Ինֆոքոմ

ՌԴ ֆինանսների նախարարությունը պարզաբանել է, թե ինչու «դեֆոլտ» եզրը  կիրառելի չէ Ռուսաստանի պարագայում

ՌԴ ֆինանսների նախարարությունը պարզաբանել է, թե ինչու «դեֆոլտ» եզրը կիրառելի չէ Ռուսաստանի պարագայում

Ռուսաստանի ֆինանսների նախարարության կարծիքով՝ «դեֆոլտ» ձևակերպումը կիրառելի չէ ՌԴ տնտեսական դրության նկատմամբ, քանի որ միջազգային հաշվակային-քլիրինգային համակարգերը ստացել են միջոցները լիարժեք ծավալով, սակայն դրանք չեն հասցրել ստացողներին, գրում է «Կոմերսանտը»։ Ռուսաստանն ամբողջությամբ կատարել է 2026 և 2036 թթ-ին մարման ենթակա պետական արժեթղթերի սպասարկման իր պարտավորությունները՝ վճարելով €26,5 մլն, հայտարարել է գերատեսչությունը։ Այն նշել է, որ օտարերկրյա ֆինանսական միջնորդների գործողություններն իր վերահսկողությունից դուրս են, այդ պատճառով էլ նրանցից եվրոպարտատոմսերի համար վճարումներ չստանալը չի կարող ռուսական կողմի պատասխանատվության գոտի համարվել։ «Այս դեպքում ներդրողների կողմից գումար չստանալը տեղի է ունեցել ոչ թե վճարման բացակայության հետևանքով, այլ երրորդ անձանց գործողությունների, ինչն ուղղակիորեն նախատեսված չէ էմիսիոն թաստաթղթերում՝ որպես դեֆոլտի իրադարձություն և պետք է դիտարկվի իրավունքի ընդհանուր նորմերի շրջանակում», - ասված է ՌԴ ֆիննախի հաղորդագրությունում։ Նշենք, որ այսօր Bloomberg-ը, վկայակոչելով պարտքային պարտավորությունների պայմանները, գրել էր, որ լույս հունիսի 27-ը լրացել է Ռուսաստանի մոտ 100 մլն դոլարի եվրապարտատոմսերի տոկոսների վճարման արտոնյալ ժամկետը, ինչի հետևանքով գրանցվել է վերջին հարյուր տարում Ռուսաստանի համար արտաքին պարտքի դեֆոլտը։   Նորա Վանյան  
18:34 - 27 հունիսի, 2022
Կատարում Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններ կանցկացվեն միջուկային գործարքի շուրջ

Կատարում Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններ կանցկացվեն միջուկային գործարքի շուրջ

Մոտակա օրերին Կատարում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Իրանի և Միացյալ Նահանգների միջև, այսպիսով Եվրամիությունը ձգտում է հաղթահարել փակուղին, որն առաջացել է 2015 թ-ի միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցություններում, գրում է Reuters-ը։ «Բանակցությունների անցկացման համար Իրանն ընտրել է Կատարը՝ Դոհայի և Թեհրանի միջև առկա բարեկամական կապերի պատճառով», - իրանական ISNA տեղեկատվական գործակալությանը հայտնել է միջուկաին գործարքի շուրջ բանակցություններում Իրանի գլխավոր ներկայացուցչի մեդիախորհրդատու Մոհամմադ Մարանդին։ Մարտին, թվում էր, համաձայնագիրը մոտ է ստորագրման, երբ բանակցությունները համակարգող ԵՄ-ն դրա կողմերի արտգործնախարարներին հրավիրեց Վիեննա՝ Թեհրանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի միջև 11-ամսյա անուղղակի բանակցություններից հետո համաձայանգրի վերջնական համաձայնեցման համար։ Սակայն բանակցությունները փակուղի մտան գլխավորապես այն բանից հետո, երբ Իրանը սկսեց պնդել, որ Վաշինգտոնն ահաբեկչական կազմակերպությունների իր ցանկից հեռացնի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Նշենք, որ 2015 թ-ի համաձայնագրով՝ սահմանափակումներ էին կիրառվում Իրանի միջուկային գործունեության վրա, որի դիմաց չեղարկվում էին այդ երկրի նկատմամբ միջազգային պատժամիջոցները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թ-ին Միացյալ Նահանգները դուրս բերեց այդ գործարքից՝ կրկին խիստ պատժամիջոցներ սահմանելով Թեհրանի նկատմամբ։   Նորա Վանյան  
17:40 - 27 հունիսի, 2022
Իմ կյանքի իմաստը տեսնում եմ այն հայրենիքի ստեղծման մեջ, որ երազել է որդիս․ 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայրը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու է

Իմ կյանքի իմաստը տեսնում եմ այն հայրենիքի ստեղծման մեջ, որ երազել է որդիս․ 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայրը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու է

Ազգային ժողովում շարունակվում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատավորների թեկնածուների ընտրության հարցի քննարկումը։ Այս պաշտոնում ԲԴԽ-ն առաջադրել է նաև Նաիրա Հովսեփյանի թեկնածությունը, ով 1996 թ․-ից առ այսօր աշխատել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավոր։ «Եվ որպես դատավոր, և որպես դասախոս գտնում եմ, որ օրենքը փորձություն է անցնում առաջին ատյանի դատարանում, և առաջին ատյանի դատավորն է տեսնում և բարձրաձայնում օրենքի բացերը, որը արել եմ»։ Թեկնածուն նշեց՝ 2006 թ․-ին ՀՀ-ում միակ դատավորն է եղել, որ ասել է՝ սոցքարտերի բացակայությունը չպետք է խոչընդոտի կենսաթոշակի ստացմանը։ «Այլ կարծիք են հայտնել Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները, բայց Սահմանադրական դատարանը 2006 թ․-ի հոկտեմբերի 4-ի որոշմամբ համաձայն է եղել իմ դիրքորոշման հետ, իր որոշման մեջ նշել է իմ վճռի մասին և օրենսդրության մեջ կատարվել է համապատասխան փոփոխությունը։  Քրեական ոլորտում ես միակ դատավորն եմ եղել, որ գտել եմ, որ տուգանքը չի կարող փոխարինվել հանրային աշխատանքներով, որովհետև տուգանքը ավելի մեղմ պատժատեսակ է, քան հանրային աշխատանքները և մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՍԴ, իմ որոշումների հիման վրա ՍԴ-ն գտել է, որ այո, օրենքը ունի սահմանադրականության խնդիր և օրենքում կատարվել է փոփոխություն»։ Նախկինում գործող Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը արգելում էր, որ անգործունակ ճանաչված անձը վիճարկի իր անգործունակությունը․ «Ես ղեկավարվել եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպով և դրանից հետո օրենսդրության մեջ կատարվել է փոփոխություն։ Ես այսօր էլ պրպտում եմ այն բացերը, որոնք կան օրենքում, փորձում եմ հայտնել դրա մասին իմ կարծիքը, որպեսզի կատարվեն համապատասխան փոփոխություններ»։ Նաիրա Հովսեփյանն այնուհետև ասաց, թե ինչու է դիմել Վճռաբեկ դատարանի հակակառուպցիոն պալատում աշխատելու համար։ «2020 թ․-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծվեց պատերազմ, որին մասնակցեց նաև իմ որդին։ Իմ որդին բացառիկ ունակությունների տեր անձ էր, դրա մասին է վկայում այն, որ տղաս միաժամանակ սովորել է ԵՊՀ իրավաբանության, փիլիսոփայության և հոգեբանության և Վազգեն Սարգսյանի անվան համալսարանում։ Համալսարանի երկու ֆակուլտետները ավարտել է գերազանց, դարձել է Դավիթ Անհաղթի անվան կրթաթոշակառու, եղել է համալսարանի գիտխորհրդի անդամ, գիտական կոչումներ շնորհող հանձնաժողովի անդամ, համալսարանի բրոնզե մեդալակիր, «Հայ ասպետ» խմբով համալսարանի թիմում մասնակցել է և որպես հաղթող մեկնել Արևմտյան Հայաստան։ Տղաս կամավոր մեկնել է բանակ, որովհետև ուներ տարկետման իրավունք՝ լինելով նաև մինուճար զավակ, պատվով ծառայել է, վերադարձել է 2020 թ․-ի օգոստոսի 13-ին ավագ լեյտենանտի կոչումով, ամիս ու կեսվա ընթացքում ընտրվել է Գիտակրթական հանձնաժողովի նախագահ և հիմք դրել ոչ ֆորմալ կրթությանը, հիմա նրա անունով ԵՊՀ-ում կոչվում է Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցը»։ Գևորգ Արշակյանը սեպտեմբերի 27-ին գնացել է զինկոմիսարիատ կավորագրվելու, սակայն նրան մերժել են, քանի որ նոր էր վերադարձել բանակից։ Սեպտեմբերի 28-ին ջոկատ է կազմել համալսարանում և մեկնել Մատաղիս։ «Հոկտեմբերի 13-ին վերադարձել է ռազմաճակատից, քանի որ ամբողջ խումբը հիվանդացել էր թոքաբորբով։ Երկրորդ անգամ տղաս տաքսիով մեկնել է ռազմաճակատ։ Ինչո՞ւ եմ շեշտում երկրորդ անգամ, որովհետև տղաս իմացել է՝ ուր է գնում, տեսել է պատերազմը իր աչքերով, մասնակցել է Շուշիի պաշտպանությանը, և վիրավորվել երեք անգամ։ Առաջին անգամ, երբ վիրավորվել է, ինքը իրեն ցավազրկել է, շարունակել է մարտը, որպեսզի կատարի ռազմական առաջադրանքը, փաթաթվել է խաչքարին, ինչպես ասում են ականատես ընկերները, կանգնած վիճակում, ստացել է երկրորդ, երրորդ վիրավորումը, բայց կատարվել է ռազմական առաջադրանքը։ Երբ իմացել է, որ կատարվել է մարտական առաջադրանքը, թույլ է տվել, որ զինվորները իրեն տանեն հիվանդանոց, որտեղ էլ որդիս անմահացել է։  Որդուս մականունը ֆանտաստիկ էր»։ Նարիա Հովսեփյանն ասաց՝ ցանկանում է, որ մեր երկիրը ազատվի կոռուպցիայից․ «Կոռուպցիան հրեշ է, ախտ է։ Բառը լատիներեն նշանակում է «փչացած», «այլասերված», պատերազմի, պարտության պատճառը կոռուպցիան է։ Իմ կյանքի իմաստը տեսնում եմ այն հայրենիքի ստեղծման, զարգացման մեջ, որ երազել է իմ որդին, որի համար կյանքն են տվել որդիս և նրա ընկերները և դրա համար ես դիմել եմ, որպեսզի դառնամ այդ դատարանի դատավոր»։ Թեկնածուն ընդգծեց՝ դատավորի համար գիտելիքները բավարար չեն, անհրաժեշտ է ներքին անկախություն, կամք, նվազագույն խոցելիություն։ «Կարծում եմ՝ իմ մասնագիտական գիտելիքները, իմ մանկավարժական փորձը, իմ ապրած կյանքը բավարար են, որպեսզի Ազգային ժողովը ինձ վստահի այդ պաշտոնը։ Ուրիշ ի՞ նչ հատկանիշներ են պետք, որ մարդը այդ պաշտոնում աշխատի»։
17:26 - 27 հունիսի, 2022
ՆԱՏՕ-ն արագ արձագանքման ուժերի թվաքանակը կհասցնի 300 հազարի․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն արագ արձագանքման ուժերի թվաքանակը կհասցնի 300 հազարի․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն զգալիորեն կավելացնի իր արագ արձագանքման ուժերի թվաքանակը մինչև ավելի քան 300 հազար, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Այդ թվաքանակն այժմ կազմում է շուրջ 40 հազար մարդ։ Մադրիդում այս շաբաթ կայանալու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը։ Ինչպես հայտնել է Ստոլտենբերգը, կազմակերպությունը փոփոխելու է նաև Ռուսաստանին վերաբերող ձևակերպումները, որը ՆԱՏՕ-ի 2010 թ-ի ռազմավարական հայեցակարգում դեռևս նշվում է՝ որպես ռազմավարական գործընկեր։ «Ռազմավարական հայեցակարգում, որը համաձայնեցնելու ենք Մադրիդում, այդպիսի բան չի լինելու», - ասել է նա։ «Ակնկալում եմ, որ դաշնակիցները հստակ հայտարարեն, որ Ռուսաստանն ուղղակի սպառնալիք է մեր անվտանգությանը, արժեքներին, կանոնների վրա հիմնված միջազգային կարգերին», - հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։   Նորա Վանյան  
16:47 - 27 հունիսի, 2022
Վրաստանը չի ընդունի ռուսական նավթը, որով բեռնված է Բաթումի նավահանգիստ մտած նավը

Վրաստանը չի ընդունի ռուսական նավթը, որով բեռնված է Բաթումի նավահանգիստ մտած նավը

Վրաստանի կառավարությունը հաստատել է, որ Բաթումի նավահանգիստ է մտել պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթով բեռնված նավ, սակայն պնդում է, որ մաքսատունը չի ընդունելու այն, հայտնում է News Georgia-ն։ Այն մասին, որ նավը Բաթումի նավահանգստում է, ավելի վաղ հայտնել էր վրացական ընդդիմադիր «Մտավարի» հեռուստաընկերությունը։ Երկրի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի միջոցով պատժամիջոցների շրջանցման փաստ «երբեք չի եղել և ապագայում էլ չի լինելու»։ Նա հաստատել է բեռնանավի՝ նավահանգիստ մտնելու մասին փաստը, սակայն հերքել է լուրերը, թե ռուսական նավթը, որով այն բեռնված էր, վերաաձևակերպվել է՝ պատժամիջոցները շրջանցելու համար։ Նախարարի խոսքով՝ Վրաստանի մաքսային մարմիններն ուսումնասիրում են փաստաթղթերն ու որոշումներ կայացնում՝ «ելնելով իրենց պատասխանատվության շրջանակից»։ Պատասխանելով այն հարցին, թե ինչու է ռուսական նավթով բեռնված նավը մտել հենց Բաթումի նավահանգիստ՝ Դավիթաշվիլին լրագրողներին առաջարկել է «շարժառիթների հարցով դիմել բեռի սեփականատիրոջը»։ «Վրաստանի պետական մարմինները գործում են առավելագույն պատասխանատվությամբ, և այսօրվա դրությամբ՝ մաքսային մարմինները համաձայնություն չեն տվել նման բեռ ստանալուն։ Այդ պատճառով էլ, ինչ էլ ցանկանա նավահանգիստը, անկախ մասնավոր անձանց ցանկությունից, այդ բեռն առանց մաքսատան համաձայնության, իհարկե, չի կարող Վրաստանում և Վրաստանի մաքսային տարածքում հայտնվել», - ասել է նախարարը։   Նորա Վանյան
16:09 - 27 հունիսի, 2022
Հայաստանի՝ Միութենական պետությանը միանալու մասին խոսակցությունները վաղաժամ են. Նարեկ Սուքիասյան

Հայաստանի՝ Միութենական պետությանը միանալու մասին խոսակցությունները վաղաժամ են. Նարեկ Սուքիասյան

- Բարի գալուստ «Ինֆոքոմ»: Focus on Russia հաղորդման մեր հերթական հյուրը «Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի հետազոտող և քաղաքական վերլուծաբան Նարեկ Սուքիասյանն է: Պարո՛ն Սուքիասյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար:  - Շնորհակալություն հրավերի համար:  - Այսօր կցանկանայի Ձեզ հետ քննարկել Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը և շահերը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Կարո՞ղ եք կարճ նկարագարել՝ ինչպես է Ռուսաստանի շահը և Ռուսաստանի վարքը փոխվել վերջին 10 տարում:  - Ես կցանկանայի սկսել ոչ թե 10 տարվա կտրվածքով պատմականորեն, այլ քաղաքական տասնամյակի կտրվածքով: Այս պարագայում մենք պետք է սկսենք կամ 2008թ-ից՝ ռուս-վրացական պատերազմից, կամ Վլադիմիր Պուտինի նախագահությունից, ավելի ճիշտ՝ կրկին նախագահ դառնալուց:  Եթե մենք սկսենք ավելի վաղ սկսված իրադարձություններից՝ 2008թ. ռուս-վրացական պատերազմից, կարող ենք տեսնել, որ Ռուսաստանի մոտեցումը Հարավային Կովկասի նկատմամբ անկախությունից ի վեր աննախադեպ կերպով անվտանգայնացված է: Կարող ենք նաև պնդել, որ Հյուսիսային Կովկասում առկա անվտանգայնացման գործընթացը, չնայած՝ միանգամայն այլ հարցերի շուրջ, ձգվել է դեպի Հարավային Կովկաս: Եվ այդ գործընթացը մեծապես ուղեկցվում էր ... մենք կարող ենք այստեղ վիճել՝ հա՞վն էր առաջինը, թե՞ ձուն, այսինքն, ո՞րն ավելի շուտ սկսվեց՝ հակամարտությո՞ւնը, թե՞ արևմտյան ինստիտուտների և արևմտյան շահերի՝ առավել գործնական առումով ընդլայնումը դեպի Հարավային Կովկաս: Այս պարագայում մենք պետք է խոսենք այստեղ ԵՄ ներկայության ինստիտուցիոնալիզացման մասին, որն արտահայտվեց Արևելյան գործընկերության հիմնումով և դրա գործողությունների մեկնարկով: Չնայած որ կողմերը՝ Մոսկվան և Եվրամիությունը, փորձում էին պաշտպանվել մեկը մյուսից, ԵՄ-ը պնդում էր, որ սա աշխարհաքաղաքական նախագիծ չէ, իսկ Մոսկվան զգալիորեն անհանգստացած էր Արևմուտքի՝ իր ազդեցության գոտի ներթափանցմամբ, մենք միանշանակ այդ ձևաչափի ստեղծումից հետո կարող ենք տեսնել տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներում մրցակցության միտումներ: Ու չնայած կարելի է վիճել, որ Ռուսաստանի ինտեգրացիոն գործընթացը սկսվել էր ավելի վաղ՝ Եվրասիական տնտեսական միության և ավելի լայն՝ ԱՊՀ ձևաչափով,  և ոչ թե ի պատասխան եվրոպական նախագծերի, ակնհայտ է, որ այդ նախագծերը գնալով ավելի ակտիվացան, նոր շունչ ստացան այն բանից հետո, երբ այս մրցակցող ինտեգրացիան սկսեց զարգանալ տարածաշրջանում, որը հանդես էր գալիս որպես գորշ տարածք, որպես մրցակցության գոտի՝ մի կողմից Արևմուտքի և ԵՄ-ի, մյուս կողմից՝ Ռուսաստանի միջև:  Սա մի՛ մոտեցում է, եթե նայենք տարածաշրջանում ԵՄ-Ռուսաստան կամ Արևմուտք-Ռուսաստան մրցակցության տեսանկյունից:  Երկրորդ մոտեցումն աշխարհաքաղաքականության փոփոխությունն է 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո․ գուցե ոչ թե փոփոխությունը, այլ արդեն մինչ այդ եղած միտումների ինտենսիվացումը: Եվ ինձ համար այդ առումով ամենաակնհայտ փոփոխությունը Հարավային Կովկասում Ռուսաստանի արտաքին քաղաքականության ռացիոնալիզացումն է Ռուսաստանի շահերի տեսանկյունից: Այս առումով կուզեի ընդգծել դաշնակիցների քաղաքականության փոփոխությունը Հարավային Կովկասում, քանի որ 2008-ից հետո մենք միանշանակ կարող ենք տեսնել Ռուսաստանի աչքում Ադրբեջանի դերի կարևորության աճը: Եվ կարելի է ասել, որ այս փոփոխությունը, որը, ի դեպ, շատ դանդաղ էր, և մենք դա կարող ենք տեսնել միայն հետադարձ հայացք գցելով տասնամյակի վրա, և շատ դժվար էր այն տեսնել առանձին իրադարձություններ դիտարկելով… քանի որ Ձեր հարցը տասնամյակի կտրվածքով էր, այն մեզ թույլ է տալիս խորհել այս հարցի շուրջ. … Մենք կարող ենք պնդել, որ Հայաստանն այն դաշնակիցը չէր, որ Ռուսաստանն ակնկալում էր ունենալ պատերազմի ժամանակ…  - Ռուս-վրացական պատերազմի:  - Այո՛: Հայաստանը շատ հասկանալի պատճառով  չմիջամտեց պատերազմին, քանի որ չէր կարող ընտրություն կատարել (և, թերևս, երբևէ չկատարի) իր ռազմավարական դաշնակցի և ամենակարևոր հարևանի միջև, որը գերազանցապես ապահովում է ամբողջ աշխարհի հետ իր հաղորդակցության զգալի մասը: Թերևս, ակնկալվում էր, որ Հայաստանը պետք է ճանաչի, կամ կոչի, կամ գնահատական տա Վրաստանի կառավարության գործողություններին այդ տարածքներում՝ Ցխինվալիում այն եզրույթերով, որոնցով Ռուսաստանն էր դրանք կոչում, ինչը Հայաստանի կառավարությունը խուսափեց անել: Չնայած՝ պետք է ազնիվ լինել և ասել, որ պատերազմից հետո Հայաստանը միացավ ՀԱՊԿ հայտարարությանը, որով, թեև շատ ընդհանուր եզրույթներով, բայց դատապարտվում էին Վրաստանի կառավարության գործողությունները, սակայն Կրեմլի իմաստաբանությամբ նա դատապարտեց Արևմուտքի՝ Հարավային Կովկասն ապակայունացնող գործողությունները: Մյուս կողմից, մենք կարող ենք տեսնել, որ Ադրբեջանն այդ շրջանում, չնայած որ պատերազմի սկզբում՝ առաջին երկու օրերին, կարող էինք լսել բազմաթիվ ուրախ և խանդավառ ձայներ Ադրբեջանից, որոնք ողջունում էին տարածաքային ամբողջականությունն ուժով վերականգնելու նախադեպը, չնայած՝ այդ ձայները գալիս էին ոչ պաշտոնական աղբյուրներից, բայց երբ պատերազմի ընթացքը փոխվեց Ռուսաստանի գերիշխանության օգտին, այդ ձայներն անմիջապես լռեցին, և Ադրբեջանում կարծես անգամ մի փոքր անհանգստացած էին քաղած դասերից, որ (բնականաբար, հասկանալով հակամարտությունների միջև բոլոր տարբերությունները) անհաջող նախադեպ էր ստեղծվել, երբ երկիրը փորձում է վերականգնել իր տարածքային ամբողջականությունն ուժով:  Այնուամենայնիվ, Ադրբեջանը նաև ավելի լավ վիճակում էր, քանի որ, պաշտոնապես Ռուսաստանի դաշնակիցը չլինելով, չուներ այդպիսի պարտավորություններ, և Բաքվից դաշնակցային ակնկալիքներ չկային: Բայց տեղեկություն կա, որ … սրանք չճշտված տեղեկություններ են, որոնք ամբողջութամբ գտնվում են ենթադրությունների մակարդակում, բայց ավելի ուշ, եթե մենք խոսենք Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների միտումների մասին, մենք կարող ենք դրանց ակունքները գտնել հենց այդ պատերազմում: Ուրեմն, կան չհաստատված աղբյուրներ, որոնց համաձայն՝ Ադրբեջանը որոշակի ռազմական աջակցություն է ցուցաբերել Ռուսաստանին պատերազմի ժամանակ, բնականաբար ո՛չ բացահայտորեն միջամտելով պատերազմին, բայց տրամադրելով հետախուզական տվյալներ կամ այլ տեսակի աջակցություն, որը Ռուսաստանը չստացավ կամ չէր կարող ստանալ Հայաստանից՝ տեխնիկական նկատառումներով:  Եվ եթե նայենք Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական գործակցությանը, կարող ենք տեսնել, որ սպառազինության մատակարարման ամենաակտիվ շրջանը սկսվում է 2010-2011թթ-ից, իսկ մենք գիտենք, որ նման խոշոր գործարքները, իսկ դա, թերևս, ամենախոշոր գործարքն էր Ադրբեջանի և Ռուսաստանի միջև, բանակցությունների բավականին երկար ընթացք են պահանջում: Որոշ ռազմական փորձագետներ ասում են, որ դա տևում է մոտ երկու տարի, և եթե հետհաշվարկ ենք անում, հենց այդ ժամանակահատվածի հետ է համընկնում: Ես հասկանում եմ, որ սա ենթադրությունների դաշտում է՝ որտեղից է այն սկսվել, բայց ռազմատեխնիկական գործակցության մեջ միտումն ակնհայտ է: - Այո, ակնհայտ է, որ մի քանի գործոններ են եղել, որ ազդել են Ռուսաստանի՝ Ադրբեջանի հետ ավելի սերտ ռազմատեխնիկական գործակցություն հաստատելու որոշման վրա: Իմ ընկալմամբ՝ բացի Վրաստանի պատերազմից, Եվրասիական գործընկերության նախագիծը նույնպես առանցքային գործոն էր դրանում, քանի որ Ռուսաստանը շատ խանդոտ էր վերաբերում Հայաստանի և հետխորհրդային մյուս երկրների՝ եվրոպական նախագծերում ինտեգրվելու փորձերին: Եթե մի քիչ առաջ անցնենք այս ժամանակահատվածից դեպի այն շրջան, երբ եղան Եվրամայդանի հեղափոխությունը, Ղրիմի բռնակցումը և, եթե կարելի է այդպես ասել, Ուկրաինայում առաջին պատերազմը՝ Դոնբասի շրջանում էսկալացիան: Ի՞նչ եք կարծում, որո՞նք էին այդ իրադարձությունների հետևությունները մեր տարածաշրջանի համար: Քանի որ հատկապես Ռուսաստանում կա տեսակետ, որ ուկրաինական առաջին ճգնաժամից հետո Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը հետխորհրդային տարածությունում զգալիորեն փոխվել է, հատկապես ներքին քաղաքական հարցերին միջամտելու տեսանկյունից: Կա տեսակետ, որ Ռուսաստանի մոտեցումը հետխորհրդային երկրների ներքին քաղաքականության նկատմամբ եղել է ավելի պրագմատիկ, քան նախքան դա էր, քանի որ հասկանում էին, որ ուկրաինական ճգնաժամից առաջ իրենց բոլոր փորձերը՝ տեղում խամաճիկ կառավարություն հաստատելու կամ ինչ-որ կերպ ազդելու ներքին քաղաքականության վրա, տապալվել են, և որ Ռուսաստանի քաղաքականություն մշակողները և որոշում կայացնողները դրանից հետո փոխել են իրենց մոտեցումը: Ի՞նչ եք կարծում սրա մասին:  - Կարծում եմ՝ քաղաքականություն սովորելու գործընթացը, որը Դուք նոր նկարագրեցիք, սկսվել է շատ ավելի շուտ՝ Նարնջագույն հեղափոխության ժամանակ, երբ իշխանության եկան ոչ այն քաղաքական գործիչները, որոնք լավագույն կերպով համապատասխանում էին Ռուսաստանի շահերին: Բայց ես միանշանակորեն կհամաձայնեմ այն փաստարկի հետ, որ հետմայդանյան իրավիճակը, Դոնբասի պատերազմը և այն ինտեգրացիոն մրցակցությունը, որի մասին խոսում էինք, փոխել են Ռուսաստանի մոտեցումը հետխորհրդային տարածություններում ներքին քաղաքականությունների ու նաև արտաքին քաղաքականությունների հարցում: Եվ Եվրամայդանից հետո Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն իր հարևան տարածաշրջանում միանշանակ կերպով դիտարկվում է հենց այդ իրադարձությունների տեսանկյունից: Ինչ վերաբերում է Հայաստանին, կարծում եմ՝ այստեղ մենք ունենք պարադոքսալ միտումներ: Հիմա կբացատրեմ՝ ինչու: Երբ 2009-2013թթ. Հայաստանը ԵՄ-ի հետ բանակցում էր Ասոցացման համաձայնագրի և ԽՀԱԱԳ-ի շուրջ, մենք կարող ենք հիշել, որ երկար ժամանակ Հայաստանի կառավարությունը ողջունում էր այդ գործակցությունը և հայտարարում, որ ինքն այլ ցանկություն չունի, ընդ որում՝ դա արվում էր տարբեր մակարդակներով՝ վարչապետի մակարդակով, փոխարտգործնախարարի մակարդակով: Անգամ Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը միանալու հայտարարությունից օրեր առաջ Հայաստանը հայտարարել էր, որ չունի այդպիսի ցանկություն:  Այնուամենայնիվ, չէր բարձրաձայնվում նաև եվրոպական նկրտումների մասին: Իհարկե, Հայաստանը բանակցում էր այդ փաստաթղթերի շուրջ, ինչը ակադեմիական շրջանակներում հայտնի է որպես Հայաստանի լուռ եվրոպականացում, քանի որ այդ շրջանում Հայաստանը ստիպված էր ընդունել Եվրոպական միության Acquis communautaire-ի որոշ մասը և սկսել լուրջ բարեփոխումների գործընթաց: Եվ այդ մասին շատ չէր բարձրաձայնվում, քանի որ Երևանում հականում էին, որ դրա մասին շատ խոսելը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ հարաբերություններում բազմաթիվ գրգռիչների: Այնուամենայնիվ, եթե այդ բարեփոխումների գործընթացի համեմատական վերլուծություն կատարենք Հայաստանի և Վրաստանի, Հայաստանի և Ուկրաինայի կամ Հայաստանի և Մոլդովայի միջև, կարող ենք տեսնել, որ Հայաստանը լուռ եվրոպականացման գործընթացում ամենևին էլ վերջին տեղում չէր: Այնուամենայնիվ, երբ մենք հասնում էինք այդ բանակցությունների և համաձայնագրերի վերջին փուլին, և այն իրադարձություններին, որոնք ուղեկցվեցին Ուկրաինայում ճգնաժամով, այդ առումով ամեն ինչ Հայաստանի համար դարձավ չափազանց անվտանգայնացված, և Հայաստանի կառավարությունը որոշեց, որ չի կարող իրեն թույլ տալ եվրոպականացում, եվրոպական ինտեգրում այդպիսի գնով: Այստեղ մենք տեսնում ենք… վերադառնալով պարադոքսալ միտումներին, որոնց մասին ես նշեցի: Ինչպե՞ս է այն դրսևորվում: Ամեն անգամ, երբ մենք հասնում ենք Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններում այդպիսի կրիտիկական կետի Հայաստանի շահերի շրջանակում, այդ շրջադարձային պահին Հայաստանը բռնում է Ռուսաստանի կողմը, ինչպես որ դա արեց, երբ հայտարարեց, որ ցանկանում է միանալ Մաքսային միությանը: Այնուամենայնիվ, այդ շրջադարձային կետից հետո այդ միտումը գնում է նվազման, և Հայաստանի արտաքին քաղաքականությունը դառնում է ավելի քիչ անվտանգայնացված: Ինչո՞ւ: Որովհետև, կատարելով ռուսամետ ընտրություն, մենք ապաանվտանգայնացնում ենք Ռուսաստանի պահանջները Հայաստանի նկատմամբ՝ ստեղծելով երաշխիքներ, որ Հայաստանը է և կմնա Ռուսաստանի շահերի գոտում: Հետևաբար, Մոսկվան կարող է առավել վստահ լինել Հայաստանի նկրտումների հարցում և իր համար ավելի կանխատեսելի լինել: Միաժամանակ, այդ թրենդը ցույց է տալիս, որ առաջին շոկից կամ դժգոհությունից հետո արևմտյան գործընկերները սկսում են հասկանալ Հայաստանի անվտանգային միջավայրի բացերը, ընդունել, կամ առնվազն հասկանալ Հայաստանի ընտրության այդ քաղաքականությունը: Եվ այս ապաանվտանգայնացված միջավայրը պարադոքսալ կերպով ավելի շատ դաշտ է տալիս Երևանին մանևրելու համար, քանի որ նրա գործողություններին այլևս այդքան էլ խստապահանջ չեն վերաբերվում, ինչպես նախկինում: Բայց այս իրավիճակը մնում է այնքան ժամանակ, մինչև այդ երկու գլոբալ մակարդակի սուբյեկտների միջև նոր մրցակցության հարց է առաջ գալիս, որը կարող է շոշափել Հայաստանի շահերը: Եվ ես կարծում եմ, որ իմ այս նկարագրած ապաանվտանգայնացումը, երբ Հայաստանը հրաժարվեց ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, ճանապարհ բացեց ավելի ուշ բանակցությունների և, ի վերջո, մի քանի տարի անց ՍԵՊԱ-ի համաձայնագրի ստորագրելու համար: Բացի դրանից՝ կարևոր է նկատել, որ Արևելյան գործընկերության այդ վեց երկրներից միայն Հայաստանն է, որ ունի համաձայնագիր, որն ունի ՍԵՊԱ-ի կարգավիճակ, ոչ այս կողմում է, ոչ՝ այն, ինչ որ տեղ մեջտեղում է, ինչը հնարավոր է միայն, երբ այդ անվտանգայնացված մակարդակը դուրս է հանվում քննարկումից և դաշտ է բացվում մեջտեղում ինչ-որ բանի համար: Եվ անգամ հիմա, ես կարծում եմ, որ Հայաստանն ունի, այն քիչ բաներից, որ Հայաստանը կարող է ունենալ իր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական պայմաններում․ Արևմուտքի գործընկերների կողմից ընկալում Հայաստանի անվտանգության բացերի և առանձնահատկությունների մասին: Հետևաբար, նրանք Հայաստանի նկատմամբ այնքան էլ պահանջկոտ չեն և չեն կարող առաջ քաշել այնպիսի պահանջներ, որոնք Հայաստանի կառավարությունը պարզապես չի կարող իրականացնել: Բայց, միևնույն ժամանակ, Հայաստանը մնում է կամ հակված է մնալու լավը նաև Կրեմլի աչքում: Այսինքն, այս իրավիճակը ստեղծում  է այդ մանևրելու դաշտը, բայց նաև բազմաթիվ ռիսկեր է պարունակում հենց միայն այն պատճառով, որ հանգամանքները դասավորվեցին այնպես, ինչպես դասավորվեցին: Հաշվի առնելով, որ այս մեխանիզմում ինչ-որ բան կարող է փոխվել, այն կարող է փլուզվել հաշված օրերի ընթացքում: - Իմ երրորդ հարցը վերաբերում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության կամ մեր տարածաշրջանում կամ մեր երկրում Ռուսաստանի շահերի նկատմամբ Հայաստանի ընկալումներին: Ի՞նչ ես կարծում, որքանո՞վ են ռացիոնալ մեր ընկալումները թե՛ որոշում կայացնողների մակարդակում, թե՛ քաղհասարկության և թե՛ ընդհանուր առմամբ փորձագիտական համայնքի: Մի օրինակ բերեմ: Վերջին մոտ երկու ամիսներին, երբ ցույցեր էին տեղի ունենում Երևանում, ընդհանուր կոնսենսուս կար թե՛ իշխող շրջանակում և թե՛ քաղհասարակության շրջանում, որ այդ շարժման հետևում կանգնած է Ռուսաստանը: Այնուամենայնիվ, եթե մենք նայենք փաստերին, կարծես թե փաստերի պակաս կա, քանի որ Ռուսաստանը պետք է որ շահագրգռված չլինի Հայաստանի վարչակարգի փոփոխությամբ, քանի որ Հայաստանի ներկա կառավարությունը շարժվում է տարածաշրջանում Ռուսաստանի օրակարգով. տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հետպատերազմյան օրակարգը Ռուսաստանի օրակարգն է: Հետևաբար, ինչպե՞ս կբացատրեք այս իրավիճակը, երբ մի կողմից թվում է՝ ակնհայտ է, որ Ռուսաստանը պետք է որ շահագրգռված չլինի Հայաստանի ռեժիմի փոփոխությամբ, բայց մյուս կողմից կառավարությունը և անգամ ընդդիմությունը փորձում են այս շարժումը ներկայացնել որպես ռուսամետ կամ Ռուսաստանի կողմից հովանավորվող շարժում: Արդյոք մեր ընկալումները Ռուսաստանի մասին կամ մեր դատողությունները Ռուսաստանի մասին ռացիոնա՞լ են:  - Կարծում եմ՝ Ձեր հարցի վերջին մասը այն կարևոր հարցերից մեկն է, որը պետք է դրված լինի հայ-ռուսական հարաբերությունների ուսումնասիրության կամ, ընդհանուր առմամբ, հետխորհրդային տիրույթում ռուսագիտության հիմքում: Ես չեմ վիճի, թե արդյոք Ռուսաստանը որևէ դերակատարություն ունի Հայաստանի ընդդիմադիր շարժման մեջ, ինչպես ասացիք: Մենք չունենք որևէ ամուր նյութական ապացույց դրա համար, և դա կլինի ցանկալին իրականության տեղ ընդունելու ժանրից: Բայց անդրադառնամ Ձեր հարցի մյուս հատվածին՝ Հայաստանի տարբեր շրջանակներում Ռուսաստանի մասին ռացիոնալ մտածողության մասին: Դուք շատ ճիշտ բաժանում արեցիք, որի հետ ես համաձայն եմ՝ որոշում կայացնողները, փորձագիտական հանրությունը և լայն հանրությունը․ դրանց մասին առանձին- առանձին խոսենք:  Եթե նայենք անկախությունից հետո Ռուսաստանի նկատմամբ հայկական քաղաքական էլիտայի ընկալումներին, ռազմավարական մակարդակում Ռուսաստանի մասին ընկալումները կամ քննարկումները գերազանցապես կայուն են, մենք շատ փոփոխություններ չենք տեսնում: Նման փոփոխությունները պայմանավորված են միայն ճգնաժամային իրավիճաներով, և դա, թերևս, ճիշտ է նաև այսօրվա իրավիճակի, վերջին իրադարձություններ համատեքստում էլ: Մենք կարող ենք խոսել Ապրիլյան պատերազմից հետո Գերմանիայում Սերժ Սարգսյանի ելույթի մասին, երբ նրան հարց ուղղեցին Հայաստանի ու Ռուսաստանի և Թուրքիայի ու Ադրբեջանի դաշնակցային հարաբերությունների մասին, նա ասաց, որ Ռուսաստանը մեզ համար երբեք չի եղել այնպիսի գործընկեր, ինչպիսին եղել է Թուրքիան Ադրբեջանի համար: Այդ ելույթը նկատելիորեն առանձնանում է մյուս բոլոր ելույթներից, որ մենք լսում ենք մեր քաղաքական վերնախավից այս հարցի շուրջ: Կամ գալով ավելի թարմ իրադարձությունների, ավելի թարմ ելույթների՝ մենք կարող ենք նայել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որը կարծեմ 2018թ. նոյեմբերին էր, երբ նրան հարցրին հակամարտության մեջ և բանակցային գործընթացում Ռուսաստանի դերի մասին, և նա ասաց, որ չի կարող հավատալ, որ Ռուսաստանը կարող է հանդուրժել կամ թույլ տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև ևս մեկ պատերազմ Կովկասում: Բայց երբ մենք նայում ենք նույն մարդու տեքստը անմիջապես պատերազմից հետո, երբ նա հրապարակեց «44-օրյա պատերազմի պատճառները» վերտառությամբ հոդված, խոսելով Ռուսաստանի մասին՝ նա ասում է, որ Ռուսաստանի համար հետխորհրդային տարածությունում դժվարությունները սկսեցին Ուկրաինայի իրադարձությունների սկզբում, հետո Սիրիայում, ինչն էլ Ռուսաստանին հանգեցրեց այն մտքին, որ չի կարող միայնակ լուծել այս բոլոր հարցերը, և հենց այդ ժամանակ էր, որ Ռուսաստանն ընդունեց այն, ինչ հայտնի է «Լավրովի պլան» անունով և փորձեց առաջ քաշել բանակցային ջանքեր, որոնք, համաձայն վարչապետի տեքստի, ամբողջությամբ չէին բխում Հայաստանի շահերից: Եվ հենց այդ պահից պատերազմը կարծես թե դարձավ անխուսափելի: Եվ եթե համեմատենք վարչապետի այդ երկու ելույթները՝ պատերազմից առաջվա ելույթը, երբ նա կարծում էր, որ Ռուսաստանը պատերազմ թույլ չի տա, և երկրորդը, պատերազմից հետո գրված տեքստը, որում նա ասում էր, որ Ռուսաստանը չէր կարող միայնակ կերպով խուսափել պատերազմից, մենք տեսնում ենք, որ այնտեղ, թերևս… նաև հաշվի առնելով Սարգսյանի՝ նշածս ելույթը՝ մենք կարող ենք տեսնել, որ առնվազն վերջին տասնամյակում Հայաստանի քաղաքական էլիտան հասկացել է, որ Հայաստանը պետք է օգտվի Ռուսաստանի հետ դաշինքի հնարավորություններից, հնարավորինս օգտագործի այն՝ ամրապնդելու իր անվտանգության դիրքերը և փորձի կանխել պատերազմը։ Այնուամենայնիվ, նրանցից ոչ մեկը լիովին վստահ չէր, որ աշխարհաքաղաքական այս միջավայրը, որտեղ հայտնվել էին և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Ռուսաստանը, որոշակի երաշխիքներ է տալիս պատերազմը կանխելու համար:  Հիմա, եթե գանք փորձագիտական մակարդակին, կարծում եմ՝ միֆերը հիմնականում այստեղ են, ոչ թե էլիտայի մակարդակում, քանի որ էլիտան տիրապետում է տեղեկության, որը փորձագետները չունեն: Եվ այստեղ մենք գործ ունենք մեծ թվով կանխակալ կարծիքների հետ, քանի որ ինչպես ցանկացած հասարակության մեջ, փորձագիտական համայնքներն ունեն իրենց շահերը, ծառայում են այդ շահերին: Եվ այստեղ միֆերը սնուցվում են Ռուսաստանի մասին ոչ հստակ ընկալմամբ, գուցե հնացած ընկալմամբ, քանի որ Ռուսաստանի քաղաքական համակարգը և արտաքին քաղաքականությունը շատ արագ են փոխվում, և գուցե այդ փորձագետները հետ են մնացել: Եվ մենք երկուսս էլ, համոզված եմ, ունեցել ենք նույն խնդիրը, երբ մեր գիտելիքները շատ արագ դառնում են անպիտան:  Բայց, կարծում եմ, Ռուսաստանի մասին ամենակարևոր միֆը, որ եղել է կամ կա փորձագիտական համայնքում, վերաբերում է Հայաստանում Ռուսաստանի շահերի մասշտաբներին՝ համեմատած Ռուսաստանի այլ շահերի հետ տարածաշրջանում և ընդհանուր առմամբ: Կարծում եմ, Պուխովը վերջերս հայ լրագրողներից մեկին տված իր հարցազրույցում, երբ պատմում էր իր վերջին գրքի մասին և վերլուծում Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, ասում էր, որ Հայաստանը Մոսկվայի համար «գլխացավանք համար 16-րդը կամ 17-րդն» է: Երբեմն մենք գերագնահատում ենք ռազմավարական առումով Հայաստանի կարևորությունը Կրեմլի հաշվարկներում, և մենք անգամ չենք հասկանում, թե ինչպես են Մոսկվայում որոշումներ կայացվում Հայաստանի մասով, կոնկրետ ինչ շրջանակներ են ներգրավված որոշումների կայացման գործընթացում, ինչ լոբիստական ինստիտուտներ կամ անհատներ կան այն գործընթացներում, որոնք դեմ են գնում մեր շահերին: Հետևաբար, փորձագիտական համայնքում մենք դեռ բավականին շատ տեղ ունենք կատարելագործվելու և ավելի լավ հասկանալու Ռուսաստանը, և, կարծում եմ, որ այս հաղորդումը հիանալի հարթակ է հենց դրա համար:  Երկրորդ մակարդակը հանրության ընկալումն է Ռուսաստանի մասին: Այստեղ ուշադրության է արժանի ՀՌԿԿ-ի «Կովկասյան բարոմետր» հետազոտությունը, որում մենք կարող ենք տեսնել, որ կտրուկ ավելացել է մի միտում, որը մենք տեսնում էինք նաև նախկինում: «Կովկասյան բարոմետր» հետազոտությունը ցույց է տվել, որքան հիշում եմ՝ 2013թ.-ից հետո…   - Վստահությունը նվազել է 83%-ից մինչև 35-36%:  - Եվ, եթե չեմ սխալվում, անգամ Ֆրանսիայի նկատմամբ [վստահությունը] 35-36% է, երկուսն էլ նույն տեղում էին: Ռուսաստանի ցուցանիշը ավանդաբար բարձր է եղել, այն պարագայում, երբ Ֆրանսիայի, Իրանի նկատմամբ վստահությունը եղել է 1-2%: Եվ սա մտահոգիչ ազդակ է Ռուսաստանի համար՝ կապված Հայաստանում իր հանրային դիվանագիտության հետ, որովհետև… Ռուսաստանը, որպես կանոն, այն դերակատարներից չէ, որոք մեծ ներդրում են անում փափուկ ուժի մեջ: Նա փորձել է դա անել, և դրա օրինակներն են տարբեր երկրներում ռուսաց լեզվի կենտրոնները, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն, բայց այս հաստատությունները կարծես թե ամենապոպուլյար հանրային հաստատությունները չեն այն հասարակություններում, որտեղ նրանք գործում են, եթե համեմատում ենք մյուս ՀԿ-ների, հիմնադրամների հետ, որոնք անգամ կարող են ունենալ տարածաշրջանում ռուսական շահերին հակասող շահեր: Նաև ռուսալեզու հեռուստալիքները և այլն: Սրանք փափուկ ուժի գործիքներ են: Այնուամենայնիվ, մենք կարող ենք խոսել այդ հաստատությունների, այդ մեխանիզմների միջոցով փափուկ ուժի փաստի մասին, բայց ակնհայտ է, որ [վարկանիշի] այդ կտրուկ դրամատիկ նվազումը վերջին հարցման ժամանակ, որը եթե չեմ սխալվում, առաջինն էր 2019 թե 2020-ից հետո, արդյունք է անվտանգային միջավայրի փոփոխության, Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտության: Եվ պատերազմում Հայաստանի պարտության համար Ռուսաստանի հասցեին հնչող քննադատական թեզերը մեծապես բացատրում են այդ կտրուկ նվազման պատճառները: Եվ, ինչպես ասացի, կարծում եմ, որ սա մտահոգիչ ազդակ է Ռուսաստանի համար, և եթե նա Հայաստանում հանրային դիվանագիտության նպատակներ է հետապնդում, պետք է վերանայի իր որոշ քաղաքականություններ կամ որոշ մեխանիզմներ:  - Իրականում շատ հետաքրքիր է, որ Ռուսաստանը, ունենալով այդքան մեծ ազդեցություն Հայաստանում և Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո լինելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը, այդքան անտաղանդ է գործում փափուկ ուժի կիրառման տեսանկյունից: Մի օրինակ բերեմ. Հայաստանի բազմաթիվ հայտնի լրատվամիջոցների խմբագիրներ փորձել են հարցազրույցի հրավիրել Հայաստանում Ռուսաստանի դեսպանին, բայց վերջինս երբեք չի ընդունել այդ հրավերը, ինչը հետաքրքիր է:  Եվ իմ վերջին հարցերից մեկը Հայաստանում՝ կրկին փորձագիտական համայնքում տիրող այն լուրջ մտահոգությունների մասին է, որ Ռուսատանը փորձում է Հայաստանին ներքաշել Բելառուսի հետ Միութենական պետության մեջ: Այս խոսակցություններն ակտիվացել են Ղարաբաղյան երկրորդ պատերազմից և հատկապես Ուկրաինայի պատերազմից հետո: Ո՞րն է Ձեր գնահատականը, որքանո՞վ են իրական այդ ռիսկերը, և որքանո՞վ են իրական այդ մտահոգությունները:  - Կարծում եմ՝ Ռուսաստանի և Բելառուսի հետ Միութենական պետությանը  Հայաստանի միանալու մասին խոսակցությունները վաղաժամ են: Չէի ասի, որ դրանք որևէ հիմք չունեն. վստահ եմ՝ այդ թեման որոշակի մակարդակով, որոշակի հաճախականությամբ շոշափվում է Հայաստանի և Ռուսատանի պաշտոնյաների միջև զրույցներում, բայց միանշանակ օրակարգում առաջնահերթություն չէ: Հատկապես հիմա, ես կարծում եմ, Ռուսաստանը մտահոգվելու ավելի մեծ գլխացավանքներ ունի, նրա ռեսուրսները՝ և՛ ինստիտուցիոնալ, և՛ մարդկային առումով, սահմանափակ են, և նա չի կարող միաժամանակ ներգրավվել այդպիսի խոշոր արտաքին քաղաքական նախագծերում: Եվ թե ինչ ուղղությամբ կզարգանան Միութենական պետության մասին այդ խոսակցությունները՝ մեծապես կախված է նաև Ուկրաինայի պատերազմի ելքից: Միգուցե Ռուսաստանի կառավարությունը կարիք ունենա արտաքին քաղաքական հաղթանակի, և դա կարող է դրա համար հարմար տարբերակ լինել, բայց նորից, կարծում եմ, վերադառնալով միֆերին, մենք չենք հասկանում՝ որքան կարևոր է Հայաստանը Ռուսաստանի համար. ոչ միայն պետության համար, այլև մարդկանց՝ առավել լայն լսարանի համար: Որովհետև եթե մենք կարող ենք ասել, որ արտաքին քաղաքական հաղթանակը Ղրիմի օրինակում ստեղծեց «Հետղրիմյան մեծամասնություն» Ռուսաստանում, որը կառավարության համար լեգիտիմություն ապահովեց Ղրիմից հետո, չեմ կարծում, որ անգամ Հայաստանի ինտեգրումը Միութենական պետությանը որևէ ներուժ ունի ստեղծելու այդ նույն մեծամասնությունը, ինչ եղավ Ղրիմից հետո: Հետևաբար, ես իսկապես կարծում եմ, որ նման խոսակցություններ կան, բայց չեմ կարծում, որ դրանք օրակարգի գագաթին են: Կարծում եմ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ինտեգրացիան բազմաթիվ այլ հարթակներ ունի, որտեղ դեռ հեռուն գնալու տեղ կա՝ նախքան Միութենական պետությանը հասնելը: Որպես օրինակ՝ կարող ենք դիտարկել Ռուսաստան-Բելառուս հարաբերությունների զարգացումը Միութենական պետության համատեքստում և որոշակի պատկերացում կազմել ինտեգրացիոն քայլերի մասին: Եվ կտեսնենք, որ մենք դեռ մոտ չենք վերջնակետին և ինտեգրման բազմաթիվ ոլորտներ դեռ կան Եվրասիական տնտեսական միության շրջանակում՝ ֆինանսական ոլորտում, անվտանգության ոլորտում, որոնք, կարծում եմ, կնախորդեն Միութենական պետությանը, եթե դա երբևէ լինի: Նաև, ըստ իս, Հայաստանի և Ռուսաստանի միջև ավելի խոր ինտեգրացիան սովորաբար որոշվում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ինտեգրացիայի կամ համագործակցության մակարդակով, ինչը, իմ կարծիքով, տեսականորեն դեռ խորանալու տեղ ունի, մինչև Հայաստանը կանգնի նման միությանն անդամակցելու կամ չանդամակցելու որոշման առաջ: - Եվ իմ վերջին հարցով ուզում եմ վերադառնալ Ռուսաստանի մոտեցմանը, Ռուսաստանի քաղաքականությանը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ: Ձեր հարցազրույցներից մեկում Դուք նշել եք, որ Հայաստանը Ռուսաստանին ավելին պետք է առաջարկի, քան Ադրբեջանը, որպեսզի կարողանա վերականգնել իր դերը՝ որպես տարածաշրջանում Ռուսաստանի դաշնակից: Ի՞նչ կարող է Հայաստանն առաջարկել Ռուսաստանին, և ի՞նչ կարող է Հայաստանն առաջարկել Ռուսաստանին՝ առանց իր ինքնիշխանության մի մասը զիջելու:  - Մի փոքրիկ ուղղում. ոչ թե Հայաստանը պետք է ավելին առաջարկի Ռուսաստանին, ես այդ հարցազրույցում բացատրում էի՝ ինչպես է Հայաստանի քաղաքականությունը վերջին տարիներին Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռանկյունու մեջ: Եվ միտումն այն էր, որ հենց Ադրբեջանը խորացրել է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ և իրեն դիրքավորել որպես ավելի լավ գործընկեր տարածաշրջանում, ավելի կարևոր գործընկեր տարածաշրջանում, քան Հայաստանը, Հայաստանի կառավարությունը հակված է եղել ավելի բարձրացնել իր համակագործակցության մակարդակը Ռուսաստանի հետ այն պայմաններով, որոնք Ռուսաստանը կողջունի, և դա անելով՝ փորձել է ցույց տալ, որ Հայաստանն ունի ներուժ՝ լինելու կամ է ավելի լավ գործընկեր Ռուսաստանի համար, քան Ադրբեջանն է: Այս գործողությունները պետք է նայել այն համատեքստում, որ երկու երկրներն էլ Մոսկվան դիտարկում են որպես ամենակարևոր միջնորդ, կամ որոշում կայացնող, կամ ազդեցիկ դերակատար Ղարաբաղյան հակամարտությունում. Մեկը՝ ռևիզիոնիստական նպատակներով, պատերազմից առաջ դա Ադրբեջանն էր, իսկ մյուսը՝ փորձելով պահպանել ստատուս քվոն: Եվ հասկանալի է, որ ռևիզիոնիստ պետությունը միշտ կարիք ունի անել ավելին՝ հասնելու իր քաղաքական նպատակներին, ինչպես լինում է մարտի դաշտում՝ հարձակվող կողմը ավելի շատ ջանքեր է կենտրոնացնում, քան պաշտպանվող կողմը, հետևաբար, պաշտպանվող կողմը ցանկանում է պահպանել ստատուս քվոն: Եվ այս առումով, այո՛, միտումն այդպիսին էր, և այն շարունակվեց 2018թ. հեղափոխությունից հետո էլ: Ավելին՝ այդ ժամանակ ավելի շատ գործողություններ էին պահանջվում՝ ապացուցելու Հայաստանի կարևորությունը կամ հավատարմությունը…  - Սիրիա զորքեր ուղարկել և այլ - … այնպիսի պատճառներով, որոնք կապված էին հեղափոխական ուժերին բնորոշ արժեքների հետ: Առաջին՝ որովհետև նրանք պետք է ապացուցեին, որ չունեն հակառուսական օրակարգ, որպեսզի հեղափոխությունն ինքնին տեղի ունենար, և երկրորդ՝ քանի որ նրանք եկել էին իշխանության ժողովրդական օրակարգով, շատ հաճախ մենք կարող էինք տեսնել՝ ինչպես էր Հայաստանի կառավարությունը Մոսկվայում շեշտում ինքնիշխանության պայմանները՝ չմիջամտել ներքին գործերին կամ վեճերին, և այս տրամաբանության մեջ այլ հարցեր: Այնուամենայնիվ, այդ հայտարարություններից հետո, կամ այն գործողություններից հետո, որոնք Մոսկվայում ընդունեցին ոչ առանց հարցական կամ բացականչական նշանի, Հայաստանի կառավարությունը ստիպված էր վերականգնել խաղաղեցնելու գործողությունները՝ վերականգնելու Ռուսաստանի վստահությունն իր նկատմամբ: Փաստորեն, այս դեպքում զիջումների երկու ճակատ էր բացվել, մեկը՝ ապացուցելու, որ Հայաստանն ավելի կարևոր է, քան Ադրբեջանը, մյուսը՝ ապացուցելու, որ Ռուսաստանը կարիք չունի մտահոգվելու այս կառավարության մասով:  - Պարո՛ն Սուքիասյան, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար:  - Շատ շնորհակալ եմ: 
15:27 - 27 հունիսի, 2022
Այսօր երևի թե կատարում ենք դատական իշխանության բնագավառում վերջին շրջանի ամենամեծ ընդլայնումներից մեկը․ Վարդանյան

Այսօր երևի թե կատարում ենք դատական իշխանության բնագավառում վերջին շրջանի ամենամեծ ընդլայնումներից մեկը․ Վարդանյան

Այսօր երևի թե կատարում ենք դատական իշխանության բնագավառում վերջին շրջանի ամենամեծ ընդլայնումներից մեկը։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ «Երբեք 13 դատավորով մեր Վճառաբեկ դատարանը չի ընդլայնվել։ Այս ընդլայնումը պայմանավորված է մի շարք հարցերով, որոնցից մի քանիսը  այստեղ հնչեց․ դատավորների ծանրաբեռնվածություն, գործերի քննարկման ժամկետների նվազում, անհրաժեշտություն ունենալ հակակոռուպցիոն դատարանների համապատասխան դատաիրավական բուրգ, որպեսզի ապահովենք գործերի ավելի արդյունավետ իրականացումը»։ Պատգամավորն ասաց՝ այն ընթացակարգը, որ նախատեսված է Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության համար, բավականին բարդ է․ «Չեմ ուզում օգտագործել խնդրահարույց արտահայտությունը, որովհետև, ի վերջո, սա սահմանադրական կարգավորում է, բայց ենթադրում է որոշակի առումով  քաղաքական մարմնի հետ դատական իշխանության շփում, բայց այս շփումը չպետք է դիտարկել որևիցե եղանակով իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտում, այլ ընդհակառակը՝ հնարավորություն իշխանության բոլոր թևերին միասին, մեկ հարթակի վրա խոսել այն խնդիրների վերաբերյալ, որոնք բարձրաձայնվում են»։
12:45 - 27 հունիսի, 2022
ԱԺ-ում արտահերթ նիստ է գումարվել․ օրակարգում Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցն է

ԱԺ-ում արտահերթ նիստ է գումարվել․ օրակարգում Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցն է

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ Ազգային ժողովում արտահերթ նիստ է մեկնարկել, որի օրակարգում Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցն է։ Բարձրագույն դատական խորհուրդը վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հրաչ Այվազյանի, Լիանա Այվազյանի,  6-րդ գումարման Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի թեկնածությունները։ Թեև, ըստ օրակարգի, Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին ԱԺ-ում պետք է ներկայացներ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, սակայն նրա փոխարեն թեկնածուներին ներկայացնում է ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը։ Ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին, թե ինչու Գագիկ Ջհանգիրյանը չի ներկայացնում թեկնածուների,  Դավիթ Խաչատուրյանը տեղեկացրեց, որ Ջհանգիրյանը վիրահատության է ենթարկվում, Ջհանգիրյանի պարտականությունները ժամանակավորապես Դավիթ Խաչատուրյանն է իրականացնելու։
11:52 - 27 հունիսի, 2022
G7 երկրները համատեղ պայքարում են համաշխարհային տնտեսությունում առկա ճգնաժամի դեմ․ Շոլց

G7 երկրները համատեղ պայքարում են համաշխարհային տնտեսությունում առկա ճգնաժամի դեմ․ Շոլց

«Մեծ յոթնյակի» (G7) երկրների առաջնորդները համատեղ պայքար են մղում համաշխարհային տնտեսությունում իրավիճակի վատթարացման դեմ, DW-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը գերմանական Էլմաու ամրոցում աշխատանքային նիստից հետո, որը նվիրված էր գլոբալ ֆինանսական հարցերին։ «G7-ի բոլոր անդամները մտահոգություն ունեն ճգնաժամերի առնչությամբ, որոնց հարկադրաբար բախվում ենք ներկա պահին», - ասել է նա՝ նշելով մի շարք երկրներում տնտեսական ճի տեմպերի նվազումը, գնաճի ավելացումը, հումքի պակասն ու մատակարարման շղթաներում խաթարումները։ Ըստ Շոլցի՝ խոսքը լուրջ խնդիրների մասին է։ «Այդ պատճառով էլ մենք նաև պետք է համատեղ պատասխանատվություն կրենք։ Սակայն ես մեծապես վստահ եմ, որ գագաթնաժողովի շրջանակում կհաջողվի միասնության և վճռականության շատ հստակ ազդակ հղել, - հավելել է քաղաքական գործիչը։ Նորա Վանյան
22:00 - 26 հունիսի, 2022
Մադրիդում ցույց է անցկացվել՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի

Մադրիդում ցույց է անցկացվել՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի

Հազարավոր մարդիկ այսօր ցույցի էին դուրս եկել Իսպանիայի մայրաքաղաքում՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի, որը կայանալու է Մադրիդում հաջորդ շաբաթ, հայտնում է Reuters-ը։ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների առաջնորդները հանդիպելու են հունիսի 29-30-ըը, ակնկալվում է, որ քննարկվելու է կազմակերպությանը Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցը, որին դեմ է Թուրքիան։ Սկանդինավյան այս երկրներն անդամակցության հայտ էին ներկայացրել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո, որը վերջինս «հատուկ ռազմական գործողություն է անվանում»։ Ցուցարարների պնդմամբ՝ Եվրոպայում պաշտպանական ոլորտի ծախսերի ավելացումը, որին ձգտում է ՆԱՏՕ-ն, սպառնալիք է խաղաղությանը։ «Ոչ մի ՆԱՏՕ, ոչ մի [ռազմական] բազա, թող ամերիկացիները հեռանան և մեզ հանգիստ թողնեն՝ առանց պատերազմների և զենքի», - ասում է Մադրիդի բնակիչ Կոնչա Օյոսը։ Մյուս ցուցարարի խոսքով՝ ՆԱՏՕ-ն ուկրաինական պատերազմի համար լուծում չէ։ Ցույցի կազմակերպիչները հայտարարել են, որ մասնակիցների թիվը հասել է 5 հազարի, սակայն Մադրիդի իշխանությունը այլ թիվ է նշել՝ 2,200։ Գլխավոր լուսանկարը՝ REUTERS-ի Նորա Վանյան
20:44 - 26 հունիսի, 2022
«Ավելի շատ պատժամիջոցներ և զենք է պետք»․ Ուկրաինայի ԱԳ նախարարը՝ G7 առաջնորդներին

«Ավելի շատ պատժամիջոցներ և զենք է պետք»․ Ուկրաինայի ԱԳ նախարարը՝ G7 առաջնորդներին

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Կիևին հասցված հրթիռային հարվածներից հետո, որոնց հետևանքով, ուկրաինական կողմի տվյալներով, վնասվել է մեկ բնակելի շենք և մանկապարտեզ, «Մեծ յոթնյակի» (G7) երկրների առաջնորդներին կոչ է արել խստացնել ՌԴ դեմ պատժամիջոցները, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն։ «Այս յոթնամյա երեխան հանգիստ քնած է եղել Կիևում, երբ ռուսական թևավոր հրթիռն ընկել է շենքի վրա»։ Դեռ հարվածի տակ են այսպիսի շատ երեխաներ ողջ Ուկրաինայի տարածքում։ G7 գագաթնաժողովը պետք է արձագանքի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներով և ծանր սպառազինության մատակարարմամբ։ ՌԴ անառողջ իմպերիալիզմը պետք է պարտություն կրի», - գրել է նա Թվիթերում։ Նշենք, որ Բավարիայի (Գերմանիա) Էլմաու ամրոցում այսօր սկսվել է G7-ի առաջնորդների գագաթնաժողովը, այն անցկացվում է հունիսի 26-28-ը։ Հունիսի 29-30-ին Մադրիդում կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։ Նորա Վանյան
16:13 - 26 հունիսի, 2022
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են արգելել ռուսական ոսկու ներկրումը

«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են արգելել ռուսական ոսկու ներկրումը

«Մեծ յոթնյակի» (G7) երկրներն այսօր հայտարարել են ռուսական ոսկու ներկրումն արգելելու մտադրության մասին։ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ, Ճապոնիայի և Կանադայի այս գործողությունները Մոսկվայի վրա պատժամիջոցների միջոցով ճնշում գործադրելու, Ուկրաինա ներխուժումը ֆինանսական միջոցներից զրկելուն ուղղված ջանքերի մի մասն են, գրում է Reuters-ը։ «Միջոցները, որոնց մասին հայտարարել ենք այսօր, ուղղակիորեն հարվածելու են ռուսաստանցի օլիգարխներին և խոցելու են Պուտինի ռազմական մեքենայի սիրտը։ Մենք պետք է Պուտինի ռեժիմին զրկենք ֆինանսավորումից», - ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի խոսքով՝ G7-ը ոսկու ներկրման արգելքի մասին պաշտոնական հայտարարություն կտարածի երեքշաբթի՝ հունիսի 28-ին։ «Սա Ռուսաստանի համար եկամտի առանցքային աղբյուր է համաշխարհային ֆինանսական համակարգի հետ գործարքների իրականացման հնարավորության առումով», - ասել է նա։ Մեծ Բրիտանիայի կառավարության տվյալներով՝ անցյալ տարի ռուսական ոսկու արտահանման արժեքը կազմել է 12,6 մլրդ ֆունտ ($15,45 մլրդ)։ Նորա Վանյան
15:22 - 26 հունիսի, 2022
ԱՄՆ-ում հղիության արհեստական ընդհատման իրավունքն այլևս սահմանադրական չէ

ԱՄՆ-ում հղիության արհեստական ընդհատման իրավունքն այլևս սահմանադրական չէ

ԱՄՆ Գերագույն դատարանը վերանայել է 1973 թվականին կայացված «Ռոուն ընդդեմ Ուեյդի» որոշումը, որը երաշխավորում էր հղիության արհեստական ընդհատման իրավունքը երկրի բոլոր քաղաքացիների համար: ԱՄՆ գերագույն դատարանի նոր որոշմամբ 22 նահանգում հղիության ընդհատումը կարող է անօրինական դառնալ։ Այս մասին գրում է Politico-ն։ Դատարանի հրապարակած փաստաթղթի մեջ նշվում է, որ այժմ նահանգների իշխանությունները կարող են կարգավորել հղիության արհեստական ​​ընդհատման մասին օրենքները։ Bloomberg-ը հայտնել է, որ Միսսուրիի գլխավոր դատախազը Գերագույն դատարանի որոշումից անմիջապես հետո ստորագրել է հղիության արհեստական ​​ընդհատման արգելքը։ Այն, որ ԱՄՆ Գերագույն դատարանը պատրաստվում էր վերանայել հղիության արհեստական ​​ընդհատման երաշխավորված իրավունքը, ավելի վաղ հայտնել էր Politico-ն։ Դրանից հետո երկրի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը պաշտպանում է հղիության ընդհատման իրավունքը, հանձնարարել է իր վարչակազմին համապատասխան պատասխան պատրաստել։ Լուսանկարը՝ The Associated Press
12:24 - 25 հունիսի, 2022
2020 թ․ նոյեմբերի 10-ի անկարգությունների գործով մեկ-երկու անձ չէ պատասխանատվության ենթարկվում․ Ջհանգիրյանի սխալ պնդումները՝ Հ1-ի եթերում

2020 թ․ նոյեմբերի 10-ի անկարգությունների գործով մեկ-երկու անձ չէ պատասխանատվության ենթարկվում․ Ջհանգիրյանի սխալ պնդումները՝ Հ1-ի եթերում

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը երեկ՝ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով իր եւ ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրությանը, իրականությանը չհամապատասխանող մի քանի պնդում է արել։ Ռուբեն Վարդազարյանը, հիշեցնենք, 2021 թ․ փետրվար ամսվա այդ ձայնագրությունը հրապարակեց օրեր առաջ՝ հունիսի 20-ին՝ հայտարարելով, որ դա ապացույցն է այն բանի, որ իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը եւ քրեական հետապնդումը քաղաքական որոշման հետևանք են։ Վարդազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել էր այս տարվա մայիս ամսին ԲԴԽ 3 անդամների՝ Գրիգոր Բեքմեզյանի, Լիպարիտ Մելիքջանյանի եւ Դավիթ Խաչատուրյանի նախաձեռնությամբ էական կարգապահական խախտման առիթով (որի շրջանակում հունիսի 23-ին ԲԴԽ նրան ենթարկեց կարգապահական պատասխանատվության՝ դադարեցնելով նրա լիազորությունները), իսկ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար նրան մեղադրանք էր առաջադրվել դեռ նախորդ տարի՝ 2021 թ․ ապրիլ ամսին Հատուկ քննչական ծառայությունում (այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտե)։ 2020 թ․ նոյեմբերի 10-ի անկարգությունների գործով բազմաթիվ անձինք են ենթարկվում պատասխանատվության Երեկվա հարցազրույցում ներկայացնելով իր պարզաբանումները՝ Գագիկ Ջհանգիրյանն ասել է․ «Ես ուզում եմ մենք հիշենք, թե ինչ պայմաններում եմ ես ընտրվել ԲԴԽ անդամ։ Դա նոյեմբերյան իրադարձություններից հետո էր՝ հունվարի վերջ։ Դուք հիշում եք Կառավարության շենքի գրավումը, մասսայական անկարգությունները, կառավարական կեցավայրի ջարդուփշուրը, ԱԺ նախագահի նկատմամբ հաշվեհարդարը․․․ Երբ այդ բոլոր մեղադրյաներին տանում էին դատարաններ՝ համապատասխան խափանման միջոց ընտրելու, կարծես բոլոր մեղադրյալները ազատվեցին, որեւէ մեկի նկատմամբ կալանք չընտրվեց, շատերի մեղադրանքների հիմնավոր կասկածները հերքվեցին, եւ պատահական չէ, որ մինչ այսօր էլ այդ մասսայական անկարգությունների գործերով ընդամենը մեկ-երկու կամ երեք մարդ է արդեն ենթարկվում կամ ընթացքում է նրանց քրեական պատասխանատվության խնդիրը, որովհետեւ ամբողջը խափանվեց․․․» Ջհանգիրյանը նկատի ունի 44-օրյա պատերազմը դադարեցնելու վերաբերյալ 2020 թ․ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությանը հաջորդած անկարգությունների դեպքերը, սակայն նրա այն պնդումները, թե այդ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով որեւէ մեկի նկատմամբ կալանավորում խափանման միջոց չի ընտրվել կամ որ այսօր էլ «մեկ-երկու կամ երեք» մարդ է ենթարկվում պատասխանատվության, իրականությանը չեն համապատասխանում։  Այսպես․ մայիս ամսին մենք գրավոր հարցմամբ դիմել էինք Ազգային անվտանգության ծառայությանը՝ հետաքրքրվելով հարուցված քրեական գործի ընթացքից։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ից այդ ժամանակ հայտնել էին, որ քրեական գործով 53 անձի նկատմամբ որոշում էր կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որոնցից 44-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Դրանցից 23-ը բավարարվել էր, այդ թվում 3-ը՝ հետախուզվող մեղադրյալների նկատմամբ, իսկ 33 անձի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:  Ավելի թարմ տվյալների համար դիմեցինք նաեւ ՀՀ դատախազությանը։ Մեր հարցին ի պատասխան՝ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն այսօր հայտնեց, որ նախաքննության փուլում գտնվող տվյալ քրեական գործով ներկայումս 25 անձ, որոնցից մեկը՝ կալանավորված, ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ․ «2020 թվականի նոյեմբերի 9-10-ին Երևան քաղաքում գտնվող Կառավարության շենքում, ԱԺ շենքում եւ պետական նշանակության այլ օբյեկտներում ու վայրերում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաքննությունը շարունակվում է, քննություն է կատարվում նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դրվագով»,- ասաց նա։ Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ կան հիշյալ դեպքերին վերաբերող նախաքննությունն ավարտված եւ դատարան ուղարկված մի շարք քրեական գործեր, որոնցով կայացվել են նաեւ մեղադրական դատավճիռներ։ Մասնավորապես, ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ մայր քրեական գործից անջատվել եւ մեղադրական եզրակացությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել  29 անձի վերաբերյալ 10 քրեական գործ: Գոռ Աբրահամյանի խոսքով՝ 29 անձից 9-ի վերաբերյալ արդեն իսկ կայացվել են մեղադրական դատավճիռներ։ Մասնավորապես, 1 անձ դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով եւ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 5 տարի փորձաշրջան: Նշված դատավճռի դեմ դատախազությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը մերժվել է:  Մեկ այլ գործով արագացված դատական քննության արդյունքում 2 անձ դատապարտվել է 4-ական տարի ազատազրկման: Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել պաշտպանի կողմից, որի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել պաշտպանի բողոքը մասնակիորեն բավարարելու մասին, եւ ամբաստանյալների նկատմամբ նշանակվել է համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ, քան նախատեսված է այդ հոդվածով, այսինքն՝ ազատազրկում 2 տարի ժամկետով: Նշված դատական ակտի դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք:   Կրկին արագացված դատական քննության կարգով կայացված մեղադրական դատավճռով (առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալը) 1 անձ դատապարտվել է տուգանքի՝ 150.000 ՀՀ դրամի չափով:  Անջատված գործերից մեկով էլ համաձայնեցման վարույթի շրջանակներում 3 անձ (զանգվածային անկարգության մասնակիցներ) դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով, նրանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է 2 տարի փորձաշրջան: Մեկ այլ գործով էլ դատապարտվել է 2 անձ, որոնցից մեկը՝ 3 տարի ազատազրկման եւ 500.000 ՀՀ դրամ տուգանքի, մյուսը՝ 6 տարի ազատազրկման: Ավետիք Չալաբյանի գործով ձայնագրությունը դատարանի որոշմամբ կատարված ձայնագրություն չէ Հարցազրույցի ընթացքում Պետրոս Ղազարյանը համեմատություն է արել՝ հիշեցնելով, որ որոշ ժամանակ առաջ նաեւ հասարակական գործիչ, «5165 շարժման» անդամ Ավետիք Չալաբյանի մասնակցությամբ գաղտնի ձայնագրություն հրապարակվեց, ինչից հետո քրեական գործ հարուցվեց, եւ Չալաբյանը կալանավորվեց (նրան մեղադրանք էր առաջադրվել ընդդիմության հավաքներին մասնակցելու նպատակով երկու եւ ավելի անձանց նյութապես շահագրգռելու համար)․ «Ինքն էլ կարող է ասել՝ ես կուտ էի տալիս (նման արտահայտություն երեկ Ջհանգիրյանն է արել,-հեղ․), որ հասկանայի՝ ինչ է կատարվում, Ձերը շատ ավելի բազմավեկտոր է, բայց Դուք կալանավորված չեք, մենք խոսում ենք արդարադատության մասին»,- դիմելով Ջհանգիրյանին՝ ասել է Ղազարյանը։ Ի պատասխան՝ Ջհանգիրյանը նշել է․ «Ես ենթադրում եմ, որ Չալաբյանի ձայնագրությունը օրենքով նախատեսված կարգով, այսինքն՝ դատարանի որոշմամբ, նախապես սանկցիայով կատարված ձայնագրություն է, դա ապացույց է, իսկ սա, կներեք, քեֆի սեղանի շուրջ կատարված խոսակցությունների գաղտնալսում է»։ Ջհանգիրյանի այս ենթադրությունը եւս սխալ է, քանի որ ակնհայտ է, որ Չալաբյանի մասնակցությամբ ձայնագրությունը կատարվել է ոչ թե օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, այլ մասնավոր անձի կողմից։ Այն ի սկզբանե հրապարակվել էր վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված medianews.site կայքում, եւ անգամ նախաքննական մարմինն էր իր հաղորդագրության մեջ նշել, որ դեպքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել լրատվական կայքերից մեկում։ Ավելին, «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկումը եւ ներքին դիտումը (որը, ի թիվս այլնի, ենթադրում է նաեւ տեխնիկական միջոցների կիրառմամբ ձայնագրում) կարող են իրականացվել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, եւ եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է: Արարքը, որի մեջ Չալաբյանին կասկածում, այժմ մեղադրում են, նախատեսված է Քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածով, որը նախատեսում է առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկում, իսկ նույն օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը, համարվում են միջին ծանրության հանցագործություններ։ Այսինքն՝ Չալաբյանին մեղսագրվող արարքի շրջանակում նշված ՕՀՄ-ները չէին էլ կարող իրականացվել։ Դատավորի էթիկայի կանոնները միայն ի պաշտոնե գործելու համար չեն նախատեսված Անդրադառնալով Պետրոս Ղազարյանի այն հարցին՝ արդյո՞ք իր վարքագծով Ջհանգիրյանը չի խախտել դատավորի համար նախատեսված էթիկայի կանոնները, նա պատասխանել է․ «Ես ընդունում եմ, որ մարդկային էթիկայի կանոն եմ խախտել, բայց դատավորի, որի կարգավիճակը իմ վրա տարածվում է, ոչ մի էթիկայի խախտում չկա, որովհետեւ ես հանրային դաշտում չեմ խոսել, ես խոսել եմ նեղ, ընկերական, տղամարդկանց շրջապատում․․․ Էթիկայի կանոնների խախտումը հրապարակային, հանրային դաշտում կատարած խախտում պիտի լինի․․․ Հո ես իմ ընտանիքում, իմ ընկերների հետ զրույցների ժամանակ պարտադրվա՞ծ չեմ էթիկայի կանոնները պահպանել․․․ Դա գործնական հանդիպում չէր, դա նույն խորհրդակցական մարմնի երեք անդամի ինտիմ զրույց էր»։ Իրականում խախտում կա թե ոչ՝ իրավասու սուբյեկտների որոշելիքն է, բայց նշենք, որ դատավորի վարքագծի եւ էթիկայի կանոններ նախատեսված են ոչ միայն ի պաշտոնե գործելու համար։ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, ինչպես նաեւ Դատավորների ընդհանուր ժողովի՝ «Դատավորի էթիկայի կանոնները սահմանելու մասին» 2018 թ․ որոշմամբ այդ կանոնները տարանջատված են երկու տեսակի՝ էթիկայի կանոնները ի պաշտոնե գործելիս եւ ոչ դատական գործառույթների իրականացման ընթացքում, որոնց թվում են, օրինակ, ընտանեկան, հասարակական եւ այլ հարաբերությունների ազդեցությունը իր՝ որպես դատավորի առաքելության վրա թույլ չտալը, կոչմանն անհարիր կապերից խուսափելը եւ այլն։    Միլենա Խաչիկյան
22:45 - 24 հունիսի, 2022
Հացահատիկի խնդրի լուծման համար մի բան է պակասում՝ Կիևի կառուցողական մոտեցումը․ Պուտին

Հացահատիկի խնդրի լուծման համար մի բան է պակասում՝ Կիևի կառուցողական մոտեցումը․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ԲՐԻԿՍ պլյուս» գագաթնաժողովին տեսակապով ելույթ ունենալիս հայտարարել է, որ Ուկրաինայից հացահատիկի արտահանման խնդրի լուծման համար մի բան է պակասում՝ Կիևի կառուցողական դիրքորոշումը, գրում է «Կոմերսանտը»։ «Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Ռուսաստանը չի խոչընդոտում ուկրաինական հացահատիկի արտահանմանն այդ երկրի տարածքից և պատրաստ է ապահովել հացահատիկով բեռնված նավերի ազատ ելքը դեպի միջազգային ջրեր, եթե, իհարկե, ուկրաինացի զինվորականներն ականազերծեն բեռնման նավահանգիստներն ու հարակից ջրային տարածքները», - ասել է Պուտինը։ «Ավելին՝ մենք ՄԱԿ քարտուղարության ներկայացուցիչների հետ համապատասխան ըմբռնում ունենք, սակայն նախկինի պես մի բան պակասում է՝ Կիևի ներկայիս իշխանությունների կառուցողական մոտեցումը», - հավելել է նա։ Ուկրաինան պատերազմի մեկնարկից առաջ հացահատիկն արտահանում էր սևծովյան նավահանգիստներով։ Այժմ դրանք արգելափակված են։ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ խոսքը 6 մլն տոննա ցորենի և 7 մլն տոննա եգիպտացորենի մասին է։ Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։ Նորա Վանյան
20:18 - 24 հունիսի, 2022
Կոմունիկացիաների բացումը լուրջ խթան կլինի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար․ Բայրամով

Կոմունիկացիաների բացումը լուրջ խթան կլինի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար․ Բայրամով

Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կոմունիկացիաների ապաարգելափակումը Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում կարևոր կետերից մեկն է, Interfax.az-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին։ «Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններից, մեր կարծիքով, ամենաշատը մենք առաջընթաց ունենք կոմունիկացիաների բացման տեսանկյունից։ Պարզ է, որ դեռևս հստակ ոչինչ չկա, սակայն նվազագույնը խոսակցությունների, դիրքորոշումների, ոչ ֆորմալ նախնական պայմանավորվածությունների մակարդակում սա այն թեման է, որի ուղղությամբ ավելի արագ կարելի է համաձայնեցման գալ, մեկնարկել գործընթացը, որը, մեր կարծիքով,  կարող է լուրջ խթան լինել հարաբերությունների կարգավորման տեսանկյունից։ […] Որոշ շարժ կա, մենք իրավիճակին նայում ենք շատ զգույշ լավատեսությամբ», - ասել է նա։ «Եթե համեմատենք այն, ինչ ունենք այսօր, նրա հետ, ինչ կար մեկ տարի առաջ, թերևս հիմա դրական պահերն ավելի շատ են։ Թե արդյոք այս արագությունը բավարար է, դժվար է ասել։ Գլխավորն այն է, որ, եթե անգամ շարժը շատ դանդաղ է, այն առաջ գնա և անշեղ լինի։ Տեսնենք», - հավելել է նա։ Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։ Նորա Վանյան
19:32 - 24 հունիսի, 2022