Ինֆոքոմ

Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակ՝ «FemInno» կոնֆերանսի ժամանակ

Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակ՝ «FemInno» կոնֆերանսի ժամանակ

Այսօր Երևանում սկսվեց տեխնոլոգիական ոլորտում, գիտության մեջ և բիզնեսում կանանց դերին և ներգրավվածությանը նվիրված «FemInno» կոնֆերանսը։ «FemInno»-ի հիմնադիր Սեդա Պապոյանը պատմում է, որ կոնեֆրանսին պիտի ներկա լիներ և ելույթ ունենար Սոնա Մնացականյանը։ Սոնան, սակայն, այս ապրիլին զոհվեց ավտովթարից․ վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող մեքենաներից մեկը  վրաերթի էր ենթարկել նրան։ Սեդա Պապոյանը Դժբախտ պատահարից հետո Սեդա Պապոյանը, Սոնայի քույրը, ամուսինը և այլք որոշեցին, որ պիտի Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակ տրամադրեն այն կանանց և աղջիկներին, որոնք ներգրավված են հետևյալ ոլորտներում՝ տեխնոլոգիաներ, գիտություն, կանաչ էներգիա։ Կրթաթոշակները տրամադրելու համար դրամահավաք կազամակերպվեց, որը դեռ շարունակվում է։ Կրթաթոշակի համար դիմած 40 հոգուց ընտրվեցին 10-ը, որոնց անունները հայտարարվեցին այսօր՝ կոնֆերանսի առաջին օրը։  Սոնայի փոխարեն ելույթ ունեցավ նրա ամուսինը՝ Աշոտ Վարդանյանը։ «Իմաստուններն ասում են՝ մենք ապրում ենք այնքան ժամանակ, քանի դեռ մեզ հիշում են, և քանի դեռ մեր առաքելությունը շարունակվում է։ Ես ու էլի մի քանի հոգի որոշեցինք, որ Սոնային և նրա տեսլականը կենդանի պահելու լավագույն ճանապարհներից մեկը օգնելն է այլոց հասնելու այն նպատակներին, որոնց ձգտում են»,- նշեց նա իր ելությում։ Աշոտ Վարդանյանը Աշոտ Վարդայանի խոսքով՝ 21-րդ դարում բազմաթիվ խնդիրներ պետք է լուծվեն՝ սկսած սովից մինչև գլոբալ տաքացում, և այդ խնդիրները լուծող մարդկանց կարիք կա․ «Ես հավատում եմ, որ այդ նորարարություններից շատերի հեղինակները կլինեն ոչ թե տղամարդիկ, այլ կանայք։ Գուցե այդ կանացից ոմանք արդեն այստեղ են»։ Կոնֆերանսին ներկա էր նաև Սոնա Մնացականյանի մայրը, որը մրցանակակիրներին հանձնեց կրթաթոշակների հավաստագրերը։ Ամերկյան համալսարանի երկրորդ կուրսի ուսանող Նազելի Տեր-Պետրոսյանը մեկն է այն աղջիկներից, որոնք այսօր  Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակ ստացան։ Նազելին պատմում է, որ պլանավորում էր սովորելուն զուգահեռ աշխատել, որպեսզի կարողանար ուսման համար վճարել։ Երբ նա իմացավ կրթաթոշակի մասին, դիմեց։ Այժմ Նազելիի ուսման վարձը կփոխհատուցվի, և նա կկարողանա ողջ ժամանակը տրամադրել ուսմանն ու նոր նախագծերին։ Նազելի Տեր-Պետրոսյանը Նազելին սովորում է համակարգչային գիտություններ բաժնում, դպրոցական տարիներին ռոբոտաշինության խմբակ է այցելել, հասցրել իր դպրոցում ռոբոտաշինություն դասավանդել ընկերներին։ Նա պլանավորում է ուսումն ավարտին հասցնել և գիտությամբ զբաղվել։ Անի Մելիքյանը ևս այսօր իմացավ, որ Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակ է ստացել։ Անին նոր է ավարտել դպրոցն ու ընդունվել Ամերիկյան համալսարան։ Նա նպատակ ունի ինժեներ դառնալու և իր սեփական ընկերությունը ստեղծելու։ Անի Մելիքյանը «Հույս ունենք, որ կրթաթոշակի միջոցով Սոնայի կիսատ մնացած գործն առաջ ենք տանելու այն մարդկանց շնորհիվ, որոնց մենք ընտրել ենք որպես Սոնայի անվան կրթաթոշակի մրցանակակիր»,- ասում է «FemInno» կոնֆերանսի հիմնադիր Սեդա Պապոյանը։ Աննա Սահակյան
23:04 - 30 հուլիսի, 2022
Ուզում ենք, որ սա դառնա նոր հնարավորությունների սկիզբ․ «FemInno» կոնֆերանսի հիմնադիր

Ուզում ենք, որ սա դառնա նոր հնարավորությունների սկիզբ․ «FemInno» կոնֆերանսի հիմնադիր

Լեհական «Perspektywy» կրթական հիմնադրամի տնօրեն Բիանկա Շիվինսկան (Bianka Siwińska) արդեն երկրորդ անգամ է Հայաստանում։ Առաջին անգամ նա Հայաստան է եկել 2020-ին, իսկ այս օրերին նա մեր երկրում է՝ մասնակցելու «FemInno» կոնֆերանսին։ Լուսանկարում՝ Բիանկա Շիվինսկան Տեխնոլոգիական ոլորտում, գիտության մեջ և բիզնեսում կանանց դերին և ներգրավվածությանը նվիրված «FemInno» կոնֆերանսը, որին մասնակցում են ավելի քան 30 բանախոսներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից, տեղի կունենա հուլիսի 30-ին և 31-ին։  Բիանկա Շիվինսկայի ընկերությունն աջակցում է ՏՏ ոլորտում աշխատող և գիտությամբ զբաղվող կանանց ու աղջիկներին։ «Ես այստեղ եմ՝ կիսվելու ՏՏ ոլորտի կանանց համար նախատեսված նախագծերի իմ փորձով։ Ինձ նաև շատ հետաքրքիր է, թե ինչ է կատարվում այստեղ, ՏՏ ոլորտի կանայք ինչ կարիքներ ունեն»,- նշում է նա։ Բիանկա Շիվինսկան և կոնֆերանսի այլ հյուրեր այսօր շրջայց կատարեցին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, ծանոթացան կենտրոնի պատմությանը, կրթական մոդելին։ Բիանկա Շիվինսկան պատմում է, որ «Թումոյի» մասին լսել էր դեռ 2020-ին, երբ առաջին անգամ էր Հայաստանում, իսկ այսօր առիթ եղավ այստեղ գալու։ ««Թումոն» հրաշալի է, ես նման բան երբեք չեմ տեսել ամբողջ աշխարհում, իսկ ես շատ եմ ճանապարհորդում։ Այդ պատճառով ինձ շատ հետաքրքիր է, թե ինչպես է այն աշխատում, ինչպես է ֆինանսավորվում, և ինչպես են հայ մարդիկ անում սա»,- նշում է նա։ «FemInno» կոնֆերանսի հիմնադիր Սեդա Պապոյանի խոսքով՝ իրենք, բացի լավ կոնֆերանս կազմակերպելուց, նպատակ ունեն նաև աշխարհի 15 երկրներից Հայաստան ժամանած հյուրերի համար նոր տեսանկյունից բացահայտելու մեր երկիրը։ «[Կոնֆերանսի] հյուրերը երեկ եղել են «PMI Science»-ի գիտահետազոտական կենտրոնում, որտեղ շատ հիացել էին լաբորատոր հնարավորություններով։ Հիմա եկել ենք «Թումո»։ Ընդամենը երկու օր ունենք, բայց էդ երկու օրում առավելագույնն ենք փորձում անել, որպեսզի կարողանանք մեր էկոհամակարգը ցույց տալ։ Եվ շատ ուրախ եմ, որ արդեն մեր մասնավոր զրույցներում լսում ենք արձագանքներ՝ առաջին հերթին հիացմունքի, մի քիչ էլ զարմանքի, որ այսքան փոքր երկրում այսքան բան է կատարվում»,- նշում է նա։ Սեդա Պապոյանի խոսքով՝ կոնֆերանսի մասնակիցներից շատերն առաջին անգամ են Հայաստանում և այստեղ նաև ծանոթանում են մեր ՏՏ համակարգին․ «Մենք իսկապես ուզում ենք, որ սա դառնա նոր հնարավորությունների սկիզբ մեր հյուրերի համար և հյուրերի միջոցով՝ բոլոր այն մարդկանց համար, որոնց հետ նրանք կշարունակեն աշխատել»։ Սեդա Պապոյանը նշում է՝  կոնֆերանսի հյուրերին զարմացրել է, որ Հայաստանն այն քիչ փոքր երկրներից է, որտեղ unicorn (միաեղջյուր) կազմակերպություն կա։  «Հիմա, երբ մենք մտանք «Թումո», իրենք (կոնֆերանսի հյուրերը- խմբ․) ասում են՝ մենք հասկանում ենք՝ ինչու Հայաստանում կարող է լինել unicorn»,- պատմում է կոնֆերանսի կազմակերպիչը։ Բիանկա Շիվինսկան էլ, խոսելով կայանալիք կոնֆերանսի մասին, նշում է․ «Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ կանայք հավաքվում են միասին, և նրանց համար նոր հարթակ է ձևավորվում, որտեղ ավելի քիչ փորձառություն ունեցող կանայք կարող են սովորել ավելի փորձառու կանանցից»։ Աննա Սահակյան
18:50 - 29 հուլիսի, 2022
Բերդավանյան Ջանգյուլումը՝ Գուսանահովտում. վիճակ, հաջող գյուլում, խարույկ, Վարդավառ ու երգ ու պար

Բերդավանյան Ջանգյուլումը՝ Գուսանահովտում. վիճակ, հաջող գյուլում, խարույկ, Վարդավառ ու երգ ու պար

«Վայ ինձ մի ջրեք, էլի, ես լրագրող եմ»-ը բերդավանցիների մոտ Վարդավառի օրը «եղանակ փոխող» արտահայտություն չէ։ Եթե գալիս ես նրանց հետ սարում Ջանգյուլում ու Վարդավառ տոնելու, ապա պիտի քեզ իսկական բերդավանցի զգաս, իսկ եթե բարբառային բառեր էլ գիտես, ապա նրանք էլ քեզ իրենցից մեկը կհամարեն։ Իմ բախտն այս հարցում բերել է, ես Բերդավանի բարբառը մեծ հաշվով հասկանում եմ, հետն էլ՝ քիչ-միչ խոսում, ու դրա արդյունքը, թույլ տվեք ասել, տեսա այսօր, երբ այս գյուղից իմ զրուցակիցներից մեկն ինձ տեսնելիս հեռվից կանչեց՝ «վի՜, էս մեր Հայարփին չի՞, արի աղջիկ ջե՜ն»։ Բերդավանցիները հուլիսի 23-24-ին Ջանգյուլում փառատոնն էին կազմակերպել։ Այս տարի տոնը համընկել էր եկեղեցական Համբարձման տոնի հետ, բայց Շահրիգյոլ (Գուսանահովիտ) կոչվող չքնաղ հովտում ինձ տոնը, մեկ է, հեթանոսական սիրուն ծես էր հիշեցնում։ Ընդարձակ դաշտում մարդիկ, որոնց մի մասը մենակ էր եկել, ինչպես ես, մի մասը՝ ընտանիքներով, հարմար տեղավորվում էին, ամեն մեկն իր անկյունը գտնում։ Ոմանք միանգամից իրենց համար վրաններ էին ընտրում, որոնք նախապես սիրուն բացազատել էին «Բերդավան» հիմնադրամի աշխատակիցները։ Մինչ միջոցառման մեկնարկը հյուրերն իրենց զբաղմունքները գտել էին միանգամից։ Մի խումբ բատմինտոն էր խաղում, մյուսը՝ վոլեյբոլ, երեխաները վազվզում էին դաշտում, ուրիշները՝ ուղղակի վայելում արեւը։  Հետո արդեն միջոցառումը սկսվեց՝ ազգագրական երգ ու պարով՝ «Սասնա ծռեր» համույթի կատարմամբ։ Նրանք պարի ու երաժշտության հնչյուններին, տեսնեմ, չդիմացան ոչ միայն Երեւանից եկած հյուրերը, այլեւ մի չին երիտասարդ՝ Բեյը, որի ակտիվությունը նկատելով՝ նրա ձեռքերից բռնեցին բերդավանցիները ու մի քանի շարժում սովորեցնելով՝ սկսեցին միասին պարել։  Բեյը ճանապարհորդ է, նրա ընկերները գնացել են Իրան ու Վրաստան, բայց ինքը նախընտրել է գալ Հայաստան, քանի որ այստեղի մշակույթը հոգեհարազատ է համարում։ Նա գիտի, որ Հայաստանը համարվում է քրիստոնեությունն ընդունած առաջին երկիրը, ինքն էլ քրիստոնյա է, ու շատ է հետաքրքրված մեր պատմամշակութային կոթողներով։ Բեյը մեր զրույցում ասաց, որ անհամբեր սպասում է դեպի Մշկավանք քայլարշավին, որ ավելի ուշ կազմակերպվելու էր միջոցառման շրջանակում։ Քիչ անց աչքիս ընկավ, որ Բեյն արդեն ինքն է նախաձեռնում պարը՝ արագ սերտելով շարժումները։ Բեյը Խոտի տուկերով օղակ սարքած՝ մարդիկ նստած լսում էին օրվա խորհրդի վերաբերյալ պատմություններ, նայում փոքրիկ ներկայացումներ, երգում երգեր ու խաղիկներ կարդում։  Համբարձման տոնը ժողովրդի շրջանում հայտնի է նաեւ որպես վիճակ։ Իսկ տոնի էությունն այն է, որ Համբարձման տոնից մեկ օր առաջ աղջիկները  յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար են հավաքում, դաշտերից ու այգիներից ծաղիկներ քաղում եւ փնջեր կապում: Աղբյուրներից հավաքած ջուրը կուլայի մեջ են լցնում, յուրաքանչյուրը մի իր է գցում դրա մեջ, հետո կուլան ծաղկեփնջերի հետ թաքցնում են, որ տղաները չգողանան: Հետո վիճակով հարս են ընտրում, իսկ տղաները պիտի մինչեւ լուսաբաց գտնեն՝ թե ով է նա։ Հարսն, ի դեպ, իրավունք չունի խոսել տղաների հետ։ Ասում են՝ եթե տղաները մինչեւ հաջորդ օրը հարսին բացահայտում են, գյուլումը վատ է գնում։ Տարբեր շրջաններում այս տոնը տարբեր կերպ են նշում։ Ջանգյուլում փառատոնի ժամանակ, ուրեմն, աղջիկները գնացին դաշտերից ծաղիկներ հավաքելու, տղաները աղբյուրներից ջուր բերելու։ Ընտրեցին հարսիկին, ընկերուհիներին էլ հրահանգեցին՝ չխոսկան լինել, տղաների հարցերին չպատասխանել, որ նրանք խառնվեն, հանկարծ ու հեշտ չգտնեն հարսիկին։  Մինչ ամեն մեկն իր փունջն էր սարքում, աղբրից ջուր բերում, ես զրուցեցի բերդավանցի մի տիկնոջ՝ Նվարդ Չիլինգարյանի հետ, որն ամենայն մանրամասնությամբ ու զգայականությամբ պատմեց՝ ինչպես էին նշում Ջանգյուլումն այն ժամանակ, երբ ինքը դեռ փոքրիկ աղջնակ էր։ Նվարդ Չիլինգարյանը Ջանգյուլումը միշտ նշում էին սարում։ Երեխաները հավաքվում, գնում էին տատ ու պապերի մոտ՝ սար, ու այնտեղ լուրջ ջանասիրությամբ պատրաստվում միջոցառմանը։ Ջանգյուլումն ու Վարդավառը  այս կողմերում նույնիսկ Ամանորից մեծ շուքով են նշվում։ Այդ օրը գյուղացիները պարտադիր սար էին բարձրանում։ Երեխաները հավաքվում, ընկնում էին դաշտերով, աստղածաղիկներ հավաքում, որ հետո թաթախեն յոթ աղբյուրներից հավաքած ջրի մեջ ու հաջորդ առավոտյան դրանցով «ծեծեն» դագաներում՝ հյուղակներում քնած հյուրերին ու արթնացնեն։ Ասում են՝ ծաղիկներով այդ «ծեծը» մարդկանց սարին սովորեցնելու մի հետաքրքիր արարողություն էր։ Տիկին Նվարդն ասաց՝ այդ յոթ թիվն, իհարկե, խորհրդանշական է եղել․ «Օրհնանքների ու անեծքների մեջ յոթը շատ է, չէ՞, հանդիպում․ յոթ պորտով չորանաս կամ յոթ զավակ ունենաս, դրա համար յոթ տեսակ ծաղիկ, յոթ աղբյուրից ջուր, մի հարս՝ վեց ընկերուհիներով»,- պատմեց զրուցակիցս։ Հետո արդեն կժերի մեջ ջահելներն իրենց իրերն էին լցնում, որ հարսին տղաների չգտնելուց հետո վիճակ անեն, տեսնեն՝ որ իրի տիրոջն ինչ գյուլում է ընկնում։ Առաջին գյուլումն ում ընկնում էր, ինքն այդ տարի բախտավորվում էր․ «Լամփի շուշի ծլնգոցը,գլորվիմ, ընկնիմ յարիս ծոցը»,- պատմելու ընթացքում այսպես մի խաղիկ կարդաց Նվարդը՝ նկատելով, որ սարերում օգտագործվող այդ հին լամպերից ընդհանրապես ծնգոց-զնգոց չի գալիս, բայց խաղիկ ստեղծողները հանգեր բռնելու համար այդպես են գրել։  Հետո, երբ տղաները հարսին ու կուժը չէին գտնում, առավոտյան գյուլումի արարողության ժամանակ հարսն ինքը բացահայտվում էր։ Այդպես եղավ նաեւ երեկ Բերդավանում։ Գիշերը վրանում շատ ցուրտ էր, քնել չէր լինում, դրա համար որոշեցի գնալ խարույկի մոտ հավաքված մարդկանց մոտ, որոնց խոսակցությունը քամու հետ գալիս էր դեպի իմ վրան։ Մի բաժակ թեյով նստեցի խոտերին՝ լսելու՝ ինչ են խոսում։ Պարզվեց՝ արթունները դեռ քննարկում են՝ տեսնես ով կլինի հարսը։ Ու ժամը չորսի կողմերը մի տղա մոտեցավ ու բարձր ասաց՝ «հարսին պալիտ եմ արել»։ Չգիտես ինչու՝ մի տեսակ այլայլվեցի, թե՝ գյուլումը թարս չգնա։ Հարցրի՝ բայց ի՞նչ իմացար՝ հարսն ինքն է։ Երիտասարդ այս տղան շատ ինքնավստահ ասաց, թե՝ հարց տվի, չպատասխանեց․ «Հարցրի՝ սուրճ կխմե՞ք, ձեն չհանեց, սենց մի տեսակ գլուխը կախեց, հաստատ ինքն ա»։ Կողքից մի տղամարդ, թե՝ ես էլ եմ մտածում՝ ինքն ա։ Այդպես մինչեւ առավոտ նստեցին, նայեցին այդ աղջնակին, որ խարույկի կողքին ննջել էր։ Իսկ առավոտյան, երբ արդեն բոլորն արթնացել էին ու սկսել գյուլումի արարողությունը, հարսը բացահայտվեց․ ուրիշ մի աղջիկ էր՝ Ժաննան։  «Դե հանի՛ր, ա՛ղջի, Վիճակն ի բարին, Երգերով գովենք Էն իգիթ յարին»։ Այսպես, խաղիկ-տաղիկներով հարսիկը հերթով հանեց ջահելների իրերն ու գյուլումները։ Հենց առաջին գյուլումն էլ իր ընկերուհուն ընկավ, մեկն էլ՝ ինձ։ Լրագրողական իմ բեյջի հետ դուրս եկավ սա․ «Թուր ու թվանք թամքումը Ջուխտ աղունակ վանքումը, Մեռնեմ սիրածս յարին, Ինքը քաղքի ճամփումը»։ Երգ ու պարից, խորովածի հյուրասիրւթյունից հետո էլ եկավ ամենասպասված պահը՝ վարդավառյան ջրոցին։ Ջրով բեռնված մեծ մեքենան եկավ կանգնեց հովտում՝ ծառի տակ, ու բոլորը դույլերով, շշերով վազեցին այդ կողմ։ Բոլորն իրար ջրեցին, ով ջուր չուներ, մյուսն իր դույլից կիսեց, այդպես ուրախ, երգ ու պարով անցավ բերդավանյան Ջանգյուլումը։ Իսկ միջոցառումից գոյացած ողջ գումարը «Բերդավան» հիմնադրամը կուղղի գյուղի միջնակարգ դպրոցի միջանցքների վերանորոգմանը։ Հայարփի Բաղդասարյան
15:46 - 27 հուլիսի, 2022
ԱՄՆ պետքարտուղարը Ալիևի հետ զրույցում կոչ է արել ազատ արձակել բոլոր հայ գերիներին

ԱՄՆ պետքարտուղարը Ալիևի հետ զրույցում կոչ է արել ազատ արձակել բոլոր հայ գերիներին

Հուլիսի 25-ին հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։  Նշենք, որ երեկ Բլինքենի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ Բլինքենը հայտնել է, որ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է 1994 թվականից և պատրաստ է թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ գործընկերների հետ ներգրավվելուն, որ աջակցեն Հայաստանին և Ադրբեջանին երկարաժամկետ համապարփակ խաղաղության հասնելու հարցում։ Նա նաև կոչ է արել Ալիևին ազատ արձակելու բոլոր հայ գերիներին։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի պատմական հնարավորությունը։ Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցության առաջարկը՝ նպաստելու տարածաշրջանային տրանսպորտային կապերի կոմունիկացիաների բացմանը: Նա խրախուսել է շարունակել երկխոսությունը, ինչպես, օրինակ, վերջերս Թբիլիսիում կայացած Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Ադրբեջանական «APA» գործակալության փոխանցմամբ Իլհամ Ալիևը թբիլիսյան հանդիպումը գնահատել է որպես առաջին քայլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու ուղղությամբ։ Նա նշել է, որ Ադրբեջանը արդեն ձևավորել է իր հանձնաժողովի կազմը խաղաղության պայմանագրի պատրաստման համար և հայկական կողմից սպասում է նույն քայլին։ «Զրույցի ընթացքում ողջունվել է վերջերս Ադրբեջանի և ԵՄ հանձնաժողովի միջև էներգետիկ ոլորտում ստորագրված փոխըմբռնման հուշագրի կարևորությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել համագործակցության հեռանկարների վերաբերյալ»,- նշված է ադրբեջանական գործակալության հաղորդագրության մեջ։
11:20 - 26 հուլիսի, 2022
Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Դանիելյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է

Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Դանիելյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է

«Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի եւ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է։ Դատարանի որոշմամբ Դանիելյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Այս մասին Infocom-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Հիշեցնենք՝ Արթուր Դանիելյանի եւ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպը տեղի էր ունեցել 2020 թվականի ապրիլի 29-ին։ Ըստ Ալեն Սիմոնյանի՝ վեճը սկսվել էր Արթուր Դանիելյանից, որը այգում զբոսնելիս իր բարեւին ի պատասխան՝ սեռական հայհոյանքներ էր հնչեցրել, որից հետո ինքն էր հարվածել նրան, ինչի արդյունքում սկսվել էր ծեծկռտուք։ Մինչդեռ «Ադեկվադ» կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն՝ Արթուր Դանիելյանն էր Սիմոնյանի կողմից հարձակման ենթարկվել, ինչի համար էլ Դանիելյանը դիմել էր ինքնապաշտպանության։ Ավելի ուշ թե՛ Սիմոնյանը, թե՛ Դանիելյանը տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ՝ բուժօգնություն ստանալու: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թ․) 258-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 117-րդ հոդվածի՝ բռնության գործադրմամբ կամ դրա սպառնալիքով խուլիգանության եւ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով։ Ավելի ուշ այդ ժամանակվա Հատուկ քննչական ծառայությունը (այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն) հայտնել էր, որ Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։ Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանին, ՀՔԾ-ն հայտնել էր, որ  նախաքննության ընթացքում պարզվել է, որ Դանիելյանին հարված հասցնելու պահին Ալեն Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, ինչը հաստատվել է քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով, ինչով պայմանավորված՝ որոշում էր կայացվել Սիմոնյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ալեն Սիմոնյանը, Երևանի Մալիբուի այգի կոչվող զբոսայգու տարածքում նկատելով Արթուր Դանիելյանին, բարեւել է նրան, սակայն վերջինս ներկա անձանց մոտ սեփական անձի առավելությունն ընդդգծելու նպատակով սեռական բնույթի հայհոյանք է տվել ԱԺ փոխխոսնակի եւ նրա ծնողների հասցեին, որից անակնկալի եկած Սիմոնյանը ճակատով մեկ անգամ հարվածել է Դանիելյանի քթին, ինչից հետո նրանց միջեւ քաշքշուկ է սկսվել․ «Այդ ժամանակ Դանիելյանը, անտեսելով հասարակական վայր հանդիսացող Երեւանի մարդաշատ զբոսայգում գտնվելու հանգամանքը, տարածքում իրենց հանգիստն անցկացնող մարդկանց ներկայությամբ, խուլիգանական դրդումներով շարունակել է դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ դրսեւորելով անթաքույց արհամարհանք եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ՀՀ օրենսդիր իշխանության մարմնի ղեկավար աշխատողի հասցեին եւ բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ բռունցքով հարվածներ է հասցրել Սիմոնյանի գլխի շրջանին եւ մարմնի այլ մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»,- ասված էր ՀՔԾ հաղորդագրության մեջ։ Քրեական գործը դատարանում էր 2020 թ․ օգոստոս ամսից։ Այն գտնվում էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի վարույթում, որն էլ նախորդ ամիս՝ հունիսի 20-ին, որոշում է կայացրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 41-րդ, 313-րդ եւ 379-րդ հոդվածների հիմքով քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Արարքը, որ մեղսագրվում էր Դանիելյանին, նախատեսում է պատիժ տուգանքով՝ 100․000-300․000 ՀՀ դրամի չափով կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով։ Քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ այն հանցագործությունները, որոնց համար նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 2 տարի ժամկետով ազատազրկումը, համարվում են ոչ մեծ ծանրության հանցագործություններ, իսկ նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է 2 տարի։ Նշենք, որ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդման դադարեցումը համարվում է ոչ արդարացնող հիմք։   Միլենա Խաչիկյան
15:20 - 25 հուլիսի, 2022
Աղաջանյանի, Եղոյանի եւ Հակոբյանի բացակայությունների քանակում էական տարբերություններ կան․ «Ժողովուրդ» օրաթերթի համեմատությունը վիճահարույց է

Աղաջանյանի, Եղոյանի եւ Հակոբյանի բացակայությունների քանակում էական տարբերություններ կան․ «Ժողովուրդ» օրաթերթի համեմատությունը վիճահարույց է

Վերջին ժամանակներս պարբերաբար քննարկվում է 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների՝ ԱԺ նիստերից բացակայությունների հարցը, ինչին նաեւ իրավական որոշակի գործընթացներ են հաջորդում։ Ինչպես հայտնի է, հուլիսի 1-ին ԱԺ-ն գաղտնի քվեարկությամբ Իշխան Սաղաթելյանին հետ է կանչել ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանին՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից՝ այն պատճառաբանությամբ, որ նրանք չեն կատարում ի պաշտոնե ունեցած պարտականությունները եւ չեն մասնակցում նիստերին։ Նույն օրը «Ժողովուրդ» օրաթերթը «Վահե Հակոբյանին պաշտոնից զրկելու հիմքը կարող է տարածվել նաև ՔՊ-ականների վրա» վերտառությամբ հոդված է հրապարակել՝ համեմատականներ անցկացնելով Վահե Հակոբյանի եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ հանձնաժողովներ նախագահող պատգամավորների միջեւ։ Մասնավորապես, թերթը գրել է․ «Ուշագրավ է, որ խորհրդարանում կան ՔՊ-ական պատգամավորների կողմից նախագահվող հանձնաժողովներ, որոնք 8-րդ գումարման խորհրդարանի մեկնարկից ի վեր պասիվ են: Խոսենք փաստերով. Վլադիմիր Վարդանյանի ղեկավարած Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը 2021 թվականի օգոստոսից մինչեւ օրս անցկացրել է 24 նիստ։ Պասիվ հանձնաժողովներից է, օրինակ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, որն անցկացրել է 3 նիստ, աշխատանքային քննարկումներ եղել են, սակայն ավանդաբար այս հանձնաժողովն ամենապասիվներից է: Իսկ, ահա, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն էլ ընդամենը 7 նիստ է անցկացրել: Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, որի նախագահը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանն է, 9 նիստ է անցկացրել, իսկ, ահա, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից նախագահած Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը՝ 7 նիստ: Սակայն այս ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Թովմասյանի ղեկավարած հանձնաժողովը մոտ երկու տասնյակ աշխատանքային քննարկումներ եւ նույնքան էլ միջազգային հանդիպումներ է ունեցել: Այսինքն՝ այն հիմքը, որով Վահե Հակոբյանին փորձում են զրկել, տարածվում է առնվազն ՔՊ-ական Արման Եղոյանի եւ Էդուարդ Աղաջանյանի վրա եւս, որոնք ամենապասիվներն են եղել հանձնաժողովի նիստերի կազմակերպման առումով»,- նշված է հոդվածում։ Հասկանալու համար, թե որքանով են այս համեմատությունները ողջամիտ, եւ առհասարակ, հանձնաժողովներում նախագահների բացակայությունների ինչպիսի պատկեր է առկա, գրավոր հարցմամբ դիմել էինք Ազգային ժողովին` հետաքրքրվելով, թե 8-րդ գումարման ընթացքում քանի նիստ է հրավիրել ԱԺ մշտական հանձնաժողովներից յուրաքանչյուրը, եւ հրավիրված ու կայացած քանի նիստից են բացակայել հանձնաժողովների նախագահները։ Ազգային ժողովից ստացված պատասխանի համաձայն՝ 8-րդ գումարման ընթացքում Տնտեսական հարցերի հանձնաժողովն անցկացրել է 29 նիստ, որից նախագահ Վահե Հակոբյանը բացակայել է 12 անգամ։ Վլադիմիր Վարդանյանի ղեկավարած Պետական եւ իրավական հարցերի հանձնաժողովը անցկացրել է ոչ թե 24, այլ 39 նիստ, որոնցից 9-ից Վարդանյանը բացակայել է գործուղման մեջ լինելու պատճառով։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, որը ղեկավարում է Արման Եղոյանը, անցկացրել է ոչ թե 3, այլ 4 նիստ, որոնցից, ըստ ԱԺ-ի, Եղոյանը չի բացակայել։ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովը, որի նախագահ Արմեն Գեւորգյանը վերջերս հրաժարականի դիմում ներկայացրեց, անցկացրել է 9 նիստ, որոնցից Գեւորգյանը բացակայել է 4 անգամ։ Թագուհի Թովմասյանի նախագահած Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը, ըստ ԱԺ-ի, անցկացրել է 7 նիստ, որոնցից 3-ից  Թովմասյանը բացակայել է։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն էլ՝ Էդուարդ Աղաջանյանի ղեկավարությամբ, անցկացրել է 7 նիստ, որոնցից Աղաջանյանը բացակայել է 1 անգամ՝ գործուղմամբ պայմանավորված։ Այսինքն՝ ստացվում է, որ օրաթերթի հրապարակած թվերում որոշակի անճշտություններ կան, իսկ բացակայություններն էլ որոշ դեպքերում պայմանավորված են եղել գործուղումներով։ Ինչ վերաբերում է թերթի այն պնդմանը, թե հիմքը, որով Վահե Հակոբյանին փորձում են զրկել, տարածվում է առնվազն ՔՊ-ական Արման Եղոյանի եւ Էդուարդ Աղաջանյանի վրա եւս, քանի որ նրանք ամենապասիվներն են եղել հանձնաժողովի նիստերի կազմակերպման առումով,  պետք է նկատի ունենալ, որ Վահե Հակոբյանի, նաեւ Իշխան Սաղաթելյանի լիազորությունների դադարեցման նախագծի հիմնավորումներում հանձնաժողովի բացակայություններից բացի նշվում էր նաեւ ԱԺ լիագումար նիստերից եւ խորհրդի նիստերից բացակայելու հանգամանքը, ուստի գրավոր հարցմամբ ԱԺ-ից խնդրել էինք նաեւ այդ նիստերի բացակայությունների վերաբերյալ տվյալներ։ Մեր հարցմանն ի պատասխան ԱԺ-ից տեղեկացրել են, որ 8-րդ գումարման ԱԺ-ն ընդհանուր առմամբ 66 օր նիստեր է անցկացրել։ Այդ նիստերից Իշխան Սաղաթելյանը բացակայել է 33 անգամ (այդ թվում՝ 9 հարգելի), Վահե Հակոբյանը՝ 21 (այդ թվում՝ 3 հարգելի), Էուարդ Աղաջանյանը՝ 14 (այդ թվում՝ 7 հարգելի), իսկ Արման Եղոյանը՝ 7 (այդ թվում՝ 6 հարգելի)։ Ըստ ԱԺ-ի՝ 2021 թվականի ընթացքում տեղի է ունեցել ԱԺ խորհրդի 12 նիստ, որոնցից Վահե Հակոբյանը բացակայել է 8, Իշխան Սաղաթելյանը՝ 7, Էդուարդ Աղաջանյանը՝ 4, իսկ Արման Եղոյանը՝ 1 անգամ։ 2022 թ․ ընթացքում տեղի է ունեցել ԱԺ խորհրդի 16 նիստ, որոնցից 14-ը՝ մինչ Վահե Հակոբյանի լիազորությունների դադարեցումը։ Ըստ այդմ, 14 նիստերից 13-ից Հակոբյանը բացակայել է։ Ընդհանուր 16 նիստերից Իշխան Սաղաթելյանը բացակայել է 13, Էդուարդ Աղաջանյանը՝ 7, իսկ Արման Եղոյանը՝ 3 անգամ։  Ստացվում է, որ 8-րդ գումարման ԱԺ-ի խորհրդի նիստերից Վահե Հակոբյանը ընդհանուր առմամբ բացակայել է 21, Իշխան Սաղաթելյանը՝ 20, Էդուարդ Աղաջանյանը՝ 11, Արման Եղոյանը՝ 4 անգամ (տոկոսային հարաբերակցությամբ՝ համապատասխանաբար նիստերի 80, 71, 39, 14 %)։ Այսինքն՝ հիշյալ պատգամավորների՝ ԱԺ նիստերից եւ խորհրդի նիստերից բացակայություններում էական տարբերություններ կան։  Այնուհանդերձ, մենք Ազգային ժողովից հետաքրքրվել էինք նաեւ՝ նորմատիվ իրավական որեւէ ակտով սահմանվա՞ծ է արդյոք բացակայությունների այն շեմը, որը հատելուց հետո խմբակցությունները կարող են հանձնաժողովների նախագահների լիազորությունների դադարեցման որոշման նախագիծ ներկայացնել: Եթե այո, խնդրել էինք հայտնել, թե որ ակտով, եւ որքան է այդ շեմը, իսկ եթե կոնկրետ թիվ սահմանված չէ, խնդրել էինք հայտնել, թե ինչ սկզբունքով են այդպիսի նախագծեր ներկայացվում։ Ի պատասխան մեր այս հարցերին՝ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, հղում անելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի կարգավորումներին, նշել է միայն հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու եւ ընտրված նախագահին հետ կանչելու ընթացակարգերը․ «Մասնավորապես, Կանոնակարգի 138-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունք ունի օրենքով սահմանված կարգով  որոշված խմբակցությունը։ Ավելին, վերջինիս կողմից թեկնածուների առաջադրման իրավունքը պահպանվում է մինչեւ ԱԺ լիազորությունների ավարտը։  Կանոնակարգի 150-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծ ունի խմբակցությունը։ Վերոգրյալ նորմերից հետեւում է, որ եթե նշված պաշտոնում առաջադրման իրավունք ունեն կոնկրետ խմբակցությունները, ապա  նշված պաշտոնից հետ կանչման եւ լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու  իրավունքով օրենսդիրն օժտել է հավասարապես բոլոր խմբակցություններին (այս մասին առավել մանրամասն՝ ՍԴՈ-1587 որոշում,- հեղ․)»,- գրել է Խաչատրյանը՝ հավելելով, որ հանձնաժողովի նախագահի ընտրության, նրա լիազորությունների դադարեցման հարաբերությունները կարգավորող օրենսդրության համաձայն՝ նշված գործընթացները գտնվում են ԱԺ խմբակցությունների որոշումների տիրույթում։ Այսպիսով, թեեւ օրենսդրությամբ հստակ նախատեսված չէ բացակաների այնպիսի շեմ, որը հատելուց հետո խմբակցությունները կարող են հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման նախագիծ ներկայացնել, եւ որոշակի բացակաների դեպքում խմբակցություններն այդպիսի քաղաքական որոշումներ են կայացնում, այնուհանդերձ, թերթի արած համեմատությունները վիճահարույց են, քանի որ, ինչպես արդեն նշվեց, հիշյալ պատգամավորների բացակայությունների թվային պատկերում էական տարբերություններ կան։    Միլենա Խաչիկյան  
18:32 - 21 հուլիսի, 2022
Իրաքը Թուրքիային մեղադրում է Քուրդիստանում 9 մարդու կյանք խլած հարձակման համար, Անկարան հերքում է

Իրաքը Թուրքիային մեղադրում է Քուրդիստանում 9 մարդու կյանք խլած հարձակման համար, Անկարան հերքում է

Իրաքի և Թուրքիայի միջև դիվանագիտական վեճ է ծագել այն բանից հետո, երբ հրետանային ռմբակոծության հետևանքով ինը խաղաղ բնակիչ է զոհվել Իրաքի Քուրդիստանի շրջանում գտնվող պուրակում: Այս մասին գրում է BBC-ն։ Զոհերի մեծ մասը իրաքցի զբոսաշրջիկներ են, նրանց թվում կան նաև երեխաներ։ Իրաքի պետական հեռուստատեսության փոխանցմամբ «կատաղի հրետանային ռմբակոծությունը» հարվածել է Զախո քաղաքի զբոսայգուն, որը Իրաքի Քուրդիստանի շրջանի և Թուրքիայի սահմանին է։ Քուրդիստանի առողջապահության նախարարը հայտնել է, որ զոհերի թվում կան երեխաներ, այդ թվում մեկամյա երեխա։ Առնվազն 23 մարդ վնասվածքներ է ստացել։ Իրաքը Անկարայից հետ է կանչել իր գործերի ժամանակավոր հավատարմատարին, ինչպես նաև կանչել է Բաղդադում Թուրքիայի դեսպանին՝ ներողություն խնդրելու։ «Թուրքական ուժերը կոպտորեն խախտել են Իրաքի ինքնիշխանությունը»,- իր թվիթերյան էջում գրել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քադըմին։ Իրաքի Քերբալա քաղաքի թուրքական վիզաների կենտրոնի մոտ էլ իրաքցի ցուցարարները ակցիա են իրականացրել ու այրել են Թուրքիայի դրոշը։ Ցույցեր են տեղի ունեցել նաև Բաղդադում և Նասիրիայում։ Հրետակոծությունը դատապարտել է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ «Քաղաքացիների սպանությունն անընդունելի է, և բոլոր պետությունները պետք է հարգեն միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները, ներառյալ խաղաղ բնակչության պաշտպանությունը»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Անկարան մտահոգված է հարձակման հետևանքով զոհերի մասին լուրերով։ Գերատեսչությունը հավելել է նաև, որ Թուրքիան առավելագույն կերպով հետևողական է եղել՝ խուսափելու քաղաքացիական զոհերից կամ պատմական, մշակութային վայրերը վնասելուց «իր հակաահաբեկչական գործողություններում» Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ։ «Թուրքիան պատրաստ է ցանկացած քայլի, որ ճշմարտությունը ի հայտ գա»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ՝ հավելումով, որ Թուրքիայի ռազմական գործողությունները համապատասխանում են միջազգային օրենքներին․ «Մենք Իրաքի կառավարությանը կոչ ենք անում չանել հայտարարություններ նողկալի ահաբեկչական կազմակերպության հռետորաբանության և քարոզչության ազդեցությամբ ու համագործակցել՝ բացահայտելու այս դաժան արարքի հեղինակներին»։ Հիշեցնենք, որ ապրիլին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ ռազմական գործողություն սկսելու մասին։ Լուսանկարները՝ Reuters
11:42 - 21 հուլիսի, 2022
Հայաստանյան լրատվամիջոցները մանիպուլյատիվ են ներկայացնում ԱՄՆ դեսպանության հայտարարությունը

Հայաստանյան լրատվամիջոցները մանիպուլյատիվ են ներկայացնում ԱՄՆ դեսպանության հայտարարությունը

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ երեկվանից լուր են տարածում Հայաստանում Ամերիկայի դեսպանության հաղորդագրության վերաբերյալ։ Լուրի սկզբնաղբյուրն oragir.news կայքն է, որը երեկ «ԱՄՆ-ի դեսպանատունը մտահոգված է ՀՀ-ում բնակվող իր քաղաքացիների անվտանգությամբ» վերտառությամբ նյութ է հրապարակել։ «Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ կամավորների են հավաքագրում արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, էվակուացնելու ու վնասվածքների մասին հաղորդումներ տալու համար»,- ասվում է նյութում։  Իսկ վերջում նշվում է․ «Հարց է առաջանում․ արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը իսկապես այսքան լի է վտանգներով, ի՞նչ գիտեն ԱՄՆ-ի դեսպանատանը, որից մենք տեղյակ չենք, որ այսքան մտահոգված են իրենց քաղաքացիների անվտանգությամբ» (արխիվացված հղումը)։  Oragir.news-ին հղումով այս լուրը հրապարակել է նաև lurer.com-ը (արխիվացված հղումը)։ Armlur.am-ն էլ  գրել է․ «Այսքանից հետո հարց է առաջանում․ ինչ վտանգների մասին է ակնարկում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում, ինչ է հայտնի ԱՄՆ-ի դեսպանատանը, որ այսքան մտահոգված են իրենց քաղաքացիների անվտանգությամբ» (արխիվացված հղումը)։ Լուրը armlur.am-ի տեքստով հրապարակել է news.am-ը (արխիվացված հղումը)։   Ի՞նչ հայտարարության մասին է խոսքը Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հուլիսի 11-ին հաղորդագրություն է տարածել, որտեղ խոսվում է Համայնքային կապի կամավորների (Community Liaison Volunteer) պարտականությունների մասին, ինչպես նաև նշվում է, թե Հայաստանի որ հատվածներից կամավորների կարիք կա։ Այն երկրներում, որտեղ ԱՄՆ-ն դեսպանություն կամ հյուպատոսություն ունի, կամավորներն անհրաժեշտ են, որ տեղեկություններ փոխանցեն իրենց բնակության վայրերում ապրող ԱՄՆ քաղաքացիների մասին։ Օրինակ, եթե դեսպանատանն իմանան, որ տվյալ երկրի մայրաքաղաքից հեռու ամերիկացի  է վիրավորվել, կարող են խնդրել կամավորին այցելել հիվանդանոցում գտնվող վիրավորին և զեկուցել նրա վիճակի մասին: Նմանատիպ հաղորդագրությունները, սակայն, չեն վերաբերում միայն ԱՄՆ-ի՝ Հայաստանում գործող դեսպանությանը։ Տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանությունների և հյուպատոսությունների պաշտոնական կայքերում կարելի է հանդիպել տարբեր ժամանակահատվածներում հրապարակված նմանատիպ բովանդակությամբ հաղորդագրությունների: Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանության կայքում, օրինակ, ևս կա հաղորդագրություն այն մասին, որ դեսպանությունը փնտրում է կամավորների՝ Ֆրանսիայի տարբեր շրջաններում ԱՄՆ քաղաքաիցներին օգնելու համար, եթե դրա կարիքն ունեն։ Ճապոնիայում ԱՄՆ դեսպանության կայքի հաղոդրագրությունում էլ կարող ենք տեսնել, որ ինչպես Հայաստանի դեպքում, նշված են երկրի այն քաղաքները, որտեղից կամավորների կարիք կա։ Կամավորների մասին հաղորդագրություն կարող ենք գտնել նաև այլ երկրներում ԱՄՆ դեսպանությունների կայքերում (1, 2, 3, 4)։ Այսպիսով, հայաստանյան լրատվամիջոցները մանիպուլյատիվ են ներկայացնում ԱՄՆ դեսպանության հայտարարությունը։ Այս ստանդարտ հաղորդագրությունն իրենց կայքերում տեղադրում են տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանություններն ու հյուպատոսությունները: Իսկ նպատակն այդ երկրներում կամավորների հավաքելն է, որոնք կարիքի դեպքում կօգնեն բնական աղետներից կամ արտակարգ իրավիճակներից տուժած ԱՄՆ քաղաքացիներին։ Այսօր պարզաբանող հայտարարություն է տարածել նաև ԱՄՆ դեսպանությունը։  «Ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանությունները պարբերաբար հավաքագրում են համայնքի հետ կապի կամավորների, որոնք օգնում են տեղեկությունների փոխանցման և այլ երկրում բնակվող կամ ճանապարհորդող ԱՄՆ քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում։ Սա հյուպատոսական ծառայությունների առօրյա աշխատանքի մաս է»,- ասվում է հայտարարության մեջ։  Աննա Սահակյան
15:28 - 20 հուլիսի, 2022