ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Ինձ եւ պաշտպանական համակարգը վարկաբեկելու մոլեռանդ ցանկություն կա․ Դավիթ Տոնոյան

Ինձ եւ պաշտպանական համակարգը վարկաբեկելու մոլեռանդ ցանկություն կա․ Դավիթ Տոնոյան

Հաշվի առնելով տարբեր լրատվամիջոցների, մասնավորապես՝ 168.am, 24news.am, Aravot.am, Armeniasputnik.am, Armdaily.am, Aysor.am, Azatutyun.am, Factor.am, Hetq.am, Mediamax.am, News.am, Pastinfo.am, քրեական գործի նախաքննության ընթացքում ներկայացված հարցադրումները, ինչպես նաեւ քրեական գործով նախաքննության ավարտվելը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հարկ է համարել անդրադառնալ դրանցից մի քանիսին: - Պարոն Տոնոյան, Ձեր փաստաբանական խմբի բոլոր հայտարարություններում նշվում է, որ Ձեր ձերբակալությունն ու կալանավորումը ապօրինի են: Մասնավորապես, 2021թ. հոկտեմբերի 11-ի հայտարարության մեջ ասված էր, որ «գործ ունենք բանսարկության դասական օրինակի հետ»: Ո՞վքեր են բանսարկուները եւ որոնք են նրանց շարժառիթները: - Բանսարկուները նրանք են, ում տրամադրած տեղեկությունների հիման վրա հարուցվել է քրեական գործ, առաջադրվել է մեղադրանք, կալանավորվել են նախկին եւ գործող պաշտոնյաները։ Բանսարկուները նրանք են, ում զեկույցների հիման վրա, ինչպես նշվեց ԱԺ ամբիոնից, «քաղաքական կամք է դրսեւորվել էդ կարգի գործերի բացահայտման համար»։ Ընդ որում, նախաքննության ավարտից հետո չհաստատվեցին նախկին եւ գործող պաշտոնյաների, ԱԺ նախկին եւ գործող պատգամավորների փաստարկները, որոնք ուղիղ շահագրգռվածություն են ունեցել անձնապես իմ դեմ վերոհիշյալ տեղեկությունների տրամադրման եւ զեկուցման հարցում։ Նրանց անունները արժանի չեն հիշատակման, բացի դրանից՝ հիշյալ անձանց հայտարարությունները եղել են հրապարակային: Անգամ եթե իմ դեմ անհիմն հարուցված քրեական գործը կարճվեր, ես, միեւնույնն է, պահանջելու էի բաց դատավարություն՝ հանրությանը նախաքննության անհիմն մեղադրանքները ներկայացնելու նպատակով։ Այժմ էլ նախաքննության ավարտից հետո, եթե մեղադրական եզրակացություն կկազմվի, եւ այն դատախազության կողմից հաստատվելով՝ գործը կուղարկվի դատարան, պահանջելու եմ դռնբաց, հրապարակային դատավարություն՝ իհարկե, հաշվի առնելով պետական ու ռազմական գաղտնիքի հետ կապված սահմանափակումները: - «ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պարոն Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության եւ միջպետական հարաբերությունների շահերը: Այսօր եւս պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից եւ տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար»: Հոկտեմբերի 11-ի հայտարարության այս հատվածը շատ քննարկվեց եւ շահարկվեց: Մասնավորապես, ենթադրություններ հնչեցին, որ Դուք այդպիսով «ուղերձ» եք հղում իշխանություններին: Ի՞նչ կասեք այդ առիթով: - Մինչ այս պահը ես զսպվածություն եմ պահպանել քաղաքական գործընթացներում ներգրավվելու առումով եւ դրա մասին է եղել իմ փաստաբանների հայտարարությունը։ Դեռեւս առիթներ կլինեն հանրությանը ներկայացնելու իմ պարզաբանումները 44-օրյա պատերազմի վերաբերյալ՝ ստեղծվելիք քննիչ հանձնաժողովների միջոցով, իհարկե, եթե ապահովվի վերջինիս աշխատանքի օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը: - Ձեր փաստաբանները վստահություն են հայտնել, որ հատուկ մասնագիտական փորձաքննության արդյունքները փաստարկված եւ անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» եւ «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին: Դուք հավատո՞ւմ եք, որ հնարավոր կլինի անկախ փորձաքննություն կազմակերպել եւ, ըստ Ձեզ, ինչու՞ նախաքննական մարմնի նշանակած՝ հրթիռների որակը պարզելու նպատակով փորձաքննությունն անկատար թողնվեց: - Ես հիմք չունեի չընդունել կամ անտեսել ենթակա անձնակազմի՝ Գլխավոր Շտաբի մասնագիտական եւ ոլորտի պատասխանատու կառույցների զեկույցները զինամթերքի շահագործման համար պիտանի լինելու, պահպանման եւ ծառայության ժամկետների երկարացման հնարավորության վերաբերյալ։ Մանավանդ որ զինամթերքի արտադրող եւ բազմաթիվ այլ երկրներում երկարացումն այդ երկրներում գործող կարգերով կատարվել էր, եւ նույն տարեթվերի (1988-1991թթ) արտադրության հրթիռները գտնվում են շահագործման մեջ։ Անգամ ավարտված ոչ օբյեկտիվ նախաքննությամբ չհաստատվեց հրթիռների անորակ կամ անպիտան լինելը՝ նշանակված դատապայթյունատեխնիկական փորձաքննությունը անկատար թողնելու, հրթիռները չփորձարկելու պատճառով: Պարզ էր, որ փորձաքննությունն իրականացնելու պարագայում հաստատվելու էր հրթիռների կիրառելիությունը: Ավելի քան վստահ եմ, որ անգամ մեծ ցանկության դեպքում պարզապես անհնարին է լինելու հակադրվել անկախ մասնագիտական փորձաքննության արդյունքներին։ Ի դեպ, հրթիռների առգրավմամբ եւ նախաքննության ձգձգմամբ, ապա նաեւ դատաքննության երկարատեւ հեռանկարով պայմանավորված՝ խոչընդոտվելու է դրանց ժամկետների երկարացման հնարավորությունը, ինչն ավելի իրական վտանգ է ներկայացնում մեր բանակի համար, քան այն վնասը, որը փորձ է կատարվում մեղսագրել գործով անցնող անձանց: Միաժամանակ հարկ է հիշեցնել, որ առաջադրված մեղադրանքում տեղ գտած այնպիսի ձեւակերպումներ, ինչպիսիք են «պաշտոնի բերումով տեղեկացված լինելով հրթիռների ժամկետներն անցած լինելու մասին», «նախնական համաձայնության գալով ՀՀ ԶՈՒ պաշտոնատար եւ այլ անձանց հետ», «շուկայականից էականորեն թանկ գնով», «շահադիտական դրդումներով», «հաշվի չառնելով ՊՆ-ում նույնատիպ հրթիռների ձեռք բերման իրական պահանջարկը» եւ այլն, քրեական գործով որեւէ կերպ չեն հաստատվել: Ընդհակառակը, գործում առկա են դրանք հերքող բազմաթիվ ապացույցներ: - Ձեր փաստաբանները վերջին հայտարարության մեջ «հրավիրել էին քաղաքական ղեկավարության ուշադրությունը Դավիթ Տոնոյանի նկատմամբ իրականացվող ոչ օբյեկտիվ քննության վրա, որի վառ ապացույցներն են քրեական գործով սուբյեկտիվ եւ ոչ պրոֆեսիոնալ մեկնաբանությունները՝ հիմնված բացառապես ենթադրությունների վրա»: Ձեր պաշտոնավարման ընթացքում քաղաքական ղեկավարությունը, մասնավորապես, ՀՀ վարչապետը, երբեւէ Ձեզ մատնացույց արե՞լ է «անորակ» զենք-զինամթերքի հետ կապված խնդիրները: - Վարչապետից որեւէ նման դիտարկում չեմ հիշում։ Կարծում եմ, եթե ունենար, կհայտներ, քանի որ տեղեկատվության պակաս չի ունեցել, եւ իմ նշանակումից ի վեր ՊՆ գնումների ողջ գործընթացը եղել է ԱԱԾ-ի, դատախազության, քննչական կոմիտեի, ՊՎԾ-ի ամենօրյա հսկողության, ստուգման եւ քննման ներքո: Բազմիցս եղել է, որ գնման միեւնույն դրվագով քննություն են իրականացրել վերը նշված մի քանի գերատեսչություններ: Գնման որոշումը կայացվել է ՀՀ Զինված ուժերի կիրառման ապահովման համար, եւ խնդրո առարկա զինամթերքը կիրառվել է մարտական պատրաստության, անգամ ռազմական գործողությունների ընթացքում, եւ դա անհերքելի փաստ է։ Վարչապետը 2021թ. դեկտեմբերի 24-ի իր հարցազրույցում նշել է, որ ունի վստահելի մասնագետ, ում անհրաժեշտության դեպքում խնդրում է ուսումնասիրել եւ գնահատել դատավճիռները: Արդյո՞ք «անպիտան հրթիռների մատակարարման» գործը տրվել է ուսումնասիրման ՀՀ վարչապետի վստահելի մասնագետին, թե՞ ոչ: - Մամուլում կարելի է հանդիպել կարծիքների այն մասին, որ Ձեզ փորձում են «քավության նոխազ» դարձնել 2020 թվականին կրած պարտության համար: Ի՞նչ կասեք այդ առիթով: - «Քավության նոխազ» գտնելու տեսանելի ցանկությունն, այսպես ասած, սավառնում է քաղաքական դաշտում, բայց, կարծում եմ, այս առումով լինելու են անակնկալներ։ Մի բան հստակ է, որ գործ ունենք ինձ եւ պաշտպանական համակարգը վարկաբեկելու մոլեռանդ ցանկության հետ։ Դրա վառ ապացույցն է այն, որ գործում ունենալով տեղեկություններ, որ «անպիտան» որակված հրթիռները գտնվել են ժամկետի մեջ, անգամ 44-օրյա պատերազմի ընթացքում են կիրառվել եւ լուծել մարտական խնդիր, այդուհանդերձ վարույթն իրականացնող մարմինը հայտարարություն է տարածել, թե «ՀՀ ՊՆ-ին հատկացված միջոցների հաշվին ձեռք են բերվել տեխնիկական բնութագրին եւ ՀՀ սպառազինության պահանջմունքներին չհամապատասխանող, շուկայական արժեքից էականորեն թանկ, շահագործման համար պիտանելիության ժամկետները սպառված հրթիռներ, ինչի վկայությունն է նաեւ այն, որ մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել եւ դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ»: Վստահ եղեք, որ պատերազմի այլ արդյունքի պարագայում այսպիսի քրեական գործեր չէին հարուցվի։ Հակառակորդի գլխին թափվել է եւ նրան ոչնչացրել է շատ ավելի վաղ արտադրության զինամթերք։ Ինչպես ասել եմ դեռեւս 2020թ. նոյեմբերի 20-ի իմ ուղերձում, պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը: Բայց միայն իմ արածի եւ ոչ թե չարածի համար:
11:00 - 03 հունվարի, 2022
Պնդումը, թե ռազմական ոստիկանությունը պարգևավճար է ստացել, իրականությանը չի համապատասխանում. ՊՆ

Պնդումը, թե ռազմական ոստիկանությունը պարգևավճար է ստացել, իրականությանը չի համապատասխանում. ՊՆ

Ի պատասխան լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկության, թե ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայողների դեկտեմբեր  ամսվա աշխատավարձը փոխանցվել է միայն մասամբ, ինչպես նաև պնդումների, թե դա պայմանավորված է թերի ֆինանսավորմամբ, հայտնում ենք, որ աշխատավարձերի ֆինանսավորման հետ կապված որևէ խնդիր չկա, իսկ պայմանագրայինների դեկտեմբեր ամսվա վարձատրության հետ կապված առկա է թյուրըմբռնում, քանի որ տվյալ վարձատրությունը ձևավորվում է երկու հիմնական գումարից՝ բուն աշխատավարձից և հավելավճարից, որը կախված է ծառայության պայմաններից և տեղանքից։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Ըստ այդմ՝ զինծառայողների դեկտեմբեր ամսվա բուն աշխատավարձը լիարժեք փոխանցվել է, իսկ հավելավճարները, ըստ գործող կարգի, վճարվելու են հաջորդ ամսվա (տվյալ դեպքում՝ հունվարի) սկզբին, երբ կհաշվարկվի զինծառայողների ծառայության փաստացի օրերի քանակը։ Այսինքն՝ դեկտեմբեր ամսվա հավելավճարները, տվյալ դեպքում, կվճարվեն մինչև 2022 թվականի հունվար ամսվա 7-րդ աշխատանքային օրը։ Միևնույն ժամանակ, իրականությանը չի համապատասխանում նաև պնդումը, թե ՊՆ առանձին ստորաբաժանում, այս դեպքում՝ ռազմական ոստիկանությունը, պարգևավճար է ստացել։
15:09 - 27 դեկտեմբերի, 2021
Անցկացվել է «Ռազմական դիվանագիտությունը ՀՀ անվտանգային միջավայրում. հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով գիտաժողով

Անցկացվել է «Ռազմական դիվանագիտությունը ՀՀ անվտանգային միջավայրում. հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով գիտաժողով

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնը դեկտեմբերի 24-ին կազմակերպել է գիտաժողով՝ «Ռազմական դիվանագիտությունը ՀՀ անվտանգային միջավայրում. հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով: Այս մասին հայտմ են ՀՀ ՊՆ-ից։  Գիտաժողովին մասնակցել են ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի և «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտության մագիստրոսական կրթական ծրագրի ուսումնառուները, հրավիրյալ մասնագետներ: «Բանախոսները ներկայացրել են գիտաժողովի թեմատիկ հարցերը, ծավալվել է մասնագիտական քննարկում ռազմական դիվանագիտության վարման խնդիրների և հնարավորությունների, հայ ռազմական դիվանագիտության իրականացման պատմաքաղաքական փորձի, ռազմական դիվանագիտության իրականացման իրավաքաղաքական կարգավորումների, ՀՀ բազմակողմ ռազմաքաղաքական համագործակցության, Թուրքիա-Ադրբեջան ռազմական դիվանագիտության վարման առանձնահատկությունների և հարակից հիմնախնդիրների վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
20:38 - 24 դեկտեմբերի, 2021
Սուրեն Պապիկյանն ընդունել է Ստանիսլավ Զասին․ քննարկել են ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության ընթացքում ՀԱՊԿ գործունեության գերակա ուղղությունները

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ստանիսլավ Զասին․ քննարկել են ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության ընթացքում ՀԱՊԿ գործունեության գերակա ուղղությունները

Դեկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ  Զասին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունտը։Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության ընթացքում կազմակերպության գործունեության գերակա ուղղությունները: Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ հայկական կողմի առաջնահերթություններից են լինելու ՀԱՊԿ գործունեության արդյունավետության բարձրացումն ու կատարելագործումը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները:Կողմերն ընդգծել են 2022 թվականի կարևորությունը Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի հոբելյանական 30-ամյակի և Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության 20-ամյակի առումով և հաստատել, որ գալիք տարում պլանավորված միջոցառումներն իրականացվելու են առավել արդյունավետ՝ ի նպաստ ՀԱՊԿ անդամ երկրների փոխգործակցության բարձրացման և Կազմակերպության միջազգային դերակատարության ընդլայման:
16:56 - 22 դեկտեմբերի, 2021
ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է ռազմարդյունաբերության վերաբերյալ գիտաժողով

ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է ռազմարդյունաբերության վերաբերյալ գիտաժողով

Դեկտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է «Հայկական ռազմարդյունաբերության զարգացման ժամանակակից մարտահրավերները և հնարավորությունները» խորագրով III հանրապետական գիտաժողովը: ՊԱՀՀ ռազմավարական խաղերի և մոդելավորման խմբի կողմից կազմակերպված գիտաժողովի հիմնական նպատակն էր անկաշկանդ գիտական քննարկման հարթակ տրամադրել ոլորտի զարգացման հեռանկարով շահագրգիռ բոլոր կողմերին՝ պետական կառավարման մարմիններին, գիտնականներին և գործարար ոլորտի ներկայացուցիչներին՝ ժամանակակից պատերազմների բնույթի պահանջներին համապատասխանող ռազմարդյունաբերության հնարավորությունների քննարկման, առկա խնդիրների ու խոչընդոտների հաղթահարման ուղիների որոնման համար։ Գիտաժողովին մասնակցել են ՀՀ ԲՏԱ նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի ներկայացուցիչներ, ՊԱՀՀ ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի և «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտության մագիստրոսական կրթական ծրագրի ուսումնառողներ, հյուրեր: Գիտաժողովի ընթացքում համակողմանիորեն վերլուծվել և գնահատվել են ժամանակակից պատերազմների բնույթի փոփոխությամբ պայմանավորված նոր իրողությունները, ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման միտումներն ու տնտեսական հնարավորությունները:  
22:18 - 21 դեկտեմբերի, 2021
ՊՆ-ն երեք ամիս ժամկետով պահեստազորայինների մասնակցությամբ վարժական հավաքներ կանցկացնի

ՊՆ-ն երեք ամիս ժամկետով պահեստազորայինների մասնակցությամբ վարժական հավաքներ կանցկացնի

Պաշտպանության նախարարությունը երեք ամիս ժամկետով պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ է հրապարակել: Այս մասին տեղեկանում ենք իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից: Ըստ որոշման նախագծի` վարժանքները կանցկացվեն հունվարի 15-ից ապրիլի 15-ը: Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 65 քաղաքացի, որոնցից 20-ը` բժշկական մասնագիտություններ ունեցող սպայական և 45-ը՝ ինժեներական մասնագիտություններ ունեցող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ: Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով, 2022 թվականի հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվեն մինչև 45 միավոր տրանսպորտային միջոցներ:
16:52 - 20 դեկտեմբերի, 2021
25 միավոր «ԿամԱզ-4308» ՊՆ-ից փոխանցվել է ԱԻՆ-ին

25 միավոր «ԿամԱզ-4308» ՊՆ-ից փոխանցվել է ԱԻՆ-ին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով, այսօր կառավարության որոշմամբ, պաշտպանության նախարարությանն ամրացված «ԿամԱԶ-4308» 25 (քսանհինգ) միավոր տրանսպորտային միջոց հետ վերցվեց և ամրացվեց արտակարգ իրավիճակների նախարարությանը: Ըստ որոշման հիմնավորման՝ ԱԻՆ փրկարար ծառայությունն արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ իրականացնում է մարդկանց կյանքի փրկումն ու առողջության պահպանումը, կազմակերպում և իրականացնում է փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի, որոնողափրկարարական, վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքներ: «Դեպքերին արագ և առավել օպերատիվ արձագանքելու, խոշոր հրդեհների ժամանակ անտառային և դժվարամատչելի հատվածներում հրդեհաշիջման համար նախատեսվող գույք և անհրաժեշտ սարքավորումներ տեղափոխելու, շարժական խոհանոցների միջոցով սննդի մատակարարումը ապահովելու նպատակով» որոշում է կայացվել մեքենաները ՊՆ-ից ԱԻՆ տեղափոխել:
16:46 - 16 դեկտեմբերի, 2021
Սեյրան Օհանյանը սահմանազատման և սահմանագծման համար անհրաժեշտ պայմաններ չի տեսնում |armenpress.am|

Սեյրան Օհանյանը սահմանազատման և սահմանագծման համար անհրաժեշտ պայմաններ չի տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում և սահմանագծում իրականացնելու համար անհրաժեշտ իրական պայմաններ չի տեսնում, կարևորում է այդ հարցի հետ նույն փաթեթում կապել Արցախի ինքնորոշման հարցը:  Այս մասին ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այն բանից հետո, երբ ԱԺ արտահերթ նիստը սկսելու համար քվորում չէր ապահովվել: ԱԺ արտահերթ նիստով ընդդիմությունը նախաձեռնել էր «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագծի քննարկում: Սակայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները նիստին չէին ներկայացել, ներկա էր ՔՊ անդամ, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: «Մենք ստիպված էինք արտահերթ նիստ անցկացնել, բայց այսօրվա իշխանությունները բոյկոտում են: Այս հարցի շուրջ  ընդդիմության կողմից նախաձեռնված լսումները, արտահերթ նիստը և ԱԺ հայտարարության անհրաժեշտությունը առաջին հերթին բխում են ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից: Մենք բավականին բարդ ռազմաքաղաքական իրադրության մեջ ենք, Թուրքիայի աջակցությամբ վարձկան ահաբեկիչների ընդգրկմամբ և Ադրբեջանի կողմից սանձազերծած հանցավոր պատերազմի արդյունքում զավթվել են Արցախի Հանրապետության տարածքները»,- ասաց Օհանյանն ու հիշեցրեց նաև ադրբեջանական ուժերի՝ ՀՀ սուվերեն տարածք ներխուժելու մասին: Նա մեղադրեց գործող իշխանությանը զորքերը որոշ տեղերից բանավոր ցուցումով հետ քաշելու մեջ: Ըստ նրա՝ այս պայմաններում խնդիր է լինելու իրական սահմանազատումն ու սահմանագծումն իրականացնելու հարցում: Սահմանազատման, սահմանագծման խնդիրներն իրականացնելու շրջանակում Օհանյանը լուրջ ուսումնասիրությունների կարիք է տեսնում: «Մենք սահմանազատման և սահմանագծման իրական պայմաններ չունենք: Եվ եթե սահմանազատումն ու սահմանագծումը չկապենք Արցախի ինքնորոշման հետ մեկ փաթեթում, ապա լուրջ վտանգ է սպասում նաև Արցախի Հանրապետության ճակատագրին, Արցախի ժողովրդի՝ իր իսկ պատմական տարածքում ապրելու իրավունքին: Սահմանազատում և սահմանագծում նշանակում է խաղաղության պայմանագիր, փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչում»,- կարծիք հայտնեց Օհանյանը: Նա իշխանությանը մեղադրեց ընթացակարգերի խախտմամբ պայմանավորվածությունների գնալու մեջ: Եվ ընդդիմադիր երկու խմբակցությունները, այս ամենը հաշվի առնելով, նախաձեռնել են ԱԺ-ում տարբեր գործիքակազմերի օգտագործման ամբողջ գործընթաց՝ իրականացնելու խորհրդարանական վերահսկողություն գործադիրի նկատմամբ: Օհանյանը հիշեցրեց՝ ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայման ժամկետը 5 տարի է: «Նշված է, որ կողմերից մեկի 6 ամիս շուտ դիմելու պարագայում խաղաղապահ ուժերի գործողությունները կարող են դադարեցվել: Մենք փոփոխություն ենք մտցրել այդտեղ, հակառակ տեսակետն ընդգծել հայտարարությամբ: Եթե կողմերից մեկը հայտարարում է, որ խաղաղապահ ուժերի գործողություններն Արցախի տարածքում պետք է երկարաձգվեն, ապա դրանք ավտոմատ կերպով երկարաձգվում են ևս առնվազն 5 տարով»,- ասաց նա: Օհանյանը վստահեցրեց, որ «Հայաստան» դաշինքը դեմ չէ ոչ խաղաղությանը, ոչ սահմանազատմանն ու սահմանագծմանը, ոչ էլ հարևանների հետ համապատասխան հարաբերություններ ձևավորելուն: «Բայց յուրաքանչյուր գործընթաց իր ընթացակարգերն ունի և այս գործընթացի իրականացման իր պայմանները: Ես չեմ տեսնում, որ այսօր ՀՀ նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի վարած քաղաքականությունը՝ արտահայտված հռետորաբանությամբ, իրենց երկրի ներսում հայատյացությամբ, ճնշումներով, ՀՀ տարածք մտնելով, տարբեր ահաբեկչություններով, նպաստում է այդպիսի քայլերի գնալուն»:
13:30 - 15 դեկտեմբերի, 2021