ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

ԵՄ-ն պատրաստ է ներդրում ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների վերսկսման գործում

ԵՄ-ն պատրաստ է ներդրում ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների վերսկսման գործում

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Արշակ Կարապետյանը ներկայացրել է սահմանային իրավիճակը՝ նշելով ադրբեջանական կողմի՝ իրադրության ապակայունացմանը միտված գործողությունների մասին: «Իր հերթին, Անդրեա Վիկտորինը տեղեկացրել է, որ ԵՄ-ն աջակցում է արցախյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` պատրաստակամություն հայտնելով ներդրում ունենալ այդ ձևաչափով բանակցությունների վերսկսման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ:  Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի
18:56 - 04 հոկտեմբերի, 2021
Հնդկական կողմը պատրաստ է առավել խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանական ոլորտում. Արշակ Կարապետյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

Հնդկական կողմը պատրաստ է առավել խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանական ոլորտում. Արշակ Կարապետյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կիշան Դան Դեվալին: Այս մասին հայտնում է ՊՆ-ն: Դեսպան Դեվալը շնորհավորել է Արշակ Կարապետյանին՝ Հայաստանի համար դժվարին ժամանակահատվածում պաշտպանության նախարարի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել: Կիշան Դան Դեվալը հայտնել է, որ հաշվի առնելով երկու երկրների միջև քաղաքական, մշակութային, տնտեսական և այլ ուղղություններով առկա բարձր մակարդակի հարաբերությունները, հնդկական կողմը պատրաստ է առավել խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը նաև պաշտպանական ոլորտում: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության հետ համագործակցության շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններ, մասնավորապես՝ ռազմատեխնիկական ոլորտը: Հայ-հնդկական ռազմական համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ակտիվացնելու մասնագիտական աշխատանքային խմբերի գործունեությունը: 
14:02 - 01 հոկտեմբերի, 2021
ՊՆ-ն ԱԺ պաշտպանության հանձնաժողովում կներկայացնի ԶՈՒ բարեփոխումների վերաբերյալ հայեցակարգ |armenpress.am|

ՊՆ-ն ԱԺ պաշտպանության հանձնաժողովում կներկայացնի ԶՈՒ բարեփոխումների վերաբերյալ հայեցակարգ |armenpress.am|

armenpress.am: Պաշտպանության նախարարության պաշտոնյաները ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկման ֆորմատում կներկայացնեն Զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ հայեցակարգային տեսակետները: Հանձնաժողովի նիստում  «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը առաջարկեց. «Առաջիկա ամենամոտ ժամանակում, արտահերթի թե մեկ այլ ֆորմատի շրջանակում, այստեղ հրավիրենք պաշտոնատար անձանց, որոնք բոլորիս մանրամասներ կներկայացնեն ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգի մասին, առհասարակ նաև հասկանալու համար՝ հայեցակարգ կա, թե չկա»: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «ՊՆ-ն, բարեփոխումների հետ կապված, կգա հանձնաժողով և կներկայացնի իրենց հայեցակարգային տեսակետները: Մենք աշխատանքային քննարկում կունենանք: Դա նախատեսվում է մոտակա 10-12 օրվա ընթացքում»:
14:05 - 28 սեպտեմբերի, 2021
ՀՀ պաշտպանության նախարարը և ԳՇ պետը հարգանքի տուրք են մատուցել Եռաբլուր զինվորական պանթեոնում

ՀՀ պաշտպանության նախարարը և ԳՇ պետը հարգանքի տուրք են մատուցել Եռաբլուր զինվորական պանթեոնում

Սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհվածների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։ Այնուհետև պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա է գտնվել Երկրապահ կամավորականների միության կենտրոնական գրասենյակի տարածքում տեղադրված, 44–օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացման հանդիսավոր միջոցառմանը։ Սեպտեմբերի 27-ին Արշակ Կարապետյանը նաև աշխատանքային այց է կատարել հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկն ու մասնակցել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հուշաքարի մոտ անցկացված հոգեհանգստի կարգին; Աշխատանքային շրջայցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է կառուցվող նոր զորամասերից մեկի շինարարական հրապարակ և տեղում ծանոթացել ընթացող լայնածավալ շինարարական աշխատանքներին։  
21:44 - 27 սեպտեմբերի, 2021
Խնդրում ենք զոհված զինծառայողներին նվիրված միջոցառումներին պաշտպանության նախարարի, ԳՇ պետին մասնակցությունն ապահովելու նպատակով դիմումները ներկայացնել միջոցառումից առնվազն 10 օր առաջ. ՊՆ

Խնդրում ենք զոհված զինծառայողներին նվիրված միջոցառումներին պաշտպանության նախարարի, ԳՇ պետին մասնակցությունն ապահովելու նպատակով դիմումները ներկայացնել միջոցառումից առնվազն 10 օր առաջ. ՊՆ

Զոհված զինծառայողներին նվիրված միջոցառումների՝ հուշ-երեկոների, հուշարձանների, խաչքար-հուշաղբյուրների բացման արարողություններին ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ համապատասխան ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու, կազմակերպչական աջակցություն ցուցաբերելու նպատակով, խնդրում ենք ՀՀ պաշտպանության նախարարի, ԶՈՒ գլխավոր շտաբի պետին կամ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին հասցեագրված դիմումները ներկայացնել միջոցառման անցկացման օրվանից առնվազն 10 օր առաջ՝ միջոցառումները եւ դրանց մասնակցությունը  ժամանակին և պատշաճ իրականացնելու նպատակով: Այս մասին ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
17:53 - 27 սեպտեմբերի, 2021
Բացահայտվել են ռազմամթերքի մատակարարման գործում ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյայի լիազորությունները չարաշահելու դեպքեր

Բացահայտվել են ռազմամթերքի մատակարարման գործում ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյայի լիազորությունները չարաշահելու դեպքեր

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական և այլ դատավարական գործողությունների շրջանակներում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն այն մասին, որ ՀՀ զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը զբաղեցնող բարձրաստիճան զինվորականն ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկի կողմից 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ ՀՀ ներմուծելու, դրանց մի մասը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մատչելի գնով ձեռք բերելու, օրացույցային ժամկետներն անցած լինելու, նպատակային օգտագործման համար պիտանի չլինելու պատճառով մատակարար ընկերությանը վերադարձման ենթակա լինելու և հետագա պահպանության համար ՀՀ պաշտպանության նախարարությանն ի պահ հանձնված լինելու հանգամանքի մասին, տեղեկություններ ունենալով նաև, որ մատակարար կազմակերպությունը նշված անորակ հրթիռները չի կարողացել իրացնել, նախնական համաձայնության գալով մի խումբ պաշտոնատար անձանց հետ, չարաշահել է պաշտոնեական դիրքը՝ ձեռնամուխ լինելով շահագործման համար նախատեսված պիտանելիության ժամկետները լրացած, տեխնիկական վիճակը պահանջվող նորմերին չհամապատասխանող հրթիռները շուկայականից բարձր գնով ձեռք բերելու և արդյունքում նույն ընկերության ՀՀ պաշտպանության նախարարության նկատմամբ ունեցած կրեդիտորական պարտքի գումարի մարման գործընթացին և այդ նպատակով հանցավոր արդյունքին հասնելու մեկ միասնական դիտավորությամբ, առանց շուկայում նույնատիպ ապրանքի գնի համեմատական վերլուծության, ձևականորեն կատարված սակարկությունների արդյունքում փոխադարձ պայմանավորվածությամբ մեկ միավոր հրթիռի գինը սահմանել են 1.100 ԱՄՆ դոլար և, հաշվի չառնելով ՊՆ-ում նույնատիպ հրթիռներ ձեռք բերելու իրական պահանջարկը, ներկայացրել է մեծ քանակությամբ հրթիռների գնման հայտ: Ընդ որում, պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցնելով փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալներին՝ դրանում նշելով նաև ձեռք բերվող ապրանքը «երկրորդ կարգ» պահանջին համապատասխանելու վերաբերյալ նշում, որպիսի պայմանները հնարավորություն է ընձեռնել անտեսել օրացույցային ժամկետները և դրա արդյունքում ընկերության հետ կնքվել է հրթիռները 2,277,323,840 ՀՀ դրամով ձեռք բերելու վերաբերյալ պայմանագիր: Շարունակելով իր գործողությունները՝ նույն պաշտոնատար անձը, չիրականացնելով ապրանքի զննում և փորձարկում, իր նախագահությամբ գործող հանձնաժողովի կողմից կազմված պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող նյութական միջոցների ընդունման ակտում, կազմված պայմանագրի կամ դրա մասի կատարման արդյունքների վերաբերյալ եզրակացությունում ներառել է անհամապատասխանություններ չլինելու, բոլոր ապրանքները տեխնիկական բնութագրերին համապատասխան լինելու վերաբերյալ բովանդակությամբ կեղծ տեղեկություններ և տվել դրական եզրակացություն, որի արդյունքում ՀՀ զինված ուժերի կենտրոնական պահեստ են ընդունվել օրացույցային ժամկետներն անցած, տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող, երկարատև պահպանման համար ոչ պիտանի, շուկայական արժեքից էականորեն բարձր գնով հրթիռներ, որի հիման վրա մատակարար ընկերության հաշվին անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումար: Հիշատակված գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 2,277,323,840 ՀՀ դրամի վնաս, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ, այն է՝ խաթարվել է զինված ուժերի բնականոն գործունեությունը, ՀՀ ՊՆ-ին հատկացված միջոցների հաշվին ձեռք են բերվել տեխնիկական բնութագրին և ՀՀ սպառազինության պահանջմունքներին չհամապատասխանող, շուկայական արժեքից էականորեն թանկ, շահագործման համար պիտանելիության ժամկետները սպառված հրթիռներ, ինչի վկայությունն է նաև այն, որ մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ: Նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով ՀՀ զինված ուժերի նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը ձերբակալվել է: Նա ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու, կատարված հանցագործությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:33 - 25 սեպտեմբերի, 2021