Իշխան Սաղաթելյան

ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր։

Ծնվել է 1982 թվականի մայիսի 6-ին, Սևանի շրջանի Գեղամավան գյուղում  (Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ): ՀՀ ԳԱԱ-ի պատմության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2006-2007 թվականներին և 2016 թվականից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ։ 2009-2012թթ. աշխատել է ՀՀ Ազգային Ժողովում որպես ԱԺ պատգամավորի օգնական։ 2016 թվականի դեկտեմբերից ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական։

2018 թվականի հունիսի 1-ից մինչև նույն թվականի հոկտեմբերի 3-ը՝ Գեղարքունիքի մարզպետ։

Ըստ Սաղաթելյանի՝ իշխանություն-ընդդիմության բախման պատճառը ՀՀ վաղվա օրվա պատկերացումների հակադրությունն է |armenpress.am|

Ըստ Սաղաթելյանի՝ իշխանություն-ընդդիմության բախման պատճառը ՀՀ վաղվա օրվա պատկերացումների հակադրությունն է |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը իշխանության և ընդդիմության բախման հիմնական պատճառն է համարում Հայաստանի վաղվա օրվա մասին պատկերացումների հակադրությունը: Սաղաթելյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ճեպազրույցում: Պատգամավորը հիշեցրեց ընդդիմության նախաձեռնությունները, որոնք խորհրդարանական մեծամասնության կողմից մերժվել են: Մերժվել է ընդդիմության՝ ԱԺ-ում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկը: «Մերժեցին՝ պատճառաբանելով, որ կա միջխորհրդարանական հանձնաժողով, որն ավելի բարձր կարգավիճակ ունի, և անհրաժեշտություն չկա ևս մեկ մշտական հանձնաժողով ստեղծել Արցախի հարցով: Արդյունքում այդ միջխորհրդարանական հանձնաժողովը անցնող 8 ամիսների ընթացքում որևէ նիստ չի գումարել»,-ասաց Սաղաթելյանը: Ընդդիմության՝ սահմանագծման և սահմանազատման հարցերով ԱԺ հայտարարության տեքստի նախագիծը ևս մերժվել է: Սաղաթելյանը հիշեցրեց՝ այն մերժվել է՝ պատճառաբանությամբ, որ տեքստի մեջ կան ներքաղաքական հարցերի հետ կապված գնահատումներ:  Նա հիշեցրեց ընդդիմության ևս այլ նախաձեռնություններ, այդ թվում վերջին նախաձեռնություններից մեկը, որով առաջարկ էր արվում  ՀՀ տարածքային ամբողջականության դեմ որևէ արտահայտություն քրեականացնել, որը ևս մերժվել է: «Եթե մենք նվազագույն աշխատավարձի, բազմազավակ ընտանիքների, նման սոցիալական և տնտեսական նախաձեռնություններով հանդես ենք եկել, և մերժել են, ինչ-որ կերպ կարող ենք հասկանալ, բայց, եթե խոսքը վերաբերում է մեր երկու հանրապետությունների անվտանգությանը, մեր կենսական անհրաժեշտության խնդիրներին, և սրանք են հետևողականորեն մերժվում իշխանության կողմից, արդեն ուրիշ բան է ենթադրում: Սա միայն իշխանություն-ընդդիմություն պայքար, կռիվ չէ»,-ասաց պատգամավորը: Սաղաթելյանը կարծիք հայտնեց, թե իշխանությունը երկրի ապագան տեսնում է՝ զիջումներով, իսկ իրենք՝ ոչ:  «Այսինքն՝ մեր հակադրության, կռվի բախման գլխավոր պատճառը և հարցի էությունը Հայաստանի վաղվա օրվա մասին մեր պատկերացումների հակադրությունն է»,-նշեց Սաղաթելյանը:
11:52 - 24 մարտի, 2022
ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին: Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է հետպատերազմյան շրջանում Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակն ու խնդիրները` նշելով, որ թե՛ Հայաստանը, թե՛ Արցախն այս պահին լրջագույն անվտանգության խնդիրներ ունեն: Հրադադարից հետո Ադրբեջանը շարունակում է իր սպառնալից հռետորաբանությունը, ագրեսիան եւ Արցախի հայաթափմանն ուղղված քաղաքականությունը: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական զինված ուժերը դեռեւս նախորդ տարի երկու ուղղությամբ ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք եւ շարունակում են մնալ այնտեղ: Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին եւ դրա շուրջ ընթացող գործընթացներին` Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ օրեր առաջ Արցախում ադրբեջանական կողմից պայթեցրել են գազատարը` շուրջ 100 հազար արցախցիներին կանգնեցնելով հումանիտար աղետի առաջ: Սրան գումարվում են նաեւ բնակիչներին ուղղված տարատեսակ սպառնալիքները` լքելու գյուղերը:  Ինչպես նշված է ԱԺ հաղորդագրությունում, դեսպանը հետաքրքրվել է իշխանությունների հետ ընդդիմության հարաբերություններով, ընդդիմության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու չառաջադրելու, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցերով, հայ-թուրքական հարբերություններով եւ այլն: Իր հերթին դեսպան Անն Լույոն ընդգծել է հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերությունները, կարեւորել խորհրդարանական ընդդիմության հետ հանդիպումները: Դեսպանը հայտնել է, որ Ֆրանսիան ուշադրությամբ հետեւում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործողություններին: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցին` Անն Լույոն հավաստիացրել է, որ Ֆրանսիան իր դիրքորոշումները պահպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, որպեսզի կարողանա օգնել երկու կողմերին` հաստատելու խաղաղություն եւ կայունություն տարածաշրջանում:
17:22 - 23 մարտի, 2022
Ավստրալացի խորհրդարանականը կարևորում է Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը

Ավստրալացի խորհրդարանականը կարևորում է Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը

 ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը հեռավար ձևաչափով փետրվարի 21-ին հանդիպել է Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի համանախագահներ Թրենթ Զիմմերմանի և Ջոել Ֆիթսգիբբոնի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը և Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Միքայել Գոլոգոսյանը: Ինչպես տեղեկացնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, Իշխան Սաղաթելյանը  երախտագիտություն է հայտնել  ավստրալացի խորհրդարանականներին հայ-ավստրալական կապերի զարգացման համար՝ նշելով, որ  պատրաստակամ է ներդնել կապերը զարգացնելու հավելյալ ջանքեր: «Նշելով, որ Հայաստանը վերջին երկու տարիներին մեծ փորձությունների միջով է անցել, ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել Ավստրալիայի հավասարակշռված դիրքորոշումը Արցախի խնդրի վերաբերյալ՝ այդ հարցում ընդգծելով Նոր Հարավային Ուելս խոշոր նահանգի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին:  «Ես հույս ունեմ, որ կգա արդարության օրը, և Ավստրալիան ամբողջությամբ կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը: Դա անհրաժեշտ է նոր ցեղասպանությունների կանխման համար»,-մասնավորապես ասել է ԱԺ փոխնախագահը՝ այդ համատեքստում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու  սկսված գործընթացին:  «Դաշնակցությունը մեծ վերապահումով է մոտենում այդ հարցին,  քանի որ մենք դեմ ենք նախապայմաններով դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն, իսկ Թուրքիայի կողմից միշտ եղել են նախապայմաններ: Դրա վկայությունն է նաև Շուշիի հռչակագրի ընդունումը իրենց խորհրդարանների կողմից»,-նշել է Իշխան Սաղաթելյանը: Նա ընդգծել է, որ  Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և այդ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ավստրալացի պատգամավորների դիտարկմամբ՝ հայ-ավստրալական բարեկամությունը երկար պատմություն ունի, իսկ երկու երկրներն էլ՝ շատ ընդհանրություններ: Պատգամավորները նշել են, որ եղել են Հայաստանում և հետաքրքրված են Արցախով և Հայաստանով: Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ Ջոել Ֆիթսգիբբոնը նույնպես կարևորել է Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը,  այդ նպատակով միջազգային հանրության ջանքերի համատեղումը՝ կանխելու համար նման գործողությունների իրականացումը: Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են հայ-ավստալական կապերի զարգացմանը, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
19:39 - 21 փետրվարի, 2022
Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում. ՀՀ ԱԺ փոխնախագահը հեռավար ձեւաչափով հանդիպել է ավստրալացի գործընկերների հետ

Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում. ՀՀ ԱԺ փոխնախագահը հեռավար ձեւաչափով հանդիպել է ավստրալացի գործընկերների հետ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը հեռավար ձեւաչափով փետրվարի 21-ին հանդիպել է Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի համանախագահներ Թրենթ Զիմմերմանի եւ Ջոել Ֆիթսգիբբոնի հետ: Ինչպես հայտնում են ԱԺ-ից, հեռահար հանդիպմանը մասնակցել են նաեւ Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը եւ գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Միքայել Գոլոգոսյանը: Իշխան Սաղաթելյանը երախտագիտություն է հայտնել ավստրալացի խորհրդարանականներին հայ-ավստրալական կապերի զարգացման համար` նշելով, որ պատրաստակամ է ներդնել հավելյալ ջանքեր` եղած կապերը զարգացնելու եւ դրանց նոր որակ հաղորդելու համար: ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել Ավստրալիայի հավասարակշռված դիրքորոշումը Արցախի խնդրի վերաբերյալ` այդ հարցում ընդգծելով Նոր Հարավային Ուելս խոշոր նահանգի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: «Ես հույս ունեմ, որ կգա արդարության օրը, եւ Ավստրալիան ամբողջությամբ կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը: Դա անհրաժեշտ է նաեւ նոր ցեղասպանությունների կանխման համար»,- մասնավորապես ասել է ԱԺ փոխնախագահը` այդ համատեքստում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու սկսված գործընթացին: Իշխան Սաղաթելյանն ընդգծել է, որ  Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եւ այդ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ Ջոել Ֆիթսգիբբոնը նույնպես կարեւորել է Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, ինչպես նաեւ այդ նպատակով միջազգային հանրության ջանքերի համատեղումը` հետագայում նման գործողությունների իրականացումը կանխելու համար: Զրուցակիցները քննարկել են հայ-ավստրալական կապերի հետագա զարգացմանը, նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
17:04 - 21 փետրվարի, 2022
Առաջարկում ենք քրեականացնել Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը․ Սաղաթելյան

Առաջարկում ենք քրեականացնել Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը․ Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրել է նոր օրենսդրական նախաձեռնության մասին․ «Հետպատերազմյան ժամանակաշրջանում Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը վտանգված են, և Հայաստանի Հանրապետության թիվ մեկ առաջնահերթությունը պետք է լինի իր տարածքի ամբողջականությունը երաշխավորելը և թշնամական պետության կողմից որդեգրված հակահայկական քաղաքականության և դրա իրագործման կանխելը։ Իմ գործընկերներ Արամ Վարդևանյանի ու Աղվան Վարդանյանի հետ հանդես ենք եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ։ Մենք առաջարկում ենք քրեականացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը»: Վերը նշված հանցանքների համար  առաջարկում ենք տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմում՝ երկուսից չորս տարի ժամկետով, իսկ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար սահմանել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով: Քրեական օրենսգրքում նախագծով ներկայացված համապատասխան արարքների կոնկրետացումը և քրեականացումը  կնպաստի նմանատիպ արարքների պարտադրված կամ անգամ կամավոր դրսևորման կանխարգելմանը»։
14:52 - 09 փետրվարի, 2022
Առհասարակ, դեմ չենք Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, բայց խնդիրն է՝ ի՞նչ գնով. Իշխան Սաղաթելյան |armenpress.am|

Առհասարակ, դեմ չենք Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, բայց խնդիրն է՝ ի՞նչ գնով. Իշխան Սաղաթելյան |armenpress.am|

armenpress.am: Հայ-թուրքական սահմանի բացումը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է դիտարկել ընդհանուր փաթեթի մեջ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը։ «Մենք, առհասարակ, դեմ չենք այդ հարաբերությունների հաստատմանը, բայց խնդիրն է՝ ինչ գնով և ինչի հաշվին։ Գտնում ենք, որ այս իշխանությունները ի վիճակի չեն ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը։ Եթե իրենք ասում են, որ նախկինում ևս բանակցություններ եղել են Թուրքիայի հետ, ապա նախկինում նաև բանակցություններ են եղել Ադրբեջանի հետ, բայց զիջումներ և կորուստներ չենք ունեցել։ Թուրքիան նույն Թուրքիան է, Բայց Հայաստանը նույն Հայաստանը չի պատերազմից հետո, հետևաբար, նրանք երկիրը տանում են մի շատ վտանգավոր ցիկլ։ Եթե առաջինի դեպքում իշխանությունների բանակցությունների արդյունքում ունեցանք Արցախի տարածքների մեծ կորուստ, այս պարագայում Հայաստանի գոյությունն է դրվում հարցականի տակ»,- ասաց Սաղաթելյանը։ ԱԺ նախագահի տեղակալն ասաց, որ ՀՅԴ-ն, անկախ նրանից՝ եղել է իշխանություն, թե ընդդիմություն, իր հարցերի և տեսակետների մեջ երբեք փոփոխություն չի ունեցել։ «Մենք ըմբռնումով ենք մոտեցել Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը՝ առանց նախապայմանների Թուրքիայի հետ բանակցություններ վարելու իմաստով։ Մենք նախապայման չենք դրել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչվի, որից հետո նոր տեղի ունենա բանակցությունները, բայց որևէ զիջում, որևէ նախապայմանի բավարարում մեր կողմից անհանդուրժելի է, և կապ չունի՝ որ իշխանության օրոք կլինի»,- ասաց Սաղաթելյանը։
15:17 - 18 հունվարի, 2022
ՀՀ ԱԺ փոխնախագահ Սաղաթելյանը և Լեհաստանի դեսպանն անդրադարձել են Արցախի կարգավիճակի հարցին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Սաղաթելյանը և Լեհաստանի դեսպանն անդրադարձել են Արցախի կարգավիճակի հարցին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը դեկտեմբերի 16-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակի հետ:  Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը, խոսել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի ագրեսիվ գործողությունների մասին, հրատապ համարել հայ ռազմագերիների` հայրենիք վերադարձի հարցը: ԱԺ փոխնախագահը կարևորել է եվրոպական երկրների հստակ դիրքորոշման բարձրաձայնումը վերոնշյալ հարցերի վերաբերյալ: «Անդրադարձ է կատարվել նաև Արցախի կարգավիճակի հարցին: Կողմերը քննարկել են Հայաստանում ժողովրդավարությանն առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է դարերի պատմություն ունեցող հայ-լեհական բարեկամական  հարաբերությունները: Պավել Չեպլակը հույս է հայտնել, որ երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցությունն էլ ավելի կխորանա: ԱԺ նախագահի տեղակալը պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-լեհական հարաբերությունների բարելավմանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը: 
22:31 - 16 դեկտեմբերի, 2021
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծի փոփոխության հիմնավորման, ԱԺ-ում օրենքի վերաբերյալ քննարկումների և համացանցում ու լրատվամիջոցներում առկա դժգոհությունների մասին արդեն խոսել ենք անցյալ ամիս այս թեմայով արված հրապարակմամբ։ Հոկտեմբերին պաշտոնական գրությամբ դիմել էինք ԱԺ պատգամավորներին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե սեպտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար հատկացվող գումարով։ Մեր հարցմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից պատասխանել էին միայն 27-ը, որից հարցերին ըստ էության պատասխան էին տրամադրել 6-ը։ Սա խմբակցության պատգամավորների 8,5%-ն է։ Պատգամավորների մեծ մասը մեր հարցմանը պատասխանել էին ԱԺ կանոնակարգից վերցված կետերով, որն, ըստ էության, ոչինչ չասող պատասխան է։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեր հարցմանը պատասխանել էին միասնական և ընդհանրական, որով հնարավոր չէր հասկանալ յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Միասնական պատասխանից բացի, խմբակցության պատգամավորներից մեր հարցերին ըստ էության էին պատասխանել 4-ը՝ խմբակցության 13,8%-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էին 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել էին անպատասխան։ Ընդհանուր առմամբ անցյալ ամիս խորհրդարանի 107 պատգամավորներից մեր հարցերին ըստ էության պատասխանել էին 14-ը, խորհրդարանի 13,1%-ը։ Այս ամիս նույնպես պաշտոնական գրությամբ դիմեցինք ԱԺ պատգամավորներին և խնդրեցինք տրամադրել տեղեկություն, թե հոկտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարով և որ մարզերի որ բնակավայրեր են այցելել։ Ըստ խմբակցությունների անդրադառնանք պատգամավորների տրամադրած պատասխաններին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում ներկայացված է 71 պատգամավորով։ Հոկտեմբերի 29-ին խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը վայր դրեց մանդատը։ Վերջինս ավելի ուշ նշանակվեց Շիրակի մարզպետ։ Սակայն, քանի որ հոկտեմբերին Բաղդասարյանը եղել է ԱԺ պատգամավոր, նշված հարցումը ուղարկեցինք նաև իրեն։ Այսինքն՝ այս պահին խմբակցությունն ունի 70 պատգամավոր։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցման պատասխանում նշել է, որ պատգամավորական ծախսերի համար հատկացվող 250 հազար դրամը ծախսել է ամբողջությամբ։ Վերջինս նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Աղազարյանը հոկտեմբերին այցելել է 3 մարզ, եղել է Արարատի, Արմավիրի և Լոռու մարզերում։ Արարատի մարզում Աղազարյանը եղել է 2 անգամ Արտաշատում, 1 անգամ Մասիսում, 1 անգամ Մրգանուշում և 1 անգամ Վեդիում։ Արմավիրի մարզ այցելության ժամանակ Աղազարյանը եղել է 1 անգամ Վաղարշապատում և 2 անգամ Արմավիրում։ Լոռու մարզում պատգամավորն այցելել է Ալավերդի և Շնող բնակավայրեր։ Աղազարյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին տրամադրած պատասխանում նշել է, որ հոկտեմբերին պատգամավորական գործունեության համար ծախսել է 306 հազար 500 դրամ։ Պատգամավորը հոկտեմբերի 2-ին այցելել է Զառիթափ համայնք՝ 44-օրյա պատերազմի զոհերի գերեզմանին այցելելու նպատակով։ Այցի ժամանակ բենզին, ծաղիկներ և սնունդ գնելու նպատակով ծախսել է 35 հազար ՀՀ դրամ։ Հոկտեմբերի 3-ին այցելել է Իջևան համայնք՝ զբոսաշրջության վերաբերյալ հարցերի քննարկման համար։ Այցի ընթացքում բենզին և սնունդ գնելու համար ծախսել է 37 հազար դրամ։ Հոկտեմբերի 9-ին այցելել է Գետափ համայնք՝ հեղեղատների հետևանքով տարածքների վնասման բողոքների ուսումնասիրության նպատակով։ Այցի ընթացքում սնվելու և բենզին գնելու նպատակով ծախսել է 25 հազար դրամ։ Հոկտեմբերի 10-ին պատգամավորն այցելել է Գյումրի, հանդիպել քաղաքացիների հետ։ Այցի ընթացքում սնունդի, բենզինի և գիշերակացի համար ծախսել է 40 հազար դրամ։ Հոկտեմբերի 16-ին պատգամավորն այցելել է Եղեգիս համայնք՝ ասֆալտապատման աշխատանքներից հետո եղած փլուզման վերաբերյալ տեղեկությունն ուսումնասիրելու նպատակով։ Այցի ընթացքում բենզինի և սնունդի համար ծախսել է 33 հազար դրամ։ Հոկտեմբերի 17-ին տուրիզմի զարգացման քննարկման նպատակով այցելել է Ենոքավան։ Սնունդի և բենզինի համար ծախսել է 38 հազար դրամ։ Հոկտեմբերի 23-ին այցելել է Երասխ և Սևակավան, ծախսել՝ 24 հազար դրամ, հոկտեմբերի 24-ին այցելել է Գառնի, ծախսել՝ 19 հազար 500 դրամ, հոկտեմբերի 30-ին այցելել է Վայք, 31-ին՝ Սիսիան, ծախսել՝ 65 հազար դրամ։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Պատգամավոր Լենա Նազարյանը պատասխանում նշել է, որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին նշված գումարից ծախսել է 53 հազար դրամ։ Նշենք, որ նոյեմբեր ամսվա ծախսերն ամբողջությամբ չեն, պատասխանում նշված ծախսերը վերաբերում են մինչև հարցման պատասխանը ստանալու պահին իրականացված ծախսերին։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 16-ին։ Նազարյանը գումարը ծախսել է տրանսպորտի և զոհված զինծառայողների ընտանիքներին այցելությունների ժամանակ քաղցրավենիք գնելու համար։ Հոկտեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Վեդի համայնքի 5 զոհված զինծառայողի ընտանիքներին։ Հոկտեմբերի 24-ին այցելել է Արարատի մարզի Արարատ քաղաք, որտեղ քաղաքացիների հետ Հայաստանի և տարածաշրջանի մասին քննարկում են կազմակերպել։ Նմանատիպ մեկ այլ քննարկում էլ հոկտեմբերի 30-ին կազմակերպել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։  Մենք հարցրել էինք միայն հոկտեմբեր ամսվա այցելությունները, սակայն Նազարյանը պատասխանում անդրադարձել է նաև նոյեմբերի առաջին կեսին կատարած այցելություններին, ուստի ներկայացնում ենք նաև դրանք։ Պատգամավորը նոյեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Դաշտաքար, Սիսավան և Վեդի համայնքներում բնակվող զոհված 4 զինծառայողների ընտանիքներին։ Նոյեմբերի 3-ին, 5-ին և 10-ին Նազարյանն այցելել է Արարատի մարզի Արտաշատ համայնքում բնակվող զոհված 12 զինծառայողների ընտանիքներին։ Զոհված զինծառայողների ընտանիքներին այցելելու նպատակը նրանց խնդիրների մասին տեղեկանալն է։ Ըստ Նազարյանի՝ այդ այցելությունների ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասով նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ։ Իսկ քաղաքացիների հետ քննարկումների նպատակն է լսել քաղաքացիների վերլուծությունները, սպասումներն ու անհանգստությունները Հայաստանի արտաքին օրակարգում եղած մի շարք հարցերի շուրջ։ Լենա Նազարյանն անցյալ ամիս մեր հարցերին չէր պատասխանել։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը պատասխանել է, որ ստացել է 250 հազար դրամ, մարզային այցելություններ չի ունեցել, հանձնաժողովում ընդունելության հետ կապված կատարել է ներկայացուցչական ծախսեր, սակայն չի նշել, թե որքան գումար է ծախսել։ Տիգրանյանն անցյալ ամիս մեր հարցմանն ըստ էության չէր պատասխանել։ Պատգամավոր Շիրակ Թորոսյանը մեր հարցման պատասխանում նշել է․ «Հոկտեմբեր ամսվա համար նախատեսված պատգամավորական գործունեության ծախսերի գումարը պատգամավորներին հատկացվել է նոյեմբերի սկզբին,հետևաբար ճիշտ կլինի կոնկրետ այդ գումարի ծախսման վերաբերյալ Ձեր հարցմանն անդրադառնալ դեկտեմբերի սկզբին, բայց արդեն նոյեմբեր ամսվա համար:Հոկտեմբեր ամսվա ծախսերը հիմնականում արել եմ իմ անձնական միջոցների հաշվին՝ գումարած նախկինում մեզ տրվող հիսուն հազար դրամը, սակայն, ցավոք, չափը չեմ ֆիքսել»,- գրել է պատգամավորը մեր հարցման պատասխան նամակում: Թորոսյանը պատասխանում ասում է, որ հոկտեմբերի գումարը հատկացվել է նոյեմբերին։ Պատգամավորը ճիշտ է, սակայն հաշվի չի առել մի հանգամանք․ նշված գումարը հատկացվում է որպես փոխհատուցում, հետևաբար պատգամավորները պետք է իրենց միջոցներից իրակականացնեն պատգամավորական գործունեության ընթացքում առաջացած ծախսերը և աշխատավարձին ստանան դրա փոխհատուցումը։ Այս պարագայում անհասկանալի է Թորոսյանի պատասխանի այն հատվածը, որ այդ գումարների ծախսման վերաբերյալ ճիշտ կլինի դիմենք դեկտեմբերին, բայց նոյեմբերի համար, քանի որ այդ նույն տրամաբանությամբ մենք դիմել ենք նոյեմբերին, բայց ոչ թե նոյեմբեր, այլ հոկտեմբեր ամսվա համար։  Ինչ վերաբերում է պատասխանի երկրորդ մասին, որ ծախսերն արել է իր միջոցներով՝ գումարած նախկինում տրվող հիսուն հազար դրամը, պետք է նշենք, որ սեպտեմբեր ամսվա համար պատգամավորները հոկտեմբերին ստացել են ոչ թե 50 հազար, այլ 170 հազար դրամ։ Այս պարագայում էլ անհասկանալի է, թե ինչու է պատգամավորը նշում 50 հազար ստանալու մասին։ Խաչատուր Սուքիասյանը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 26-ին, օրենքով սահմանված ժամկետի լրանալուց 10 օր անց։ Պատասխանում նշված է, որ սեպտեմբեր ամսից սկսած պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարը փոխանցվել է և այսուհետ փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Սուքիասյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին։ Խմբակցության հարցմանը պատասխանած մյուս պատգամավորները տրամադրել են տառացի նույն պատասխանը, ինչ անցյալ ամիս էր։ Այս պատասխանը վերցված է ԱԺ կանոնակարգից և ոչինչ չասող պատասխան է։ Ըստ էության սա չի պատասխանում մեր հարցերից և ոչ մեկին։ Խմբացկության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի*, Հակոբ Ասլանյանի, Լուսինե Բադալյանի, Ռուստամ Բաքոյանի*, Անուշ Բեղլոյանի, Արսեն Թորոսյանի, Հայկ Կոնջորյանի, Հրաչյա Հակոբյանի, Վաղարշակ Հակոբյանի, Արթուր Հովհաննիսյանի*, Ալխաս Ղազարյանի*, Սոնա Ղազարյանի, Գևորգ Պապոյանի*, Մարիամ Պողոսյանի, Վլադիմիր Վարդանյանի* և Նարեկ Զեյնալյանի* տրամադրած տառացի նույն պատասխանը՝ ստորև։  *-ով նշված պատգամավորները նույն պատասխանը տվել էին նաև անցյալ ամիս։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պաշտոնական հարցման պատասխանները տեսնելու համար անցեք այս հղումով։ Ընդհանուր առմամբ խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել են 21 պատգամավոր, որոնցից 16-ը հարցերին տվել են ոչինչ չասող, ԱԺ կանոնակարգից վերցված պատասխան։ Խմբակցությունից միայն 5 պատգամավոր են հարցմանը պատասխանել ըստ էության․ խմբակցության 7․04%-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորների մեծ մասն անցյալ ամիս տվել էին միասնական պատասխան, որը շատ ընդհանրական էր և հնարավոր չէր այդ պատասխանից հասկանալ պատգամավորների գործունեությունն անհատապես։ Այս անգամ հարցմամբ խնդրել էինք պատասխանել անհատապես, ոչ թե խմբակցության անունից տրամադրել ընդհանուր պատասխան։  Սակայն, չնայած անցյալ անգամ պատգամավորներից մի քանիսը տրամադրել էին անհատական պատասխան, որով հնարավոր էր հասկանալ նրանց գործունեությունը, այս անգամ ոչ մեկը անհատապես չպատասխանեց։ Խմբակցության անունից ստացել ենք մեկ պատասխան, որը չի պատասխանել մեր հարցերին։ Պատասխանը ներկայացնում ենք ստորև։ «...«Հայաստան» խմբակցության անդամները 2021թ հոկտեմբեր ամսին այցելել նն ՀՀ տարբեր մարզեր, կազմակերպել են հանդիպումներ ՀՀ բազմաթիվ քաղաքացիների հետ, ներկայացրել են խմբակցության տեսակետները նրանց հուզող հարցերի վերաբերյալ, ծանոթացել են նրանց խնդիրnերին, լսել են նրանց առաջարկները, որոնց հիման վրա կազմվել են ինչպես խմբակցության, այնպես է լուրաքանչյուր պատգամավորի աշխատանքային ծրագրերը: Մարզային այցերին ընգրկվել և մասնակցել են խմբակցության բոլորը պատգամավորները, բացառությամբ ապօրինի կերպով անազատության մեջ գտնվող մեր գործընկերենրի` Ա․ Չարչյանի, Մ. Զաքարյանի և Ա. Սարգսյանի, ով ազատ արձակվելուց հետո միանգամից ներգրավվել է մարզային այցելությունների կազմակերպման և իրականացման գործընթացին:  Սրա առչնությամբ հարկ է նշել, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային այցելությունները կազմակերպվում և իրականացվում են խմբակցության պատգամավորների հաշվին: Պատգամավորական գործունեության հետ կապված 250,000 ՀՀ դրամ գումարը փոխանցվում է պատգամավորների աշխատավարձային հաշվիներին, ՀՀ օրենսդրության համաձայն դրանք առանձին հաշվառման չեն ենթարկվում և նման հաշվառում չի վարվում: Բացի այդ, ինչպես նախկինում հայտնել էինք, պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ օրենքը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից վիճարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանում»,- նշված է մեզ տրամադրած պատասխանում: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, խմբակցությունը տրամադրել է բավարար պատասխան, սակայն մեր մյուս հարցերը, որոնք վերաբերում են պատգամավորների մարզային, համայնքային այցերին, մնացել են անպատասխան, քանի որ նշված պատասխանից հնարավոր չէ հասկանալ, թե պատգամավորներից յուրաքանչյուրն ինչ գործունեություն է ծավալել հոկտեմբերին։ Հավելյալ հարցումով դիմել էինք խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե ինչպես են խմբակցության պատգամավորները տնօրինում ամեն ամիս իրենց հաշվին փոխանցվող պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, քանի որ անկախ Սահմանադրական դատարան դիմելու հանգամանքից, նրանք ստացել են նշված գումարները։ Հարցումով նաև խնդրել էինք տրամադրել տեղեկություն յուրաքանչյուր պատգամավորի գործունեության վերաբերյալ անհատապես։ Այս հարցումը մնաց անպատասխան։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից այս անգամ մեր հարցմանը պատասխանել է միայն Թագուհի Թովմասյանը, սակայն նրա պատասխանն ըստ էության չէ։ Վերջինս մեզ խնդրել է հետևել իր ֆեյսբուքյան էջին նրա գործունեության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։  Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, Թովմասյանը նշել է, որ եթե ուզում ենք տեղեկություն ստանալ, դիմենք ԱԺ աշխատակազմ։ Սակայն ԱԺ աշխատակազմը չի կարող պատասխանել, թե պատգամավորներից յուրաքանչյուրը որքան գումար է ծախսել պատգամավորական գործունեության ընթացքում, քանի որ ուժի մեջ մտած օրենքով հաշվետվողականություն սահմանված չէ։ Խմբակցության մյուս պատգամավորները մեր հարցմանը չեն պատասխանել։ Ընդհանուր առմամբ ԱԺ 107 պատգամավորներից մեր հարցման հարցերին ըստ էության պատասխանել են միայն 5-ը՝ 4․68%-ը, պատասխան տրամադրել են, սակայն ըստ էության չեն պատասխանել 46-ը՝ 42․99%-ը, իսկ 56-ը՝ 52․33%-ը, առհասարակ հարցումը թողել են անպատասխան։  Ամփոփելով կարող ենք փաստել, որ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը չի ցանկանում հաշվետու լինել պատգամավորական գործունեության ընթացքում ծախսերի, ինչպես նաև մարզեր և համայնքներ այցելության վերաբերյալ։ Նարեկ Մարտիրոսյան
13:33 - 15 դեկտեմբերի, 2021
Մենք ծանոթ ենք և՛ ԱԳՆ դիրքորոշմանը, և՛ Բունդեսթագի քննարկումներին՝ ռազմագերիների հարցում հստակ դիրքորոշում հայտնելու վերաբերյալ. Սաղաթելյանը՝  Գերմանիայի ԱԳՆ պաշտոնյային և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

Մենք ծանոթ ենք և՛ ԱԳՆ դիրքորոշմանը, և՛ Բունդեսթագի քննարկումներին՝ ռազմագերիների հարցում հստակ դիրքորոշում հայտնելու վերաբերյալ. Սաղաթելյանը՝ Գերմանիայի ԱԳՆ պաշտոնյային և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին եւ Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին: Այս մասին հաղորդում է ԱԺ աշխատակազմը: Իշխան Սաղաթելյանը շնորհավորել է դեսպան Ռիխտերին առաքելությունն ստանձնելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի հայ-գերմանական հարաբերություններին: Հայաստանը շահագրգռված է երկկողմ արդյունավետ համագործակցության զարգացմամբ, եւ ԳԴՀ-ն՝ իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, կարեւոր դերակատարություն ունի տարածաշրջանի, Հայաստանի եւ Արցախի համար. ասել է ԱԺ փոխնախագահը: Նա փաստել է՝ Հայաստանը գտնվում է դժվարին ժամանակաշրջանում, եւ այս համատեքստում կարեւոր է Գերմանիայի՝ որպես ԵՄ անդամ երկրի դերակատարությունը հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցում: «Մենք ծանոթ ենք եւ՛ արտգործնախարարի դիրքորոշմանը, եւ՛ Բունդեսթագում տեղի ունեցող քննարկումներին՝ ռազմագերիների հարցում հստակ դիրքորոշում հայտնելու վերաբերյալ, որի համար շնորհակալ ենք»,-ընդգծել է Իշխան Սաղաթելյանը: Անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձություններին: ԱԺ փոխնախագահը հայտնել է, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ագրեսիան եւ ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են՝ ԼՂ հակամարտությունը լուծված չէ, այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ բացառելով ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը: «Չպետք է դադարեցնենք մեր ջանքերը գործադրել՝ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար»,-շեշտել է Մաթիաս Լյութենբերգը: Մաթիաս Լյութենբերգն իր հերթին բարձր է գնահատել հայ-գերմանական ներկայիս հարաբերությունները՝ նշելով, որ դրանց զարգացման մեծ ներուժ կա տարբեր ոլորտներում: Հյուրի խոսքով՝ նոր ձեւավորված Բունդեսթագը, ինչպես նաեւ Գերմանիայի կառավարությունը շահագրգռված են՝ սերտացնելու Հայաստանի հետ հարաբերությունները: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:  Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների, սահմանազատման եւ սահմանագծման, հնարավոր ներդրումների, հայաստանյան ներքաղաքական հարցերի վերաբերյալ:
15:12 - 14 դեկտեմբերի, 2021
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանի հետ

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանի հետ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիանո Վերգարայի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը: Ողջունելով դեսպանին` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ կարեւորել է Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ խորհրդարանական կապերի զարգացումը, նորաստեղծ բարեկամական խմբերի համագործակցության խորացումը, ինչպես նաեւ փոխգործակցությունը միջազգային հարթակներում: «Չնայած երկու երկրների միջեւ առկա մեծ հեռավորությանը`Հայաստանն ու Արգենտինան մի շարք ոլորտներում համագործակցության լայն հնարավորություններ ունեն՝ հատկապես հաշվի առնելով Արգենտինայում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը»,-ընդգծել է ԱԺ փոխնախագահը: Նա կարեւորել է հատկապես տնտեսական ոլորտում համագործակցության զարգացումը` անհրաժեշտ համարելով գյուղատնտեսության բնագավառում արգենտինական փորձի կիրառումը: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի հետպատերազմյան իրավիճակին: Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները եւ ագրեսիան` կարեւորելով այդ հարցում բարեկամ եւ գործընկեր երկրների աջակցությունը: Այս համատեքստում դեսպանը նշել է, որ Արգենտինան՝ որպես Հայաստանի բարեկամ երկիր, մշտապես  հայ ժողովրդի կողքին է: Դեսպանը նույնպես ընդգծել է բարեկամական խմբերի սերտ համագործակցություն ծավալելու անհրաժեշտությունը, փոխայցերի կազմակերպումը: Մարիանո Վերգարան համաձայնել է, որ Արգենտինան եւ Հայաստանը երկար տարիների եղբայրական ու բարեկամական սերտ կապեր ունեն, եւ մի շարք ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա: Նա ներկայացրել է դեսպանատան գործունեությունը, խոսել իրականացվելիք ծրագրերի մասին: Առաջիկայում նախատեսվում է Հայաստանում բացել Արգենտինայի առեւտրային պալատ` նպատակ ունենալով զարկ տալ փոքր եւ միջին բիզնեսին: Հանդիպմանը քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:
17:21 - 24 նոյեմբերի, 2021
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի դեսպանի հետ․ կողմերը կարևորել են երկկողմ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի դեսպանի հետ․ կողմերը կարևորել են երկկողմ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմի հետ, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերակատարությանը եւ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության դեմ այդ պետության ոտնձգությունների անթույլատրելիությանը: Այս համատեքստում խորհրդարանի փոխխոսնակը կարեւորել է միջազգային խորհրդարանական հարթակներում Հայաստանի եւ Սիրիայի համագործակցությունը: Դեսպանն իր հերթին կարծիք է հայտնել, որ Թուրքիայի քայլերն ամբողջությամբ ուղղված են տարածաշրջանի կայունության դեմ: Նա մերժելի է համարել այդ երկրի կողմից վարձկանների ու ահաբեկիչների ներգրավումը պատերազմական գործողություններին, ինչպես դա տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում: Կողմերը կարեւորել են երկկողմ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը՝ ընդգծելով, որ պատմականորեն առանձնահատուկ է երկու երկրների փոխգործակցությունը: Խորհրդարանական դիվանագիտության զարգացման համատեքստում զրուցակիցները փաստել են փոխայցերի գործուն դերն ու նշանակությունը: Անդրադարձ է եղել տնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերի իրականացմանը, մասնավորապես՝ արտահանման եւ ներմուծման ծավալների ավելացմանը: Ընդգծվել է սիրիահայերի զգալի դերակատարությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքում: ԱԺ փոխնախագահը երկկողմ հարաբերությունների խթանմանը միտված նախաձեռնությունների կյանքի կոչմանն օժանդակելու պատրաստակամություն է հայտնել:
14:39 - 22 նոյեմբերի, 2021
Ընդդիմադիր խմբակցությունների հրավիրած ԱԺ խորհրդի նիստը չկայացավ |hetq.am|

Ընդդիմադիր խմբակցությունների հրավիրած ԱԺ խորհրդի նիստը չկայացավ |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր երեկոյան, ժամը 20։00-ին ԱԺ խորհրդի արտահերթ նիստ էին նախաձեռնել սահմանային իրավիճակը քննարկելու համար, սակայն այն չկայացավ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ընդդիմադիր պատգամավորները միջանցքում վիճաբանում էին չկայացած խորհրդի նիստի շուրջ: «Մեր ընդդիմադիր գործընկերները հինգին քսան պակաս ներկայացրել են փաստաթուղթ, որով խնդրել են հրատապ նիստ հրավիրենք: Ցավոք սրտի, ժամանակի ու ներկայացված փաստաթղթերի անբավարար լինելու պատճառով նույնիսկ չեմ կարողանում այդ հարցը քննարկել»,-լրագրողներին ասաց Ալեն Սիմոնյանը: Նրա խոսքով` առաջարկին համապատասխան ձևով կցված նախագիծ և հիմնավորումներ չկան: Նրա խոսքով` երկու ընդդիմադիր խմբակցությունները համատեղ հայտարարությամբ հանդես կգան: «Նախ պետք է հասկանանք՝ պետություն ունենալո՞ւ ենք, և նոր բյուջեի մասին խոսենք»,-եզրափակեց Իշխան Սաղաթելյանը: Առավել մանրամասն՝ hetq.am-ում
19:41 - 15 նոյեմբերի, 2021
«Հայաստան» դաշինքն Ազատության հրապարակից սկսում է համազգային դիմադրություն ձեւավորելու գործընթաց․ Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» դաշինքն Ազատության հրապարակից սկսում է համազգային դիմադրություն ձեւավորելու գործընթաց․ Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» դաշինքը Ազատության հրապարակից սկսում է Համազգային դիմադրություն ձեւավորելու գործընթաց՝ ընդդեմ կառավարող ուժի։ Դաշինքի մաս կազմող ՀՅԴ կուսակցության ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ այդ դիմադրությունը պետք է կանխի Արցախի հայաթափումը, Հայաստանի թրքացումը եւ կանխի նոր կապիտուլյացիան․ «Համազգային դիմադրությունը պետք է ունենա երկու ճակատ՝ արտաքին եւ ներքին։ Արտաքին ճակատում մենք ողջ աշխարհին, մեր թշնամիներին պետք է ցույց տանք եւ ապացուցենք, որ Նիկոլը հայ ժողովրդի հավաքական կերպարը չէ, Նիկոլը չունի մանդատ՝ երկիրը տանելու նոր զիջումների։ Մենք այսօր այս հրապարակից պետք է ձեւակերպենք այդ դիմադրությունը, որ այս իշխանության կողմից ստորագրված ցանկացած հակահայ փաստաթուղթ մեզ համար անընդունելի է լինելու։ Երկրորդ ճակատը՝ պետք է դիմադրություն ցույց տանք ներքին կյանքում, դիմադրություն ցույց տանք մեր պետությունը քայքայող բոլոր երեւույթների նկատմամբ»,- ասաց Սաղաթելյանը՝ նշելով, որ բոլոր ոլորտներում պետք է ձեւավորել մեծ ու փոքր դիմադրություն։ Պատգամավորը հայտարարեց, որ իրենց այս պայքարը կարող է տեւել օրեր ու շաբաթներ, եւ այն մեկ մարդու, մեկ ուժի, մեկ կուսակցության պայքար չէ, այլ յուրաքանչյուրի։
18:50 - 08 նոյեմբերի, 2021
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծում որպես հիմնավորում ասվում է, որ օրենքն ուժի մեջ է մտել 2013 թվականին, որից հետո մինչ օրս չի վերանայվել, սակայն այս ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում։ Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորների թիվը նվազել է, և նոր ձևավորված Ազգային ժողովում 132 պատգամավորի փոխարեն կա 107 պատգամավոր, պետության ծախսերը ոչ թե ավելանում են, այլ նվազում։ Օրենքի նախագծի հիմնական զեկուցող Վիկտոր Ենգիբարյանը զեկուցման ժամանակ հիմնավորումներ ներկայացնելիս ասաց, որ այս օրենսդրական փոփոխությունը բխում է հանրային լավագույն շահից: «Ե՛վ 2,5 տարիների ընթացքի մեր պատգամավորական փորձը ցույց է տվել, որ պատգամավորին նյութատեխնիկական ապահովման տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում՝ սպասարկման կամ վառելիքի ծախսերից օգտվելու համար 50 հազար դրամը բավարար չէ, և՛ այս օրենսդրական փոփոխությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը»,- ելույթում ասաց Վիկտոր Ենգիբարյանը: Հարցուպատասխանից հետո՝ եզրափակիչ ելույթի ժամանակ, Ենգիբարյանը հավելեց․ «Մենք պատգամավորների նյութատեխնիկական հնարավորություններն ավելացնում ենք ոչ թե նրա համար, որ պատգամավորները սկսեն այցելել մարզեր, այլ հակառակը․ այդ ավելացումը տեղի է ունենում այն պատճառով, որ մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատգամավորներն իրենց աշխատավարձի զգալի մասը ծախսում են պատգամավորությունից բխող իրենց գործունեության վրա․․․ Նշվեց, որ պատգամավորն իր աշխատավարձը տրամադրում է այս կամ այն բարեգործական նպատակների։ Ես առաջարկում եմ բոլոր այն պետական պաշտոնյաներին, որոնք կարծում են, որ եկել են ԱԺ բարեգործություններ անելու համար, վերընթերցեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Մեր աշխատանքից բխում է մեր քաղաքացիների և ժողովրդի շահերի ներկայացումը և հանուն մեր ժողովրդի օրենքների ընդունումը և պատգամավորի պարտականությունից բխող գործունեությունը։ Բարեգործությունների համար կարելի է բացել բարեգործական հիմնադրամներ և զբաղվել բարեգործությամբ»։ Օրենքում կատարված այս փոփոխությունը մեծ դժգոհությունների և քննարկումների առիթ դարձավ թե՛ համացանցում, թե՛ լրատվամիջոցներում։ Այս առնչությամբ, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կենցաղային օրինակ բերեց, որը նույնպես քննադատությունների ենթարկեց։ Աղազարյանն ասաց․ «Պարտադիր էլ չի, որ մարզ գնանք, ինչի Երևան քաղաքում չի՞ լինում ընտրողների հետ շփումներ․․․ Մի անգամ քեզ հրավիրում են սրճարան, վերջում հաշիվն իրանք են փակում, հետո հաջորդ անգամ էլ, որ իրանք հաշիվը փակեն, գեղեցիկ չի, մի անգամ էլ դու պետք ա հաշիվը փակես․․․»։ Հարցին, թե ինչքանով էր անհրաժեշտ 50․000 դրամը 250․000 դարձնելու նախագծի ընդունումը, և ինչպիսի հաշվետվողականություն ունեին 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները, անդրադարձել ենք առանձին հոդվածով. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից 62-ը մեր հարցումն անպատասխան էին թողել՝ այդպիսով հաշվետու չլինելով իրենց գործունեության վերաբերյալ։ Այս պատգամավորների մեծ մասը ներկայացված են նոր ձևավորված Ազգային ժողովում։ Այս անգամ էլ «Հետք մեդիա գործարանի» հետ համատեղ փորձել ենք ստուգել պատգամավորների հաշվետվողականությունը և իմանալ օրենքի նոր փոփոխությամբ ավելացված գումարով իրականացված ծախսերը։ Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել է խորհրդարանի բոլոր 107 պատգամավորներին՝ խնդրելով ներկայացնել, թե սեպտեմբեր ամսվա ընթացքում քանի մարզ են այցելել, որ բնակավայրերում են եղել և առհասարակ ինչ ծախսեր են իրականացրել պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված ամսական 250 հազար դրամով։ Հարցմանը պատասխանել են պատգամավորներից 60-ը։ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Պատգամավորների տրամադրած պատասխաններին անդրադառնանք՝ ըստ խմբակցությունների։   «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Ազգային ժողովում Քաղաքացիական պայմանագիրն ունի 71 պատգամավոր։ Մեր հարցմանը իշխող խմբակցության պատգամավորներից պատասխանել է միայն 27-ը։ Սա խմբակցության պատգամավորների միայն 38%-ն է։ Սակայն պատասխանների մի մասը զուտ տեխնիկական էին․ բովանդակային առումով մեր հարցերից և ոչ մեկի պատասխանը տրված չէր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեր գրության պատասխանում նշել է, որ սեպտեմբերին կատարել է մարզային մեկ այց։ Վերջինս այցելել է Գյումրի` քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ Համաձայն գրության՝ սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարի փոխհատուցումն ստացել է հոկտեմբերին՝ 170 հազար ՀՀ դրամի չափով։ Մեր հարցին, թե կոնկրետ ինչ ծախսեր են կատարվել նշված գումարով, և որքան է ծախսել, Սիմոնյանը պատասխանել է, որ գործող օրենսդրությամբ ծախսերի հաշվետվողականություն սահմանված չէ, և ծախսերի առանձնացված հաշվառում չի իրականացվում։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը գրությամբ նշել է, որ սեպտեմբերին այցելել է 3 մարզեր՝ 3 անգամ Արարատի, 1 անգամ Արմավիրի և 1 անգամ Կոտայքի մարզեր։ Քանի որ օրենքն ուժի մեջ է մտել 2-րդ նստաշրջանից՝ սեպտեմբերի 13-ից, Աղազարյանը սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ և ըստ պատասխանի՝ երեք մարզերի այցելության համար ծախսել է ավելի շատ գումար, քան ստացել է։ Համաձայն պատասխանի՝ Աղազարյանը նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, համաձայն պատասխանի, սեպտեմբերին այցելել է 3 մարզ։ Եղել է Արարատի մարզի Երասխ գյուղում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է ոռոգման ջրին վերաբերող հարցեր։ Եղել է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է սոցիալական խնդիրներ, ինչի արդյունքում գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն։ Եղել է նույն մարզի Զառիթափ համայնքում, որտեղ հանդիպել է զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին։ Եղել է Եղեգիս խոշորացված համայնքի Շատին և Արտանբույք բնակավայրերում և այցի ընթացքում քաղաքացիների հետ քննարկել է ապօրինի շինություններին և ճանապարհին վերաբերող դժգոհությունները։ Եղել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, որտեղ քննարկել են պայմանագրային զինծառայողների սոցիալական խնդիրները: Այս այցերի ընթացքում, ըստ Բագրատյանի, նա ծախսել է 280 հազար դրամ՝ ամեն այցին միջինում 35 հազար դրամ։ Պատգամավոր Զարուհի Բաթոյանը նշել է, որ սեպտեմբերին հանդիպումներ է ունեցել Երևանում՝ Ազգային ժողովում և դրանից դուրս։ 4 այց է կատարել Երևանի հանրակրթական դպրոցներ՝ մատչելիության մոնիթորինգ իրականացնելու և մանկավարժների հետ հանդիպումներ ունենալու նպատակով։ Բաթոյանի պատասխանի համաձայն՝ նա սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ, որին ավելացրել է ևս 65 հազար դրամ, և հոգացել է հատուկ կահավորված մեքենայի և վարորդի ծախսերը։ Բաթոյանը տեղաշարժվում է անվասայլակի օգնությամբ, և հատուկ կահավորված մեքենայից օգտվելն անհրաժեշտություն է իր ամենօրյա գործունեությունն իրականացնելու համար։ Պատգամավոր Անուշ Բեղլոյանը, թեև պատասխանել է մեր հարցերին, սակայն նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտնում երկրորդ գումարումից, այսինքն՝ հոկտեմբերից։ Պետք է նշել, որ 8-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից և ոչ հոկտեմբերից։ Բեղլոյանը սեպտեմբերին 2 անգամ այցելել է Կոտայքի մարզ, հանդիպումներ է ունեցել ընտողների հետ Եղվարդում և Հրազդանում, մի շարք գործնական հեռախոսային զանգեր է կատարել արտասահման և նախաճաշել է արտասահմանցի դիվանագետների հետ, ինչի համար վճարել է ինքը։ Բացի այդ՝ Բեղլոյանը հանդիպումներ է ունեցել նաև Երևանում, այցելել է մի շարք պետական հաստատություններ և իրավապահ մարմիններ՝ ընտրողների բարձրացրած խնդիրների լուծման նպատակով։ Պատգամավոր Վահե Ղալումյանը նշել է, որ սեպտեմբերին բազմաթիվ այցելություններ է կատարել տարբեր համայնքներ և բնակավայրեր, այցելությունների ընթացքում քննարկվել են հիմնականում համայնքային խոշորացմանը վերաբերող հարցեր։ Ըստ Ղալումյանի՝ պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված գումարն ինքը ծախսել է նպատակային՝ ճանապարհածախսի, օրապահիկի, գիշերակացի, հանդիպումների կազմակերպման և ներկայացուցչական ծախսերի համար։ Պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը պատասխանում նշել է, որ մեր մատնանշած օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ նստաշրջանի բացման օրվանից, այսինքն՝ հոկտեմբերից։ Այս դեպքում ևս պետք է նշենք, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից, իսկ պատգամավորը մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրն ստացել է 170 հազար դրամ սեպտեմբեր ամսվա համար։ Հատկանշական է, որ Մովսիսյանը հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 12-ին, հետևաբար նա մինչև մեր հարցմանը պատասխանելը պետք է որ ստացած լիներ սեպտեմբերի համար նախատեսված գումարը։ Պատգամավորը նաև չի պատասխանել մեր մյուս հարցերին: Պատգամավորը խուսափել է պատասխանել նաև մեր գործընկերների հարցերին․ երբ զանգահարել են Մովսիսյանին, վերջինս խնդրել է, որ ավելի ուշ կապ հաստատեն իր հետ, որից հետո, սակայն, զանգերին չի պատասխանել Տառացի նույն պատասխանն է տվել նաև պատգամավոր Մարիամ Պողոսյանը։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 8-ին, հետևաբար հնարավոր է, որ հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ նա դեռևս սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարը ստացած չի եղել։ Սակայն պատգամավորը մեր անպատասխան է թողել նաև մեր հարցերն այն մասին, թե որ մարզերի որ բնակավայրեր է այցելել։ Նույնաբովանդակ պատասխան է տրամադրել պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։ Վերջինս նույնպես տեղյակ չէ, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է ոչ թե հոկտեմբերից, այլ սեպտեմբերի 13-ից։ Պատգամավորն ասում է, որ հնարավոր չէ այս պահին պատասխանել ծախսերի վերաբերյալ հարցերին։ Սակայն պետք է հաշվի առնենք, որ այս գումարները տրամադրվում են յուրաքանչյուր հաջորդ ամսվա սկզբում՝ որպես նախորդ ամսում իրականացված ծախսերի փոխհատուցում, հետևաբար պատգամավորներն, անկախ այն հանգամանքից՝ արդեն ստացել են այդ գումարները, թե դեռ ոչ, պետք է կարողանան պատասխանել, թե ինչ ծախսեր են իրականացրել, որի համար ստանում են փոխհատուցումը։ Լիլիթ Ստեփանյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին, որոնք վերաբերում էին մարզեր և համայնքներ իրականացված այցելություններին։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, թեև նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ից, սակայն հարցման պատասխանում գրել է, որ պատգամավորական գումարների ծախսման վերաբերյալ մեր հարցերը հարցման պահին ժամանակավրեպ են։ Մեր հարցումը ոչ միայն պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարի ծախսմանն էր վերաբերում, այլև մարզային և համայնքային այցելություններին։ Նշված հարցերին նույնպես պատգամավորն անդրադարձ չի կատարել։ Մեր գործընկերների հետ զրույցում, սակայն, Տիգրանյանն ասել է, որ պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը չի առանձնացվում աշխատավարձից, և հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն չկա։ «...Հետևաբար դա ընդհանուր աշխատավարձ է, և պատգամավորը ծախսում է իր գործունեության հետ կապված. կլինի մարզային այց, հյուրեր, խմբեր դիմավորել, ճանապարհել»,- մեկնաբանել է Տիգրանյանը, որը, սակայն, չի հիշել, թե սեպտեմբերին մարզային ինչ այցեր է ունեցել։ Պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, թեև պատասխանել է հարցմանը, սակայն չի պատասխանել հարցերին։ Այսինքն՝ պատգամավորը տեխնիկապես կատարել է օրենքով սահմանված պարտականությունը և պատասխանել է մեր գրավոր հարցմանը, սակայն հարցերին բովանդակային անդրադարձ չի եղել։ Վերջինս նշել է, որ պատգամավորը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում՝ եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում: Իսկ գործունեության վերաբերյալ նշել է, որ տեղեկությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում, առցանց այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Էդուարդ Աղաջանյանը հարցման պատասխանում խոսում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերից, որոնց տեղը լրատվամիջոցների ներկայացուցիչներն անշուշտ գիտեն, սակայն ներկայացվող հայտարարագրերով նախ հնարավոր չէ պարզել, թե ստացած գումարով ինչ ծախսեր են իրականացրել, և հետո այս տարի ստացած եկամուտներն արտացոլվելու են մյուս տարի ներկայացվող հայտարարագրում, այսինքն՝ պրակտիկորեն անհնար է պատգամավորի ներկայացրած հայտարարագրով պարզել, թե որքան գումար են ստացել, օրինակ, սեպտեմբեր ամսվա համար և ինչ նպատակով են ծախսել։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատասխան տրամադրած մյուս պատգամավորները հարցմանը պատասխանել են տառացի նույն կերպ, և այս դեպքում նույնպես բացակայում են մեր հարցերի պատասխանները։ Պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Նարեկ Բաբայանը, Ռուստամ Բաքոյանը, Տաթևիկ Գասպարյանը, Նարեկ Զեյնալյանը, Բաբկեն Թունյանը, Արմեն, Խաչատրյանը, Վիգեն Խաչատրյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալխաս Ղազարյանը, Լիլիթ Մինասյանը, Էմմա Պալյանը, Գևորգ Պապոյանը, Խաչատուր Սուքիասյանը, Վլադիմիր Վարդանյանը և Հայկ Ցիրունյանը տառացի նույն պատասխանն են տրամադրել, որը վերցված է Ազգային ժողովի կանոնակարգից։ Պատգամավորների «միասնական» պատասխանը կարող եք կարդալ ստորև։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պատգամավորներից միայն Ռուբեն Ռուբինյանն է այս պատասխանին հավելել, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ին, և սեպտեմբերի 1-ի դրությամբ բոլորն ստացել են 50 հազարական դրամ։ Սակայն մենք պատգամավորին նման հարց չէինք ուղղել․ մենք հարցրել էինք սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարից, որը պատգամավորները, այդ թվում՝ Ռուբինյանը, ստացել են մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրը։ Ինչպես երևում է տրամադրված «միասնական» պատասխանից, պատգամավորները խուսափել են հարցերին հստակ պատասխան տալուց և տրամադրել են ԱԺ կանոնակարգից վերցված և ոչինչ չասող պատասխան։ Նույնաբովանդակ պատասծան տրամադրած պատգամավորներից 3-ի հետ կարողացել են զրուցել «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերները։  Ռուստամ Բաքոյանը նշել է, որ չգիտի՝ ավելացված գումարը ստացե՞լ է, թե՞ ոչ. «Ուշադրություն չեմ դարձնում, չգիտեմ նաև՝ երբ եմ ստանալու այդ 250 000 դրամը»։ Բաբկեն Թունյանը խնդրել է ավելի ուշ կապ հաստատել իր հետ, ինչից հետո զանգերին չի պատասխանել։ Գևորգ Պապոյանը համարել է, որ սա կարևոր թեմա չէ, և արդեն իսկ ամեն ինչ ասված է։  Այսպիսով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել էր միայն 27-ը, որոնցից մեր հարցերին մասամբ կամ ամբողջությամբ պատասխանել էր միայն 6-ը, այսինքն՝ խմբակցության պատգամավորների 8,5%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են խմբակցության պատգամավորներից միայն 10-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորներին ուղղված հարցումներին պատասխանել է 4 պատգամավոր, ինչից հետո մնացած բոլոր պատգամավորների փոխարեն մեզ միասնական պատասխան է տրամադրել Ագնեսա Խամոյանը։ Վերջինս նշել է, որ լիազորված է պատասխանել բոլորի անունից։ Սակայն մեր նպատակն էր հարցումների միջոցով լուսաբանել բոլոր պատգամավորների գործունեությունն անհատապես և ոչ թե խմբակցության գործունեությունն ընդհանրական։ Պատգամավոր Անդրանիկ Թևանյանը սեպտեմբերին այցելել է 1 մարզ։ Եղել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Ըստ պատասխանի՝ հանդիպել է համակիրների և շահագրգիռ այլ անձանց հետ։ Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար տրամադրվող ամսական գումարին, Թևանյանը նշել է, որ ստացել է 170 հազար դրամ, որը, սակայն, չի օգտագործել։ Պատասխանում նշված է, որ «Հայաստան» խմբակցությունը որոշում ունի օրենքի փոփոխությունը վիճարկելու Սահմանադրական դատարանում։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը մեր հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, մասնակցել է անկախության հռչակման 30-ամյակի միջոցառմանը: Պատգամավորը նշել է, որ սեպտեմբերի 30-ին չի ստացել 250 հազար դրամ։ Նա իրավացի է, քանի որ մեր հարցմանը պատասխանելու հաջորդ օրն է ստացել սեպտեմբեր ամսվա համար նախատեսված 170 հազար դրամը։ Սակայն «Հայաստան» խմբակցության միասնական պատասխանում նշվում է, որ այդ գումարների առնչությամբ իրենք դիմել են Սահմանադրական դատարան։ Իսկ նախորդ ամիս ստացած 50 հազար դրամը Խաչատրյանն օգտագործել է Արցախ այցի նպատակով։  Պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նշել է, որ սեպտեմբերին որևէ մարզ չի այցելել, իսկ ստացած գումարն էլ չի օգտագործել, ինչպես խմբակցության մյուս անդամները։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանը սեպտեմբերին այցելել է Արագածոտնի մարզի Մաստարա և Թալին համայնքներ։ Պատգամավորը հարգելի պատճառներով չի կարողացել ավելի շատ մարզեր կամ համայնքներ այցելել։ Համաձայն Մանուկյանի պատասխանի, ըստ խմբակցության գրաֆիկի, հոկտեմբերին պատրաստվում է այցելել Արմավիրի և Արագածոտնի մարզեր։  «Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորները տվել են միասնական պատասխան, որով հնարավոր չէ տարանջատել նրանցից յուրաքանչյուրի գործունեությունը։ Միասնական պատասխան են տրամադրել Հայաստան խմբակցության 25 պատգամավորներ․ պատասխանին կարող եք ծանոթանալ ստորև։ ««Հայաստան» խմբակցության անդամներն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այցելել են ՀՀ բոլոր մարզեր և Երևանի վարչական շրջաններ, կազմակերպվել են հանդիպումներ տարբեր համայնքներում հարյուրավոր ՀՀ քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և առաջարկներին, ինչով պայմանավորված՝ ընթանում են օրենսդրական նախաձեռնությունների ստեղծման և պատգամավորական գործունեության աշխատանքների կազմակերպման այլ լայնածավալ աշխատանքներ: Նշված այցերը կատարվել են խմբակցության պատգամավորների միջոցներով: Այցերին չեն մասնակցել մինչ օրս ապօրինաբար, Սահմանադրության պահանջների խախտմամբ կալանավորված պատգամավորները: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված 250 հազար ՀՀ դրամին, ապա հարկ ենք համարում նշել, որ սեպտեմբեր ամսվա համար «Հայաստան» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի աշխատավարձային հաշվին փոխանցվել է 170 հազար ՀՀ դրամ: Հարկ ենք համարում նշել նաև, որ ինչպես հայտարարավել էր, «Հայաստան» խմբակցությունը պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ ընդունված օրենքը, ինչպես նաև պատգամավորներին և քաղաքական այլ պաշտոնյաներին պարգևատրելու հարցը վիճարկում է Սահմանադրական դատարանում (05.10.2021թ. դիմումը մուտքագրվել է ՍԴ)»: Այսպիսով, թեև խմբակցության պատգամավորները չեն անտեսել մեր պաշտոնական գրությունը, սակայն միասնական պատասխան տրամադրելով՝ չեն ներկայացրել յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Համաձայն պատասխանների՝ մեր հարցերին պատասխան են տրամադրել խմբակցության պատգամավորներից միայն 4-ը՝ խմբակցության 13․8%-ը։ Սակայն պետք է նշել, որ պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին առնչվող հարցի պատասխանը բոլորի դեպքում նույնն է, հետևաբար կարող ենք ընդունել, որ խմբակցության բոլոր պատգամավորներն այս հարցին տվել են պատշաճ պատասխան։ Ինչ վերաբերում է «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանելուն, ապա խմբակցությունից հարցերին պատասխանել են միայն 7-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել է 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել է անպատասխան։ Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, եղել է Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում։ Արցախի Հանրապետությունում մասնակցել է Հանրապետության 30-ամյակի միջոցառմանը և հանդիպումներ է ունեցել Արցախի 3 ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների, հասարակական և ռազմական գործիչների հետ։ Սյունիքի մարզում այցելել է Գորիս և Կապան համայնքներ՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Պատգամավորն ուսումնասիրություններ է իրականացրել Գորիս-Կապան ավտոճանապարհի տարբեր հատվածներում, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզ, որտեղ դիտարկել է ռազմավարական ճանապարհների առկա վիճակը՝ հետագայում խնդրի վերաբերյալ առաջարկություններ ձևակերպելու նպատակով։ Արարատի մարզ այցելության ժամանակ եղել է Երասխավանից Պարույր Սևակ տանող հատվածում և դիտարկումներ է իրականացրել սահմանին մոտ հատվածներում։ Համաձայն պատասխանի՝ Աբրահամյանը պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված հաշվարկ չի իրականացրել, սակայն, ըստ նրա, հիմնական ծախսերը կապված են եղել մարզեր այցելության հետ՝ հյուրանոցի ծառայություններ, վառելիքի և սննդի ծախսեր և այլն։  Պատգամավոր Հայկ Մամիջանյանը սեպտեմբերին այցելել է Արարատի, Արագածոտնի և Լոռու մարզերի շուրջ 15 բնակավայրեր, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջաններ, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարի մի մասը ծախսել է տրանսպորտի և կազմակերպչական ծախսերի համար, իսկ մի մասը պատրաստվում է ուղղել բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Տարոն Մարգարյանը նշել է, որ այցելություններ է ունեցել տարբեր մարզեր և Երևան քաղաքի վարչական շրջաններ։ Գումարի մի մասն ուղղել է հանդիպումների կազմակերպչական ծախսերի ապահովմանը, մյուս մասը՝ բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերի 1-ին ահազանգ է ստացել, որ ադրբեջանցիները այրում են Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ համայնքներին մոտ գտնվող խոտածածկույթները: Այցելել է սահմանամերձ համայնքներ, ուսումնասիրել և բարձրաձայնել խնդիրը ինչպես ԱԺ լիագումար նիստերի ժամանակ, այնպես էլ գրավոր ընթացակարգով: Խորհրդարանում հանդիպել է Ադրբեջանի կողմից գերեվարված և Հայաստան վերադարձած ՀՀ ՊՆ հատուկ ստորաբաժանման աշխատակից Արմեն Բուդոյանին, ինչից հետո, բարձրացրած խնդիրների քննարկման անհրաժեշտությունից ելնելով, սեպտեմբերի 3-ին եղել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում այցելել է կալանքի տակ գտնվող իրենց գործընկերներին՝ Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Մխիթար Զաքարյանին և Սիսիանի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Արթուր Սարգսյանին: Հաջորդ օրն այցելել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն՝ տեսակցելու ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին։  ԱԺ-ում նախաձեռնել է հանդիպում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի, ինչպես նաև Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ, հանդիպումների ընթացքում քննարկել են ՀՀ և ԱՀ բնակչության իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Խորհրդարանում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և Հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Սեպտեմբերի 11-12-ին այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր՝ Գեղամասար, Տրետուք, Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ, Շատջրեք, Ավազան: Հանդիպում է ունեցել  տեղի բնակիչների հետ, քննարկել են փոխհատուցմանն առնչվող խնդիրները, դրանց լուծման շրջանակները: Թագուհի Թովմասյանի պնդմամբ՝ կառավարությունը մինչ օրս գյուղացիներին չի փոխհատուցել ադրբեջանցիների հափշտակված անասունների, ինչպես նաև այրված խոտհարքերի համար:  Սեպտեմբերի 16-ին խորհրդարանում հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին: Քննարկել են պարտադիր քրեակատարողական հիմնարկներում և փակ տարածքներում գտնվող մարդկանց առողջությանը, իրավունքներին վերաբերող խնդիրներ: Սեպտեմբերի 17-ին մի խումբ դատապարտյալների՝ անձնական ընդունելություն ստանալու խնդրանքի հիման վրա այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Սեպտեմբերի 18-19-ին այցելել է Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Վարդենիս: Պատգամավորը «Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության» թեմայով աշխատանքային քննարկում է կազմակերպել ԱԺ-ում: Սեպտեմբերի 23-ին խորհրդարանում նախաձեռնել է հանդիպում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ԱՀ նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանի մասնակցությամբ: Քննարկել են հայրենադարձության, ինչպես նաև պատերազմի հետևանքով անտուն մնացած քաղաքացիների խնդիրները:  Սեպտեմբերի 24-25-ին այցելել է Արմավիրի և Արարատի մարզեր և հանդիպել օրեր շարունակ բողոքի տարբեր ակցիաներ իրականացնող խաղողագործներին, լսել խաղողի մթերման մասին բարձրաձայնած խնդիրները: Զբաղվել է նրանց խնդիրներով, ինչի արդյունքում օրեր անց ստացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պատասխան գրությունը, համաձայն որի՝ կմթերվի խաղողի ամբողջ քանակությունը: Սեպտեմբերի 26-ին կրկին եղել է Գեղարքունիքի մարզում, քանի որ ահազանգ է ստացել Վերին Շորժա, Ներքին Շորժա և Այրք գյուղերի վարելահողերի հրդեհման մասին: Սեպտեմբերի 28-ին խորհրդարանում ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը: Քննարկել են համագործակցությանը, համատեղ աշխատանքին, արդի խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին վերաբերող հարցեր:  Սեպտեմբերի 29-ին Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ անցկացվել է «Արցախցիների իրավունքների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում: Ըստ Թովմասյանի՝ մի շարք հարցերի լուծման ուղիներ գտնելու առնչությամբ արդեն իսկ տարվում են աշխատանքներ: Այս պահին շրջանառության մեջ է դրված պատգամավորի հեղինակած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:  Ինչ վերաբերում է ներկայացուցչական ծախսերին, ապա Թագուհի Թովմասյանի պնդմամբ այս ողջ աշխատանքը իրականացնելիս ծախսվել է ոչ միայն ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված գումարը, այլ շատ ավելին: Այսպիսով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էր 4-ը՝ խմբակցության 57,1%-ը, իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են 2-ը։ Հարցումով դիմել էինք նաև ԱԺ նախագահին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե կոնկրետ երբ են պատգամավորները ստանում նշված գումարը, և արդյոք բոլորը ստանում են նույն օրը և նույն չափով։ Հարցման պատասխանում Ազգային ժողովից հավաստիացրին, որ օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ գումարման մեկնարկից, պատգամավորները նշված գումարը ստանում են մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 7-րդ աշխատանքային օրը և ստանում են նույն չափով։ Պատգամավորները սեպտեմբեր ամսվա համար ստացել են 170 հազար դրամ Ընդհանուր առմամբ, խորհրդանի 107 պատգամավորներից մեր հարցումներին պատասխանել էր 60-ը, սակայն նրանցից լիարժեք և ըստ էության պատասխան էր տրամադրել միայն 14-ը։ Այսինքն՝ մեր հարցերին պատասխանել է խորհրդարանի պատգամավորների 13․1%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Հիշեցնենք նաև, որ օրենքի փոփոխությամբ նախկին 50 հազար դրամին ավելացվեց ևս 200 հազար դրամ, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները դժգոհում էին, որ 50 հազար դրամը չի բավարարում խորհրդարանի անդամներին լիարժեք գործունեություն ծավալելու համար։ Չնայած սրան՝ պատգամավորների մի մասը  ԱԺ ընտրությունների ժամանակ բավականին շռայլ է գտնվել և նվիրաբերել է հարյուր հազարավոր և միլիոնավոր դրամներ իրենց կուսակցությանը/դաշինքին՝ նախընտրական քարոզարշավի ծախսերը հոգալու համար, ինչի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ «Հետք մեդիա գործարանի» հոդվածում։   Նարեկ Մարտիրոսյան
20:19 - 03 նոյեմբերի, 2021
Մեր նպատակը ցանկացած նոր զիջում ամեն գնով կանխելն է. հայրենիքն է կարևոր, ոչ թե կորսված հայրենիքում իշխանության հեռացումը. Իշխան Սաղաթելյան

Մեր նպատակը ցանկացած նոր զիջում ամեն գնով կանխելն է. հայրենիքն է կարևոր, ոչ թե կորսված հայրենիքում իշխանության հեռացումը. Իշխան Սաղաթելյան

Սոցիալական ցանցերում ու տարբեր հարթակներում բուռն քննարկման առարկա է դարձել նոյեմբերի առաջին տասնօրյակում հանրահավաքի մասին իմ հայտարարությունը։ Ոմանք մեղադրում են մեզ՝ ասելով, որ նոյեմբերի 9-ին հանրահավաք կազմակերպելն անիմաստ է, քանի որ ամեն ինչ արդեն վերջացած կլինի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրռում է կատարել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: «Ոմանք էլ դիտավորյալ խեղաթյուրում են խոսքս՝ հետապնդելով այլ նպատակ: Սիրելի' հայրենակիցիներ, իրականությունը հետևյալն է. քանի որ այս ընթացքում բազմիցս հայտարարել ենք, որ մեր պայքարը չի դադարել, և, որ առաջիկայում նախատեսել ենք կոնկրետ քայլեր, մենք տասը օր առաջ դիմել էինք Երևանի քաղաքապետարան՝ նոյեմբերի 9-ին և 10-ին հանրահավաք և երթ կազմակերպելու համար։ Ես, ի պատասխան լրագրողի հարցին, հաստատել եմ, որ այս պահին նոյեմբերի 9-ին նախատեսված հանրահավքը ուժի մեջ է։ Սա, իհարկե, չի նշանակում, որ մինչև նոյեմբերի 9-ը մենք ոչինչ չենք անելու, այդ թվում՝ հանրահավաք։ Տասնյակ անգամներ ասել եմ, հիմա ևս մեկ անգամ կրկնում եմ՝ մեր նպատակն է կանխել նոր կապիտուլիացիան և Հայաստանի թրքացումը: Երբեք մեր նպատակը չի եղել թողնել, որ իշխանությունները երկիրը տանեն պարտության, և միայն դրանից հետո ասենք՝ կրկնակի դավաճան եք: Այդպես ենք վարվել նաև անցած տարի պատերազմի օրերին՝ անընդհատ հանդես գալով ստեղծված իրավիճակից դուրս գալու առաջարկներով: Դեռ պատերազմի ամենաթեժ օրերին էինք առաջարկել՝ռազմաճակատում բեկում մտցնելու համար երկրում ռազմաքաղաքական օպերատիվ շտաբ ստեղծել: Ես շնորհակալ և երախտապարտ եմ մեր այն ընկերներին, քաղաքացիներին, ովքեր գիշեր ցերեկ պայքարել են և շարունակում են պայքարել, որովհետև հասկանում են, որ վճռվում է հայրենիքի ճակատագիրը։ Առաջիկա օրերին կխոսենք ավելի մանրամասն, այստեղ միայն ցանկանում եմ վերահաստատել, որ Համահայկական դիմադրության ձևավորումը կենսական անհրաժեշտություն է։ Եվ նոր կորուստներից խուսափելու միակ ճանապարհը. Մենք այս մասին հայտարարել էինք դեռևս օգոստոսին։ Կրկնում եմ՝ մեր նպատակը ցանկացած նոր զիջում ամեն գնով կանխելն է: Արդյո՞ք դա հնարավոր է, իմ կարծիքով՝ հնարավոր է, եթե զերծ մնանք անիմաստ շահարկումներից, լինենք միասնական, համախմված ու բավարար թվաքանակով։ Կանենք դա, կստացվի և կփրկենք հայրենիքը, այլապես՝ միշտ էլ մեղավորներ կգտնվեն, անհոգ եղեք:Հայրենիքն է կարեւոր, ոչ թե կորսված հայրենիքում իշխանության հեռացումը»,- գրել է նա:
10:36 - 25 հոկտեմբերի, 2021
Իշխան Սաղաթելյանը ՌԴ դեսպանին իր մտահոգությունն է փոխանցել ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի վերաբերյալ

Իշխան Սաղաթելյանը ՌԴ դեսպանին իր մտահոգությունն է փոխանցել ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի վերաբերյալ

Հոկտեմբերի 20-ին ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։Կողմերը քննարկել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակին առնչվող մի շարք հարցեր և ընդգծել այդ գործընթացներում Ռուսաստանի Դաշնության կարևոր դերակատարությունը:Իշխան Սաղաթելյանն իր մտահոգությունն է փոխանցել ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի վերաբերյալ:Կողմերն անդրադարձել են Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ ուժերի առաքելությանը, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը` ներկայացնելով նաև հարցերի լուծման իրենց դիրքորոշումները:ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել հայ ռազմագերիների վերադարձի գործում ռուսական կողմի ունեցած կարևոր դերակատարության համար:Երկուստեք կարևորվել է հայ ռազմագերիներին անհապաղ հայրենիք վերադարձնելու հարցը:Հանդիպման ավարտին կողմերը ընդգծել են միջխորհրդարանական և միջկուսակցական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը։
17:27 - 20 հոկտեմբերի, 2021