ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողի մահվան և մեկ այլ զինծառայողի վիրավորման առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿ

Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողի մահվան և մեկ այլ զինծառայողի վիրավորման առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿ

2021թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի  մարտական դիրքում՝ մարտական հերթապահություն իրականացնող մեկ զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու և մեկ զինծառայողի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ 2021թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է  քրեական գործ: Այս մասին հայտնում է ՔԿ-ն: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:07 - 14 սեպտեմբերի, 2021
Մեկնարկել է «Արևմուտք-2021» զորավարժության հիմնական փուլը

Մեկնարկել է «Արևմուտք-2021» զորավարժության հիմնական փուլը

Սեպտեմբերի 13-ին ՌԴ Մուլինո զորավարժարանում մեկնարկել է Արևմուտք-2021 համատեղ ռազմավարական զորավարժության հիմնական փուլը: Մարտական կրակով ուղեկցվող գործողություններին հետևել է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը: Արևմուտք-2021 զորավարժության հիմնական փուլին ներգրավված են Ռուսաստանի Դաշնության Արևմտյան ռազմական օկրուգի միավորումներն ու զորամասերը, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի զորախմբերը: Հայաստանը զորախաղին մասնակցում է տանկային, մոտոհրաձգային և հրթիռահրետանային ստորաբաժանումներից կազմված գումարտակի կազմով: Ուսումնամարտական գործողությունների հիմքում վերջին ռազմական գործողությունների փորձն է, մասնավորապես, Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում: Մշակվել են նաև համատեղ զորքերի գործողությունների նոր տարբերակներ ու մեթոդներ: Մուլինո զորավարժարանը հնարավորություն է ընձեռում կազմակերպել զորավարժություններ` կիրառելով հրաձգային զինատեսակներ, ռազմական տեխնիկա, հրետանային ու ՀՕՊ համակարգեր, ավիացիա, ինչպես նաև Իսկանդեր-Մ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ:
21:01 - 13 սեպտեմբերի, 2021
Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն այսօր կմասնակցի Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ-ի կանոնադրային մարմինների համատեղ, ինչպես նաև հավաքական անվտանգության վեհաժողովի նիստերին․ ՊՆ

Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն այսօր կմասնակցի Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ-ի կանոնադրային մարմինների համատեղ, ինչպես նաև հավաքական անվտանգության վեհաժողովի նիստերին․ ՊՆ

2021թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՌԴ Նիժնի Նովգորոդի «Մուլինո» զորավարժադաշտում անցկացվելիք Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժության ակտիվ փուլի դիտմանը: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Այնուհետև, սեպտեմբերի 15-16-ը ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ-ի կանոնադրային մարմինների (արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի) համատեղ, ինչպես նաև հավաքական անվտանգության վեհաժողովի նիստերին:
11:40 - 13 սեպտեմբերի, 2021
ՊՆ-ում կայացել է հավաք-խորհրդակցություն «Զինված ուժերում ինքնասպանությունների դեպքերն ու կանխարգելման ուղիները» թեմայով

ՊՆ-ում կայացել է հավաք-խորհրդակցություն «Զինված ուժերում ինքնասպանությունների դեպքերն ու կանխարգելման ուղիները» թեմայով

ՊՆ վարչական համալիրում կայացել է հավաք-խորհրդակցություն «Զինված ուժերում ինքնասպանությունների դեպքերն ու կանխարգելման ուղիները»  թեմայով։ Այս մասին հաղորդում է ՊՆ-ն: Ի թիվս ԶՈւ համապատասխան ստորաբաժանումների բարձրաստիճան սպաների, պետական այլ գերատեսչական և հասարակական կառույցների ներկայացուցիչների, հոգեբան-դասախոսների և հոգևոր սպասավորների՝ խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը և պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։  Ողջունելով հավաքի մասնակիցներին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ պետք է ներդնել առավելագույն ջանքերը զինծառայողների ինքնասպանությունների կանխարգելման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։  Խորհրդակցության ընթացքում օրակարգային թեմային առնչող ելույթներով հանդես են եկել ԶՈւ հոգևոր առաջնորդը, ԶՈՒ ԲՀԱ վարչության սպաները, ռազմական ոստիկանության և զինվորական դատախազության ներկայացուցիչները, մի շարք դասախոսներ, հոգեբաններ և այլոք։ Անդրադարձ է կատարվել զինված ուժերում 2021թ. տեղի ունեցած ինքնասպանության դեպքերի վերլուծությանը, ներկայացվել են կանխարգելման ուղիների վերաբերյալ առաջարկություններ։
18:10 - 10 սեպտեմբերի, 2021
ՌԴ-ում տեղի է  ունեցել «Արևմուտք 2021» ռազմավարական զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի զորախումբը

ՌԴ-ում տեղի է ունեցել «Արևմուտք 2021» ռազմավարական զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի զորախումբը

Սեպտեմբերի 9-ին ՌԴ Մուլինո զորավարժարանում  տեղի է  ունեցել «Արևմուտք 2021» ռազմավարական զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը: Վրանային ավանի շարահրապարակում բարձրացվել են մասնակից պետությունների ու զորավարժության դրոշները: ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը նշել է, որ համատեղ զորավարժությունները  հնարավորություն կընձեռեն մշակել  զորքերի պատրաստության համընդհանուր մոտեցումներ, կամրապնդեն ընկերությունն ու կձևավորեն մարտական եղբայրության նոր համատեղ ավանդույթներ: Բանակի գեներալը նաև շեշտել է, որ «Արևմուտք 2021» զորավարժությունները կրում են միմիայն պաշտպանողական բնույթ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ «Արևմուտք 2021»-ին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի զորախմբերը: ՌԴ և Բելառուսի տարածքում ընթացող զորավարժություններին ներգրավված են շուրջ 200 հազար զինծառայող, մոտ 80 ինքնաթիռ և ուղղաթիռ, մինչև 760 միավոր տարբեր տիպի զրահատեխնիկա, հրթիռային համակարգեր ու հրետանային միջոցներ, ինչպես նաև 15 նավ: Զորավարժության հիմնական գործողությունները տեղի կունենան սեպտեմբերի 10-16-ը:
17:36 - 09 սեպտեմբերի, 2021
Արշակ Կարապետյանը հանդիպել է անհետ կորած զինծառայողների ու կամավորների ծնողներին և հարազատներին․ ՊՆ

Արշակ Կարապետյանը հանդիպել է անհետ կորած զինծառայողների ու կամավորների ծնողներին և հարազատներին․ ՊՆ

Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ու կամավորների ծնողներին և հարազատներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսել է նրանց մտահոգություններն ու առաջարկները, ինչպես նաև պատասխանել հարցերին, հայտնելով,  որ որոնողական աշխատանքները շարունակվում են, ընդ որում՝ հաշվի առնելով նաև ծնողների ունեցած տեղեկությունները։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Արշակ Կարապետյանը հավաստիացրել է, որ գործադրվում են բոլոր ջանքերը՝ անհայտ կորած յուրաքանչյուր զինծառայողի ճակատագիրը բացահայտելու ուղղությամբ։  Հանդիպման ընթացքում հարազատների կողմից բարձրացված հարցերի շուրջ պաշտպանության նախարարը խնդրով զբաղվող համապատասխան հանձնաժողովի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանին հանձնարարել է ուսումնասիրել և զեկուցել մանրամասները։ Հանդիպման ավարտին Արշակ Կարապետյանը նշել է, որ նմանատիպ հանդիպումները պարբերական կլինեն, վստահեցնելով, որ խնդիրը գտնվում է իր անմիջական ուշադրության կենտրոնում։
15:04 - 09 սեպտեմբերի, 2021
Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար Միխայիլ Կոսոբոկովին

Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար Միխայիլ Կոսոբոկովին

Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին և Հայաստանի Հանրապետությունում ռուսաստանյան 102-րդ ռազմական բազայի հրամանատար, գնդապետ Դմիտրի Օվչարովին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը: Հանդիպման սկզբին ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել խաղաղապահ առաքելության ընթացքում: Արշակ Կարապետյանը շնորհավորել է նաև գնդապետ Դմիտրի Օվչարովին՝ ՌԴ 102-րդ ռազմական բազայի հրամանատարի պաշտոնում նշանակվելու առիթով և  կարևորել  Հայաստանի տարածքում տեղակայված ռուսաստանյան ստորաբաժանման դերն ու նշանակությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է  գնահատել Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը։ Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:
13:07 - 09 սեպտեմբերի, 2021
Ոսկեպարում ռուս սահմանապահների տեղակայման ու նրանց գործառույթի մասին տեղեկություն տալու համար ՊՆ-ին լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ

Ոսկեպարում ռուս սահմանապահների տեղակայման ու նրանց գործառույթի մասին տեղեկություն տալու համար ՊՆ-ին լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ

ՊՆ-ն լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն ունի՝ հասկանալու, թե Ոսկեպարում քանի ռուս սահմանապահ է տեղակայված, ինչ գործառույթ են նրանք իրականացնում, որ տարածքում են նրանք տեղակայված, և, ի վերջո,  թե  Տավուշի մյուս որ բնակավայրերում է նախատեսվում  ռուս զինվորականների տեղակայում։։  2021 թվականի օգոստոսի 3-ից մամուլում լուրեր էին շրջանառվում, թե ռուս զինվորականներ են տեղակայվում Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղում։ Նույն օրը Infocom-ը փորձեց տեղեկություն ստանալ պաշտոնական աղբյուրներից և տեղական ինքնակառավարման մարմիններից, սակայն ապարդյուն։ Մասնավորապես, օգոստոսի 3-ին կապ հաստատեցինք Նոյեմբերյանի համայնքապետի տեղակալ Խաչիկ Գիշյանի հետ, որի խոսքով՝ համայնքապետարանը նման տեղեկություն չունի, իրենց այդ հարցով չեն դիմել։  Իսկ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը որեւէ կերպ չմեկնաբանեց շրջանառվող լուրերը՝ առաջարկելով դիմել գրավոր։ Նույնաբովանդակ տեղեկություններ տարածվեցին նաև օգոստոսի 5-ին։ Նույն օրը Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը դարձյալ խուսափողական պատասխան տվեց՝ նշելով, որ համայնքանպետարանում այդպիսի տեղեկություն չունեն։ Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը հրաժարվեց մեկնաբանել տեղեկությունները։ Անպատասխան մնացին ՊՆ և ԳՇ խոսնակներին կատարած մեր զանգերը։  Նույն օրը 16:30-ի սահմաններում Infocom-ը կապ հաստատեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, որը մեր հարցերին ի պատասխան՝ ասաց․ «Վարչապետը կառավարության նիստի ժամանակ այդ միտքը արտահատել է, ես այդքանը գիտեմ։ Ես սահմանափակ տեղեկատվության եմ տիրապետում, կոնկրետ չգիտեմ ոչ քանակ, ոչ տեղակայման վայր»։ Ճշտող հարցին՝ ի՞նչ տեղակայման մասին է խոսքը, Ղալումյանը պատասխանեց․ «Մոնիթորինգ իրականացնելու նպատակով են, մարդիկ պետք է մնալու տեղ ունենան։ Այդքանը կարամ ասեմ։ Այլ տեղեկություններ չունեմ, դիմեցեք ՊՆ»։  Օգոստոսի 5-ի երեկոյան միայն Պաշտպանության նախարարությունը արձագանքեց տարածվող լուրերին և հայտնեց, որ Ոսկեպարում ռուս խաղաղապահներ են տեղակայվել։ ՊՆ հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր․ «Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում»։ Հայտարարությունից հետո պետական գերատեսչություններից որևէ այլ մեկնաբանություն չի հնչել։ Infocom.am-ը փորձեց ՊՆ-ից պարզել՝ արդյոք ռուս զինվորականները օգոստոսի 31-ի դրությամբ տեղակայվա՞ծ են Ոսկեպարում, թե ոչ, ինչ գործառույթ են իրականանցնում, որ տարածքում են նրանք տեղակայված, և արդյոք Տավուշի մարզի այլ համայնքներում նախատեսվո՞ւմ է ռուս զինծառայողների տեղակայում, թե ոչ։  Մեր հարցմանն ի պատասխան սեպտեմբերի 7-ին նախարարությունից հայտնել են, որ հայցված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ժամանակ է պետք, ուստի տեղեկությունը կտրվի 30-օրյա ժամկետում։   Նշենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ 30-օրյա ժամկետում պատասխանում են միայն այն դեպքում, երբ գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք։  Ի հավելումն այս ամենի, նշենք, որ օգոստոսի 11-ին hetq.am-ի հետ զրույցում Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Բեգինյանը հայտնել էր, որ Տավուշի մարզի սահմանային Այգեպար, Պառավաքար, Այգեհովիտ, Բերքաբեր, Կոթի, Դովեղ գյուղերում նույնպես ռուս սահմանապահներն ուղեկալներ կտեղադրեն։  Ասպրամ Փարսադանյան
18:20 - 08 սեպտեմբերի, 2021
Ոչ պատերազմական պայմաններում հայ զինծառայողների մահվան դեպքերը՝ 1998-ից մինչեւ 2021 թվականը

Ոչ պատերազմական պայմաններում հայ զինծառայողների մահվան դեպքերը՝ 1998-ից մինչեւ 2021 թվականը

Լուսանկարը՝ hetq.am կայքից Հայաստանի խորհրդարանում անցյալ ամիս՝ օգոստոսի 5-ի եւ 6-ի նիստերի ընթացքում քննարկման առարկա էր դարձել ոչ մարտական պայմաններում հայ զինծառայողների մահերի թեման։ Պատգամավորներն իրար մեղադրում էին, թե խաղաղ պայմաններում ում օրոք է ավելի շատ զոհ եղել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, մասնավորապես, օգոստոսի 5-ի իր ելույթում հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք խաղաղ պայմաններում 700-ից ավելի զինծառայող է զոհվել։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն, արձագանքելով Ալեքսանյանի այս հայտարարությանը, պնդեց, թե վերջինս սխալ թվեր է ասել, եւ թե Քոչարյանի պաշտոնավարման տասը տարվա ընթացքում ոչ թե 700, այլ 92 զոհ է եղել։ Ռուստամյանը պնդեց, որ իր ասած թիվը պաշտոնական տվյալ է։ Արդեն հաջորդ օրը՝ օգոստոսի 6-ի նիստի ժամանակ, Վահագն Ալեքսանյանը, ի պատասխան Ռուստամյանի հնչեցրած այս հայտարարության, ընթերցեց Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնի հավաքագրած տվյալներն այն մասին, թե 1998-2008 թվականներին հայկական կողմը քանի զոհ է ունեցել. զոհերի թվերը, որոնք հավաքագրված են ՊՆ-ի, Դատախազության, ԱՄՆ պետքարտուղարության ներկայացրած տվյալներից, ակնհայտորեն ավելին են, քան 92-ը։  ԱԺ-ում այս քննարկումից հետո Infocom-ը ՀՀ դատախազությունից, Արդարադատության նախարարությունից, Պաշտպանության նախարարությունից եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից խնդրեց տրամադրել հայ զինծառայողների մահվան դեպքերի թիվը՝ 1992-ից 2021 թվականի օգոստոսը՝ յուրաքանչյուր տարվա համար առանձին նշելով պատճառը՝ մարտական գործողություններ կամ հրադադարի ռեժիմի խախտում, դժբախտ պատահար, սպանություն կամ ինքնասպանություն եւ այլն։  Պաշտպանության նախարարությունն, ինչպես գրեթե միշտ, այս անգամ եւս մերժեց տեղեկություն տրամադրել, Արդարադատության նախարարությունից հայտնեցին, որ նման վիճակագրություն չեն վարում, իսկ Դատախազությունն ու ՀՔԱՎ գրասենյակը տրամադրեցին 2010 թվականից սկսած իրենց հավաքագրած տեղեկությունները՝ զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ։ Դատախազությունից նշել են, որ ՀՀ զինված ուժերում եւ ԱՀ ՊԲ-ում 1992 թվականից մինչեւ 2010 թվականը գրանցված մահացության դեպքերի վերաբերյալ ՀՀ զինվորական դատախազությունում տեղեկություն առկա չէ։ Ուստի ստորեւ նախ կներկայացնենք Անի կենտրոնի ներկայացրած տվյալները՝ 1990-ականներից մինչեւ 2010 թվականը, ապա Զինդատախազությունից եւ ՀՔԱՎԳ-ից հարցմամբ ստացած տեղեկությունները՝ 2010-2021 թվականների վերաբերյալ։ 1995-2010թթ․ ընթացքում հայ զինծառայողների մահվան դեպքերի թիվն անցնում է 1600-ը Այսպես, Անի կենտրոնի այս տվյալների համաձայն (աղբյուրը՝ Թաթուլ Հակոբյան, «Մահվան հովիտ», էջ 250-251)` 1995-ին գոհերի թիվը կազմել է 324 հոգի, 1996-ին` 260 հոգի, 1997-ին՝ 217 հոգի, 1998-ին՝ 196 հոգի:  Հակոբյանը գրել է, որ իր պահոցում պահպանվել է 1998-ի գոհերի վիճակագրության վերաբերյալ երկու այլ տվյալ եւս՝ 151 եւ 171, ընդ որում, ինչպես շեշտել է հեղինակը, վերջին թիվը 1999-ին հրապարակավ նշել է Սերժ Սարգսյանը:  1999-ին Հակոբյանի պահոցում հանդիպում է 86 զոհ թիվը, ըստ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի՝ զոհերի թիվը եղել է 93:  2000 թվականին հանդիպում է զոհերի երեք տարբեր թիվ՝ 72, մեկ այլ տեղ՝ 111, Սերժ Սարգսյանը հրապարակավ խոսել է ավելի քան 100 զոհի մասին։  2001-ին, ըստ Թաթուլ Հակոբյանի հավաքագրած տվյալների, եւս հանդիպում է երկու՝ ակնհայտորեն տարբեր թիվ՝ 56 եւ 92։  2002-ին նախ գրվել է 50, ապա 62 զոհի մասին, 2003-ին՝ 40, 2004-ին՝ 38 զոհ։  2005-ին Պն-ն, ինչպես նշված է գրքում, հայտնել է 47 զոհի մասին, 2006-ին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ներկայացրել է 33, Զինդատախազությունը՝ 36 թիվը։  2007-ին (դարձյալ առաջնորդվում ենք «Մահվան հովիտ» գրքում զետեղված տվյալներով), ՀՀ ՊՆ-ն հայտնել է 31 զոհի մասին, Զինդատախազությունը՝ 50։  2008-ին, ըստ Զինդատախազության, զոհերի թիվը կազմել է 71, ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի համաձայն՝ 69:  2009-ին ՀՀ զինդատախազությունը ներկայացրել է 43 թիվը, ԱՄՆ պետքարտուղարությունը՝ 42։ 2010-ի վերաբերյալ Թաթուլ Հակոբյանը նշել է, որ սա միակ տարին է, երբ չորս տարբեր կառույցներ նշել են միեւնույն` 54 թիվը՝ ՀՀ ՊՆ-ն, Զինդատախազությունը, ՀՔԱՎԳ-ը, ԱՄՆ պետքարտուղարությունը, միայն Խաղաղության երկխոսություն ՀԿ-ի տվյալների համաձայն՝ զոհերի թիվը եղել է 61-ը։ Իսկ ստորեւ ներկայացնում ենք 2010 թվականից մինչեւ 2021-ի օգոստոսը հայ զինծառայողների մահվան դեպքերը՝ ըստ Դատախազության եւ ՀՔԱՎ գրասնեյակի տվյալների եւ ըստ մահվան պատճառների։ Քանի որ Դատախազության եւ ՀՔԱՎ գրասենյակի տրամադրած տվյալները թվային անհամապատասխանություն ունեն, դրանք նախ կներկայացնենք առանձին ինֆոգրաֆիկաներով՝ նախ Դատախազության վիճակագրությունը, ապա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակինը։ Դատախազույթունն առանձնացված տրամադրել է հակառակորդի կողմից կատարված սպանությունների, ինքնասպանությունների եւ ինքնասպանության հասցնելու դեպքերի, ծառայության հետ կապված ավտովթարների, զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով տեղի ունեցած դեպքերի, հիվանդություններից մահվան դեպքերի, ականի, նռնակի պայթյունի հետեւանքով մահվան դեպքերի, դժբախտ պատահարների,  բռնարարքների, մարտական ծառայություն կրելու կանոնների խախտումների, թռիչքի կանոնների խախտման պատճառներով մահվան դեպքերի տվյալները, որոնք ինֆոգրաֆիկայում ներկայացված են տարբեր գույներով։ Ինֆոգրաֆիկայում՝ զինծառայողների մահվան պատճառներն՝ ըստ Դատախազության* (*Վերոբերյալ ինֆոգրաֆիկայում 2016 թվականի տվյալներում ներառված չէ Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի թիվը) Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տվյալները ներկայացրել է փոքր ինչ այլ բաժանումով․ մասնավորապես, ստորեւ բերվող ինֆոգրաֆիկայում ցուցադրել ենք հրադադարի ռեժիմի խախտման, ինքնասպանության, սպանության, բռնարարքի, հիվանդության, դժբախտ պատահարների, ավտովթարների, ականի, նռնակի պայթյունի, զենքի հետ վարվելու կանոնների խախտման եւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի, մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման, թռիչքի կանոնների խախտման, եւ, ի վերջո, անհայտ պատճառներով մահվան դեպքերի թվերը։ Պատճառները դարձյալ ներկայացված են առանձին գույներով։ Ինֆոգրաֆիկայում՝ զինծառայողների մահվան պատճառներն՝ ըստ ՀՔԱՎ գրասենյակի* (*Վերոբերյալ ինֆոգրաֆիկայում 2016 թվականի տվյալներում ներառված չէ Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի թիվը) Դատախազության եւ ՀՔԱՎ գրասենյակի տրամադրած թվերի տարբերությունը կարող եք տեսնել ստորեւ ներկայացվող ինֆոգրաֆիկայում, որտեղ դարձյալ չենք ներառել Ապրիլյան 4-օրյա պատերազմում զոհված զինծառայողների թիվը*։ 2020 թվական՝ մինչեւ պատերազմը․ զինծառայողների մահվան 60, թե՞ 100 դեպք 2020 թվականի ընթացքում, Դատախազությունից ստացած տվյալների համաձայն, արձանագրվել է 60 զինծառայողների՝ ծառայության հետ կապված մահվան դեպք, որոնցից 22-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ (ընդ որում՝ 5-ը վիրավորումը ստացել են 44-օրյա պատերազմի ժամանակ), 4-ը՝ սպանություն, 13-ը՝ ինքնասպանություններ եւ ինքնասպանության հասցնելու դեպքեր, 7-ը՝ ծառայության հետ կապված ավտովթար, 3-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով տեղի ունեցած դեպքեր, 5-ը՝ հիվանդության հետեւանքով մահվան դեպքեր, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման դեպք, 1-ը՝ ականի պայթյուն, 4-ը՝ դժբախտ պատահարներ: Դատախազությունից ընդգծել են, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կումից սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում թշնամու գործողությունների հետեւանքով զոհված զինծառայողների վերաբերյալ ներկայումս ստույգ տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ, քանի որ նրանց տվյալները պարբերաբար լրացվում են եւ այդ կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ուստի 2020 թվականի ընթացքում արձանագրված մահվան դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվել է բացառությամբ նշված ժամանակահատվածում զոհված զինծառայողների տվյալների: (27.09.2020թ.-09.11.2020թ.) ՀՔԱՎԳ-ը 2020-ի ընթացքում մահվան դեպքերի վերաբերյալ ներկայացրել է 100 թիվը, որը ներառում է ԶԼՄ-ների տարածած տեղեկության, ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ պաշտպանության նախարարության (միայն 2020 թ. 1-ին կիսամյակի տվյալները)։ Ըստ այդմ՝ հրադադարի ռեժիմի խախտման պատճառով զոհվել է 17 զինծառայող, ինքնասպանության պատճառով՝ 18 զինծառայող, մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման պատճառով՝ 1 զինծառայող, զենքի հետ վարվելու կանոնների խախտման պատճառով՝ 3 զինծառայող, սպանության պատճառով՝ 4 զինծառայող, ավտովթարի պատճառով՝ 22 զինծառայող, առողջական խնդիրների պատճառով՝ 25 զինծառայող, ականի պայթյունից՝ 1 զինծառայող, դժբախտ պատահարի հետեւանքով՝ 9 զինծառայող։ 2021 թվական Դատախազությունից ստացած տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 21 զինծառայողների՝ ծառայության հետ կապված մահվան դեպք, որոնցից 7-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ (ընդ որում 2-ը վիրավորումը ստացել են 44-օրյա պատերազմի ժամանակ), 4-ը՝ ինքնասպանություններ եւ ինքնասպանության հասցնելու դեպքեր, 4-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներ, 1-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով տեղի ունեցած դեպք, 2-ը՝ հիվանդության հետեւանքով մահվան դեպքեր, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման դեպք, 2-ը՝ դժբախտ պատահարներ: Իսկ ՀՔԱՎԳ-ը դարձյալ այլ թիվ է արձանագրել՝ 44 դեպք․ այս թիվը ներառում է ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության, ՀՀ գլխավոր դատախազության (2021 թ. 1-ին կիսամյակի դրությամբ տվյալների համադրությունը)։ Այդպիսով, արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման պատճառով զինծառայողի մահվան 9 դեպք, ինքնասպանության պատճառով մահվան՝ 6, սպանության պատճառով մահվան՝ 6, ավտովթարից մահվան՝ 11, առողջական խնդիրների պատճառով մահվան՝ 8, դժբախտ պատահարի հետեւանքով մահվան 4 դեպք։ Քանի որ 2020 թվականի պատերազմի զոհերի թիվը դեռեւս հստակ չէ, իսկ 2021-ն ընթացիկ տարի է, այդ պատճառով այս թվականների տվյալներն ինֆոգրաֆիկաներում ներառված չեն՝ ցուցանիշները չխեղաթյուրելու համար։ Այսպիսով, 2010-2019 թվականներին, ըստ Դատախազության, արձանագրվել է 447 զինծառայողի մահվան դեպք, բացի դրանից՝ եւս 55 մահվան դեպք 2020-ի ընթացքում՝՝ մինչեւ պատերազմը, եւ 2021 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ 21 դեպք։ Իսկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից ստացած տեղեկության համաձայն՝ 2010-2019 թվականներին արձանագրվել է 573 զինծառայողի մահվան դեպք, բացի դրանից՝ 2020-ի առաջին կիսամյակում արձանագրվել է մահվան 100 դեպք, 2021 թվականի առաջին կիսամյակում՝ 44 դեպք։ * Վերոբերյալ ինֆոգրաֆիկաներում տվյալների ակնհայտ տարբերություն կա հատկապես 2016 թվականի սյունակում։ Բանն այն է, որ 2016 թվականի ընթացքում, Դատախազությունից ստացած տվյալների համաձայն, արձանագրվել է 140 զինծառայողների՝ ծառայության հետ կապված մահվան դեպք, 85-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ, 7-ը՝ սպանություն, 14-ը՝ ինքնասպանություններ եւ ինքնասպանության հասցնելու դեպքեր, 7-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներ, 6-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով տեղի ունեցած դեպքեր, 5-ը՝ հիվանդությունների հետեւանքով մահվան դեպքեր, 7-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտումներ, 2-ը՝ ականի պայթյուններ, 7-ը՝ դժբախտ պատահարներ: 2016-ին, ՀՔԱՎ-ի տվյալների համաձայն, որոնք ներառում են ԶԼՄ-ների տարածած տեղեկությունները, ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ պաշտպանության նախարարության տվյալների համադրությունը, զինծառայողների մահվան դեպքերի թիվը 175 է: Ընդ որում, ինչպես նշել են Գրասենյակից, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է միայն 2016թ. հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով՝ այդ թվում՝ ապրիլի 2-11-ն ընկած ժամանակահատվածում մահացության դեպքերի թիվը՝ 83։ Այսպես, ՀՔԱՎԳ-ի տվյալների համաձայն՝ 2016-ին արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման պատճառով 111 զինծառայողի եւ կամավորականի մահվան դեմք, որից Ապրիլյան պատերազամի ժամանակ զոհվել է 77 զինծառայող։ Նույն թվականին արձանագրվել է ինքնասպանության 15 դեպք, դիտավորյալ սպանության՝ 3, երկու եւ ավելի անձանց սպանության՝ 2, մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման պատճառով մահվան՝ 4, անհայտ պայմաններում սպանության՝ 1, զենքի հետ վարվելու կանոնների խախտման պատճառով սպանության՝ 5 դեպք։ 2016-ին ավտովթարի պատճառով մահացել է 11 զինծառայող, առողջական խնդիրների պատճառով՝ 2 զինծառայող, ականի պայթյունից՝ 1 զինծառայող, դժբախտ պատահարի հետեւանքով՝ 7 զինծառայող, անհայտ պատճառով՝ 13 զինծառայող։ Նշենք, որ ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի հետ անմիջական շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ զոհվել են 64 զինծառայողներ և 13 աշխարհազորայիններ ու պահեստազորայիններ։  Ուստի ներկայացված ինֆոգրաֆիկաներում 2016 թվականի զոհերի թվից հանել ենք Ապրիլյան պատերազմի զոհերի՝ ՊՆ-ի ներկայացրած թիվը՝ 64-ը։ Հայարփի Բաղդասարյան
16:34 - 08 սեպտեմբերի, 2021
Պաշտպանության նախարարն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենին․ կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Պաշտպանության նախարարն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենին․ կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Սեպտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Շնորհավորելով պարոն Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, Ալեքսեյ Մելնիկովը ներկայացրել է բեռնափոխադրումների ոլորտում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գործունեությունը, երկաթուղային ենթակառուցվածքների վիճակը և զարգացման հեռանկարները: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ընկերության ռազմավարական դերակատարությունը ինչպես քաղաքացիական նշանակության, այնպես էլ ԶՈՒ կարիքների համար իրականացվող բեռնափոխադրումների գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության հետ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ համագործակցության հետագա ծրագրերը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
11:23 - 08 սեպտեմբերի, 2021
Սեպտեմբերի 15-ից մեկնարկելու են եռամսյա վարժական հավաքներ․ խուսափելն առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ․ ՊՆ

Սեպտեմբերի 15-ից մեկնարկելու են եռամսյա վարժական հավաքներ․ խուսափելն առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ․ ՊՆ

ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի N 1409 - Ն որոշմամբ, 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա նոր վարժական հավաքներ: Ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մարտական հերթապահության։ Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով: Հավաքներին մասնակցելու ողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից և սոցիալական արտոնություններից, կպահպանվեն նրանց քաղաքացիական աշխատատեղերը, ինչպես նաև հավաքների յուրաքանչյուր ամսվա համար կստանան վարձատրություն՝ նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափով՝ կախված զինվորական կոչումից և մի շարք այլ գործոններից։ Հավաքներին մասնակցությունը, օրացուցային հաշվարկով, կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում: Հավաքներից խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ:
11:01 - 07 սեպտեմբերի, 2021
ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը հետևել են ԱԻՆ ուսումնական վարժանքներին

ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը հետևել են ԱԻՆ ուսումնական վարժանքներին

Սեպտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, այլ բարձրաստիճան պետական պաշտոնյաների, դեսպանների և հյուրերի հետ, հետևել են ԱԻՆ անձնակազմի ներգրավվամբ անցկացվող «Ուժեղ երկրաշարժի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը աղետի գոտում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությանը։ Վարժանքի մեկնարկից առաջ նախապես ծավալված ուսումնական կետերում և վրանային ավաններում բարձրաստիճան հյուրերին են ներկայացվել հրդեհաշիջման, փրկարարական, սակրավորական, տուժածներին անհրաժեշտ բուժօգնություն ապահովելու աշխատանքների համար կիրառվող նորագույն տեխնիկական և նյութական միջոցները, անօդաչու թռչող սարքերը և այլն։ Ուսումնավարժության ընթացքում խաղարկվել է պայմանական երկրաշարժ։ Ներգրավված էր 150 ծառայող փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումներից: Գործնական վարժանքի նպատակն էր կատարելագործել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության արձագանքող ստորաբաժանումների գործնական հմտությունները հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրականացնելիս։
21:08 - 03 սեպտեմբերի, 2021