ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսին ընդհանուր 50850 դեպք, որոնցից 44219-ն` առողջացած

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսին ընդհանուր 50850 դեպք, որոնցից 44219-ն` առողջացած

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 50850 դեպք, որոնցից 44219-ն` առողջացած, 963-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5370 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 296327 թեստավորում:Այսպիսով` երեկ կատարվել է 4134 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 491 նոր դեպք: Ունենք 218 առողջացած:Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 56 (տղամարդ) 84 (կին), 84 (կին) և 80 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտը ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 298 է։
11:47 - 01 հոկտեմբերի, 2020
Հաշված ժամերի ընթացքում մարզային հիվանդանոցներից մեկը ծավալվել է որպես թիկունքային հոսպիտալ

Հաշված ժամերի ընթացքում մարզային հիվանդանոցներից մեկը ծավալվել է որպես թիկունքային հոսպիտալ

Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի առաջին իսկ ժամերից սկսած առողջապահության նախարարությունը և ամբողջ առողջապահական համակարգը լծվել է ծառայելու մեր հայրենիքի պաշտպաններին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը: «Այսպես. սեպտեմբերի 27-ի առավոտյան ՀՀ սահմանամերձ համապատասխան ուղղություններով գործարկվել է վիրավորների տարհանման համակարգը ներառյալ համապատասխան ուղղություններով տեղակայված բժշկական կազմակերպություններում և Արցախի Հանրապետությունում տասնյակ շտապ օգնության մեքենաների տեղակայումը, որոնց միջոցով աննախադեպ արագությամբ և օպերատիվությամբ իրականացվել է բազմաթիվ վիրավորների տեղափոխում` դեպի մայրաքաղաքի և այլ վայրերի բազմաթիվ բժշկական հաստատություններ: Առայսօր հարյուրավոր բժիշկներ առողջապահության նախարարության ուղղորդմամբ մեկնել են առաջնագիծ և այլ հիվանդանոցներ` ծառայելու Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին: Հարյուրավոր բժիշկներ այս պահին հերթագրված են և բառիս բուն իմաստով անհամբեր սպասում են համապատասխան հրահանգի` մեկնելու առաջնագիծ և այնտեղ մատուցելու իրենց ծառայությունները: Առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմի աշխատակիցները սեպտեմբերի 27-ին մեկնել են Արցախի Հանրապետություն և վիրավորների տարհանման համակարգի համապատասխան վայրեր` տեղում համակարգելու վիրավորների բժշկական օգնության, սպասարկման և տարհանման աշխատանքները: Բոլոր վերոհիշյալ վայրերը ապահովվել են անհրաժեշտ դեղորայքով, բժշկական պարագաներով, բժշկական սարքավորումներով: Երևանում տեղակայված բոլոր հիվանդանոցները առաջին իսկ օրվանից ընդունում են վիրավորներին և իրականացնում են նրանց որակյալ բժշկական օգնությունը: Այսօր, հաշված ժամերի ընթացքում, առողջապահության նախարարության կողմից մարզային հիվանդանոցներից մեկը ծավալվել է որպես թիկունքային հոսպիտալ: Ծավալումը իրականացվել է համապատասխան մարզպետարանի և պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Ընդամենը 4 ժամվա ընթացքում ներդրվել է համապատասխան ուղղությունից դեպի թիկունքային հոսպիտալ տեղափոխման և հետագա դուրսգրման սխեման, ծավալված հոսպիտալը ապահովվել է անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, տարանջատվել են քաղաքացիական պացիենտների և վիրավորների հոսքերը, ապահովվել է հաստատության անվտանգությունը` ոստիկանության ուժերով: Թիկունքային հոսպիտալը համալրվել է շտապ բժշկական օգնության լրացուցիչ մեքենաներով: Այն արդեն իսկ գործում է և սպասարկում է մեր հերոսներին: Անխափան գործում է արյան բաղադրամասերի ապահովման ծառայությունը: Բոլոր գերատեսչությունները` պաշտպանության նախարարությունը, մարզպետարանները և այլոք 24 ժամյա պատրաստակամությամբ ջանք չեն խնայում հայրենիքի պաշտպաններին փրկելու գործում: «Զինվո՛ր, քո թիկունքը ամուր է և պինդ, քան երբևէ: Դու ծառայում ես Հայրենիքին, մենք ծառայում ենք Քեզ», գրել է նա:
10:30 - 01 հոկտեմբերի, 2020
Հայաստանում վերջին օրերին նկատվում է կորոնավիրուսի դեպքերի աճ. ԱՆ

Հայաստանում վերջին օրերին նկատվում է կորոնավիրուսի դեպքերի աճ. ԱՆ

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Սիրելի' հայրենակիցներ, այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում Արցախն է: Հայ ժողովուրդը մտքով և գործով սատարում է իր եղբայրներին, պայքարում հանուն ապագայի:  Առերևույթ մյուս խնդիրները մղվում են հետին պլան: Սակայն պետք չէ  անտարբերության մատնել դեռևս աշխարհում, այդ թվում` Հայաստանում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը:  Համավարակը չի նահանջել, ավելին` Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նկատելի աճ։ Անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները: Սիրելի ժողովուրդ, կոչ ենք անում չկորցնել զգոնությունը, եկեք շարունակենք կրել դիմակներ, պահպանենք սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան:  Ինչպես համաճարակի ողջ ընթացքում, այնպես էլ հիմա, առավել քան կարևոր է մեր քաղաքացիների առողջությունն ու մարտունակությունը:  Եվս մեկ անգամ հորդորում ենք ցանկացած իրավիճակում լինել հետևողական` այն գիտակցումով, որ կարող ենք կանխել հիվանդության տարածումը, ինչն ամուր կպահի  թիկունքը»։
09:27 - 01 հոկտեմբերի, 2020
Ռազմական դրությամբ պայմանավորված՝ դադարեցվում է պլանային կարգով ԲԿ-ներ դիմած պացիենտների ընդունումը․ ՀՀ առողջապահության նախարարություն

Ռազմական դրությամբ պայմանավորված՝ դադարեցվում է պլանային կարգով ԲԿ-ներ դիմած պացիենտների ընդունումը․ ՀՀ առողջապահության նախարարություն

Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի թիվ 1370-Ա որոշման հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետը` Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաման է ստորագրել, ըստ որի` դադարեցվում է բժշկական կազմակերպություններ պլանային կարգով հիվանդանոցային բուժօգնության համար դիմած պացիենտների ընդունումը: Հարկ է նշել, որ կիրականացվեն բացառապես վերակենդանացման միջոցառումներ կամ անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող պացիենտների ընդունում: Միաժամանակ, հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն ստացող պացիենտների առողջական վիճակը գնահատելուց հետո կապահովվի վերջիններիս դուրսգրումը` հետագա հսկողությունը կազմակերպելով սպասարկող առողջության առաջնային պահպանման հաստատությունների միջոցով: Լիահույս ենք, որ մեր համաքաղաքացիներն ըմբռնումով կմոտենան  կայացված որոշմանը և կհետաձգեն իրենց հիվանդանոցային պլանային այցելությունները մինչև ռազմական դրության ավարտը:
00:40 - 28 սեպտեմբերի, 2020
Կոչ ենք անում արյուն հանձնելու համար դիմել միայն «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ կամ արյան բանկի մարզային կառույցներ․ ԱՆ

Կոչ ենք անում արյուն հանձնելու համար դիմել միայն «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ կամ արյան բանկի մարզային կառույցներ․ ԱՆ

Շնորհակալ ենք արյունատվության մեր կոչին արագ արձագանքելու համար: Կարևոր է յուրաքանչյուրիդ աջակցությունը` արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելուն միտված: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Արյուն ունենալու համար անհրաժեշտ է, որ բոլորս գիտակցենք` միայն մեր հանձնած արյան շնորհիվ հնարավոր կլինի փրկել մարդկանց կյանքեր: Արցախում տեղի ունեցող իրադարձություններին հետևելով` ձեզնից շատերը մոտենում են տարբեր բժշկական կազմակերպություններ` արյունատվության համար: Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում արյուն հանձնելու համար դիմել միայն «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ կամ արյան բանկի մարզային կառույցներ: Լրացուցիչ հայտնում ենք, որ արյան խումբն ու ռեզուս պատկանելությունը նշանակություն չունեն:
18:46 - 27 սեպտեմբերի, 2020
Հայաստանի առողջապահության համակարգը բերվել է բարձր պատրաստության, կամավորագրվել ցանկացող բժիշկներին ու բուժքույրերերը կարող են զանգահարել ՀՀ ԱՆ

Հայաստանի առողջապահության համակարգը բերվել է բարձր պատրաստության, կամավորագրվել ցանկացող բժիշկներին ու բուժքույրերերը կարող են զանգահարել ՀՀ ԱՆ

Կոչով դիմում ենք բժշկական կազմակերպությունների տնօրեններին, մարզային առողջապահության վարչությունների ու բաժինների ղեկավարներին, անհատներին, բոլոր նրանց ովքեր ինքնակամ, առանց առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելու, որոշում են կայացնում Արցախին բժշկական օգնություն ցուցաբերելու համար քայլեր ձեռնարկելու ուղղությամբ:Տեղեկացնում ենք, որ Հայաստանի առողջապահության համակարգը բերվել է բարձր պատրաստության, նախարարությունը համակարգում է բոլոր կազմակերպչական հարցերը, անում է իրենից կախված ամեն ինչ` Արցախի մեր եղբայրներին ու քույրերին որակավորված և մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու համար:Ուստի, ոլորտին վերաբերող բոլոր առաջարկներն ու մտահղացումները պետք է համաձայնեցնել առողջապահության նախարարության հետ:Միաժամանակ, աշխատանքները համակարգված և արդյունավետ կազմակերպելու համար կամավորագրվել ցանկացող բժիշկներին ու բուժքույրերին, ոլորտի աշխատակիցներին առաջարկում ենք զանգահարել ՀՀ ԱՆ անձնակազմի կառավարման վարչություն գրանցվելու նպատակով` 060 80 80 03 ներքիններ` 1502, 1503, 1504 հետևյալ հեռախոսահամարներով:Անհրաժեշտության դեպքում կապ կհաստատենք ձեզ հետ։Կոչ ենք անում հետևել պաշտոնական տեղեկատվությանը։
14:09 - 27 սեպտեմբերի, 2020
Առողջապահության նախարարությունը համաձայնագիր է ստորագրել կորոնավիրուսի պատվաստանյութի ձեռքբերման համար

Առողջապահության նախարարությունը համաձայնագիր է ստորագրել կորոնավիրուսի պատվաստանյութի ձեռքբերման համար

ՀՀ Առողջապահության նախարարությունը Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի ձեռքբերման վերաբերյալ հայտարարություն է տարածել․ «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վերահսկման և, հետևաբար, համաճարակային իրավիճակի բարելավման նպատակով կարևորվում է COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերումը: Այս նպատակով բանակցություններ են վարվում բոլոր հնարավոր կողմերի, մասնավորապես` պատվաստանյութ արտադրողների և միջազգային գործընկերների հետ: Ներկայումս COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման համար առանձնահատուկ հնարավորություն է ընձեռվել: Ստեղծվել է միասնական գնումների հարթակ, որը համակարգվում է միջազգային գործընկերների կողմից` COVAX FACILTY հիմնադրամի միջոցով։ Վերջինս վարում է անմիջական բանակցություններ պատվաստանյութերի արտադրողների հետ՝ նպաստելով գործընթացի արագացմանը, սահմանելով պատվաստանյութերի միասնական գներ, աջակցելով հիմնադրամում ընդգրկված երկրների համար երաշխավորված գնով և քանակով պատվաստանյութերի ձեռքբերմանը: Առողջապահության նախարարությունը COVAX FACILTY-ի հիմնադրամի հետ ստորագրել է համաձայնագիր COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման համար։ Նախատեսվում է գնել շուրջ 600 հազար դեղաչափ՝ ռիսկի խմբերում գտնվող շուրջ 300 հազար անձի համար` յուրաքանչյուրին երկու դեղաչափ։ Պատվաստանյութի ձեռքբերման ֆինանսական ընդհանուր արժեքը մոտավորապես կազմում է 6 միլիոն 330 հազար ԱՄՆ դոլար՝ մեկ դեղաչափի միջինացված արժեքը` 10.55 ԱՄՆ դոլար, որը կարող է բանակցությունների արդյունքում նվազել։ Պատվաստանյութի առաջին չափաբաժնի (բնակչության 3 տոկոսի չափով) մատակարարումը նախատեսվում է 2021 թվականին՝ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի լիցենզավորումից և կիրառման թույլտվությունից հետո` հնարավորինս շուտ։ Ակնկալում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների իրականացումը կնպաստի հիվանդացության նվազմանը, դրանց հետևանքով մահվան դեպքերի կանխարգելմանը և առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության թուլացմանը»։
13:55 - 26 սեպտեմբերի, 2020
Ութ պատվաստանյութ անցել է փորձարկումների երրորդ փուլ. ՀՀ-ն բանակցում է մի քանի ուղղություններով |armenpress.am|

Ութ պատվաստանյութ անցել է փորձարկումների երրորդ փուլ. ՀՀ-ն բանակցում է մի քանի ուղղություններով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը հետևում է աշխարհում պատվաստանյութերի ստեղծման հետ կապված գործընթացներին և բանակցություններ է վարում մի քանի ուղղություններով: Հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը: «Արդեն 8 պատվաստանյութ անցել է փորձարկումների երրորդ փուլ, որը վերջինն է: Տեսնենք՝ քանի պատվաստյութ վերջնական կհաստատվի: Ուշադիր հետևում ենք, թե որ դեպքում գործընթացն ինչպես է ընթանում: Երբ կունենանք ամբողջական փաթեթն այն մասին, թե ինչպես անցան փորձարկումները, նոր միայն կկարողանանք կողմնորոշվել: Իհարկե, մի քանի ուղղություններով բանակցություններ են վարվում, որպեսզի ռիսկի խմբերի համար կարողանանք արագ ապահովել պատվաստանյութ:  Կարծում եմ մինչև գարուն հստակեցումներ կլինեն»,-ասաց Լուսինե Պարոնյանը:  Այն հարցին, թե արդյոք Ռուսաստանից պատվաստանյութ ձեռք կբերվի՞, Լուսինե Պարոնյանը նշեց, որ դեռ այդպիսի միջոցառումներ չկան:
16:31 - 25 սեպտեմբերի, 2020
Թեստավորված ուսուցիչներից 300-ը՝ մոտ 1,5 %-ը, ինքնամեկուսացված է |hetq.am|

Թեստավորված ուսուցիչներից 300-ը՝ մոտ 1,5 %-ը, ինքնամեկուսացված է |hetq.am|

hetq.am: «Արմենպրես» լրատվական գործակալության հրավիրած ասուլիսի ընթացքում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանն անդրադարձավ ուսուցիչների՝ Covid-19-ի թեստավորմանը, նշեց, որ այն իրականացվել է՝ հաշվի առնելով կորոնավիրուսային վարակի տարածման ռիսկը. դպրոցներում աշակերտների հետ շփումը կարող է հանգեցնել վարակի մասսայական տարածմանը։ Ըստ նրա՝ դպրոցներում Covid-19-ի տարածումն ամբողջությամբ կանխել հնարավոր չի եղել, սակայն սեպտեմբերի 7,8-ից սկսած՝ թեստավորումը իրականացվում է։ Վերջինս անդրադարձավ այն հարցին՝ արդյոք բոլոր ուսուցիչներն են թեստավորվել, ասաց, որ թեեւ ՀՎԿԱԿ-ի լաբորատոր կարողությունները հզորացել են, այնուամենայնիվ երկու շաբաթը բավական չի եղել հանրապետության բոլոր դպրոցների աշխատակազմին եւ ուսուցիչներին թեստավորելու համար։ Պարոնյանը նշեց, որ դպրոցների աշխատակազմի եւ ուսուցիչների թեստավորման գործընթացը կավարտվի հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում։ Ըստ համաճարակաբանի՝ թեստավորվելը չի բացառում ուսուցիչների հետագայում վարակվելը, սակայն դա տվյալ փուլում նվազեցնում է արդեն իսկ վարակված լինելու եւ վարակը տարածելու ռիսկը։ Լուսինե Պարոնյանի պնդմամբ՝ գրեթե բոլոր դրական թեստավորված ուսուցիչներն առանց ախտանշանների են։ Անդրադառնալով ուսուցիչների՝ թեստերի դրական, ապա կրկնակի թեստի բացասական արդյունքներին, որի վերաբերյալ մամուլում բողոքներ հրապարակվեցին, համաճարակաբանը նշեց, որ ԱՀԿ-ի կողմից ՀՎԿԱԿ-ի լաբորատորիան անցել է արտաքին հսկողություն եւ պատվաստուկների հետազոտությունը 100 % արդյունք է տվել, ինչը վկայում է, որ լաբորատոր կարողությունները բավարարում են թեստերի ճշտգրիտ արդյունք գրանցելու համար։ Իսկ այն հարցին, թե ինչու է մի լաբորատորիան տալիս դրական, մյուսը՝ բացասական արդյունք, Պարոնյանը նշեց, որ պատճառ կարող է լինել նմուշառման պայմանները, անձը կարող է բերանը ողողած լինել, սնունդ ընդունած լինել։ «Եթե մի անգամ թեստը դրական է եղել, ուրեմն հարյուր տոկոս վարակված է, բացասականը կարող է կեղծ լինել, բայց դրականը չի կարող»,- հավելեց  համաճարակաբանը։ Նրա խոսքով, եթե անգամ կրկնակի թեստը բացասական է, ԱՆ-ի համար հիմք չէ, որ մարդուն վարակակիր չհամարեն, եւ վերջինս պետք է 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացում անցնի։ «Ես խորհուրդ եմ տալիս ուսուցիչներին անիմաստ գումար չծախսել, չդիմել վճարովի լաբորատորիաներ, որովհետեւ միեւնույն է՝ պիտի ինքնամեկուսացվեն, եթե ախտանշաններ չլինեն, ինքնամեկուսացումից դուրս գրվելուց հետո կգնան աշխատանքի, իսկ ախտանշանների դեպքում, հիվանդության բուժում կարվի»։ Համաճարակաբանի խոսքով՝ այս պահին ինքնամեկուսացման մեջ գտնում է ընդհանուր թեստավորված ուսուցիչների մոտ 1,5 %-ը՝ 300 հոգի։ Համաճարակաբանը եւս մեկ անգամ նշեց, որ վարակի տարածումը կանխելու համար  պետք է պահպանել սոցիալական հեռավորությունը, կրել դիմակներ եւ ախտահանել ձեռքերը։ Պարոնյանը չասաց, թե մեկ ուսուցչի թեստավորման համար ինչքան գումար է հատկացնում պետությունը։ Վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածների թվերի աճի վերաբերյալ ասաց, որ այն կապված է սեզոնային փոփոխությունից, սուր վարակիչ հիվանդությունների ակտիվացումից, սահմանափակումների վերացումից, եւ դեռեւս չի կապվում դպրոցների բացման հետ. երեխաների շրջանում վարակման թվերի աճ չկա։ Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ներկրման վերաբերյալ ասաց, որ դեռեւս որեւէ հստակ որոշում չկա, քանի որ սպասում են, թե աշխարհում հայտնված ութ պատվաստանյութերից որոնք են արդյունավետ լինելու։
16:21 - 25 սեպտեմբերի, 2020
Գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպք զբոսաշրջային միկրոավտոբուսի ուղևորների շրջանում |armenpress.am|

Գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպք զբոսաշրջային միկրոավտոբուսի ուղևորների շրջանում |armenpress.am|

armenpress.am: Հանրապետությունում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվն աճում է, մասնագետները հորդորում են խստագույն ձևով հետևել համաճակային կանոններին: Հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը նշեց, որ որոշ սահմանափակումների վերացումից, որոշների թուլացումից հետո անցկացվում են բազմամարդ հարսանիքներ, հոգեհանգստյան արարողություններ, իսկ շատ դեպքերում համաճարակային կանոնները չեն պահպանվում, դրա հետևանքով գրանցվում է վարակվածության թվի աճ: «Վերջերս դեպք ունեցանք, որ մարդիկ գնացել էին Տաթևի վանք էքսկուրսիա, ամբողջ զբոսաշրջային միկրոավտոբուսի ուղևորները վարակվել էին: Նրանցից մեկն էլ գնացել էր հոգեհանգստի, և այնտեղ նույնպես վարակում էր եղել: Եվ հիմա մենք խնդիր ունենք Սիսիանում: Բոլոր կոնտակտավորները ինքնամեկուսացվել են: Մեկ անգամ ևս հորդորում եմ մեր քաղաքացիներին զգոն լինել, հետևել համաճարակային պարզ կանոններին՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն»,- ասաց Լուսինե Պարոնյանը:
15:36 - 25 սեպտեմբերի, 2020
Դասընթացներ` ԻՀԱԿ-ի համաճարակաբանների և վիճակագիրների համար

Դասընթացներ` ԻՀԱԿ-ի համաճարակաբանների և վիճակագիրների համար

Առողջապահության նախարարության հրավերով Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը (ԻՀԱԿ) հյուրընկալել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տարածաշրջանային գրասենյակի ստրատեգիկ հարցերով խորհրդատու Լև Զոհրաբյանին և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոզա Բաբայանին: Այցի շրջանակներում  ԻՀԱԿ-ի համաճարակաբանների և վիճակագիրների համար անցկացվել են դասընթացներ Գլոբալ հաշվետվության կազմման սկզբունքների, ցուցանիշների և որակյալ տեղեկատվության հավաքագրման պահանջների վերաբերյալ։ Դասընթացի շրջանակներում ներկայացվել են «Spectrum» ծրագրի միջոցով ՄԻԱՎ գնահատումների մշակման գործընթացը, տվյալների հավաքագրման կարգը և պահանջները, տվյալների որակի գնահատումը, ծրագրային մոտեցումները, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման ցուցանիշների ամենամսյա հաշվետվությունների վերաբերյալ մշակված նոր գործիքակազմը և դրա անհրաժեշտությունը (HIV Services tracking): Միաժամանակ, Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի և ԻՀԱԿ-ի մասնագետների հետ ամփոփվել են երկրորդ սերնդի համաճարակաբանական հսկողության, 2021 թվականին Հայաստանում իրականացվելիք ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտության արդյունքները, փորձագետը կիսվել է իր նկատառումներով` հետազոտություններն արդյունավետ կազմակերպելու առումով։ Օրակարգում ընդգրկված թեմաներին անդրադառնալուց հետո հարց ու պատասխանի ընթացքում Լև Զոհրաբյանը ԻՀԱԿ-ի մասնագետներին ներկայացրել է տարբեր երկրներում իր կատարած հետազոտությունները: Նախատեսվում է նաև կլոր սեղան-քննարկում` ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ իրականացվող ՄԻԱՎ-ի, տուբերկուլյոզի և հեպատիտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում հիվանդությունների բեռի, առողջապահական ծախսերի, տնտեսական, սոցիալական, բժշկական կորուստների և ներդրումների վերլուծության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի նոր ռազմավարության մոտեցումների շուրջ։ Կարևորելով նման հանդիպումների անհրաժեշտությունը` պայմանավորվածություններ են ձեռք բերվել թեմատիկ դասընթացների  շարունակականությունն ապահովելու ուղղությամբ։
15:12 - 25 սեպտեմբերի, 2020
Դպրոցականների շրջանում կորոնավիրուսով վարակվածության աճ չի նկատվում. մանրամասնում է մասնագետը |armenpress.am|

Դպրոցականների շրջանում կորոնավիրուսով վարակվածության աճ չի նկատվում. մանրամասնում է մասնագետը |armenpress.am|

armenpress.am: Հանրապետությունում վերջին երկու շաբաթվա ընթացքում դպրոցականների շրջանում՝ 6-17 տարեկան երեխաների տարիքային խմբում,  կորոնավիրուսով վարակվածության աճ չի նկատվում: Հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը: «Եթե համեմատում ենք սեպտեմբերի առաջին կեսի ցուցանիշը երկրորդ կեսի տվյալների հետ, ապա տեսնում ենք, որ դպրոցականների շրջանում ոչ միայն կորոնավիուսով վարակվածության աճ չի եղել, ընդհակառակը, նվազել է: Ամեն դեպքում, դեռ վաղ է եզրահանգումներ անելը, երկու շաբաթ է, ինչ դասընթացներն ընթանում են: Դեռ մի քիչ էլ պետք է սպասենք ամբողջական պատկերն ունենալու համար: Կարող ենք ասել, որ հանրապետությունում վարակվածության թվերի աճն այս փուլում կապված չէ դպրոցների բացման հետ»,-ասաց Լուսինե Պարոնյանը:
15:06 - 25 սեպտեմբերի, 2020