Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ։

Վահագն Գառնիկի Խաչատուրյան (ապրիլի 22, 1959, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար։

1982-1992 թթ.- գիտամանկավարժական գործունեություն Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

1990-1995 թթ. - Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22 - Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ[2]։

1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

1996-1998 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական։

2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ։

2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։

2008-2013 թթ. - Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ։

Այսօրվա ձեր գիտելիքն է մեր պետության զարգացման, հզորացման կարևոր գրավականներից մեկը. ՀՀ նախագահի ուղերձը

Այսօրվա ձեր գիտելիքն է մեր պետության զարգացման, հզորացման կարևոր գրավականներից մեկը. ՀՀ նախագահի ուղերձը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որում ասված է. «Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ, Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Կրթությունն ու գիտելիքն այն մնայուն արժեքներն ու հենասյուներն են, որոնք երաշխավորում են ազատ ու ստեղծագործ մարդու, քաղաքացու ձևավորումը, որոնց վրա էլ կերտվում են անկախ, հզոր ու կայացած պետականությունները, որովհետև հենց ազատ մտածող, արարող մարդն է հասարակության ու պետության ամրության հիմքը: Այսօր հազարավոր երեխաներ առաջին անգամ ոտք են դնում մանկապարտեզ ու դպրոց՝ սկսելով իրենց երկարատև ու հետաքրքիր ուղին գիտելիքների աշխարհում և այդ ճանապարհին բոլորիս՝ պետական պաշտոնյաների, մանկավարժների, ծնողների պարտքն ու պատասխանատվությունն է ապահովել մեր երեխաների համար սովորելու, ուսումնառության, գիտելիքներ ու մասնագիտություններ ձեռք բերելու անխափան երթը: Սիրելի սովորողներ, Սովորելով, կրթվելով ու գիտելիքներ ձեռք բերելով դուք կերտում եք ինչպես ձեր՝ որպես անհատի, այնպես էլ մեր երկրի ապագան, որովհետև այսօրվա ձեր գիտելիքն է մեր պետության զարգացման, հզորացման կարևոր գրավականներից մեկը: Միայն գիտելիքի միջոցով մենք կարող ենք հաղթահարել դժվարություններն ու տոնել հաջողություններ: Սիրելի, մանկավարժներ, ծնողներ ու սովորողներ, Կրկին շնորհավորում եմ Գիտելիքի օրվա կապակցությամբ, մաղթում եմ քաջառողջություն, շարունակական ձեռքբերումներ, ընտանեկան երջանկություն և հաջողություններ» :
10:32 - 01 սեպտեմբերի, 2023
Մենք շարունակում ենք նոր հնարավորություններ գտնել Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացման համար. Վահագն Խաչատուրյան

Մենք շարունակում ենք նոր հնարավորություններ գտնել Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացման համար. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հնդկաստանի ազգային պաշտպանության քոլեջի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիյային: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան: Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է. «Մեր բարեկամությունը դարերի պատմություն ունի և Հայաստանի անկախացումից հետո մենք շարունակելով այդ ավանդույթը և դիվանագիտական հարաբերություններ հաստատելով Հնդկաստանի հետ, ամեն ինչ արել ենք, որպեսզի մեր հարաբերությունները դինամիկ զարգացում ունենան:  Անցած տարում մենք նշեցինք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և հիմա էլ մենք շարունակում ենք նոր հնարավորություններ գտնել մեր հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման համար և այս առումով ևս Ձեր այցը կարևոր նշանակություն ունի»: Գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիյան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել է, որ ուրախ է Հայաստան այցելելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա սերտ համագործակցության հետագա զարգացման ուղղություններն ու ոլորտները: Շեշտվել է բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, գյուղատնտեսության, պաշտպանական և այլ բնագավառներում առկա փոխգործակցության մեծ ներուժի իրականացման կարևորությունը: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ռազմական կրթության ոլորտում փորձի փոխանակման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությանը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ընդհանուր իրողություններին ինչի կապակցությամբ նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է կայուն և հարատև խաղաղության հասնելու իր դիրքորոշման մեջ և շարժվում է այդ ուղղությամբ:
11:17 - 31 օգոստոսի, 2023
Կառավարությունը ձեռնամուխ է լինում ավելի խոշորամասշտաբ ծրագրերի իրականացման. վարչապետը և նախագահը հանդիպել են շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին

Կառավարությունը ձեռնամուխ է լինում ավելի խոշորամասշտաբ ծրագրերի իրականացման. վարչապետը և նախագահը հանդիպել են շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում են ունեցել շինարարության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ: Վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել ոլորտում առկա խնդիրները, դրանց վերաբերյալ մտահոգությունները, լսել ընկերությունների ներկայացուցիչների տեսակետներն ու առաջարկությունները: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այժմ Հանրապետությունում իրականացվում է մեծածավալ պետական շինարարություն և շինարարական հրապարակներ այցելելիս արձանագրում է, որ առկա են պլանավորված ժամկետների խախտումներ, երբեմն որակական խնդիրներ: «Ընդ որում, սա այն պայմաններում, երբ, եթե անկեղծ ասենք, մեր երկրում գործող շինարարական նորմերն այնպես չէ, որ համապատասխանում են բոլոր ժամանակակից չափանիշներին: Մենք ի սկզբանե մտածել և մտածում ենք, որ պետք է գնանք ստանդարտների բարձրացման ճանապարհով, բայց մյուս կողմից հասկանում ենք, որ դա չենք կարող մեկ օրում անել, որովհետև եթե փորձենք այդպես անել, ընդհանրապես ամեն ինչ կկանգնի: Սա մտահոգության առաջին հատվածն է, բայց ոչ ամբողջականը: Մենք այսօր պլանավորել ենք և ձեռնամուխ ենք լինում ավելի խոշորամասշտաբ ծրագրերի: Տեղյակ եք, որ իրականացնում ենք 300 դպրոցների, 500 մանկապարտեզների ծրագիրը, առնվազն երկու հատվածում գործնական փուլ է մտնում Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի շինարարությունը, որը, իհարկե, միջազգային մրցույթներով է իրականացվում, բայց մյուս կողմից հասկանալի է, որ հաղթող ընկերությունները նաև ենթակապալի ժանրով համագործակցելու են տեղական ընկերությունների հետ: Նաև մոտենում ենք Ակադեմիական քաղաքի շինարարության ծրագրին, որը նույնպես ահռելի ծրագիր է: Ամեն տարի մեր օրակարգում է 500 կմ ավտոճանապարհների կառուցումը, սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում, որոնց առյուծի բաժինը շինարարության ոլորտին է վերաբերում: Առաջիկայում պլանավորում ենք իրականացնել մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը, նաև Հանրապետությունում մի քանի կարևոր թունելներ են կառուցվելու, բացի Հյուսիս-հարավ ավտոճանապարհի թունելները և կամուրջները: Մենք այսօր շատ մեծ ծավալներով ձեռնամուխ ենք եղել կամուրջների վերանորոգմանը, գործող թունելների արդիականացմանը, խոսքը, մասնավորապես, Ծովագյուղի, Սպիտակի, Ստեփանավանի թունելների մասին է: 50 բժշկական կենտրոնների շինարարության ծրագիրն է ընթացքի մեջ և այլ կապիտալ ծրագրեր»,- ասել է վարչապետը:Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այժմ քննարկվում է Հայաստանում Արդարադատության, Կառավարման թաղամասեր ունենալու գաղափարը: «Երբ դիտարկում եմ մեր ռազմավարական ծրագրերը՝ տեսնում եմ, որ պետական կապիտալ ներդրումների հատվածում մեծածավալ ծրագրեր ենք իրականացնում: Ջրային ոլորտում հսկայական ներդրումների անհրաժեշտություն կա և մենք պլանավորում ենք այդ ներդրումներն իրականացնել: Բայց երբ Կառավարությունում այս հարցերը քննարկում ենք՝ առաջինը կենտրոնանում ենք մեր անելիքի վրա, թե ինչպե՞ս այդ նախագծերը դնենք հոսքագծերի վրա, որպեսզի դրանք ներկայացվեն մրցույթների, ընկերությունները մասնակցեն: Բայց քանի մոտենում ենք այս փուլի ավարտին՝ մտահոգություն է առաջանում, որը հետևյալն է. իսկ արդյոք ՀՀ-ում այս պահին գոյություն ունեցող շինարարական ներուժը, ընկերությունները կարողանալու են բոլոր մրցույթներին պատշաճ մասնակցություն ունենալ, հետո այդ ծրագրերն իրականացնել պատշաճ ժամկետներում և պատշաճ որակով: Իհարկե, այստեղ միայն քաղաքական պատասխանատվության խնդիրը չէ, մենք ուզում ենք, որ այդ ծրագրերն իրականացվեն առնվազն ժամկետներում, պատշաճ որակով, որպեսզի պետության կողմից իրականացվող կապիտալ ներդրումներն առավել արդյունավետ լինեն»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ ցանկանում է աշխատանքային միջավայրում քննարկել այս հարցերը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առնվազն 2020 թվականից Կառավարությունը նաև որոշակի քայլեր է ձեռնարկել, որպեսզի, այդ թվում՝ շինարարական ընկերությունները տեխնիկական հագեցվածության հարցերը լուծեն Տնտեսական արդիականացման ծրագրի շրջանակում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ գործադիրը նաև հույս է ունեցել, որ շինարարական ընկերությունները նոր տեխնիկա ձեռք կբերեն և նկատելի է, որ այդ գործընթացն առկա է. «Վիզուալ էլ Հանրապետության փողոցներում տեսնում ենք բեռնատարներ, այնպիսի կարգի շինարարական տեխնիկա, որ նախկինում ՀՀ-ում չենք տեսել»: Վարչապետի դիտարկմամբ՝ Հանրապետությունում իրականացվում է նաև ահռելի ծավալների բնակարանաշինություն: «Տեսնում ենք, որ առանց այն էլ շատ ընկերություններ իրենց հնարավորությունների եզրագծին են աշխատում: Պետությունն անուղղակի մասնակցություն ունի այդ գործընթացին՝ եկամտային հարկի վերադարձի, գոտիավորման քաղաքականության տեսքով և կարևորում է նաև բնակարանաշինությունը, որովհետև բնակֆոնդը վերափոխման կարիք ունի: Բնակարանաշինության ոլորտում տեղի ունեցող փոփոխություններն էլ պետական նշանակության ծրագիր ենք համարում: Անցած տարի եկամտային հարկով քաղաքացիներին ենք վերադարձրել 35 մլրդ դրամ: Բայց դա էլ գիտակցված մոտեցում է, որովհետև բնակֆոնդը պետք է թարմացվի, առանց դրա հնարավոր չէ: Մեր հաշվարկներով՝ մեզ անհրաժեշտ է 15-20 տարվա ընթացքում թարմացնել ամբողջ բնակֆոնդը, որպեսզի ոչ միայն վթարային, այլև մաշվածություն ունեցող բնակարանային ֆոնդ չունենանք: Այդ առումով, Երևանից կսկսենք վթարային շենքերը նորերով փոխարինելու լայնածավալ ծրագիրը, որն առաջիկայում մեկնարկելու է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը շեշտել է՝ պետք է փորձենք այնպես անել, որ Հայաստանում շինարարությունը դառնա ինդուստրիա, որտեղ շատ ընթացակարգեր, որակներ բոլորովին այլ մակարդակի վրա կլինեն: «300 դպրոցների կառուցման ծրագրի շրջանակում ստեղծում ենք փաթեթներ, դրանք դնում հոսքագծի վրա: Վերջին մեծ փաթեթի, որ ստեղծել ենք 180 դպրոցների վերաբերյալ, նախահաշվային արժեքը կազմել է 380 մլրդ դրամ, այսինքն՝ խոսքը 1 միլիարդ դոլարի մասին է, որը Միջնաժամկետ ծախսերի ծրագրում նախատեսված է, այս ծախսն արդեն բյուջետավորված է»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ մեկնարկելու է նաև մարզերում մարզական կենտրոնների ձևավորման գործընթացը և խոսքը գնում է մեծ ծավալների հասնող շինարարական ծրագրերի մասին: Իր հերթին, նախագահ Խաչատուրյանը նշել է. «Այն լայն մասշտաբային աշխատանքները, որոնք Կառավարությունը նախաձեռնել է իր 5-ամյա ծրագրում՝ ենթադրում է, որ մեր շինարարական ընկերությունները պետք է մասնագիտանան: Դուք ինքներդ, ծանոթանալով այդ ծրագրերին և ուղղություններին, պետք է որոշեք, ընտրեք, թե որտեղ ինչ կարող եք անել: Պետությունն ունի միջոցներ, պատրաստ է նաև ձեր առաջարկներով տարբեր տնտեսական մեխանիզմներ կիրառել և հնարավորություն ստեղծել, որպեսզի Հայաստանում շինարարական ինդուստրիան վերջնականապես կայանա: Մեր խնդիրը, Կառավարության կողմից դրված խնդիրները հստակ են՝ ժամանակ և որակ, որպեսզի կարողանանք հասցնել շինարարական այսպիսի լայն ծավալների իրականացումը»: Հաջորդիվ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն ներկայումս իրականացվող շինարարական աշխատանքների, դրանց ծավալների, ընկերությունների մոտ առկա խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների շուրջ: Կառավարության ներկայացուցիչները պատասխանել են տարբեր հարցերի, ներկայացրել պարզաբանումներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանատիպ հանդիպումները դարձնել պարբերական:
21:33 - 23 օգոստոսի, 2023
Անկախությունը վերացական իղձ ու վերջնական հանգրվան չէ, այլ շարունակական, ամենօրյա աշխատանք. ՀՀ նախագահի ուղերձը

Անկախությունը վերացական իղձ ու վերջնական հանգրվան չէ, այլ շարունակական, ամենօրյա աշխատանք. ՀՀ նախագահի ուղերձը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առիթով: Դրանում ասված է. «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, սկիզբ դնելով անշրջելի մի գործընթացի, որի գագաթնակետը 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեն էր: Անկախության հռչակագիրն այն հիմնարար փաստաթուղթն էր, որով մեր ժողովուրդը հայտարարեց անկախ, ինքնիշխան ու ազատ պետականության ունենալու իր դարավոր երազանքին հասնելու հաստատակամության մասին: Անկախությունը, սակայն, վերացական իղձ ու վերջնական հանգրվան չէ, այլ` շարունակական, ամենօրյա աշխատանք, ճիգ ու ջանք, անձնվիրություն ու ստեղծագործ արարման գործընթաց: Արդեն 33 տարի մեր պետականությունն ընթանում է աշխարհի քաղաքական քարտեզում իր ուրույն տեղն ունենալու, ազատ ու ժողովրդավար երկիր կերտելու դժվարին ճանապարհով՝ հաղթահարելով պատերազմների, տնտեսական շրջափակման, ներքին ու արտաքին բազմաթիվ մարտահրավերների խոչընդոտները: Սիրելի հայրենակիցներ, Անկախությունն անսակարկելի գաղափար է, իսկ Անկախության հռչակագիրը՝ մշտապես արդիական փաստաթուղթ ու պետականության վերածննդի խորհրդանիշ: Հռչակագիրը Հայաստանի բոլոր Սահմանադրությունների հիմքն է, մեր երկրի պետական ու հասարակական կյանքի կազմակերպման կարևորագույն ծրագիրը, որտեղ արտացոլված են մեր առաջնային անելիքները՝ պետական ինստիտուտների կայացում, Զինված ուժերի մարտունակության բարձրացում, որակյալ կրթական համակարգի և մրցունակ տնտեսության ստեղծում, օրենքի գերակայության, մարդու և քաղաքացու հիմնարար ազատությունների և իրավունքների ապահովում»:
10:08 - 23 օգոստոսի, 2023
ՀՀ նախագահը Համահայկական խաղերի փակման արարողությանը պարգևատրել է մասնակիցներին

ՀՀ նախագահը Համահայկական խաղերի փակման արարողությանը պարգևատրել է մասնակիցներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական 8-րդ ամառային խաղերի փակման արարողությանը: Հայնտել է նրա մամուլի ծառայությունը։ Միջոցառման ընթացքում նախագահը մրցանակներ է հանձնել՝ «Համահայկական խաղերի գեղեցկուհի», «Լավագույն պատվիրակություն», «Արդարացի խաղ», «Համահայկական խաղերի հայտնություն», «Մարզական ոգի և արիություն», «Լավագույն քաղաք՝ արտերկրի և Հայաստանի Հանրապետության» անվանակարգերում հաղթողներին։ Համահայկական խաղերի գեղեցկուհի մրցույթում հաղթող է ճանաչվել ԱՄՆ Բևերլի Հիլզ քաղաքի բասկետբոլիստուհի Աննա Ասլանյանը։ Լավագույն պատվիրակություն է ճանաչվել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի պատվիրակությունը։ Արդարացի խաղ անվանակարգում հաղթող է ճանաչվել Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքի պատվիրակությունը։ Համահայկական խաղերի հայտնություն անվանակարգում հաղթել է Ղազախստանի թիմը։ Մարզական ոգի և արիություն անվանակարգում հաղթող է ճանաչվել Ստեփանակերտի թիմը։ Լավագույն քաղաք անվանակարգում հաղթել են Լոնդոնն ու Արթիկը։ Միջոցառման ընթացքում Համահայկական խաղերի 25-ամյակի ոսկե մեդալներով և 25-ամյակի մեդալներով են պարգևատրվել մի շարք գործիչներ: Պարգևատրման արարողությունից հետո նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել ելույթով և Համահայկական 8-րդ ամառային խաղերը հայտարարել փակված: Նախագահն իր խոսքում ասել է. «Ավարտին են մոտենում Համահայկական 8-րդ ամառային խաղերը, որոնք արդեն 25 տարի դարձել են կամուրջ աշխարհի տասնյակ երկրներում ապրող մեր հայրենակիցների և մայր հայրենիքի միջև: Այսօր ես ցանկանում եմ շնորհավորել համահայկական խաղերի բոլոր հաղթողներին ու մրցանակակիրներին, մասնակիցներին և մեզ բոլորիս, որովհետև ամառային խաղերն իրապես համահայկական միջոցառում է՝ իր բովանդակությամբ ու միասնականության խորհրդով: Այս օրերին աշխարհի ամենահեռավոր անկյուններից Հայաստան եկած մեր բազմահազար հայրենակիցներն իրենց հետ նոր ուժ ու կորով են բերել: Ձեզանից շատերը գուցե և առաջին անգամ են ժամանել մայր հայրենիք և հավատացած եմ, որ դուք ձեր մտքում և հոգում տանելու եք ամենաջերմ հիշողություններ ու զգացմունքներ, որոնք դառնալու են ձեր վերադարձի գրավականը: Մեր երկրի համար այս դժվարին օրերին համահայկական խաղերը նաև վկայությունն են մեր ժողովրդի հավաքական կամքի ու ներուժի տոկունության և այսօր նաև նմանօրինակ ընդգրկուն միջոցառումներով ենք մենք ամրանում որպես պետություն, միաբանվում ու համախմբվում որպես ժողովուրդ, որպեսզի կարողանանք դիմագրավել մեր երկրի ու ժողովրդի առաջ կանգնած մարտահրավերներին: Բարդ ժամանակները պահանջում են անձնվիրություն, ջանք ու եռանդ՝ հաղթանակների ու հաջողությունների կերտման համար և համահայկական խաղերի անցկացումը այդ նվիրումի ու աշխատանքի արդյունքն է: Սիրելի հայրենակիցներ, Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամներին, բոլոր կազմակերպիչներին, կամավորներին ու մարզիկներին իրենց մասնակցության, անխոնջ աշխատանքի ու բարձր մակարդակով խաղերի անցկացման համար: Վստահ եմ, որ դուք շարունակելու եք կրկնապատկված եռանդով աշխատել առաջիկա 4 տարիներին՝ համահայկական 9-րդ ամառային խաղերին ընդառաջ և ավարտելով խոսքս. Համահայկական 8-րդ ամառային խաղերը հայտարարում եմ փակված»:
13:18 - 20 օգոստոսի, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` զորակցություն հայտնելով Մախաչկալայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հեռագրում, մասնավորապես, ասվում է. «Խոր ցավով տեղեկացա Մախաչկալայում տեղի ունեցած պայթյունի մասին, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել։Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին ու մտերիմներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։ Մախաչկալայում օգոստոսի 14-ի երեկոյան ավտոլցակայանի պայթյունի հետևանքով զոհվել է 35 մարդ, հիվանդանոցում է գտնվում 63-ը, այդ թվում՝ 16 երեխա:
21:49 - 15 օգոստոսի, 2023
Տարածաշրջանային հարցերում Հայաստանի և Հնդկաստանի դիրքորոշումները համընկնում են՝ նպաստելով միջպետական կապերի ամրապնդմանը. ՀՀ նախագահ

Տարածաշրջանային հարցերում Հայաստանի և Հնդկաստանի դիրքորոշումները համընկնում են՝ նպաստելով միջպետական կապերի ամրապնդմանը. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպադի Մուրմուին Անկախության օրվա կապակցությամբ: Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հնդկաստանը պատմականորեն ապացուցել է ժողովրդավարական համակարգի կարևորությունը պետության կայացման և ազգի քաղաքակրթական արժեհամակարգի պահպանման գործում: Հնդկաստանի նորագույն պատմության մեջ նշանակալի դերակատարում ունեցած Մահաթմա Գանդիի կերպարն առ այսօր շատ ազգերի համար անարդարության դեմ պայքարի վառ օրինակ է: Դարերի պատմություն ունեցող հայ-հնդկական բարեկամությունը խարսխված է փոխադարձ հարգանքի, վստահության և համընդհանուր արժեքների վրա: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ տարածաշրջանային և երկուստեք կարևորության հարցերում Հայաստանի և Հնդկաստանի դիրքորոշումները համընկնում են՝ առավել նպաստելով միջպետական կապերի և ավանդական բարեկամության ամրապնդմանը»: 
10:26 - 15 օգոստոսի, 2023
Վահագն Խաչատուրյանն ու Անդրեա Վիկտորինը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմաշերտ համագործակցության օրակարգի վերաբերյալ հարցեր

Վահագն Խաչատուրյանն ու Անդրեա Վիկտորինը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմաշերտ համագործակցության օրակարգի վերաբերյալ հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության հետագա խորացման ու ընդլայնման, ինչպես նաև Հայաստանի, հատկապես՝ հարավային շրջանների զարգացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչման, իրականացվող բարեփոխումների նպաստման գործում ներդրած ջանքերի համար:«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն մեծ աշխատանքի համար, որ կատարել եք Ձեր պաշտոնավարման չորս տարիների ընթացքում: Իրականում հսկայական աշխատանք եք կատարել, և այստեղ Ձեր անձնական ներդրումը մեծ է: Շատ ծրագրեր, որոնք սկսվել են կամ արդեն իրականություն են դարձել, Ձեր նախաձեռնությունների շնորհիվ են: Վստահ եմ, որ Ձեր սկսած գործերը շարունակական կլինեն, որովհետև դրանք, իրականում, Հայաստանի զարգացման համար մեծ դեր ու նշանակություն ունեն»,- նշել է նախագահ Խաչատուրյանը:Դեսպան Անդրեա Վիկտորինին շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար: «Կարծում եմ, որ այս ամենը հնարավոր եղավ իրականացնել համատեղ ջանքերի շնորհիվ: Սա լավ համագործակցություն էր Հայաստանի կառավարության, շահագրգիռ կողմերի, քաղաքացիական հասարակության, Եվրոպական միության պատվիրակության, այնտեղ աշխատող մեր գործընկերների միջև: Կարծում եմ, որ միասին մենք կարողացանք հաղթահարել շատ դժվարին շրջանը»,- նշել է նա:Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն բազմաշերտ համագործակցության օրակարգի վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել ընթացիկ և առաջիկայում նախատեսված տարբեր ծրագրերի իրականացման գործընթացին և գրանցված արդյունքներին:Երկուստեք շեշտվել է Եվրամիության կարևոր դերակատարությունը Հայաստանում ժողովրդավարության, ժողովրդավարական ինստիտուտների կայացման, մարդու իրավունքների պաշտպանության, շարունակական բարեփոխումների իրականացման գործում:
17:16 - 10 օգոստոսի, 2023
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գարիկ Աբելյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արսեն Գեղամյանի, Միշա Էլոյանի, Արփինե Շտոյանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Կարաքեհյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Մկրտչյանի, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գագիկ Հարությունյանի երդման արարողությունը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում:
13:33 - 04 օգոստոսի, 2023
Իրանը պաշտպանում է երկրների տարածքային ամբողջականության սկզբունքը և աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման գործընթացին․ ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ նախագահին

Իրանը պաշտպանում է երկրների տարածքային ամբողջականության սկզբունքը և աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման գործընթացին․ ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ իր պաշտոնավարման ընթացքում կփորձի առավելագույն ջանք ներդնել երկկողմ կապերի առավել ամրապնդման համար:«Պատիվ ունեմ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի ողջույնները փոխանցել Ձեզ և բարեկամ Հայաստանի ժողովրդին: Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները շատ խորն են: Երկու երկրների հարաբերություններում առկա է մեծ ներուժ և ես իմ ողջ ջանքերը կներդնեմ այդ ներուժի իրացման գործում: Լիահույս եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կկարողանանք առավել զարգացնել մեր երկկողմ հարաբերությունները»,- նշել է դեսպան Մեհդի Սոբհանիը: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և վստահություն հայտնել, որ վերջինիս աշխատանքի արդյունքում մեր երկրների միջև հաստատված ամուր փոխհարաբերություններն առավել մեծ զարգացում կապրեն:«Շնորհակալություն պարոն Ռայիսիի ողջույների համար: Փոխանցեք իմ և հայ ժողովրդի անունից ողջույնի խոսքեր ու լավագույն բարեմաղթանքները: Հայաստանի Հանրապետությունն այս 30 տարիների ընթացքում մեծ փորձությունների միջով է անցել, և այդ տարիների ընթացքում մեր և Իրանի միջև հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, իրենց զարգացումն են ապրել»,- նշել է նախագահը:Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական բազմաշերտ համագործակցության հարցեր և փոխգործակցության շարունակական զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային նշանակության ծրագրերի իրագործմանն ու առկա ներուժի ամբողջական իրականացմանը:Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Նորանշանակ դեսպանը այս համատեքստում շեշտել է, որ Իրանը պաշտպանում է երկրների տարածքային ամբողջականության սկզբունքը և աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման գործընթացին:Մտքեր են փոխանակվել բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում Հայաստանի և Իրանի միջև համագործակցության և համատեղ ծրագրերի կյանքի կոչման հնարավորությունների վերաբերյալ:
19:46 - 28 հուլիսի, 2023
ՀՀ նախագահը Հռոմի քաղաքապետի հետ քննարկել է հայ-իտալական մշակութային կապերի հետագա խորացման օրակարգային հարցեր

ՀՀ նախագահը Հռոմի քաղաքապետի հետ քննարկել է հայ-իտալական մշակութային կապերի հետագա խորացման օրակարգային հարցեր

Իտալիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերիի հետ:Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ողջունելով նախագահին, քաղաքապետն ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է ընդունել Ձեզ Հռոմում: Հայաստանը մի երկիր է, որը Հռոմի հետ կիսում է մի ողջ անտիկ պատմություն և այսօր մեծ հաճույք է մեր հարաբերությունների զարգացման մասին Ձեզ հետ խոսելու այս հնարավորությունը: Հայաստանը բարեկամ երկիր է և Ձեր այցը լավ առիթ կարող է դառնալ մեր համագործակցության հետագա խորացման համար»:Ըստ աղբյուրի՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է. «Շատ ուրախ եմ այսօր գտնվել Հռոմում և հանդիպել Ձեզ հետ, ես առանձնահատուկ վերաբերմունք ունեմ Տեղական իշխանությունների նկատմամբ և շատ լավ եմ հասկանում Ձեր աշխատանքի ամբողջ բարդությունն ու պատասխանատվությունը: Համոզված եմ նաև, որ պարոն քաղաքապետի համար մեծ պատիվ է Հռոմի նման քաղաքի ղեկավար լինելը, Դուք մեծ և պատասխանատու առաքելություն ունենք՝ պահել, պաշտպանել ու սերունդներին փոխանցել Հռոմի շունչն ու ոգին»:Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իտալական մշակութային կապերի հետագա խորացման օրակարգային հարցեր: Նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ Երևանի և Հայաստանի համար շատ կարևոր է ծանոթանալ պատմամշակութային ժառանգության և հնագիտական արժեքների պահպանության ու վերականգնման իտալական փորձառության և լավագույն ավանդույթների հետ, որի շրջանակում փոխգործակցության լայն հնարավորություններ կան:Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Երևանում և Հռոմում փոխադարձ մշակութային միջոցառումների, ցուցահանդեսների անցկացման հնարավորության և այդ ուղղությամբ քայլերի իրականացման վերաբերյալ:
19:04 - 25 հուլիսի, 2023
Չնայած խաղաղության պայմանագիր կնքելու և փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու մեր պատրաստակամությանը՝ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ դիրքորոշում ունենալ․ Վահագն Խաչատուրյան

Չնայած խաղաղության պայմանագիր կնքելու և փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու մեր պատրաստակամությանը՝ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ դիրքորոշում ունենալ․ Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել իտալական «La Repubblica» պարբերականին:ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հարցազրույցի ընթացքում նախագահը անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանում առկա հիմնախնդիրներին և ընդհանուր իրադրությանը: Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բովանդակության և ղարաբաղյան շարժման մեկնարկի վերաբերյալ:Իր խոսքում նախագահը նշել է.«Երեսուն տարի առաջ իրավիճակը նույնն էր, ինչ այսօր, վտանգված է հայության գոյատևումը։ Պատերազմ չէր լինի, եթե չլինեին 1988-ին Սումգայիթի և 1990-ի Բաքվի ջարդերը, որոնք կազմակերպված էին Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Արդյունքը եղավ այն, որ ոչ Սումգայիթում, ոչ Բաքվում այսօր ոչ մի հայ չի ապրում։Այսօր Ադրբեջանի քաղաքականությունը նույնն է: Նա ցանկանում է հայաթափել Լեռնային Ղարաբաղը: Նրանց իշխանությունը հայտարարում է, որ իրենց համար Լեռնային Ղարաբաղի հարցն այլևս գոյություն չունի, քանի որ այն լուծվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում, չնայած այն հանգամանքին, որ մեր 120 հազար հայրենակիցներ այսօր էլ ապրում են այդ տարածաշրջանում։ Բաքուն պնդում է, որ նրանք պետք է ապրեն ադրբեջանական օրենսդրության համաձայն, կամ պետք է հեռանան: Նրանք լավ գիտեն, որ ոչ մի հայ երբեք չի ցանկանա ապրել այսպիսի Ադրբեջանում, որտեղ մարդու իրավունքները ոտնահարված են, ժողովրդավարության արժեքները չեն գործում և բացի դա, որպես հայ իրենք մշտական վտանգի տակ են։ Չնայած խաղաղության պայմանագիր կնքելու և փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու մեր պատրաստակամությանը, Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ դիրքորոշում ունենալ»:Պատասխանելով Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ լրագրողի հարցին Հանրապետության նախագահը շեշտել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կեղծ բնապահպանական ակտիվիստները լիովին կեղծ պատրվակներով արգելափակել է Լաչինի հումանիտար միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի 120.000 բնակչության համար ստեղծելով հումանիտար ճգնաժամի սպառնալիք՝ սննդի, դեղորայքի պակասի, էլեկտրաէներգիայի և գազի շարունակական խափանումների պատճառով։ Անդրադառնալով ընդհանուր տարածաշրջանային հիմնախնդիրներին Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը լիովին հավատարիմ է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու և հարևանների հետ հավասարակշռված ու բարիդրացիական հարաբերությունների հաստատման դիրքորոշմանը: «Մենք ցանկանում ենք բարիդրացիական հարաբերություններ ունենալ մեր հարևանների հետ, դրա համար էլ մեր կառավարությունը բռնել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհը։ Ես ուրախ եմ, որ այսքան տարի անց մենք վերսկսել ենք երկխոսությունն Անկարայի հետ։ Մենք պետք է ապագային նայենք և տեսնենք, թե ինչպիսի տարածաշրջան ենք ցանկանում թողնել մեր երեխաներին: Մենք պետք է ձգտենք տարածաշրջանային հավասարակշռության ու խաղաղության, ոչ թե պատերազմի»:
15:20 - 24 հուլիսի, 2023
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Իտալիա

ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Իտալիա

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 23-ին աշխատանքային այցով ժամանել է Իտալիայի Հանրապետություն:Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունն այցելել է Սուրբ Ղազար կղզի, հանդիպել Մխիթարյան միաբանության հայրերի հետ և ծանոթացել կենտրոնի բարձրարժեք մշակութային ժառանգությանն ու ներկայիս գործունեությանը: Անմիջական մթնոլորտում Հանրապետության նախագահը զրուցել է միաբանության հայրերի և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: Նա շեշտել է, որ հնարավորության սահմաններում պատրաստակամ է աջակցել և նպաստել խոշոր կրոնամշակութային կենտրոնի գործունեության հանրահռչակմանն ու զարգացմանը: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ ավանդույթ է դարձել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարության՝ Իտալիա այցերի ընթացքում Վենետիկ այցելությունը, ինչը լավագույն առիթ է ևս մեկ անգամ արժևորելու Վենետիկում հայ ժողովրդի, և մասնավորապես՝ Մխիթարյան հայրերի անգերագնահատելի հոգևոր մշակութային ժառանգությունը, որը պատկանում է ոչ միայն հայերին և իտալացիներին, այլև համաշխարհային նշանակություն ունի։ Վահագն Խաչատուրյանը շեշտել է՝ նաև այս պատմամշակութային ժառանգության շնորհիվ է բյուրեղացել հայ-իտալական բարեկամությունը և նշանակալիորեն զարգացել երկու պետությունների միջև արդյունավետ ու բազմաշերտ համագործակցությունը։Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է նաև Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսություն։ ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, ողջունելով նախագահին, նշել է, որ մեծ պատիվ է իր համար Վենետիկի ՀՀ պատվո հյուպատոսությունում հյուրընկալել նախագահ Վահագն Խաչատուրյանին: Հանդիպման ընթացքում հյուպատոս Գագիկ Սարուխանյանը նախագահին է ներկայացրել հյուպատոսության օրակարգային հարցերն ու ծրագրերը:Հուլիսի 23-26-ին Իտալիայի Հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի, Իտալիայի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ: Նախատեսված է Վահագն Խաչատուրյանի մասնակցությունը Ամբրոզետտի ուղեղային կենտրոնի և Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի եվրոպական խորհրդի (ECAM Council)՝ «Global Leaders today: multilateralism for a better future» խորագրով միջոցառմանը:
10:24 - 24 հուլիսի, 2023