ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Հայաստանի և Կանադայի արտգործնախարարները պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ

Հայաստանի և Կանադայի արտգործնախարարները պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ

Փետրվարի 19-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ: ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված արդյունավետ համագործակցության կապակցությամբ: Նախարար Ժոլին վերահաստատել է Կանադայի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործնական քայլեր ձեռնարկելու հայ-կանադական հարաբերությունների դրական դինամիկան ամրապնդելու ուղղությամբ: Զրույցի ընթացքում ԱԳ նախարարները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք կարևոր հարցեր:
20:07 - 19 փետրվարի, 2022
Մյունխենում հանդիպել են Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները

Մյունխենում հանդիպել են Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները

Մյունխենում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 19-ին հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ նախարարները գոհունակություն են հայտնել երկու ժողովուրդների միջև պատմական կապերի և փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունների դրական դինամիկայի առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով որակական նոր մակարդակի հասցնելու հայ-իրանական համագործակցությունն անվտանգային, առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, զբոսաշրջության ու մշակույթի և այլ ոլորտներում։ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն ընդգծել են «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի վերջնականացման և ստորագրման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարևորելով փորձագետների՝ 6-րդ հանդիպման կազմակերպման նպատակով միասնական ջանքերի ներդրումը։ Արարատ Միրզոյանը և Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանն անդրադարձ են կատարել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի լայն շրջանակի։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի, ինչպես նաև՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նա բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը: Ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության խաղաղ և տևական կարգավորման անհրաժեշտությունը:
17:17 - 19 փետրվարի, 2022
Արարատ Միրզոյանը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ զրուցել է համագործակցության հաստատման հեռանկարների շուրջ

Արարատ Միրզոյանը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ զրուցել է համագործակցության հաստատման հեռանկարների շուրջ

Փետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մյունխենում հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆայսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ։ Այս մասինտեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների և համագործակցության հաստատման հեռանկարների շուրջ՝ պատրաստակամություն հայտնելով աշխատանքներ իրականացնել երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման գործում։ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ առկա է համապատասխան ներուժ՝ զարգացնելու համագործակցությունը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում։ Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարներն ընդգծել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացման, ներդրումային ծրագրերի իրականացման և գործարար շրջանակների միջև շփումների հաստատման կարևորությունը։
15:44 - 19 փետրվարի, 2022
Արարատ Միրզոյանը Գերմանիայի ԱԳ պետնախարարի հետ քննարկել է հայ գերիների հայրենադարձման հարցը

Արարատ Միրզոյանը Գերմանիայի ԱԳ պետնախարարի հետ քննարկել է հայ գերիների հայրենադարձման հարցը

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մյունխենում փետրվարի 18-ին հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ պետնախարար Տոբիաս Լինդների հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում երկու պետությունների միջև արդյունավետ համագործակցության շուրջ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ է արձանագրել Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների դրական դինամիկան՝ խարսխված պատմական կապերի, ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա։Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Արարատ Միրզոյանը և Տոբիաս Լինդները երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ պատրաստակամություն են հայտնել խորացնելու երկու երկրների միջև համագործակցությունը։Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը:Քննարկվել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման հարցը։Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ 
10:58 - 19 փետրվարի, 2022
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հնդկաստանի ԱԳՆ-ների միջև

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հնդկաստանի ԱԳՆ-ների միջև

Փետրվարի 18-ին հեռավար ձևաչափով տեղի է ունեցել Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների 9-րդ նիստը։ Հայկական կողմից նիստը ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, հնդկական կողմից՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան ուղղության քարտուղար Ռինաթ Սանդհուն։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ բարձրաստիճան շփումների ընթացքն ու օրակարգը, Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման հարցերը, ինչպես նաև երկու երկրների ԱԳ նախարարների միջև 2021 թ․ հոկտեմբերին կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ քայլերը քաղաքական, առևտրատնտեսական, կրթության և մշակույթի, պաշտպանական, հաղորդակցությունների և զարգացման գործընկերության ոլորտներում: Երկուստեք անդրադարձ է կատարվել միջազգային տարբեր հարթակներում սերտ համագործակցությանը և դրա հետագա խորացմանը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև մի շարք միջազգային, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ։
18:33 - 18 փետրվարի, 2022
Արարատ Միրզոյանը Լիլա Պիտերս Յահիայի հետ հանդիպմանը շեշտել է ԼՂ-ում միջազգային մասնագիտացված կառույցների ներգրավվածության անհրաժեշտությունը

Արարատ Միրզոյանը Լիլա Պիտերս Յահիայի հետ հանդիպմանը շեշտել է ԼՂ-ում միջազգային մասնագիտացված կառույցների ներգրավվածության անհրաժեշտությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 17-ին ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիային: ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարը գոհունակություն է հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հետ արդյունավետ փոխգործակցության առնչությամբ և կարևորել ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների հետ շարունակական սերտ համագործակցությունը` Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման ուղղությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի՝ ՄԱԿ անդամակցության 30-ամյակի շրջանակներում նախատեսվող միջոցառումներին: Կողմերը քննարկել են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները։ Արարատ Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղում միջազգային մասնագիտացված կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի գործակալությունների անխոչընդոտ ներգրավվածության անհրաժեշտությունը:
17:53 - 17 փետրվարի, 2022
Փորձագետները կարևորում են, որ Երևանն ու Անկարան հստակ պատկերացնեն իրենց ակնկալիքները, ՀՀ-ն սահմանի «կարմիր գծերը» |azatutyun.am|

Փորձագետները կարևորում են, որ Երևանն ու Անկարան հստակ պատկերացնեն իրենց ակնկալիքները, ՀՀ-ն սահմանի «կարմիր գծերը» |azatutyun.am|

azatutyun.am: Երևանի և Անկարայի բանագնացների երկրորդ հանդիպումից առաջ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և գիտական ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ։ Երեկվա հանդիպմանը մասնակցած Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կոռեկտ չհամարեց հանդիպումից մանրամասներ փոխանցել, միայն նկատեց՝ շատ կարևոր է, որ այս գործընթացի հենց սկզբում կողմերը հստակ պատկերացնեն իրենց ակնկալիքները: «Այստեղ խոսքը երկու երկրների ուղիղ փոխգործակցության մասին է։ Կողմերը գործընթացը սկսել են առանց նախապայմանների, բայց ակնհայտ է, որ ընթացքում կսկսվեն խոսակցությունները կարելիների և չի կարելիների մասին։ Այս ամենը պետք է դիտարկել տարածաշրջանային զարգացումների համատեքստում՝ մասնավորապես, Ադրբեջան, սահմանային հարցեր, Լեռնային Ղարաբաղ, «միջանցք», այս ամենը պետք է միասին դիտարկել։ Տարբերակներից մեկը կարող է սա լինել՝ մտնել գործընթացի մեջ և հետո հասկանալ, թե Հայաստանը ինչպես կարող է գոյատևել։ Մոտավորապես նույնը Թուրքիայի պարագայում է։ Պետք է հստակ ռազմավարություն ունենալ և հասկանալ` ինչ ես ուզում, որովհետև նպատակները կարող են շատ տարբեր լինել», - ասաց նա։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, որը ևս մասնակցել է քննարկմանը, ողջունում է իշխանությունների այս նախաձեռնությունը։ Վստահ չէ, որ այն շարունակական բնույթ է կրելու, բայց ասում է՝ կարևոր է գործընթացում մասնագետների ներգրավումը։ Սաֆրաստյանը քննարկմանը հայ-թուրքական կարգավորման մասին իր պատկերացումներն է ներկայացրել, մասնավորապես, որ հայկական կողմը պետք է «կարմիր գծեր» սահմանի։ Դա, ըստ ակադեմիկոսի, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն է: «Կարևորն այն է, որ բանակցային գործընթացում պետք է մենք այնպիսի զիջումներ չանենք, որոնք կլինեն մեզ համար սկզբունքային նշանակություն ունեցող խնդիրներ, պետք է «կարմիր գծեր» դնել, որոնք բանակցությունների ընթացքում ուղղակի անցնել չի կարելի, ինչպես Կանտն էր ասում, կատեգորիկ իմպերատիվ են դրանք, մասնավորապես Ցեղասպանության հետ կապված խնդիրը: Չեմ կարող ասել` շարունակություն կունենա այս նախաձեռնությունը, թե չէ, որովհետև դա մենք չենք որոշում, Արտգործնախարարությունն է որոշում, և ինչ ձևաչափ կլինի` դա էլ չեմ կարող ասել», - հավելեց նա:
16:43 - 17 փետրվարի, 2022
Հայաստանը և Բրազիլիան տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Հայաստանը և Բրազիլիան տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Հայաստանը և Բրազիլիան տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ,  Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. փետրվարի 17-ին: Հայաստանը գործընկերային և կառուցողական հարաբերություններ ունի Բրազիլիայի հետ, որն իր ՀՆԱ-ով, ըստ ՄԱԿ-ի և Համաշխարհային բանկի տվյալների, աշխարհի առաջին 10 պետությունների թվում է: Հայաստանից առաջին բարձր մակարդակի այցը Բրազիլիա տեղի է ունեցել դեռ 1991 թ. դեկտեմբերին, երբ աշխատանքային այցով այդ երկիր է մեկնել ՀՀ արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ արդեն հաջորդ տարի՝ 1992 թ. հունիսին, պաշտոնական այցով Բրազիլիա է այցելել նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Բրազիլիայից ամենաբարձր մակարդակի այցը եղել է 2017 նոյեմբերին, երբ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Բրազիլիայի արտգործնախարար Ալոիզիո Նունես Ֆերեյրայի գլխավորած պատվիրակությունը: 1998 թ. մարտից բրազիլական ամենամեծ քաղաքում՝ Սան Պաուլոյում գործում էր ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: 2011 թվականին Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բրազիլիայում հիմնադրվել է ՀՀ դեսպանությունը: Բրազիլիայի դեսպանությունը Հայաստանում գործում է 2006 թ. օգոստոսից: 30 տարվա ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է 8 համաձայնագիր, որոնցից առաջինը 2002 թ. մայիսի 7-ին ստորագրված համաձայնագիրն է Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև մշակութային համագործակցության մասին: Նույն օրը Հայաստանի և Բրազիլիայի նախագահներն ընդունել են համատեղ հայտարարություն: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով 2021 թվականին երկկողմ ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Բրազիլիայի միջև կազմել է մոտ 55 մլն ԱՄՆ դոլար: Հայաստանից Բրազիլիա է արտահանվում քլորոպրենային կաուչուկ, քիմիական տարբեր ապրանքներ և նյութեր, մետաղյա խողովակներ, իսկ ներմուծվում է միս և մսամթերք, սուրճ, թութուն, քաղցրավենիք և այլ ապրանքատեսակներ: Բրազիլիայում կա հայ համայնք: Հայերն այս երկրում հաստատվել են դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսից: 1895 թվականին Բրազիլիայում ապրում էր շուրջ 100 հայ: 1948 թվականին, ըստ Եզնիկ քահանա Վարդանյանի «Հայերը Բրազիլիայում» գրքի, բրազիլահայերի թիվն արդեն հասնում էր 20 հազարի: Ընդունված է համարել, որ ներկայում Բրազիլիայում ապրում է 20-25 հազար հայ: Բրազիլիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
11:17 - 17 փետրվարի, 2022
Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ «Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Զրուցակիցները ընդգծել են հայ֊ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերի ձեռնարկումը և սահմանազատման և սահմանագծման հարցերով մեխանիզմների ձևավորումը։ Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
18:44 - 15 փետրվարի, 2022
Հայաստանի հետ հարաբերություններն ունեն ամուր հիմքեր. Արգենտինայի ԱԳ նախարարի հարցազրույցը |armenpress.am|

Հայաստանի հետ հարաբերություններն ունեն ամուր հիմքեր. Արգենտինայի ԱԳ նախարարի հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: Արգենտինան դիրքավորվել է Հայաստան ուղղված ամենախոշոր ներդրումային հոսքերով առնվազն տասը առաջատար երկրների ցանկում։ Հիմնվելով երկու տնտեսություններում առկա ներուժի վրա՝ հիմնավոր սպասումներ կան, որ հնարավոր է մեծացնել առևտրի ծավալը։ Քաղաքական երկխոսությունը զարգանում է ներդաշնակորեն՝ համագործակցության նոր ոլորտներ հայթայթելու հաստատակամությամբ։ Այս մասին հայտարարել է Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Սանտիագո Անդրես Կաֆիերոն՝ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում: -Հայաստանն ու Արգենտինան այս տարի տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ինչպե՞ս եք գնահատում երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակը: Ձեր գնահատմամբ՝ ինչպե՞ս է զարգանում քաղաքական երկխոսությունը: -Իսկապես, մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակի նշման կապակցությամբ հունվարի 17-ին փոխանակել ենք նամակներ իմ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, որոնցում երկուստեք ընդգծել ենք մեր ժողովուրդներին միավորող պատմական բարեկամական կապերը և ընդհանուր հայացքն առ ապագա՝ բարեկամության և համագործակցության ընդհանուր հորիզոնից։ Այդ առումով, նպատակահարմար եմ համարում հիշեցնել, որ Արգենտինայի կողմից Հայաստանի՝ որպես ինքնիշխան և անկախ պետության ճանաչումը եղել է 1920թ.։ Հետագայում, ԽՍՀՄ-ի կազմաքանդումից հետո, հաստատեցինք դիվանագիտական հարաբերություններ 1992թ. սկզբին։ Նախ` Հայաստանն իր դեսպանությունը բացեց Արգենտինայում 1994թ. մայիսին, հետո իմ երկիրը Հայաստանում՝ 2010թ. մայիսին։ Արգենտինան դրական է գնահատում Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները, որոնք ունեն ամուր հիմքեր և հիմնված են մեր ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության երկարատև ավանդույթների վրա։ Այդ համատեքստում, քաղաքական երկխոսությունը զարգանում է ներդաշնակորեն՝ կապերը շարունակաբար խորացնելու և համագործակցության նոր ոլորտներ հայթայթելու մեր կողմից առկա կամքով։ -Աշխարհում համավարակն ազդեցություն թողեց բոլոր երկրների տնտեսական կապերի վրա: Բացասական ներգործությունից անմասն չեն նաև Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալները: Թեև երկու երկրների առևտրատնտեսական կապերը բավական համեստ են, արդյոք տեսնո՞ւմ եք ներուժ կապերի աշխուժացման և ո՞ր ոլորտներում: Հայաստանի տնտեսության ո՞ր բնագավառներն են հետաքրքրություն ներկայացնում Արգենտինայի գործարարների համար՝ նոր կապեր ստեղծելու առումով: -Համամիտ եմ Ձեր նկատառման հետ՝ համավարակի առաջացրած, և դեռ առկա  բացասական հետևանքների վերաբերյալ, բոլոր առումներով, և հատկապես երկրների հարաբերման հարթությունում։ Եթե խոսենք տնտեսական հարաբերությունների մասին ընդհանուր առմամբ, վերջին տասնամյակի ընթացքում Արգենտինան դիրքավորվել է Հայաստան ուղղված ամենախոշոր ներդրումային հոսքերով առնվազն տասը առաջատար երկրների ցանկում։ Ամբողջ Եվրասիայում Արգենտինան կարողացել է ունենալ այդպիսի դիրքավորում միայն Հայաստանում և կարծում եմ, որ դա ընդգծման արժանի հանգամանք է։ Մյուս կողմից, ճշմարիտ է, որ մեր առևտրային փոխանակումները դեռ համեստ են։ Սակայն, հիմնվելով այն ներուժի վրա, որ տեսնում ենք մեր երկու տնտեսություններում, հիմնավոր սպասումներ ունենք, որ ունակ կլինենք մեծացնելու մեր առևտրի ծավալը։ Այս առումով, Երևանում Արգենտինական առևտրային պալատի ստեղծումը 2021թ. սեպտեմբերին, որը խթանվել է մեր դեսպանության կողմից, կարևոր գործիք կլինի առևտրի զարգացումը շարունակելու համար, կծառայի որպես կամուրջ երկու երկրների գործարարների միջև, կխթանի փոքր և միջին ձեռնարկատիրությունը և կընդգրկի երիտասարդ փորձագետներին։ Նույն տրամաբանությամբ, 2021թ. օգոստոսին ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր «Էնթերփրայզ Արմենիա»-ի ու Ներդրումների և միջազգային առևտրի արգենտինական գործակալության միջև, որը թույլ կտա ամրապնդել համատեղ առևտրատնտեսական նախաձեռնությունները։ Այսինքն, նույնիսկ համավարակի ժամանակաշրջանում կարողացել ենք հասցեական քայլեր ձեռնարկել ուղղված մեր առևտրային փոխանակումների աճին։ -Հայաստանն ու Արգենտինան զարգացնում են համագործակցությունը նաև միջազգային բազմակողմ հարթակներում: Արգենտինան Ֆեդերիկո Վիլեգասի գլխավորությամբ 2022թ. նախագահում է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի Մարդու իրավունքների խորհրդում, որտեղ բոլորովին վերջերս փոխնախագահ ընտրվեց ՀՀ ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը: Բազմակողմ հարթակներում երկու երկրների գործակցությունն ինչպե՞ս կբնութագրեք և խորացման ինչպիսի՞ հեռանկար եք տեսնում: -Մեր երկրները կիսում են արժեքներ և տեսլականներ, որոնք բազմակողմ ոլորտում, արտահայտվում են հստակ քայլերով՝ ուղղված աղքատության դեմ պայքարին, անհավասարությունների նվազեցմանը, արժանապատիվ աշխատանքի ստեղծմանը, ինչը կտանի դեպի հավասարաչափ տնտեսական զարգացում։ Սրանք ընդամենը ուղղություններից մի քանիսն են։ Այս բոլոր նախաձեռնություններում կան ընդհանուր դիրքորոշումներ և հնարավորությունների լայն շրջանակ, որպեսզի աշխատենք միասնաբար մեր հայ բարեկամների հետ։ Այդ առումով, միջազգային հարաբերությունների այնպիսի պահի, ինչպիսին ներկան է, միջազգային հանրության առաջ ծառացած այդչափ և այդքան կարևոր մարտահրավերներով, բազմակողմանիությունը գերակա է դառնում, ինչպես երբևէ, որպես ամենակարևոր և օգտակար գործիքը, որից պետք է օգտվենք այն երկրներս, որոնք ունեն հակվածություն և հանձնառություն՝ տալու պատասխաններ շտապ հարցերի, ինչպիսիք են գլոբալ տաքացումը, գենդերային անհավասարությունների դեմ պայքարը կամ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումը։ Այս և այլ խնդիրների համար լուծումների փնտրտուքում, մեր երկրներն ունեն ընդհանուր տեսակետներ և խորքային ընդհանրություններ, որոնք, անկասկած, կարող են առաջացնել խելացի և արդյունավետ առաջարկներ այն տարաբնույթ բնագավառներում, որոնցում այդ հարցերը բարձրացվում են և քննարկվում։ Շարունակությունը՝ armenpress.am-ում
09:20 - 14 փետրվարի, 2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ

Փետրվարի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։ Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են հայ-հունական հարաբերությունների հարուստ օրակարգին: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության դինամիկայի կապակցությամբ: Ընդգծվել է փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերի կարևորությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման գործընթացի հետ կապված ընթացիկ զարգացումները:
16:57 - 11 փետրվարի, 2022
ԼՂ հակամարտության գոտի փաստահավաք առաքելության իրականացումը համարում ենք առաջնահերթ և հրատապ. ՀՀ ԱԳՆ

ԼՂ հակամարտության գոտի փաստահավաք առաքելության իրականացումը համարում ենք առաջնահերթ և հրատապ. ՀՀ ԱԳՆ

 44-օրյա պատերազմի ավարտից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի կողմից առաջարկված`  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի փաստահավաք առաքելության իրականացումը համարում ենք առաջնահերթ և հրատապ։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի տարածած հաղորդագրության մեջ. «Հայաստանը սատարում է այս առաքելության՝ հնարավորինս արագ կյանքի կոչմանը` «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիային և դրան կից երկու արձանագրություններին համահունչ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անհապաղ իրականացման անհրաժեշտությունն առաջացել է պատերազմի հետևանքով ադրբեջանական  վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացման վերահաս վտանգից պաշտպանելու համար: Հայկական հուշարձանների հանդեպ արդեն իսկ արձանագրված վանդալիզմի դեպքերը, ինչպես նաև Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից օրեր առաջ հայկական պատմամշակութային ժառանգության ինքնությունը խեղաթյուրելուն ուղղված աշխատանքային խմբի ստեղծման ազդարարումը փաստում են, որ նման վտանգն առավել քան իրական է։ Երևան և Բաքու ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակության այցելության առաջարկը դիտարկում ենք բացառապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից առաջարկված վերոնշյալ առաքելության շրջանակում»:
16:27 - 10 փետրվարի, 2022
Մենք դիտարկում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը տարածաշրջանային անվտանգության կոնտեքստում. Միրզոյան |armtimes.com|

Մենք դիտարկում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը տարածաշրջանային անվտանգության կոնտեքստում. Միրզոյան |armtimes.com|

armtimes.com: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդգծեց, որ ՀՀ ազգային անվտանգային ռազմավարության մեջ հստակ գրված է, որ Հայ ժողովրդի ազգային նպատակներն են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և վերացումը: Պատգամավորը  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց՝ արդյոք գործող կառավարությունը շարունակո՞ւմ է այս նպատակները պահպանել: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վստահեցրեց, որ Հայաստանի կառավարությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել բոլոր այն քայլերը, որոնց վերաբերյալ հանձնառություն է ստանձնել կառավարության ծրագրում: «Ծրագրում հստակ արձանագրված է, որ ՀՀ-ն շարունակելու է իր ջանքերը ինչպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, այնպես էլ աշխարհում մարդկության դեմ նման հանցագործության հետագա դրսևորումների կանխմանն ուղղված»: Արծվիկ Մինասյանը կրկնեց իր հարցը և ասաց՝ազգային անվտանգության կոնկրետ ռազմավարության այդ ձևակերպումը շարունակվո՞ւմ է պահպանվել: Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ իրենք դիտարկում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նաև Հայաստանի և հայ ժողովրդի, և տարածաշրջանային անվտանգության կոնտեքստում՝ իբրև հավելյալ երաշխիք հայ ժողովրդի համար:
17:51 - 09 փետրվարի, 2022