Գոռ Աբրահամյան

ՀՀ գործող գլխավոր դատախազի խորհրդական։

Ծնվել է 1979թ․ հուլիսի 12-ին Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում։ 1996-2002թթ․ սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում՝ ստանալով բակալվարի, այնուհետև՝ մագիստրեսի կոչում։ 2003թ․ ավարտել է նույն ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի ասպիրանտուրան։ Նույն թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան լրագրություն մասնագիտությամբ։

2002-2003թթ․աշխատել է «Ազգ» օրաթերթում որպես լրագրող, քաղաքական մեկնաբան։ 2003 թ-ից դասավանդում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ 2003-2006 թթ․ թղթակցել է «Փակագիծ» թերթին։ 2003-2017 թթ․ եղել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի մամուլի քարտուղար։ Զբաղվել է քաղծառայողների պատրաստմամբ մի շարք հասարակակն և մասնավոր կազմակերպություններում։ 2017թ․ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական։

Արամ Վարդանյանի տանը ոստիկանության գործողությունների վերաբերյալ հաղորդումները պատշաճ իրավական գնահատականի կարժանանան. Գոռ Աբրահամյան

Արամ Վարդանյանի տանը ոստիկանության գործողությունների վերաբերյալ հաղորդումները պատշաճ իրավական գնահատականի կարժանանան. Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը  ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապեր»-ի տան և դրան հարակից տներում իրականացված գործողություններին, դրանց իրավաչափության վերաբերյալ  լրագրողների հարցադրումներին: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Նկատի ունենալով Արամ Վարդանյանի տան և դրան հարակից տներում իրականացված գործողությունների, դրանց իրավաչափության վերաբերյալ գործընկերներիս՝ լրագրողների հարցադրումները, որոնք պայմանավորված են պաշտոնական տեղեկատվության բացակայության ֆոնին հրապարակայնորեն արվող հայտարարությունների և մեկնաբանությունների միակողմանիության էֆեկտով, այս պահին ընդամենը ուզում եմ ասել հետևյալը: Առկա է ծանր հանցագործության շրջանակներում լայնածավալ և անհետաձգելի օպերատիվ-հետախուզական, քննչական գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն, որոնք իրականացվել և դեռևս շարունակում են իրականացվել: Ելնելով ենթադրյալ հանցագործության բացահայտմանն ուղղված գործողություններին չվնասելու անհրաժեշտությունից, նախաքննության շահերից՝ ձեռնպահ ենք մնում այս պահին հավելյալ տեղեկատվության տրամադրումից: Ավելի ուշ պատշաճ իրազեկում կապահովվի: Ինչ վերաբերում է ոստիկանության գործողությունների իրավաչափությանն իրավական գնահատման տալու խնդրին, ապա դրա վերաբերյալ հաղորդումներն ու ահազանգերը պատշաճ իրավական գնահատականների կարժանանան»:
18:36 - 05 մարտի, 2020
Մհեր Պողոսյանի սպանության գործը կուղարկվի նոր քննության․ Դատախազություն

Մհեր Պողոսյանի սպանության գործը կուղարկվի նոր քննության․ Դատախազություն

Մհեր Պողոսյանի սպանության գործով դատավճիռը կբեկանվի և կուղարկվի Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Այս մասին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր կայացրած որոշմամբ ամբողջությամբ բավարարել է դատախազության բողոքը՝ 26 տարվա վաղեմության՝ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում կատարված Մհեր Պողոսյանի սպանության գործով Աշտարակի շրջանային ժող.դատարանի կողմից կայացված դատավիճռը նոր երևան եկած հանգամանքի հիմքով բեկանելու և գործը Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ», - գրել է Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում: Վերաքննիչ դատարանն ընդունել էր 1994-ի ապրիլի 16-ին սպանված Մհեր Պողոսյանի գործը վերաբացելու զինդատախազության բողոքը, որի համար հիմք է հանդիսացել սպանվածի որդու՝ Էդուարդ Պողոսյանի այս ամիս ներկայացրած հաղորդումը, թե Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանում իր հորը սպանել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Հրանտ Գրիգորյանը։ Վերջինս այս գործով ընդամենը 1 տարվա ազատազրկման է դատապարտվել զենքի հետ վարվելու կանոնների խախտման արդյունքում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ հասցնելու համար։
15:17 - 05 մարտի, 2020
Երևանում 99 համարի երթուղային տաքսու վթարի հարցով մերժվել է քրեական գործի հարուցումը

Երևանում 99 համարի երթուղային տաքսու վթարի հարցով մերժվել է քրեական գործի հարուցումը

Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի ունեցած «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի և թիվ 99 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսի ավտովթարի վերաբերյալ նախապատրաստված նյութերով կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Նման որոշում կայացվել է՝ նկատի ունենալով, որ ավտովթարի հետևանքով 7 քաղաքացիների ստացած մարմնական վնասվածքները, ըստ ստացված դատաբժշկական եզրակացության, եղել են թեթև, կամ թեթևի հատկանիշներ չպարունակող, այսինքն` քրեաիրավական հետևանքներ չեն առաջացրել։ Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, սակայն, որ երթուղի իրականացնող միկրոավտոբուսի վարորդը դեպքի պահին ավտոմեքենան վարել է ալկոհոլային հարբածության վիճակում»,- գրել է Աբրահամյանը: Գլխավոր դատախազի խորհրդականը նշել է նաև, որ վարորդի վարորդական իրավունքի վկայականի ժամկետը լրացված է եղել և օրենքով սահմանված կարգով չի երկարացվել: «Այսինքն` հաստատվել է, որ հանրային տրանսպորտային միջոց վարող անձը տվյալ պահին չի ունեցել վավեր վարորդական իրավունքի վկայական, հետևաբար նաև այդպիսի իրավունք, բացի այդ՝ մեծ թվով անձանց հանրային տրանսպորտով տեղափոխել է ալկոհոլային ծանր հարբածության վիճակում, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Այս փաստերի կապակցությամբ արդեն ՀՀ Ոստիկանության ՃՈ ծառայությունում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում կլուծվի անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը»,- նշել է Գլխավոր դատախազի խորհրդականը: Գոռ Աբրահամյանի խոսքով` այն հանգամանքը, որ երթուղային տաքսի վարող անձը վարորդական իրավունքի վավեր վկայական չի ունեցել, առերևույթ վկայում է նաև երթուղին սպասարկող կազմակերպության ծառայողների կամ վերջինիս գործունեության նկատմամբ վերահսկողական լիազորություններ ունեցող պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունների կատարման մեջ թերանալու, ոչ պատշաճ կատարելու մասին։ «Հաշվի առնելով այս հանգամանքները՝ հանցագործության պատճառների և նպաստող պայմանների վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու դատախազական լիազորության շրջանակում Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդագիր է ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Միջնորդագրով բարձրացվել է տրանսպորտային սպասարկման ոլորտում վերահսկողական լիազորություններ ունեցող պաշտոնատար անձանց կողմից համապատասխան մեխանիզմներն առավել արդյունավետ և հետևողական գործադրելու, վարորդական իրավունքի վկայական չունեցող, դրա գործողության կասեցված կամ ժամկետը լրացած անձանց կողմից հանրային տրանսպորտի շահագործումը, ինչպես նաև ոչ սթափ վիճակում այն վարելը, երթուղի իրականացնելու դեպքերը բացառելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու և իրականացված միջոցառումների արդյունքների մասին Երևան քաղաքի դատախազությանը հայտնելու խնդիրը»,- գրել է Աբրահամյանը:
19:36 - 03 մարտի, 2020
Այրումի բժշկական ամբուլատորիայում քրեական գործ է հարուցվել կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ

Այրումի բժշկական ամբուլատորիայում քրեական գործ է հարուցվել կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական գործ է հարուցվել «Այրումի Գյուղական բժշկական ամբուլատորիա (ԳԲԱ)» ՊՈԱԿ-ում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ, Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:  Մասնավորապես, 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման շրջանակներում բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալների, որակի, առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն ներկայացված հաշվետվությունների արժանահավատության ստուգման շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը 2019թ. դեկտեմբերի վերջին ուսումնասիրություններ է իրականացրել «Այրումի ԳԲԱ» ՊՈԱԿ-ում, որի արդյունքներին վերաբերող փաստաթղթերն ուղարկվել էին ՀՀ գլխավոր դատախազություն: Այդ փաստաթղթերը ՀՀ գլխավոր դատախազության վերոնշյալ վարչությունում ուսումնասիրվել են պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում, որի արդյունքում պարզվել է, որ «Բնակչության ԱԱՊ նպատակով լաբարատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ», «Ընտանեկան բժիշկների կողմից լաբարատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրում» և «Ընտանեկան բժիշկների կողմից նեղ մասնագիտացված խորհրդատվության ուղեգրում» ծրագրերով ՊՈԱԿ-ը ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն է ներկայացրել իրականությանն ակնհայտ չհամապատասխանող տեղեկություններ պարունակող կեղծ հաշվետվություններ: Դրանցում, մասնավորապես, նշվել են ավելի մեծ թվով լաբարատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ և նեղ մասնագիտացված խորհրդատվության ուղեգրումներ, քան փաստացի կատարվել են, ինչի արդյունքում չկատարած աշխատանքի համար ՊՈԱԿ-ը ֆինանսավորվել է մոտ 5մլն ՀՀ դրամի չափով: Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու և հանձնելու, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու վերաբերյալ բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննության իրականացումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
13:59 - 02 մարտի, 2020
Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չի վերացվի. դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը |news.am|

Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չի վերացվի. դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը |news.am|

news.am: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրություն երկրից չհեռանալու մասին միջնորդությունը չի վերացվի: Այս լուրը հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նշենք, որ Սերժ Սարգսյանի պաշտպանները դատարանին միջնորդություն էին ներկայացրել՝ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ։ Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:
18:14 - 26 փետրվարի, 2020
Հովհաննես Ղազարյանն արդարացվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով

Հովհաննես Ղազարյանն արդարացվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով

ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը և, բեկանելով Հովհաննես Ղազարյանի վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի 2008 թվականի հունիսի 11-ի դատավճիռը, իրեն առաջադրված մեղադրանքում ճանաչել վերջինիս անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով: 2008թ. այդ դատավճռով Հ. Ղազարյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել մեկ տարվա ազատազրկման՝ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել և սահմանվել էր երկու տարի ժամկետով փորձաշրջան։ Դատարանը հաստատված էր համարել, որ 2008թ. մարտի 1-ին վաղ առավոտյան «Ազատության» հրապարակում ծավալված իրադարձությունների ընթացքում նա, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրանց նկատմամբ ու տվել բռնություն գործադրելու սպառնալիքներ: Դատավճիռները պաշտպանության կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը, սակայն, բողոքով վարույթները կարճել էր դատական նիստին ամբաստանյալների, նրանց պաշտպանների չներկայանալու պատճառաբանությամբ՝ վերաքննիչ բողոքից հրաժարվելու հիմքով և անփոփոխ էր թողել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: ՀՀ գլխավոր դատախազությունը նախ ՀՀ վճռաբեկ դատարան, ապա ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացված բողոքով հիմնավորել էր, որ գործով քննությունների ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը: Սա 2008թ. նախագահական ընտրոթյունների շրջանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ գործերով ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ վճռաբեկ կամ ՀՀ վերաքննիչ դատարաններ ներկայացված թվով 3-րդ բավարարված բողոքն է: Մինչ այս դատախազության բողոքների հիման վրա արդարացման որոշումներ էին ընդունվել Մուշեղ Սաղաթելյանի, Սմբատ Այվազյանի վերաբերյալ գործերով: Եվս մեկ՝ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատախազության կողմից առարկություն չներկայացվելու պայմաններում կայացվել է արդարացման որոշում:
20:56 - 24 փետրվարի, 2020
Նորածին երեխային փոխելու մասին Նաիրա Այվազյանի դիմումը դատախազությունն ուղարկել է Քննչական կոմիտե

Նորածին երեխային փոխելու մասին Նաիրա Այվազյանի դիմումը դատախազությունն ուղարկել է Քննչական կոմիտե

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչություն է ստացվել Նաիրա Այվազյանի կողմից ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում վերջինիս նորածին երեխային փոխելու վերաբերյալ դիմումը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ տեղեկացնում եմ, որ 2020թ. հունվարի 16-ին ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչություն է ստացվել Նաիրա Այվազյանի կողմից ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում վերջինիս նորածին երեխային փոխելու վերաբերյալ դիմումը։ Նույն օրը դատախազություն էր ստացվել նաև Նաիրա Այվազյանի ներկայացուցիչ փաստաբան Սուսաննա Սարգսյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված՝ նախկինում հարուցված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը»,- գրել է Աբրահամյանը։ Դիմումի և միջնորդության քննարկման ընթացքում պահանջվել և ՀՀ քննչական կոմիտեի արխիվից ստացվել, ուսումնասիրվել է այդ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) հատկանիշներով հարուցված և հանցակազմի բացակայության հիմքով 29.12.2017թ. վարույթը կարճված քրեական գործը։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու հիմքեր չկան, ինչպես նաև անցել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ և 21-րդ հոդվածներով սահմանված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման վերացման համար նախատեսված ժամկետները։ Սակայն նկատի ունենալով, որ դիմումում և միջնորդության մեջ նշված է եղել այն մասին, որ «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում Նաիրա Այվազյանի նորածին երեխան փոխվել է, ինչն իր մեջ կարող է պարունակել ենթադրյալ այլ հանցագործության հատկանիշներ՝ Նաիրա Այվազյանի դիմումը և Սուսաննա Սարգսյանի միջնորդությունը 31.01.2020թ. ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և այդ շրջանակներում դիմումի ու միջնորդության մեջ վերը հիշատակված հանգամանքներում հանցագործության հատկանիշների առերևույթ առկայությունը ստուգելու նպատակով։ Նյութերի նախապատրաստման ընթացքում Նաիրա Այվազյանն իր բացատրությամբ պնդել է, որ իր երեխային ծննդաբերությունից հետո փոխել են, քանի որ նախաքննության ընթացքում ինքը երեխայի դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը չի ծանոթացել: Նշել է, որ վերոնշյալ փորձաքննության եզրակացությանը ծանոթացել է վերջերս իր փաստաբանի հետ, ինչից համոզվել է, որ իր երեխային փոխել են, քանի որ դատաբժշկական փորձաքննության եզրակացության լուսանկարներում պատկերված մահացած երեխան այն երեխան չէ, որին իրեն ցույց են տվել ծննդաբերությունից անմիջապես հետո: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՌԴ-ից նույնաբովանդակ դիմում է ստացվել Ն.Այվազյանի ամուսնուց: Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու հանցագործության հատկանիշներ և դրանք անհրաժեշտ է պարզել լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությամբ՝ դատավարական, քննչական և օպերատիվ-հետախուզական առավել լայն գործիքակազմի կիրառմամբ, փետրվարի 13-ին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ։
13:17 - 13 փետրվարի, 2020
Դատախազության արձագանքը՝ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից արված հայտարարության առանձին դրվագի կապակցությամբ պարզաբանում ստանալու կապակցությամբ

Դատախազության արձագանքը՝ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից արված հայտարարության առանձին դրվագի կապակցությամբ պարզաբանում ստանալու կապակցությամբ

Միհրան Պողոսյանի կողմից առերևույթ տարբեր հանցագործություններ կատարելու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին գրությամբ տեղեկացվել է 2018թ. օգոստոսի 31-ին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Ի պատասխան ձեր հարցման՝ տեղեկացնում ենք հետևյալը. Միհրան Պողոսյանի կողմից առերևույթ տարբեր հանցագործություններ կատարելու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին գրությամբ տեղեկացվել է 2018թ. օգոստոսի 31-ին: Ի ապահովումն քրեադատավարական ընթացակարգերի պատշաճ պահպանման՝ 2018թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից Արթուր Վանեցյանին պատասխան նամակով պարզաբանվել է, որ նկարագրված տեղեկությունների էական մասը հանդիսանում են այնպիսի նոր հանցագործությունների վերաբերյալ տվյալներ, որպիսիք Միհրան Պողոսյանի վերաբերյալ քննված և վարույթը կարճված գործով քննության և իրավական գնահատականի առարկա չեն հանդիսացել, հետևաբար որևէ իրավական արգելք չկա, ու հանձնարարվել է այդ փաստերի կապակցությամբ սկսել քրեադատավարական գործընթաց և հարուցել քրեական գործ: Իսկ Միհրան Պողոսյանի վերաբերյալ քննված և վարույթը կարճված քրեական գործի քննության առարկա փաստերի կապակցությամբ հայտնվել է, որ վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերացնելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1 գլխով սահմանված կարգով (նոր երևան եկած հանգամանքի հիմքով վարույթի վերանայումը) հիմքեր ձեռք բերելու դեպքում, ըստ գործող ընթացակարգերի, այսինքն նոր երևան եկած հանգամանքով վարույթ հարուցելու և հիմքերը հաստատվելու պարագայում, այդ որոշումը կվերացվի: Ի կատարումն այդ հանձնարարության՝ ԱԱԾ-ում իրականացված նոր քրեադատավարական վարույթի շրջանակներում 05.10.2018թ. միայն հարուցվել է նոր քրեական գործ, որը ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 09.10.2018թ. ընթացքում: Ընդ որում՝ քրեական գործի հարուցման մասին ՀՀ գլխավոր դատախազությանը գրավոր տեղեկացվել է 08.10.2018թ., իսկ ըստ առկա տվյալների՝ Միհրան Պողոսյանը ՀՀ տարածքը լքել է 07.10.2018թ.: Այդ պահի դրությամբ դեռևս կարճված գործի վերանայման համար նոր երևան եկած հանգամանքներ դատախազություն ներկայացված չեն եղել:Հետագայում արդեն հարուցված նոր քրեական գործով, որի նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՀՔԾ վարույթում, ձեռք են բերվել օրենքով վերը նշված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1 գլխով նախատեսված այնպիսի նոր երևան եկած հանգամանքներ, որոնց պայմաններում կարող էր վերանայվել ավարտված քրեական գործի վարույթը կարճելու որոշումը: Այդ հիմքերի առկայության պայմաններում անմիջապես ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից 17.01.2019թ. որոշում է կայացվել նախկինում կայացված վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ: Երկու գործերը միացնելուց հետո համատեղ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա միայն 13.04.2019թ. է բավարար ապացույցների համակցությամբ որոշում կայացվել Միհրան Պողոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու, խափանման միջոց կալանավորումն ընտրելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի կողմից հնչեցված այն հարցադրումներին, թե ինչո՞ւ Միհրան Պողոսյանը մեկնեց, կամ ո՞վ նրան տեղեկացրեց, ապա նախ՝ հարկ ենք համարում կրկնել, որ վերջինս ՀՀ տարածքը լքել է այն ժամանակահատվածում, երբ քրեական գործը դեռևս գտնվում էր ԱԱԾ-ում: Երկրորդ, Արթուր Վանեցյանը շուրջ մեկ տարի, որպես ՀՀ ԱԱԾ տնօրեն, ի պաշտոնե ուներ դրանց բացահայտման համար անհրաժեշտ ողջ գործիքակազմը և այդպիսի պաշտոնեական պարտականություն, սակայն այդպիսիք չեն բացահայտվել:Այդուհանդերձ, եթե պարոն Վանեցյանին հայտնի են իր կողմից նշված հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ, այժմ էլ կարող է առանց որևէ կաշկանդվածության դրանք ներկայացնել պատկան մարմիններին, որի բացահայտման ուղղությամբ դատախազությունը կցուցաբերի առավելագույն հետևողականություն»,- գրել է Գոռ Աբրահամյանը։
14:54 - 06 փետրվարի, 2020
Դատախազությունն «Auroranews.am»-ի հրապարակումն ուղարկել է նախաքննական մարմին`այն ստուգելու նպատակով |armenpress.am|

Դատախազությունն «Auroranews.am»-ի հրապարակումն ուղարկել է նախաքննական մարմին`այն ստուգելու նպատակով |armenpress.am|

armenpress.am: «Auroranews.am» կայքի «Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը. Ուշագրավ մանրամասներ» վերտառությամբ հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է նախաքննական մարմին՝ հարուցված քրեական գործի շրջանակներում դրանում ներկայացված տվյալներն ու հանգամանքները մանրամասն ստուգման ենթարկելու հանձնարարությամբ: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Այդ հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մոնիթորինգի շրջանակներում ֆիքսվել է անմիջապես հրապարակվելուց հետո և ուղարկվել է նախաքննական մարմին՝ հարուցված քրեական գործի շրջանակներում դրանում ներկայացված տվյալներն ու հանգամանքները մանրամասն ստուգման ենթարկելու հանձնարարությամբ»,- նշել է Աբրահամյանը:  
08:30 - 04 փետրվարի, 2020
ՍԴ-ն որևէ կոնկրետ քրեական գործով որոշում կայացնել չի կարող. Գոռ Աբրահամյան

ՍԴ-ն որևէ կոնկրետ քրեական գործով որոշում կայացնել չի կարող. Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը․իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանի ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով այսօր հրապարակված որոշման եզրափակիչ մասին. «Կարդում եմ առանձին լրատվամիջոցների վերնագրերը, և այնպիսի տպավորություն է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով խափանման միջոցի վերաբերյալ քրեադատավարական որոշում է կայացրել կամ դիրքորոշում հայտնել նրա իրավունքների պաշտպանության վերաբերյալ:Եվ դա այն դեպքում, երբ ՍԴ-ն հրապարակել է միայն որոշման եզրափակիչ մասը, այսինքն որոշումն ամբողջությամբ դեռևս չկա: Սահմանադրական դատարանը որևէ կոնկրետ քրեական գործով որոշում կայացնել չի կարող: Այն իրավասու է որոշում կայացնելու միայն կիրառվող իրավական ակտի կամ դրա դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ:Իսկ կայացված որոշման հնարավոր հետևանքների մասին հնարավոր կլինի խոսել միայն այդ որոշմանն ամբողջությամբ ծանոթանալու հիման վրա: Ժամանակից առաջ ընկնել չի կարելի»:  
14:26 - 04 սեպտեմբերի, 2019
Դատախազի կողմից բավարարվել է մեղադրյալի՝ ՀՀ-ից ելքը չսահմանափակելուն ուղղված նրա պաշտպան Արայիկ Պապիկյանի բողոքը. Գոռ Աբրահամյան

Դատախազի կողմից բավարարվել է մեղադրյալի՝ ՀՀ-ից ելքը չսահմանափակելուն ուղղված նրա պաշտպան Արայիկ Պապիկյանի բողոքը. Գոռ Աբրահամյան

Դատախազի կողմից բավարարվել է մեղադրյալի՝ ՀՀ-ից ելքը չսահմանափակելուն ուղղված նրա պաշտպան Արայիկ Պապիկյանի բողոքը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Գրառման մեջ ասված է․ «Փաստաբան Արայիկ Պապիկյանն օրեր առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջի միջոցով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ դժգոհելով ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավված իր պաշտպանյալին ամսվա մեջ որոշ օրերի աշխատանքի կատարման նպատակով հանրապետությունից բացակայելու թույլտվություն ստանալու մասին իրենց միջնորդությունը Լոռու մարզի դատախազի և քննիչի կողմից մերժվելու վերաբերյալ: Այդ կապակցությամբ մեր կողմից պարզաբանվել էր, որ դատախազությունը չէր կարող տվյալ պահին այդ մասին դիրքորոշում արտահայտած լինել, քանի որ դատավարության որևէ կողմից դեռևս տեղեկատվություն չէր ստացել միջնորդությունը մերժելու և դրա հիմքերի վերաբերյալ: Հունիսի 3-ին Լոռու մարզի դատախազությունը նախաքննական մարմնից ստացել է համապատասխան որոշումը, ինչպես նաև ստացել էր քննիչի նշված որոշման դեմ գործով պաշտպան Արայիկ Պապիկյանի բողոքը: Նշված դատավարական փաստաթղթերի, քրեական գործի նյութերի ուսումանսիրությամբ պարզվել է, որ 2019 թվականի մայիսի 15-ին նրա պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, վերջինս հարցաքննվել է որպես կասկածյալ, տվել խոստովանական ցուցմունք: 2019 թվականի մայիսի 22-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Պարզվել է, որ տվյալ անձը 2019թ. ապրիլի 23-ից Ա/Ձ-ում աշխատում է որպես վարորդ և կատարում է բեռնափոխադրումներ՝ ՀՀ-ից ՌԴ և հակառակ ուղղությամբ:Բացի այդ, ուսումնասիրությունից ակնհայտ է դարձել, որ նա քննության ողջ ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ, քննիչի յուրաքանչյուր կանչով ներկայացել է վերջինիս, այդ թվում՝ ՀՀ-ից դուրս գտնվելու ընթացքում, և քրեական գործով ձեռք չեն բերվել փաստական այնպիսի տվյալներ, որ թույլ կտար կարծելու, թե ՀՀ-ից ելքի սահմանափակումը վերացնելու դեպքում վերջինս կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից կամ խոչընդոտել քրեական գործով վարույթին: Նկատի ունենալով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հանրապետությունից ելքի սահմանափակումը կարող է հանգեցնել աշխատանքի հնարավոր կորստով պայմանավորված նրա սոցիալական վիճակի վատթարացման՝ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ վերացվել է Արայիկ Պապիկյանի պաշտպանյալի՝ ՀՀ-ից ելքի սահմանափակումը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին քննիչի որոշումը, բավարարվել վերջինիս դեմ պաշտպանի բողոքը: Բացի այդ համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն՝ մեղադրյալի՝ ՀՀ-ից ելքի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ: Այսինքն՝ նրան հնարավորություն է տրվել պատշաճ վարքագծի հետագա շարունակման պայմանով անխափան շարունակել աշխատանքային պարտականությունների կատարումը»:
15:52 - 06 հունիսի, 2019
Դատախազությունը բողոք է նախապատրաստում Քոչարյանի և մյուսների գործը կասեցնելու որոշման դեմ

Դատախազությունը բողոք է նախապատրաստում Քոչարյանի և մյուսների գործը կասեցնելու որոշման դեմ

ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումը և ներկայումս նախապատրաստվում է ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացվելիք բողոքը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Պարզաբանման կարգով տեղեկացնեմ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի իմաստով քրեական գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշումը հանդիսանում է գործն ըստ էության չլուծող դատական ակտ: Չնայած այն հանգամանքին, որ օրենսգրքի 427-րդ հոդվածի առաջին մասի համաձայն առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից, սակայն նույն օրենսգրքի 376.1 հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանների՝ գործով վարույթը կասեցնելու որոշումները վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են: Այս իմաստով 2008թ. մարտի 1-ին և 2-ին կատարված իրադարձությունների վերաբերյալ անջատված և դատարան ուղարկված քրեական գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու վերաբերյալ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելն իրավաչափ է: ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է նշված դատական ակտը և ներկայումս նախապատրաստվում է վերջինիս դեմ ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացվելիք բողոքը»,- ասված է գրառման մեջ:  
16:46 - 21 մայիսի, 2019
Դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների մասով գործի վարույթի կասեցման որոշման մասին. Գ. Աբրահամյան

Դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների մասով գործի վարույթի կասեցման որոշման մասին. Գ. Աբրահամյան

ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ 2008թ. մարտի 1-ին, 2-ին կատարված իրադարձությունների վերաբերյալ անջատված և դատարան ուղարկված քրեական գործով վարույթը կասեցնելու դատարանի որոշման մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «ՀՀ դատախազությունը, ինչպես արդեն տեղեկացվել է, վերաքննիչ բողոք է ներկայացնելու Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ մայիսի 18-ին կայացված որոշման դեմ:Արդեն իսկ ելքագրվել և դատարան է ուղարկվել դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը: Նշված քրեական գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու վերաբերյալ դատարանի որոշումը ստանալուց և հիմքերն ուսումնասիրելուց հետո ՀՀ դատախազությունը դիրքորոշում կարտահայտի այս որոշումը բողոքարկելու վերաբերյալ»,-գրել է նա:
05:37 - 21 մայիսի, 2019
Դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ Մարտի 1-ի գործով 4 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործով վարույթը կասեցնելու դատարանի որոշման մասին

Դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ Մարտի 1-ի գործով 4 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործով վարույթը կասեցնելու դատարանի որոշման մասին

ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ 2008 թ. մարտի 1-2-ին կատարված իրադարձությունների վերաբերյալ անջատված և դատարան ուղարկված քրեական գործով վարույթը կասեցնելու դատարանի որոշման մասին, Ֆեյսբուքի իր էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «ՀՀ դատախազությունը, ինչպես արդեն տեղեկացվել է, վերաքննիչ բողոք է ներկայացնելու Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ մայիսի 18-ին կայացված որոշման դեմ: Արդեն իսկ ելքագրվել և դատարան է ուղարկվել դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը: Նշված քրեական գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու վերաբերյալ դատարանի որոշումը ստանալուց և հիմքերն ուսումնասիրելուց հետո ՀՀ դատախազությունը դիրքորոշում կարտահայտի այս որոշումը բողոքարկելու վերաբերյալ», - նշել է Աբրահամյանը։
17:54 - 20 մայիսի, 2019
Դատախազին ուղղված ոչ կոռեկտ արտահայտությունները հարիր չեն պրոֆեսիոնալ իրավաբանին. Գոռ Աբրահամյանը՝ Սանասարյանի պաշտպանի մասին

Դատախազին ուղղված ոչ կոռեկտ արտահայտությունները հարիր չեն պրոֆեսիոնալ իրավաբանին. Գոռ Աբրահամյանը՝ Սանասարյանի պաշտպանի մասին

Այսօր ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ (պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցված) Դավիթ Սանասարյանի և նրա պաշտպանների ասուլիսի ընթացքում փաստաբան Ինեսա Պետրոսյանը, ակնհայտորեն դուրս գալով պատշաճության և էթիկայի սահմաններից, իրեն թույլ է տվել ՀՀ գլխավոր դատախազին ուղղված ոչ կոռեկտ արտահայտություններ, որոնք հարիր չեն ոչ միայն պրոֆեսիոնալ իրավաբանին, այլև բարեկրթության տարրական կանոններին տիրապետող ցանկացած անձի,- Ֆեյսբուքի իր էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Հարգելի գործընկերոջը հիշեցնում ենք, որ հրապարակային ելույթներում զգացմունքային զեղումներով համեմված անհիմն պնդումներով հանդես գալը որևէ աղերս չունի փաստաբանի կողմից իր պաշտպանյալի իրավունքները օրենքով նախատեսված բոլոր միջոցներով պաշտպանելու սկզբունքի և պրոֆեսիոնալիզմի հետ: Ուստի հորդորում ենք նման ցածրորակ միջոցներով հանրային կարծիքը գլխավոր դատախազի դեմ ուղղորդելու փորձերի փոխարեն զբաղվել իր իրավասությունների ու գործառույթների շրջանակում իր վստահորդի շահերի իրական պաշտպանությամբ», - գրել է Աբրահամյանը։
14:42 - 30 ապրիլի, 2019