Ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

ՀՀ ֆինանսների նախարարը Տիգրան Խաչատրյանն է։

Հայաստանի եւ Շվեյցարիայի միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բա­ցա­ռելու մասին հուշագիր է կնքվել

Հայաստանի եւ Շվեյցարիայի միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բա­ցա­ռելու մասին հուշագիր է կնքվել

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը եւ Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության գործերի հավատարմատար Սթեֆան Կլյոտցլին նոյեմբերի 12-ին ստորագրել են Հայաստանի Հանրապետության եւ Շվեյցարիայի Համա­դաշ­նու­­թյան միջեւ եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բա­ցա­ռելու մասին հուշագիր: Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարությունից, մանրամասնելով՝համաձայնագրով նախատեսվում է սահմանել, որ շահա­բաժին­ները հարկվելու են արտոնյալ դրույքաչափով, մասնավորապես նախատեսվում է բարձրացնել շահաբաժինների հարկման արտոնյալ դրույքա­չափի կիրառության առումով մասնակցության չափի շեմը՝ 25ից դարձնելով 50 տոկոս եւ նվազեցնել շահաբաժինների հարկման դրույքաչափերը՝ սահմանելով 0 եւ 5 տոկոս համապատասխան ներդրումների ապահովման դեպքում: Միջոցառման ավարտին նախարար Խաչատրյանն արդյունավետ է գնահատել Շվեյցարիայի Համադաշնության հետ իրականացված համատեղ ծրագիրը, Հայաստանի հետ ունեցած համագործակցությունն ու այն խորացնելու պատրաստակամություն հայտնել: Սթեֆան Կլյոտցլին իր հերթին նշել է, որ Հայաստանը եւ Շվեյցարիան երկարամյա դիվանագիտական հարաբերություններ ունեն, ինչի շրջանակում բազմաթիվ համատեղ նախաձեռնություններ են իրականացվել: Նա ողջունել է ներկա տնտեսական իրավիճակում ՀՀ կառավարության՝ բիզնես միջավայրի բարելավմանն ու մասնավոր ներդրումների խթանմանն ուղղված քայլերը:
17:27 - 12 նոյեմբերի, 2021
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՌԴ ՖՆ Ֆինանսական գիտահետազոտական ինստիտուտի փորձագետներին

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՌԴ ՖՆ Ֆինանսական գիտահետազոտական ինստիտուտի փորձագետներին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության Ֆինանսական գիտահետազոտական ինստիտուտի փորձագետ Սամվել Լազարյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է Ֆինանսների նախարարությունը: Իր խոսքում նախարարն ընդգծել է հայ եւ ռուս գործընկերների միջեւ աշխատանքային փորձի փոխանակման եւ արդեն իսկ ձեւավորված հարաբերությունների ամրապնդման կարեւորությունը՝ շեշտելով, որ Գիտահետազոտական ինստիտուտի հետ սերտ համագործակցություն է ծավալվում հինգ տարուց ավելի, եւ ներկայում եւս նախատեսվում է միջոցառումների շարք՝ ուղղված երկու կառույցների աշխատակիցների մասնագիտական կարողությունների բարձրացմանը: Շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության համար՝ ՌԴ ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակելու համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակում, ինչպես նաեւ ընդգծել են, որ սա լավ հարթակ է ոլորտի հայ եւ ռուս մասնագետների փորձի փոխանակման եւ աշխատանքային քննարկումների ծավալման համար: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ պայմանավորվածություն ձեռք բերել շարունակելու օրակարգային հարցերի վերաբերյալ երկխոսությունը՝ միաժամանակ աջակցելով հայ-ռուսական երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը:
18:13 - 11 նոյեմբերի, 2021
Հարկային մարմին-հարկ վճարող շփումը նվազագույնի կհասցվի. էականորեն կկրճատվեն հարկային վարչարարության ժամկետները

Հարկային մարմին-հարկ վճարող շփումը նվազագույնի կհասցվի. էականորեն կկրճատվեն հարկային վարչարարության ժամկետները

Նոյեմբերի 11-ի նիստի ընթացքում Կառավարությունը հավանության է արժանացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի հիմնական նպատակն է հարկային մարմին-հարկ վճարող շփումը նվազագույնի հասցնել: «Դա էականորեն կրճատում է նաև հարկային ստուգումների և ուսումնասիրությունների վարչարարության ժամկետը, կարգավորում պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում (հաշվառում) չստացած, սակայն հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների հաշվառումից հանման գործընթացը, հին սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների հաշվառումից հանման գործընթացը»,- հայտնում են Կառավարությունից: Բացի այդ, նախատեսվում է բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը` ապահովելով հարկային կարգապահություն: Մասնավորապես, նախատեսվում է ընդլայնել հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը։ Օրինագծով  առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում նախատեսել դրույթ, որի հիման վրա հարկային մարմնում հաշվառված, սակայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխով նախատեսված կազմակերպական-իրավական ձևերին չհամապատասխանող սուբյեկտները կհանվեն հաշվառումից: Նախագծով առաջարկվում է օրենսգրքով նախատեսել դրույթներ, որոնք հնարավորություն կտան հաշվառումից հանելու հին սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաները: Հարկային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով` նախագծով առաջարկվում է հարկային մարմնի գործիքակազմին ավելացնել «Թեմատիկ ուսումնասիրության» տեսակը, որի շրջանակում հարկային մարմինը կլիազորվի բացառապես վերլուծության (այդ թվում` կամերալ ուսումնասիրության) արդյունքների հիման վրա առաջացած կոնկրետ ռիսկերի գծով հարկային հաշվարկները չներկայացրած կամ դրանք չճշտած հարկ վճարողների մոտ իրականացնել ուսումնասիրություն և դրա արդյունքում առաջադրել համապատասխան հարկային պարտավորություններ:  
15:47 - 11 նոյեմբերի, 2021
Նախարարը վստահեցնում է՝ եկող տարի նախատեսվող անելիքները միտված են բարձր տնտեսական աճին |armenpress.am|

Նախարարը վստահեցնում է՝ եկող տարի նախատեսվող անելիքները միտված են բարձր տնտեսական աճին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը վստահեցնում է, որ 2022-ի համար նախատեսվող անելիքները իրենց ֆինանսավորման կառուցվածքով միտված են 7 տոկոս տնտեսական աճի միջավայրը երաշխավորելուն: Նախարարն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկման շրջանակում ներկայացնելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվելիք բյուջեն: «Հայաստան» խմբակցությունից Թադևոս Ավետիսյանը նշեց, թե նախագծում նկատել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտում հատկացված ֆինանսական միջոցները հարաբերական առումով ՀՆԱ-ի նկատմամբ 2021-ի և 2022-ի բյուջեով նվազում են: Սակայն բյուջեի ծախսային մասը 2022-ին 2021-ի համեմատ աճում է 18.3 տոկոսով: «Իհարկե, ՀՆԱ-ի նկատմամբ համեմատելով 2022-ի բյուջեի նախագծով նախատեսված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորումը՝ կարող ենք նկատել համեմատական ցուցանիշի նվազում 2020-ի նկատմամբ: Բայց այդտեղ կան մի քանի պատճառահետևանքային կապեր: Մենք կանխատեսում ենք, որ 2022 թվականի ընթացքում բարձր՝ 7 տոկոս տնտեսական աճ պետք է ունենանք, ու մեր 2022 թվականի համար նախատեսվող անելիքներն իրենց ֆինանսավորման կառուցվածքով միտված են այդ բարձր տնտեսական աճի միջավայրը երաշխավորելուն»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:  Նա հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է այն հիմնական ուղղությունները, որոնք պետք է լինեն առաջիկա բյուջեի առանձնահատուկ տարբերությունը, անվտանգային, տնտեսական ու կրթության ոլորտի հետ կապված հարցերն են:  Նրա խոսքով՝ տնտեսական բարելավված միջավայրն է, որ գալիք տարիներին պետք է թույլ տա բարձրացնել նաև սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերը: «Այսինքն՝ ամենևին չթերագնահատելով սոցիալական ոլորտում ծախսերն ավելացնելու կարևորությունը՝ մենք հաջորդականության մեջ մեր քայլերը նախատեսել ենք կառուցել այնպես, որ սկզբից մեծ ուշադրությամբ ենթակառուցվածքներին և կրթության բնագավառում ձևավորենք այն միջավայրը, որոնք երաշխավորելու են երկարաժամկետ կայուն և ներառական տնտեսական աճի միջավայրը, ապա դրա արդյունքները, որոնք ավելացող հարկային եկամուտներն են, պետք է ծառայեն նաև սոցիալական ծախսերի ավելացմանը: Իսկ դրանք չեն ուշանալու»,-ասաց Խաչատրյանն ու հիշեցրեց՝ միջին կենսաթոշակները պետք է հավասարվեն սպառողական զամբյուղի արժեքին: Թադևոս Ավետիսյանը չհամաձայնեց նախարարի հետ: Ըստ պատգամավորի՝ Խաչատրյանը չնշեց այն կարևոր գործոնը, որն առկա է, գնաճը, որը բերում է մարդկանց իրական եկամուտների նվազման: «2020 թվականի աղքատության ցուցանիշը առնվազն դեռ հրապարակված չէ, բայց, Համաշխարհային բանկի գնահատմամբ, մենք ունենք, կարծեմ, 7 տոկոսային կետ աղքատության մակարդակի աճ»,- ասաց պատգամավորը:
12:47 - 05 նոյեմբերի, 2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն կաճի ավելի քան 15 տոկոսով |armenpress.am|

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն կաճի ավելի քան 15 տոկոսով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն 2022 թվականին կաճի ավելի քան 15 տոկոսով՝ կազմելով 580 մլրդ դրամ:  Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը: «Պետբյուջեի նախագծով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բոլոր ծրագրերի հանրագումարով հատկացված ֆինանսավորումը, ըստ մեր բյուջեի համար պատասխանատու կառույցների, ամենամեծ ֆինանսավորման ծավալը պարունակող ուղղությունն է»,-ասաց նախարարը: Նա դա բնական համարեց, քանի որ այն սոցիալական կարևորագույն հարցերը, որոնք լուծվում են այդ գերատեսչության կողմից, իրենց թե ծավալով, թե նշանակությամբ ամենակարևորներից են: Նախարարությունն իրականացնելու է 16 ծրագիր, որոնք ներառում են 93 միջոցառումներ: «2022-ի բյուջեի նախագծով նախատեսված է շուրջ 580 մլրդ դրամ ֆինանսավորում: 2021-ին հաստատված բյուջեովնախատեսված է եղել 503 մլրդ 670 մլն դրամ ֆինանսավորում, աճը կազմում է 15.1 տոկոս»,-ասաց Խաչատրյանը:
10:30 - 05 նոյեմբերի, 2021
Միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարները կատարելու համար կհատկացվի 2 մլրդ 295 մլն դրամ |armenpress.am|

Միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարները կատարելու համար կհատկացվի 2 մլրդ 295 մլն դրամ |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ արտաքին գործերի նախարարության 2022-ի բյուջեն 2021-ի համեմատ կավելանա 2.26 տոկոսով, միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարները կատարելու համար կհատկացվի 2 մլրդ 295 մլն դրամ: Այս մասին հայտնեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ԱԺ արտաքին հարաբերությունների ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը: 2022-ին նախատեսվում է, որ ԱԳՆ-ի մասով պետք է իրականացվեն 5 ծրագրեր, որոնցում ընդգրկված կլինեն 8 միջոցառումներ: «Բյուջեի նախագծով առաջարկված ծախսերի հանրագումարը 2022-ի համար կազմում է 18 մլրդ 653 մլն դրամ՝ 2021-ի հաստատված բյուջեի համեմատությամբ ավելի 412 մլն դրամով կամ 2.26 տոկոսով»,-ասաց Խաչատրյանը: Նախարարը հնչեցրեց նաև այն թիվը, որը ծառայելու է միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարները կատարելու համար: «Դա 2022-ի համար 2 մլրդ 295 մլն դրամ է՝ 2021-ի պետբյուջեով հաստատված 2 մլրդ 197 մլն դրամի փոխարեն: Աճը 4.47 տոկոս է»,- ասաց նա:
10:30 - 04 նոյեմբերի, 2021
ՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա մոտ 2 տոկոսով |armenpress.am|

ՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա մոտ 2 տոկոսով |armenpress.am|

armenpress.am: Նախատեսվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բյուջեն 2022-ին 2021-ի համեմատ ավելացնել 1.92 տոկոսով:  Այս մասին ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը: «Աշխատակազմի կողմից նախատեսվում է 2022-ին իրականացնել 1 ծրագիր, որում ընդգրկված են 3 միջոցառումներ: Հանրագումարով 2022-ի բյուջեի նախագծով նախատեսված ֆինանսավորումը կազմում է 542 մլն 700 հազար դրամ, 2021 թվականի պետբյուջեով նախատեսված 532 մլն 500 հազար դրամի դիմաց: Աճը կազմում է 1.92 տոկոս»-ներկայացրեց Խաչատրյանը: «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը հիշեց՝ այս տարվա մարտ-ապրիլ ամսին Ֆինանսների նախարարությունը պատրաստել էր օրենսդրական նախաձեռնություն՝ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի հոդվածներից մեկը փոխելու, ֆինանսավորումը կրճատելու: «Մեծ աղմուկ բարձրացավ, այդ թվում միջազգային, և դա առկախվեց»,-ասաց պատգամավորն ու հարցրեց, թե արդյոք այդ նախագիծը դեռ մնում է օրակարգում: Ֆինանսների նախարարը հայտնեց, որ նախագիծը, քանի դեռ կառավարության կողմից ԱԺ սահմանված կարգով քննարկման ներկայացված չէ, նշանակում է՝ չունի այն կարգավիճակը, որ հիմա դա քննարկեն: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էլ հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված ֆինանսավորման մոտ 2 տոկոսով աճը: «Մենք գիտենք, որ  ՄԻՊ-ի գրասենյակի ծանրաբեռնվածությունն այս տարիներին ավելի է մեծացել, և ենթադրաբար հաստիքների համալրման ավելի շատ կարիք կար: Ես ուզում եմ հասկանալ, թե ինչո՞ւ է ընտրվել այդ չափով բարձրացումը»,-հարցրեց պատգամավորը: Ֆինանսների նախարարը վստահեցրեց. «Ինչպես մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այնպես էլ մյուս բոլոր գերատեսչությունների դեպքում բյուջեի նախագծում ներառված վերջնական ֆինանսական ցուցանիշներն արտացոլում են այն իրավական ակտերի ֆինանսական պատկերը, որոնք կայացված են: Այսինքն, եթե մենք խոսում ենք հաստիքակազմի վերաբերյալ, Ֆինանսների նախարարությունը պետբյուջեի նախագիծը քննարկելու, ամփոփելու փուլում իրավասու չէ քննարկել, թե որ պետական կառավարման մարմինը որքան հաստիքներ պետք է ունենա կամ այդ հաստիքներն ինչպիսի պաշտոնային աստիճաններ պետք է ներկայացնեն, այլ մենք միայն ստուգում և պետբյուջեի նախագծում արտացոլում ենք այդ կայացված որոշումներին համապատասխան իրավական ակտերով ամրագրված ֆինանսական ցուցանիշները»: Թովմասյանը հնչեցրեց թվեր: 2018-ին  ՄԻՊ գրասենյակին դիմել է 10 հազար 740 քաղաքացի, 2019-ին ՝ 13 հազար 140 քաղաքացի, 2020-ին՝ 14 հազար 780 քաղաքացի: «Այսինքն` այս տարիներին շեշտակի աճել է ՄԻՊ-ին դիմող քաղաքացիների թիվը: Հետևաբար` պետք է սպասարկել այդքան դիմումները: Դրանից ավել ի՞նչ հիմք է պետք, որ կառավարությունը համարժեք պատասխան տար այս իրավիճակին՝ բյուջեի տեսքով, աշխատակիցների ներգրավման տեսքով»,-ասաց պատգամավորը: Խաչատրյանը նշեց, որ եթե անգամ դիմումների քանակը մնար նույնը, սակայն հիմնավորվեր, որ եղած աշխատակազմը իր հաստիքային կազմով դիմումների բնույթի փոփոխության պատճառով ավելի մեծ ծավալի աշխատանք է կատարում, այդ հարցը կարող էր քննարկվել: «Եվ քննարկվել է հավանաբար: Ես վստահ եմ, որ, եթե կան համապատասխան հիմնավորումներ, ապա այդ դեպքում կայացվում են որոշումներ: Նաև հետագա ամիսներն են դրա համար,  որ եթե օբյեկտիվորեն աշխատանքի ծավալն ավելանա այնպես, որ պետք լինի վերանայել աշխատակազմին վերաբերող հարցերը, ապա կառավարությունը սահմանված կարգով այդ որոշումները կկայացնի»,-ասաց նախարարը:
16:58 - 03 նոյեմբերի, 2021
Վարչապետի աշխատակազմի բյուջեն կնվազի 34.5 տոկոսով, ԱԺ-ի և նախագահի աշխատակազմներինը կմնա նույնը |armenpress.am|

Վարչապետի աշխատակազմի բյուջեն կնվազի 34.5 տոկոսով, ԱԺ-ի և նախագահի աշխատակազմներինը կմնա նույնը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2022-ի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն նախորդ տարվա համեմատ նվազեցնել 34.5 տոկոսով, նախագահի աշխատակազմի և ԱԺ-ի բյուջետային հատկացումները կմնան գրեթե նույնը:  Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ընթացում: «2022-ի պետբյուջեի նախագծով ՀՀ նախագահի աշխատակազմի մասով նախատեսված է 1 ծրագրի իրականացում, որում ներառված են երկու միջոցառումներ: Պետբյուջեի նախագծով առաջարկված ֆինանսավորումը կազմում է 1 մլրդ 602.5 մլն դրամ, 2021-ի հաստատված բյուջեով նախատեսված է եղել 1 մլրդ 601.2 մլն դրամ: Ֆինանսավորումը գրեթե նույն ծավալով է, որքան նախատեսված է եղել 2021-ի համար»,-ասաց նախարարը: ԱԺ-ի 2022 թվականի պետբյուջեով նախատեսված ծախսերի գումարը պետք է ֆինանսավորի մեկ ծրագիր, որում ընդգրկված են 5 միջոցառումներ: Ֆինանսավորման գումարը նախագծով կազմում է 5 մլրդ 992 մլն դրամ՝ 2021-ի հաստատված բյուջեով 6 մլրդ 90 մլն դրամի դիմաց: Բյուջեն գրեթե առանց փոփոխության է մնացել: Վարչապետի աշխատակազմը 2022-ի ընթացքում կիրականացնի թվով 11 ծրագիր, որից 2-ը՝ սփյուռքի գծով: 11 ծրագրերում ներառված են 45 միջոցառումներ: «Ունենք 11 ծրագրեր, որոնք 2022-ի պետբյուջեի նախագծում ֆինանսավորելու են 19 մլրդ 675 մլն դրամ ծախսեր՝ 2021-ի համար հաստատված բյուջեով 30 մլրդ 24 մլն դրամի դիմաց: Նվազեցում կա 34.5 տոկոսով: Դա մասամբ պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ բազմաթիվ ծրագրեր և դրանց կազմում ներառված միջոցառումներ, որոնք նախորդ տարի իրականացվում էին վարչապետի աշխատակազմի կողմից, 2022-ի ընթացքում պետք է իրականացվեն այլ գերատեսչությունների կողմից»,-ասաց Խաչատրյանը: Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
10:30 - 03 նոյեմբերի, 2021
Պարտքի հետևողական և շարունակաբար նվազեցման ենք գնալու. Խաչատրյանը ներկայացնում է պետբյուջեի նախագիծը |armenpress.am|

Պարտքի հետևողական և շարունակաբար նվազեցման ենք գնալու. Խաչատրյանը ներկայացնում է պետբյուջեի նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Պետությունը նախատեսում է հետևողական և շարունակաբար նվազեցնել պետական պարտքը՝ այն բերելով օրենքով սահմանվածի շրջանակ: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը: «2020-ը, կախված թե համավարակի, թե պատերազմական գործողությունների ազդեցությամբ, հանգեցրել է նրան, որ մենք արդյունքում ունեցանք ՀՆԱ-ի նկատմամբ 63.5 տոկոս պետական պարտք: Այդ հանգամանքը օրենքով սահմանված կանոնների բերումով պահանջում է, որ հաջորդ  5 տարիների ընթացքում կառավարությունը ԱԺ ներկայացնի այնպիսի բյուջետային շրջանակ, որով երաշխավորվում է պարտքի վերադարձ՝ 60 տոկոսը չգերազանցող սահմանում»,-ասաց Խաչատրյանը: Նա շեշտեց՝ 2021-ի և 2022-ի կանխատեսվող գործողությունների արդյունքում պետք է հասնեն նրան, որ 2022-ի ամփոփ ցուցանիշը կազմի ՀՆԱ-ի 60.2 տոկոսը: «Հետագա տարիներին նույնպես կունենանք ոչ շատ կտրուկ նվազում: Դեֆիցիտի ֆինանսավորման միջոցով խելամիտ կապիտալ կամ զարգացման ծրագրեր իրականացնելը այն կարևոր նախապայմաններից են, որ պետք է ապահովեն տնտեսական պոտենցիալի ապահովում և բարձը տնտեսական աճ: Այս տեսանկյունից մենք պարտքի հետևողական և շարունակաբար նվազեցման ենք գնալու: Եվ մյուս կողմից խելամիտ սահմանաչափով ֆիսկալ տարածք ազատելով, արտադրողական և արդյունավետ ծրագրեր իրականացնելով՝ ստեղծելու ենք այնպիսի ծրագիր և իրականացնելու ենք այնպիսի միջոցառումներ, որոնք նպաստելու են տնտեսական աճի բարձր ցուցանիշների պարագայում պետբյուջեի կատարմանը»,-ասաց նախարարը: Նախատեսվում է, որ դեֆիցիտը կազմելու է 3.1 տոկոս: Ըստ Խաչատրյանի՝ դա այն խելամիտ անվտանգ չափն է, որով պարտք ներգրավելով՝ կառավարությունը կկարողանա իրականացնել ոլորտային զարգացման համապատասխան ծրագրեր: Որպես երկրորդ կարևոր առանձնահատկություն նախարարը նշեց հարկային եկամուտների ավելացման պահանջը: Կառավարության ծրագիրը սահմանել է, որ մինչև 2026 թ հարկային եկամուտներ պետք է հասցվեն համախառն ներքին արդյունքի 25 տոկոսին: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր տարի պետք է առնվազն 0.5 տոկոսային կետով հարկային եկամուտների բարելավում լինի: «Կապիտալ ծախսերի զգալի ավելացում ենք ունենալու: Դրանք վերաբերում են թե տնտեսական, թե սոցիալական ենթակառուցվածքներին: Մենք այս բոլորը միասին վերցրած տեսնում ենք տնտեսական աճի կայուն միջավայր ստեղծելու համատեքստում որպես նախապայման, որովհետև թե 2022-ը, թե հաջորդող տարիները կառավարության ծրագրի այն ժամանակահատվածն է, որ թիրախային 7 տոկոս տնտեսական աճը նվազագույն ցուցանիշն է»,-ասաց Խաչատրյանը: 2022-ի բյուջեի նախագծում դրվել է 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսում:
12:43 - 25 հոկտեմբերի, 2021
Standard & Poor's-ի վարկանշի առանձնահատկությունն այն է, որ մեր մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունները ավելի հարմար պայմաններով ֆինանսական միջոցներ են կարողանալու ներգրավել․ Տիգրան Խաչատրյան

Standard & Poor's-ի վարկանշի առանձնահատկությունն այն է, որ մեր մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունները ավելի հարմար պայմաններով ֆինանսական միջոցներ են կարողանալու ներգրավել․ Տիգրան Խաչատրյան

Երեկ հայտնի դարձավ, որ Standard & Poor's միջազգային գործակալությունը վարկանիշ է շնորհել Հայաստանի Հանրապետությանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին խնդրեց մեկնաբանել՝ ինչ է նշանակում դա, ինչ է փոխում մեր կյանքում։ Խաչատրյանը նշեց, որ առաջին տարին է, երբ այս կազմակերպությունը վարկանշել է ՀՀ-ին եւ շնորհել արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման «B+» սուվերեն վարկանիշ՝ դրական հեռանկարով․ «Առաջին տարին է նաեւ, որ միաժամանակ ՀՀ-ին վերաբերող զեկույցներ են հրապարակել վարկանշավորման ոլորտում աշխարհի առաջատար եռյակը՝ Moody’s-ը, Fitch-ը եւ Standard & Poor's-ը։ Ընդ որում՝ եթե առաջին երկուսի վարկանշավորումը սուվերեն էր եւ վերաբերում էր միայն ՀՀ-ի վարկունակությանը, ապա վերջինի այս վարկանշի առանձնահատկությունն այն է, որ սուվերենից բացի՝ այն միաժամանակ սահմանել է նաեւ փոխանցման եւ փոխարկելիության գնահատական, ինչը կարեւոր է մասնավոր հատվածի համար։ Վերջինս սահմանվել է B, B-, ինչը նշանակում է, որ ՀՀ-ի մասնավոր հատվածի ձեռնարկություններն ու ֆինանսական հաստատություններն այս կազամկերպության կողմից վարկանշվելու դեպքում կարող են ստանալ ՀՀ-ի սուվերեն վարկանիշից մեկ մակարդակ բարձր վարկանիշ։ Standard & Poor's սուվերեն վարկանշի դրական հեռանկարն արտահայտում է կազմակերպության գնահատականն այն մասին, որ ՀՀ-ում տնտեսության վիճակի բարելավմանն ուղղված գործոնները գերակշռող են եւ առաջիկա տասներկու ամիսների ընթացքում կարող են բերել ՀՀ-ի սուվերեն վարկանշի բարձրացման»,- ասաց նախարարը։ Նա հայտնեց, որ Standard & Poor's-ը նշել է, որ եթե հետագա երկու-երեք տարիների ընթացքում ՀՀ-ում արդարացվեն տնտեսական աճի սպասումները, արտաքին խոցելիությունը նվազի եւ պետբյուջեի կատարողականը լինի սպասվածից դրական, ապա դա կբերի նաեւ երկրի սուվերեն վարկանիշի հետագա բարելավման․ «ՀՀ-ի սուվերեն B+ վարկանիշը հիմնված է այն գանահատականների վրա, որ, չնայած արտաքին էական ճնշումներին, Հայաստանը հաղթահարել է համավարակի եւ ռազմական կոնֆլիկտի հետեւանքները՝ առանց վտանգելու երկրի տնտեսական կայունությունը։ Standard & Poor's-ն ակնկալում է, որ կառավարության հնգամյա ծրագրի իրագործումը կհանգեցնի ավելի արագ տնտեսական աճի։ Այս կազմակերպության հետ համագործակցությունը կնպաստի Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը եւ կարագացնի այդ ոլորտում բարեփոխումների ընթացքը՝ հաշվի առնելով, որ սուվերեն վարկանիշը ձեռք է բերվել նաեւ մասնավոր հատվածի ընկերությունների համար վարկանիշ ստանալու եւ դրա ներքո տեղական եւ միջազգային շուկաներ դուրս գալու նպատակով»։ Խաչատրյանի խոսքով՝ այս վարկանշի հիմնական առանձնահատկությունը, փաստորեն, այն է, որ մեր մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունները՝ այդ թվում ֆինանսական, ավելի մատչելի միջազգային վարկանիշ ստանալու հնարավորություն ունեն, եւ դրա ներքո թե՛ հայաստանյան, թե՛ արտաքին շուկաներում ավելի հարմար եւ հասանելի պայմաններով ֆինանսական միջոցներ են կարողանալու ներգրավել։
11:43 - 14 հոկտեմբերի, 2021
Տիգրան Խաչատրյանը գերմանացի գործընկերներին է ներկայացրել ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը

Տիգրան Խաչատրյանը գերմանացի գործընկերներին է ներկայացրել ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Բեռլին Էկոնոմիկս» անկախ խորհրդատվական ընկերության եւ «Գերմանական տնտեսական միավորում» հ/կ ներկայացուցիչների հետ: «Հանդիպման ընթացքում նախարար Խաչատրյանը հյուրերին է ներկայացրել ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրով նախանշված առաջնահերթությունները, ինչպես նաեւ խոսել է գործող արտաքին պարտքի կառավարելիության եւ մակրոտնտեսական ոլորտի առանձնահատկությունների վերաբերյալ»,- մանրամասնում են Ֆինանսների նախարարությունից: Շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար՝ «Բեռլին Էկոնոմիկս»  ընկերության գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչիին իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակում, ինչպես նաեւ շեշտել է, որ գերմանացի գործընկերներն ուշադրությամբ են հետեւում ՀՀ կառավարության գործունեությանը եւ ողջունում են ընթացիկ աշխատանքներում տարվող բարեփոխումները:  Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են համագործակցության ընդլայնման  հնարավորությունները, ինչպես նաեւ՝ պայմանավորվածություն ձեռք բերել շարունակելու օրակարգային հարցերի վերաբերյալ երկխոսությունը՝ միաժամանակ աջակցելով հայ-գերմանական երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը:  
16:54 - 13 հոկտեմբերի, 2021
Տիգրան Խաչատրյանն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են փոխադարձ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Տիգրան Խաչատրյանն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են փոխադարձ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարությունից՝ մանրամասնելով, որ նախարարը դեսպանին է ներկայացրել Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, առաջիկա բյուջետային տարում նախանշված առաջնահերթությունները, ինչպես նաեւ՝ Հայաստանի մակրոտնտեսական կայունության, կապիտալ ծախսերի վերանայման եւ հարկային քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Դեսպան Պատրիկ Սվենսոնն իր հերթին կարեւորել է երկու երկրների միջեւ համագործակցության խորացումը՝ նշելով, որ Շվեդիան ողջունում է Հայաստանում համակարգային բարեփոխումների իրականացնելու Կառավարության պատրաստակամությունը եւ պատրաստ է շարունակելու աջակցել այդ բարեփոխումների իրականացման գործընթացում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ տնտեսական եւ բիզնես ներդրումների ներգրավման եւ այս ուղղությամբ երկու երկրների միջեւ փոխադարձ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ կայուն գործընկերային կապերի հաստատման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:
13:40 - 11 հոկտեմբերի, 2021
Տիգրան Խաչատրյանը ԵՆԲ տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ֆինանսների նախարարության և Եվրոպական ներդրումային բանկի միջև համագործակցության զարգացման ուղղությունները

Տիգրան Խաչատրյանը ԵՆԲ տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ֆինանսների նախարարության և Եվրոպական ներդրումային բանկի միջև համագործակցության զարգացման ուղղությունները

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մացիեյ Ցզուրային: Այս մասին հայտնում է Ֆինանսների նախարարությունը: Նախարար Խաչատրյանը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային  բանկի հետ համագործակցությունը եւ կարեւորել տարբեր ոլորտներում ԵՆԲ համաֆինանսավորմամբ իրականացվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղու եւ Սիսիան-Ագարակ ճանապարհահատվածի, Երեւանի մետրոպոլիտենի եւ տրանսպորտային համակարգի, ջրային ռեսուրսների եւ ոռոգման ենթակառուցվածքների կառավարման ծրագրերը: Մացիեյ Ցզուրան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ՀՀ նոր կառավարությանը մաղթել հաջողություն հավակնոտ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու գործում: ԵՆԲ ներկայացուցիչը նշել է, որ տեղյակ է բիզնես միջավայրի բարելավմանը միտված ՀՀ կառավարության քայլերի մասին եւ ընդգծել, որ բանկը պատրաստ է այդ ուղղությամբ եւս օժանդակություն ցուցաբերել հայաստանյան գործընկերներին: Միաժամանակ պարոն Ցզուրան գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ համագործակցության մակարդակի առնչությամբ եւ վստահություն հայտնել, որ համատեղ բոլոր ծրագրերը կշարունակեն նպաստել ՀՀ տնտեսության զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
16:32 - 08 հոկտեմբերի, 2021
ՀՀ ֆինանսների նախարարը և ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ֆինանսների նախարարը և ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հոկտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են ՀՀ Ֆինանսների նախարարությունից։ Ողջունելով դեսպանին՝ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, հանրային ֆինանսների կառավարման համակարգի ներդրումն ու բարեփոխումների ռազմավարությունը: Նախարարն իր խոսքում բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության հետ հաստատված սերտ համագործակցությունը եւ կարեւորել հատկապես տնտեսական ուղղություններով հարաբերությունների զարգացումը։ Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է նախարարին նշանակման առթիվ եւ հայտնել ռուսական կողմի պատրաստակամությունը՝ բոլոր ոլորտներում համագործակցություն ծավալելու մասին՝ ձեւավորված արդեն 30-ամյա գործընկերային հարաբերությունների ավանդույթների վրա: Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ անդրադառնալով տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, նոր տեխնոլոգիաների եւ ձեռներեցության զարգացման հարցերին: Անդրադարձ է կատարվել «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատանքին՝ ընդգծելով դրա նշանակությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, ինչպես նաեւ արժեւորելով հանգամանքը, որ երկաթուղու կարողությունների թարմացումը նոր հնարավորություններ է բացում սոցիալ-տնտեսական ու հարակից ոլորտների շղթայական զարգացման համար:
12:44 - 05 հոկտեմբերի, 2021
Բնակարանաշինությունն ուղղորդել մարզեր. ԱԺ տնտեսական հանձնաժողովին ներկայացվեց օրենսդրական փաթեթը |armenpress.am|

Բնակարանաշինությունն ուղղորդել մարզեր. ԱԺ տնտեսական հանձնաժողովին ներկայացվեց օրենսդրական փաթեթը |armenpress.am|

armenpress.am: Մարզերում բնակարանաշինությունը խթանելու նպատակով առաջարկվում է փոխել եկամտահարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը: «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված փոփոխություններով առաջարկվում է աստիճանաբար սահմանափակել արտոնության գործողությունը Երևանի կենտրոնում և դրան հարող հատվածում: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացնելով նախագծի մանրամասները, նշեց, որ արտոնությունների սահմանափակումը կատարվելու է փուլ առ փուլ: Առաջարկվում է սահմանել, որ 2022թ. հուլիսի 1-ից արտոնությունը կդադարի Երևանի առաջին գոտու նոր շենքերում բնակարանների ձեռքբերման վարկերի տոկոսների նկատմամբ, 2023թ. հունվարի 1-ից՝ Երևանի երկրորդ գոտու, 2023թ. հուլիսի 1-ից՝ Երևանի երրորդ գոտու, իսկ 2025թ. հունվարի 1-ից՝ Երևանի մնացած գոտիներում բնակարանների գնման վարկերի նկատմամբ: Այդպիսով, առաջիկա 3 տարում նոր կառուցապատումները կուղղորդվեն Երևանի չորրորդ և ավելի բարձր գոտիներ և Երևանից դուրս, իսկ 2025 թվականից, առանց ժամկետային սահմանափակումների՝ դեպի Երևանից դուրս գտնվող քաղաքային և գյուղական բնակավայրեր, քանի որ այս ծրագրի շահառուներ կարող են լինել նաև անհատական բնակելի տներ կառուցողները: «Ուզում եմ ընդգծեմ, որ նշվածը վերաբերում է բացառապես Երևան քաղաքի վարչական տարածքում գույքի ձեռքբերմանը կամ կառուցմանը: Նախագծի հիմնական նպատակը քաղաքաշինական ու կառուցապատման առումով տարածքների համաչափ զարգացմանը նպաստելն է, բնակարանաշինությունը դեպի մարզեր ուղղորդելն է»,-ասաց Արման Պողոսյանը: Զուգահեռաբար, որպեսզի սկսված քաղաքաշինական ծրագրերի համար չլինի անկանխատեսելի հարկային միջավայր, նախագծով առաջարկվում է կարգավորել անցումային հարաբերությունները:  Եթե շինարարության թույլտվությունը ստացվել է մինչև 2022  թվականի հունվարի 1-ը, ապա դրա շրջանակում կառուցվող բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ վերը նշված սահմանափակումներն առհասարակ կիրառելի չեն լինի: Նախագծի ընդունումը չի նշանակում, որ պետք է դադարեցվի եկամտային հարկի վերադարձն այն անձանց, որոնք համակարգի կիրառության շահառու են դարձել մինչև սույն օրենքի ընդունումը կամ մինչև սույն օրենքով սահմանվող վերջնաժամկետները։ Այս շրջանակի անձինք շարունակելու են սահմանված կարգով հետ ստանալ եկամտային հարկի գումարները։ Արման Պողոսյանը նշեց, որ ծրագիրը մեծ պահանջարկ ունի, շահառուների թիվը տարեցտարի ավելանում է. եթե 2015-2017թթ. ծրագրի նոր շահառու է եղել տարեկան մոտ 800 մարդ, ապա 2018-2019թթ. շահառուների տարեկան քանակն աճել է և կազմել մոտ 2000 մարդ, իսկ 2020թ. նոր շահառուները եղել են 5200:
16:06 - 29 սեպտեմբերի, 2021
Պետբյուջեի եկամուտներն առաջին կիսամյակի տվյալներով աճել են 74.2 մլրդ դրամով |armenpress.am|

Պետբյուջեի եկամուտներն առաջին կիսամյակի տվյալներով աճել են 74.2 մլրդ դրամով |armenpress.am|

armenpress.am: 2021 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 790 մլրդ դրամ, ինչը 10.3 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ: Այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ 2021թ. պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկմանը: «Եթե սկզբնական շրջանում նախատեսում էր, որ կիսամյակում պետք է ունենայինք 698 մլրդ դրամի չափով եկամուտներ, ապա դրանք փաստացի կազմել են 790 մլրդ դրամ՝ չնայած ճշգրտված ծրագրով անգամ 740 էր կանխատեսվում, շեղումը 52 մլրդ դրամ է եղել՝ ճշգրտված ծրագրի նկատմամբ, և կատարողականը՝ 107.2 տոկոս: Նախորդ տարվա նկատմամբ եկամուտներն ավելի են եղել 10.3 տոկոսով կամ 74.2 մլրդ դրամի չափով»,- ասաց Խաչատրյանը: Ծախսերը 877 մլրդ դրամ սկզբնապես պլանավորված մակարդակի փոխարեն ճշգրտվել և կազմել էին 1 տրլն դրամ, փաստացի կատարվել են 866 մլրդ դրամի չափով ծախսեր, կատարողականը՝ 86.6 տոկոս: «Այնուամենայնիվ, սա նախորդ տարվա 6-ամսյա ժամանակահատվածի համեմատ 13.2 տոկոսով ավելի է»,-ասաց նախարարը: Դեֆիցիտը եղել է ավելի զուսպ, քան ի սկզբանե պլանավորված էր: «Մենք տարեսկզբից կանխատեսել էինք, որ կիսամյակային դեֆիցիտը պետք է կազմի 179 մլրդ դրամ, ճշգրտված ծրագիրը նախատեսում էր, որ այն պետք է լինի 262, փաստացի կազմել է 75.5»,- ասաց Խաչատրյանը: Նախարարը դա կապեց հարկերի ավելի հավաքագրման հետ, ինչպես նաև համարեց հետևանք նրա, որ որոշ ուղղություններով ծախսերը կատարված են եղել ավելի քիչ, քան ի սկզբանե պլանավորված էին:
14:03 - 27 սեպտեմբերի, 2021