Ինֆոքոմ

Ռուսաստանի հետ գործընկերությունը տեսանելի ապագայում անհնար է․ Շոլց

Ռուսաստանի հետ գործընկերությունը տեսանելի ապագայում անհնար է․ Շոլց

Ռուսաստանի հետ գործընկերությունը, որը հիշատակվում է ՆԱՏՕ-ի 2010 թ-ի ռազմավարական հայեցակարգում, տեսանելի ապագայում անհնար է նրա ագրեսիվ, կայսրական դիրքորոշման պատճառով, DW-ի փոխանցմամբ, ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ երկրի խորհրդարանում ներկայացնելով Բեռլինի դիրքորոշումը ՆԱՏՕ-ի, «Մեծ յոթնյակի» և ԵՄ կայանալիք գագաթնաժողովներին։ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հանդիպումից, որը կայանալու է հունիսի 28-30-ը Մադրիդում, Շոլցն ակնկալում է միասնականության և վճռականության ազդակ՝ ուկրաինական պատերազմի ֆոնին։ Միաժամանակ, ինչպես նշել է կանցլերը, խելամիտ չէր լինի խզել ՆԱՏՕ-Ռուսաստան հիմնարար ակտը, քանի որ դա միայն շահեկան կլինի ՌԴ նախագահին և նրա քարոզչությանը։ 1997 թ-ին ստորագրված փաստաթղթում ամրագրված են սկզբունքներ, որոնք, ըստ Շոլցի, Պուտինն այդքան կոպտորեն խախտում է՝ հրաժարում բռնությունից, սահմանների նկատմամբ հարգանք, անկախ պետությունների ինքնիշխանություն։   Նորա Վանյան
18:30 - 22 հունիսի, 2022
Լիտվան պատրաստ է ՌԴ պատասխան գործողություններին՝ դեպի Կալինինգրադ ապրանքների տարանցման արգելքի առնչությամբ

Լիտվան պատրաստ է ՌԴ պատասխան գործողություններին՝ դեպի Կալինինգրադ ապրանքների տարանցման արգելքի առնչությամբ

Լիտվան պատրաստ կլինի, եթե Ռուսաստանը նրան անջատի տարածաշրջանային էլեկտրացանցից՝ ի պատասխան ՌԴ մյուս շրջաններից Լիտվայի տարածքով դեպի Կալինինգրադ ռուսական որոշ ապրանքների տարանցման արգելքին, սակայն ռազմական առճակատում չի ակնկալվում, ասել է երկրի նախագահ Գիտանաս Նաուսեդան Reuters-ին։ «Մենք պատրաստ ենք և նախապատրաստվել ենք Ռուսաստանի [պատասխան] գործողություններին, օրինակ՝ ԲՌԷԼԼ համակարգից (էլեկտրացանց – խմբ․) մեզ անջատելուն և այլ քայլերին», — հայտարարել է նա։ Այս հայտարարությունը հաջորդել է Կրեմլի նախազգուշացմանը, որ Մոսկվան միջոցներ է ձեռնարկելու՝ ի պատասխան Լիտվայի արգելքի։ Այն մասին, որ Ռուսաստանի մյուս շրջաններից բեռների տարանցումը դեպի Կալինինգրադի շրջան զգալիորեն կրճատվելու է Լիտվայի իշխանության կողմից, հայտնի է դարձել նախորդ շաբաթ։ Կալինինգրադի շրջանի ղեկավար Անտոն Ալիխանովի խոսքով՝ դա վերաբերում է տարանցիկ ապրանքների 40-50%-ին։ Խոսքն այն ապրանքների մասին է, որոնք հայտնվել են Ռուսաստանի դեմ ԵՄ կիրառած պատժամիջոցների ցանկում։   Նորա Վանյան
17:59 - 22 հունիսի, 2022
Աֆղանստանում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել․ զոհվել է առնվազն 250 մարդ

Աֆղանստանում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել․ զոհվել է առնվազն 250 մարդ

Հարյուրավոր մարդիկ են զոհվել չորեքշաբթի օրը Աֆղանստանում գրանցված 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով: Երկրի պաշտոնյաներից մեկը BBC-ին հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 250 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: Սոցցանցերում տարածված նկարներում պատկերված են մարդիկ՝ պատգարակներով, փլատակների վրա, ինչպես նաև ավերված տներ Պակտիկա նահանգում: Երկրի կառավարության ներկայացուցիչը BBC-ին ասել է, որ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի, և որ ավելի քան 150 մարդ վիրավորվել է: Երկրաշարժը տեղի է ունեցել հարավարևելյան Խոստ քաղաքից մոտ 44 կմ հեռավորությամբ: «Ցավոք, անցյալ գիշեր ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Պակտիկա նահանգի չորս թաղամասերում, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր մեր հայրենակիցներ և ավերվել տասնյակ տներ», - թվիթերում գրել է կառավարության խոսնակ Բիլալ Քարիմին։
10:58 - 22 հունիսի, 2022
Նոբելյան մրցանակակիր Մուրատովը վաճառել է մեդալը $103,5 միլիոնով՝ ուկրաինացի երեխաներին օգնելու համար

Նոբելյան մրցանակակիր Մուրատովը վաճառել է մեդալը $103,5 միլիոնով՝ ուկրաինացի երեխաներին օգնելու համար

Ռուսական «Նովայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովի նոբելյան մեդալը վաճառվել է $103,5 միլիոնով։ Մուրատովը խաղաղության նոբելյան մրցանակակիր էր դարձել 2021 թ-ին, հայտնում է Meduza-ն։ Աճուրդն անցկացրել է ամերիկյան Heritage Auctions աճուրդի տունը հունիսի 20-ի երեկոյան Նյու Յորքում։ Գնորդի անունը չի նշվում։ Մեդալի վաճառքից ստացված ամբողջ գումարն ուղղվելու է ՅՈւՆԻՍԵՖ-ի հումանիտար առաքելության աջակցությանը, որն օգնություն է ցուցաբերելու ուկրաինացի փախստական երեխաներին և նրանց ընտանիքներին։ Դմիտրի Մուրատովը ֆիլիպինցի լրագրող Մարիա Ռեսայի հետ միասին 2021 թ-ին դարձել էր խաղաղության նոբելյան մրցանակակիր։ Մրցանակի դրամական մասը Մուրատովը փոխանցել էր բարեգործական ընկերություններին։ Մեդալն աճուրդի դնելու որոշման մասին նա հայտարարել էր մարտի 22-ին։ Նրա խոսքով՝ այս որոշմանը կողմ են արտահայտվել «Նովայա գազետայի» բոլոր աշխատակցները։   Նորա Վանյան  
16:49 - 21 հունիսի, 2022
Կրեմլը չի բացառում, որ Դոնբասում գերեվարված ամերիկացիները կարող են մահապատժի դատապարտվել

Կրեմլը չի բացառում, որ Դոնբասում գերեվարված ամերիկացիները կարող են մահապատժի դատապարտվել

Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի կարող նշել ԱՄՆ երկու քաղաքացիների գտնվելու վայրը, որոնք գերեվարվել են Դոնբասի ռազմական գործողությունների գոտում, քանի որ այդպիսի տեղեկություններ չունի։ Նա հավելել է նաև, որ ամերիկացիներին կարող են մահապատժի դատապարտել, գրում է «Ինտերֆաքսը»։ «Խոսքը վարձկանների մասին է, որոնք սպառնացել են մեր ռուսաստանցի զինծառայողների կյանքին։ Եվ ոչ միայն մեր, այլև ԴԺՀ և ԼԺՀ զինծառայողների։ Հետևաբար, նրանք մեղադրվում են դրա համար՝ վարձկանության», - ասել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ «նրանց վրա ոչ մի կերպ չի կարող և չի տարածվում Ժնևի կոնվենցիան»։ Այն հարցին, թե արդյո՞ք այդ երկու ամերիկացիներին մահապատիժ է սպառնում, ՌԴ նախագահի մամուլի խոսնակը պատասխանել է․ «Այո, մենք ոչինչ չենք կարող բացառել, քանի որ դա դատարանի որոշումն է, և երբեք դա չենք մեկնաբանում, առավել ևս իրավունք չունենք միջամտելու դատարանի որոշմանը»։ Ավելի վաղ ինքնահռչակ ԴԺՀ ուժային կառույցներում «Ինտերֆաքսի» աղբյուրը հայտնել էր, որ Դոնբասում գերեվարված ամերիկացիները Դոնեցկի մեկուսարանում են։   Նորա Վանյան
16:27 - 21 հունիսի, 2022
ԵԱՏՄ երկրները պայմանավորվել են զարգացնել եվրասիական տրանսպորտային երթուղիները

ԵԱՏՄ երկրները պայմանավորվել են զարգացնել եվրասիական տրանսպորտային երթուղիները

Եվրասիական տնտեսական միության մասնակիցները պատրաստ են ակտիվացնել աշխատանքը՝ եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների զարգացման ուղղությամբ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո։ «Որոշում է կաացվել, որն ուղղված է տրանսպորտային ենթակառուցվածքների, այդ թվում՝ եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների զարգացմանն ուղղությամբ աշխատանքների ակտիվացմանը», - ասել է Մյասնիկովիչը։ Նրա խոսքով, մասնավորապես, առաջարկ կա «Հայաստանում Հարավային երկաթուղի կառուցելու, վերակառուցելու Մ-1 ավտոմոբիլային ճանապարհը՝ Եվրոպա-Արևմտյան Չինաստան ավտոմոբիլային երթուղու զարգացման համար, որի մի ճյուղը նաև Բելառուս կտանի, կառուցելու Եվրոպա-Արևմտյան Չինաստան և Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղիները»։   Նորա Վանյան
15:28 - 21 հունիսի, 2022
Դատարանն ավարտեց մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատարի գործով ապացույցների հետազոտումը

Դատարանն ավարտեց մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատարի գործով ապացույցների հետազոտումը

#Կարճասած Դատարանում այսօր շարունակվեց եւ ավարտվեց Պաշտպանության բանակի N զորամասի գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով ապացույցների հետազոտումը։  Վահանյանը հայտարարեց, որ վիրավորվելուց հետո նախ Տողի բուժկետում է եղել, հետո Ստեփանակերտի հոսպիտալում, ապա Խնձորեսկի զինհոսպիտալում, որից հետո տեղափոխվել է Զանգեզուրի կայազորային հոսպիտալ։ Վահանյանի խոսքով՝ իրեն երեք անգամ վիրահատել են։ Մեղադրող դատախազի խոսքով՝ գործի քննության ընթացքում հետազոտվել է այլ բուժհաստատություններում բուժօգնություն ստանալու հանգամանքը, սակայն առկա են միայն իր ներկայացրած փաստաթղթերը, որոնք Զանգեզուրի կայազորային հոսպիտալից էին։  Դատախազն ու տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը նկատեցին՝ թե՛ Խնձորեսկի, թե՛ Զանգեզուրի հոսպիտալներում ընդամենը կատարվել են վիրակապություններ, այլ ոչ թե վիրահատություններ՝ ինչպես պնդում է Վահանյանը։ #Մանրամասն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ այսօր շարունակվեց եւ ավարտվեց Պաշտպանության բանակի N զորամասի գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով ապացույցների հետազոտումը։ Նիստին ներկա էին տուժողների իրավահաջորդներ, նաեւ տուժողներից Դավիթ Սահակյանը։ Նախորդ նիստի ժամանակ մեղադրող դատախազ Գեւորգ Ավետիսյանը հրապարակել էր ամբաստանյալ Վահան Իշխանյանի բուժման վերաբերյալ Զանգեզուրի կայազորային հոսպիտալից ստացված փաստաթղթեր, ըստ որոնց՝ Վահանյանը 2020 թ․ հոկտեմբերի 10-ին ընդունվել է հոսպիտալ «աջ ազդրի կույր բեկորային վնասվածք» ախտորոշմամբ, որից հետո կատարվել է վերքի մշակում, վիրակապում։ Փաստաթղթերից մեկի համաձայն՝ հոկտեմբերի 13-ի դրությամբ վերքի վիճակը գնահատվել է հանգիստ, կատարվել են վիրակապումներ, իսկ հոկտեմբերի 15-ին նշվել է, որ հիվանդի վիճակը բավարար է, տվյալները նորմայի սահմաններում են։ Այնուհանդերձ, երկու օր անց՝ հոկտեմբերի 17-ին, Վահանյանը, ըստ ներկայացված փաստաթղթերի, վիրահատվել է, նրան տրամադրվել է 10-օրյա վերականգնողական արձակուրդ։ Հոկտեմբերի 27-ին արդեն նշվել է, որ նա պիտանի է ծառայության եւ դուրս է գրվում զորամաս։ Դատախազն այսօր շարունակեց ներկայացնել Զանգեզուրի կայազորային հոսպիտալից ստացված փաստաթղթերը, եւ պարզվեց, որ հոսպիտալ ներկայանալու, ապա դուրս գրվելու եւ բուժհաստատություններից ստացված այլ փաստաթղթերը ժամանակագրական որոշակի անհամապատասխանություն ունեին, ինչը նկատեց նաեւ դատավոր Հայրապետյանը։ Դատավորը հստակեցրեց՝ ճի՞շտ հասկացավ, արդյոք, որ Վահանյանը հոկտեմբերի տասին ընդունվել է հոսպիտալ, ապա յոթ օր ստացիոնար բուժումից հետո արձակուրդ ստացել, քանի որ նախորդիվ հետազոտված փաստաթղթերի համաձայն՝ Վահանյանին հոսպիտալ ընդունելուց յոթ օր հետո նոր վիրահատել էին։ Դատավորն այս անճշտության պատճառով դարձյալ ուսումնասիրեց արդեն իսկ հրապարակված փաստաթղթերը, եւ առաջարկեց դրանք հերթով հրապարակելով գալ։ Այդպիսով, Վահանյանի հիվանդության պատմության վերաբերյալ փաստաթղթերում նշված է, որ նա Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել հոկտեմբերի տասին, ժամը, 22:30-ին, ախտորոշվել է «աջ ազդրի վերին երրորդականի կույր բեկորային վիրավորում»։ Ի դեպ, ինչպես նկատեց դատախազ Ավետիսյանը՝ այդ փաստաթղթի վրա նշված ամսաթիվը ջնջումով է, մգեցված գրված է «13.10․2020թ․»։ Հոսպիտալ դիմելու, վիրահատվելու, դուրս գրվելու եւ արձակուրդ ստանալու ժամանակագրական անհամապատասխանությունների առնչությամբ դատախազը մեկնաբանեց, որ մասնագետները հետագայում կպարզաբանեն՝ ինչի հետ է կապված խնդիրը։  Վահանյանի պնդմամբ՝ ինքը 7 օր Խնձորեսկի զինհոսպիտալում է եղել Նիստի ընթացքում հստակեցվեց, որ Վահանյանը սկզբում գտնվել է Խնձորեսկի զինվորական հոսպիտալում՝ շուրջ յոթ օր, ապա Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդուվել հոկտեմբերի 17-ին։ Հոկտեմբերի 13-ի փաստաթղթում նշված է, որ հիվանդի ընդհանուր վիճակը բավարար է, նա գանգատվում է ազդրի ցավերից, երկու օր անց մեկ այլ փաստաթղթում նշված է, որ Վահանյանի վիճակը նորմալ է, վերքը հանգիստ է, իսկ հոկտեմբերի 17-ին Վահանյանն ուղարկվել է Զանգեզուրի կայազորային հոսպիտալ՝ հետագա բուժման ընթացքը ճշտելու նպատակով։ Դատավորը, դիմելով ամբաստանյալին, ճշտող հարց հնչեցրեց՝ այսինքն՝ այդ փաստաթղթերը Խնձորեսկի բուժհաստատությունից են, եւ նա յոթ օր եղել է Խնձորեսկի հոսպիտալո՞ւմ, ինչին ի պատասխան՝ Վահանյանն ասաց․ «Յոթ օր Խնձորեսկում պառկած եմ եղել»։ Այս քննարկման ժամանակ ամբաստանյալն իր խոսքում ներկայացրեց, որ ինքը սկզբում Ստեփանակերտում է եղել, որտեղ իրեն վիրահատել են, հետո տարել են Խնձորեսկի հոսպիտալ, որտեղ նորից վիրահատել են, ապա ուղարկել են Զանգեզուրի կայազորային հոսպիտալ։ Նշենք, որ Վահանյանը ներկայացրեց, որ իրեն վիրահատել են նաեւ հոկտեմբերի 17-ին, հետո տվել արձակուրդ։ Դատարանը ճշտեց՝ ճի՞շտ հասկացավ, որ վիրավորումը ստացել է, դիմել է Ստեփանակերտի հոսպիտալ։ Ամբաստանյալը պատասխանեց․ «Մեզ տարել են Տող (Հադրութի Տող գյուղի մասին է խոսքը,-խմբ), Տողի բուժկետ, հետո Ստեփանակերտ են տարել, նույն օրը գիշերը՝ Խնձորեսկ, յոթ օր մնացել եմ, տարել են Զանգեզուր»,- ասաց Վահանյանը։ Դատարանը հետաքրքրվեց՝ ո՞վ է տարել, ի պատասխան՝ Վահանյանն ասաց՝ «սկոռին»։ Այդ պահին տուժողի իրավահաջորդներից Գեղամ Ղազարյանը՝ զոհվածներից մեկի հայրը, վրդովված հայտարարեց, որ, փաստորեն, Վահանյանի վիրավորումը նրա կյանքին վտանգ չի սպառնացել․ «Բայց ինքը փախել ա, ինքը կարար մնար, իմ տղին վիրակապեր, որ արնաքամ չլիներ, իմ տղեն տասներկու ժամ ապրել ա, կարար վիրակապեր։ Կադրեր կան, չէ՞, զինվորը վիրակապված կռվում ա, բայց էս մարդը ափալ-թափալ փախել ա մայրական խնամքի»։ Այնուհետեւ դատախազը հրապարակեց հաջորդ փաստաթուղթը՝ էպիկրիզ, որ լրացվել է Զանգեզուրի կայազորային հոսպիտալում, տրվել է կլինիկական ախտորոշում՝ «աջ ազդրի վերին երրոդակայի կույր բեկորային վիրավորում»։ Այդ փաստաթղթում նշված է, որ ընդունվելիս Վահանյանը գանգատվել է վերքից։ Դատախազը նաեւ հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալի հայտնած տեղեկությունների վերաբերյալ՝ նշելով, որ քրեական գործի քննության ընթացքում հետազոտվել է այլ բուժհաստատություններում բուժօգնություն ստանալու հանգամանքը, սակայն առկա են միայն իր ներկայացրած փաստաթղթերը, որոնք, ինչպես նշեցինք, Զանգեզուրի կայազորային հոսպիտալից էին։  Ոչ թե վիրահատություն, այլ վիրակապություն Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներից մեկը նիստի ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ՝ նկատելով, որ փաստաթղթերում եւս մի անհամապատասխանություն կա․ բանն այն է, որ դատարանում հնչել են ե՛ւ վիրակապություն, ե՛ւ վիրահատություն բառերը, բայց դրանց բովանդակությանը ծանոթանալիս պարզ է դառնում, որ վիրահատություն չի եղել, այլ վիրակապություն։ Դատավորն ասաց, որ, ըստ գործի նյութերի, Վահանյանը հոկտեմբերի 17-ին Խնձորեսկի հոսպիտալից ուղարկվել է Զանգեզուրի հոսպիտալ, որտեղ եւ 17-ին վիրահատվել է, հետո նրան տրամադրվել է արձակուրդ։ Ի դեպ՝ դատախազը եւս ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ թե՛ Խնձորեսկի, թե՛ Զանգեզուրի հոսպիտալներում ընդամենը կատարվել են վիրակապություններ, այլ ոչ թե, ինչպես նշեց ամբաստանյալը, վիրահատություններ։  Վահանյանի պաշտպանը՝ Գեւորգ Պարունակյանը, այս առնչությամբ հայտարարեց, որ նյութերի հետազոտության ժամանակ էլ առկա են եղել ապացույցներ, որ վիրահատություն եղել է։ Ըստ Պարունակյանի՝ գրավոր ապացույցներում վիրահատություն բառն օգտագործված է։  Դատախազն արձանագրեց, որ Զանգեզուրի կայազորային հոսպիտալից ստացված փաստաթղթում հստակ նշված է, որ կատարված բուժումը վիրակապությունն է, անձը դուրս է գրվել առողջացած, պիտանի է ծառայությանը։ Իսկ վիրակապության մասին նշում փաստաթղթերում, ըստ էության, առկա չէ։ Դատարանն առաջարկեց եւս մեկ անգամ աչքի անցկացնել փաստաթղթերը, ինչը եւ տեղում արվեց։ Նա նկատեց, որ փաստաթղթերից մեկը վերնագրված է «Վիրահատության հիմնավորում»։ Բայց այդ փաստաթղթի բովանդակության մեջ վիրահատության մասին ոչինչ նշված չէր, դրանում հոկտեմբերի 27-ի թվագրմամբ նշված էր, որ հիվանդը վերադարձել է արձակուրդից, ընդհանուր վիճակը բավարար է, գանգատվում է ազդրի թմրածությունից։ Դատախազի ենթադրությամբ՝ դա, ըստ ամենայնի, ձեւաթղթի ձեւն է։ Թեեւ նա կարծիք հայտնեց, որ մասնագետները հետագայում եւս կարող են պարզաբանել։ Այս հստակեցումից հետո հայտարարությամբ հանդես եկավ տուժողի իրավահաջորդ Ալբերտ Ստեփանյանը՝ նշելով, որ պատերազմի սկսվելուց երկու օր առաջ՝ սեպտեմբերի 25-ին, իր որդին որովայնի ճողվածքի վիրահատություն է տարել, բայց նույն ամսի 28-ին՝ պատերազմի սկսվելու հաջորդ օրը, իր որդուն այդ վիճակում Ջրականից տարել են Հադրութի Տող գյուղ․ «Երեխուն տարել են պոստեր, էդ ժամանակ հինգերորդ գումարտակի հրամանատարը Վահան Իշխանյանն ա եղել, ո՞վ ա հրամայել, որ երեխուն էդ կարգավիճակով տանեն պոստեր»,- հարց հնչեցրեց նա․ այդ հարցն այս նիստում անպատասխան մնաց։ Հայտնի չէ՝ ինչ ավտոմեքենայով է Վահանյանը լքել մարտական դիրքը, ով է եղել վարորդը, որտեղ է Վահանյանին պատկանող ավտոմեքենան Նիստի ավարտին դատարանը նշեց, որ Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժինն, ի պատասխան պաշտպանի գրության, հայտնել է, որ գործի քննության ընթացքում պարզվել է, որ Վահանյանը N մարտական դիրքում մարտական հերթափոխություն չի իրականացրել հոկտեմբերի 10-ին։ Պարզվել է, թե որ անձնակազմերն են մարտական հերթապահության նշանակված եղել N մարտական դիրքում, եւ որ այդ դիրքում մարտերի ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին ցուցաբերվել է բուժօգնություն եւ նրանք սանիտարական ավտոմեքենաներով տեղափոխվել են բուժհաստատություններ։ Ձեռնարկված միջոցառումների շրջանակում, սակայն, հնարավոր չի եղել պարզել, թե ովքեր են եղել նշված սանիտարական ավտմենքենրի վարորդները եւ որ զորամասի հաշվեկշում են եղել այդ մեքենաները։  Միջոցառումներով տեղեկեւթյուններ չեն ստացվել նաեւ այն մասին, թե ինչ հանգամանքներում է Վահանյանը սեպտեմբերի 29-ին եւ հոկտեմբերի 10-ին վիրավորում ստացել, մարմնի որ մասերում, եւ արդյոք ստացե՞լ է վիրավորում, թե՞ ոչ, չեն պարզվել նաեւ N մարտական դիրքում վիրավորված, Վանք գյուղում շրջափակված, գերեվարված, վիրավորված զինծառայողների ինքնությունները, ինչպես նաեւ Վահանյանի հետ Տող գյուղի հոսպիտալ տեղափոխված զինծառայողների ինքնությունները։ Տեղեկություններ չկան նաեւ այն մասին, թե ինչ ավտոմեքենայով է Վահանյանը լքել մարտական դիրքը, ով է եղել վարորդը, եւ թե որտեղ է Վահանյանին պատկանող ավտոմեքենան։ Այսպիսով, ինչպես նշեցինք, գրավոր ապացույցների հետազոտությունն ավարտվեց, իսկ իրեղեն ապացույցներ չկան։ Ըստ ապացույցների հետազոտման հաջորդականության՝ հաջորդիվ պետք է հարցաքննվեն գործով վկաները։ Բայց քանի որ այսօր նրանց ներկայությունն ապահովելն անհնարին էր, դատարանը գործի քննությունը որոշ ժամանակով հետաձգեց։ Հաջորդ նիստը նշանակվեց այս ամսվա 28-ին։  Հիշեցնենք՝ Վահանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ եւ 380-րդ հոդվածի 1-ին մասերով՝ պատերազմի ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։ Վահանյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։ Հայարփի Բաղդասարյան
20:55 - 20 հունիսի, 2022
«Ռեստարտ»-ի անդամներն արդարացվեցին. դատարանը հրապարակեց դատավճիռը

«Ռեստարտ»-ի անդամներն արդարացվեցին. դատարանը հրապարակեց դատավճիռը

«Ռեստարտ» նախաձեռնության վեց անդամներ Դավիթ Պետրոսյանը, Դավիթ Սիմոնյանը, Գարիկ Միսկարյանը, Արամայիս Պետրոսյանը, Հրաչյա Խլղաթյանը եւ Յուրի Ավագյանը քիչ առաջ արդարացվեցին։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, հրապարակեց տղաների վերաբերյալ գործով դատավճիռը։ Դատարանը ճանաչեց եւ հռչակեց ամբաստանյալների անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում։ Խոսքը վերաբերում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առեւանգման փորձ կատարելուն։ Տղաներն արդարացվեցին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Նրանց նկատմամբ ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը կվերացվի։ Հիշեցնենք՝ մեղադրող դատախազ Սեւակ Պողոսյանը միջնորդել էր տղաներին դատապարտել 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան: Գործով տուժող Նարեկ Մալյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը միացել էր դատախազի հիմնավորումներին՝ բացառությամբ պատիժը պայմանականորեն չկիրառելուն։ Պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանը եւ Կարեն Մեժլումյանը, սակայն, դատարանում պնդել էին՝ առաջադրված մեղադրանքում իրենց պաշտպանյալները պետք է արդարացվեն։ Այս քրեական գործը հարուցվել էր 2019 թ․ մարտի 4-ին Երեւանի Ամիրյան փողոցում տեղի ունեցած միջադեպի առիթով։ «Ռեստարտ»-ի անդամները փորձել էին աղբարկղը նետել Նարեկ Մալյանին, ինչը կանխվել էր տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից։ Ի սկզբանե գործը հարուցվել էր ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի՝ խուլիգանության հատկանիշներով, սակայն հետագայում տղաներին մեղադրանք էր առաջադրվել 34-131-րդ՝ առեւանգման փորձի հոդվածով։ Ողջ դատաքննության ընթացքում նրանք պնդել են, որ Մալյանին առեւանգելու միտում չեն ունեցել, այլ իրականացրել են սոսկ ակցիա՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Մալյանը տեւական ժամանակ իրենց հասցեին վիրավորանքներ, ընդհուպ մինչեւ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել։ Գործը դատարանում քննվում էր գրեթե 3 տարի՝ 2019 թ․ օգոստոս ամսից սկսած։ Միլենա Խաչիկյան
15:37 - 20 հունիսի, 2022
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Ղրիմի բռնակցման համար ՌԴ դեմ գործող պատժամիջոցները

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Ղրիմի բռնակցման համար ՌԴ դեմ գործող պատժամիջոցները

Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է պատժամիջոցների գործողության ժամկետը, որոնք Ռուսաստանի դեմ սահմանվել էին Ղրիմի թերակղզու բռնակցման համար։ Պատժամիջոցները գործելու են մինչև 2023 թ-ի հունիսի 23-ը, հայտնում է DW-ն։ Պատժամիջոցների այդ փաթեթում ներառված են ապրանքների ներկրման և արտահանման սահմանափակումներ, եվրոպական ընկերություններին արգելված է զբոսանավեր կառանել Ղրիմի նավահանգիստներում և զբոսաշրջային այլ ծառայություններ մատուցել թերակղզում, ինչպես նաև սարքավորումներ մատակարարել, ներդրումներ կատարել և նավթի ու գազի արդյունահանման գործունեություն իրականացնել։ Ղրիմի և Սևաստոպոլի դեմ տնտեսական պատժամիջոցներն ընունվել են 2014 թ-ի ամռանը։ Եվրամիությունը նշում է, որ նախկինի պես չի ընդունում Ռուսաստանի կողմից Ղրիմի ապօրինի բռնակցումն ու դատապարտում է այն՝ որպես միջազգային իրավունքի նորմերի խախտում։   Նորա Վանյան Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում  
15:30 - 20 հունիսի, 2022
Կրեմլի գնահատմամբ՝ Լիտվայի տարածքով դեպի Կալինինգրադ ապրանքների տարանցման արգելքն ապօրինի է

Կրեմլի գնահատմամբ՝ Լիտվայի տարածքով դեպի Կալինինգրադ ապրանքների տարանցման արգելքն ապօրինի է

Կրեմլն ապօրինի է որակել Լիտվայի որոշումը, որի համաձայն՝ արգելվում է Լիտվայի տարածքով ԵՄ պատժամիջոցային ցանկում ներառված ապրանքների տարանցումը ՌԴ մյուս շրջաններից դեպի Կալինինգրադ, հայտնում է «Ինտերֆաքսը»։ Մոսկվան խոստանում է մի քանի օրում վերլուծել իրավիճակը՝ նախքան պատասխան միջոցներ ձեռնարկելը։ «Այս որոշումն իրոք աննախադեպ է, դա ամեն ինչի խախտում է։ Մենք հասկանում ենք, որ դա կապված է Եվրամիության համապատասխան որոշման հետ, որ պետք է պատժամիջոցները տարածել տարանցման վրա։ Սա նույնպես ապօրինի ենք համարում», - լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այն մասին, որ Ռուսաստանի մյուս շրջաններից բեռների տարանցումը դեպի Կալինինգրադի շրջան զգալիորեն կրճատվելու է Լիտվայի իշխանության կողմից, նախորդ ուրբաթ հայտնել էր շրջանի ղեկավար Անտոն Ալիխանովը։ Նրա խոսքով, նախնական գնահատականով, դա վերաբերում է տարանցիկ ապրանքների 40-50%-ին։ Խոսքը շինարարական բեռների, ցեմենտի, մետաղների և այլ ապրանքների մասին է։   Նորա Վանյան Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
15:11 - 20 հունիսի, 2022
Դանիան միացել է ԵՄ պաշտպանական քաղաքականությանը

Դանիան միացել է ԵՄ պաշտպանական քաղաքականությանը

Դանիան միացել է Եվրամիության պաշտպանական քաղաքականությանը։ Այս մասին, ինչպես նշված է ԵՄ դիվանագիտական գերատեսչության կայքում, հայտնել է Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Դանիան միացել է եվրոպական պաշտպանական քաղաքականությանը։ Դանիայի արտգործնախարարը մեզ է փոխանցելու փաստաթուղթն այն մասին, որ դանիացիներն ուզում են Եվրամիության օգնությամբ ավելացնել իրենց պաշտպանական ներուժը», - ասել է Բորելը։ Դանիայում հունիսի 1-ին, հանրաքվե է անցկացվել ԵՄ պաշտպանական հարցերով համագործակցության ծրագրին երկրի մասնակցության մասին։ Դանիացիների երկու երրորդը կողմ է արտահայտվել ծրագրին միանալուն։ Դանիան ԵՄ միակ պետությունն էր, որը չէր մասնակցում Պաշտպանության և անվտանգության ընդհանուր քաղաքականությանը։ Դանիայի համար ԵՄ բացառությունը գործում էր 1993 թ-ից։ Այն նշանակում էր, որ Կոպենհագենը մասնակցում է ԵՄ քաղաքացիական առաքելություններին, բայց՝ ոչ ռազմական։ Բացի այդ, թագավորությունը չէր մասնակցում սպառազինության համատեղ մշակմանը, ռազմական սարքավորումների ձեռքբերմանն ու անվտանգության հարցերի քննարկմանը։   Նորա Վանյան Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
14:37 - 20 հունիսի, 2022
Ռուբեն Վարդազարյանը իր և Գագիկ Ջհանգիրյանի առանձնազրույցի ձայնագրություն հրապարակեց

Ռուբեն Վարդազարյանը իր և Գագիկ Ջհանգիրյանի առանձնազրույցի ձայնագրություն հրապարակեց

Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը ասուլիսի ժամանակ հրապարակեց իր և ներկայումս ԲԴԽ նախագահի լիազորությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի՝ Վարդազարյանի խոսքով 2021 թ.-ի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցի ձայնագրությունը: Վարդազարյանը նշեց, որ խոսքն այն մասին է, որ իրեն առաջարկվել է հրաժարական տալ. «Ով ինձ փոխանցել է առաջարկությունը, իր անունը չեմ տա, բայց ինձ փոխանցվել է վարչապետի անունից: Ես ասել եմ՝ մինչև մարտի 1-ը ինձ ժամանակ է պետք, որովհետև գործուղում ունեմ Մոսկվա, ամսի մեկին ես կհանդիպեմ վարչապետին, ու եթե հրաժարականի պահանջ կա, այդ մարդը պետք է ինձ ասի, ոչ թե փոխանցի երրորդ, չորրորդ անձանց միջոցով»:  Ինչպես ասուլիսի ընթացում նշեց Վարդազարյանը, այդ հանդիպումը չի կայացել: Ռուբեն Վարդազարյանի մեկնաբանմամբ ձայնագրությունում Ջհանգիրյանը ասում է իրեն հրաժարական ներկայացնել մինչև մարտի մեկը, և այդ դեպքում իր նկատմամբ քրեական գործ չի հարուցվի, իսկ դրանից հետո ինքը՝ Ջհանգիրյանը, որևէ այլ բան, քան քրեական հետապնդում չի երաշխավորում. «Իսկ մինչև ամսի մեկը հրաժարական տալու դեպքում, լսեցիք, որ երաշխավորում է՝ ոչ մի հետապնդում չի լինելու: Հարցին, թե ես օրեր առաջ ինչը մերժեցի, որ իմ ֆեյսբուքյան էջում տեղադրեցի, հետևյալն էր. առաջարկ էի ստացել Ջհանգիրյանի անունից հետևյալի վերաբերյալ, որ մինչև ժամը 12-ը եթե ես հրաժարական տամ, ապա կվերադառնամ, կդառնամ դատավոր, կաշխատեմ որպես ԲԴԽ անդամ՝ Ջհանգիրյանի նախագահության դեպքում, և որևէ կարգապահական վարույթ չի լինի: Այսինքն՝ ստացվում է՝ հրաժարականի դեպքում չկա կարգապահական խախտում, իսկ հրաժարական չտալու դեպքում կա»: Նրա խոսքով՝ «ակնհայտ երևաց և՛ քաղաքական դրդապատճառը՝ ինչու է դա կատարվում, երևաց՝ ոնց է դա կատարվում, ինչ են առաջարկել»: Վարդազարյանի փաստաբան Արամ Օրբելյանը ներկայացրեց իրավական հատվածը: Նա նշեց. «Փաստորեն քննարկվում է անձի՝ աշխատանքից, առնվազն ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, քննարկվում է, որ դա պայմանավորված է, օրինակ, ԲԴԽ նախագահի հայտարարություններով, ձայնագրության տերմինալոգիայով ասած, դիրքավորմամբ: Այսինքն՝ ոչ թե դա խախտում է, խնդիր է, [այլ] ուղղակի դուր չի գալիս, որ գործադիր ու օրենսդիր իշխանություններին պատասխան է հնչում դատական համակարգից: Տեսնում ենք՝ ինչ-որ մարդիկ ինչ-որ գործընթացներում տարբեր շարժառիթներ ունեն... Այս բոլորը ակնհայտորեն ցույց են տալիս, որ և՛ քրեական հետապնդումը՝ այն քրգործը, որը այսօր գնում է, և որի շրջանակներում բողոքարկումներ են տեղի ունենում, և՛ կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացը ունեն մեկ նպատակ՝ հեռացնել ԲԴԽ նախագահին, որ այդ տեղն ազատվի, ու հնարավոր լինի այլ անձի նշանակել»: Վարդազարյանը նշեց, որ գուցե հարց առաջանա, թե ինչու են իրեն ցանկանում հեռացնել, ինչով է ինքը խանգարում Բարձրագույն դատական խորհրդում: Նրա խոսքով միակ խնդիրը հետևյալն է. «Ես կտրականապես դեմ եմ, որ դատարանները կատարեն քաղաքական պատվերներ, և միշտ բուֆերի դեր եմ կատարել դատավորների և այն անձանց՝ կլինեն իշխանությունից, թե ընդդիմությունից, թե հասարակական կառույցից, միջև: Իմ խորին համոզմամբ միակ դրական ելքը, որ կարող է ունենալ դատական համակարգը, ապաքաղաքական լինելն է: Ես ամեն ինչ արել եմ, որ դատարանը հնարավորինս արագ և որակով ապաքաղաքականանա: Այս պատճառով ես ձեռք չեմ տալիս իշխանությանը»: ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված նախագահը հայտնեց, որ իր և Ջհանգիրյանի հանդիպումը կազմակերպել է ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը՝ լարվածությունը շտկելու համար. «Իսկ ես քանի որ գիտեի, որ շփվելու եմ մի մարդու հետ, որ կարմիր գիծ չունի, խնդրեցի իմ ընկերներին, տվեցին սարք, որով այս ձայնագրությունը տեղի ունեցավ»:  Նա նշեց, որ ինքը ճիշտ է արել, որ ձայնագրել է խոսակցությունը, որովհետև եթե այլ կերպ պատմեր, իրեն չէին հավատա կամ ապացույցներ կուզեին. «Ինձ մեղադրանք է առաջադրել այն ժամանակ դատավոր Անդրանիկ Սիմոնյանը, որը ձայնագրել է իմ հեռախոսային խոսակցությունը, և, դա տրամադրելով իշխանություններին, դարձել է ԱԱԾ տնօրենի տեղակալ: Նույն իրավիճակն է»: Վարդազարյանը նշեց, որ ինքը վստահ է, որ այս ձայնագրությունն էլ ոչինչ չի փոխելու, ու իր լիազորությունները դադարեցնելու են: Հիշեցնենք՝ Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ Գործն այժմ դատարանում է։ Վարդազարյանի փաստաբան Արամ Օրբելյանը ասուլիսի ժամանակ մեկնաբանեց ձայնագրությունն ու ասաց, որ հրապարաված զրույցում ոչ թե քննարկվում է Վարդազարյանի՝ հրաժարական տալու կամ չտալու հարցը, այլ այն, որ հրաժարական տալու հարցը արդեն իսկ որոշված է, դրա մասին հայտնել են Վարդազարյանին, բայց որ որոշակի ժամկետից հետո Ջհանգիրյանը այլևս ոչինչ չի կարող անել քրգործ չհարուցելու համար:
13:52 - 20 հունիսի, 2022