ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

ԱՆ ներկայացուցիչներն տեսակցել են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում վիրավորում ստացած երեխաներին

ԱՆ ներկայացուցիչներն տեսակցել են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում վիրավորում ստացած երեխաներին

Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Լուսինե Քոչարյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ մանկության զարգացման ծրագրերի համակարգող Մայա Սիմոնյանը, Առողջության և սնուցման ծրագրերի համակարգող Միհրան Հակոբյանը, առողջապահության նախարարության ներկայացուցիչներն այցելել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն` տեսակցելու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում վիրավորում ստացած երեխաներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։ Այցի ընթացքում նրանք ծանոթացել և զրուցել են երեխաների հետ: Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը ներկայացրել է երեխաների առողջական վիճակը, բուժման ընթացքը: Նա նշել է, որ դրական շարժընթացն ակներև է, և երեխաները հաղթահարել են բավականին դժվարություններ: «Ես և ՄԱԿ-ի ողջ անձնակազմը դատապարտում ենք քաղաքացիների թիրախավորումը և սատարում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ անհապաղ և տևական հրադադարի կոչին, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չունի», - նշել է Շոմբի Շարփը և հավելել. «Յուրաքանչյուր երեխա ունի խաղաղ մանկության հիմնարար իրավունք՝ անկախ իր բնակության վայրից»:
18:40 - 18 հոկտեմբերի, 2020
ԱՆ-ն ահազանգում է պատերազմական գործողությունների արդյունքում հնարավոր սանիտարական աղետների մասին

ԱՆ-ն ահազանգում է պատերազմական գործողությունների արդյունքում հնարավոր սանիտարական աղետների մասին

Առողջապահության նախարարությունն ահազանգում է․ «Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ պատերազմական գործողություններն Արցախի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորել են քաղաքացիական բնակավայրերը և ենթակառուցվածքները, բազմաթիվ են զոհերը և ավերածությունները, ինչը հղի է բազմաթիվ հետևանքներով, այդ թվում տարբեր վարակիչ հիվանդությունների՝ ներառյալ հատուկ վտանգավոր, բռնկումների և համաճարակների առաջացման վտանգով: Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վնասվելն առաջացնում է անբարենպաստ սանիտարահիգիենիկ իրավիճակ և անհնարին դարձնում պատշաճ մաքրման և ախտահանման ախատանքների իրականացումը, նպաստավոր պայմաններ ստեղծելով աղիքային վարակիչ հիվանդությունների (խոլերա, հեպատիտ Ա, դիզենտերիա և այլն) առաջացման և տարածման համար: Պատերազմական գոտին անցնում է Զանգեզուր-Ղարաբաղյան և Մերձարաքսյան ժանտախտի բնական օջախների տարածքներով, որտեղ առկա են ինչպես հիվանդության հարուցիչները, այնպես էլ փոխանցողները: Զոհվածների մարմինների դուրս բերումը, հուղարկավորության կամ փոխանակման համար նախապայմանների բացակայությունը նպաստում է, որ առանց խնամքի մնացած դիակները դառնան վարակիչ հիվանդություններ փոխանցող կամ բնական պահոց հանդիսացող միջատների և վայրի կենդանիների սնվելու և բազմանալու բարենպաստ միջավայր, իսկ վարակիչ, այդ թվում հատուկ վտանգավոր, հիվանդությունների հարուցիչները կարող են երկարատև կենսունակ մնալ շրջակա միջավայրում, ինչը ստեղծում է բռնկումների և համաճարակների առաջացման բոլոր նախադրյալները: Ռազմական գործողությունները կարող են նպաստել օջախների ակտիվությանը և մեծացնել կրծողների միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդությունների (ժանտախտ, տուլարեմիա, լեպտոսպիրոզ) ռիսկը: Ժանտախտի բարձր մահաբերությունն ու վարակելիությունն այն դարձնում է շատ նպաստավոր մասսայական ախտահարումներ առաջացնելու համար: Շրջակա միջավայրի աղտոտումը, վարակիչ հիվանդություններ տարածող կրծողների բազմացումը լուրջ համաճարակային սպառնալիք է ոչ միայն անմիջական ռազմական գործողությունների շրջանների համար, այլև հակամարտող կողմերի հետ անմիջական հարևանությամբ գտնվող երկրների, մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության համար՝ հաշվի առնելով երկրների միջև ոչ մեծ հեռավորությունը, աշխարհագրական ընդհանրությունը և առավել ռիսկային գոտի համարվող Արաքս գետի առկայությունը՝ վարակը ջրային ճանապարհով մերձարաքսյան բնակավայրեր տարածման առումով: Ռազմական գործողությունների ընթացքում և հետպատերազմական ժամանակաշրջանում բռնկումների, համաճարակների արձանագրման դեպքում ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը, քանզի հոկտեմբերի 12-ից ի վեր շարունակում է անընդհատ խախտել դիակների փոխանակման նպատակով ստորագրված հումանիտար հրադադարի պահանջները:
12:34 - 18 հոկտեմբերի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 64694 դեպք, մեկ օրում՝ 1694 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 64694 դեպք, մեկ օրում՝ 1694 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 64694 դեպք, որոնցից 48104-ն` առողջացած, 1081-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15193 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 348149 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4096 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1694 նոր դեպք: Ունենք 179 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 65 (կին), 71 (կին), 59 (կին), 64 (տղամարդ), 68 (տղամարդ), 66 (տղամարդ), 71 (կին), 81 (կին), 89 (տղամարդ), 72 (տղամարդ), 81 (տղամարդ), 68 (կին), 67 (տղամարդ) և 46 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 316 է։
11:09 - 18 հոկտեմբերի, 2020
Արսեն Թորոսյանը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին և համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանո Դե Լա Ռոզային

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին և համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանո Դե Լա Ռոզային

Հոկտեմբերի 16-ին նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին և Պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանո Դե Լա Ռոզային: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կորոնավիրուսային հիվանդության տարածման կտրուկ աճի տեմպերը զսպելուն ուղղված աշխատանքները և առաջիկայում նախատեսվող միջոցառումները:Արսեն Թորոսյանն ու Անդրեա Վիկտորինն իրենց մտահոգությունն են հայտնել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ծավալվող պատերազմական գործողությունների վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են ռազմական գործողությունների հետևանքով տուժածների բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությանը: Երկուստեք ընդգծվել է Հայաստանում առողջապահական 2՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ պայքարի և ռազմական գործողությունների հետևանքով տուժածների օգնության տրամադրման ճակատներով առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ միջազգային համագործակցության կարևորությունը: Հանդիպման ավարտին Անդրեա Վիկտորինը պատրաստակամություն է հայտնել Եվրոպական միության կողմից Հայաստանի առողջապահական համակարգին աջակցություն տրամադրել:
10:50 - 18 հոկտեմբերի, 2020
Առողջապահության նախարարն այցելել է Սյունիքի մարզ

Առողջապահության նախարարն այցելել է Սյունիքի մարզ

Առողջապահության նախարարն այսօր այցելել է Սյունիքի մարզ և շրջել մի շարք բժշկական հաստատություններով, հետաքրքրվել Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների առողջական վիճակով: Նախարարը եղել է Գորիսի, Կապանի և Սիսիանի բժշկական կենտրոններում, ինչպես նաև Սիսիանի զինվորական հոսպիտալում: Մայրաքաղաք վերադառնալիս նախարարն այցելել է նաև «Էրեբունի» բժշկական կենտրոն: Արսեն Թորոսյանը շրջել է վերակենդանացման բաժանմունքներով, հիվանդասենյակներով` զրուցել զինվորների և նրանց բուժող բժշկական անձնակազմի հետ` ծանոթացել նրանց բուժման ընթացքին: Նախարարին ներկայացվել է վիրավորների, հատկապես` ծանր վիճակում գտնվողների բուժման տակտիկան: Բոլոր զինվորներին նախարարը մաղթել է քաջառողջություն և շուտափույթ ապաքինում նաև շնորհակալություն հայտնել հայրենիքը նվիրումով պաշտպանելու համար: Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել նաև բժշկական անձնակազմերին այս ճակատում «կռվելու» և զինվորների կյանքը փրկելու համար:
21:20 - 17 հոկտեմբերի, 2020
Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին

Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով երկու երկրներում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի առողջապահական համակարգում առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ համագործակցության ծավալման հեռանկարները: Հանդիպման ընթացքում դեսպան Լաքոտն իր զորակցությունն է հայտնել ռազմական գործողությունների հետևանքով զոհված և վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքներին և ընդգծել, որ ինչպես երկու պետությունների ղեկավարների, այնպես էլ երկկողմ մակարդակով տարբեր շփումների ընթացքում ֆրանսիական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել ստեղծված իրավիճակում առկա մարտահրավերների հաղթահարման նպատակով հայկական կողմի հետ համագործակցության ավելի խորացման վերաբերյալ: Նախարար Թորոսյանը Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ առողջապահության նախարարության իրականացրած միջոցառումները և ընդգծել, որ նման իրավիճակում կարևոր է նաև միջազգային համագործակցության ակտիվացումը: Այս համատեքստում նախարար Թորոսյանը խնդրանքով դիմել է  Ֆրանսիայի կառավարությանը՝ համապատասխան աջակցություն ցուցաբերելու Հայաստանի առողջապահության համակարգին՝ նպատակ ունենալով մեծացնել Հայաստանի կարողությունները՝ նշված դժվարությունները հաղթահարելու համար։ Դեսպան Լաքոտը հաստատել է Ֆրանսիայի կառավարության պատրաստակամությունը՝ Հայաստանին այդ ասպարեզում աջակցելու և շատ մոտ ապագայում կոնկրետ  օգնություն տրամադրելու հարցում։
20:12 - 17 հոկտեմբերի, 2020
Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՌԴ դեսպանի հետ

Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՌԴ դեսպանի հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Հանդիպման սկզբում նախարարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը առողջապահության բնագավառում բազմակողմ օգնության համար` հատկապես շեշտադրելով վերջին շրջանում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ուղղությամբ կատարվող շարունակական աշխատանքները: «Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) կողմից շուտով Հայաստանին կտրամադրվի ևս մեկ շարժական լաբորատորիա»,- ասել է նախարարը և կրկին շնորհակալություն հայտնել աջակցության համար:  Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին և շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնությանն այն բոլոր ջանքերի համար, որոնք ուղղված են հակամարտության կարգավորմանը: «Այնպես է ստացվել, որ այս պահին մեր առողջապահական համակարգն աշխատում է 3 ուղղությամբ. առաջին ուղղություն` պլանային միջոցառումներ (բուժօգնություն, ծննդօգնություն, իմունականխարգելում և այլն), երկրորդ` կորոնավիրուսային համավարակ, որն աճի միտում է ցուցաբերում վերջին շրջանում ինչպես մեզ մոտ, այնպես էլ` ողջ աշխարհում: Եվ երրորդ, հաշվի առնելով ռազմական գործողությունների հետևանքով Արցախի առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը, Հայաստանի առողջապահական ոլորտը նաև տրամադրում է համապատասխան աջակցություն՝ ծանրաբեռնվածության թեթևացման նպատակով: Առողջապահական համակարգի 3 ուղղություններով ծանրաբեռնվածությունն, իհարկե, որոշակի դժվարություններ է առաջացնում, բայց մենք կարողանում ենք հաղթահարել»,- նշել է նախարարը: Կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել` շարունակելու և ամրապնդելու առողջապահության ոլորտում համագործակցությունը»,- նշված է նախարարության հայտարարության մեջ։
13:08 - 17 հոկտեմբերի, 2020
Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին

Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին: Ողջունելով հյուրին` նախարարը նշել է, որ Հայաստանի առողջապահության ոլորտում ծագած հրատապ կարիքները պահանջում են քայլեր ձեռնարկել` ուղղված Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքների և կորոնավիրուսային համավարակի հաղթահարմանը: «Ես շատ շնորհակալ եմ հրավերին արագ արձագանքելու համար, քանի որ իրավիճակն է այդպես պահանջում: Անշուշտ, տեղյակ եք Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակից՝ կապված Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետ: Ինչպես գիտեք, առողջապահության նախարարությունը կազմակերպում է Արցախում վիրավորված քաղաքացիական անձանց, Հայաստան տեղափոխված քաղաքացիների ամբողջական բժշկական օգնությունը: Միաժամանակ, հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ մեր երկրում, պետք է շարունակենք պայքարը նաև այս ուղղությամբ», - նշել է նախարարը: Կողմերը քննարկել են առողջապահական ոլորտում ծագած հումանիտար խնդիրները, կարծիքներ փոխանակել այս ուղղությամբ երկրների միջև փոխգործակցություն ծավալելու առնչությամբ: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել հնարավոր ջանքեր գործադրելու Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների միջև հումանիտար կարիքների հասցեագրման ուղղությամբ հնարավոր փոխգործակցությունը խթանելու համար:
12:45 - 16 հոկտեմբերի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 61460 դեպք, որոնցից 47541-ն` առողջացած

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 61460 դեպք, որոնցից 47541-ն` առողջացած

ՀՀ Առողջապահության նախարարությունը հյատնում է, որ հոկտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 61460 դեպք, որոնցից 47541-ն` առողջացած, 1056-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12549 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 340116 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4005 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1465 նոր դեպք: Ունենք 422 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 60 (տղամարդ), 76 (տղամարդ), 83 (կին), 68 (տղամարդ), 86 (տղամարդ), 86 (կին), 93 (կին), 73 (կին), 60 (տղամարդ) և 73 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 314 է։
11:02 - 16 հոկտեմբերի, 2020
Գայանե Սահակյանը հորդորեց բոլոր գործատուներին հնարավորության դեպքում անցնել հեռավար ռեժիմի

 |armenpress.am|

Գայանե Սահակյանը հորդորեց բոլոր գործատուներին հնարավորության դեպքում անցնել հեռավար ռեժիմի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը վատթարացել է,  արձանագրված դեպքերը կրկնապատկվել են: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: «Միայն երեկ և այսօր գրանցվել են ռեկորդային թվեր, վիճակը շարունակում է մնալ ծանր: Համաճարակային իրավիճակի սրացումը պայմանավորված է անվտանգության կանոնների չպահպանելու հետ, ինչպես նաև բնակչության զգոնության թուլացմամբ»,- ասաց Սահակյանը: Սահակյանի խոսքով` Առողջապահության նախարարությունը շարունակում է իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ և միաժամանակ մարդկանց շփումը նվազեցնելուն ուղղված քայլեր: «Առողջապահության նախարարությունը հորդորում է բոլոր գործատուներին և տնտեսվարողներին՝ հնարավորության դեպքում անցնել հեռավար աշխատանքային ռեժիմի, հատկապես, եթե գործատուի մոտ կան ռիսկային խմբում գտնվող անձինք կամ տարեցներ»,- ասաց Սահակյանը:  
23:04 - 15 հոկտեմբերի, 2020
ԱՀԿ-ում վախենում են կորոնավիրուսի պատճառով մահացությունների աճից |hetq.am|

ԱՀԿ-ում վախենում են կորոնավիրուսի պատճառով մահացությունների աճից |hetq.am|

hetq.am: Ամբողջ աշխարհում վերջին ամիսներին ավելանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը։ Սա լուրջ մտահոգություն է առաջացնում Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտ, որի մասնագետները կարծում են, որ հիվանդության բռնկումից մի քանի շաբաթ անց կաճեն նաև կորոնավիրուսից մահացության ցուցանիշները։ «Հիվանդության ցուցանիշների աճից գրեթե երկու շաբաթ անց մահացության մակարդակը միշտ աճում է։ Եթե մենք տեսնում ենք դեպքերի թվի ահռելի աճ, ինչը տեղի է ունենում հիմա, ապա, ցավոք, մի քանի շաբաթ անց դրան կհաջորդեն նաև մահացության ցուցանիշների աճը»,- նշել է ԱՀԿ գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինաթանը։ Ընդ որում, նա ընդգծել է, որ մարտից, երբ սկսվեց կորոնավիրուսի համավարակը, բժիշկները սովորել են կորոնավիրուսը հայտնաբերել հիվանդության ավելի վաղ փուլերում և «ավելի լավ բուժել այդ հիվանդությունը»։ Ի հայտ են եկել ախտորոշիչ թեստեր, ընդլայնվել են թեստավորման ծավալները։ Շարունակությունը՝ hetq.am-ում
13:10 - 15 հոկտեմբերի, 2020
COVID 19 -ը սպառնում է զրոյացնել աշխարհում տուբերկուլյոզի դեմ պայքարի արդյունքները. ԱՀԿ |shantnews.am|

COVID 19 -ը սպառնում է զրոյացնել աշխարհում տուբերկուլյոզի դեմ պայքարի արդյունքները. ԱՀԿ |shantnews.am|

shantnews.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները ամենամյա հաշվետվության ժամանակ նշել են, որ կորանավիրուսի պանդեմիան կարող է զրոյացնել տուբերկուլյոզով հիվանդացության և  մահացության նվազեցման ուղղված պայքարի  մինչ օրս գրանցած արդյունքները:Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: ԱՀԿ ներկայացուցիչների խոսքերով տուբերկուլյոզից մահվան ցուցանիշը 2015 թվականին նվազել է 14 տոկոսով: Իսկ հիմա ԱՀԿ չի կարողանա բարելավել այս ցուցանիշը: «Երկրները, հասարակությունները և այլ գործընկերներ  ուժերը միավորել են , որպեսզի ապահովվի  համապատասխան ծառայությունների աշխատանքը  տուբերկուլյոզի և  կորոնավիրուսի դեմ: Այս ջանքերը կենսական նշանակություն ունեն առողջապահական համակարգի ուժեղացման , հասանելիության և կյանքեր փրկելու համար»,- ՏԱՍՍ-ը մեջբերել է ԱՀԿ  փորձագետների խոսքերը:
20:57 - 14 հոկտեմբերի, 2020