ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալի հետ և ելույթ ունեցել Հյուսիսատլանտյան խորհրդում

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալի հետ և ելույթ ունեցել Հյուսիսատլանտյան խորհրդում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 17-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Միրչա Ջոանայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։  Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել ՆԱՏՕ-ի հետ գոյություն ունեցող քաղաքական երկխոսության կապակցությամբ: Այս համատեքստում, որպես համագործակցության զարգացման արդյունավետ գործիք, կարևորվել է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը։ «Անդրադարձ է կատարվել հայկական խաղաղապահ ստորաբաժանումների` միջազգային խաղաղապահ առաքելություներին ունեցած մասնակցությանը և միջազգային անվտանգության ու կայունության ամրապնդման գործում Հայաստանի ներդրմանը: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան - Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը, Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, քաղաքացիական բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումների գործադրման փաստերը։ Արարատ Միրզոյանը և Միրչա Ջոանան նաև մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը Հյուսիսատլանտյան խորհրդում հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է անցած 30 տարիների ընթացքում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, 2020թ․ Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի հետևանքներին, հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների մուտքի հարցերին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռնակարներին ու հնարավորություններին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ առանց նախապայմանների բանակցություններին, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի:
21:16 - 17 մարտի, 2022
Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Արցախի մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգները

Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Արցախի մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգները

Մարտի 16-ին Փարիզում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության ընդլայնումը կրթության, գիտության և հաղորդակցության ոլորտներում: Նա նշել է նաև, որ Հայաստանը` որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ, շարունակում է հավատարիմ մնալ համաշխարհային խաղաղության առաջմղմանը, զարգացմանը և արդյունավետ բազմակողմանիությանը, որոնք Կազմակերպության հիմնասյուներն են: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության միտումնավոր ոչնչացմանը և ինքնության խեղաթյուրմանը: Այդ համատեքստում նախարար Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի ուշադրությունն է հրավիրել այդ նպատակով Ադրբեջանում պետական աշխատանքային խմբի ստեղծման փաստին: Ընդգծվել է նաև, որ այս գործողությունները բացահայտորեն դեմ են գնում հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության պահպանության վերաբերյալ 2021 թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ կայացված որոշմանը։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ստեղծված իրավիճակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտության և հակամարտության գոտում անխոչընդոտ ներգրավվածության հրատապությունը՝ համամարդկային մշակութային ժառանգության մաս կազմող Արցախի պատմամշակութային կոթողների պահպանման և վանդալիզմի դեպքերը կանխելու նպատակով։ Ընդգծվել է «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954թ. Հաագայի կոնվենցիային և դրան կից երկու արձանագրություններին համահունչ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի կողմից առաջարկված` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի փաստահավաք առաքելության առաջնահերթ իրականացումը:
22:50 - 16 մարտի, 2022
ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ առանց նախապայմանների բանակցություններին. ԱԳ նախարարը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ առանց նախապայմանների բանակցություններին. ԱԳ նախարարը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 16-ին Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 40-րդ արտահերթ նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ ՀՀ ԱԳ նախարարը ներկաների ուշադրությունն է հրավիրել առկա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում Ադրբեջանի կողմից Հարավային Կովկասում իրավիճակի էսկալացիային ուղղված գործողություններին: Ներկայացվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, մասնավորապես՝ կենսական ենթակառուցվածքների վերականգնման հարցում խոչընդոտներ ստեղծելու, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու, բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու փաստերը։ «ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Ֆրանկոֆոնիայի պետությունների և կառավարությունների ղեկավարների՝ Ադրբեջանի իշխանություններին ուղղված հստակ և հասցեական արձագանքի անհրաժեշտությունը՝ զերծ մնալու տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման փորձերից: Շեշտվել է, որ Հայաստանը հանձնառու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ ու տևական կարգավորմանը և պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ առանց նախապայմանների բանակցություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Իր ելույթում նախարար Միրզոյանն ընդգծել է, որ չնայած բազում մարտահրավերներին՝ կորոնավիրուսի համավարակից մինչև 2020թ. 44-օրյա պատերազմ՝ Հայաստանը հավատարիմ է մնում բարեփոխումների շարունակական գործընթացին՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի արժեքների վրա։
19:39 - 16 մարտի, 2022
Դեսպան Ավետիսյանն Իսպանիայի Սենատի նախագահին է ներկայացրել Արցախում հումանիտար ճգնաժամը

Դեսպան Ավետիսյանն Իսպանիայի Սենատի նախագահին է ներկայացրել Արցախում հումանիտար ճգնաժամը

Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանր մարտի 16-ին հանդիպել է Իսպանիայի Սենատի նախագահ Անդեր Խիլ Գարսիայի հետ։ Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը: Հանդիպման սկզբում դեսպան Ավետիսյանը գրառում է կատարել Սենատի պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև կողմերը մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ, կարևորել են երկու երկրների միջև խորհրդարանական կապերն ամրապնդելու անհրաժեշտությունը։ Դեսպան Ավետիսյանն Իսպանիայի Սենատի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված գործողությունները, այդ թվում՝ գազի մատակարարման շարունակական խաթարումը, ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության թիրախավորումը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման վտանգը՝ կարևորելով Եվրոպական խորհրդարանի կողմից ընթացիկ տարվա մարտի 10-ին ընդունված՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային արժեքների ոչնչացման» մասին բանաձևն ու  միջազգային հանրության պատշաճ արձագանքը։
17:37 - 16 մարտի, 2022
Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը․ Արարատ Միրզոյանը՝  թուրքական «Անադոլու» գործակալությանը

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը․ Արարատ Միրզոյանը՝ թուրքական «Անադոլու» գործակալությանը

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Անադոլու» գործակալությանը, որը ներկայացված է ստորև. Ի՞նչ կցանկանայիք նշել Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումին Ձեր մասնակցության մասին: Նախ, ցանկանում եմ հիշեցնել նախորդ ամիսների ընթացքում Հայաստանի և Թուրքիայի միջև տեղի ունեցած զարգացումների կարևոր դրվագները։ Երկու երկրների ղեկավարները՝ վարչապետ Փաշինյանը և նախագահ Էրդողանը, հրապարակային հայտարարություններ էին փոխանակել՝ երկու երկրների միջև բանակցություններ սկսելու պատրաստակամություն հայտնելով։ Ավելի ուշ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի հատուկ ներկայացուցիչներ նշանակվեցին։ Նրանք արդեն երկու հանդիպում են ունեցել, համապատասխանաբար՝ Մոսկվայում և Վիեննայում, որոնց ընթացքում պայմանավորվել են շարունակել առանց նախապայմանների բանակցությունները՝ միտված հարաբերությունների լիարժեք կարգավորմանը: Ես Անթալիա այցելեցի և մասնակցեցի Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումին՝ ևս մեկ անգամ վերահաստատելու Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական կամքը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման հասնելու և տարածաշրջանում խաղաղ և կայուն զարգացման դարաշրջան բացելու վերաբերյալ։Ինչպե՞ս կգնահատեք Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող կարգավորման գործընթացը: Ընդհանուր առմամբ, մենք այն դրական ենք գնահատում։ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը։ Ուրախ էի իմ թուրք գործընկերոջից լսել, որ իրենց կողմից նույնպես կա քաղաքական կամք՝ գործընթացը տանելու այդ նպատակին։ Կարծում եմ՝ հիմա, երբ իրադարձություններն աշխարհում շատ արագ են զարգանում, մենք չպետք է վարանենք կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Որո՞նք են կարգավորման գործընթացի օգուտները հայ և թուրք ժողովուրդների համար: Մարդիկ արդեն իսկ օգտվում են Երևան-Ստամբուլ ուղիղ չվերթներից։ Սահմանների բացումն իր դրական ազդեցությունը կունենա երկու երկրների միջև կոմունիկացիոն հաղորդակցության, առևտրատնտեսական հարաբերությունների, մարդկանց միջև շփումների և, ընդհանրապես, տարածաշրջանում կայունության վրա։ Թուրքիայի և Հայաստանի միջև փոխադարձ պաշտոնական այցեր կլինե՞ն։ Դուք թուրք պաշտոնյաներին Հայաստան այցելելու հրավեր ուղարկե՞լ եք կամ հրավեր ստացե՞լ եք այցելելու Թուրքիա։ Ընդգծեմ, որ սա Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Թուրքիա վերջին տասնամյակում։ Ավելորդ է նշել, որ եթե կարգավորման գործընթացը հարթ ընթանա և մենք հասնենք դրական արդյունքների, կարող են փոխայցելություններ լինել։ Ի՞նչ կարող եք ասել մեզ կարգավորման գործընթացի վերաբերյալ հայ ժողովրդի մոտեցման մասին: Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Դա արտացոլված է նաև հասարակական կարծիքի վերաբերյալ հարցումներում։ Իհարկե, և՛ հայկական, և՛ թուրքական հասարակություններում կան խմբեր, որոնք, այսպես ասեմ, թերահավատորեն են վերաբերվում այս գործընթացին։ Երկու կողմերի պաշտոնյաները պետք է քաղաքական առաջնորդություն ստանձնեն այս խնդիրները հասցեագրելու ուղղությամբ: Նախարար Չավուշօղլուի հետ իմ հանդիպման ընթացքում մենք կարծիքներ ենք փոխանակել որոշակի զգայուն կետերի վերաբերյալ, և ես հույս ունեմ, որ դրանք հաշվի կառնվեն։
21:15 - 15 մարտի, 2022
Եթե Հայաստանը նույնպես լրջորեն է մոտենում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցին, ապա պետք է ներկայացնի իր կոնկրետ առաջարկները․ Ադրբեջանի ԱԳՆ

Եթե Հայաստանը նույնպես լրջորեն է մոտենում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցին, ապա պետք է ներկայացնի իր կոնկրետ առաջարկները․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի դիրքորոշումը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում հստակ և հետևողական է: Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ «Մենք կարիք չունենք կրկնելու այն դիրքորոշումը, որը բազմիցս հայտարարել ենք։ Հաշվի առնելով երկու երկրների հարաբերությունների կարգավորման և հակամարտությունից հետո տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը՝ Ադրբեջանը առաջարկներ է ներկայացրել այդ կապակցությամբ և պատրաստ է առաջ շարժվել այդ ուղղությամբ։ Եթե ​​Հայաստանը նույնպես լրջորեն է մոտենում հարցին, ապա պետք է ներկայացնի իր կոնկրետ առաջարկները և դրանով իսկ ցույց տա իր պատրաստակամությունը՝ սկսելու կոնկրետ և արդյունքի միտված բանակցություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։  Հիշեցնենք, որ ավելի վաղ Արարատ Միրզոյանը անդրադարձել էր խաղաղության պայմանագրի 5 սկզբունքներին, որոնք հայկական կողմին փոխանցել էր Ադրբեջանը:
19:18 - 15 մարտի, 2022
Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների. Արարատ Միրզոյան |armenpress.am|

Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների. Արարատ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների: Նախարարը հիշեցնում է, որ ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ: Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրի 5 սկզբունքներին, որոնք հայկական կողմին փոխանցել է Ադրբեջանը, ներկայացրել է դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կողմից երեկ հրապարակվեց, ըստ իրենց, Հայաստանին փոխանցված խաղաղության պայմանագրի 5 սկզբունքները։ Արդյո՞ք հենց դա է Հայաստանին փոխանցված փաստաթուղթը։ Այո, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանրայնացրել է Հայաստանին փոխանցված առաջարկները։ Ի դեպ, ուշագրավ է, որ փետրվարի 21-ով թվագրված նամակը հայկական կողմին փոխանցվել է միայն մարտի 10-ին։ Ինչպիսի՞ն է հայկական կողմի դիրքորոշումը նշյալ առաջարկների վերաբերյալ։ Նախ կարևոր է ընդգծել, որ խաղաղության պայմանագրի շուրջ յուրաքանչյուր բանակցություն պիտի ընթանա առանց նախապայմանների։ Ինչ վերաբերում է բուն առաջարկներին, ապա երկու երկրներն, ըստ էության, դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ։ Հարկ է նկատել նաև, որ առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայկական կողմը պատասխանել է ադրբեջանական առաջարկին՝ համահունչ նշված դիրքորոշմանը։ Ադրբեջանի կողմից հնչեցված առաջարկներում անդրադարձ է կատարվում նաև երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ Ինչպե՞ս են ընթանում այս գործընթացները։ Մենք համարում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունները պետք է լիարժեք կյանքի կոչվեն, և մենք շարունակում ենք հետևողական լինել այս ուղղությամբ։ Ինչպես գիտեք, մենք նույնիսկ հանդես ենք եկել այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համալիր առաջարկներով, ինչպես օրինակ զորքերի հայելային հետքաշմամբ և միջազգային մոնիթորինգի մեխանիզմի ներդրմամբ սահմանազատման գործընթացի մեկնարկի առաջարկը, որոնք սակայն ադրբեջանական կողմը մերժել է։ Ի՞նչ ձևաչափում եք տեսնում խաղաղության պայմանագրի շուրջ հնարավոր բանակցությունները։ Ավելի վաղ արդեն իսկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը և Հելսինկյան եզրափակիչ ակտը։
10:46 - 15 մարտի, 2022
ՀՀ ԱԳՆ-ն դիվանագիտական կորպուսին ներկայացրել է Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելու Ադրբեջանի գործողությունները

ՀՀ ԱԳՆ-ն դիվանագիտական կորպուսին ներկայացրել է Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելու Ադրբեջանի գործողությունները

 ՀՀ արտաքին գործերի նախարարությունում մարտի 14-ին տեղի են ունեցել հանդիպումներ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Հանդիպումների ընթացքում օտարերկրյա դիվանագետներին է ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված գործողությունները, այդ թվում՝ գազի մատակարարման շարունակական խաթարումը, ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության թիրախավորումը, Արցախի բնակչության նկատմամբ այլ հոգեբանական ճնշումների գործադրումը։ Հումանիտար ճգնաժամի կանխման համատեքստում ընդգծվել է միջազգային հանրության համաչափ և հստակ արձագանքի կարևորությունը։
23:45 - 14 մարտի, 2022
Միրզոյանը Բորելին ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը

Միրզոյանը Բորելին ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը

Մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:   Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության դինամիկ զարգացման առթիվ:   Անդրադարձ է կատարվել Արցախում հումանիտար իրավիճակին։ Այս առումով, նախարար Միրզոյանը ընդգծել է Ադրբեջանում անօրինական կերպով պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անվերապահ հայրենադարձման, Լեռնային Ղարաբաղ միջազգային հումանիտար կառույցների անարգել մուտքի ապահովման անհրաժեշտությունը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության կարևորությունը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան - Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը, գործընկերոջ ուշադրությունը հրավիրել Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ հոգեբանական ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերին և կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին։ Երկուստեք կարևորվել է իրավիճակի դեէսկալացիային ուղղված միջոցառումների իրականացումը: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Զրուցակիցները անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության ու կայունության հարցերի:
16:13 - 12 մարտի, 2022
Վերահաստատել ենք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման պատրաստակամությունը. Միրզոյանը՝ Չավուշօղլուի հետ հանդիպման մասին |armenpress.am|

Վերահաստատել ենք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման պատրաստակամությունը. Միրզոյանը՝ Չավուշօղլուի հետ հանդիպման մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում  Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը երկուսն էլ վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ առանց նախապայմանների շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին Միրզոյանն ասել է հանդիպումից հետո լրագրողների համար հայտարարության ժամանակ: Նա շնորհակալություն է հայտնել նախարար Չավուշօղլուին հրավերի համար: «Կարծում եմ՝ հրավերը բավականին դրականը ուղերձ էր, և անհրաժեշտ եմ համարել նույն դրական կերպով արձագանքել այդ ուղերձին: Մեր հանդիպման ընթացքում վերահաստատել ենք երկու կողմի պատրաստակամությունը՝ շարունակել կարգավորման գործընթացը՝ հարաբերությունների հաստատման և սահմանների բացման նպատակով՝ առանց որևէ նախապայմանի»,- ասել է Միրզոյանը: Նա նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներն աշխատում են այդ ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ  մոտ ապագայում դրական արդյունքները տեսանելի կլինեն: «Ուրախ եմ տեսնել, որ տարածաշրջանի բոլոր ժողովուրդները, բոլոր պետությունները փորձում են կառուցել խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում: Եվ ուզում եմ ասել, որ Հայաստանի կողմից այդ պատրաստակամությունը՝ ունենալ խաղաղ և կայուն տարածաշրջան, կա»,- եզրափակել է Միրզոյանը:
15:12 - 12 մարտի, 2022
Անթալիայում մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը |hetq.am|

Անթալիայում մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը |hetq.am|

hetq.am: Թուրքիայի Անթալիա քաղաքում, որտեղ այս օրերին ընթանում է Անթալիայի դիվանագիտական ֆորումը, մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը։ Այդ մասին գրում է թուրքական Anadolu գործակալությունը։ Հանդիպումը կայանում է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում, որին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։ Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ Երևանն ու Անկարան քննարկում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։  Նախապես կողմերը պաշտոնապես չէին հայտարարել կայանալիք հանդիպման մասին։ Թուրքիան և Հայաստանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակել։ Սերդար Քըլըչն ու Ռուբեն Ռուբինյանը հանդիպել են երկու անգամ՝ Մոսկվայում և Վիեննայում։
13:39 - 12 մարտի, 2022
Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի ՄԽ համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով. ԱԳՆ |armenpress.am|

Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի ՄԽ համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով. ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Այս մասին ասել է ՀՀ ԱԳ Ն մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Հարց – Հայաստանը բազմիցս հայտարարել է Ադրբեջանի հետ խաղաղություն պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին, նման հայտարարություններ արել է նաև Ադրբեջանը: Այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկվու՞մ են: Պատասխան – Պայմանագրի ստորագրմանը, բնականաբար, պետք է նախորդի այդ թեմայով բանակցային գործընթացը, ու քանի որ փոխադարձ հայտարարությունները մինչև օրս կոնկրետ բանակցային գործընթացի չեն վերածվել, քանի որ երկու երկրները ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի միջնորդներին (ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը) Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Հարցը ներկայումս գտնվում է մշակման փուլում:
18:04 - 11 մարտի, 2022
Անթալիայում հանդիպել են Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը․ անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին

Անթալիայում հանդիպել են Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը․ անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 10-ին հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։  Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձել են հայ-ռուսական  համագործակցության հարուստ օրակարգին, քննարկել դաշնակցային հարաբերությունների առավել ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակի, բարձր և բարձրագույն մակարդակներում շփումների ակտիվության կապակցությամբ։ «Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից մտքեր են փոխանակել ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և միջազգային այլ հարթակներում փոխգործակցության սերտացման և արդյունավետության բարձրացման շուրջ:   Անդրադարձ է կատարվել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ հայատարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման խաղաղ բանակցությունների լիարժեք վերսկսումը։ Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարը իր գործընկերոջն է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների և սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը՝ կարևորելով լարվածության թուլացման և միջադեպերի կանխման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը։  Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին:
21:45 - 10 մարտի, 2022