ԿԱՐԴԱԼԻՔ

Մատաղիսի զորամասի հրամանատարի գործը դատարանում է․ պաշտպանը միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումը

Մատաղիսի զորամասի հրամանատարի գործը դատարանում է․ պաշտպանը միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումը

Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր կայացավ Մատաղիսի զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Սեւակ Աբրահամյանի գործով առաջին դատական նիստը։ Այս քրեական գործը տարեսկզբին ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որտեղ կողմերը միջնորդել էին փոխել տարածքային ընդդատությունը, քանի որ վարույթի մասնավոր մասնակիցների եւ վկաների մեծամասնությունը չի բնակվում Սյունիքի մարզի տարածքում։ Դատարանը, դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ, բավարարել էր միջնորդությունը՝ գործն ուղարկելով Երեւան։  Հիշեցնենք՝ Սեւակ Աբրահամյանը մեղադրվում է  մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու մեջ, որի հետեւանքով ժամանակին չի հայտնաբերվել եւ չի կասեցվել պետության դեմ 2020 թ․ սեպտեմբերի 27-ի հարձակումը: Մասնավորապես, ըստ քրեական գործի նյութերի՝ 2020 թ․ սեպտեմբերի 23-ից մինչ 26-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն արձակել է 4 տարբեր կարգադրություններ՝ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում զգոնությունը բարձրացնելու, ակտիվացած հակառակորդի սադրիչ գործողություններին դիմագրավելու, մարտական ծառայություն իրականացնող անձնակազմի անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, հակառակորդի բոլոր տեսակի թռչող սարքերին հակազդելուն պատրաստ լինելու, հակառակորդի կազմում եւ գործողությունների բնույթում փոփոխություններ արձանագրելու դեպքում անմիջապես ըստ վերադասության զեկուցելու, մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներում հետախուզության բոլոր ձեւերը ուժեղացնելու, «Մարտական» աշխատանքային ռեժիմի անցնելու եւ այլնի մասին։ Գնդապետ Աբրահամյանը, սակայն, ըստ մեղադրանքի, չի պահպանել ԳՇ պետի, ՊԲ հրամանատարի արձակված կարգադրությունների, հրամանների, ինչպես նաեւ «Մարտական կանոնադրության» պահանջները։ Դրա փոխարեն սեպտեմբերի 26-ին զորամասի սպայական կազմի հիմնական մասի եւ իր կողմից հրավիրված այլ հյուրերի` ՊԲ շուրջ 100 սպաների մասնակցությամբ Մատաղիս գյուղում կազմակերպել եւ անցկացրել է զորամասի կազմավորման օրվան նվիրված խնջույք՝ հացկերույթ, որի ընթացքում եւս ստացել է առաջնագծում եւ հակառակորդի թիկունքում ուժերի եւ միջոցների տեղաշարժերի, կուտակումների, մարտական գործողությունների վտանգի կտրուկ բարձրացման վերաբերյալ զեկույցներ, ինչպես նաեւ՝ վերախմբավորում կատարելու, պաշտպանության անցնելու եւ չպահվող մարտական դիրքերը անձնակազմով համալրելու առաջարկներ։ Ի պաշտոնե պարտավոր լինելով ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ Աբրահամյանը, ըստ մեղադրանքի, բավարարվել է միայն ստեղծված իրավիճակի մասին անմիջական պետին բջջային հեռախոսով զեկուցելու փորձերով։ Արդյունքում, երբ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն լայնածավալ հարձակում է գործել ՊԲ տվյալ զորամասի պաշտպանական բնագծի երկայնքով, առաջիկա ժամերին հայկական զորքին մեծ կորուստներ պատճառելով, ճեղքել է պաշտպանության շրջանի ձախաթեւյան մի շարք հրամանատարական դիտակետերի պաշտպանությունը, գրավել գերիշխող բարձունքները, գրոհներ կազմակերպել յուրայինների թիկունքից, մխրճվել պաշտպանության խորքը՝ շրջափակման վտանգի մեջ գցելով պաշտպանության շրջանի աջաթեւյան հատվածում մարտնչող անձնակազմին, ինչով պայմանավորված էլ ՊԲ հրամանատարի որոշմամբ 2020 թ․ հոկտեմբերի 2-ին տվյալ զորամասի ողջ անձնակազմը հետ է քաշվել եւ զբաղեցրել նոր պաշտպանական բնագիծ, իսկ Թալիշ եւ Մատաղիս գյուղերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ։ Սեւակ Աբրահամյանը կալանավորված է 2022 թ․ հուլիսի 29-ից։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Դատարանը թույլատրեց նիստի տեսա եւ լուսանկարահանումը Դատական նիստի սկզբում նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը, դիմելով զոհված զինծառայողների՝ դահլիճում գտնվող ծնողներին եւ հարազատներին, խնդրեց եւ պահանջեց, որ նիստերի ընթացքում վերջիններս տեղից հայտարարություններ չանեն եւ հարգեն միմյանց աշխատանքը․ «Ես ցանկություն ունեմ, որ բոլորդ ներկա լինեք, եւ հանրության համար ամեն ինչ բաց եւ թափանցիկ լինի, բայց եթե նման դեպք եղավ, ստիպված եմ լինելու սանկցիա կիրառել եւ դահլիճից դուրս հանել»,- ասաց դատավորը՝ նշելով, որ քրեական գործը բավականին ծավալուն է, բարդ, դատակոչի ցուցակում շուրջ 50 վկա կա։ Լուսանկարում՝ զոհված զինծառայողների հարազատները դատարանի բակում Այնուհետեւ ներկա լրագրողները խնդրեցին դատարանի թույլտվությունը նիստի տեսա եւ լուսանկարահանման համար։ Հանրային մեղադրող, Զինվորական կենտրոնական դատախազության դատախազ Վազգեն Վարդանյանը դեմ արտահայտվեց՝ պատճառաբանելով, որ քրեական գործը վերաբերում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին։ Մինչդեռ ամբաստանյալ Սեւակ Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանն ասաց՝ երբ քրեական գործն ուղարկվել է դատարան, վերջինիս վրա չի եղել որեւէ նշում առ այն, որ այն պարունակում է պետական գաղտնիք, եղել է ընդամենը 3 գաղտնի փաստաթուղթ, որոնք չհրապարակայնացնելու վերաբերյալ քննիչն իրենց նախազգուշացրել է։ Պաշտպանը ընդգծեց՝ Քրեական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի համաձայն՝ քննիչը, դատախազը եւ դատավորը պետք է նախապես ստորագրություն տված լինեն պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները չհրապարակելու համար, եւ խնդրեց հայտնել՝ արդյո՞ք նման ստորագրություն տվել են․ «Եթե լրագրողներին չի կարելի, նույն կերպ ծնողներն են դահլիճում, ստացվում է՝ պետք է դռնփակ նիստ անցնացվի, բայց մեր ցանկությունն է, որ ծնողները ներկա գտնվեն մինչեւ վերջ, այդ թվում՝ բոլոր ապացույցների հետազոտմանը, որպեսզի ե՛ւ նրանց, ե՛ւ հանրության մեջ հստակ պատկերացում լինի, թե Աբրահամյանի մեղադրանքը որքանով է համապատասխանում իրականությանը, թե նրա փոխարեն ում պետք է մեղադրանք առաջադրվեր, թե որ պաշտոնատար անձինք են խախտել պահանջները, որոնց արդյունքում էլ առաջացել են այն հետեւանքները, որ մեղսագրվում են Սեւակ Աբրահամյանին»,– ասաց նա՝ առաջարկելով դռնփակ քննություն իրականացնել միայն այդ 3 փաստաթղթերի հետազոտման ժամանակ։ Աբրահամյանը միացավ իր պաշտպանի կարծիքին․ «Համաձայն եմ, շատ լավ կլինի, որ լրագրողները եւ մանավանդ ծնողները իրականությունն իմանան»,- ասաց նա։ Հանրային մեղադրողը հստակեցրեց իր դիրքորոշումը՝ նշելով, որ քրեական գործն ամբողջությամբ գաղտնի չէ, եւ ըստ իրեն՝ հրապարակայնությունը պետք է սահմանափակվի գաղտնիք պարունակող փաստաթղթերի մասով միայն։ Լուսանկարում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը Լսելով կողմերին՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը թույլատրեց նիստի տեսա եւ լուսանկարահանումը մինչ հիշյալ փաստաթղթերի հետազոտմանը հասնելը։ Դրանից հետո դատարանը ճշտեց կողմերի ինքնությունը։ Ըստ այդմ, Սեւակ Աբրահամյանը հայտնեց, որ ազգությամբ հայ է, Արցախի քաղաքացի, ստացել է ռազմական բարձրագույն կրթություն, 2021 թ․-ի մայիսից իր դիմումի համաձայն զորացրվել է պահեստազոր, ունի 3-րդ կարգի հաշմանդամություն։ Պաշտպանը միջնորդեց դադարեցնել Աբրահամյանի նկատմամբ քրեական հետապնդումը Պաշտպան Արման Թամրազյանը միջնորդեց դադարեցնել Սեւակ Աբրահամյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը եւ կարճել քրեական վարույթը արարքի ապաքրեականացման հիմքով։ Ինչպես հայտնի է, 2022 թ․ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել 2021 թ․-ին ընդունված Քրեական նոր օրենսգիրքը (այսուհետ՝ նոր օրենսգիրք), եւ նույն օրը ուժը կորցրած է ճանաչվել 2003 թ․ ընդունված արդեն նախկին օրենսգիրքը (այսուհետ՝ նախկին օրենսգիրք)։ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել նախկին օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց օրեր անց՝ հուլիսի 28-ին։ Միեւնույն ժամանակ որոշման մեջ նշվել է, որ այն համապատասխանում է նոր օրենսգրքի 540-րդ հոդվածի 5-րդ մասին։ Նախկին օրենսգրքի հիշյալ 365-րդ հոդվածի 3-րդ մասը քրեական պատասխանատվություն է սահմանում նույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքի համար, որը առաջացրել է ծանր հետեւանքներ։ 1-ին մասը սահմանում է հետեւյալը․ «ՀՀ-ի վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու եւ դրան դիմակայելու կամ ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, եթե այդ արարքը վնաս է պատճառել կամ այդպիսի վնաս պատճառելու սպառնալիք է ստեղծել», իսկ 2-րդ մասը՝ հետեւյալը․ «Նույն արարքը, որը կատարվել է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով եւ առաջացրել է էական վնաս`»։ Ինչ վերաբերում է նոր օրենսգրքի 540-րդ հոդվածին, ապա դրա 5-րդ մասը սահմանում է․ «Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոն խախտելը, եթե այն հանգեցրել է պետության դեմ հարձակումը ժամանակին չհայտնաբերելուն կամ դրան չդիմակայելուն»։ Լուսանկարում՝ պաշտպան Արման Թամրազյանը, ամբաստանյալ Սեւակ Աբրահամյանը Ընթերցելով հիշյալ հոդվածների բովանդակությունը՝ պաշտպանն ընդգծեց, որ նախկին օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասը քրեական պատասխանատվություն է նախատեսել մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար, որը կատարվել է ինչպես դիտավորությամբ, այնպես էլ անզգուշությամբ․ «Որպեսզի պաշտպանական կողմի համար մեղադրանքն այդ առումով պարզ եւ հասկանալի լիներ, վարույթն իրականացնող մարմինը պետք է մեղադրանքում նշեր՝ Սեւակ Աբրահամյանը մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտել է դիտավորությա՞մբ թե՞ անզգուշությամբ, նրա կողմից այդ կանոնները խախտելու հետեւանքով առաջացե՞լ է վնաս կամ այդպիսի վնաս պատճառելու սպառնալիք, թե՞ էական վնաս է պատճառվել, որն էլ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ պետք է նշվեր՝ նրա կողմից կատարված արարքը համապատասխանել է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ի՞ն թե՞ 2-րդ մասին, որն առաջացրել է ծանր հետեւանք»։ Տվյալ դեպքում, ըստ պաշտպանի, վարույթ նախաձեռնելու որոշման մեջ առկա ձեւակերպումները հուշում են, որ վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ 6-րդ ՊՇ պաշտոնատար անձինք, այդ թվում՝ հրամանատար Սեւակ Աբրահամյանը, իրենց ծառայողական պարտականությունների նկատամամբ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով խախտել են Կանոնագրքի մի շարք հոդվածների պահանջները, որն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ․ «Ընդ որում, Սեւակ Աբրահամյանին ներկայացված մեղադրանքում նշվել է, որ նա, հակառակ ծառայության եւ պետության շահերի, չի ձեռնարկել սպառնացող վտանգը կանխելու համար բավարար եւ համարժեք միջոցներ։ Մեղադրանքում նկարագրված արարքը նույնպես վկայում է այն մասին, որ Սեւակ Աբրահամյանին մեղսագրվել է արարքի անզգուշությամբ կատարում, հակառակ պարագայում, եթե Սեւակ Աբրահամյանը հակառակ պետության եւ ծառայության շահերի դիտավորությամբ չձեռնարկեր սպառնացող վտանգը կանխելու համար բավարար եւ համարժեք միջոցներ, ինչպես նաեւ առաջացած հետեւանքի նկատմամբ ունենար դիտավորություն, ապա նրա արարքը պետք է որակվեր այլ հոդվածով»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ այդ դեպքում առկա կլիներ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալում։ Ինչ վերաբերում է ծանր հետեւանքին, Սևակ Աբրահամյանին ներկայացված մեղադրանքում որպես ծանր հետևանք գնահատված փաստերը՝ հակառակորդի կողմից պաշտպանության խորքը մխրճվելը, ըստ պաշտպանի, վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության համաձայն, գնահատվել են որպես անզգուշությամբ առաջացած ծանր հետեւանք, իսկ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման համաձայն որպես առաջացած ծանր հետեւանք է նշվել նաեւ հակառակորդի կողմից պաշտպանության խորքը մխրճվելուց հետո Թալիշ եւ Մատաղիս գյուղերը հակառակորդի տիրապետության տակ անցնելու փաստը․ «Ակնհայտ է, որ հակառակորդի կողմից պաշտպանության խորքը մխրճվելը որպես անզգուշությամբ առաջացած ծանր հետեւանք դիտարկելու պայմաններում նույն պատճառով հետագայում Թալիշ եւ Մատաղիս գյուղերը հակառակորդի տիրապետության տակ անցնելը չի կարող դիտվել որպես դիտավորությամբ առաջացած ծանր հետևանք»,- ասաց պաշտպանը՝ ընդգծելով, որ որեւէ ապացույց չի վկայում ենթադրյալ արարքի դիտավորությամբ կատարված լինելու մասին։ Լուսանկարում՝ հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը Մինչդեռ նոր օրենսգրքում, ըստ Թամրազյանի, հոդվածները կառուցվել են այն տրամաբանությամբ, որ եթե նշված չէ արարքն անզգուշությամբ կատարելու մասին, ապա այն համարվում է դիտավորությամբ կատարված։ Տվյալ՝ 540-րդ հոդվածի 5-րդ մասում անզգուշության մասին նշված չէ, ուստի, ըստ նրա, այն քրեական պատասխանատվություն է սահմանում միայն դիտավորությամբ կատարված արարքի համար։ Հետեւաբար նոր օրենսգրքով, ըստ պաշտպանի, մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնների անզգույշ խախտումը ապաքրեականացվել է։ Վկայակոչելով նոր օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Թամրազյանը պնդեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ կիրառելի է նոր, այլ ոչ թե հին օրենսգիրքը․ հիշյալ հոդվածը սահմանում է, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչեւ դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռեւս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։ Հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանն առարկեց միջնորդության դեմ՝ ասելով միայն, որ միջնորդությամբ ներկայացված դատողությունները Քրեական օրենսգրքի սուբյեկտիվ մեկնաբանություն են։ Միջնորդության քննությունը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 21-ին։   Գլխավոր լուսանկարում՝ ձախից՝ պաշտպան Արման Թամրազյանը, ամբաստանյալ Սեւակ Աբրահամյանը Միլենա Խաչիկյան
20:49 - 12 ապրիլի, 2023
Դատախազ Գևորգ Քոչարյանը պաշտոնավարում է առևտրային ընկերություններում տնօրեն լինելուն զուգահեռ

Դատախազ Գևորգ Քոչարյանը պաշտոնավարում է առևտրային ընկերություններում տնօրեն լինելուն զուգահեռ

Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Գևորգ Քոչարյանը, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի, իր պաշտոնեական գործունեությունը շարունակում է առևտրային ընկերություններում տնօրեն լինելուն զուգահեռ։   Գևորգ Քոչարյանն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատախազ է։ Մինչ այս վարչության ձևավորումը նա Զինվորական կենտրոնական դատախազության՝ պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ էր։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի համաձայն՝ Քոչարյանը մինչև հիմա «Ժայռ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է, ինչպես նաև շարունակում է տնօրեն մնալ «Ջի Էքս Պի գերազանցության կենտրոն» ՍՊԸ-ում։ «Ժայռ» ՍՊԸ-ն գրանցված է Արցախում՝ Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում։ Ընկերության գործունեության վերաբերյալ տվյալներ չկան։ Ըստ ռեգիստրի տվյալների՝ այն հիմնվել է 2016 թվականին, կանոնադրական կապիտալը ավելի քան 220 միլիոն դրամ է։ Ընկերության բաժնետերը Վահե Հակոբյանն է՝ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, նախկին պատգամավոր Սամվել Հակոբյանի որդին։ Սամվել Հակոբյանը եղել է նաև Ասկերանի վարչական շրջանի ղեկավարն ու «Գոլդ սթար» ընկերության տնօրենը։ «Գոլդ սթար»-ը ոսկու հանքավայր էր շահագործում Զանգելանում, սակայն հանքը 2020-ի պատերազմի հետևանքով կորսվեց։  Երկրորդ ընկերությունը, որտեղ դատախազ Քոչարյանը շարունակում է տնօրեն մնալ, «Ջի Էքս Պի» գերազանցության կենտրոն ՍՊԸ-ն է, որը  դեղ արտադրողներին ու ներմուծողներին տրամադրում է արտադրական, բաշխման, լաբորատոր գործունեությունների դասընթացներ։ Ընկերությունը հիմնադրվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրի հետ համագործակցությամբ։ Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով 2015-ից մինչ այժմ Քոչարյանն այնտեղ տնօրեն է։    Ի՞նչ են ասում օրենքն ու Գևորգ Քոչարյանը Հանրային ծառայության մասին օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջներով արգելվում է հանրային ծառայողին առևտրային կազմակերպության կառավարման մարմնում ընդգրկված լինել կամ կազմակերպությունում ցանկացած այլ պաշտոն զբաղեցնել։ Տվյալ դեպքում Քոչարյանը, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի, շարունակում է առևտրային կազմակերպություն ղեկավարել։  Գևորգ Քոչարյանն «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում, խոսելով առևտրային ընկերությունում իր պաշտոնավարման մասին, վստահեցրեց՝ թե՛ «Ժայռ»-ում, թե՛ «Ջի Էքս Պի» գերազանցության կենտրոնում տնօրենի պաշտոնը թողել է մինչև հանրային ծառայության անցնելը։  «Դա շատ հին տվյալներ են, ես շուտվանից դիմել եմ, որ դադարեցնեմ, ես չեմ կարող ասել, թե ինչու տվյալները թարմացված չեն։ Ձեր մատնանշած ընկերություններից մեկից դուրս եմ եկել 10 տարի առաջ, իսկ մյուսից՝ ոչ պակաս, քան 6 տարի առաջ»,- պարզաբանեց դատախազը՝ նշելով, որ բացի իրավաբանական անձանց ռեգիստրից՝ այդ տվյալները կարող են արտացոլված լինել նաև Պետեկամուտների կոմիտեում։  Նա ասաց՝ «Ժայռ»-ը, իր հիշելով, գործունեություն չի ծավալել, իսկ «Ջի Էքս Պի» գերազանցության կենտրոնը հիմնականում բժշկական ոլորտի ծառայություններ մատուցող ընկերություն է եղել, ինքն էլ այնտեղ խորհրդատվություն է տրամադրել։ «Ինֆոքոմ»-ը այս մեկնաբանությունը Գևորգ Քոչարյանից ստացել է մարտի 9-ին, սակայն մինչ այժմ, ըստ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի, նա շարունակում է հանդիսանալ այս ընկերությունների տնօրենը։ Դատախազ Քոչարյանի կինը՝ Գոհար Ալլահվերդյանը, անհատ ձեռներեց է, որը, Քոչարյանի խոսքով, մատուցում է հաշվապահական ու ֆինանսական  ծառայություններ։ Կորոնավիրուսային համավարակի ընթացքում նրա ԱՁ-ն առողջապահության նախարարության մատակարարներից է եղել և 4.4 միլիոն դրամ է ստացել նախարարությունից մատուցած ծառայությունների համար։ Քոչարյանն ասաց, որ դա եղել է միանվագ գործարք։ «Եթե չեմ սխալվում թթվածնային բալոնների վերալիցքավորման հետ կապված մեկ գործարք է եղել, ԱՁ-ն այլ գործառույթ է իրականացնում, որը կապ չունի առողջապահության ոլորտի հետ»,- նշեց նա։    Ի՞նչ է հայտարարագրել Գևորգ Քոչարյանը 2021 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրով Գևորգ Քոչարյանը հայտարարագրել է 1 բնակարան Երևանի կենտրոնում, ինչպես նաև 20.5 միլիոն դրամի փոխառություն «Միկշին» ընկերությանը։ Սա, ըստ էության, հիփոթեքային վարկ է «Երազ» բնակելի թաղամասի կառուցապատող ընկերությունից բնակարան գնելու համար։ Քոչարյանի եկամուտները 2021-ին, ընդհանուր առմամբ, կազմել են 30.2 միլիոն դրամ, որոնք ձևավորվել են նրա՝ որպես դատախազի աշխատավարձից` 9.1 միլիոն դրամի չափով, ստացած փոխառությունից՝ 19․5 միլիոն դրամի չափով, Պետեկամուտների կոմիտեից՝ ավելի քան 1 միլիոն դրամի չափով, որը հավանաբար հիփոթեքային վարկով բնակարանի գնման դեպքում եկամտահարկի վերադարձի գումարն է, և Գավառի պետական համալսարանից՝ 116 հազար դրամի չափով։ Նրա կինը՝ Գոհար Ալլահվերդյանը, հայտարարագրել է հողամաս և բնակարան Երևանի Դավթաշեն վարչական շրջանում։ Բացի այդ՝ վերջինս անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագիր է կնքել Դավթաշենի Անաստաս Միկոյան 64 հասցեում կառուցվող բնակելի համալիրից բնակարան գնելու համար։ Այս հասցեում է կառուցվում Davtashen City համալիրը, կառուցապատողը «Ն և Ս քոնսթրաքշն» ընկերությունն է։ Ըստ 2021-ի հայտարարագրի՝ Ալլահվերդյանը վաճառել է իրեն պատկանող Hyundai Veloster մակնիշի ավտոմեքենան 3.6 միլիոն դրամով։ Բացի սրանից՝ Քոչարյանի կինն ունի նաև Toyota մակնիշի մեքենա։ Նա 4.4 միլիոն դրամի փոխառություն ունի տրամադրած «ԱԱ-մոթորս» ընկերությանը, ևս 10.000 դոլարի փոխառություն՝ Կարեն Ալլահվերդյանին։  Գոհար Ալլահվերդյանի եկամուտները 2021-ին կազմել են ավելի քան 20 միլիոն դրամ, որոնք ձևավորվել են մի քանի աշխատավայրերից ստացած աշխատավարձից, մեքենայի օտարումից, ձեռնարկատիրական գործունեությունից գոյացած գումարից, եկամտահարկի վերադարձից ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված միանվագ վճարներից։  Գևորգ Քոչարյանը հանրային մեղադրող է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործերով։  Հեղինակ՝ Մկրտիչ Կարապետյան
19:03 - 10 ապրիլի, 2023
Հնդկահայ վաճառականներ, սփյուռքի կրթական կենտրոններ և այլուրային քաղաքներ․ ինչ կարելի է պարզել գլոբալ միկրոպատմության միջոցով

Հնդկահայ վաճառականներ, սփյուռքի կրթական կենտրոններ և այլուրային քաղաքներ․ ինչ կարելի է պարզել գլոբալ միկրոպատմության միջոցով

Ինչպե՞ս էին 17-18-րդ դարերում հնդկահայ գաղութների մեծահարուստ վաճառականները գումար ուղարկում Վենետիկի Մխիթարյան միաբանությանը, որտե՞ղ է առաջին անգամ հայկական պրոտոսահմանադրություն ստեղծելու փորձ արվել, կամ ի՞նչ կարող են մեզ պատմել հնդկահայ սփյուռքի մասին Ագրայի ու Սուրաթի հայկական գերեզմանները․․. Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն, անշուշտ, տալիս է պատմագիտությունը։   Վաղ արդի շրջան և հայկական սփյուռք Սեպուհ Դաւիթ Ասլանեանը պատմության պրոֆեսոր է, դասավանդում է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում (UCLA), համալսարանի՝ Ռիչարդ Հովհաննիսյանի անվան արդի հայոց պատմության ամբիոնի վարիչն է, ինչպես նաև ղեկավարում է Promise հայկական ինստիտուտի Հայագիտական կենտրոնը։ Պրոֆեսոր Ասլանեանի հետազոտություններն ընդգրկում են համաշխարհային պատմության վաղ արդի շրջանը (early modern global history) և կենտրոնացած են հայկական սփյուռքի գործունեության վրա։ Նա պատմում է, որ իր գիտական գործունեության սկզբում աշխատում էր 17-18-րդ դարերի տնտեսական պատմության հարցերի շուրջ։ 2011-ին լույս տեսավ նրա գիրքը՝ Նոր Ջուղայի հայ վաճառականական ցանցի մասին (From the Indian Ocean to the Mediterranean: The Global Trade Networks of Armenian Merchants from New Julfa)։ Պրոֆեսոր Ասլանեանը նշում է, որ այս գրքում ուսումնասիրված են, մասնավորապես, վաճառականական պայմանագրերը, որոնք Նոր Ջուղայում կոչվում էին ընկերագրեր։  «Դրանով սկսեցի ուսումնասիրությունս, բայց բուն հետաքրքրությունս միշտ եղել է մշակութային պատմությունը կամ մտավորական գաղափարների պատմությունը։ Այդ ուղղությամբ արդեն 10 տարի առաջ սկսեցի աշխատել երկրորդ մեծ ուսումնասիրության կամ գրքի շուրջ»,- պատմում է Սեպուհ Ասլանեանը։  «Վաղ արդիականություն և շարժունակություն․ նավահանգստային քաղաքներ և հայոց սփյուռքի տպագրիչներ»․ այսպես է վերնագրված պրոֆեսոր Ասլանեանի երկրորդ գիրքը (Early Modernity and Mobility: Port Cities and Printers across the Armenian Diaspora)։ Այս գիրքը, որը մեծամասամբ նվիրված է հայկական սփյուռքի՝ 1512-1800 թթ․ մշակութային պատմության հարցերին, արդեն ավարտված է և լույս կտեսնի մոտ 2 ամսից։    Ինչպես էին դրամական փոխանցումներ կատարում Հնդկաստանի հայ վաճառականները Հնդկաստանի հայ վաճառականական ցանցի և հայ սփյուռքի մշակութային կյանքի մասին պատկերացում կազմելու գործում օգնության են հասնում պատմության առանձին, փոքր դրվագները, որոնք լույս են սփռում բազմաթիվ հարցերի վրա։ Այդպիսի դրվագներից մեկը, որ տեղ է գտել Սեպուհ Ասլանեանի աշխատանքներում, այն մասին է, թե ինչպես էին հնդկահայ գաղութի հարուստ վաճառականները գումար ուղարկում Վենետիկ՝ այնտեղ հայկական գրքեր տպագրելու նպատակով։ Պրոֆեսոր Ասլանեանը պատմում է, որ Հնդկաստանն աշխարհի  ամենակարևոր վաճառականական կենտրոններից մեկն էր և մինչև Անգլիայի կողմից գաղութացվելը Չինաստանից հետո ամենահարուստն էր։ Հենց դա էր պատճառը, որ Հնդկաստանը, ինչպես Սեպուհ Ասլանեանն է ձևակերպում, մագնիսի նման ձգում էր աշխարհի տարբեր վայրերից վաճառականական ներկայացուցիչների և նրանց թվում՝ հայերի։  1760-ականներին Հնդկաստանի Կալկաթա և Չինսուրա քաղաքներում ապրում էին երկու հայ վաճառական եղբայրներ՝ Յովսեփ և Զաքարիա Շեհրիմանյանները։ Վերջիններս իրարից կարճ ժամանակվա տարբերությամբ մահացան 1763 և 1764 թվականներին՝ Վենետիկի Մխիթարյան միաբանությանը որպես ժառանգութուն մոտավորապես հարյուր հազար արծաթե ռուփի թողնելով։ Սեպուհ Ասլանեանի խոսքով հետագայում այս առատաձեռն նվիրատվության շնորհիվ Մխիթարյանները կարողացան Վենետիկում տասնմեկ գրքեր տպագրել, որոնց թվում  էին 18-րդ դարի երկու կարևորագույն գրքերը՝ Միքայել Չամչյանի եռահատոր «Հայոց Պատմությունը» (1784-1786) և Ղազար Փարպեցու «Հայոց Պատմությունը» (1794)։ «Այս երկու վաճառականների հսկայական գումարները, որ նախապայման էին Չամչյանի գլուխգործոցի և մի շարք ուրիշ գրքերի հրատարակության, ինչպե՞ս էին հասել Կալկաթայից մինչև Վենետիկ․ դա հիմնական հարցն է։ Եթե այդ հարցը մեկը չկարողանա լավ ձևով, «տնտեսական ակնոցով» բացատրել, թե ինչպես կարելի է այսպիսի հսկայական գումար տեղափոխել աշխարհի մի կողմից մյուս կողմ, չի կարողանա հասկանալ մեր 1600-1800-ականների մշակութային պատմությունը»,- ասում է պրոֆեսոր Ասլանեանը, այնուհետև պարզաբանում, թե ինչու էր այդ հարցը հասկանալը կարևոր։  Սեպուհ Ասլանեանի խոսքով այն ժամանակներում Հնդկաստանում դրամական ամենակարևոր միավորը արծաթե ռուփին էր։ Սակայն եթե հայ վաճառականները որոշեին արծաթը նավով կամ քարավանի միջոցով ուղարկել Եվրոպա, մեծ վտանգ կար, որ ծովահեններն ու ավազակները կհարձակվեին ու կգողանային արծաթը։ Իրենց գումարն ապահովագրելու համար վաճառականները ստիպված պետք է դրա 10%-ը վճարեին տեղափոխողներին։ Հենց այսպիսի խնդիրներից խուսափելու համար հայ վաճառականներն իրենց արծաթե ռուփիները տանում էին Հնդիկ Սառաֆ անունով մի դրամափոխի մոտ, ներդնում բանկային հաշիվներում և փոխարենը վերցնում փոխանցամուրհակներ (bills of payment): Նրանք այս մուրհակներն ուղարկում էին նախ Բասրա, որտեղ Հնդիկ Սառաֆի գրասենյակի մասնաճյուղ կար, և այնտեղից մեկ ուրիշ մուրհակ էր փոխանցվում Պոլիս, Պոլիսից էլ՝ Վենետիկ, որտեղ գումարը կանխիկացվում էր։ Հենց այսպես էլ Վենետիկում տպագրվել են տասնյակ գրքեր։   Գլոբալ միկրոպատմություն․ փոքր միավորների ուսումնասիրությունը գլոբալ պատմության համատեքստում Այն, թե ինչպես էին հնդկահայ վաճառականները ապահով տարբերակ գտել Եվրոպա գումար ուղարկելու համար, պատմության շատ փոքր դրվագ է, բայց այդ դրվագի ուսումնասիրությունը կարևոր է տվյալ ժամանակաշրջանի տնտեսական և մշակութային իրողությունները հասկանալու համար։ Սա մի մոտեցում է, որը բնորոշ է միկրոպատմությանը։ Սեպուհ Ասլանեանը նշում է՝ միկրոպատմությունը կամ մանրապատմությունը պատմագրության մասնավոր ալիք էր, որը սկիզբ առավ Իտալիայում 1970-ականների վերջին։ Նրա խոսքով միկրոպատմաբանները, փոխանակ պատմական վերլուծության համար հսկայական միավորներ վերցնելու, կենտրոնանում են ավելի սահմանափակ միավորների վրա։ Նրանց ուսումնասիրություններն, օրինակ, կենտրոնացած են ոչ թե հսկայական տարածքների, այլ անհատների կյանքի կամ փոքր համայնքների շուրջ, որոնք հայտնվել են ամերիկաեվրոպական պատմության լուսանցքներում։ Պրոֆեսոր Ասլանեանը ևս իր հետազոտություններում որդեգրել է այս մոտեցումը․ «Բայց փոխանակ տեղական պատմություններ ուսումնասիրելու, ինչպես ընդհանրապես արել են մանրապատմաբանները, իմ մոտեցումն այն էր, որ շաղկապելով կարելի է միացնել մանրապատմության մոտեցումը՝ ընդհանուր, համաշխարհային պատմության հարցեր լուսաբանելու։ Մի բարեկամի հետ մոտ 12 տարի առաջ հորինեցինք այս եզրաբանությունը, որ կոչվում է գլոբալ միկրոպատմություն (global microhistory), որը կենտրոնացած է փոքրիկ կյանքերի շուրջ, փոքրիկ տարածքների վրա տեղավորված և զարգացած կյանքերի շուրջ, բայց այդ փոքրիկ միավորների միջոցով, մանրազնին ուսումնասիրելով իրենց թողած արխիվային նյութերը, լուսաբանում է ավելի լայն, ավելի ընդարձակ ընթացքներ, գործընթացներ, որոնք ընդհանրապես համաշխարհային պատմաբաններն են ուսումնասիրում, այսինքն՝ սահմաններ կտրող գործընթացներ»։   Հնդկահայ սփյուռք․ հայկական առաջին պրոտոսահմանադրություն, կրթական կարևոր կենտրոններ և տպարաններ Այս տարվա մարտի 17-18-ը Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում տեղի ունեցավ «Արմենո-Ինդիկա. ծանոթության և բարեկամության չորս դարեր» խորագրով միջազգային կոնֆերանսը։ Կոնֆերանսը նվիրված էր Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման երկուհարյուրամյակին և կենտրոնացած էր հնդկահայ գաղութների գործունեության վրա։ Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանը (լուսանկարը՝ ճեմարանի ֆեյսբուքյան էջից) Կոնֆերանսին, որի կազմակերպման աշխատանքներին մասնակցել էր նաև Սեպուհ Ասլանեանը, ներկա էին հետազոտողներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից։ Հայաստանի ազգային պատկերասրահից զեկույցով հանդես եկավ Սաթենիկ Չուքազսյանը, իսկ Մատենադարանից՝ Հասմիկ Կիրակոսյանը։ Կոնֆերանսի մասնակից հայազգի հետազոտողների թվում էր նաև Սեպուհ Ասլանեանի դոկտորական ուսանող Սոնա Թաջիրյանը: Խոսելով այն մասին, թե ինչու էր որպես կոնֆերանսի թեմա ընտրվել հենց Հնդկաստանի հայկական սփյուռքը, պրոֆեսոր Ասլանեանն առանձնացնում է երեք հիմնական պատճառ։ Հնդկահայ գաղութներն ամենահարուստն էին։ «[Հայ] վաճառականների մեծ մասն իր կապիտալը դիզել էր՝ կա՛մ Հնդկաստանում ապրելով, կա՛մ Հնդկաստանի հետ շփումներ և փոխհարաբերություններ ունենալով»,- ասում է Սեպուհ Ասլանեանը։ Նրա խոսքով հենց այս վաճառականներն էլ ֆինանսավորել կամ հիմնադրել են սփյուռքի հայկական տպարանները, իսկ սփյուռքում տպագրված գրքերի հսկայական բաժինը ստեղծվել է հենց հնդկահայ կապիտալով։ Հայկական սփյուռքի կրթական ամենակարևոր կենտրոնները կապվում են հնդկահայ կապիտալի հետ։ «Եթե մեկն ուսումնասիրել է վաղ արդի շրջանի մշակութային վերածնունդը, պիտի եզրակացնի, որ ուսման երեք ամենաբարձր վայրերը հայոց աշխարհի համար եղել են հնդկահայկական կապիտալով ֆինանսավորված վայրեր»,- նշում է պրոֆեսոր Ասլանեանը։ Այդ կենտրոններից առաջինը Մուրադ-Ռաֆայելյան վարժարանն է, երկրորդը` Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանը, երրորդը՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանը: Սեպուհ Ասլանեանը նշում է, որ առաջին երկու կենտրոններն ունեցել են ծագումով ջուղայեցի հնդկահայ մեկենասներ, իսկ երրորդի հիմնադիրները՝ Լազարյանները, որոնք ծագումով Ջուղայից ռուսահայեր էին, իրենց ունեցվածքը կուտակել են՝ Հնդկաստանի հետ հարաբերություններ ունենալով։ Հնդկաստանը՝ «մի շարք առաջինների» վայր։ Պրոֆեսոր Ասլանեանը նշում է՝ Հնդկաստանը մի վայր է, որտեղ հրատարակվել է հայկական առաջին թերթը՝ «Ազդարարը» (Մադրաս, 1794-96 թթ․), գրվել արևելահայերեն առաջին վեպը (Մեսպրոպ Թաղիադյան, «Վէպ Վարսենկան Սայկուհւոյ Աղուանից», 1846 թ․), ստեղծվել առաջին պրոտոսահմանադրությունը կամ նախասահմանադրությունը («Որոգայթ փառաց», 1787 թ․)։ Հենց այս պատճառներով էլ կոնֆերանսը համախմբել էր միջազգային մասնագետների՝ հայ-հնդկական կապերը և հարաբերությունները քննարկելու։   Ինչ կարող են պատմել մեռյալները ողջերի մասին «Գերեզմանատները՝ որպես հետերոտոպիաներ. հայկական գերեզմանային մշակույթը Ագրայում և Սուրաթում, կամ ի՞նչ կարող են պատմել մեզ մեռյալները ողջերի մասին»․ այսպես էր վերնագրված Սեպուհ Ասլանեանի զեկույցը, որը նա ներկայացրեց կոնֆերանսի ընթացքում։ Եվ իսկապես, հարց է առաջանում, թե ինչ է հնարավոր պարզել հնդկահայ սփյուռքի կյանքի և առանձնահատկությունների մասին՝ ուսումնասիրելով Ագրայի կամ Սուրաթի գերեզմանատների հայկական գերեզմանոցները։  Ագրայի հայկական գերեզմանները (լուսանկարները՝ Սեպուհ Ասլանեանի) Սեպուհ Ասլանեանն այս գերեզմանոցները կոչում է այլուրային տարածքներ կամ հետերոտոպիաներ (փիլիսոփա Միշել ֆուկոյի տերմինը)։ Պրոֆեսոր Ասլանեանի խոսքով Հնդկաստանի հայերից 400 տարվա ընթացքում մնացել են 3-4 հազար տապանաքարեր, որոնք մեծամասամբ վերծանված և ուսումնասիրված են։ Պատմության պրոֆեսորի խոսքով, սակայն, այդ ուսումնասիրությունները չեն պարունակում վերլուծական գաղափարներ, որոնց միջոցով կարելի է պատկերացում կազմել ժամանակին ապրածների կյանքի մասին։ Հենց այդ պատճառով էլ նա նոր մոտեցմամբ է ուսումնասիրել գերեզմանոցներն ու փորձել լույս սփռել մի քանի կարևոր իրողությունների վրա, որոնք բնութարգում են այն ժամանակ գաղութներում ապրած հայ մարդկանց ինքնությունը։  Հայկական գաղութներն այնքան էլ մեծ չէին։ Սեպուհ Ասլանեանը նշում է, որ Ագրայի հայկական գերեզմանոցում 400 տարիների ընթացքում 120 տապանաքար է մնացել, Սուրաթում՝ 80-90 տապանաքար։ Այստեղից նա եզրակացնում է, որ այդ քաղաքներում հայկական համայնքը փոքր է եղել։ Այս բացահայտումն, ըստ պրոֆեսորի, հերքում է նախկինում հնչած  կարծիքները, թե հնդկահայ գաղութներում տասնյակ հազարներով հայեր են ապրել։ Նրա խոսքով 1850-ից առաջ ամենամեծ գաղութը եղել է Մադրասում, որի հայ բնակչությունը կազմել է 280 մարդ։ Հայկական համայնքը միատարր չի եղել։ Սեպուհ Ասլանեանը գերեզմանների գրություններից պարզել է, որ հնդկահայ գաղութներում ապրել են հայեր, որոնք ծագել են տարբեր վայրերից։«Ագրայում, երբ որ մեկը շրջի գերեզմանոցի մեջ, կարող է 20 րոպեում հանդիպել հայի, որ ծնվել կամ ապրել էր Քաբուլում, կան հայեր Հալեպից, Տիգրանակերտից, Սամսոնից, իմ նախահայրերի շրջանից՝ Արաբկիրից, Պոլիսից, Թիֆլիսից, Գորիսից, Արցախից։ Հայ սփյուռքի ողջ տարատեսակությունն այդ գերեզմանոցների մեջ մարմնացում է ստացել (տարօրինակ ձևով ասենք «մարմնացում»)»,- նշում է նա։ Հայկական համայնքները եղել են անդրմշակութացված։ Երրորդ կարևոր բացահայտումն էլ այն է, որ հայկական համայնքները եղել են անդրմշակութացված (transculturated), այսինքն՝ բաղկացած են եղել երկու և ավելի մշակույթներից։ Պրոֆեսոր Ասլանեանը նշում է, որ նրանք պահել են իրենց  հայկական հիմքը, բայց ընդգրկել են զանազան ինքնություններ՝ փոխհարաբերվելով այլ մշակույթների հետ։ Այս մասին են վկայում ինչպես տապանաքարերի արձանագրությունները, որոնք շատ հաճախ եռալեզու, նույնիսկ քառալեզու են, այնպես էլ դրանց ճարտարապետական ոճը։ Պրոֆեսորի խոսքով Ագրայի և Սուրաթի տապանաքարերի մեծ մասն ունի ճարտարապետական մի ոճ, որը կոչվում է Indo-saracenic այսինքն՝ հընդ-իսլամական։ Նա նշում է, որ հայերն իսլամ չէին դավանում, բայց ճարտարապետական այս ոճը նրանց օտար չէր։ Սուրաթի հայկական գերեզմանոցում (լուսանկարը՝ Սեպուհ Ասլանեանի) Կոնֆերանսի ժամանակ պրոֆեսոր Ասլանեանն առանձնացրել էր հենց այս կետերը, որոնց բացահայտումը հնարավոր է դարձել հայկական գերեզմանների ուսումնասիրությամբ։ Ինչպես ձևակերպում է պրոֆեսորը․ «Գերեզմանոցները մեռելների քաղաքներ են, որոնք լույս են սփռում ապրողների պատմության վրա»։    Ինչպես հայագիտությունը հանել իր նեղ հունից Սեպուհ Ասլանեանի ուսումնասիրությունները վերաբերում են հայ ժողովրդի պատմությանը, սակայն նա մեր պատմությունը ներկայացնում է համաշխարհային պատմության համատեքստում։ Պրոֆեսորը նշում է, որ երկար տարիներ ինքը մտորումներ է ունեցել այն հարցի շուրջ, թե ինչպես պիտի ներկայացվեն հայագիտական թեմաներով հետազոտությունները, որ դրանք ունենան ոչ միայն տեղական, այլև գլոբալ նշանակություն։ Նա այդ թեմայով նաև հոդված է գրել, որտեղ փորձել է բացատրել՝ ինչպես կարելի է հայագիտությունը դուրս հանել իր նեղ, այսինքն՝ միայն ազգային և հայկական հունից և դարձնել մի նյութ, որը կհետաքրքրի ոչ միայն հայ պատմաբաններին։ Պրոֆեսոր Ասլանեանի խոսքով առաջին բանը, որ պետք է անեն հայ պատմագետները, հայագետները, ծանոթանալն է ամերիկաեվրոպական հումանիտար և հասարակագիտական ուղղվածության գրականությանը։  «Օրինակ՝ եթե հայ պատմաբանը պետք է գրի Հնդկական օվկիանոսի մասին կամ վաճառականների մասին, ինձ համար անհնարին է, որ այդ անձը՝ որպես գիտնական, կենտրոնական տեղ գրավի հայկական ասպարեզից անդին՝ միջազգային ասպարեզի մեջ, եթե ինքը տեղյակ չէ, օրինակ, գոյություն ունեցող հսկայական, օվկիանոսի չափ մեծ գիտական գրականությունից, որ նվիրված է Հնդկական օվիկանոսի առևտրին, որ նվիրված է առևտրական պատմության ավելի մանր հարցերին, օրինակ՝ bills of payment-ին»,- նշում է նա։  Սեպուհ Ասլանեանն առանձնացնում է ևս մի կարևոր կետ․ հասկանալ, թե ով է քո ընթերցողը։ Նրա խոսքով հայ հեղինակներից շատերը որևէ թեմա ուսումնասիրելիս պատկերացնում են, որ իրենց ընթերցողները միմիայն հայ մարդիկ են, որոնք հետաքրքրված են նույն հարցերով, ինչ իրենք, և որոնց գլոբալ կամ մեթոդաբանական հարցերը չեն հետաքրքրում։ «Երբ որ մեկնակետը պատմաբանի կամ գիտնականի համար այդ է՝ մատակարարել հում նյութ համայնքի համար, այն ժամանակ այդ անձը պետք է գրեթե հրաժարվի համաշխարհային բաների մեջ մտնելուց, որովհետև իրենք գրում են իրենց համար։ Այդպես կարելի է շատ լավ հաջողությունների հասնել, բայց զրո հետաքրքրություն գտնել ոչ հայկական աշխարհից ներս։ Եվ անշուշտ, ոչ հայկական աշխարհը աշխարհի մեծ մասն է, և ընդհանրապես, ամենակարևոր գիտական հոսանքները աշխարհից սկսվում և տարածվում են ուրիշ տեղեր։ Մեզ համար կարևոր հարց է, որ միջազգային գիտության սեղանի շուրջ տեղ գտնենք, որպեսզի հրավիրվենք նստելու և զեկուցելու, խոսակցելու, երկխոսություններ ունենալու։ ․․․․ Եթե կարողանանք մեր ժողովրդի պատմության միջոցով նորություններ սփռել ավելի լայն, համաշխարհային հարցերի վրա, այդ ժամանակ մարդիկ կարևորություն կտան մեր գրություններին»,- ասում է նա։ Պրոֆեսորի խոսքով սա չի նշանակում, որ հայ հետազոտողների ընթերցողների թվում չպիտի լինեն հայեր․ հարցն այն է, որ նրանք չպետք է լինեն միակ ընթերցողները։ «Եթե մեկը Երևանից գրում է և ուզում է հրապարակվել ամերիկյան ու եվրոպական լավագույն հանդեսներում, գրեթե անհնար է, որ ընդունվի նրա հոդվածը, եթե չի համապատասխանում այս լայն հարցերին»,- նշում է Սեպուհ Ասլանեանը։  Պրոֆեսորն, իհարկե, շեշտում է, որ հայ հետազոտողները պետք է կարողանան գիտական լայն հոսանքների մեջ տեղ գտնել՝ «առանց խեղդվելու, առանց մեր յուրահատուկ ինքնությունը կորցնելու»։ Սեպուհ Ասլանեանը նաև Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում հայոց պատմության թեմայով երկու դասընթաց ունի։ Նա նշում է՝ իր ուսանողների 30-40%-ը ծագումով հայեր են, մնացածը՝ ոչ։ «Բուն նպատակս է մագիստրոսական և դոկտորական ծրագրերից մարդկանց ներքաշել, որոնք, անպայման չէ, որ հայ են, բայց հետաքրքրված են հայկական աղբյուրների հիման վրա, հայերեն կարդալով, լուսաբանել ավելի լայն, ավելի մեծ հարցեր, որոնք գիտության աշխարհի մեջ կարևոր դեր ունեն՝ միաժամանակ հայկական պատմության վրա կարևոր լույս սփռելով։ Եթե պիտի համոզենք, որ հետաքրքրվեն մեր պատմությամբ, պետք է փորձենք իրենց բացատրել՝ ինչու է մեր պատմությունը հետաքրքրական, և այդ բացատրությունը չի կարող ամփոփվել՝ ասելով, որ մեր պատմությունը հետաքրքրական է, որովհետև մեր ինքնությունն  է կերտել։ Ոչ հայի համար միշտ կարևոր չէ․ աշխարհի երեսին կան 2000-ից ավելի ժողովուրդներ, ինչո՞ւ հայերինը պետք է տարբերվի։ Բայց եթե կարելի է բացատրել նրանց, որ հայոց պատմությունը ոչ միայն կարևոր է, այլև անհրաժեշտ է համաշխարհային պատմություն հասկանալու և գրելու համար, այն ժամանակ հետաքրքրվողները համեմատական առումով ավելի շատ կլինեն»,- ասում է պրոֆեսոր Ասլանեանը։   Գլխավոր լուսանկարում՝ Սեպուհ Ասլանեանը (լուսանկարը՝ UCLA-ի) Աննա Սահակյան  
16:51 - 10 ապրիլի, 2023
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ խախտվող օրենքը․ եռամսյակային ամփոփում

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ խախտվող օրենքը․ եռամսյակային ամփոփում

Իշխող քաղաքական ուժը տարբեր մակարդակներով պարբերաբար խոսում է թափանցիկ կառավարման ու հաշվետվողական գործելաոճի մասին, սակայն այդ հայտարարությունները գործնականում ոչ միշտ են «միս ու արյուն ստանում»։ Պետական կառույցներն ու պաշտոնատար անձինք հաճախ խախտում են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված պահանջներն ու դրա իրական նպատակները՝ տեղեկություն ստանալու մասին զանգվածային լրատվության միջոցների հարցումները անպատասխան թողնելով, տեղեկությունը ժամկետների խախտմամբ տրամադրելով կամ էլ բովանդակային տեղեկություն տալուց հնարավոր ամեն կերպ խուսափելով։ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը սահմանում է, որ գրավոր հարցման պատասխանը դիմողին տրվում է այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, իսկ եթե դրա համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա տրվում է դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին դիմողին գրավոր տեղեկացնում են նույն 5-օրյա ժամկետում՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Ընդ որում՝ 5-օրյա եւ 30-օրյա ժամկետները, ըստ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի, չեն ենթադրում միայն աշխատանքային օրերը, մինչդեռ պետական կառույցները, որպես կանոն, հաշվարկը աշխատանքային օրով են անում։ Այնուհանդերձ, անգամ այդ դեպքում ժամկետները հաճախ չեն պահպանվում։ Infocom-ի լրագրողներն առանձնացրել ենք այս տարվա առաջին եռամսյակում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի խախտման այն դեպքերը, որոնց առնչվել են իրենց աշխատանքի ընթացքում։ Քաղաքապետարանն անպատասխան է թողել գրավոր հարցումը 2022 թ․ տարեվերջին Երեւան քաղաքի ամանորյա լուսավորությունը ամենաքննարկվող թեմաներից էր։ Քննադատությունները ծավալվում էին նաեւ այն համատեքստում, որ լուսավորության կազմակերպման համար գնումը Քաղաքապետարանը առանց մրցույթ հայտարարելու՝ մեկ անձից է իրականացրել։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարել էր, որ «ինքնին մշակութային միջոցառման իրականացման համար նախատեսված է համապատասխան հիմք, որը իրավունք է տալիս մեկ անձից կատարել գնում»։ Իրականում, սակայն, օրենքը սահմանում է, որ ոչ թե մշակութային միջոցառման իրականացումն ինքնին հիմք է մեկ անձից գնում կատարելու համար, այլ որ դա պետք է պայմանավորված լինի հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ, որը տվյալ դեպքում չկար։ Այս թեմայով մեր գրավոր հարցումը Քաղաքապետարանն անպատասխան է թողել, թեեւ նախապես հավաստիացրել է, որ այն ստացել են։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի կարծիքով՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը օրենսդիր իշխանության վրա չի տարածվում Փետրվար ամսին, երբ հայտնի դարձավ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի կողմից առերեւույթ խախտումներ թույլ տալու մասին, գրավոր հարցմամբ դիմեցինք Ազգային ժողովի 3 խմբակցություններին՝ հետաքրքրվելով, թե ինչ դիրքորոշում ունեն դրա վերաբերյալ, եւ պատրաստվո՞ւմ են արդյոք իրավական համապատասխան գործընթաց նախաձեռնել։ Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները պատասխանեցին մեր հարցմանը, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ ոչ։ Վերջինիս քարտուղար Արթուր Հովհաննիսյանը օգնականի միջոցով փոխանցեց, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը տարածվում է գործադիր իշխանության վրա, իսկ պատգամավորներին չի վերաբերում։ Իրականում, սակայն, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի գործողությունը տարածվում է պետական եւ տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների, պետական բոլոր հիմնարկների վրա։ Նոյեմբերյանի համայնքապետարանն ու ՊՆ-ն հարցմանը պատասխանել են մեկ ամիս անց՝ առանց այդ մասին ծանուցելու, իսկ ԱԱԾ-ն որոշ չափով խուսափել է բովանդակային պատասխան տալուց Նախորդ տարվանից սկսած՝ մի քանի ամիս շարունակ Infocom-ը փորձում էր տեղեկություններ ստանալ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրի 2 հա մակերեսով համայնքային հողամասը պետությանը նվիրաբերելու, այնտեղ ընթացող շինարարության եւ ռուս զինծառայողների տեղակայման մասին։ Դրա շրջանակում հարցումներ ենք ուղարկել, ի թիվս այլնի, նաեւ Նոյեմբերյանի համայնքապետարան եւ Պաշտպանության նախարարություն, որոնք, սակայն, հարցմանը պատասխանել են մեկ ամիս անց՝ առանց այդ մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացնելու եւ վերջնական օրը հայտնելու։ Նույն թեմայի վերաբերյալ հարցումներին ԱԱԾ-ն էլ որոշ չափով խուսափել է բովանդակային պատասխան տալուց։ Մասնավորապես, ԱԱԾ-ից հետաքրքրվել էինք, թե ինչ նպատակով է համայնքային հողամասը որպես նվիրատվություն տրամադրվել պետությանը, եւ ինչ շինարարություն է այնտեղ ընթանում։ Ի պատասխան՝ ԱԱԾ-ից հայտնել էին այն, ինչն առանց այդ էլ տեսանելի էր․ համայնքի ավագանու որոշման մեջ նպատակը նշված չէ։ Անդրադառնալով շինարարությանը՝ ԱԱԾ-ն նշել էր միայն, որ իր կողմից քաղաքաշինական գործունեություն չի իրականացվում։ Սակայն մենք հարցմամբ չէինք էլ ասել, թե ԱԱԾ-ն է քաղաքաշինական գործունեություն իրականացնողը, այլ հարցերը ուղղել էինք այնտեղ՝ որպես դրա լիազոր մարմին։ Քննչական կոմիտեն եւ Պաշտպանության նախարարությունը օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ մերժել են տեղեկություն տրամադրել Այս տարվա հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում վառարանը ավտոբենզինով վառելու հետեւանքով հրդեհ էր բռնկվել, զոհվել էր 15 զինծառայող։ Բազմաթիվ հարցեր մինչ օրս անպատասխան են, այդ թվում՝ ինչո՞ւ չի պահպանվել վառարանը վառելու կարգը։ Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի հոդված 197-ում ասված է. «Վառարանները վառելը պետք է ավարտվի ժամը 20-ից ոչ ուշ: Ուսումնական եւ ծառայողական շինություններում վառարանների վառելը կատարվում է առավոտյան եւ պետք է ավարտվի պարապմունքները (աշխատանքները) սկսվելուց մեկ ժամ առաջ: Այն շինություններում, որտեղ ջերմաստիճանը հոդված 196-ում սահմանված նորմերից ցածր է, գնդի հրամանատարի թույլտվությամբ կարելի է շարունակել վառարանները վառելը»: Այս առնչությամբ Infocom-ը մարտի 6-ին գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ քննչական կոմիտե՝ հետաքրքրվելով, թե արդյոք ժամը 20-ից հետո հրդեհված կացարանում վառարանը վառելու համար գնդի հրամանատարի թույլտվությունը եղե՞լ է, թե՞ ոչ։ Միայն մարտի 22-ին օրենքով սահմանված հնգօրյա ժամկետի խախտմամբ Կոմիտեից գրավոր պատասխանել են, որ մեր հայցած տեղեկությունը պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախաքննության տվյալ։  Ավելի վաղ նույն հարցադրումն արել էինք ՊՆ-ին, սակայն այս գերատեսչությունից էլ դարձյալ օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ առաջարկել էին դիմել նախաքննական մարմնին՝ Քննչական կոմիտե։ Այսինքն՝ ՊՆ-ն հնգօրյա ժամկետից հետո է միայն գրավոր պատասխան ուղարկել, որն ըստ էության չի պարունակել հարցի պատասխանը, իսկ ՔԿ–ին երկու շաբաթից ավելի է պահանջվել՝ տեղեկության տրամադրումը պարզապես մերժելու համար։ Վարչապետի աշխատակազմը երկու հարցմանն էլ խուսափողական ու անբովանդակ պատասխաններ է տվել Այս տարվա մարտի 14-ին Նիկոլ Փաշինյանի հերթական ասուլիսն էր։ Սա արդեն երկրորդ ասուլիսն է, որի մասին պաշտոնապես չի հայտարարվում նախապես, եւ լրագրողներին դրան մասնակցելու հայտ ուղարկելու հնարավորություն չի տրվում։ Իսկ ասուլիսի օրը, պարզվում է, շատ լրատվամիջոցներ կամ ուղղակի չեն հրավիրվել, ինչպես, օրինակ, infocom.am-ը, կամ նույնիսկ մերժում են ստացել, ինչպես, օրինակ, azg.am-ը։ Infocom.am-ը չէր հրավիրվել նաեւ նախորդ՝ այս տարվա հունվարի 10-ին հրավիրված ասուլիսին։ Չէին հրավիրվել նաեւ այլ լրատվամիջոցներ այն պարագայում, երբ մարտի ասուլիսին վարչապետին հարց ուղղելու հնարավորություն են ունեցել տասնյակից ավելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք ներկա էին նաեւ նախորդ ասուլիսին։ Մարտի 15-ին գրավոր հարցմամբ դիմել էինք վարչապետի աշխատակազմին՝ խնդրելով հայտնել, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվել այն լրատվամիջոցները, որոնք հնարավորություն են ունեցել մասնակցելու ՀՀ վարչապետի՝ 10.01.2023թ. եւ 14.03.2023թ. ասուլիսին։ Վարչապետի աշխատակազմից պատասխանել էին այսպես․ «ՀՀ վարչապետի ասուլիսին հրավիրված զանգվածային լրատվամիջոցների թվաքանակը պայմանավորված է տարածքում տեղերի սահմանափակությամբ: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ նախորդ ասուլիսի համեմատ՝ այս անգամ հրավիրվել են ավելի մեծ թվով զանգվածային լրատվամիջոցներ: Հաջորդիվ կդիտարկվի նաև այս ասուլիսին չմասնակցող ԶԼՄ-ներին հրավիրելու հարցը»:  Քանի որ այս պատասխանը չէր պարունակում մեր հարցի մասին բովանդակային տեղեկություն, ուստի եւս մեկ հարցում էինք ուղարկել՝ խնդրելով ըստ էության պատասխանել եւ նաեւ նշել, թե ինչո՞ւ մեր լրատվամիջոցը չի հրավիրվել երկու ասուլիսներին էլ։ Վարչապետի աշխատակազմից ստացել էինք հետեւյալ գրությունը․ «Ձեր՝ մարտի 15-ի հարցման կապակցությամբ տրամադրված տեղեկատվությանն ավելացնելու ոչինչ չունենք»։ Գրավոր հարցմամբ տեղեկություն ստանալու իր իրավունքն Infocom-ը շարունակելու է իրացնել՝ պարբերաբար ներկայացնելով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը դրա առնչությամբ։    Միլենա Խաչիկյան Հայարփի Բաղդասարյան
12:09 - 10 ապրիլի, 2023
«Սպաներից մեկը գոռում էր՝ մերոնք են, մի կրակեք, մյուսը՝ մերոնք չեն, կրակեք»․ 70-օրյա շրջափակումից փրկված զինծառայողների հարցաքննությունը

«Սպաներից մեկը գոռում էր՝ մերոնք են, մի կրակեք, մյուսը՝ մերոնք չեն, կրակեք»․ 70-օրյա շրջափակումից փրկված զինծառայողների հարցաքննությունը

2020 թ․ հոկտեմբերի 10-ին Հադրութի հարակից Խուռհատ սարի պաշտպանությունն այդ ժամանակ ժամկետային զինծառայող, ավագ հրաձիգ Արման Արմաղանյանը «քաոս» բառով է որակում․ «Երբ հարձակումը սկսվեց, տարբեր սպաներ տարբեր բաներ էին գոռում․ մեկը գոռում էր՝ մերոնք են, մի կրակեք, մյուսը՝ մերոնք չեն, կրակեք, մեկը գոռում էր՝ նահանջել, մյուսը՝ անցնել շրջանաձեւ պաշտպանության, որը մենք՝ նորակոչիկներս, չգիտեինք էլ՝ ինչ է, ես՝ սովորական զինվոր, չէի հասկանում՝ ինչ անել»։ Արմանը մեկն է Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի այն զինծառայողներից, որոնք սարից նահանջի ընթացքում կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ անջատվել են անձնակազմից եւ սխալ ուղղությամբ գնալով՝ ընկել շրջափակման մեջ։ Հետագայում շրջափակման մեջ ընկած անձնակազմն էլ է խմբերի բաժանվել, եւ Արմանն ու ծառայակից 5 ընկերները, 70 օր թաքնվելով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վանք գյուղում՝ 2020 թ․ դեկտեմբերի 20-ին կարողացել են կապի դուրս գալ եւ փրկվել։ 6 տղաները այժմ տուժող են 5-րդ գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով, որի շրջանակում էլ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում երեկ հարցաքննվեցին։ Հիշեցնենք՝ գումարտակի մոտ 400-հոգանոց անձնակազմը Վահանյանի ղեկավարությամբ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին մեկնել է Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ մարտական առաջադրանքի, որտեղ, սակայն, հարձակման է ենթարկվել եւ հարկադրված նահանջ իրականացրել։ Այժմ Վահանյանը մեղադրվում է մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ տուժողի՝ Գարիկ Վարդերեսյանը Իշխան Վահանյանին ասել է՝ եթե տեսնես մեկը փախչում է, կարող ես մեջքից կրակել Արման Արմաղանյանը բանակ է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 2-ին, ծառայել է նախ Մարտունի 2-ում, ապա՝ տեղափոխվել Ջաբրայիլ։ Պատերազմի առաջին իսկ օրից ներգրավված է եղել մարտական գործողությունների մեջ։ Հոկտեմբերի սկզբին հարկադրված նահանջ են իրականացրել «9-րդ կմ» կոչվող տարածքից, որից հետո իրենց տարել են Հադրութի դպրոց։ Այդ, այսպես ասած, առաջին նահանջի ժամանակ, ըստ Արմանի, իրենք տեսել են, որ իրենց ուղղությամբ մեծ թվով հակառակորդ է գալիս, ռադիոկապով էլ տեղեկացել են 50-60 տանկի մոտենալու մասին, եւ իր գնահատմամբ՝ այդտեղ մնալը անհնար էր․ «Լեյտենանտ Գագոն (ազգանունը չի հիշում-հեղ․) մոտենում է Հայկազին (Հայկազ Գրիգորյանը 1-ին վաշտի հրամանատարն է,-հեղ․), ասում՝ հրաման տուր, Հայկազն էլ՝ գնում–գալիս, ասում է՝ չգիտեմ-չգիտեմ, Գագոն էլ ասում է՝ ուրեմն ես հրամանատարությունը վերցնում եմ իմ վրա, որովհետեւ դու չգիտես»։ Երբ Հադրութի դպրոցում Հայկազն ու լեյտենանտը խոսելիս են եղել այդ դրվագի մասին, միջամտել է գումարտակի՝ այդ ժամանակ արդեն նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանը։ Ըստ Արմանի՝ նա իրենց մեղադրել է փախուստի մեջ եւ Իշխան Վահանյանին, որը պիտի փոխարիներ Վարդերեսյանին այդ պաշտոնում, ասել՝ եթե տեսնես, որ մեկը փախչում է, կարող ես մեջքից կրակել։ Դրանից բացի, սեպտեմբերի 25-ի մարտական տագնապից հետո (որը, ինչպես հետագայում զինծառայողներին ասել են, սխալմամբ է հնչել) Վարդերեսյանը, ըստ Արմանի, հեռախոսով խոսելով եւ զինվորներին նայելով, անպարկեշտ կերպով հարցրել է, թե ինչու են վախեցել․ մեկ է՝ բոլորը զոհվելու են, եւ միայն ինքն է ողջ մնալու (Վարդերեսյանի հարցաքննությունը՝ այստեղ)։ Նույն դպրոցում Արմանը խոսակցություն է ունեցել գումարտակի նորանշանակ հրամանատար Իշխան Վահանյանի հետ․ վերջինս ասել է, որ վիրավոր է, բայց կմնա զորքի հետ։ Տեսանելի վիրավորում, սակայն, Արմանը չի նկատել․  «Վահանյանը հավաքում է բոլորիս․ մեր դասակն էր ու 3-րդ, 4-րդ դասակները, ասում է՝ տանում է շատ ապահով տեղ՝ 4-րդ գիծ, ուր հնարավոր չէ՝ մի բան լինի։ Տանում են «Թուրքի գերեզման» կոչվող տարածք․ անդունդ էր, դիմացը՝ բարձր սար, իսկ մեր հետեւում՝ ցանցատիպ զաբոռ»։ Տուժողի նկարագրությունից պարզ է դառնում, որ հնարավոր նահանջի դեպքում այդ ցանկապատը անցնելը լրացուցիչ ջանք էր պահանջելու։ Կեսգիշերնանց անձնակազմն այնտեղ հարձաման է ենթարկվել, եւ քանի որ նորակոչիկները ոչ մի պատրաստություն չէին անցել, ստիպված են եղել դարձյալ նահանջել։ Այդ նահանջից հետո մի կերպ հասել են Հադրութի դպրոց, որտեղից էլ նրանց «ԿԱՄԱԶ»–ներով տարել են Խուռհատ սարը, ուր արդեն մեկնել էին գումարտակի մնացած դասակները։ Արմանի տպավորությամբ՝ հակառակորդը նախ ֆոսֆորային զենքերով խոտերն է վառել, ուժեղ ծուխ ստեղծել, հետո սկսել կրակ արձակել Արման Արմաղանյանի խոսքով՝ իր համար տարօրինակ էր, որ Խուռհատ սարը հասնելուն պես իրենց ասել են՝ գնացեք, դիրքավորվեք․ կարծես ասեին՝ բարձրացեք վերեւ, մի տեղ գտեք, նստեք․ «Բայց երբ բարձրացանք, նույնիսկ չգիտեինք՝ որ կողմ պիտի նայեինք»։ Հարձակումից մի քանի ժամ առաջ Արմանը իրեն անծանոթ, բարձրաստիճան տարբեր սպաների է տեսել սարի ներքեւում, որոնք նահանջի ժամանակ տարօրինակ կերպով այլեւս չեն եղել։ Մի գիշեր մնալուց հետո հարձակումը սկսվել է․ Արմանի տպավորությամբ՝ հակառակորդը սկզբում ֆոսֆորային զենքերով խոտերն է վառել, ուժեղ ծուխ ստեղծել, հետո տարբեր զինատեսակներից կրակ արձակել․ «Էդ դրվագը կարող եմ քաոս բառով նկարագրել, որովհետեւ էդ սարի վրա բոլորս մալադոյ էինք եւ շատ բան չէինք սովորել, մինչ պատերազմը մեզ ասում էին, որ պատերազմի իրավիճակում ուչեբկան բաշխվում է այլ գումարտակների միջեւ, բայց պատերազմի ժամանակ մենք բոլորս անփորձ բարձրացել ենք դիրքեր, եւ քանի որ ռացիա չկար, բոլոր հրամանները փոխանցվում էին բանավոր, ասում էին՝ էս գոռացեք, էն գոռացեք, ու տարբեր աֆիցերներ տարբեր բաներ էին գոռում․․․ Որոշ ժամանակ անց, երբ հասկացան, որ այդպես հնարավոր չէ մի բանի հասնել, նահանջի հրաման տվեցին»։ Ըստ Արմանի՝ ոմն քեռու հորդորով որոշում է կայացվել գնալ Հադրութ՝ ենթադրյալ հայկական զորքին օգնության Չդադարող կրակի տակ նահանջելով՝ զորքը հավաքվել է սարի ներքեւում գտնվող ճանապարհի մոտ եւ միաշարասյուն սկսել քայլել։ Այդ ժամանակ է, որ Արմանը հանդիպել է Վահանյանին․ «Ինձնից մի քիչ հետ տեսնում եմ Վահանյանին, որ, սովորական քայլելով, գնում է ու տեսնում եմ՝ մի քանի «ԿԱՄԱԶ» է անցնում, նա զինվորներից մեկին ասում է, որ կանգնեցնի «ԿԱՄԱԶ», այն կանգնում է, մենք անցնում ենք, ու ես էլ չեմ տեսնում, թե նա ոնց է նստում»։ Լուսանկարում՝ նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը Դրանից հետո անձնակազմը մտել է անտառ, որ թշնամուն շատ տեսանելի չլինի, եւ շարունակել քայլել դեպի մի գյուղ, որտեղ իրենց պիտի «ԿԱՄԱԶ»–ներ դիմավորեին (այնտեղ սպասողների հետ կապը կեսից կորել է)․ «Մի շարք դարձած՝ բարձրանում ենք, որոշ ժամանակ անց զինվորների մի մասը հոգնում է, նստում, հանգստանում, ու տենց, այդ գիծը ավելի է երկարում, ու մի պահ կրակոցներ ենք լսում ամենավերեւից, չգիտեինք՝ ինչ է կատարվում, Հովհաննեսը հրաման է տալիս նստել, սպասել»։ Քանի որ ծառերը խիտ էին, եւ անձնակազմն էլ՝ միաշարասյուն, Արմանի խոսքով՝  դիմացից ու հետեւից հազիվ 5-7 հոգու տեսնեին, այսինքն՝ իրենք մեջտեղում էին, եւ զորքի սկիզբն ու վերջը իրենց տեսանելի չէր․ «Հովոն մեր հետեւն էր, հետո եկավ, անցավ, մենք իրեն էլ ոչ տեսնում, ոչ լսում էինք, մի կես ժամ սպասում ենք, ու էդ ժամանակ, ըստ խոսակցությունների, Հովոն զանգում է ԱԱԾ, որտեղից ասում են, որ Հադրութի գնդում հայկական համազգեստով մարդիկ կան, բայց կապ չունեն հետները, չգիտեն՝ հայ են թե ադրբեջանցի․ արդեն դեպքեր եղել էին, որ հայկական ֆորմայով ադրբեջանցիներ երեւային»։ Այդ ժամանակ է, որ Հովհաննես Մուրադյանն ու նրանից ներքեւ գտնվող անձնակազմը անջատվել են զորքից, եւ Մուրադյանն ու ոմն կամավոր քեռի սկսել են քննարկել՝ ինչ անել։ Ըստ Արմանի՝ քեռու հորդորով որոշել են մնացած 98 հոգով գնալ Հադրութ՝ ԱԱԾ–ի հայտնած ենթադրյալ հայկական զորքին օգնության․ «Այդ ընթացքում քեռին զանգում է Վահանյանին, ես կարող եմ կոնկրետ բառերով ասել, թե ինչ է ասում նրան, բայց ինձ թվում է՝ դատարանում չի կարելի նման բառեր օգտագործել․․․ Ամենավերջին բառերով Վահանյանին վիրավորելով՝ ասում է՝ դու մեղավոր ես, որ էսքան զոհ ենք ունեցել, էսքան զինվոր հիմա էստեղ է, ու էդ ամենը քո մեղքն է, քանի որ դու թողել, գնացել ես, Վահանյանն էլ ասում է, որ ինքը հոսպիտալի ճանապարհին է, ու չի կարող օգնել, ընդամենը խորհուրդ է տալիս մի տեղ գնալ»։ Նշենք, որ կամավոր քեռու մասին իրենց ցուցմունքներում հիշատակել են տարբեր զինծառայողներ՝ ասելով, որ նրա հորդորով են շարժվել գրավված Հադրութի ուղղությամբ, սակայն նրանցից ոչ մեկը որեւէ հավելյալ տեղեկություն, անգամ քեռու անունը, չի իմացել։ Արմանը եւս տեղեկություն չուներ, ասաց՝ միայն գիտեինք, որ զինվորական փորձ ունի, եւ թեեւ նախկինում երբեք նրան չէին ճանաչել, բայց վստահում էին, քանի որ կարողանում էր զորքը հավաքել։ Չնայած որոշ վկաներ ասել էին, որ նա գյումրեցի է, սակայն Արմանի մոտ գյումրեցու բարբառին բնորոշ խոսույթ չի տպավորվել։   Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը - Քրեական գործում առկա տեղեկությունների համաձայն՝ Արթուր Քարամյանը (Ջրականի զորամասի նախկին հրամանատարն է, նրա հարցաքննությունը՝ այստեղ–հեղ․), տեղեկանալով, որ նահանջում եք, Վահանյանին հայտնել է, որ Հադրութի կողմ չպետք է գնալ, ձեզ այդ մասին որեւէ մեկը, այդ թվում՝ Վահանյանը կամ քեռին, ասե՞լ են,– հարցրեց հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը։  - Ընդհանրապես։ Ես քեռու խոսքից նման բան չեմ հասկացել, ենթադրում եմ, որ չի ասել, հակառակը, երբ ես զանգեցի Վահանյանին (դա շատ ավելի հետո է եղել,-հեղ․), Վահանյանը ինձ ասաց՝ գնացեք Վանք գյուղի եկեղեցու կողմ (որտեղ էլ հենց շրջափակման մեջ են ընկել-հեղ․)։ - Հովհաննես Մուրադյանը կարո՞ղ էր ընկնել քեռու ազդեցության տակ ու շարժվել այդ ուղղությամբ, այսինքն՝ եթե այն իրավիճակը լիներ, որ անձը լիներ հետախույզ, կկարողանա՞ր համոզել նրան, տանել իր հետեւից,– հետաքրքրվեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը։ - Հովհաննեսը Մուրադյանը շատ լավ մարդ էր, բայց ինձ թվում է՝ որպես սպա այնքան էլ ուժեղ չէր, որ զորք առաջնորդեր, էնպես որ, եթե հարցը տենց դնենք, հնարավոր է, որ տենց բան լիներ,– պատասխանեց տուժողը։ Հադրութի ուղղությամբ շարժվող 98-հոգանոց անձնակազմը ձորի հատվածում դարձյալ կրակի տակ է ընկել․ այլ զինծառայողների հետ մեկտեղ զոհվել են միակ սպա Հովհաննես Մուրադյանն ու հիշյալ քեռին։ Ըստ Արմանի՝ ինքը քեռու զոհվելն անձամբ է տեսել։ Շրջափակման մեջ տղաները տարբեր կերպ են պատկերացրել փրկության ելքը Դրանից հետո զինծառայողներից մի քանիսը ձորով իջել են, իսկ Արմանը մյուս մասի հետ մնացել է, քանի որ բազմաթիվ վիրավորներ չէին կարողանում տեղաշարժվել։ 3 օր մոտ 30 հոգով, որից 10–ը՝ վիրավոր, գիշերել են էդտեղ, ինչի ընթացքում վիրավորներից միայն 3-ն են ողջ մնացել։ Դրանից հետո 21 հոգանոց խմբով շարժվել են, գյուղի տներից մեկում թաքնվել․ «Զանգում ենք Վարդերեսյանին, ասում է՝ վերեւից ջախջախելով գալիս ենք, շուտով ձեզ կհասնենք, սպասեք, որոշ ժամանակ հետո էլի ենք զանգում, ասում է՝ մոտենում ենք, ասեք՝ քանի հոգի եք եւ անուն–ազգանուններ․․․ Որոշ ժամանակ հետո էլ դեպք է լինում, տղերքից մեկի անզգուշության պատճառով իմանում են մեր տեղը, սկզբում ռուսերենով ասում են՝ գիտենք, որ այդտեղ եք, դուրս եկեք, հետո ադրբեջաներեն են խոսում ու կրակում են ներս՝ հավերի, շների ուղղությամբ, մեծ տեխնիկա են բերում, բայց ներս չեն մտնում, 3 օր հետո էլ ադրբեջանցի մի սպա է գալիս վարորդի հետ, դարպասներից ներս են մտնում, սպային հասցնում ենք խփել, վարորդը փախչում է, որոշում ենք վերցնել հնարավոր իրերը, նոր տեղ ման գալ»։  Դրանից հետո տղաները դարձյալ խմբերի են բաժանվել՝ պայմանավորված նրանով, որ տարբեր կերպ էին պատկերացնում շրջափակումից դուրս գալու եղանակները։ Արմանի խմբի պատկերացմամբ՝ պետք էր սպասել՝ պատերազմն ավարտվի, ապա շարժվել Իրանի կողմ․ «Շատ լավ նոտայի վրա հաջողություն ենք անում, պայմանավորվում ենք, որ երբ դուրս գանք, իրար հետ մի տեղ նստենք, հաց ուտենք, իրար հեռախոսահամար ենք վերցնում, որ դուրս գալուց հետո զանգենք ծնողներին, իրար տեղ ասենք»։ Արմանի կարծիքով՝ եթե Վահանյանը չհեռանար, զորքի միջեւ հաղորդակցությունն ավելի լավ կլիներ, զոհերը՝ ավելի քիչ  Հարցաքննությունից հետո տուժողին հարցեր հղեց նաեւ ամբաստանյալ Իշխան Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը․ Լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը, տուժող Արման Արմաղանյանը – Վահանյանի հեռանալուց հետո ձեր հետ սպաներ մնացին, արդյո՞ք դուք հոգեբանորեն այնպիսի ճնշվածություն ունեիք, որ չէիք կարող իրավիճակին լուծում տալ, Վահանյանով ինչ-որ բան պայմանավորվա՞ծ էր։ – Եթե պայմանավորված չլիներ, ինքը չէր լինի մեր հրամանատարը,– պատասխանեց տուժողը։ – Տեսականորեն ընդունենք՝ նա զոհվեց, ձեզ հետ կային այլ սպաներ եւ քեռին, որը վստահություն էր ներշնչում, այս պայմաններում ձեր հոգեբանական վիճակը էական փոփոխության ենթարկվե՞լ էր։ – Եթե Վահանյանը չգնար, գուցե ավելի քիչ զոհեր ունենայինք, զորքի մեջ հաղորդակցությունը ավելի լավ կլիներ, եթե զոհված լիներ, կհամակերպվեինք, կասեինք՝ զոհվել է, իսկ էս պահի դրությամբ ինքը պարզապես գնացել է, եւ դրա հետեւանքով է այդ ամբողջը եղել,– ասաց Արման Արմաղանյանը՝ Վահանյանին որպես «շատ վատ մարդ» բնութագրումը տալով։ Դավիթ Սահակյանի խոսքով՝ իրենց դիրքն այնքան ներքեւ էր, որ կրակող հակառակորդին չէին էլ տեսնում Երեկ հարցաքննված մյուս տուժողը Դավիթ Սահակյանն էր՝ Արմանի խմբում եղած եւ փրկված տղաներից մեկը։ Նա ծառայության է մեկնել 2020 թ․ օգոստոսի 19-ին, սկզբում՝ Ասկերան, ապա՝ Ջրական։ Դավիթը նույնպես իր ցուցմունքը սկսեց հոկտեմբերի 10-ին նախորդած մարտական գործողություններից։ Անդրադառնալով արդեն Խուռհատ սարի դեպքերին՝ նա նշեց․ «Էնտեղ դիրքավորվել ենք, նկատել, որ Ջրականի կողմից 2 տանկ ու 3 «ԿԱՄԱԶ» գալիս էին մեր կողմ, «ՖԱԳՈՏ»–ով խփել ենք, մի գիշեր հետո Հադրութի անտառներից ենք սկսել կրակոցներ լսել, մի կողմից ասում էին՝ մերոնք էին, մյուս կողմից ասում էին՝ մերոնք չեն, ես չիմացա՝ ինչ անել․․․ Դրանից հետո տեսա, որ անտառից մերոնցից մարդիկ են գալիս, այսինքն՝ նրանք, որոնք կռիվ են տվել՝ արդեն վիրավոր, արյունոտ․․․ Հասկացա, որ կռիվ է գնում, բայց ոչ մի բան հասկանալի չէր, որովհետեւ տարբեր բաներ էին գոռում․․․ Ինչ գտել ենք, դրա կողքը թաքնվել ենք, մեր դիրքը ներքեւն էր, հակառակորդը վերեւից էր գալիս, ես նորմալ չէի էլ տեսնում, բայց իմ վրա կրակում էին»։ Լուսանկարում՝ տուժող Դավիթ Սահակյանը Մարտական գործողությունների ժամանակ Դավիթը Վահանյանին չի նկատել, միայն սկզբում սարի ներքեւում է տեսել եւ վերջում՝ դատարկ «ԿԱՄԱԶ»–ով հեռանալիս։  Ձորում, որտեղ Հովհաննես Մուրադյանն ու քեռին զոհվել են, Դավիթը ձեռքից վիրավորվել է, շատ արյուն կորցրել, հետագայում տներում մնացած կոմպոտներով սնվել, աստիճանաբար կազդուրվել։  Տղաների տեղեկություններով՝ վերջում մնացած 21 հոգանոց խմբից փրկվել է 8 հոգի․ իրենք՝ 6 ընկերներով, եւ եւս 2 զինծառայող, որ գերեվարվել, հետագայում վերադարձվել են հայրենիք։ Թե գումարտակի ամբողջ կազմից ընդհանուր քանի հոգի է ողջ մնացել, պաշտոնապես հայտնի չէ։ Ճիշտ ուղղությամբ գնացած սպա Հայկազ Գրիգորյանը դատարանում նշել է, որ իրենց հետ եղել են մոտ 65 հոգի։   Միլենա Խաչիկյան
22:40 - 06 ապրիլի, 2023
Ռուսական դպրոցները՝ ՀՀ-ում․ Հայաստանի օրակարգի բացակայությունը

Ռուսական դպրոցները՝ ՀՀ-ում․ Հայաստանի օրակարգի բացակայությունը

Վերջին շրջանում ակտիվացել է Հայաստանում ռուսերենով կրթությանն եւ ռուսական դպրոցների թեման։ Ինֆոքոմն ուսումնասիրել է թեման՝ փորձելով հասկանալ, թե ինչպիսին են մինչ այժմ եղել Ռուսաստանում եւ Հայաստանում համապատասխանաբար հայկական եւ ռուսական համայնքների, ինչպես նաեւ կացության կարգավիճակներով բնակվող Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիների՝ մայրենի լեզվով կրթության կազմակերպման կամ մայրենի լեզվի ուսուցման հնարավորությունները, արդյոք հայկական կողմը բարձրաձայնո՞ւմ է Ռուսաստանում գտնվող Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաեւ հայկական համայնքի՝ հայերենով կրթության կազմակերպման հնարավորությունների մեծացման հարցը։   Շաբաթներ առաջ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել էր ռուս մեծանուն մարդկանց պատվին անվանակոչված երեւանյան դպրոցների տնօրենների հետ։ Հայաստանում ռուսական տան ֆեյսբուքյան էջում զետեղված գրառումից տեղեկանում ենք, որ Կոպիրկինն ասել է՝ քննարկվում են Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու վերաբերյալ հարցեր, եւ որ արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է ռուսերենով կրությանն աջակցելու հետ կապված հարցերով։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ ճեպազրույցում Կոպիրկինի հայտարարության վերաբերյալ ասել էր, որ աշխատանքային խմբի ձեւավորումը նախատեսված է համատեղ ծրագրի կոնցեպտի քննարկման նպատակով, եւ ճշտող հարցին՝ օրակարգում ռուսական դպրոցների բացման հարց կա՞, պատասխանել էր, որ այսօր օրակարգում դրված խնդիրը համատեղ ծրագիր ունենալու մասին է․ «Դեռ քննարկման փուլում է, թե մենք ինչ կոնցեպտի մասին ենք խոսում։ Մեր պատկերացմամբ՝ դա պետք է լինի կամ հայ-չինական դպրոցի տարբերակով համատեղ նախաձեռնություն, որը մենք առաջարկել ենք ռուսական կողմին, կամ մենք կարող ենք հավելյալ քննարկել այն հնարավորությունը․․․ Դուք գիտեք, որ վերջին շրջանում մեծ թվով ՌԴ քաղաքացիներ են գտնվում ՀՀ-ում, եւ եթե կարիքը կա նրանց կրթության հավելյալ ապահովման, ապա, բնականաբար, այդ հարցը պատրաստ ենք քննարկել»,- նշել էր նախարարը մարտի 16-ին։ Մոտ տասը օր անց՝ մարտի 24-ին, իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում Անդրեասյանը թեմայի վերաբերյալ եւս մեկ անգամ նույնական մեկնաբանություններով հանդես եկավ՝ նշելով, որ հիմա մեր օրենսդրության շրջանակում ընթանում են քննարկումներ, արդյունքները կներկայացնեն։  Վերջին տարիներին ռուս պաշտոնյաներից միայն Կոպիրկինը չէ, որ խոսել է Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու մասին․ դեռ 2021թ․ էր այս հարցը հանրային քննարկման առարկա, երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական մեթոդաբանության հիման վրա Տաջիկստանում ստեղծվում է ռուսական 5 դպրոց, եւ որ վերջին ժամանակներում ՀՀ նոր ղեկավարությունը հետաքրքրված է Հայաստանում հենց այդպիսի ծրագրի իրականացմամբ։ Լավրովի այդ հայտարարությունից հետո ԿԳՄՍ այդ ժամանակվա նախարար Վահրամ Դումանյանն ասել էր, որ օրակարգում ռուսական դպրոցների բացման հարց չկա։ Հայաստանում ռուսական դպրոցների եւ ռուսերենի կարգավիճակի մասին խոսակցությունները այսքանով չեն սահմանափակվում։ Դրանք պարբերաբար բերվում են օրակարգ, ինչը ենթադրել է տալիս թեմայի՝ ՌԴ պետական օրակարգի մաս լինելու մասին։ 2017թ․-ին ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ընդունել էր պաշտոնական այցով ՌԴ-ում գտնվող Արա Բաբլոյանին, որն այդ ժամանակ ՀՀ ԱԺ նախագահն էր։ Այդ շրջանում ՌԴ-ում ընդունվել էր օտար երկրների կողմից տրված վարորդական վկայականներով աշխատելն արգելող օրենքը, որը, ինչպես արձանագրել էր Բաբլոյանը հանդիպման ժամանակ, մեծ դժվարություններ էր առաջացրել Ռուսաստանում աշխատող հայերի համար: ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել էր վերանայել այդ մոտեցումը, իսկ Վոլոդինն առաջարկել էր ՀՀ-ում ռուսերենն օրենքով ամրագրել որպես պաշտոնական լեզու, ինչպես այն երկրներում է, որոնց համար նույն օրենքով նախատեսվել էին բացառություններ․ Վոլոդինը մեկնաբանել էր, թե օրենքի ընդունումը պայմանավորված է եղել բացառապես երթեւեկության անվտանգությամբ, քանի որ, ըստ նրա, ՌԴ-ում աշխատող վարորդները ռուսերեն չիմանալու հետեւանքով չեն տիրապետում ՌԴ երթեւեկության կանոններին, ինչպես նաեւ չեն կարողանում օգտվել նավիգացիոն համակարգերում աշխատող ռուսական ծրագրերից: Բաբլոյանն այս առաջարկին հակադարձել էր՝ նշելով, որ ՀՀ օրակարգում ռուսերենն օրենքով որպես պաշտոնական լեզու ամրագրելու հարց չկա, նա նկատել էր, որ ՀՀ բոլոր դպրոցներում ռուսերենը դասավանդվում է, ինչը, իր կարծիքով, ամբողջությամբ բավարարում է խնդրի լուծմանը:   Հայ-ռուսական համատեղ աշխատանքների կազմակերպման նպատակով աշխատանքային խումբ է ձեւավորվել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից Infocom-ը տեղեկացավ, որ հիմք ընդունելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 2022թ․ դեկտեմբերի 23-ի 21-րդ նիստի արձանագրության 11.2 կետի 5-րդ ենթակետը՝ ՀՀ-ում համատեղ հանրակրթական ուսումնական հաստատությունների ստեղծման հայեցակարգը քննարկելու եւ հայ-ռուսական համատեղ համապատասխան աշխատանքների կազմակերպման նպատակով այս տարվա հունվարի 17-ին նախարարի՝ N 47-Ա/2 հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի առաջին քննարկումը ռուսական կողմի հետ տեսակապի միջոցով կայացել է մարտի 15-ին: Առաջին քննարկման օրակարգում ընդգրկված են եղել ՀՀ-ում համատեղ հանրակրթական ուսումնական հաստատությունների ստեղծման հայեցակարգի վերաբերյալ հարցեր։ Նախարարությունից գրավոր հարցմամբ հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք աշխատանքային խմբի օրակարգային հարցերից է նաեւ ՌԴ-ում հայերենով կրթությանն առավել ուշադրություն դարձնելու հարցը, սակայն պատասխանում դրա մասին որեւէ նշում չկա։ Իսկ աշխատանքային խմբի առաջիկա հանդիպման օրը դեռեւս հստակեցված չէ։ Ուսումնական հաստատությանն օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու կարգը մշակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը (իմա՝ ԿԳՄՍՆ) եւ ներկայացնում ՀՀ կառավարության հաստատմանը: Հանրակրթության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաեւ միջազգային պայմանագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները:  Ռուսերենով ուսուցումը՝ Հայաստանի Հանրապետությունում ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ռուսաց լեզուն պարտադիր դասավանդվում է սկսած 2-րդ դասարանից: ՀՀ 63 դպրոցում իրականացվում է ռուսերենի խորացված ուսուցում, որից 33-ը՝ Երեւան քաղաքում, 30-ը՝ մարզերում:  ՀՀ ԿԳՄՍՆ-ից մեր հարցմանն ի պատասխան հաղորդել են, որ ՀՀ-ում շուրջ 45 դպրոցում կա ռուսերեն դասարան ունենալու հնարավորություն, սակայն այս պահի դրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ կան 39 դպրոցներում։ 2023թ․ մարտի տվյալներով՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորում է 6745 աշակերտ (ներառված են նաեւ ՀՀ ենթակայության տակ գտնվող այն դպրոցների աշակերտները, որտեղ կրթությունը կազմակերպվում է ամբողջությամբ ռուսերենով)։ Երեւանի «Ռոսիա» հասարակական կազմակերպության «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցում է կրթությունն ամբողջությամբ ռուսերենով կազմակերպվում, դպրոցը պետական չէ։  Կրթությունն ամբողջությամբ ռուսերենով է կազմակերպվում նաեւ Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոցում, չնայած այն պետական դպրոց է՝ մարզային ենթակայության ներքո։ Միայն թե այս պարագայում Ֆիոլետովոյի դպրոցում սովորում են միայն ազգությամբ ռուս աշակերտներ (Ֆիոլետովո համայնքն 99,9% ռուս բնակչությունից է կազմված), ուստի այստեղ այժմ գործում են միայն ռուսական դասարաններ։ Բացի դրանից՝ ՀՀ-ում կա առնվազն երեք ռուսական դպրոց, որոնք ՀՀ ենթակայության ներքո չեն․ երկուսը (Գյումրիում եւ Քանաքեռում) գործում են ՌԴ ՊՆ ենթակայության տակ եւ սպասարկում են ՀՀ-ում տեղակայված ռուսաստանցի զինվորականների ընտանիքներին, մյուս դպրոցն Արտաշատում է, տեղի ռուսական սահմանապահ զորամասին է կցված։ 2011թ․ մարդահամարի տվյալներով՝ ՀՀ մշտական բնակչությունից 11911-ը ռուսներ են։ Նշենք նաեւ, որ 2022-ի ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 19418 ՌԴ քաղաքացի (նշյալ անձանց մեջ կարող են լինել ազգությամբ հայեր)։   Հայերենով ուսուցումը՝ Ռուսաստանի Դաշնությունում Ռուսաստանի Դաշնությունում չկա որեւէ դպրոց, որտեղ կրթությունն ամբողջությամբ կազմակերպվում է հայերենով։  ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից Infocom-ը հարցմամբ տեղեկացել է, որ ՌԴ-ում հայկական ուսուցմամբ դպրոցների, կրթական կենտրոնների ընդհանուր թիվը 167 է: Այս թիվը ներառում է ոչ միայն հանրակրթական դպրոցները, որտեղ կան հայկական դասարաններ, այլ նաեւ համայնքային կառույցներին, եկեղեցուն կից հայկական կիրակնօրյա դպրոցները, հայերենի ուսուցմամբ խմբակներն ու ֆակուլտատիվ դասընթացները։  Իսկ հայկական դասարաններ կան ՌԴ հանրակրթական միայն 49 դպրոցներում։ ՌԴ-ում հայության թվաքանակի վերաբերյալ առկա են ՌԴ պետական վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալներ, համաձայն որոնց՝ 2021 թ. անցկացված մարդահամարի տվյալներով այստեղ արձանագրվել է 946.172 հայ: Միաժամանակ, ինչպես հայտնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, ՌԴ բարձրագույն պետական իշխանության ներկայացուցիչները, համայնքային կառույցները, հետազոտողները նշում են, որ ՌԴ-ում բնակվող հայության թիվը կազմում է ավելի քան 2.5 մլն:   ՀՀ քաղաքացիները՝ Ռուսաստանում, եւ ՌԴ քաղաքացիները՝ Հայաստանում Հայաստանում ռուսերենով կրթությանն առավել շատ ուշադրության արժանացնելու հիմնական մեկնաբանությունն այն է, որ վերջին շրջանում մեծացել է ռուսների ներհոսքը Հայաստան։ Այդ մասին մեկնաբանություն հրապարակվել էր նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում դեռ 2022թ․-ին՝ այդ ժամանակվա նախարար Վահրամ Դումանյանի՝ օրակարգում ռուսական դպրոցների բացման հարց չունենալու մասին վերը հիշատակված հայտարությունից հետո։ Նմանատիպ մեկնաբանություն արել է նաեւ ներկայիս նախարարը՝ վերջին ասուլիսի ժամանակ։ Ելնելով այս մեկնաբանություններից՝ փորձել ենք հասկանալ, թե որքանով է անհրաժեշտ ռուսերենով կրթության ծավալների մեծացումը Հայաստանում եւ հայերենով կրթության ծավալների մեծացումը Ռուսաստանում։ Դիտարկել ենք, թե ՀՀ քանի քաղաքացի է ապրում Ռուսաստանի Դաշնությունում (մշտական եւ ժամանակավոր կացության իրավունքով), եւ որքան ՌԴ քաղաքացի՝ Հայաստանի Հանրապետությունում (մշտական, ժամանակավոր եւ հատուկ կացության իրավունքով)։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկանում ենք, որ 2022 թ. հունվար-դեկտեմբերին ՌԴ-ում մշտական կացության կարգավիճակով (BHЖ) բնակվել է 40.766 ՀՀ քաղաքացի, իսկ ժամանակավոր կացության իրավունք (PBП) ունեցել է 13.414 ՀՀ քաղաքացի: Միեւնույն ժամանակ, ինչպես հարցմամբ տեղեկանում ենք ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից, 2022 թ․-ի տարեվերջի դրությամբ ՀՀ-ում վավեր կացության կարգավիճակ ունեցել է ՌԴ 8654 քաղաքացի: Այսպիսով, վերը ներկայացված տվյալներն իրար կողքի դիտարկելիս այսպիսի պատկեր է ստացվում․ նախորդ տարեվերջի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կացության որեւէ կարգավիճակով բնակվում է 8654 ՌԴ քաղաքացի, 2011թ․ մարդահամարի տվյալներով ՀՀ մշտական բնակչությունից ազգությամբ ռուս է 11 911-ը։ Միաժամանակ, ՀՀ-ում գործում է կրթությունն ամբողջությամբ ռուսերենով կազմակերպող չորս ոչ պետական դպրոց, մեկ պետական դպրոցում էլ (Ֆիոլետովոյում) կրթությունը կազմակերպվում է ռուսերենով, քանի որ բոլոր աշակերտներն ազգությամբ ռուս են։ Բացի դրանից՝ պետական ենթակայության շուրջ 39 դպրոցներում առկա են ռուսերենով ուսուցմամբ դասարաններ։ Իսկ ահա Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ 2022թ. դրությամբ կացության կարգավիճակներով բնակվել է ընդհանուր առմամբ 54 180 ՀՀ քաղաքացի, եւ որտեղ 2021թ. անցկացված մարդահամարի տվյալներով արձանագրվել է 946 172 հայ, չկա ամբողջությամբ հայերենով կրթություն կազմակերպող որեւէ դպրոց։ ՌԴ հանրակրթական դպրոցներից միայն 49-ում կան հայկական դասարաններ։  Վերը ներկայացվածը ցույց է տալիս, որ եթե Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են ՀՀ-ում համատեղ հանրակրթական ուսումնական հաստատությունների ստեղծման հայեցակարգ, ապա համաչափ կլիներ, եթե հայկական կողմը ձեւավորված աշխատանքային խմբի օրակարգ բերեր նաեւ ՌԴ-ում հայերենով ուսուցմամբ դպրոցների հարցը։ Հայարփի Բաղդասարյան
17:04 - 03 ապրիլի, 2023
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, իսկ կառուցապատողին առնչվող քրեական գործը կասեցվել է

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, իսկ կառուցապատողին առնչվող քրեական գործը կասեցվել է

Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը 2021-ի փետրվարին ընդարձակ բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրոնում կառուցվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում։ Խաչատրյանը բնակարանն իր հարևանների համեմատությամբ ձեռք է բերել էականորեն ավելի էժան գնով։  Այդ ընթացքում տարօրինակ ճակատագրի է արժանացել Հատուկ քննչական ծառայությունում (այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտե) քննվող քրեական գործը, որն առնչվում էր 2017-ի խորհրդարանական ընտրություններում Վայոց ձորում ընտրակաշառք բաժանելու դեպքին և կարող էր կապ ունենալ կառուցապատող ընկերության սեփականատիրոջ ընտանիքի անդամի հետ։   Ո՞վ է կառուցապատողը «Բյուրեղ» թաղամասը գտնվում է Երևանի Արշակունյաց պողոտայում և ընդգրկում է 16-25 հարկանի 7 բնակելի շենքեր՝ 1170 բնակարանով ու 815 ավտոկայանատեղիով։ Տարածքում կառուցվելու են նաև հասարակական շինություններ, խաղահրապարակներ, շատրվաններ, լինելու է 1.2 հեկտար կանաչ տարածք։ Թաղամասը նախագծել է քաղաքաշինության նախկին նախարար, ջերմուկցի Նարեկ Սարգսյանը։ Թաղամասը կառուցում է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն,  որը պատկանում է ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի ընտանիքին։  Սասուն Խաչատրյանի հետ գույքի գնման իրավունքի առքուվաճառքի պայմանագիրը 2021-ի փետրվարի 23-ին ստորագրել է Աշոտ Արսենյանի որդին՝ Վահագն Արսենյանը, որը «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի սեփականատերն է։ Վահագն Արսենյանն այժմ Ջերմուկի համայնքապետն է․ 2021թ․ դեկտեմբերին ՏԻՄ ընտրություններին նա մասնակցում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։ Ձեռք բերված բնակարանը թաղամասի Դ մասնաշենքում է, դրա մակերեսը 167  քառակուսի մետր է։ Պայմանագիրը վավերացրել է Աշոտ Արսենյանի դուստրը՝ նոտար Քրիստինե Արսենյանը։    Բնակարանի գինը՝ շուկայականից ցածր Բնակարանի 1 քառակուսի մետրի գինը, ըստ պայմանագրի, կազմել է 425 331 դրամ։ Ընդհանուր առմամբ, բնակարանի գինը կազմել է 71.1 միլիոն դրամ։  «Ինֆոքոմ»-ի տրամադրության տակ գտնվող պայմանագրերի համեմատական վերլուծությունից պարզ է դառնում, որ «Ջերմուկ գրուպ»-ը բնակարանը Սասուն Խաչատրյանին վաճառել է ավելի էժան գնով, քան նույն մասնաշենքում նույն ամսվա ընթացքում բնակարան գնած առնվազն 3 այլ անձանց։ Այսպես, եթե Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին 1 քառ․ մետրը վաճառվել է 425 331 դրամով, նույն մասնաշենքում այլ քաղաքացիներ 1 քառ․ մետրի համար վճարել են 576 708, 572 660 և 640 000 դրամ։ Թաղամասում բնակարանի 1 քառ․ մետրի մակերեսի դինամիկան հասկանալու համար նշենք, որ «Ինֆոքոմ»-ն ունի մեկ այլ քաղաքացու՝ գնման իրավունքի առքուվաճառքի պայմանագիր, որը 2020-ի դեկտեմբերի 30-ին է կնքվել։ Այդ պայմանագրով քառ․ մետրի գինը կազմել է մոտ 517 000` դարձյալ ավելի բարձր գին, քան վճարել է Սասուն Խաչատրյանը։  Եթե միջինացնենք նույն ամսում նույն շենքի նույն մասնաշենքում 3 անձանց գնած բնակարաններիի 1 քառ․ մետրի արժեքը, ապա այն կկազմի 596 456 դրամ, այլ կերպ ասած՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը իր բնակարանի 1 քառ․ մետրը նշված միջինացված թվից ավելի քան 171 000  դրամով նվազ է գնել։ Նույն տրամաբանությամբ հաշվարկի դեպքում Սասուն Խաչատրյանի համար բնակարանի «զեղչը» կազմել է 28․5 միլիոն դրամ։ «Ինֆոքոմ»-ը գրավոր հարցմամբ դիմել է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու և ինչ գործոններով պայմանավորված է Սասուն Խաչատրյանն այլ բնակարանների համեմատ էժան գնով բնակարան ձեռք բերել։ Ընկերությունից պատասխանել են՝ անշարժ գույքերի գնման իրավունքները տարբեր ժամանակահատվածներում վաճառվել են տարբեր արժեքներով՝ պայմանավորված ամրագրման ժամկետով, բնակարանի հարկով, ավարտվածությամբ և այլն։ Խնդրել էինք նաև մեզ տրամադրել Խաչատրյանի կողմից բնակարանի ամրագրումը հավաստող որևէ փաստաթուղթ. այն չի տրամադրվել։ Թաղամասում 1 քառակուսի մետրի գինը վերջին տարիներին կայուն աճել է ու հիմա 1 քառ․ մետրի գինն առնվազն 960 000 դրամ է։  Հակակոռուպցիոն կոմիտեից, պատասխանելով «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցմանը, հայտնել են՝ «անշարժ գույք գնելու իրավունքի առքուվաճառքը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի մասնակցությամբ կնքվել է 2021-ի փետրվարի 23-ին, որի վերաբերյալ տեղեկատվությունն առկա է նույն թվականին կոմիտեի նախագահի կողմից ներկայացված հայտարարագրում»։ Սասուն Խաչատրյանից խնդրել էինք մեզ տրամադրել թաղամասում բնակարան գնելու համապատասխան ամրագրումը հավաստող փաստաթուղթ, եթե այդպիսին առկա է։ Պատասխանել են՝ բնակարանի ամրագրումը կատարվել է ավելի վաղ, պայմանագրի ստորագրումից ամիսներ առաջ, սակայն ամրագրումը հավաստող այլ փաստաթղթեր չեն տրամադրվել։ Անդրադառնալով Սասուն Խաչատրյանին զեղչ տրամադրելու մասին հարցին, Հակակոռուպցիոն կոմիտեից խորհուրդ են տվել այդ հարցն ուղղել տեղեկատվությունը տնօրինողին (նկատի ունեն «Ջերմուկ գրուպ»-ին)։    Չբացահայտված և կասեցված  ընտրակաշառքի գործ Սասուն Խաչատրյանը, որը ղեկավարում է Հակակոռուպցիոն կոմիտեն, բնակարանի նման գին ստանալով, կարող էր ազդել իր ղեկավարած կառույցի վարույթում քննվող քրեական գործի վրա, որը հարուցվել էր դեռ 2018-ի հուլիսին ու կապված էր «Բյուրեղ»-ի կառուցապատող «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր Վահագն Արսենյանի հոր՝ Աշոտ Արսենյանի հետ։ Այդ ժամանակ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը 2017-ի խորհրդարանական ընտրություններում Վայոց ձորում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածու Աշոտ Արսենյանից առձեռն ստացել է 13 միլիոն դրամ՝ ընտրակաշառք բաժանելու և 1300 ձայն ապահովելու նպատակով։ Ոստիկանությունում հարուցված քրեական գործը փոխանցվել էր Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հատուկ քննչական ծառայությանը։  Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը լուծարվել է 2021 թ․ հոկտեմբերի 23-ին։ Նույն օրը ՀՀ-ում սկսել է գործել նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեն, որին փոխանցվել է ՀՔԾ-ի վարույթում եղած գործերի մեծ մասը։ Իսկ Սասուն Խաչատրյանը, որը ՀՔԾ պետն էր, նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։  Ընտրակաշառքին վերաբերող քրեական գործը ներառում է նաև խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դրվագ։ Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել էր, որ Մալիշկայի համայնքապետը ձևակերպել է, որ իր հարսը համայնքի մարզադպրոցի բուժքույրն է, և չնայած նա աշխատանքի երբևէ չի հաճախել, կանոնավոր կերպով աշխատավարձ է ստացել, համայնքապետարանն էլ աշխատաժամանակի կեղծ տեղեկագրեր է կազմել։ Մեկ այլ դրվագով Մհեր Մովսիսյանը մեղադրվում է սոցիալապես անապահով անձանց ընտանիքներին համայնքապետարանի բյուջեից գումարներ փոխանցելու, ապա դրանք կանխիկացնելու և հափշտակելու համար։ Այս դրվագները քննվում էին ընտրակաշառք բաժանելու դեպքի հետ մեկ քրեական գործում։  Ոստիկանության բացահայտումից գրեթե մեկ տարի անց՝ 2019 թ․ հունիսի 6-ին, ՀՔԾ-ն, Մհեր Մովսիսյանի կողմից գույք հափշտակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև ընտրակաշառք բաժանելու դրվագի ապացույցները բավարար համարելով, գործն այդ մասով ուղարկում է դատարան։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատարան ուղարկված գործով Մովսիսյանը, ի թիվս այլնի, մեղադրվում է ընդհանուր 230 հազար ՀՀ դրամ ընտրակաշառք տալու մեջ։ Նկատենք, որ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ ընտրակաշառք բաժանելու նպատակով Մովսիսյանը պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից առձեռն ստացել էր 13 միլիոն ՀՀ դրամ։ Դատարան ուղարկված գործը դեռ քննության փուլում է։ Գործն այդ մասով դատարան ուղարկելու հետ մեկտեղ ՀՔԾ-ն իր վարույթում է պահում ու շարունակում քննել ընտրակաշառքի գործը։ Ենթադրվում է, որ դրա շրջանակում պիտի պարզվեր՝ կոնկրետ որ թեկնածուի համար է ընտրակաշառք վճարել Մհեր Մովսիսյանը, ումից է նա ստացել այդ ընտրակաշառքի գումարը, ովքեր են ներգրավված եղել այդ գործընթացում և այլն։ Գործով, սակայն, ըստ էության ոչինչ էլ չի պարզվում,  և 2021 թ․ հոկտեմբերին Հակակոռուպցիոն կոմիտեում գործի վարույթը կասեցվում է։ Ինչպես տեղեկացրին Կոմիտեից, այն կասեցվել է Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ «մեղադրյալի հայտնի չլինելու հիմքով»։ Աշոտ Արսենյանն այս գործով այդպես էլ որևէ կարգավիճակ չի ունեցել։  Փաստացի, Հակակոռուպցիոն կոմիտեն գործերի նախաքննության փուլում չի կարողացել հիմնավորել ու ապացուցել ոստիկանության կողմից իրեն փոխանցված ընտրակաշառքի դեպքը, աղբյուրները, նաև պարզել այն անձին, որը գումար է փոխանցել Մալիշկայի համայնքապետին՝ ընտրակաշառք բաժանելու համար։ Այդ ընթացքում էլ Սասուն Խաչատրյանը իր հարևաններից էականորեն տարբերվող գնով բնակարան է գնել Աշոտ Արսենյանի ընտանիքին պատկանող  ընկերությունից։    Սասուն Խաչատրյանի ընտանիքի մյուս գույքերը 2018-ին՝ ՀՔԾ պետ դառնալուց հետո, Սասուն Խաչատրյանը կնոջ՝ Լիլիթ Խաչատրյանի հետ բնակարան էր գնել Քանաքեռ-Զեյթունի Ահարոնյան փողոցում գտնվող բնակելի շենքից։ Խաչատրյանը բնակարանը գնել էր 24.3 միլիոն դրամով, այդ նպատակով վարկ էր ներգրավել նաև ՎՏԲ բանկից։ Բնակարանի մակերեսը 96 քառ. մետր է։ 2021-ի օգոստոսին բնակարանը գնահատվել էր առքուվաճառքի գնի կրկնակիի չափով՝ 48.8 միլիոն դրամ։ Այս շենքում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ունի նաև ավտոկայանատեղի։  2013-ին Սասուն Խաչատրյանը մասնակցել էր Երևանի քաղաքապետարանի հայտարարած աճուրդին ու հողամաս ձեռք բերել Դավիթ Անհաղթ 2/2 հասցեում։ 2013-ին Սասուն Խաչատրյանին տրամադրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ հասարակական նշանակության երկհարկանի շինություն կառուցելու նպատակով։ Հողամասի մակերեսը 185 քառ. մետր է։ Քաղաքապետարանի հայտարարած աճուրդին, բացի Խաչատրյանից, մասնակցել է նաև քաղաքացի Գագիկ Հովսեփյանը, սակայն ավելի բարձր գին առաջարկել ու հաղթել է Սասուն Խաչատրյանը։ Նա այդ ժամանակ, ըստ պաշտոնական կենսագրության, Երևանի Արաբկիր ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ էր։ Աճուրդում հաղթելուց հետո Երևանի քաղաքապետարանի հետ ստորագրել է առքուվաճառքի պայմանագիր՝ հողամասի համար վճարելով 4.2 միլիոն դրամ։  Սրանցից բացի` Սասուն Խաչատրյանն իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակարան ունի Երևանի Ազատության պողոտայում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում Խաչատրյանը սա նշել է որպես նվիրատվություն։  Սասուն Խաչատրյանի կինը՝ Լիլիթ Խաչատրյանը, հայտարարագրել է մեկ բնակարան Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Նա այս բնակարանի համասեփականատերերից է։ Խաչատրյանի հայրը՝ Մհեր Խաչատրյանը, որ այժմ փաստաբան է, եղել է Հայաստանի Գերագույն դատարանի անդամ, Վճռաբեկ դատարանի՝ քրեական և զինվորական գործերի պալատի նախագահ։ Սեփականության իրավունքով նրան են պատկանում Երևանի Բաբայան փողոցում գտնվող մեկ բնակարան և ավտոկայանատեղի։ Մի հողամաս էլ ունի Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի այգեգործական տարածքում։ Մհեր Խաչատրյանին է պատկանում «Մհեր Խաչատրյան և ընկերներ» իրավաբանական գրասենյակը։  Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը իրավաբան է, 2021-ից՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ։Հեղինակ՝ Մկրտիչ ԿարապետյանՏվյալների լրագրող՝ Կատյա Մամյան
20:11 - 29 մարտի, 2023
Կենսաթոշակները՝ անկանխիկ, բանկոմատները՝ բացակա, որոշման հիմքում՝ թերի տվյալներ

Կենսաթոշակները՝ անկանխիկ, բանկոմատները՝ բացակա, որոշման հիմքում՝ թերի տվյալներ

Այս տարվա հունվարից Հայաստանի 1000 և ավելի բնակիչ ունեցող բոլոր բնակավայրերում կենսաթոշակների վճարումն իրականացվում է անկանխիկ եղանակով։ Infocom-ն այս փոփոխությունից հետո պարզել էր, որ 1000 և ավելի բնակիչ ունեցող բնակավայրերի ընդամենը 19%-ում կան բանկոմատներ։ Ստացվում է, որ բնակավայրերի 81%-ում թոշակառուներն իրենց կենսաթոշակները կանխիկացնելու հնարավորություն չունեն։   Փոփոխություն, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում Կենսաթոշակների անկանխիկ վճարման համակարգին անցումը կատարվեց ոչ միանգամից․ 2021-ին համակարգը ներդրվեց քաղաքներում, այս տարի՝ 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024-ից կներդրվի ողջ Հանրապետությունում։ Համակարգը փուլ առ փուլ ներդնելու պատճառներից մեկը բնակավայրերում բանկային ենթակառուցվածքների հասանելիության խնդիրն էր։ Հաշվի առնելով այս ամենը՝ համակարգի ներդրման վերաբերյալ մի քանի կարևոր հարցեր են առաջանում․ Կենսաթոշակների անկանխիկ վճարմանն անցնելու որոշումը կայացնելիս  ոլորտի պատասխանատու գերատեսչությունը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՀՆ), իրականացրե՞լ է որևէ հետազոտություն, թե ինչ իրավիճակ է Հայաստանի բնակավայրերում բանկային ենթակառուցվածքների հասանելիության առումով։ 2023-ի հունվարից առաջ, երբ համակարգը պիտի ներդրվեր 1000 և ավելի բնակիչ ունեցող բոլոր բնակավայրերում, նմանատիպ հետազոտություն իրականացվե՞լ է հենց այդ բնակավայրերի համար։ Ի՞նչ քայլեր է իրականացրել/իրականացնում ԱՍՀՆ-ն, որ ՀՀ 1000 և ավելի բնակիչ ունեցող բնակավայրերն ապահովված լինեն բանկային ենթակառուցվածքներով, մասնավորապես՝ բանկոմատներով։ Ի՞նչ քայլեր է իրականացնում ԱՍՀՆ-ն 1000-ից պակաս բնակիչ ունեցող բնակավայրերը բանկոմատներով ապահովելու ուղղությամբ (2024-ից կենսաթոշակների անկանխիկ վճարման համակարգը ներդրվելու է նաև այդ բնակավայրերում, և դրանցից ընդամենը 1-2-ում բանկոմատ կա)։ ԱՍՀՆ-ն ունի՞ տվյալներ, թե ինչպես են իրենց կենսաթոշակները կանխիկացնում այն բնակավայրերի բնակիչները, որտեղ կենսաթոշակների վճարումն իրականացվում է անկանխիկ, իսկ բանկոմատներ չկան։ Մենք հարցում էինք ուղարկել ԱՍՀՆ՝ այնտեղ ներառելով այս բոլոր հարցերը, սակայն հարցերից ոչ մեկին ըստ էության պատասխան չէինք ստացել։ «ՀՀ բնակավայրերում բանկային ենթակառուցվածքների հասանելիության, բանկոմատներով ու POS տերմինալներով ապահովման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը ՀՀ կենտրոնական բանկի լիազորությունների շրջանակում է, ուստի առաջարկում ենք դիմել Կենտրոնական բանկ»,- ասվում էր նախարարության պատասխանում։   Անկանխիկ գործարքներ․ լուծո՞ւմ Այն բնակավայրերում, որտեղ չկան բանկոմատներ, թոշակառուների համար լուծում կարող է լինել անկանխիկ գործարքներ կատարելու հնարավորությունը։ 2022-ի հուլիսից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որով տնտեսվարողները պարտավորվում են ունենալ POS տերմինալներ, այսինքն՝ անկանխիկ վճարումներ կատարելու հնարավորություն ապահովել։ Համաձայն Կենտրոնական բանկի (ԿԲ)՝ Infocom-ին փոխանցած տվյալների՝ 2022թ. դեկտեմբերի 29-ից 1000 և ավելի բնակչություն ունեցող բոլոր 406 գյուղական բնակավայրերում* առկա է առնվազն մեկ POS տերմինալ, որի միջոցով հնարավոր է անկանխիկ գործարքներ իրականացնել: Սակայն մի բան է բնակավայրերում POS տերմինալների առկայությունը, մեկ այլ բան է հետևելը, որ դրանք իսկապես գործեն։ Այստեղ հատկապես կարևոր են այն բնակավայրերը, որտեղ կենսաթոշակը կանխիկացնելու հնարավորություն չկա, և թոշակառուները մնում են միայն անկանխիկ գործարքներ իրականացնելու հույսին։ Իսկ եթե այդ հնարավորությունն էլ չկա, նրանք պիտի հասնեն այլ բնակավայրեր՝ բանկոմատներից ու POS տերմինալներից օգտվելու համար։ ԱՍՀՆ ուղարկած հարցմամբ մենք նաև խնդրել էինք հայտնել՝ կա՞ որևէ ուսումնասիրություն, կամ ինչ-որ գերատեսչությունից (օրինակ՝ ՊԵԿ-ից) ստացվե՞լ են տվյալներ, թե ադրյո՞ք գյուղերում փաստացի հնարավոր է անկանխիկ գործարքներ կատարել։ Այս հարցին ևս սպառիչ պատասխան չէինք ստացել։ «Նախարարությունը սերտ համագործակցում է ԿԲ հետ՝ կենսաթոշակներն անկանխիկ եղանակով վճարելու գործընթացն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում ներդնելու ուղղությամբ: Իր հերթին, վերջինս, համագործակցելով պետական մարմինների հետ, միջոցներ է ձեռնարկում, «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջներն համապատասխան, տնտեսվարող սուբյեկտների կողմից անկանխիկ վճարումների ընդունումն ապահովելու՝ POS տերմինալներ տրամադրելու, տեխնիկական խնդիրները կարգավորելու համար»:   Պատասխանատու գերատեսչությունն ասում է՝ ես պատասխանատու չեմ Այս պատասխանից ոչ մի կերպ հնարավոր չէր հասկանալ՝ արդյո՞ք այն բնակավայրերում, որտեղ բանկոմատներ չկան, բնակիչներն ապահովված են գոնե անկանխիկ վճարումներ իրականացնելու հնարավորությամբ։ Ուստի մենք այս թեմայի շուրջ զրուցեցինք ԱՍՀՆ Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանի հետ։ Հարցին, թե արդյո՞ք նախարարությունը կենսաթոշակների անկանխիկ վճարմանն անցնելուց առաջ իրավիճակի վերլուծություն իրականացրել է, Անահիտ Գալստյանը պատասխանում է․ «Նախարությունը սերտ համագործակցում է Կենտրոնական բանկի հետ, քանի որ այս համակարգը պետք չէ դիտարկել առանձին «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կիրարկումներից։ Ճիշտ է, մենք կենսաթոշակների անկանխիկ վճարումների համակարգը ներդրել ենք 2021 թ․ հուլիսի 1-ից, իսկ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը  2022-ին կիրառության մեջ մտավ, այնուհանդերձ կարծես թե անուղղակիորեն երկուսը հետապնդում են մեկ նպատակ՝ հնարավորինս մեծացնել անկանխիկ գործառնությունների ծավալը ՀՀ-ում։ Նաև տնտեսական էֆեկտները թե՛ բնակչության, և՛ ընդհանուր տնտեսության վրա կարելի է քննարկել մասնագետների հետ միջազգային փորձի առումով, հաշվի առնել, որ դա տնտեսությունների համար լավագույն տարբերակն է, տնտեսվարող սուբյեկտների համար՝ ևս»։  Անահիտ Գալստյանը հիշեցնում է նաև անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը։ Միջոցառման շրջանակում առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարող քաղաքացիներին հաջորդ ամսվա ընթացքում տրամադրվում է 10%-ի չափով հետվճար (cashback)։  Նրա խոսքով կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգին անցնելու շուրջ մտահոգությունների մի մասը զուտ հոգեբանական և սովորութային է․ «Կենսաթոշակառուները թերևս գուցե ավելի սովոր են կանխիկ գործողություններ կատարել, քան անկանխիկ։ Չնայած արդեն իսկ նոր նշանակվող կենսաթոշակառուներն ունեն թե՛ քարտով աշխատավարձ ստանալու ավանդույթը, թե՛ ավելի ակտիվ են բանկային համակարգի հետ համագործակցում՝ վարկեր, ավանդներ և այլն։ Այնպես որ, այստեղ սովորութային գործոնի ազդեցությունը քիչ կլինի։ Մի քիչ տարիքով մեծ կենսաթոշակառուների մոտ կարող է այդ խնդիրը լինել, բայց նույն սովորույթն ու տեխնիկական միջոցներից օգտվելու հնարավորությունները, ունակությունները հաշվի առնելով՝ օրենքով սահմանափակում ենք դրել, որ 75-ից բարձր տարիքի թոշակառուները կարող են կանխիկ և անկանխիկ եղանակով ստանալ կենսաթոշակը․ այսինքն՝ թող կենսաթոշակառուն ինքը որոշի՝ ուզո՞ւմ է կանխիկ, թե՞ չի ուզում»։  Հավելենք, որ կենսաթոշակն իրենց ընտրությամբ կանխիկ եղանակով կարող են ստանալ նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք։ Անահիտ Գալստյանը, սակայն, դժվարանում է պատասխանել հարցին, թե ինչպես է վերահսկվում POS տերմինալների աշխատանքը, և արդյո՞ք կարող ենք պնդել, որ եթե որևէ բնակավայրում առկա է POS տերմինալ, նշանակում է՝ այնտեղ կենսաթոշակառուները կարող են անկանխիկ գործարքներ իրականացնել։  Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետի խոսքով նման վերահսկողություն իրականացնելն ԱՍՀՆ իրավասությունը չէ։ Մի կողմից, տնտեսվարողների այս կամ այն գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելն, իսկապես,  ԱՍՀՆ-ի պարտականությունը չէ, բայց մյուս կողմից էլ նախարարության իրավասության տիրույթում են կենսաթոշակառուների խնդիրները։ Այս դիտարկմանը Անահիտ Գալստյանը պատասխանում է․ «Ամբողջ հարցն այն է, որ, այո՛, այս պահին մենք խոսում ենք կենսաթոշակառուների մասին, բայց «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը կիրառելի է ոչ միայն կենսաթոշակառուների, այլև բոլոր այն տնտեսվարող սուբյեկտների և գործարքներ կատարող անձանց համար, որոնք գտնվում են ՀՀ-ում։ Հարցի շրջանակը մի քիչ ավելի լայն է։ ․․․․ Ե՛վ ՊԵԿ-ը, և՛ ԿԲ-ն պարտավոր են կատարել օրենքով սահմանված իրենց պարտականությունները, մասնավորապես՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի շրջանակներում, ոչ թե «Պետական կենսաթոշակների»։ Եվ այս պարագայում մենք, կարծես թե, դառնում ենք իրենց այդ գործողություններից օգտվողները»։    ՊԵԿ-ը նույնպես պատասխանատու չէ Հաշվի առնելով, որ ԱՍՀՆ-ն ո՛չ վերահսկում է, ո՛չ էլ տեղեկություններ ունի այն մասին, թե արդյո՞ք բոլոր բնակավայրերում են առկա POS տերմինալները գործում, մենք հարցում ուղարկեցինք Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)՝ խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին․  ՊԵԿ-ն ունի՞ մեխանիզմներ՝ ստուգելու կամ վերահսկելու, թե արդյո՞ք 1000 և ավելի բնակիչ ունեցող բոլոր բնակավայրերում տնտեսվարողների մոտ առկա են POS տերմինալներ, և արդյո՞ք դրանք փաստացի գործում են։ 1000 և ավելի բնակիչ ունեցող բնակավայրերի քանի՞ տոկոսում POS տերմինալներ կան, բայց դրանք չեն աշխատում։ ՊԵԿ-ից, ի պատասխան, նշել են հետևյալը․ «Հարկային մարմնի կողմից հարկային հսկողությունը նախաձեռնվում և իրականացվում է նպատակաուղղված՝ դեպի այն ոլորտները և այն հարկ վճարողները, որոնք առավել ռիսկային են՝ անկախ բնակավայրից և այդ բնակավայրի բնակիչների քանակից»: Ստացվում է, որ ՊԵԿ-ն էլ որևէ կերպ չի ստուգում, թե արդյո՞ք բոլոր բնակավայրերում են բնակիչներն ապահովված անկանխիկ գործարքներ իրականացնելու հնարավորությամբ։ Մեկ այլ խնդիր են 1000-ից պակաս բնակիչ ունեցող բնակավայրարը։ Անահիտ Գալստյանը նշում է՝ համաձայն ԿԲ փոխանցած տվյալների՝ 2022-ի վերջի դրությամբ 1000-ից պակաս բնակիչ ունեցող որոշ բնակավայրերում կան տնտեսվարողներ, որոնք չունեն POS տերմինալներ։  «Առջևում դեռ ունենք 10-11 ամիս, ԿԲ-ն և պետական մարմինները, որոնք իրավասու են POS տերմինալներ տրամադրելու գործընթացն իրականացնել, այդ ուղղությամբ աշխատում են, և հուսանք, որ արդյունքները կլինեն գոհացուցիչ»,- ասում է Անահիտ Գալստյանը։   Ի վերջո, ո՞վ է պատասխանատու Դատելով պատասխանատու գերատեսչությունների պատասխաններից՝ կարող ենք եզրակացնել հետևյալը ԱՍՀՆ-ն չի տիրապետում բնակավայրերի՝ բանկոմատներով ապահովված լինելու մասին տվյալների, մինչդեռ կենսաթոշակների անկանխիկ վճարմանն անցնելը փուլերով իրականացվեց նաև բանկային ենթակառուցվածքների հասանելիության խնդրի պատճառով։ Բանկոմատների բացակայության խնդիրը կարող է լուծել POS տերմինալների առկայությունը, սակայն այնպիսի տպավորություն է, որ ոչ մի գերատեսչություն կոնկրետ POS տերմինալների մասով վերահսկողություն չի իրականացնում։ Մի կողմից, ԱՍՀՆ-ն տվյալներ չունի, թե արդյո՞ք գյուղական բոլոր բնակավայրերում առկա POS տերմինալներն են գործում, և նշում է, որ դա ստուգելն իր պարտականությունը չէ։ Մյուս կողմից, ԱՍՀՆ-ն խոսում է անկանխիկ գործարքները խթանելու մասին, որը ևս իր պարտականությունը չէ։ ՊԵԿ-ն էլ նշում է, որ ստուգումներ է իրականացնում առավել ռիսկային տեղերում՝ անկախ բնակավայրից ու բնակչության թվից։ Այսպիսով, ոչ մի գերատեսչություն չունի այն հարցի պատասխանը, թե ինչ պիտի անի թոշակառուն, որի բնակավայրում ո՛չ բանկոմատ կա, ո՛չ աշխատող POS տերմինալ։ Եվ վերջում․ անգամ եթե գյուղում չկա բանկոմատ, բայց կա գործող POS տերմինալ, հարց է առաջանում, թե ինչ պիտի անի թոշակառուն, եթե իրեն անհրաժեշտ է իրականացնել որևէ կանխիկ գործարք։ *Նախորդ նյութում ներառել ենք ոչ միայն գյուղական, այլ նաև քաղաքային բնակավայրերը, այդ պատճառով այնտեղ կտեսնեք ոչ թե 406, այլ 456 թիվը։ Մանրամասները՝ նյութում։   Գլխավոր լուսանկարը՝ Սարգիս Բուլղադարյանի Աննա Սահակյան
17:08 - 23 մարտի, 2023
Նոյեմբերյան համայնքից հողատարածքի նվիրատվություն ՀՀ-ին, շինարարություն ռուս զինծառայողների համար․ պետական մարմինները խուսափում են պարզաբանումներից

Նոյեմբերյան համայնքից հողատարածքի նվիրատվություն ՀՀ-ին, շինարարություն ռուս զինծառայողների համար․ պետական մարմինները խուսափում են պարզաբանումներից

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրի 2 հա մակերեսով սահմանային մի հողամաս որպես նվիրատվություն տրամադրվել է Հայաստանի Հանրապետությանը։ Այսինքն՝ համայնքային սեփականության հողատարածքը դարձել  է պետական սեփականություն։ Խոսքը սահմանամերձ Ոսկեպարի այն տարածքի մասին է, որից գրեթե 1 կմ հեռավորության վրա նախանցյալ տարի՝ 2021 թ․ ամռանը, տեղակայվել էին ռուս սահմանապահները։  Այդ ժամանակ՝ վերջիններիս տեղակայման մասին լրատվամիջոցների հրապարակումներից հետո, ՀՀ պաշտպանության նախարարությունը կարճ հայտարարություն էր տարածել՝ հաստատելով այդ տեղեկությունն ու պարզաբանելով, որ հայ-ռուսական համագործակցության շրջանակում նշված հատվածում շինաշխատանքներ են իրականացվում սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ ՊՆ-ն չէր մանրամասնել, թե ինչու եւ իրավական ինչ հիմքով են սահմանապահները այդտեղ տեղակայվել, հետագայում էլ ՊՆ-ին, ԱԱԾ-ին եւ ԱԳՆ-ին ուղղված մեր այդ եւ այլ հարցեր լիարժեք պատասխաններ չէին ստացել։ Նվիրատվության կարգով ՀՀ-ին տրամադրված հողատարածքի կոորդինատները՝ համաձայն ՏԿԵՆ-ից 09․12․22 թ․ ստացված պատասխանի, ռուս սահմանապահների՝ 2021 թ․ տեղակայման կոորդինատները՝ Hetq.am-ի Նվիրատվության որոշումից հետո Infocom-ը մի շարք հարցումներ է հղել պետական կառույցներին եւ ՏԻՄ-ին՝ փորձելով հասկանալ՝ ինչ նպատակով է նման որոշում կայացվել, շինարարական ինչ աշխատանքներ են այնտեղ իրականացվել, որքանով եւ իրավական ինչ հիմքով է դա առնչվում ռուս սահմանապահների հետ։ Նշենք, որ մեր տեղեկություններով՝ այդ հատվածում կառուցված կացարանում տեղակայվել են հենց ՌԴ զինված ուժերի ծառայողներ։ Շուրջ կես տարվա գրագրության արդյունքում Նոյեմբերյանի համայնքապետարանը, Ազգային անվտանգության ծառայությունը, Պաշտպանության նախարարությունն ու Կառավարությունը այդպես էլ չեն ցանկացել հստակ պատասխանել մեր այդ հարցերին՝ ամեն կերպ շրջանցելով եւ փորձելով անգամ հերքել շինարարության փաստը, որը, սակայն, հավաստվում է թե՛ արբանյակային, թե՛ մեր հեղինակային լուսանկարներով եւ տեսանյութերով։ Ստորեւ ներկայացնում ենք մեր լուսանկարները, որոնք հնարավոր է սլաքի միջոցով թերթել եւ տեսնել, թե ամիսների ընթացքում ինչ փոփոխության է ենթարվել հիշյալ հողատարածքը։   Ըստ համայնքապետարանի՝ հողամասը նվիրատվության կարգով տրամադրվել է ՀՀ-ին՝ արտաքին անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լուծման նպատակով Համայնքային հողամասը պետությանը որպես նվիրատվություն տրամադրելու որոշումը կայացրել է Նոյեմբերյան համայնքի ավագանին նախորդ տարվա՝ 2022 թ․ հուլիսի 13-ին հրավիրված արտահերթ նիստում։ Կողմ են քվեարկել ավագանու 14 անդամներ, դեմ եւ ձեռնպահ անձինք չեն եղել։ Ավագանու որոշումից պարզ է դառնում, որ այն 71․33 հա հողամասից առանձնացված 2 հա մակերեսով մի հատված է՝ հարակից H53 մայրուղուն, որի թե՛ նպատակային, թե՛ գործառնական նշանակությունը հատուկ նշանակության է։  ՀՀ Հողային օրենսգրքի 24-րդ հոդվածը սահմանում է, որ հատուկ նշանակության հողեր են համարվում պաշտպանական, սահմանային, ռազմական նշանակության հողերը եւ օրենքով պաշտպանվող շենքերի ու շինությունների օգտագործման ու սպասարկման համար տրամադրված հողամասերը:  Նոյեմբերյանի ավագանու որոշումը՝ ըստ համայնքի պաշտոնական կայքի  Որոշման հրապարակումից շաբաթներ անց՝ 2022 թ․ օգոստոսի 8-ին, Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել է Նոյեմբերյանի համայնքապետարանին՝ խնդրելով հայտնել, թե ինչ նպատակով է ավագանին նման որոշում կայացրել։ Միաժամանակ հետաքրքրվել ենք, թե երբ եւ ում կողմից են տվյալ հողամասի նպատակային նշանակությունը եւ գործառնական նշանակությունը դասակարգվել որպես հատուկ նշանակության։ Առանց օրենքով սահմանված կարգով մեկամսյա ժամկետ խնդրելու Նոյեմբերյանի համայնքապետարանը հարցմանը պատասխանել է գրեթե մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 7-ին՝ տեղեկացնելով, որ ավագանու որոշմամբ Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի վարչական սահմանում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 71.33 հա մակերեսով հողամասից առանձնացված 2.0 հա մակերեսով հողամասը ՀՀ-ին նվիրաբերվել է ՀՀ արտաքին անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լուծման նպատակով: Ըստ համայնքապետարանի՝ հողամասի նպատակային նշանակությունը եւ գործառնական նշանակությունը դասակարգվել են որպես հատուկ նշանակության 07.06.2022թ-ին՝ ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։  Նշենք, որ  հատուկ նշանակության հողերի լիազոր մարմինը, ըստ Կառավարության համապատասխան որոշման, ՊՆ-ն եւ ԱԱԾ-ն են։ Այդպիսի հողերում քաղաքաշինական աշխատանքների իրականացումը կարգավորվում է Կառավարության մեկ այլ որոշմամբ սահմանված հատուկ կարգով, մյուս դեպքերում, երբ խոսքը համայնքային ոչ հատուկ նշանակության հողերի մասին է՝ վարչական ղեկավարի թույլտվությամբ։ Համայնքապետարանի պատասխանից պարզ է դառնում, որ տվյալ հողամասը դասակարգվել է որպես հատուկ նշանակության այն նվիրատվության կարգով տրամադրելու մասին ավագանու որոշումից ավելի քան 1 ամիս առաջ։ Այնուհանդերձ, նույն հարցմամբ նշել էինք՝ եթե նախքան հատուկ նշանակության հողատարածք դասակարգվելը տվյալ հատվածում իրականացվել է քաղաքաշինական գործունեություն, ապա խնդրում ենք տրամադրել կառուցապատման նպատակով վարչական ղեկավարի թույլտվությունը (կամ եթե առկա է մերժում, դրա հիմքերը)։ Դրանից բացի, խնդրել ենք տրամադրել ստույգ տեղեկություններ նախատեսվող/իրականացվող շինարարության եւ կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին՝ հաշվի առնելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 13-րդ եւ 14-րդ հոդվածները։ Վերջիններս սահմանում են, որ քաղաքաշինական գործունեության իրականացման ընթացքում հասարակայնության ներկայացուցիչները, ի թիվս այլնի, իրավունք ունեն ստանալ ստույգ տեղեկություններ իրենց կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին, իսկ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են զանգվածային լրատվության միջոցներում հրապարակումներով իրազեկել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կենսագործունեության միջավայրի, տարածքի գոտեւորման եւ քաղաքաշինական նախատեսվող այլ փոփոխությունների մասին։  Նոյեմբերյանի համայնքապետարանը հիշյալ հողամասում քաղաքաշինական գործունեության դեպք չի արձանագրել Վերոնշյալ հարցերին ի պատասխան՝ Նոյեմբերյանի համայնքապետարանից հայտնել են, որ նախքան հատուկ նշանակության դասակարգվելը եւ նախքան 13.07.222թ-ն այնտեղ քաղաքաշինական գործունեություն իրականացվելու դեպք չի արձանագրվել, եւ կառուցապատման թույլտվություն ստանալու համար Նոյեմբերյանի համայնքապետարան ոչ ոք չի դիմել․ «Իսկ նշված մակերեսով հողամասը ՀՀ-ին նվիրաբերվելուց հետո ծագած հարցերի վերաբերյալ կարող եք դիմել ՀՀ կառավարություն»,- ասված է պատասխանում։ Չնայած համայնքապետարանի այս պատասխանին՝ Sentinel-hub արբանյակային տվյալների մշակման կայքի միջոցով արված լուսանկարները փաստում են, որ հիշյալ հողատարածքում քաղաքաշինական գործունեություն իրականացվել է նախքան 13․07․22-ը, այսինքն՝ նախքան համայնքապետարանի կողմից այն պետությանը տրամադրելու որոշումը, ինչը նշանակում է, որ դրա համար պետք է տրված լինի շինթույլտվություն։ Մասնավորապես, առնվազն հուլիսի 7-ից սկսած՝ նշված հատվածում, որը նախորդ ամսվա լուսանկարում ամբողջությամբ կանաչապատ էր, նկատվում են փորված հատվածներ։ Տեղաշարժելով սպիտակ շրջանը՝ հնարավոր է տեսնել այդ տարբերությունը։   Դրանից բացի, հուլիս ամսին մեր նկարահանող խումբը եւս եղել է Ոսկեպարում եւ արձանագրել օրեր շարունակ այնտեղ ընթացող շինարարությունը։ Ստորեւ տեղադրված տեսանյութերը, օրինակ, նկարահանվել է 2022 թ․ հուլիսի 12-ին՝ դարձյալ նախքան ավագանու որոշումը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք լրացուցիչ հարցմամբ դիմել ենք Նոյեմբերյանի համայնքապետարանին՝ կից ուղարկելով արբանյակային լուսանկարները եւ խնդրելով պարզաբանել նախորդ հարցմանը տրված պատասխանը։ Հարցմանն ի պատասխան՝ համայնքապետարանից հայտնել են․ «Նախորդ պատասխանում ոչ թե նշված է, որ քաղաքաշինական գործունեություն չի իրականացվել, այլ նշված է, որ նախքան 13․07․22  այնտեղ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու դեպք չի արձանագրվել։ Այսինքն՝ եթե անգամ քաղաքաշինական գործունեություն իրականացվել է, դա համայնքապետարանի կողմից չի հայտնաբերվել, թեեւ, ըստ մեր տեղեկությունների, մինչեւ նշված ժամկետն այնտեղ քաղաքաշինական գործունեություն չի իրականացվել»,- ասված է պատասխանում։ Ինչպես արդեն նշեցինք, մի քանի օր Նոյեմբերյան համայնքում գտնվելով՝ մեր նկարահանող խումբն է անգամ այնտեղ արձանագրել քաղաքաշինական գործունեությունը, հետեւաբար տարակուսելի է համայնքապետարանի այն պատասխանը, թե եթե անգամ իրականացվել է քաղաքաշինական գործունեություն, դա իրենց կողմից չի հայտնաբերվել։ Դրանից բացի, ուշագրավ է, որ տեսանյութում երեւացող տրակտորի վրա առկա է «Նոյեմբերյան համայնք» գրությունը։ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն մեկամսյա ժամկետ են խնդրել՝ հարցմանը չպատասխանելու համար Հաշվի առնելով, որ հատուկ նշանակության հողերի լիազոր մարմինը ԱԱԾ-ն եւ ՊՆ-ն են՝ հոկտեմբերի 13-ին մենք գրավոր հարցումներով դիմել ենք նաեւ այդ մարմինների ղեկավարներին՝ ի թիվս այլնի, խնդրելով հայտնել, թե ի՞նչ է կառուցվում նշված հողատարածքում, ի՞նչ նպատակով, եւ արդյո՞ք դա որեւէ կերպ կապված է ռուսական զորքերի կամ ռուս սահմանապահների գործառույթների հետ։ Դրական պատասխանի դեպքում խնդրել ենք պարզաբանել՝ ինչպես է կապված եւ  իրավական ինչ հիմքով։ Հոկտեմբերի 18-ին ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացրել են, որ լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ տեղեկությունը կտրամադրվի մեկամյսա ժամկետում։ Նոյեմբերի 14-ին ԱԱԾ մամուլի կենտրոնն ուղարկել է գրություն՝ հայտնելով հետեւյալը․ «ՀՀ ԱԱԾ տնօրենին հասցեագրված տեղեկություն ստանալու մասին գրավոր հարցման մեջ նշված հարցադրումների կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ համայնքի ավագանու կողմից ՀՀ նվիրատվության կարգով հողամաս տրամադրելու վերաբերյալ որոշում ընդունելուց հետո տվյալ գույքը որպես նվիրատվություն ընդունվում է ՀՀ կառավարության որոշման հիման վրա: Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարությունը դեռեւս համապատասխան որոշում չի ընդունել, հարցմամբ պահանջվող տեղեկատվությունը չի կարող տրամադրվել»:  Հատկանշական է, որ ԱԱԾ-ի հատուկ նշանակության հողատարածքների լիազոր մարմին լինելը պայմանավորված չէ Կառավարության կողմից նվիրատվությունն ընդունած լինել-չլինելու հանգամանքով, հետեւաբար անկախ այդ որոշման առկայությունից՝ ԱԱԾ-ն, որպես լիազոր մարմին, տվյալ տեղեկության տնօրինողն է։ Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարությանը, այն եւս պատասխանն ուղարկել է նոյեմբերի 14-ին, թեեւ հարցմանը մեկամսյա ժամկետում պատասխանելու վերաբերյալ մենք գրավոր չենք ծանուցվել։ Ըստ ստացված պատասխանի՝ Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրի վարչական սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար հողատարածք չի հատկացվել, հետեւաբար, համապատասխան տեղեկություն չի կարող տրամադրվել։  Նկատենք, սակայն, որ ոչ ավագանու որոշման, ոչ էլ մեր հարցման մեջ խոսքը ՊՆ-ի կարիքների համար հատկացված հողատարածքի մասին չէր, ՊՆ-ն, ըստ Կառավարության հիշյալ որոշման, հատուկ նշանակության հողատարածքի լիազոր մարմիներից մեկն է, ինչով պայմանավորված էլ՝ հարցումն ուղղել էինք նաեւ այնտեղ։ Իսկ եթե տվյալ դեպքում որպես լիազոր մարմին ընտրվել է ԱԱԾ-ն, ապա հարկ էր պատասխանում նշել այդ մասին։ Նախքան նվիրատվությունն ընդունելը Կառավարությունը եւս անհնարին է համարել տեղեկության տրամադրումը Նոյեմբերի 16-ին գրավոր հարցմամբ դիմել ենք նաեւ ՀՀ կառավարությանը՝ հետաքրքրվելով՝ կառավարությունն ընդունե՞լ է կամ պատրաստվո՞ւմ է ընդունել նվիրատվությունը։ Եթե այո, ապա ե՞րբ եւ պետական ո՞ր մարմնի հետ է կնքվել/կնքվելու նվիրատվության պայմանագիրը, իսկ թե առայժմ չի ընդունել, ապա ինչ պատճառաբանությամբ։ Միաժամանակ դարձյալ խնդրել ենք հայտնել, թե ինչ նպատակով է հիշյալ հողատարածքը տրամադրվել ՀՀ-ին, ինչ նպատակով եւ ինչ է կառուցվում այնտեղ, դա որեւէ կերպ կապված է ռուս սահմանապահների գործառույթներին, եթե այո, ապա ինչպես եւ իրավական ինչ հիմքով։ Հարցմանն ի պատասխան՝ նոյեմբերի 24-ին Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել է, որ հիշյալ հողամասի նվիրատվությունն ընդունելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը գտնվում է քննության փուլում։ Ըստ պատասխանի՝ որոշումն այդ պահի դրությամբ դեռեւս ընդունված չէ, քանի որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն՝ իրավական նախագիծը մինչ ընդունվելն անցնում է նախապատրաստական փուլ։ Դրանով պայմանավորված էլ մյուս հարցերի վերաբերյալ տեղեկության տրամադրումը Կառավարությունն անհնարին է համարել։ 5 ամիս անց՝ 2022 թ․ դեկտեմբերի 15-ին, Կառավարությունն ընդունել է  նվիրատվությունը Նվիրատվությունից շուրջ 5 ամիս անց՝ 2022 թ․ դեկտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել նվիրատվությունն ընդունելու եւ ՀՀ ԱԱԾ-ին ամրացնելու մասին։ Միեւնույն ժամանակ վարչապետը հանձնարարել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում  Նոյեմբերյան համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել  նվիրատվության պայմանագրի կնքման եւ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրում սահմանելով, որ պայմանագրի կնքման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման ՀՀ ԱԱԾ միջոցների հաշվին: Հաշվի առնելով, որ ԱԱԾ-ն մերժել էր տեղեկության տրամադրումը այն պատճառաբանությամբ, որ նվիրատվությունը դեռ չի ընդունվել, մենք դարձյալ դիմել ենք ԱԱԾ-ին՝ խնդրելով նվիրատվությունն ընդունված լինելու պայմաններում տրամադրել հիշյալ տարածքում շինթույլտվության որոշումը, իսկ դրա անհնարինության դեպքում տրամադրել հայցվող տեղեկությունները։ Մասնավորապես, խնդրել ենք հայտնել, թե ինչ նպատակով է հողամասը որպես նվիրատվություն տրամադրվել ՀՀ-ին, ի՞նչ է կառուցվում այնտեղ, ի՞նչ նպատակով, եւ արդյո՞ք դա որեւէ կերպ կապված է ռուսական զորքերի կամ ռուս սահմանապահների հետ։ Եթե այո, ապա ինչպե՞ս է կապված եւ իրավական ի՞նչ հիմքով։ Միաժամանակ խնդրել ենք հայտնել՝ տվյալ տարածքում քաղաքաշինական գործունեությունը կապվա՞ծ է պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ թե՞ ոչ։ Այս հանգամանքը կարեւոր է, քանի որ գաղտնի տեղեկությունների առկայությամբ պայմանավորված՝ նախագծային փաստաթղթերը՝ ճարտարապետաշինարարական լուծումների մասով, կառուցապատողը համաձայնեցնում է նաեւ համայնքի ղեկավարի եւ անհրաժեշտության դեպքում` պաշտպանության ոլորտի լիազորված մարմնի հետ, այսինքն՝ համայնքը, ամեն դեպքում, անմասն չի մնում այդ գործընթացից, իսկ գաղտնի տեղեկությունների բացակայության դեպքում նախագծային փաստաթղթերի համաձայնեցումը եւ շինարարության թույլտվությունը միայն լիազոր մարմնի, տվյալ դեպքում՝ ԱԱԾ-ի տիրույթում է։ ԱԱԾ-ն դարձյալ մեկամսյա ժամկետ է խնդրել հարցմանը պատասխանելու համար։ Ըստ այդմ, պատասխանն ուղարկել է այս տարի՝ 2023 թ․ հունվարի 27-ին։ Հարցման պատասխանում ԱԱԾ-ն արձանագրել է այն, ինչն առանց դրա էլ պարզ էր․ «Նոյեմբերյան համայնքի ավագանու՝ 13.07.2022 թվականի 118-Ա որոշման մեջ նշված չէ ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի վարչական սահմաններում գտնվող 2 հեկտար մակերեսով հողամասը ՀՀ նվիրատվության կարգով հանձնելու նպատակը»։ ԱԱԾ-ն նաեւ հայտնել է, որ ՀՀ ԱԱԾ տնտեսական-վարչության եւ Նոյեմբերյան համայնքի կողմից նշանակված լիազոր անձի միջև 12.01.2023 թ․-ին Նոյեմբերյանի նոտարական գրասենյակում կնքվել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որը մուտքագրվել է ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանում եւ 23.01.2023 թ-ին ստացվել անշարժ գույքի վկայական․ «Վերոնշյալ հասցեում ՀՀ ԱԱԾ-ի կողմից քաղաքաշինական գործունեություն չի իրականացվում»,-ասված է պատասխանում։ Նկատենք, սակայն, որ հարցմամբ չէինք էլ նշել, թե ԱԱԾ-ն է քաղաքաշինական գործունեություն իրականացնողը, այլ հարցերը ուղղել էինք այնտեղ՝ որպես դրա լիազոր մարմին։ Այսպիսով, սահմանամերձ Ոսկեպար բնակավայրի 2 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասը որպես նվիրատվություն տրամադրվել է Հայաստանի Հանրապետությանը, ըստ Նոյեմբերյանի համայնքապետարանի, արտաքին անվտանգության խնդիրների լուծման նպատակով, սակայն թե կոնկրետ ինչ խնդիրների մասին է խոսքը, ինչ շինարարություն է այնտեղ իրականացվել, որքանով եւ իրավական ինչ հիմքով դա կապ ունի ռուս զինծառայողների հետ, ամիսներ տեւած գրագրության արդյունքում այդպես էլ մնացին չպարզված՝ պայմանավորված պետական կառույցների խուսափողական պատասխաններով։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Լուսանկարները եւ տեսանյութերը՝ Ռոման Աբովյանի
15:31 - 22 մարտի, 2023
«Խուռհատ սարի պաշտպանությունն ի սկզբանե դատապարտված չէր արդյունավետ լինելու»․ 70 օր շրջափակման մեջ մնացած զինծառայողի հարցաքննությունը

«Խուռհատ սարի պաշտպանությունն ի սկզբանե դատապարտված չէր արդյունավետ լինելու»․ 70 օր շրջափակման մեջ մնացած զինծառայողի հարցաքննությունը

Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի նախկին ժամկետային զինծառայող Ռուսլան Թումանյանի խոսքով՝ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Հադրութի հարակից Խուռհատ սարի պաշտպանությունն ի սկզբանե դատապարտված չէր արդյունավետ լինելու. քաոսային վիճակը, հրամանների անկազմակերպ լինելը, զորքի բարոյահոգեբանական վիճակը, զորքի եւ հրամանատարության միջեւ կապը․․․ Դրա համար, ըստ նրա, մի շարք գործոններ կային։ Ռուսլան Թումանյանը մեկն է գումարտակի այն տղաներից, որոնք սարից նահանջի ընթացքում կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ միասին անջատվել են մնացած անձնակազմից եւ սխալ ուղղությամբ գնալով՝ ընկել շրջափակման մեջ։ Ուսումնական գումարտակը, հիշեցնենք, մայոր Իշխան Վահանյանի ղեկավարությամբ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին մեկնել է Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ մարտական առաջադրանքի, որտեղ, սակայն, հարձակման է ենթարկվել եւ հարկադրված նահանջ իրականացրել։ Այժմ Վահանյանը մեղադրվում է սարում մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Հետագայում շրջափակման մեջ ընկած անձնակազմն էլ է խմբերի բաժանվել, եւ Ռուսլանը՝ իր 5 ծառայակից ընկերների հետ միասին, 70 օր շարունակ թաքնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վանք գյուղի տներում եւ անտառներում։ 2020 թ․ դեկտեմբերի 20-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հաղորդել է, որ  Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով 6 տղաները վերադարձվել են հայրենիք։ Ռուսլանը եւ մյուսները Խուռհատ սարի գործով ճանաչվել են տուժող։ 2020 թ․ սեպտեմբերի 25-ին մարտական տագնապ է հնչել, որը որոշակի խուճապ է առաջացրել զինծառայողների շրջանում Ռուսլան Թումանյանը բանակ է զորակոչվել 2020 թ․ հուլիս ամսին, մինչ պատերազմը հասցրել է զինվորական երդում տալ։ Ընդգրկված է եղել 5-րդ գումարտակի Նռնականետային դասակում (հրամանատարը՝ Ռաֆայել Խալաֆյան)։ Հարցաքննության սկզբում Ռուսլանը հայտնեց, որ դատավարության մասնակիցներից ճանաչում է ամբաստանյալ Իշխան Վահանյանին, նրա հետ որեւէ տեսակի հարաբերություն չունի։ Խուռհատ սարի դեպքերից բացի նա պատմեց պատերազմին նախորդած, իր գնահատմամբ՝ էական նշանակություն ունեցող մի շարք այլ դրվագներ։ Լուսանկարում՝տուժող Ռուսլան Թումանյանը Ըստ այդմ, Ռուսլանի խոսքով՝ պատերազմից 2 օր առաջ՝ սեպտեմբերի 25-ի երեկոյան, մարտական տագնապ է հնչել․ «Ճաշարանի դիմաց կանգնած էինք, սկսեցինք վազել մեր զորանոց, որ մտնենք նկուղ, թաքնվենք, բայց երբ հավաքվեցինք զորանոցում, տեսանք, որ նկուղի դուռը չի բացվում, իսկ բանալին, որ պիտի լիներ օրապահի մոտ, նրա մոտ չէր, հետագայում իմացել եմ, որ գումարտակի թիկունքի պետի մոտ է եղել․․․ Ոտքով ջարդել ենք դուռը, բայց մինչեւ հասցրինք մտնել, կարելի է ասել, չեղարկեցին տագնապը՝ որեւէ կերպ չպարզաբանելով»։ Այդ տագնապից հետո, ըստ Ռուսլանի, զինծառայողների շրջանում որոշակի խուճապ է առաջացել․ «Սկսեցին վախեր հայտնվել, չէին հավատում, որ սխալմամբ է այդ կոճակը սեղմվել, մտածում էին՝ ինչ–որ բան կա, տղաներ կային, որ դիրքերում գտնվող տղաների հետ էին խոսում, նրանք էլ ասում էին, որ ինչ–որ բան պատրաստվում է, բոլորը ինչ–որ բանի սպասում էին՝ միաժամանակ այն հույսով, որ չէր լինի»։ Այդ օրվանից հետո զինծառայողները, փաստացի, պատրաստվել են պատերազմի․ պայուսակները, որ պատերազմ սկսվելու դեպքում պետք է իրենց մոտ լիներ, հավաքել, քնելիս մահճակալի մոտ են դրել։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին, իրենց զորամասը սպառազինությամբ է համալրվել, զինծառայողները դրա դասավորմամբ են զբաղված եղել․ «Դրանից բացի պատերազմը, որ սկսում է, ըստ կանոնակարգի, մեզ պիտի բարձրացնեն նստեցման գոտի, որ մեքենաները գան, մեզ էդ թաքնված տեղից վերցնեն, տանեն դիրքեր․․․ Մենք էդ փոսից չենք ունեցել, ամսի 26-ի ժամը 3-ից մինչ գիշերվա քնելը փորմամբ ենք զբաղված եղել, բայց էլի լրիվ չենք հասցրել ավարտել,- ասաց Ռուսլանը՝ հավելելով, որ այդ հրամանը տվել է գումարտակի հրամանատարի՝ այդ ժամանակվա տեղակալ Գարիկ Վարդերեսյանը։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ պատերազմը սկսվել է, զինծառայողները զորանոցի մոտ շարված են եղել․ «Տղաներից ոմանք սկսեցին ձայն լսել, երկնքում օբյեկտ էինք նկատել, չէինք հասկանում՝ ինչ է, հասկանում էինք, որ դռոն է, թռչող բան, բայց զարմանալին այն էր, որ շտաբից պատասխան չէր գալիս, 1-1․5 րոպե հետո մեկը դուրս եկավ, գոռաց հրամանատարներին, որ զորքին մտցնեն զորանոց»,-պատմեց Ռուսլանը՝ ընդգծելով․ «Նկուղ չէ, զորանոց»։ Զորանոցում գտնվելու ընթացքում, ըստ Ռուսլանի, կամիկաձե տեսակի անօդաչու թռչող սարք է ընկել մոտ 150 մետր հեռավորության վրա գտնվող պահեստի վրա, որտեղ ռազմական ոստիկանության միավորում էլ կար։ Դրանից հետո իջել են նկուղ, հետո՝ ըստ դասակների բարձրացել, զենքեր ստացել, գնացել նստեցման գոտի, այնտեղից էլ՝ «Չռիկներ» կոչվող տեղանք։ Տեղակայվել են, ըստ Ռուսլանի, 2-րդ գծում, որը շուտով ճեղքվել է։ Կահավորում չի եղել, զինծառայողներն են գիշերները խրամատներ փորել․ «Մեր դասակը բաժանվում է երկու պրոֆիլի՝ հակատանկային` СПГ տեսակի զենքերի եւ հետեւակային զորքերի դեմ գործելու՝ АКС տեսակի զենքերի, СПГ-ն չէինք բարձրացրել մեզ հետ, որովհետեւ մեկը չէր աշխատում, մյուսը չգիտեմ, ուղղակի չենք հասցրել, իսկ АКС-ին մենք չէինք տիրապետում, որովհետեւ դեռ չէինք սովորել, դրանով պաշտպանություն իրականացնում էին միայն մեր դասակի ու ջոկի հրամանատարները»։ Մոտ 4-5 օր անց զորքը «Չռիկներ»-ից նահանջել է դեպի «9-րդ կմ» կոչվող տարածք, այնտեղից էլ՝ Հադրութ։ Ռուսլանի խոսքով՝ դպրոցի վրա, որում տեղակայված էին, ռումբ է ընկել  Նահանջած անձնակազմը տեղակայվել է Հադրութի զորամասում, ապա՝ տեղափոխվել դպրոց։ Այդ ընթացքում՝ հոկտեմբերի 8-ին, դպրոցի վրա ռումբ է ընկել․ «Մենք երկրորդ հարկում էինք տեղակայված՝ անկյունային դասարանում, երբ խփեց, պիտի աստիճաններով իջնեինք, ու հիշում եմ՝ աստիճանների կեսը փլված էր»։ Նույն շրջանում գումարտակի՝ այդ ժամանակվա հրամանատարի պաշտոնակատար Գարիկ Վարդերեսյանը (հրամանատար Սամվել Սահակյանը զոհվել էր) փորձել է զրուցել զինծառայողների հետ․  «Մենք զալում նստած էինք, ինքը խոսում էր բեմից, բայց բարոյահոգեբանական վիճակի մի քիչ տարօրինակ բարձրացում էր տեղի ունենում, այսինքն՝ հակառակը, էդ ամենից հետո մարդիկ ավելի խառը էմոցիաներ սկսեցին ապրել, ավելի անհասկանալի դարձավ ամեն ինչ»,- ասաց Ռուսլանը՝ չմանրամասելով, թե հատկապես ինչն է տարօրինակ եղել։ Ինչպես հայտնի է, դպրոցում հրամանատարական կազմի փոփոխություն է տեղի ունեցել․ Գարիկ Վարդերեսյանն ազատվել է գումարտակի հրամանատարի պաշտոնից, եւ նրա փոխարեն նշանակվել է Իշխան Վահանյանը։ Վերջինս մինչ այդ եղել է նույն գումարտակի շտաբի պետը։ Թե ինչ պատճառով են այդ փոփոխությունները եղել, Ռուսլանը հստակ չգիտեր, ենթադրում էր, որ պատճառներից մեկը անձնակազմի կորուստներն էին։ Իրենց դասակի հրամանատարը եւս վիրավորվել է, տեղափոխվել հոսպիտալ։ Նրան փոխարինել է СПГ ջոկի հրամանատար Դավիթը (ազգանունը չէր հիշում)։ Շատ այլ զինծառայողներ էլ, ըստ նրա, կոչումի բարձրացում են ստացել, որ կարողանան պաշտոններ ստանձնել։  Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հետաքրքրվեց, թե Խուռհատ սարը բարձրանալն ում հրամանն է եղել, ինչին Ռուսլան Թումանյանը պատասխանեց՝ եթե չեմ սխալվում, Մանուկ Բադալյանի։ Վերջինս դիվիզիայի հրամանատարի՝ բարոյահոգեբանական գծով տեղակալն էր։ Առաջադրանքը եղել է դիրքավորվելն ու պաշտպանվելը։ Ռուսլանի տպավորությամբ՝ հրամանատարները սարում քաոսային վիճակում էին, չէին հասկանում՝ ինչ անել  Ռուսլան Թումանյանը պատմեց, որ հոկտեմբերի 9-ին գումարտակին Խուռհատ սար են բարձրացրել  КАМАЗ-ներով։ Սարում երկու-երկու բացազատվել են իրարից տասը մետր հեռավորության վրա, իրենց դասակի հրամանատարի հետ նույն խրամատում են եղել։ Վերջինս իրեն հրամայել է իջնել, սպառազինությունը բերել։ Հենց այդ ժամանակ է Ռուսլանը նկատել, որ Իշխան Վահանյանը տեղակայվել է «վիշկա»-յի մոտ․ դա, ըստ նրա, սարի ամենաներքեւում էր՝ ավելի ապահով հատվածում։ Հոկտեմբերի 10-ի կեսօրին՝ 12։30-ից 13։00-ն ընկած հատվածում, հակառակորդը հարձակման է անցել․ սկզբում հրաձգային, ապա՝ ականանետային ու նռնականետային կրակ են վարել։ - Ի՞նչ հրամաններ են արձակվել այդ ժամանակ,- հարցրեց մեղադրողը։ - Հրամաններ եղել են, բայց խնդիրն այն է, որ դրանք եղել են խառը, ոչ համակարգված, հրամայում էին՝ կրակեք էստեղ, կրակեք էնտեղ․․․ - Ինչո՞վ էր պայմանավորված այդ խառը վիճակը։ - Պայմանավորված էր նրանով, որ, ենթադրում եմ, հրամանատարները իրենք էլ քաոսային վիճակում էին, չէին հասկանում՝ ինչ անել։ - Ովքե՞ր էին այդ հրաման տվողները։ - Եթե ճիշտ եմ հիշում, Ղարիբյան Արսենից եմ լսել հրաման (ականանետային մարտկոցի հրամանատարն է եղել, նրա ցուցմունքը՝ այստեղ,-հեղ․), բայց շատերն են տվել։ Ամենաթեժ մարտը, ըստ Ռուսլան Թումանյանի, սարի վերեւի հատվածում էր, այսինքն՝ «վիշկա»-յի հակառակ կողմում․ «էդտեղից տղերքը վիրավորներ, դիակներ էին իջեցնում, իսկ մենք շարունակում էինք մարտը․․․ Հետո իմ դասակի տղերքից մեկը վիրավորվեց՝ Ռազմիկը, ու ես սկսեցի օգնել, որովհետեւ գոռում էր ցավից, գրկեցի, իջեցրինք․․․ Երբ ուզում էի բարձրանալ իմ տեղը, հասկացա, որ հետ ենք սեղմվել, այսինքն՝ բարձրանալու տեղ էլ չկար, բոլորը արդեն հետ էին իջել, Վահանյանին այդտեղ եմ հանդիպել, հրամաններ էր տալիս, եթե ճիշտ եմ հիշում, ուղղակի հրամանների բովանդակությունը չեմ հիշում, հնարավոր է՝ ասում էր, որ կրակենք, տենց ինչ–որ բաներ»,- պատմեց Ռուսլանը՝ ենթադրելով, որ թիկունքից հրամաններ տալը արդյունավետ չէր կարող լինել։ Լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը - Այդ ընթացքում, երբ հանդիպեցիք Վահանյանին, վիրավորում ունե՞ր։ - Տեսանելի տրավմա, կաղել կամ նման բան չեմ տեսել։ - Ձեր կարծիքով՝ ինչո՞վ էր պայմանավորված, որ նա չփորձեց բարձրանալ ձեզ հետ, գալ օգնության։ - Չգիտեմ, իրականում բավականին դաժան իրավիճակ էր, վայրկյանը մեկ վիրավորներ, զոհեր էին իջեցնում, հնարավոր է՝ ցանկության բացակայությամբ է պայմանավորված։ Դրանից հետո՝ բուն նահանջի ընթացքում արդեն, Ռուսլանը Վահանյանին չի տեսել․ «Շատ խառն էր իրավիճակը, չորս կողմից գնդակներ էին թռնում, ոչ մի բան չէինք հասկանում, էդ վիճակում չէի կարող դեմքեր նկատել»,- ասաց նա՝ հավելելով, որ հետագայում զինծառայողներից է լսել, թե նա իբր վիրավորվել եւ հեռացել է։  - Դուք անձամբ ականատես եղե՞լ եք դրան,- հետաքրքրվեց մեղադրողը։ - Ոչ։ - Թեկուզ հեռանալուն, ոչ վիրավորվելուն։ - Ոչ,- պատասխանեց տուժողը։ Հադրութի ուղղությամբ նահանջելիս, ըստ Ռուսլանի, տեղյակ եղել են, որ հակառակորդը այնտեղ է Ռուսլան Թումանյանի խոսքով՝ նահանջից հետո դուրս են եկել ճանապարհի վրա, սկսել քայլել։ Այդ պահին կոնկրետ որեւէ որոշում կայացված չի եղել, Վահանյանի ենթադրյալ փախուստից հետո մնացած սպաներից ոչ ոք իր վրա չի վերցրել հրամանատարությունը։ Ռադիոկապ եղել է թե ոչ՝ չգիտեր, ասաց՝ ուշադրություն չի դարձրել, բայց բջջային կապ ունեցել են, օրինակ՝ Հովհաննես Մուրադյանի մոտ հեռախոս եղել է։ - Գիտեի՞ք՝ ուր էիք գնում,- հետաքրքրվեց Գեւորգ Ավետիսյանը։ - Ոչ, ուղղակի հետեւում էինք հրամանատարներին, ես պոստ ֆակտում իմացել եմ, որ դեպի Վանք գյուղ քայլելիս ենք եղել, մեր նպատակը նահանջելն էր դեպի ավելի ապահով տեղ, բայց Վանք գյուղը էդքան էլ ապահով չէր, մենք ուզում էինք էդ սարը կտրել, դեպի Սարուշեն, Թութակներ, էդ էր նպատակը, բայց վերջում էնպես ստացվեց, որ բաժանվեցինք, եւ մենք նահանջեցինք Վանք գյուղի ուղղությամբ։ - Ինչպե՞ս ստացվեց, որ բաժանվեցիք․ դա շատ կարեւոր է։ - Բաժանումը նույնպես կանոնակարգված չէր, ոչ ոք չբռնեց, ասեց՝ եկեք բաժանվենք․․․ Էդ սարը բարձրանալը բավականին դժվար էր երկու օր չքնելուց հետո, բոլորը հոգնած էին, դրա համար մարդիկ կային՝ դանդաղ էին բարձրանում, հետ էին ընկնում, ու ասենք, 5 րոպեն մեկ կանգնում էինք, հանգստանում․․․ Եթե ճիշտ եմ հիշում, առջեւից գնացող խումբը չէր կանգնել հանգստանալու, իսկ հետեւինը կանգնել էր, ու այդպես կտրվել էր թելը․․․ Հետո հաշվել էինք, որ մենք մնացել ենք մոտ 100 հոգով, մեզ հետ հրամանատար միայն Հովհաննես Մուրադյանն էր, մեկ էլ վստահում էինք մի կամավոր քեռու՝ որպես հասուն, ավագ մարդու (նահանջի ընթացքում թե՛ Մուրադյանը, թե՛ կամավորը զոհվել են,-հեղ․)։ Մինչ այս հարցաքննված այլ վկաներ ասել էին, որ նահանջի ընթացքում զորքի ուղղությամբ արկ է ընկել, եւ այդ պատճառով է այն երկու մասի բաժանվել։ Ռուսլան Թումանյանը հերքեց, որ նման բան է տեղի ունեցել։ - Ինչպե՞ս որոշվեց գնալ Վանք գյուղի ուղղությամբ։ - Ըստ քեռու խոսքերի՝ Հադրութի զորամասում շրջափակման մեջ մնացած զինծառայակիցներ կային, պիտի գնայինք, իրենց օգնեինք դուրս գալ շրջափակումից։ Քեռու ուղիղ խոսքերն եմ ասում։ - Եվ ի՞նչ տեղի ունեցավ։ - Դրանից 1-2 րոպե հետո սարի բարձունքից հրազենային կրակ սկսեցին մեզ վրա ու նռնակներ նետեցին, որը ամենածանր վնասը տվեց, ու եթե ճիշտ է եղել իմ պատկերացումը, էդ 100 հոգուց ողջ է մնացել մոտ 50 հոգի, ու էլի քաոսային էր, կրակում էին, մարդիկ վիրավորվում էին, օգնում էինք անցկացնել ձորը, որ փրկվի․․․ Ու որ արդեն բոլոր վիրավորներին հանեցինք, մենք էլ մտանք ձորը, էդ ժամանակ արդեն 21 հոգով ենք եղել, ունեցել ենք 4 վիրավոր, 2 օր ձորում ենք մնացել, հետո իջել ենք Վանք գյուղ, հետո արդեն շրջափակման ամբողջ պատմությունն է։ Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը - Երբ նահանջում էիք, տեղյա՞կ էիք, որ հակառակորդը Հադրութում է,– հետաքրքրվեց մեղադրողը։ - Այո, սարի երկայնքով, որ նահանջում էինք, սարից լավ երեւում էր՝ ադրբեջանական տանկերը ոնց էին մտնում քաղաք, ոնց էր քաղաքը վառվում,– պատասխանեց տուժողը։ - Դուք վստա՞հ եք, որ դրանք հակառակորդի տանկերն էին։ - Ես էդպես եմ հասկացել, այդ ուղղությունից էին գալիս։ - Մինչ այս հարցաքննված մի շարք վկաներ, այդ թվում՝ սպայակազմից, նշել են, որ սկզբնական օրերին Հադրութում եղել են դիվերսիոն–հետախուզական խմբեր, այս պայմաններում անհասկանալի է Ձեր պատասխանը, որ տանկեր եք տեսել։ –  Վիզուալ 4-5 տանկեր շատ լավ հիշողությանս մեջ պահպանվել են։ - Զորամասը գտնվում էր Հադրութ քաղաքում, ճի՞շտ է, եւ Ձեր ցուցմունքից հետեւում է, որ տանկերն էլ մտել են Հադրութ քաղաք, այսինքն՝ դուք տանկերի՞ դեմ պիտի մարտնչեիք։ - Հետեւաբար՝ հա, տանկերի հետ մարտնչելով՝ մի ձեւ պիտի գնայինք զորամաս ու դուրս բերեինք․․․ էդպես է ստացվել, ամեն ինչ չէ պատերազմի ժամանակ, որ տրամաբանական է, հակառակը, տարօրինակ էր ու ոչ ռացիոնալ։ - Դուք ո՞նց էիք պատկերացնում այդ բարոյահոգեբանական վիճակով, հակատանկային միջոցներ չունենալու պայմաններում իջնել քաղաք, մարտնչել տանկերի դեմ։ - Ես հասկանում եմ, որ օբյեկտիվորեն այդպիսի պաշտպանություն անհնար է իրականացնել, բայց էդ դեպքում առաջին հերթին առնվազն հայրենասիրական նկատառումներով ես․․․ Ես հասկանում եմ, որ սխալ է առանց պատշաճ սպառազինության հակառակորդի հետ մարտնչելը։ - Քեռին փորձե՞լ է կապ հաստատել զորամասի հետ։ - Զանգել է Վահանյանին, հարցրել է՝ որտեղ է, բայց պատասխանը չգիտեմ։ - Հնարավո՞ր է՝ այդ ընթացքում Վահանյանն է փորձել ուղղություն տալ եւ դրանից հետո է քեռու որոշումը փոխվել։ - Ինձ չի թվում, ի սկզբանե էլ քեռին նախատեսել էր դա՝ տեղյակ լինելով այդ զորամասի վիճակից։ Հիշեցնենք՝ քեռու եւ Վահանյանի այդ հեռախոսազանգի մասին իր ցուցմունքում նշել է նաեւ վկա Սամվել Հովասյանը՝ ասելով, որ քեռին  զանգել է Իշխան Վահանյանին, բարձրախոսով խոսել, հարցրել՝ ո՞ւր ես, զորքդ շրջափակման մեջ է, ինչին ի պատասխան՝ Վահանյանը, առանց որեւէ ուղղություն հուշելու, ասել է․ «Ես վիրավոր եմ, իջնում եմ ներքեւ»։ Հարցին՝ դրան պատասխան չհնչե՞ց, վկան պատասխանել էր․ «Հնչեց, բայց ցենզուրայից դուրս է»։ - Քեռուն որքա՞ն ժամանակ էինք ճանաչում եւ որպես վերադաս ի՞նչ էր հանդիսանում։ - Ես այդ մի օրն եմ ճանաչել նրան։ - Եվ նա այն պատշաճ անձն էր, ում պիտի լսեի՞ք։ - էդ դեպքում՝ հա, որովհետեւ նա միակ անձն էր, որ կարողանում էր էդ իրավիճակում իր վրա պատասխանատվություն վերցնել։ Տուժողի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքում էական հակասություններ կային Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը դատարանին միջնորդեց հրապարակել տուժողի նախաքննական ցուցմունքը, քանի որ այն 2 դրվագով հակասում էր դատաքննական ցուցմունքին։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը միջնորդությունը բավարարեց։ Ավետիսյանը նշեց, որ նախաքննության փուլում Թումանյանը ասել է, որ տեսել է Վահանյանի հեռանալը, իսկ դատարանում ասաց, որ չի տեսել։ Թումանյանը ենթադրեց՝ գուցե քննիչի մոտ նկատի է ունեցել, որ տեսել է Վահանյանի՝ մեքենայի մոտ գնալը։ Մեղադրողը ուղիղ մեջբերեց ցուցմունքի այդ հատվածը․ «Այդ ընթացքում նա, կարելի է ասել, արագ քայլելով, առանց որեւէ վիրավորում ունեցողի տպավորություն թողնելու գնաց դեպքի մեքենան ու հեռացավ, որը ինձ համար անսպասելի եւ զարմանալի էր, եւ այդ ամենը տեսան մեր անձնակազմի տղաներից, ու բոլորիս մոտ մի տեսակ զարմանք եւ հիասթափություն առաջացավ»,- նախաքննության ժամանակ ասել է Թումանյանը։ Լսելով ցուցմունքը՝ նա կարծիք հայտնեց, որ կամ շփոթմունք է եղել, կամ ինքն այդ դրվագը հետագայում մոռացել է, որովհետեւ հիմա որեւէ կերպ չի կարողանում հիշել։ Հարցին, թե որ պատասխանը հիմք ընդունեն, Թումանյանը պատասխանեց՝ դատարանում հայտնածը, քանի որ հիմա այդպես է հիշում։ Մյուս հակասությունը վերաբերում էր դեպի Հադրութ նահանջելու դրվագին․ դատախազի խոսքով՝ նախաքննության ժամանակ Թումանյանն ասել է, որ չեն իմացել, որ հակառակորդն այնտեղ է, մինչդեռ դատարանում ասաց, որ նախապես տեղյակ էին, քանի որ սարից տանկեր էին տեսել․  - Անտրամաբանական կլիներ ասելը՝ հակառակորդ չկա, եթե գնում էինք ինչ–որ մարդկանց շրջափակումից հանելու, նկատի եմ ունեցել՝ էդքան շատ չկա,-պարզաբանեց տուժողը։ - Բայց նախաքննական ցուցմունքում շրջափակման մեջ ընկածների մասին չեք նշել։ - Ուրեմն՝ չեմ հիշել, նոր եմ վերհիշել։ Կներեք, պատերազմը նենց բան է, որ որոշ դրվագներ․․․ Ենթագիտակցական վիճակում ես ու չես հիշում․․․ Զորքի հետ մնացած սպաները, Ռուսլանի գնահատմամբ, կոմպետենտ չեն եղել Դատարանում հարցաքննված մի քանի վկաներ պատմել են, որ նահանջի ընթացքում, երբ հարակից սարի վրա տեսել են հակառակորդի հետ մարտնչող մեկ այլ՝ 3-րդ գումարտակին, ցանկացել են գնալ, միանալ նրանց, բայց քանի որ հակառակորդը ռումբ է նետել իրենց ուղղությամբ, եւ զորքը կիսվել է, դա այդպես էլ չի իրականացվել։ Ռուսլանը ոչ միայն հերքեց իրենց ուղղությամբ ռումբ ընկնելու հանգամանքը, այլեւ ասաց՝ 3-րդ գումարտակը այնպիսի հեռավորության վրա էր, որ բացականչելով կարող էին իրար լսել։ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Գուրգեն Գրիգորյանը եւ Գայանե Հովակիմյանը -Այսինքն՝ եթե ձայն տայիք, կարող էին ճանաչել, ուղղություն տալ, որ միանայիք իրենց,– հարցրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը։ -Ենթադրում եմ, որ այո։ -Ձեր տպավորությամբ՝ ինչու՞ դա չարվեց Հայկազի, Վազգենի, մյուսների կողմից (խոսքը վերաբերում է նահանջող անձնակազմի հետ մնացած սպաներին, նրանցից ոմանց ցուցմունքները՝ այստեղ եւ այստեղ-հեղ․), ինչո՞ւ չգնալ այնտեղ, որտեղ ավելի ապահով է, դիրքեր են, գումարտակ է նստած, քան գնալ չգիտեմ ուր։ -Ոչ կոմպետենտ լինելու պատճառով, այսինքն՝ բացառելով տենց է ստացվում․ ես չեմ մտածում, որ իրենք դիտավորությամբ են արել, որ մեր դեմ ինչ–որ բան անեն, չեմ մտածում, որ էն իրավիճակը չի եղել, որ դա չանեինք, ուղղակի էդ եզրակացությանը չեն եկել էդ պահին։ -Չեք մտածե՞լ, որ ձեզ կարող էին թողնել, որ իրենք հնարավորություն ու ժամանակ ունենային դուրս գալու։ -Չեմ մտածել։ Էսպես ասեմ․ այդ 4 սպաները նահանջի ժամանակ այդ լիդերի ոգին չունեին, որ սպասեին՝,մինչեւ վերջին զինվորը անցնի, իրենք էլ ոգեշնչեին․․․ - Իրենք ավելի՞ արագ էին փախնում,- լսվեց դահլիճից։ - Հնարավոր է,-պատասխանեց Ռուսլանը։ - Ճիշտ հասկացա՞նք, որ հրամանատարությունը, մեղմ ասած, իր զինվորական եւ կազմակերպչական գիտելիքներով չէր փայլում, եւ եթե լիներ նորմալ կազմակերպվածություն, ապա ե՛ւ սարի օպերացիայի, ե՛ւ զոհված տղաների, ե՛ւ ձեր ճակատագիրը կարող էր այլ կերպ վերջանալ,- հարցրեց Գուրգեն Գրիգորյանը։ -Կարծում եմ՝ այո,- պատասխանեց Ռուսլան Թումանյանը։ Ողջ մնացած անձնակազմը նոյեմբերի 6-ին 3 խմբի է բաժանվել Հիշյալ քեռու եւ միակ հրամանատար Հովհաննես Մուրադյանի զոհվելուց հետո 21-հոգանոց անձնակազմը մնացել է միակ սերժանտ Հարութ Կարախանյանի հետ, որը վիրավոր է եղել։ Ռուսլանի խոսքով՝ Հարութը խումբ է ստեղծել, ասել՝ 7 հոգի իր հետ վերցնում է, որ շարժվի Ստեփանակերտի կողմ։  Նոյեմբերի 6-ին էլ մնացած 13-հոգանոց անձնակազմն է բաժանվել․ իրենց 6-հոգանոց խումբը գլխավորել է տարիքով ավելի մեծ Արման Արմաղանյանը․ «Բայց ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ բաժանումը բավականին ընկերական պայմաններում է եղել, նույնիսկ գրկախառնությամբ»։  Երկուսուկես ամիս շարունակ 6 տղաները թաքնվել են Վանք գյուղի անտառներում եւ տներում, գյուղացիների կոմպոտներով ու պահածոներով սնվել։ Դեկտեմբերի 20-ին կապի դուրս գալով՝ նրանց ի վերջո հաջողվել է փրկվել։ Վրույր Խեչումյանի խոսքով՝ Օնիկ Գասպարյանն ասել է՝ առավոտյան էրեխեքը տանը կլինեն Երեկ դատարանում հարցաքննվեց նաեւ զոհված զինծառայող Սուրեն Խեչումյանի հայրը՝ Վրույր Խեչումյանը։ Վերջինս որդու մարտական ուղու մասին մանրամասներ չգիտեր, ասաց՝ պատերազմի ժամանակ 3-4 անգամ է զանգել, ասել, որ բունկերում են կամ անտառներում, չանհանգստանան։  Լուսանկարում՝ Վրույր Խեչումյանը Վահանյանի անուն ազգանունը Խեչումյանը չի իմացել, բայց այլ զինծառայողներից լսել է, որ ասել են՝ գումարտակի հրամանատարը վիրավորվել, թողել փախել է։  Խեչումյանը որդու հետ վերջին անգամ հոկտեմբերի 16-ին է խոսել։ Հոր տեղեկություններով՝ հետագայում, երբ Վանք գյուղից դուրս են եկել, անտառով շարժվել են, ընկել փոխհրաձգության մեջ․ «Նոյեմբերի 14-ին գնացել ենք ԼՂ, իմացել ենք շրջափակման մասին, ԳՇ ենք մտել, ՊՆ․․․ Նոյեմբերի 20-ին Ադոյան Արկադին (զոհված Դավիթ Ադոյանի հայրն է, նրա եւ նրա կնոջ ցուցմունքը՝ այստեղ-հեղ․) մտավ Օնիկի մոտ, դուրս եկավ, ասաց՝ էրեխեքը էսօր զանգել են, ողջ են, օգնություն են խնդրում, Օնիկն էլ ասել էր՝ արխային գնացեք, առավոտը էրեխեքը տունն են»։ Սուրեն Խեչումյանը, սակայն, տուն չի վերադարձել։ Զոհվել է պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 26-ին։   Միլենա Խաչիկյան
20:59 - 21 մարտի, 2023
Ինչու պետք չէ Freedom House-ի զեկույցում հնչող մտահոգություններին պատասխանել ԱլԳ զեկույցով

Ինչու պետք չէ Freedom House-ի զեկույցում հնչող մտահոգություններին պատասխանել ԱլԳ զեկույցով

Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ համեմատել է Freedom House-ի և Արևելյան գործընկերության (ԱլԳ) զեկույցները՝ նշելով, որ ըստ ԱլԳ զեկույցի՝ Հայաստանը մի քանի ուղղություններում գործընկերության երկրների շարքում բացարձակ առաջատար է։ Այս երկու զեկույցները, սակայն, ունեն մեթոդաբանական, ժամանակագրական և այլ տարբերություններ, և դրանց համեմատությունը մանիպուլյատիվ է։   Ինչ է ասել Փաշինյանը Մարտի 14-ին տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի հերթական ասուլիսը։ Լրագրողներից մեկն ասուլիսի ընթացքում մեջբերումներ արեց Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպություն վերջին զեկույցից։ Նա, մասնավորապես, նշեց կառույցի արձանագրած մտահոգություններն այն մասին, որ Հայաստանի կառավարությունը կարող է լրտեսական ծրագրեր օգտագործած լինել լրագրողներին, այլախոհներին գաղտնալսելու համար, ինչպես նաև զեկույցից մեջբերեց այլ հատվածներ` դատական համակարգի, բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու և այլնի մասին։  Իր պատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, հղում անելով ԱլԳ զեկույցին, նշեց․ «Ես էլ հակառակ վիճակագրությունը բերեմ, որ Արևելյան գործընկերության զեկույցների համաձայն՝ Հայաստանը բացարձակ առաջատար է ԱլԳ երկրների շարքում անկախ դատական համակարգի, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության պաշտպանության ոլորտում, կոռուպցիայի դեմ պայքարում, և այդպես շարունակ»։   Ինչպես են ստեղծվում նշված զեկույցները Նախ, հասկանանք, թե ինչ զեկույցների մասին է խոսքը, ինչ պարբերականությամբ են դրանք հրապարակվում, և ինչ մեթոդաբանությամբ է երկրների վարկանիշավորումն իրականացվում։ Freedom House-ի «Ազատությունն աշխարհում» զեկույցը հրապարակվում է ամեն տարի։ Զեկույցով վարկանիշավորվում են և՛ պետությունները, և՛ առանձին տարածքներ։ Ամեն երկիր կամ տարածք յուրաքանչյուր ցուցանիշի համար ստանում է միավորներ՝ 0-4 բալային համակարգով։ Ցուցանիշներից 10-ը վերաբերում են քաղաքական իրավունքներին, 15-ը՝ քաղաքացիական ազատություններին։ Freedom House-ը նշում է, որ նախորդ տարվա զեկույցի միավորներն օգտագործվում են որպես ընթացիկ տարվա համար հիմք, և միավորները փոխվում են միայն այնպիսի զարգացումների դեպքում, որոնց արդյունքում տվյալ ոլորտում զգալի բարելավում կամ անկում է գրանցվել: Օրինակ՝ որևէ երկրում առաջին անգամ ազատ և արդար ընտրություններ են տեղի ունեցել, ինչը համարվում է բարելավում։ Արևելյան գործընկերության (ԱլԳ) զեկույցը հրապարակվում է մի քանի տարին մեկ։ Վերջին զեկույցն անդրադառնում է  2020-ից 2021-ի կեսերն ընկած ժամանակահատվածին։ ԱլԳ նախորդ զեկույցը հրապարակվել էր 2017-ին։  ԱլԳ-ն վարկանիշավորում իրականացվում է ըստ երեք հիմնական կատեգորիաների՝  Ժողովրդավարություն և լավ կառավարում, Քաղաքականության կոնվերգենցիա Եվրամիության հետ, Կայուն զարգացում։ Ստացվում է, որ բացի ժողովրդավարական զարգացումից՝ ԱլԳ-ն հաշվի է առնում նաև երկրների եվրոպական ինտեգրման գործընթացը։ Իսկ տարբեր կատեգորիաների համար երկրները գնահատվում են 0-1 բալային համակարգով (գնահատականները կարող են լինել, օրինակ, 0․20, 0․50 ևն)։   Ինչ են ասում զեկույցները Freedom House-ն իր զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածում նախ ներկայացնում է 2022-ի ամենակարևոր իրադարձությունները։ Դրանցից մեկը 2022-ին Ադրբեջանի հարձակումն է ՀՀ սուվերեն տարածքի վրա, մյուսը՝ լրտեսական ծրագրերի մասին հայտարարությունները։ Freedom House-ի գնահատման արդյունքներով Հայաստանն այս տարի հնարավոր 100-ից ստացել է 54 միավոր՝ նախորդ տարվա համեմատ 1 միավորով նահանջելով։ Այս 1 միավորը մեր երկիրը կորցրել է ֆիզիկական բռնությունից և պատերազմներից պաշտպանված լինելու բաժնում, իսկ պատճառը 2022 թ․ սեպտեմբերյան պատերազմն է։ Այս միավորներով Հայաստանը շարունակում է համարվել մասամբ ազատ երկիր։ ԱլԳ զեկույցում նախ խոսվում է այն մասին, որ վերջին զեկույցը հրապարակվել էր 4 տարի առաջ, և դրանից հետո բավականին շատ փոփոխություններ են տեղի ունեցել։ Հաայստանի մասով նշվում է, որ մեր երկիրը գլխավորում է «Ժողովրդավարություն և լավ կառավարում» վարկանիշային աղյուսակը, ինչպես նաև հինգ  ասպեկտներով առաջատարն է (բոլոր կատեգորիաների գնահատականներին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ)։ Քանի որ երկու կառույցների զեկույցներում էլ շատ են այն բաժինները կամ կատեգորիաները, որոնց համար երկրները գնահատվում են, անդրադառնանք միայն նրանց, որոնց մասին Փաշինյանը հիշատակեց իր խոսքում։   Խոսքի և կարծիքի ազատություն Freedom House-ի զեկույցի՝ կարծիք հայտնելու ազատությանը վերաբերող բաժնում Հայաստանը 4-ից 3 միավոր է ստացել։ Այս բաժնում կրկին հիշատակվում են Meta-ի և Citizen Lab-ի՝ 2021-ի վերջին, ինչպես նաև Google-ի՝ 2022-ին հրապարակած զեկույցները, որտեղ կասկածներ են հնչել, թե Հայաստանում այլախոհները գաղտնալսվում են: Իսկ որպես դրական փոփոխություն է նշվում Քրեական նոր օրենսգրքում ծանր վիրավորանքի մասին հոդվածը չներառելը։ ԱլԳ զեկույցում Հայաստանը «Կարծիքի և արտահայտվելու, հավաքների և միավորումների ազատություն» բաժնում 6 երկրներից առաջատարն է (0.84 միավոր)։ Սակայն պետք է հաշվի առնել, որ ԱլԳ զեկույցը վերաբերում է մինչև 2021-ի օգոստոսն ընկած ժամանակահատվածին, իսկ Freedom House-ի զեկույցում հիշատակվող հրապարակումները, որոնց վերաբերում են լրտեսական ծրագրերին, արվել են 2021-ի վերջին և 2022-ին։ Դրանք, փաստորեն, չէին կարող ազդել ԱլԳ վարկանիշավորման վրա։ Ժամանակային այս տարբերությունը վերաբերելի է նաև հաջորդիվ ներկայացվող կատեգորիաներին։ Կարևոր է նաև նշել, որ հավաքների ազատության համար  Freedom House-ն առանձին բաժին ունի, որտեղ Հայաստանը ստացել է 3 միավոր։ Այս բաժնում հիշատակվում է Անկախության օրվա միջոցառման ժամանակ տեղի ունեցած ակցիան, երբ ոստիկանությունը զոհված զինծառայողների հարազատներին բռնի բերման էր ենթարկել։   Դատական անկախ համակարգ Դատական անկախ համակարգի բաժնում Freedom House-ը Հայաստանին 1 միավոր է տվել։ Զեկույցում նշվում է, որ դատարանները բախվում են համակարգային քաղաքական ազդեցության, իսկ դատական ինստիտուտները խարխլված են կոռուպցիայի պատճառով․ «Հաղորդումներ կան այն մասին, որ դատավորները ստիպված են համագործակցել դատախազների հետ՝ դատավճիռ կայացնելու համար, իսկ արդարացման դատավճիռները չափազանց փոքր թիվ են կազմում: Կառավարությունը 2019-ին հրապարակել է դատաիրավական համակարգի բարեփոխումների հնգամյա ռազմավարությունը, բարեփոխումները շարունակվել են իրականացվել 2022 թ․, թեև առաջընթացը դանդաղ է»։ Զեկույցում նաև հիշատակվում են ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը և Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունը։ «Հոկտեմբերին իշխող խմբակցությունն ընտրեց ԲԴԽ երկու նոր անդամների։ Նրանց թվում էր արդարադատության նախկին նախարարը, որը նույնպես եղել է իշխող կուսակցության անդամ։ Ընտրությունները դիտարկվեցին որպես քաղաքականապես մոտիվացված»,- ասվում է զեկույցում։ ԱլԳ զեկույցում Հայաստանը կրկին առաջատար է այս կատեգորայիում  (0.71 միավոր)։ «Դատական որոշումները մնում են խոցելի ներքին և արտաքին քաղաքական ճնշումների նկատմամբ ԱլԳ անդամ բոլոր երկրներում, հատկապես երբ խոսքը վերաբերում է քաղաքականապես զգայուն և հնչեղ գործերին»,- գրել են զեկույցի հեղինակները՝ մատնանշելով, որ ի թիվս ԱլԳ մի շարք երկրների՝ Հայաստանում նույնպես արժանահավատ հաղորդումներ են եղել դատական համակարգում կոռուպցիայի մասին»։ Կոռուպցիայի դեմ պայքար Freedom House-ի զեկույցի այս բաժնում Հայաստանը ստացել է 2 միավոր։ Զեկույցում նշվում է, որ Հայաստանում քաղաքական գործիչների, պետական ծառայողների և գործարարների միջև փոխհարաբերությունները պատմականորեն ազդել են քաղաքականության վրա և նպաստել օրենքի ընտրովի կիրառմանը․ «Բարձրաստիճան պետական պաշտոնյաների նկատմամբ հազվադեպ է հետաքննություն իրականացվում՝ չնայած նրանց պաշտոնը չարաշահելու ակնհայտ ապացույցներին: Թեև կառավարությունը հեղափոխությունից հետո փորձեց հետաքննել անցյալի սխալ արարքները և ուժեղացնել հակակոռուպցիոն մեխանիզմները, այդ միջոցառումներին զգալիորեն խանգարեցին 2020 թ․ պատերազմից հետո անվտանգային մարտահրավերները»։ Զեկույցում նաև հիշատակվում են Մնացական Մարտիրոսյանի՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելուց հետո հնչած մտահոգությունները, ինչպես նաև այն, որ Մարտիրոսյանի՝ «քաղաքական դրդապատճառներով հարուցված գործերով» մի քանի վճիռներ չեղարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։ ԱլԳ զեկույցում Կոռուպցիայի դեմ պայքարի բաժնում Հայաստանը կրկին առաջին տեղում է (0.88 միավոր)։ Զեկույցում, սակայն նշվում է․ «Չնայած Հայաստանն ամենաբարձր միավորն է ստացել, պետության հակակոռուպցիոն ջանքերում բացեր կան, այդ թվում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում պրոֆեսիոնալ կադրերի պակասը։ Պարզվել է նաև, որ կառավարության՝ ակտիվները վերականգնելու և ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու փորձերը չեն արդարացրել հանրության սպասելիքները»:    Մարդու իրավունքների պաշտպանություն Այս մասով Freedom House-ի և ԱլԳ զեկույցները համեմատելի չեն, քանի որ Freedom House-ը չունի նման առանձին կատեգորիա․ այնտեղ բաժիններ կան ազգային, կրոնական փոխքարամասնությունների, կանանց, LGBT+ համայնքի ներկայացուցիչների իրավունքների մասին։ Իսկ Փաշինյանը սխալվում է, երբ ասում է, թե ըստ ԱլԳ զեկույցի՝ Հայաստանն այս ոլորտում առաջատարն է։ Զեկույցի «Մարդու իրավունքներ և խոշտանգումից պաշտպանության» կատեգորիայում Հայաստանը երրորդն է (0.82 միավոր) և զիջում է Ուկրաինային ու Մոլդովային։ Իհարկե, զեկույցում շեշտվում է, որ Հայաստանը 2017-ի համեմատ մեծ առաջընթաց է գրանցել այս մասով։ Նշվում է նաև, որ Բելառուսում և Ադրբեջանում ՄԱԿ-ի մարդու իրավունքների պայմանագրային մարմինների որոշումները չեն իրականացվում, և ակնհայտ խնդիրներ կան Հայաստանում ու Վրաստանում ևս։ Օրինակ, Հայաստանում, Բելառուսում և Վրասանում, ըստ զեկույցի, Մարդու իրավունքների միջազգային մեխանիզմներին զեկուցելու հարցում ձգձգումներ են գրանցվել։   Զեկույցները համեմատելի չեն Ամփոփելով նշենք, որ այս երկու զեկույցները համեմատեը մանիպուլյատիվ է մի քանի պատճառներով․ Freedom House-ի զեկույցն ամփոփում է 2022 թվականը, և այնտեղ տեղ են գտել մի շարք իրադարձություններ, որոնք օբյեկտիվորեն չէին կարող հիշատակվել ԱլԳ զեկույցում, որը ներկայացնում է իրավիճակը՝ 2020-ից մինչև 2021-ի կեսեր։ ԱլԳ նախավերջին զեկույցը հրապարակվել էր 2017-ին՝ իշխանափոխությունից առաջ, և տրամաբանական է, որ 2021-ի դրությամբ Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարի կամ խոսքի ազատության ոլորտներում պիտի առաջընթաց ունենար, մինչդեռ Freedom House-ի զեկույցը տարեկան է և ներկայացնում է, թե ինչպես է փոխվել իրավիճակը նախորդ տարվա համեմատ։   Աննա Սահակյան
17:16 - 20 մարտի, 2023
Ի՞նչ փուլում են անհետ կորածների որոնողական աշխատանքները․ Փաշինյանի եւ Թովմասյանի հայտարարությունների հետքերով

Ի՞նչ փուլում են անհետ կորածների որոնողական աշխատանքները․ Փաշինյանի եւ Թովմասյանի հայտարարությունների հետքերով

Այս տարվա հունվարի 10-ի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողներից մեկի՝ անհետ կորած անձանց վերաբերյալ հարցին, ասաց․ «Անհետ կորածների հետ կապված որոնողական աշխատանքներ են տեղի ունենում իրականում․․․ Այո, ոչ բոլոր նահատակների մարմիններն են հայտնաբերվել, բայց նաեւ ուզում եմ մեզ բոլորիս հիշեցնել, որ սեպտեմբերի 13-ից հետո մեր 17 ռազմագերիները վերադարձվել են Հայաստան, եւ մենք շարունակում ենք ջանքեր գործադրել․․․ Իմիջիայլոց, ասեմ՝ անհետ կորածներ միայն սեպտեմբերից չունենք (նկատի ունի՝ 2022 թ․ սեպտեմբերի 13-ից 14-ը Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ իրականացված ռազմական ագրեսիան), ցավոք սրտի, 44-օրյայից էլ շուրջ 200 անհետ կորածներ ունենք, եւ հիմա Գերիների եւ անհետ կորածների հարցերով հանձնաժողովը, էսպես ասած, վերակազմավորվել է ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ, եւ աշխատում են»։ Ասուլիսի հաջորդ օրը Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին․ «Նիկոլ Փաշինյանը երեկ հրավիրած իր ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ 2022թ.-ի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական վերջին սադրանքի եւ 2020թ.-ի 44-օրյա պատերազմի հետեւանքով անհետ կորած համարվող անձանց վայրը պարզելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են: Ցավում եմ, որ երկրի վարչապետը չի տիրապետում նման կարեւոր տեղեկության կամ իմիտացիա է անում, թե ամեն հարցով զբաղվում է: Իրականում 44-օրյա պատերազմի հետեւանքով անհետ կորած համարվող մոտ 200 անձանց որոնողական աշխատանքները դադարեցվել են դեռեւս 2022 թվականի հունվար ամսից: Դադարեցվել է Ադրբեջանի միակողմանի որոշմամբ: Այս հարցը բազմիցս քննարկել եմ նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի իմ գործընկերների հետ, ինչպես նաեւ տասնյակ ահազանգեր եմ ուղարկել աշխարհի տարբեր կառույցների եւ կենտրոնների, որոնք զբաղվում են մարդու իրավունքների հարցերով: Առ այսօր որեւէ դրական տեղաշարժ չկա: Լավ կլիներ, որ ասուլիսին պատրաստվելուց առաջ համապատասխան տեղեկությունները ճշտեր երկրի թիվ մեկ պաշտոնյան. անլուրջ է այս ամենը»,- ասված է գրառման մեջ։ Infocom-ը փորձել է հասկանալ, թե պաշտոնատար անձանցից ով է ճիշտ, եւ իրականում ինչ փուլում են 2020 թ․ 44-օրյա պատերազմի եւ 2022 թ․ սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով անհայտ կորած անձանց վերաբերյալ որոնողական աշխատանքները։ Հարցումներ ՀՀ ՊՆ-ին, ԱԱԾ-ին, ՔԿ-ին, Արցախի ԱԻՊԾ-ին Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 20-ին N 1236- Ա որոշման հավելված 2-ի 5-րդ մասը, համաձայն որի՝ Գերիների, պատանդների եւ անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ՝ նաեւ Հանձնաժողով) նախագահը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենն է՝ հունվարի 13-ին գրավոր հարցմամբ դիմել ենք ՀՀ ԱԱԾ-ին՝ խնդրելով հայտնել, թե ինչ փուլում են 2020 թ․ 44-օրյա պատերազմի եւ 2022 թ․ սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքները։ Եթե դրանք դադարեցվել են, ապա խնդրել ենք հայտնել, թե երբ, ինչ պատճառաբանությամբ եւ ինչ ժամկետով (եթե սահմանվել է այդպիսի ժամկետ)։ Ի հավելումն՝ խնդրել ենք հայտնել, թե վերջին տվյալներով 44-օրյա պատերազմի եւ սեպտեմբերյան ագրեսիայի մասնակից քանի անձ է համարվում անհայտ կորած, քանիսը՝ գերեվարված։  Նույնաբովանդակ հարցումներ հունվարի 13-ին ուղարկել ենք նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությանն ու Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը (Արցախի ԱԻՊԾ-ին՝ 44-օրյա պատերազմի մասով միայն), ավելի ուշ՝ նաեւ ՀՀ քննչական կոմիտեին։ ՊՆ-ն հորդորում է դիմել Գերիների հարցերով զբաղվող հանձնաժողովին, Հանձնաժողովը՝ ՔԿ-ին Հունվարի 17-ին Պաշտպանության նախարարությունը պատասխան գրությամբ տեղեկացել է, որ հայցվող տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա․ «Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»,- ասված է գրության մեջ: Նշենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված է, որ գրավոր հարցման պատասխանը տրվում է 5-օրյա ժամկետում, բացառությամբ եթե կա լրացուցիչ աշխատանքի անհրաժեշտություն։ Այդ դեպքում էլ, ըստ օրենքի, տեղեկությունը դիմողին է տրվում դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումը ստանալուց հետո՝ դարձյալ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ ՊՆ-ն, սակայն, իր սովորության համաձայն, վերջնական որեւէ ժամկետ չի նշել։ Նույն օրը Գերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար Գ․ Գասպարյանը, հարցմանն ի պատասխան, մեջբերել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջները՝ նշելով․ «Եթե տեղեկության տնօրինողը չունի փնտրվող տեղեկությունը կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է, ապա նա տվյալ գրավոր հարցումը ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին, իսկ հնարավորության դեպքում նրան տրամադրել նաեւ այդ տեղեկությունը տնօրինողի (այդ թվում՝ արխիվի) գտնվելու վայրը: Նկատի ունենալով, որ պահանջվող տեղեկությանը տնօրինում է նախաքննական մարմինը՝ անհրաժեշտ է հարցումը հասցեագրել ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է պատասխանում։ Հաջորդ օրը՝ հունվարի 18-ին, ՀՀ ՊՆ-ն, որն ընդամենը մեկ օր առաջ լրացուցիչ ժամանակ էր խնդրել, նախարարի քարտուղար Հ․ Բատիկյանի կողմից ուղարկել է գրություն՝ հետեւյալ բովանդակությամբ․ «ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված Ձեր հարցման առնչությամբ տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչապետի 20.10.2022թ.-ի N11236-Ա որոշմամբ ստեղծվել է Գերիների, պատանդների եւ անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվում է Ձեր կողմից առաջադրված հարցերով»։ Այսինքն՝ ՊՆ-ն հորդորում է դիմել այն նույն Հանձնաժողովին, որը մեկ օր առաջ արդեն իսկ խուսափել է մեզ բովանդակային պատասխան տալ՝ իր հերթին հորդորելով դիմել Քննչական կոմիտեին։ Թեեւ տարակուսելի է, թե ոլորտի պատասխանատու գերատեսչությունը եւ իրավասու Հանձնաժողովը ինչպես կարող են չտիրապետել այդ տեղեկություններին, հատկապես, որ Հանձնաժողովը ստեղծվել է հենց այդ անձանց առնչվող հարցերով զբաղվելու համար, այնուհանդերձ, հունվարի 18-ին դիմել ենք նաեւ Քննչական կոմիտեին՝ տեղեկացնելով Հանձնաժողովի գրության մասին եւ խնդրելով պատասխանել վերոնշյալ հարցերին։  ՀՀ քննչական կոմիտեն հարցմանը պատասխանել է օրենքով սահմանված առավելագույն ժամկետի խախտմամբ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը (այսուհետ՝ ՔԿ ԶՔԳՎ) հունվարի 18-ին ուղարկված գրավոր հարցմանը պատասխանել է օրենքով սահմանված առավելագույն ժամկետի խախտմամբ՝ փետրվարի 28-ին միայն։ Ինչպես արդեն նշեցինք, օրենքով սահմանված առավելագույն ժամկետը մեկ ամիսն է, որի անհրաժեշտության դեպքում պետական կառույցը պետք է գրավոր տեղեկացնի դիմողին՝ նշելով պատասխանն ուղարկելու վերջնական ժամկետը։ Մենք, սակայն, անգամ այդ մեկամսյա ժամկետի մասին չենք ծանուցվել։ Ընդ որում, ուշացման հանգամանքը, ըստ ամենայնի, քողարկելու համար ՔԿ-ն հարցման պատասխանը մակագրել է հունվարի 23-ով, մինչդեռ օրենքով սահմանված նվազագույն՝ հնգօրյա ժամկետի ավարտից հետո, երբ պատասխան չենք ստացել, հունվարի 26-ին կապ ենք հաստատել ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի հետ, որը տեղեկացրել է, որ պաշտոնատար անձը, որ պետք է պատասխանի հարցմանը, վատառողջ է, աշխատանքի չի գալիս, ուստի իրավիճակից բխող լուծում կընտրվի։ Այսինքն՝ հունվարի 23-ին այդ պատասխանը չէր էլ կարող մեզ ուղարկված լինել։ Հետագայում Աբրահամյանը ուշացումը պայմանավորել է տեխնիկական խնդրով։ Հարցման պատասխանում ՔԿ ԶՔԳՎ հատկապես կարեւոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը տեղեկացրել է, որ 2020 թ․ 44-օրյա պատերազմի եւ 2022 թ․ սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ հարցադրումները դուրս են ՔԿ իրավասության շրջանակներից։ Վարդանյանը տրամադրել է ՔԿ-ի՝ որպես նախաքննական մարմնի տիրույթում գտնվող տեղեկությունները, որոնք կներկայացնենք հաջորդիվ։ Երկրորդ հարցումից հետո Հանձնաժողովը, այնուհանդերձ, որոշ տեղեկություններ տրամադրել է Հաշվի առնելով վերոգրյալը՝ մարտի 1-ին երկրորդ հարցումն ենք ուղարկել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին՝ հայտնելով ՔԿ-ից եւ ՊՆ-ից ստացված պատասխանները եւ եւս մեկ անգամ խնդրելով որպես իրավասու Հանձնաժողովի ղեկավար տրամադրել տեղեկություններ որոնողական աշխատանքների ընթացքի մասին։ Այս անգամ պատասխանը ստացել ենք ԱԱԾ աշխատակազմի ղեկավար Ն․ Մարգարյանից, որը նշել է, որ Գերիների, պատանդների եւ անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը հայցվող տեղեկության տնօրինող չի համարվում․ «Այդ պատճառով տրամադրվում է որոնողական աշխատանքների վերաբերյալ ԱԱԾ տեղեկատվությունը»,- ասված է պատասխանում։ Ըստ այդ պատասխանի՝ 44-օրյա պատերազմի եւ հետպատերազմական իրադարձությունների արդյունքում ՀՀ վերադարձվել են 422 զոհված հայ զինծառայողների դիեր (դիակ-մասունք), որոնցից 225-ը զոհվել են 2022թ. սեպտեմբերյան մարտական գործողությունների ժամանակ։ Անդրադառնալով 2022թ սեպտեմբերի 13-ից 14-ը տեղի ունեցած մարտական գործողություններին՝ ԱԱԾ-ից հայտնել են, որ դրանց հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից՝ հակառակորդի խոր թիկունքից, դուրս են բերվել Ջերմուկի զորամասի 1 սպա եւ 1 ժամկետային զինծառայող։ Ըստ ԱԱԾ-ի՝ 2022 թ․ սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված 2 զինծառայողների դիերի դուրսբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Նշենք, որ անհասկանալի է, թե  Հանձնաժողովը, որ գործում է նույն ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ եւ զբաղվում նույն անհայտ կորած անձանց հարցերով, ինչպես կարող էր այս տեղեկության տնօրինողը չլինել եւ առաջին հարցման ժամանակ չտրամադրել այն։  Արցախի ԱԻՊԾ-ն անպատասխան է թողել մեր հարցումը Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը հարցումն ուղարկելուց հինգ օր անց պատասխան չստանալով՝ հունվարի 23-ին կապ ենք հաստատել Արցախի ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադեւոսյանի հետ, որը տեղեկացրել է, որ հարցումը չեն ստացել։ Նույն օրը՝ հունվարի 23-ին, այն երկրորդ անգամ ենք ուղարկել՝ հավաստիանալով, որ ստացել են։ Չնայած այդ հանգամանքին՝ մենք ո՛չ ծանուցվել ենք հարցմանը օրենքով սահմանված առավելագույն ժամկետում պատասխանելու մասին, ո՛չ էլ այդ ընթացքում կամ դրանից հետո պաշտոնական պատասխան ենք ստացել։ Փաստացի, Արցախի ԱԻՊԾ-ն անպատասխան է թողել մեր հարցումը՝ խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջները (ՀՀ-ի եւ Արցախի օրենքները նույնն են)։ Ինչ է հայտնի 44-օրյա պատերազմի հետեւանքով անհետ կորած անձանց որոնողական աշխատանքների մասին Ըստ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության պաշտոնական հաղորդագրությունների՝ 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ռազմական գործողությունների վայրերում որոնողափրկարարական աշխատանքներ սկսել են իրականացվել նույն թվականի նոյեմբերի 13-ից։ Այդ օրվանից սկսած՝ ԱԻՊԾ-ն պարբերաբար հաղորդում էր, թե տվյալ օրը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած որ շրջաններում են իրականացվել որոնողական աշխատանքներ, եւ դրանց արդյունքում քանի աճյուն է հայտնաբերվել։ Մանրամասն ուսումնասիրելով ԱԻՊԾ ֆեյսբուքյան պաշտոնական էջը (որում տեղադրվում են պաշտոնական կայքի հայտարարությունները)՝ կարող ենք փաստել, որ ըստ դրա՝ վերջին անգամ որոնողական աշխատանքների իրականացման մասին հաղորդվել է 2022 թ․ փետրվարի 23-ին, որի արդյունքում հայտնաբերվել է մեկ աճյուն։ Ըստ նույն հաղորդագրության՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ 2022 թ․ փետրվարի 23-ը որոնողական աշխատանքների եւ ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1711 աճյուն: Նույն հաղորդագրությամբ ԱԻՊԾ-ն նշել է, որ որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների եւ արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: Դրանից հետո, սակայն, որեւէ տեղեկություն այլեւս չի տրամադրվել։ Ընդ որում, մինչ այդ վերջին հաղորդագրությունը՝ 2022 թ․ տարեսկզբին, ԱԻՊԾ–ն բազմաթիվ անգամներ հայտնել է, որ իրականացված որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել (1, 2, 3, 4, 5)։ Հավելենք, որ որոնողական աշխատանքների արդյունքում նաեւ ողջ քաղաքացիներ են հայտնաբերվել։ Օրինակ՝ 2020 թ․ դեկտեմբերի 20-ին թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվեցին 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ։ Նրանք այժմ տուժող են Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանի վերաբերյալ դատարանում քննվող քրեական գործով։ Մեկ օր անց՝ դեկտեմբերի 21-ին էլ հայտնաբերվել են 61 օր անհայտության մեջ գտնվող 2 քաղաքացի՝ հայր եւ որդի։ 2022 թ․ նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ 44-օրյա պատերազմի հետեւանքով հայկական կողմի անհետ կորածների թիվը 203 է։ Քննչական կոմիտեից 2023 թ․ փետրվարի 28-ին մեր ստացած պատասխանի համաձայն՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում անհայտ է 196 անձի գտնվելու վայրը, որոնցից 176-ը զինծառայող են, 20-ը՝ քաղաքացիական անձ։ Ինչ է հայտնի 2022 թ․ սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով անհետ կորած անձանց մասին 2022 թ․ հոկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում գրել էր, որ սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով անհետ կորած է համարվում 29 մարդ։ Օրեր անց՝ հոկտեմբերի 22-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը հայտնել էր, որ այդ պահի դրությամբ՝ հայկական կողմը ունի 25 անհետ կորած (այս թիվը ենթակա էր նվազման՝ հաշվի առնելով ընթացքի մեջ գտնվող ԴՆԹ փորձաքննությունները)․ «Ադրբեջանական կողմը դեռեւս համապատասխան թույլտվություն, որպեսզի մեր համապատասխան ստորաբաժանումները մտնեն եւ որոնեն դիերի գտնվելու վայրերը․․․ Չկա այդպիսի թույլտվություն, իսկ ինչ վերաբերում է, որ դիտարկվում է, այո, փաստը կա, եղել է այդպիսի դեպք, որ Կուտականի ուղղությամբ մենք ունենք դիտարկվող մեկ դիակ, մեր անօդաչու թռչող սարքով դիտարկել ենք, դա գտնվում է հակառակորդի դիրքի մատույցներում, եւ այդտեղ մտնելու թույլտվություն դեռեւս չունենք»,– նշել էր Ասրյանը։ Նոյեմբերի 10-ի դրությամբ, ըստ Փաշինյանի, անհետ կորածների թիվը հասել է 16-ի․ «Եվ այդ տղաների մարմինները գտնվում են Ադրբեջանի տիրապետության ներքո հայտնված տարածքներում, ու Ադրբեջանը բոլոր հնարավոր մեթոդներով ձգձգում է նրանց վերադարձը Հայաստան»,– ասել էր վարչապետը։ Քննչական կոմիտեից 2023 թ․ փետրվարի 28-ին մեր ստացած պատասխանի համաձայն՝ 2022 թ․ սեպտեմբերյան ագրեսիայի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում անհայտ է 2 զինծառայողի գտնվելու վայր։ Ենթադրվում է, որ խոսքը ԱԱԾ-ի հայտնած նույն 2 զինծառայողների մասին է։ Ի հավելումն նշենք, որ գերությունում պահվող ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից հաստատված թիվը, ըստ ՔԿ-ի, 33 է։ Այսպիսով, բաց աղբյուրներում եղած պաշտոնական տեղեկությունների հիման վրա կարող ենք փաստել, որ 44-օրյա պատերազմի հետեւանքով անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքները առնվազն մինչ 2022 թ․ փետրվարը իրականացվել են (Թագուհի Թովմասյանը նշել էր 2022 թ․ հունվարը)։ Փաստերի համադրումից կարող ենք ենթադրել, որ դրանից հետո այդ աշխատանքները դադարեցվել են, սակայն չենք կարող պնդել՝ Ադրբեջանի խոչընդոտմա՞ն թե՞ հայկական կողմի որոշման արդյունքում, քանի որ այդ մասին ո՛չ պաշտոնական հաղորդագրություն է եղել, ո՛չ մեր հարցմանն է պատասխան տրվել։ Ինչ վերաբերում է 2022թ․ սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով անհայտ կորած համարվող 2 զինծառայողներին, ապա, ըստ ԱԱԾ-ի, նրանց դիերի դուրսբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Հետեւաբար, ԱԱԾ-ի պատասխանը հիմք ընդունելու դեպքում Փաշինյանի հայտարարությունը կարող ենք համարել իրականությանը համապատասխանող միայն այն դեպքում, եթե նա, «շարունակվում են» ասելով, նկատի է ունեցել միայն սեպտեմբերյան պատերազմի հետեւանքով անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքները։    Միլենա Խաչիկյան
16:39 - 17 մարտի, 2023
Հակակոռուպցիոն դատարանի գործերը մինչ օրս «Դատալեքս»-ում հասանելի չեն․ խախտվում է հրապարակայնության սկզբունքը

Հակակոռուպցիոն դատարանի գործերը մինչ օրս «Դատալեքս»-ում հասանելի չեն․ խախտվում է հրապարակայնության սկզբունքը

2021 թվականի ապրիլի 14-ին Ազգային ժողովն ընդունեց Հայաստանում հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու օրենսդրական փաթեթը, որով սահմանվեց, որ նորաստեղծ մասնագիտացված դատարանի կողմից ենթակա են քննության Քրեական դատավարության օրենսգրքով Հակակոռուպցիոն դատարանների իրավասությանը վերապահված վարույթները (տես՝ Քրեական օրենսգրքի հավելված N 1), ինչպես նաեւ դատախազի կողմից հարուցված՝ քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային եւ ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով եւ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը։ 2022 թ․ օգոստոսի 20-ից Հակակոռուպցիոն դատարանը սկսեց իր գործունեությունը։ Նորաստեղծ դատարանի աշխատանքի մեկնարկին, սակայն, եւ մինչ օրս՝ դրանից ավելի քան կես տարի անց էլ դատարանի վարույթում գտնվող գործերի հրապարակայնությունը դեռեւս լիարժեք չի ապահովվում։ Տեխնիկական համապատասխան կարգավորումների բացակայության պայմաններում խախտվում են «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի եւ Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ՝ նաեւ ԲԴԽ) համապատասխան որոշման դրույթները։ Ի՞նչ է սահմանում օրենքը «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ «Դատական վարույթի հրապարակայնությունը» վերտառությամբ 11-րդ հոդվածը սահմանում է, որ դատական նիստերը դռնբաց են (բացառությամբ դռնփակ դատական նիստ անելու օրենքով սահմանված հիմքերի)։ Նույն հոդվածի համաձայն՝ դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում են գործի եւ դրա ընթացքի վերաբերյալ տեղեկություններ, որոնց ցանկը եւ հրապարակման կարգը սահմանում է ԲԴԽ–ն։ Դատական ատյանում վարույթը եզրափակող դատական ակտերը, օրենքով կամ ԲԴԽ որոշմամբ նախատեսված դեպքերում նաեւ այլ դատական ակտերը եւս ենթակա են պարտադիր հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում։  Օրենքի այս դրույթն ապահովելու համար 2021 թվականի փետրվարի 25-ին ԲԴԽ նախագահի՝ ԲԴԽ-9-Ո-13 որոշմամբ սահմանվել է քաղաքացիական, սնանկության, վարչական, քրեական գործերի եւ դրանց ընթացքի վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկը, ինչպես նաեւ կայացված դատական ակտերի, այդ թվում՝ եզրափակիչ դատական ակտերի հրապարակման կարգը։ ԲԴԽ նույն որոշմամբ սահմանվել է նաեւ, որ Դատական ավտոմատացված համակարգում լրացված հիշյալ տեղեկությունները յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում համապատասխան ծրագրի միջոցով ավտոմատացված եղանակով տեղափոխվում են «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգ՝ datalex.am: Հակակոռուպցիոն դատարանի գործերը «Դատալեքս»-ում հասանելի չեն Դատական իշխանության պաշտոնական կայքի «Դատալեքս» տեղեկատվական համակարգում հնարավոր է գտնել դատարան ուղարկված քաղաքացիական, քրեական, վարչական, սնանկության եւ վճարման կարգադրություններով գործերի վերաբերյալ օրենքով նախատեսված բոլոր տեղեկությունները։  Հակակոռուպցիոն դատարանի գործերը, սակայն, համակարգում մինչ օրս հասանելի չեն, ուստի հանրությունը, հասարակական կազմակերպություններն ու զանգվածային լրատվության միջոցները հնարավորություն չունեն հետեւել այդ դատարանի վարույթում գտնվող գործերի ընթացքին, ծանոթանալ դրանց վերաբերյալ իրենց անհրաժեշտ տեղեկությանը կամ կայացված դատական ակտերին։  Նշենք, որ այդ տեղեկությունները ՀԿ-ներին կամ ԶԼՄ-ներին անհրաժեշտ են լինում իրենց մասնագիտական աշխատանքի ընթացքում, եւ որպես կանոն, հասանելի են դառնում հենց «Դատալեքս»-ի միջոցով։ Լրագրողները, օրինակ, «Դատալեքս»-ով են տեղեկանում կոնկրետ գործերով նշանակված դատական նիստերի օրվա եւ ժամի, դրանց հետաձգման պատճառների մասին, «Դատալեքս»-ի միջոցով են ծանոթանում կայացված դատական ակտերի ամբողջական տարբերակին, հետեւում դրանց դեմ ներկայացվող բողոքների ընթացքին, հրապարակումներ անում այդ եւ այլ թեմաների մասին։  Հետեւաբար տեխնիկական համապատասխան կարգավորումների բացակայությունը խոչընդոտներ է ստեղծում նաեւ վերջիններիս աշխատանքի համար։ Ինչ քայլեր է ԲԴԽ-ն ձեռնարկում խնդրին լուծում տալու համար  Բարձրագույն դատական խորհուրդն այս խնդրին առաջին անգամ անդրադարձել է 2022 հոկտեմբեր ամսին՝ հայտնելով, որ նախքան դրա ամբողջական լուծումը դատական իշխանության պաշտոնական կայքում՝ court.am-ում, կհրապարակվի Հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող գործերի ժամանակացույցը (հայտարարությունը այժմ հեռացված է)։ Ըստ այդմ, հոկտեմբեր ամսից սկսած ԲԴԽ-ն շաբաթական մեկ անգամ հրապարակում է այդ ժամանակացույցը (օրինակը՝ այստեղ), որը ներառում է հետեւյալ տեղեկությունները․ քրեական գործերով՝ գործի համարը, այն քննող դատավորի անուն–ազգանունը, մեղադրյալի/մեղադրյալների անուն–ազգանունը, հերթական դատական նիստի օրը, ժամը, նիստերի դահլիճի համարը, քննության դռնբաց կամ դռնփակ ռեժիմը, իսկ քաղաքացիական գործերով՝ նաեւ հայցի պահանջն ու կողմերի անունները։ Հասկանալի է, որ ԲԴԽ այս քայլը իրավիճակային է եւ հրապարակման ենթակա՝ օրենքով սահմանված տեղեկությունների չնչին մասն է ապահովում միայն։ Բովանդակային եւ ընթացակարգային բազմաթիվ տեղեկություններ, կայացված դատական ակտեր շարունակում են մնալ անհասանելի։ Դրանից բացի, ինչպես նշեցինք, այս ժամանակացույցը հրապարակվում է շաբաթական մեկ անգամ՝ հիմնականում շաբաթվա վերջ կամ սկիզբ, հետեւաբար դրանից հետո նշանակված նիստերի օրվա կամ ժամի փոփոխությունները այլեւս առանձին չեն հրապարակվում եւ ժամանակին հանրությանը հասանելի չեն դառնում։ Պետական գնումների armeps.am կայքում առկա տեղեկությունների հիման վրա կարող ենք փաստել, որ Հակակոռուպցիոն դատարանի աշխատանքի մեկնարկից ամիսներ առաջ՝ 2022 թ․ ապրիլի 15-ին, եւ մեկնարկից օրեր անց՝ օգոստոսի 29-ին, ԲԴԽ աշխատակազմը՝ Դատական դեպարտամենտը, պայմանագրեր է կնքել համակարգը սպասարկող «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ընկերության հետ, որոնցով նախատեսվել է, ի թիվս այլնի, Հակակոռուպցիոն դատարանում ներդնել բաշխման եւ վերաբաշխման ենթահամակարգեր՝ ըստ գործերի տեսակների (Դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորների միջեւ գործերի բաշխումը, վերաբաշխումը եւ կոլեգիալ դատական կազմերի ձեւավորումը կատարվում են հատուկ համակարգչային ծրագրի՝ պատահական ընտրության միջոցով), ինչպես նաեւ ապահովել «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի (այն դատարաններում գործավարությունն էլեկտրոնային եղանակով իրականացնելու ծրագիրն է) լիարժեք շահագործումը։ Պայմանագրերից ոչ մեկով, սակայն, չեն սահմանվել դրույթներ «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի Հակակոռուպցիոն դատարանի բաժնի եւ դատական տեղեկատվական համակարգի միջեւ կապի հաստատման, էլեկտրոնային գործավարության արդյունքում ստեղծված ինֆորմացիոն բազան «Դատալեքս»-ում հասանելի դարձնելու ուղղությամբ նախատեսվող աշխատանքների վերաբերյալ (Դեպարտամենտից հավաստիացել ենք, որ 2022 թ․ հիշյալ պայմանագրերից բացի Հակակոռուպցիոն դատարանին առնչվող այլ պայմանագիր չի կնքվել)։ Վերոգրյալը հաշվի առնելով՝ Infocom-ը գրավոր հարցումներ է ուղարկել ԲԴԽ-ին՝ ի թիվս այլնի հետաքրքրվելով, թե ինչ քայլեր են ձեռնարկվում օրենքով սահմանված հրապարակման ենթակա տեղեկությունների եւ դատական ակտերի ամբողջական ցանկը հանրությանը հասանելի դարձնելու ուղղությամբ։ Ի պատասխան՝ Դատական դեպարտամենտից տեղեկացրել են․ «Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործերի եւ դրանց ընթացքի վերաբերյալ տեղեկությունները Datalex դատական տեղեկատվական համակարգում հասանելի դարձնելու նպատակով իրականացվում են լրացուցիչ աշխատանքներ»։ Չբավարարվելով այս անորոշ պատասխանով՝ երկրորդ հարցումն ենք ուղարկել՝ խնդրելով մանրամասնել, թե կոնկրետ ինչ աշխատանքներ են իրականացվում այդ ուղղությամբ։ Միաժամանակ խնդրել ենք հայտնել, թե ինչ պատճառով Հակակոռուպցիոն դատարանին վերաբերելի՝ մինչ օրս կնքված պայմանագրերում չեն նախատեսվել դրույթներ վերջինիս վարույթում գտնվող գործերը եւ դրանց ընթացքի վերաբերյալ տեղեկությունները «DataLex»–ում հասանելի դարձնելու նպատակով ծրագրային աշխատանքներ իրականացնելու մասին, որպեսզի դատարանի աշխատանքի մեկնարկին կամ գոնե դրանից կարճ ժամանակ անց այդ աշխատանքներն ավարտված լինեին։ Խնդրել ենք հայտնել նաեւ՝ Դատական դեպարտամենտը ծրագրում է արդյոք «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ընկերության հետ կնքել նոր պայմանագիր, որով կնախատեսվեն իրականացնել ծրագրային հիշյալ աշխատանքները։ Դրական պատասխանի դեպքում խնդրել ենք հայտնել հնարավոր ժամկետները։ Ի պատասխան այս հարցմանը՝ Դեպարտամենտից տեղեկացրել են. «ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվող գործերի եւ դրանց ընթացքի վերաբերյալ տեղեկությունները «DataLex» դատական տեղեկատվական համակարգում (այսուհետ՝ Համակարգ) հասանելի դարձնելու նպատակով ներկայում իրականացվում են ծրագրային եւ տեխնիկական աշխատանքներ, որոնք իրենցից ենթադրում են Համակարգում համապատասխան միջոցների (գործիքակազմի) նախատեսում, Դատարանի քննվող գործերի ենթաբաժնի ստեղծում, եւ որոնցով Դատարանում քննվող գործերի ընթացքի վերաբերյալ «Դատական համակարգ» համակարգչային ծրագրում (CAST) (այսուհետ՝ Ծրագիր) առկա տեղեկությունները կլինեն հասանելի»:  Անդրադառնալով այդ աշխատանքները ավելի վաղ սկսելու հնարավորության հարցին՝ Դեպարտամենտից նշել են․ «Դատական դեպարտամենտի եւ «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ՍՊԸ-ի (այսուհետ՝ նաեւ Ընկերություն) միջեւ 2022 թ․ ընթացքում կնքված պայմանագրերը վերաբերել են Ծրագրի միայն սպասարկման ծառայությունների մատուցմանը, որոնցով հնարավոր չէր նախատեսել Համակարգում ծրագրային եւ տեխնիկական աշխատանքների իրականացման պայմաններ»: Թե ինչու այդ պարագայում ծրագրային եւ տեխնիկական աշխատանքների իրականացման առանձին պայմանագիր չի կնքվել, Դեպարտամենտից չեն պարզաբանել։ Ինչ վերաբերում է հնարավոր ժամկետներին, ստացված պատասխանի համաձայն՝ ծրագրային եւ տեխնիկական հիշյալ աշխատանքների իրականացման արդյունքում միայն հնարավոր կլինի քննարկել Համակարգում համապատասխան միջոցների (գործիքակազմի) ներդրման մասին պայմանագրի կնքման հնարավորության հարցը: Հավելենք, որ վերոնշյալ պայմանագրերով սահմանված բաշխման եւ ենթաբաշխման համակարգերի ներդման աշխատանքները, ըստ Դեպարտամենտից ստացված պատասխանի, ամբողջությամբ կատարվել են, եւ Հակակոռուպցիոն դատարանում այժմ գործում են բաշխման եւ վերաբաշխման ենթահամակարգերը։ Միեւնույն ժամանակ դրանց կատարելագործման ուղղությամբ լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով կողմերի միջեւ կնքվել է նոր պայմանագիր։ «Դատալեքս»-ը սպասարկող ընկերության տնօրենը տեղյակ չէր խնդրի մասին «Դատալեքս»-ը սպասարկող «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մանուկյանին ուղղված մեր գրավոր հարցումն անպատասխան է մնացել։ Մենք կապ ենք հաստատել Արմեն Մանուկյանի հետ, որը կարծիք է հայտնել, որ իրենք, չհանդիսանալով պետական մարմին, պարտավոր չեն պատասխանել գրավոր հարցումներին։ Նշենք, սակայն, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տեղեկության տնօրինող են համարվում ոչ միայն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, այլեւ բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունները։ «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ՍՊԸ-ն կատարված ծառայությունների դիմաց վարձատրվում է Դատական դեպարտամենտից, որի բյուջեն էլ հանդիսանում է պետական բյուջեի մաս, հետեւաբար «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը տարածվում է նաեւ նրանց վրա։ Այնուհանդերձ, Մանուկյանը համաձայնել է բանավոր պատասխանել մեր հարցերին։ Մեր զրույցում նա նշել է, որ կնքված պայմանագրերով սահմանված աշխատանքների հիմնական մասը կատարվել է, որոշակի գործառույթների հետ կապված ճշտումների կարիք է եղել․  «Երբ մոդելավորում ես, կարող է մի դեպք դուրս գա, բացեն, ասեն՝ բա էդ դեպքում ինչ ենք անում, գնում են, վերլուծեն, որ երբ հասկանան, էդ ժամանակ մասնագետները վերջնական մոդելավորեն, ավտոմատացնեն, միացնեն, այսինքն՝ աշխատանքային ընթացիկ իրավիճակ է»։ Մանուկյանը տարակուսանք է հայտնել, թե ինչու են մեզ հուզում այդ հարցերը, եւ դրանք քննարկելով՝ մենք ինչ բարիք ենք ստեղծում հանրության համար․ «Մեր բոլորիս խնդիրն է մեր տեղերում ծառայել ժողովրդին, հիմա ես չեմ հակսանում՝ ուզում եք մի հատ նեգատիվ ինֆորմացիա գցե՞լ»։ Լսելով Հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող գործերի՝  «Դատալեքս»-ում հասանելի չլինելու խնդրի մասին՝ Մանուկյանը նախ զարմացել է, ապա՝ շնորհակալություն հայտնել․ «Եթե հիմա «Դատալեքս»-ում չեն հայտնվում, ապա կհայտնվեն, ընդհանուր սպասարկման հետ կապված խնդիրներ կան, պրոյեկտ մենեջեր կա, ամբողջ օրը թիմը աշխատում է էդ թեմաների վրա, եթե չի հայտնվում, շնորհակալություն, այ դա բարիք է արդեն, նշանակում է՝ մեր սխալն է, հազար ներողություն կամ էլ տեխնիկական խնդիրներ են, մենք մաքսիմալը փորձում ենք անել, ես ավելի ուշադիր կլինեմ»,- ասել է նա՝ դժվարանալով հստակ ժամկետներ նշել։ Հավելենք, որ 2024 թ․ հունվարի 1-ից ՀՀ-ում սկսելու է գործել Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը (այժմ գործող Վերաքննիչ քրեական դատարանում առանձին դատավորներ են քննում հակակոռուպցիոն գործերը, իսկ Վճռաբեկ դատարանում գործում է Հակակոռուպցիոն պալատը), ուստի ծրագրային եւ տեխնիկական համապատասխան կարգավորումների անհրաժեշտությունն առաջանալու է նաեւ այնտեղ։    Միլենա Խաչիկյան
17:15 - 16 մարտի, 2023
«Մինչեւ դեկտեմբերի 27–ը մեր էրեխեքը մնացին շրջափակման մեջ, ոչ մեկը չգնաց օգնության». զոհված զինծառայողի հայրը՝ դատարանում

«Մինչեւ դեկտեմբերի 27–ը մեր էրեխեքը մնացին շրջափակման մեջ, ոչ մեկը չգնաց օգնության». զոհված զինծառայողի հայրը՝ դատարանում

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում երեկ ժամեր շարունակ հարցաքննվեցին նույն գումարտակի զոհված զինծառայողների ծնողները։ Ուսումնական գումարտակը, հիշեցնենք, հրամանատար, մայոր Իշխան Վահանյանի ղեկավարությամբ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին մեկնել է Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ մարտական առաջադրանքի, որտեղ, սակայն, հարձակման է ենթարկվել եւ հարկադրված նահանջ իրականացրել։ Ըստ մեղադրանքի՝ Վահանյանը, դրսեւորելով իշխանության անգործություն, թեթեւ վնասվածքը որպես պատրվակ օգտագործելով, ինքնակամ լքել է մարտադաշտը՝ իր հետ տանելով կապի միակ միջոցը։  Նա մեղադրանքը չի ընդունում։ Վարդուհի Մանուկյանի խոսքով՝ Ջալալ Հարությունյանն է հրամայել նորակոչիկներին հանել Խուռհատ սարը Տուժողի իրավահաջորդ Վարդուհի Մանուկյանը պատմեց, որ իր որդին՝ Ռաֆայել Սահակյանը, բանակ է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 1-ին։ Սեպտեմբերի 18-ից Մանուկյանը 4 օր շարունակ եղել է զորամասում, տեսակցել որդուն, զինվորների խոսակցություններից լսել, որ Իշխան Վահանյանի հետ կապված խնդիրներ կան․ զինվորներին նեղացնում է։ Պատերազի մեկնարկից հետո Մանուկյանը որդու հետ կապի մեջ է եղել մինչեւ հոկտեմբերի 12-ը․  «Շատ լավ հիշում եմ մի դրվագ․ ասաց՝ որ ասում էին՝ ապահով տեղում ենք եղել, չի եղել տենց բան, երկրորդ–երրորդ գիծ չի եղել, սաղ առաջին գիծ է եղել նահանջի պայմաններում, խրամատը ծնկներից հետ էր, երբ դիվերսիան ներս էր մտնում, էրեխեքը խուճապար իրար վրա էին կրակում․․․ Ռաֆիս հետ խոսելիս մի անգամ ասաց՝ Խըդըրը տրաքեց, ու էս չակերտավորը (ցույց է տալիս Իշխան Վահանյանին,–հեղ․) էրեխեքին ասել է՝ եթե մեկդ գնացիք, սաղիդ լեշ եմ սարքելու, էդ լեշը մեզ պետք չի, ու Խըդըրին թողել են էդտեղ, էրեխեքին չի թույլատրել՝ գնան, հանեն, հետո մի կամավորական է նրան հանել»։ Լուսանկարում՝ Վարդուհի Մանուկյանը Մանուկյանի տեղեկություններով՝ սեպտեմբերի 29-30–ի սահմաններում Արա լեռի տարածքում են եղել, մարտ վարել, որից հետո մոտ 60 հոգով, առանց սպայակազմի, միայն մի սերժանտի հետ շարժվել են Հադրութ․ «Ասում եմ՝ ճանապարհի տակի հատվածով արի, որ գերի չընկնես, ասում է՝ ավելի լավ է կանգնած մեռնեմ, քան ծնկաչոք ապրեմ»։ Մոր խոսքով՝ հոկտեմբերի 3-ին տղաները եղել են Հադրութում․ «Ամսի 8-ին դպրոցը թիրախավորվում է, ունենում են վիրավորներ, Ջալալի հրամանով այդ օրը սա էլ է էդտեղ լինում (ցույց է տալիս Վահանյանին,–հեղ․), ու խնդիր է դրվում, որ էրեխեքին հանեն դիրքեր, տղաս ասում է՝ պիտի բարձրանանք, ասում եմ՝ դուք անփորձ եք, ո՞նց են թույլ տալիս․․․ Ռաֆոն ասում էր՝ էդ դիրքերը էլ չունենք, Ջալալն էլ ասել է՝ ինձ չի հետաքրքրում, հանում եք բոլորին»։ Վարդուհի Մանուկյանը նշեց նաեւ՝ դպրոցում խոսակցություն է եղել, որ նորակոչիկների բարոյահոգեբանական վիճակը բավականին ծանր է, պատրաստ չեն մարտի, սակայն հրամանատարությունն ասել է՝ պիտի հանենք դիրքեր, Վահանյանին են հարցրել՝ արդյո՞ք կարող է տանել, նա էլ դրական է պատասխանել։ Հոկտեմբերի 10-ի Խուռհատ սարի դեպքերից հետո Ռաֆայել Սահակյանն ընկնել է շրջափակման մեջ․ «Հոկտեմբերի 11-ին ես խոսել եմ 9-րդ եւ 1-ին ՊՇ հրամանատարների հետ, խոսել եմ Արցախի ԱԻՊԾ–ի պետի հետ, որ մարդ ուղարկեն, էրեխեքին շրջափակումից դուրս բերեն, Արցախի ԱԻՆ–ը 2 ուղղությամբ գնում է․ մեկը՝ «9 կմ» կոչվող տարածք, մյուսը՝ Խուռհատ սարի տարածք, առաջին ուղղությամբ որ գնում են, դիվերսիա է լինում, երկրորդով էլ չեն գնում»։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 12-ի առավոտյան, Ռաֆայելը զանգել է մորը, ասել, որ նույն տեղում շրջափակման մեջ են, իր հետ կան տասնյակից ավելի զինվորներ, որից 7-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Դա եղել է վերջին խոսակցությունը․ «Դրանից հետո ես խոսեցի Գարիկ Վարդերեսյանի հետ, ասաց, որ էլ կապ չունի այդ գումարտակի հետ, Հայրիյան Արոյի հետ խոսեցի, ասաց՝ ես նոր եմ նշանակվել, որեւէ բան չգիտեմ, սրա մոտ էլ է եղել հեռախոս (դարձյալ ցույց է տալիս Վահանյանին,–հեղ․), կապի մեջ եղել է ու շատ լավ իմացել է՝ էրեխեքին ուր է տանում»։ Նոյեմբերի 11-ից Վարդուհի Մանուկյանը եղել է Արցախի Հերհեր գյուղում, զինծառայողներից հետաքրքրվել իր որդու մասին․ «Հադրութի ու Ջրականի էրեխեքն էին հավաքվել, խոսել եմ իրենց հետ, չեմ ասել, որ Ռաֆոյի մայրն եմ, ասել եմ, որ բարեկամն եմ, որ կարողանամ ինֆորմացիա ստանալ․․․ Վահանյանից էին շատ խոսում, ասում, որ թիվ մեկ մեղավորը ինքն է, իր վիրավորումը ոչ մեկը չի տեսել, ինքը թողեց, փախավ, բայց նաեւ ասում էին՝ արել է էն, ինչ հրամայել են»։ Բենիկ Գալստյանի խոսքով՝ իր որդու դին 6-7 ամիս եղել է Կապանի դիահերձարանում, մինչդեռ նրա զինգրքույկը Խոջալուից է հայտնաբերվել Բենիկ Գաբրիելյանը զոհված Արման Գաբրիելյանի հայրն է։ Վերջինս պատերազմի ժամանակ եղել է 2 ամիս 10 օրվա զինծառայող։ Նա պատմեց, որ հոկտեմբերի 3-ին է հնարավորություն ունեցել խոսել որդու հետ, որի ժամանակ որդին ասել է՝ նահանջ տալով՝ մեզ բերում են մեր սպաները։ Լուսանկարում՝ Բենիկ Գալստյանը Հոկտեմբերի 5-ից հետո կապը կորել է․ «Թալինցի մի տղա կար՝ Աշոտ անունով, նրան բերել էին Մուրացանի հոսպիտալ, նա է ասել, որ իմ տղան է իրեն վիրավոր հանել․․․ Ասել է, որ Հադրութի դպրոցից իրենց տարել են դիրքերը քանդած տեղը՝ այդ սարը, դիրքավորվել են, մեր էրեխեքը վիրավոր են մնացել թե զոհվել են՝ չգիտեմ, իրենց հետի տղերքը՝ շարքայինից մինչեւ գեներալ, փախել են, մեր էրեխեքին չեն օգնել, բոլորը պիտի պատասխան տան, միայն ինքը չէ (ցույց է տալիս Վահանյանին,–հեղ․)․․․ Դրանից հետո Հայկազի հետ եմ մի քանի անգամ խոսել, ասաց՝ տղերքը մնացել են շրջափակման մեջ, ի՞նչ անեմ, քաշեմ գրանատը, ինձ պայթացնե՞մ, որ ծնողներից պրծնեմ․․․ Բոլորը պիտի պատասխան տան, դատարանին խնդրում եմ»։ Գալստայնը հայտնեց, որ իր որդու զինվորական գրքույկը գտել է Խոջալուից, մինչդեռ նրա մարմինը 6-7 ամիս մնացել է Կապանի դիահերձարանում․ «Խի՞ պիտի մնար, թող մի հատ թուղթ գրեին, թողնեին վրան, ո՞վ պիտի պատասխան տա դրա համար»,– հուզված ասաց ծնողը։ –Իսկ տեղյա՞կ եք՝ ինչ է տեղի ունեցել, որ Ձեր որդին․․․,– փորձեց հետաքրքրվել հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը։ –Պատերազմ է տեղի ունեցել, եսիմ․․․ Սարից թողել, փախել են, էդ էրեխեքը մնացել են մենակ․․․«Շուշին գրավված է, պատերազմն էլ ավարտված է» Հարցաքննված մյուս իրավահաջորդը Ռուստամ Այվազյանն էր՝ զոհված Արտաշես Այվազյանի հայրը։ Նա պատմեց, որ պատերազմի լուրն իմանալով՝ արտերկրից շտապել է Հայաստան, խոսել որդու հետ։ Ամեն զանգի ժամանակ որդին ասել է՝ ամեն ինչ նորմալ է, շատ բան չի հայտնել։  Լուսանկարում՝ Ռուստամ Այվազյանը Վերջին անգամ հայրը որդու հետ խոսել է հոկտեմբերի 16-ին․ «Մի րոպե երեւի չենք խոսել, ասաց՝ 6 օր ա՝ ոչ մեկը չի եկել, մենք շրջափակման մեջ ենք, չի ասել՝ որտեղ, հարցրել եմ՝ որտեղ ես, գանք, ասել է՝ չէ, դու դժվար էլ հասնես էստեղ։ Հարցրել եմ՝ քանի՞ հոգի եք, ասել է՝ մոտ 20 հոգի, հարցրել եմ՝ սպա կա՞, ասել է՝ չէ, ունենք մի վիրավոր սերժանտ՝ Հարութը»։ Այվազյանը ցավով հայտնեց, որ իրենք վստահ էին մեր սպաների վրա եւ չէին կարծում, թե նորակոչիկներին կթողնեն բախտի քմահաճույքին․ «Զանգել եմ Քարամյան Արթուրին, ինձ ասել է՝ հարցեր մի տվեք, ես չգիտեմ, զանգեք Հայրիյան Արայիկին, զանգել եմ նրան, չի պատասխանել, հետո զանգել եմ փոխգնդապետ Մկրտչյան Աշոտին, հետո գնացել եմ Հերհեր գյուղ․․․ Ասել են՝ որդիդ անհայտների մեջ է, բայց երկու հոգի դուրս է եկել, հեսա էլի դուրս են գալու, տենց հեքիաթներ․․․»։ Ծնողի խոսքով՝ նոյեմբերի 23-ին Հարութ Կարախանյանը զանգել է «Ղարաբաղ տելեկոմ», ասել, որ օգնություն է պետք, շրջափակման մեջ են, հաջորդ օրը զանգել է իր բարեկամի տուն, ընկերոջն է հարցրել, ասել են՝ ընկերը զոհված է, Հարութն ասել է՝ ուզում ենք Շուշիով դուրս գալ, ասել են՝ Շուշին գրավված է, պատերազմն էլ ավարտված է»։ Նոյեմբերի 27-ի առավոտյան Ռուստամ Այվազյանը գնացել է Արցախ, վերադարձված դիակների մեջ ճանաչել իր որդուն։ Դավիթ Ներսեսյանի խոսքով՝ սպաները զինվորներին ասել են՝ ձեզ տանում ենք կայֆոտ տեղ Հարցաքննված մյուս իրավահաջորդը Դավիթ Ներսեսյանն է՝ զոհված Կարեն Ներսեսյանի հայրը․ «Իմ միակ տղան էր, դպրոցն ավարտեց, ընդունվեց համալսարան, ես գրագետ զինվոր ուղարկեցի բանակ, վերջում ապացուցեցին, որ ոչ միայն գրագետ էին, այլեւ հերոսներ են»։ Լուսանկարում՝ Դավիթ Ներսեսյանը Ներսեսյանը որդու հետ կապի մեջ է եղել մինչ հոկտեմբերի 15-ը, երբ որդին արդեն Հադրութի Վանք գյուղում է եղել՝ շրջափակման մեջ․ «Որ չէին զանգում, մեզ ասում էին՝ էրեխեքին պահել են բունկերում, մալադոյներին չեն տանում պատերազմ, նույնիսկ սպաներն ասել են՝ ձեզ տանում ենք կայֆոտ տեղ․․․ Մինչեւ դեկտեմբերի 27–ը մեր էրեխեքը մնացին շրջափակման մեջ, ոչ մեկը չգնաց օգնության, բա թե ես տեղյակ չէի, այնինչ բոլոր ծնողները տեղյակ էին, խոսում էին, որ անտառներում զինվորներ կան»։ Ծնողի խոսքով՝ եթե Վահանյանը կարողացել է փրկվել, ապա կարող էր նաեւ զինվորներին փրկել․ «Բայց մենակ ինքը չէր կարող մեղավոր լիներ, դժվար թե էսքան զորք իրեն ենթարկվեր»։ Նա դատարանին խնդրեց Վահանյանին դատապարտել կամ ցմահ ազատազրկման, կամ գնդակահարության։   Հարցաքննված մյուս ծնողների ցուցմունքները՝ այստեղ եւ այստեղ Գլխավոր լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Միլենա Խաչիկյան
16:47 - 10 մարտի, 2023
«Խոստացան զինվորներին հանել շրջափակումից, բայց բոլորը խաբեցին»․ զոհված Դավիթ Ադոյանի մայրը հարցաքննվեց դատարանում

«Խոստացան զինվորներին հանել շրջափակումից, բայց բոլորը խաբեցին»․ զոհված Դավիթ Ադոյանի մայրը հարցաքննվեց դատարանում

Խուռհատ սարի գործով տուժողի իրավահաջորդ Արկադի Ադոյանի խոսքով՝ Հայաստանի եւ Արցախի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, որ տեղյակ են եղել Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի անձնակազմի՝ շրջափակման մեջ ընկնելու հանգամանքին, զինծառայողների ծնողներին սին հույսեր տալով եւ խաբելով՝ չեն կարողացել եւ չեն ցանկացել որեւէ բան անել նրանց փրկելու համար։ Արկադի Ադոյանը 5-րդ գումարտակի շարքային զինծառայող, զոհված Դավիթ Ադոյանի հայրն է, որը նման ցուցմունք է տվել 2021 թ․–ին՝ քրեական գործի նախաքննության ընթացքում՝ հիշատակելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի, ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի, ՊԲ եւ ՊՆ միջին եւ բարձրագույն սպայակազմի, մի շարք այլ պաշտոնյաների անուններ։ 2021 թ․ սեպտեմբերի 7-ին Արկադի Ադոյանը մահացել է։  Այժմ նրա կինը՝ Լիլյա Սարգսյանն է հանդիսանում որդու՝ Դավիթ Ադոյանի իրավահաջորդը։ Սարգսյանը երեկ հարցաքննվեց Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ հրապարակելով ամուսնու ցուցմունքն ու պատմելով որդու եւ նրա ծառայից ընկերների մարտական պատմությունը։ Ուսումնական գումարտակը, հիշեցնենք, հրամանատար, մայոր Իշխան Վահանյանի ղեկավարությամբ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին մեկնել է Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ մարտական առաջադրանքի, որտեղ, սակայն, հարձակման է ենթարկվել եւ հարկադրված նահանջ իրականացրել։ Ըստ մեղադրանքի՝ Վահանյանը, դրսեւորելով իշխանության անգործություն, թեթեւ վնասվածքը որպես պատրվակ օգտագործելով, ինքնակամ լքել է մարտադաշտը՝ իր հետ տանելով կապի միակ միջոցը։ Նա մեղադրանքը չի ընդունում։ Գումարտակի հրամանատարի ենթադրյալ փախուստից հետո նորակոչիկների անձնակազմը մի քանի սպաների հետ չկանոնակարգված նահանջ է իրականացրել, ինչի արդյունքում անձնակազմը կիսվել է․ մի մասին հաջողվել է փրկվել, մյուսին՝ ոչ․ որոշ զինծառայողներ, տեղեկացված չլինելով Հադրութ քաղաքի գրավման մասին, գնացել են այդ ուղղությամբ, գերեվարվել կամ զոհվել, որոշներին էլ հաջողվել է թաքնվել անտառներում, հարակից գյուղերի տներում, բայց ցավոք՝ ժամանակավորապես։ Դավիթ Ադոյանը Վանք գյուղի տներից մեկում թաքնված խմբի զինծառայողներից է եղել։  Լիլյա Սարգսյանը դատարանում պատմեց, որ իր որդին բանակ է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 17–ին, ծառայությունից երբեք չի բողոքել․ «Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան՝ ժամը 6։41–ին, ես խոսել եմ հետը, եւ մտքովս անգամ չի անցել, որ դրանից 20-30 րոպե հետո պատերազմ է սկսվելու»։ Այդ օրը որդուն որքան զանգել են, անհասանելի է եղել, հաջորդ օրը նա է զանգահարել այլ համարով, բացատրել՝ իր հեռախոսը դրել է լիքցավորման եւ այդպես էլ չի վերցրել․ «Օրը մեկ անգամ զանգել է ինձ, եղբայրներին, հորը, ասել՝ լավ եմ, ամեն ինչ նորմալ է, չանհանգստանաք, բայց մարտական ուղու մասին ընդհանրապես ոչինչ չենք իմացել»։ Լիլյա Սարգսյանի խոսքով՝ երբ հոկտեմբերի 8-ին որդին հերթական անգամ զանգահարել է, հեռախոսի էկրանին գրվել է Հադրութ․ այդպես են իմացել նրա Հադրութ տեղափոխվելու մասին․ «Այսինքն՝ դա բջջային հեռախոսի համար չէր, Հադրութի դպրոցի համարն էր, հարցրի՝ Հադրութո՞ւմ ես, ասաց՝ քեզ ո՞վ է ասել, ասացի՝ գրել է հեռախոսիս վրա»։ Դրանից հետո մինչ հոկտեմբերի 13-ը մայրն անհանգիստ է եղել․ որդու հետ կապը դարձյալ կորել է։ Հետագայում պարզվել է, որ այդ ընթացքում՝ հոկտեմբերի 10-ին է Դավիթը վիրավորվել, ծառայակից ընկերների հավաստմամբ՝ այդպես դիմանալով մոտ 18 օր․ «Վերջին անգամ ես իր հետ խոսել եմ հոկտեմբերի 13-ին, ասացի՝ վիրավո՞ր ես, ասաց՝ չէ, բայց ես ձայնը չէի ճանաչում, ոնց որ խոսեի ոչ թե 18 տարեկան, այլ 40 տարեկան մեծ տղամարդու հետ»։ Լիլյա Սարգսյանը դատարանում ընթերցեց իր ամուսնու ցուցմունքը (այսուհետ՝ շեղատառերով գրվածը)` հրապարակելով բոլոր այն պաշտոնատար անձանց անուններն ու հեռախոսահամարները, որոնք ծնողներին ասել են, թե զբաղվում են շրջափակումից զինվորներին դուրս բերելով․ «Որդիս ծառայել է Ջրականի զորամասում, կորոնավիրուսի պատճառով չեմ կարողացել մեկնել նրա երդման արարողությանը, հեռախոսակապով կապի մեջ էի, սեպտեմբերի 27–ի առավոտյան զանգել եմ, անհասանելի էր, կապվել եմ Գարիկ Վարդերեսյանի հետ, որը հանդիսանում է 5-րդ գումարտակի հրամանատարի տեղակալը (պատերազմի ժամանակ նշանակվել է հիշյալ գումարտակի հրամանատար, նույն ընթացքում ազատվել այդ պաշտոնից,–հեղ․), Գարոն ասաց՝ ապահով տեղում են, չանհանգստանաք, հենց հնարավոր եղավ, կզանգեն․․․ Հոկտեմբերի 1-ին դարձյալ կապվել եմ Գարոյի հետ, ասաց՝ ցրված են, բայց չանհանգստանաք, հավաքում ենք ինչ–որ տեղ․․․ Հոկտեմբերի 12-ի երեկոյան տղաս զանգեց շատ կոշտ, մրսած ձայնով, չհասկացա, որ իմ տղան է, հեռախոսը անջատեցի, նորից զանգեց, ասաց՝ պա՛պ, ես եմ, հարցրի՝ ի՞նչ է եղել ձայնիդ, ասաց՝ շրջափակման մեջ են, անտառում են, ինքը եւ իր 4 ընկերները վիրավոր են, ասաց՝ հորդորել են առողջ ընկերներին, որ իրենց թողնեն, գնան, չեն համաձայնել, ասաց նաեւ՝ կապվել են հրամանատարների, գեներալների հետ, բոլորը խոստացել են գալ եւ օգնել,  բայց արդեն չեն հավատում, արդեն երկրորդ օրն է՝ ոչինչ չեն անում, ասաց՝ եթե կարող եմ, կապվեմ, որ ինչ–որ բան անեն։ Խառնված զանգել եմ Վարդերեսյան Գարիկին, անհասանելի էր, հաջորդ օրը հավաքել եմ այն համարը, որով զանգել էր տղաս, կեսօրին կապի է դուրս եկել մի տղա եւ ասել, որ անունը Հարութ է, սերժանտ Հարութ Կարախանյանն է եղել (այն սերժանտն է, որը Վանք գյուղ գնացած խմբի հետ է եղել, եւ որի միջոցով են շատ ծնողներ կապի մեջ եղել իրենց որդիների հետ, հետագայում նա նույնպես զոհվել է,–հեղ․), խնդրել եմ հեռախոսը փոխանցի որդուս․․․ Տունը, որտեղ մնացել են, եղել է  երկհարկանի, ծանր վիրավորներին պահել են նկուղում, իսկ ոչ վիրավոր տղաները անընդհատ հսկողություն են սահմանել երկրորդ հարկում, որ հակառակորդը չմոտենա․․․ Սերժանտը փոխանցել է որդուս, որդիս ասել է՝ ամեն բան կարգին է, եկել ենք Վանք գյուղ, կապվել հրամանատարների հետ, գաղտնաբառ փոխանցել, խոստացել են գալ, փրկել, բայց․․․»  Լուսանկարում՝ Լիլյա Սարգսյանը, նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը Ընդհատելով ցուցմունքը՝ Լիլյա Սարգսյանն իր կողմից ավելացումներ արեց․ –էրեխեքը շատ վիրավորված էին անգամ մեզնից, որովհետեւ․․․ Ես հիշում եմ՝ էրեխես ասաց՝ գեներալներին ասում ենք, ասում են՝ ոչինչ չենք կարող անել, դիմեք Կարմիր Խաչին։ Ես չգիտեի, որ հայկական բանակում նման կիրթ գեներալներ ունենք, որ պատերազմի ժամանակ պետք է դիմեինք Կարմիր Խաչին, որ գային, զինվորներին հանեին։ Անընդհատ խաբել են․․․ Երբ ամուսինս հոկտեմբերի 16-ին զանգել է, Հարութը կոպիտ է խոսել, ասել է՝ չեմ փոխանցի, ամուսինս մտածել է՝ Դավոն չկա, նա էլ ասել է՝ որ չլիներ, կասեի։ Էրեխեքն էլ են էդ օրերին ինչ ապրումներ ասես, տեսել, վիրավորված, նեղացած են եղել, իմ որդին, որ կյանքում հոր մոտ հայհոյանք չի տվել, հայհոյանքով ասել է՝ ամեն օր մեզ խաբում են, – հուզված ձայնով պատմեց տիկին Լիլյան, ապա շարունակեց ընթերցել ամուսնու խոսքերը․ «Ռազվետկայից ոմն Էրիկ ասել է, որ իր կարծիքով՝ էրեխեքը թուրքի ձեռքն են եւ խոսում են նրանց հրահանգով, չեմ հավատացել, քանի որ մեկ օր առաջ խոսել եմ որդուս հետ, եւ ամեն ինչ կարգին էր։ Գարիկի ասելով՝ ինքը իբր երեք օր կռվել է հրամանատարության հետ, եւ եթե թույլ տան ու խումբ տրամադրեն, ինքը 100 տոկոսով կհանի էրեխեքին։ Ես, քույրս եւ իմ փեսան գնացել ենք ՊՆ, ԳՇ, որտեղ հանդիպել ենք Ալիկ Բաբայանին, փոխգնդապետ Սլավիկին, նրանք վերցրել են տվյալները, ասել են կկապվեն Գարիկի հետ եւ հետախույզ տղաներ կուղարկեն, որ հարցը լուծեն։ Կես ժամ անց զանգել է Գարիկը, ասել է, որ ԳՇ–ից իրեն զանգել են, եւ էդ հարցը կլուծվի, էրեխեքը դուրս կբերվեն։ Վերջին խոսակցությունը որդուս հետ եղել է հոկտեմբերի 16–ին՝ ժամը 12։30–ին, ասել է՝ լույս է վառվելու, եւ սպասեն լավ բանի»։ Տիկին Լիլյան դարձյալ ընդհատեց ցուցմունքը, շարունակեց պատմել․   –Ոչ մի լուր չունենալով՝ հաջորդ օրը ամուսինս նորից զանգել է Գարիկին, նա էլ ասել է, թե Հարութը կապի է դուրս եկել, ասել՝ հակառակորդի շարժ են նկատել, տներից դուրս եկել, Գարիկը իբր հարցրել է՝ վիրավորներին իրենց հետ հանե՞լ են թե՞ թողել, Հարութն ասել է, որ վերջից ինքն է գնացել, այսինքն՝ էրեխեքը չեն թողել իրենց վիրավոր ընկերներին, էրեխեքը ավելի հայրենասեր են եղել, քան որոշ սպաներ, որ 200 էրեխու թողնում են, իրենք փրկվում․․․ Ես չգիտեի, որ պատերազմում էրեխեքն են ուղեկցում իրենց սպաներին․․․,– վրդովված ասաց մայրն ու շարունակեց կարդալ․ «․․․Հարութը Գարիկին ասել է, որ հրամանատար է ուզել, որպեսզի ուղղություն ցույց տան, հորդորեն գնալ հայկական մոտակա դիրքերը, Գարիկը տվել է Էրիկի համարը, Էրիկը ասել է, թե որ ուղղությամբ գնան, իրենց մարդ է սպասելու անտառում, ասել է՝ դա մի երկու օր կտեւի, քանի որ վիրավորներ կան, կրկին հավատացել եմ, սպասել եմ մինչեւ հոկտեմբերի 19-ը։ Այդքան ժամանակ Գարիկը ինձ չի ասել, որ իրեն ազատել են այդ գումարտակի հրամանատարի պաշտոնից, միայն այդ օրն է ասել, բայց ասել է՝ եթե իրեն հրահանգեն, ինքը կգնա, դուրս կբերի էրեխեքին։ Այդ օրվանից խոսել եմ Հայկազ Գրիգորյանի, Արսեն Ղարիբյանի (նահանջած եւ փրկված սպաներից են,–հեղ․), Նորայր Միրզոյանի հետ (զոհվել է,–հեղ․), վերջինս տվել է Արցախի ԱԱԾ աշխատակազմի ղեկավար Բեջայանի հեռախոսահամարը, հայտնել եմ խնդրի մասին, ասել է՝ տեղյակ են, ում պետք է, կփոխանցի։ Խոսել եմ նաեւ Վահանյան Իշխանի հետ, ով նույնպես ասել է, որ տեղյակ է, գաղտնաբառը փոխանցված է, կատարվում են գործողություններ էրեխեքին փրկելու համար։  Խոսել եմ Արծրուն Հովհաննիսյանի հետ (Պն նախկին խոսնակն է,–հեղ․), ասել եմ, որ էրեխեքը էս վիճակում են, Ձեզ լուրերով տեսնում ենք, հավատում ենք ձեր խոսքին։ Ասել է, որ էրեխեքը ապահով տեղում են, չանհանգստանանք։ Խոսել ենք Կարեն Առստամյանի հետ (դիվիզիայի հրամանատարն էր,–հեղ․), ասել է՝ ամեն ինչից տեղյակ է, դրանով զբաղվում են։ Խոսել ենք նաեւ հարավային կողմի գեներալ Դավիթ Մանուկյանի հետ, որը նույնպես վստահեցրել է, որ տեղյակ է, խումբը կազմված է, ամեն ինչ անելու են, որ էրեխեքին հանեն, բայց բոլորն էլ խաբեցին։ Այդքանից հետո նոյեմբերի 23–ին գնացել եմ ԳՇ, հանդիպել Օնիկ Գասպարյանին, խնդրել եմ կապվի Մուրադովի հետ (Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի նախկին ղեկավարն է,–հեղ․), որ նա միջանցք բացի, էրեխեքին հանեն, քանի որ բացի մեր էրեխեքից կային նաեւ այլ զինվորներ։ Կապվել է, ասել այդ մասին, Մուրադովն էլ ասել է՝ ինքը նման իրավունք չունի, պետք է մեր առաջինը, այսինքն՝ վարչապետը, դիմի իրենց առաջինին՝ Պուտինին, որն էլ հրաման տա, որ կարողանան այդ գործողությունը կատարել»։  –Դե երեխա էին էլի, թող զոհվեին,– ասաց ծնողը՝ նկատի ունենալով, որ երեւի այդպես են մտածել պատասխանատուները,– Մեզ էդքան ասում էին՝ մի՛ կապվեք, ես էլ էի մտածում՝ էդ զանգով գուցե հրամանատարներին վնաս տամ, էրեխեքին վնաս տամ, որ հանկարծ էդ տեղանքը հակառակորդը չիմանար, շատ չէինք զանգում՝ հավատալով, որ հեսա հանում են։  «Նոյեմբերի 25–ի լույս 26–ի գիշերը ծնողների հետ գնացել ենք Արցախ, տեսել ենք Սաշային՝ Հարութի հորը, որը պետք է ներգրավվեր որոնողական աշխատանքներում։ 27-ի առավոյան, երբ պետք է շորեր ստանայինք, ԱԻՆ աշխատակիցները մեզ ասացին՝ դիակներ են բերել Ստեփանակերտի մորգ, գնանք, տեսնենք՝ մեր էրեխեքն են թե ոչ։ Գնացինք, տեսանք՝ դիակներից 2-ը թարմ խփված, մյուսները կլինեին 20-25 օրվա, սկզբից նայեցինք, չճանաչեցինք, դուրս եկանք։ Ռուստամն ասաց (զոհված Արտաշես Ռուստամյանի հայրն է,–հեղ․)՝ սպասեմ՝ ծխի, նոր գնանք, 20 րոպե սպասեցի, տեսնելով, որ չի գալիս՝ հետ գնացի, տեսա՝ առաջին դիակը շրջել են, հարցրի՝ այս ի՞նչ եք անում, քննիչներն ասացին՝ Ռուստամը ճանաչել է որդու դիակը։ Երկրորդ զոհվածը ալավերդցի Լուսինե Համբարձումյանի որդին էր։ –Պատերազմից հետո խփված դիակներն են, պարո՛ն դատավոր,– ընդգծեց Լիլյա Սարգսյանը։ «Ռուստամը որդու դիակի հետ եկավ Երեւան։ Ուշանալով որոնողական աշխատանքներից եւ անիմաստ համարելով՝ երեկոյան վերադարձել եմ ՀՀ, ցանկացել հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն չի ստացվել, եւ միայն դեկտեմբերի 20–ին եմ հանդիպել, որի ժամանակ նա ասել է՝ ամեն ինչ անում են այդ ուղղությամբ»։ –Ամուսինս չի ասել, ես ասեմ՝ նոյեմբերի 23-ին, երբ նա Օնիկի մոտ է լինում, դուրս գալիս ասում է՝ սպասի–սպասի, էդ պահին զանգ է տալիս, էրեխեքը զանգել են Ղարաբաղ տելեկոմ, ասել՝ մենք կանք, ամուսինս եկավ, մենք էլ ոգեւորված, որ էրեխեքը կան, հույս ունենք, որ պիտի փրկվեն, բայց․․․ էնքան մարդու ենք զանգել, պարո՛ն դատավոր, ես դեռ շատ քչերի անուններն եմ ասում, ես անգամ Վահանյանի հետ եմ խոսել, երբ նա իբր վիրավոր էր, ում զանգում էինք, մեզ թվում էր՝ մեր աստվածներն են, ասաց՝ ես լավ չեմ, բայց ձայնը լավ էլ առույգ էր, կուլտուրայից ելնելով՝ նույնիսկ ասացի՝ հարգելի՛ պարոն սպա, ձեզ առողջություն, մտածում էի՝ մարդը իսկապես հայրենիքի համար վիրավորվել է, պիտի գնա, հասնի էրեխեքին․․․ Ինքը ասաց՝ էրեխեքը շրջափակումից դուրս են եկել, բայց տեղս չասեք, ինքը չի կարող դա հերքել, ասաց՝ որ ծնողներն իմանան տեղս, գլուխս կջարդեն, ի՞նչի է դա ասել, եթե էդքան հայրենասեր, չփախած տղա է, հիմա էլ․․․ Քոռանամ ես, քոռանա ինքը, սենց նստած է, անմեղ տեղը դատում են․․․– ասաց հուզված ծնողը,– Խոսել ենք նաեւ Ջալալ Հարությունյանի հետ, Պարգեւ Սրբազանի հետ, խոսել ենք Հայաստանի եւ Արցախի բոլոր բարձր պաշտոնյաների հետ, բոլորն ասում էին՝ տեղյակ ենք, հանելու ենք, բայց արդյունքում, էրեխեքին ասում են՝ վիրավորներին գլխից խփեք, գնացեք (թե կոնկրետ ով է նման բան ասել, ծնողը չգիտեր,–հեղ․), իսկ երբ ամուսնուս երկու հետախույզ հեռախոսով ասել են, որ Դավիթս վիրավոր է, մտնենք հանենք, ամուսնուս պատասխանը եղել է՝ կամ բոլորին, կամ ոչ մեկին։ «Նոյեմբերի 13-ին գնացել եմ Արցախ՝ էդ հավատով, որ էրեխեն կա, հանել են, հասել ենք Հերհեր, մեր էրեխեքին տեսել, կապ չունի՝ իմ էրեխեն մեջն էր թե չէ, մեր էրեխեքն էին․․․ Էնտեղ տեսանք, որ Դավիթս անհայտների ցուցակում էր»։ –Այնինչ Վահանյանի ասելով՝ շրջափակումից դուրս են եկել։ Ես իմ մեծ տղայի հետ էի, բա որ հանկարծ էդ էրեխես էլ․․․ Մի ժամ առաջ Գիշի գյուղի մոտ գերի էր վերցրել հակառակորդը, հիմա անընդհատ փառք եմ տալիս, ասում եմ՝ երեւի էդ պահին գոնե Աստված մեր կողմն էր»։ –Երբ այդ 6 էրեխեքը դուրս են եկել շրջափակումից (այդ մասին Արցախի ԱԻՊԾ–ն հայտնել է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին), ամուսինս մեկնել է Ստեփանակերտ, իրենք են Դավիթի մարմնի տեղն ասել․․․ Ողջ ընթացքում Դավիթը չի կարողացել շարժվել, Արսեն Ղարիբյանը, որ նրա անմիջական հրամանատարն էր, ասում էր՝ հրետանի է խփել, ի՞նչ հրետանի, բժշկական թղթերի մեջ կա, որ նռնակից ձախ ոտքը փշրվել է (արյան վարակ է ստացել, ինչից էլ մահացել է–հեղ․), ընկերները ադյալով են տեղաշարժել, ու որ մնացածը փախել են դեպի նեքեւ, որդուս ընկերները՝ Արտաշը, Սուրենը, Կարենը, էն էրեխեքը, որ էդ խմբում եղել են, քաշել են վիրավորներին անտառ, այսինքն՝ չեն թողել վիրավորներին, փախել, ու տենց էդ էրեխեքն էլ մահացան, կարող էին փրկվել, փախչել ոմանց նման, բայց գերադասել են իրենց ընկերների կողքին մնալ ու անընդհատ պահել․․․ Ցավս էն է, պարո՛ն դատավոր ջան, որ եթե էս էրեխեքի գլխին լինեին իրական սպաներ, մենք էդ հողերն էլ չէինք տա, էդքան զոհ էլ չէինք ունենա, ստեղից–էնտեղից, պատի ծակից ընկածները գնացել են ու սահման են պահել, ու մենք մեր էրեխեքին երկու տարով․․․ Հարգելի՛ պետություն, ես իմ էրեխուն քեզ եմ վստահում, եւ թույլ չեք տալիս ծնողը խառնվի․․․ Վստահել եմ քեզ, ու՞ր է էրեխես,– դիմելով Վահանյանին՝ հուզված ասաց ծնողը։  Վահանյանը որեւէ կերպ չարձագանքեց, անգամ հայացքը չբարձրացրեց փաստաթղթերից, որոնք լուռ թերթում էր ողջ հարցաքննության ընթացքում։ Լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը «․․․Ես եղել եմ նաեւ Ստեփանակերտում եւ լսել եմ, որ երբ Սաշան Արայիկ Հարությունյանին (Արցախի նախագահ,–հեղ․) ասել է, որ անտառում կա 300 զինվոր, Աղաբեկյան Արթուրը (Արցախի նախագահի գլխավոր խորհրդականն է եղել,–հեղ․) ասել է, որ խոսքը ընդամենը 60 զինվորի մասին է, ինչ եք խառնվել իրար, եղածը 60 զինվոր է, ով զոհվել, զոհվել է, ով էլ ողջ է, կհանենք, կարծես մեր էրեխեքի կյանքը ոչինչ չարժեր նրա համար, եւ երբ ծնողները փորձել են բացատրություն ստանալ այդ խոսքերի համար, նա փախել է։ Այս ամենը հետեւանք էր նրա, որ այսքան գեներալներ, հրամատարներ, պաշտոնյաներ, ԳՇ պաշտոնյաներ, մեկը մյուսին խաբելով, հեռախոսի միջոցով հարցեր էին լուծում, հույս էին տալիս ինձ եւ ինձ նման ծնողներին․․․ Եթե չէին անելու, թող ասեին՝ պատերազմ է, խառն ենք, ձեր գլխի ճարը տեսեք, մենք էլ գիտեինք՝ ինչ կանեինք․․․․ Մեր էրեխեքը տվեցին իրենց ամենաթանկը, կյանքը, բայց մեր պետական պաշտոնյաները եւ պատկան մարմինները, պատասխանատուները ոչինչ չկարողացան եւ չցանկացան անել մեր էրեխեքին հանելու համար, այլ իրենց անպատասխանատու եւ անգրագետ քայլերով մեր երեխաների ճակատագիրը որոշեցին»։ 2020 թ․ դեկտեմբերի 25-ին շրջափակումից փրկված սպա Վազգեն Վարդանյանը ռուս եւ ադրբեջանցի զինծառայողների ուղեկցությամբ դուրս է բերել Դավիթ Ադոյանի դին։ Նա հուղարկավորվել է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին․ –Ես չեմ ամաչում ասել՝ ամենամեծ մեղավորը մենք ենք՝ ծնողներս, որ իմ էրեխուն ուղարկել եմ բանակ։ Լիլյա Սարգսյանը դատավորին խնդրեց որպես ՀՀ ազնիվ քաղաքացի Իշխան Վահանյանին դատել «ամենաբարձր ձեւով»։   Հարցաքննված մյուս ծնողների ցուցմունքները՝ այստեղ Միլենա Խաչիկյան
13:06 - 10 մարտի, 2023
Արցախի ոստիկանության ծառայողների վրա դիվերսիոն հարձակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում

Արցախի ոստիկանության ծառայողների վրա դիվերսիոն հարձակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում

Մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ էր բացել Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել էր ոստիկանության 3 ծառայող։ Ավելի ուշ Արցախի ոստիկանությունը ներկայացրեց ադրբեջանական հարձակման տեսանյութը, իսկ Ներքին գործերի նախարարությունը հրապարակեց տեսանյութ, որում երևում էր Ստեփանակերտից ուղևորված մեքենայի երթուղին՝ մեկնարկային կետից մինչև ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման վայր։ Երեկ Հանրային հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանն այս թեմայով հարցազրույց անցկացրեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ։ Հարցարույցի ընթացքում Պետրոս Ղազարայանը Արցախի պետնախարարին այսպիսի հարց ուղղեց․ «Ես ճի՞շտ եմ հասկանում, պարո՛ն Ներսիսյան, որ դեպքը չի եղել ռուս խաղաղապահների պատասխանատվության տարածքում, այլ եղել է շփման գծում»։ Գուրգեն Ներսիսյանը պատախանեց․ «Դեպքը եղել է շփման գծի մոտ, այո՛, և այն Ստեփանակերտից ընդամենը 6-7 կմ հեռավորության վրա է։ Եվ եթե խոսքը վերաբերում է միջանցքին, ապա այն միջանցքի հետ որևէ առնչություն չունի․ այն մինչև միջանցքին հասնելը գտնվող հատվածում է»։ Միջանցք ասելով՝ Արցախի պետնախարարը նկատի ունի Լաչինի միջանցքը։ Իսկ հարցին, թե ով է կրակել ադրբեջանցի դիվերսանտների վրա, պետնախարարը պատասխանեց․ «Այդ հատվածը, ես ինչպես նշեցի, Ստեփանակերտին մոտ գտնվող հատված է և գտնվում է մեր վերահսկողության տակ, այնտեղ մեր քաղաքացիական բնակչությունը կարող է հայտնվել, մարդիկ կան այնտեղ, անասնապահությամբ են զբաղվում, և մոտակայքում կան արցախցիների անվտանգությունն ապահովող անձինք, ովքեր, բնականաբար, ապահովում են մեր քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքը և հնարավորությունը։ Եվ երբ տեղի ունեցավ այդ հարձակումը և դիվերսիոն փորձը, որը կարող էր նաև այլ հետևանքներ ունենալ (մենք, բնականաբար, Ադրբեջանի բոլոր ծրագրերի մասին չգիտենք), բնականաբար, իրենք, այո՛, սկսեցին ինքնապաշտպանություն ապահովել»։ Արցախի պետնախարարի պատասխանից կարող է տպավորություն ստեղծվել, թե ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին այդ հատվածում միայն Լաչինի միջանցքն է, իսկ ընդհանուր խոսակցությունից տպավորությունն այնպիսին է, որ ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումը տեղի է ունեցել խաղաղապահների պատասխանատվության գոտուց դուրս։ Սակայն դա այդպես չէ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում պարբերաբար թարամցվող քարտեզ է հրապարակված, որտեղ երևում են ինչպես Արցախում խաղաղապահների դիտակետերը, այնպես էլ խաղաղապահների պատասխանատվության գոտին։ Քարտեզի վրա նշված է, որ կապույտ գծից ներս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտին է։ Ռուսաստանի ՊՆ կայքում հրապարակված քարտեզը «Հետք»-ը երեկ, հիմնվելով Արցախի ոստիկանության և ՆԳՆ-ի հրապարակած տեսանյութերի վրա, տեղորոշել էր դիվերսիոն խմբի հարձակման վայրը։ Ստորև կարող եք տեսնել դեպք վայրը, Շուշիից Լիսագոր հատվածը, և այդ հատվածով անցնող ճանապարհը (ճանապարհը քարտեզի վրա դեղին գույնով է)։ Նայելով խաղաղապահ զորախմբի հրապարակած քարտեզին՝ պարզ է դառնում, որ Շուշիից Լիսագոր հատվածի ճանապարհը (քարտեզի վրա կրկին նշված է դեղին գույնով) կապույտ գծից ներս է, իսկ դեպքի վայրն ավելի խորքում է, քան ճանապարհը։ Սա նշանակում է, որ  դեպքը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Ռուսական խաղաղապահ զորախումբն ամեն օր տեղեկագիր է հրապարակում՝ ներկայացնելով Արցախում իրավիճակը և կատարվող աշխատանքները։ Մարտի 5-ի տեղեկագրում միջադեպի մասին ոչինչ չկար, իսկ մարտի 6-ի տեղեկագրում նշվում էր հետևյալը․ «Մարտի 5-ին՝ ժամը 10:00-ին, Դյուքյանլար բնակավայրի տարածքում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրակել են Լեռնային Ղարաբաղի իրավապահների ավտոմեքենայի վրա։ Բախման հետևանքով երեք մարդ զոհվել է, մեքենայում գտնվող մեկ աշխատակից՝ վիրավորվել։ Ադրբեջանական կողմն ունեցել է հետևյալ կորուստները՝ երկու զոհ, մեկ վիրավոր։ Ռուս խաղաղապահների ջանքերով բախումը դադարեցվել է»։ Հետաքրքիր է, որ անդրադառնալով կատարվածին՝ Ֆրանսիայի արտգործնախարարությունն արձանագրել է, որ ոստիկաններին տեղափոխող ավտոմեքենան թիրախավորվել է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Այսպիսով, Պետրոս Ղազարյանի և Գուրգեն Ներսիսյանի հարցուպատասխանից կարող է տպավորություն ստեղծվել, որ ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց դուրս, սակայն իրականում դեպքը տեղի է ունեցել խաղաղապահների պատասխանատվության գոտում։   Գլխավոր լուսանկարում՝ ոստիկանության ծառայողների մեքենան Աննա Սահակյան, Ռոման Աբովյան
15:58 - 07 մարտի, 2023