Արցախի ԱԳՆ

Արցախի  գործադիր իշխանության մարմին, որը իրականացնում է օտար երկրների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների պետական կառավարումը։

Դավիթ Բաբայանը նամակներ է հղել միջազգային կառույցներին՝ Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների հարցով

Դավիթ Բաբայանը նամակներ է հղել միջազգային կառույցներին՝ Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների հարցով

 Հունվարի 12-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի մասնագիտացված մարմիններին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց հետ կապված իրավիճակի  վերաբերյալ։ Այս մասին հայտնեցին Արցախի արտաքին գործերի նախարարությունից:  Նամակներում, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանը, խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, նույն տարվա դեկտեմբերին հարձակվել և օկուպացրել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը և գերեվարել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի 64 զինծառայողների: Այնուհետև Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են ռազմագերիների նկատմամբ քրեական գործեր հարուցելու իրենց մտադրության մասին, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է:Նամակներում ընդգծվում է, որ միջազգային մարդասիրական իրավունքը, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիաները, չեն դադարում կիրառվել հրադադարի մասին հայտարարության ստորագրումից հետո, հետևաբար՝ գերեվարված զինծառայողները ռազմագերիներ են՝ համաձայն Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևյան կոնվենցիայի (III) 4-րդ  հոդվածի, և ռազմական գործողությունների ավարտից հետո պետք է հայրենադարձվեն: Ադրբեջանի կողմից ռազմագերիների քրեական հետապնդումը միայն նրա համար, որ նրանք մասնակցել են ռազմական գործողություններին, Ժնևյան երրորդ կոնվենցիայի կոպիտ խախտում է:Նամակներում նշվում է, որ Ադրբեջանը ձգձգում է իր մոտ պահվող այլ զինծառայողների և քաղաքացիական անձանց վերադարձը, ովքեր գերեվարվել էին Ադրբեջանի կողմից  2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիայի ընթացքում և դրանից հետո: Ընդգծվում է, որ Ադրբեջանի նման դիրքորոշումը հակասում է եռակողմ հայտարարությունն իր տառին և ոգուն համապատասխան լիակատար իրականացնելու իր իսկ ստանձնած պարտավորություններին՝ արյունալի հակամարտության թողած վերքերը բուժելու նպատակով:Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը կոչ է անում հրատապ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Ժնևյան կոնվենցիաների իրագործումը և նշված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումը՝ նրա կողմից պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց բոլոր իրավունքները պաշտպանելու նպատակով:
12:36 - 19 հունվարի, 2021
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԱՀ ԱԺ նախագահի և ԱԳ նորանշանակ նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԱՀ ԱԺ նախագահի և ԱԳ նորանշանակ նախարարի հետ

Աշխատանքային այցով Արցախում գտնվող ԱԳ նախարար Արա Այվազյանը հունվարի 5-ին հանդիպել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ: Այնուհետև հանդիպումը շարունակվել է Արցախի ԱԳ նորանշանակ նախարար Դավիթ Բաբայանի, ԱՀ ԱԺ նախագահի տեղակալի, խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների  նախագահների ներկայությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ՀՀ ԱԳ նախարարը և Արցախի Հանրապետության ԱԺ ներկայացուցիչները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերի, թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով արցախահայության առաջ ծառացած խնդիրների և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։ «Անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը՝ մրջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Զրուցակիցները որպես հակամարտության քաղաքական կարգավորման առանցք նշեցին Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի ճանաչումը, Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքների դեօկուպացիան և արցախահայության իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունը։  ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը և Արցախի ԱԺ նախագահ Թովմասյանը կարևորեցին խորհրդարանական դիվանագիտության դերը` որպես կարևորագույն հարթակ` հայկական երկու պետությունների համագործակցության ընդլայնման և առավել արդյունավետ ընթացք հաղորդելու համար: Այս համատեքստում կողմերն առանձնահատուկ կարևորեցին անմիջական շփումների խրախուսումը և ավանդական ինտենսիվ փոխայցելությունների շարունակականությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
12:51 - 06 հունվարի, 2021
Այս փուլում մեր համագործակցությունն առանցքային նշանակություն է ձեռք բերում. Այվազյանը՝ Բաբայանին

Այս փուլում մեր համագործակցությունն առանցքային նշանակություն է ձեռք բերում. Այվազյանը՝ Բաբայանին

Հունվարի 5-ին մեկնարկեց ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցն Արցախի Հանրապետություն. նախարարը հանդիպեց Արցախի նորանշանակ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ։ Նախարար Այվազյանը շնորհավորեց Դավիթ Բաբայանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան արգասաբեր գործունեություն իր նոր կարգավիճակում։ Նախարարներ Այվազյանը և Բաբայանը կարևորեցին Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ավանդական համագործակցության ամրապնդումը` այդ թվում փոխայցելությունների և խորհրդակցությունների պարբերաբար անցկացման միջոցով՝ արտաքին քաղաքական օրակարգի առանցքային հարցերի շուրջ արդյունավետ քննարկումներ կազմակերպելու, ինչպես նաև հետագա համատեղ անելիքներն ուրվագծելու նպատակով։ Նախարար Այվազյանն ընդգծեց, որ Արցախի և Հայաստանի առջև այսօր ծառացել են հրատապ հասցեագրում պահանջող խնդիրներ, և այդ առումով ավելի քան հրամայական է երկու երկրների պետական կառույցների, նախևառաջ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև սերտ համագործակցությունն ու համակարգումը:  Արտգործնախարարները հանգամանալից քննարկեցին Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կյանքի կոչմանը, արցախահայության առջև ծառացած հիմնախնդիրների հասցեագրմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Այս համատեքստում երկուստեք ընդգծվեց ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց ազատ արձակման և հայրենադարձման, տեղահանված արցախահայերի` հայրենիք վերադարձի պայմանների ստեղծման և նրանց անվտանգության երաշխիքների ապահովման, պատերազմի հումանիտար և սոցիալ֊տնտեսական հետևանքների հաղթահարման ուղղությամբ քայլերի գործարկման առաջնահերթությունը: Այս համատեքստում ԱԳ նախարարներ Այվազյանն ու Բաբայանն ընդգծեցին միջազգային մասնագիտական կառույցների` տեղում ներգրավման անհրաժեշտությունը՝ համընդգրկուն լուծումներ ապահովելու նպատակով: Երկուստեք շեշտվեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը հիմք է ստեղծում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման շուրջ քննարկումներ անցկացնելու համար՝ մրջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Որպես հակամարտության քաղաքական կարգավորման առանցք` նշվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի ճանաչումը, Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքների դեօկուպացիան և արցախահայության իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունը։ Հանդիպման շրջանակներում Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներ Արա Այվազյանը և Դավիթ Բաբայանը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 2021թ. խորհրդակցությունների պլան: Այնուհետև հանդիպումը շարունակվեց ընդլայնված կազմով՝ Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար կազմի մասնակցությամբ: Նախարար Այվազյանը նշեց, որ այժմ թևակոխել ենք մի փուլ, երբ դիվանագիտության դերն ու նշանակությունն առանցքային դիրքերում են հայտնվել: «Այս փուլում մեր համագործակցությունը նույնպես առանցքային նշանակություն է ձեռք բերում: Այդ իսկ պատճառով, մեր քննարկումերը հետայսու ավելի ինտենսիվ և ներառական բնույթ են կրելու։ Մենք ունենք հստակ նպատակներ մեր առաջ դրված խնդիրների հասցեագրման համար, և այս նպատակին են ծառայեցվելու մեր բոլոր ռեսուրսները և մեր ողջ ներուժը»։
19:45 - 05 հունվարի, 2021
Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բանաձևի կապակցությամբ

Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բանաձևի կապակցությամբ

Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը մեկնաբանություն է տվել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բանաձևի կապակցությամբ։ Այն ներկայացնում ենք ստորև։ «Ողջունում ենք դեկտեմբերի 24-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի կողմից բանաձևի միաձայն ընդունումը, որում հետևողականորեն հավատարիմ մնալով ս.թ. հոկտեմբերի 16-ին ընդունված բանաձևի ոգուն՝ Լյուքսեմբուրգի խորհրդարանը, ըստ էության, դատապարտում է Թուրքիայի ներգրավվածությամբ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, դրա արդյունքում Արցախի տարածքի մեծ մասի ռազմական օկուպացիան և Արցախի ու նրա բնակչության դեմ շարունակվող պատերազմական հռետորաբանության և սպառնալիքների քաղաքականությունը։ Կարևորում ենք, որ բանաձևում խորհրդարանը կոչ է անում Լուքսեմբուրգի կառավարությանը պահանջել մարդասիրական կազմակերպությունների մուտքը Արցախ՝ աջակցելու հանրապետությունում ստեղծված մարդասիրական ծանր իրավիճակի լուծմանը։Հատկանշական է, որ բանաձևում կարևորվում է հրադադարի պահպանումը, ռազմագերիների փոխանակումը և զոհերի մարմինների դուրսբերումը: Խորհրդարանը նաև նշում է պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների անկախ հետաքննության ու դրանց հեղինակների իրավական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։Համոզված ենք, որ նմանատիպ բանաձևերի ընդունումը կդառնա միջազգային հանրության կարևոր կոլեկտիվ ներդրումը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդարացի կարգավորման գործում՝ հիմնված Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման անկապտելի իրավունքի իրացման փաստի ճանաչման վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։
19:11 - 25 դեկտեմբերի, 2020
Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորման վերաբերյալ արտահերթ զեկույց

Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորման վերաբերյալ արտահերթ զեկույց

Արցախի և Հայաստանի Հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպանները դեկտեմբերի 18-ին հրապարակել են համատեղ արտահերթ զեկույց՝ Արցախում ռազմական գործողությունները լուսաբանող լրագրողների վրա ադրբեջանական հարձակումների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ աշխատակազմը: Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմանը զուգահեռ՝ դիտավորյալ և չտարբերակված թիրախավորման են ենթարկվել նաև լրագրողները և նրանց սպասարկող տրանսպորտային միջոցները, որի հետևանքով ծանր վիրավորվել է 7 լրագրող (5 օտարերկրյա ու 2 հայ) և զոհվել է լրագրողական խմբի ուղեկցող 1 անձ: Դիտավորյալ թիրախավորման մասին է վկայում այն փաստը, որ լրագրողները կրում էին հատուկ համազգեստ և տարբերակիչ նշաններ, որոնք առկա էին նաև նրանց մեքենաների վրա: Բացի դրանից, որոշ վկայություններ նշում են, որ հարվածներից առաջ և ընթացքում դեպքերի վայրերում թռիչքներ էին կատարում ադրբեջանական հետախուզական ԱԹՍ-ները, ինչը նշանակում է, որ լրագրողները լիովին տեսանելի ու տարբերակելի են եղել ադրբեջանական զինված ուժերի համար: Միևնույն ժամանակ պատերազմական գործողությունները լուսաբանելու նպատակով Արցախում գտնվող լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու նպատակով Ադրբեջանը քրեական հետապնդման է ենթարկել և սև ցուցակներում ներառել Արցախում լրագրողական գործունեություն ծավալող արտասահմանյան որոշ լրագրողների: Ավելին, պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական իշխանությունները սահմանափակել են միջազգային լրագրողների անկախ գործունեությունը Ադրբեջանի տարածքում՝ հսկողության տակ պահելով նրանց տեղաշարժը և արհեստական խոչընդոտներ ստեղծելով նրանց համար: Վերլուծելով լրագրողների թիրախավորման բոլոր դեպքերի հանգամանքները, ինչպես նաև ադրբեջանական կողմի այլ վերաբերելի գործողություններն ու հայտարարությունները՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները հանցավոր նպատակ են ունեցել ամբողջովին մեկուսացնել Արցախը միջազգային տեղեկատվական հոսքերից ու անկախ աղբյուրներից՝ թաքցնելու համար Արցախի ժողովրդի դեմ իրականացվող լայնածավալ ու դիտավորյալ պատերազմական հանցագործությունները: Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախի ժողովրդի նկատմամբ իրագործվող վայրագությունները լուսաբանելու նպատակով Արցախի արտաքին գործերի նախարարության կողմից հավատարմագրվել են օտարերկրյա 190 լրատվական ընկերությունների 390 լրագրողներ, ինչպես նաև Արցախ են այցելել հարյուրավոր հայ լրագրողներ: Զեկույցի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ այստեղ:
23:14 - 18 դեկտեմբերի, 2020
Արցախի ԱԳՆ-ն հերքում է «հայկական ուժերը դուրս բերելու մասին» Ադրբեջանի պաշտոնյայի հայտարարությունը

Արցախի ԱԳՆ-ն հերքում է «հայկական ուժերը դուրս բերելու մասին» Ադրբեջանի պաշտոնյայի հայտարարությունը

«Հայկական ուժերն Արցախից դուրս բերելու մասին» Ադրբեջանական կողմի պնդումները նպատակ ունեն աղավաղել նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը և շարունակությունն են վերջին շրջանում այդ երկրի զինված ուժերի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների, որոնց նպատակն է խաթարել Ռուսաստանի միջնորդական ջանքերն ու խաղաղապահ առաքելությունը։  Այս մասին նշել է Արցախի արտաքին գործերի նախարարությունը՝ մեկնաբանելով ռուսական «Կոմերսանտ» թերթին Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի մեկնաբանությունն այն մասին, թե իբր «հայկական ուժերը պետք է դուրս բերվեն Ղարաբաղից»։ «Միևնույն ժամանակ, նշենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը եղել, կա և լինելու է Արցախի պետականության ու նրա ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը։ Նոյեմբերի 10-ին ՌԴ միջնորդությամբ հրադադարի հաստատումից հետո Արցախի Պաշտպանության բանակը ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ շարունակում է հակամարտության գոտում կայունության և խաղաղության ապահովմանն ուղղված իր առաքելությունը»,-նշված է Արցախի արտգործնախարարության մեկնաբանության մեջ։
19:54 - 17 դեկտեմբերի, 2020
ՄԽ համանախագահները և միջազգային հանրությունը պետք է դատապարտեն Ադրբեջանի սադրանքները. ԱՀ ԱԳՆ

ՄԽ համանախագահները և միջազգային հանրությունը պետք է դատապարտեն Ադրբեջանի սադրանքները. ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ու Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն գյուղերի ուղղությամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունների վերաբերյալ՝ նշելով, որ դրանք ակնհայտորեն Բաքվի զավթողական քաղաքականության շարունակությունն են և փորձ՝ ընդլայնելու Արցախում օկուպացիայի գոտին։ Ըստ հայտարարության, այդ գործողոթւյուններևը, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, Արցախի զգալի մասի բռնազավթումն ու էթնիկ զտումները պետք է խստագույնս դատապարտվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և, ընդհանրապես՝ միջազգային հանրության կողմից: Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հայտարարության մեջ նշված է. «2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ են ձեռնարկել Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ, ինչի արդյունքում Պաշտպանության բանակի վեց զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի ծանրության հրազենային վիրավորումներ: Ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները շարունակվել են նաև դեկտեմբերի 13-ին Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն գյուղերի ուղղությամբ:Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերն անմիջապես տեղեկացվել են Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փաստերի մասին: Ռուսական խաղաղապահների միջամտության արդյունքում ռազմական գործողությունները դադարեցվել են,  տեղակայվել են նաև խաղաղապահ ուժերի լրացուցիչ դիտակետեր՝ իրավիճակը շուրջօրյա դիտարկելու և հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու նպատակով:Դեկտեմբերի 11-13-ը ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են: Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների չկատարումը, ծայրաստիճան արհամարհական վերաբերմունքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համաձայնեցված ձևաչափի նկատմամբ, Բաքվի կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքական գործընթացի վերսկսման  արհեստական ձգձգումը  և ռազմական ուժի վրա հաշվարկը շարունակում են մնալ տարածաշրջանում սպառնալիքների հիմնական աղբյուրը և տևական ու ամուր խաղաղություն հաստատման համար խոչընդոտը:Ադրբեջանի գործողությունները, որոնք ակնհայտորեն Բաքվի զավթողական քաղաքականության շարունակությունն են և փորձ՝ ընդլայնելու Արցախում օկուպացիայի գոտին, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, Արցախի զգալի մասի բռնազավթումն ու էթնիկ զտումները պետք է խստագույնս դատապարտվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և, ընդհանրապես՝ միջազգային հանրության կողմից:Արցախի Հանրապետությունը, իր կողմից, կշարունակի հետևողական ջանքեր գործադրել Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև հանրապետության տարածքի դեօկուպացիային և նրա բնակչության՝ իրենց նախկին բնակության վայրեր վերադարձին հասնելու նպատակով»։
20:13 - 14 դեկտեմբերի, 2020
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը տարածաշրջանում կայուն խաղաղության անկյունաքարն է. Արցախի ԱԳՆ

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը տարածաշրջանում կայուն խաղաղության անկյունաքարն է. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրվա առիթով: Արցախի ԱԳՆ հայտարարությունը ստորև․ «Դեկտեմբերի 10-ը Արցախի Հանրապետությունում նշվում է որպես մարդու հիմնարար իրավունքների, անկախության հանրաքվեի և Սահմանադրության օր: 1991 թ. հենց այս օրը Արցախում անցկացվեց անկախության հանրաքվե՝ ի շարունակություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների խորհուրդների 1991 թ. սեպտեմբերի 2-ի Հռչակագրի: Հանրաքվեի արդյունքում, որը կայացավ միջազգային իրավունքի նորմերին և այդ ժամանակաշրջանում գործող ԽՍՀՄ ազգային օրենսդրությանը համապատասխան, Արցախի ժողովուրդը հավանություն տվեց անկախ, ինքնիշխան պետություն ստեղծելու որոշմանը: 1991 թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեն տրամաբանական շարունակությունն էր Արցախի ժողովրդի հետևողական ջանքերի, որը ձգտում էր ղարաբաղյան հիմնախնդիրը վերադարձնել  քաղաքական և իրավական հարթություն, կանխել վերահաս պատերազմը և պայմաններ ստեղծել բացառապես խաղաղ ճանապարհով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման համար` միջազգային իրավունքի նորմերի, արդարության սկզբունքների ու փոխադարձ հարգանքի և ժողովուրդների իրավահավասարության հիման վրա: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին 1991 թ. սեպտեմբերի 2-ի Հռչակագիրը, ինչպես նաև 1991 թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն ծառայում են որպես Արցախի պետականության իրավական հիմք, որը Արցախի ժողովրդի կամարտահայտության բարձրագույն դրսևորումն է:Արցախի անկախության հանրաքվեի արդյունքները չճանաչելը փաստորեն ստեղծեց պայմաններ, որոնց դեպքում Ադրբեջանն իրեն իրավունք վերապահեց հակամարտությունը լուծել ուժի կիրառման միջոցով և երեք անգամ՝ 1991, 2016 և 2020 թվականներին, ագրեսիա սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ: Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը, որն իրացվել է 1991 թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեով, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անկյունաքարն է»:
15:25 - 10 դեկտեմբերի, 2020
Լիահույս ենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների ընդունած բանաձևերն ամուր հիմք կդառնան իշխանությունների կողմից Արցախի ճանաչման համար. ԱՀ ԱԳՆ

Լիահույս ենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների ընդունած բանաձևերն ամուր հիմք կդառնան իշխանությունների կողմից Արցախի ճանաչման համար. ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել Ֆրանսիայի ԱԺ-ի կողմից ընդունված բանաձևի կապակցությամբ: «Ողջունում ենք Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատի՝ Ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 4-ին ընդունված բանաձևը, որը վերահաստատում է նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևում արտահայտված առանցքային դիրքորոշումը՝ երկրի կառավարության կողմից Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ։ Կարևորում ենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի դիրքորոշումն ամբողջականացնող այս բանաձևը վճռականորեն դատապարտում է Թուրքիայի և նրա կողմից հավաքագրված վարձկան ահաբեկիչների աջակցությամբ Արցախի դեմ սանձազերծված Ադրբեջանի զինված ագրեսիան և խաղաղ բնակչության դեմ ազգային ատելության հիմքով իրականացված հանցագործությունները։ Բարձր ենք գնահատում նաև ֆրանսիացի խորհրդարանականների ջանքերը՝ Ֆրանսիայի իշխանությունների և եվրոպական այլ երկրների հետ համագործակցությամբ Արցախին մարդասիրական աջակցության ապահովմանը, ինչը կարևոր ներդրում կլինի պատերազմի հետևանքով մեր հանրապետությունում առաջացած մարդասիրական ճգնաժամի արդյունավետ լուծման համար։ Լիահույս ենք, որ Արցախի Հանրապետության ճանաչման մասին Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված բանաձևերն ամուր քաղաքական հիմք կհանդիսանան ֆրանսիայի կենտրոնական իշխանությունների կողմից Արցախի Հանրապետության ճանաչման համար։ Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կերաշխավորի իր հայրենի հողում ազատ և արժանապատիվ ապրելու Արցախի քաղաքացիների իրավունքները և կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանում ավելի ամուր անվտանգության, կայունության և կանխատեսելիության ապահովմանը։ Արցախի անկախության ճանաչման մասին բանաձևերի ընդունումը նաև լրացուցիչ խթան կհաղորդի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումը»,- ասված է մեկնաբանության մեջ։
21:07 - 04 դեկտեմբերի, 2020
Մ․ Մայիլյանը և Վ․ Հարությունյանը կարևորել են զոհված զինծառայողների մարմինների դուրսբերման, ռազմագերիների, պատանդների ազատ արձակման աշխատանքների արագ իրականացումը

Մ․ Մայիլյանը և Վ․ Հարությունյանը կարևորել են զոհված զինծառայողների մարմինների դուրսբերման, ռազմագերիների, պատանդների ազատ արձակման աշխատանքների արագ իրականացումը

Նոյեմբերի 28-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում է ԱՀ արտգործնախարարությունը։ Մասիս Մայիլյանը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու առիթով՝ հատուկ ընդգծելով, որ ստեղծված դժվարին իրավիճակում այն էլ ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում: Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքին՝ կարևորելով հանրապետությունում կայունության ապահովման և մարդասիրական ոլորտում առկա բարդ խնդիրների լուծմանն ուղղված, Արցախի իշխանությունների հետ համագործակցությամբ ձեռնարկվող միջոցառումները։ Նախարարները երկուստեք նշել են Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի արդյունքում զոհված հայ զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման, ռազմագերիների, ինչպես նաև պատանդների ազատ արձակման ուղղությամբ աշխատանքների արագ իրականացման կարևորությունը:
23:19 - 28 նոյեմբերի, 2020
Ողջունում ենք Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը

Ողջունում ենք Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը

Ողջունում ենք Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից այսօր՝ նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։  Խորին Երախտագիտություն ենք հայտնում սենատորներին և բոլոր անձանց ու կազմակերպություններին, որոնց ջանքերի շնորհիվ այս պատմական որոշման ընդունումը հնարավոր դարձավ: Հատկանշական է, որ, ի թիվս այլ կարևոր կետերի, ընդունված բանաձևով Սենատը դատապարտում է Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան՝ ահաբեկիչ վարձկանների մասնակցությամբ, և կոչ է անում Ֆրանսիայի իշխանություններին գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու 1994 թ. հաստատված սահմանների վերականգնումը, որոնք, ըստ էության, ամրագրվել են Արցախի Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրով։ Կարևորում ենք Ֆրանսիայի Սենատի համարձակ դիրքորոշումը՝ կոչ անելու կառավարությանը «ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը դարձնել տևական խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների առարկա»։ Հուսով ենք, որ Սենատի սույն որոշումը կներշնչի նույն բնույթի և նույն հզորության բանաձևերի ընդունմանը, նախ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում, ինչպես նաև աշխարհի այլ երկրներում։ Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ Արցախի դեմ զինված ագրեսիայից, նրա տարածքների զգալի մասի ռազմական օկուպացիայից և կարգավիճակի հարցը քննարկելու Ադրբեջանի հրապարակային հրաժարումից հետո վերանում է այլ պետությունների կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը խոչընդոտող ցանկացած հանգամանք, որը մեծապես պայմանավորված էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը խանգարելու մտավախությամբ։ Համոզված ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը նաև համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության միջնաժամկետ և երկարաժամկետ շահերին։ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը բխում է արդարության և ժողովուրդների հավասարության սկզբունքներից և կարևոր ներդրում կունենա Հարավային Կովկասում ավելի ամուր անվտանգության, կայունության և կանխատեսելիության ապահովման գործում:
21:29 - 25 նոյեմբերի, 2020