Գեղամ Ստեփանյան

Գեղամ Ստեփանյանն Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան է (ՄԻՊ), այդ պաշտոնում ընտրվել է 2021 թ․ մարտին։

2014թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

2014-2016թթ. սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն» մագիստրոսական ծրագրում:

2016 թ. դեկտեմբերից մինչև 2020 թ. մայիս աշխատել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովում՝ որպես ԱԺ նախագահի օգնական:

2016-2019 թթ. դասավանդել է Արցախի պետական համալսարանի Պատմության և քաղաքագիտության ամբիոնում:

2020 սեպտեմբերից 2021թ մարտ աշխատել է Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմում:

Չարեքտար համայնքում ամբողջությամբ խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը․ Արցախի ՄԻՊ

Չարեքտար համայնքում ամբողջությամբ խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը․ Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Գեղամ Ստեփանյանն ահազանգում է, որ Չարեքտար համայնքում առկա են բնականոն կյանքի կազմակերպման խնդիրներ։ Թեմայի վերաբերյալ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է հետևյալը։ «2020 թվականի թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետության Չարեքտար համայնքում ամբողջությամբ խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը։ Հետպատերազմյան իրավիճակում՝ համայնքի ճակատագրի անորոշության պայմաններում, համայնքի մի շարք բնակիչներ, հրդեհելով իրենց տները, հեռացել են գյուղից։ Համայնքի կարգավիճակի հստակեցումից հետո հրդեհված բնակարանները վերանորոգելու աշխատանքներ են նախաձեռնվել, որոնք այսօր կամ չեն իրականացվում, կամ էլ ընթանում են դանդաղ՝ հնարավորություն չընձեռելով համայնքի բնակիչներին վերադառնալու իրենց բնակավայր։ Համայնքում շատ լուրջ է արտահայտված անվտանգության հարցը, համայնքի հարակից բարձունքների վրա տեղակայված են ադրբեջանական զինված հենակետեր, որոնք անմիջական սպառնալիք են համայնքի բնակչության կյանքի և այլ կենսական իրավունքների ապահովման համար։ Գրանցվել են դեպքեր, երբ համայնքում ապրող սակավաթիվ բնակիչների խոշոր եղջերավոր անասունները հափշտակվել են ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։ Բնականոն կյանքի վերականգնման համար խիստ անհրաժեշտություն է համայնքի տարածքում անվտանգություն ապահովող ուժերի տեղակայումը, այդ թվում նաև գործուն համագործակցությունը ռուսական խաղաղապահ զորակազմի հետ։ Դպրոցի բացակայությունն ու անվտանգային հարցերը խոչընդոտում են համայքի բնակիչների վերադարձին։ Համայնքապետարանի շենքը դպրոցի վերակառուցելու աշխատանքները, որը նախատեսված է ավարտին հասցնելու 2022թ. հունվարին, ընթանում են շատ դանդաղ, որի հետևանքով այս պահին գյուղում բնակվող 6 դպրոցահասակ երեխաներ զրկված են կրթության իրավունքից։ Երեխաների ուսումնառությունը հարևան Գետավան համայնքի դպրոցում կազմակերպելու առաջարկը ծնողի կողմից մերժվել է անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ շաբաթական կտրվածքով մի քանի անգամ այդ նույն ճանապարհով անցնում են ադրբեջանական շարասյուները։ Համայնքի բնակիչների պնդմամբ մի քանի ընտանիքներ վերադարձել են համայնք, սակայն դպրոցի բացակայության պատճառով նորից թողել և հեռացել են։ Հարկ է նշել նաև, որ համայնքում այսօր ապրող մի քանի ընտանիքներ չեն օգտվում տարբեր կազմակերպությունների կողմից հատկացվող հումանիտար օգնությունից։ Ներկայումս համայնքում բնակվող քաղաքացիների կողմից այս հարցերը բարձաձայնվել են տարբեր խողովակներով, սակայն որևէ առաջընթաց չի արձանագրվել։ Կառավարության և տարածքային կառավարման մարմինների ուշադրությունն եմ հրավիրում բարձրացված խնդիրներին՝ ակնկալելով անհապաղ ու առարկայական միջոցառումներ Չարեքտարում համայնքի բնակիչների բնականոն կյանքն ապահովելու ուղղությամբ»:
17:54 - 23 դեկտեմբերի, 2021
Թաղավարդի բնակիչները զրկված են հարազատների շիրիմներին այցելելու հնարավորությունից. ԱՀ ՄԻՊ-ն ահազանգում է

Թաղավարդի բնակիչները զրկված են հարազատների շիրիմներին այցելելու հնարավորությունից. ԱՀ ՄԻՊ-ն ահազանգում է

Թաղավարդ համայնքի բնակիչների կողմից անցած մեկ տարվա ընթացքում անընդհատ բարձրաձայնվել է համայնքի գերեզմանատան հասանելիության հարցը, որը 2020 թվականի պատերազմի հետևանքով անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Այս մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ գերեզմանատունը գտնվում է համայնքի օկուպացված հատվածում, որը ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու համայնքի այն հատվածից, որում այսօր ապրում են Թաղավարդի բնակիչները։ «Մարդիկ իրավունք ունեն իրենց հարազատների հիշատակը հարգելու՝ այդ թվում նաև նրանց գերեզմաններին այցելելու հնարավորություն ունենալով։ Սակայն ադրբեջանական կողմը որևէ ըմբռնում չի դրսևորում և հնարավորություն չի ընձեռում համայնքի բնակիչներին։ Հումանիտար բնույթ կրող այս հարցի վրա եմ ուզում հրավիրել պետական մարմինների, ռուսական խաղաղապահ զորակազմի, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան և հումանիտար առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունը։ Ընդ որում այս կարևորագույն հարցը հավասարապես վերաբերում և մտահոգում է ոչ միայն Թաղավարդի բնակիչներին, այլև Արցախի օկուպացված տարածքների բոլոր բնակիչներին»։
14:49 - 15 դեկտեմբերի, 2021
Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը․ ԱՀ ՄԻՊ

Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը․ ԱՀ ՄԻՊ

Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը, որը, ի թիվս այլի, հաստատում է, որ ազգությամբ հայերի նկատմամբ ռասայական ատելությունն ու խտրականությունը հրահրվում և խթանվում են Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից։ Դատարանի որոշումը ապացուցում է Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության պետական քաղաքականության գոյությունը։ Մենք բազմիցս նշել ենք, որ հայերի դեմ Ադրբեջանի հարձակումները, ներառյալ խոշտանգումները, սպանությունները և անմարդկային վերաբերմունքը, իրականացվում են համաձայն կամ ի խթանումն հայերի հիմնարար իրավունքների համակարգային և լայնածավալ ոտնահարման ադրբեջանական պետական քաղաքականության։ Անցած տասնամյակների ընթացքում Ադրբեջանը ոչ միայն միտումնավոր կերպով չի ձեռնարկել գործողություններ հայերի դեմ հանցագործություններ կատարած անձանց պատժելու ուղղությամբ, ինչն ինքնին նշանակում է խրախուսել նման հանցագործությունները, այլև բացահայտ և միտումնավոր քաջալերել է հայերի դեմ ուղղված ցանկացած հանցավոր գործողություն: Ազգային կամ էթնիկ ծագմամբ հայերի նկատմամբ իրականացված հանցագործությունների լայնածավալ և համակարգային բնույթը, ներառյալ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների դեմ կոպտագույն ոտնձգությունները, ինչպես նաև նման պետական քաղաքականության առկայությունը Ադրբեջանի խտրական գործողությունները որակում են որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ»։
17:09 - 09 դեկտեմբերի, 2021
Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում բնակվող ՌԴ քաղաքացու նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ քրգործ է հարուցվել. Արցախի ՄԻՊ

Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում բնակվող ՌԴ քաղաքացու նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ քրգործ է հարուցվել. Արցախի ՄԻՊ

2021  թվականի  նոյեմբերի 22-ին մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ տեղեկություններ են ստացվել Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում բնակվող, Ռուսաստանի Դաշնության քաղաքացու նկատմամբ Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ-ը: «Սահմանված կարգով բողոքը ուսումնասիրելուց հետո «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` բողոք ներկայացրած անձի գրավոր համաձայնությամբ, որոշում է ընդունվել բողոքն այլ մարմնի՝ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության քննարկմանը փոխանցելու վերաբերյալ: Բողոք ներկայացրած անձը ծանուցվել է որոշման մասին: Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդման հիման վրա Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում 2021 թվականի նոյեմբերի 24-ին Քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ  մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու մարդու իրավունքների և ազատությունների լիակատար պաշտպանության, խոշտանգումների և այլ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման հարցում»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:
16:58 - 06 դեկտեմբերի, 2021
Կրակահերթերը լսվել են համայնքի բնակելի հատվածում, իսկ կիրառված զենքի գնդակներն անցել են բնակիչների այգիների միջով․ Արցախի ՄԻՊ-ը՝ Կարմիր Շուկայի ուղղությամբ կրակահերթերի մասին

Կրակահերթերը լսվել են համայնքի բնակելի հատվածում, իսկ կիրառված զենքի գնդակներն անցել են բնակիչների այգիների միջով․ Արցախի ՄԻՊ-ը՝ Կարմիր Շուկայի ուղղությամբ կրակահերթերի մասին

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել, որոնք տևել են 10-15 րոպե։ Կիրառվել են հիմնականում հրաձգային զինատեսակներ։ Ստացված պարզաբանումների համաձայն՝ կրակահերթերը լսվել են համայնքի բնակելի հատվածում, իսկ կիրառված զենքի գնդակներն անցել են բնակիչների այգիների միջով։ Կրակահերթերի հետևանքով մարդկային և նյութական վնաս պատճառելու դեպքեր չեն արձանագրվել։ Ադրբեջանական կողմը, խախտելով եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմը և բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, շարունակում է Արցախի ժողովրդի իրավունքների դեմ իր հանցավոր գործողությունները՝ ոտնձգելով առաջին հերթին խաղաղ բնակչության կյանքի իրավունքի և հոգեբանական ու ֆիզիկական անձեռնմխելիության դեմ։ Հրադադարի հաստատումից հետո բազմիցս հայտարարել ենք, որ նման հանցավոր գործողություններով ադրբեջանական կողմը նպատակ է հետապնդում ահաբեկելու Արցախում ապրող մարդկանց և վախի ու հուսալքության մթնոլորտ ձևավորելու միջոցով հասնելու Արցախի հայաթափմանը։ Ադրբեջանական կողմի հանցավոր գործողությունները զսպելու և դրանց կրկնությունը բացառելու, ինչպես նաև բնակիչների անվտանգության և իրավունքների պաշտպանության համար շարունակում է խիստ անհրաժեշտություն մնալ ադրբեջանական զինված հենակետերի անհապաղ հեռացումը Արցախի խաղաղ բնակավայրերի հարևանությունից և հրադադարի խախտման դեպքերի անաչառ հետաքննության մեխանիզմների ներդրումը»։
15:20 - 02 դեկտեմբերի, 2021
Շուրջ մեկ ամիս է՝ հաղորդակցության միջոցներն Արցախում գործում են լուրջ խափանումներով. ԱՀ ՄԻՊ

Շուրջ մեկ ամիս է՝ հաղորդակցության միջոցներն Արցախում գործում են լուրջ խափանումներով. ԱՀ ՄԻՊ

Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Արցախում  հաղորդակցության միջոցների խափանումներին։«Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում հեռահաղորդակցության միջոցների, մասնավորապես՝ բջջային կապի ու համացանցի խլացման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգել էր դեռևս սույն տարվա օգոստոսին։ Նույն հարցով ԱՀ իրավասու մարմինների և ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների հետ քննարկումների արդյունքում հարցը ներկայացվել է նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը, և վերջիններիս միջամտությամբ խլացումների խնդիրը, կարծես թե, կարգավորվել էր։Սակայն 2021 թվականի նոյեմբերի 9-ից սկսած Արցախի Հանրապետության օկուպացված Շուշի քաղաք Ադրբեջանի նախագահի այցից հետո խնդիրը նորից առաջացել է, և արդեն շուրջ մեկ ամիս է հաղորդակցության միջոցներն Արցախում գործում են լուրջ խափանումներով։ Խնդիրն առավել սուր է արտահայտված այն համայքներում, որոնք 2020 թվականի ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և Արցախի տարածքի օկուպացիայի հետևանքով հայտվել են շփման գծի հարևանությամբ։ Որոշ համայնքների պարագայում կապն ընդհանրապես բացակայում է։ Կասկած չկա, որ բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից օգտագործվող հաճախականությունների և տեխնիկական միջոցների վրա ներազդելու եղանակով։ Ադրբեջանն օգտագործում է ցանկացած մեթոդ Արցախի բնակչության իրավունքները ոտնահարելու և անհարմարություններ պատճառելու նպատակով: Կոնկրետ այս պարագայում ադրբեջանական կողմի գործողությունները խոչընդոտներ են ստեղծում Արցախի ժողովրդի՝ հեռախոսային կապից և հաղորդակցության այլ ձևերից օգտվելու ազատության և տեղեկացված լինելու իրավունքի համար։ Պատկան մարմինների և ռուսական խաղաղապահ զորակազմի ուշադրությունը կրկին հրավիրում եմ այս խնդրին, որը կարևոր է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, այլ հստակ կրում է հումանիտար բնույթ»,- գրել է ԱՀ ՄԻՊ-ը։
16:24 - 01 դեկտեմբերի, 2021
Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ․ Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ․ Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․«Նոյեմբերի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպման շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության և զինծառայողների շարունակվող նպատակային սպանությունները որակել է որպես «հատուկենտ, պատահական միջադեպեր»։ Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան պատահական միջադեպերի անվան տակ Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների լայնածավալ և համակարգային ոտնահարման՝ վերջին տասնամյակների ընթացքում իրականացվող քաղաքականության հերթական դրսևորումները քողարկելու փորձ։Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից հայերի վրա հարձակումները, այդ թվում՝ 2021 թվականի հոկտեմբերի 9-ին Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստի և 2021 թվականի նոյեմբերի 8-ին Շուշի քաղաքի մերձակայքում վերանորոգման աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձի սպանությունները, Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների գնդակոծությունները կրում են դիտավորյալ բնույթ և իրականացվել են՝ որպես հայերի նկատմամբ հետապնդումների ադրբեջանական քաղաքականության շարունակություն։Ադրբեջանական հետապնդումների քաղաքականությունը ծայրահեղ դաժանությամբ արտահայտվում է հատկապես, երբ Արցախի կամ Հայաստանի քաղաքացիները հայտնվում են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերին ագրեսիայի ընթացքում Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում մնացած բոլոր խաղաղ բնակիչները դաժանաբար սպանվել են Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։ Այն դեպքերում, երբ հնարավոր է եղել իրականացնել սպանվածների դատաբժշկական փորձաքննություններ, պարզվել է, որ նրանք մահից առաջ ենթարկվել են խոշտանգումների։ Որոշ դեպքերում խաղաղ բնակիչների սպանությունները նկարահանվել և տարածվել են ադրբեջանական սոցիալական ցանցերում՝ զոհերի հարազատներին առավելագույն հոգեբանական տառապանք պատճառելու և Արցախի բնակչությանն ու ընդհանրապես հայերին ահաբեկելու նպատակով։ Դաժան խոշտանգումների են ենթարկվել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայ զինվորականները, որոնցից շատերը ևս սպանվել են։ Փրկված մի քանի զինծառայողներն էլ ապօրինի դատապարտվել են Ադրբեջանում և շարունակում են պահվել այդ երկրի իշխանությունների կողմից որպես պատանդ։Նման հանցավոր քաղաքականության առաջին զոհն է դարձել Ադրբեջանում բնակվող հայությունը դեռևս խորհրդային տարիներին։ Ադրբեջանական իշխանությունների կողմից 1988-1990 թվականներին կազմակերպված տեղահանումները, որոնք ուղեկցվում էին զանգվածային սպանություններով, խոշտանգումներով և ջարդերով, հիմք դրեցին հայերին հետապնդելու ադրբեջանական քաղաքականությանը, որը շարունակվում է ցայսօր։ 1991 թվականին Ադրբեջանի իշխանություններն արդեն սկսել էին հայերի արտաքսումը Արցախից «Օղակ» գործողության շրջանակներում, որը դարձավ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հետագա լայնածավալ ագրեսիայի նախաբանը։ Լայնածավալ պատերազմն Արցախի Հանրապետության դեմ, որը տևեց մի քանի տարի՝ մինչև 1994 թվականը, Ադրբեջանի կողմից հայերին իրենց հողերից վերջնականապես վտարելու փորձ էր։Ինչպես 2020 թվականի ագրեսիայի ընթացքում, այնպես էլ 1990-ականների ռազմական գործողությունների ժամանակ, ադրբեջանցի զինծառայողները խոշտանգել և սպանել են իրենց վերահսկողության տակ հայտնված հայերին։ 1992 թվականին Արցախի Մարտակերտի շրջանի հայկական Մարաղա գյուղի բնակիչների ջարդը դարձավ այս քաղաքականության ամենաողբերգական դրվագներից մեկը․ գյուղի 50 բնակիչ դաժանաբար սպանվել է, ևս 50-ը՝ գերեվարվել, այդ թվում՝ կանայք ու երեխաներ։ Նրանցից շատերի ճակատագրերը մինչ այսօր անհայտ է։Ադրբեջանցի զինծառայողները առանձնահատուկ դաժանությամբ են աչքի ընկել նաև 2016 թվականի ապրիլին Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի ժամանակ՝ խոշտանգումների և մահապատժի ենթարկելով ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ տարեց ամուսինների Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։Ադրբեջանի նախագահի հայտարարությունն Արցախում տեղի ունեցող միջադեպերի պատահական բնույթի մասին նպատակ ունի քողարկելու հայերի հետապնդման սեփական քաղաքականությունը։ Հենց ադրբեջանական իշխանությունների, այդ թվում՝ այդ երկրի նախագահի բացահայտ և միտումնավոր խրախուսմամբ է իրականացվել հայերի դեմ ուղղված ցանկացած հանցավոր գործողություն, այդ թվում՝ սպանությունները։ Ամենավառ օրինակներից են քնած հային սպանած Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, ինչպես նաև 2016թ. ագրեսիայի ժամանակ հայի գլուխը կտրած և այն ադրբեջանական գյուղերում ցուցադրած ադրբեջանցի զինծառայողի՝ անձամբ նախագահի կողմից պարգևատրումը։ Ադրբեջանում հանցագործություններն անպատիժ թողնելը, այդ թվում հայերի կանխամտածված սպանությունները, ինչպես նաև հանցագործներին պարգևատրելը, Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայատյացության քաղաքականության ամենաակնառու վկայությունն է։Հայերի հետապնդումները, որոնք դրսևորվում են զանգվածային սպանությունների, տեղահանությունների, խոշտանգումների և այլ անմարդկային արարքների տեսքով, կրում են լայնածավալ և համակարգված բնույթ և իրականացվում են Ադրբեջանի զինված ուժերի անդամների և այդ երկրի այլ գործակալների կողմից կանխամտածված՝ գոյություն ունեցող քաղաքականությանը համապատասխան կամ այն առաջ տանելու նպատակով»։
17:37 - 29 նոյեմբերի, 2021
Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է զեկույց հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական ապօրինի հետապնդումների և դատավարությունների վերաբերյալ

Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է զեկույց հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական ապօրինի հետապնդումների և դատավարությունների վերաբերյալ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է զեկույց Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց՝ կեղծ մեղադրանքների վրա հիմնված հետապնդումների և դատավարությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՄԻՊ աշխատակազմը: Զեկույցում ներկայացված են տվյալներ հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց նկատմամբ կազմակերպված շինծու և անօրինական դատավարությունների վերաբերյալ, ինչը «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» և «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիաների կոպտագույն խախտում է։ Կազմակերպված 45 ապօրինի, անհիմն ու շինծու դատավարությունների հետևանքով 3 անձ (մեկը քաղաքացիական) դատապարտվել է 20 տարվա, 2 անձ՝ (քաղաքացիական) 15 տարվա, 23 անձ՝ 6 տարվա, 2 անձ՝ 4 տարվա, 13 անձ՝ 6 ամսվա ազատազրկման։ 2 հայ ռազմագերիների նկատմամբ շինծու քրեական գործերի նյութերն գտնվում են Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում։ Իրականացվող ապօրինի դատավարությունների ենթարկված հայ ռազմագերիներից 5-ը 2021թ․ հոկտեմբերի 19-ին հայրենադարձվել են։ Սակայն այս պահին Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով դատապարտված են 40 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք։ Զեկույցը հասանելի է անգլերեն լեզվով՝ այստեղ:
17:15 - 23 նոյեմբերի, 2021
Արցախի խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել

Արցախի խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել

Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նոյեմբերի 16-ին Արցախի Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Արցախի նախագահի նախաձեռնությամբ Արցախի Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ, որը նախագահում էր ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը։ Նիստի քննարկմանն էր ներկայացվել  ««Զենքի մասին» օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը։ Նախագծերը ներկայացնելիս  Արցախի ՆԳՆ ոստիկանության պետ Արտեմ Հարությունյանը տեղեկացրել է, որ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հանձնաժողովի նիստում պատգամավորների հնչեցրած երկու առաջարկություն ընդունվել և ներառվել է փաթեթում։ Օրենքների նախագծերի փաթեթը նախօրեին քննարկվել  և արժանացել էր գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությանը։ Մտքերի փոխանակությամբ հանդես է եկել «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։ Հաջորդիվ խորհրդարանը 27 ձայնով կողմ է քվեարկել նախագծերի փաթեթին։
13:32 - 16 նոյեմբերի, 2021
Արցախի օմբուդսմենը կոչ է անում չհանրայնացնել Նորայր Միրզոյանի և նրա անձնական ու ընտանեկան կյանքի մասին տեղեկությունները

Արցախի օմբուդսմենը կոչ է անում չհանրայնացնել Նորայր Միրզոյանի և նրա անձնական ու ընտանեկան կյանքի մասին տեղեկությունները

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այսօր՝ նոյեմբերի 15-ի առավոտյան այցելել է Նորայր Միրզոյանին, որը, Արցախի իրավապահների հաղորդմամբ, նոյեմբերի 13-ին Շուշի քաղաքի անցակետի մոտ, «ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան պայթուցիկ սարք էր նետել անցակետի հատվածում»։ Հիշեցնենք, որ այդ միջադեպից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել էր, վիրավորվել էր երեք ադրբեջանցի զինծառայող։ Գեղամ Ստեփանյանի հաղորդմամբ, Նորայր Միրզոյանը կալանավորված կամ ձերբակալված չէ և գտնվում է բուժհիմնարկում` բժիշկների հսկողության տակ: «Հետաքրքրվել եմ առողջական վիճակով և հավաստիացել, որ ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։ Այնուհետև հանդիպել եմ նաև Ն. Միրզոյանի ընտանիքի անդամների հետ, ովքեր հայտնել են, որ կապը նրա հետ պահպանվում է: Հարազատների խնդրանքով կոչ եմ անում բոլորին դադարեցնել Ն.Միրզոյանի և նրա անձնական ու ընտանեկան կյանքի մասին տեղեկությունները հանրայնացնելու բոլոր գործողությունները, վստահեցնում եմ` դուք դրանով միայն վնասում եք Նորայրին և ավելորդ անհանգստություն պատճառում նրա ընտանիքին: Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկում է բոլոր միջոցները Ն.Միրզոյանի իրավունքների պատշաճ պաշտպանություն ապահովելու համար, ուստի այդ հարցում ինքնագործունեությունն ու անկշռադատ քայլերը ցանկալի չեն»,- ասված է Արցախի ՄԻՊ-ի հայտարարության մեջ:
16:52 - 15 նոյեմբերի, 2021