Ինֆոքոմ

Դատախազությունում որոշակի կմախքներ ունենք, որոնք ստվերում են նոր Հայաստանի դատախազության իմիջը․ պատգամավորը՝ Վարդապետյանին

Դատախազությունում որոշակի կմախքներ ունենք, որոնք ստվերում են նոր Հայաստանի դատախազության իմիջը․ պատգամավորը՝ Վարդապետյանին

Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանին ասաց՝ դատախազությունում  որոշակի «կմախքներ» կան․ «Չեմ թաքցնի, որ այդ կմախքները որոշակի առումով ստվերում են նոր Հայաստանի նոր դատախազության իմիջը։ Դուք կաշկանդվածություն ունե՞ք առերեսվելու անցյալի հետ, վեր հանել  բացերը, վերացնել այն բոլոր բացասական ընկալումները, որոնք առկա են եղել դատախազությունում տարբեր ժամանակներում և դրանով հանդերձ գնալ առաջ՝ կառուցելով նոր դատախազություն նոր Հայաստանի համար, որը կամփոփի այն լավը, որը կուտակվել է տարիների ընթացքում և կառերեսի և չի թաքցնի այն վատը, որը կուտակվել է այս ընթացքում»։ Աննա Վարդապետյանն էլ ասաց՝ հասկանում է հարցի ուղիղ տեքստը ու ենթատեքստը․ «Չեմ վախենում, ոչ թե որովհետև չեմ հասկանում, այլ չեմ վախենում, որովհետև կշռադատված որոշում կայացրել, և ուզում եմ, որ իմ գիտելիքները ծառայեն։ Ես երեկ հանձնաժողովին ասեցի՝ ինչու եմ այդ քայլին դիմում, ես նաև պատմեցի, որ երկու անգամ հրաժարվել եմ նախկինում գլխավոր դատախազությունում բավական բարձր պաշտոններից։ Սա հանցավոր ինքնավստահության դրսևորում չի, սա պատասխանատվություն է, որը ստանձնվում է գիտակցաբար»։ Թեկնածուն նշեց՝ ցանկացած դեստրուկտիվ մոտեցման դեմ է․ «Ես չեմ կարծում, որ դեստրուկցիան որևէ նոր բանի կառուցման հիմք է, այսինքն՝ եթե մենք խոսում ենք կմախքներ մաքրելու, կառուցվածքային փոփոխություններ անելու, առաջնահերթություններ դնելու մասով, ապա պետք է լինի շատ հստակ ու շատ կանխատեսելի, այսինքն՝ տարբեր տեսակի ստվերային քննարկումների բացակայությամբ։ Այսինքն՝ հասկանա համակարգը, թե ինչ է պահանջվում համակարգից, հատկապես, եթե համակարգը ուղղահայաց է։ Եվ այս առումով ցանկացած պրոցես սկսվում է կարիքների գնահատումից, ցանկացած կարիքների գնահատում սկսվում է պրոբլեմների վերհանումից։ Մինչև դու չես տեսնում պրոբլեմները, չես կարող լուծել այդ պրոբլեմները, և այս առումով պարոն Բագրատյանին էլ ասեցի՝ այսօր այստեղ կանգնած չէի լինի, և սա իմ կողմից հանցավոր ինքնավստահության դրսևորում չի, սա ծառայելու պատրաստակամություն է և ցանկացած դեստրուկտիվ վարքագիծ, որը կարող է ստվերել պրոցեսները,  իմ կողմից նաև բացառելու եմ»։
14:20 - 29 հունիսի, 2022
Ըստ Վարդապետյանի՝ մեխանիզմը, որ թույլ կտա հաղթահարել  մինչդատական վարույթում ձգձգումները, արդյունավետ դատախազական հսկողությունն է

Ըստ Վարդապետյանի՝ մեխանիզմը, որ թույլ կտա հաղթահարել մինչդատական վարույթում ձգձգումները, արդյունավետ դատախազական հսկողությունն է

Գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը այսօր՝ ԱԺ արտահերթ նիստում ունեցած իր ելույթի ընթացքում մի քանի խնդիր առանձնացրեց, որոնք տեսնում է մինչդատական վարույթում։ «Աշխատելով վարչապետի աշխատակազմում և անընդհատ առնչվելով քաղաքացիների դիմումներին, դժգոհությունների և խնդիրների հետ և հետևողականորեն գնալով այդ խնդիրների հետևից, ինքս ինձ համար արձանագրել եմ, որ մենք ունենք բազմաթիվ քննչական ու դատավարական գործողություններ, ֆորմալ առումով՝ ճիշտ, բովանդակային առումով՝ մեղմ ասած ոչ լիարժեք։ Արդյունքում ունենում ենք ծանրացված վարույթներ, արդյունքում ունենում ենք ծանրաբեռնվածություն, ահռելի քանակի հայցեր ու քրեական գործեր դատարաններում ու մինչդատական վարույթում, և ունենում ենք հատվածային կամ շատ փոքր քանակի լուծված գործեր։ Դա անխուսափելիորեն հանգեցնում է նրան, որ մարդու մոտ սկսում է ձևավորվել անարդարության զգացում»։ Վարդապետյանը ընդգծեց՝ թիվ մեկը խնդիրը, որ իր ուշադրության կենտրոնում է գտնվել և հետագայում էլ գտնվելու է անկախ  զբաղեցրած պաշտոնից, ուշացած արդարադատություն է։ Գլխավոր դատախազի թեկնածուն ասաց՝ մեխանիզմը, որը թույլ կտա հաղթահարել գոնե մինչդատական վարույթում ձգձգումները, արդյունավետ դատախազական հսկողությունն է։ «Արդյունավետ դատախազական հսկողությանը հնարավոր է հասնել հետևողական դատախազով։ Եթե դատախազը հետևողական է գործի նկատմամբ, իսկ ես չեմ խոսում միայն ժամկետների և երկարացվող նախաքննությունների մասին, երկուական ամսով։ Ես խոսում եմ ամենօրյա աշխատանքի մասին։ Երբ դատախազը իր հսկողության տակ գտնվող գործի վերաբերյալ ունի տեղեկատվություն և հետևողական է այդ գործի քննության նկատմամբ, քաղաքացին չի գալու կառավարության, Ազգային ժողովի դռների դիմաց՝ պահանջելու իր գործի քննությունը, և մենք էլ ստիպված լինենք բացատրել, որ քաղաքական թիմը ամենազոր և չի կարող իրավական հարցերի մեջ խառնվել, միջամտել, ինչում ինձ մի անգամ չի, որ մեղադրում են»։ Նրա կարծիքով՝ այլևս իրավունք չունեն գործի վերաբերյալ տեղեկատվություն ստանալ բացառապես վերբալ ապացույցներից կամ տուժողների բողոքներից․  «21-րդ դարում, երբ մեր ամբողջ սոցիալական կենսագործունեությունը թողնում է փաստաթղթավորված հետքեր․․․հիշեք առավոտից մինչև ԱԺ շենք ձեր հասնելու գործընթացը։ Ձեր բոլոր վճարումները, ձեր բոլոր հեռախոսազանգերը, ամեն ինչը իրավաբանորեն փաստաթղթավորված, իրական կամ վիրտուալ գործընթաց է։ Եվ այս պայմաններում պահանջել․ որպեսզի անձը ինքը գա և ստանձնի բեռ, հանցագործության մասին մեզ հայտնելու կամ այդ հանցագործության արդյունավետ, հաջողված քննությունը ապահովելու, իմ կարծիքով արդեն հին է»։ Ըստ Վարդապետյանի՝ շատ տեխնիկական, բայց շատ կարևոր խնդիր է համագործակցված աշխատանքը ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս։ Խոսքը օտարերկրյա գործընկերների հետ շփումներին։ Թեկնածուն նաև ասաց՝ անհրաժեշտ է բացառել հովանավորչությունը․ «Կոռուպցիան դրսևորվում է նաև հովանավորչությամբ։ Եթե հովանավորչությանը նպաստող պայմանները չհաղթահարվեն, սա լուրջ մարտահրավեր է օրենքի գերակայությանը, ինչն էլ քայքայելու է ժողովրդավարության հիմքերը»։ Մյուս խնդիրը, որին անդրադարձավ Վարդապետյանը, հանցագործությունը կանխարգելող մեխանիզմները քրեական գործի հարուցման և քննության ֆորմալ մեխանիզմներով փոխարինելն է։ «Կանխարգելման մեխանիզմը աշխատելու փոխարեն սկսում է աշխատել շատ ավելի ծանր ու թանկ մեխանիզմ, որ կոչվում է քրեական գործ։ Քրեական գործ բառը հեշտ արտասանում ենք, բայց դա շատ թանկ է նստում մեր հարկատուների վրա։ Ցանկացած փաստաթուղթ, որ ներառված է քրեական գործի մեջ, ձևավորվում  է մեր հարկատուների հաշվին և առանց պատշաճ կանխարգելման մեխանիզմների խոսել քրեական քաղաքականության մասին էլի կարծում եմ ժամանակավրեպ է»։
12:26 - 29 հունիսի, 2022
ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել․ օրակարգում է նաև գլխավոր դատախազի ընտրության հարցը

ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել․ օրակարգում է նաև գլխավոր դատախազի ընտրության հարցը

Ազգային ժողովն այսօր արտահերթ նստաշրջան է գումարել, որի օրակարգում գլխավոր դատախազի պաշտոնում Աննա Վարդապետյանի ընտրության, ինչպես նաև  Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների ընտրության հարցն է։ Հիշեցնենք, որ ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հաստատել էր տեղեկությունը, ըստ որի ՔՊ-ն գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը։ Իսկ   պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ՝ արտահերթ նիստի ընթացքում, քվեարկությամբ որոշել էր այդ պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել Աննա Վարդապետյանի թեկնածությունը: Նշենք նաև, որ այս տարվա սեպտեմբերի 16-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը: 
11:19 - 29 հունիսի, 2022
Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դեպի ՆԱՏՕ ճանապարհը բաց է․ երկու երկրները Թուրքիայի հետ հուշագիր են ստորագրել

Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դեպի ՆԱՏՕ ճանապարհը բաց է․ երկու երկրները Թուրքիայի հետ հուշագիր են ստորագրել

Թուրքիան հանել է Ֆինլանդիայի և Շվեդիայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումների դեմ իր առարկությունը՝ ճանապարհ հարթելով երկու երկրների համար՝ միանալու ռազմական դաշինքին։ Այս մասին գրում է Politico-ն։ Երեք երկրները Մադրիդում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել երեքշաբթի երեկոյան՝ ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովից առաջ։ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո, որը ՌԴ-ն հայտարարել է որպես «հատուկ ռազմական գործողություն», հյուսիսային Եվրոպայի երկու երկրները՝ Ֆինլանդիան և Շվեդիան, հայտարարեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրության մասին, ինչին դեմ կանգնեց Թուրքիան՝ կարծիք հայտնելով, որ Ստոկհոլմն ու Հելսինկին պետք է վերանայեն իրենց վերաբերմունքը Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության նկատմամբ:  Ռուսական կողմն էլ նշեց, որ երկիրը չի համակերպվի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ։ «ՆԱՏՕ-ում մենք միշտ ցույց ենք տվել, որ անկախ մեր տարաձայնություններից՝ մենք միշտ կարող ենք նստել, ընդհանուր լեզու գտնել և լուծել ցանկացած հարց»,- հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ստորագրման արարողությանը հաջորդած մամուլի ասուլիսում։ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոյի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «համատեղ հուշագիրն ընդգծում է Ֆինլանդիայի, Շվեդիայի և Թուրքիայի հանձնառությունը՝ ցուցաբերելու ամբողջական աջակցություն միմյանց անվտանգությանը սպառնացող վտանգների դեմ»․ «Մեր՝ ՆԱՏՕ-ի դաշնակից դառնալն ավելի կամրապնդի այս պարտավորությունը»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ հուշագիրն ունի մի քանի բաղադրիչ։ Նախ, նա նշել է, որ Հելսինկին և Ստոկհոլմը պարտավորվում են «լիովին աջակցել Թուրքիային՝ ընդդեմ նրա ազգային անվտանգության սպառնալիքների»: Ստոլտենբերգն առանձնացրել է Քրդական բանվորական կուսակցությանը, որին Թուրքիան, ԱՄՆ-ն և ԵՄ-ն որակել են որպես ահաբեկչական կազմակերպություն․ «Երկու երկրներն էլ կաշխատեն Քրդստանի բանվորական կուսակցության գործունեությունը ճնշելու ուղղությամբ․․․ Թուրքիայի հետ համաձայնություն կկնքեն արտահանձնման վերաբերյալ»։ Նա նաև հավելել է, որ սկանդինավյան երկու երկրները «զենքի էմբարգո չեն դնի» Թուրքիայի դեմ։ Բացի Ստոլտենբերգի ընդգծած կետերից՝ հուշագրում նշվում է, որ Ֆինլանդիան և Շվեդիան նաև պայմանավորվել են «չաջակցել» Սիրիայում քրդական զինված ուժերին, ինչպես նաև գյուլենական շարժմանը:  Արդեն այսօր ՆԱՏՕ-ի առաջնորդները կարող են պաշտոնական որոշում կայացնել՝ հրավիրելու Ֆինլանդիային և Շվեդիային միանալ դաշինքին: Այնուհետև գործընթացը կշարունակվի ՆԱՏՕ-ի անդամ երկրներում․ բոլոր 30 խորհրդարանները պետք է վավերացնեն դաշինքի ընդլայնումը: Այս տեխնիկական հարցերի պատճառով Ստոլտենբերգը հրաժարվել է երկու երկրների՝ դաշինքին պաշտոնապես միանալու կոնկրետ ժամկետ հայտնելուց։ Այնուամենայնիվ, նա վստահություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ն շուտով կաճի և ընդգծել «առաջադեմ, լավ զարգացած» ռազմական հնարավորությունները, որոնք երկու երկրները կբերեն դաշինքին: Նշենք, որ Ֆինլանդիան ու Շվեդիան աշխարհագրական դիրքերի տեսանկյունից ռազմավարական դիրք ունեն ՆԱՏՕ-ի համար, և Ստոլտենբերգը ընդգխել է, որ «դա իսկապես կամրապնդի իրենց ներկայությունն աշխարհի այդ հատվածում»։
10:30 - 29 հունիսի, 2022
Այրում․ տեղ, որտեղ մարդն ու արծիվն ընկերություն են անում [մարzoom]

Այրում․ տեղ, որտեղ մարդն ու արծիվն ընկերություն են անում [մարzoom]

Քանի որ ես ոչ Հենրի Միլլերն եմ, որ մի բանի մասին երեք էջ գրեմ ու չհոգնեցնեմ, ոչ էլ, առավել եւս, Բակունցը, որ կարողանամ բնապատկեր նկարագրել այնպես, որ չուզեք տեքստն ավարտվի, ուստի ես արագ կանցնեմ առաջ ու կփորձեմ մի քանի փոքրիկ պատմությամբ ցույց տալ, թե Նոյեմբերյանի խիտ կանաչով ծածկված մի անկյունում ծվարած Այրում բնակավայրում մարդիկ ինչպես են ապրում, ինչով են զբաղվում, ինչպես են բակում արծիվ պահում ու քանդակներ սարքում։ Չեմ խախտի քաղաքում շրջելու ուղեգիծը, որ ամեն ինչ լինի այնպես, ինչպես որ էր։ Ուրեմն, Այրումում մեզ դիմավորում է «Մարզերի երեխաները մարզերում» նախաձեռնության պատանի անդամներից մեկը՝ 16-ամյա Գրիգորի Բեջանյանը, ու պատրաստակամություն հայտնում ուղեկցել՝ ինչքան պետք է։ Եւ բնակավայրով մեր զբոսանքի ընթացքում Գրիշան սկսում է խոսել իր ծրագրերից, նպատակներից։ Մեր երիտասարդ բարեկամը, պարզվում է, իր համահիմնադրած հասարակական կազմակերպության՝ «Խոսենք գործովի» պետական գրանցման հարցերով է զբաղված։ Այս հասարակական կազմակերպությունը, ինչպես պատմում է Գրիշան, հիմնվել է մարզեցի ակտիվ երիտասարդների ջանքերով։ Այս պահին իրենց թիմում ութ կամավոր է ներգրավված, որոնցից հինգը Ջավախքից են, երեքը՝ Հայաստանից։ Իսկ կազմակերպությունը կրթական-երիտասարդական միջոցառումներ կազմակերպելու նպատակ ունի՝ դասախոսություններ, արշավներ եւ այլն։ Բայց այդ ամենը կազմակերպելու համար պատանիներին աջակցություն է պետք՝ ոչ միայն մասնակցության տեսքով, այլ նաեւ ֆինանսական։  Գրիգորի Բեջանյանը Իսկ 12-րդ դասարանում սովորող Գրիշան դեռ չի որոշել՝ ինչ մասնագիտություն է ձեռք բերելու, բայց հաստատ գիտի՝ հասարակական գործունեությամբ անպայման զբաղվելու է։ Դժվարություններից չի վախենում, բայց, ասում է, քաջալերումը չէր խանգարի։ Իսկ դոնոր գտնելու համար նա ու իր թիմակիցները պատրաստ են քննարկումներ ունենալ, ուստի եթե հետաքրքրված եք՝ անպայման գրեք երիտասարդներին ([email protected])։ Հետո գնում ենք հանդիպելու Այրումի վարչական ղեկավարի՝ Արշակ Էվինյանի հետ, որը բարեհամբույր ընդունում է մեզ։ Նա չի խուսափում խոսել համայնքի խնդիրներից ու նշում է, որ հիմա շենքերի տանիքների ու քաղաքի ճանապարհների անբարեկարգ վիճակն է ամենից շատ անհանգստացնողը։ Բայց, միեւնույն ժամանակ, նշում է, որ սուբվենցիոն ծրագրերն ընթացքի մեջ են, ու այդ խնդիրներին անպայման լուծումներ կտրվեն։ Միայն թե, եթե հաջողվեր հավելյալ ֆինանսավորում ձեռք բերել, տանիքների հարցը ոչ թե մի քանի տարում, այլ միանգամից կլուծվեր։  Արշակ Էվինյանը Այրումում մարդիկ անասնապահությամբ գրեթե չեն զբաղվում, շատ քչերն են խոշոր կամ մանր եղջերավորների պահում։ Վարչական ղեկավարի հայտնած տվյալներով՝ Այրումում 656 տնտեսություն կա, 2675 մարդ է բնակվում։ Մարդկանց անհանգստացնում է զբաղվածության խնդիրը․ ով հնարավորություն ունի՝ հասարակական կամ սպասարկման ոլորտում աշխատում է, ով էլ քաղաքում գործ չի գտնում, հարեւան գյուղեր կամ քաղաքներ է գնում, ոմանք էլ՝ արտագնա աշխատանքի։ Ի դեպ, ժամանակին՝ Սովետական միության շրջանում, Այրումում պահածոների հսկայական գործարան է աշխատել, որն այսօր ուղղակի ավերակ է։ Էվինյանը պատմում է, որ գործարանը Միության մակարդակով 8-տոկոսանոց մատակարարում է ապահովել, այնտեղ հազարավոր մարդիկ են աշխատել։ Հիմա այդ ավերակները երեւի թե միայնակների ու նաեւ սիրահարների թաքստոցներն են․ ոչ այլ ինչ։ Էվինյանը մեր զրույցում մտահոգ տոնով խոսում է նաեւ այն մասին, որ ոչ բոլոր երիտասարդներն են մնում քաղաքում, ավելի հաճախ նախընտրում են Երեւանում աշխատանք գտնել ու մնալ այնտեղ․ շատերը դպրոցն ավարտում-գնում են։ Այրումի դպրոցում 310 աշակերտ է սովորում։  Այրումում է Հարավկովկասյան երկաթուղու սահմանամերձ կայարանը։ Համայնքի վարչական ղեկավարը մեր զրույցում նշում է, որ տեւական ժամանակ է՝ այդ հատվածում կոյուղու խնդիր կա․ կոյուղաջրերը երբեմն մարդկանց բակեր են լցվում։ Այս խնդիրը երկար ժամանակ է՝ աչքաթող է արվում, բայց համայնքի ղեկավարությունը շարունակում է բանակցությունները «Վեոլիա ջրի» ու պատկան մարմինների հետ՝ հարցին լուծում տալու համար։  Մինչ մի ուրիշ թաղամաս ենք պատրաստվում գնալ, քաղաքամիջում հանդիպում ենք խաչքար սարքող երիտասարդի։ 23-ամյա Կամո Աղվանյանն է, վարդագույն տուֆի մեծ սալիկի վրա գլուխը կախ աշխատում է։ Եւ դեմ չէ, որ իրեն խանգարենք։ Զրույցի ընթացքում պատմում է՝ մի քանի տարով արտագնա աշխատանքի է մեկնել, բայց, այնուամենյանիվ, որոշել է վերադառնալ Այրում՝ այստեղ ապրելու ու ստեղծագործելու։ Կամո Աղվանյանը Կամոն Թերլեմեզյանն է ավարտել, նկարել էլ է սիրում, բայց համարում է, որ քանդակելն իրեն ավելի հոգեհարազատ է։ Դա նկատվում է նրա աշխատելու ձեւից․ փորագրության գործիքին մուրճով խփում է զգուշորեն ու ամենայն ուշադրությամբ, որ որեւէ թերություն չլինի։ Բայց թերություններն էլ, նկատում է նա, լավ աշխատանքով կարելի է շտկել։ Երիտասարդը համոզված է՝ Այրումը լավ էլ ապրելու տեղ է՝ շատ ջերմ ու բարի մարդկանցով, որոնք անպայման մեկը մեկի որպիսությամբ հետաքրքրվում են։  Շարժվում ենք դեպի երկաթուղի։ Ճանապարհը մեքենայի չէ․ երկաթե կամուրջ է գցած Դեբեդի վրա, որ, իր բնավորության համաձայն, միշտ գժված է հոսում։ Երկաթուղին հատում՝ հակառակ կողմն ենք անցնում։ Եւ առաջին պատկերները, որ աչքիս ընկնում են, նռան շքեղ ծառն ու դրան մոտ արծվի-առյուծի փայտե քանդակն են։ Հետո միամիտ տեսնում եմ արծվի, որ, զարմանալիորեն, ոչ թե ճախրում է երկնքում, այլ խելոք նստած է բնում՝ երկաթե վանդակի մեջ. առաջին հայացքից տխուր տեսարան է, բայց գուցե օրինաչափությունից դուրս բաներին էլ պետք է այլ հայացքով փորձել նայել։ Տներից մեկի դարպասի դռնից դուրս է գալիս պատկառելի արտաքինով մի տղամարդ ու հարցնում՝ հը՞, ո՞րտեղացի եք, տեսել ե՞ք սենց բան։ Ու բացում է վանդակի դուռը, արծվին՝ Ռոկիին, հրավիրում դուրս․ «Արի՛, Ռո՛կ, արի՛, արի ման արի»։ Ու արծիվը, պոչը շարժելով, խելոք դուրս է գալիս, թեւերը մի քիչ թափահարում, տեղավորվում ռելսերի վրա։ Ռոկին Կողքին նստում է տերը՝ Սամվել Պարոնյանը, որ հետո պարզվում է՝ ոչ այնքան տերն է, որքան ընկերը։ Ասում է՝ արծիվը, երբ եկավ, ձագ էր, անօգնական, տկար։ Օգնել է՝ ոտքի կանգնի, հետո Ռոկին չի հեռացել․ «Ռոկին տղայա, իսկական ընգեր։ Մենք ախպերություն ենք անում, երեք տարի ա՝ քիչ չի։ Ինքը հզոր տղայա, նենց պրիմիտիվ տղա չի, բայց ախպերություն ա, իրար հասկանում ենք»։ Սամվել Պարոնյանը՝ Ռոկիի հետ Սամվելը պատմում է, որ երբ ձագին օգնել է, սա էլ չի հեռացել իր մոտից։ Գնացել, թռչել է իր ուզած տեղերը, բայց անպայման հետ եկել՝ թառել Սամվելի տան մոտի փայտե հարմարանքներին։ Եւ, գուցե տարօրինակ թվա, բայց ոչ մեկի «քեֆին չի կպել»։ Դեռ ընդհակառակը՝ գյուղից մի չոբան այդ կողմերով անցնելիս, երբ տեսել է արծվին, երեւի վախեցել է, ու ինքն է սկսել «բզբզել» թռչնին, քարեր է նետել, ասել է, թե արծիվն ուզել է աղունիկին ուտել։ Սամվելն էլ, խուսափելու համար նման դեպքերից, Ռոկիի համար բուն է սարքել։ Սամվելն ասում է՝ թռչնին կերակրում է իր որսած շնագայլի թարմ մսով, իսկ Ռոկին, ինչպես պատմում է մեր զրուցակիցը, շատ քմահաճն է՝ յուղոտ, ոսկրոտ միս չի ուտում։ Հետո դուրս է գալիս զբոսանքի, խելոք վերադառնում բունը։ Սամվելը պատմում է՝ թոռները հանգիստ խաղում են բակում նույնիսկ այն ժամանակ, երբ Ռոկին «դրսերը թրեւ է գալիս»։ Արծվի բնի կողքին դրված փայտե արձանը Սամվել Պարոնյանն է քանդակել։ Բայց դա նրա մասնագիտությունը չէ․ Պարոնյանը ոստիկանության նախկին աշխատակից է՝ մայոր։ Հիմա տիկնոջ հետ է ապրում, զբաղվում է գյուղատնտեսությամբ ու մեծ կիրք ունի փայտե քանդակներ պատրաստելու հանդեպ։ Սարքում է սկուտեղներ, հեքիաթի կերպարներ, սիմվոլիկ քանդակներ։ Դրանցում հաճախ հանդիպում են արծիվն ու առյուծը, որ, զգացվում է, ոգեշնչում են Սամվելին։ Իր քանդակների մասին նա էնտուզիազմով է պատմում։ Մեկից մյուսին է անցնում, ցույց տալիս դետալները, որ ամբողջությամբ բնական են՝ փայտ, ագաթ, այլ բնական քարեր։ Մի մեծ, կլոր կոճղի վրա էլ հեքիաթ է քանդակել։ Ասում է՝ պապի ու կենդանիների հեքիաթը գիտե՞ք։ Ու սկսում է կոճղը պտտելով պատմել․ «Հեքիաթի պապիկն ա, բնության գրկում ա էլի պապը, պատմում ա՝ ինչեր են լինում էս կյանքում։ Ասում ա՝ մի հատ խոզ կար էլի, քանդում էր կաղնու ծառի տակ, վերջը՝ դրա մռութը բռնեցինք, բայց էդ ծառի վրա կանգնած արծիվ կար, վերեւից նայում էր, թե էդ խոզը խի ա քանդուքարափ անում։ Ըտեղ ծաղիկ կար, կոճղ կար։ Եկավ աղվեսը, հանդիպեց խաղողի, դունչը բարձրացրեց, չհասավ, ասաց՝ խակ ա, տվեց-անցավ։ Եկան, արջին հանդիպեցին, արջն ասավ՝ իմ հետ գործ չունեք, ես ծանր, խախանդ տղա եմ, ու տենց էլի, անցավ-գնաց»,- կոճղը պտտելով՝ պատմում է Սամվելը։ Այս հեքիաթը կարող է հազար զարգացում ունենալ, համ անավարտ մնալ, համ էլ հազար ավարտ ունենալ։ Բայց ավարտի դեպքում՝ անպայման աբստրակտ, ինչպես Սամվելի քանդակներն են։ Հայարփի Բաղդասարյան
21:30 - 28 հունիսի, 2022
G7-ի երկրները պայմանավորվել են ուսումնասիրել ռուսական նավթի գնի սահմանափակման հարցը

G7-ի երկրները պայմանավորվել են ուսումնասիրել ռուսական նավթի գնի սահմանափակման հարցը

«Մեծ յոթնյակի» (G7) երկրները համաձայնության են եկել ուսումնասիրել ռուսական նավթի փոխադրման արգելքի սահմանման հարցը, եթե նավթը վաճառվել է որոշակի գնից բարձր արժեքով, հայտնում է Reuters-ը։ «Համախոհ երկրներին առաջարկում ենք ուսումնասիրել մեր գործողություններին միանալու հնարավորությունը», - նշել են G7-ի երկրների առաջնորդները կոմյունիկեում։ Նշենք, որ Բավարիայի Էլմաու ամրոցում G7-ի գագաթնաժողովի քննարկման հիմնական թեմաներն էին պատերազմն Ուկրաինայում, դրա տնտեսական հետևանքները, սննդամթերի և էներգակիրների գների կտրուկ աճը։ «Մեծ յոթնյակը» դիտարկում է նշված գնային սահմանափակումները, որպեսզի թույլ չտա Մոսկվային շահույթ ստանալ Ուկրաինա ներխուժումից, որի պատճառով կտրուկ աճել են էներգակիրների գները։ Դա չեզոքացնում է ռուսական նավթի և գազի ներկրման կրճատմանն ուղղված Արևմուտքի ջանքերը։ Ռուսական նավթի արտահանումից ստացվող եկամուտներն աճել են մայիսին՝ անգամ ծավալների կրճատման պայմաններում, ասված է Միջազգային էներգետիկ գործակալության հունիսյան հաշվետվությունում։   Նորա Վանյան
16:46 - 28 հունիսի, 2022
Ռազմական գործողությունները կդադարեն, եթե Կիևն ազգայնականներին հրահանգի վայր դնել զենքը․ Պեսկով

Ռազմական գործողությունները կդադարեն, եթե Կիևն ազգայնականներին հրահանգի վայր դնել զենքը․ Պեսկով

Ուկրաինայում ռազմական գործողությունները կարող են դադարել «մինչև օրվա վերջ», եթե Կիևն ազգայնականներին հրահանգի վայր դնել զենքը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ուկրաինական կողմը կարող է ամեն ինչ դադարեցնել մինչև օրվա վերջ, պետք է ազգայնական ստորաբաժանումներին հրահագել վայր դնել զենքը, ուկրաինացի զինվորականներին հրահանգել վայր դնել զենքը, և պետք է կատարել ՌԴ պայմանները։ Եվ ամեն ինչ կարող է ավարտվել մինչև օրվա վերջ», - մեկնաբանել է Պեսկովն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այն հայտարարությունը, որ ինքը կցանկանար դադարեցնել ռազմական գործողությունները մինչև ցրտերի սկսվելը։ «Մնացածն արդեն ուկրաինական պետության ղեկավարի մտորումներն են», - հավելել է Պեսկովը։ Միաժամանակ, նա բացասական է պատասխանել այն հարցին, թե արդյոք ռուսական կողմն Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» ավարտի մոտավոր ժամկետներ ունի։ «Ոչ», - ասել է Պեսկովը։   Նորա Վանյան
15:20 - 28 հունիսի, 2022
Լիպարիտ Մելիքջանյանը, Արթուր Դավթյանը և Գևորգ Գյոզալյանը ընտրվեցին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներ

Լիպարիտ Մելիքջանյանը, Արթուր Դավթյանը և Գևորգ Գյոզալյանը ընտրվեցին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներ

Այսօր շարունակվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը, որի օրակարգում Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցն էր։ Խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ ընտրեց Լիպարիտ Մելիքջանյանին, Գևորգ Գյոզալյանին և Արթուր Դավթյանին։ Լիպարիտ Մելիքջանյանը ընտրվեց 68, Գևորգ Գյոզալյանն ու Արթուր Դավթյանը՝ 67 կողմ ձայներով։ Բարձրագույն դատական խորհուրդը այս պաշտոնում 9 թեկնածուների էր առաջադրել, որոնք ներկայացված էին եռյակներով։ Լիպարիտ Մելիքջանյանի հետ առաջադրվել էին Լիզա Գրիգորյանը և Կարեն Թումանյանը, Գևորգ Գյոզալյանի հետ այս պաշտոնին հավակնում էին Լուսինե Ավագյանը և Վահե Ռաֆայելյանը, իսկ պատգամավորական մանդատը վայր դրած Արթուր Դավթյանից բացի այս պաշտոնում առաջադրվել էին Նաիրա Հովսեփյանը և Աղասի Մկոյանը։ Այսպիսով Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքները։
13:36 - 28 հունիսի, 2022
ԱԺ հանձնաժողովը գլխավոր դատախազի պաշտոնում առաջարկել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը

ԱԺ հանձնաժողովը գլխավոր դատախազի պաշտոնում առաջարկել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր՝ արտահերթ նիստի ընթացքում քվեարկությամբ որոշեց գլխավոր դատախազի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել Աննա Վարդապետյանի թեկնածությունը: Աննա Վարդապետյանը իր ելույթի ընթացքում ասաց՝ օտար լեզուներում դատախազ բառը նշանակում է «հոգ տանել»։ «Իսկ ո՞ւմ մասին պետք է հոգ տանի դատախազը։ Իմ համար պարզ է․ մարդու։ Այն մարդու, ում ամենօրյա աշխատանքի շնորհիվ գոյություն ունի ՀՀ-ն։ Դատախազությունը պետք է լինի այդ մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորը։ Դատախազությունը պետք է հոգ տանի, որ այդ մարդը բռունցքներով, զենքով, այլընտրանքային, ստվերային, հանցավոր կամ այլ ոչ իրավաաչափ միջոցներով ստիպված չլինի պաշտպանել իրեն ու իր ընտանիքը։ Ինչպես պետք է դատախազությունը հոգ տանի այդ մարդու մասին։ Պատասխանը պարզ է։ Պրոֆեսիոնալ մոտեցմամբ, նվիրված աշխատանքով, տարբեր գայթակղություններին ոչ ասելու ընդունակությամբ, հանցավոր վարքագծի նկատմամբ անհանդուրժողականությամբ ու որ ինձ համար ամենակարևորն է՝ վախի բացակայությամբ։ Ինչու դատախազությունը պետք է հոգ տանի մարդու մասին։ Պատասխանը կրկին պարզ է, դատախազությունը ստեղծվել է այդ նպատակի համար։ Իմ ծառայությունը միտված  է լինելու այս նպատակին ուղղված դատախազության պոտենցիալի առավելագույն բացահայտմանը և իրականացմանը»,-ասաց Աննա Վարդապետյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հաստատել էր տեղեկությունը, ըստ որի ՔՊ-ն գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը։ Նշենք նաև, որ այս տարվա սեպտեմբերի 16-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը: 
11:16 - 28 հունիսի, 2022
Լաչինի նոր երթուղու շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքները անցնելու են Ադրբեջանին․ Նիկոլ Փաշինյանը՝ Բերձոր և Աղավնո համայնքների մասին

Լաչինի նոր երթուղու շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքները անցնելու են Ադրբեջանին․ Նիկոլ Փաշինյանը՝ Բերձոր և Աղավնո համայնքների մասին

Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվել  ԼՂ ինքնավար մարզի նախկին սահմանի մեջ, դրանք անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս մասին այսօր առցանց ասուլիսի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով  Աղավնո և Սուս համայնքների ճակատագրի վերաբերյալ հարցին։ «Նախնական ըմբռնում կա, որ Լաչինի միջանցքի գործող երթուղին պետք է փոփոխության ենթարկվի։ Մենք այս ընթացքում քննարկումների մեջ ենք եղել և երթուղու փոփոխության հարցում քննարկումներ եղել են։ Նախնական համաձայնություններ ձեռք են բերվել և այդ փոփոխության նպատակը ԼՂ-ի և Հայաստանի համար ավելի հուսալի ամուր, ավելի որակյալ ճանապարհային կապ ապահովելն է»․ - ասաց վարչապետը։  Փաշինյանը նաև հավելեց, որ երթուղու փոփոխություն պետք է տեղի ունենա այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահները վերահսկողություն կսահմանեն նոր երթուղու նկատմամբ։  Հարցին, թե արդյոք վերոնշյալ համայնքների բնակիչները կտեղահանվեն, Փաշինյանն ասաց․ «Ես վստահ չեմ, որ խոսքը բոլոր այդ բնակավայրերի մասին է։ Լաչինում այսօր ընտանիքներ չեն ապրում և կառավարության որոշմամբ լուծել ենք։ Աղավնո գյուղի բնակիչների խնդիրները կլուծվեն Արցախի կառավարության միջոցներով, իսկ Սուս գյուղի մասով ոչինչ չեմ կարող ասել։ Ամեն դեպքում տրամաբանությունը այն է, որ նախկինում ԼՂԻՄ սահմաններում չգտնվող համայնքները անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ»։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ կողմերի համաձայնությամբ երեք տարվա ընթացքում պետք է տեղի ունենա Լաչինի միջանցքի երթուղու փոփոխություն։
21:24 - 27 հունիսի, 2022
Ադրբեջանը փորձում է նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորել․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը փորձում է նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորել․ Նիկոլ Փաշինյան

Այսօր նախատեսված էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի խորհրդականի մակարդակով հանդիպում, բայց ադրբեջանական կողմը հրաժարվել է այդ հանդիպմանը մասնակցելուց: Այդ մասին ԶԼՄ-ների և ՀԿ-ների հետ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լրագրողների այն հարցին, թե ինչ փուլում են սահմանազատման և կոմունիկացիաների բացման գործընթացները, վարչապետը նշեց, որ վերջին շրջանում Ադրբեջանի ներկայացուցիչները փորձ են անում տպավորություն ստեղծել, որ Հայաստանի Հանրապետությունը փորձում է հետաձգել նաև «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով» հանձնաժողովի աշխատանքը։  «Մինչդեռ պետք է արձանագրել, որ նախորդ հանդիպումը, որը տեղի ունեցավ Հայաստան- Ադրբեջան սահմանին հենց համատեղ որոշում կայացվեց, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա առնվազն մեկ ամիս անց՝ Մոսկվայում։ Սա եղել է համատեղ որոշում, բայց երբ կարդում ենք ադրբեջանական կողմի հայտարարությունները կարող է տպավորություն ստեղծվել, թե Հայաստանը խուսափում է այդ աշխատանքին մասնակցել»,- հավելեց վարչապետը, նշելով, որ միայն մայսիսին Հայաստանը երկու անգամ պատրաստակամություն է հայտնել անգամ իրականացնել «Սահմանազատման  և սահմանային անվտանգության հարցերով» հանձնաժողովների համատեղ նիստ , սակայն երկու դեպքում էլ Ադրբեջանի կողմից մերժվել կամ չեղարկվել է այդ հանդիպումը։ «Բնական  հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Ադրբեջանը փորձում նման տպավորություն ստեղծել, սրանով նրանք փորձում են կաթիլ- կաթիլ  կուտակել Հայաստանի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն»․ եզրափակեց Փաշինյանը։
20:42 - 27 հունիսի, 2022
ՌԴ ֆինանսների նախարարությունը պարզաբանել է, թե ինչու «դեֆոլտ» եզրը  կիրառելի չէ Ռուսաստանի պարագայում

ՌԴ ֆինանսների նախարարությունը պարզաբանել է, թե ինչու «դեֆոլտ» եզրը կիրառելի չէ Ռուսաստանի պարագայում

Ռուսաստանի ֆինանսների նախարարության կարծիքով՝ «դեֆոլտ» ձևակերպումը կիրառելի չէ ՌԴ տնտեսական դրության նկատմամբ, քանի որ միջազգային հաշվակային-քլիրինգային համակարգերը ստացել են միջոցները լիարժեք ծավալով, սակայն դրանք չեն հասցրել ստացողներին, գրում է «Կոմերսանտը»։ Ռուսաստանն ամբողջությամբ կատարել է 2026 և 2036 թթ-ին մարման ենթակա պետական արժեթղթերի սպասարկման իր պարտավորությունները՝ վճարելով €26,5 մլն, հայտարարել է գերատեսչությունը։ Այն նշել է, որ օտարերկրյա ֆինանսական միջնորդների գործողություններն իր վերահսկողությունից դուրս են, այդ պատճառով էլ նրանցից եվրոպարտատոմսերի համար վճարումներ չստանալը չի կարող ռուսական կողմի պատասխանատվության գոտի համարվել։ «Այս դեպքում ներդրողների կողմից գումար չստանալը տեղի է ունեցել ոչ թե վճարման բացակայության հետևանքով, այլ երրորդ անձանց գործողությունների, ինչն ուղղակիորեն նախատեսված չէ էմիսիոն թաստաթղթերում՝ որպես դեֆոլտի իրադարձություն և պետք է դիտարկվի իրավունքի ընդհանուր նորմերի շրջանակում», - ասված է ՌԴ ֆիննախի հաղորդագրությունում։ Նշենք, որ այսօր Bloomberg-ը, վկայակոչելով պարտքային պարտավորությունների պայմանները, գրել էր, որ լույս հունիսի 27-ը լրացել է Ռուսաստանի մոտ 100 մլն դոլարի եվրապարտատոմսերի տոկոսների վճարման արտոնյալ ժամկետը, ինչի հետևանքով գրանցվել է վերջին հարյուր տարում Ռուսաստանի համար արտաքին պարտքի դեֆոլտը։   Նորա Վանյան  
18:34 - 27 հունիսի, 2022
Կատարում Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններ կանցկացվեն միջուկային գործարքի շուրջ

Կատարում Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններ կանցկացվեն միջուկային գործարքի շուրջ

Մոտակա օրերին Կատարում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Իրանի և Միացյալ Նահանգների միջև, այսպիսով Եվրամիությունը ձգտում է հաղթահարել փակուղին, որն առաջացել է 2015 թ-ի միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցություններում, գրում է Reuters-ը։ «Բանակցությունների անցկացման համար Իրանն ընտրել է Կատարը՝ Դոհայի և Թեհրանի միջև առկա բարեկամական կապերի պատճառով», - իրանական ISNA տեղեկատվական գործակալությանը հայտնել է միջուկաին գործարքի շուրջ բանակցություններում Իրանի գլխավոր ներկայացուցչի մեդիախորհրդատու Մոհամմադ Մարանդին։ Մարտին, թվում էր, համաձայնագիրը մոտ է ստորագրման, երբ բանակցությունները համակարգող ԵՄ-ն դրա կողմերի արտգործնախարարներին հրավիրեց Վիեննա՝ Թեհրանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի միջև 11-ամսյա անուղղակի բանակցություններից հետո համաձայանգրի վերջնական համաձայնեցման համար։ Սակայն բանակցությունները փակուղի մտան գլխավորապես այն բանից հետո, երբ Իրանը սկսեց պնդել, որ Վաշինգտոնն ահաբեկչական կազմակերպությունների իր ցանկից հեռացնի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Նշենք, որ 2015 թ-ի համաձայնագրով՝ սահմանափակումներ էին կիրառվում Իրանի միջուկային գործունեության վրա, որի դիմաց չեղարկվում էին այդ երկրի նկատմամբ միջազգային պատժամիջոցները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թ-ին Միացյալ Նահանգները դուրս բերեց այդ գործարքից՝ կրկին խիստ պատժամիջոցներ սահմանելով Թեհրանի նկատմամբ։   Նորա Վանյան  
17:40 - 27 հունիսի, 2022