Ինֆոքոմ

Շրի Լանկայում վառելիքի ճգնաժամ է․ երկիրը դադարեցնում է դրա մատակարարումը ոչ կենսական նշանակության ծառայություններին

Շրի Լանկայում վառելիքի ճգնաժամ է․ երկիրը դադարեցնում է դրա մատակարարումը ոչ կենսական նշանակության ծառայություններին

Երեքշաբթի օրվանից Շրի Լանկան կփակի քաղաքային դպրոցները և թույլ կտա վառելիք մատակարարել միայն կենսական նշանակության ծառայություններին, ինչպիսիք են առողջապահությունը, գնացքները և ավտոբուսները՝ երկու շաբաթվա ընթացքում փորձելով լուծել վառելիքի խիստ պակասը: Այս մասին գրում է Reuters-ը։ Երկիրը ծանր տնտեսական ճգնաժամի մեջ է, քանի որ արտարժույթի պահուստները հասել են պատմական նվազագույնի, իսկ 22 միլիոնանոց կղզին դժվարանում է վճարել սննդամթերքի, դեղորայքի և, ամենակարևորը, վառելիքի ներմուծման համար: Հնդկական օվկիանոսի երկրների ամենաեկամտաբեր արդյունաբերություններում, ինչպիսին է, օրինակ, հագուստի արտադրությունը, վառելիքի պաշարը կարող է բավարարել 1 շաբաթից մինչև 10 օր: Reuters-ի գնահատմամբ, ըստ Շրի Լանկայում վառելիքի կանոնավոր պահանջարկի, երկրի ընթացիկ պաշարները կսպառվեն ընդամենը մեկ շաբաթից։ Շրի Լանկան երեքշաբթիից մինչև հուլիսի 10-ը վառելիք կմատակարարի գնացքներին և ավտոբուսներին, բժշկական ծառայություններին և սնունդ փոխադրող մեքենաներին։ Այս մասին լրագրողներին ասել է երկրի կառավարության խոսնակ Բանդուլա Գունվարդենան: Նրա խոսքով փակ կլինեն քաղաքային բնակավայրերի դպրոցները, կսահմանափակվի նաև միջքաղաքային ավտոբուսների սպասարկումը, խրախուսելի է տնից աշխատելը. «Շրի Լանկան իր պատմության ընթացքում երբեք չի բախվել նման ծանր տնտեսական ճգնաժամի»։
20:48 - 03 հուլիսի, 2022
Ոսկեվան․ գյուղ, որտեղ խաղաղությունը կիթառի հնչյունների ձայնն ունի [մարzoom]

Ոսկեվան․ գյուղ, որտեղ խաղաղությունը կիթառի հնչյունների ձայնն ունի [մարzoom]

Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղ եմ հասնում կեսօրն անց։ Այստեղ արեւն այնքան մոտ է թվում, որ անընդհատ ուզում եմ ուսիցս «քշել»՝ չկծմծի։ Ոսկեվանը մեծ չէ, մի ծայրից մյուսը ոտքով հեշտ ու հանգիստ կարելի է անցնել։ Անաղմուկ, խաղաղ մի անկյուն՝ թեեւ ուղիղ հակառակորդի դիտակետում։ Չնայած, տեղացիներն ասում են՝ պատերազմից հետո կրակոցներ չեն եղել գյուղի ուղղությամբ։  Գյուղի հենց սկզբում՝ ճանապարհի ձախ թեւին, իրար կողքի են վարչական ու մշակույթի տան շենքերը։ Առաջինը՝ բարվոք վիճակում, երկրորդը, սակայն՝ անմխիթար։ «Մշակույթից» եմ սկսում իմ պտույտը գյուղում, ինձ ուղեկցում է ոսկեվանցի Կարինե Ալեքսանյանը, որը մշակույթի տանը կիթառի դասընթացներ է վարում։  Կարինեն նվագել սովորել է բոլորովին վերջերս՝ 2017 թվականին։ Բայց կիթառ նվագելն իր մանկության երազանքն է եղել, միայն թե հնարավորություն չի ունեցել ու երազանքի իրականացումը հետաձգվել է։ Կարինեն, սակայն, որքան էլ երազկոտ է, նույնքան համարձակ։ Ասում է՝ կիթառ միայն հեռուստացույցով էր տեսել ու առաջին անգամ գործիքը ձեռքն է վերցրել ուսուցչուհու մոտ․ «Երբ իմացա, որ Դիլիջանից Նոյեմբերյան է եկել մի մասնագետ ու սիրողական դասընթացներ է անցկացնում, մասնակցեցի դրանց, մինչեւ ուսուցիչը գնաց Երեւան»,- պատմում է Կարինեն ու շարունակում, որ պատասխանատվությունը շատ մեծ էր, ուստի ինքը չի բավարարվել ստացած գիտելիքներով ու շարունակել է զբաղվել ինքնակրթությամբ։ Պատմելու ընթացքում Կարինեն կիթառը գրկից մի կողմ չի դնում, ձեռքերն էլ խնամքով դրել է վրան։  Կարինե Ալեքսանյանը Արդեն որոշ ժամանակ անց Կարինեն լսել է մասնագետների կարծիքը, ներկայացրել իր գիտելիքները՝ հասկանալու՝ կարո՞ղ է դասընթաց կազմակերպել։ Իսկ մասնագետները շատ են հավանել, ու արդեն 2017-ի վերջին Կարինեն առաջին աշակերտներն է ունեցել։  Մեկ ամիս առաջ էլ սկսել է պարապմունքներ անցկացնել նաեւ ոսկեվանցի երիտասարդների հետ, ու շատ արագ թիմ է հավաքել․ Կարինեի մոտ այժմ Ոսկեվանի մշակույթի տանը կիթառի դասերի է գնում 19 երիտասարդ, ընդ որում՝ ոչ միայն Ոսկեվանից, այլ նաեւ հարեւան Բաղանիսից։ կիթառի դասերը սովորաբար վեց ամսից մեկ տարի են տեւում՝ կախված նրանից, թե աշակերտներն ինչպես են յուրացնում գիտելիքները։ Ոսկեվանի խմբային դասերից բացի՝ Կարինեն պարապում է նաեւ Նոյեմբերյանում՝ անհատական։  Կարինեն կես-կատակ ասում է՝ երեւի իր մոտ ավելի լավ ստացվում է գիտելիքները փոխանցել՝ մանկավարժություն անել, քան նվագել։ Զրուցակիցս մասնագիտությամբ բուժքույր է, նաեւ մանկավարժ՝ թեեւ ոչ բարձրագույն կրթությամբ։ Բայց, միեւնույն է, եկել-հասել է իր հոգու մասնագիտությանը։  Երբ Կարինեն որոշել է գնալ կիթառի դասերի, իմացել է, որ հարեւանի երեխան, որն իրենից փոքր է մոտ տասնհինգ տարով, եւս սիրում է կիթառ ու ինքն էլ է ուզում սովորել․ «Ես էլ ասում էի՝ երբ ես առնեմ կիթառ, դու էլ իմ կիթառով կնվագես, կսովորես, մինչեւ քոնն ունենաս։ Բայց էնպես ստացվեց, որ ինքն ավելի շուտ ունեցավ իր գործիքը՝ Ձմեռ պապիկն Ամանորին նվիրեց։ Էդ պահին ես չէի կարող ինձ համար գնել, ու երբ աղջնակն ունեցավ կիթառ, ասաց՝ որ կարող եմ իր կիթառից օգտվել, մինչեւ իմն ունենամ։ Հետո, երբ սկեսուրս լսեց՝ ինչպես եմ նվագում, երգում, ինքը շատ հուզվեց ու ասաց՝ թոշակս ստանամ՝ քեզ համար կիթառ եմ առնելու։ Սկեսուրիս օգնությամբ առանք իմ կիթառը»,- ժպտալով պատմում է զրուցակիցս։ Վախեր, իհարկե, ունեցել է, որ կարող է ինչ-որ բան չստացվել, բայց ժամանակը ցույց է տվել, որ այն, ինչ սրտումդ է, սիրով ես անում, անպայման հաջողվում է։ Կարինեն աշակերտների հետ «պայման է կապել»՝ ուսուցման իմաստն այն է, որ սովորողներն արդյունքում նվագեն ավելի լավ, քան իրենց ուսուցիչը․ «Կթվա՝ ուղղակի խոսքեր են, բայց հենց այդպես էլ եղավ՝ իմ սաներն ինձնից լավ են նվագում»։ կիթառը հիմա Կարինեի մտերիմ ընկերն է, չի լքում տխրության պահերին։ Իսկ Կարինեն տխրությունն իր մեջ չի ամփոփում-թաղում։ Ասում է՝ եթե գոյություն ունի մի բաժակ տխրություն, ու դա իր բաժինն է, ինքը բաժակի պարունակությունը չի թափում, արագ «խմում է», անցնում առաջ՝ ապրել է պետք, վայելել ամեն պահը, որ տրված է։ Կարինեն հուլիսի 9-10-ին փառատոն է կազմակերպում Նոյեմբերյանում՝ «Շնորհակալություն, մայ՛ր հող» խորագրով։ Ասում է՝ անընդհատ մտքեր է ունեցել՝ ո՞րն է մեր համընդհանուր սխալ քայլերի պատճառը․ «Մտքով սկսեցի քանդել էդ կծիկը ու հասկացա, որ մեր մայր հողը ըստ արժանվույնի չգնահատելն է։ Մայր հողը՝ որպես հայրենիք, մենք սիրում ենք, բայց սխալ ենք սիրում, բառերով չեն սիրում։ Մարդիկ պիտի բարի լինեն։ Մենք պիտի ուրախանանք, որ մեր երեխաներից լավ սովորող երեխաներ կան, մեզնից լավ աշխատավարձ ստացող մարդիկ։ Որովհետեւ դա համընդհանուր բարօրության համար է։ Եթե միայն մեկ-երկուսն այդպիսին լինեն, ապա հայրենիքը շենացնելու գործը միայն նրանց ուսերին կմնա։ Բայց այդ գործում բոլորի ջանքն է պետք, բոլորը պիտի ավելի զարգանան, ավելի կրթվեն, ավելի ունեւոր լինեն, որ փոփոխությունը զգալի լինի»,- իր մտորումներն է պատմում Կարինեն։ Նա կարծում է, որ կազմակերպելիք միջոցառումը հնարավորություն կտա արժեւորել մայր հողը՝ որպես հայրենիք, որպես բնություն, որպես արժեք։ Փառատոնի ժամանակ երաժշտության ուղեկցությամբ ուրցահավաք է լինելու Նոյեմբերյանի Սրբասարում, թեյի, սուրճի ընդմիջումներ են լինելու, թերթերուկ են թխելու, ձեռագործ իրերի ցուցադրություն-վաճառք է լինելու, նաեւ վարպետաց դասեր։ Մի քանի ընկերություններ իրենց արտադրանքով արդեն իսկ միացել են ու կմասնակցեն ցուցահանդես-վաճառքներին։ Իսկ թե ինչու հենց ուրցահավաք, Կարինեն մեկնաբանում է, որ այն մայր հողից ինչ-որ բան ստանալու խորհրդանիշ է․ «Նաեւ, ուրցն ինքնին դեղաբույս է, լավ կլիներ՝ առողջ կենսակերպի մշակույթը զարգանար մեզ մոտ, հետո, որ ուրցով թեյախմությունն էլ դառնա ավանդույթ։ Դա մտածելակերպ կարող է փոխել։ Ուրցի թեյախմությունն արվեստի պես բան է, այդ մթնոլորտը լավ տրամադրություն է բերում, լավ մթնոլորտ ստեղծում, դրանից էլ հաստատ ինչ-որ բան դեպի դրականն է փոխվում»։ Միջոցառումը թեեւ դեռ ֆինանսավորված չէ, բայց կազմակերպչական աշխատանքներն արդեն մեծ հաշվով արված են։ Մնում է գտնեն նաեւ ֆինանսավորողի՝ իրենց նպատակն ըստ պատշաճի կյանքի կոչելու համար, ինչը կնպաստի նաեւ տարածաշրջանում մշակույթի ու զբոսաշրջության զարգացմանը։ Մինչ մենք զրուցում ենք, մշակույթի տուն են գալիս Կարինեի աշակերտները։ Նրանցից մեկը՝ Էլեն Ալեքսանյանը, ծնվել է Երեւանում, բայց հիմա ապրում է Բաղանիս գյուղում, ու ամեն շաբաթ գալիս է հարեւան Ոսկեվան՝ մասնակցելու կիթառի դասերին․ «Էս գյուղ գալը իմ ամենալավ բաներից մեկն ա եղել։ Երեւանն էլ եմ շատ սիրում, բայց գյուղն իմ համար ուրիշ աշխարհ ա։ Գյուղում պապիկիս հետ էի ապրում, ու էստեղին կապող ամենակարեւոր օղակը նաեւ ինքն ա եղել։ Պապին հիմա չկա, բայց մեկ ա ես գյուղի տանն իր ներկայությունը զգում եմ։ Արմատներով ես ոսկեվանցի եմ, բայց Բաղանիսում ենք ապրում։ Բաղանիսն էլ եմ շատ սիրում։ Բաղանիսն էլ ա սահմանամերձ»,- ասում է Էլենն ու շարունակում, որ սահմանամերձ գյուղում ապրելն ուրիշ հպարտություն է, քեզ ավելի պարտավորված ես զգում։ Էլենն արդեն որոշել է՝ տուրիզմի ուղղությամբ է ուզում մասնագիտանալ, ինչը հնարավորություն կտա իր հարազատ գյուղերը ցույց տալ աշխարհին։ Այդ որոշման մեջ ավելի հաստատակամ է դարձել, երբ իր ուսուցչի տղան, որը եւս ուզում էր տուրիզմի ոլորտում մասնագիտանալ, զոհվել է 44-օրյա պատերազմում։ Էլենն ասում է՝ իրեն ավելի պարտավորված է զգում, լավ մասնագետ պիտի դառնա։ Նա կարծում է, որ իր ընտրած մասնագիտությամբ աշխատանքը կարող է համեմել կիթառ նվագելով։ Էլեն Ալեքսանյանը Ոսկեվանցի Թերազա Հարությունյանն էլ է անչափ սիրում իր գյուղը։ Ասում է՝ գյուղում մարդիկ ավելի բարի են, ավելի մարդամոտ։ Իսկ սահմանին այդքան մոտ ապրելը իրեն չի անհանգստացնում․ «Ես չեմ վախենում ոչ կրակոցից, ոչ թշնամուց․ զինվորների քույր եմ։ Մեծ եղբայրս էլ է ծառայել, փոքր եղբայրս էլ՝ չնայած առողջական խնդրին։ Միջնեկ եղբայրս՝ Արմանն էլ է ծառայել, հետո անցել պայմանագրային ծառայության։ Բայց 2015թ․ հունվարի 17-ին զոհվել է»,- այս ասելիս Թերեզայի կոկորդը լցվում է, բայց նա չի լալիս ու պատմում է, որ այդ դեպքը մի ցավոտ կետ է եղել, որ իրեն ավելի է մոտեցրել գյուղին, հիմա չի ուզում ու չի պատկերացնում, որ որեւէ պարագայում կլքի Ոսկեվանը․ «Եթե գյուղից դուրս գանք․․․ սահմանին կանգնած զինվորն ամեն անգամ հետ կնայի ու կտեսնի, որ մարդիկ գնում են, կմտածի՝ ուրեմն ինքն անիմաստ է կանգնած դիրքում, եթե թիկունքին մարդիկ չկան»։  Թերեզա Հարությունյանը Թերեզան դեռ հստակ չգիտի՝ ինչ մասնագիտություն է ընտրելու, որովհետեւ տարբեր մտքեր ունի։ Համ ուզում է ռազմական գործով զբաղվել, համ էլ ռուսերենի ուսուցիչ դառնալ։ Բայց, ոնց որ թե, ավելի շատ ռազմական ուսումնասարան գնալու միտքն է հաղթում, մնում է՝ ծնողների համաձայնությունը ստանա։  Գյուղի նկարազարդ կանգառը՝ տեղի խորհրդանիշերով Մշակույթի տանը, բացի կիթառի դասընթացներից, նաեւ կավի, կարպետի ու նկարչության խմբակներ կան։ Շուտով ուզում են նաեւ դհոլի խմբակ բացել։ Բայց տարածքի պայմանները մտահոգող են։ Շենքը վերանորոգման կարիք ունի, հատկապես մեծ դահլիճը, որն այժմ օգտագործման պիտանի չէ․ կիսախարխուլ բեմ, քանդված հատակ, կիսակոտրած, լքված ու փոշոտ նստարաններ, որոնք, ի դեպ, ինչպես նշում է տնօրենը, ինչ-որ մեկը գնել է, բայց անգամ չի էլ տարել տարածքից։ Մշակույթի տան տնօրենը՝ Արթուր Մելքոնյանը, մեր զրույցում ասում է՝ 2000-ականների սկզբից մշակույթի տան այդ մեծ դահլիճն ուղղակի ունակ չէր գործելու։ Բայց ծրագրեր կան, որ այս տարի դահլիճը պիտի մասնակի վերանորոգվի։ Սուբվենցիոն ծրագրով որոշակի աշխատանքներ կարվեն, բեմը կսարքվի, բայց ծախսը շատ է լինելու, երեւի թե բոլոր հարցերը չլուծվեն։  Արթուր Մելքոնյանը Մշակույթի տան պատուհանից երեւում է գյուղապետարանը։ Տանիքին ինչ-որ բան է նորոգում վարչական ղեկավարը։ Սպասում եմ ավարտի, մի քիչ զրուցեմ հետը։ Գնում եմ գյուղապետարան, դուռը թակում ու երբ սկսում եմ ներկայանալ, զգում եմ՝ ոնց որ արդեն տեղյակ է՝ ով եմ։ Պարզվում է՝ վարչական ղեկավարը՝ Սերգեյ Գրիգորյանը, մինչ այս աշխատանքին անցելը պայմանագրային զինծառայող է եղել, ու երեւի այդ հանգամանքի բերումով էլ մինչեւ իմ՝ գյուղապետարան մտնելը տեղեկացել է՝ ով է այս անծանոթ մարդը, որ աջ ու ձախ է պտտվում իրենց գյուղում։ Գյուղում 1343 մարդ է բնակվում, 277 փաստացի տնտեսություն կա։ Ոսկեվանում էլ, ինչպես Կոթիում, խոտհարքերը հակառակորդի դիտարկման տակ են։ Մարդիկ անասուններին չեն կարողանում արածեցնել որոշ տարածքներում․ գյուղում 500-ից մի քիչ ավելի խոշոր եղջերավոր անասուն կա։ Հիմա հունձի շրջանն է, գյուղապետն էլ պարբերաբար հետեւում է աշխատանքներին։  Սերգեյ Գրիգորյանը Ոսկեվանում այգիները, դաշտերը նորմալ ոռոգվում են, բայց խմելու ջրի խնդիր կա․ ջուրը մոտիկ գյուղերից են բերում։ Ջրաֆիկացման հարցը լուծելու համար դիմել են համայնքապետարանին, բայց չգիտեն՝ երբ կլուծվի։ Գյուղը գազաֆիկացված է, փողոցային լուսավորություն էլ գրեթե բոլոր թաղամասերում կա։ Բայց ճանապարհների նորոգման հարց կա, դա էլ պիտի որ առաջիկայում լուծվի․ եկող տարի ճանապարհների տուֆապատում է նախատեսվում։ Գյուղապետը մի խնդիր էլ է առանձնացնում, Հայփոստը տեղափոխել են կողքի գյուղ՝ Բաղանիս։ Գյուղի տարեցները ստիպված ոտքով են գնում մի քանի կիլոմետր, որպեսզի թոշակ, նպաստ ստանան; Մի քանի ամիս է՝ այս հարցով դիմել են պատկան մարմիններին, բայց լուծում չի տրվել խնդրին։ Գրիգորյանն ասում է՝ փոստը Բաղանիս տեղափոխելու պատճառը տարածքի խնդիրն է եղել, բայց, ըստ նրա, կարելի էր փոստը բացել Մշակույթի տանը, մինչեւ նախկին շենքը կվերանորոգվեր։ Գյուղում պտտվելիս հեռվից տատիկների եմ տեսնում, մոտենում։ Այնպես են ողջունում, կարծես հենց ինձ էլ սպասում էին․ «Արի, ցավդ տանեմ, արի։ Որտեղացի՞ ես»,- իհարկե առաջինը հնչում է մշտական այս հարցը։ Ընկերուհիները՝ Վերան ու Լուսիկը, զրուցում էին գյուղից արտագնա աշխատանքի գնացողների մասին։ Լուսիկ տատիկը Մտահոգվում են՝ լավ գյուղ է, բայց շատ աշխատանք չկա, եթե այգու, հողի գործ չես անում։ Հարցնում են՝ հավանե՞լ եմ գյուղը, ու երբ ասում եմ, որ շատ լավ, հանգիստ գյուղ է, տատիկներն առաջարկում են մնալ իրենց մոտ, հաստատ մի լավ իսան կգտնվի ինձ համար։ Վերա տատիկը Բայց տատիկների «սիրտն այս անգամ կոտրում եմ», առողջություն մաղթում ու քայլում գյուղից դուրս եկող ճամփի ուղղությամբ, մինչեւ կգա մեր մեքենան ու ինձ կտանի Նոյեմբերյանի մի ուրիշ անկյուն՝ այլ բարի ու հավես մարդկանց մոտ, որոնց չեն կոտրում առօրյա խնդիրները, եթե կողքներին սիրելի հոգիներ կան։ Իսկ այսպիսի ջերմ գյուղերում այդ հոգիները կան։ Հայարփի Բաղդասարյան
18:02 - 03 հուլիսի, 2022
Կոթի․ խստահայաց սարերի ու մարդկանց հյուրընկալ եզերքը [մարzoom]

Կոթի․ խստահայաց սարերի ու մարդկանց հյուրընկալ եզերքը [մարzoom]

Տավուշի սահմանամերձ Կոթի գյուղը հսկող սարերը խստահայաց են։ Երկինքն էլ այսօր մռայլ է, եւ Կոթիում շրջելու համար օրը սկզբում շատ ջերմ չի բացվում․ մենք գյուղ ենք մտնում այն պահին, երբ հուղարկավորության թափորը շարժվում է գերեզմանատուն։ Այդ արարողությունը շրջանցելու համար Գուգլ քարտեզով գյուղամեջ տանող այլ ճանապարհ եմ գտնում ու քայլում աջ թեւով ներքեւ իջնող արահետով։ Ամռանը Կոթիում ամենամուգ կանաչն է ամենուր, ամենախիտ բացատներն ու այգիներն են, որոնց ծառերի արանքից դժվար են նշմարվում տները։ Սալորենիներ, ընկուզենիներ՝ ամեն քայլափոխի։ Աչքս քարտեզից կտրել՝ մի հարմար ցոգոլ եմ փնտրում մի լքված թվացող այգու մեջ ու հայացքս հանկարծ ընկնում է գերեզմանաքարերին․ փոքրիկ գերեզմանատուն կա այգիների արանքում։ Հետո իմանում եմ, որ Կոթիում այդպիսի փոքրիկ գերեզմանատներ շատ են հանդիպում, ընտանեկան են։ Գերեզմանները հիշողություններ են՝ ամփոփված հողում, որին ավելի ես կապվում հարազատի կորստի հետ ու լքել-գնալ չես կարող։ Այդպես են մտածում նաեւ Կոթիում, որտեղ մարդիկ հեշտ բնավորություն չունեն, ինչպես իրենց սարերը։  Ֆեյսբուքյան խմբերից մեկի անունը «Կոթիի բարդ հասարակություն է»։ Իրենք իրենց այդպիսին են համարում։ Ես էլ մտածում եմ՝ հարց ու փորձ անեմ՝ ինչի՞ց է ծագել այդ կարծիքը։ Եւ հենց առաջին իսկ պատահած անցորդը վառ օրինակն է լինում այդ բնավորության արտահայտման․ շիկահեր, գեղեցկադեմ մի կին, որն այնքան էլ շփվել չի սիրում անծանոթների հետ, արագ-արագ քայլելով անցնում է, իսկ հարցերին՝ ո՞նց եք, գյուղամեջ ճի՞շտ եմ գնում, կտրուկ պատասխաններ տալիս ու շարունակում իր ճամփան։  Կեսօրն արդեն մի քիչ զավեշտալի է թվում, երբ հասնում եմ մի ճաշարան, որտեղի աշխատող տիկինը ծանոթանալու արարողակարգային երկու րոպեից հետո հրավիրում է ներս՝ սուրճ խմելու, ու պարզվում է՝ քիչ առաջ տեսած թաղման ժողովուրդը հիմա հոգեհացի է գալու։ Մինչ նրանք տեղավորվում են, հասցնում եմ նաեւ իմանալ, որ մի քիչ ներքեւ Լաուրիկ տատն է ապրում, որին անպայման պիտի հյուր գնալ։ Մուտքի գաղտնաբառը՝ կանչել Լաուրիկ տատի։ Լաուրիկ տատի տունը թաքնված է փայտե կանաչ ցանկապատների արանքում։ «Լաուրիկ տատի՜, Լաուրիկ տատի՜․․․»։ Կանչելով իջնում եմ աստիճանները, ու համարյա հույսս կտրում եմ՝ կարծելով՝ այսօր իմ օրը չէ, ինձ ընդառաջ է գալիս փոքրամարմին տատիկն ու զարմացած նայում, թե՝ էս ո՞վ է։ Դե՜, պատմում եմ՝ ինչի եմ գյուղ եկել, ու որ ինձ ասել են՝ տատի հետ զրույցի առիթը հանկարծ բաց չթողնեմ, տատն ինձ միանգամից հրավիրում է բակ, ու առանց ավելորդ համոզում-առաջարկությունների ձեռնամուխ լինում սուրճի սեղան դնելուն։ Տատիկը, չնայած տարիքին, արագաշարժ ու ճարպիկ է։ Մինչ ես բակի դետալներն եմ ուսումնասիրում, հյուրընկալս լույսի արագությամբ տնից բերում է սուրճի բաժակները, երբ առաջարկում եմ ինքս պատրաստել սուրճը, նույն արագությամբ հայտնվում է կողքիս, դիմացս դնում սրճեփը, սուրճն ու շաքարը, ու անհետանում։ Ձայն եմ տալիս՝ «տա՜տ, էդ ուր գնացիր, սուրճը հեսա լինում ա»։ Մեկ էլ ձայնը լսում եմ այգուց՝ «կա՛ցի, կա՛ցի, մոռ եմ բերում»։ Լաուրիկ տատը Բերում, լվանում է, շաքար լցնում վրան, ու ասում, որ ամբողջն ինձ համար է հավաքել, չուտել չեմ կարող։ Հետն էլ բացում է հենց երեկ փակած կոմպոտը, լցնում բաժակները, խոսքի մեջ ասում, որ իր թոռի անվանակիցն եմ։  Տատն ասում է՝ ֆիզիկական աշխատանքից հեչ չի նեղվում, բայց ծանր կյանք է ունեցել՝ ցավալի կորուստներ․ «25 տարեկան թոռս ավարիա տվուց, մահացավ։ Աղջիկս 53 տարեկանում ուռուցքով հիվնդացավ, մահացավ։ Մյուս թոռանս՝ տղիս աղջկա ջահել մարդը գնաց պատերազմ, զոհվեց, երկու երեխեքի հետ թոռս մենակ մնաց»։ Ամեն վերջակետից հաջորդ նախադասությունն ընկած վայրկենական արանքում տատը ծանր հոգոց է հանում․ «Ֆիզիկական աշխատանքը մարդուն բան էլ անում չի։ Բայց էդ կորուստնին մարդուն շատ ա ցավ պատճառում»։  Թեման ծանր է, փոխում ենք։ Միանգամից հարցնում եմ տատին՝ Կոթիի ժողովրդին ինչի՞ են ասում բարդ հասարակություն։ Էն էլ տատն առաջին անգամ է նման բան լսում։ Բայց սկսում է մտածել․ «Դե՜, բարդ ասելով՝ ի՞նչ ենք հասկանում։ Ուղղակի երեւի պակասությունը մարդկանց ագրեսիվացրել ա։ Սահմանն էլ մոտիկ ա։ Իննսունականներին շատ ջախջախվեցինք։ Մենք սհե չենք էլել․․․ Իրեք հեդը Գրադի սնարյադը մեր դռանը վեր ա ընգել։ Էս ժղովուրդը պրոբլեմներ շատ ա ունեցել, վերջը, ժղովուրդ ա, էլի։ Համ էլ, էդ «Կիսաբաց լուսամուտներ» ա, ինչ ա, մի օր տեհա․․․ Հլա կոթեցիքին չեն հվանմ»,- ասում է տատն՝ իր զարմանքն արտահայտելով, թե ոնց կարող են ջահել, առողջ տիկնայք գնալ այդ հաղորդմանն ու ասել, թե գործ չունեն։ Տատն իր օրինակն է բերում՝ 80-անց է, բայց մինչեւ հիմա մշակում է այգին։ Ընդ որում՝ ամենայն մանրակրկտությամբ, նկարչի հմտությամբ։ Լաուրիկ տատը, որ աշխատանքի համար մեդալ է ստացել անգամ, կարծում է՝ հիմա ժողովուրդը «լոդրացել է»։ Ասում է՝ երեւի հիասթափվել է, աշխատանք չի սիրում։ Տատն աշխատասեր է, բայց հիմա առողջությունն առաջվանը չէ․ «Դանդաղ մեռնելու վախտն ա։ Որ Աստված ինձ հարգել է, լավ կլներ՝ մահս հեշտ լիներ, շատ եմ տանջվել։ Նենց էլ գնահատված կնիկ չեմ եղել, որ ասեմ հա՜»։ Խոսակցության ժամանակ Լաուրա տատիկի ամուսինն է գալիս՝ Սամվել պապիկը, որ գործերով գյուղամեջ էր դուրս եկել։ Տատը գնում կանգնում է ամուսնու կողքին, ում հետ կյանք է կիսել ուղիղ 63 տարի։ Հոգու հետ է խաղում․ «Ես 18 տարեկան էի, ինքն էլ բանակից նոր էր եկել, փախցրուց ինձ։ Ես չէի սիրում, ուրիշին էի սիրում»,- ասում է տատն, իսկ պապը, թե՝ «հո-հո-հո», իբր՝ չի հավատում։ Սամվել պապը խոստովանում է, որ կնոջը շատ է սիրում։  Տատը մոռի մուրաբայի մի բանկա է դնում պայուսակիս մեջ, հրահանգում՝ ընկերներիդ հետ կուտես։ Խոստանում եմ, որ իրենց էլի հյուր կգամ ու հաջողություն եմ մաղթում։ Բայց սրտիս մեջ ոնց որ տրտմություն մտավ, երբ տատը շնորհակալություն ասաց իրենց հյուր գնալու համար։ Լաուրա տատիկենց տան մոտ է Կոթիի գյուղապետարանը՝ շրջապատված խնամված պարտեզով։ Գյուղապետարանի պատին Մարշալ Բաղրամյանի նկարն է փակցված․ Բաղրամյանը ծնունդով Կոթիից է եղել։ Աշխատասենյակներից մեկի պատուհանի ապակին, որ նայում է հակառակորդի դիրքերին, կոտրված է․ անցքը թշնամու կրակոցից է բացվել՝ 2015-ին։  Մի ուրիշ սենյակում պահարանի վրա շարված են տարբեր տրամաչափի զինատեսակներից հակառակորդի կողմից արձակված զինատեսակների բեկորներ, փամփուշտներ։ Այդ կտորները կարծես հավերժական հիշեցում լինեն։ Կոթիի վարչական ղեկավարը՝ Անդրանիկ Հախվերդյանը, իմ այցի պահին դաշտերում է՝ արտհնձի աշխատանքներին է հետեւում։ Բանն այն է, որ արտերը հակառակորդի դիտարկման տիրույթում են, գյուղապետն էլ հետեւում է հնձի աշխատանքներին, կազմակերպում ընթացքը, որ կոմբայնավարները համաչափ անեն իրենց աշխատանքը, միայն իրենց նախընտրած հատվածները չհնձեն։ Բայց Հախվերդյանը հեռախոսով բարեհամբույր զրուցում է մեզ հետ։ Ասում է՝ ցորենի դաշտերը միջդիրքային տարածքում են։ Դեպքեր են եղել, երբ հակառակորդը կրակել է այդ ուղղությամբ, ու արտը հրդեհվել է։ Այս տարի այդպիսի դեպք, բարեբախտաբար, չի եղել։ Կոթիի 1500 հա վարելահողերից շուրջ հազարն այսօր չի մշակվում․ հակառակորդի ուղիղ դիտակետում են։ Դա նաեւ անասնապահությամբ զբաղվելուն է խոչընդոտում։ Այժմ գյուղում հազարից մի փոքր ավելի խոշոր եղջերավոր անասուն կա։  Գյուղապետն ասում է՝ Կոթիում խմելու ջրի հաճախականության խնդիր կա, բայց այժմ այդ հարցով էլ են զբաղվում․ պլանավորման աշխատանքներ են տարվում, որ ամենօրյա ջուր լինի։ Ունեն նաեւ հեռահար ծրագիր՝ կառուցել 10.000 տոննա տարողությամբ ջրամբար, որը հնարավորություն կտա 300-ից ավելի հա ոռոգել, հիմա կարգին ոռոգվում են միայն տնամերձ հողերը։ Պլանավորում են նաեւ Կոթիի գտածոների թանգարան բացել, ինչը, գյուղապետի համոզմամբ, կգրավի զբոսաշրջիկներին։ Նոյեմբերյանի համայնքապետարանի առաջատար մասնագետ, Կոթիի գյուղապետարանում համայնքային ծառայող Արայիկ Բեջանյանն էլ մեր զրույցում պատմում է, որ տեղացիներն արդեն վաղուց հարմարվել են իրենց աշխարհագրական դիրքին, եւ ոչ մեկի մտքով էլ չի անցնում թողնել-հեռանալ։ «Մարդիկ կապված են էս հողին։ Ու չեն թողնի իրենց հարազատների գերեզմանները պղծեն։ Պատմություն ունեն էստեղ, արմատներ»,- ասում է Բեջանյանը։ Երբ խոսում ենք կոթեցիների բարդ բնավորության մասին, նա մեկնաբանում է, թե՝ էստեղ մեկը մեկից խելացի են, ամեն ինչ յուրովի են բացատրում, պարզամիտ չեն, դրա համար բարդ են թվում։  Արայիկ Բեջանյանը Լաուրա տատիկն, ամեն դեպքում, մի քիչ կոտրել է այդ կարծրատիպը, հիմա շտապում եմ Կոթիի 2000-ին մոտ բնակիչներից մեկի՝ նկարիչ Կարո Բեջանյանի տուն։ Ճիշտ է՝ ճանապարհին հանդիպող մարդիկ ձեռքը բավականին հեռու էին պարզում՝ ցույց տալով Կարոյանց տունը, բայց այն լավ էլ մոտ էր՝ գյուղապետարանից ոտքի ճամփա։ Հասնում եմ մի տան մոտ, բակում սուրճի սեղանի մոտ հավաքված մարդիկ կան։ Հավասար կտրած բեղերով, կոկիկ սափրված տղամարդուն դիմելով՝ ասում եմ՝ ներեցեք, Կարոն Դուք եք, չէ՞։ Ասում է՝ հա՜, նման եմ չէ՞։ Կարո Բեջանյանը Կարո Բեջանյանը դասավանդում է գյուղի դպրոցում։ Նա նաեւ գերեզմանաքարերի վրա է նկարներ անում, թեեւ, ասում է, իրեն կտավներն են հոգեհարազատ․ նկարելն իր տարերքն է, քարի վրա նկար անելը՝ ուղղակի աշխատանք։ Կարոն սովորել է Երեւանի պետական մանկավարժական համալսարանում, հետո աշխատանքի բերումով եկել է հարազատ կողմերը, բայց գործուղել են կողքի գյուղ՝ Բարեկամավան։ Կարոն ծիծաղելով ասում է՝ բայց լավ էր, տիկնոջս էնտեղից բերի։ Հետո տեղափոխվել է Կոթի ու հաստատվել այստեղ․ 1986թ․-ից Կոթիի դպրոցի նկարչության ուսուցիչն է։  Կոթին շատ է սիրում, իր կտավներում գյուղից շատ բնապատկերներ կան։ Կարոն կարծում է՝ արվեստագետները գյուղին շատ մոտ պիտի լինեն․ «Նկարիչը 10-րդ հարկում գործ չունի, հասկանո՞ւմ ես»,- ասում է նա։ Հետո քարի գործից խոսում՝ շեշտելով, որ դա իր նախասիրած աշխատանքը չէ, «ուղղակի հազար ումի հարցեր կան»։ Ասում է՝ երեխեքը նկարել սիրում են։ Հիմա գծագրությունը դպրոցից հանել են, բայց ինքը գծագրություն պարապում է երեխաների հետ, ու չի եղել դեպք, որ իր աշակերտներն ուսումնական հաստատություններ ընդունվելիս մասնագիտական քննությունները չստանան։ Շուտով դպրոցում նկարչության խմբակ էլ պետք է բացվի․ Կարոն այդ առիթով բավականին ոգեւորված է․ «Ես չեմ ուզում խմբակում երեխեն առանց պրակտիկ իրերի գա, ուղղակի նայի։ Ես ուզում եմ համ ես ստեղծագործեմ, իմ մոլբերտը դնեմ, համ երեխեքը»,- ասում է Կարոն։ Համայնքը հաստիք է բացել, աշխատավարձ սահմանել, ուստի խմբակն էլ ամբողջությամբ անվճար կլինի։ Կարոն հույս ունի՝ հնարավոր կլինի երեխաներին ապահովել անհրաժեշտ պարագաներով․ «Խմբակը սեպտեմբերից կգործի։ Եւ դա շատ կարեւոր բան ա։ Էդ էրեխանց հետ զբաղվել ա պետք, շնորհալի էրեխեք ունենք։ Սահմանային գոտի ա․․․ Գիտես ինչ, ես մի բանից եմ մի քիչ շատ վատ զգում, որ ամբողջ Հայաստանը սարքել են Էրեւան»,- ասում է Կարոն ու կարեւորում, որ սահմանամերձ գյուղերում էլ երեխաները լավ կրթություն ստանալու, հետաքրքիր զբաղմունքներ ունենալու հնարավորություններ ունենան։ Հետո Կարոն շտապում է իր գործերը ցույց տալ։ Նա առանձնահատուկ կիրք ունի հատկապես գծանկարների հանդեպ, թեեւ շատ կոլորիտային կտավներ էլ ունի, որոնցում զիլ արտահայտված է Կոթիի բնությունը։  Կարոյի թոռներն օգնում են պապին հատ-հատ ցույց տալ նկարները, հետո փոքրիկ Արտյումն էլ իր նկարներն է ցույց տալիս, երկուսով գալիս, բոլորում են պապին, ու սիրահոժար լուսանկարվում հայրենի սարերի ֆոնին։ Երեխաները, որ Ռուսաստանից եկել են պապի տուն, վազվզում, խաղում են բակում ու տանը, որի պատուհաններից մեկին հակառակորդի արձակած փամփուշից բացված անցք կա։ Այդ անցքից երեւի քամի է սողոսկում սենյակ՝ բերելով խոտհունձի տաք բույրեր ու դուրս տանելով կտավների արանքում հավաքված փոշին։ Հայարփի ԲաղդասարյանԼուսանկարները՝ Լիլիթ Նազարեթյանի
00:54 - 02 հուլիսի, 2022
Ռուսաստանը Բուլղարիայից պահանջել է չեղարկել 70 դիվանագետների արտաքսումը՝ սպառնալով փակել իր դեսպանատունը

Ռուսաստանը Բուլղարիայից պահանջել է չեղարկել 70 դիվանագետների արտաքսումը՝ սպառնալով փակել իր դեսպանատունը

Բուլղարիայի իշխանությունը հրաժարվել է կատարել այն որոշման չեղարկման Ռուսաստանի պահանջը, որի համաձայն՝ ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունների 70 աշխատակիցներ պետք է լքեն Բուղարիան, գրում է Meduza-ն։ «Մենք թույլ չենք տա օտարերկրյա դիվանագետներին վերջնագիր ներկայացնել բուլղարական պետությանը», - հայտարարել է Բուլղարիայի վարչապետի պաշտոնակատար Կիրիլ Պետկովը։ Հուլիսի լույս 1-ի գիշերը Սոֆիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ Բուլղարիայի իշխանությունից պահանջել է չեղարկել իր որոշումը, որի համաձայն՝ մինչև հուլիսի 3-ը երկիրը պետք է լքի ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունների 70 դիվանագետ և աշխատակից։ «Այլապես ռուսական ղեկավարության առջև կդրվի Սոֆիայում ՌԴ դեսպանատան փակման հարցը, ինչն ինքնաբերաբար նշանակում է նաև Մոսկվայում Բուլղարիայի դեսպանատան փակում», - հայտարարել են ռուսաստանցի դիվանագետները։ Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն «Ինտերֆաքսին», Բուլղարիայում Ռուսաստանի դեսպանատան փակման հարցը կքննարկվի ՌԴ ԱԳՆ-ում և անհրաժեշտության դեպքում զեկույց կներկայացվի նախագահին։ Նշենք, որ հունիսի վերջին Բուլղարիայի ԱԳՆ-ն որոշել է կրճատել երկրում ռուսաստանցի դիվանագետների թիվը, որպեսզի այն չգերազանցի Ռուսաստանում բուլղարացի դիվանագետների թիվը։ Ընդհանուր առմամբ, Բուլարիայում պետք է մնա շուրջ 50 ռուսաստանցի աշխատակից։   Նորա Վանյան
18:13 - 01 հուլիսի, 2022
Արևմուտքի երկրներն արագացնում են Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրացիան․ Պուտին

Արևմուտքի երկրներն արագացնում են Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրացիան․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «հավաքական Արևմուտքի աննախադեպ ճնշումը» Ռուսաստանին և Բելառուսին մղում են դեպի ինտեգրացիա։ «Այսպես կոչված հավաքական Արևմուտքի կողմից աննախադեպ քաղաքական և պատժամիջոցային ճնշումը մեզ մղում են դեպի միավորման գործընթացների արագացում», - ասել է Պուտինը Ռուսաստանի և Բելառուսի շրջանների համաժողովում։ ՌԴ նախագահի խոսքով՝ 2021 թ-ի սեպտեմբերին համաձայնեցված 28 դաշնակցային ծրագրերի իրականացման աշխատանքն ընթանում է «ռիթմիկ ձևով և ըստ ժմանակացույցի», իսկ ինտեգրման համար անհրաժեշտ ընթացակարգերի 40%-ն արդեն կատարված է, հայտնում է «Կոմերսանտը»։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ շուկայից արևմտյան ընկերությունների հեռանալուց հետո ՌԴ և Բելառուսի քաղաքացիների համար միլիարդավոր ռուբլու տեղեր են ազատվել։ Նա հայտնել է համատեղ արտադրություններ հիմնելու Բելառուսի պլանների մասին։ Միաժամանակ նշել է, որ երկրները չեն պատրաստվում «միմյանց հետ մրցակցել» կամ «կրկնօրինակել արտադրությունները»։ 2021 թ-ի նոյեմբերին երկու երկրների առաջնորդները դաշնակցային ծրագրերի ինտեգրացիոն փաստաթուղթ են ստորագրել, որը ենթադրում է գազի, նավթի և էլեկտրաէներգիայի միասնական շուկաների ստեղծում։ Դաշնակցային պետության նախագծի շրջանակում քննարկվում է նաև միասնական պաշտպանական տարածքի ստեղծման հարցը։   Նորա Վանյան
17:51 - 01 հուլիսի, 2022
ԱԺ-ն քննարկեց Վահե Հակոբյանին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետ կանչելու հարցը

ԱԺ-ն քննարկեց Վահե Հակոբյանին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետ կանչելու հարցը

ԱԺ 8-րդ գումարման առաջին օրացուցային կիսամյակի 342 քվեարկություններից Վահե Հակոբյանը չի մասնակցել 194-ին։ Այս մասին ԱԺ նիստի ընթացքում՝ Վահե Հակոբյանին  Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետ կանչելու նախագիծը ներկայացնելիս ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։«Վահե Հակոբյանը Ազգային ժողովի 8-րդ գումարման ընթացքում հրավիրված 25 խորհրդի նիստերից բացակայել է 20 անգամ։ Ընդ որում, Ազգային ժողովը 8-րդ գումարման ընթացքում ընդունել է 253 օրենք, որոնցից 83-ի համար գլխադասային է եղել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը»։Վարդանյանը տեղեկացրեց՝ ՀՀ ազգային ժողովի 8-րդ գումարման ընթացքում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է 27 հերթական և արտահերթ նիստեր։ «Հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը նիստերի նախապատրաստման, կազմակերպման աշխատանքներին չի մասնակցել, չի նախագահել թվով 11  նիստ, այնուհետև քարտուղարությանը հանձնվող վերոնշյալ նիստերի օրակարգերը և արձանագրությունները նրա կողմից չեն ստորագրվել։ Վահե Հակոբյանի կողմից չեն ստորագրվել նաև քարտուղարության հանձնվող օրակարգերի արձանագրությունները, հանձնաժողովում դրական եզրակացություն ստացած օրենքի նախագծերը և մի շարք այլ փաստաթղթեր»։Նա նաև նշեց, որ հանձնաժողովի ընդունարանը պարբերաբար փակ է եղել, իսկ զանգերը մնացել են անպատասխան։ «Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամներին չի փոխանցել տնտեսվարողների կողմից ուղարկված մի շարք միջոցառումների մասնակցելու հրավերները՝ խոչընդոտելով պատգամավորների լիազորությունների իրացումն ու քաղաքացիների իրավունքները»։
12:11 - 01 հուլիսի, 2022
Յաիր Լապիդը պաշտոնապես ստանձնեց Իսրայելի վարչապետի պաշտոնը

Յաիր Լապիդը պաշտոնապես ստանձնեց Իսրայելի վարչապետի պաշտոնը

Այսօր Յաիր Լապիդը պաշտոնապես ստանձնեց Իսրայելի 14-րդ վարչապետի պաշտոնը: Այս մասին գրում է NDTV-ն: Լապիդի ժամկետը կարող է կարճատև լինել, քանի որ նա ստանձնում է ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնը: Նոյեմբերի 1-ին Իսրայելում վերջին չորս տարվա մեջ հինգերորդ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն: Բենետը վարչապետ էր դարձել նախորդ տարվա հունիսյան ընտրություններից հետո։ Դրանցում քաղաքական ուժերից ոչ մեկը չէր կարողացել մեծամասնություն ստանալ։ Արդյունքում՝ 8 կուսակցությունից բաղկացած կոալիցիա էր ձևավորվել, որի միակ ընդհանուր նպատակը թույլ չտալն էր, որ նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուն իշխանության վերադառնա։ Իշխող կոալիցիայի նրա գործընկեր, կառավարության ղեկար Նաֆթալի Բենետը հայտարարել է, որ չի մասնակցելու գալիք ընտրություններին: Բենետը վարչապետ էր դարձել նախորդ տարվա հունիսյան ընտրություններից հետո։ Դրանցում քաղաքական ուժերից ոչ մեկը չէր կարողացել մեծամասնություն ստանալ։ Արդյունքում՝ 8 կուսակցությունից բաղկացած կոալիցիա էր ձևավորվել, որի միակ ընդհանուր նպատակը թույլ չտալն էր, որ նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուն իշխանության վերադառնա։ Բենետն ու Լապիդը պայմանավորվել էին, որ կառվարությունը գլխավորելու են երկուական տարով, այսինքն՝ ներկայիս վարչապետը պետք է իշխանությունն իր գործընկերոջը փոխանցեր 2023 թ-ի սեպտեմբերին։ Սակայն շուրջ տասն օր առաջ կոալիցիան փլվել էր, քանի որ դրա մեջ մտնող կուսակցությունները չէին կարողացել համաձայնության գալ այն փաստաթղթի գործողության երկարաձգման հարցի շուրջ, որի համաձայն՝ Արևմտյան ափին գտնվող հրեական բնակավայրերն ապրում են Իսրայելի օրենքներով, այլ ոչ թե Պաղեստինի:
12:11 - 01 հուլիսի, 2022
Օդեսայի մարզում հրթիռային հարձակման հետևանքով 18 մարդ է զոհվել

Օդեսայի մարզում հրթիռային հարձակման հետևանքով 18 մարդ է զոհվել

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության տվյալներով Օդեսայի շրջանի վրա հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է 18 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։  Ուկրաինայի ցամաքային զորքերի «Հարավ» օպերատիվ հրամանատարության տվյալներով հուլիսի 1-ի գիշերը Տու-22 ինքնաթիռը հրթիռային հարված է հասցրել Օդեսայի մարզի Բելգորոդ-Դնեստրովսկի շրջանի Սերգեևկա գյուղին։ Ենթադրվում է, որ երեք X-22 հրթիռներ խոցել են 9 հարկանի բնակելի շենք և հանգստի երկու կենտրոն։ Տան մուտքն ամբողջությամբ ավերվել է, գրում է Դումսկայան։ Առավոտյան ժամը 09:00-ի դրությամբ հայտնի է, որ տան վրա հարվածի հետևանքով զոհվել է 16 մարդ, ևս երկուսը զոհվել են հանգստի կենտրոններից մեկին արձակված հրթիռի հետևանքով։ Բնակելի շենքում տուժել է 30 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, մեկ մարդ տուժել է հանգստի կենտրոնում։ Ծանր վնասվածքներով մարդիկ հոսպիտալացվել են։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են:
12:03 - 01 հուլիսի, 2022
Նպատակ ունենք ընդդիմությունից ընտրելու ԱԺ փոխնախագահի այնպիսի տեղակալի, որը կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի․ Ջուլհակյան

Նպատակ ունենք ընդդիմությունից ընտրելու ԱԺ փոխնախագահի այնպիսի տեղակալի, որը կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի․ Ջուլհակյան

ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանին՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետ կանչելու հարցն է։ Նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ նախագիծը։ Ըստ Ջուլհակյանի՝ Իշխան Սաղաթելյանը 2022 թ․-ի հունվարի 17-ից հունիսի 29-ներառյալ, այսինքն 2022 թ․-ի առաջին օրացուցային կիսամյակի նիստերի թվով 342 քվեարկություններից ունեցել թվով 198 բացակա։  «ԱԺ խորհուրդը ձևավորման պահից, այսինքն 2021 թ․-ի օգոստոս ամսից առ այսօր գումարել է թվով 25 նիստ, ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը նշված 25 նիստերից միայն 7-ին է ներկա եղել, բացակայել է ԱԺ խորհրդի 18 նիստերից»։ Նրա խոսքով՝ Իշխան Սաղաթելյանի հաճախակի բացակայությունների պատճառով անհնարին է դարձել վերջինիս Ազգային ժողովի նախագահի կողմից հանձնարարություններ տալը։ Պատգամավորն ընդգծեց՝ ինչպես ՀՀ Ազգային ժողովի նախագահը, այնպես էլ վերջինիս տեղակալները ներկայացնում են ողջ Ազգային ժողովը, բոլոր պատգամավորներին, կոչված են ապահովելու ԱԺ բնականոն գործունեությունը, համերաշխություն ապահովելու ինչպես Ազգային ժողովի, այնպես էլ հանրության շրջանում։ «Բոլորովին պատահական չէ, որ պատգամավորի երդման տեքստում հստակ կերպով նշված է պատգամավորի պարտականությունը քաղաքացիական համերաշխություն ապահովելու հարցում, սակայն ինչպես թերևս բոլորս հիշում ենք, թե՛ Իշխան Սաղաթելյանը և՛ թե նրա գործընկերները հրաժարվեցին 8-րդ գումարման Աժ առաջին նիստի օրը տալու պատգամավորի իրենց երդումը»։ Ըստ Ջուլհակյանի՝ Իշխան Սաղաթելյանը չի կատարել քաղաքացիական համերաշխությանն ուղղված իր երդումը, այլ քանիցս հրահրել է բախումներ, օգտագործել ատելության խոսք, վիրավորել է հանրության մի շարք ներկայացուցիչների, Ազգային ժողովի պատգամավորների։ Նա նաև նշեց, որ այս որոշմամբ նպատակ ունեն հետագայում ընտրելու ԱԺ փոխնախագահի՝ ընդդիմության կողմից առաջադրված այնպիսի տեղակալի, որը կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի՝ ապահովելով ԱԺ բնականոն գործունեությունը։
11:40 - 01 հուլիսի, 2022
44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատարի գործով դատարանում հարցաքննվեցին մի շարք վկաներ

44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատարի գործով դատարանում հարցաքննվեցին մի շարք վկաներ

#Կարճասած 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով երեկ սկսվեց վկաների հարցաքննությունը։ Գրեթե 4 ժամ տեւած նիստի ընթացքում դատարան ներկայացան եւ ցուցմունքներ տվեցին Գլխավոր շտաբի գնդապետ Նորայր Կարապետյանը,  ՊԲ ինժեներասակրավորային ծառայության սպա, կապիտան Կարեն Գրկիկյանը, ՊԲ 5-րդ գումարտակի վաշտի հրամանատար Վազգեն Վարդանյանը, Խնձորեսկում ամբաստանյալի վերքը զննած բժիշկ-թերապեւտ Արկադի Չախոյանը, ինչպես նաեւ՝ Արսեն Ղուկասյանը, որի եղբորորդին ծառայել է ամբաստանյալի գումարտակի կազմում։ Վազգեն Վարդանյանը, որը մեղադրանքում նշված դեպքի օրը ամբաստանյալից մի քանի քայլ հեռավորության վրա է եղել, դատարանում հայտարարեց, որ այդ ընթացքում իրենց ուղղությամբ հրաձգային զինատեսակներ են կիրառվել միայն, որոնցից, ըստ նրա, հնարավոր չէր բեկորային վնասվածք ստանալ։ Ամբաստանյալի բժշկական պատմագրում, սակայն, նշված է, որ նա բեկորային վիրավորում է ստացել։ Վկա Արսեն Ղուկասյանն էլ նշեց, որ իրեն հասած տեղեկությունների համաձայն՝ ամբաստանյալը շատ ավելի վաղ է վիրավորվել, սակայն դեպքի օրը իր վերքը քչփորել է, որպեսզի մարտի դաշտը լքելու պատրվակ ստեղծի։ #Մանրամասն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավարում դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ երեկ շարունակվեց Պաշտպանության բանակի N զորամասի 5-րդ գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի քննությունը։ Վահանյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ եւ 380-րդ հոդվածի 1-ին մասերով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ  անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։  Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը Նախորդ դատական նիստին ավարտվել էր գործում առկա ապացույցների հետազոտումը, այժմ դատարանը վկաների հարցաքննության փուլում է։ Դատակոչված վկաների հարցաքննությունը սկսելուց առաջ դատավոր Ջոն Հայրապետյանը նրանց նախազգուշացրեց սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ինչպես նաեւ պարզաբանեց, որ նրանք կարող են հրաժարվել ցուցմունք տալ, եթե ողջամտորեն ենթադրում են, որ իրենց հայտնած տեղեկությունները կարող են գործածվել իրենց կամ իրենց մերձավոր ազգականների դեմ։ Նման ցանկություն վկաներից ոչ ոք չհայտնեց։ Ըստ Արսեն Ղուկասյանի՝ ամբաստանյալը ավելի վաղ ստացած վերքը քչփորել է, որպեսզի ենթադրյալ դեպքի օրը մարտի դաշտը լքելու պատրվակ ստեղծի Հարցաքննված առաջին վկան Արսեն Ղուկասյանն էր։ Նրա եղբայրը, հիշեցնենք, պատերազմի ժամանակ զոհվել է, իսկ եղբորորդին անհետ կորած է առ այսօր։ Դատավորի հարցին, թե իր աջ ու ձախ կողմում նստած անձանցից ում է ճանաչում, Ղուկասյանը պատասխանեց՝ խուսափելով տալ ամբաստանյալի անուն-ազգանունը․ «Այս անձնավորությանը»,- ասաց նա․ «Բարեկամական, ազգակցական հարաբերություններ չկան, թշնամական էլ չեմ ասի, բայց անձնական հակակրանք կա»։ Ղուկասյանը պատմեց, որ պատերազմը սկսվելու օրը՝ 2020 թ սեպտեմբերի 27-ին, իր եղբայրը մեկնել է ռազմաճակատ՝ որդու մոտ, որը ժամկետային նորակոչիկ էր, ծառայում էր Ջաբրայիլում։ Մի քանի օր Ղուկասյանն իր եղբոր հետ կապի մեջ է եղել, սակայն հոկտեմբերի 3-ից սկսած՝  կապը կորել է, եւ հասկանալով, որ մի բան այն չէ՝ ինքը սկսել է նախապատրաստվել եւ հոկտեմբերի 6-ի առավոտյան մեկնել է Արցախ՝ եղբորը գտնելու։ Նրա խոսքով՝ այդ օրը Հադրութում իրեն դիմավորել է նույն զորամասի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Մկրտչյանը, որը հայտնել է, որ Ջաբրայիլի զորքը Հադրութի դպրոցում է, քանի որ Ջաբրայիլը, որպես այդպիսին, արդեն հանձնած էր։ Այդ օրը փորձել է գտնել եղբորորդուն, բայց չի հաջողվել, հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին միայն, տղայի նկարը զինվորներին ցույց տալով, գտել է, խոսել են իրար հետ, լուսանկարվել։ Նույն հոկտեմբերի 7-ին, ըստ Ղուկասյանի ցուցմունքի, ինքը դպրոցում հանդիպել է նաեւ ամբաստանյալ Իշխան Վահանյանին, որը, իր տպավորությամբ, արդեն իսկ վիրավոր էր․ «Երբ ես Հադրութի դպրոցում էի, էրեխուն նկարում էի, էնտեղ երեւում է, որ ինքը (նկատի ունի՝ ամբաստանյալը,-հեղ․) նստած է հետույքի մի այտի վրա, ամբողջությամբ նստած չէ, այսինքն՝ ավելի շուտ է վիրավորված եղել, ես հետո իմացել եմ, որ գործի ընթացքում ասել է, թե ամսի 10-ին է վիրավորված եղել, բայց ոչ, ամսի 10-ին ինքը իր հին վերքը քչփորել է, ասել է՝ վիրավոր եմ, ու դա որպես պատրվակ ներկայացնելով՝ թողել, փախել է»,- ասաց Ղուկասյանը՝ նշելով, որ մեկ հոգի չէ, որ ասել է այս մասին, ինքը բազմաթիվ զինվորների հետ է զրուցել։ Դատավորը հետաքրքվեց՝ ավելի վաղ վիրավորում ստանալու մասին կոնկրետ ո՞վ է հայտնել, ինչին ի պատասխան՝ վկան զինվորների անունները մտաբերել չկարողացավ, նշեց միայն Գարիկ Վարդերեսյանի անունը․ վերջինս ամբաստանյալից առաջ եղել է նույն այդ գումարտակի հրամանատարը․ «Երբ ես Գարիկի հետ խոսեցի, ինքն ասաց` բա պիտի մի թշի վրա լիներ, բա ինքը վիրավորվել էր դրանից առաջ, ասում էին՝ ամսի 2-ին, բայց ես դա հաստատ չեմ կարող ասել»,- նշեց նա։ Դատավորը հետաքրքրվեց՝ լուսանկարի հետ կապված այդ տեղեկությունն ինքը քննիչին հայտնե՞լ է, ինչը Արսեն Ղուկասյանը դժվարացավ մտաբերել՝ ենթադրելով, որ կարող է եւ բաց թողած լինի։ Դատարանն արձանագրեց, որ լուսանկարի եւ դրանում ամբաստանյալի երեւալու մասին տեղեկությունները նախաքննական ցուցմունքում առկա չեն։ Լուսանկարում՝ վկա Արսեն Ղուկասյանը Շարունակելով իր ցուցմունքը՝ Արսեն Ղուկասյանը հայտնեց՝ քանի որ տեսել է, որ եղբորորդու հետ ամեն ինչ նորմալ է, գնացել է եղբոր հետեւից․ իր խոսքով՝ այդ օրը իրեն զանգահարել էին՝ ասելով, թե ոմն Անդո Սոնասարում տեսել է իր եղբորը, տեղն էլ գիտի։ Այնտեղ, սակայն, եղբորը գտնել չի հաջողվել (հետագայում պարզվել է, որ նա զոհվել է հոկտեմբերի 2-ին, իսկ դին հայտնաբերվել է դեկտեմբերի 15-ին), եւ Ղուկասյանը հոկտեմբերի 9-ին նորից վերադարձել է Հադրութ։  Մեկ օր անց՝ հոկտեմբերի 10-ին արդեն, եղբորորդին է զանգահարել իրեն՝ հայտնելով, որ շրջափակման մեջ են։ Նշենք, որ այդ խոսակցության ձայնագրությունը Ղուկասյանը ներկայացրել է նախաքննական մարմնին, եւ առաջին դատական նիստին դատարանն այն հետազոտել է․ «Անելանելի վիճակի մեջ են եղել, կապի միջոց չեն ունեցել, եթե ունենային, կկապվեին ԱԱԾ-ի զորքերի հետ, որպեսզի կարողանային իրենց տեղը ասել, միակ միջոցը եղել է հեռախոսը, որով կապվել են ինձ հետ՝ իմանալով, որ ես մոտակայքում եմ, ես էլ իմ հնարավորության սահմաններում արել եմ ամեն ինչ, որ ինչ-որ ձեւ օգուտ տամ, բայց ստացվել է այնպես, որ չի ստացվել, քանի որ իրենք եղել են առանց վերադասի»։ Ղուկասյանի խոսքով՝ իր եղբորորդու հետ  վերադաս անձնակազմից եղել է դասակի հրամանատար, որը, ըստ իր տեղեկությունների, զանգից կես ժամ անց զոհվել է դիպուկահարի կրակոցից․ «Ու էրեխեքը մնացել են առանց սպայի, զինվորներ, որոնք եղել են նորակիչներ․․․»- ասաց նա։ Դատախազ Գեւորգ Ավետիսյանը հետաքրքրվեց՝ հեռախոսազանգը ստանալուց հետո ինքն ի՞նչ գործողություններ է իրականացրել․ «Զանգից հետո դիմել եմ Գորիսի ռազմական ոստիկանություն, հաղորդումը տրվել է մինչեւ ՊՆ, դրանից հետո զանգել եմ իմ զարմիկին, որը ծառայում է ԱԱԾ սահմանապահ զորքերում, ասել եմ, որ էսպիսի իրավիճակ է, դրանից հետո ինքն էլ է կապվել նրանց հետ, ուղղություն է տվել, բայց թե դրանից հետո ինչ է եղել․․․»։ Ըստ Ղուկասյանի՝ վերջին տեղեկություններով՝ շրջափակման մեջ հայտնված 13 տղաներից 11-ը փրկվել են Վանաձորի հատուկ ջոկատայինների շնորհիվ,  մեկը՝ Գեւորգը, զոհվել է, իսկ մյուսը՝ իր եղբորորդին՝ Սարգիս Ղուկասյանը, առ այսօր անհետ կորած է․ «Մեր ունեցած տեղեկություններով՝ հակառակորդը հայկական համազգեստ կրելիս է եղել, խոսել է հայերեն, դրա համար էրեխեքը արդեն չեն իմացել՝ հայը որն է, թուրքը որն է, անգամ, երբ Գեւորգին խփել են, նա ասել է՝ արա, հայ եմ, մի խփեք, այսինքն՝ չի էլ հասկացել՝ հայ է եղել թե թուրք, բայց մեր ունեցած տեղեկություններով՝ եղել է թուրք, որը համազգեստը փոխած է եղել»։ Հետագայում զինվորները իրենց ցույց են տվել, թե կոնկրետ որտեղ է Գեւորգը սպանվել, որտեղ՝ Սարգիսը կորել․ «Դա Հադրութի ամենաներքեւի հատվածն է եղել, իրենց համարյա բան չէր մնացել հասնելու, էդ ամբողջը քարտեզի վրա ես ունեմ»։ Վկան պատմեց նաեւ, որ պատերազմից հետո իրենք ծնողներով ընդգրկվել են որոնողական աշխատանքների մեջ, որի ժամանակ եւս ինքը հանդիպել է ամբաստանյալին․ «Քանի որ ինքն է եղել այդ գումարտակի հրամանատարը, մեր պահանջով եկել է Ստեփանակերտ, փախել-փախել էր, գոնե գար, որոնողական աշխատանքներին մասնակցեր, դիակները հաներ, Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տղերքի հետ գնացել է որոնողականի, իսկ երեկոյան, երբ վերադարձել են, ես տղերքից հարցրել եմ՝ ի՞նչ արեց, պատասխանեցին՝ բացարձակ ոչ մի բան, անգամ մեքենայից չիջավ, այսինքն՝ բոլորին էլ արդեն հայտնի է, թե ինքը ով է, ինչ է»,- ասաց Արսեն Ղուկասյանը։ Ըստ վկա Վազգեն Վարդանյանի՝ ենթադրյալ դեպքի ժամանակ բեկորային վնաս հասցնող զինատեսակներ չեն կիրառվել, այնինչ ըստ ամբաստանյալի հիվանդության պատմագրի՝ նա բեկորային վնասվածք է ստացել Դատակոչված մյուս վկան Վազգեն Վարդանյանն էր, որը, պատերազմի օրերին որպես վաշտի հրամանատար, ծառայել է ամբաստանյալի ղեկավարած գումարտակի կազմում, նրա հետ ունի նորմալ, ծառայողական հարաբերություններ։ Վարդանյանի խոսքով՝ հոկտեմբերի 7-ին, երբ Հադրութի դպրոցում հանդիպել է ամբաստանյալին, նկատել է, որ նա ինչ-որ վիրավորում ունի, ծանր է շարժվել, եւ ինքը լսել է, որ ամսի 2-3-ի մոտակայքում վիրավորում է ստացել, բայց մանրամասներին տեղյակ չէ։ Օրեր անց՝ հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը, ուղեւորվել են Խուռհատ սար՝ փոխարինելու այնտեղ գտնվող 3-րդ գումարտակին։ Դատավորի հարցին, թե ինչպիսին է եղել ամբաստանյալի քայլվածքն այդ ժամանակ, վկան պատասխանեց, որ նորմալ է քայլել, կիսակաղալով։ Ըստ նրա՝ այդ օրը, երբ դիրքավորվել են, հեռակա մարտ է եղել, մեծ վնասներ են հասցրել հակառակորդին, իսկ հաջորդ օրը՝ արդեն հոկտեմբերի 10-ին, երբ հակառակորդը հարձակվել է, Վահանյանն իրեն շատ մոտ է գտնվել, ու ինքը նկատել է, որ «վախ-վախ» ասելով՝ նա հեռացել է, դրանից հետո նրան էլ չի հանդիպել․ «Որ վազեց ճանապարհի կողմ, մենակ էր, «վախ-վախ» էր ասում, դա եմ լսել միայն, ինձ ոչ մի բան չի ասել, մտածեցի՝ վիրավորվել է երեւի»։ Արյան հետքեր եղել են թե ոչ՝ վկան ուշադրություն չի դարձրել։ Լուսանկարում՝ վկա Վազգեն Վարդանյանը Դատախազը նաեւ հետաքրքրվեց, թե ինչպիսի առաջադրանք է տրվել Խուռհատ սարում, եւ ով է այն ղեկավարել․ «Գումարտակի հրամանատարի ղեկավարությամբ անցել ենք պաշտպանության, հարձակում գործելուց հետո ղեկավարել է գումարտակի հրամանատարը եւ գնդի հրամանատար Նելսոն Հակոբջանյանը, երբ մարտական գործողությունները սկսվել են, Նելսոնը առաջ է մղվել, էդտեղ զոհվել է, դրանից հետո գործողությունները ղեկավարել սկսել է ամբաստանյալը»։ Վկան չմտաբերեց, որ Վահանյանը կոնկրետ որեւէ առաջադրանք տված լինի։ Դատախազի մյուս հարցին, թե այդ ընթացքում ինչ զինատեսակներով է թշնամին կրակել, նա պատասխանեց․ «Տարբեր զինատեսակներ եղել են, այդ պահին կոնկրետ հրաձգային զենքեր են եղել»։  Հարցին՝ դրանցից բեկորային վնաս հնարավո՞ր էր ստանալ կամ ականներ, այլ պայթյուններ, որոնցից հնարավոր կլիներ բեկորային վնասվածք ստանալ, եղե՞լ են, վկան բացասական պատասխան տվեց։ Վազգեն Վարդանյանի խոսքով՝ ամբաստանյալի հեռանալուց հետո դեռ 20-30 րոպե շարունակել են կռվել, բայց հետո արդեն չեն կարողացել այդտեղ մնալ, եւ քանի որ կապի միջոց չեն ունեցել, չեն կարողացել նաեւ վերադաս հրամանատարության հետ խոսել․ «Հետո արդեն անձնակազմն անկանոն ներքեւ էր իջնում, իրենք էլ երեւի չգիտեին, թե ուր, մենք չենք կազմակերպել նահանջ, զորքը իր ոտքով, ինքնըստինքյան է հետ քաշվել, մենք՝ սպաներով՝ ես եւ Հայկազ Գրիգորյանը, փորձել ենք էդ անձնակազմին ավելի անվտանգ ճանապարհով դուրս հանել, մեզ մնում էր պահել էդ էրեխեքին, որպեսզի մինչեւ վերջին զինվորը դուրս գա ճանապարհ, հասնի մնացած զորքին»։ Ի պատասխան դատախազի հարցին՝ այդ խուճապային իրավիճակը Վահանյանի գնալուց հետո՞ ստեղծվեց, վկան նշեց, որ ե՛ւ գնալուց հետո, ե՛ւ մինչ դա։ Լուսանկարում՝ դատախազ Գեւորգ Ավետիսյանը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը Դատախազ Գեւորգ Ավետիսյանը նաեւ հարցրեց՝ կարո՞ղ են եզրահանգել, որ այդ անձնակազմը ավելի շատ ղեկավարման եւ ուշադրության կարիք ուներ, քանի որ նրանց շարքում նաեւ նորակոչիկներ կային․ «Բնականաբար, նորակոչիկը ավելի շատ կարիք ունի, պատրաստված չէին»,- ասաց նա․ «Իմ վաշտում էլ բացի սերժանտներից մնացածը նորակոչիկ էին, զինվոր կար՝ 20 օրվա ծառայող էր»։ Նա նշեց, որ ժամանակը շատ քիչ է եղել, չեն հասցրել նորմալ պատրաստել նրանց։ Հարցին՝ Վահանյանը տեղյա՞կ էր այդ մասին, նա պատասխանեց․ «Բոլորն էլ տեղյակ էին»։ Տուժողի իրավահաջորդ Գեղամ Ղազարյանը փորձեց թվային մոտավոր պատկեր ստանալ՝ ասելով․ «370-ից ավելի նորակոչիկ եք ունեցել, նրանցից մոտ 150-ն են տուն եկել, 250-ը չեն եկել, ո՞ւմ թեթեւ ձեռքով այդ հրամանը տրվեց»,- վրդովվեց նա։ Վազգեն Վարդանյանի խոսքով՝ հոկտեմբերի 10-ից հետո, երբ տեղակայվել են գյուղերի մոտակայքում, իրենց գումարտակի հրամանատար են նշանակել Տիգրան Թովմասյանին։ Նրանից եւ Վահանյանից առաջ գումարտակը ղեկավարել են նախ Սամվել Սահակյանը, ապա՝ Գարիկ Վարդերեսյանը։ «Իսկ Վարդերեսյան Գարիկը ասում էր՝ Վահանյան Իշխանը էրեխեքին գցեց մսաղաց, բերեցին, իմ գլխին սարքեցին, ինձ դրեցին հրամանատար»,- տեղից բղավեց տուժողի իրավահաջորդ Գեղամ Ղազարյանը՝ բացականչելով․ «Ո՞ւմից ես վախենում, Վազգեն»։ Ծնողները պարբերաբար դժգոհում էին, որ վկան դատարանին չի ասում այն, ինչ նախկինում իրենց է հայտնել, նախագահող դատավորն էլ հորդորում էր նրա վրա ճնշումներ չգործադրել։ Վազգեն Վարդանյանից հետաքրքրվեցին նաեւ՝ գումարտակի հրամանատարի հեռանալուց հետո, ըստ կանոնակարգի, ի՞նչ ձեւ պետք է իրականացվեր գումարտակի հրամանատարի լիազորությունների փոխանցումը․ «Կարգը այսպիսին է․ ինքը պետք է նշանակի իրեն փոխարինողին, խնդիրը տա, նոր գնա, այդ պարագայում կապի միջոցների հանձնում շատ պետք էր, վերադաս հրամանատարության հետ միակ կապը դրանով էր հնարավոր, բայց դա մեր մոտ չի եղել, ենթականերից որեւէ մեկին լիազորությունների փոխանցում էլ չի եղել»,- ասաց նա։ Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ամբաստանյալը մարտի դաշտը լքելիս կապի սարքն իր հետ տարել է։ Բժշկի խոսքով՝ Խնձորեսկի բուժկետում, որտեղ մեկ շաբաթ մնացել է ամբաստանյալը, պահում էին այն վիրավորներին, որոնց վիճակը ծանր չէր Դատակոչված հաջորդ վկան բժիշկ-թերապեւտ Արկադի Չախոյանն էր, որը պատերազմի սկզբնական օրերին եղել է Իշխանաձորի շարժական հոսպիտալում, հետագայում տեղափոխվել է Խնձորեսկ՝ աշխատելով այնտեղ որպես բժիշկ։ Չախոյանը, սակայն, Վահանյանին ընդունող կամ բուժող բժիշկը չի եղել, մի քանի անգամ միայն բուժզննում է իրականացրել, եւ հանգամանքները հիշում է այնքանով, որքանով արձանագրված է ամբաստանյալի հիվանդության պատմագրում։ Դա հաշվի առնելով՝ դատավոր Ջոն Հայրապետյանը պատմագիրը տրամադրեց Չախոյանին՝ խնդրելով իրենց համար պարզաբանել այնտեղ կատարված նշումները։ Ըստ դրանց՝ հոկտեմբերի 10-ին Վահանյանը ընդունվել է աջ ազդրի վերին երրորդի կույր բեկորային վիրավորում ախտորոշմամբ, եւ հայտնել է, որ այդ օրը մարտական գործողությունների ժամանակ է վիրավորում ստացել։ Կատարվել է առաջնային մշակում, դրվել է ռետինե խողովակ։ Դրանից հետո Չախոյանը զննում իրականացրել է հոկտեմբերի 13-ին եւ 15-ին։ Առաջին օրը նշել է, որ վիճակը նորմալ է, վերքը հանգիստ վիճակում է, իսկ երկրորդ անգամ նշել է, որ հետագա բուժման տակտիկան որոշելու համար ուղեւորվում է Զանգեզուրի կայազորային հոսպիտալ։ Առկա նշումներից, սակայն, պարզ է դառնում, որ Վահանյանը այդտեղից դուրս է գրվել ոչ թե այդ օրը, այլ միայն հոկտեմբերի 17-ին։ Լուսանկարում՝ բժիշկ-թերապեւտ Արկադի Չախոյանը Տուժողների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը հարցրեց վկային, թե հոկտեմբերի 13-ին վերքը ի՞նչ վիճակում է եղել, դա նոր վերքի նմա՞ն է եղել, ինչին նա դժվարացավ պատասխանել․ «Ես այդ ժամանակ չեմ գնահատում, նպատակ, միջոց էլ չունեմ ենթադրելու՝ գուցե ամսի 10-ի չէ, 6-ի է»։ Համենայն դեպս, վկան նշեց, որ եթե գրել է, որ վերքը հանգիստ է, հավանաբար լավ վիճակ է եղել, վատթարացում չի եղել։ Հարցին՝ արդյո՞ք այդ վնասվածքը կարող էր նրան զրկել իր գործողությունները ղեկավարելու հնարավորությունից, վկան դարձյալ դժվարացավ պատասխանել, քանի որ վիրավորների մեծ հոսք է եղել, եւ ինքը չէր հիշում, թե կոնկրետ դեպքում վերքը ինչ աստիճանի է եղել․ «Վերքը ինքնին ենթադրում է շարժումների սահմանափակում, բայց թե ինչ աստիճանի, դժվարանում եմ ասել, դրան պետք է մի քիչ ավելի մանրամասն գնահատական տրվի»։ Հիվանդության պատմագրում հոկտեմբերի 27-ի գրառումը կատարված էր մի ձեւաթղթի վրա, որի վերեւում գրված էր «Վիրահատության հիմնավորում»։ Դատավարության մասնակիցները խնդրեցին բժշկին մեկնաբանել՝ արդյո՞ք դա նշանակում է, որ նա վիրահատվել է․ «Կարծում եմ՝ չէ, դա կապ չունի, դա պատմագրի ձեւն է, գրառումը պարզապես այդտեղ են արել, կարող էին այլ թուղթ կպցնել, թղթի վրա անել, բայց իմ պրակտիկայում շատ հաճախ գրառումները խառն են լինում»։ Ըստ նրա՝ եթե վիրահատություն կատարված լիներ, ենթադրվում է, որ վիրաբույժն էլ, անասթազիոլոգն էլ մանրակրկիտ գրառումներ կանեին այդ մասին։ Նշենք, որ դեռ առաջին դատական նիստին պատասխանելով այդ ձեւաթղթի վերաբերյալ դատավորի հարցին՝ Իշխան Վահանյանը հաստատել էր, թե ինքը հոկտեմբերի 27-ին վիրահատվել է։ Չախոյանի խոսքով՝ ձեւավորված պրակտիկայի համաձայն՝ իրենց մոտ՝ Խնձորեսկում տեղակայված բժշկական կետում, որպես կանոն, պահել են նրանց, որոնց վիճակը ծանր չի եղել, իսկ այն տուժածներին, որոնց կյանքին վտանգ է սպառնացել, շտապ վիրահատել են կամ տեղափոխել համապատասխան հոսպիտալներ։ Ըստ հիվանդության պատմագրի՝ Վահանյանն այդ բուժկետում մնացել է մեկ շաբաթ, ինչը, ըստ նրա, թույլ է տալիս ենթադրելու, որ նա առաջնային պլանում չի եղել։ Իշխան Վահանյանը կապիտան Կարեն Գրկիկյանին ասել է, թե իր զինվորներին է փնտրում Հարցաքննված հաջորդ վկան ՊԲ ինժեներասակրավորային ծառայության սպա, կապիտան Կարեն Գրկիկյանն էր, որը ծառայելիս է եղել Ջաբրայիլի զորամասում, իսկ պատերազմի օրերին կոնկրետ առաջադրանքներ կատարելու նպատակով շրջել է տարբեր հատվածներում, այդ թվում եւ՝ Հադրութում։ Նա պատմեց, որ հոկտեմբերի 3-ին կամ 4-ին, երբ անցնելիս է եղել Հադրութից դուրս եկող ճանապարհով, տեսել է միայնակ քայլող Իշխան Վահանյանին, հարցրել է՝ ի՞նչ է անում, նա էլ պատասխանել է, թե զինվորներին է ման գալիս։ Այլ հարցեր չի տվել, իսկ նրա քայլվածքում արտասովոր բան չի նկատել, իր մեքենայով նրան իջեցրել է «9 կիլոմետր» կոչվող հատված, եւ բաժանվել են։ Դատավորը հարցրեց՝ չի՞ հետաքրքրվել, թե ում նկատի ունի՝ զինվորական անձնակազմ ասելով, արդյո՞ք զինվորներին, թե՞ օրինակ, ՄՈԲ-ի անձնակազմին․ «Այո, զինվորներին, բայց ես երկար ժամանակ չեմ ունեցել, որ խոսենք, կրակում էին ահավոր, ասաց՝ իջնում եմ, ասացի՝ արի՝ իջեցնեմ»։ Դատավորի ճշտող հարցին՝ ի՞նչ է նշանակում անձնակազմին ման գալ, արդյո՞ք զինվորները չպիտի զորամասում կամ դիրքերում լինեին․ «Դե եթե էդպես են ասում, ուրեմն՝ փախել են»,- պատասխանեց վկան։ Նրա այս արտահայտությունը զայրացրեց դահլիճում ներկա ծնողներին, որոնք տեղից սկսեցին բղավել․ «Էդ արտահայտությունը էլ չանես»,- ասացին նրանք։ Շարունակելով իր ցուցմունքը՝ կապիտանը պատմեց, որ Վահանյանին հանդիպել է մեկ էլ Հադրութի դպրոցում։ Օրը հստակ հիշել չկարողացավ, միայն նշեց, որ հոկտեմբերի 7-10 ընկած ժամանակահատվածում է եղել։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը հետաքրքրվեց՝ զրուցե՞լ է հետը, ի՞նչ վիճակում է եղել ամբաստանյալն այդ ժամանակ․ «Տեսել եմ, բարեւել եմ, գնացել եմ, չեմ հետաքրքրվել առողջությամբ, առերեւույթ նորմալ է եղել, արտասովոր բան չեմ տեսել»,- ասաց վկան՝ ընդգծելով, որ իր անմիջական պետը Վահանյանը չի եղել, ինքը նրա հետ կապ չի ունեցել։ Լուսանկարում՝ կապիտան Կարեն Գրկիկյանը Դատախազը հարցրեց՝ իրեն ի՞նչ է հայտնի Խուռհատում տեղի ունեցած դեպքերից, ինչին ի պատասխան՝ Գրկիկյանն ասաց, որ իմացել է, որ հոկտեմբերի 10-ից հետո վիրավորներ, զոհեր եղել են, բայց կոնկրետ շրջափակման մեջ հայտնված ողջ զինծառայողների մասին չի լսել։ Տուժողի իրավահաջորդներից մեկը դարձյալ վրդովվեց․ «Ո՞նց է ձեր բախտը բերել, դուք պատերազմի մեջ փրկվել եք, մեր էրեխեքը զոհվել են»,- ասաց նա։ Դատավորն արձանագրեց, որ հարցը մեղադրանքի հետ կապ չունի, ուստի հանվում է։ Դատավորը նաեւ հարցրեց՝ եթե ինքը, որպես զինծառայող, վիրավորում ստանա, իրավունք ունի՞ լքելու ծառայության վայրը․ «Նայած ինչ վիրավորում․ եթե կյանքիդ վտանգ է սպառնում, ոչ պիտանի ես դառնում․․․»։ Ճշտող հարցին, թե ո՞վ պետք է դա գնահատի, վկան պատասխանեց․ «Դե, օրինակ եթե թեւդ կտրվի, արդեն ոչ պիտանի ես, եթե ջերմում ես, գրիպ ես, միանշանակ ոչ, թեթեւ հիվանդության դեպքում՝ միանշանակ ոչ»։ Դատավորը ճշտեց՝ ինտուիցիայո՞վ է պատասխանում թե՞ ըստ Կանոնագրքի․ «Առաջինը՝ ինտուիցիայով, հետո էլ՝ Կանոնագրքով»,- պատասխանեց նա․ «Ինքս էլ պատերազմի ժամանակ ավտովթարի եմ ենթարկվել, բեկոր եղել է ձեռքի հատվածում, բայց չնչին, զորամասի հոսպիտալում բուժել են, 5 օր արձակուրդ գրել, բայց ես շարունակել եմ ծառայությունս»։  ԳՇ գնդապետը պարզաբանեց Մարտական կանոնադրության դրույթները Երեկ հարցաքննված վերջին վկան Գլխավոր շտաբի գնդապետ, պատերազմի ժամանակ Կրակային խոցման պլանավորման խմբի պետի տեղակալ Նորայր Կարապետյանն էր, որը դատավարության մասնակիցներին չէր ճանաչում, դատակոչվել էր մարտական կանոնադրության դրույթները պարզաբանելու նպատակով։ Պատասխանելով դատախազի եւ դատավորի հարցերին՝ նա հայտնեց, որ  պատերազմական գործողությունների ժամանակ գումարտակի հրամանատարության գործողությունները կանոնակարգվել են Մարտական կանոնադրության 2-րդ մասով՝ հաստատված Պաշտպանության նախարարի կողմից։ Ընդհանուր առմամբ, գումարտակի հրամանատարի պարտականությունը մարտական գործողությունների ժամանակ ստորաբաժանումների հմուտ ղեկավարումն է՝ մարտական խնդրի բարեհաջող իրականացման համար, իսկ նահանջի ժամանակ, ըստ Կարապետյանի, գումարտակի հրամանատարը այդ մասին պետք է զեկուցի վերադաս հրամանատարությանը, եւ հաստատում ստանալուց հետո միայն դա իրագործվի․ «Այդ ժամանակ նշանակվում են պահպանվող ստորաբաժանումներ, որոնք մարտով ապահովում են հիմնական ուժերի նահանջը կամ հետքաշումը նոր բնագիծ, այնուհետեւ այդ ուժերն են հետ քաշվում, միանում իրենց ստորաբաժանումներին»։ Ստորաբաժանումների ղեկավարումը, ըստ նրա, իրականացվում է կապի միջոցներով՝ գծալարային կապով կամ ռադիոկապով կամ ծայրագույն դեպքում սուրհանդակափոստային կապի միջոցով։ Գնդապետի խոսքով՝ մարտական կանոնադրության համաձայն՝ հրամանատարական կետի շարքից դուրս գալու դեպքում հրամանատարը իր որոշման մեջ պետք է ի սկզբանե հայտնի, թե ով է ստանձնելու ընդհանուր ղեկավարումը՝ նշելով իր տեղակալներից կամ վաշտի հրամանատարներից այն մեկին, որը ավելի հմուտ է եւ պատրաստված։ Կարգադրությունները կարող են տրվել բանավոր՝ հետագայում գրի առնելու պայմանով։ Դատախազը հարցրեց՝ իսկ պարտադի՞ր է, որ վերադաս հրամանատարությունը կամ գումարտակի անձնակազմը այդ փոփոխության մասին տեղեկանա, ինչին նա դրական պատասխան տվեց՝ նշելով, որ հակառակ դեպքում ղեկավարումը խաթարվում է։ Լուսանկարում՝ գնդապետ Նորայր Կարապետյանը Դատախազն առաջարկեց հայտնել նաեւ, թե ինչ կարգով պետք է իրականացվի վիրավորների տարհանումը։ Վկան դժվարացավ մտաբերել, ասաց՝ կարող է Կանոնադրությունը բերել, միասին նայեն, հասկանան․ «Իսկ առհասարակ թեթեւ վիրավորում ստանալուց հետո արձակուրդ պատերազմի ժամանակ տրվո՞ւմ է»,- հարցրեց դատախազը։ Կարապետյանը հայտնեց, որ մարտական կանոնադրություններում նման բանի չի հանդիպել, մի գուցե այլ ակտերով է նախատեսված, ինքը չի կարող ասել։ Տուժողի իրավահաջորդ Գեղամ Ղազարյանը հարցրեց․ «Մարդկային տեսակետից, եթե վիրավորվածությունը վտանգ չի սպառնում, հրամանատարը կարո՞ղ է փախչել մարտի դաշտից թե՞ ոչ»։ Հարցին արձագանքեց դատավոր Ջոն Հայրապետյանը՝ ասելով․ «Ձեր դիմաց կանգնած է ՊՆ ԳՇ գնդապետ, ով եկել է այստեղ ոչ թե բարոյական հարցերից խոսելու, այլ զինվորական»։ «Լավ, դուք լինեիք՝ կփախչեի՞ք»,- շարունակելով իր ելույթը՝ հարցրեց Ղազարյանը․ «Կներեք, որ հարցս սենց եմ տալիս, 18 տարեկան տղերքին կթողնեիք մարտի դաշտում, կփախչեի՞ք»։ Նորայր Կարապետյանը չմտաբերեց, թե որ ակտով է դա կարգավորվում, բայց նշեց, որ ցանկացած պարագայում, եթե հրամանտարը ունակ է ղեկավարելու մարտը, պետք է մինչեւ վերջ ղեկավարի»։ Տուժողի իրավահաջորդ Գարիկ Մխիթարյանն էլ հարցրեց՝ արդյո՞ք Կանոնադրությամբ սահմանված է, որ զինվորական երդում դեռ չտված նորակոչիկներին կարող են տանել առաջնագիծ։ Դատավորը վերաձեւակերպեց հարցը․ «Հայտարարված պատերազմի ժամանակ նորակոչիկը մարտի դաշտ դուրս գալի՞ս է թե՞ ոչ»։ Կարապետյանը նշեց, որ չի կարող հարցին պատասխանել։ Նիստերի դահլիճում իրավիճակը փոքր-ինչ լարվեց․ «Ո՞նց կարելի է չիմանալ», «Գնդապետ մարդը այդ հարցին պետք է պատասխանի»,- դժգոհեցին ծնողները։ Այնուհետեւ Գարիկ Մխիթարյանը հայտնեց, որ 5-րդ գումարտակը համարվում էր ոչ մարտական, ուսումնական գումարտակ, որտեղ կային թե՛ մի քանի օր, թե՛ մի քանի ամիս ծառայող ժամկետայիններ․ «Ո՞նց եղավ, որ էդ օրը օրենք դուրս եկավ, եւ բոլորը հավասար համարվեցին մոտոհրաձգային գումարտակ, ու բարձրացան դիրքեր՝ այն դեպքում, երբ շատերը ծանոթ չէին զենքի հետ վարվելու կանոններին»։ Դատավորը վերաձեւակերպեց հարցը՝ ասելով՝ ոչ մարտական զորամիավորումը մոտոհրաձգային դարձնելու կարգ կա՞․ «Մեր ղեկավար փաստաթղթերում սահմանված է, որ ուսումնական գումարտակները մարտական պատրաստության բարձր աստիճանների մարտական ռեժիմի անցնելուց վերափոխվում են, որոշակի ժամանակ հետո դրանք մարտական են, 2020 թ զորակոչը եղել է հուլիս-օգոստոս, այդ ընթացքում պետք է ստորաբաժանումը սկսեր համապատասխան ծրագրով պատրաստություն անցնել, ծանոթանալ զինվորի պարտականություններին, զինվորի գործողություններին մարտի դաշտում, առնվազն հրաձգային զենքին տիրապետեր»։ Հարց հղեց նաեւ տուժողի իրավահաջորդ Գեղամ Ղազարյանը՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք մարտական գործողությունների մեջ գտնվող երկու եղբայրներից մեկը պետք է 100 կմ հեռավորության վրա գտնվի, որպեսզի տան ծուխը չմարի։ Դատավորը դարձյալ վերաձեւակերպեց հարցը․ «Հայտարարված պատերազմական դրության ժամանակ հարազատ եղբայրների միաժամանակ մարտական գործողությունների մասնակցելու արգելքի վերաբերյալ նորմ կա՞», ինչին ի պատասխան՝ Կարապետյանն ասաց․ «Մարտական հերթապահության կրման համար կա, բայց ռազմական դրության ժամանակ չեմ հիշում, պետք է որ լինի»,- պատասխանեց նա։ Նշենք, որ Ղազարյանի երկու որդիները զոհվել են պատերազմում։ Նորայր Կարապետյանը միակ վկան էր, որին պաշտպանական կողմը հարցեր հղեց։ Մասնավորապես, պաշտպան Գեւորգ Պարունակյանը հետաքրքրվեց՝ զինվորական երդում չտված երեխաներին ո՞ւմ հրամանով կարող էին տանել, գումարտակի հրամանատարը նման իրավունք ունի՞․ «Ես չեմ հանդիպել այդպիսի բանի»,- պատասխանեց ԳՇ պաշտոնյան։ Այնուհետեւ պաշտպանը հարցրեց՝ պատերազմական դրության ժամանակ ո՞վ պետք է որոշում կայացներ հարազատ եղբայրների իրարից հեռու գտնվելու վերաբերյալ․ «Դա կարգավորող փաստաթղթեր կան, որտեղ նշված են, թե ով ինչ պարտականություններ իրավունքներ ունի»,- ասաց Կարապետյանը։ Պարունակյանը հարցրեց նաեւ՝ եթե դիվերսիոն խմբեր կան, ռմբակոծության հատվածում ապահով վայր ո՞րն է համարվում, ինչին ի պատասխան Կարապետյանն ասաց․ «Եթե մարտի դաշտում են,  խրամատը կամ խրամաճեղքերը կամ ապաստարանները, իսկ եթե քաղաքում են՝ նկուղային հարկը, ապաստարանը»։ Դատավորը հիշեցրեց, որ իրենք քննարկում են ոչ թե 44-օրյա պատերազմի ընդհանուր դեպքերը, այլ կաշկանդված են մեղադրանքի սահմաններով․ «Այսինքն՝ հարցերը այն ամենի շուրջ պետք է լինեն, ինչը վերաբերում է մեղադրանքին, թե երբ ով ինչ է արել, բոլորիս հետաքրքրում է, բայց դա այս դատաքննության սահմաններից դուրս է»։  Վկա Նորայր Կարապետյանը պարզաբանեց նաեւ, որ գումարտակները հաստիքային բուժակներ եւ սանիտարներ են ունենում, բայց տվյալ դեպքում հաստիքը լրացված եղել է թե ոչ, ինքը տեղյակ չէ։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 2-ին։   Միլենա Խաչիկյան
23:30 - 30 հունիսի, 2022
Ջուջևան․ ոսկի տեղն ու «կանաչ տեսարժան վայրերը» [մարzoom]

Ջուջևան․ ոսկի տեղն ու «կանաչ տեսարժան վայրերը» [մարzoom]

«Փահլավա եմ սարքում, էսա կգամ»,- ասում է Անուշիկը, երբ զանգում եմ Ջուջևանում հանդիպելու համար: Արդեն գիտեմ, որ Անուշիկը յուրահատուկ սեր ունի խոհանոցի նկատմամբ ու կարող է ամբողջ օրը տորթ ու թխվածք թխել: Երազում է մի օր տորթերի սեփական բիզնեսն ունենալ, բայց հիմա դրա մասին շատ չի խոսում: Շնչակտուր հասնում է գյուղի կենտրոն ու միասին սկսում ենք շրջել Ջուջևանով: Այստեղ արդեն հասել է մորին: Անուշիկը գիտի դրանց բոլոր թաքնված վայրերը ու սկսում է դրանք հավաքել: Ամբողջ ամռան ընթացքում նա Ջուջևանի անտառներից հավաքում է բոլոր հնարավոր բարիքները՝ հատապտուղներ, խոտաբույսեր, մրգեր: «Կարանք ծաղիկներ էլ փնջենք հետը»,- ասում է նա ու պատրաստում է ջուջևանյան բարիքներով փունջը: «Հա՜, քաղելը շատ-շատ եմ սիրում»,- պսպղուն աչքերով ասում է նա,- «ես քաղելու բոլոր գործերում կամ, անցած տարի նաև ուրց եմ վաճառել»: Անուշիկը Անուշիկ Իսրայելյանը 15 տարեկան է, ապրում է Տավուշի մարզի Ջուջևան գյուղում: Մտածում է արևելագետ դառնալու մասին: «Չասեմ թուրքերենի հետ սեր ունեմ, բայց էդ լեզուն մի տեսակ պետք ա»,- ասում է նա: Ջուջևանը Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհին է, նախորդում է Նոյեմբերյան քաղաքին: Այստեղ շատերը զբաղվում են անասնապահությամբ, և Ջուջևանը տարածաշրջանում հայտնի է իր արտադրած ամենահամեղ կաթնամթերքով: Գլխավոր մայրուղուց երևում է գյուղապետարանի շենքը, որի ներսում են նաև գյուղի մանկապարտեզը, գրադարնն ու փոստը: Իսկ գյուղի ներսի նեղլիկ փողոցների աջ ու ձախ կողմերում՝ ծառերի խիտ շերտերի արանքներից արդեն երևում են գյուղի տները: Դրանց մի մասն արդեն դատարկ է, այնինչ այգու ծառերի ճյուղերը բերքից կախվել են:  Փողոցում մի քանի երեխաներից բացի ոչ ոք չկա: Այստեղ ապրում է մոտ 500 հոգի: Անուշիկը պատմում է, որ առանձնապես տեսարժան վայրեր չունեն. տեսարժանն իրենց անտառներն են ու չկրկնվող բնությունը: «Գնանք Սերոժի պապի ու Անժիկ տատի տուն, յուրահատուկ զույգն են, երևի գյուղի ամենատարեց զույգն են»,- առաջարկում է Անուշիկը: Մոտենում ենք տան բակին, բարձրահասակ, երկար ձեռքերը մեկնած տան դարպասին՝ Սերոժ պապն ինչ-որ բան է վերանորոգում: Սերոժ պապը «Ի՞նչ լավ բան կպատմես Ջուջևանից»,- ողջունելուց հետո հարցնում եմ Սերոժ պապին: «Ուրեմն»,- սկսում է պապն ու խոսելիս երևում է միայն ներքևի միակ ատամը,- «Էս մի քանի վախտը մի ավտո անց կեներ, մեջիցը մի տղամարդ դուրս եկավ, թե՝ հոպար էստեղի՞ց ես: Ասի՝ այո, էստեղ ծնվել եմ, էստեղ մեծացել, էստեղ էլ ապրում եմ»,- հպարտ տոնայնությամբ պատմում է նա: «Ասավ՝ ես Լեննագանից եմ, դուք էս ինչ ոսկի տեղ եք ապրում: Հետո մտքիցս դուս չի գալիս էդ, որ ասավ՝ էս ինչ ոսկի տեղ ենք ապրում, բայց մենք սրա ղադրը (արժեքը) գիդենք ոչ»: Խոսակցությունը լսելով՝ տան երկրորդ հարկից ներքև է շտապում Սերոժ պապի կինը՝ Անժիկ տատը, որը 89 տարեկան է: Անժիկ տատն ու Սերոժ պապը «Պատմե, որ էս մարդը 90 տարեկան ա, 90 հատ ծառ ա տնկել Ջուջևանի անտառներում», - ամուսնուն ցույց տալով՝ ասում է Անժիկ տատը: Այնուհետև ամուսինները իրար կողքի նստում են իրենց բակի փայտե նստարանին, ու Սերոժ պապը սկսում է պատմել, թե ինչպես է երիտասարդ տարիքում սիրահարվել Անժիկ տատի երգին, ինչպես են ամուսնացել, ունեցել 4 երեխա: «Հետո սաղ հարսանիքներին կանչեին երգելու, իրա պատվին ես էլ ուրխանեի»,- կնոջ մասին ասում է Սերոժ պապը: Նրանց տնից դուրս գալուց հետո շարունակում ենք շրջել Ջուջևանով: Անուշիկը շտապում է ինձ ցույց տալ գյուղի եկեղեցին՝ սուրբ Գրիգորը, որը թվագրվում է 17-18-րդ դարերի: Գյուղի բնակիչները բազմիցս են դիմել թե՛ անհատների, թե՛ կառույցների՝ այն վերանորոգելու համար, սակայն արձագանք չեն ստացել:  «Դե, մեր եկեղեցին մի քիչ շատ անմխիթար վիճակում ա»,- ասում է նա: Ես էլ մտածում եմ, որ երևի որոշակիորեն վնասված է վաղուց չվերանորոգված այլ կառույցների նման: «էսա՛, եկեղեցու դուռն էլ բաց ա»: Ներքև տանող աստիճաններով մտնում ենք եկեղեցի, որտեղ հատակը անձրևներից հետո դեռ տիղմոտ է, իսկ տանիքում ծիծեռնակների անհամար բներն են: «Ոնց ասեմ, էստեղ նույնիսկ նորմալ մոմ վառելու տեղ չկա, ինչքան էլ փորձենք նորմալ մաքրենք, մեկ ա՝ ավերակ ա մնում»,- ասում է Անուշիկն ու ցույց տալիս պատի խոռոչներից մեկը՝ պատված մոմով ու մրով․ եկեղեցու մոմ վառելու հատվածն է: «Սպասեք էստեղ գոնե նկարներ դնեմ, որ նկարելիս սիրուն լինի»,- ասում է Անուշիկն ու հատակից բարձրացնում սրբապատկերները: Եկեղեցուց դուրս ենք գալիս ու շարունակում քայլել գյուղով: Մոտենում ենք գյուղի համար նկատելի մեծ շինության՝ նախկին դպրոցն է: Պատուհանից երևում է դեռևս խորհրդային շուքով կահավորված տեխնոլոգիայի դասարանը: Տեխնոլոգիայի դասարանը Իսկ շենքի մնացած հատվածները կիսած են. այստեղ ապրում են տեղի մի քանի ընտանիքներ:  Ջուջևանի դպրոցի նոր շենքի բացումը 2002-ին է եղել: Անցնող ուսումնական տարում այստեղ սովորել է 73 աշակերտ, որոնցից 6-ն այս տարի ավարտել են: Նրանց թվում է նաև Արթուրը՝ Անուշիկի ավագ եղբայրը: Այժմ նա պատրաստվում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ընդունելության քննություններին, հետո զորակոչվելու է բանակ: Արթուրը 18 տարեկան է և արդեն մի քանի տարի է՝ զբաղվում է թե՛ փայտագործությամբ, թե՛ նկարչությամբ, թե՛ քանդակագործությամբ: Նա իր և իր գործերի մասին խոսել շատ չի սիրում, փոխարենը Անուշիկն է փորձում Արթուրի ձեռքի բոլոր աշխատանքները ներկայացնել: Նրանց տան փայտի կահույքի և իրերի (զարդատուփ, ժամացույց, սկուտեղ) մեծ մասը Արթուրի ձեռքի աշխատանքներն են: Երբ ժամանակ է ունենում, նաև պատվերներ է ընդունում: Արթուրի և Անուշիկի մայրիկը՝ Անահիտ Խոջյանը, հպարտությամբ ցույց է տալիս որդու պատրաստած նարդին, որը խնամքով պահում է. նարդու ամբողջ լայնությամբ փորագրված է Տաթևի վանքը: Անահիտն ասում է, որ շատերն են զարմանում, որ իրենց տղան այս տարիքում նման վարպետությամբ գործեր է պատրաստում: Արթուրը «Ո՞րն է եղել ամենադժվար գործը»,- հարցնում եմ Արթուրին: «Դժվար գործ չկա»,- թեթև ժպտալով ու ամաչելով՝ պատասխանում է նա: «Ով խելոք նստում ա, նրան էլ քանդակում ա»,- ծիծաղելով ասում է Անուշիկը: Միասին իջնում ենք տան առաջին հարկը, որտեղ Արթուրի արվեստանոց/արհեստանոցն է: Նրա աշխատանքային սեղանին Գառոյի քանդակն է՝ գանգրահեր ու հույն փիլիսոփայի հիշեցնող լուրջ դեմքով մեզ է «նայում»: Մինչ այդ՝ իրական Գառոն բակում լուռ ու հանդարտ ծխում է. հին օրաթերթի մեջ փաթաթում է թութունն ու իրականում էլ նույն «հույն փիլիսոփայի դեմքով» նայում ու ծխում է: Նա գալիս է օգնելու տնտեսության հարցերում, Արթուրն էլ այդ ընթացքում նրան քանդակել է: Ծնողների մահից հետո Գառոն մենակ է ապրում, գյուղացիները օրավարձով տարբեր աշխատանքներ են առաջարկում, որպեսզի ապրուստի միջոց ունենա: Գյուղացիները նրա մասին են հոգ տանում, ինքն էլ՝ գյուղի շների: Ասում են՝ գյուղում 2 էշ կա, մեկը Գառոյինն է, որով միշտ մոտակա անտառներից փայտ է բերում: Գյուղի կոլորիտային դեմքերից մեկն է Գառոն: Անուշիկի հետ շարժվում ենք դեպի ընկեր Անուշենց տուն: Անուշ Ալեքսանյանը երկար տարիներ աշխատել է գյուղի դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Մտնում ենք տուն, որն ամբողջությամբ զարդարված է ընկեր Անուշի ձեռքի աշխատանքներով՝ մեծ ու փոքր գորգերով: Իսկ գորգերի վրա պատկերված են հայոց պատմության և գրականության ամենավառ դրվագներն ու դեմքերը: Վերջին աշխատանքը Տիգրան Մեծն է: Ընկեր Անուշը «Բոլոր պատկերներն իմ պաշտամունքային անձինք են, քանի որ մեզ այսօր ուժ է պետք, չենք կարող թուլանալ»,- ասում է Անուշ Ալեքսանյանը: Հաջորդիվ նախատեսում է աշխատել իր հնագույն վիշապագորգի վրա. ընկեր Անուշն իր մահճակալի բարձի տակից հանում է մաշված, բայց դեռ պահպանված գույներով գորգը, որին ցանկանում է երկրորդ կյանք տալ: Նրա երազանքն է հնարավորություն ունենալ գորգագործության խմբակ ունենալ Ջուջևանում, որպեսզի կարողանա իր գիտելիքը փոխանցել երիտասարդներին: Բացի դրանից՝ նա աշխատում է բուսաներկերով, որոնց ստացման գաղտնիքները ցանկանում է փոխանցել կրտսեր սերնդին: Բայց, ինչպես ինքն է ասում, «չի գտնում այդ համարձակ հովանավորին, որը նման բան կնախաձեռնի»: Չնայած արդեն մի քանի տարի է՝ չի աշխատում դպրոցում, բայց գյուղի երեխաների հետ շարունակում է իր ակտիվ գործունեությունը Ջուջևնում: «Երեխաների հետ կապը միշտ ամուր է, չեմ կարողանում առանց երեխաների, ծաղիկների չափ սիրում եմ»,- ասում է ընկեր Անուշը, իսկ նրա ամբողջ բակը լի է տարբեր գույների վարդերով: Արդեն 30 տարի է՝ յուրաքանչյուր օգոստոսի 11-ին այստեղ Նավասարդ են նշում. ընկեր Անուշն իր շուրջն է համախմբում գյուղի դպրոցականներին ու երիտասարդներին, ու միասին կազմակերպում են համագյուղական մեծ միջոցառում: «Դա էլ է իմ պաշտամունքից եկել»,- ասում է Անուշ Ալեքսանյանը,- «բայց նաև Ջուջևանի բնությունն եմ սիրում և մարդկանց, որոնք ազնիվ են, որոնք աշխատասեր են»: Մեզ ճանապարհելիս նա դուրս է գալիս իր բակ ու մեզ նվիրում է իր այգու վարդերից: Ես ու Անուշիկն էլ շտապում ենք կրկին մի քիչ մորի հավաքել Ջուջևանի «տեսարժան, կանաչ վայրերից»: Ջուջևանով սիրով շրջեց Մերի Մամյանը
23:14 - 30 հունիսի, 2022
ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության վերջին խոչընդոտը վերացել է․ ի՞նչ է դրա դիմաց ստացել Թուրքիան․ Meduza

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության վերջին խոչընդոտը վերացել է․ ի՞նչ է դրա դիմաց ստացել Թուրքիան․ Meduza

Թուրքիայի իշխանությունը սատարել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հայտերը, հունիսի 28-ին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Թուրքիան, Ֆինլանդիան ու Շվեդիան հուշագիր են ստորագրել, որը հաշվի է առնում Թուրքիայի մտահոգություններն, այդ թվում՝ զենքի արտահանման և ահաբեկչության դեմ պայքարի առնչությամբ», - ասել է նա։ Սկանդինավյան այս երկրները ՆԱՏՕ-ի հրավիրված անդամի կարգավիճակ են ստացել։ Meduza-ն գրում է այն մասին, թե ինչու Թուրքիան համաձայնեց այդ անդամակցությանը և ինչ է ստանալու դրա դիմաց։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «ՆԱՏՕ-ի կայքում տեղադրված հաղորդագրությունում ասվում է, որ հունիսի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ֆիլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն և Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հանդիպել են Ստոլտենբերգի մասնակցությամբ։ Ինչպես գրել է «Անադոլու» գործակալությունը, բանակցություններն անցկացվել են մամուլի համար փակ ռեժիմով և տևել են երկու ժամ։ Երկրների առաջնորդները համաձայնեցրել են եռակողմ հուշագիր, որն, ինչպես ասված է Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարությունում, լուծում է «Թուրքիայի անվանգության օրինական խնդիրները»։ Ֆինլանդիան ու Շվեդիան որոշել են հրաժարվել չեզոք կարգավիճակից և միանալ ՆԱՏՕ-ին Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո, սակայն Թուրքիան դեմ էր արտահայտվում։ Երկու երկրները ՆԱՏՕ-ին անդամակցության հայտերը ներկայացրել էին մայիսի 18-ին, սակայն Թուրքիան մինչև վերջին պահն արգելափակում էր նրանց հայտերի ուսումնասիրումը։ Bloomberg-ի տվյալներով՝ Թուրքիայի իշխանությունը մի շարք պայմաններ էր առաջ քաշել, որոնց ընդունման դեպքում համաձայն կլիներ հաստատել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը։ Այդ պայմանների թվում են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը որպես ահաբեկչական ճանաչելն, ինչպես նաև սահմանափակումների չեղարկումը, որոնք Անկարայի դեմ կիրառվել են 2019 թ-ին ռուսական С-400 համակարգերի գնման համար։ Թուրքիան այս երկրներին մեղադրում էր քրդական խմբավորումներին աջակցելու համար։ Թուրքիայի նախագահ Էրդողանը մայիսին ասում էր, որ Ֆինլանդիան ու Շվեդիան «ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ հստակ և բաց վերաբերմունք» չունեն և հարցադրում էր անում, թե ինչպես կարելի է վստահել այս երկրներին։ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն հունիսի 28-ի իր հայտարարությունում նշել է, որ վերջին շաբաթների ընթացքում Թուրքիան անհանգստություն է արտահայտել ահաբեկչության վտանգի առնչությամբ։ «Ֆինլանդիան լրջորեն է վերաբերվել այդ խնդիրներին։ Ֆինլանդիան դատապարտում է ահաբեկչությունը դրա բոլոր ձևերով և արտահայտումներով։ Որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ Ֆինլանդիան ամբողջությամբ հավատարիմ է լինելու ահաբեկչության դեմ պայքարի հարցում ՆԱՏՕ-ի փաստաթղթերին և քաղաքականութանը», — ասել է Ֆինլանդիայի նախագահը։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հստակ քայլերը համաձայնեցվելու են հունիսի 29–30-ը, «սակայն այս որոշումը ներկա պահից արդեն անխուսափելի է»։ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնն ասել է, որ Ֆինլանդիայի հետ միասին ստորագրվել է «շատ լավ համաձայանգիր» Թուրքիայի հետ։ Նրա խոսքով՝ հանդիպմանն ինքն Էրդողանին պատմել է այն մասին, թե ահաբեկչության մասին ինչ փոփոխություններ են հուլիսին ուժի մեջ մտնելու շվեդական օրենսդրությունում։ «Եվ իհարկե, մենք շարունակելու ենք ահաբեկչության դեմ պայքարը, և, որպես ՆԱՏՕ-ի անդամ, դա անելու ենք Թուրքիայի հետ սերտ համագործակցության միջոցով», - ասել է Շվեդիայի վարչապետը։ Ֆինլանդիան ու Շվեդիան համաձայնել են «կանխարգելել» Քրդստանի աշխատավորական կուսակցության և մյուս կառույցների գործունեությունը, որոնք Թուրքիան ահաբեկչական է համարում։ Այս մասին, ինչպես հայտնում է թուրքական Daily Sabah-ն, ասված է երկրների ստորագրած հուշագրում։ Շվեդիան ու Ֆինլանդիան խոստացել են նաև չաջակցել Սիրիայի քրդերի ինքնապաշտպանության ուժերին (YPG), որը կապված է Քրդստանի աշխատովարական կուսակցության հետ, ինչպես նաև քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETO շարժմանը։ Թուրքիայի նախագահը նաև հաղորդել է, որ երկու երկրները համաձայնել են չեղարկել Թուրքիային զենք մատակարարելու էմբարգոն, որը կիրառել էին՝ ի պատասխան 2019 թ-ին Սիրիայում Անկարայի գործողությունների։ Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ բանակցություններում «ստացել է այն, ինչ ուզում էր», հայտարարել է թուրքական իշխանությունը։ ՆԱՏՕ-ի ղեկավարը մամուլի համար հայտարարությունում ասել է, որ «ոչ մի դաշնակից չի տուժել ավելի դաժան ահաբեկչական գրոհներից, քան Թուրքիան»։ «Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի կառավարությունները պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում», - հայտնել է Ստոլտենբերգը հուշագրի ստորագրումից հետո։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերի արագ ուսումնասիրումը պետք է Ռուսաստանի համար ազդակ լինի։ «Սա Մոսկվայի համար շատ ակնհայտ ազդակ է, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են», — ասել է Ստոլտենբերգը Մադրիդում կայացած ասուլիսին։ Պատասխանելով այն հարցին, թե երբ են Ֆինլանդիան ու Շվեդիան միանալու ՆԱՏՕ-ին, նա ասել է, որ «չի կարող կանխատեսել», թե երբ է ավարտվելու այս գործընթացը, քանի որ նրանց անդամակցության մասին համաձայնագիրը պետք է վավերացնեն դաշինքի բոլոր 30 անդամ երկրները։ «Ես գիտեմ, որ որոշ երկրների խորհրդարաններ արդեն սկսել են գործընթացը, այդ պատճառով էլ կարծում եմ, որ դաշնակիցների շրջանում մեծ ցանկություն կա այն հնարավորինս շուտ վավերացնելու», - հավելել է նա»։    
21:53 - 30 հունիսի, 2022
Դեֆո՞լտ է, թե՞ ոչ․ Ռուսաստանը խախտում է պարտատոմսերի վճարման ժամկետները․ Politico

Դեֆո՞լտ է, թե՞ ոչ․ Ռուսաստանը խախտում է պարտատոմսերի վճարման ժամկետները․ Politico

Երկուշաբթի առավոտյան հայտնի է դարձել, որ Ռուսաստանի պարտատերերը չեն ստացել տոկոսագումարների վճարումը, որի ժամկետը լրանում էր կիրակի օրը՝ հունիսի 26-ին։ Դոլարով և եվրոյով երկու պարտատոմսերի մասով 100 մլն եվրոյի վճարումների ժամկետը լրացել էր դեռևս մայիսի 27-ին, սակայն կիրակի՝ հունիսի 26-ին, լրացել է նաև 30-օրյա արտոնյալ ժամկետը։ Bloomberg-ի պնդմամբ՝ այս ամենի հետևանքով գրանցվել է վերջին հարյուր տարում Ռուսաստանի համար արտաքին պարտքի դեֆոլտը։ Սակայն Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ «դեֆոլտ» ձևակերպումը կիրառելի չէ ՌԴ տնտեսական դրության նկատմամբ, քանի որ միջազգային հաշվակային-քլիրինգային համակարգերը ստացել են միջոցները լիարժեք ծավալով, սակայն դրանք չեն հասցրել ստացողներին։ «Այս դեպքում ներդրողների կողմից գումար չստալանը տեղի է ունեցել ոչ թե վճարման բացակայության հետևանքով, այլ երրորդ անձանց գործողությունների, ինչն ուղղակիորեն նախատեսված չէ էմիսիոն փաստաթղթերում՝ որպես դեֆոլտի իրադարձություն և պետք է դիտարկվի իրավունքի ընդհանուր նորմերի շրջանակում», - հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարարությունը։ Politico-ն գրում է այն մասին, թե արդյոք սա դեֆոլտ է։ Ի՞նչ է դա նշանակում Ռուսաստանի համար կամ ուկրաինական պատերազմի համատեքստում։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․   «Արդյո՞ք Ռուսաստանում դեֆոլտ է Սուվերեն դեֆոլտն առաջանում է այն ժամանակ, երբ երկրի կառավարությունն ի վիճակի չէ կատարել պարտքի տոկոսագումարների կամ մայր գումարի պլանավորված վճարումները։ Այս դեպքում Ռուսաստանը դժվարություններ ունի պարտքի սպասարկման մասով, քանի որ արևմտյան պատժամիջոցների պատճառով արգելափակված է նրա արտարժութային պահուստների գրեթե կեսի և ֆինանսական շուկաների հասանելիությունը։ Ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ պարտքի դիմաց վճարումներն իրականացվելու են ռուբլով։ Նա հղում է արել «ֆորսմաժորային իրավիճակներին»՝ պնդելով, թե պարտատոմսերում ամրագրված արժույթով վճարումների չկատարումը Ռուսաստանի կողմից երկրի միջոցներն արգելափակող արևմտյան պատժամիջոցների պատճառով է, այլ ոչ թե կանխիկ գումարի բացակայության։ Նախորդ շաբաթ Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հայտնել էր, որ ՌԴ պարտատոմսերի վճարային գործակալ Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի նկատմամբ պատժամիջոցների պատճառով երկու եվրոբոնդերի համար վճարումներն իրականացվել են ռուբլով։ Սակայն պարտատոմսերից ոչ մեկը ռուբլով վճարումներ չէր նախատեսում։ Այն հարցը, թե արդյոք Ռուսաստանը կատարել է իր պարտավորություններն, ըստ ամենայնի, դատական քննության առարկա կդառնա, սակայն պարտատերերի համար պարտքի վճարման պայմանները չկատարելը, այդ թվում՝ արժույթի տեսակը չպահպանելը դեֆոլտ է համարվում։   Ի՞նչ է սա նշանակում Ռուսաստանի համար Կարճաժամկետ հեռանկարում սա շատ բան չի փոխում։ Դիտորդները նշում են, որ ռուսական եվրոբոնդերը՝ ներդրումային մակարդակի վարկանիշը նախքան Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, արդեն վաճառվում են ավելի ցածր գնով, քան պատերազմից առաջ, ինչը վկայում է այն մասին, որ շուկայի մասնակիցներն արդեն գնահատում են դեֆոլտի հավանականությունը։ Ավելին՝ ներկա պահին Ռուսաստանը նոր միջոցներ ներգրավելու կարիք չունի՝ շնորհիվ նավթի և գազի արտահանումից ստացված հսկայական եկամուտների, որոնք գնահատվում են շուրջ 100 մլրդ դոլար պատերազմի առաջին 100 օրերի ընթացքում։ Սակայն դեֆոլտը բերում է խարանի և ավելացնում փոխառությունների արժեքը՝ ազդելով ապագայում կապիտալի շուկայից միջոցներ ներգրավելու Ռուսաստանի հնարավորության վրա։ Ռուսաստանի կողմից իր արտաքին պարտքի սպասարկման անընդունակության հավանական արդյունքը կլինի ֆինանսական շուկաներից նրա հետագա մեկուսացումը։ ԵՄ կողմից ռուսական նավթի նշմարվող էմբարգոն և ռուսական բոլոր էներգակիրներից կախվածությունը հաղթահարելու Արևմուտքի շտապ պլանները նշանակում են, որ կարճաժամկետ հեռանկարում Մոսկվան կորցնելու է արտասահմանից ստացվող եկամուտների զգալի մասը։   Ի՞նչ նշանակություն ունի սա պատերազմի համար Դեֆոլտը հազիվ թե որևէ անմիջական ազդեցություն ունենա Ուկրաինայում Ռուսաստանի ռազմարշավի վրա։ Կրեմլը նախկինի պես կարող է հույսը դնել էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների և արտասահմանյան զգալի պահուստների վրա, որոնք ոսկու տեսքով պահվում են արևմտյան պատժամիջոցներին չմիացած Չինաստանում»։   Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։
21:23 - 30 հունիսի, 2022
Ուկրաինան խզում է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ ԴԺՀ և ԼԺՀ ճանաչման պատճառով

Ուկրաինան խզում է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ ԴԺՀ և ԼԺՀ ճանաչման պատճառով

Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտարարել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ ինքնահռչակ ԴԺՀ և ԼԺՀ անկախության ճանաչման պատճառով, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը։ Ուկրաինայի ԱԳՆ-ն վճռականորեն դատապարտել է Սիրիայի այս որոշումը։ «Մեր դիրքորոշումը հստակ է․ մենք առավելագույնս կոշտ ենք արձագաքում Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու ցանկացած փորձի և ազգային շահերն ենք պաշտպանում բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝դիվանագիտական ճակատում», - ընդգծել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ Ուկրաինական կողմը նաև Սիրիայի դեմ առևտրային էմբարգոյի սահմանման գործընթաց է սկսում, պատժամիջոցներ կսահմանվեն նաև սիրիացի իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ։ Սիրիան ԴԺՀ և ԼԺՀ անկախության ճանաչման մասին հայտարարել է երեկ՝ հունիսի 29-ին։ Նորա Վանյան
18:25 - 30 հունիսի, 2022