ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Վերջին 6 ամսում գրանցվել է մինչև 4 տարեկան երեխաներին ՄԻԱՎ-ի փոխանցման 7 դեպք |armenpress.am|

Վերջին 6 ամսում գրանցվել է մինչև 4 տարեկան երեխաներին ՄԻԱՎ-ի փոխանցման 7 դեպք |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ընթացիկ տարվա մարտ ամսից մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման 7 դեպք է գրանցվել՝ մինչև 4 տարեկան երեխաների շրջանում: Այս մասին ասաց ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հովհաննես Մադոյանը: «Սա վերջին 5 տարվա մեջ աննախադեպ է: 7 դեպքն էլ տեղի է ունեցել 2019 թ. և ավելի վաղ ժամանակահատվածում: Այժմ ստեղծել ենք աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է այդ հարցը: Փորձում ենք հասկանալ, թե ինչ պատճառով են այդ 7 դեպքը տեղի ունեցել և ինչու են նախկինում այդ դեպքերը բաց թողնվել, որովհետև չի կարող լինել պատճառ, որ տարիներ շարունակ 2-3 դեպք է արձանագրվում և հանկարծ կես տարվա մեջ՝ 7 դեպք։ Մենք կգտնենք պատճառը և հանրությանը կներկայացնենք, թե ինչն էր դրա հիմքում»,- նշեց Մադոյանը։ Նա ընդգծեց, որ կա նույնիսկ դեպք, որ ՄԻԱՎ է ախտորոշվել 5 տարեկան երեխայի մոտ: 2020 թվականին ՄԻԱՎ-ով ախտորոշված երեխաներից 3-ը 1 տարեկան են, ծննդաբերությունը եղել է 2019 թվականին, հղիությունը՝ 2018-2019 թվականներին, այդ հղիներն ինչ-որ կերպ այդ ժամանակ ուշադրությունից վրիպել են: Մադոյանը շեշտեց, որ իր բացթողումներից էլ է, քանի որ դա ոչ միայն ՁԻԱՀ-ի կենտրոնի գործն է, այլև՝ համակարգի, մասնավորապես, հղիների խնամքի։ «Ունենք 2 տարեկանը լրացած 1 երեխա, 3 տարեկանը լրացած՝ 2, ևս 1 փոքրիկ 5 տարեկանը լրացած: Այս բոլոր դեպքերով մենք փորձում ենք հասկանալ՝ ինչու է այդպես եղել և հետագայում խնդիրները վերացնենք»,- ասաց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատարը։
16:30 - 03 սեպտեմբերի, 2020
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ի` ժամը 12:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ի` ժամը 12:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք

Ալկոհոլային թունավորման դեպքերից տուժածները բուժում են ստանում հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում: Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ի` ժամը 12:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք, որից 25-ը` Արմավիրի մարզից, 12-ը` Երևանից, 1-ը` Կոտայքի մարզից: Ցավոք, նաև գրանցվել է մահվան 14 դեպք: Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի տուժածների թունավորման հավանական աղբյուր է հանդիսացել մեկ վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղու օգտագործումը: Երևանի դեպքերից տուժածների մեծամասնությունն օգտագործել է բժշկական սպիրտ` որպես օղու փոխարինիչ, մյուս մասի, ինչպես նաև Կոտայքի մարզում արձանագրված դեպքից տուժածի օգտագործած սպիրտի տեսակը պարզելու համար համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են:
13:14 - 03 սեպտեմբերի, 2020
Կառավարության որոշմամբ՝ 21 «ՈՒԱԶ» տեսակի ամենագնաց շտապօգնության ավտոմեքենաներ կնվիրաբերվեն մարզերին |armtimes.com|

Կառավարության որոշմամբ՝ 21 «ՈՒԱԶ» տեսակի ամենագնաց շտապօգնության ավտոմեքենաներ կնվիրաբերվեն մարզերին |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 2020 թվականի պետբյուջեի շրջանակներում ձեռք բերված շտապ բժշկական օգնության կահավորված, թթվածնի կենտրոնացված համակարգով եւ ավտոմատ պատգարակով համալրված ավտոմեքենաները, նաեւ շտապօգնության ավտոմեքենաների օժանդակ բժշկական սարքավորումները եւ պարագաները նվիրաբերել մարզերում գործող բժշկական կազմակերպություններին՝ նրանց ծառայությունների բարելավման նպատակով: Հարցը զեկուցող առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ շտապօգնության ծառայությունը այն օպերատիվ եւ մոբիլ ծառայությունն է, որի զարգացման եւ հագեցվածության մակարդակը, բժշկական անձնակազմի պատրաստվածությունը, տեղում կամ ճանապարհին անհետաձգելի բուժօգնության կազմակերպումը, հիվանդին մասնագիտացված բուժհաստատություն ժամանակին տեղափոխումը անմիջական կապ ունեն ծառայությանը դիմող պացիենտների կյանքին վտանգ սպառնացող հիվանդության բարեհաջող ելքի հետ։ Բժշկական կենտրոնների ընտրությունը կատարվել է՝ հիմքում ունենալով մարզպետարանների ներկայացրած կարիքները՝ յուրաքանչյուր անգամ առաջնորդվելով տվյալ բժշկական կենտրոնի կողմից սպասարկվող ազգաբնակչության քանակով, առկա մեքենաների տեխնիկական վիճակի գնահատմամբ եւ հագեցվածության աստիճանով, սպասարկվող բնակավայրի աշխարհագրական դիրքով։ Ավանեսյանը նշեց, որ Տավուշի մարզին նվիրաբերվելու է 5, Սյունիքի մարզին՝ 3, Արագածոտնին՝ 2 շտապօգնության մեքենա: Նա նշեց, որ բոլոր մարզերին էլ նվիրաբերելու են նոր մեքենաներ։
12:15 - 03 սեպտեմբերի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 44271 դեպք, մեկ օրում հաստատվել է 196 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 44271 դեպք, մեկ օրում հաստատվել է 196 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 44271 դեպք, որոնցից 38855-ն` առողջացած, 887-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4258 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 211281 թեստավորում: Մեկ օրում իրականացվել է 1892 թեստավորում։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսի հաստատված 196 նոր դեպք և 224 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 70 (կին), 70 (կին) և 58 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 271 է:
10:54 - 03 սեպտեմբերի, 2020
Առողջապահության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ և չօգտագործել անհայտ ծագման, ոչ գործարանային արտադրության ոգելից խմիչք

Առողջապահության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ և չօգտագործել անհայտ ծագման, ոչ գործարանային արտադրության ոգելից խմիչք

Վերջին օրերին հանրապետությունում արձանագրվել են ալկոհոլային թունավորման դեպքեր: Կան տուժածներ, ցավոք, նաև մահվան դեպքեր: Թունավորման հավանական աղբյուրը ոչ գործարանային արտադրության օղու և բժշկական սպիրտի օգտագործումն է: Դժբախտ դեպքերից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ և չօգտագործել անհայտ ծագման, ոչ գործարանային արտադրության ոգելից խմիչք։ Հիշեցում։ Էթիլ սպիրտից սուր թունավորման ախտանշաններն են՝ գրգռում, սրտխառնոց, փսխում, որովայնի ցավ, գլխացավ և գլխապտույտ, նիստագմ, դիպլոպիա, թույլ համակենտրոնացում, անհավասարակշռություն, քնկոտություն, ատաքսիա, կոմա, ցնցումներ, շնչառության խանգարում, ճնշման իջեցում, սրտի դանդաղ աշխատանք, մարմնի ջերմաստիճանի իջեցում, հիպոգլիկեմիա: Մեթիլ սպիրտի պարագայում, կախված թունավոր նյութերի քանակությունից, թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ մի քանի ժամից մինչև 1-2 օրվա ընթացքում։ Հիմնական ախտանշաններն են՝ գլխապտույտ և գլխացավ, սրտխառնոց և փսխում, մկանային, հոդերի և որովայնի ցավ, գիտակցության մթագնում, քնկոտություն, լուսավախություն, սպեցիֆիկ ազդեցություն տեսողության վրա՝ ընդհուպ մինչև կուրություն, արյան մեջ հեմոգլոբինի և էրիթրոցիտների մակարդակի բարձրացում, իսկ մեզի մեջ սպիտակուցների և  հիալինային գլանների հայտնաբերում։ Վերոնշյալ ախտանշանների ի հայտ գալու պարագայում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժմամբ։
16:09 - 02 սեպտեմբերի, 2020
Ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք է արձանագրվել

Ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք է արձանագրվել

Ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք է արձանագրվել, այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Սեպտեմբերի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ Արմավիրի մարզում և Երևանում գրանցվել է ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք` 1-ը մահվան ելքով: Եվս մեկ տուժած, որն ընդունվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց սեպտեմբերի 1-ին մահացել է: Ընդհանուր դեպքերի թիվն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում հասել է 27-ի, որից 14-ը՝ մահվան ելքով: 27 դեպքից 20-ը (որից 9-ը՝ մահվան ելքով) գրանցվել են Արմավիրի մարզում: Արմավիրի մարզի մնացած 11 դեպքից 9-ը բուժում է ստանում Արմենիա ՀԲԿ-ում, 2-ը բժշկական զննությունից հետո դուրս են գրվել: Բոլորն էլ օգտագործել են նույն վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղի: Հանրապետությունում արձանագրված 27 դեպքերից 7-ն արձանագրվել է Երևանում: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ այս դեպքերը կապ չունեն Արմավիրի դեպքերի հետ: Դրանցից 5-ը մահվան ելքով են, 1-ը բուժում է ստանում թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, 1-ը՝ Արմենիա ՀԲԿ-ում: Տուժածների մի մասն օգտագործել է բժշկական սպիրտ` որպես օղու փոխարինիչ, մյուս մասի օգտագործած սպիրտի տեսակը պարզելու համար համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են:
12:14 - 02 սեպտեմբերի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 44075 դեպք, մեկ օրում գրանցվել է 197 դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 44075 դեպք, մեկ օրում գրանցվել է 197 դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 44075 դեպք, որոնցից 38631-ն` առողջացած, 884-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4291 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 209389 թեստավորում: Մեկ օրում իրականացվել է 2460 թեստավորում։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսի հաստատված 197 նոր դեպք և 275 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 69 (տղամարդ), 63 (տղամարդ) և 72 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 269 է:
11:03 - 02 սեպտեմբերի, 2020
Ալկոհոլային թունավորման 11 մահվան դեպքից մեկը ժխտվել է․ վերջինիս մահվան պատճառն այլ է

Ալկոհոլային թունավորման 11 մահվան դեպքից մեկը ժխտվել է․ վերջինիս մահվան պատճառն այլ է

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Արմավիրի մարզում և Երևանում գրանցված ալկոհոլային թունավորման դեպքերից տուժածները բուժում են ստանում հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում: 2-ը գտնվում են Արմենիա ՀԲԿ-ում, 1-ը՝ Էրեբունի ԲԿ-ում: Բոլորի առողջական վիճակը բժիշկները գնահատում  են ծայրահեղ ծանր, նրանցից 2-ը միացված են արհեստական շնչառության սարքին: Թունավորման կասկածով Հերացի թիվ 1 կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող պացիենտը բուժօգնության է դիմել օգոստոսի 30-ին: Այժմ պարզվում է վերջինիս թունավորման կապը ներկա դեպքերի հետ: Համաճարակաբանական նախնական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նախապես հայտարարված 11 մահվան դեպքից մեկը ժխտվել է, քանի որ վերջինիս մահվան պատճառն այլ է: Նշենք, որ բոլոր տուժածներն օգտագործել են ոչ գործարանային արտադրության օղի, որն էլ կարող է հանդիսանալ թունավորման հավանական աղբյուր: Ներկայումս աշխատանքներ են իրականացվում ալկոհոլային խմիչք օգտագործողների շրջանակը պարզելու և կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ: Լաբորատոր հետազոտության նպատակով վերցվել է ալկոհոլային խմիչքի 2 նմուշ՝ բաղադրությունը ճշտելու համար:
15:07 - 01 սեպտեմբերի, 2020
Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով կա առնվազն 2 զոհ

Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով կա առնվազն 2 զոհ

ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով կա առնվազն 2 զոհ: Տարբեր աստիճանի այրվածքներով 4 քաղաքացի տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն` վերակենդանացման բաժանմունք: Այս պահին իրականացվում են հակաշոկային առաջին օգնության միջոցառումներ: Պացիենտների վիճակը կայունացնելուց հետո վերջիններս կտեղափոխվեն Այրվածքաբանության ազգային կենտրոն: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»: Սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 13:12-ին:
13:28 - 01 սեպտեմբերի, 2020
ՔԿ-ն հորդորում է չօգտագործել Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Հովսեփյանից ձեռք բերված ալկոհոլային խմիչքը և դիմել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն

ՔԿ-ն հորդորում է չօգտագործել Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Հովսեփյանից ձեռք բերված ալկոհոլային խմիչքը և դիմել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պարզվել է, որ  Արմավիր քաղաքի մի շարք բնակիչներ ձեռք են բերել անհայտ ծագման, սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչք, որի գործածման հետևանքով թունավորվել են: 7 անձ մահացել է, ևս 3 անձ գտնվում է ծանր վիճակում (ըստ ըստ Առողջապահության նախարարության մահերի թիվն արդեն 11 է-խմբ․): Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիր քաղաքի բնակիչ՝ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանը՝ ծնված 1970թ.: Օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվում՝ քաղաքացիների կողմից ձեռք բերված ևս 30 լիտր ալկոհոլային խմիչքը հայտնաբերելու, ինչպես նաև՝ բոլոր գնորդների ինքնությունը պարզելու ուղղությամբ: Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են գնել վերոնշյալ անձից, հորդորում ենք չօգտագործել այն և դիմել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:22 - 01 սեպտեմբերի, 2020
Թունավորման կասկածով հիվանդանոցներ ընդունված 11 անձ է մահացել․ կան ծանր վիճակում գտնվող պացիենտներ․ ՀՀ ԱՆ

Թունավորման կասկածով հիվանդանոցներ ընդունված 11 անձ է մահացել․ կան ծանր վիճակում գտնվող պացիենտներ․ ՀՀ ԱՆ

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ահազանգ է ստացվել, որ նախնական տվյալներով թունավորման կասկածով` «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ, Արմավիրի բժշկական կենտրոն է ընդունվել 10 անձ: Ցավոք, կան մահվան դեպքեր: 3-ը մահացել են հենց Արմավիրի հիվանդանոցում: 4-ին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ վերջիններս մահացել են, 1 պացիենտի` «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Արմավիրի բժշկական կենտրոնից «Արմենիա» ՀԲԿ տեղափոխված 2 տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, կատարվում են անհրաժեշտ բուժական միջոցառումները: Արմավիրի մարզի 1 բնակիչ նույն ախտանշաններով դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն գրավոր հրաժարվել է բուժօգնությունից և դուրս գրվել: Բացի այդ, 4 քաղաքացի Երևանից են դիմել «Արմենիա» ՀԲԿ, կրկին նույն ախտանշաններով, որոնք ևս մահացել են:Փաստացի, այս պահի դրությամբ ունենք 11 մահվան դեպք` նախնական տվյալներով «ալկոհոլային ինտոքսիկացիայից»:Թունավորման կասկածով 1 պացիենտ էլ գտնվում է Հերացի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքներում: Նշենք, որ տվյալները նախնական են, կատարվում են համաճարակաբանական հետազոտություններ: Արդյունքների և տուժածների առողջական վիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
12:12 - 01 սեպտեմբերի, 2020
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի բժշկական կենտրոնն այսուհետ վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի բժշկական կենտրոնն այսուհետ վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի բժշկական կենտրոնն այսուհետ վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին, փակվում է նաև կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիներին սպասարկող Մարտունու բժշկական կենտրոնի բաժանմունքը: Այս պահին երկրում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության փոքր ինչ կայուն վիճակ և անհրաժեշտություն չկա հիվանդանոցների նման ծավալում ունենալը: Ընդհանուր առմամբ 67 պացիենտ երեք հաստատությունից տեղափոխվում է Երևան, որտեղ էլ կշարունակեն իրենց անհրաժեշտ բժշկական օգնությունը: Բուժման ավարտից հետո վերջիններիս տեղափոխումը իրականացնելու է առողջապահության նախարարությունը: Հավելեմ նաև, որ Մարտունու բժշկական կենտրոնի և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի մի հատվածն անհրաժեշտության դեպքում կծառայեն որպես տրիաժ կենտրոն (ընդունման, ախտորոշման և տեղափոխման): Այս պահին մարզային բժշկական կենտրոններից բաժանմունք ունի միայն Կապանի բժշկական կենտրոնը»:
13:58 - 31 օգոստոսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 43781 դեպք, մեկ օրում գրանցվել է 31 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 43781 դեպք, մեկ օրում գրանցվել է 31 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 43781 դեպք, որոնցից 37722-ն` առողջացած, 879-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4912 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 205940 թեստավորում: Մեկ օրում իրականացվել է 490 թեստավորում։  Այսպիսով` ունենք կորոնավիրուսի հաստատված 31 նոր դեպք և 72 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 85 տարեկան տղամարդ և 84 տարեկան կին: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 268 է:
10:59 - 31 օգոստոսի, 2020