Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար։

Ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին Երևանում: 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը:

2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում (2000-2001թթ.):

2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:

2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:

2014-2015 թվականներին զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրենի պաշտոնը: Այնուհետև` մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն:

2017-ից մինչև 2018 թվականը եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, նույն ժամանակահատվածում եղել է նաև «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:

2018 թվականի մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020 թվականի մայիսի 11-ից` առողջապահության նախարարի առաջին տեղակալի:

2021 թվականի հունվարի 18-ին Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:

Ամուսնացած է, ունի 3 զավակ: 

Հայաստանի առողջապահական համակարգում կանանց դերը համակարգի զարգացման մեջ ակներև է. Անահիտ Ավանեսյան

Հայաստանի առողջապահական համակարգում կանանց դերը համակարգի զարգացման մեջ ակներև է. Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ: «Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ գեղեցիկ տոնի առթիվ: Մաղթում եմ ձեզ առողջություն, մասնագիտական առաջընթաց, երազանքների իրագործում։ Համոզված եմ, որ մեր` կանանց ստեղծարար կարողություններն ու մասնագիտական հմտությունները, նվիրումն ու կամքը պետք է լիարժեքորեն ծառայեն` ի շահ մեր երկրի բարօրության: Հպարտությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի առողջապահական համակարգում կանանց ներգրավվածությունը և դերը համակարգի զարգացման մեջ ակներև են:  Թող ձեր ընտանիքներում տիրեն համերաշխությունը, սերն ու ներդաշնակությունը` ուղեկցված տոնական բարձր տրամադրությամբ, գարնանային ջերմությամբ ու երջանիկ ակնթարթներով»,- ասված է ուղերձում:
14:06 - 08 մարտի, 2022
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների նույնականացված մարմիններ կան, որոնք ծնողները դեռ չեն վերցրել. նախարար |armtimes.com|

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների նույնականացված մարմիններ կան, որոնք ծնողները դեռ չեն վերցրել. նախարար |armtimes.com|

armtimes.com: 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվածների նույնականացման մարմիններ դեռ կան, որոնք նույնականացման փուլն անցել են մի քանի անգամ, սակայն հարազատները իրենց մեջ ուժ չեն գտնում վերցնելու համար հարազատի դին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարը նշեց՝ դիակների վերցման գործընթացն ավարտին հասցնելու համար զբաղվում են բոլոր պատկան մարմինները, այդ թվում՝ ՀՀ քննչական կոմիտեն: «Կային դժվար հետազոտվող մասունքներ, որոնք շատ քայքայված էին: Մենք 100-ից ավելի մասունքներ ուղարկեցիք Հոլանդիա և որոշ ժամանակ անց ստացանք դրանց արդյունքերը: Հիմա նույնականացման գործընթացն ամբողջությամբ ավարտել ենք ու հետազոտության նմուշներ չունենք»,- տեղեկացրեց Ավանեսյանը: Նա նաև նշեց՝ կան մասունքներ, որոնցից անհնար է ԴՆԹ անջատել և ենթարկել նույնականացման: Այդ մասունքներն արխիվացված են: Ավելի վաղ նշվում էր, որ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի քանի տասնյակ նույնականացված մարմիններ կան, որոնք տարբեր պատճառներով հարազատները չեն վերցնում դիահերձարաններից: Թե հատկապես որոնք են այն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, որոնց համար ծնողները չեն վերցնում որդիների աճյունները, մանրամասներ չեն հայտնվում: Բայց, օրինակ, կան դեպքեր, երբ նրանք ուղղակի չեն ուզում ընդունել, որ իրենց տղան զոհված է, այլ հավատում են, որ նա գերեվարվածների մեջ է ու մի օր վերադառնալու է:
13:08 - 17 փետրվարի, 2022
Մեր շաբաթական ուսումնասիրության արդյունքներով՝ շրջանառվող շտամն 90 տոկոսով «Օմիկրոնն» է. Ավանեսյան |1lurer.am|

Մեր շաբաթական ուսումնասիրության արդյունքներով՝ շրջանառվող շտամն 90 տոկոսով «Օմիկրոնն» է. Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Անցած շաբաթից գրանցում ենք կորոնավիրուսի թվերի կտրուկ նվազում, բայց դեռ օրական 1700-ից ավելի դրական դեպքեր ենք ունենում: Այս մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա ընդգծեց, որ թեև նվազման տեմպի մեջ են, բայց հիվանդանոցները շարունակում են բավական ինտենսիվ ռեժիմով աշխատել: Նախարարի խոսքով՝ «Օմիկրոն» շտամի պարագայում դեպքերի մեծ մասը ավելի թեթև է ընթանում, բայց դա չի նշանակում, որ չկան ծանր դեպքեր, իսկ հոսպիտացվածների 88 տոկոսը չպատվաստված քաղաքացիներ են, որոնք բավական ծանր են տանում հիվանդությունը: Ավանեսյանը նշեց, որ մի շարք կանխատեսումներ կան այն մասին, որ «Օմիկրոն» շտամը համավարակի վերջնական ակորդն է: «Մեր կարծիքով՝ դեռ վաղ է հստակ որևէ բան նշել, բայց կարող ենք ասել, որ համավարակի փուլից դեպի էնդեմիկ հիվանդության փուլ կարծես արդեն նշմարվում է, սա նշանակում է, որ, այո՛, քովիդը մեր կենսակերպի մի մաս է, ցավոք սրտի, դառնալու՝ սեզոնային որոշակի ակտիվացումներով, բայց հստակ կերպով ասել, որ վերջանում է համավարակը, կարծում եմ՝ դեռ վաղ է»,- ասաց նախարարը:  Ինչ վերաբերում է սահմանափակումներին, ապա դրանք, Անահիտ Ավանեսյանի խոսքով, ժամանակավոր բնույթ են կրում և միտված են այդ ընթացքում որոշակի խնդիր լուծելուն և ինքնանպատակ չեն: Մասնագիտական թիմը վերլուծում է, թե մարտի 1-ից հետո ինչ փոփոխություններ պետք է արվեն: «Առաջիկա շաբաթվա ընթացքում կիրազեկենք, թե որ սահմանափակումները կմնան, որոնք դուրս կգան»,- նշեց նախարարը: «Օմիկրոնը», այո՛, ավելի թեթև է, բայց պետք չէ դրան թեթևամտորեն մոտենալ. շատ քաղաքացիների մոտ այն ցավոտ ընթացք ունի, առավել ևս՝ եթե պատվաստված չեն, մեր շաբաթական ուսումնասիրության արդյունքներով՝ շրջանառվող շտամն 90 տոկոսով «Օմիկրոնն» է, սա նշանակում է, որ և՛ հիվանդանոցային, և՛ մահվան դեպքերը կապված են «Օմիկրոն» շտամի հետ»,- ասաց նա:
12:53 - 17 փետրվարի, 2022
Պատվաստված քաղաքացիները վարակելիության առումով 7 օր հետո այլևս վտանգ չեն ներկայացնում․ Անահիտ Ավանեսյան |tert.am|

Պատվաստված քաղաքացիները վարակելիության առումով 7 օր հետո այլևս վտանգ չեն ներկայացնում․ Անահիտ Ավանեսյան |tert.am|

tert.am: Տարբեր գնահատումներով 8–9 հազարից ավելի մահ է գրանցվել կորոնավիրուսի հետևանքով, այս ընթացքում կառավարությունը, առողջապահության նախարարությունը  ջանք գործադրե՞լ է՝ հետազոտություն անել, թե դիմակակրությունը քանի՞ կյանք փրկեց։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։ Պատգամավորը հարցրեց, թե Հայաստանում պատվաստանյութերը հետազոտության ենթարկվե՞լ են և ինչո՞ւ մեկուսանալու համար նախատեսված երկու շաբաթը դարձավ մեկ շաբաթ։ Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ ոչ միայն Հայաստանում է իրականացվում փորձի ամփոփումներ, այլ նաև ամբողջ աշխարհում: Նա մեջբերեց մի շարք հոդվածներ, որոնք պնդում են, որ դիմակները կանխարգելիչ միջոցառում են և կրում են կարևոր դերակատարում վարակի տարածելության հարցում։ Նա նշեց, որ բոլոր պատվաստանյութերը անցել են երեք աստիճանի փորձաքննություն, և Հայաստանում բոլոր պատվաստանյութերը համապատասխանում են այս չափանիշներին։ Անաշխատունակության թերթիկի հետ կապված նախարարը նշեց, որ պատվաստված քաղաքացիները վարակելիության առումով յոթ օր հետո այլևս վտանգ չեն ներկայացնում։
17:55 - 09 փետրվարի, 2022
Այս պահին հիվանդանոցներում գտնվող քաղաքացիների շրջանում մինչև 80 տոկոս շրջանառվող շտամն «Օմիկրոնն» է. Ավանեսյան |1lurer.am|

Այս պահին հիվանդանոցներում գտնվող քաղաքացիների շրջանում մինչև 80 տոկոս շրջանառվող շտամն «Օմիկրոնն» է. Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Միանշանակ այս պահին հիվանդանոցներում գտնվող քաղաքացիների շրջանում մինչև 80 տոկոս շրջանառվող շտամն «Օմիկրոնն» է, և պարզ է, որ գրանցվող մահերի մեջ էլ կան այս շտամով վարակվածներ: Այս մասին Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Միանշանակ չպետք է զգոնությունը թուլացնել և թեթև վերաբերվել այս շտամին»,- ասաց Ավանեսյանը: Նախարարը հիշեցրեց, որ «Օմիկրոնի» պարագայում ախտանշաններն ավելի նման են հարբուխի ախտանշաններին՝ հազ, փռշտոց, նաև ջերմաստիճանի որոշակի բարձրացում: «Նման ախտանշաններ ունենալիս, միանշանակ, արժի նաև թեստավորվել՝ հասկանալու համար, թե «Օմիկրոնո՞վ» է վարակված քաղաքացին, թե՞ ոչ: Իհարկե մենք նկատում ենք ծանրության որոշակի թեթևացում հիվանդացածների շրջանում, եթե նույն այս թվերը մենք ունենայինք «Դելտա» շտամի պարագայում, իսկապես համակարգի հոսպիտալացման աստիճանը և ծանրաբեռնվածությունն անհամեմատ ավելի մեծ կլինեին»,- ասաց Անահիտ Ավանեսյանը: Նախարարը նշեց, որ հիվանդացության միջին տարիքը 47 տարեկանն է, նկատվում է տարիքի նվազում: «Օմիկրոնով» մինչև 18 տարեկան երեխաներն էլ են հաճախ հիվանդանում: «Մեր մանկական բժշկական կենտրոններն այս պահին լարված ռեժիմով աշխատում են՝ պացիենտներին բժշկական օգնություն տրամադրելու համար: Մանկական բաժանմունքները ծանրաբեռնված են: Շատ դեպքերում, երբ դիմում են հիվանդանոց այլ խնդիրներով, հայտնաբերվում է նաև «Օմիկրոն» շտամը»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:
14:02 - 03 փետրվարի, 2022
Գերմանիան ՀՀ առողջապահության նախարարությանը բժշկական սարքեր է նվիրել

Գերմանիան ՀՀ առողջապահության նախարարությանը բժշկական սարքեր է նվիրել

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղում տեղի է ունեցել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) ծրագրի շրջանակներում ձեռք բերված բժշկական սարքերի հանձնման արարողությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջը: Միջոցառմանը մասնակցել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը, EPIC ծրագրի ղեկավար Կարինե Սիմոնյանը, պաշտոնատար այլ անձինք: «Շնորհակալություն այս նախագծի համար. մեր երկրների առջև ծառացած մարտահրավերները հնարավոր են հաղթել, եթե բոլորս համախմբված շարժվենք մեկ ուղղությամբ: Այս համավարակը ևս մեկ անգամ բոլորիս ուշադրությունը կենտրոնացրել է առողջապահական համակարգի վրա, մասնավորապես` ինչ ուղղություններով պետք է ամրապնդենք ոլորտը, որպեսզի կարողանանք մեր բնակչությանը, երկրի քաղաքացիներին պաշտպանել նման իրավիճակներում։ Այս նախագիծը կծառայի մեր համակարգի ամրապնդմանը թե՛ կանխարգելման, թե՛ բուժման առումով»,- ողջունելով ներկաներին` ընդգծել է Անահիտ Ավանեսյանը: Վիկտոր Ռիխտերը շեշտել է նախաձեռնության կարևորությունը, հավելել, որ COVID-19-ի հետևանքով մարդկությունը բախվել է մի մեծ մարտահրավերի հետ, որն ազդում է տնտեսական, սոցիալական բոլոր ասպեկտների վրա, հատկապես տեսանելի է դրա բացասական ազդեցությունն առողջապահական համակարգերի վրա։ «Համավարակի տարածումն իր բացասական ազդեցությունն է թողնում բնակչության տնտեսական և սոցիալական կյանքի որակի վրա։ Այդ ազդեցությունը հատկապես զգում են բնակչության խոցելի խմբերը: Հուսով ենք, որ այս բժշկական սարքերը կօգնեն առաջնագծում գտնվող մասնագետների աշխատանքը թեթևացնելուն, ինչպես նաև ծառայություններն ավելի հասանելի դարձնելուն, այդ թվում` տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի համար», -  նշել է դեսպանը: «Առողջապահական ոլորտում սոցիալ-տնտեսական անհավասարություններն արդեն իսկ զգալի էին մինչև համավարակի տարածումը, սակայն պետք է նշել, որ համավարակն ավելի է խորացրել առողջական, սոցիալական և տնտեսական անհավասարությունները, հատկապես բնակչության խոցելի խմբերի շրջանակում: Մենք հույս ունենք, որ այս նախաձեռնությունն իր նպատակին կծառայի և ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել Գերմանիայի դեսպանատանը և ՀՀ առողջապահության նախարարությանը՝ սերտ համագործակցելու համար», - ասել է ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը:
20:52 - 31 հունվարի, 2022
Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՀԿ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ջիհանե Թաուիլահին

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՀԿ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ջիհանե Թաուիլահին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ջիհանե Թաուիլահին: Վերջինս իր նոր պաշտոնավարման կապակցությամբ հավատարմագրերն է հանձնել առողջապահության նախարարին: Շնորհավորելով հյուրին պաշտոնում նշանակվելու առթիվ` Անահիտ Ավանեսյանն ընդգծել է առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի արդյունավետ համագործակցությունը, հատկապես COVID-19-ի դեմ պայքարում, արտակարգ իրավիճակների, ինչպես նաև պատերազմական և հետպատերազմական շրջանում: «COVID-19-ի հետ կապված ստեղծվել է այնպիսի իրադրություն, որ առողջապահությունը մեր երկրում դարձել է առաջնահերթություն: Նոր` Օմիկրոն տեսակով պայմանավորված` պետք է անենք հնարավոր առավելագույնը կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակում նվազագույն ցուցանիշներ ունենալու համար»,- նշել է առողջապահության նախարարը: «Այս ամենում լուսավոր կետը թերևս քաղած դասերն են»,- արձագանքել է Ջիհանե Թաուիլահը: Առաքելության ղեկավարը ԱՀԿ-ի անունից իր երախտագիտություն է հայտնել նախարարությանը` տեղական և միջազգային գործընկերների հետ համագործակցության ուղղությամբ տարվող աշխատանքնրի համար` վստահեցնելով, որ Հայաստանը կշարունակի աջակցություն ստանալ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրերից մեկին` «Ավելի ուժեղ միասին․ միջսահմանային արտակարգ իրավիճակների հակազդման համատեղ գործողություն Հայաստանի և Վրաստանի միջև», որի հիմնական նպատակն է նպաստել տարածաշրջանային համագործակցության մեխանիզմների ներդրմանը` հատուկ ուշադրություն դարձնելով կարողությունների ընդլայնմանն ու երկու երկրների առողջապահության բնագավառում արտակարգ իրավիճակների կառավարման համակարգերի ստեղծմանը` բարելավելով Հայաստանի և Վրաստանի առողջապահության համակարգերում միջսահմանային համագործակցությունը և անհետաձգելի բժշկական օգնության հասանելիության մակարդակը: Ծրագրով նախատեսված է Հայաստանում ստեղծել Արագ արձագանքման բժշկական թիմ, որը կհավաստագրվի ԱՀԿ-ի կողմից: «ԱՀԿ հայաստանյան գրասենյակը և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակը լիովին հավատարիմ են երկրում ԱՀԿ հիմնական գործընկեր առողջապահության նախարարության հետ արդյունավետ համագործակցության հանձնառությանը»,- նշել է Ջիհանե Թաուիլահը:
20:48 - 27 հունվարի, 2022
Հայաստանում, ինչպես նաեւ տարածաշրջանում նկատվում է Օմիկրոնով հիվանդացության կտրուկ աճ․ Անահիտ Ավանեսյան

Հայաստանում, ինչպես նաեւ տարածաշրջանում նկատվում է Օմիկրոնով հիվանդացության կտրուկ աճ․ Անահիտ Ավանեսյան

Հայաստանում, ինչպես նաեւ տարածաշրջանում, ողջ աշխարհում նկատվում է Օմիկրոնով հիվանդացության կտրուկ աճ։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ հիվանդացության առումով այս շաբաթ մենք պրոգրեսիվ աճի շրջանում ենք․ «Միակ ուրախալի լուրն այն է, որ հիվանդացածների միայն 5-6%-ն ունի հոսպիտալացման կարրիք։ Սրան են նպաստում ինչպես պատվաստվածների մեծաթիվ ընդգրկվածությունը, այնպես էլ շտամի որոշակի առանձնահատկությունները։ Մենք առաջիկայում արդեն իսկ ունենք հիվանդանոցային կարողությունների, մահճակալների ծավալման հստակ պլանը, այս պահին այն դեռ ամբողջովին չենք գործարկել, այն կանենք ըստ պահանջի»,- ասաց նախարարը։  Նրա խոսքով՝ ներկայում 6 բժշկական կենտրոններ են ընդգրկված քովիդի բուժման մեջ, հընթացս, ըստ կարիքի, կծավալեն հավելյալ մահճակալային ֆոնդ։  Ավանաեսյանը նաեւ նշեց, որ պատվաստումներն ակտիվ շարունակվում են։ Առաջին դեղաչափը ստացել է քաղաքացիների 45.3 տոկոսը, երկրորդ դեղաչափը՝ 37 տոկոսը։  «Վերջին շաբաթվա ընթացքում նկատում ենք պատվաստումների թվի աճ, ինչն ուրախալի է, եւ նորից պետք է շեշտադրենք, որ պատվաստումներն իրենց նպատակն իրականացրել են։ Պատվաստված քաղաքացիները հիվանդությունը տանում են հիմնականում ասիմպտոմ, կամ սիմպտոմները թեթեւակի են։ Մեր նպատակը եղել է հենց դա՝ նվազեցնել ծանր ընթացը, հնարավորինս նվազեցնել մահվան դեպքերը»։ Նախարարը նաեւ հայտնեց, որ Հայաստանում պատվաստանյութերի բավարար պաշար կա, հընթացս էլ իրականացվում են մատակարարումներ։
12:15 - 27 հունվարի, 2022
Պրոգրեսիվ աճի շրջանում ենք․ առողջապահության նախարարը՝ կորոնավիրուսի իրավիճակի մասին |tert.am|

Պրոգրեսիվ աճի շրջանում ենք․ առողջապահության նախարարը՝ կորոնավիրուսի իրավիճակի մասին |tert.am|

tert.am: Այս շաբաթ մենք պրոգրեսիվ աճի շրջանում ենք գտնվում: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին։ Նա հայտնեց, որ հիվանդացածների միայն 5–6 տոկոսն է, որ կարիք ունի հոսպիտալացման։ «Ունենք մահճակալների ծավալման պլանը, ներկայումս 6 բժշկական կենտրոններ են ընդգրկված քովիդի բուժման մեջ»,–ասաց նա։ Անահիտ Ավանեսյանը նշեց նաև, որ պատվաստումները ևս ակտիվ շարունակվում են։ «Մեր քաղաքացիների 45,3 տոկոսը ստացել է առաջին դեղաչափը, երկրորդ դեղաչափը 37 տոկոսն է ստացել, և նկատվում է պատվաստումների թվի աճ»,–ասաց նա։ Չնայած դրան՝ նախարարը մտահոգիչ համարեց 65 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումների թվի աճը, քանի որ նրանք ռիսկային խմբում են գտնվում և ավելի քիչ են հակված պատվաստման։
12:03 - 27 հունվարի, 2022
Անահիտ Ավանեսյանը արձագանքել է Արման Թաթոյանի՝ հոգեբուժարաններում մարդու իրավունքների խախտումներին վերաբերող զեկույցին

Անահիտ Ավանեսյանը արձագանքել է Արման Թաթոյանի՝ հոգեբուժարաններում մարդու իրավունքների խախտումներին վերաբերող զեկույցին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրապարակած զեկույցին, որը վերաբերում էր հոգեբուժարաններում մարդու իրավունքների խախտումներին:   Նախարարն ափսոսանք է հայտնել, որ այդ ոլորտում իրականացված վերջին երեք տարիների ահռելի աշխատանքը գրեթե չի արծարծվել զեկույցում։   «Առաջիկայում հանգամանալից կանդրադառնանք զեկույցում տեղ գտած բոլոր հանգամանքներին և համապարփակ կներկայացնենք իրականացված աշխատանքները։   Այժմ մի քանի կետ այն մասին թե ինչ է փոխվել 2018-ից հետո:   Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենքը և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերը ամբողոջովին վերափոխվել են և արժանացել են նաև ՄԻՊ բարձր գնահատականին։   Առաջին անգամ Հոգեկան առողջության ազգային կենտրոնը ընդգրկվել է կապիտալ ծախսերի ծրագրում, և պետությունը գումարներ է հատկացրել ամբողջական վերակառուցման համար։ Աշխատանքները մեկնարկել են 2021 թ.։ Մինչ այդ մի շարք վերանորոգման և կահավորման աշխատանքներ են արվել՝ պացիենտներին ապահովելու հնարավորինս պատշաճ կենցաղային պայմաններով՝ նոր զուգարաններ, լոգասենյակներ, մահճակալներ, սպասք, սպիտակեղեն և այլն։   Ամբողջապես վերանայվել է սննդակարգը և ապհովվում է ըստ նորմատիվների։   Սևանի հոգեկան առողջության կենտրոնում, ուր տարիներ ի վեր մարդիկ անգամ անձնագիր հանելու հետ կապված խնդիրներ են ունեցել, լրջագույն փոփոխություններ են տեղի ունեցել թե՛ դեղորայքի տրամադրման, թե՛ սննդակարգի փոփոխության, սպիտակեղենի, հագուստի, հանգստի ռեժիմի, հոգեբանական նոր ծառայության ներդրման, ջերմոցի կառուցման և այլ մասերով։ Առաջիկայում կվերանորոգվի խոհանոցը։   Երկար տարիներ պացիենտները չեն ունեցել հնարավորություն օգտվել գործիքային և լաբորատոր հետազոտություններից, ատամնաբուժական ծառայություններից և այլ բժշկակական միջամտություններից, որոնք հասանելի են այսօր։   Փոփոխվել են զսպման միջոցների կիրառման միջոցները և իրավական կարգավորումները։   Կանոնակարգվել է ոչ հոժարակամ բուժման մեխանիզմները և դրանց վերահսկման միջոցները։   Կանոնակարգվել է պացիենտների կենսաթոշակների ստացման հարցերը։   Ի վերջո, Հայաստանում բացվել է ամբողջովին վերանորոգված, հագեցված և մասնագիտական ներուժով համալրված մանկական հոգեբուժական ստացիոնար բաժանմունք «Ավան» հոգեկան առողջության տանը։   Արդյոք հոգեկան առողջության առումով դեռ խնդիրներ և մարտահրավերներ կան, իհարկե, այո, և մենք քայլ առ քայլ լուծելու ենք դրանք, բայց այս ոլորտում երեք տարիների ընթացքում շատ բան է փոխվել, և դա պատշաճ չարձանագրել և ասել՝ «2018-ից հետո նույն իրավիճակն է», մեղմ ասած, ազնիվ չէ»,- գրել է նախարարը:  
20:08 - 24 հունվարի, 2022
Ինֆեկցիոն հիվանդությունների ԲԿ-ի ծառայությունների մի մասը կգործի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի տարածքում. Անահիտ Ավանեսյան |armtimes.com|

Ինֆեկցիոն հիվանդությունների ԲԿ-ի ծառայությունների մի մասը կգործի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի տարածքում. Անահիտ Ավանեսյան |armtimes.com|

armtimes.com: Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը ամբողջովին վերակառուցվելու է, իսկ հիվանդանոցի ծառայությունների մի մասն իր վրա կվերցնի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ն: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով՝ վերանորոգման աշխատանքները սկսվում են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Բ մասնաշենքից, բայց ապագայում բոլոր մնացած մասնաշենքերում եւս շինարարական աշխատանքներ են անցկացվելու: «Աշխատակիցների եւ ծառայության հետագա ընթացքի մասին՝ ունենք հստակ պլան, թե ինչպես պետք է իրականացվի ծառայությունը, որ բժշկական կենտրոնի կողմից: Դուք գիտեք, որ վերջին երկու տարիներին Սուրբ Աստվածամայր ԲԿ-ն ներգրավված է եղել քովիդ բուժման մեջ, այնտեղ մեր կողմից մեծաթիվ ներդրումներ են իրականցվել՝ վերանորոգման, հագեցման, եւ այս կենտրոնը պատրաստ է իր վրա վերցնել ինֆեկցիոն որոշակի ծառայությունների ապահովումը: Ինչ կապված է ընդհանուր ծառայության բովանդակության եւ մարդկային ներուժի օգտագործման հետ, բոլոր այն դեպքերում, երբ այս ծառայությունը կփոխակերպվի այլ վայրում, բոլոր աշխատակիցները կշարունակեն աշխատել եւ որեւէ խնդիր չկա», - ասաց նա, ընդգծելով՝ սա չի նշանակում, որ կենտրոնը չի վերանայելու թե իր հաստիքացուցակը, թե մասնագիտական ներուժի որակը: «Ցանկացած բարեփոխման ընթացքում կարող են լինել թե ընթացիկ, եւ թե ընդհանրապես անհարմարություններ: Բայց եթե մենք որեւէ բան չփոխենք, որեւէ ծառայության ստատուս-կվոն չվերանայենք, ապա ինչի՞ համար ենք ընդհանրապես այստեղ», - ասաց Ավանեսյանը: Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից Նորքի Ինֆեկցիոնի «Բ» մասնաշենքը վերակառուցում են. ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադարեցվի: Որոշ ժամանակ առաջ ինֆեկցիոնի աշխատակիցները բողոքի ակիցա էին կազմակերպել: «Հայկական Ժամանակի» հետ զրույցում կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Սարգսյանը նշել էր, որ աշխատակիցների բողոքի ակցիայի պատճառը փետրվարի 1-ից մեկնարկող կենտրոնի «Բ» մասնաշենքի վերակառուցման աշխատանքներն են, և, դրանով պայմանավորված, կենտրոնում ծավալվող բժշկական ծառայությունների մի մասի ժամանակավորապես դադարեցումը: «Այդ մասնաշենքի կառուցման աշխատանքները տևելու են երկու տարի: Նախարարության հետ քննարկվում է այլ հիվանդանոցներից մեկում ինֆեկցիոն բաժանմունք բացելը և աշխատակիցների մի մասին այդ բաժանմունքում աշխատանքի տեղափոխելը, բայց նրանք թերահավատորեն են ընդունում, կարծում են՝ իրենց ազատում ենք աշխատանքից և բողոքի ակցիա են կազմակերպել»,- ասել էր նա:
15:16 - 24 հունվարի, 2022
2021-ին վիրավոր զինծառայողներին տրամադրվող բժշկական օգնության և վերականգնողական բժշկական ծառայությունների ծավալն ընդլայնվել է. Ավանեսյան |1lurer.am|

2021-ին վիրավոր զինծառայողներին տրամադրվող բժշկական օգնության և վերականգնողական բժշկական ծառայությունների ծավալն ընդլայնվել է. Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am:  Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2021 թվականին կատարված աշխատանքները, խոսել անելիքների մասին: Հաշվետու տարում Վիրավոր զինծառայողներին տրամադրվող բժշկական օգնության և վերականգնողական բժշկական ծառայությունների ծավալն ընդլայնվել է, պետական հատկացումներն աստիճանաբար աճել են:Շարունակվել է COVID-19-ի դեմ պայքարը. բժշկական օգնության տրամադրումն ուղեկցվել է պատվաստումային գործընթացի կազմակերպմամբ` թե՛ պոլիկլինիկաներում, թե՛ շարժական կետերի և արտագնա պատվաստումային խմբերի միջոցով: Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով շարունակվել են ուռուցքաբանական հիվանդությունների, գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների, ինչպես նաև սրտի անհետաձգելի վիրահատական ծառայությունների տրամադրումը: Բնակչության ռիսկային խմբերում իրականացվել է շուրջ 440 հազար սքրինինգային հետազոտություն: Մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ծրագիրը երեք մարզերում: Ընդլայնվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող շահառուների ցանկը` ներառյալ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվածների ծնողները: Առողջապահական համակարգում մեկնարկել և իրականացվել են մեծ ծավալի շինարարական աշխատանքներ: 2022 թվականին աշխատանքներ կտարվեն մի շարք ուղղություններով առողջության համապարփակ ապահովագրության ներդնում. առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումներ. STROKE գլխի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի ընդլայնում. բարեփոխումներ մանկաբուժության ոլորտում. էլեկտրոնային առողջապահության համակարգի բարելավում. առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարություն:
14:42 - 24 հունվարի, 2022