Արթուր Վանեցյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար։ 

Ծնվել է 1979թ. դեկտեմբերի 8-ին Երեւանում:

1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1999թ. ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանը անասնաբուծություն մասնագիտությամբ, 2002թ.՝ ՌԴ դաշնային անվտանգության ծառայության ակադեմիան, 2003թ.՝ Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի եւ իրավունքի ինստիտուտը: 

2000-2003թթ. աշխատել է ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի օպերլիազոր: 2003-2009թթ. աշխատել է ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության ավագ օպերլիազոր, գլխավոր վարչության պետի օգնական, բաժանմունքի պետ, 2009-2016թթ.՝ Երեւանի քաղաքային վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետ, 2016-2018թթ.՝ ՀՀ ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության պետի տեղակալ։

2018-2019թթ. եղել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը:

2018-2019թթ. եղել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: 2020 թվականից «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, «Հայրենիք» կուսակցության նախագահը:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

 

Վանեցյանն ասաց՝ մուծվում ես սիմվոլիկ գումար ինչ-որ հիմնադրամի, չես գալիս Հայաստան, կողմնակիցներդ չեն պայքարում Փաշինյանի դեմ ու քո դեմ քրեական գործերը դադարեցվում են. Միքայել Մինասյան |factor.am|

Վանեցյանն ասաց՝ մուծվում ես սիմվոլիկ գումար ինչ-որ հիմնադրամի, չես գալիս Հայաստան, կողմնակիցներդ չեն պայքարում Փաշինյանի դեմ ու քո դեմ քրեական գործերը դադարեցվում են. Միքայել Մինասյան |factor.am|

factor.am: Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը «Ստի վերջը» վերնագրված տեսանյութով մանրամասներ է ներկայացրել իր ու Արթուր Վանեցյանի հանդիպումից՝ նշելով նաև, թե որն է եղել թեման։ Ըստ Մինասյանի, Արթուր Վանեցյանն իրեն զանգահարել է 2019 թվականի փետրվարին, երբ ինքը Հռոմում է եղել, ասել է, որ ուզում է հանդիպել։ Իր հարցին՝  որն է թեման, Վանեցյանը, ըստ Մինասյանի, պատասխանել է, որ Նիկոլ Փաշինյանն ուղերձ ունի իրեն։ Նրանք հանդիպել են Հռոմի կենտրոնի սրճարանում։ Վանեցյանը ներկայացել է իբրև ԱԱԾ տնօրեն ու ասել, որ իրավասու է խոսել Նիկոլ Փաշինյանի անունից։ «Ասաց՝ մենք ունենք քեզ հետևյալ առաջարկը՝ դու մուծվում ես սիմվոլիկ գումար, կքննարկենք ուր՝ ինչ-որ հիմնադրամ կամ պետական հիմնադրամ, հստակ չձևակերպեց, որից հետո դու առաջիկա տարիներին երբեք Հայաստան չես գալիս, բոլոր այն մարդիկ, որոնք առնչվում են քեզ հետ, լսում են քո խոսքը, իրենք դադարում են պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ, դու դառնում ես ապաքաղաքական մարդ, շարունակում ես ապրել Հայաստանից դուրս, բայց մենք պայմանավորվում ենք՝ բոլոր քրեական հետապնդումները դադարեցվում են, խոսքը գնում է հորս ու ընկերներիս մասին։ Մենք միանգամից դառնում ենք իրար չճանաչող լավ բարեկամներ»,- ներկայացրեց Միքայել Մինասյանը։ Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը նաև ասում է՝ ինքը մերժել է Նիկոլ Փաշինյանին, որովհետև իրեն չէր կարող ներել ու չէր կարող ապրել լավ, երբ իր ժողովուրդը այս վիճակում է. «Ես երբեք չեմ կարող պայմանավորվել մարդկանց հետ, ում անկեղծ համարում եմ պարզապես ստախոս, անպատասխանատու, ժողովրդի դավաճան, պետության թշնամի, որովհետև ՀՀ-ում այսօրվա կատարվողը պարզապես պետական դավաճանություն է։ Ես մերժել եմ Նիկոլ Փաշինյանին՝ իմանալով այն ճանապարհը, որ ինձ սպասում է»։
22:14 - 02 մայիսի, 2020
Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները դատական հայց կներկայացնեն վարչապետի խոսնակի դեմ

Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները դատական հայց կներկայացնեն վարչապետի խոսնակի դեմ

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահԱրթուր Վանեցյանի ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանն ու Արամազդ Կիվիրյանը հաղորդագրություն են տարածել՝ նշելով, որ պատրաստվում են դատական հայց ներկայացնել վարչապետի խոսնակի դեմ: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Երեք օր առաջ, կեսգիշերին Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակը հանդես եկավ հայտարարությամբ, որում անդրադարձ կա նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, թե իբր. «ԶՊՄԿ-ում (Զանգեզուրի պղնձամոլիպդենային կոմբինատ) Մ.Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերեւույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաեւ ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»։ Վարչապետի մամուլի խոսնակը նաև հարկ է համարել հայտարարությամբ վարչապետի «ցուցումը» փոխանցել ՀՀ իրավապահ մարմիններին, թե «ՀՀ վարչապետը ակնկալում է, որ ՀՀ իրավապահ մամիններն ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ պատշաճ քննության կենթարկեն վերը նշվածը եւ Հայաստանի ժողովրդին կտան վստահելի պատասխաններ»։ Հայտարարում ենք, որ վարչապետի խոսնակի հայտարարության մեջ տեղ գտած այս տեղեկությունները որևէ աղերս չունեն իրականության հետ։ Անթույլատրելի ու զարհուրելի ենք համարում պետության ղեկավարի խոսնակի միջոցով ակնհայտ զրպարտչական տեղեկությունների տարածումը, առավել ևս ինչ-որ «պատշաճ քննություն» իրականացնելու` քաղաքական ճնշման ուղղակի տարրեր պարունակող ցուցումը։Իրավական հնարավոր ողջ գործիքակազմի օգտագործմամբ ձեռնամուխ ենք լինելու Արթուր Վանեցյանի իրավունքների պաշտպանությանը, կպատրաստվի ու դատարան կներկայացվի համապատասխան քաղաքացիական հայց։ Զրպարտություն կատարած յուրաքանչյուր ոք պետք է օրենքի շրջանակում պատասխան տա դրա համար, իսկ զրպարտության գործելաոճը պետք է վերջնականապես մերժվի Հայաստանում»:
18:13 - 01 մայիսի, 2020
Ինձ մոտ ծագել է այդ հարցը, և ես այդ հարցը տվել եմ․ Հրաչյա Հակոբյան

Ինձ մոտ ծագել է այդ հարցը, և ես այդ հարցը տվել եմ․ Հրաչյա Հակոբյան

Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ։ Պարոն Հակոբյան, Դուք հարցադրումներ եք հնչեցնում՝ նշելով, որ ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանը հնարավոր է օտարերկրյա գործակալ է, այդ ասվածը ունի՞ հիմք, և հնարավո՞ր է, որ առաջիկայում չակերտներն ավելի բացեք: Ես ոչ մի ինֆորմացիա չեմ հաղորդել, ես հարցեր եմ տվել: Իսկ հարցեր տալու հիմք չեմ կարծում, որ պետք է ունենամ: Ինձ մոտ ծագել է այդ հարցը, և ես այդ հարցը տվել եմ: Այսինքն՝ համաձայն չեմ, որ լուրջ հիմքեր պետք է ունենալ հարցեր տալու համար: Այսինքն՝ այդ հարցերը որևէ հիմք չունեի՞ն: Ինձ մոտ հարցեր են առաջացել, մտածել եմ, որ այդ հարցերը միգուցե միայն ինձ չեն հետաքրքրում, հանրությանն էլ կարող է հետաքրքրել, դրա համար բարձրաձայնել եմ: Տեսակետ կա, որ հնչեցրած լրջագույն մեղադրանքները չէին կարող ուղղակի օդից վերցրած լինեին: Հասկանում եմ, բայց ես որևէ մեկին որևէ բանում չեմ մեղադրել: Այսինքն՝ ես չեմ պնդել, որ դա էդպես է, ես հարցեր եմ բարձրացրել: Ինչպե՞ս եք գնահատում Վանեցյանի  հայտարարությունները, թե փայաբաժինների փոփոխության ողջ պատմությունը կատարվել է Նիկոլ Փաշինյանի գիտությամբ: Ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում իշխանություն-Վանեցյան փոխհրաձգությունը: Չեմ կարող ասել, Վանեցյանը մտել է քաղաքականություն կամ փորձում է մտնել քաղաքականություն և ընդդիմադիր դաշտում փորձում է  ինչ-որ տեղ զբաղեցնել, և դրա համար են այս հայտարարություններն արվում: Ինչպես գիտեք, շատերն այսօր, այդ թվում նաև իրենք,  փորձում են առիթն օգտագործելով ցեխ շպրտել, բայց հանրությունը վաղուց արդեն տվել է իր  գնահատականը թե Արթուր Վանեցյանին, թե այն բոլոր մարդկանց, խմբավորումներին, որոնք այսօր փորձում են նման հայտարարություններ անել, ծայրից ծայր սուտ, վերից վար սուտ հայտարարություններ: Ձեր հայտարարությունում նաև շատ հստակ ձևակերպումներ կային, ասենք, նշում եք՝ կարո՞ղ է պարզվի՝ Փաշինյանը պարզել է Վանեցյանի հավաքագրման պայմանները, Շվեյցարիայում գտնվող Արթուր Վանեցյանի ոչ միայն վարչապետի ու ՀՔԾ պետի հետ ունեցած հեռախոսազրույցներն են գաղտնալսվել, այլ նրա և Միքայել Միասյանի բանակցությունները: Ավելացնելու բան չունեմ, ինչ պետք է ասեի, արդեն ասել եմ: Արթուր Վանեցյանի հիմնադրամն արձագանքել է ու նշել՝ հերթական անլուրջ և անպատասխանատու հայտարարությունը մեկնաբանելու կարիք չենք տեսնում: Խնդրեմ: Ինչպես ռուսներն են ասում՝ այն, ինչ պահանջվում էր ապացուցել: Նախ ես հայտարարություն չեմ արել, հարց եմ տվել: Եթե իրենք գտնում են, որ կարիք չկա մեկնաբանելու, թող չմեկնաբանեն, շատ լավ: Ուրեմն այս հարցերը հանրության մոտ այդպես էլ կմնան անպատասխան: Շարունակությունը՝ lragir.am-ում
15:27 - 01 մայիսի, 2020
Կարո՞ղ է պարզվել, որ Վանեցյանը հեռացվել է օտարերկրա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով․ Հրաչյա Հակոբյան

Կարո՞ղ է պարզվել, որ Վանեցյանը հեռացվել է օտարերկրա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով․ Հրաչյա Հակոբյան

ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը իր կոռուպցիոն արիշվերիշներից ուշադրություն շեղելու համար իբր հարց է հնչեցնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված: Թե էդ ինչե՞ր եք բանակցում Ղարաբաղի մասով: Կարծում եմ ԱԳՆ-ն եւ վարչապետի խոսնակը սպառիչ պատասխան են տվել այդ հարցերին: Բայց քանի որ հետաքրքիր հարցերի սեզոնը բացվել է, ես էլ իմ հերթին եմ ուզում հարց տալ Արթուր Վանեցյանին: Իսկ կարո՞ղ է մի օր պարզվել, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է օտարերկրա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով: Կարո՞ղ է պարզվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստերի ճնշման ներքո նրան ստիպել է խոստովանել օտերարկրյա հատուկ ծառայությունների կողմից հովաքագրված լինելու փաստը: Իսկ կարո՞ղ է պարզվել, որ Փաշինյանը պարզել է նաեւ հավաքագրման պայմանները: Օրինակ՝ կարո՞ղ է պարզվել, որ շվեյցարիայում գտնվող Արթուր Վանեցյանի ոչ միայն վարչապետի եւ ՀՔԾ պետի հետ ունեցած հեռախոսազրույցներն են գաղտնալսվել, այլեւ նրա եւ Միքայել Մինասյանի բանակցությունները, թե ինչպես է Վանեցյանը Մինասյանից սեփականությունները շորթում՝ նրան ու նրա ընտանիքի անդամներին քրեական պատասխանատվության չենթարկելու, եւ հետագայում երիտհանրապետականների «նոր իշխանություն» հաստատելու հեռանկարի դիմաց: Գիտեմ գիտեմ: Շատերը կասեն, որ եթե օտարերկրյա գործակալի թեմա կա, դա պետք է լուծվի քրգործերի կոնտեքստում: Բայց համաշխարհային պրակտիկան էսպես է. օտարերկրյա գործակալներին բռնում եւ դատում են, երբ ուզում են հավաքագրող երկրի հետ հարաբերություն փչացնել: Իսկ եթե ոչ, գործակալին չեզոքացնում են, որ նա ուղղակի չկարողանա գործել: Իսկ Հայաստանը չի ուզում հարաբերություններ փչացնել ոչ մի երկրի հետ»:
13:10 - 30 ապրիլի, 2020
ԶՊՄԿ-ում փայաբաժինների փոփոխության ողջ պատմությունը կատարվել է վարչապետի անմիջական գիտությամբ. Վանեցյան
 |news.am|

ԶՊՄԿ-ում փայաբաժինների փոփոխության ողջ պատմությունը կատարվել է վարչապետի անմիջական գիտությամբ. Վանեցյան |news.am|

news.am: ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հանդես է եկել վարչապետի խոսնակի երեկվա հայտարարությունների վերաբերյալ պարզաբանմամբ, որում ասված է. «Ո՞րն էր խոսնակի հայտարարությունների (Փաշինյանի հանձնարարականի) երեկվա իրական դրդապատճառը։ Պատասխանը մեկն է՝ շեղել հանրության ուշադրությունը երկրի իրական խնդիրներից։ Սա ծանոթ ձեռագիր է, որը մեկ անգամ չէ, որ կիրառվել է այս երկու տարիների ընթացքում։ Նայելով նման դսևորումների ժամանակագրությանը, դժվար չէ նկատել, որ ամեն անգամ, բարդ իրավիճակներում հայտնվելիս, այդ մարդը դիմում է նույն գործելաոճին՝ ստեղծում կեղծ թիրախներ, սլաքներն ուղղում այլոց դեմ։ Այդ թվում՝ իմ։ Հանգամանքների բերումով վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձն այս երկու տարիների ընթացքում այդպես էլ չհասկացավ, որ իր գործը ոչ թե էժանագին լրատվական մանիպուլիացիաներն են, այլ՝ երկրի կառավարումը։ Ինչ վերաբերում է ԶՊՄԿ-ում իմ առնչություններին, ապա դա իմ ընտանիքի վարկաբեկման փորձերի շարունակությունն է, ընդամենը այդքանը։ Ոչ մի իրական հիմք։ Իսկ հորս պատկանող բեռնափոխադրող ընկերությունը  ԶՊՄԿ-ի հետ սկսել է աշխատել հեռավոր 2014-ից։ Ղեկավարի թելադրանքով՝ խոսնակը հայտարարեց իբր իմ կողմից ձեռք բերված փայաբաժնի մասին։ Գիտեք, կա սուտ, կա մեծ սուտ և կա փաշինյանական սուտ։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ վարչապետ Փաշինյանը տեղյակ է իրականությանը, փայաբաժինների փոփոխության ողջ պատմությունը կատարվել է նրա  անմիջական գիտությամբ։ Եվ ես որևէ անձնական հետաքրքրություն դրա մեջ չունեմ։ Կրկնում եմ՝ վարչապետը դա բոլորից լավ գիտի։ Մի քանի նկատառում ևս. Երկրում իսկապես ստեղծվել է բավական ծանր վիճակ՝ պայմանավորված համաճարակով և դրանից բխող տնտեսական խնդիրներով։ Ռիսկերի թերագնահատումը, հապաղումը մեզ կկանգնեցնի բարդ իրականության առաջ։ Մենք հասել ենք այն կետին, երբ մանիպուլիացիաներով այլևս հնարավոր չի լինելու ժամանակ շահել, հետաձգել խնդիրները, մոլորեցնել հանրությանը։ Երեկ Ազգային Ժողովում կատարվածը և Գեղարքունիքի մարզի սահմռկեցուցիչ տեսարանները վկայում են կառավարման խորը ճգնաժամի մասին։ Գրագետ հակաճգնաժամային կառավարումը, հասարակական կոնսոլիդացիան այլընտրանք չունեցող հրամայականներ են։ Օգտվելով նաև որպես քաղաքացի իմ հարց տալու իրավունքից. ի՞նչ եք բանակցել և բանակցում Ղարաբաղի շուրջ։ Փուլայի՞ն, թե՞ փաթեթային տարբերակ։ Ակնկալվում է պարզ պատասխան։ Այս հարցադրումից հնարավոր չի լինելու խուսափել, եթե անգամ խոսնակը կրկնապատկի կեղծ հայտարարությունների չափաբաժինը»։
19:00 - 29 ապրիլի, 2020
Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ ՀԺ-ի

Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ ՀԺ-ի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Փիլոսյանը վարույթ է ընդունել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի: «Ծանոթանալով հայցադիմումին և կից փաստաթղթերին` գտնում եմ, որ դրանք ներկայացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին համապատասխան, հետևաբար հայցադիմումը անհրաժեշտ է ընդունել վարույթ», - նշվում է դատարանի փետրվարի 21-ին որոշման մեջ: Ավելի վաղ,  ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները հայցադիմում են ներկայացրել «Հայկական Ժամանակ» օրաթերթի դեմ` պահանջելով հերքել «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ...» վերտառությամբ հոդվածում տեղ գտած զրպարտություն հանդիսացող տվյալները, հոդվածը հեռացնել և պարտավորեցնել հրապարակել հերքման տեքստը, փոխհատուցել պատճառված ոչ գույքային վնասը:
12:09 - 23 փետրվարի, 2020
Ինչու՞ գլխավոր դատախազը չմտավ ԱԺ՝ Միհրան Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար․ Արթուր Վանեցյան |168 ժամ|

Ինչու՞ գլխավոր դատախազը չմտավ ԱԺ՝ Միհրան Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար․ Արթուր Վանեցյան |168 ժամ|

Երեկ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հանդիպել է տպագիր մամուլի ներկայացուցիչների հետ։ Անդրադառնալով հարցին, թե ինքը նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչների տեղեկատվություն է փոխանցել, որ կարողանան երկրից գնալ՝ նա բերել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ երկրից հեռանալու օրինակը։ «Այն ժամանակվա ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի վերաբերյալ կար հարուցված և կարճված քրեական գործը։ Հայտնի օֆշորի գործը։ Քրեական գործը վերաբացելու եղանակը մեկն է։ Պետք է լինի նոր երևան եկած հանգամանքներ, և գլխավոր դատախազը պետք է թույլատրի քրգործը վերաբացել ու քննություն իրականացնել։ Մենք՝ ԱԱԾ-ն, գրել ենք պաշտոնական գրություն գլխավոր դատախազին՝ առաջարկելով նոր երևան եկած հանգամանքների հիման վրա վերաբացել այդ գործը։ Ինչ-ինչ պատճառաբանությունների հիման վրա (համոզված եմ` վաղը կբերեն այդ պատճառաբանությունները, թե ինչու իրենք չհամաձայնեցին` այդ գործը վերաբացվի) այն վերադարձվել է մեզ»,- ասել է Վանեցյանը: Նրա խոսքերով՝ այնուհետև Միհրան Պողոսյանը հանկարծակի մեկնեց երկրից, և հարց է առաջանում՝ ինչու՞ մեկնեց, ո՞վ իրեն տեղեկացրեց, որ մեկնի, և ինչու՞ քրեական գործը չվերաբացվեց, ինչու՞ գլխավոր դատախազը չմտավ ԱԺ՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդման ենթարկելու։ «Դրա մասին գիտի նաև վարչապետը։ Հետևանքների մասին, խնդրում եմ, դատեք ինքներդ։ Մնացած գործերով որևէ բան այլևս չեմ ասելու»,- նշել է ԱԱԾ նախկին տնօրենը։ Լրագրողի հարցին, թե ՀՀ Գլխավոր դատախազությունը և ՀՔԾ-ն ի՞նչ պատճառաբանություն են առաջ քաշում, Վանեցյանը պատասխանել է․ «Հիմա բառացիորեն չեմ կարող հիշել։ Եղել է հետևյալը․ հարուցեք առանձին քրեական գործ, քննությունը տարեք, հասեք նորից այստեղ, հետո բան կանենք։ Այդ ընթացքում Միհրան Պողոսյանը երկրից գնաց, և վերջ։ Դուրս եկավ, որ Արթուր Վանեցյանն է մեղավոր, որ Պողոսյանը երկրից գնաց։ Բայց մարդու ազատ տեղաշարժի իրավունքը որևէ մեկը սահմանափակելու իրավունք չունի, վերջ»։
05:52 - 06 փետրվարի, 2020
Արթուր Վանեցյանը հայտնել է, որ Միքայել Մինասյանին հանդիպել է Նիկոլ Փաշինյանի գիտությամբ ու հանձնարարությամբ |«Ժողովուրդ» օրաթերթ|

Արթուր Վանեցյանը հայտնել է, որ Միքայել Մինասյանին հանդիպել է Նիկոլ Փաշինյանի գիտությամբ ու հանձնարարությամբ |«Ժողովուրդ» օրաթերթ|

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երկար ժամանակ խոստանում էր կարեւոր հայտարարությամբ հանդես գալ։ Երեկ, ի վերջո, հանդիպեց հայաստանյան տպագիր մամուլի գլխավոր խմբագիրների հետ՝ պատասխանելով վերջիններիս հարցերին։ Նա անդրադարձել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից հետո իր հրապարակային խոսքում առկա այն ակնարկներին, որ երկրին պատուհասել են վտանգներ։«Այն վտանգները, որ ես տեսել եմ այն ժամանակ, ի հայտ են գալիս կամաց-կամաց։ Որպես օրինակ կարող ենք բերել եվրոպական կառույցների վերջին երկու կոշտ գնահատականները ՀՀ նկատմամբ, որն անվտանգության տեսանկյունից նաեւ շատ մեծ խնդիր է մեզ համար։ Դա վերաբերում է մեր երկրի միջազգային վարկանիշին եւ, առհասարակ, աշխարհի ցանկացած կետում մարդիկ եթե վերցնեն ու հետեւեն Հայաստանի լրահոսին, կտեսնեն այնպիսի վերնագրեր ու վերլուծություններ, որոնք ապշեցնող են ու զարմանալի»,-նշեց նա։ Հանդիպման ժամանակ ԱԱԾ նախկին տնօրենն անդրադարձել է նաեւ վերջին շրջանում իր անձի շուրջ պտտվող այն խոսակցություններին, թե փորձել է պետական կամ հիբրիդային հեղաշրջում իրականացնել։ «Իհարկե ես նման ցանկություն չեմ ունեցել, հակառակը, ցանկացած մարդ, ով կփորձի իրականացնել պետական հեղաշրջում կամ հակասահմանադրական ճանապարհով կփորձի տիրանալ իշխանությանը, պետք է դատապարտվի եւ կրի իր պատիժը»,-նշել է նա։ ԱԱԾ նախկին տնօրենը չթաքցրեց, որ պաշտոնավարման ժամանակ, հատկապես՝ վերջին շրջանում տարաձայնություններ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ ոչ մեկ անգամ է հրաժարականի դիմում ներկայացրել, այդ թվում՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ հայտնի հեռախոսազրույցի գաղտնալսման հրապարակումից հետո։ Նա մասնավորապես հայտարարեց, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի գիտությամբ ու հանձնարարությամբ, սակայն մանրամասներ չհայտնեց:
05:42 - 06 փետրվարի, 2020
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն ընտրված է սխալ․ Արթուր Վանեցյան
|«Հրապարակ» օրաթերթ|

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն ընտրված է սխալ․ Արթուր Վանեցյան |«Հրապարակ» օրաթերթ|

Երեկ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հանդիպում է ունեցել տպագիր մամուլի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում պատասխանել է մի շարք հարցերի, այդ թվում՝ Ռոբեր Քոչարյանի գործի վերաբերյալ։ Վանեցյանն ասել է, որ այդ գործը չէր կոչի «Ռոբերտ Քոչարյանի գործ» (խոսքը Մարտի 1-ի գործի բացահայտման մասին է), քանի որ «Մարտի 1-ի գործ» ասելիս հասկանում է, որ պետք է առաջնահերթությունը տրվեր այն 10 զոհված մարդկանց սպանությունների բացահայտմանը։ «Հարց է առաջանում՝ այսօրվա քննություն արդյո՞ք նպաստում է այդ 10 զոհերի սպանության բացահայտմանը, ես կարծում եմ՝ ոչ։ Ինչ վերաբերում է Քոչարյանին․ ես գիտեմ, որ այս հայտարարությունից հետո լինելու են տարբեր մեկնաբանություններ, բայց ուզում եմ նշել, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն ընտրված է սխալ։ Նա երբևիցե որևէ իր քայլով ցույց չի տվել, որ խուսափում է քննությունից։ Ես կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ Քոչարյանի խափանման միջոցը վերանայվեր»,- նշել է Վանեցյանը։ Նրա խոսքով խափանման միջոցի վերանայումը կնպաստեր հանրության շրջանում լարվածությունը թուլացմանը և կնպաստեր գործի լիարժեք քնությանն ու բացահայտմանը։  «Բոլորս ուզում ենք, որ Մարտի 1-ի գործը բացահայտվի։ Ես չեմ կարծում, որ կա որևէ մեկը, որը դեմ է Մարտի 1-ի գործի բացահայտմանը»,- ասել է Արթուր Վանեցյանը։ ԱԱԾ նախկին պետը կարծում է, որ քննությունը պետք է իրականացվի բազմակողմանի, լիարժեք, որպեսզի որևէ մեկի մոտ հարցեր չծագեն։  «Եթե քննության ընթացքում կպարզվի, որ մեղավոր է այս կամ այն անձը, պետք է նրանց այնպայման կանչել պատասխանատվության, բայց քանի դեռ չունենք քննությամբ ապացուցված մեղադրանք, մենք  որևէ մեկին մեղադրելու իրավունք չունենք»,- հավելել է Արթուր Վանեցյանը։
05:30 - 06 փետրվարի, 2020
Եթե իմանամ ինչի համար են ձերբակալում, թող ձերբակալեն. Արթուր Վանեցյան |factor.am|

Եթե իմանամ ինչի համար են ձերբակալում, թող ձերբակալեն. Արթուր Վանեցյան |factor.am|

factor.am:  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը  հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման շուրջ ստեղծված իրավիճակին: Նա պնդել է, որ որևէ խախտում թույլ չի տվել: Հիշեցնենք՝ երեկ, երբ հայտարարվեց, որ Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է հավաքականի գլխավոր մարզիչ ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ, վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքի իր էջում գրեց, որ Արթուր Վանեցյանը ՀՖՖ կանոնադրությունն է խախտել՝ առանց գործկոմի հետ քննարկումների գլխավոր մարզիչ նշանակելով: Արթուր Վանեցյանը նշեց, որ փոփոխված կանոնադրությամբ գլխավոր մարզիչ է նշանակում ՀՖՖ նախագահը, սակայն կառույցի աշխատակիցներից մեկի թերացմամբ փոփոխված փաստաթուղթը ԱՆ պետական ռեգիստրում չի գրանցվել: Իրավական բացը շտկելու համար այսօր ՀՖՖ գործկոմի արտակարգ նիստ է հրավիրվել, որպեսզի մարզչի նշանակումը լինի օրինական: Երեկ Ֆեյսբուք սոցիալական ցանցում վարչապետի խորհրդականի գրառումը տարածել էին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որոնք ՀՖՖ անդամներ են ու միաժամանակ քաղաքական թևի ներկայացուցիչներ: Արթուր Վանեցյանից հետաքրքրվեցինք՝ այստեղ ինչ-որ մեսիջ տեսնո՞ւմ է: Օրինակ՝ ակնարկ, որ իշխանությունը չի ցանկանում իրեն տեսնել ՀՖՖ նախագահի պաշտոնում: «Եթե ընկնենք ծայրահեղությունների մեջ, այո՛, կարող ենք տեսնել մեսիջ, որովհետև այդ մարդիկ, որոնք հրապարակային դաշտում են այդ ամենը ներկայացրել, փորձել են չեղած հարցին մեծ աղմուկ հողորդել, կարող ենք և այդպես ենթադրել»,- ասաց նա: Արթուր Վանեցյանն այս պահին չի տեսնում որևէ պատճառ ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական տալու համար: ԱԱԾ նախկին տնօրենն անդրադարձավ նաև ՊՎԾ-ի կողմից ստուգումներ իրականացնելուն: Մամուլը գրում է, որ ստուգումները ներառում են հենց իր ղեկավարման ժամանակաշրջանը: Նրանից հետաքրքրվեցինք՝ վստա՞հ է, որ ՊՎԾ-ն լուրջ խախտումներ չի հայտնաբերի. «Պաշտոնապես հայտարարում եմ՝ պատրաստ եմ աջակցել ցանկացած իրավապահ կառույցի՝ իմ հետ կապված ցանկացած տեղեկատվություն ստուգելու համար: Համոզված եմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում ԱԱԾ-ում որևէ խախտում չի եղել: Ես որևէ խախտում չեմ իրականացրել, ծառայել եմ պատվով»: «Սիվիլնեթը» բացահայտել էր, որ հեղափոխությունից հետո Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) սեփականատերերի փոփոխություն է եղել: Այն ընկերություններից մեկը, որը ձեռք է բերել բաժնեմաս՝ նույն հասցեում գրանցված է մեկ այլ ընկերության հետ, որի սեփականատերերը Արթուր Վանեցյանի հորեղբոր տղաներն են: Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է հաջողվել հեղափոխութունից հետո այս խոշոր ընկերությունում բաժնեմաս ձեռք բերել. «Ես և իմ ընտանիքի անդամները ԶՊՄԿ-ի սեփականատերեր չենք հանդիսանում… Ես չեմ կարող բոլոր Վանեցյանների անունից պատասխան տալ, ես կարող եմ հստակ ասել՝ ես, կինս, երեխաներս, հայրս և մայրս որևէ առնչություն չունենք կոմբինատի հետ: Ես նաև հերքում եմ հորեղբորս տղաների կապը ԶՊՄԿ-ի հետ, ես տեղյակ չեմ, որ նրանք այնտեղ ունեն մասնաբաժին»: Արթուր Վանեցյանն անդրադարձավ իր հավանական ձերբակալությանը և նշեց, եթե իմանա՝ ինչու են ձերբակալում, ապա թող ձերբակալեն:   Նյութն ամբողջությմաբ՝ factor.am: 
06:45 - 08 նոյեմբերի, 2019
Արա Սաղաթելյանն իմ 22 տարվա ընկերն է, որի մասին տեղյակ են բոլորը. Վանեցյանը՝ աղմկահարույց լուսանկարի մասին |armtimes.com|

Արա Սաղաթելյանն իմ 22 տարվա ընկերն է, որի մասին տեղյակ են բոլորը. Վանեցյանը՝ աղմկահարույց լուսանկարի մասին |armtimes.com|

armtimes.com: Telegram-ի «Բաղրամյան 26» ալիքն օրեր առաջ մի լուսանկար է հրապարակել, որտեղ Արթուր Վանեցյանն է՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին գլխավոր ղեկավար Արա Սաղաթելյանի հետ: Նշվում է, որ լուսանկարն արվել է Մոսկվայում: Փաշինյան-Վանեցյան հեռակա բանավեճի ֆոնին լուսանկարը լայն արձագանք ստացավ համացանցում:   «Հայկական ժամանակ»-ն այսօր Վանեցյանից խնդրեց պարզաբանել, թե որտեղ եւ երբ է հանդիպել Արա Սաղաթելյանի հետ: Ի պատասխան՝ Վանեցյանն ասաց. «Արա Սաղաթելյանն իմ 22 տարվա ընկերն է, որի մասին տեղյակ են բոլորը, չկա մարդ, որը չգիտի՝ ինքն իմ ընկերն է: Ես իր հետ հանդիպել եմ թե՛ մինչեւ ԱԱԾ տնօրեն դառնալը, թե՛ ԱԱԾ տնօրեն դարձած ժամանակ, թե՛ ԱԱԾ տնօրենի պաշոնից դուրս գալուց հետո: Վարչապետն էլ գիտի, որ Արա Սաղաթելյանն իմ ընկերն է ու ես իր հետ պարբերաբար հանդիպել եմ»: «Հայկական ժամանակ»-ի ճշտող հարցին՝ լուսանկարն օրեր առա՞ջ է արվել, Վանեցյանը պատասխանեց. «Չեմ ուզում ասել, ամեն բան չեմ ուզում մեկնաբանել, ինչ գրում են՝ թող գրեն»: Կարդալ ավելին՝ armtimes.com:   
13:09 - 23 սեպտեմբերի, 2019
Արթուր Վանեցյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին |hraparak.am|

Արթուր Վանեցյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին |hraparak.am|

hraparak.am։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում լրագրողների հետ երեկվա հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին՝ տալով խիստ գնահատականներ. «Ինքը, դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, ըստ էության հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ, և լինելով վարչապետին ենթակա մարմին, հայտարարություն է անում իր ղեկավարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա: Հետո իմացա, որ ծառայության կայքում է տեղադրվել այդ նյութը: Հանել են, բա ի՞նչ պիտի անեին, բա պիտի շարունակեր մնա՞լ: Սպան այդպիսի բան անի, դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը: Վերջին անգամ էդպիսի բան արել են 1991 թվականի պուտչիստները»,- ասել է Փաշինյանը:Արթուր Վանեցյանը մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի ասածները։ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում կրկին խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում։ Չնայած իմ հրաժարականից հետո նա դեռ շարունակում է մարդիկ ուղարկել ինձ մոտ, խնդրանքով` որոշ ժամանակ լռեմ, որպեսզի իրավիճակը հանդարտվի, բայց հիմա տեսնում եմ, որ հերթական անգամ խախտում է պայմանավորվածությունները և հանդես գալիս անհասկանալի, ըստ էության՝ ոչ մի բանի մասին պոպուլիստական հայտարարություններով։Ակնհայտ է, որ հանրության տրամադրությունների վրա կարճատև ազդեցություն թողնելու ցանկությամբ տարված` Նիկոլ Փաշինյանը կրկին չի մտածում իր խոսքերի հետևանքների մասին: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել առանց հետևանքների մասին մտածելու։ Լավ, որքա՞ն կարելի է մոլորեցնել հանրությանը՝ առաջ տանելով այն թեզը, թե «ով մեզ հետ չի ազգի դավաճան է»։ Իսկ եթե որևէ մեկը համաձայն չէ այդ պնդման հետ, ըստ վարչապետի, ուրեմն նախկինների պատվերով է գործում: Ասել եմ և նորից եմ կրկնում՝ չփորձեք ինձ կապել նախկինների հետ։ Տրամաբանական է, որ ռազմական գիտելիքներ չունեցող և զինվորականների մտածելակերպի, Հայրենիքի հանդեպ նրանց ունեցած պարտքի մասին մակերսային պատկերացումներ ունեցողները չեն կարող իմանալ սպայի պատվի և ուսադիրների նշանակության մասին: Ի դեպ հիշեցնեմ` համաձայն ՀՀ Սահմանադրության, ՀՀ վարչապետը ոչ պատերազմական դրության ժամանակ Գերագույն հրամատար չէ: Ցավում եմ, որ այդքան հեռուն է գնացել:Հրաժարականի մասին իմ հայտարարությունն ուշադիր ընթերցողը, համոզված եմ, հասկացել է՝ ինչ նկատի ունեի ես։ Ուստի վստահ պնդում եմ՝ ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում:Հավատում եմ` մեր ժողովուրդը երբեք չի ընկճվելու ու այլևս չի տրվելու մանիպուլյատիվ հայտարարությունների: Հրաժարականի իմ տեքստում ես ասել էի՝ թող այն լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող կոչ։ Մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի Հայրենիքի հանդեպ պարտքը:Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։ Պատիվ ունեմ»:
08:35 - 23 սեպտեմբերի, 2019
Որևէ մեկը չփորձի ինձ կապի Միքայել Մինասյանի հետ․ Արթուր Վանեցյան |lragir.am|

Որևէ մեկը չփորձի ինձ կապի Միքայել Մինասյանի հետ․ Արթուր Վանեցյան |lragir.am|

lragir.am։ «Այս պահին զերծ կմնամ մեկնաբանել իմ հրաժարականի տեքստը, այդ տեքստը հրապարակվել է, և բոլորը կարդացել են, գնահատականները տվել են: Առաջիկայում, եթե անհրաժեշտություն առաջանա մեկնաբանել հրաժարականի տեքստը, անպայման կմեկնաբանեմ»,- այսօր լրագրողներին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Լրագրողները հարցրին՝ գիտակցո՞ւմ է, թե ինչ վտանգավոր հայտարարություն է արել, նա ասաց, որ գիտակցում է և իր բոլոր քայլերն անում է շատ գիտակցված ու մտածված:«Ես ուզում եմ կարևոր բան ասել, կոչ անել բոլորին, որ առհասարակ չփորձեն պղտոր ջրում ձուկ որսալ, չփորձեն ինձ ներքաշել իրենց խաղերի մեջ: Ես իմ այս մեկ ու կես տարիների ընթացքում, երբ եղել եմ ԱԱԾ տնօրեն, իրականացրել եմ իմ աշխատանքը պատվով, մեծ պատասխանատվությամբ, և դրական արդյունքները եղել են ակնհայտ բոլորի համար: Այն հեղինակությունը և վարկանիշը, որը ձեռք է բերել ԱԱԾ-ն, իմ համար դա ամենակարևոր ու մնայուն արժեքն է: Եվ ես կարծում եմ, որ այդ գործում ունեցել եմ շատ մեծ հաջողություն: Նախկինների խանդավառությունը, որը նկատվում է երեկվանից, ես ուզում եմ ասել, որ թող մնան իրենց քաղաքական անցյալում և չփորձեն խառնվել իմ ու գործող իշխանությունների ներկայիս հարաբերությունների մեջ: Այդ հարաբերությունները մենք գիտենք ոնց են և ոնց կշարունակենք»,- ասաց Վանեցյանը:Անդրադառնալով վարչապետի մամուլի խոսնակի այն հայտարարությանը, թե պետք է պարզել՝ ով է գրել Վանեցյանի հրաժարականի տեքստը՝ նկատի ունենալով կոռուպցիոն շրջանակներին՝ Արթուր Վանեցյանն ասաց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ տեքստը գրվել է իմ կողմից և խմբագրվել է իմ խորհրդական Արմեն Դավթյանի կողմից: Այսինքն՝ մենք միասին աշխատանք ենք կատարել այդ տեքստի վրա: Ուղղակի միամտություն եմ համարում, որ ինձ կարող են փորձել կապել դրանց հետ: Ավելի կոնկրետ ասեմ՝ որևէ մեկը չփորձի ինձ կապի Միքայել Մինասյանի հետ, որովհետև Միքայել Մինասյանն ինձ համար մարդ է, ով պետք է դեռ շատ հարցերի պատասխան տա ՀՀ օրենքների առջև»:Նա նշեց, որ վարչապետի հետ ունեցել է շատ լավ հարաբերություններ, աշխատել են շատ լավ:Հարցին, թե քաղաքականությամբ զբաղվելու մտադրություն ունի՞, Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ երբ ընդունել է հրաժարական տալու որոշումը, չի խորհրդակցել որևէ քաղաքական ուժի հետ: «Իմ հրաժարականի մասին ես խոսել եմ միայն իմ ընտանիքի՝ կնոջս, երեխաներիս և ծնողներիս հետ: Այդ որոշումը շատ մտածված էր, շատ հստակ էր, և ես քաղաքականություն մտնելու հետ կապված այս պահին որևէ մեկնաբանություն չեմ անի: Ես այս պահին կենտրոնանալու եմ մեր ֆուտբոլի զարգացման ուղղությամբ: Այս կյանքում որևէ բան բացառել պետք չէ»,- հավելեց նա:«Ես միշտ արել եմ այնպիսի գործեր, որ չամաչեմ քայլել Երևանի փողոցներում, չեմ արել մի բան, որից ամաչում եմ: Ես գլուխս բարձր շարունակելու եմ ապրել ու շրջել Երևանում»,- ասաց Վանեցյանը:
10:38 - 17 սեպտեմբերի, 2019