Լիբանան

Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լիբանան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է Գլխավոր հանձնակատարի գրասենյակը: «Լիբանան այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների՝ «Ազդակ», «Զարթոնք», «Արարատ» թերթերի, «Ռադիո Սևան» և «Վանա ձայն» ռադիոկայանների և ՀԲԸՄ լրատվական բաժնի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Լիբանան բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը»,- նշված է հայտարարության մեջ: Հանդիպումն ընթացել է Լիբանանում ՀՀ դեսպանատանը: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և լրագրողները քննարկել են հարցերի ընդգրկուն շրջանակ՝ Հայաստան-սփյուռք հարաբերությունների ամրապնդումից, միջհամայնքային կապերի խորացումից, ցանցային հաղորդակցության ակտիվացումից մինչև Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո ստեղծված իրավիճակը, այս պայմաններում լրատվամիջոցների խնդիրները և համայնքին օգնության ամենակարևոր թիրախները: Հանդիպման ավարտին կողմերը սերտ համագործակցության պատրաստակամություն են հայտնել:
15:32 - 10 օգոստոսի, 2020
Հումանիտար օգնություն տեղափոխող ևս 2 ինքնաթիռ Հայաստանից կմեկնի Լիբանան. Սինանյան

Հումանիտար օգնություն տեղափոխող ևս 2 ինքնաթիռ Հայաստանից կմեկնի Լիբանան. Սինանյան

Լիբանան մեկնած հայաստանյան պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը: Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Պատրիարքը նախևառաջ ներկայացրել է լիբանանահայության իրավիճակը և համայնքի կրած մարդկային և նյութական կորուստները:Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայաստանն օգնություն է ցուցաբերում Լիբանանի կառավարությանը, լիբանանցի եղբայրական ժողովրդին, ինչպես նաև հայ համայնքին: «Այս այցի նպատակն է նաև ավելի խորը հասկանալ, թե ինչպես կարող ենք աջակցել լիբանանահայ մեր հայրենակիցներին»,-շեշտել է Գլխավոր հանձնակատարը:Ամենապատիվ Տերն իր խոսքում ընդգծել է, որ համայն հայությունը երկու սիրտ ունի՝ Հայաստանը և սփյուռքը, և ուրախություն է հայտնել, որ վերջապես հայ ժողովուրդը ազատ և անկախ հայրենիք ունի: Նա նաև կարևորել է 2 շաբաթ առաջ Արցախի կառավարությունից ստացված օգնությունը. «Մեր եղբայրները մեզ հետ են, և սա շատ գեղեցիկ ժեստ էր»:Հանդիպման ավարտին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ նախատեսվում են հումանիտար օգնության ևս 2 ինքնաթիռներ, որոնցով տեղափոխվող պարենամթերք և դեղորայքը փոխանցվելու է հայ համայնքին:
13:45 - 10 օգոստոսի, 2020
Լիբանանի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար․ երկու նախարար հրաժարական է ներկայացրել

Լիբանանի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար․ երկու նախարար հրաժարական է ներկայացրել

Կիրակի՝ Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունին հաջորդած հակակառավարական ցույցերի երկրորդ օրը, Լիբանանի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել՝ ցրելու համար ցուցարարներին, որոնք արգելափակել են երկրի խորհրդարանի շենքի մերձակայքում գտնվող ճանապարհը: Այս մասին հայտնում է aljazeera.com-ը: Միջազգային առաջնորդները Բեյրութի ավերիչ պայթյունից հետո վիրտուալ կոնֆերանս են անցկացրել, որը ղեկավարել են Ֆրանսիան և ՄԱԿ-ը։  Նրանք խոստացել են 300 միլիոն դոլար մարդասիրական օգնություն տրամադրել Լիբանանի բնակչությանը: Լիբանանի տեղեկատվության նախարար Մանալ Աբդել Սամադի հրաժարականից հետո իր հրաժարականի մասին է հայտնել նաև երկրի շրջակա միջավայրի նախարար Դամիանոս Կատարը։ Լիանանի խորհրդարանի 9 պատգամավորներ վայր են դրել մանդատները։   Լուսանկարը՝ The Guardian-ի։  
12:38 - 10 օգոստոսի, 2020
Դոնոր երկրների միջազգային համաժողովն ավելի քան 252 մլն եվրո է հավաքել Բեյրութի վերակառուցման համար |tert.am|

Դոնոր երկրների միջազգային համաժողովն ավելի քան 252 մլն եվրո է հավաքել Բեյրութի վերակառուցման համար |tert.am|

tert.am: Դոնոր երկրների միջազային համաժողովը, որն անցկացվել է Ֆրանսիայի նախագահ Մանուել Մակրոնի ղեկավարմամբ, 252,7 միլիոն եվրո է հավաքել մարդասիրական ճգնաժամում հայտնված Լիբանանին աջակցության համար, գրում է DW-ն՝ հղում տալով Մակրոնի հայտարարությանը։ Աղբյուրը մանրամասնում է, որ Ֆրանսիայի հատկացրած մարդասիրական օգնության ծավալը կազմում է 30 միլիոն եվրո։ Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը, իր հերթին, հայտարարել է, որ «Բեյրութում տեղի ունեցած մեծ աղետի հաղթահարման համար» Գերմանիան 20 միլիոն եվրո կուղարկի Լիբանան։«Ինձ տպավորել է, թե քանի երկիր է պատրաստ օգնել Լիբանանին»,- համաժողովի ժամանակ հայտարարել է Մաասը։Հայտնի է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես խոստացել է օգնություն հատկացնել Լիբանանին, սակայն կոնկրետ գումարի չափի մասին տեղեկություններ դեռևս չկան։ Ենթադրվում է, որ Եվրոպական միության օգնության չափը կլինի 63 միլիոն եվրո։ ՄԱԿ-ի գնահատականներով՝ բժշկական և պարենի օնության, ինչպես նաև Բեյրութի՝ անօթևան մնացած ավելի քան 300 000 բնակչի համար նոր տան կառուցման համար հարկավոր է մոտ 116,9 միլիոն դոլարի ներդրում կատարել։
11:40 - 10 օգոստոսի, 2020
Լիբանանում գտնվող հայաստանյան պատվիրակության անդամները հանդիպել են Արամ Ա կաթողիկոսի հետ

Լիբանանում գտնվող հայաստանյան պատվիրակության անդամները հանդիպել են Արամ Ա կաթողիկոսի հետ

Օգոստոսի 9-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրիվանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց պատարագ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն պատարագին մասնակցում էին Լիբանան մեկնած հայաստանյան պատվիրակության անդամները՝  Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, ԱԺ պատգամավոր, Հայաստան-Լիբանան բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը: Այնուհետ պատվիրակության անդամներն առանձին հանդիպում են ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ, որի ընթացքում վեհափառը ներկայացրել է համայնքի վիճակը, պայթյունից հետո հայաբնակ թաղամասերում արձանագրած պատկերը, ըստ որի՝ հայերի բնակարանները մեծ վնասներ են կրել, և դրանք արագ վերականգնման կարիք ունեն: Վեհափառ Տերն ընդգծել է նաև, որ այժմ կարևոր է համայնքի կարիքների առաջնահերթյուննների վերհանումն ու իրական գնահատումը, որի ուղղությամբ այժմ աշխատանքներ տարվում են, ստեղծվել է համայնքային բոլոր կառույցներն ընդգրկող հանձնախումբ: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ այս այցի նպատակը ոչ միայն հումանիտար օգնությունն ուղեկցելն է, այլև տեղում իրական պատկերին ծանոթանալը և լիբանանահայության հետ ուղղակի շփումները: Արամ Ա կաթողիկոսն իր խոսքում շեշտել է, որ Հայաստանը հզորացնելու հետ մեկտեղ՝ պետք է ամրապնդել նաև սփյուռքը: Այս կապակցությամբ Զարեհ Սինանյանը կարևորել է հատուկ լիբանանահայության  համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից սկսված դրամահավաքը: Հանդիպման ավարտին երկուստեք վերահաստատվել է, որ հայրենիքի դռները միշտ բաց են սփյուռքի առջև:
09:43 - 10 օգոստոսի, 2020
Աղետ՝ Բեյրութում. պատմում են հայ ականատեսները |hetq.am|

Աղետ՝ Բեյրութում. պատմում են հայ ականատեսները |hetq.am|

hetq.am: Օգոստոսի 4-ին Վարանդա Յակուբյանը սովորականի պես մտավ Բեյրութի նավահանգստի մոտ գտնվող սրճարան։ Այդտեղ հաճախ էր լինում՝ աշխատանքից հետո դասերն անելու, կենտրոնանալու համար։ Սակայն վերջին շրջանում կորոնավիրուսի պատճառով սրճարան այցերն ավելի հազվադեպ էին։ Այդուհանդերձ, այդ երեքշաբթի՝ օգոստոսի 4-ին, Լիբանանի մայրաքաղաքում եռուզեռ էր սկսվել, քանի որ մինչ այդ Բեյրութը 5-օրյա «լոքդաունի» մեջ էր։ Մարդիկ շտապում էին իրենց աշխատավայրերը։ Երեկոյան Վարանդան մտել էր սրճարան, որտեղ այցելուների մեծ մասը երիտասարդներ էին։ Հազիվ էր հասցրել տեղավորվել, երբ շատ ուժեղ ձայն լսվեց։ Ներսում գտնվող մարդիկ ցնցվել էին։ Առաջին պայթյունի ժամանակ ենթադրել էին, թե ռազմական ինքնաթիռ է անցել երկնքով, ինչը Լիբանանում սովորական է դարձել մարդկանց համար։ Քիչ անց՝ ավելի մեծ պայթյունը եղավ։ Սրճարանը կիսափլատակ դարձավ վայրկյանների ընթացքում։ «Գրեթե բոլոր ներկաները վիրավորվեցին, ներառյալ՝ ես։ Բոլորը ցնցված էին եւ սարսափած, որովհետեւ ոչ մեկ չգիտեր, թե ինչ պատահեց, թե արդյոք պիտի շարունակվի, թե ոչ։ Շուրջս փլատակ էր, արյունլվա։ Հազիվ կարողացա ինձ գտնել, ապակիներով ծածկված էի։ Մի քանի րոպեից զանգ ստացա ծնողներիցս, ովքեր գտնվում էին Բուրջ Համուդում, որը եւս մեծ վնասներ է կրել։ Երբ դժվարությամբ դուրս եկա փլատակներից, շուրջս տեսարանը շատ սարսափելի էր՝ քարուքանդ, ավտոմեքենաները վնասված, շենքերը փլված, մարդիկ՝ սարսափած եւ շվարած, արյունլվա, փողոցներով վազում էին»,- պատմում է Բեյրութի բնակիչ Վարանդա Յակուբյանը։ Դեպքի վայր Վարանդային օգնության էր հասել եղբայրը: Երիտասարդ աղջիկը գլխից մինչեւ ոտքերը բազմաթիվ վերքեր էր ստացել, նաեւ ատամներն էին վնասվել՝ երկուսը փշրվել էին։ Հայուհուն տեղափոխել էին «Լիբանանահայ օգնության խաչ» կազմակերպություն, որը «Հայ օգնության միության» (ՀՕՄ) տեղի մասնաճյուղն է, այստեղ Վարանդայի մարմնից հանել են ապակիները։ Դեպքից ավելի ուշ է Վարանդան իմացել, որ պայթյունները եղել են նավահանգստում։ «Եթե նույնիսկ բոլոր վերքերը բուժվեն, շենքերը վերակառուցվեն, այս պատահարն ու դրա ազդեցությունը երկար պիտի մնան մեր մեջ, որովհետեւ կորուստը շատ մեծ է, հատկապես՝ մարդկայինը։ Լիբանանի ժողովուրդն արդար պատիժ է պահանջում բոլոր նրանց համար, ովքեր այս ոճրագործության պատճառ դարձան»,- ասում է Վարանդա Յակուբյանը։ Նույն օրը Երեւանից օդանավով Բեյրութ էր վերադառնում Վազգեն Չեքիջյանը, ով մարտի 17-ից Հայաստանում էր ու կորոնավիրուսի պատճառով երկար ժամանակ չէր կարողանում վերադառնալ Լիբանան։ Պայթյունի ժամանակ՝ Բեյրութի ժամանակով 18:10-ի սահմաններում, լիբանանյան «Middle East Airlines» ավիաընկերության ինքնաթիռն օդում էր։ Վայրէջքը մայրաքաղաքի հարավում գտնվող օդանավակայանում ժամը 19-ին էր։ Ուղեւորները երկնքում ոչինչ չեն զգացել, եւ միայն օդանավակայանում են տեղեկացել աղետի մասին։ Վազգեն Չեքիջյանը հիշում է, որ տուն հասնելու համար տաքսի էր պատվիրել, որը 30 րոպե ուշացումով էր եկել։ Օդանավակայանից մինչեւ տուն 20 րոպեի ճանապարհ է, սակայն այն կարողացել են անցնել մոտ 1 ժամում։ Չնայած ոստիկանությունը փակել էր փողոցները, տաքսու վարորդը Վազգենին կարողացել է տանել նավահանգստի մոտով։ «Ճանապարհին տեսա ավերակներ, տեղաշարժված մեքենաներ, տապալված ծառեր, պատշգամբներից թափված քարեր։ Երբ հասանք նավահանգստի մոտ, ձախ կողմում ծովն էր, աջում՝ փլատակները... Շատ նեղված սրտով հասա տուն»,- պատմում է Վազգեն Չեքիջյանը։   Շարունակությունը՝ hetq.am-ում։
15:56 - 09 օգոստոսի, 2020
Լիբանանի տեղեկատվության նախարար Մանալ Աբդել Սամադը հայտարարել է իր հրաժարականի մասին

Լիբանանի տեղեկատվության նախարար Մանալ Աբդել Սամադը հայտարարել է իր հրաժարականի մասին

Լիբանանի տեղեկատվության նախարար Մանալ Աբդել Սամադը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ ասելով, որ վարչապետ Հասան Դիաբի կառավարությունը չի կարողացել իրականություն դարձնել Լիբանանի ժողովրդի ձգտումները: Այս մասին հայտնում է aljazeera.com-ը։ Առնվազն 728 մարդ վիրավորվել է իշխանությունների հետ բախումների հետևանքով։ Հազարավոր բողոքարարներ դուրս են եկել Բեյրութի կենտրոնական փողոցներ։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառում նրանց նկատմամբ, ովքեր փորձում են անցնել խորհրդարանի շենքի պատնեշների վրայով: Հաղորդվում է, որ սպանվել է մեկ ոստիկան: Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կոչ է արել վաղաժամկետ ընտրություններ անցկացնել՝ ասելով, որ դա միակ ելքն է երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար: Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 158 մարդ, վիրավորվել է ավելի քան 6000 մարդ, սակայն այս թվերը կարող են ավելանալ, քանի որ շարունակվում են անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները:  
14:37 - 09 օգոստոսի, 2020
Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգիստ Բեյրութում ուժգին պայթյունի հետևանքով զոհվածների համար

Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգիստ Բեյրութում ուժգին պայթյունի հետևանքով զոհվածների համար

Օգոստոսի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանին մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:  Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ՝ պատարագիչն էր Մայր Աթոռի Թանգարանների ու արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը: Հավարտ Սուրբ Պատարագի, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան կարգ` սույն թվականի օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով զոհվածների համար: Սուրբ Պատարագին և հոգեհանգստյան արարողությանը ներկա էին ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մայա Դաղերը, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու տիար Վազգեն Յակուբյանը, ազգային բարերար Գաբրիել Չեմբերջյանը և լիբանանահայեր: Ներկա հոգևոր դասը և ժողովուրդը Հայոց Հայրապետի գլխավորությամբ աղոթք բարձրացրեց առ Աստված Բեյրութի պայթյունի զոհերի հոգիների հանգստության համար: Հոգեհանգստյան կարգից առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիշյալ ողբերգալի իրադարձության կապակցությամբ իր վշտակցության խոսքն ուղղեց ներկաներին: Վեհափառ Հայրապետը մասնավորապես ասաց. «Սիրելի հավատավոր զավակներ Մեր, Այսօր աղոթք ենք բարձրացնում Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունի հետևանքով վշտի և փորձության մեջ գտնվող Լիբանանի բարեկամ ժողովրդի համար` խնդրանոք առ Երկնավորը, որ զորություն պարգևի հաղթահարելու կորուստների ցավը և ավերածությունների ծանր հետևանքները: Վշտալի զգացումներով Բարեգութ Տիրոջից հայցում ենք խաղաղություն ու հանգստություն շնորհել զոհվածների, այդ թվում նաև հայորդիների հոգիներին, մխիթարությամբ սփոփել նրանց հարազատների ու բոլոր սգացյալների սրտերը և շուտափույթ ապաքինում պարգևի հազարավոր վիրավորվածներին։ Լիբանանը միշտ եղել է բարեկամ երկիր, որտեղ մեր ժողովրդի հազարավոր զավակներ` ցեղասպանությունից մազապուրծ, աջակցություն ու սատարում են գտել: Շնորհիվ արաբ ժողովրդի բարյացակամության և եղբայրական ոգու՝ Լիբանանում հաստատված գաղթական հայորդիները ամբողջապես կազմակերպեցին իրենց ազգային և հոգևոր կյանքը, հիմնեցին դպրոցներ, աղոթատներ, մշակութային հաստատություններ։ Խաղաղ ու ապահով գոյակցության բարենպաստ պայմաններում իսլամ և քրիստոնյա իրենց եղբայրների հետ լիբանանահայերը, որպես լիարժեք քաղաքացիներ, կարևոր ներդրում ունեցան Լիբանանի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, երկրի առաջընթացի և զարգացման գործում։ Մեր երկու ժողովուրդների և երկրների հարաբերությունները մշտապես հատկանշվել են բարեկամությամբ և արդյունավոր գործակցությամբ։ Լիբանանն այսօր կարիքն ունի պետությունների ու ժողովուրդների զորակցության։ Մեր երկիրը նույնպես այս օրերին իր կարելի օգնությունն է ցուցաբերում Լիբանանի ժողովրդին: Համայն հայությունը այսօր սրտակից է Լիբանանին և նեցուկ այս փորձության մեջ։ Ողբերգական աղետի կապակցությամբ վերստին Մեր սրտակցությունն ենք հայտնում Լիբանանի մեծարգո նախագահին, պետական ավագանուն և ժողովրդին, Մեր հոգևոր եղբորը՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին, հայ համայնքին, ինչպես նաև Մեր վշտակցությունը՝ զոհված հայորդիների ընտանիքներին։ Մենք հավատում ենք, որ Լիբանանի բարեսեր ժողովուրդը, որ բազում փորձություններ է հաղթահարել իր պատմության ընթացքում, իր տոկունությամբ և միասնականության ոգով կարող է դուրս գալ նաև այս փորձություններից և դժվարություններից։        Սիրելիներ, այս առիթով Հայրապետական Մեր հորդորն ենք հղում աշխարհասփյուռ մեր զավակներին և մեր թեմերին` իրենց հնարավոր զորակցությունը ցուցաբերելու լիբանանահայ համայնքին, այս դժվարին պահին օգնելով վերականգնելու պայթյունի հետևանքով պատճառված սոսկալի վնասներն ու ավերածությունները։ Թող Բարձրյալ Տերը Իր օրհնության ներքո պահի Լիբանանի բարեկամ ժողովրդին, օգնի այս ծանր պահին մնալու կորովի և աննկուն՝ դուրս գալու համար դժվարին փորձություններից և վերահաստատելու ստեղծագործ ու ապահով կյանքի ընթացքը։ Թող Ամենակալն Աստված Իր ողորմությամբ խաղաղություն ու բարօրություն շնորհի աշխարհին ու համայն մարդկությանը և հայրենի մեր երկրին այսօր և միշտ. ամեն»:
13:38 - 09 օգոստոսի, 2020
Բեյրութում ցուցարարների և ուժայինների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորների թիվը գերազանցել է 720-ը |tert.am|

Բեյրութում ցուցարարների և ուժայինների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորների թիվը գերազանցել է 720-ը |tert.am|

tert.am: Բեյրութում նախօրեին տեղի ունեցող բողոքի ցույցերի ընթացքում ուժայինների հետ բախումների հետևանքով վիրավորում ստացած ցուցարարների թիվը գերազանցել է 720-ը․ ավելի վաղ հայտնի էր դարձել 490 վիրավորի մասին, որոնց թվում անվտանգության 70 աշխատակից է եղել․ մահացել է իրավապահ մի աշխատակից, հայտնում է aljazeera.com կայքը։  Աղբյուրը մանրամասնում է, որ երկրի կառավարության հրաժարականի և բարեփոխումների իրականացման պահանջներով բողոքի ցույցերին նախօրեին ավելի քան հազար մարդ է մասնակցել․ շուտով այն զանգվածային բախումների է վերաճել։ Ցուցարարները գրավել են արտգործնախարարության, էլեկտրաէներգիայի, էկոնոմիկայի և շրջակա միջավայրի նախարարությունների, ինչպես նաև բանկերի ասոցացիայի շենքերը։ Մարդիկ ոստիկանության աշխատակիցների վրա քարեր ու ճայթուկներ են նետել, ինչին ի պատասխան՝ նրանց նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառվել։ Շարունակությունը՝ tert.am-ում։
11:58 - 09 օգոստոսի, 2020
Լիբանանից անհապաղ Հայաստան գալու համար ցուցակագրվել է 40 մարդ
 |tert.am|

Լիբանանից անհապաղ Հայաստան գալու համար ցուցակագրվել է 40 մարդ |tert.am|

tert.am: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտնում է, որ Լիբանանում ՀՀ դեսպանատանը կան ցուցակարգրված լիբանանահայեր, ովքեր Հայաստան գալու և Հայաստանում բնակվելու ցանկություն ունեն։ Այս մասին նա ասաց «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում։ Սինանյանն ընդգծեց, որ դեսպանատանը ցուցակագրված մարդկանց բաժանել են մի քանի կատեգորիաների։ Առաջին կատեգորիայում այն մարդիկ են, որ բացահայտորեն ուզում  են գալ Հայաստան  և չեն կարող իրենց հնարավորություններով գալ։ «Բնականաբար, մենք նախատեսում ենք, որ նույնիսկ Լիբանան հումանիտար օգնություն ուղարկող առաջին չվերթի ինքնաթիռով մարդիկ կարող է գան Հայաստան»,- ասաց Սինանյանը՝ մանրամասնելով, որ որքան հնարավոր է շուտ ՀՀ գալու ցանկություն հայտնած և դեսպանատանը ցուցակարգված լիբանանահայերի թիվը 40 է։ Նրա խոսքով՝ ցուցակարգվածների մյուս կատեգորիաներն ավելի մեծաթիվ են։ «Սա այն մարդիկ են, ովքեր ցանկանում են գալ Հայաստան, բայց չեն կարող  հիմա գալ, որովհետև ուզում են իրենց անշարժ գույքի հարցը լուծել, ուզում են այս ավերածությունների հետո պարզել, թե ինչ վիճակում են իրենք գտնվում»,- մանրամասնեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։ Շարունակությունը՝ tert.am-ում։
10:08 - 09 օգոստոսի, 2020
Հայաստանն առաջին չվերթով Լիբանան է ուղարկում դեղորայք և առողջապահական պարագաներ

 |armenpress.am|

Հայաստանն առաջին չվերթով Լիբանան է ուղարկում դեղորայք և առողջապահական պարագաներ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն առաջին չվերթով որպես հումանիտար օգնություն Լիբանան է ուղարկում դեղորայք և առողջապահական պարագաներ։ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, որը նույնպես մեկնելու է Լիբանան՝ տեղում հայկական համայնքի խնդիրներին ծանոթանալու նպատակով։ «Մենք, շատ նրբանկատ գտնվելով, Լիբանանում մեր համայնքի շահերից ելնելով, առաջին բեռը տանում ենք Լիբանանի ժողովրդի, Լիբանանի պետության համար, որպեսզի հարց չծագի, թե ինչու են առանձին մոտեցում ցույց տալիս Լիբանանի հայկական համայնքին և ոչ թե Լիբանանի ողջ ժողովրդին։ Երկրորդ չվերթով արդեն հայկական համայնքի համար կլինի պարենամթերք, այն ամենը, ինչ համայնքն անհրաժեշտ է համարում ըստ ցուցակների, որոնք արդեն ստացել ենք։ Նույնը նաև երրորդ չվերթով։ Շատ կարևոր ենք համարում, որպեսզի Լիբանանի ժողովուրդը հասկանա, որ մենք հիշում ենք այն դրական դերը, որ նրանք խաղացել են մոր ժողովրդի ճակատագրում, մանավանդ Ցեղասպանությունից հետո, երբ նրանք թույլ են տվել, որ մեր հայրենակիցներն այնտեղ հաստատվեն և բարգավաճեն երկար տարիներ»,- նշեց նա։ Նա հավելեց, որ Լիբանան են գնում այնպիսի պայմաններում, երբ երկիրն ալեկոծված է։ «Բայց Լիբանանի ժողովուրդը մեզ համար  եղբայրական ժողովուրդ է, պետությունն էլ մեզ համար եղբայրական պետություն է»,- ասաց Սինանյանը։
21:43 - 08 օգոստոսի, 2020
Բեյրութի ցուցարարները «գրավում են» Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը

Բեյրութի ցուցարարները «գրավում են» Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը

Բեյրութում ցուցարարների մի խումբ լիբանանյան բանակի պաշտոնաթող սպաների գլխավորությամբ ներխուժել է  Բեյրութի կենտրոնում գտնվող արտաքին գործերի նախարարության շենք և այն հայտարարել «հեղափոխության շտաբ»: Այս մասին հայտնում է aljazeera.com-ը։ Ցուցարարները նաև այրել են Նախագահ Միշել Աունի դիմանկարը: «Մենք մնում ենք այստեղ: Մենք կոչ ենք անում լիբանանյան ժողովրդին գրավել բոլոր նախարարությունների շենքերը»,-բարձրախոսով հայտարարել է ցուցարարներից մեկը: Լիբանանի Կարմիր խաչը հայտնում է, որ առնվազն 32 ցուցարար տեղափոխվել է մոտակա հիվանդանոցներ: Ավելի քան 110 հոգի բուժօգնություն է ստանում դեպքի վայրում` Նահատակաց հրապարակում: Ցուցարարների մի խումբ էլ գրավել է Բեյրութի կենտրոնում գտնվող Էկոնոմիկայի նախարարության աշխատասենյակները՝ այնտեղից դուրս նետելով փաստաթղթեր և նախագահ Միշել Աունի նկարը։
21:35 - 08 օգոստոսի, 2020