ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Փակ են լինելու Երևանի կենտրոնական մի քանի փողոցներ․ ՃՈ

Փակ են լինելու Երևանի կենտրոնական մի քանի փողոցներ․ ՃՈ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին Երևանի Ստեփան Շահումյան հրապարակում կայանալիք միջոցառման կապակցությամբ՝ ժամը 16․00-ից մինչև 24․00-ն արգելվելու է երթևեկությունը Ստեփան Շահումյան հրապարակ տանող բոլոր փողոցներում՝ Մաշտոց-Խորենացի խաչմերուկից մինչև Խորնեցի-Ագաթանգեղոս խաչմերուկ հատվածում, Վազգեն Սարգսյան փողոցներում՝ Հանրապետության հրապարակից դեպի Ստեփան Շահումյան հրապարակ, Իտալիայի փողոցում՝ Գրիգոր Լուսավորիչ-Իտալիա փողոցների խաչմերուկից մինչև Ստեփան Շահումյան հրապարակ։ Ոստիկանությունը հայտնում է  նաև, որ հուլիսի 13-ին Երևանի Զաքյան փողոցում կայանալիք «Երևանի գատրո օր» միջոցառման կապակցությամբ՝ հուլիսի 12-ին ժամը 22․00-ից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Զաքյան փողոցում՝ Զաքյան-Խորենացի խաչմերուկից մինչև Զաքյան-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկ, իսկ ժամը 24․00-ից մինչև հուլիսի 14-ը՝ ժամը 8․00-ը, Զաքյան փողոցի հիշյալ հատվածներում արգելվելու է երթևեկությունը։  
17:37 - 12 հուլիսի, 2019
Իրավաչափ էին, մանրամասներին ծանոթ չեմ․ հասարակական խորհրդի անդամները՝ Աննա Շահնազարյանին բերման ենթարկելու մասին

Իրավաչափ էին, մանրամասներին ծանոթ չեմ․ հասարակական խորհրդի անդամները՝ Աննա Շահնազարյանին բերման ենթարկելու մասին

Հուլիսի 6-ին, ժամը 21։00-ի սահմաններում «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանը Երեւանում Ամուլսարի պաշտպանության համար դրամահավաք իրականացնելիս բերման է ենթարկվել ոստիկանների կողմից։ Ավելի ուշ ոստիկանությունը պարզաբանում էր տարածել կատարվածի վերաբերյալ։ «Քաղաքացին ոստիկաններին չի ներկայացրել նման գործունեություն ծավալելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ կամ թույլտվություն, ուստի խարդախության կասկածանքով ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին։ Համապատասխան ստուգումներից և անհարժեշտ պարզաբանումներից հետո Աննա Շահնազարյանը բաց է թողնվել»,- մասնավորապես ասված է պարզաբանման մեջ։ ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը, արձագանքելով մեր հարցին, թե որքանո՞վ էին օրինաչափ ոստիկանության գործողությունները, նշեց, որ դեպքի մանրամասներից տեղյակ չէ։ «Իմացա, որ երկար չեն պահել, բաց են թողել։ Նախկինում, երբ ավագանի էի, նման դեպքերով դիմում էին քաղաքացիները, և նման դրամահավաքությունը պետք է քաղաքապետարանից թույլտվություն ունենա։ Այդ դեպքի հետ կապված, չգիտեմ թույլտվություն եղել է, թե ոչ, դրա ստուգման վերահսկողական մեխանիզմենրով կարծես ոստիկանությունն ու թաղապետարանն են զբաղվում։ Այդքանը կարող եմ ասել, այլ մեկնաբանություն չեմ կարող տալ»,- ասաց նա։ ՀՀ ոստիկանապետին կից հասարակական խորհրդի մեկ այլ անդամ՝ Դավիթ Պեդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ոստիկանների գործողություններն իրավաչափ են եղել։ «Որքան գիտեմ, պետք է համապատասխան թույլտվություն լիներ դրամահավաքության։ Այս դեպքում, ճիշտ է մենք գործ ունենք ոչ խարդախ մարդու հետ, ով հայտնի է բնապահպանական գործունեությամբ, բայց նույն հավանականությամբ կարող է այլ խարդախ մարդու հանդիպեինք։ Վերջին շրջանում մի քանի դեպք եղել է՝ ապրիլյան պատերազմի մասնակիցների համար են դրամահավաք արել, հիվանդ երեխաների և այլն։ Պարզվել է, որ դա խարդախություն է։ Այս պարագայում ոստիկաններն ամենայն հավանականությամբ չեն ճանաչել։ Իսկ եթե խոսում ենք օրենքով, ապա առանց համապատասխան թույլտվության ցանկացած գործունեություն իրականացնող մարդուն բերման ենթարկեն և պարզեն միջադեպի հանգամանքները։ Կարծում եմ՝ իրավաչափ են գործել ոստիկանները։ Նույն հաջողությամբ իրենց գործունեությունը կարող էր նպաստել ինչ-որ խարդախության կանխմանը»,- մասնավորապես ասաց նա։ Հասարակական խորհրդի այլ անդամների հետ ևս փորձեցինք կապվել․ Արամ Մանուկյանը, Ժաննա Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասացին, որ մանրամասներին ծանոթ չեն և չեն կարող դիրքորոշում հայտնել։ Իսկ Ռաֆայել Աֆրիկյանը, ով ևս ՀՀ ոստիկանապետին կից հանրային խորհրդի անդամ է, նշեց, որ, լինելով պետական աշխատող, չի կարող անհատապես մեկնաբանել կամ խորհրդի անունից դիրքորոշում հայտնել։ Նա նաև ավելացրեց, որ նմանատիպ թեմաները խորհրդի կազմում պարտադիր կերպով քննարկվում են։  Երևանի «Իմ Քայլը» ավագանու անդամ Վահե Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ քաղաքապետարանը չունի դրամահավաքի համար թույլտվություն տալու որևէ իրավասություն կամ գործառույթ։ «Ոստիկանությունը ակնհայտորեն դիտավորյալ ապօրինություն կամ ոչ կոմպետենտություն է դրսևորել: Աննա Շահնազարյանին անօրինական բերման ենթարկելուց բացի քաղաքապետարանին նաև ներքաշել է այդ աբսուրդ պրոցեսի մեջ»,- ասել է նա։ Թեմային անդրադարձել է նաև ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ, եթե նախաձեռնությունը ճանաչված է, քաղաքացիները վստահում են ու պատրաստ են իրենց դրամն ինքնակամ նվիրաբերել, ու դա արվում է հրապարակային միջոցառման ժամանակ, ապա որևէ խնդիր այդտեղ չի տեսնում։ «Ես չեմ պատկերացնում, թե ի՞նչ խարդախություն կարող է այդտեղ լինել ու ի՞նչ փաստաթղթեր ու թույլտվություններ են պետք ներկայացնել և ո՞ւմ: Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բազմիցս իրականացրել է հանրային դրամահավաքներ ու երբևէ դրա մասին իրազեկում չի արվել քաղաքապետարան կամ այլ տեղ: Ուղղակի տարակուսում եմ, թե ինչո՞ւ ոստիկանությունում այս հանրահայտ իրողությունը ընկալելի չէ և ինչո՞ւ են քաղաքացիները տարվում ու պահվում օրենքով չարգելված գործունեության համար: Հուսամ՝ նման անհիմն խոչընդոտներ այլևս չեն լինի»,- գրել է պատգամավորը։ Նշենք, որ Աննա Շահնազարյանը հայտնել էր, որ բերման ենթարկելիս Ոստիկանության ծառայողները չեն ներկայացրել իրեն արգելանքի վերցնելու, այն է՝ ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները, իր դատավարական կարգավիճակը, դրանից բխող իրավունքները: Աննա Շահնազարյանի պնդմամբ՝ Ոստիկանությունն այս գործողություններով խոչընդոտել է իր հասարակական գործունեությանը: Այդ առիթով ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ձեռք բերված բոլոր տեղեկություններն, այդ թվում՝ Աննա Շահնազարյանի գրավոր բողոքի հանգամանքներն ամփոփվել են պաշտպանի աշխատակազմում: Բարձրացված հարցերի կապակցությամբ համապատասխան պարզաբանումների պահանջով ու կոնկրետ հարցադրումներով գրություն է հասցեագրվել ՀՀ ոստիկանություն: «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը, ըստ նախատեսվածի, շարունակում է դրամահավաք իրականացնել Ամուլսարի պահապանների համար։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Աննա Շահնազարյանը։ «Երեկ ևս դրամահավաք ենք իրականացրել Օպերայի տարածքում։ Ոստիկանների կողմից այս անգամ որևէ գործողություն չի եղել։ Երեկ դրամահավաքի ընթացքում հավաքվել է 39340 դրամ։ Դրամահավաքը շարունակվելու է մինչև հուլիսի 10-ը»,- ասաց նա։ Աստղիկ Գաուդյան
07:56 - 09 հուլիսի, 2019
ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում և մարզերում․ հայտնաբերվել է 81 ոչ սթափ վարորդ

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում և մարզերում․ հայտնաբերվել է 81 ոչ սթափ վարորդ

Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները հուլիսի 1-ից 7-ը ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 159 տրանսպորտային միջոց։ Դրանցից 17-ի վարորդները ալկոհոլի ազդեցության տակ են եղել, երկու մեքենայի վրա, առանց համապատասխան թույլտվության, տեղադրված է եղել հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորում, մյուսների վարորդները կա՛մ չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, կա՛մ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է դիմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործված 23 մեքենա, որոնցից 12-ի վարորդները իրավախախտումը վերացրել են տեղում՝ պոկելով դիմապակու թաղանթը։ Հուլիսի 1-ից 7-ը մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները։ Նրանք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 97 տրանսպորտային միջոց։ 63 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 18-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1-ը՝ առանց համարանիշերի։ Հայտնաբերվել է դիմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործված 102 տրանսպորտային միջոց, որոնցից 16-ի վարորդները տեղում պոկել են դիմապակու թաղանթը։ Երեք վարորդ տուգանվել է երթևեկության ընթացքում տրանսպորտային միջոցից տարբեր իրեր և առարկաներ փողոց նետելու համար։ Ուժեղացված ծառայությունները շարունակվում են։
14:42 - 08 հուլիսի, 2019
Եթե կանայք ենթարկվում են բռնության, ապա մեղավորներին հայտնաբերելու համար պետք է ոստիկանությանը տեղեկություններ տրամադրվեն. պարզաբանում՝ բռնության վերաբերյալ հրապարակումների մասին

Եթե կանայք ենթարկվում են բռնության, ապա մեղավորներին հայտնաբերելու համար պետք է ոստիկանությանը տեղեկություններ տրամադրվեն. պարզաբանում՝ բռնության վերաբերյալ հրապարակումների մասին

Ոստիկանությունը կանանց հանդեպ բռնության վերաբերյալ համացանցում տարածված հրապարակումների վերաբերյալ նման պարզաբանման է հանդես եկել. «Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ ոստիկանությունը բազմաթիվ անգամներ պարզաբանել է, որ ՀՀ քրեական դատավարության մասին օրենսգրքով սահմանված կարգով, հանցագործության մասին հաղորդումը ստուգելու և ընթացք տալու համար անհրաժեշտ է, որ դրանք ոստիկանությունում ստացվեն ՀՀ քրեական դատավարության մասին օրենսգրքի 176-րդ հովածով նախատեսված աղբյուրներից, մասնավորապես՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց ոստիկանությանը ուղղված հաղորդումներից, լրատվության միջոցներով հրապարակված հացագործության մասին հաղորդումներից:Որպես հանցագործության մասին հաղորդում գնահատական և ընթացք է տրվում այն տեղեկություններին, որոնք ունեն որոշակի կոնկրետություն, նախնական տեղեկության հիման վրա հնարավոր է եզրահանգում անել կատարված հանցագործության վերաբերյալ՝ վայրի, եղանակի, ժամանակի կամ այն կատարած անձանց մասին: Վերացական բնույթի հաղորդումները ոստիկանությունյունը ստուգելու պարտականություն չունի, քանի դեռ օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների գործունեության ընթացքում դրանք չեն «հարստացվում» այն աստիճանի, որ հիմքեր կտան հանցագործության մասին կոնկրետ տվյալների ստացման վերաբերյալ:Ոչ մի օգտատիրոջ ինտերնետային էջ լրատվամիջոց չի հանդիսանում և դրանցում հրապարակված տեղեկությունները՝ ՀՀ քրեական դատավարության մասին օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված աղբյուրների հանցագործության մասին հաղորդում չի հանդիսանում:Եթե կանայք ենթարկվում են բռնության, ապա մեղավոր անձանց հայտնաբերելու և նրանց պատասխանատվության հարցը լուծելու համար անհրաժեշտ է, որ նրանք բանավոր կամ գրավոր ոստիկանությանը տեղեկություններ տրամադրեն հանցագործության դեպքի հանգամանքների վերաբերյալ: Ոստիկանությունը չէր կաշկանդվի հանցագործության մասին հաղորդումների բացակայությունից, եթե օպերատիվ ճանապարհով ստացված լինեին կատարված սեռական բնույթի հանցագործությունների մասին բավարար տեղեկություններ: Ցավոք սրտի, նման տեղեկություններին բնորոշ է լատենտայնությունը, որը կարող է հաղթահարվել մի դեպքում՝ եթե տուժած անձինքն սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում ներկայացնեն ոստիկանություն»:
11:46 - 06 հուլիսի, 2019
Անհանդուրժողականություն է պետք ցուցաբերել կոռուպցիոն ցանկացած երևույթի նկատմամբ. Վալերիյ Օսիպյան

Անհանդուրժողականություն է պետք ցուցաբերել կոռուպցիոն ցանկացած երևույթի նկատմամբ. Վալերիյ Օսիպյան

Հունիսի 29-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժամնումների ղեկավար կազմի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:Վալերիյ Օսիպյանը նախ անդրադարձել է մայրաքաղաքում գիշերային ժամերին իրականացվող ուժեղացված ծառայություններին, շեշտել, որ հպարտանում է բարեխիղճ ծառայողներով: Ոստիկանության պետը խոսել է նախկինում տրված ցուցումների ու հանձնարարականների, դրանց կատարման ընթացքի, թերությունների ու բացթողումների մասին: Ընդգծել է, որ հասարակական կարգը խախտող քաղաքացիների, կարգազանց վարորդների նկատմամբ անհրաժեշտ է լինել խիստ և սկզբունքային. «Օրենքի առաջ հավասար են բոլորը՝ անկախ պաշտոնից, դիրքից, մեքենայի մակնիշից ու համարանիշից, հարկավոր է ծառայել համարձակ: Անհրաժեշտության դեպքում օրենքը թույլ է տալիս նաև ֆիզիկական ուժ գործադրել, սակայն ֆիզիկական ուժի կիրառումը պետք է տարբերել բռնությունից: Իսկ կաշկանդված ոստիկանները, որոնք իրենց անգործությամբ կասկածի տակ կդնեն ոստիկանի պատիվն ու արժանապատվությունը, համակարգում տեղ չեն ունենա»,-ասել է Վալերիյ Օսիպյանը: Անդրադառնալով ծառայության արդյունավետության հետագա բարձրացման խնդրին` ոստիկանության պետը նշել է, որ դրա հիմքում պետք է դրվի աշխատանքային ու կատարողական կարգապահության հետևողական բարելավումը, խստապահանջ մոտեցումը կադրերի ընտրությանն ու գործառնությանը, և որ անչափ կարևոր է` անհանդուրժողականություն է պետք ցուցաբերել կոռուպցիոն ցանկացած երևույթի նկատմամբ: Հատկապես այս խնդրում, ընդգծել է ոստիկանության պետը, պետք է բացառվի որևէ ներողամտություն: Վալերիյ Օսիպյանը բացահայտումների արդյունավետության բարձրացման համատեքստում խոսել է նախկինում կատարված հանցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքների ակտիվացման կարևորության, նաև կանխարգելիչ միջոցառումների մասին: Ոստիկանության պետը նկատել է, որ լիարժեք ու բարձրորակ ծառայությունը պետք է ամենօրյա լինի: Քննարկվել են ոստիկանության ստորաբաժանումների ծառայության հետ կապված այլ հարցեր ևս: Խորհրդակցության ավարտին Վալերիյ Օիպյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ է տվել մասնակիցներին:
14:39 - 01 հուլիսի, 2019
Արարատում շուրջ 30 քրեական հեղինակությունների տներում ստուգումներ են անցկացվել

Արարատում շուրջ 30 քրեական հեղինակությունների տներում ստուգումներ են անցկացվել

Ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումները, հասարակական անվտանգությամբ մտահոգ, հունիսի 21-ին ու 22-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Ուժեղացված ծառայությանը ներգրավվել են նաև մարզը սպասարկող ճանապարհային ոստիկաններն ու պետական պահպանության գլխավոր վարչության Արարատի մարզի ստորաբաժանումների ծառայողները։ 110 ոստիկանից կազմված 28 կարգախմբերը Արտաշատի, Արարատի և Մասիսի բաժիններ տարբեր կասկածանքներով բերման են ենթարկել 23 անձի, ստուգումներ են իրականացրել մարզում բնակվող շուրջ 30 քրեական հեղինակության բնակության վայրերում։ Ուժեղացված ծառայության ընթացքում Արարատի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք, հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք ու հետախուզվող անձ, որին ևս բերման են ենթարկել։ Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել է 152 արձանագրություն, այդ թվում՝ 29-ը արագության գերազանցման համար։ Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 19 տրանսպորտային միջոց, որոնցից 5-ի վարորդներն ալկոհոլ օգտագործած են եղել, իսկ 14-ը չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր։ Համակեցության կանոնների և երթևեկության անվտանգության պահպանման նպատակով Արարատի ոստիկանները նմանօրինակ ուժեղացված ծառայություններ իրականացնելու են պարբերաբար։
17:34 - 26 հունիսի, 2019
Շիրակի ոստիկանական բաժանմունքներ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող». ՀՀ ոստիկանություն

Շիրակի ոստիկանական բաժանմունքներ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող». ՀՀ ոստիկանություն

Արդեն շուրջ 10-ը օր ոստիկանության մարզերը սպասարկող ստորաբաժանումներն անցել են շուրջօրյա ուժեղացված ծառայության՝ առաջնորդվելով ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի պահանջներով։ Նպատակը նույնն է՝ հասարակական կարգի պահպանություն, երթևեկության անվտանգություն, հանցագործությունների և իրավախախտումների կանխում ու բացահայտում։ Ամփոփ ներկայացնենք Շիրակի ոստիկանների ծառայության արդյունքը։ Ուժեղացված ծառայությունը պատշաճ իրականացնելու նպատակով կազմվել են 70 պարեկախմբեր։ Դրանցից 45-ը շրջել են մեքենաներով, 25-ը՝ հետիոտն։ Ուժեղացված ծառայությանը ներգրավվել է 364 ոստիկան՝ մարզային վարչության տարածքային բաժիններից, մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումից, ինչպես և պետական պահպանության գլխավոր վարչության Շիրակի մարզի բաժիններից։ Ոստիկանները գործել են օրինախախտների նկատմամբ ներողամտություն ու հանդուրժողականություն չցուցաբերելով։ Արդյունքում տարբեր կասկածանքներով, ինչպես և ոստիկանների օրինական պահանջները չկատարելու կամ դիմադրություն ցույց տալու համար Մուշի, Կումայրիի, Ախուրյանի, Ամասիայի, Աշոցքի, Անիի և Արթիկի բաժիններ բերման է ենթարկվել ու բերվել 129 անձ, այդ թվում՝ Գյումրիում ապրող, այսպես կոչված՝ «օրենքով գող», 10-ից ավելի քրեական հեղինակություն, նախկինում առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների մեղադրանքով դատապարտված անձինք։ Նրանց հետ տարվել են համապատասխան պրոֆիլակտիկ աշխատանքներ։ Ուժեղացված ծառայության շրջանակներում Շիրակի ոստիկանները ստուգել են 640-ից ավելի ավտոմեքենա և քրեական հեղինակությունների 14 բնակարան։  Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 16 տրանսպորտային միջոց, որոնց վարորդներն իրենց գործողություններով վտանգել են երթևեկության մյուս մասնակիցնների կյանքն ու առողջությունը։ Նրանցից 11 վարորդ մեքենա վարելու իրավունք չի ունեցել, 2-ն էլ եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում։ ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտման փաստերով կազմվել է 106 արձանագրություն։ Հասարակական անվտանգությամբ մտահոգ՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները, ոստիկանության պետի հանձնարարականի համաձայն, մշտապես իրականացնելու են ուժեղացված նմանօրինակ ծառայություններ՝ հսկողության տակ պահելով բոլոր օրինախախտներին։  
17:39 - 24 հունիսի, 2019
Ոստիկանությունն ապահովում է Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորների անվտանգությունը |lragir.am|

Ոստիկանությունն ապահովում է Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորների անվտանգությունը |lragir.am|

lragir.am։ ՀՀ ոստիկանությունն ապահովում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորներ Դավիթ Գրիգորյանի և Արմեն Դանիելյանի անվտանգությունը: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Դատավորները դիմել էին ՀՀ ոստիկանությանն իրենց անվտանգությունն ապահովելու համար:Մայիսի 18-ին դատավոր Դավիթ Գրիգորյանը «Մարտի 1-ի» գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանավորումը փոխելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը բավարարել էր և Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել. Դատարանը հաշվի էր առել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի և ներկա նախագահ Բակո Սահակյանի երաշխավորությունը: Դավիթ Գրիգորյանը նաև կասեցրել է գործի վարույթն ու այն ուղարկել է ՍԴ՝ լրացուցիչ քննության համար:Դատավոր Արմեն Դանիելյանի վարույթում այժմ գտնվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության բողոքարկման քննությունը Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու որոշման վերաբերյալ:
06:20 - 24 հունիսի, 2019
Նոր մանրամասներ ՃՈ պաշտոնատար անձի աշխատավայրում կատարված շորթման դեպքից

Նոր մանրամասներ ՃՈ պաշտոնատար անձի աշխատավայրում կատարված շորթման դեպքից

Հունիսի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացվել է ճանապարհային ոստիկանության պաշտոնատար անձի զեկուցագիրը, ըստ որի՝ հունիսի 18-ին նրա աշխատասենյակ է ներկայացել մի լրագրող կին ու հայտնել է, թե իբրև պաշտոնատար անձի վերաբերյալ ունի վարկաբեկիչ տեղեկություններ և սպառնացել է, որ տեղեկատվությունը չորս լրատվամիջոցով կհրապարակվի։ Այդ քայլին չդիմելու համար պահանջել է 800․000 դրամ։ Հաղորդումից անմիջապես հետո ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների կողմից ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Հունիսի 19-ին՝ ժամը 16․30-ի սահմաններում, լրագրողը կրկին այցելել է ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակ՝ պահանջված գումարը վերցնելու։ Կինը նախօրոք պահանջած 800․000 դրամի փոխարեն արդեն պահանջել ու վերցրել է 400․000 դրամ։ Գումարը ստանալուց անմիջապես հետո ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները մուտք են գործել աշխատասենյակ։ Կնոջ մոտից հայտնաբերվել և առգրավվել են շորթմամբ հափշտակված 400․000 դրամը։ Նշված անձը շորթում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն։Դեպքի հանգամանքները պարզվում են։
10:23 - 20 հունիսի, 2019
Ոստիկանության ուժեղացված ծառայությունը մարզերում․ բաժիններ են բերվել «օրենքով գողեր»

Ոստիկանության ուժեղացված ծառայությունը մարզերում․ բաժիններ են բերվել «օրենքով գողեր»

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության մարզային ստորաբաժանումների ծառայողները հունիսի 15-ին և 16-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հասարակական կարգի պահպանության, երթևեկության անվտանգության բարձրացման, ինչպես և հանցագործություններն ու իրավախախտումները կանխելու և բացահայտելու նպատակով։ Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանության ծառայողներն, ուժեղացված ծառայության շրջանակներում, օպերատիվ տվյալների հիման վրա ստուգումներ են իրականացրել մի քանի տասնյակ հանցավոր հեղինակությունների բնակության վայրերում։ Տարբեր հանցագործությունների կասկածանքով ոստիկանության Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժիններ բերման է ենթարկվել 33 անձ։ Բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է թմրամիջոց։ Հայտնաբերվել են ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ թույլ տված, առանց վարորդական իրավունքի վկայականի, տրանսպորտային միջոցը առանց համարանիշերի շահագործող 4 վարորդ, որոնց մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածքներ։ Բացի այդ, ճանապարհային երթևեկության կանոնների տարբեր խախտումների փաստերով կազմվել է շուրջ 139 արձանագրություն։ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները Աշտարակում, Ապարանում, Թալինում և այլուր իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 114 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։ Պրոֆիլակտիկ միջոցառումներ իրականացնելու համար բաժիններ են բերվել մարզում բնակվող քրեական հեղինակություններ, այդ թվում, այսպես ասած՝ «օրենքով գող»։ Կոտայքի մարզում իրականացրած երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների, ինչպես և ճանապարհային ոստիկանության ծառայողները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 66 վարորդի, որոնց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Տարածքային բաժինների պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 16 մեքենա, որոնցից 6-ի վարորդներն ալկոհոլ օգտագործած են եղել, 2-ինը վարորդական իրավունքիի վկայական չեն ունեցել, մյուսներինը այլ խախտումների համար։ Ոստիկանույան ծառայողները տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել 5 քրեական հեղինակության և 13 նախկինում դատապարտված անձանց։ Բերման են ենթարկվել նաև անձինք, որոնք չարամտորեն չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Արմավիրի ոստիկաններն էլ ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերել են ոչ սթափ 14 վարորդի, որոնց մեքենաները տեղափոխել են պահպանվող հատուկ տարածքներ։ Ընդհանուր առմամբ՝ երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 63 մեքենա։ Տարբեր կասկածանքներով, ինչպես և ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանության Արմավիրի մարզային վարչության տարածքային բաժիններ բերման են ենթարկվել ու բերվել 147 անձ։ Մի քանի դեպքով հարուցվել է վարչական վարույթ։ Ուժեղացված ծառայություն են իրականացրել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության ու ենթակա բաժինների, ինչպես և Լոռին սպասարկող ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Արդյունքում հայտնաբերվել է ճանապրհային երթևեկության կանոնների 54 խախտում։ Հայտնաբերվել և պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել ապօրինի փայտանյութով բեռնված մեկ բեռնատար։  Ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների, ինչպես և ճանապարհային ոստիկանության ծառայողներն ուժեղացված ռեժիմով ծառայությունն իրականացրել են 84 կարգախմբերով, որոնք շրջել են ողջ մարզով և հայտնաբերել մի շարք իրավախախտումներ։ Կարգազանց 155 վարորդի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։ Տարածքային ստորաբաժանումներ տարբեր կասկածանքներով բերման են ենթարկվել բազմաթիվ անձինք, այդ թվում ՝ քրեական հեղինակություններ։ Հայտնաբերվել են սառը զենքեր ու մեկ հետախուզվող անձ։ Ստուգումներ են իրականացվել մարզում բնակվող, այսպես կոչված՝ «օրենքով գողերի» բնակության հասցեներում։ Վայոց ձորի ոստիկանները ևս իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 17 խախտում, 4 մեքենա էլ տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվել է նաև լռության կանոնների խախտման մեկ դեպք, որի փաստով կազմվել է արձանագրություն։ Տարածքայինն բաժիններ են հրավիրվել նախկինում դատապարտված մի խումբ անձինք, որոնց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։ Գեղարքունիքում մարզային ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 155 խախտում, որոնց փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 67 տրանսպորտային միջոց, որոնց վարորդներն իրենց գործողություններով սպառնալիք են ստեղծել երթևեկության անվտանգության նկատմամբ։ Տարբեր կասկածանքներով բաժիններ բերմանն են ենթարկվել ավելի քան 80 անձ, կատարվել են խուզարկություններ, հայտնաբերվել թմրամիջոց։ Ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Ոստիկանության մարզային ստորաբաժանումների ուժեղացված ծառայության մասին պատմող տեսաշարը եզրափակենք՝ անդրադառնալով Տավուշի ոստիկանների աշխատանքը ներկայացնելով։ Ճանապարհային ոստիկանության և բաժինների ծառայողների կողմից պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 39 տրանսպորտային միջոց, որոնցից միայն 16-ի վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր։ Իջևանի, Դիլիջանի, Տավուշի և Նոյեմբերյանի բաժիններ են բերվել մարզում ապրող քրեական հեղինակություններ ու նախկինում մի քանի անգամ դատապարտված անձինք, որոնց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։ Տարբեր կասկածանքներով հիշյալ բաժիններ բերման են ենթարկվել նաև մի խումբ անձինք։ ՀՀ ոստիկանության մայրաքաղաքը և մարզերը սպասարկող ստորաբաժանումները նույն հետևողականությամբ ու վճռականությամբ շարունակելու են ուժեղացված ծառայություննր իրականացնել ողջ երկրում՝ հանդուրժողականություն ու ներողամտություն չցուցաբերելով իրավախախտների և օրինախախտների նկատմամբ։ Հարգելի քաղաքացիներ հորդորում ենք պահպանել օրենքը։  
15:50 - 18 հունիսի, 2019
Բարձրաստիճան ոստիկանների տպավորիչ հայտարարագրերը. մաս II |hetq.am|

Բարձրաստիճան ոստիկանների տպավորիչ հայտարարագրերը. մաս II |hetq.am|

hetq.am: Առաջնորդվելով հանրային հաշվետվողականության, պետական մարմինների և ծառայողների թափանցիկ գործելաոճի կարևորությամբ, ներկայացնում ենք ոստիկանության կենտրոնական մարմնի ծառայողների էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2018 թվականի տարեկան հայտարարագրերի վերլուծության երկրորդ մասը։  Այսպես, ոստիկանության պետի առաջին տեղակալ, գնդապետ Արման Սարգսյանը 2018 թվականի ընթացքում ստացել է 100.000 ռուսական ռուբլի և 13.000 ԱՄՆ դոլար նվիրատվություն, սակայն հայտարարագրում չի նշվում, թե ումից է ստացել այդքան գումար։ Գնդապետի դրամական միջոցները կազմել են 17.000 ԱՄՆ դոլար և 8.000.000 դրամ, իսկ փոխառություններից ստացած եկամուտը կազմել է 44.400.000 դրամ, աշխատավարձից ստացած եկամուտը՝ 5.661.000 դրամ, այսինքն նրա ամսական աշխատավարձը կազմում է մոտ 470 հազար դրամ։ Պրն. Սարգսյանը նաև հայտարարագրել է 50.704.500 դրամ արժեք ունեցող բնակարան, 3.380.000 դրամ արժեք ունեցող ավտոտնակ և 1.448.000 դրամ արժեք ունեցող հողատարածք։ Գնդապետ Սարգսյանի կինը՝ Սարգսյան Լիլիթը, հայտարարագրել է 5.000 ԱՄՆ դոլար և 10.000.000 դրամ, իսկ աշխատավարձից ստացած նրա եկամուտը կազմել է 2.741.000 դրամ։ Արման Սարգսյանի գործընկերոջ՝ ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Քոչարյան Հովհաննեսի դրամական միջոցները կազմել են՝ 40.000 ԱՄՆ դոլար, իսկ աշխատավարձից ստացած եկամուտը՝ 5.149.000 դրամ, փոխառություններից ստացած եկամուտը՝ 3.000.000 դրամ։ Անձնագրային և վիզաների վարչության կազմակերպական-հսկողական բաժնի պետ Գևորգյան Արսենի դրամական միջոցները 2018թ.-ին կազմել են 46.000 ԱՄՆ դոլար, իսկ աշխատավարձից ստացած եկամուտը 5.807.000 դրամ։ ՀՀ ԿԱ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ Կարապետյան Ահարոնի դրամական միջոցները կազմել են 35.000 ԱՄՆ դոլար և 6.000.000 դրամ, աշխատավարձից ստացած եկամուտը՝ 7.170.576 դրամ, փոխառությունից ստացած եկամուտը՝ 2.600.000 դրամ։ ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Ղուկասյան Արմենի դրամական միջոցները կազմել են 35.000 ԱՄՆ դոլար, իսկ աշխատավարձից ստացած եկամուտը՝ 6.950.000 դրամ։
14:18 - 17 հունիսի, 2019
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել կառույցում, իբրև թե, հասունացող կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել կառույցում, իբրև թե, հասունացող կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ

Լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե իբր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետի տեղակալը սպառնում ու կաշառք է պահանջում տնտեսվարողներից: Տեղեկատվությունը անփաստարկ է և չի համապատասխանում իրականությանը, չի հիմնավորվում գեթ մեկ օրինակով: Այս մասին պարզաբանում է հրապարակել ՀՀ ոստիկանությունը։ «Չնայած դրան, ինչպես ցանկացած հրապարակային ահազանգի պարագայում, ոստիկանությունն այս դեպքում էլ պատրաստ է կոնկրետ փաստերի առկայության դեպքում անմիջապես ստուգումներ կատարել։ Ուստի եթե լրատվամիջոցը տնօրինում է կոնկրետ փատերի, ապա ոստիկանությունը կաշկանդված չէ եւ դրանք ներկայացնելու դեպքում համապատասխան քննություն կիրականացվի ու իրավական գնահատական կտրվի։ Իսկ մինչ այդ լրատվամիջոցներին կրկին ու կրկին կոչ ենք անում՝ զերծ մնալ պետական պաշտոնյաներին անփաստարկ մեղադրանքներ վերագրելուց, հրապարակումներ պատրաստելիս և հանրային հնչեղություն ունեցող հայտարարություններ անելուց առաջ համագործակցել համապատասխան կառույցների հետ և ձեռնպահ մնալ ընթերցողին թեական հրապարակումներով թյուրիմացություն մեջ գցելու գործելակերպից»,- ասված է պարզաբանման մեջ։
09:19 - 15 հունիսի, 2019