Նոբելյան մրցանակակիր Մուրատովը վաճառել է մեդալը $103,5 միլիոնով՝ ուկրաինացի երեխաներին օգնելու համար
Ռուսական «Նովայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովի նոբելյան մեդալը վաճառվել է $103,5 միլիոնով։ Մուրատովը խաղաղության նոբելյան մրցանակակիր էր դարձել 2021 թ-ին, հայտնում է Meduza-ն։
Աճուրդն անցկացրել է ամերիկյան Heritage Auctions աճուրդի տունը հունիսի 20-ի երեկոյան Նյու Յորքում։ Գնորդի անունը չի նշվում։
Մեդալի վաճառքից ստացված ամբողջ գումարն ուղղվելու է ՅՈւՆԻՍԵՖ-ի հումանիտար առաքելության աջակցությանը, որն օգնություն է ցուցաբերելու ուկրաինացի փախստական երեխաներին և նրանց ընտանիքներին։
Դմիտրի Մուրատովը ֆիլիպինցի լրագրող Մարիա Ռեսայի հետ միասին 2021 թ-ին դարձել էր խաղաղության նոբելյան մրցանակակիր։ Մրցանակի դրամական մասը Մուրատովը փոխանցել էր բարեգործական ընկերություններին։
Մեդալն աճուրդի դնելու որոշման մասին նա հայտարարել էր մարտի 22-ին։ Նրա խոսքով՝ այս որոշմանը կողմ են արտահայտվել «Նովայա գազետայի» բոլոր աշխատակցները։
Նորա Վանյան
16:49 - 21 հունիսի, 2022