Հունաստան

Տարածությունը՝ 131 957 կմ² Բնակչությունը՝ 10 772 967 Մայրաքաղաքը՝ Աթենք (հուն.՝ Αθήνα) Ազգային արժույթը՝ Եվրո (Euro), նախկինում՝ հունական դրամ Մեծ քաղաքներ՝ Աթենք, Սալոնիկ. Պատրա Ժամային գոտի՝ (UTC+2) ամռանը (UTC+3) Ազգային դոմեյնային զոնա՝ .gr Հեռախոսային կոդը՝+30։

Հունաստանի վարչապետը ոչ իրատեսական է համարում Ռուսաստանից բնական գազի ներկրման՝ ԵՄ-ի հնարավոր արգելքը

Հունաստանի վարչապետը ոչ իրատեսական է համարում Ռուսաստանից բնական գազի ներկրման՝ ԵՄ-ի հնարավոր արգելքը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ոչ իրատեսական է համարում Ռուսաստանից բնական գազի ներկրման՝  ԵՄ-ի հնարավոր արգելքը։ Այս մասին նա հայտարարել է Bloomberg-ին տված հարցազրույցում, ինչպես փոխանցում է հունական կառավարության մամուլի ծառայությունը։ Ի պատասխան հարցի՝ ցանկանո՞ւմ է արդյոք Հունաստանը ՌԴ-ից էներգառեսուրսների ներկրման արգելքը, Միցոտակիսն ասել է․ «Չեմ կարծում, թե ՌԴ-ից գազի ներկրման անհապաղ արգելքն իրատեսական առաջարկ է այս պահին»։ Կառավարության ղեկավարը գաղափար չունի՝ Ռուսաստանն ինքը կցանկանա՞ դադարեցնել էներգակիրների մատակարարումը ԵՄ․ «Չգիտեմ։ Եթե դա այդպես է, իհարկե, մենք դրան պետք է պատրաստ լինենք։ Օրինակ, Հունաստանը ներկրում է 2 մլրդ կուբամետրից քիչ ավելի ռուսական գազ։ Արտակարգ իրավիճակների դեպքում մենք ունենք պլաններ։ Մենք հեղուկ բնական գազի սարքավորումներ ունենք (ընդունելու եւ պահելու)։ Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած անսպասելիության։ Բայց դուք ինձ հարցրիք՝ հավատո՞ւմ եմ ես, որ մենք՝ Եվրոպան, միակողմանիորեն կարող ենք հրաժարվել ռուսական գազից։ Եւ իմ պատասխանն այսպիսին է․ դա ոչ իրատեսական առաջարկ է»։
22:06 - 09 մարտի, 2022
Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հայ-հունական տնտեսական կապերն ակտիվացնելու ուղղությամբ. Տիգրան Մկրտչյան

Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հայ-հունական տնտեսական կապերն ակտիվացնելու ուղղությամբ. Տիգրան Մկրտչյան

Փետրվարի 22-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի զարգացման և ներդրումների նախարար Ադոնիս Գեորգիադիսի հետ։   Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերություններն ակտիվացնելուն ուղղված քայլերը։ Հայաստանի դեսպանը նշել է, որ երկկողմ քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել տնտեսական կապերն ակտիվացնելու, համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։   Ադոնիս Գեորգիադիսն իր հերթին նշել է, որ հույն և հայ ժողովուրդները բնական դաշնակիցներ են և պետք է ամուր կապեր ունենան բոլոր ոլորտներում։ Նախարարը բարձր է գնահատել հունահայ համայնքի դերակատարությունը հայ-հունական հարաբերություններում։   Երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում աշխատանք տանել  տնտեսական շփումները խթանող ուղղությունները ուրվագծելու ուղղությամբ։ Քննարկվել են նաև երկկողմ այցելություններ կազմակերպելու հնարավորությունները։
19:57 - 22 փետրվարի, 2022
ՀՀ դեսպանը և Հունաստանի ՆԳ նախարարը քննարկել են հանրային կառավարման և վարչական բարեփոխումների ոլորտներում համագործակցության հնարավորությունները

ՀՀ դեսպանը և Հունաստանի ՆԳ նախարարը քննարկել են հանրային կառավարման և վարչական բարեփոխումների ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հունաստանի ներքին գործերի նախարար Մակիս Որիդիսի հետ:   Կողմերը քննարկել են հանրային կառավարման և վարչական բարեփոխումների ոլորտներում երկկողմ համագործակցության հնարավորությունները։   Հույն պաշտոնյան նշել է, որ Հունաստանը մեծ փորձ ունի այս ոլորտներում և պատրաստ է դրանով կիսվել Հայաստանի հետ։ Նախարարը հակիրճ ներկայացրել է Հունաստանի ներքին գործերի նախարարության կառուցվածքն ու գործունեությունը:   Դեսպան Տիգրան Մկրտչյանն իր հերթին նշել է, որ Հայաստանն այս ուղղությամբ վերջին տարիներին հստակ քայլեր է ձեռնարկել, և բարեկամ երկրների աջակցությունը և փորձի փոխանակումը էլ ավելի կնպաստի Հայաստանում արդյունավետ կառավարման կայացմանը։   Երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել այս ուղղությամբ հայ-հունական համագործակցության կոնկրետ քայլեր նախաձեռնել։  
14:40 - 22 փետրվարի, 2022
«Հայ-հունական հարաբերությունների առումով միայն դրական դինամիկա պետք է ակնկալել». հանդիպել են ՀՀ դեսպանն ու Հունաստանի ԱԳ նախարարը

«Հայ-հունական հարաբերությունների առումով միայն դրական դինամիկա պետք է ակնկալել». հանդիպել են ՀՀ դեսպանն ու Հունաստանի ԱԳ նախարարը

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը փետրվարի 17-ին հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը: Հունաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է դեսպանին իր առաքելությունը մեկնարկելու կապակցությամբ` մաղթելով հաջողություններ։ Նիկոս Դենդիասն ասել է, որ հայ-հունական հարաբերությունները ավանդականորեն ամուր հիմքերի վրա են և միայն դրական դինամիկա պետք է ակնկալել այդ առումով։ Դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է իր առաքելության հիմնական ուղղությունները։ Դեսպանը նշել է, որ առկա քաղաքական ակտիվ երկխոսությանը, ռազմական համագործակցությանը զուգահեռ լայն հնարավորություններ կան խորացնելու երկկողմ տնտեսական կապերը, գիտակրթական և մշակութային շփումները, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտությունը։ Դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումների շուրջ Հայաստանի դիրքորոշումները։
20:28 - 17 փետրվարի, 2022
Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել Ֆրանսիայից Rafale կործանիչների գնմանը |armenpress.am|

Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել Ֆրանսիայից Rafale կործանիչների գնմանը |armenpress.am|

armenpress.am: Հունաստանի խորհրդարանը քվեարկել է «Երկրի պաշտպանության ամրապնդման մասին» օրինագծին, որը հավանություն է տալիս Ֆրանսիայից վեց Rafale կործանիչների, երեք Belharra ֆրեգատի, ինչպես նաեւ սուզանավերի համար տորպեդների ձեռքբերմանը: Այդ մասին հաղորդել է ԱՄՆԱ նորությունների գործակալությունը: Պատգամավորների ճնշող մեծամասնությունը պաշտպանել է օրինագիծը: Բացի կառավարող «Նոր դեմոկրատիա»-ից, օրինագծի հայեցակարգի օգտին քվեարկել են «Հանուն փոփոխության շարժումը» (ԿԻՆԱԼ) եւ «Հունաստանի որոշումը» կուսակցությունը: ՍԻՐԻԶԱ-Առաջադեմ դաշինք խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունը ձեռնպահ է մնացել: Հունաստանի կոմունիստական կուսակցությունը եւ ՄԵՐԱ25 կուսակցությունը դեմ են քվեարկել: Օրինագծի քննարկումը տեւել է 13 ժամ: Ինչպես քննարկումների ընթացքում հայտարարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, կործանիչները Հունաստանը կստանա մինչեւ 2024 թվականի վերջը, իսկ առաջին ֆրեգատը՝ 2025 թվականին: Դրանից առաջ Հունաստանը համաձայնագիր էր ստորագրել Rafale 18 կործանիչներ գնելու մասին, առաջին վեց ինքնաթիռներն արդեն ժամանել են Հունաստան: Օրինագծի համաձայն, երեք ֆրեգատ գնելու ծախսը կկազմի 3,237 միլիարդ եվրո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
12:09 - 16 փետրվարի, 2022
Հունաստանի ԱԳ փոխնախարարը կարևորել է հունահայ կառույցների դերը հայ-հունական հարաբերություններում

Հունաստանի ԱԳ փոխնախարարը կարևորել է հունահայ կառույցների դերը հայ-հունական հարաբերություններում

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի սփյուռքի հարցերով ԱԳ փոխնախարար Անդրեաս Կացանիոտիսի հետ։ Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են արտասահմանում երկու համայնքային կառույցների համագործակցության թեմաներ։ Դեսպան Մկրտչյանն ընդգծել է, որ հունական եւ հայկական համայնքային կառույցների միջեւ փոխվստահելի եւ ամուր ձեւավորված համագործակցություն կա, ինչը հաճախ թույլ է տալիս բազմաթիվ հարցերի շուրջ միասնական հանդես գալ։ Հունաստանի ԱԳ փոխնախարարը մեծապես կարեւորել է իր երկրում գործող հունահայ կառույցների դերը հայ-հունական հարաբերություններում։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է հունահայ համայնքային կառույցների հետ ձեռնարկվելիք մի շարք ծրագրեր։ Երկուստեք կարեւորվել է մի շարք նախաձեռնությունների համատեղ իրականացման գաղափարը։ Անդրադարձ է կատարվել համապատասխան ոլորտը կարգավորող գերատեսչությունների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների վերսկսմանը։
22:46 - 14 փետրվարի, 2022
Հունաստանում Հայաստանի և Էստոնիայի դեսպանները զրուցել են երկկողմ համագործակցության շուրջ

Հունաստանում Հայաստանի և Էստոնիայի դեսպանները զրուցել են երկկողմ համագործակցության շուրջ

Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանն այցելել է նույն երկրում Էստոնիայի դեսպանություն, որտեղ նրան ողջունել եւ ընդունել է դեսպան Կարին Ռաննուն, տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքի էջը։ «Երկու դեսպանները ջերմ զրուցել են հայ-էստոնական հարաբերությունների, երկկողմ եւ բազմակողմ սխեմաներում փոխադարձ աջակցության մասին»,- հայտնում է Աթենքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցւչությունը: Նշվում է, որ 2016-2021 թվականներին Տիգրան Մկրտչյանը Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանն էր: Այդ ընթացքում հայ–էստոնական երկկողմ քաղաքական հարաբերությունները խորացել են, խորհրդարանական դիվանագիտությունն ակտիվ է եղել, Էստոնիայում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել, իսկ մշակութային փոխգործակցությունը եղել է շարունակական։
18:21 - 13 փետրվարի, 2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ

Փետրվարի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։ Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են հայ-հունական հարաբերությունների հարուստ օրակարգին: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության դինամիկայի կապակցությամբ: Ընդգծվել է փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերի կարևորությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման գործընթացի հետ կապված ընթացիկ զարգացումները:
16:57 - 11 փետրվարի, 2022
ՍԾՏՀ-ի նախկին գլխավոր քարտուղարն ահազանգում է Արցախից գրավված տարածքներում Բաքվի մշակութային ֆաշիզմի մասին

ՍԾՏՀ-ի նախկին գլխավոր քարտուղարն ահազանգում է Արցախից գրավված տարածքներում Բաքվի մշակութային ֆաշիզմի մասին

Արցախում հայկական մշակութային ժառանգության դեմ սպառնալիքների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան, Սևծովյան տնտեսական համագործակցությունում (ՍԾՏՀ) նախկին գլխավոր քարտուղար Լեոնիդաս Խրիզանթոպուլոսը՝ նշելով, որ Արցախից գրավված տարածքներում գտնվող հայկական տաճարներում՝ հայկական ներկայության ոչնչացման նպատակով Ադրբեջանի կողմից աշխատանքային խմբի ստեղծումը հանդիսանում է մշակութային ֆաշիզմ։ Հայտարարության հայերեն թարգմանությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։ Լեոնիդաս Խրիզանթոպուլոսը հայտարարության մեջ նշել է. «Բաքվի կողմից վերջին պատերազմի արդյունքում Արցախից գրավված տարածքներում գտնվող հայկական տաճարներում՝ հայկական ներկայության ոչնչացման նպատակով Ադրբեջանի կողմից աշխատանքային խմբի ստեղծումը հանդիսանում է մշակութային ֆաշիզմ: Քրիստոնեական տաճարների Կովկասի ալբանացիներին պատկանելու պատրվակով այդ խումբը պետք է որոշի, որ տաճարներից պետք է վերացվի հայկական ներկայությունը: Կովկասի Ալբանական եկեղեցին եղել է ինքնավար եկեղեցի: Այն ստեղծվել է կարճ ժամանակով հինգերորդ դարում և 705 թ-ին ենթարկվել հայկական առաքելական եկեղեցուն: Ալբանական այբուբենը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից, ով ստեղծել է հայկական այբուբենը 405 թվականին և միառժամանակ հետո ստեղծել ալբանականը: Հետևաբար անհնարին է, որ Հայկական եկեղեցին իր իսկ օգտին համար օգտագործեր ալբանական տաճարները: Բաքվի նպատակն է իրականացնել մշակութային ցեղասպանություն, և դրա համար նա պետք է դատապարտվի»։
11:32 - 06 փետրվարի, 2022
Դեսպան Մկրտչյանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

Դեսպան Մկրտչյանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

Հունվարի 19-ին Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը նախագահ Կատերինա Սակելարոպուլուին հանձնել է իր հավատարմագրերը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։  Պաշտոնական արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում Հունաստանի նախագահը շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ նա իր ջանքերը կներդնի երկկողմ հարաբերությունների առավել զարգացման գործում: Կատերինա Սակելարոպուլուն հաջողություններ է մաղթել դեսպան Մկրտչյանին Հունաստանում դիվանագիտական առաքելության իրականացման գործում և արտահայտել իր աջակցությունն այդ առաքելությանը: Ընդգծելով Հայաստանի ու Հունաստանի ավանդական բարեկամական հարաբերություններն ու պատմականորեն ձևավորված սերտ կապերը՝ դեսպան Մկրտչյանը նշել է, որ երկու երկրները համագործակցությունն առավել խորացնելու մեծ ներուժ ունեն և վստահեցրել է, որ նրա գործունեության արդյունքում հայ-հունական համագործակցության օրակարգն ավելի կընդլայնվի` նպաստելով երկու եղբայրական ժողովուրդների և երկրների հարաբերությունների առավել ամրապնդմանը: Դեսպանն ընդգծել է, որ հայ-հունական հարաբերությունները հիմնվում են ընդհանուր արժեքների, սկզբունքների և արյունակցական կապերի վրա, որոնք վեր են բոլոր տեսակի այլ շփումներից։ Միաժամանակ դեսպանը նշել է, որ իր գործունեության առանցքում լինելու են ոչ միայն քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացումը, այլ նաև՝ մշակութային և գիտակրթական ոլորտներում առկա մեծ ներուժի կիրառումը։ 
21:29 - 19 հունվարի, 2022
Ադրբեջանի պաշտոնյաները քայլ չեն ձեռնարկում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը դադարեցնելու համար. Հունաստանում ՀՀ դեսպանություն

 |armenpress.am|

Ադրբեջանի պաշտոնյաները քայլ չեն ձեռնարկում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը դադարեցնելու համար. Հունաստանում ՀՀ դեսպանություն |armenpress.am|

armenpress.am:  Ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի որոշումների, Ադրբեջանի պաշտոնյաները շարունակում են թիրախավորված ռասայական ատելության տարածումը և որևէ քայլ չեն ձեռնարկում դադարեցնելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։ Այս մասին ասվում է  Հունաստանում ՀՀ դեսպանության հայտարարության մեջ: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ. «Արցախը մշտապես հպարտացել է իր տարածքում գտնվող կրոնական և մշակութային հուշարձաններով` համարելով դրանք իր պատմամշակութային ժառանգության մասը: Արցախցիները հոգատար են նաև ռուսական կրոնական և մշակութային ժառանգության` հուշարձանների պահպանման գործում: Հատկանշական է, որ Արցախի Հանրապետության պետական բյուջեով յուրաքանչուր տարի պատմամշակութային հուշարձանների պահպանման և վերականգնման նպատակով նախատեսված են ծախսեր, քանի որ պատմամշակութային հուշարձանների պահպանության, ուսումնասիրման ու օգտագործման բնագավառը Արցախի Հանրապետության պատմության և մշակույթի կարևորագույն և առանձնահատուկ ոլորտներից է: Ռուսական Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Գևորգավան տեղամասում: Եկեղեցին կառուցվել է ավելի քան 100 տարի առաջ’ Ռուսաստանից ներգաղթյալների կողմից: Այն կրաքարից է, արտաքուստ դեղնավուն: Ունի երկու մուտք, որոնք բացվում են արևմտյան և հյուսիսային կողմերից: Պատուհանների թիվը երկու տասնյակից ավելի է: Եկեղեցու ծխականները եղել են ռուս վերաբնակիչները: 1989 թվականին մեկնարկեցին եկեղեցու վերականգնողական աշխատանքները, որոնք ընդհատվեցին՝ պայմանավորված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայով, որի ժամանակ եկեղեցին կրկին կրել է մեծ վնասներ։ Մինչև 2020 թվականի պատերազմի մեկնարկն Արցախի Հանրապետության կառավարությունը մշակում էր եկեղեցու վերականգնման նախագիծ և հովանավոր էր փնտրում՝ վերականգնողական աշխատանքները սկսելու համար։ Այսպիսով, ոմն Անաստասիա Լավրինայի ու Հունաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից հունարեն թարգմանությամբ` Արցախի Հանրապետության տարածքում գտնվող ռուսական ուղղափառ կրոնական ժառանգության նկատմամաբ հայկական կողմի իբր «ոտնձգությունների» մասին տարածվող քարոզչական նյութը հանդիսանում է հերթական սադրիչ, անհիմն և կեղծ ապատեղեկատվությունը․ այն նպատակ ունի հայերի նկատմամբ ատելություն տարածելով փորձել խարխլել և սեպ խրել Հայաստանի ու իր բարեկամների միջև հարաբերություններում: Մշակութային հուշարձանները դիտավորյալ ոչնչացնող երկիրը փորձում է անհիմն մեղադրանքներով քողարկել իր իսկ կողմից իրականացված բազմաթիվ վանդալիզմի դեպքերը։ Այս կապակցությամբ հարկ է նշել, որ դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ հրապարակեց որոշումներ: Ի թիվս այլ միջոցների, դատարանը ՊԱՐՏԱՎՈՐԵՑՐԵԼ է Ադրբեջանին նախ՝ «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ազգությամբ և էթնիկ հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, ներառյալ՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից»։ Մյուս կողմից՝ դատարանը պարտավորեցնում է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»: Ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի որոշումների, Ադրբեջանի պաշտոնյաները շարունակում են թիրախավորված ռասայական ատելության տարածումը և որևէ քայլ չեն ձեռնարկում դադարեցնելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։
22:19 - 22 դեկտեմբերի, 2021