ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Կառավարությունը ոչ նպատակահարմար է համարում երկու գերիների վերադարձի մասով հայտարարություն անելը |hetq.am|

Կառավարությունը ոչ նպատակահարմար է համարում երկու գերիների վերադարձի մասով հայտարարություն անելը |hetq.am|

hetq.am: 2021 թվականի սեպտեմբերի 7-ին «Հետք»-ը գրել էր, որ Բաքուն Հայաստանին է վերադարձրել հուլիսի 14-ին Սյունիքի Իշխանասար լեռան շրջանում մոլորված երկու զինծառայողներին՝ մայոր Արթուր Նալբանդյանին և Արամայիս Տոռոզյանին։ Փոխարենը Հայաստանը Ադրբեջանին էր փոխանցել օգոստոսի 25-ին Մարտակերտում ձերբակալված Ջամիլ Բաբաևին։ Գերիների փոխանակումը սովորական գործընթաց կլիներ, եթե աչքի չընկներ այն հանգամանքը, որ պետական որևէ մարմին պաշտոնապես հաղորդագրություն չտարածեց նրանց վերադարձի վերաբերյալ։ Այդ նպատակով սեպտեմբերի 8-ին հարցում էինք արել Կառավարությանը՝ հասկանալու, թե ինչու պետական որևէ գերատեսչություն, որը պատասխանատու է գործընթացի կամ գերիների վերադարձի համար, պաշտոնապես հաղորդագրություն չէր տարածել նախօրեին տեղի ունեցած փոխանակման վերաբերյալ։ Մասնավորապես, Կառավարությունից հարցրել էինք, թե Հայաստանի Հանրապետությունում ո՞ր պետական կառույցն է զբաղվում գերիների վերադարձով։ Ըստ Կառավարության պատասխանի, որն ստորագրված է Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանի անունով, գործընթացով զբաղվում և բանակցություններ է վարում Ազգային անվտանգության ծառայությունը։  Այն հարցերին, թե ինչու պետական որևէ գերատեսչություն պաշտոնական հաղորդագրություն չտարածեց գերիների վերադարձի մասին կամ ինչու չհրապարակվեցին նրանց անունները, Կառավարությունը նշում է, որ գործընթացի առանձնահատկությունների հետ կապված որևէ պետական մարմնի կողմից նման բնույթի հաղորդագրություն տարածելը տվյալ պարագայում գտնվել է ոչ նպատակահարմար, և համապատասխան տեղեկատվությունը տրամադրվել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը։  Կառավարությունը չի մեկնաբանում ադրբեջանցի գերու վերադարձի մասին փաստը, ինչպես նաև չի մանրամասնում գերիների փոխանակման և վերադարձի վերաբերյալ բանակցությունների առանձնահատկությունները՝ նշելով, որ դրանք հրապարակման ենթակա չեն։ Կառավարությունից նշում են, որ հայ երկու գերիների վերադարձը Հայաստան կազմակերպվել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հրամանատարության կողմից։  Շարունակությունը՝ hetq.am կայքում
14:47 - 25 սեպտեմբերի, 2021
Արշակ Կարապետյանն ընդունել է Ռուստամ Մուրադովին․ վերջինս ներկայացրել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար Գենադի Անաշկինին

Արշակ Կարապետյանն ընդունել է Ռուստամ Մուրադովին․ վերջինս ներկայացրել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար Գենադի Անաշկինին

2021թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին և գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Հանդիպմանը Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ներկայացրել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, ՌԴ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին՝ նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքում: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել խաղաղապահ ուժերի արդեն նախկին հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին՝ պաշտոնավարման ընթացքում պատշաճ ծառայության համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Կողմերը բարձր են գնահատել Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը և գոհունակություն հայտնել Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության կապակցությամբ: Կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:
14:07 - 25 սեպտեմբերի, 2021
Պաշտպանության նախարարն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանին

Պաշտպանության նախարարն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանին

Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Գալագերին, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։  Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է սահմանային իրավիճակը` նշելով ադրբեջանական կողմից իրադրությունը ապակայունացնելուն միտված գործողությունների մասին: Դեսպան Գալագերը նշել է, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման նախաձեռնություններին և շարունակելու է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:  Քննարկվել են նաև պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ ընթացող ծրագրերը՝ հնարավորության դեպքում նախաձեռնելով փոխգործակցության նոր ուղղություններ:
19:57 - 24 սեպտեմբերի, 2021
Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ–ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին, քննարկվել են նաև անհայտ կորածների ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր

Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ–ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին, քննարկվել են նաև անհայտ կորածների ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր

Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար պարոն Թիերի Ռիբոյին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Շնորհավորելով Արշակ Կարապետյանին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Թիերի Ռիբոն բարձր է գնահատել երկու կառույցների միջև արդյունավետ համագործակցությունը, հույս հայտնելով, որ հետագայում համատեղ իրականացվող ծրագրերը ձեռք կբերեն էլ ավելի բարձր որակական մակարդակ: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են 2020թ. 44-օրյա պատերազմի արդյունքում գերեվարված անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկվել են անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ՀՀ զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցառումների և այդ ոլորտում ուսումնական ծրագրերի իրականացումը։
13:43 - 24 սեպտեմբերի, 2021
Արշակ Կարապետյանը հանձնարարել է ուշադրություն դարձնել զինված ուժերում բջջային կապից օգտվելու հրամանի պահանջների կատարմանը

Արշակ Կարապետյանը հանձնարարել է ուշադրություն դարձնել զինված ուժերում բջջային կապից օգտվելու հրամանի պահանջների կատարմանը

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ սեպտեմբերի 22-ին անցկացվել է զինված ուժերում ձմռան նախապատրաստական աշխատանքներին նվիրված հավաք-խորհրդակցություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը, տեսակապի միջոցով, մասնակցել և քննարկվող թեմայի վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել բանակային զորամիավորումների հրամանատարները։ Պաշտպանության նախարարը հրահանգել է հետևողական լինել կատարվող աշխատանքների հարցում և ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` ձմռան ընթացքում պատշաճ ծառայության կազմակերպման համար: Արշակ Կարապետյանը նաև հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել զինված ուժերում բջջային կապից օգտվելու համապատասխան հրամանի պահանջների կատարմանը։
22:27 - 22 սեպտեմբերի, 2021
Զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմում մշակված նախագծերի փաթեթն ուղարկվել է Ազգային ժողով

Զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմում մշակված նախագծերի փաթեթն ուղարկվել է Ազգային ժողով

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակված նախագծերի փաթեթն ուղարկվել է Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, այդ թվում՝ ոլորտային հանձնաժողովներ և խմբակցություններ, ինչպես նաև Պաշտպանության նախարարություն: Փաթեթին կցված են նաև նախագծերի ընդունման հիմնավորումները: Նախագծերի փաթեթն ուղարկվել է վերոհիշյալ հաստատություններ՝ հաշվի առնելով, որ նոր են ձևավորված Կառավարությունն և ԱԺ-ի մարմինները։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկած արտոնություններից են, օրինակ՝ • աշխատանքի պահպանման նախապատվության իրավունքը • չվճարվող արձակուրդի տրամադրման պարտադիր կարգը. • ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության արտոնությունը. • զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվելու առաջնահերթության իրավունքը և այլն։ Զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների համար Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշակած արտոնությունների ընդունումը կունենա սոցիալական կարևոր նշանակություն եւ կնպաստի զինվորական ծառայության հեղինակության աճին։  Առաջարկվող արտոնությունները նաև կբարձրացնեն ծառայություն անցնող կամ անցած զինծառայողների կարգավիճակը: Ներկայացվող առաջարկությունների իրական շահառուներ կարող են լինել տարբեր կատեգորիայի զինծառայողներ կամ նրանց ընտանիքների անդամներ, այդ թվում՝ ա) ժամկետային պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայություն անցած կամ անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները, բ) ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներ, գ) ՀՀ պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներ, նրանց և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, դ) ՀՀ կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցած կամ մասնակցող անձինք կամ նրանց ընտանիքների անդամներ և այլն: Նախագծերի փաթեթն առավել կարևոր է դառնում հատկապես հետպատերազմական շրջանում, երբ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների երաշխավորումը, ամրապնդումն ու պաշտպանությունն առաջնահերթ հրամայականն է: Պետք է ամեն կերպ արժևորել զինվորական ծառայությունը, իսկ առաջարկվող արտոնությունները կնպաստեն, որպեսզի բանակում ծառայությունը դառնա ավելի գրավիչ նաև հենց ծառայության մեջ գտնվողների և նրանց ընտանիքների համար: Նշենք, որ նախագծերի հիման վրա 2021 թվականին հրապարակվել է նաև արտահերթ զեկույց՝ հաշվի առնելով համապատասխան միջազգային փորձը։
12:32 - 22 սեպտեմբերի, 2021
ՀՀ արևելյան և հարավարևելյան սահմանի ամբողջ երկայնքով շարունակվում են ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները

ՀՀ արևելյան և հարավարևելյան սահմանի ամբողջ երկայնքով շարունակվում են ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները

ՀՀ արևելյան և հարավարևելյան սահմանի ամբողջ երկայնքով շարունակվում են ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները՝ հատուկ մշակված գործողություններով։ Այս մասին հայտնում է ՊՆ-ն: Մարտական խնդիրների ընթացքն ու հաջորդականությունը, փոխգործակցության կարգը ճշգրտելուց հետո հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցել են իրենց առաջադրված ուսումնամարտական խնդիրների կատարմանը։ Կազմակերպվել են հատուկ մարտավարական մարզումներ՝ մարտական իրավիճակին հնարավորինս մոտ պայմաններում։ Իրականացվել են դարանակալման, հարձակման, պայմանական հակառակորդի կարևոր օբյեկտների հայտնաբերման ու ոչնչացման, նպաստավոր դիրքեր զբաղեցնելու և զորավարժության պլանով նախատեսված այլ գործողություններ։ Մեկ այլ ուղղությամբ անձնակազմը հաղթահարելով բարդ տեղանքը՝ հարձակվել է հակառակորդի հատուկ պահպանվող ռազմավարական օբյեկտի վրա, ոչնչացրել կենդանի ուժը, առգրավել փաստաթղթերն ու սպառազինությունը և վերադարձել։ Անցկացվող զորավարժությունների ընթացքը վերադաս հրամանատարությունը գնահատել է լավ․ ստորաբաժանումների գործողությունները ներդաշնակ են և սրընթաց, մարտական ոգին՝ բարձր։
16:20 - 16 սեպտեմբերի, 2021
Նիկոլի պնդումը՝ ՀՀ կողմից իր պետական սահմանների որոշման և տեղորոշման մասին, պաշտոնական մակարդակով արված հանցավոր կեղծիք է․ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյան

Նիկոլի պնդումը՝ ՀՀ կողմից իր պետական սահմանների որոշման և տեղորոշման մասին, պաշտոնական մակարդակով արված հանցավոր կեղծիք է․ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․   «Երեկ Նիկոլը հերթական անգամ հասկացնում էր, որ Ադրբեջանի հետ բանավոր պայմանավորվել է, այսպես կոչված սովետական Ադրբեջանի արհեստական սահմանները վերականգնելու հարցում։ Ինչո՞ւ բանավոր, որովհետև այդ մասին երբևէ խոսք չի եղել արցախյան կարգավորման բանակցային գործընթացում։Այդ մասին բառ անգամ չկա 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ կապիտուլյացիոն հայտարարության մեջ։ Այդ մասին ակնարկ չկա նաև 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ։ Կոմունիկացիաների բացումը դեռևս չի նշանակում, որ քեզ թշնամի համարող պետությունը, երբ կամենա, որտեղ կամենա պետք է տեղակայի իր ուժային կառույցները, և վորահսկողության տակ առնի իրեն հարմար ճանապարհներն ու տարածքները։ Դա կարող է տեղի ունենալ միայն պետական սահմանների վերջնական ճշգրտման, այսինքն՝ սահմանազատման և սահմանագծման արդյունքում։ Քանի դեռ այն արված չէ, որևէ մեկը, այդ թվում նաև Նիկոլը, իրավունք չունի որևէ տարածք համարել ադրբեջանական, թուրքական, հռոմեական կամ մոնղոլ-թաթարական։ 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ (բացառությամբ Աղդամի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների) հստակ գրված է, որ կողմերի զորքերը կանգ են առնում այնտեղ որտեղ գտնվում են լիակատար հրադադարի պահին։ Այսինքն՝ դա ենթադրում է, որ (ըստ 2021թ. հունվարի 11-ի հայտարարության) հետագա սահմանազտման աշխատանքների արդյունքում և միայն միջպետական համաձայնագրով կարող են պետական հանձնաժողովները համաձայնվել վերջնական սահմանանշման շուրջ։ Այնինչ, մինչև սահմանազատումը, Նիկոլն արագ դուրս բերեց զորքերը նաև Կովսականի և Սանասարի շրջաններից, բացելով թշնամու ճանապարհը դեպի Հայաստան։ Ո՞վ է թույլ տվել Նիկոլին, ինքնագլուխ կերպով այդպես անփույթ և թշնամաբար վերաբերվել Հայաստանի պետական սահմաններին։ Ընտրողնե՞րը, իհարկե ո՛չ։ Նրան չեն ընտրել Նիկոլին, որ Ադրբեջանի շահերը սպասարկի։ Իսկ նա կրկին խաբում է միամիտ և խճճված մարդկանց։ Երեկ էլ ԱԺ-ում կեղծում էր 2010թ. «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի իմաստն ու բովանդակությունը, փորձելով իր նենգ բնավորության համաձայն, մեղքը բարդել «նախկինների» վրա։ Կապիտուլյանտի կողմից շարունակ կրկնվող կեղծ պնդումները թութակի պես կրկնում են նաև նրա թիմի որոշ անդամները: Այն, ինչ ասում է Նիկոլը, «ֆեյք նյուզի» դասական օրինակ է, որովհետև «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը ընդունվել է ոչ թե 2010թ-ին (Սերժ Սարգսյանի օրոք), այլ դեռես 1995թ-ին (Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք)։ Դրանով Նիկոլը փորձում է ստել, իբրև թե «նախկինների» (ՀՀԿ) օրոք է որոշվել Ադրբեջանի հետ պետական սահմանը։ Իրականությունն այն է, որ ՀՀ-ն 1995թ-ին ընդունված և 2010թ.-ին արված փոփոխություններով, Ադրբեջանի հետ պետական սահման չի որոշել կամ տեղորոշել, որովհետև այդ օրենքը ոչ մի կապ չունի պետական սահմանների որոշման հետ։ Ինչպես հուշում է դրա անունը, այն Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին է, այսինքն՝ դրանով ամրագրվում և նկարագրվում է ոչ թե երկրի արտաքին-պետական, այլ ներքին սահմանները՝ համայնքների (քաղաք, գյուղ) միջև: Իսկ պետական սահմանի վերաբերյալ գործում է «Պետական սահմանի մասին» օրենքը, որն ընդունվել է 2001թ. : Այս օրենքում ասվում է. «Պետական սահմանը որոշվում է ՀՀ միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենքով, իսկ պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կատարվում է ՀՀ միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենքով: Անկախությունից ի վեր Հայաստանն Ադրբեջանի հետ ՉԻ ԿՆՔԵԼ պայմանագիր պետական սահմանի որոշման կամ տեղորոշման մասին, այդ հարցը բաց է: Այսինքն՝ երեկ ԱԺ-ում Նիկոլի արած պնդումը Հայաստանի կողմից իր պետական սահմանների որոշման և տեղորոշման մասին՝ պաշտոնական մակարդակով արված հանցավոր կեղծիք է»։
13:35 - 16 սեպտեմբերի, 2021
ՊՆ-ն ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող հակառակորդի անձնակազմի անհատական եւ քանակական հաշվառում չի իրականացնում

ՊՆ-ն ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող հակառակորդի անձնակազմի անհատական եւ քանակական հաշվառում չի իրականացնում

ՀՀ պաշտպանության նախարարությունը ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող հակառակորդի անձնակազմի անհատական եւ քանակական հաշվառում չի իրականացնում։ Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են պաշտպանական գերատեսչությունից։ Արդեն 4 ամիս է՝ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում են։ Նրանց տեղակայման վայրի, մեր տարածք ներթափանցման խորության, թվի մասին պաշտոնական տեղեկատվությունը գրեթե բացակայում է։ Միայն մի քանի հայտարարություններ են հնչել այս ամիսների ընթացքում․ մայիսի 13-ին, օրինակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՀ սահմաններից ներս գտնվում են շուրջ 250 ադրբեջանցիներ, իսկ նույն ամսվա 20-ին նա այլ թիվ էր ասել՝ 500-600։ Մոտ մեկ ամիս անց՝ հունիսի 22-ին, ՀՀ ՊՆ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հայտարարել էր, որ ՀՀ տարածքում գտնվում են շուրջ 1000 ադրբեջանցիներ։  Պաշտոնական հստակ տեղեկատվության բացակայության ֆոնին Infocom-ը նախ հուլիսի 22-ից գրավոր հարցումներ էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տեղեկություն տրամադրել կոնկրետ օրվա դրությամբ (հուլիսի 22 - օգոստոսի 12) ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանցիների թվի, նրանց տեղակայման վայրի մասին  Պաշտպանական գերատեսչությունը մերժել էր տեղեկություն տրամադրել՝ հիմք ընդունելով մի շարք իրավական ակտերի դրույթներ եւ պնդելով, որ հայցված տեղեկությունները գաղտնիք են պարունակում։ Նախարարության պատասխանի համաձայն՝ այդ տեղեկությունների բացահայտումն ուղղակիորեն կարող է հանգեցնել պետական գաղտնիք հանդիսացող՝ ԶՈՒ կիրառման եւ օպերատիվ ծրագրերի, ռազմավարական ծավալման, պաշտպանության եւ անվտանգության ապահովման նպատակով ենթակառուցվածքն օգտագործելու հետ կապված, ինչպես նաեւ հետախուզական բնույթի տեղեկությունների բացահայտման: Քանի որ ՊՆ-ն գաղտնիք պարունակելու հիմքով չէր տրամադրել հակառակորդի զորքի թվի մասին տեղեկություններ, մեկ այլ հարցմամբ խնդրեցինք հստակեցնել՝ Փաշինյանի եւ ԳՇ պետի՝ ավելի վաղ արված հայտարարությունները, որոնք պարունակում էին տվյալ պահի դրությամբ ադրբեջանցիների թվի մասին տեղեկություններ, արդյոք համարվո՞ւմ են գաղտնիք պարունակող, եւ այդ թվերի հրապարակումը համարվո՞ւմ է գաղտնիքի բացահայտում, թե՞ ոչ։  Նախարարությունից պատասխանել են, որ նշված հայտարարություններում գաղտնիքի տարր պարունակող արտահայտություններ չկան, իսկ հայտարարությունը գաղտնիքի բացահայտում չի համարվում, քանի որ չի վնասում ՀՀ եւ ՀՀ ԶՈՒ անվտանգությունը։ Առաջնորդվելով վերոբերյալ պատասխանով՝ ՊՆ-ին խնդրեցինք տեղեկություն տալ մայիսի 13-ի (հակառակորդի զորքի թվի մասին Փաշինյանի առաջին հայտարարության օրը) եւ հունիսի 22-ի (հակառակորդի զորքի թվի մասին ԳՇ պետի հայտարարության օրը), ապա նաեւ այդ օրերի միջեւ ընկած ամսաթվերի դրությամբ ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցիների թվի մասին, քանի որ, փաստացի, այդ ընթացքում արդեն բարձրագույն ղեկավարության ներկայացուցչի եւ պաշտպանական կառույցի ղեկավար կազմի ներկայացուցչի հայտարարություններում թվեր հնչել էին։ Այս դեպքում, պարզվում է, ՊՆ-ն չի համարում, որ մեր հայցած տեղեկությունների տրամադրումը կարող է հանգեցնել գաղտնիք պարունակող՝ վկայակոչված տեղեկությունների բացահայտման, այլեւ ՊՆ-ն առհասարակ չի էլ հաշվում ու արձանագրում, թե մեր ինքնիշխան տարածքում որ օրվա դրությամբ հակառակորդի քանի զինծառայող կա։  Այսպիսով, Պաշտպանության նախարարությանը նախ լրացուցիցիչ ժամանակ անհրաժեշտ եղավ՝ հայտնելու, որ ՀՀ սուվերեն տարածք ներթափանցած ադրբեջանցիների թվի ու նրանց տեղակայման վայրի մասին տեղեկությունները գաղտնիք են պարունակում, եւ որ դրանց տրամադրումը կարող է բացահայտել ԶՈՒ կիրառման, ռազմավարական ծավալման, պաշտպանության եւ անվտանգության ապահովման նպատակով ենթակառուցվածքն օգտագործելու ու հետախուզական բնույթի տեղեկություններ։  Այնուհետեւ ՊՆ-ն հայտնեց, որ հակառակորդի զինվորների թվի մասին պաշտոնյաների հայտարարություններում գաղտնիք չկա, եւ այդ հայտարարությունները չեն վնասում ՀՀ եւ ՀՀ ԶՈՒ անվտանգությունը։ Իսկ երբ խնդրեցինք տալ այդ հայտարարությունների եւ դրանց միջեւ ընկած օրերի դրությամբ հակառակորդի զորքի թվի մասին տեղեկություն, ՊՆ-ն մեր հարցմանը պատասխանեց, որ այդպիսի թիվ չունի։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ վարչապետն ու ԳՇ պետը ի՞նչ հիմքով են հնչեցրել շուրջ 250, 500-600 եւ շուրջ 1000 թվերը, եւ ինչու է մի դեպքում կոնկրետ օրվա դրությամբ տվյալը համարվում գաղտնի, մի դեպքում՝ ոչ, եւ մեկ այլ դեպքում՝ անհայտ։ Հայարփի Բաղդասարյան
19:56 - 15 սեպտեմբերի, 2021