ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ստանիսլավ Զասին․ քննարկել են ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության ընթացքում ՀԱՊԿ գործունեության գերակա ուղղությունները

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ստանիսլավ Զասին․ քննարկել են ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության ընթացքում ՀԱՊԿ գործունեության գերակա ուղղությունները

Դեկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ  Զասին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունտը։Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության ընթացքում կազմակերպության գործունեության գերակա ուղղությունները: Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ հայկական կողմի առաջնահերթություններից են լինելու ՀԱՊԿ գործունեության արդյունավետության բարձրացումն ու կատարելագործումը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները:Կողմերն ընդգծել են 2022 թվականի կարևորությունը Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի հոբելյանական 30-ամյակի և Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության 20-ամյակի առումով և հաստատել, որ գալիք տարում պլանավորված միջոցառումներն իրականացվելու են առավել արդյունավետ՝ ի նպաստ ՀԱՊԿ անդամ երկրների փոխգործակցության բարձրացման և Կազմակերպության միջազգային դերակատարության ընդլայման:
16:56 - 22 դեկտեմբերի, 2021
ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է ռազմարդյունաբերության վերաբերյալ գիտաժողով

ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է ռազմարդյունաբերության վերաբերյալ գիտաժողով

Դեկտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է «Հայկական ռազմարդյունաբերության զարգացման ժամանակակից մարտահրավերները և հնարավորությունները» խորագրով III հանրապետական գիտաժողովը: ՊԱՀՀ ռազմավարական խաղերի և մոդելավորման խմբի կողմից կազմակերպված գիտաժողովի հիմնական նպատակն էր անկաշկանդ գիտական քննարկման հարթակ տրամադրել ոլորտի զարգացման հեռանկարով շահագրգիռ բոլոր կողմերին՝ պետական կառավարման մարմիններին, գիտնականներին և գործարար ոլորտի ներկայացուցիչներին՝ ժամանակակից պատերազմների բնույթի պահանջներին համապատասխանող ռազմարդյունաբերության հնարավորությունների քննարկման, առկա խնդիրների ու խոչընդոտների հաղթահարման ուղիների որոնման համար։ Գիտաժողովին մասնակցել են ՀՀ ԲՏԱ նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի ներկայացուցիչներ, ՊԱՀՀ ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի և «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտության մագիստրոսական կրթական ծրագրի ուսումնառողներ, հյուրեր: Գիտաժողովի ընթացքում համակողմանիորեն վերլուծվել և գնահատվել են ժամանակակից պատերազմների բնույթի փոփոխությամբ պայմանավորված նոր իրողությունները, ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման միտումներն ու տնտեսական հնարավորությունները:  
22:18 - 21 դեկտեմբերի, 2021
ՊՆ-ն երեք ամիս ժամկետով պահեստազորայինների մասնակցությամբ վարժական հավաքներ կանցկացնի

ՊՆ-ն երեք ամիս ժամկետով պահեստազորայինների մասնակցությամբ վարժական հավաքներ կանցկացնի

Պաշտպանության նախարարությունը երեք ամիս ժամկետով պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ է հրապարակել: Այս մասին տեղեկանում ենք իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից: Ըստ որոշման նախագծի` վարժանքները կանցկացվեն հունվարի 15-ից ապրիլի 15-ը: Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 65 քաղաքացի, որոնցից 20-ը` բժշկական մասնագիտություններ ունեցող սպայական և 45-ը՝ ինժեներական մասնագիտություններ ունեցող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ: Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով, 2022 թվականի հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվեն մինչև 45 միավոր տրանսպորտային միջոցներ:
16:52 - 20 դեկտեմբերի, 2021
25 միավոր «ԿամԱզ-4308» ՊՆ-ից փոխանցվել է ԱԻՆ-ին

25 միավոր «ԿամԱզ-4308» ՊՆ-ից փոխանցվել է ԱԻՆ-ին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով, այսօր կառավարության որոշմամբ, պաշտպանության նախարարությանն ամրացված «ԿամԱԶ-4308» 25 (քսանհինգ) միավոր տրանսպորտային միջոց հետ վերցվեց և ամրացվեց արտակարգ իրավիճակների նախարարությանը: Ըստ որոշման հիմնավորման՝ ԱԻՆ փրկարար ծառայությունն արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ իրականացնում է մարդկանց կյանքի փրկումն ու առողջության պահպանումը, կազմակերպում և իրականացնում է փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի, որոնողափրկարարական, վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքներ: «Դեպքերին արագ և առավել օպերատիվ արձագանքելու, խոշոր հրդեհների ժամանակ անտառային և դժվարամատչելի հատվածներում հրդեհաշիջման համար նախատեսվող գույք և անհրաժեշտ սարքավորումներ տեղափոխելու, շարժական խոհանոցների միջոցով սննդի մատակարարումը ապահովելու նպատակով» որոշում է կայացվել մեքենաները ՊՆ-ից ԱԻՆ տեղափոխել:
16:46 - 16 դեկտեմբերի, 2021
Սեյրան Օհանյանը սահմանազատման և սահմանագծման համար անհրաժեշտ պայմաններ չի տեսնում |armenpress.am|

Սեյրան Օհանյանը սահմանազատման և սահմանագծման համար անհրաժեշտ պայմաններ չի տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում և սահմանագծում իրականացնելու համար անհրաժեշտ իրական պայմաններ չի տեսնում, կարևորում է այդ հարցի հետ նույն փաթեթում կապել Արցախի ինքնորոշման հարցը:  Այս մասին ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այն բանից հետո, երբ ԱԺ արտահերթ նիստը սկսելու համար քվորում չէր ապահովվել: ԱԺ արտահերթ նիստով ընդդիմությունը նախաձեռնել էր «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագծի քննարկում: Սակայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները նիստին չէին ներկայացել, ներկա էր ՔՊ անդամ, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: «Մենք ստիպված էինք արտահերթ նիստ անցկացնել, բայց այսօրվա իշխանությունները բոյկոտում են: Այս հարցի շուրջ  ընդդիմության կողմից նախաձեռնված լսումները, արտահերթ նիստը և ԱԺ հայտարարության անհրաժեշտությունը առաջին հերթին բխում են ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից: Մենք բավականին բարդ ռազմաքաղաքական իրադրության մեջ ենք, Թուրքիայի աջակցությամբ վարձկան ահաբեկիչների ընդգրկմամբ և Ադրբեջանի կողմից սանձազերծած հանցավոր պատերազմի արդյունքում զավթվել են Արցախի Հանրապետության տարածքները»,- ասաց Օհանյանն ու հիշեցրեց նաև ադրբեջանական ուժերի՝ ՀՀ սուվերեն տարածք ներխուժելու մասին: Նա մեղադրեց գործող իշխանությանը զորքերը որոշ տեղերից բանավոր ցուցումով հետ քաշելու մեջ: Ըստ նրա՝ այս պայմաններում խնդիր է լինելու իրական սահմանազատումն ու սահմանագծումն իրականացնելու հարցում: Սահմանազատման, սահմանագծման խնդիրներն իրականացնելու շրջանակում Օհանյանը լուրջ ուսումնասիրությունների կարիք է տեսնում: «Մենք սահմանազատման և սահմանագծման իրական պայմաններ չունենք: Եվ եթե սահմանազատումն ու սահմանագծումը չկապենք Արցախի ինքնորոշման հետ մեկ փաթեթում, ապա լուրջ վտանգ է սպասում նաև Արցախի Հանրապետության ճակատագրին, Արցախի ժողովրդի՝ իր իսկ պատմական տարածքում ապրելու իրավունքին: Սահմանազատում և սահմանագծում նշանակում է խաղաղության պայմանագիր, փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչում»,- կարծիք հայտնեց Օհանյանը: Նա իշխանությանը մեղադրեց ընթացակարգերի խախտմամբ պայմանավորվածությունների գնալու մեջ: Եվ ընդդիմադիր երկու խմբակցությունները, այս ամենը հաշվի առնելով, նախաձեռնել են ԱԺ-ում տարբեր գործիքակազմերի օգտագործման ամբողջ գործընթաց՝ իրականացնելու խորհրդարանական վերահսկողություն գործադիրի նկատմամբ: Օհանյանը հիշեցրեց՝ ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայման ժամկետը 5 տարի է: «Նշված է, որ կողմերից մեկի 6 ամիս շուտ դիմելու պարագայում խաղաղապահ ուժերի գործողությունները կարող են դադարեցվել: Մենք փոփոխություն ենք մտցրել այդտեղ, հակառակ տեսակետն ընդգծել հայտարարությամբ: Եթե կողմերից մեկը հայտարարում է, որ խաղաղապահ ուժերի գործողություններն Արցախի տարածքում պետք է երկարաձգվեն, ապա դրանք ավտոմատ կերպով երկարաձգվում են ևս առնվազն 5 տարով»,- ասաց նա: Օհանյանը վստահեցրեց, որ «Հայաստան» դաշինքը դեմ չէ ոչ խաղաղությանը, ոչ սահմանազատմանն ու սահմանագծմանը, ոչ էլ հարևանների հետ համապատասխան հարաբերություններ ձևավորելուն: «Բայց յուրաքանչյուր գործընթաց իր ընթացակարգերն ունի և այս գործընթացի իրականացման իր պայմանները: Ես չեմ տեսնում, որ այսօր ՀՀ նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի վարած քաղաքականությունը՝ արտահայտված հռետորաբանությամբ, իրենց երկրի ներսում հայատյացությամբ, ճնշումներով, ՀՀ տարածք մտնելով, տարբեր ահաբեկչություններով, նպաստում է այդպիսի քայլերի գնալուն»:
13:30 - 15 դեկտեմբերի, 2021
Սեյրան Օհանյանը ներկայացել է Գլխավոր դատախազություն |armlur.am|

Սեյրան Օհանյանը ներկայացել է Գլխավոր դատախազություն |armlur.am|

armlur.am: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ներկայացել է Գլխավոր դատախազություն: Նա հաստատել է տեղեկությունը, սակայն այլ մանրամասներ չի ներկայացրել՝ նշելով, որ քննություն է ընթանում: Ինչպես հայտնի է օրերս հրապարակվեց, որ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց մերձավորների գույքի վրա՝ բավարարելով դատախազության միջնորդությունը։ Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց։ Մասնավորապես գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, նրան առնչվող անձի՝ Ժակ Ֆովոյի , Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ, դստեր, որդու ձեռք բերած գույքի օրինականությունը եւ միջնորդել՝ կալանք դնել նրանց գույքերի վրա, որը բավարարվել է։
12:53 - 15 դեկտեմբերի, 2021
Պետական մարմինները չեն պատասխանում՝ իրավական ինչ հիմքով են ռուս սահմանապահները տեղակայվել Ոսկեպարում

Պետական մարմինները չեն պատասխանում՝ իրավական ինչ հիմքով են ռուս սահմանապահները տեղակայվել Ոսկեպարում

ՀՀ պաշտպանության նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Արտաքին գործերի նախարարությունն ու վարչապետի աշխատակազմը չեն պատասխանում՝ ինչ իրավական հիմքով է կարգավորվում ռուս սահմանապահների տեղակայումը Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղում։ Այս տարվա օգոստոսի 5-ին Պաշտպանության նախարարությունը լրատվամիջոցների հրապարակումներից հետո տեղեկացրեց, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում ռուս սահմանապահներ են տեղակայվել․ «Գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում»,- հայտնել էին նախարարությունից։ Infocom-ը, ճշտելու համար, թե հայ-ռուսական որ պայմանագրով է կարգավորվում ռուս սահմանապահների տեղակայումը Ոսկեպարում, հարցում էր ուղարկել ՊՆ։ Հարցին ի պատասխան՝ նախարարությունը նշել էր, որ հարցն իր իրավասություններից դուրս է, քանի որ սահմանապահների գործունեությունը և համագործակցությունը ՌԴ սահմանապահների հետ համակարգում է ՀՀ ԱԱԾ-ն։ ՊՆ-ից հետաքրքրվել էինք նաև, թե արդյոք ռուս սահմանապահների տեղակայումը  կարգավորվո՞ւմ է 1995 թ․-ի մարտի 16-ի՝ «ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի մասին» պայմանագրով։ Նախարարությունը հայտնել էր, որ ռուս սահմանապահների տեղակայումն այս պայմանագրով չի կարգավորվում։  Նույն հարցով դիմել էինք նաև վարչապետի աշխատակազմին ու Ազգային անվտանգության ծառայությանը։ Գործադիրից մեր հարցումը վերահասցեագրել էին Ազգային անվտանգության ծառայությանը։ Իսկ ԱԱԾ-ից այսպես էին պատասխանել․ «Ռուս սահմանապահների տեղակայումը կարգավորվում է ՀՀ և ՌԴ սահմանապահ ծառայությունների միջև իրականացվող համագործակցության շրջանակում»։ Հարցման արդյունքում չստանալով մեզ հետաքրքրող հարցի պատասխանը՝ ևս մեկ անգամ դիմել էինք ԱԱԾ-ին՝ խնդրելով հստակեցնել, թե իրավական ի՞նչ ակտի հիմքով են ռուս սահմանապահները տեղակայվել Ոսկեպարում։ ԱԱԾ-ն կրկին նույն պատասխանն էր տվել, բայց այս անգամ հավելելով, որ ՀՀ եւ ՌԴ սահմանապահ ծառայությունների միջեւ իրականացվող համագործակցության վերաբերյալ փաստաթղթերը չեն կարող տրամադրել, քանի որ դրանք, ըստ ԱԱԾ-ի, գաղտնիք են պարունակում՝  համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի»։ Հոդվածի այս կետով սահմանվում է, որ տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք։ Քանի որ անհասկանալի էր, թե ինչ փաստաթուղթ է մատնանշում ԱԱԾ-ն, որը գաղտնիք է պարունակում, փորձեցինք հեռախոսազանգի միջոցով ստանալ մեր հարցերի պատասխանը, սակայն ԱԱԾ-ից մեր հարցերին ի պատասխան միայն նշեցին, որ  հարցման պատասխանին ավելացնելու ոչինչ չունեն։ Հստակեցնելու համար, թե պետական կամ ծառայողական ինչ բնույթի գաղտնիք է պարունակում մեր հայցած տեղեկությունը, ևս մեկ հարցում ուղարկեցինք ԱԱԾ։ Խնդրեցինք հստակեցնել, թե «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի ո՞ր հոդվածի ո՞ր կետի համաձայն է մեր հայցած տեղեկությունը գաղտնիք, կամ կառավարության որոշմամբ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ո՞ր կետի ո՞ր ենթակետով է գաղտնիք մեր հայցած տեղեկությունը։  ԱԱԾ-ից պատասխանել են, որ մեր հայցած տեղեկությունը գաղտնիք է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետի համաձայն․ նշյալ կետը սահմանում է, որ ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին կարող են դասվել ՀՀ տարածքում դաշնակից պետությունների և ՀՀ զինված ուժերի ու միավորումների ու զորամասերի տեղաբաշխման, իսկական անվանումների, կազմակերպչական կառուցվածքի, զինվածության ու թվաքանակի մասին տեղեկությունները։  Ծառայության հարցման պատասխանի համաձայն՝ մեր հայցած տեղեկությունը գաղտնիք է նաև կառավարության որոշմամբ սահմանված պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկի առաջին կետի համաձայն․ ըստ այդ կետի մի շարք ենթակետերի՝  ռազմական բնույթի որոշ տեղեկություններ գաղտնիք են համարվում։ ԱԱԾ ևս մեկ հարցում ենք ուղարկել՝ խնդրելով տեղեկացնել, թե տվյալ կետի ո՞ր ենթակետի համաձայն է մեր հայցած տեղեկությունը գաղտնիք, սակայն ԱԱԾ-ն չի պատասխանել մեր ճշտող հարցին՝ նշելով, որ նախկին հարցմանը սպառիչ պատասխան է տվել։  ԱԱԾ-ից հետաքրքրվել էինք նաև, թե որ գերատեսչական ցանկի համաձայն է գաղտնիք մեր հայցած տեղեկությունը. այդ ցանկով յուրաքանչյուր գերատեսչություն որոշում է, թե ինչ բնույթի տեղեկություններն է գաղտնիք համարում։ ԱԱԾ-ն հայտնել էր, որ այդ հարցին արդեն սպառիչ պատասխանել են, թեև մենք նախկինում նման հարց չէինք բարձրացրել։  Արտաքին գործերի նախարարությունն էլ հետևյալ պատասխանն է ուղարկել․ «1991 թ․ ի վեր Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև առկա է համագործացկություն տարբեր ուղղություններով, այդ թվում նաև պաշտպանական և ռազմական հարցերի շուրջ, ստորագրված և գործող իրավապայմանագրային լայն բազա։ Սակայն Ձեր հարցի առնչությամբ ավելի հստակ տեղեկատվության համար առաջարկում ենք դիմել պաշտպանության նախարարությանը»։ Իսկ վարչապետի աշխատակազմը մեր հարցումը դարձյալ վերահասցագրել էր ԱԱԾ։ Այսպիսով, հարցը, որ բարձրացրել էինք, չէր վերաբերում «Պետական և ծառայողական գաղտնիք մասին» ՀՀ օրենքի համապատասխան ենթակետին, այն է՝ ՀՀ տարածքում դաշնակից պետությունների և ՀՀ զինված ուժերի ու միավորումների ու զորամասերի տեղաբաշխման, իսկական անվանումների, կազմակերպչական կառուցվածքի, զինվածության ու թվաքանակի մասին տեղեկություններ, որին ԱԱԾ-ն հղում է արել, այլ խնդրել էինք արդեն իսկ հայտնի տեղակայման համար հիմք հանդիսացող փաստաթղթի անվանումը տրամադրել։ Իսկ տեղակայման մասին հայտարարել էր Պաշտպանության նախարարությունը։ Նանե Ավետիսյան 
17:12 - 14 դեկտեմբերի, 2021
Զինծառայող Սենիկ Արզումանյանի սպանության և երկու զինծառայողի վիրավորում պատճառելու գործով մեղադրանք է առաջադրվել վերջիններիս ծառայակցին

Զինծառայող Սենիկ Արզումանյանի սպանության և երկու զինծառայողի վիրավորում պատճառելու գործով մեղադրանք է առաջադրվել վերջիններիս ծառայակցին

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանի սպանության, ևս երկու պարտադիր ժամկետային զինծառայողի հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ս.Արզումանյանի սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:01 - 14 դեկտեմբերի, 2021
Դավիթ Տոնոյանի փաստաբանները բողոքարկել են նրան կալանքի տակ պահելու դատարանի որոշումը

Դավիթ Տոնոյանի փաստաբանները բողոքարկել են նրան կալանքի տակ պահելու դատարանի որոշումը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը բողոքարկել է Տոնոյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը: Այս մասին տեղեկանում ենք փաստաբանական խմբի տարածած հաղորդագրությունից, որի մեջ, մասնավորապես, ասված է. «Ստացել ենք Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը: Վերահաստատում ենք, որ այն ամբողջությամբ անհիմն է, չփաստարկված և չպատճառաբանված, որի կապակցությամբ մանրամասն մեր առարկությունները ներկայացնելով՝ այն բողոքարկել ենք վերաքննության կարգով: Վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Տիգրան Սիմոնյանին, և դատական նիստ է նշանակվել 2021 թվականի դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին: Ինչպես արդեն նշել էինք, վարույթն իրականացնող մարմինը անկատար է թողել նշանակված դատանյութագիտական, պայթյունատեխնիական-ապրանքագիտական համալիր փորձաքննությունը և դրա փոխարեն նշանակել է դատատեխնիկական փորձաքննություն: Դրա հետ միասին մինչ օրս Դավիթ Տոնոյանի մեղադրանքի վերաբերյալ քրեական գործով որևէ ապացույց ձեռք չի բերվել, և հակառակը, սպառազինության պահպանման և շահագործման ցուցանիշների վերաբերյալ համապատասխան փորձաքննություն իրականացնելու մեր միջնորդությունը մերժվել է: Ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ փորձագետի եզրակացության մեջ և ամբողջ քրեական գործում շրջանառվում են սպառազինության շահագործման և պահպանության ժամկետների վերաբերյալ ՀՀ-ում չգործող, ՀՀ օրենսդրությամբ չվավերացված և չնախատեսված իրավական ակտեր և փաստաթղթեր, որոնք ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ որևէ կերպ չեն կարող դրվել որևէ մեկի, այդ թվում՝ Դավիթ Տոնոյանի մեղադրանքի կամ քրեական պատասխանատվության հիմքում: Դրանք ԽՍՀՄ և ՌԴ ներքին, ներպետական օգտագործման փաստաթղթեր են, որոնք երբեք չեն վավերացվել ՀՀ-ում և լավագույն դեպքում կարող են ունենալ զուտ խորհրդատվական նշանակություն: Դրան հակառակ, սպառազինության գնման գործարքից շատ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունում արձակվել է նախարարի համապատասխան հրաման, որով կարգավորվել են զինամթերքի պահպանության  կամ շահագործման ժամկետների հետ կապված հարցերը, ինչն էլ դրվել է 2018 թվականին կատարված գնման հիմքում: Սա գալիս է ևս մեկ անգամ փաստելու, որ գործ ունենք ոչ օբյեկտիվ քննության հետ, վարույթն իրականացնող մարմինը փաստերի յուրովի և երբեմն իրականությունից կտրված մեկնաբանություններով,  բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով փորձում է հիմնավորել Դավիթ Տոնոյանի առնչությունը մեղսագրվող արարքը և նրան պահել կալանքի տակ»:  
12:19 - 14 դեկտեմբերի, 2021
Կալանավորվել են ՀՀ ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան սպաներ

Կալանավորվել են ՀՀ ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան սպաներ

Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան սպաների կալանավորման մասին: Ներկայացնում ենք ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը. «ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքով հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ, գնդապետ Ա.Կ.-ն 2021 թվականի հուլիս ամսին, նույն զորամասի իրային ծառայության պետ, փոխգնդապետ Տ.Պ-ի հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել հափշտակել նույն զորամասի հաշվեկշռում գտնվող զինվորական նշանակության N տեսակի 6 հատ չօգտագործված վրանները։ Այդ նպատակով, Ա.Կ.-ն և Տ.Պ.-ն հիշյալ 6 վրանները հաշվառել են իբրև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում անվերադարձ կորսված, արհեստականորեն առաջացրել են տվյալ ապրանքների ավելցուկ՝ այդ եղանակով հափշտակելով  ընդհանուր 6.726.000 ՀՀ դրամ արժողությամբ վերոնշյալ վրանները։ Այնուհետև, Ա.Կ.-ն և Տ.Պ.-ն հանցավոր համաձայնություն են ձեռք բերել հափշտակված վրանները ՀՀ պաշտպանության նախարարությանը վաճառելու վերաբերյալ։ Իրենց հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով Ա.Կ.-ն իր հերթին նախնական համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Ա.Թ.-ի հետ։ Բացի այդ, հափշտակված գույքը պաշտպանության նախարարությանը մատակարարելու վերաբերյալ Ա.Կ.-ն իր հերթին նախնական համաձայնություն է ձեռք բերել իր եղբոր՝ Է.Կ.-ի և վերջինիս ընկեր Կ.Ռ.-ի հետ։ Այդ նպատակով Կ.Ռ.-ն և Ա.Կ.-ն 2021 թվականի օգոստոսի 10-ին այցելել են ՀՀ ՊՆ վարչական համալիր, որտեղ հանդիպել են ՀՀ ԶՈՒ ԳՇ թիկունքի վարչության իրային ծառայության պետ Ա.Թ.-ին և վերջինիս հետ ձեռք բերել համապատասխան պայմանավորվածություն: Գնդապետ Ա.Թ.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ և պատասխանատու լինելով զինված ուժերի իրային ծառայության նյութական ունեցվածքի պաշարների կուտակման և պահպանության համար, խմբային շահերից ելնելով չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, որպիսի գործողություններն առաջացրել են նյութական ծանր հետևանքներ, այն է՝ օգտագործելով ՀՀ ՊՆ կարիքների համար N տեսակի վրանների ձեռքբերման անհրաժեշտությունը և տեղյակ լինելով Ա.Կ.-ի մոտ առկա վրանների՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից հափշտակված լինելու հանգամանքի մասին, նախաձեռնել է նշված թվով 6 վրանները ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ձեռքբերման գործընթաց, որի արդյունքում մինչև համապատասխան գնման պայմանագրի կնքելը, հափշտակված վրանները մատակարարվել են ՀՀ ՊՆ կենտրոնական իրային բազա, որից հետո, օգոստոսի 20-ին նոր միայն Կ.Ռ.-ի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև կնքվել է վրանների գնման վերաբերյալ պայմանագիր և կատարվել է վճարում։ Նկարագրված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով Ա.Կ.-ն, Ա.Թ.-ն, Է.Կ.-ն և Կ.Ռ.-ն ձերբակալվել են։ Ա.Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ), Ա.Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում, որը կատարվել առանձնապես խոշոր չափերով) և 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով իրացնելը), Տ.Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Է.Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Կ.Ռ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ա.Կ.-ի և Ա.Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է»։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:40 - 13 դեկտեմբերի, 2021
Ինչո՞վ է զբաղված պաշտպանության նախարարը․ ներքաղաքական բնույթի հաղորդագրությունների պատրաստմա՞մբ, գերեվարվածների մասին իր իսկ գործընկերների հայտարարությունները լուռ ընդունմա՞մբ․ Աբրահամյան

Ինչո՞վ է զբաղված պաշտպանության նախարարը․ ներքաղաքական բնույթի հաղորդագրությունների պատրաստմա՞մբ, գերեվարվածների մասին իր իսկ գործընկերների հայտարարությունները լուռ ընդունմա՞մբ․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մոտ 1 ամիս առաջ, 44-օրյա պատերազմին մասնակցած և վիրավորում ստացած քաղաքացի էր դիմել, ով տեղեկացրել էր իր նկատմամբ իրականացրած անարդարացի վերաբերմունքի և կամայականությունների մասին։ Ահազանգի հիման վրա գրություն էի ուղարկել պաշտպանության նախարարին, սակայն օրենքի խախտմամբ, մինչև հիմա գրությունս մնացել է անպատասխան։ Այսինքն՝ իշխանության համար մարդիկ կարևոր են միայն զորակոչվելու և պատերազմ տանելու համար, իսկ վիրավորում ստացած անձանց խնդիրը կարող է անտեսվել և օրենքի խախտմամբ մնալ անպատասխան։ Իսկ ինչո՞վ է զբաղված պաշտպանության նախարարը։ Ներքաղաքական բնույթի հաղորդագրությունների պատրաստմա՞մբ, անհետ կորածների և գերեվարվածների մասին իր իսկ գործընկերների հայտարարությունները լուռ ընդունմա՞մբ։ Գոնե հիշեք, որ պատերազմը չի ավարտվել և երկրի պաշտպանությունը նույն անտեսված մարդկանց ուսերին է»։
14:22 - 13 դեկտեմբերի, 2021
Պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է համածառայակցին սպանելու և ևս երկու զինծառայողի հրազենային վնասվածք պատճառելու համար․ ՔԿ

Պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է համածառայակցին սպանելու և ևս երկու զինծառայողի հրազենային վնասվածք պատճառելու համար․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանին մահացու հրազենային, իսկ ևս երկու պարտադիր ժամկետային զինծառայողի հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ 2021թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ N զորամասի վերոնշյալ պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:51 - 11 դեկտեմբերի, 2021