Ինֆոքոմ

Պետական բյուջեից  մոտ 4.2 մլրդ դրամ կհատկացվի «Շանգրի Լա» խաղատան պետական տուրքը վճարելու համար

Պետական բյուջեից մոտ 4.2 մլրդ դրամ կհատկացվի «Շանգրի Լա» խաղատան պետական տուրքը վճարելու համար

Կառավարությունը այսօր որոշեց 4,2 մլրդ դրամ տրամադրել «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի  կողմից շահագործվող «Շանգրի Լա» խաղատան պետական տուրքը մարելու համար։ Նախագծի հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հիշեցրեց, որ կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության շրջանակներում պարետի՝ դեռևս 2023 թվականի մարտի 23-ի որոշմամբ ՀՀ ողջ տարածքում ժամանակավորապես արգելվել էին որոշ տնտեսական գործունեության տեսակներ, այդ թվում՝ խաղատնային գործունեության կազմակերպումը: Պետական տուրքի մասին օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ խաղատան կազմակերպման լիցենզիայի համար սահմանված է տարեկան պետական տուրք, այն վճարվում է եռամսյակային պարբերականությամբ, որը եռամսյակի համարը կազմում է 1 միլիարդ 375 միլիոն դրամ: Փոխնախարարը հայտարարեց, որ ֆինանսների նախարարի 2020 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ՝ «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ին տրված խաղատան կազմակերպման լիցենզիան 2-րդ անգամ կասեցվել է՝ հիմք ընդունելով գործող օրենսդրությունը, այն դադարեցվել է: Ընկերությունը վիճարկել է ֆինանսների նախարարի հրամանը, դատական գործընթացներ են սկսվել. Վարչական դատարանը ընկերության օգտին է վճիռ կայացրել:Հետագայում Վճռաբեկ դատարանը ևս հօգուտ ընկերության որոշում է կայացրել։ «Լիցենզիայի ուժը կորցրած ճանաչվելու օրվանից՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ից մինչև վարչական գործով կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը՝ 2022 թվականի մայիսի 18-ը, ընկերությանը տրված խաղատան կազմակերպման լիցենզիայի համար պետական տուրքի գծով պարտավորություններ չպետք է առաջադրվեն, իսկ առաջադրված լինելու դեպքում պետք է վերահաշվարկվեն»։ Արդյունքում, ինչպես նշեց Ֆինանսների փոխնախարարը, խաղատան կազմակերպման համար պետական տուրքի գծով ընկերության պարտավորությունները 2022 թվականի երկրորդ եռամսյակն ընդգրկող ժամանակահատվածի համար կազմում են 4 միլիարդ 162 միլիոն 812 հազար դրամ»։  Նրա խոսքով՝ կառավարությունը որոշել  է 4 միլիարդ 162 միլիոն 812 հազար դրամի տուրքը վճարել «Օնիրա քլաբի» փոխարեն։
15:11 - 07 հուլիսի, 2022
Սյունիքից որոշ հողամասեր կամրացվեն ԱԱԾ-ին

Սյունիքից որոշ հողամասեր կամրացվեն ԱԱԾ-ին

Կառավարությունը այսօր որոշեց Գորիսի և Տեղ համայնքների, ինչպես նաև Խնձորսկ գյուղի որոշ հողամասեր ամրացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը։ Ըստ նախագծի հիմնավորման՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ամրացնել ՀՀ  հարավ-արևելյան սահմանները, որի նպատակով առանձնացվել են անհրաժեշտ հողամասեր։   «Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան սահմանների պաշտպանության ամրապնդմամբ։ Նախագծի ընդունմամբ ՀՀ-ն Գորիս և Տեղ համայնքների կողմից կընդունի համապատասխանաբար՝ 0.15297 հա և 0.6 հա հողամասերը և պաշտպանական նպատակներով նշված հողամասերն ու պետական սեփականություն հանդիսացող Խնձորեսկ գյուղի 37-րդ փողոցի  124 հասցեում գտնվող 0.3201  հա հողամասը կամրացվեն ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը»։
12:56 - 07 հուլիսի, 2022
Այս որոշմամբ տարկետման ինստիտուտը վերադարձնում ենք բուհական համակարգ. Փաշինյան

Այս որոշմամբ տարկետման ինստիտուտը վերադարձնում ենք բուհական համակարգ. Փաշինյան

Կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին։ Նախագծի հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ասաց՝ 2017 թ․-ին զինծառայության օրենքում փոփոխություն կատարելուց հետո, ըստ էության, մեր շրջանավարտները զրկվեցին ՀՀ բուհերում անընդհատ կրթություն ստանալու իրավունքից, որովհետև նրանք բոլորը պետք է զորակոչվեին  բանակ՝ բացառությամբ օլիմպիադաներում մեդալներ նվաճած ուսանողների, շրջանավարտների: «Առաջարկվում է կառավարությանը լիազորել, որ համապատասխան բնագիտական մասնագիտություններով և որոշակի հստակ բուհերին տրամադրվի որոշակի քանակ տեղեր, որը կենթադրի տարկետման իրավունք բակալավրիատ մուտքին»։ Երկրորդ կետը, ըստ Վահրամ Դումանյանի, վերաբերում է զորակոչի տարիքի փոփոխությանը։ «Դեռևս խորհրդային շրջանից զորակոչի ենթակա էին 18-ը լրացած և  մինչև 27 տարեկան արական սեռի քաղաքացիները։ Կրթական տարկետում ստացած մեր ուսանողները այս վերջին տարիներին լրջագույն խնդրի էին առնչվում․ եթե խորհրդային շրջանում դպրոցը 10 տարի էր, և 17 տարեկանում էին ավարտում, այժմ դպրոցը 12-ամյա է և նրանք, ըստ էության, ավարտում են 18, երբեմն 19 տարեկանում։ Եթե գումարում ենք, ստանում ենք այն տարիքը, երբ ասպիրանտը դեռևս երրորդ տարվա ուսուցման շրջանում զորակոչվում է բանակ և այստեղ խնդիր է առաջանում և տարբեր ոչ բնական լուծումներ են փնտրում։ Այս փոփոխությամբ առաջարկում ենք նրանց զորակոչի տարիքը սահմանել մինչև 28 տարին, որպեսզի արագացված դիսերտացիայի պաշտպանություններ և այլ երևույթներ չլինեն և ուսանողը առանց այլևայլ սթրեսների ասպիրանտուրան ավարտի»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ որ այս որոշմամբ տարկետման ինստիտուտը վերադարձնում են բուհական համակարգ. «Կարեւոր է արձանագրել, որ մենք այս որոշումը կայացնում ենք կառավարությանը թողնելով հասցեականության որոշակի հայեցողություն։ Այսինքն ոչ թե ասում ենք՝ բուհեր ընդունվող ինչ-որ շերտ տարկետում է ստանում, այլ ամեն տարվա համար հասցեական, որոշակի մասնագիտությունների, որոշակի բուհերի կտանք տարկետման հնարավորություն ունեցող տեղեր՝ կախված կառավարության ծրագրի և գործունեության առաջնահերթություններից»։
12:33 - 07 հուլիսի, 2022
Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցումը կիրականացվի մեկ անձից գնման ընթացակարգով

Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցումը կիրականացվի մեկ անձից գնման ընթացակարգով

Կառավարությունը որոշեց Սյունիքի մարզի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցումը իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով։ Ըստ հիմնավորման՝ նախագծի նպատակն է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում Սյունիքի մարզի տարածքում անխափան, այլընտրանքային երթևեկության ապահովումը: «Հաշվի առնելով աշխատանքերի հրատապությունը, պետական անվտանգության ապահովման հարցում դրանց անհապաղ կատարման անհրաժեշտությունը՝ նախագծով առաջարկվում է Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման կարիքը համարել անհետաձգելի, թույլատրել  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝  Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքները իրականացնել 2 փուլով։ 1-ին փուլի համար շինարարական աշխատանքները ձեռք բերել «ՎՄՎ Քամփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից, իսկ նշված աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունները ձեռք բերել «ՀԱԼԴԻ Քոնսալթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից»,-նշված է հիմնավորման մեջ։ Ընդհանուր առմամբ նախագծով նախատեսվում է վերաբաշխման միջոցով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը վերը նշված ճանապարհների կառուցման համար հատկացնել 2 միլիարդ 431 միլիոն դրամ։
12:33 - 07 հուլիսի, 2022
Դիլիջանում երկու թունելների վերականգնման աշխատանքների համար միջազգային մրցույթ է հայտարարված․ Փաշինյան

Դիլիջանում երկու թունելների վերականգնման աշխատանքների համար միջազգային մրցույթ է հայտարարված․ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում կառավարությունը ընդունեց նախագիծը, որով առաջարկվում է բյուջեում վերաբաշխում իրականացնել և մոտ 13.3 միլիարդ գումար տրամադրել «երեք խոշոր բլոկներով ծրագրեր իրականացնելու համար»։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ բլոներից մեկը ջրամբարաշինությանն է վերաբերվում, մասնավորապես՝ Կապսի ջրամբարին․ «Որոշակի գործընթաց կա, հիմա փաստաթղթերի ուսումնասիրման փուլում ենք և անհրաժեշտություն կառաջանա (եթե ամեն ինչ նորմալ գնա, իսկ կարծես ամեն ինչ նորմալ է գնում) կանխավճար տրամադրել շինարարին և 3.5 միլիարդ դրամ լրացուցիչ գումար հատկացնելու անհրաժեշտություն կա»։ Մյուս հատվածը, ըստ Սանոսյանի, վերաբերում է Երևանում իրականացվող երկու ծրագրերի․ «Արգավանդ-Շիրակ և Բաբաջանյան-Աշտարակ ուղղություններով իրականացվում են աշխատանքներ և այնտեղ նույնպես աշխատանքները ակտիվ ընթացքի մեջ են։ Ավանադական տեսքի բերելու կարիք կա և 4.1 միլիարդ գումարի անհրաժեշտություն կա, այս որոշմամբ առաջարկում ենք 4.1 միլարդ դրամ հատկացնել Երևան քաղաքին այդ վճարումների համար»։ Երրորդ ծրագիրն էլ վերաբերում է միջին նորգման աշխատանքներին․ Այս աշխատանքները անընդհատ ուսումնասիրման փուլում են։ Մենք դրանց մի մասը բյուջեով նախապես հատկացնում ենք, իսկ մի մասը գարնան բացվելուն պես, ճանապարհները ուսումնասիրում ենք, որտեղ տեսնում ենք, որ հնարավոր է միջին նորոգում անել, ընդգրկում ենք այդ ցանկի մեջ և որոշակի գործընթաց ենք անում։ Հիմա այդպիսի 10 հատված ունենք՝ ընդհանուր 135 կիլոմետր երկարությամբ, և այս որոշմամբ  5.7 միլիարդ դրամ կհատկացնենք, դրանց մրցութային գործընթացները կավարտենք և կսկսենք շինարարական աշխատանքները»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ Դիլիջանում երկու թունելների վերականգնման աշխատանքների համար միջազգային մրցույթ է հայտարարված: «Ես խնդիր եմ դրել, որ Ստեփանավանի և Դիլիջանի թունելները պատշաճ տեսքի բերվեն և միջազգային ստանդարտներին համապատասխանեցվեն»,-ասաց վարչապետը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ Դիլիջանում երկու թունելների վերականգնման աշխատանքների համար միջազգային մրցույթ է հայտարարված: «Ես խնդիր եմ դրել, որ Ստեփանավանի և Դիլիջանի թունելները պատշաճ տեսքի բերվեն և միջազգային ստանդարտներին համապատասխանեցվեն»,-ասաց վարչապետը:
11:55 - 07 հուլիսի, 2022
Լճկաձոր․ մոտ 400 մեղվաընտանիքների ու  մեղվի պես աշխատող մոտ 400 բնակիչների գյուղակը [մարzoom]

Լճկաձոր․ մոտ 400 մեղվաընտանիքների ու մեղվի պես աշխատող մոտ 400 բնակիչների գյուղակը [մարzoom]

Արճիս գյուղի արեւելյան կողմում Գուգարաց լեռների լանջերին փռված է Լճկաձորը։ Այրումից ճանապարհը ոլորաններով տանում է դեպի այս գյուղ, որտեղ ընդամենը 100 տնտեսություն կա՝ 400-ին մոտ բնակչով։ Մեքենայի լուսամուտից նայում եմ անտառներին, մտովի պատկերացնում քարտեզը, հիշում, որ այս տարածքում լիճ, ամեն դեպքում, չկա, թեեւ անունն այդպիսի պատկերներ է ստեղծում։ Բայց այդ մասին՝ հետո։ Քարքարոտ ճանապարհով մեքենան ընթանում ու կանգ է առնում ուղիղ գյուղապետարանի մոտ։ Հեռվից անգամ երեւում է, որ այդ փոքրիկ շենքը նույնիսկ նախորդ դարավերջին չի կառուցվել․ ճաքխքած-նորոգած պատեր, փայտե տանիք, հին լուսամուտներ՝ քարե պատերի արանքում։ Գյուղի վարչական ղեկավարի՝ Հրայր Միրզոյանի մեքենան կանգնում է մուտքի ցանցե ցանկապատի մոտ հենց այն պահին, երբ զանգում եմ նրան՝ ճշտելու՝ կարո՞ղ է ինձ ընդունել արդյոք։ «Էդ նկարողը Դուք ե՞ք»,- հարցնում է ինձ՝ մեքենայից տեսնելով, որ նկարում եմ գյուղից դեպի ձորը բացվող տեսարանը։ Մտնում ենք գյուղապետարան, որը գյուղսովետի նախկին շենքն է ու Լճկաձորին ծառայում է 1932 թվականից։ Միրզոյանն ասում է՝ գյուղապետարանի շենքը նաեւ դպրոց է եղել, ինքն այնտեղ է սովորել։ Իսկ հիմա դպրոցը հենց գյուղապետարանի կողքին է։ Այն բարեկարգ է, մաթեմատիկայի առանձին անկյուն էլ ունի, որ առավել մոտիվացնի երեխաներին սովորել այդ գիտությունը։ Այս գաղափարը ուսուցչուհի Ռուզան Մալինյանինն է եղել։ Բայց Լճկաձորի դպրոցը հիմնական է, իններորդն ավարտելուց հետո աշակերտները հարեւան գյուղերում են շարունակում կրթությունը։ Լճկաձորի դպրոցում մոտ 90 աշակերտ է սովորում, իսկ մանկապարտեզի սաների թիվը քսանի չի հասնում։  Լճկաձորն առաջին հայացքից էլ շատ ջերմ տպավորություն է թողնում։ Բայց այստեղ, ինչպես շատ այլ գյուղերում, կան խնդիրներ, որոշները՝ լուծման ճանապարհին, որոշները՝ առկախված։ Վարչական ղեկավարի հետ մեր զրույցը սկսում ենք գյուղի առավելություններից խոսելով․ «Մի բռաչափ գյուղ ա»,- ասում է Միրզոյանը,- «գեղեցիկ բնություն ունի, լավ աշխարհագրական դիրք։ Ժողովուրդը, մթնոլորտը՝ դրական, մարդամոտ են Լճկաձորում»։ Այս դրականի կողքին, սակայն, խնդիրներն ավելի շատ են, անվերջ թվարկելու։ Ամենալուրջ հարցերից մեկը խմելու ջրի խնդիրն է, բայց մոտ մեկ ամսից, ինչպես նշում է վարչական ղեկավարը, այդ հարցը պետք է որ լուծվի։ Նոր ցանց է կառուցվել։ Իսկ մինչ այս երեսուն տարուց ավելի գյուղում խմելու ջուր չի եղել, տեղացիներն անտառից եկող ջրերից են օգտվել։  Հրայր Միրզոյանը Գյուղում ճանապարհները բարվոք վիճակում չեն, բայց օգոստոսին նախատեսված է խճապատում․ սպասում են՝ ջրագիծն ամբողջությամբ կառուցվի, որ անցնեն ճանապարհների հարցին։ Բայց ամենից մեծ խնդիրը կոյուղու հարցն է․ գյուղում կոյուղագիծ չկա․ «Շատ բարդ ա, մանավանդ, որ էստեղ էլ համարվում ա սողանքային գոտի, խնդիրներ կարող են առաջանալ»,- ասում է վարչական ղեկավարը։ Խնդրից տեղյակ են համայնքապետարանում, բայց լուծումը մեծ ծախսերի հետ կապ ունի, աջակիցներ են պետք։ Լճկաձորում մարդիկ հիմնականում այգեգործությամբ են զբաղվում, դեղձի, արքայանարնջի այգիներ են մշակում։ Բայց կան մարդիկ, որ զբաղվում են անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Ընդամենը 132 խոշոր եղջերավոր կենդանիներ են պահում եւ 354 մեղվաընտանիք։ Ընդհանուր 160 հա ջրովի հողատարածք կա Լճկաձորում, բայց այդքանը չի էլ օգտագործվում, միայն մոտ 120 հեկտարը․ «Չորացումները շատ են, այգիները համատարած չորանում են, մանավանդ դեղձինը»,- մտահոգ ասում է զրուցակիցս։ Անալիզներ արել են, բայց կոնկրետ պատճառ չի ասվել։ Վարչական ղեկավարը ենթադրում է, որ չորացման պատճառ կարող են լինել Թեղուտի պոչամբարի թափոնաջրերը․ «Դրանք շատ նպաստեցին այգիների չորանալուն։ Պիտի մի հատ նորմալ անալիզ արվի հողն էլ, ծառն էլ, որ պատճառը հասկացվի»։ Գյուղապետարանին մոտիկ ապրում է Բեջանյան Դերենիկը, որը մեծ այգի ունի․ թուզ, նուռ, արքայանարինջ, ֆեյխուա, մուշմուլա՝ ճապոնական զկեռ է մշակում, նույնիսկ Կարմիր գրքում գրացնված արջատխլենի։ Դերենիկ պապն էլ է մտահոգված այգիների չորանալու խնդրով։ Ասում է՝ Լճկաձորում կլիման շատ բարենպաստ է, պարզապես ջրի խնդիր կա, այս ամիսներին հույսները բնական տեղումների վրա է, բայց անձրեւն էլ շոգ ամռանը հաճախ պատահող բան չէ, որ ծառին ու բույսին անհրաժեշտ ջուրն ապահովի։ «Տեղումների քանակը գարնանը, աշնանը, ձմռանը բավարարում է, ուղղակի ամռանը դժվար է․ բույսին ամենաանհրաժեշտ շրջանն է, բայց խոնավությունը չի բավարարում»։ Դերենիկ Բեջանյանը Դերենիկ պապը տոհմիկ գյուղատնտես է․ «Իմ պապը, հայրս, հորեղբայրս, բոլորը գյուղատնտեսներ են եղել։ Ես էլ Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտ եմ»,- այգին ինձ ցույց տալու ընթացքում իր մասին պատմում է Դերենիկը։ Նա խնամքով մի կողմ է տանում մուշմուլայի տերեւը, որից տակից երեւում է փոքրիկ պտուղը։ Այս կողմերում նռան ծառերն էլ են շատ․ Դերենիկ պապի այգու մի անկյունը կարմիր երանգ է ստացել նռենու ծաղկաթերթերից։ Դերենիկ պապի տան դարպասների մոտից գյուղապետարան գնացող ճամփեզրից մեր կողմ է նայում լճկաձորցի մի պապիկ ու ժպտալով ձայն է տալիս, թե՝ «հմի Դերենիկը լրիվ ասել ա, էլի՜»։ «Ես գյուղատնտեսության սահմաններից դուրս չեմ եկել, Մալինյա՛ն»,- համագյուղացուն նույնկերպ ձայնում է Դերենիկ պապը,- «մենակ ասել եմ՝ ժամանակին գյուղը տեղափոխել են ստեղ, որովհետեւ հարմար են գտել կլիման, հողը, ջուրը»։ Հետո շրջվում, ինձ ասում է, որ մարդիկ տարբեր պատճառներով տեղափոխվել, եկել-հասել են այս կողմերը, բայց դիմեմ Մալինյանին, նա ավելի լավ կասի։  Դերենիկ Բեջանյանը Դերենիկ պապին հաջողություն եմ մաղթում ու քայլում դեպի ընկեր Մալինյանը՝ Ռուսլան պապը։ Բայց Լճկաձորում նրան ընկեր Մալինյան են դիմում։ Նա Լճկաձորի հիմնական դպրոցի տնօրենն է, մասնագիտությամբ՝ աշխարագրագետ, հիմա նաեւ գրող, արդեն Գրողների միության անդամ է։ Հարուստ կենսագրություն ունի ընկեր Մալինյանը․ սկզբում աշխարհագրություն է դասավանդել Ոսկեվանի եւ Այրումի միջնակարգ դպրոցներում, ապա եղել է Այրումի եւ Հաղթանակի միջնակարգ դպրոցների տնօրեն, ինչպես նաեւ Լճկաձորի գյուղական խորհրդի նախագահ, հետո էլ՝ Լճկաձորի դպրոցի տնօրեն։ Այդ դպրոցում Մալինյանն այժմ աշխարհագրություն է դասավանդում։ Ի դեպ, նա հրատարակած հինգ գիրք ունի՝ «Տավուշի մարզի տեղանունների բառարան», «Տեղանվանապատում», «Նոյեմբերյանի տարածաշրջանի տեղանունների բառարան», «Ժամանակ, ժամանակ», «Ծիրանի ծառը»։ Պարզվում է՝ ընկեր Մալինյանը հավաքագրել ու բառարանագիտական մշակման է ենթարկել Տավուշի տեղանունների վերաբերյալ նյութերը։ Այսինքն՝ հենց նա է, որն ամենալավը կպատասխանի՝ անլիճ այս անկյունն ինչու է Լճկաձոր կոչվում։ Մենք գնում ենք Մալինյանի տուն՝ ճանապարհին խոսելով գյուղից ու դրա պատմությունից։ Լիճ, ուրեմն, ինչպես ասացի, Լճկաձորում չկա, թեեւ ձոր կա։ Ուրեմն, Մալինյանն ուսումնասիրել ու պարզել է, որ Մակար Բարխուդարյանն իր «Արցախ» աշխատությունում գրել է, որ «Լճկաձորի բնակիչները նախ Խոյից են գաղթել են Ուլաշտու, ապա տեղափոխվել Թարգեւին, ապա Ճալու եւ Հուսկ, հետո Լճկաձոր»։ Իսկ նորագույն ուսումնասիրություններից էլ պարզվում է, որ նրանք որոշ ժամանակ էլ Արցախում են ապրել։ Այդպես, 1875-ին այժմյան լճկաձորցիների նախնիները գալիս են ներկայիս գյուղից ոչ հեռու՝ Գոլեր կոչվող վայր, մի հին, լքված գյուղի ավերակները վերաշինում ու հաստատվում այդտեղ։ Այդ բնակավայրը Նորաշեն են կոչում, բայց այդ անունը երկար չի մնում։ Գյուղացիները ձորի գետակի վրա մի փոքրիկ ջրամբար (լճակ) են կառուցում, տեղանքն էլ ստանում է Լճի ձոր անունը։ Ժամանակի ընթացքում գյուղի Նորաշեն անունը մոռացվում է եւ դրան փոխարինում է Լճկաձոր անունը։ Երեք տասնամյակ այդ ձորում ապրելուց հետո տեղանքի փակ դիրքի պատճառով գյուղացիները տեղափոխվում են այժմյան Լճկաձորի տարածք՝ իրենց հետ բերելով այդ անունը։  Այսպես, զրուցելով հասնում ենք ընկեր Մալինյանի տուն, որի առաջ փռված է նրանց մեծ ու սաղարթախիտ այգին, որ ավելի շատ անտառ է հիշեցնում։ Այգու մի հատվածը գեղեցիկ մշակված է՝ համաչափ, կոկիկ, մյուս մասը Մալինյաններն ավելի շատ վայրի են թողնում, բայց խնամքով մաքրում են, իսկ բնությունը մնացածն ինքնուրույն կանի։ Մալինյանը գյուղը շատ է սիրում, նրա հինգ գրքերից երկուսը գեղարվեստական են, ու գրողն իր պատմվածքներում հաճախ է նկարագրում գյուղական տեսարանները։  Ռուսլան Մալինյանը Այգուց տուն ենք գալիս։ Մալինյանը ցույց է տալիս իր աշխատասենյակը՝ բազմաթիվ գրքերով, որոնց արանքներում թաքնված են նաեւ իր աշխատանքները։ Ձգվում, գտնում, ինձ ցույց է տալիս։ Առաջին գիրքը «Նոյեմբերյանի տարածաշրջանների բառարանն է», որն աշխարհագրական-գեղարվեստական աշխատություն է, որտեղ ներկայացված են տարածաշրջանի սարերը, վանքերը, գյուղերը։ Տեղանունների մասին նյութեր հավաքելը երկար ժամանակ է տեւել․ Մալինյանը ոչ միայն անձամբ է հավաքել դրանք, այլեւս ամեն անկյունում իր մտերիմների միջոցով հավաքել է հնարավոր բոլոր տեղեկությունները, որոնք ընթերցողին կարող են հետաքրքրել․ «Գիտեք, էս անունների ստուգաբանությունը շատ դժվար հարց է։ Մեծ մասը չկա որեւէ տեղ։ Նյութերը հավաքել ենք հարցումներով, հանրագիտարաններով, հանդիպումներով, ամեն կերպ։ Նույնիսկ նյութեր կան՝ հանրագիտարաններում սխալ են»,- ասում է Մալինյանը։ Իսկ մյուս գիրքը վերաբերում է ամբողջ Տավուշի մարզի տեղանուններին․ դրա նյութերի հավաքագրման համար տարիներ են պահանջվել։  Մալինյանի հետազոտական աշխատանքները կարդացել են նրա մտերմիները, գրող ընկերները ու շատ հավանել, առաջարկել նաեւ գեղարվեստական գործեր գրել։ Ինչն էլ, պարզվել է, լավ էլ ստացվում է Մալինյանի մոտ։ Հիմա նա երկու նոր գրքի վրա է աշխատում․ «Վերջերս սկսել եմ բանաստեղծություններ գրել։ Էդ գրողների ջրերն եմ ընկել»,- կատակելով ասում է զրուցակիցս,- «Բայց երբ ինձ Գրողների միության տոմսը տալիս էին, ասի՝ պարոն Միլիտոնյան, մորուք չեմ պահելու»,- ծիծաղում է Մալինյանը, հետո ինձ նվիրում տեղանունների իր բառարանն ու խորհուրդ տալիս․ «Տավուշի մարզում ուր էլ գնաս, կկարդաս, նոր կգնաս»։  Թեեւ Մալինյանն ունի համակարգիչ, բայց սիրում է ձեռագրով աշխատել։ Նոր նյութերը գրում է ճերմակ թղթերի վրա, պահում հին թղթապանակում։ Նոր աշխատանքներից մեկը կոչվում է «Գլուխս բարձին դնելուց առաջ»․ այս աշխատանքում Մալինյանն իր մտքերն է գրառում, որոնք այցելում են ուշ երեկոյին, երբ բոլորն արդեն քնել են, երբ պատուհանից դուրս միայն ծղրիդների փսփսոցն է։  Հարցնում եմ՝ իսկ անցած բաներին շա՞տ եք անդրադառնում, թե՞ միշտ առաջ։ Հոգոց հանելով է պատասխանում Մալինյանը․ «Հա՜հ, անցած բաներին շատ եմ անդրադառնում․․․ Բայց»,- մեկ էլ ժպիտը դեմքին է գալիս,- «էն փնթփնթան բիձեքից չեմ, էլի՜, նորություններ շատ եմ սիրում»։ Անցյալից խոսելիս արձակած այդ հոգոցը, ինձ թույլ եմ տալիս կարծել, եղբոր մասին է։ Ռուսլան Մալինյանի եղբայրը՝ Հարություն Մալինյանը, Ոսկեպարում տեղի ունեցած «Օղակ» գործողության զոհերից է։ Նրա երկու թոռնիկները՝ Մերին ու Հայկը, Ռուսլան Մալինյանի տանից ինձ ուղեկցում են դեպի Հարություն Մալինյանի հուշաքարի մոտ։ Հարություն Մալինյանի հուշաքարը Երեխաներն ամբողջ ճանապարհին լուռ են լինում, հետո միասին գնում ենք Լճկաձորի ժամը՝ եկեղեցին, որ թվագրվում է 19-րդ դարին։ Այդ եկեղեցու քանդված պատերի արանքում էլ անցյալի հոգոցներ կան։ Լճկաձորի ժամը՝ եկեղեցին Բայց այդ հոգոցները ցրում է Լճկաձորից դեպի սարերը բացվող տեսարանը, որտեղ, երեւի, նիրհում են այն բոլորի հոգիները, որոնց ժամանակը հիշողություն է դարձնում։  Հայարփի Բաղդասարյան
23:53 - 06 հուլիսի, 2022
Գլխավոր շտաբի պետը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Գլխավոր շտաբի պետը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը, ինչպես նախագծի քննարկման ընթացքում ասել էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, օրենքում նորովի են շարադրվում պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունները՝ նպատակ ունենալով ամրագրել Սահմանադրության մի շարք հոդվածներով կառավարությանը վերապահված իրավասությունները։ Ի թիվս այլնի, օրինագծով սահմանվում է, որ  ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ի պաշտոնե կդառնա պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, որը, սակայն, չի հանդիսանա պաշտպանության նախարարին փոխարինող պաշտոնատար անձ, ինչպես նաև այդ կապակցությամբ առանձնահատուկ կարգավորումներ են կատարվում նաև պետական կառավարման համակարգը կանոնակարգող մի շարք այլ օրենքներում։  Նախագիծն ընդունվեց 55 կողմ, 0 դեմ ձայներով։
16:25 - 06 հուլիսի, 2022
Ընդդիմության քաղաքական օրակարգը ոչ թե ՀՀ-ի բարօրությունն  է, այլ օր առաջ իշխանություններին ձախողման հասցնելը․ Պապիկյան

Ընդդիմության քաղաքական օրակարգը ոչ թե ՀՀ-ի բարօրությունն է, այլ օր առաջ իշխանություններին ձախողման հասցնելը․ Պապիկյան

Սա այն ճանապարհն է, որի միջոցով փորձելու ենք համակարգային փոփոխությունների գնալ և, ըստ էության, համակարգը դարձնել ավելի սահուն, ղեկավարման օղակը դարձնել վերից վար։ Այս մասին ԱԺ-ում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններին, որոնցով, ի թիվս այլնի, նախատեսվում է, որ Գլխավոր շտաբի պետը կդառնա պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։  «Սա չի նշանակում, որ մենք խուսափելու ենք Զինված ուժերին, նախարարության կողմից նախարարի կողմից քաղաքացիական վերահսկողություն իրականացնելուց, բայց սա նաև չի ենթադրում, որ մենք խուսափելու ենք քաղաքական պատասխանատվություն կրելուց»։ «Որպեսզի տարընթերցումներ ու այլ հարցեր չառաջանան, շատ հստակ եմ ասում՝ իշխանությունը, որ ժողովուրդը արտոնել է մեզ, մեզ իրավունք է վերապահում և մենք պատրաստվում ենք մեր իշխանությունը իրացնել ամբողջությամբ։ Սուրեն Պապիկյանը նաև ընդդիմության բացակայությանը անդրադաարձավ՝ ընդգծելով, որ նրանց շարքերում շատերը զինվորական ծառայության փորձ ունեն․ «Ես այն մարդը չեմ, ով այդ գիտելիքները կամ օբյեկտիվ առաջարկները կարող էի մերժել։ Բնանակաբար, չէի մերժելու, բայց չեն հնչել այդպիսիք, պատատակերին և թաքուն քննադատությունները ես չեմ ընդունելու նույնիսկ ի գիտություն, որովհետև բարի լինեին մեր գործընկերները, գային այստեղ քննարկումների միջոցով, առաջարկների միջոցով, օրենքով իրենց վերապահված լիազորությունների և այո պարտավարությունների, որովհետև ՀՀ քաղաքացին տիկնանց և պարոններին ուղարկել է այստեղ ծառայելու ի շահ ՀՀ-ի, ոչ ի շահ իրենց քաղաքական օրակարգի։ Իրենց քաղաքական օրակարգը, ես վստահ եմ, ոչ թե ՀՀ-ի բարօրությունն  է, այլ օր առաջ իշխանություններին ձախողման հասցնելը, հանգեցնելը»։ Նրա խոսքով՝ ընդդիմությունը երկիրը փորձում է մղել դեպի անորոշություն․ «Ընդդիմության ԱԺ պատգամավորը իրեն իրավունք է վերապահում, երևի շփոթել է, որ ինքը այլևս չի զբաղեցնում գերատեսչության ղեկավարի պաշտոնը կամ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, զանգել է զինվորականներից մեկին, մասնավորապես՝ գլխավոր զինկոմին և ինչ-որ հարցադրումներ է արել՝ ի՞նչ իրավունքով եք զորակոչում ընդդիմության երիտասարդներին, պատանիների։ Ժողովուրդ, դուք ՀՀ քաղաքացի եք, թե՞ ոնց։ Ճիշտ է ասվում, երկիրը Երևանում պաշտպանելը, փրկելը  հեշտ է, երբ դա կատարվում է փափուկ, հանգիստ, բայց իհարկե չեք փրկում, դուք ընդամենը անում եք այն, ինչի մասին խոսեցի։ Փորձում եք մեզ մղել դեպի անորոշություն, մեր երկիրը տանել դեպի անորոշություն»։ Պապիկյանը ընդդիմադիրներին կոչ արեց այլևս չզանգել զինվորականներին կամ քողարկված կոչեր անել զինվորականներին․ «Նման կոչերը նաև քաղաքական պատասխանատվություն և կարծում եմ, որ մեր իրավապահները այս առումով պետք է ուշադիր լինեն, որովհետև իմ ականջին նման քողարկված կոչեր հասել են»։
16:11 - 06 հուլիսի, 2022
Ռուբեն Ռուբինյանը անդրադարձավ նիստերից ընդդիմության բացակայությանը

Ռուբեն Ռուբինյանը անդրադարձավ նիստերից ընդդիմության բացակայությանը

«Պաշտպանության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու» մասին նախագծի քննարկման ընթացքում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նախագծի հարակից զեկուցող, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանից հետաքրքրվեց՝ ընդդիմությունը ներկա եղե՞լ է հանձնաժողովի նիստերին, որոնց ընթացքում քննարկվել է «Պաշտպանության մասին» օրենքում և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակ մասին» օրենսդրական նախաձեռնությունները։ «Հավանաբար նկատել եք, որ ընդդիմությունը այս նիստին ներկա չէ։ Այս նախագծերը երբ հանձնաժողովում քննարկում էիք, գուցե ընդդիմությունը այդտեղ էր ներկա էր»,- ասաց Ռուբինյանը։ Վիլեն Գաբրիելյանն էլ պատասխանեց՝ տվյալ նախագծերի քննարկմանը ընդդիմությունը ներկա չի եղել․ «Բայց ես որքան տեղյակ եմ, ընդդիմությունը հիմա ավելի շատ կապված պաշտպանության նախարարության հետ այլ բողոքներ ունի, որ իրենց համակիրներին հիմա զորահավաքի են հրավիրում։ Գուցե դրա համար չկան»։ Ռուբինյանն էլ արձագանքեց․ «Տարօրինակ բան է ստացվում։ Փաստորեն ընդդիմությունը հայտարարում է, որ Ազգային ժողով կգա միայն իրենց օրակարգով և միակ տրամաբանական եզրահանգումը, որին կարող ենք գալ, այն է, որ պաշտպանությունը և զինվորական ծառայությունը և զինծառայողի կարգավիճակը իրենց օրակարգի մաս չեն կազմում»։ Այնուհետև Ռուբինյանը այս առնչությամբ նաև ելույթ ունեցավ․ «Եթե իրենց օրակարգը փողոցում չի, այստեղ չի, պաշտպանությունը չի, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը չի, բա ո՞րն է իրենց օրակարգը։ Ես կարծում եմ՝ իրենց օրակարգի մասին պատկերացում կարելի է կազմել վերջին օրերի իրենց հանրային ակտիվությամբ, իսկ իրենց հանրային ակտիվությունը վերջին օրերին սահմանափակվել է հետևյալով․ հրաժարականներ իրենց պաշտոններից, մի քանի հոգու դեպքում էլ մանդատների վայր դնում։ Հետևաբար, կարծում եմ՝ կարող ենք եզրակացնել, որ այս օրերին ընդդիմության միակ օրակարգը Ազգային ժողովից գլխիկոր փախնելն է»։
15:06 - 06 հուլիսի, 2022
Գլխավոր շտաբի պետը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ․ ԱԺ-ն քննարկեց կառավարության ներկայացրած նախագիծը

Գլխավոր շտաբի պետը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ․ ԱԺ-ն քննարկեց կառավարության ներկայացրած նախագիծը

Սուրեն Պապիկյանը այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում Պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծով օրենքում  նորովի են շարադրվում պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունները՝ նպատակ ունենալով ամրագրել Սահմանադրության մի շարք հոդվածներով կառավարությանը վերապահված իրավասությունները։  Այնուհետ Պապիկյանը ներկայացրեց նախատեսվող փոփոխությունները․ •  ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան ՀՀ տարածքից դուրս զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղապահ  կամ ռազմական գործողությունների մասնակցության, ռազմական դրություն հայտարարելու, պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին Ազգային ժողովին առաջարկություն ներկայացնելու, ԱԺ նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու, ինչպես նաև Զինված ուժերի գործունեության ուղղությունն ապահովող ուղղություններով որոշումների ընդունման։  •  Առանձին խմբավորվում և սահմանվում են զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ոլորտում իրավաությունները՝ նպատակ ունենալով դրանց հաղորդել համակարգային բնույթ։  •  Անվտանգության խորհրդի կողմից ընդունվող մի շարք պլաններ և ծրագրեր ներառվում են ՀՀ պաշտպանության պլանում՝ որպես Սահմանադրությամբ սահմանված պաշտպանության հիմնական ուղղությունները ներառող մեկ միասնական փաստաթուղթ։ Խմբագրվում և հստակեցվում են պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ու պաշտպանության նախարարի ու գլխավոր շտաբի պետի լիազորություների շրջանակը՝ այդ առումով Զինված ուժերի ապահովումների գործընթացում Պաշտպանության նախարարությանը վերապահելով բոլոր տեսակի նյութատեխնիկական միջոցների, պահեստային տնտեսությունների կառավարման և կենտրոնացված բեռնափոխադրումների կազմակերպման գործառույթները, Զինված ուժերի կարիքների համար գնումների գործընթացների իրականացման ամբողջ համալիրը։  •  ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ի պաշտոնե նախատեսվում է որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, որը, սակայն, չի հանդիսանալու պաշտպանության նախարարին փոխարինող պաշտոնատար անձ, ինչպես նաև այդ կապակցությամբ առանձնահատուկ կարգավորումներ են կատարվում նաև պետական կառավարման համակարգը կանոնակարգող մի շարք այլ օրենքներում։  •  Աշխարհազորի համակարգի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու դեպքում Գլխավոր շտաբի պատրաստության գլխավոր վարչությունում ձևավորված աշխարհազորային շտաբի փոխարեն աշխարհազորի անմիջական ղեկավարման գործառույթը վերապահվում է Զինված ուժերի գլխավոր շտաբի տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարությանը։
14:49 - 06 հուլիսի, 2022
Այս տարվա ռազմաուսումնական հաստատություններ ընդունվողները 2026 թ․-ին անմիջապես կստանան իրենց բնակարանները․ ԱԺ-ում քննարկվեց կառավարության նախագիծը

Այս տարվա ռազմաուսումնական հաստատություններ ընդունվողները 2026 թ․-ին անմիջապես կստանան իրենց բնակարանները․ ԱԺ-ում քննարկվեց կառավարության նախագիծը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում ներկայացրեց «Զինվորական ծառայության» և «Զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախարարը նշեց, որ օրինագծով նախատեսվում է ռազմաուսումնական հաստատությունը ավարտած և պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար սահմանել բնակարանային ապահովության նոր տեսակ, այն է ՝ անհատույց օգտագործման և անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք։ Պապիկյանի խոսքով՝ առաջարկվող բնակարանային ապահովությունը կխթանի և առավել գրավիչ կդարձնի ռազմաուսումնական հաստատություններում սովորելու միջոցով բազային ռազմական  կրթություն ստանալը և կադրային զինվորական ծառայություն ընտրելու գործընթացը։ «Առաջարկվող բնակարանային ապահովությունը ենթադրում է 2022 թ․-ի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառությունն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարանների հատկացում, իսկ 20 տարվա զինծառայության ժամկետը լրանալու, ինչպես նաև մինչև պայմանագրի ժամկետը լրանալը առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինծառայությունից արձակվելու և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավուքն ձեռք բերելու դեպքում այդ բնակարանը զինծառայողին անհատույց կարգով տրամադրում»։ Նա ավելացրեց՝ զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու  դեպքում զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանը սահմանված կարգով անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է զոհված  զինծառայողի ընտանիքի անդամներին: Սուրեն Պապիկյանը մանրամասնեց՝ զինծառայողը Երևան քաղաքում կստանա 3 սենյականոց բնակարան, որի առավելագույն գինը 28.5 միլիոն դրամ է սահմանված․ «Սա ենթադրելու է, որ այս տարվա ընդունվողները արդեն 2026 թ․-ին անմիջապես կստանան իրենց բնակարանները և կտնօրինեն մինչև ծառայության ավարտը ամեն կերպ՝ բացառությամբ դա վաճառելու իրավունքը։ Որ պահին 20-ամյա ծառայությունից նրանց ծառայությունը կդադարեցվի, տարբեր պատճառներով ու եթե դրանք վերը նշված պատճառները չեն՝ հիվանդություն, Աստված մի արասցե, մահացության պատճառով, ապա տվյալ պարագայում նրանցից բնակարանը ետ կվերցվի և կգտնվի պաշտպանության նախարարության բալանսում»։ Ըստ նախարարի՝ սեփականության իրավունքը սպան կստանա 20 տարվա ծառայությունից հետո, այդ ժամանակ կարող է վաճառել բնակարանը։ Նա նաև նշեց, որ զինծառայողները կարող են վարձակալության հանձնել բնակարանները։  «Գնման գործընթացի մեկնարկը պետք է սկսի 2023 թ․-ից, որպեսզի կարողանանք 2026 թ․-ին մեր գործընկերներին ապահովել բնակարաններով»,-հավելեց Պապիկյանը։
14:26 - 06 հուլիսի, 2022
Նշանակալի ավանդ ունեցող օտարեկրյա քաղաքացիներին պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն կտրամադրվի

Նշանակալի ավանդ ունեցող օտարեկրյա քաղաքացիներին պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն կտրամադրվի

Ազգային ժողովը այսօր արտահերթ նստաշրջանի ընթացքում քննարկեց ՀՀ քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որով տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն կտրվի պարզեցված կարգով ստանալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ինչն էլ կհանդիսանա նշված բնագավառների զարգացման էական գործոն։   Նախագծի հիմնական զեկուցող Արա Ֆիդանյանն ասաց՝  նախագծով նախատեսվում է նաև, որ տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագարությունը և գնահատման չափորոշիչները սահմանելու լիազորությունը կվերապահվի ՀՀ կառավարությանը։
13:42 - 06 հուլիսի, 2022
Նախատեսվում է մինչև 15 տարվա վաղեմության ՄԻԵԴ-ի վճիռներով բացահայտված խախտումներով դատավորի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթներ

Նախատեսվում է մինչև 15 տարվա վաղեմության ՄԻԵԴ-ի վճիռներով բացահայտված խախտումներով դատավորի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթներ

Մինչև 15 տարվա վաղեմություն ունեցող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռներով բացահայտված խախտումներով դատավորի նկատմամբ կարող են հարուցվել կարգապահական վարույթներ։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում ասաց Արդարդատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը ներկայացնելիս։ Փոխնախարարը պարզաբանեց, որ վարույթ կարող է հարուցվել նաև ՄԻԵԴ-ի այն վճիռներով, որոնք կայացվել են մինչև օրենսգրքի այս փոփոխությունը։ «Ընդ որում, մինչև այս փոփոխությունը ուժի մեջ մտնելը դատավորի լիազորությունները դադարեցնելու համար սահմանվել է բարձր նշաձող, մասնավորապես այս դեպքում լիազորությունների դադարեցում հնարավոր է լինելու կիրառել, եթե հիմնավորվի, որ դա ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով»։
12:34 - 06 հուլիսի, 2022
Որոշ բժշկական կենտրոններ կփոխեն գործունեության ուղղությունը․ Ավանեսյանը ներկայացրեց կառավարության նախագիծը

Որոշ բժշկական կենտրոններ կփոխեն գործունեության ուղղությունը․ Ավանեսյանը ներկայացրեց կառավարության նախագիծը

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը, Հանրապետական անձավաբուժական կենտրոն և Վարդենիսի ստոմոտալոգիական կենտրոն ՓԲԸ-ներին հնարավորություն կտրվի փոխել իրենց գործունեության ուղղությունը։ Այս մասին ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ․ ծրագրի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու նախագիծը ներկայացնելիս։ Նախարարը նաև նշեց՝  նախատեսվում է «Պետական  գույքի մասնավորեցման 2017-2020 թթ․ ծրագրից» հանել Նևրոզների կլինկա ՓԲԸ-ն։  «Վերը նշված բժշկական կենտրոններից այս պահին միայն գործում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը։ Բժշկագիտության զարգացման ներկա պայմաններում մեր տեսլականի մեջ է այն ներառել բազմապրոֆիլ բժշկական կենտրոններում՝ որպես առանձին ծառայություն։ Նևրոզների կլինիկայի գործունեությունը ընդհանուր առմամբ տեղափոխվելու է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն և փորձելու ենք դրա շրջանակում զարգացնել այս ծառայությունը՝ համապարփակ, մեկ բժշկական կենտրոնի շրջանակներում։ Այդ նպատակի համար արդեն իսկ պետության կողմից հատկացվել է ֆինանսական միջոցներ վերանորոգման և վերազինման համար և մենք այս ծրագրի արդյունքում կունենանք ավելի որակյալ, հասանելի բժշկական օգնություն մեր քաղաքացիների համար»,-ասաց նախարարը։
11:58 - 06 հուլիսի, 2022
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նստաշրջանը․ օրակարգում 23 հարց կա

Մեկնարկել է ԱԺ արտահերթ նստաշրջանը․ օրակարգում 23 հարց կա

Այսօր Ազգային ժողովում արտահերթ նստաշրջան է մեկնարկել՝ կառավարության նախաձեռնությամբ։ Օրակարգում 23 հարց կա, այդ թվում՝ օրինագիծը, ըստ որի՝ Գլխավոր շտաբի պետը կդառնա պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Կառավարությունը առաջարկել է որոշ հարցեր քննարկել հատուկ ընթացակարգով, այսինքն՝ նախագծերի երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցումից հետո` 24 ժամվա ընթացքում։ Նախագծերը հատուկ ընթացակարգով քննարկելու հիմնավորումները ներկայացնելիս Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հիշեցրեց՝ ԱԺ հերթական նստաշրջանը մեկնարկելու է սեպտեմբերին, սակայն կան օրենսդրական նախաձեռնություններ, որոնց քննարկումը նպատակահարմար է կազմակերպել մինչև սեպտեմբեր ամսվա հերթական նիստերի մեկնարկը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, սակայն, կոչ արեց կառավարությունը հետագայում խուսափել նման պրակտիկայից․ «23 հարց ենք քննարկում, 15-ը՝ առաջինից երկրորդ ընթերցում մի օրում։ Ես գտնում եմ, որ այս պրակտիկան պետք է դադարեցվի, չի կարելի Ազգային ժողովը նման վիճակում դնել։ Ինչպես ենք 3 օրում 15 հարց քննարկելու, ուսումնասիրելու, առաջարկություններ ներկայացնելու»։
11:23 - 06 հուլիսի, 2022