Երևանի ավագանի

Երևանի ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն ներկայացուցչական մարմին, որը վերահսկողություն է իրականացնում Երևանի քաղաքապետի գործունեության և իր կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավագանին ընտրվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և կազմված է 65 անդամից։ Ավագանին ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետն սկսվում է առաջին նիստի գումարման պահից:

Ավագանու մարմիններն են՝

  • Երևանի քաղաքապետը
  • Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը
  • Ավագանու անդամները
  • Ավագանու խմբակցությունները
  • Մշտական հանձնաժողովները
Երևանի տրանսպորտային ցանցի համար ավտոբուսների արտադրության մրցույթը կմեկնարկի դեկտեմբերին |armenpress.am|

Երևանի տրանսպորտային ցանցի համար ավտոբուսների արտադրության մրցույթը կմեկնարկի դեկտեմբերին |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի տրանսպորտային ցանցի համար ավտոբուսների արտադրության մրցույթը մեկնարկելու է 2020 թվականի դեկտեմբերին: Այս մասին ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: «Առաջին մրցույթին մասնակցել էր երկու կազմակերպություն, սակայն այն չեղարկվել էր, քանի որ դրանցից մեկի տեխնիկական բնութագրերը չէին համապատասխանել, իսկ մյուսը կարևոր փաստաթղթեր չէր ներկայացրել: Կարծում եմ, որ երկրորդ մրցույթը կհայտարարվի մինչև դեկտեմբերի 10-ը, և այն կլինի երկու փաթեթով»,- նշեց Սարգսյանը և հավելեց, որ այս ընթացքում Երևանի քաղաքապետի հետ աշխատել են 7.5-8.5 մ երկարությամբ ավտոբուսներ ձեռք բերելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ որոշ խնդիրներ լուծելուց հետո նույնպես կհայտարարվի մրցույթ, որպեսզի համալրվի Երևանի ավտոբուսների կայանը:
16:10 - 24 նոյեմբերի, 2020
Դեռ մայիս ամսին կայացրել էի մանդատս վայր դնելու որոշում․ հեղափոխության սկզբունքների ու օրակարգի իրագործման հետ կապված խնդիրներ էի տեսնում․ Իզաբելլա Աբգարյան

Դեռ մայիս ամսին կայացրել էի մանդատս վայր դնելու որոշում․ հեղափոխության սկզբունքների ու օրակարգի իրագործման հետ կապված խնդիրներ էի տեսնում․ Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու նախկին անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի որ շատերը նոր են իմացել իմ՝ խմբակցությունից դուրս գալու փաստը, թեպետ գրել էի այդ մասին (երկար տեքստեր կարդալ չեք սիրում), տեղեկացնեմ, որ դեռ մայիս ամսին կայացրել էի մանդատս վայր դնելու որոշում: Այդ մասին տեղյակ էր թե՜ իմ թիմը, թե քաղաքապետին էի ասել, որ խնդիրներ ունեմ: Սակայն սպասում էի, որ վաղուց արված առաջարկիս քննարկմանը ներկա լինեմ, որն էլ պիտի տեղի ունենար հոկտեմբերին: Իմ խնդիրները կապված չէին ոչ քաղաքապետի, ոչ էլ իմ խմբակցության հետ: Շատ ավելի խորն էին: Չէի կարծում, որ ճիշտ է, մնալով թիմում, պարբերաբար քննադատել, էլ ավելի բարդ էր լռել:Հեղափոխության սկզբունքներին և օրականգին հավատարիմ եմ եղել, այդ սկզբունքների ու օրակարգի իրագործման հետ կապված խնդիրներ էի տեսնում:Պատերազմից հետո էլ լռություն պահելը կնշանակեր թաքնվել: Երբեք չեմ թաքնվել, երբեք չեմ իջել ջրի հատակը մինչև անցնի վտանգը ու դուք դա բազմիցս տեսել եք, երբ հանրության դժգոհության ալիք առաջացրած հարցերի շուրջ առաջինը ես եմ փորձել բացատրել, տեղեկացնել, երկխոսության դաշտ բերել: Պատերազմը ինձ ստիպեց ոչ թե գնալու, այլ մնալու որոշում ընդունել: Ծանր օրերին Երևանը թողնել չէի կարող»:
16:03 - 24 նոյեմբերի, 2020
Պարտվել էինք այն ժամանակ, երբ, օրինակ՝ ապաստարանները դարձան ուտելու և փող աշխատելու վայրեր. Երևանի ավագանու անդամ |1lurer.am|

Պարտվել էինք այն ժամանակ, երբ, օրինակ՝ ապաստարանները դարձան ուտելու և փող աշխատելու վայրեր. Երևանի ավագանու անդամ |1lurer.am|

1lurer.am: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը նիստի մտքերի փոխանակման ժամին անդրադարձավ Երևանում ապաստարանների ու թաքստոցների խնդրին: «Կներե՛ք, տղե՛րք, մենք պարտվեցինք այս անգամ: Սակայն պարտվել էինք դեռ այն ժամանակ, երբ, օրինակ՝ ապաստարանները դարձան շատ ուտելու և շատ փող աշխատելու վայրեր: Երբ այդ ապաստարանները սեփականաշնորհվեցին չգիտես ինչպես ու չգիտես՝ ում թեթև ձեռքով ու մտքով որոշվեցին, որ դրանք այլևս մեզ պետք չեն գա»,- նշեց ավագանու անդամը: Անտոնյանը նշեց, որ մենք շարունակում ենք պարտվել, քանի որ այդ մարդիկ իրենց բաժին պատասխանատվությունը չեն կրել մինչ օրս: «Մենք պարտվել ենք դեռ այն ժամանակ, երբ տարիներ շարունակ Երևանի քաղաքապետարանից ներկայացվում էին փաստաթղթեր, իբրև թե երևանցիների 90 տոկոսը ապահովված է թաքստոցներով և ցանկացած ռմբակոծության դեպքում երևանցիները պաշտպանված են ռմբակոծությունից»,- նշեց ավագանու անդամը՝ լրագրողներին խնդրելով տարբեր վարչական շրջաններում շրջել ու մարդկանցից տեղեկանալ, թե քաղաքացիները ինչ պետք է անեն տագնապի դեպքում և որտեղ պետք է թաքնվեն: Ավագանու անդամը խնդրեց առավել մեծ ուշադրություն դարձնել մետրոյի կայարաններին և գետնանցումներին, մուտքերն ու ելքերն ամբողջությամբ ազատել ավելորդություններից:
14:02 - 24 նոյեմբերի, 2020
Երեւանում ծառերի էտումից առաջացած փայտանյութը անվճար կտրամադրվի անապահով ընտանիքներին․ ավագանին հաստատեց |armtimes.com|

Երեւանում ծառերի էտումից առաջացած փայտանյութը անվճար կտրամադրվի անապահով ընտանիքներին․ ավագանին հաստատեց |armtimes.com|

armtimes.com: Համայնքային սեփականություն հանդիսացող ծառերի էտումից եւ չորացած ծառերի հեռացումից առաջացած փայտանյութը, որպես ձմեռային վառելափայտ, անվճար կհատկացվի սոցիալապես անապահով ընտանիքներին։ Անապահով ընտանիքներին փայտանյութի տրամադրման կարգը կհստակեցվի առաջիկա 10 օրերի ընթացքում, իսկ էտման գործընթացը կտեւի մինչեւ տարվա վերջ։ Սույն որոշման նախագծի մանրամասները Երեւանի ավագանու այսօրվա նիստին զեկուցեց Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գեւորգ Նազարյանը։Ավագանու որոշման այս նախագծով նախատեսված է սոցիալապես անապահով այդ ընտանիքների ցանկը, նրանց ընտրության չափորոշիչները, հատկացվելիք փայտանյութի չափաքանակը եւ հատկացման կարգը կսահմանվի Երեւանի քաղաքապետի որոշմամբ: Հիշեցնենք՝ համաձայն Երեւանի վարչական շրջանների ղեկավարների կողմից ստացված գրությունների՝ Երեւան քաղաքում բնակվող սոցիալապես անապահով բազմաթիվ ընտանիքներ դիմել էին վարչական շրջանների ղեկավարներին հնարավորության դեպքում նրանց անվճար ձմեռվա վառելափայտ տրամադրելու խնդրանքով: Մայրաքաղաքում ծառերի էտման եւ չորացած ծառերի հեռացման արդյունքում ներկայումս կուտակվել է շուրջ 500 խմ փայտանյութ: Նախագծով առաջարկվում է կուտակված փայտանյութը օգնության կարգով անվճար տրամադրել սոցիալապես անապահով ընտանիքներին՝ հնարավորինս մեղմելու սոցիալական խնդիրները: Ավագանու որոշման նախագծում նաեւ նշվում է, որ Երեւան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Երեւան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու եւ օտարման 2020 թվականի ծրագրի վերաբերյալ» N178-Ն որոշմամբ ներառված չէ չորացած ծառերի հատումից եւ սանիտարական էտումներից գոյացած փայտի տնօրինման հարաբերությունների կարգավորումը: Մինչդեռ, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 202 հոդվածի 3-րդ կետի, համայնքային հողամասերի վրա գտնվող ծառերը համայնքային գույք են: Իսկ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետին համապատասխան՝ Երեւանի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու եւ օտարման տարեկան ծրագրի վերաբերյալ որոշումն ընդունվում է Երեւանի ավագանու կողմից: 
13:51 - 24 նոյեմբերի, 2020
Դավիթ Խաժակյանը նախագիծ կներկայացնի՝ ավագանուն առաջարկելով պահանջել վարչապետի հրաժարականը |tert.am|

Դավիթ Խաժակյանը նախագիծ կներկայացնի՝ ավագանուն առաջարկելով պահանջել վարչապետի հրաժարականը |tert.am|

tert.am: Ես կարծում եմ, որ մենք գործ ունենք որոշակի քաղաքական պատասխանատվության հետ` ոչ միայն «Իմ քայլը» դաշինքի մասով, այլ նաև մեր մասով: Այս մասին Երևանի ավագանու հերթական նիստին ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: «Մենք՝ որպես Երևանի ավագանու անդամներ, պետք է դիրքորոշում արտահայտենք երկրում տեղի ունեցող իրավիճակներին, դիրքորոշում արտահայտենք այն իշխանությանը, վարչապետին, որը երկիրը, կարելի է ասել, վթարի ենթարկեց, և յուրաքանչյուրս մեր մասով կրենք մեր բաժին պատասխանատվությունը, դրա համար մենք ունենք իրավական մեխանիզմներ, իսկ դրա համար ֆեյսբուքյան պատերը բավարար չեն»,-ասաց նա: Դավիթ Խաժակյանը ներկայացրեց համապատասխան դրույթը, որով ավագանին կարող է ընդունել ուղերձներ, հայտարարություններ: Նա ասաց, որ կոլապսի ենթարկված պետական ապարատը և դրա ղեկավար վարչապետն իրենց անգործունակության պայմաններում խնդիրները չեն կարող լուծել: Այսպիսով` նա նշեց, որ ուղերձի նախագիծ են ներկայացնելու: «Եթե որոշում ընդունվի, ապա Երևանի ավագանին դիմելու է կառավարությանը, վարչապետին և ասի, որ կապիտուլյանտ վարչապետը, որը, 2,5 տարի սև ու սպիտակի բաժանելով, անարդյունավետ, ձախողակ, տգետ կառավարում ցուցաբերելով, պետք է հրաժարական տա»,-ասաց նա:
12:28 - 24 նոյեմբերի, 2020
Երևանի ավագանու նիստի ժամանակ առաջին անգամ տեղի տեղի ունեցավ «Մտքերի փոխանակում» ձևաչափով քննարկում |armenpress.am|

Երևանի ավագանու նիստի ժամանակ առաջին անգամ տեղի տեղի ունեցավ «Մտքերի փոխանակում» ձևաչափով քննարկում |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանու 5-րդ նստրջանի 2-րդ նիստին առաջին անգամ տեղի ունեցավ «Մտքերի փոխանակում» ձևաչափով քննարկում։ Նիստին ներկա ավագանու 36 անդամներն էլ միաձայն «կողմ» քվերակեցին, որպեսզի հաջորդ նիստին, որը տեղի կունենա ընթացիկ տարվա նոյեմբերի 24-ին, օրակարգը սպառելուց հետո լինի հարց ու պատասխան: «Իմ քայլը» խմբակցությունից ավագանու անդամ Սիփան Ասատրյանը խոսելով ռազմական դրության, պատերազմական իրավիճակի մասին՝ նշեց, որ այս պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձինք կավելանան, որոնց տեղաշարժը պետք է մատչելի դարձնել: «Որպես Հայաստանի ամենախոշոտ համայնք, մենք ապագայում կբախվենք այդ խնդրին: Կուզենայի, որպեսզի ավելի ուշադիր լինեինք մեր ենթակառուցվածքներն ավելի մատչելի ու հարմարավետ դարձնելուն: Հաշմանդամություն ունեցող անձանց համար հատկապես հարմարավետ պետք է դարձնել տրանսպորտային միջոցները»,- նշեց Ասատրյանը: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը համաձայնեց ավագանու անդամի հետ ու հայտնեց, որ մինչ պատերազմն էլ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել են: «Կարող եմ օրինակ բերել, ասենք, վերելակները, որոնք տեղադրվում են բազմաբնակարան շենքերում… Իմ կողմից խստագույն պահանջ է եղել, որպեսզի դրանք համապատասխանեն բոլոր միջազգային չափորոշիչներին, և հաշմանդամություն ունեցող անձանց մուտք ու ելքերը լինեն հարմարավետ: Ձեռք բերված 100 մինի-ավտոբուսները նույնպես  համապատասխանում են նորմերին և ցածր հատակ ունեն: Մոտակա ժամանակում, երբ ձեռք բերենք 8.5-9 մ երկարությամբ 200 ավտոբուսը՝ դրանք նույնպես համապատասխանելու են բոլոր միջազգային ստանդարտներին»,- նշեց Մարությանը: Նույն խմբակցությունից ավագանու մեկ այլ անդամ՝ Լևոն Զաքարյանն էլ իր մտահոգությունը հայտնեց Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության տարածման վերաբերյալ։ «Կան տրանսպորտային միջոցների վարորդներ, որոնք դիմակ չեն կրում, և մնացած հիմնարկներում, որոնք ավելի շատ շփման մեջ են քաղաքացիների հետ, ավելի ուշադիր պետք է լինեն»,- ասաց Զաքարյանը։ Նա մյուս բնակիչներին նույնպես հորդորեց խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները: Ավագանու անդամը նկատեց, որ հիվանդանոցներում ականատես է եղել, թե ինչպես են մեկ հիվանդասենյակում հավաքվում մի քանի հոգի, ինչը շատ մեծ վտանգ է ներկայացնում: «Բժիշկներն օր ու գիշեր աշխատում են ու փորձում փրկել մեր զինվորների կյանքը: Հետևաբար, բնակիչների մյուս մասը պետք է պահպանի բոլոր կանոնները՝ բժիշկների աշխատանքն էլ ավելի չբարդացնելու համար»,- ասաց Զաքարյանը: Արձագանքելով ավագանու անդամի ելույթին՝ Մարությանը նշեց, որ արդեն իսկ հանձնարարական է տրվել, որպեսզի առնվազն համայնքապատկան կառույցների աշխատակիցները հետևեն հակահամաճարակային կանոններին:
17:13 - 20 հոկտեմբերի, 2020
Երևանի ավագանին իր երախտագիտությունն է հայտնում Ժնևի քաղաքային խորհրդին «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն կյանքի և ինքնորոշման իրավունք» բանաձևի ընդունման կապակցությամբ

Երևանի ավագանին իր երախտագիտությունն է հայտնում Ժնևի քաղաքային խորհրդին «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն կյանքի և ինքնորոշման իրավունք» բանաձևի ընդունման կապակցությամբ

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ժնևի քաղաքային խորհրդի հարգելի անդամներ,Երևանի ավագանին իր երախտագիտությունն է հայտնում Ժնևի քաղաքային խորհրդին «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն կյանքի և ինքնորոշման իրավունք» R-271 բանաձևի ընդունման կապակցությամբ։Հատկապես պատերազմական գործողությունների թեժ փուլում կարևոր ենք համարում այս հասցեական ուղերձը, որով ճանաչվում է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը որպես նրանց անվտանգության միակ երաշխիք։Ակնհայտ է, որ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների թիրախում են դարձել Արցախի խաղաղ բնակչությունը, քաղաքային ենթակառուցվածքները և պատմամշակութային հուշարձանները։Ժնևյան կոնվենցիայի համատեքստում բանաձևի շեշտադրումները հասցեական են և պետք է արժանան միջազգային հանրության գնահատականին և դրանից բխող գործողություններին։Առանձնահատուկ շնորհակալ ենք բանաձևի հեղինակներ Առնո Մորեյոնին, Աննա Բարսեղյանին, Օլիվիե Գուրթներին, Բրիջիտ Սուդերին, Ալեն դե Կալբերմատենին, Դելֆին Վյուզտին և մյուսներին այս նախաձեռնության համար։Մենք բարձր ենք գնահատում Ձեր նվիրվածությունը Հայաստանում և Արցախում խաղաղության հաստատմանը։ Հարգանքով և երախտիքով,Երևանի ավագանի»
13:43 - 10 հոկտեմբերի, 2020
Երևանի պոլիկլինիկաները նոր բուժսարքավորումներ են ստացել

Երևանի պոլիկլինիկաները նոր բուժսարքավորումներ են ստացել

Երևանի ավագանին 2020թ. բժշկական սարքավորումներ ձեռք բերելու նպատակով 200 միլիոն դրամ է հատկացրել բուժհաստատություններին: Այսօր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային այցի ընթացքում ծանոթացել է պոլիկլինիկաներում իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին։ Քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը այցի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ։ «Ես շատ եմ կարևորում առաջնային օղակի ընդհանուր ծառայությունը, սա կարևորագույն բաղադրիչ է ընդհանուր բուժական համակարգի, պետության տեսակետից: Մենք պետք է կանխարգելենք հիվանդությունները, չպետք է թույլ տանք, որ մեր քաղաքացին գնա, հասնի հիվանդանոց: Կար հանձնարարական իմ կողմից՝ պոլիկլինիկաների բժիշկների, մեր բուժվարչության միջոցով գնահատել, թե առաջնային ինչ տեխնիկական վերազինման կարիք ունենք: Եվ մենք արդեն 2019-2020 թվականներին սկսել ենք վերազինել պոլիկլինիկաները: Տեսականին բավականին մեծ է, բուժսարքավորումները շատ որակով են, ինչը փաստեցին հենց մեր բժիշկները: Արդյունքը զգացվում է, ավելի ճիշտ՝ ախտորոշումն արվում է և ավելի նպատակային»,- նշել է քաղաքապետը: Երևանի քաղաքապետարանը նախորդ տարվա ընթացքում պոլիկլինիկաներին 10 տեսակի 325 բուժսարքավորում է հատկացրել, իսկ արդեն այս տարի 11 տեսակի 134 բուժսարքավորում կհատկացվի: Գործընթացն ավարտական փուլում է: «Գտել ենք այն խոցելի կետերը, որտեղ այդ ամեն ինչի կարիքը եղել է և՛ կանանց կոնսուլտացիայի առումով, և՛ ակնաբուժական, և՛ ռենտգենը, որը մեզ մեծագույն օգնություն էր COVID-ի շրջանում՝ դիմակայելու համավարակը: Մեր նպատակն է հասնել այն կետին, որ թե՛ մասնավոր, թե՛ համայնքային հիմնարկների միջև տարբերություն չլինի բուժսարքավորումների և որակյալ ծառայությունների առումով, ինչն ավելի մատչելի է համայնքապատկան հիմնարկներում»,-ասել է փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը:   «Սա շարունակական ծրագիր է լինելու. մյուս տարվա բյուջեն կազմելիս պետք է հաշվի առնենք այս սարքավորումների առկայությունը, տեսնենք, թե որտեղ ինչ արդյունք են տվել դրանք, դրանցով համալրենք այլ պոլիկլինիկաներ, իսկ որտեղ արդեն կան՝ մտածենք, թե ինչ նոր սարքավորումներ է հարկավոր ձեռք բերել»,- ընդգծել է քաղաքապետը:     Առաջնային օղակի համար որպես առաջնային խնդիր մնում է շենքային պայմանների բարելավումը: Բժշկական սարքավորումների համալրմանը զուգահեռ՝ այս տարի արդեն ավարտվել է «Շտապբուժօգնություն» ընկերության երեք ենթակայանների վերանորոգման ծրագիրը: Առողջապահական ոլորտում համակարգային բարեփոխումներն ըստ առաջնահերթության կշարունակվեն նաև 2021թ.: Նախատեսվում է նաև 5 պոլիկլինիկայի վերանորոգում: Նախագծանախահաշվային փաթեթների մրցույթն արդեն  կայացել է:  
14:29 - 17 սեպտեմբերի, 2020