Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Հայ ժողովուրդը պատրաստ է մինչև վերջին շունչը պայքարել իր երազանքի համար. Արարատ Միրզոյանի ուղերձը

Հայ ժողովուրդը պատրաստ է մինչև վերջին շունչը պայքարել իր երազանքի համար. Արարատ Միրզոյանի ուղերձը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսի 28-ի առթիվ.«Սիրելի հայրենակիցներ, 1918֊ի այս օրերին հայ ժողովուրդը, հյուծված ցեղասպանությունից, սովից, համաճարակներից, լքված դաշնակիցների կողմից, դուրս եկավ ամենաիսկական կենաց֊մահու կռվի և անհավատալի սխրանք գործելով Սարդարապատում, Բաշ֊Ապարանում և Ղարաքիլիսայում՝ կանգնեցրեց թուրքական զորքերի առաջխաղացումը։Այդ սխրանքի արդյունքում հայ ժողովուրդը ոչ միայն հաստատեց ապրելու իր իրավունքը, այլև ամրագրեց իր՝ իբրև ազգային հանրույթի, սեփական հայրենիքում ինքնորոշվելու և պետականություն ունենալու իրավունքը։Հազարամյա դադարից հետո աշխարհի քարտեզի վրա վերականգնվեց Հայաստան պետությունը՝ իբրև ապացույց, որ հայ ժողովուրդն իր սրտում շարունակում է փայփայել ազատ, արժանապատիվ ու երջանիկ հայրենիքի մասին երազանքը և պատրաստ է մինչև վերջին շունչը պայքարել այդ երազանքի համար։100֊ամյա վաղեմության այդ հերոսական իրադարձությունները մշտական ոգեշնչման, հպարտության և պատասխանատվության աղբյուր պետք է լինեն մեր համար՝ մեր երազանքների Հայաստանը կերտելու մեր հանձնառության գործում։Շնորհավոր տոնդ, Հայաստան։Շնորհավոր տոնդ, հայ ժողովուրդ»։
10:11 - 28 մայիսի, 2019
Հայաստանի խորհրդարանի ղեկավարն ընդունել է Շվեդիայից ժամանած ներկայացուցչական պատվիրակությանը

Հայաստանի խորհրդարանի ղեկավարն ընդունել է Շվեդիայից ժամանած ներկայացուցչական պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 23-ին ընդունել է Շվեդիայի Թագավորությունից ժամանած ներկայացուցչական պատվիրակությանը, որի կազմում էին Շվեդիայի զարգացման համագործակցության գործակալության, Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան անձինք, ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմը:Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` օրենսդիր մարմնի ղեկավարը ներկայացրել է այն բարեփոխումները, որոնք սկիզբ են առել Թավշա հեղափոխությունից եւ ազատ, արդար ու ժողովրդավարության ոգով անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո: Մասնավորապես նա մանրամասներ է ներկայացրել դատական համակարգի բարեփոխումների, անցումային արդարադատության, ընտրական համակարգի, հարկային, տնտեսական ոլորտների բարեփոխումների ուղղությամբ իրականացվող քայլերի մասին:«Երիտասարդ ժողովրդավարությունը, քաղաքացիական հասարակության հետագա զարգացումը մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն: Ինչ խոսք, այս ճանապարհն ավելի հեշտորեն կարող ենք անցնել միջազգային գործընկերների աջակցությամբ»,-նշել է Արարատ Միրզոյանը:Հյուրերի խնդրանքով խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է նաեւ Ազգային ժողովում իրականացվող ծրագրերը՝ ուղղված խորհրդարանի, պատգամավորների, աշխատակազմի կարողությունների հզորացմանը, վերլուծական, փորձագիտական կառույցների կայացմանը:Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմը նշել է, որ իրենց պատվիրակությունը լավ ժամանակ է այցելել Երեւան, եւ իր երկիրը հետաքրքրված է խորացնելու համագործակցությունն ու աջակցման ծրագրերը զարգացման նոր ուղի ընտրած Հայաստանի հետ: Նա կարեւորել է միջխորհրդարանական համագործակցությունն ամենատարբեր ձեւաչափերով` հույս հայտնելով, որ խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության այցը Ստոկհոլմ կխթանի ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կառույցների շրջանակներում գործակցության ընդլայնմանը:Շվեդիայի զարգացման համագործակցության գործակալության Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի վարչության փոխտնօրեն Քրիստինա Հարթլերը, ներկայացնելով այցի առաքելությունը, ընդգծել է, որ նպատակ ունեն ծանոթանալու մեր երկրում հաստատված նոր իրողություններին, համագործակցության այն հնարավորություններին, որոնք իրենց կազմակերպությունը կարող է իրականացնել Հայաստանում մասնավորապես ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության ամրապնդման, տնտեսության զարգացման, խորհրդարանի կարողությունների հզորացման ուղղությամբ: Նա կարեւորել է Ազգային ժողովի նախագահի այն նախաձեռնությունը, ըստ որի ստեղծվել է հարթակ` համակարգելու եւ ավելի նպատակային դարձնելու խորհրդարանական կառույցների գործունեության բարելավմանն ուղղված միջազգային դոնոր կազմակերպությունների ջանքերը:
12:46 - 23 մայիսի, 2019
Արարատ Միրզոյանը և Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահը շեշտել են փոխադարձ շահագրգռվածությունը երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման հարցում

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահը շեշտել են փոխադարձ շահագրգռվածությունը երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման հարցում

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին մասնակցելու նպատակով Բիշքեկում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 19-ին հանդիպել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ: Ողջունելով գործընկերոջը՝ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է նոր լիցք հաղորդել հայ-ղազախական միջխորհրդարանական համագործակցությանը: Ազգային ժողովի նախագահը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջեւ հետեւողականորեն զարգանում է քաղաքական երկխոսությունը, ակտիվանում են միջպետական շփումները: Կողմերն արձանագրել են ակտիվ փոխգործակցության պատրաստակամությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում եւ շեշտել փոխադարձ շահագրգռվածությունը երկկողմ տնտեսական համագործակցության հետագա արդյունավետ զարգացման հարցում: Ըստ Արարատ Միրզոյանի՝ խորհրդարանական բաղադրիչն իր ուրույն դերն ունի հայ-ղազախական հարաբերություններում՝ նշանավորելով միջխորհրդարանական բարեկամական խմբերի դերը: Այս առումով օրենսդիր մարմնի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ մոտ օրերս Նուր-Սուլթանում կկայանա Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբերի անդրանիկ նիստը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մեծապես կարեւորել է նաեւ համագործակցությունը միջազգային խորհրդարանական կազմակերպություններում: Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը, շնորհավորելով Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Երկուստեք բարձր է գնահատվել Ղազախստանի հայ համայնքի դերը երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային եւ հասարակական կյանքում: Մաժիլիսի նախագահը ներկայացրել է իր պատվիրակության կազմում ընդգրկված հայազգի պատգամավոր Նարինե Միքայելյանին, ով Մաժիլիսի օրենսդրության եւ դատաիրավական ռեֆորմների հանձնաժողովի անդամ է: Շեշտվել է, որ Ղազախստանի 11 քաղաքներում գործում են հայերի մշակութային միություններ: Նուրլան Նիգմատուլինը շնորհակալություն է հայտնել այս տարվա սեպտեմբերի 24-25-ին Նուր-Սուլթանում կայանալիք Եվրասիական երկրների խոսնակների համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար: Ի պատասխան Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ Ազգային ժողովը մեծապես կարեւորում է այդ հարթակը եւ տեղեկացրել, որ հայկական կողմն առաջարկելու է հաջորդ նիստն անցկացնել Երեւանում: Նուրլան Նիգմատուլինը հրավիրել է Արարատ Միրզոյանին պաշտոնական այց կատարել Ղազախստան՝ երկխոսությունը շարունակելու նպատակով: Հանդիպման ավարտին Մաժիլիսի նախագահը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին 2019թ. հունիսի 9-ին միջխորհրդարանական կազմակերպությունների դիտորդական առաքելությունների կազմում ՀՀ ԱԺ պատգամավորներ ընդգրկելու համար:
15:34 - 20 մայիսի, 2019
ՀՀ-ն պատրաստակամ է էլ ավելի զարգացնելու հայ-ռուսական հարաբերությունները. ԱԺ նախագահ

ՀՀ-ն պատրաստակամ է էլ ավելի զարգացնելու հայ-ռուսական հարաբերությունները. ԱԺ նախագահ

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին մասնակցելու նպատակով Բիշքեկում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:Գոհունակությամբ արձանագրելով հանդիպման փաստը` կողմերը կարեւորել են նման ձեւաչափերի, ինչպես նաեւ երկու խորհրդարանների ղեկավարների միջեւ ոչ ֆորմալ շփումների անհրաժեշտության կարեւորությունը` երկկողմ օրակարգային հարցերին անհրաժեշտ լուծումներ տալու համար: ՌԴ ԴԺ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը շեշտել է, որ ռազմաքաղաքական դաշինքում գտնվելը ենթադրում է վստահության հատուկ մակարդակ եւ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի առաջիկա նիստը հնարավորություն կընձեռի հանգամանալի անդրադառնալու օրակարգային բոլոր հարցերին:Վյաչեսլավ Վոլոդինը վերահաստատել է նաեւ Արարատ Միրզոյանին ուղղված իր հրավերը՝ մասնակցելու հուլիսի 1-2-ը ՌԴ ԴԺ Պետական դումայում կազմակերպված «Պառլամենտարիզմի զարգացումը» խորագրով միջազգային համաժողովին, որի ընթացքում աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների խոսնակներ կքննարկեն պառլամենտարիզմի հետագա զարգացման հարցեր:Ազգային ժողովի նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունն էլ ավելի զարգացնելու հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերությունները, ինչին միանշանակորեն կնպաստեն խորհրդարանների ղեկավարների պարբերական շփումները:Արարատ Միրզոյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը պատրաստ է 2019թ. աշնանը Երեւանում հյուրընկալելու ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ լիագումար նիստերը:Այնուհետ անդրադարձ է կատարվել ՌԴ-ում բնակվող հայ համայնքին, որը մեծապես նպաստում է երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանը: Կողմերը փաստել են, որ երկու ժողովուրդների առջեւ պատասխանատվությունը պետք է դրդի խորհրդարանականներին էլ ավելի ընդլայնելու երկկողմ հարաբերությունների խորացման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերը:
10:49 - 20 մայիսի, 2019
Արարատ Միրզոյանն առաջարկում է վարչապետի որոշ լիազորություններ փոխանցել կառավարությանը և ԱԺ-ին

Արարատ Միրզոյանն առաջարկում է վարչապետի որոշ լիազորություններ փոխանցել կառավարությանը և ԱԺ-ին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պաշտոնապես շրջանառության մեջ է դրել օրինագծերի փաթեթ, որով նախատեսվում է ընդլայնել կառավարության եւ Ազգային ժողովի, այդ թվում ընդդիմադիր խմբակցությունների լիազորություններն ի հաշիվ վարչապետի լիազորությունների:Մասնավորապես, Արարատ Միրզոյանը փոփոխություններ է առաջարկում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում, ինչպես նաեւ ՏՄՊՊՀ-ին ու ՀԾԿՀ-ին վերաբերող օրենքներում: Օրինագծերով առաջարկվում է փոխել Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) ձեւավորման սկզբունքը:Այսօր գործող կարգավորումներով, այդ հանձնաժողովների նախագահներին եւ անդամներին ԱԺ-ն նշանակում է վարչապետի առաջարկությամբ:Նոր օրինագիծը նախատեսում է, որ այդ հանձնժողովոների առաջին կազմի նախագահների լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքը վարչապետի փոխարեն վերապահել Կառավարությանը:Ինչ վերաբերում է այդ հանձնաժողովների անդամներին, նախագիծը ենթադրում է, որ այդ հանձնաժողովների անդամների թափուր պաշտոններում թեկնածուներին հաջորդաբար առաջադրում են Կառավարությունը, Ազգային ժողովի կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունները:Եթե Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները մեկից ավել են, ապա ԱԺ կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները ինքնավար մարմնի անդամի համապատասխան թափուր պաշտոնում առաջադրում են նախապես համաձայնեցված՝ մեկ միասնական թեկնածու: Եթե Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությանը վերապահված ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում օրենքով սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է Ազգային ժողովի կառավարող խմբակցությանը:
06:31 - 17 մայիսի, 2019
Չկան առանձին Հայաստանի և առանձին Արցախի շահեր, մեր շահերը միասնական են բոլոր ուղղություններով. Արարատ Միրզոյան

Չկան առանձին Հայաստանի և առանձին Արցախի շահեր, մեր շահերը միասնական են բոլոր ուղղություններով. Արարատ Միրզոյան

Մայիսի 15-ին Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 13-րդ նիստը: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը բացման խոսքում ողջունել է Արցախի Հանրապետության գործընկերներին եւ հայոց երկու խորհրդարանների միջեւ համագործակցության հանձնաժողովի հերթական՝ 13-րդ նիստի կապակցությամբ, որն առաջինն է ՀՀ ԱԺ 7-րդ գումարման ընթացքում: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ ամենաբծախնդիր միջազգային դիտորդական առաքելությունների կողմից 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները գնահատվել են որպես ազատ, ժողովրդավարական, թափանցիկ, ինչը, ըստ ԱԺ նախագահի, չափազանց կարեւոր հանգամանք է: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Արցախի գործընկերներին այդ ընտրություններին դիտորդական առաքելությամբ հանդես գալու համար եւ պատրաստակամություն հայտնել Արցախում սպասվող համապետական ընտրությունների ժամանակ հանդես գալ դիտորդական առաքելությամբ: ԱԺ նախագահ ընտրվելուց հետո Արարատ Միրզոյանն անհրաժեշտ է համարել իր առաջին այցը կատարել Արցախ: «Շփումների ընթացքում բոլոր պատգամավորների միջեւ ձեւավորվել են բարեկամական, ընկերական հարաբերություններ՝ անկախ երկու խորհրդարանականների կուսակցական պատկանելությունից: Հաստատված կապերի մեջ առանձնահատուկ դեր ունեն հանձնաժողովի աշխատանքները՝ որպես կոնկրետ քննարկումների հնարավորություն ընձեռող ձեւաչափ», -ասել է խորհրդարանի ղեկավարը: ԱԺ նախագահը կարեւորել է համատեղ աշխատանքների արդյունքում համազգային միասնական քաղաքական օրակարգի ձեւավորումը: «Վստահ եմ, որ դա մեր բոլորի ցանկությունը եւ դրա համար առկա են բոլոր հնարավորություններն ու նախապայմանները: Չկան առանձին Հայաստանի եւ առանձին Արցախի շահեր, մեր շահերը միասնական են բոլոր ուղղություններով եւ դրանք պետք է հետեւողականորեն առաջ տանել»,-նշել է Արարատ Միրզոյանը: Նա կարեւորել է նիստի օրակարգային թեման, այն է՝ խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման հեռանկարները եւ խորհրդարանական դիվանագիտության դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: «Մեր խորհրդարանականները, միջազգային հանրության համար առավել հասանելի դարձնելով ղարաբաղյան հիմնախնդրի ծագման դրդապատճառները, էությունն ու առանձահատկությունները, վստահաբար իրենց ամենօրյա հետեւողական քայլերով պետք է նպաստեն Արցախի միջազգային ճանաչման գործին»,-ասել է ԱԺ նախագահը: Օրենսդիր մարմնի ղեկավարն ընդգծել է, որ իրավահավասարությունը եւ ազգերի ինքնորոշման սկզբունքի կիրառումը մարդու հիմնարար իրավունքների իրագործման երաշխիքներից են: «Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է եւ կերտում է մեր նախնիների երազած ժամանակակից երկիրը, որի հիմքում են քաղաքացու հիմնարար ազատությունները: Հնարավոր չէ ապրել եւ արարել թշնամական միջավայրում, որտեղ վտանգի տակ է դրվում բնակչության ֆիզիկական անվտանգությունը: ԼՂ ժողովրդի խնդիրները կարիք ունեն առավել միջազգայնացված լինելու. հենց սրանք են հայ պատվիրակների կողմից հնչեցված դիրքորոշումները եւ մոտեցումները տարբեր միջազգային հարթակներում: Մենք ջանք չենք խնայում Ադրբեջանի կողմից իրականությունը խեղաթյուրելու, ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ քննարկումներն այլ հարթակներ տեղափոխելու, տարբեր խորհրդարանական հարթակներում իրականության հետ առնչություն չունեցող բանաձեւերի առաջմղմանը դիմակայելու հարցում»,-ասել է Արարատ Միրզոյանը: Խոսելով միջազգային կառույցներում ՀՀ ԱԺ պատվիրակությունների գործունեության մասին՝ խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է ԵԽԽՎ շրջանակներում տարվող աշխատանքներին՝ ընդգծելով, որ ԵԽ-ն հակամարտությունների կարգավորման համապատասխան մանդատ եւ մեխանիզմ չունի, սակայն կազմակերպությունն իր գործառույթների շրջանակներում կարող է ուղղակիորեն շփումներ նախաձեռնել Արցախի Հանրապետության հետ՝ անկախ որեւէ հանգամանքից: «Մեր ձեռնարկվող քայլերը ԵԱՀԿ, ՆԱՏՕ, ՍԾՏՀ ԽՎ-ներում եւ այլ հարթակներում ուղղված են բարձրաձայնելու ԼՂ-ում ապրող մարդկանց խնդիրները, ինչպես նաեւ հնարավորինս իրականանալի դարձնելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հավասարապես կիրառումը Եվրոպա մայրցամաքի ամբողջ տարածքում, այդ թվում եւ ԼՂ-ում: Այս տարի լրացավ Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հրադադարի ռեժիմի հաստատման 25-ամյակը: Այս ընթացքում մենք հավատարիմ ենք եղել հրադադարի եռակողմ համաձայնագրի տառին ու ոգուն եւ հանձնառու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելուն»,-ասել է Արարատ Միրզոյանը: Ըստ ԱԺ նախագահի՝ հանդես գալով միջազգային խորհրդարանական հարթակներում՝ Հայաստանի պատվիրակները հատուկ շեշտադրումով նշում են, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում վստահության մթնոլորտի ձեւավորումն ունի կենսական նշանակություն: «Ուրախալի է, երբ տեսնում ենք մեր համատեղ հետեւողական քայլերի արդյունքները՝ Արցախի խորհրդարանի հետ բարեկամության խմբերի շրջանակն ընդլայնելու միտումները, տարեցտարի Արցախ այցելող միջազգային պատվիրակությունների աճող քանակը, աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների կողմից ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ճշմարիտ գնահատականները: Այս ամենն Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված այն քայլերն են, որոնց իրականացման համար համախմբվել են Հայաստանը, Արցախը, եւ Սփյուռքը եւ ինչի շնորհիվ մենք ապացուցում ենք, որ միասին անհաղթելի ենք»,-ասել է խորհրդարանի ղեկավարը: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հանձաժողովի անդամներին նիստին մասնակցելու համար՝ ցանկանալով նորանոր միասնական հաջողություններ: Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը գոհունակություն է հայտնել միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը Երեւանում անցկացնելու կապակցությամբ: Նրա խոսքով՝ անցած ամիսների ընթացքում ՀՀ խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը բարձր ներկայացվածությամբ այցելել են Արցախ եւ հանդիպումներ ունեցել ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ: Քաղաքական ուժերի միջեւ շփումներին զուգահեռ ԱՀ ԱԺ նախագահը կարեւորել է հանձնաժողովների համատեղ նիստերի անցկացման ձեւաչափը, ինչն ապացուցել է իր արդյունավետությունը: Օրենսդիր մարմնի ղեկավարը խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման համատեքստում կարեւորել է պատգամավորական ներուժի կիրառումը: «ՀՀ միջազգային հեղինակությունն այսօր անհրաժեշտ դրական ազդակներ է հաղորդում միջազգային համահայկական օրակարգի հարցերն առաջ մղելու համար: Այս համատեքստում մեր հիմնական ջանքերը պետք է սեւեռվեն միջազգային գործընկերների հետ առկա հարաբերություններն ամրապնդելու, նոր գործընկերային կապեր հաստատելու եւ տարբեր հարթակներում Արցախի ճանաչելիության հարցերը բարձրաձայնելու վրա»,-ասել է Աշոտ Ղուլյանը: Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, Հայաստանի խորհրդարանի գործընկերներին՝ ջերմ ընդունելության համար եւ մաղթել օգտավետ աշխատանք: Այնուհետեւ խորհրդարանականներն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը, որն ընթացել է դռնփակ ձեւաչափով:
16:10 - 15 մայիսի, 2019
«Կամեռաների» առաջ արած հայտարարությունները պիտի համապատասխանեն առանց «կամեռաների» արվող հավաստիացումներին. Արարատ Միրզոյանը |aysor.am|

«Կամեռաների» առաջ արած հայտարարությունները պիտի համապատասխանեն առանց «կամեռաների» արվող հավաստիացումներին. Արարատ Միրզոյանը |aysor.am|

aysor.am: Հասկանում եմ, որ Արցախում մեկնարկել է նախընտարական շրջանը, բայց կառաջարկեի, որ մեր գործընկներն առաջ չընկնեին իրադարձություններից, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը: «Ընդհանրապես, այս և պարոն Բալասանյանի մնացած հայտարարությունների մասով կոչ կանեի, որ «կամեռաների» առաջ հնչեցված հայտարարությունները համապատասխան լինեին առանց «կամեռաների» արվող հավաստիացումների: Այսքանը, թերևս, թույլ տվեք այլևս գայթակղությանը չտրվել», - ասաց Միրզոյանը՝ նշելով, որ ավելի մեկնաբանություն չի ուզում անել: Արցախի Հանրապետության նախագահ Աշոտ Ղուլյանն էլ իր հերթին նշեց, որ որևէ հակասություն կողմերի մեջ չկա և ՀՀ ու Արցախի հարաբերությունների մեջ չկա սրացում: Ղուլյանն ընդգծեց՝ բնական է, որ աշխատանքային հարցերում կարող են լինել տարաձայնություններ, մինչդեռ դա չի կարող նսեմացնել երկկողմանի հարաբերությունները:   «Կարևոր է, որ մենք հասկանանք, որ մարդիկ կարող են ունենալ մասնավոր կարծիքներ: Սա էլ է մեր նոր ժամանակների արդյունքը, երբ ամեն մարդ ազատ է իր տեսակետը ներկայացնելու համար, բայց դրա համար նաև հետևանքներ էլ կան», - ասաց նա:
10:38 - 15 մայիսի, 2019
Հայաստանի և Արցախի խորհրդարանների ղեկավարներն առանձնազրույց են ունեցել

Հայաստանի և Արցախի խորհրդարանների ղեկավարներն առանձնազրույց են ունեցել

Մեկնարկել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն:Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, այցի շրջանակում Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը առանձնազրույց է ունեցել ՀՀ Ազգային ժողովի իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ:   ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է պատվիրակության այցը և ընդգծել ՀՀ ԱԺ և ԱՀ ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի անցկացման անհրաժեշտությունը Երևանում։«Հայկական հանրապետությունների հարաբերությունների ողջ համատեքստում հանձնաժողովի գործունեությունը առանձնակի կարևորություն ունի»,- նշել է Արարատ Միրզոյանը։Արցախի խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վերահաստատել Հայաստան-Արցախ կապերի շրջանակում խորհրդարանականների հարաբերությունների առանձնահատուկ դերը, ինչի մասին են վկայում վերջին ամիսներին ՀՀ ԱԺ քաղաքական բոլոր ուժերի ընդլայնված կազմով այցելությունները Արցախ:«Ամեն մի փոխայցելություն մերձեցնում է թե՛ գործնական, թե՛ ընկերական հարաբերությունները և հիմք հանդիսանում համահայկական օրակարգի հարցերի արդյունավետ լուծումները գտնելու համար։ Կան բոլոր նախադրյալները ՀՀ 7-րդ գումարման ԱԺ հետ հարաբերությունները որակապես նոր՝ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար, և վստահ եմ՝ համատեղ ներուժով կապահովենք դա՝ առկա ռեսուրսները կառուցողական հուն ուղղորդելու և խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմը թարմացնելու միջոցով»,- ասել է Աշոտ Ղուլյանը։
09:13 - 15 մայիսի, 2019
Արարատ Միրզոյանը ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի հետ քննարկել է երկկողմ օրակարգի խնդիրները

Արարատ Միրզոյանը ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի հետ քննարկել է երկկողմ օրակարգի խնդիրները

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 14-ին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության նոր հնարավորությունները եւ ծրագրերի արդյունավետ իրականացման ուղիները: Արարատ Միրզոյանը կարեւորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելությունը Հայաստանում՝ բարձր գնահատելով կառույցի հետ ձեւավորված համագործակցության մակարդակը: Նրա խոսքով՝ ավելի քան քսան տարի Հայաստանում տարբեր ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացված աջակցության ծրագրերը շոշափելի արդյունքներ են գրանցել: ԱԺ նախագահը հիշատակել է արդյունավետ փոխգործակցությունը Հայաստանում անցկացված ընտրությունների, այժմ էլ՝ խորհրդարանին աջակցության ծրագրերի շրջանակում: Օրենսդիր մարմնի ղեկավարը ներկայացրել է միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ փոխգործակցության իր տեսլականը, մասնավորապես անդրադարձել Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI), Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) եւ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) կողմից Հայաստանի Ազգային ժողովի հետ իրականացվող ծրագրերին: Այս համատեքստում նա կարեւորել է ծրագրերի կատարումը՝ հիմնված Ազգային ժողովի կողմից իրականացված կարիքների գնահատման վրա: Դեբորա Գրիզերը ներկայացրել է ընթացիկ ծրագրերը՝ նշելով, որ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի եւ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից Ազգային ժողովի հետ իրականացվող ծրագրերը ճկուն են եւ հնարավորություն են ընձեռում դրանք համապատասխանեցնել ԱԺ-ի կողմից նախանշված կարիքներին: ԱՄՆ Միջազգային գործակալության տնօրենը նաեւ կարեւորել է միջազգային գործընկերների ջանքերի համակարգման հարցում Ազգային ժողովի նախագահի նախաձեռնողականությունն ու առաջնորդությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել քննարկել երկկողմ օրակարգի խնդիրները եւ այս առումով ինտենսիվացնել կողմերի միջեւ հանդիպումները:
14:42 - 14 մայիսի, 2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

Արարատ Միրզոյանն ընդունել է Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 14-ին ընդունել է Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարեւորում է փոխգործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ՝ ընդգծելով, որ Երեւանում ԵԽ գրասենյակի հետ համագործակցությունը լավ հիմքերի վրա է դրված: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ԵԽ աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին. նրա խոսքով՝ գոհացուցիչ է նաեւ երկկողմ օրակարգի դինամիկան: «Մեզ համար չափազանց կարեւոր են թավշյա հեղափոխության վերաբերյալ ԵԽ-ի դրական գնահատականները: Ուրախալի է լսել հայտարարություններ այն մասին, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստակամ է բարեփոխումների այս ճանապարհն անցնել հայ ժողովրդի հետ»,-նշել է ԱԺ նախագահը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի միջեւ համագործակցության զարգացման հեռանկարները, անդրադարձել Հայաստան-ԵԽ գործընկերության 2019-2022 թթ. գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներին: Օրենսդիր մարմնի ղեկավարը հավաստիացրել է, որ կարվեն անհրաժեշտ բոլոր քայլերը գործողությունների ծրագրի ամբողջական իրականացման ուղղությամբ: Արարատ Միրզոյանը Նատալյա Վուտովային հրավիրել է մասնակցելու մայիսի 24-ին կայանալիք «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներին: Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարն ընդգծել է ԵԽ-ի հետ Հայաստանի արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել մեր երկրում իրականացվող բարեփոխումներին ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլերին: Հյուրն անդրադարձել է Քրեական եւ Քրեական դատավարության, Վարչական իրավախախտումների օրենսգրքերում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխությունների անհրաժեշտությանը եւ այդ բարեփոխումների գործընթացում ընդգծել խորհրդարանի առանցքային դերակատարությունը: Այս համատեքստում նա կարեւորել է Հայաստանի կողմից Ստամբուլի եւ Լանցառոտի կոնվենցիաների վավերացումը: Բացի այդ, Նատալյա Վուտովան Ազգային ժողովի նախագահին է փոխանցել ԵԽ հանձնառությունը փորձագիտական աջակցություն ցուցաբերել անցումային արդարադատության իրականացմանն ուղղված քայլերին: Կողմերը համաձայնել են նաեւ, որ տարբեր ոլորտների օրենսդրության կատարելագործման ուղղությամբ ծրագրավորվող եւ ընթացքի մեջ գտնվող բարեփոխումների հաջող իրականացման հարցում կարեւոր նշանակություն ունեն հանրության իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումները:
11:26 - 14 մայիսի, 2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկում է ընդլայնել խմբակցությունների լիազորությունները

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկում է ընդլայնել խմբակցությունների լիազորությունները

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փոփոխություններ է առաջարկում ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում՝ փորձելով ընդլայնել խմբակցությունների լիազորությունները։ ԱԺ խոսնակն առաջարկում է օրենքով ամրագրել, որ խմբակցությունն իրավունք ունի օրենքով նախատեսված դեպքերում ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրել։ Առաջարկվում է նաև ամրագրել, որ եթե ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն օրենքով վերապահված է Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությանը, իսկ Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները մեկից ավել են, ապա Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները ինքնավար մարմնի անդամի համապատասխան թափուր պաշտոնում առաջադրում են նախապես համաձայնեցված՝ մեկ միասնական թեկնածու: Այն դեպքում, երբ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությանը վերապահված ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում օրենքով սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է Ազգային ժողովի կառավարող խմբակցությանը: ԱԺ նախագահն առաջարկում է նաև փոփոխություններ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում, երկուսում էլ համապատասխանաբար ամրագրելով, որ դրանք ինքնավար մարմիններ են։ Ըստ այդմ՝ փոփոխություններն ընդունվելու դեպքում խմբակցությունները կարող են առաջադրել թե ՏՄՊՊՀ նախագահի կամ անդամի թափուր տեղում թեկնածու, թե Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահի կամ անդամի թափուր տեղի թեկնածու, և բոլոր այն մարմիններում, որոնք նախատեսված կարգով համարվում են ինքնավար։
07:28 - 11 մայիսի, 2019
Կարեւորվել է հայ-չեխական միջխորհրդարանական կապերի զարգացումը. հանդիպում հանձնաժողովում

Կարեւորվել է հայ-չեխական միջխորհրդարանական կապերի զարգացումը. հանդիպում հանձնաժողովում

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանն ու հանձնաժողովի անդամներն ապրիլի 29-ին հանդիպել են Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի Սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով չեխ խորհրդարանականներին Ազգային ժողովում՝ Աննա Կարապետյանը կարեւորել է երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացումը: Պատգամավորը նշել է, որ վերջին տարիներին երկուստեք գործակցության արդյունքում հայ-չեխական կապերը հասել են բարձր մակարդակի: Հանձնաժողովի փոխնախագահն ընդգծել է Մարեկ Բենդայի դերը Չեխիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունման գործում: Կարեւոր է համարվել նաեւ բարեկամական խմբերի փոխայցերը, որոնք նպաստում են միջխորհրդարանական կապերի զարգացմանը, փորձի փոխանակմանը: Աննա Կարապետյանն անդրադարձել է հանձնաժողովի օրենսդրական գործունեությանը: Մարեկ Բենդան հետքրքրվել է թավշյա հեղափոխությունից հետո ընտրական համակարգում, ինչպես նաեւ տնտեսական, քաղաքական, իրավական ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքով, ձեռնարկվող քայլերով: Հանձնաժողովի փոխնախագահը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է Ընտրական օրենսգրքի բարեփոխում՝ բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ, ինչի մասին հայտարարությամբ հանդես է եկել խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը: Հանձնաժողովի անդամներն անդրադարձել են խոսքի ազատությանը, կարեւորել մեզ մոտ եվրոպական իրավաքաղաքական մշակույթի ներդնումը, ժողովրդավարական կառույցների կատարելագործումը:
10:52 - 29 ապրիլի, 2019
Արարատ Միրզոյանը հայ-էստոնական համագործակցությունն ընդլայնելու բազմաթիվ հնարավորություններ է տեսնում

Արարատ Միրզոյանը հայ-էստոնական համագործակցությունն ընդլայնելու բազմաթիվ հնարավորություններ է տեսնում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 25-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին (նստավայրը` Թբիլիսի): Ողջունելով դեսպանին խորհրդարանում` օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ երկու երկրների միջեւ առկա են ջերմ բարեկամական հարաբերություններ: Դրանց հետագա խորացման ու ընդլայնման առումով Արարատ Միրզոյանը կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների, ինչպես նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերը: Նա տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ-ում վերջերս ձեւավորվել է Մերձբալթյան երկրների հետ պատգամավորական բարեկամական խումբը` հույս հայտնելով, որ համանման խումբ կձեւավորվի նաեւ Էստոնիայի օրենսդիր մարմնում: Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել էստոնական կողմին Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար` վստահություն արտահայտելով, որ այն էապես նոր որակ կհաղորդի ինչպես Եվրոպական միության հետ, այնպես էլ Հայաստան-Էստոնիա համագործակցությանը: Արարատ Միրզոյանը խորհրդանշական է համարել, որ Կաի Կաարելսոնի Երեւան ժամանումը համընկել է այն օրերի հետ, երբ հայ ժողովուրդը նշում է 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության տարելիցը, մի իրողություն, որը ճանաչվել է բազմաթիվ երկրների օրենսդիր մարմինների կողմից: Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Էստոնիան եւս կհամալրի այդ երկրների շարքը: Իր հերթին ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը եւս կարեւորել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, պատգամավորական շփումները, փորձի եւ տեղեկատվական փոխանակումները: Դեսպանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հեռանկարներ կբացի երկու երկրների միջեւ գործակցության համար: Կողմերն անդրադարձել են այն ուղղություններին, որոնք առաջիկայում կարող են լինել համագործակցության օրակարգում` խորհրդարանական կառավարման համակարգի փորձառություն, իշխանության մարմինների գործունեության էլեկտրոնային կառավարման եղանակ, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: «Բազմաթիվ են հայ-էստոնական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները»,-նշել է Արարատ Միրզոյանը:
13:41 - 25 ապրիլի, 2019
Սերժի հրաժարականի որոշ մանրամասներ․ Արարատ Միրզոյան

Սերժի հրաժարականի որոշ մանրամասներ․ Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Դուռը փակեք, մնում ենք բանտում կամ Սերժի հրաժարականի որոշ մանրամասներ Գուցե տարօրինակ հնչի, բայց ողջ Շարժման ամենահանգիստ կամ երևի ավելի ճիշտ միակ հանգիստ օրն իմ համար Էրեբունիում Ձերբակալվածների Պահման Վայրում գտնված ընթացքն էր։ Երբ ապրիլի 22-ի երեկոյան Շենգավիթից ինձ ու Սասունին բերեցին այստեղ, մի անասելի հանգստություն իջավ վրաս։ Բոլոր զգայարաններս անջատվել էին կարծես։ Մեզնից վերցրեցին գոտիներս և կոշիկներիս կապիչները, մնացածը Շենգավիթում ՀՔԾ քննիչներն էին վերցրել։ Խնդրեցի մի կապիչը երկու կես անել, որ գոնե փոքրիկ կապ կարողանամ անել վերևի անցքերով, որ կարողանամ քայլել։ Համաձայնեցին։ Տարան տարբեր խցեր։ Արդեն հետո պիտի իմանայինք, որ նույն վայրում են Ավինյանը, Արմեն Գրիգորյանը, մյուս ընկերներից շատերը։Պառկեցի։ Երբեմն-երբեմն ջեռուցման խողովակով որոշակի տակտով հարվածներ էին լսվում։ Դժվար էր շփոթել տակտը՝ քայլ արա մերժիր սերժին։ Նույնն էինք պատասխանում։ Չգիտեմ, թե ինչքան անցավ, բայց դուռը բացվեց, և խցիս մյուս տղային կարգադրեցին դուրս գալ, ինչից հետո մի բարձրաստիճան պաշտոնյա ներս մտավ։ Հետագա ժամերի ընթացքում սա կրկնվեց նորից ու նորից ու նորից ու նորից։ Տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ գալիս էին տեսակցելու և բանակցելու։ Բոլորին ասում էի՝ գնացեք Սերժին ասեք թող հրաժարական տա՝ ձեզ էլ, երկիրն էլ իր հետ անդունդն է տանում, դրանից հետո կգաք կբանակցենք։ ՄԻՊ Արման Թաթոյանի այցից հետո ինձ մի ռադիոընդունիչ բերեցին։ Վերջապես տեղեկություն ստացա, թե ինչ է կատարվում դրսում։ Նիկոլի տեղն առաջվա պես անհայտ էր։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր հետ մի քանի տոպրակ սնունդ էր բերել։ Հսկիչներին խնդրեցի մաս-մաս անել և բաժանել բոլոր ձերբակալվածներին։ Առավոտյան նույնը։ Շըխկ-շըխկ, ճըռռ, բարև ձեզ, տղա ջան դու դուրս արի։ Քիչ անց ներս մտավ Կարեն Կարապետյանը։ Երկուսս էլ վառեցինք սիգարետները։ Նույն մեսիջները երկու կողմից։ Խոսակցությունն էլի փակուղի մտավ։ - Հավատում ե՞ս, որ ես Հայաստանի լավն եմ ուզում,- ասեց։- Իհարկե,- պատասխանեցի։ Չէի խաբում։- Դե գնանք բոլորով միասին խոսենք։ Ուղեկցեցին մի այլ խուց։ Նիկոլն էր նստած։ Փաթաթվեցինք, իրար որպիսություն հարցրեցինք։ Պատմեց, որ տարել են Սևան ու անմիջապես հետ բերել Երևան։ Սասունին էլ բերեցին։ Կարեն Կարապետյանը կարգադրեց մեզ սուրճ տալ։ Հասկացա, որ ողջ ընթացքում բանակցել են երեքիս հետ էլ առանձին-առանձին, փորձել են թույլ տեղ գտնել։ Երեքս էլ բոլորին նույնն ենք ասել՝ միայն հրաժարական։ Նիկոլն էլ վերջում ասել էր, որ մեզ էլ կանչեն, որ միասին պայմանները քննարկենք։ Փոխանցեց աշնանը Ֆրանկոֆոնիայից հետո հրաժարական տալու պատրաստակամությունը։ Բնականաբար ժպիտով մերժեցինք։ Գնաց, խոսեց, եկավ, կարծեմ ինչ-որ մայիսոտ-հունիսոտ մի օր առաջարկեց։ Ասեցինք՝ բացառվում է։ Գնաց, խոսեց, եկավ, առաջարկեց ապրիլի 25-ը։ Խնդրեցինք մենակ թողնել մեզ։ Խոսեցինք, միաձայն ու միակամ որոշեցինք, փոխանցեցինք՝ չէ։ Կատակեցի՝ մենք մնում ենք բանտում, դուռը փակեք։ Առաջարկեց նույն օրը՝ ապրիլի 23-ի ուշ երեկոն։ Ասեցինք՝ չէ։ Մեկ-երկու ժամվա մեջ,- ասեց Նիկոլը։ Կարեն Կարապետյանը գնաց, խոսեց, եկավ, ասեց՝ պայմանավորվեցինք, երկու ժամվա մեջ կլինի։ - Դե միասին գնանք Հրապարակ,- ասեց։ Նորից մենակ մնացինք։ Որոշեցինք մերժել։ Պայմանավորվեցինք իր հետ լուսանկարվել ելքի մոտ։ Գնացինք լվացվելու և հարդարվելու։ Դուրս եկանք։ Տիգրան Մեծ պողոտայի կեսերից ստիպված եղանք մեքենայից իջնել ու ոտքով շարունակել։ Մարդիկ մեզ գրկում, համբուրում, օդ էին թռցնում։ Համատարած ցնծություն էր։ Ինքս հրաժարականը չեմ լսել, չեմ էլ կարդացել։ Անգամ մինչև հիմա։ Միայն գիտեմ, որ ասել է՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալ»։    
11:33 - 23 ապրիլի, 2019