածախ իրացմամբ զբաղվող տնտեսվարողների կողմից ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման, չափումների միասնականության ապահովման նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ոլորտը:Ըստ դատախազության, այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ են պահանջվել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնից և Պետական եկամուտների կոմիտեից:«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա նշված ժամանակահատվածում «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի ներկայացուցչի ներգրավմամբ Երևան քաղաքի տարբեր հասցեներում գործող բենզալցակայաններում 10 լիտր տարողությամբ չափանոթի միջոցով իրականացվել են չափումներ: Դրանց արդյունքում արձանագրվել է դիզելային վառելիքի, ԱԻ 92 և ԱԻ 95 դասերի բենզինի՝ մինչև 1000 գրամի բացասական շեղումներ: Պարզվել է, որ 2016-ի էկոնոմիկայի նախարարության Չափագիտության ազգային ինստիտուտ Չափագիտության ազգային մարմնի կողմից իրականացված՝ ավտոլիցքավորման աշտարակների ստուգաչափման արդյունքում այդ տնտեսվարող սուբյեկտներին տրվել է նավթամթերքի իրացմամբ զբաղվելու համապատասխան վկայականներ, որոնցում նշվել է, որ դրանք ուժի մեջ են կապարակնիքների առկայության դեպքում: Մինչդեռ պարզվել է, որ վարչական գործի վարույթում առկա չեն կապարակնիքների առկայության, բացակայության կամ դրանք վնասված լինելու մասին փաստաթղթեր», - ասված է հաղորդագրությունում։Դատախազությունը հաղորդում է, որ կատարված ուսումնասիրություններն ուղարկվել են Երևան քաղաքի համապատասխան վարչական շրջանների դատախազություններ, որոնց հանձնարարությամբ հետաքննության և նախաքննության մարմինների համապատասխան տարածքային ստորաբաժանումներում դրանց հիման վրա նախապատրաստվել են նյութեր:Արդյունքում մայրաքաղաքում գործող՝ նավթամթերքի մանրածախ իրացմամբ զբաղվող, անհատ ձեռներեցի կարգավիճակով գործող երեք տնտեսվարող սուբյեկտներում հայտնաբերված խախտումների և դրանց հետևանքով թերաչափելու, ապրանքի սպառողական հատկանիշների կամ որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելու փաստերով հարուցվել է 3 քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասի [Թերաչափելը, թերակշռելը, թերահաշվելը, ապրանքի (ծառայության) սպառողական հատկանիշների կամ որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելը կամ այլ ձևով խաբելը՝ ապրանքներ իրացնող կամ բնակչությանը ծառայություններ մատուցող կազմակերպություններում կամ անհատ ձեռնարկատերի կողմից առևտրի (ծառայությունների) ոլորտում, որը կատարվել է զգալի չափով] հատկանիշներով:
05:47 - 05 հունիսի, 2019
Երևանի մի քանի բենզալցակայաններում ստուգմամբ հայտնաբերված թերաչափման փաստերով քրեական գործեր են հարուցվել

Երևանի մի քանի բենզալցակայաններում ստուգմամբ հայտնաբերված թերաչափման փաստերով քրեական գործեր են հարուցվել

Պետական գույքային շահերի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակներում Երևան քաղաքի դատախազության կողմից ուսումնասիրության է ենթարկվել 2017-18թթ. ընթացքում Երևան քաղաքում նավթամթերքի մանրածախ իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների կողմից ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման, չափումների միասնականության ապահովման նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ոլորտը: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ են պահանջվել ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնից և ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:  Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա նշված ժամանակահատվածում «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի ներկայացուցչի ներգրավմամբ Երևան քաղաքի տարբեր հասցեներում գործող բենզալցակայաններում 10 լիտր տարողությամբ չափանոթի միջոցով իրականացվել են չափումներ: Դրանց արդյունքում արձանագրվել է դիզելային վառելիքի, ԱԻ 92 և ԱԻ 95 դասերի բենզինի՝ մինչև 1000 գրամի բացասական շեղումներ:  Պարզվել է, որ 2016թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարության Չափագիտության ազգային ինստիտուտ Չափագիտության ազգային մարմնի կողմից իրականացված՝ ավտոլիցքավորման աշտարակների ստուգաչափման արդյունքում այդ տնտեսվարող սուբյեկտներին տրվել է նավթամթերքի իրացմամբ զբաղվելու համապատասխան վկայականներ, որոնցում նշվել է, որ դրանք ուժի մեջ են կապարակնիքների առկայության դեպքում: Մինչդեռ պարզվել է, որ վարչական գործի վարույթում առկա չեն կապարակնիքների առկայության, բացակայության կամ դրանք վնասված լինելու մասին փաստաթղթեր։  Երևան քաղաքի դատախազությունում կատարված ուսումնասիրություններն ուղարկվել են Երևան քաղաքի համապատասխան վարչական շրջանների դատախազություններ, որոնց հանձնարարությամբ հետաքննության և նախաքննության մարմինների համապատասխան տարածքային ստորաբաժանումներում դրանց հիման վրա նախապատրաստվել են նյութեր: Արդյունքում մայրաքաղաքում գործող՝ նավթամթերքի մանրածախ իրացմամբ զբաղվող, անհատ ձեռներեցի կարգավիճակով գործող երեք տնտեսվարող սուբյեկտներում հայտնաբերված խախտումների և դրանց հետևանքով թերաչափելու, ապրանքի սպառողական հատկանիշների կամ որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելու փաստերով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում, ինչպես նաև ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է 3 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:  Քրեական գործերից 2-ի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն, 1-ը՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում։
15:17 - 04 հունիսի, 2019
«Դիլիջան Ազգային Պարկ»-ի տարածքում ապօրինի անտառահատումների  պատճառած վնասը կազմում է շուրջ 1.6մլրդ դրամ

«Դիլիջան Ազգային Պարկ»-ի տարածքում ապօրինի անտառահատումների պատճառած վնասը կազմում է շուրջ 1.6մլրդ դրամ

Ապօրինի անտառահատումների և այս ոլորտում անտառների պահպանության համար պատասսխանատվություն կրող պաշտոնատար անձանց ներգրավմամբ կատարվող կոռուպցիոն հանցավոր մեխանիզմներն արմատախիլ անելու, նման հանցագործություններ կատարած անձանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատականներ տալու և պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ իրավապահ մարմինների համագործակցված և արդյունավետ պայքարը շարունակվում է: Մասնավորապես «Դիլիջան Ազգային Պարկ»-ի տարածքում ապօրինի անտառահատումների բազմաթիվ դեպքերի բացահայտման արդյունքում բավարար ապացույցների հիման վրա տարատեսակ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել անտառային ֆոնդի պահպանության լիազորություններով օժտված 20 պաշտոնատար անձանց: Ինչպես բազմիցս տեղեկացվել է, «Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի 6-րդ պահաբաժնում ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ 2017թ. ապրիլի 18-ին ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որով նախաքննությունը հանձնարարվել էր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը: Նախաքննության շրջանակներում ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և քննչական մարմնի կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են 2016-2018թթ. ընթացքում «Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ապօրինի անտառահատումների բազմաթիվ այլ դեպքեր, որոնցով հարուցվել են քրեական գործեր և միացվել վերոնշյալ քրեական գործին: Քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական բազմածավալ միջոցառումների, դրանց նկատմամբ պատշաճ դատախազական հսկողության արդյունքում պարզվել է, որ նշված ապօրինի անտառահատումները տեղի են ունեցել «Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի ղեկավար անձնակազմի, անտառապետերի, անտառապահների կողմից՝ իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելու, ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի, անտառահատման դեպքերը բացահայտելու, սահմանված ընթացակարգերը, իրենց պարտականությունները պատշաճ չիրականացնելու միջոցով: Մասնավորապես ապօրինի ծառահատումներ կատարված լինելու պայմաններում կազմվել են անտառային ֆոնդի պահապատասխան պահաբաժինների ընդունման-հանձնման կեղծ արձանագրություններ, ինչպես նաև ապօրինի ծառահատումների փաստերը թաքցնելու նպատակով չեն արձանագրվել ապօրինի հատված ծառերի կոճղերը: «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառային տարածքներում իրականացված ապօրինի ծառահատումների, ինչպես նաև տվյալ անտառտնտեսության գործունեության ընթացքում պետական ծառայության դեմ ուղղված վերոնշյալ հանցագործությունները կատարելու համար որպես մեղադրյալ է ներգարվվել թվով 20 անձ, այդ թվում՝ անտառտնտեսության տնօրենի մեկ տեղակալ, 2 անտառապետ, տարբեր տեղամասերի 17 անտառապահ: Նրանց բոլորին առաջադրվել են մեղադրանքներ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծքիներ, պաշտոնեական անփութություն կատարելու համար: Պարզվել է, որ նշված սխեմատիկ կոռուպցիոն հանցավոր դրսևորումների, ապօրինի ծառահատումների արդյունքում պետությանը պատճառված վնասը կազմում է շուրջ 1.6 մլրդ դրամ:
10:48 - 04 հունիսի, 2019
«Մեղրի ազատ տնտեսական գոտու» հարակից տարածքները կեղծ աճուրդներով օտարելու համար մեղադրում է չորս անձ

«Մեղրի ազատ տնտեսական գոտու» հարակից տարածքները կեղծ աճուրդներով օտարելու համար մեղադրում է չորս անձ

Սյունիքի մարզի Կարճևան համայնքի «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ հարակից տարածքները ձևական աճուրդների միջոցով ապօրինի օտարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել 4 անձի: Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով 2019 թվականի փետրվարի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ի մասով հարուցվել էր քրեական գործ՝ Սյունիքի մարզի Կարճևան համայնքի «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ հարակից տարածքներն աճուրդների միջոցով ապօրինի օտարելու դեպքի առթիվ։ Նշված քրեական գործով նախաքննությունը 2019 թվականի փետրվարի 20-ից շարունակվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ համայնքի ղեկավարը համայնքի տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մտադրություն ունեցող՝ ՀՀ իշխանությունների անունից հանդես եկած անձի ցանկությունն ամեն գնով կատարելու նպատակով, հանդիսանալով համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքների օտարման աճուրդի կազմակերպիչ, առանց հրապարակային սակարկությունների վերաբերյալ օրենսդրական պահանջները պահպանելու և փաստացի աճուրդ կազմակերպելու, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի միջոցով կազմել և 2014թ. օգոստոսի 5-ին աճուրդի մասնակիցներ հանդիսացող ընկերության ներկայացուցչին և աճուրդը կայացված համարելու համար աճուրդին որպես երկրորդ անձ ձևականորեն մասնակող անձի ստորագրմանն է ներկայացրել աճուրդին մասնակցելու վերաբերյալ կեղծ հայտեր, հողամասն աճուրդով վաճառելու մասին արձանագրություններ: Արդյունքում «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ՝ առանց փաստացի աճուրդ կազմակերպելու, դրա արդյունքների վերաբերյալ կազմվել են կեղծ պաշտոնական փաստաթղթեր, որոնք հանձնելու միջոցով ՓԲԸ-ին օտարվել է շուրջ 32 հա համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքեր։Քննչական, օպերատիվ-հետախուզական բազմածավալ գործողությունների, դրանց նկատմամբ պատշաճ դատախազական հսկողության արդյունքում մեղադրանքներ են առաջադրվել Կարճևան համայնքի նախկին ղեկավարին և քարտուղարին՝ 2 դրվագ ՀՀ քրեական րենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՀՀ քրեական օրեսնգրքի 38-314-րդ հոդվածով մեղադրանքներ են առաջադրվել նաև աճուրդի մասնակից ընկերության ներկայացուցչին և աճուրդին որպես երկրորդ անձ ձևականորեն մասնակցող անձին:Ելնելով այն հանգամանքից, որ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է վերոգրյալ հողատարածքներն ապօրինի օտարվելու հանգամանքը՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից գրություն է ուղարկվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ սահմանված կարգով հիշյալ աճուրդների արդյունքներն առոչինչ ճանաչելու գործընթաց սկսելու համար:
07:36 - 03 հունիսի, 2019
2018թ. անչափահասների հանցավորության ցուցանիշը որոշակիորեն նվազել է

2018թ. անչափահասների հանցավորության ցուցանիշը որոշակիորեն նվազել է

ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ նախորդող տարվա համեմատ 2018թ. անչափահասների հանցավորության ցուցանիշը որոշակիորեն նվազել է (2019թ. ընթացիկ վիճակը ամփոփման փուլում է): Եթե 2017թ. արձանագրվել է անչափահասի կողմից կամ նրա մասնակցությամբ կատարված հանցագործության 403 դեպք, ապա 2018թ. արձանագրվել է նման 359 դեպք, այսինքն նվազումը եղել է 44 դեպքով կամ 12%-ով: 17-ով կամ 5%-ով նվազել է նաև հանցանք կատարած, իսկ 19.3%-ով՝ դատապարտված անչափահասների թիվը:  Չնայած այս դրական միտումներին՝ 2018թ. աճել են անչափահասների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված առանձին վտանգավոր հանցատեսակներով, մասնավորապես սպանության, առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու, ավազակության, կողոպուտի դեպքերը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ 2019թ. Դատախազության ծրագրային հիմնական խնդիրներից մեկը համարվել է անչափահասների կողմից կամ նրանց մասնակցությամբ հանցագործությունների կանխարգելմանը, անչափահասներին հանցավոր արարքներից զերծ պահելուն և այդ նպատակով շահագրգիռ իրավասու մարմինների հետ համագործակցությունն ակտիվացնելուն միտված միջոցառումների իրականացումը:  Այդ նպատակով նախորդ 5 ամիսների ընթացքում մարզերի, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների կողմից պլանավորվել և կազմակերպվել են դատախազների այցելություններ հանրակրթական ուսումնական հաստատություններ, որտեղ հանդիպումներ և քննարկումներ են կայացել աշակերտների, մանկավարժական կոլեկտիվների մասնացկությամբ:  Հանդիպումների ընթացքում աշակերտներին մատչելի բացատրվել է անչափահասներին իրավախախտման մղելուն նպաստող ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելուց զերծ մնալու անհրաժեշտությունը, ներկայացվել են դրանց քրեաիրավական հետևանքները: Խոսվել է անչափահասի կողմից ալկոհոլ և ծխախոտ գնելու արգելքի, դրանցից բխող անբարենպաստ հետևանքների առաջացման անխուսափելիության, ինչպես նաև դրանց վաճառքի համար նախատեսված պատասխանատվության մասին: Հանդիպումների ընթացքում դատախազներն աշակերտներին նաև իրազեկում են անչափահասներին քրեական պատասխանատվության ենթարկելու առանձնահատկությունների, նրանց իրավունքների պաշտպանության երաշխիքների մասին:  Ուսհաստատությունների մանկավարժների հետ հանդիպումներում շեշտը դրվում է անձնային հատկանիշների, դաստիարակության և զարգացման սոցիալական, ընտանեկան, կրթական առանձնահատկությունների հաշվառմամբ երեխաներին հանցավորության մղող գործոնների նկատմամբ հսկողությունը չթուլացնելու վրա: Հատուկ ուշադրություն է հրավիրվում ծնողների անմիջական մասնակցությամբ սոցիալական ցանցերից անչափահասների օգտվելու նվազագույն կանոնների պահպանման անհրաժեշտությանը՝ հատկապես անծանոթ անձանց հետ նամակագրական կապի մեջ մտնելու, անչափահասների ներգրավմամբ գայթակղիչ աշխատանք և նույնաբնույթ այլ առաջարկներ ընդունելու, անչափահասների գիտակցության և վարքագծի վրա ազդող հանցածին տեղեկատվության վտանգների տեսանկյունից: Առաջարկվում է լուրջ հսկողություն սահմանել շեղվող վարքագիծ դրսևորող, դասերից պարբերաբար և առանց հարգելի պատճառների բացակայող աշակերտների նկատմամբ:  Դատախազության տարածքային ստորաբաժանումների մասնակցությամբ կամ անմիջական նախաձեռնությամբ հանդիպումներ են կազմակերպվում նաև շահագրգիռ այլ կառույցների՝ Ոստիկանության ստորաբաժանումների անչափահասների գծով ծառայության աշխատակիցների, տեղական ինքնակառավարման մարմիններում գործող խնամակալության և հոգաբարձության մարմինների, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների, ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների հետ: Դրանց ընթացքում դատախազների կողմից նախանշվում են այս օղակների միջև համագործակցության կոնկրետ խնդիրներն ու ուղղությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով խոցելի և անբերանպաստ պայմաններում, անհաշտ ընտանիքներում ապրող, հակաիրավական վարքագիծ դրսևորող և հանցավոր ենթամշակույթների կանոններին հարող անչափահասների, նրանց ընտանիքի անդամների հետ անհատական աշխատանքներին:  Բացի վերոնշյալը, ՀՀ դատախազությունը նաև որդեգրել է առանձին ուղղություններով անչափահասների առնչությամբ քրեական քաղաքականությունը վերանայելու ուղեգիծ: Մասնավորապես, դատախազության կողմից խստացվել է անչափահասի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացնելու քրեադատավարական պրակտիկան: Դատախազներին հանձնարարվել է անչափահաս մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը լուծելիս առաջնահերթ քննարկել «հսկողության հանձնել» խափանման միջոցը կիրառելու հարցը: Համաձայն նոր քաղաքականության՝ առաջին անգամ միջին ծանրության և ծանր հանցագործություն կատարած անչափահասների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կարող է ընտրվել բացառապես այն դեպքերում, երբ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները փաստում են մեղադրյալի կողմից ազատության մեջ մնալու հետ կապված խափանման միջոցների պայմանները խախտելու մասին: Այս մոտեցման արդյունքում գործնականում գրեթե բացառվել են անչափահասների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դեպքերը:  Դատախազության նախաձեռնությամբ հանցագործություն կատարած անչափահասների նկատմամբ պատժողական քաղաքականությունը փոխվում է դեպի ազատազրկման ձևով պատժի նվազեցումը, հանցանք կատարած անչափահասներին ուղղելու առավել արդյունավետ քրեաիրավական գործիքակազմի կիրառումը: Մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է, որպեսզի անչափահասների նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքերում դատախազները հատուկ ուշադրություն դարձնեն նրանց ուղղմանը նպաստող լրացուցիչ պարտականությունների սահմանմանը, պատժի փոխարեն քրեաիրավական ներգործության այլ՝ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառմանը:  2019թ. ընթացքում ՀՀ դատախազությունը շարունակում է նշված ուղղություններով քրեաիրավական պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործունեությունը:
13:28 - 01 հունիսի, 2019
Կաշառք ստանալու և դրան օժանդակելու կասկածանքով ձերբակալվել են Գյումրու քաղաքապետարանի բաժնի պետը և աշխատակից

Կաշառք ստանալու և դրան օժանդակելու կասկածանքով ձերբակալվել են Գյումրու քաղաքապետարանի բաժնի պետը և աշխատակից

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռք բերված հիմնավոր տեղեկությունների հիման ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնի կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ի հայտ եկել Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ապօրինի շինարարությունը չարձանագրելու դիմաց կաշառք վերցնելու և դրան օժանդակելու վերաբերյալ: Ինչպես հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, այդ առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի բաժնի պետ Մ. Ա.-ն, ով ի պաշտոնե օժտված է օրենքով սահմանված դեպքում և կարգով ապօրինի հողօգտագործումները կանխարգելելու, կասեցնելու և վերահսկելու աշխատանքները վերահսկելու, ինքնակամ շինարարությունը կանխարգելելու, կասեցնելու և օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքների վերացումն ապահովելու լիազորություններով, Գյումրի քաղաքի շենքերից մեկի բնակարանում ապօրինի շինարարություն կատարելու հանգամանքը պարզելուց հետո, իրավախախտումը չարձանագրելու պատրվակով բնակարանի սեփականատիրոջից պահանջել ու Գյումրու համայնքապետարանի նույն բաժնի աշխատակից Ս. Ղ.-ի օժանդակությամբ 2019թ. մարտի 24-ին ստացել է զգալի չափերի կաշառք: Արդյունքում դրսևորելով ակնհայտ ապօրինի անգործություն՝ բաժնի պետը չի արձանագրել վերը նշված իրավախախտումը:Նշված դեպքի առթիվ 2019թ. մայիսի 31-ին Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով և 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա նույն օրը Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից ձերբակալվել է Մ. Ա.-ն, իսկ 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով՝ նաև Ս. Ղ.-ն: Քրեական գործը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ անհապաղ ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:
09:05 - 31 մայիսի, 2019
Ջրօգտագործող ընկերությունները պետությանը մոտ 3 մլրդ դրամի վնաս են պատճառել

Ջրօգտագործող ընկերությունները պետությանը մոտ 3 մլրդ դրամի վնաս են պատճառել

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ տարածքում առանձին իրավաբանական անձանց կարգավիճակներով գործող, շահույթ չհետապնդող ջրօգտագործող ընկերությունների գործունեության ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ տարիներ շարունակ ՋՕԸ-ների մասնակցությամբ ձևավորվել և գործել են չարաշահումների կոռուպցիոն սխեմաներ, որոնց միջոցով կեղծվել են ջրօգտագործման մատուցման ծառայությունների, մատակարարված ջրաքանակի, կրած վնասների տվյալները, յուրացվել պետական բյուջեից ստացված սուբսիդավորման գումարները: Ջրօգտագործող ընկերությունների գործունեության ոլորտում արձանագրված չարաշահումների՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու (ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մաս), ինչպես նաև ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական անփութության (315-րդ հոդվածի 2-րդ մաս) վերաբերյալ 2018-2019 թվականների ընթացքում հարուցվել է 11 քրեական գործ:Վերջիններիս ուսումնասիրությունը փաստում է, որ 2016-2018թթ. ընթացքում ինչպես միասնական, այնպես էլ առանձին իրավաբանական անձանց կարգավիճակներով գործող, շահույթ չհետապնդող մի քանի ՋՕԸ-ների տնօրենները, օգտվելով ՀՀ ԷԵԲՊ նախարարության ջրային կոմիտեի իրավասու աշխատակիցների կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու, ապօրինի ջրամատակարարման և ջրօգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հանգամանքից, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, խախտել են բաժանորդների հետ կնքված 2016-2018թթ. ընթացքում ջրամատակարարման ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրերի ելակետային պահանջները: Առանց ջրաչափեր տեղադրելու՝ մատակարարված ջրի ծավալները խորանարդ մետրով գրանցելու փոխարեն գրացել են հեկտարներով:Դրանով նրանք բաժանորդներին փաստացի զրկել են մատակարարված ոռոգելի ջրի ծավալները վերահսկելու հնարավորությունից, կատարել են հավելագրումեր, որից հետո այդ տվյալները ներառելով էլեկտրոնային մատյաններում իբրև մատակարարված ջրի, ծառայությունների և բաժանորդներից գանձվող գումարային պարտքերի տվյալներ, փաստացի ուռճացրել են մատուցված ծառայությունների ծավալները:Այնուհետև, վերը նշված արհեստական եղանակով գոյացած ջրօգտագործողների պարտքերը մարելու և կարկտահարումների հետևանքով առաջացած վնասները վերականգնելու համար, 2016-2017թթ. ՀՀ բյուջեից սուբսիդավորված, ընկերությունների հաշվեկշռին մուտքագրված ֆինանսական միջոցները հաշվապահորեն ձևակերպել են որպես բաժանորդների անվամբ կուտակված պարտքերի մարում: Միևնույն ժամանակ նրանք վարձակալության և տարաբնույթ ծառայությունների ձեռք բերման վերաբերյալ ձևական պայմանագրեր են կնքել, որոնցով նախատեսված ծառայությունները մատուցվել են ոչ ամբողջ ծավալներով կամ ընդհանրապես չեն մատուցվել: Բացի այդ, քաղաքացիների՝ ՀՀ-ից բացակայելու պայմաններում, կեղծ աշխատանքային պայմանագրեր կազմելու եղանակով, նրանց հրամանագրել են որպես ջրբաշխներ և նրանց փաստացի չկատարած աշխատանքի դիմաց դուրս գրված, առանձնապես խոշոր չափերի գումարները յուրացրել են:Այս չարաշահումների դեպքերով նախաքննության ընթացքում կատարված նախնական հաշվարկով պատճառված վնասը կազմել է 2 մլրդ 857մլն ՀՀ դրամ։Արձանագրված չարաշահումների դեպքերով հարուցված քրեական գործերը վերաբերում են Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերում գործող առանձին ջրօգտագործող ընկերությունների գործունեությանը:Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, պատճառված վնասի չափը հստակեցնելու և պատասխանատու անձանց պարզելու ուղղությամբ։
06:27 - 31 մայիսի, 2019
ԲԷՑ-ում տարիներով գործել են հստակ մշակված կոռուպցիոն մեխանիզմներ, որոնցով ահռելի չափերի միջոցներ են հափշտակվել

ԲԷՑ-ում տարիներով գործել են հստակ մշակված կոռուպցիոն մեխանիզմներ, որոնցով ահռելի չափերի միջոցներ են հափշտակվել

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ իրավասու մարմինների վարույթներում «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր ՓԲԸ-ում արձանագրված խախտումների և չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը։ Ուսումնասիրությամբ փաստվել է, որ նշված ոլորտում ևս տարիներ շարունակ գործել է կազմակերպված կոռուպցիոն սխեմա: Մասնավորապես քննվող քրեական գործերի նյութերի համադրված վերլուծությունից պարզ է դառնում, որ «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի պաշտոնատար անձինք, կապալային աշխատանքների կատարման վերաբերյալ կնքված պայմանագրերով նախատեսված գումարները հափշտակելու դիտավորությամբ, չիրականացված աշխատանքների ծավալների հավելագրումներ են կատարել: Իսկ ընկերության աշխատակիցների կողմից կազմվել և ստորագրվել են աշխատանքներն ամբողջ ծավալով կատարված լինելու վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր: Այս սխեմայով հափշտակվել են առանձնապես խոշոր չափերով գումարներ: Պարզվել է նաև, որ ՓԲԸ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահված՝ ՓԲԸ-ին պատկանող առանձնապես խոշոր չափի նյութական և ֆինանսական միջոցները, իսկ ՓԲԸ ծառայողների կողմից գնումների կազմակերպման և անցկացման գործընթացում շահագրգռվածություն ցուցաբերելու արդյունքում պայմանագրային աշխատանքների կատարման գործընթացում կատարվել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն:Բացի այդ, ՓԲԸ-ի տարբեր հաստիքներում աշխատանքի են ընդունվել տնօրենի մտերիմ անձինք՝ ովքեր տևական ժամանակ տնօրենի գիտությամբ և թողտվությամբ չեն հաճախել աշխատանքի, չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, սակայն դրա դիմաց ստացել են առանձնապես խոշոր չափերի աշխատավարձ: Այս մեխանիզմով ևս վատնման եղանակով «ԲԷՑ» ՓԲԸ-ից հափշտակվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ։Վերոնշյալ կոռուպցիոն կազմակերպված սխեմաներով «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում արձանագրված խախտումների և չարաշահումների հանցագործության դեպքերով 2018-2019թթ. ընթացքում ՀՀ դատախազության, ՀՀ իրավասու այլ մարմինների վարույթում հարուցվել և քննվում է ընդհանուրը 7 քրեական գործ: Դրանք հարուցվել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), կեղծիքների (ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդված), առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու (ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդված) և պաշտոնեական անփութության (ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդված) հատկանիշներով:Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ նշված քրեական գործերով նախնական հաշվարկով պատճառված վնասը կազմել է մոտ 1մլրդ 109մլն ՀՀ դրամ, որից նախաքննության ընթացքում արդեն վերականգնվել է 20 մլն-ը:Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: Դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման ներքո ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ քրեական գործերով լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, պատճառված վնասի չափը հստակեցնելու, պատասխանատու անձանց պարզելու և գործադրված կոռուպցիոն մեխանիզմներն ամբողջության մեջ լիարժեք բացահայտելու ուղղությամբ։
09:24 - 30 մայիսի, 2019
Աբովյանի համայնքապետարանի կողմից թույլ տված խախտումների փաստով քրգործ է հարուցվել

Աբովյանի համայնքապետարանի կողմից թույլ տված խախտումների փաստով քրգործ է հարուցվել

Աբովյանի համայնքապետարանի կողմից 2019 թվականի մարտի 7-ին կայացրած թվով 67 միավոր համայնքային սեփականության բնակավայրի նպատակային նշանակության հողամասերի դասական աճուրդի գործընթացում թույլ տրված իրավախախտումների վերաբերյալ Կոտայքի մարզպետի հաղորդման հիման վրա ՀՀ Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառով: Մերժվել է նաև նույն գործով մարզպետի կողմից Կոտայքի մարզի դատախազին բերված բողոքը: Կոտայքի մարզպետարանը գտել է, որ ինչպես հետաքննության մարմնի, այնպես էլ ՀՀ Կոտայքի մարզի դատախազի կայացրած որոշումներն անօրինական են: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կայացրած որոշումներով սպառիչ պատասխաններ չեն տրվել հաղորդմամբ նշված իրավախախտումների, դրանց արդյունքում ենթադրյալ արարքներ թույլ տված պաշտոնատար անձանց գործողությունների և առաջացրած հետևանքների վերաբերյալ՝ Կոտայքի մարզպետը հարցը կրկին քննարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին: ՀՀ գլխավոր դատախազի կողմից 2019 թվականի մայիսի 27-ին որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի հետաքննության բաժանմունքի՝ 2019 թվականի ապրիլի 1-ի քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու և ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով /պաշտոնեական լիազորությունների չարաշահում/ քրեական գործ հարուցելու մասին:
15:15 - 29 մայիսի, 2019
Գլխավոր դատախազը դեմ չէ, որպեսզի վեթինգ իրականացվի նաև իր ղեկավարած կառույցում |azatutyun.am|

Գլխավոր դատախազը դեմ չէ, որպեսզի վեթինգ իրականացվի նաև իր ղեկավարած կառույցում |azatutyun.am|

azatutyun.am։ Գլխավոր դատախազության ղեկավարը դեմ չէ, որպեսզի վեթինգ իրականացվի նաև այդ կառույցում։ Գլխավոր դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանը տեղեկացրեց. - «Օրենքի նախագիծը մշակելիս ինքներս ենք առաջարկելու նաև դատախազների, և ոչ միայն, բոլո՛ր իրավապահ մարմինների ու հանրային ծառայության մեջ ընդգրկված պաշտոնյաների վեթինգը»։Երեկ ուժային կառույցների ղեկավարները դեմ չէին, որպեսզի վեթինգ իրականացվի Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) և Ոստիկանությունում։ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում երեկ ասաց՝ վեթինգի պետք է ենթարկվեն բոլորը, անհրաժեշտության դեպքում՝ անձամբ ինքը: Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ևս խնդիր չի տեսնում, որպեսզի նաև Ոստիկանությունում վեթինգ իրականացվի, ասաց՝ ինքը «բացարձակապես» մտավախություն չունի։Մայիսի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հրավիրած խորհրդակցությունում հայտարարեց, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը։ Նախատեսվող քայլերի թվում առաջինը նա նշեց՝ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն այսպես կոչված վեթինգի:
11:56 - 29 մայիսի, 2019
ՀՀ զինվորական դատախազության ուսումնասիրություններով բացահայտվել է պետությանը պատճառված 8մլրդ 672 մլն դրամի վնաս

ՀՀ զինվորական դատախազության ուսումնասիրություններով բացահայտվել է պետությանը պատճառված 8մլրդ 672 մլն դրամի վնաս

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում ամփոփվել են պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում 2019թ․ առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության համապատասխան բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների իրականացված աշխատանքների արդյունքները։ Համաձայն այդ կապակցությամբ հրավիրված օպերատիվ խորհրդակցության ընթացքում ներկայացված ցուցանիշների՝ առաջին եռամսյակի ընթացքում իրականացվել է 78 ուսումնասիրություն, որոնց արդյունքում հայտնաբերվել է 41 խախտում: Նկատի ունենալով, որ հայտնաբերված խախտումներից 22-ի դեպքում ի հայտ են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, քրեադատավարական կարգով դրանցով նախապատրաստվել են նյութեր, որոնցից 8-ով հարուցվել են քրեական գործեր: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, որոնք հիմնականում վերաբերում են նախորդող ժամանակահատվածներում ՀՀ ՊՆ կարիքների համար նյութական միջոցների գնման, գույքի օտարման և զինծառայողների սոցիալական ապահովության բնագավառներում թույլ տրված առերևույթ չարաշահումներին, արձանագրվել է պետությանը պատճառված 8․672․914․000 ՀՀ դրամ վնաս։ Համեմատության համար նշենք, որ 2018թ. նույն ժամանակահատվածում կատարված ուսումնասիրություններով արձանագրված՝ պետությանը պատճառված վնասը կազմել է 203.324.237 ՀՀ դրամ, այսինքն մոտ 42 անգամ պակաս այս տարվա առաջին եռամսյակի արդյունքների համեմատ:Պետությանը պատճառված վնասից առայժմ վերականգնվել է 2.488.316 դրամ, մյուս մասի վերականգնման ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում հարուցված քրեական գործերի նախաքննության շրջանակներում: Բայցի այդ, պատճառված վնասը վերականգնելուն ուղղված գործադրվում են նաև դատախազական ներգործության միջոցներ: Մասնավորապես՝ ելնելով ուսումնասիրությունների արդյունքներից՝ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում դատարան է ներկայացվել 1 հայցադիմում, իսկ զինվորական դատախազության ստորաբաժանումների կողմից ՊՆ զորամասերի համապատասխան պաշտոնատար անձանց տրվել են պատճառված վնասը կամովին վերականգնելուն ուղղված 9 նախազգուշացումներ: Բացի այդ, արձանագրված խախտումների կատարմանը, հանցավոր դրսևորումներին նպաստող պայմաններն ու պատճառները վերացնելու նպատակով ՀՀ զինվորական դատախազության կողմից ՊՆ և տարբեր զորամասերի համապատասխան ստորաբաժանումներին ներկայացվել է 8 հաղորդում:Եռամսյակային արդյունքների ամփոփմանը նվիրված օպերատիվ խորհրդակցության ընթացքում ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանի կողմից տրվել են պաշտպանության ոլորտում պետական շահերի պաշտպանությանը, արձանագրված խախտումները, դրանց պատճառներն ու հետևանքները վերացնելուն ուղղված դատախազական գործառույթները կոնկրետ ուղղություններով առավել ակտիվացնելու հանձնարարականներ։
09:28 - 29 մայիսի, 2019